== Մասն երկրորդ ==
=== Գլուխ առաջին ===
'''I'''
Թռչում եմ համարյա երկու ամիս տևողությամբ ժամանակահատվածի վրայով. թող ընթերցողը չանհանգստանա, ամեն բան պարզ կլինի հետագա շարադրանքից։ Կտրուկ նշում եմ նոյեմբերի տասնհինգի օրը, մի օր, որը շատ ու շատ պատճառներով հիշելի է ինձ համար։ Առաջինը՝ երկու ամիս առաջ տեսնողներից ոչ ոք չէր ճանաչի ինձ, համենայն դեպս արտաքուստ, այսինքն միգուցե ճանաչեր, բայց ոչինչ չէր հասկանա։ Ես հագնված եմ պճնամոլի պես. սա առաջինը։ Այն «բարեխիղճ, նաև ճաշակավոր ֆրանսիացին», որին մի ժամանակ ուզում էր հանձնարարել ինձ Վերսիլովը, ոչ միայն արդեն կարել էր ինձ համար մի ամբողջ կոստյում, այլև արդեն խոտանված էր իմ կողմից, ինձ համար արդեն այլ, ավելի բարձր տեսակի, առաջնակարգ դերձակներ են կարում, և ես նույնիսկ իմ անձնական հաշիվն ունեմ նրանց մոտ։ Ես հաշիվ եմ ունենում նաև մի նշանավոր ռեստորանում, բայց այստեղ դեռ վախենում եմ, թեև գիտեմ, որ դա լավ վարվելակերպ չէ և որ դրանով ինձ վարկազրկում եմ։ Նևսկու պողոտայի ֆրանսիացի վարսահարդարը ինձ հետ շատ մտերիմ է, և երբ ես մազերս հարդարել եմ տալիս նրան, ինձ անեկդոտներ է պատմում։ Եվ, խոստովանում եմ, նրա հետ խոսելով, վարժվում եմ ֆրանսերենում։ Թեև լեզուն գիտեմ, և նույնիսկ կարգին գիտեմ, բայց բարձր հասարակության մեջ մի տեսակ դեռ վախենում եմ սկսեմ, և արտասանությունս էլ, երևի, շատ հեռու է փարիզյան լինելուց։ Ունեմ նաև Մատվեյ անունով մեկը, արագարշավ մի կառապան, մի վարգաձի, որ նշանակածս ժամին ներկայանում է ինձ ծառայելու։ Նրա ձին բաց-կինամոնագույն է (մոխրագույնը չեմ սիրում)։ Թերևս, ունեմ նաև դեռևս չկարգավորված գործեր, նոյեմբերի տասնհինգն է և արդեն երեք օր է, ինչ ձմեռն սկսվել է, իսկ մուշտակս հին է, ջրարջի մորթուց, Վերսիլովի հնոտին, եթե վաճառեմ, մի քսանհինգ ռուբլի կարժենա։ Նորը պետք է ձեռք բերեմ, իսկ գրպաններս դատարկ են, և, բացի այդ, պետք է փող պահեմ հենց այսօր իրիկվա համար և այն էլ ինչ ուզում է լինի, հակառակ դեպքում ես «դժբախտ եմ և կործանված»։ Սրանք այն ժամանակվա իմ սեփական ասույթներն են։ Օ՜, ստորություն։ Ուրեմն, որտեղի՞ց հանկարծ այս հազարները, այս վարգաձիերը և Բորելները։ Ինչպե՞ս կարող էի հանկարծ ամեն բան մոռանալ և այդպես փոխվել։ Խայտառակություն։ Ընթերցող, այժմ սկսում եմ իմ ամոթի ու խայտառակության պատմությունը և աշխարհում ոչինչ չի կարող ինձ համար ավելի ամոթալի լինել, քան այս հուշերը։
Այնպես եմ խոսում, կարծես դատավոր լինեմ, և գիտեմ, որ մեղավոր եմ։ Այն հողմապտույտի մեջ, ուր ես այն ժամանակ ընկա, թեև մենակ էի, առանց ղեկավարի ու խորհրդատուի, բայց երդվում եմ, ինքս էլ արդեն գիտակցում էի իմ անկումը և հենց այդ պատճառով ներման ենթակա չեմ։ Մինչդեռ այդ ամբողջ երկու ամիսը ես համարյա երջանիկ էի, իսկ ինչո՞ւ համարյա։ Ես չափազանց երջանիկ էի։ Եվ նույնիսկ այնքան, որ խայտառակության գիտակցությունը, որ րոպեներով (հաճախակի րոպեներով առկայծում էր իմ մտքում և որից ցնցվում էր իմ հոգին, հենց այդ գիտակցությունը (արդյո՞ք կհավատան ինձ) էլ ավելի էր ինձ արբեցնում. «Ի՜նչ արած, ընկնելն ընկնել է. հո մինչև վերջ չեմ ընկնի, դուրս կպրծնեմ։ Ես աստղ ունեմ»։ Ես քայլում էի անդունդի վրա տաշեղներից կառուցած ճաղազուրկ, բարակ կամրջակով և հրճվում էի, որ այդպես եմ գնում, նույնիսկ աչք էի գցում անդունդին։ Վտանգ կար և հրճվալի էր։ Իսկ «մի՞տքը»։ «Միտքը» հետո, միտքը սպասում էր. ինչ որ եղել էր, «միայն շեղում էր եղել ուղիղ գծից», «և ինչո՞ւ չուրախացնեի ինձ»։ Հենց դրանով էլ վատ է «իմ միտքը» (մի անգամ էլ կրկնեմ), որ վճռականապես հանդուրժում է բոլոր շեղումները, եթե այն այդքան արմատական ու հաստատ չլիներ, միգուցե ես վախենայի շեղվելուց։
Իսկ առայժմ ես շարունակում էի զբաղեցնել իմ բնակարանը, զբաղեցնել, բայց ոչ ապրել այնտեղ, այդ բնակարանում էր գտնվում իմ ճամպրուկը, ինչպես նաև այլ իրեր, իսկ իմ գլխավոր նստավայրը իշխան Սերգեյ Սոկոլսկու տունն էր։ Ես նրա տանը նստում էի, նաև նրա տանը քնում և այդպես նույնիսկ ամբողջ շաբաթներ... Թե ինչպես այդ պատահեց, դրա մասին հետո, իսկ առայժմ կասեմ իմ այդ փոքրիկ բնակարանի մասին։ Այն արդեն թանկ էր ինձ համար, այստեղ ինձ մոտ էր եկել Վերսիլովը, ինքը, առաջին անգամ այն ընդհարումից հետո, իսկ հետագայում շատ ու շատ անգամ է եկել։ Կրկնում եմ՝ այդ ժամանակաշրջանը սոսկալի խայտառակություն էր ինձ համար, սակայն նաև հսկայական մի երջանկություն... և ամեն ինչ այն ժամանակ այնպե՜ս էր հաջողվում, և այնպե՜ս էր ինձ ժպտում։ «Եվ ինչի՞ են պետք բոլոր այդ նախկին մռայլությունները,― մտածում եմ ես որոշ զմայլելի րոպեների,― ինչի՞ են պետք այդ հին, հիվանդագին ջլատումները, իմ մենավոր, մռայլ մանկությունը, վերմակիս տակ մտորած իմ հիմար երազանքները, երդումները, հաշիվները և նույնիսկ «միտքը»։ Այդ բոլորը ես պատկերացրել ու հորինել էի, իսկ պարզվում է, որ աշխարհում ամենևին էլ այդպես չէ. ահա այսպես ուրախ ու թեթև եմ ինձ զգում, հայրս Վերսիլովն է, բարեկամս՝ իշխան Սերյոժան, ունեմ նաև...», սակայն նաևը մի կողմ թողնենք։ Ավա՜ղ, ամեն բան արվում էր հանուն սիրո, մեծահոգության, պատվի, իսկ հետո պարզվեց, որ այլանդակ է, հանդուգն ու անպատիվ։
Բավական է։
'''II'''
Առաջին անգամ նա եկավ ինձ մոտ մեր այն ժամանակվա խզումից երեք օր հետո։ Ես տանը չէի, և նա մնացել էր ինձ սպասելու։ Երբ ես մտա իմ փոքրիկ խցիկը, թեև այդ երեք օրը շարունակ սպասել էի նրան, աչքերիս առաջ կարծես սևացավ և սիրտս այնպես խփեց, որ ես մի պահ նույնիսկ կանգնած մնացի դռների մեջ։ Բարեբախտաբար նա նստած էր իմ տանտիրոջ հետ, որը, հյուրի սպասումը ձանձրալի չլինելու համար, հարկավոր էր համարել անհապաղ ծանոթանալ նրա հետ և կրակ կտրած ինչ-որ բան էր սկսել պատմել նրան։ Նա տիտղոսավոր խորհրդական էր, արդեն մի քառասուն տարեկան, խիստ ծաղկատար դեմքով, չափազանց աղքատ ընտանիքի՝ թոքախտավոր հիվանդ կնոջ և հիվանդ երեխայի հոգսով ծանրաբեռնված, չափազանց մարդամոտ ու հանդարտ, սակայն, ի դեպ, նաև բավական նրբանկատ բնավորությամբ։ Նրա ներկայությունն ինձ ուրախացրեց, նա նույնիսկ ինձ ծանր վիճակից հանեց, քանի որ ի՞նչ պիտի ասեի Վերսիլովին։ Ես գիտեի, այս երեք օրերի ընթացքում ես շարունակ ու լրջորեն գիտեի, որ Վերսիլովն ինքը, առաջինն է գալու, ճիշտ այնպես, ինչպես ես ուզում էի, որովհետև ոչ մի դեպքում առաջինը չէի գնալու նրա մոտ և ոչ թե անհնազանդությանս պատճառով, այլ հենց նրա նկատմամբ տածածս սիրո, մի ինչ-որ սիրային խանդի պատճառով, ավելի ճշգրիտ չեմ կարողանում արտահայտվել։ Եվ ընդհանրապես ընթերցողն ինձ մոտ պերճախոսություն չի գտնի։ Սակայն, թեև այս երեք օրը շարունակ սպասում էի նրան և պատկերացնում համարյա անդադար, թե ինչպես նա ներս կմտնի, այնուամենայնիվ ոչ մի կերպ, չէի կարողանում նախօրոք հորինել, թեև հորինում էի ամենայն ջանադրությամբ, թե ինչի մասին ենք հանկարծ խոսելու այն բոլորից հետո, որ տեղի էր ունեցել մեր միջև։
― Ա՜, ահա և դու,― առանց տեղից վերկենալու՝ ձեռքը բարեկամաբար ինձ մեկնեց։― Եկ, նստիր մեզ հետ. Պյոտր Իպպոլիտովիչը չափազանց հետաքրքիր բան է պատմում Պավելյան գնդի զորանոցի... թե այս մոտերքում... գտնվող այդ քարի մասին...
― Այո, քարն ինձ ծանոթ է,― փութկոտ պատասխանեցի ես՝ նրանց կողքին նստելով աթոռին։ Նրանք նստած էին սեղանի մոտ։ Ամբողջ սենյակը ճիշտ երկու քառակուսի սաժեն կլիներ։ Ես ծանր շունչ քաշեցի։
Հաճույքի մի կայծ բոցկլտաց Վերսիլովի հայացքում, ըստ երևույթին, նա կասկածում էր և կարծում, թե ես ձևեր պիտի բանեցնեմ։ Նա հանգստացավ։
― Սկզբից սկսեք, Պյոտր Իպպոլիտովիչ։― Նրանք արդեն անուն-հայրանունով էին իրար կոչում։
― Այսինքն՝ դա դեռ հանգուցյալ թագավորի օրոք է պատահել,― ինձ դիմեց Պյոտր Իպպոլիտովիչը, ջղային և որոշակի տառապանքով, կարծես նախապես տպավորության հաջողության համար տանջվելով,― չէ՞ որ այդ քարը ձեզ ծանոթ է, մի հիմար քար փողոցի մեջտեղում, ի՞նչ կարիք կա, ինչի՞ համար, միայն խանգարում է, ճիշտ է, չէ՞։ Շատ անգամ է թագավորն անցել այդ ճամփով և ամեն անգամ այդ քարը տեսել։ Վերջապես դա թագավորին դուր չի գալիս, և իսկապես, մի սար, մի ամբողջ սար փողոցի մեջտեղում, փողոցն է փչացնում. «Քարն այլևս այստեղ չլինի»։ Դեհ, ասաց, այլևս չլինի, հասկանո՞ւմ եք, ինչ է նշանակում «այլևս չլինի»։ Հանգուցյալին հիշո՞ւմ եք։ Հիմա ի՞նչ անեն այդ քարը։ Բոլորը գլուխները կորցրել են. այստեղ էլ Դուման, և, որ գլխավորն է, այստեղ էլ արդեն չեմ հիշում, թե ով, բայց այն ժամանակվա ամենաառաջին մեծատոհմիկ անձերից մեկը, որի վրա դրված էր այդ գործը։ Հենց այդ մեծատոհմիկ անձն էլ լսում է. ասում են, տասնհինգ հազար կարժենա, ոչ պակաս, այն էլ արծաթ փողով (որովհետև այդ թղթադրամները հանգուցյալ թագավորի օրոք նոր էին արծաթի փոխել)։ «Ինչպե՞ս թե տասնհինգ հազար, դա ի՜նչ անհեթեթություն է»։ Նախ անգլիացիները ռելսեր ուզեցին քաշել, քարը ռելսերին դնել ու շոգիով տանել, բայց ի՞նչ կարժենար դա։ Երկաթուղի այն ժամանակ դեռ չկար, միայն Ցարսկոյե Սելոյի երկաթուղին էր...
― Այ, քեզ բան, կարելի էր սղոցել,― սկսեցի խոժոռվել ես, սոսկալի սրտնեղում էի ու ամաչում Վերսիլովից, բայց նա լսում էր նկատելի հաճույքով։ Ես հասկանում էի, որ նա էլ է ուրախ տանտիրոջ ներկայության համար, որովհետև նա էլ էր ամաչում ինձ հետ միասին, ես տեսնում էի դա. հիշում եմ, որ նրան այդպես տեսնելը նույնիսկ կարծես հուզիչ էր ինձ համար։
― Հենց սղոցել, հենց այդ մտքին էլ եկան, և հենց Մոնֆերանը. չէ՞ որ այդ ժամանակ նա Իսահակի տաճարն էր կառուցում։ Սղոցել, ասում է, և կտոր-կտոր այդտեղից տանել։ Այո, բայց դա ի՞նչ կարժենար։
― Ոչինչ էլ չէր արժենա, ուղղակի պետք էր սղոցել և այդտեղից տանել։
― Ո՜չ, թույլ տվեք, բայց չէ՞ որ այստեղ մեքենա պետք է բերվեր, շոգեքարշ մեքենա, և հետո կտորներն ո՞ւր տանեին։ Այն էլ այդպիսի հսկայական սարը։ Տասը հազար, ասում են, ոչ պակաս կնստի, տասը կամ տասներկու հազար։
― Լսեք, Պյոտր Իպպոլիտովիչ, ախր դա դատարկ խոսակցություն է, և այդպես չի եղել...― Բայց հենց այդ ժամանակ Վերսիլովն աննկատ աչքով արեց ինձ և այդ ակնարկի մեջ ես այնպիսի նրբանկատ վշտակցություն, նույնիսկ վիշտ տեսա տանտիրոջս նկատմամբ, որ ինձ սոսկալի դուր եկավ և ես ծիծաղեցի։
― Այդպես, այդպես,― ուրախացավ տանտերը, որը ոչինչ չէր նկատել և, ինչպես միշտ նրա նման պատմություն անողները, սոսկալի վախենում էր, որ իրեն կշփոթեցնեն հարցերով,― միայն թե մոտենում է դեռ երիտասարդ մի քաղաքացի, դե գիտեք էլի, երկարափեշ կաֆտանով, սեպաձև մորուքով և մի քիչ էլ, կարծես, գլուխը տաքացած ռուս մարդ... Թեև, ոչ, գլուխը տաք չի եղել։ Հենց կանգնած է եղել այդ քաղաքացին ու ականջ է դրել թե, ինչ են պայմանավորվում անգլիացիներն ու Մոնֆերանը, մեկ էլ գալիս է կառեթով այն անձնավորությունը, որին հանձնարարված է եղել գործը, լսում է ու բարկանում, սա ինչ բան է, խոսում են, խոսում ու ոչինչ վճռել չեն կարողանում, և հանկարծ նկատում է, որ հեռվում կանգնած է այս քաղաքացին ու մի տեսակ կեղծ ժպտում է, այսինքն՝ ոչ թե կեղծ, ես այնպես չասացի, այլ կարծես...
― Հեգնական,― զգուշորեն հուշեց Վերսիլովը։
― Հեգնական, այսինքն մի քիչ հեգնական, մի տեսակ, գիտե՞ք, ռուսական բարի ժպիտով, դեհ, իսկ այն անձնավորությանը սրտնեղած ժամանակ, գիտեք. «Իսկ դու, մորուս, ինչի՞ն ես այստեղ սպասում։ Ո՞վ ես»։― «Ես էլ, ասում է, էս քարի կտորին եմ նայում, ձերդ պայծառափայլություն»։ Կարծեմ, հենց պայծառափայլություն, հազիվ թե հենց իշխան Սուվորովը չի եղել, Իտալացին, զորավարի ժառանգը... Թեև ոչ, Սուվորովը չի եղել, և ափսոս, որ մոռացել եմ, թե ով է եղել, սակայն թեև պայծառափայլություն, բայց մաքուր ռուս մի մարդ, իսկական ռուսական տիպ. հայրենասեր, ռուսական զարգացած սիրտ, սա էլ հենց գլխի է ընկել. «Ի՛նչ է, ասում է, դո՞ւ ես այս քարն այստեղից տանելու, ի՞նչ ես քմծիծաղ տալիս»։― «Ծիծաղս ավելի էդ անգլիացիների վրա է գալիս, ձերդ պայծառափայլություն, արդեն շատ անհամապատասխան վարձ են ուզում, որովհետև ռսի քսակը լիքն է, իսկ իրենք տանն ուտելու բան չունեն։ Հարյուր ռուբլի վարձ նշանակեք, ձերդ պայծառափայլություն, վաղը մինչև երեկո քարն էստեղից տարած կլինենք»։ Դե, կարող եք պատկերացնել, թե ինչ տպավորություն թողեց նման առաջարկությունը։ Անգլիացիներն, իհարկե, ուզում են սրան ոտով-գլխով կուլ տան։ Մոնֆերանը ծիծաղում է. միայն այդ նորին պայծառափայլությունը, ռուս մարդու սիրտն է սրան հավատում. «Տվեք, ասում է, դրան հարյուր ռուբլի։ Բայց մի՞թե, ասում է, կտանես քարն այստեղից»։― «Վաղը մինչև երեկո կվերացնենք, ձերդ պայծառափայլություն»։― «Բայց ո՞նց ես անելու»։ «Էդ մեկը, եթե չեք նեղանա, ձերդ պայծառափայլություն, մեր գաղտնիքն է»,― ասում է հենց ուզածդ ռուսաց լեզվով։ Եվ դուր է գալիս մարդուն։ «Հեյ, տվեք այս մարդուն, ինչ որ կպահանջի»։ Եվ թողին հեռացան։ Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ արեց նա։ Տանտերը կանգ առավ և սկսեց սրտառուչ հայացքով մեզ չափել։
― Չգիտեմ,― ժպտաց Վերսիլովը. ես սաստիկ խոժոռվել էի։
― Ահա թե ինչ արեց,― արտասանեց տանտերը այնպիսի մի հաղթական տոնով, կարծես հենց ինքն էր այդ արել,― բահավոր գյուղացիներ էր վարձել, հասարակ ռուս գյուղացիներ, և նրանք քարի կողքից, ամենաեզրից սկսել էին հողը փորել, ամբողջ գիշեր փորել էին և մի հսկայական, քարի բոյին և դեռ մի վերշոկ էլ ավելի խոր փոս էին փորել, իսկ հենց որ փոսը պատրաստ էր եղել, կարգադրել էր կամաց-կամաց ու զգուշությամբ հողն արդեն ճիշտ քարի տակից փորել։ Եվ, բնականաբար, հենց որ հողը բավականաչափ փորել-հանել էին քարի տակից, քարը կորցրել էր հենարանը և տատանվել էր նրա հավասարակշռությունը, իսկ հենց որ տատանվել էր հավասարակշռությունը, նրանք հակառակ կողմից արդեն ձեռքերով, ռուսավարի ուռռա կանչելով հրել էին քարը, քարն էլ դըրը՛մփ, գլորվել էր փոսի մեջ։ Տեղնուտեղը բահերով հողը վրան էին տվել, տոփանով տոփանել, քարերով սալարկել և, խնդրես, քարն անհետացել էր, տեղը մի հարթ տարածություն մնացել։
― Դե, պատկերացրեք,― ասաց Վերսիլովը։
― Եվ ժողովուրդ, ժողովուրդ, մի ժողովուրդ էր հավաքվել, որ ոչ թիվ կար, ոչ հաշիվ, անգլիացիներն էլ էին էստեղ, վաղուց գլխի էին ընկել ու զայրանում էին։ Մոնֆերանն էլ էր եկել, սա, ասում է, գյուղացիավարի է, չափազանց, ասում է, հասարակ է։ Բայց բանն էլ հենց էդ է, որ հասարակ է, իսկ դուք հո գլխի չընկա՞ք, հիմարի գլուխներ։ Բայց ձեզ կասեմ, էդ իշխանավորը, պետական գործիչը, տեսավ թե չէ, շշմեց, գրկեց նրան ու համբուրեց. «Այդ որտեղի՞ց հայտնվեցիր դու այդպիսին»։ «Յարոսլավի նահանգից, ձերդ պայծառափայլություն, մենք մեր արհեստով, իսկապես ասած, դերձակ ենք, իսկ ամառները մայրաքաղաք ենք գալիս միրգ վաճառելու»։ Դեհ, այսպես լուրը հասավ իշխանավորներին, հրամայեցին սրա վզին մեդալ կախել, էդպես էլ ման էր գալիս մեդալը վզին, բայց հետո, ասում են, իրեն հարբեցողության տվեց, գիտեք, ռուս մարդը իրեն զսպել չի կարողանում։ Հենց դրա համար էլ մինչև օրս օտարազգիները մեզ խժռում են, այո, հենց այդպես։
― Այո, իհարկե, ռուսական խելքը...― փորձեց սկսել Վերսիլովը։
Բայց հենց այդ պահին պատմություն անողին, իր բախտից, կանչեց հիվանդ տանտիրուհին, և նա շտապեց գնալ, թե չէ ես չէի դիմանա։ Վերսիլովը ծիծաղում էր։
― Սիրելիս, մի ամբողջ ժամ քո գալուց առաջ նա ինձ զվարճացնում էր։ Այդ քարը... հենց այն ամենն է, որ ամենահայրենասիրական-անօրինավորն է նման պատմությունների մեջ, բայց ինչպե՞ս կարող ես նրան ընդհատել։ Չէ՞ որ տեսար, նա հաճույքից մարում էր։ Եվ բացի դրանից, այդ քարը, կարծես, հիմա էլ իր տեղում կանգնած է, եթե միայն չեմ սխալվում, և ամենևին էլ թաղված չէ փոսում...
― Ախր, Տեր Աստված,― բացականչեցի ես,― իսկապես որ։ Եվ ինչպես համարձակվեց նա...
― Ի՞նչ պատահեց քեզ։ Դու, կարծես թե, իսկապես վրդովված ես, վերջ տուր։ Իսկ դա նա, իրոք, շփոթել է. ես դրա նման մի քարի պատմություն լսել եմ դեռ մանկությանս օրերին, բայց, անշուշտ, ոչ այդպիսի պատմություն և ոչ էլ այդ քարի մասին։ Ուշադրություն դարձրու. «Լուրը հասավ իշխանավորներին»։ Նրա հոգին ուղղակի երգում էր այն րոպեին, երբ «հասավ իշխանավորներին»։ Այս ողորմելի միջավայրում ապրել չի լինի առանց նման անեկդոտների։ Եվ դրանցից սրանք հազարներով գիտեն և, որ գլխավորն, է գալիս են դրանք իրենց անզսպությունից։ Ոչինչ չեն սովորել, ոչինչ հաստատ չգիտեն, բայց, դե, թղթախաղից ու իրենց արտադրանքներից բացի, ուզում են խոսել նաև համամարդկային, բանաստեղծական բաների մասին... Ո՞վ է, ի՞նչ մարդ է այդ Պյոտր Իպպոլիտովիչը։
― Չափազանց խեղճ և նույնիսկ դժբախտ մի արարած։
― Դե տեսնում ես, գուցե նույնիսկ թուղթ էլ չի խաղում։ Կրկնում եմ, պատմելով այդ անհեթեթությունը, նա բավարարում է իր մերձավորի նկատմամբ տածած սերը, չէ՞ որ հենց մեզ էլ ուզում էր երջանկացնել։ Հայրենասիրության զգացումն էլ է բավարարված, օրինակ, սրանք մի անեկդոտ էլ ունեն Զավյալովի մասին, իբր անգլիացիները նրան միլիոն էին առաջարկում միայն նրա համար, որ սա իր արտադրանքի վրա իր դրոշմը չդնի...
― Ախ, Տեր Աստված, լսել եմ այդ անեկդոտը։
― Ո՞վ չի լսել, և պատմողն էլ հաստատ գիտե պատմելիս, որ դու հավանաբար արդեն լսել ես այդ անեկդոտը և, այնուամենայնիվ, պատմում է, ''դիտավորյալ'' երևակայելով, որ դու չես լսել։ Շվեդիայի թագավորի տեսիլը, կարծեմ, արդեն հնացել է սրանց համար, բայց իմ պատանեկության օրերին զմայլված կրկնում էին խորհրդավոր շշուկով, ճիշտ այնպես, ինչպես նաև այն, որ դարասկզբին, իբր, մեկը սենատում ծնկաչոք կանգնած է եղել սենատորների առաջ։ Բաշուցկի պարետի մասին էլ շատ անեկդոտներ էին պատմում, նաև այն մասին, թե ինչպես էին մոնումենտը տարել։ Սրանք սոսկալի սիրում են պալատական անեկդոտներ, օրինակ, զանազան պատմություններ նախորդ թագավորության մինիստր Չերնիշովի մասին, թե ինչպես նա, արդեն յոթանասունամյա ծերունի լինելով, այնպես էր կեղծում իր արտաքինը, որ թվում էր երեսնամյա և այնքան բնական, որ հանգուցյալ թագավորը զարմացած էր մնում պալատական հանդիսությունների ժամանակ...
― Դա էլ եմ լսել։
― Ո՞վ չի լսել։ Բոլոր այդ անեկդոտները անօրինավորության գագաթնակետն են, բայց իմացիր, որ անօրինավորության այդ տիպը շատ ավելի խոր ու լայնորեն է տարածված, քան մենք կարծում ենք։ Իր մերձավորին երջանկացնելու նպատակով ստելու ցանկությանը դու կհանդիպես նույնիսկ մեր ամենաօրինավոր հասարակության մեջ, քանի որ բոլորս էլ տառապում ենք մեր սրտերի այդ անզսպությամբ։ Միայն թե մեզանում պատմություններն ուրիշ բնույթի են, թե մեզ մոտ միայն Ամերիկայի մասին ինչեր են պատմում, մարդ կարող է խենթանալ, և պատմում են նույնիսկ պետական գործիչները։ Խոստովանում եմ, որ ինքս էլ այդ անօրինավորների տիպին եմ պատկանում և ողջ կյանքում դրանից տառապել եմ...
― Չերնիշովի մասին ինքս էլ եմ մի քանի անգամ պատմել։
― Իսկապես, պատմե՞լ ես։
― Այստեղ, ինձնից բացի, մի կենվոր էլ կա, աստիճանավոր, նույնպես ծաղկատար դեմքով և արդեն ծերունի, բայց սոսկալի իրապաշտ և հենց որ Պյոտր Իպպոլիտովիչը փորձում է խոսել, իսկույն սկսում է նրան ընդհատել ու հակաճառել։ Եվ բանն այնտեղ է հասցրել, որ Պյոտր Իպպոլիտովիչը ստրուկի նման ծառայում ու սիրաշահում է նրան, միայն թե նա իրեն լսի։
― Դա արդեն անօրինավորության մի ուրիշ տիպ է և, գուցե, նույնիսկ ավելի նողկալի, քան առաջինը։ Առաջինը ամբողջովին ոգևորություն է։ «Միայն թե թող, որ ստի. տես, ինչ լավ դուրս կգա»։ Երկրորդը՝ ամբողջովին մաղձ և իրապաշտություն. «Չեմ թողնի ստես, որտե՞ղ, ե՞րբ, ո՞ր թվին», մի խոսքով՝ անսիրտ մարդ։ Բարեկամս, միշտ թույլ տուր, որ մարդը մի քիչ ստի, դա անմեղ բան է։ Նույնիսկ թող, որ շատ ստի։ Առաջինը դա ցույց կտա քո նրբավարությունը, երկրորդ դրա դիմաց քեզ էլ թույլ կտան, որ ստես․ երկու հսկայական օգուտ միանգամից։ Que diable!<ref>Գրողը տանի (ֆրանս.)։</ref> պետք է սիրես մերձավորիդ։ Բայց գնալուս ժամանակն է։ Դու բավական լավ ես տեղավորվել,― աթոռից վերկենալով, ավելացրեց նա։― Կպատմեմ Սոֆյա Անդրեևնային ու քրոջդ, որ եկել էի քեզ մոտ և տեսա քեզ ողջ և առողջ։ Ցտեսություն, սիրելիս։
Ինչպե՞ս թե, մի՞թե սրանով վերջ։ Ախր ինձ բոլորովին էլ սա չէր պետք, ես այլ, ''գլխավոր'', բանին էի սպասում, թեև հրաշալի հասկանում էի, որ ուրիշ կերպ հնարավոր չէր։ Մոմը ձեռքիս ճանապարհեցի նրան դեպի սանդուղքը. տանտերը դուրս թռավ, բայց ես Վերսիլովից թաքուն ամբողջ ուժով բռնեցի նրա ձեռքը և կատաղած հետ մղեցի։ Նա զարմանքով ինձ նայեց, բայց իսկույն էլ անհետացավ։
― Այս սանդուղքներն էլ...― բառերը ձիգ տալով՝ մրթմրթաց Վերսիլովը, ըստ երևույթին մի բան ասած լինելու համար և ըստ երևույթին վախենալով, որ ես հանկարծ մի բան չասեմ,― այս սանդուղքներն էլ,― ես հետ եմ սովորել, իսկ քո տունը երրորդ հարկում է, բայց ես, թերևս, արդեն կգտնեմ ճանապարհը... Մի անհանգստացիր, սիրելիս, մեկ էլ տեսար կմրսես։
Բայց ես չէի գնում։ Մենք արդեն երկրորդ սանդուղքով էինք իջնում։
― Այս երեք օրը շարունակ ձեզ էի սպասում,― կարծես ինքն իրեն դուրս թռավ բերանիցս, ես հևում էի։
― Շնորհակալ եմ, սիրելիս։
― Ես գիտեի, որ դուք անպայման կգաք։
― Իսկ ես գիտեի, որ դու գիտես, թե ես անպայման կգամ։ Շնորհակալ եմ, սիրելիս։
Նա լռեց։ Մենք արդեն դրսի դռանն էինք հասել, իսկ ես դեռ շարունակում էի գնալ նրա հետևից։ Նա բացեց դուռը, արագ ներխուժած քամին մարեց իմ մոմը։ Նույն պահին ես հանկարծ բռնեցի նրա ձեռքը, բացարձակ խավար էր մեր շուրջը։ Նա ցնցվեց, բայց լուռ էր։ Ես շրթունքներս մոտեցրի նրա ձեռքին և հանկարծ ագահորեն սկսեցի համբուրել, մի քանի անգամ, շատ ու շատ անգամ։
― Սիրելի որդյակս, և ինչի՞ համար ես ինձ այդքան սիրում,― արտասանեց նա, բայց արդեն բոլորովին ուրիշ ձայնով։ Նրա ձայնը դոդաց, և ինչ-որ մի բոլորովին նոր բան զնգաց նրանում, կարծես ամենևին էլ նա չէր խոսում։
Ես ուզեցի նրան պատասխանել, բայց չկարողացա և սանդուղքով վեր վազեցի։ Իսկ նա տեղում կանգնած շարունակ սպասում էր, և միայն երբ ես հասա բնակարանիս, լսեցի, թե ինչպես վարում բացվեց և աղմուկով փակվեց դրսի դուռը։ Տանտիրոջս կողքով, որը նորից, չգիտես ինչու, պատահեց ճամփիս, ես սպրդեցի սենյակս, սողնակը քաշեցի և առանց մոմ վառելու ընկա մահճակալիս, դեմքս բարձիս մեջ թաղեցի և... լալիս էի ու լալիս։ Տուշարից հետո առաջին անգամ արտասվեցի։ Հեկեկանքներս այնքա՜ն ուժգին էին դուրս թռչում իմ միջից, և ես այնքա՜ն երջանիկ էի... բայց կարիք չկա նկարագրելու։
Սա ես հիմա առանց ամաչելու գրի առա, որովհետև գուցեև այս բոլորը հենց լավ էր չնայած ողջ անհեթեթությանը։
'''III'''
Բայց սրա համար հո ինձնից պատասխան չստացա՜վ։ Ես սոսկալի բռնակալ դարձա։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ այս տեսարանի մասին հետո մեր միջև խոսք անգամ չի եղել։ Ընդհակառակը, մենք հենց երրորդ օրը հանդիպեցինք՝ կարծես ոչինչ էլ չէր եղել մեր միջև և դեռ ավելին. այդ երկրորդ երեկոյան ես համարյա կոպիտ էի, նա էլ կարծես թե չոր էր։ Պատահեց դա նորից ինձ մոտ. ես, չգիտեմ ինչու, դեռ ինքս նրա մոտ չէի գնացել, չնայած մորս տեսնելու ցանկությանը։
Այդ ամբողջ ժամանակ, այսինքն այդ ողջ երկու ամիսը, խոսում էինք միայն ամենավերացական բաների մասին։ Եվ հենց դրա վրա էլ զարմանում եմ ես. մենք միայն ու միայն խոսում էինք վերացական, իհարկե, համամարդկային և ամենաանհրաժեշտ, սակայն ոչ մի չափով էականի հետ չառնչվող բաների մասին։ Մինչդեռ էականից շատ ու շատ բաներ պետք էր որոշել ու պարզաբանել և նույնիսկ հակադրաբար, բայց հենց դրա մասին մենք լռում էինք։ Նույնիսկ մորս և Լիզայի... և վերջապես, հենց իմ և իմ ողջ պատմության մասին ես ոչինչ չէի խոսում։ Ամոթից էր այդ բոլորը, թե պատանեկան ինչ-որ հիմարությունից չգիտեմ։ Կարծում եմ, որ հիմարությունից, որովհետև ամոթի վրայից այնուամենայնիվ կարելի է թռչել։ Իսկ բռնակալություն էի անում նրա նկատմամբ սոսկալի և քանիցս նույնիսկ անպատկառության հասնում, նույնիսկ հակառակ սրտիս, այդ բոլորը մի տեսակ հախուռն, ինքն իրեն էր ստացվում, ինքս ինձ զսպել չէի կարողանում։ Իսկ նրա խոսելածևը առաջվա պես նուրբ հեգնանք էր պարունակում, թեև մշտապես արտակարգ սիրալիր էր բոլոր դեպքերում։ Ինձ զարմացնում էր նաև այն, որ նա ավելի սիրում էր ինքը գալ ինձ մոտ, այնպես որ ի վերջո ես սկսեցի սաստիկ հազվադեպ այցելել մորս՝ շաբաթը մեկ անգամ, ոչ ավելի, հատկապես ամենավերջին ժամանակներս, երբ ես արդեն բոլորովին խառնվեցի։ Նա միշտ գալիս էր երեկոները, նստում էր իմ սենյակում ու խոսում, շատ էր խոսել նաև տանտիրոջս հետ. վերջինս ինձ կատաղեցնում էր, քանի որ դա վայել չէր նրա նման մարդուն։ Մի ուրիշ միտք էլ էր անցնում գլխովս․ մի՞թե բացի ինձից էլ ոչ ոք չունի, որ մոտը գնա։ Բայց ես հաստատ գիտեի, որ նա ունի ծանոթներ, վերջին ժամանակներս նա նույնիսկ վերականգնել էր իր նախկին շատ հարաբերություններ բարձրաշխարհիկ շրջաններում, որոնք դադարեցրել էր վերջին տարվա ընթացքում, բայց կարծեմ, թե նա այնքան էլ չէր գայթակղվում դրանցով և շատերը վերականգնում էր միայն պաշտոնապես, իսկ ավելի սիրում էր այցելել ինձ։ Երբեմն ինձ շատ էր հուզում այն, որ նա, երեկոները սենյակս մտնելով, համարյա ամեն անգամ կարծես վարանում էր դուռը բաց անելիս և առաջին րոպեին տարօրինակ անհանգստությամբ միշտ նայում էր աչքերիս․ «այսինքն՝ չե՞մ խանգարի արդյոք, ասա՝ կգնամ»։ Երբեմն նույնիսկ այսպես էլ ասում էր։ Մի անգամ, օրինակ, հենց վերջին ժամանակներս, նա ներս մտավ այն պահին, երբ ես, դերձակից նոր ստացած կոստյումս հագած-պատրաստ, ուզում էի գնալ «իշխան Սերյոժայի» մոտ, որպեսզի նրա հետ գնայի ուր որ հարկն էր (թե ուր, հետո կբացատրեմ)։ Իսկ նա, ներս մտավ ու նստեց, հավանաբար չնկատելով, որ ես պատրաստվել եմ դուրս գալ, լինում էին պահեր, երբ նրան ինչ-որ չափազանց տարօրինակ ցրվածություն էր պաշարում։ Թարսի պես նա սկսեց խոսել տանտիրոջս մասին, ես զայրույթից պոռթկացի.
― Գրողը տանի այդ տանտիրոջը։
― Ախ, սիրելիս,― հանկարծ տեղից վերկացավ նա,― դու ոնց որ թե պատրաստվում ես դուրս գալ, իսկ ես քեզ խանգարեցի... Ներիր, խնդրեմ։
Եվ նա խոնարհաբար շտապեց հեռանալ։ Հենց այս խոնարհությունն իմ նկատմամբ մի այսպիսի մարդու կողմից, այսպիսի բարձրաշխարհիկ ու անկախ մարդու կողմից, որն այնքան իրեն հատուկ բան ուներ, միանգամից արթնացնում էր իմ սրտում իմ ողջ քնքշությունը նրա նկատմամբ և ողջ վստահությունս նրա վրա։ Բայց եթե նա այդքան սիրում էր ինձ, ինչո՞ւ հետ չպահեց ինձ այն ժամանակ, իմ խայտառակության պահին։ Եթե նա միայն մի բան ասեր այն ժամանակ, միգուցե ես ինձ զսպեի։ Սակայն, միգուցեև, ոչ։ Բայց չէ՞ որ նա տեսնում էր այդ պճնամոլությունը, այդ անձնապարտությունը, այդ Մատվեյին (մի անգամ նույնիսկ ուզում էի տուն հասցնել նրան իմ սահնակով, բայց նա չնստեց և նույնիսկ մի քանի անգամ է եղել, որ նա չի ուզեցել նստել), չէ՞ որ տեսնում էր, որ փողերս աջ ու ձախ թափվում են, և ոչ մի խոսք, ոչ մի խոսք, նույնիսկ հետաքրքրություն չցուցաբերեց։ Դա մինչև օրս էլ, նույնիսկ հիմա էլ զարմացնում է ինձ։ Իսկ ես, հասկանալի է, որ ամենևին ոչ մի փափկանկատություն չէի անում նրա նկատմամբ այն ժամանակ և ինչ որ ուզում էի, ասում էի, թեև, իհարկե, բացատրության համար ոչ մի խոսք էլ չէի ասում։ Նա չէր հարցնում, ես էլ չէի ասում։
Սակայն մի երկու-երեք անգամ մենք կարծես թե խոսել ենք կենսական հարցերի մասին։ Մի անգամ սկզբում, նրա ժառանգությունից հրաժարվելուց անմիջապես հետո, ես հարցրի նրան, թե հիմա ինչով է ապրելու։
― Մի կերպ կապրեմ, բարեկամս,― արտասանեց նա չափազանց հանգիստ։
Հիմա ես գիտեմ, որ նույնիսկ Տատյանա Պավլովնայի ընդամենը մի հինգ հազարանոց, շատ փոքրիկ դրամագլուխը կիսով չափ ծախսվել է Վերսիլովի վրա այս վերջին երկու տարվա ընթացքում։
Մի ուրիշ անգամ մենք ինչ-որ առիթով խոսեցինք մայրիկիս մասին։
― Բարեկամս,― հանկարծ ասաց նա տխուր,― ես հաճախ եմ ասել Սոֆյա Անդրեևնային մեր միավորման սկզբում, թեև և սկզբում, և կեսերում, և վերջում. «Ես քեզ տանջում եմ, սիրելիս, և տանջելու եմ մինչև վերջ և ամենևին չեմ խղճում, քանի դեռ դու իմ առջև ես, բայց եթե դու մեռնես, ես գիտեմ, որ սպանելու եմ ինձ ապաշխարելով»։
Ի դեպ, հիշում եմ, այն երեկո նա հատկապես անկեղծ էր։
― Գոնե թուլամորթ մի ոչնչություն լինեի և տառապեի այդ գիտակցությունից։ Բայց չէ՞ որ ոչ, չէ՞ որ գիտեմ, թե անսահման ուժեղ եմ, և ինչով, ի՞նչ ես կարծում։ Այ, հենց այս ամեն ինչի հետ համակերպվելու անմիջական ուժով, որն այնքան հատուկ է մեր սերնդի բոլոր ռուս մարդկանց։ Ինձ ոչնչով չես քայքայի, ոչնչով չես ոչնչացնի և ոչնչով չես զարմացնի։ Ես բակապահ շան նման կենսունակ եմ։ Ես կարող եմ ինձ համար ամենահարմար ձևով միաժամանակ երկու հակադիր զգացմունք ունենալ և, անշուշտ, ոչ իմ կամքով։ Եվ այնուամենայնիվ գիտեմ, որ դա անազնիվ է գլխավորապես այն պատճառով, որ արդեն չափազանց խելամիտ է։ Ես ապրել եմ համարյա հիսուն տարի և մինչև այժմ չգիտեմ լա՞վ է, որ հասել եմ հիսուն տարեկանիս, թե՞ վատ։ Իհարկե, ես սիրում եմ ապրել, և դա անմիջապես ելնում է գործից, բայց կյանք սիրելը այնպիսի մարդու համար, ինչպիսին ես եմ, ստորություն է։ Վերջին ժամանակներս ինչ-որ նոր բան է սկսվել, և Կրաֆտները չեն համակերպվում, այլ անձնասպան են լինում։ Բայց չէ՞ որ պարզ է, որ Կրաֆտները հիմար են. դե, իսկ մենք՝ խելոք, ուրեմն, այստեղ էլ ոչ մի կերպ չի կարելի զուգահեռներ անցկացնել, և հարցն այնուամենայնիվ մնում է բաց։ Եվ մի՞թե աշխարհը միայն մեզ նմանների համար գոյություն ունի։ Ամենահավանականն այն է, որ՝ այո. միտքը չափազանց անմխիթարական է։ Սակայն, ի դեպ... Ի դեպ, հարցն այնուամենայնիվ բաց է մնում։
Նա տխուր էր խոսում, և այնուամենայնիվ ես չգիտեի, անկե՞ղծ էր, թե՞ ոչ։ Նրա հոգում միշտ մի ծալ կար, որից նա ոչ մի դեպքում չէր ուզում հրաժարվել։
'''IV'''
Այն ժամանակ ես նրա գլխին անհամար հարցեր էի թափում, ես հարձակվում է նրա վրա, ինչպես քաղցածը՝ հացի։ Նա ինձ միշտ պատասխանում էր պատրաստակամ և անկեղծորեն, բայց վերջիվերջո ամեն բան միշտ հասցնում էր ամենաընդհանուր աֆորիզմների, այնպես որ, իսկապես ասած, նրանից ոչինչ դուրս քաշել չէր լինում։ Մինչդեռ այս բոլոր հարցերը ինձ անհանգստացնում էին ողջ կյանքիս ընթացքում և, անկեղծ խոստովանեմ, ես դեռ Մոսկվայում ինձնից հեռացնում էի դրանց լուծումը հենց մինչև մեր հանդիպումը Պետերբուրգում։ Ես նույնիսկ երես առ երես նրան այդ հայտնեցի, և նա չծիծաղեց ինձ վրա, ընդհակառակը, հիշում եմ, որ ձեռքս սեղմեց։ Համընդհանուր քաղաքականությունից և սոցիալական հարցերից ես համարյա ոչինչ չէի կարողանում նրանից կորզել, սակայն նկատի ունենալով իմ «միտքը», հենց այդ հարցերն էին ամենից ավելի ինձ անհանգստացնում։ Դերգաչովի նմանների մասին ես մի անգամ մի ակնարկ կորզեցի, «Թե նրանք քննադատությունից դուրս են», բայց միևնույն ժամանակ տարօրինակ կերպով ավելացրեց, թե «իրեն իրավունք է վերապահում ոչ մի նշանակություն չտալ իր կարծիքին»։ Այն մասին, թե ինչով կավարտվեն ժամանակակից պետություններն ու աշխարհը և ինչով կրկին կնորոգվի սոցիալական աշխարհը, նա սոսկալի երկար լուռ մնաց, բայց այնուամենայնիվ, մի քանի բառ ի վերջո չարչարանքով դուրս քաշեցի նրանից.
― Կարծում եմ, որ այդ բոլորը ինչ-որ ձևով չափազանց սովորական տեղի կունենա,― ասաց նա մի անգամ։― Ուղղակի բոլոր պետությունները, չնայած բյուջեներում եղած բոլոր բալանսներին, և «պակսորդների բացակայությանը», un beau matin<ref>Մի հրաշալի առավոտ (ֆրանս.)։</ref> կխճճվեն վերջնականապես և առանց բացառության բոլորը կցանկանան չվճարել, որպեսզի բոլորը, առանց բացառության, նորոգվեն համընդհանուր սնանկությամբ։ Մինչդեռ ողջ աշխարհի պահպանողական տարրը կհակառակի սրան, քանի որ հենց ինքն էլ կլինի և բաժնետերը, և պարտատերը և սնանկություն չի ուզենա հանդուրժել։ Այն ժամանակ, անշուշտ, կսկսվի, այսպես ասած, համընդհանուր խմորումը, այստեղ կգան բազում ջհուդներ, և կսկսվի ջհուդների թագավորություն, իսկ դրանից հետո բոլոր նրանք, ովքեր երբեք արժեթղթեր չեն ունեցել և ընդհանրապես ոչինչ չեն ունեցել, այսինքն՝ բոլոր աղքատները, բնականաբար, չեն ցանկանա մասնակցել խմորմանը... Կսկսվի պայքար, և, յոթանասունյոթ պարտությունից հետո, աղքատները կոչնչացնեն բաժնետերերին, կխլեն նրանցից արժեթղթերը և կնստեն նրանց տեղը, իհարկե, կրկին որպես բաժնետերեր։ Գուցե մի նոր բան կասեն, գուցեև՝ ոչ։ Ավելի հավանականն այն է, որ սրանք էլ կսնանկանան։ Սրանից ավելին, բարեկամս, ոչինչ չեմ կարող կանխագուշակել այն ճակատագրերում, որոնք փոխելու են այս աշխարհի դեմքը։ Սակայն նայիր Հայտնության գրքում...
― Բայց մի՞թե ամեն բան այդքան նյութական է։ Մի՞թե հենց ֆինանսների պատճառով կկործանվի այժմյան աշխարհը։
― Օ՜, ես, անշուշտ, պատկերների միայն մի անկյունը վերցրի, բայց չէ՞ որ այս անկյունն էլ կապված է ամբողջի հետ, այսպես ասած, անքակտելի կապերով։
― Ուրեմն, ի՞նչ պետք է անենք։
― Ախ, Տեր Աստված, մի շտապիր, այդ բոլորը դեռ այդքան շուտ չի լինի։ Իսկ ընդհանրապես ամենալավը ոչինչ չանելն է, գոնե խիղճդ հանգիստ կլինի, որ ոչնչին չես մասնակցել։
― Է՜, հերիք է, մի կարգին բան ասեք։ Ես ուզում եմ իմանալ, հատկապես ես ի՞նչ պետք է անեմ, ինչպե՞ս ապրեմ։
― Ինչ անե՞ս, սիրելիս։ Ազնիվ եղիր, երբեք մի ստիր, մերձավորիդ ունեցվածքը մի ցանկանա, մի խոսքով, կարդա տասը պատվիրանը․ այնտեղ այս բոլորն առհավետ է գրված։
― Հերիք է, հերիք է, այդ բոլորն այնքա՜ն հնացած է, այն էլ՝ միայն բառեր են. այնինչ գործ է պետք։
― Իսկ եթե ձանձրույթն արդեն շատ կխեղդի քեզ, աշխատիր սիրահարվել մեկին կամ մի բանի, կամ նույնիսկ ուղղակի մի բանի հետ կապվիր։
― Դուք ուղղակի կատակում եք։ Այն էլ մենակ՝ ես ի՞նչ կարող եմ անել ձեր այդ տասը պատվիրանով։
― Կատարիր այդ պատվիրանները, չնայած բոլոր հարցերիդ ու տարակուսանքներիդ, և մեծ մարդ կլինես։
― Բոլորին անհայտ։
― Ոչ մի գաղտնի բան չկա, որ հայտնի չդառնա։
― Դուք վճռականորեն կատակում եք։
― Դեհ, եթե դու այդքան սրտիդ մոտ ես ընդունում, ապա լավագույնն այն կլինի, որ աշխատես որքան կարելի է շուտ մասնագիտանալ, շինարարությամբ զբաղվիր կամ փաստաբանությամբ և այն ժամանակ, արդեն իսկական ու լուրջ գործով զբաղված լինելով, կհանգստանաս ու դատարկ բաները կմոռանաս։
Ես լռեցի, դե, ի՞նչ կարելի էր այստեղից քաղել։ Եվ, այնուամենայնիվ, յուրաքանչյուր նման խոսակցությունից հետո ես էլ ավելի էի հուզվում, քան առաջներում։ Բացի այդ, ես պարզ տեսնում էի, որ նրանում միշտ, կարծես, մի ինչ-որ գաղտնիք էր մնուս, և հենց սա էր ինձ գնալով ավելի ու ավելի դեպի նա ձգում։
― Լսեցեք,― ընդհատեցի նրան մի անգամ,― ես միշտ կասկածել եմ, որ այդ բոլորը դուք հենց այնպես եք ասում, չարությունից ու տառապանքից, բայց գաղտնի, ձեր մտքում հենց դուք եք մի որևիցե բարձրագույն գաղափարի մոլեռանդ հետևորդը, միայն թե թաքցնում եք կամ ամաչում եք խոստովանել։
― Շնորհակալ եմ, սիրելիս։
― Լսեցեք, ոչ մի ավելի վեհ բան չկա, քան օգտակար լինելը։ Ասացեք, ինչո՞վ կարող եմ ես տվյալ պահին ամենից շատ օգտակար լինել։ Գիտեմ, որ դուք դա վճռել չեք կարող, բայց ես միայն ձեր կարծիքին եմ կարոտ, ասացեք ձեր կարծիքը, և ինչ որ ասեք, դրան էլ կհետևեմ, երդվում եմ ձեզ։ Դեհ, ուրեմն, ինչո՞ւմ է վսեմ միտքը։
― Դեհ, քարը հաց դարձնել, ահա վսեմ միտքը։
― Ամենավսե՞մը։ Չէ, իսկապես, դուք մի ամբողջ ուղի նշեցիք, ասացեք, ուրեմն, դա՞ է ամենավսեմը։
― Շատ վսեմ, բարեկամս, շատ վսեմ, բայց ոչ ամենավսեմ. վսեմ, բայց երկրորդական, տվյալ պահին միայն վսեմ․ հագեցավ թե չէ մարդը, չի էլ հիշի, ընդհակառակը, իսկույն կասի. «Արդեն հագեցա, իսկ հիմա ի՞նչ անեմ։ Հարցն առհավետ մնում է բաց»։
― Մի անգամ դուք խոսում էիք «ժնևյան գաղափարների» մասին, ես չհասկացա, թե ինչ են «ժնևյան գաղափարները»։
― Ժնևյան գաղափարները առաքինությունն է առանց Քրիստոսի, սիրելիս, այժմյան գաղափարները կամ, ավելի լավ է ասել, այժմյան ողջ քաղաքակրթության գաղափարը։ Մի խոսքով, դա մեկն է այն երկար պատմություններից, որոնք շատ ձանձրալի է սկսելը և շատ ավելի լավ կլինի, եթե մենք ուրիշ բանի մասին խոսենք և էլ ավելի լավ, եթե ուրիշ բանի մասին լռենք։
― Դուք որ միշտ ուզում եք լռել։
― Բարեկամս, հիշիր, որ լռելը լավ է, անվտանգ ու գեղեցիկ։
― Գեղեցի՞կ։
― Իհարկե։ Լռությունը միշտ էլ գեղեցիկ է, իսկ լռակյացը միշտ խոսողից գեղեցիկ։
― Դե, այնպես խոսել, ինչպես մենք ենք խոսում, իհարկե, միևնույն է, թե լռելը։ Գրողը տանի այդ տեսակ գեղեցկությունը, և էլ ավելի գրողը տանի այդ տեսակ շահը։
― Սիրելի՛ս,― ասաց նա ինձ հանկարծ, մի փոքր փոխելով տոնը, նույնիսկ զգացմունքով և ինչ-որ մի առանձնահատուկ հաստատակամությամբ,― սիրելի՛ս, ես ամենևին չեմ ուզում գայթակղել քեզ, մի որևէ բուրժուական առաքինությամբ քո իդեալների փոխարեն, չեմ պնդում շարունակ, թե «երջանկությունը դյուցազնությունից լավ է», ընդհակառակը, դյուցազնությունը ամեն տեսակ երջանկությունից բարձր է, և դրա ընդունակությունն ունենալը ինքնին երջանկություն է։ Այսպիսով, սա մեր միջև արդեն վճռված է։ Ես հենց նրա համար եմ հարգում քեզ, որ դու կարողացել ես մեր ճահճացած ժամանակներում հոգումդ ինչ-որ քո «սեփական միտքը» ամբարել (մի անհանգստացիր, ես շատ լավ եմ հիշել)։ Բայց, այնուամենայնիվ, հո չի կարելի չմտածել նաև չափի մասին, քանի որ հենց այժմ դու զրնգուն կյանք ես ուզում, ուզում ես մի բան բռնկել, մի բան փշրել, ողջ Ռուսաստանից վեր կանգնել, որոտի ամպի պես սրընթաց անցնել և բոլորին սարսափով ու հիացմունքով համակված թողնել, իսկ ինքդ Հյուսիս-Ամերիկյան նահանգները փախչես։ Չէ՞ որ հոգումդ սրա նման մի բան է ծվարել և դրա համար էլ հարկավոր եմ համարում քեզ նախազգուշացնել, որովհետև անկեղծորեն սիրեցի քեզ, հարազատս։
Ի՞նչ կարող էի քաղել ես սրանից։ Այստեղ միայն անհանգստություն կար ինձ համար, իմ նյութական վիճակի համար հանդես էր գալիս հայրն իր կենսական, թեև բարի զգացմունքներով, բայց մի՞թե սա էր ինձ պետք ի տես այն գաղափարների, հանուն որոնց յուրաքանչյուր ազնիվ հայր պետք է իր որդուն թեկուզև մահվան ուղարկի, ինչպես հանուն Հռոմի գաղափարի հին աշխարհի Հորացիոսն է իր որդիներին ուղարկում։
Հաճախ ես նրան կրոնի հարցերով էի ձանձրացնում, բայց այստեղ մշուշն ամենից շատ էր լինում։ Այն հարցին, թե ինչ անեմ այս տեսակետից, նա ինձ, կարծես փոքրիկ երեխայի, ամենահիմար ձևով էր պատասխանում. «Աստծուն պետք է հավատալ, սիրելիս»։
― Իսկ եթե ես այդ բոլորին չեմ հավատո՞ւմ,― մի անգամ գրգռված բղավեցի ես։
― Եվ դա հրաշալի է, սիրելիս։
― Ինչպե՞ս թե հրաշալի է։
― Դա ամենահոյակապ նշանն է, բարեկամս, նույնիսկ ամենաբարեհուսական նշանը, որովհետև մեր ռուս աթեիստը, եթե նա իսկապես աթեիստ է և մի փոքր էլ խելք ունի, ամենալավ մարդն է ամբողջ աշխարհում և միշտ հակված է քնքուշ վերաբերվել Աստծուն, որովհետև անպայման բարի է, իսկ բարի է, որովհետև անչափ գոհ է այն բանից, որ աթեիստ է։ Մեր աթեիստները պատկառելի և վերին աստիճանի բարեհույս մարդիկ են, այսպես ասած, հայրենիքի հենարանը...
Սա, իհարկե, արդեն մի բան էր, բայց ես դա չէի ուզում, միայն մի անգամ նա արտահայտվեց, բայց այնքան տարօրինակ, որ զարմացրեց ինձ է՛լ ավելի, հատկապես ի տես այն բոլոր կաթոլիկությունների ու ճգնավորական կապանքների, որոնց մասին նրա կապակցությամբ լսել էի ես։
― Սիրելիս,― ասաց նա ինձ մի անգամ, ոչ թե տանը, այլ փողոցում, մի երկար խոսակցությունից հետո, ես ճանապարհ էի դնում նրան։― Բարեկամս, սիրել մարդկանց այնպես, ինչպես որ նրանք կան, անհնարին է։ Եվ, այնուամենայնիվ, պետք է։ Եվ այդ պատճառով բարություն արա նրանց, ճնշելով զգացմունքներդ, բռնելով քիթդ և փակելով աչքերդ (վերջինս անհրաժեշտ է)։ Դիմացիր նրանց արած չարությանը՝ հնարավորին չափ չբարկանալով նրանց վրա, «հիշելով, որ դու էլ մարդ ես»։ Անշուշտ, դու կարգված ես նրանց հետ խիստ լինելու, եթե քեզ շնորհ է արված միջին մակարդակից թեկուզ մի քիչ ավելի խելոք լինելու։ Մարդիկ ի բնե ստոր են և հակված են սիրել վախից․ անձնատուր մի լինի նման սիրո և մի դադարի արհամարհել։ Ղուրանում մի ինչ-որ տեղ Ալլահը հրամայում է մարգարեին «անհնազանդների» վրա նայել որպես մկների, նրանց բարություն անել ու կողքներից անցնել․ մի քիչ հպարտորեն է, բայց ճիշտ է։ Կարողացիր արհամարհել նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք լավն են, քանի որ ամենից հաճախ հենց այստեղ էլ նրանք վատն են։ Օ՜, սիրելիս, ինձնով դատելով, ես ասացի այդ։ Ով թեկուզ մի քիչ հիմար չէ, չի կարող ապրել և չարհամարհել իրեն, ազնիվ է, թե անազնիվ՝ միևնույն է։ Սիրել իր մերձավորին և չարհամարհել նրան՝ անհնարին է։ Իմ կարծիքով, մարդը ստեղծված է իր մերձավորին սիրելու ֆիզիկական անհնարինությամբ։ Այստեղ հենց սկզբից ինչ-որ մի սխալ կա բառերում, և «սերը մարդկության նկատմամբ» պետք է հասկանալ միայն այն մարդկության նկատմամբ, որը հենց ինքդ ես ստեղծել քո հոգում (այլ խոսքով ինքդ քեզ ես ստեղծել և սեր հենց քո նկատմամբ) և որը այդ իսկ պատճառով երբեք էլ չի լինի իրականում։
― Երբեք չի՞ լինի։
― Բարեկամս, ես համաձայն եմ, որ դա մի քիչ հիմարավուն կլիներ, բաց ես այստեղ մեղք չունեմ, և քանի որ աշխարհաստեղծման ժամանակ ինձ հետ խորհուրդ չեն արել, ապա ես ինձ իրավունք եմ վերապահում այդ մասին սեփական կարծիքս ունենալու։
― Էլ ինչպե՞ս են դրանից հետո ձեզ քրիստոնյա կոչում,― բղավեցի ես,― քուրձերով կուսակրոն վանական, քարոզիչ, չեմ հասկանում։
― Իսկ ո՞վ է ինձ այդպես կոչում։
Ես պատմեցի նրան։ Նա շատ ուշադիր լսեց, բայց խոսակցությունը դադարեցրեց։
Ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել, թե ինչ առիթով տեղի ունեցավ ինձ համար հիշելի մեր այդ խոսակցությունը, բաց նա նույնիսկ բորբոքվեց, որը նրան համարյա երբեք չէր պատահում։ Խոսում էր կրքոտ և առանց ծաղրի, կարծես բոլորովին էլ ինձ չէր ասում։ Բայց ես նորից չհավատացի նրան․ չէ՞ որ չէր կարող նա ինձ նման մեկի հետ նման բաների մասին լրջորեն խոսել։
=== Գլուխ երկրորդ ===
'''I'''
Այդ առավոտյան, նոյեմբերի տասնհինգին, ես նրան գտա հենց «իշխան Սերյոժւսյի» մոտ։ Հենց ես էլ պատճառ էի դարձել նրա ու իշխանի հանդիպմանը, բայց նրանք առանց ինձ էլ բավական կետեր ունեին առնչվելու (ես խոսում եմ արտասահմանում նախկինում տեղի ունեցած պատմությունների և այլոց մասին)։ Բացի այդ, իշխանը խոսք էր տվել ժառանգությունից տրամադրել նրան գոնե մեկ երրորդը, որը մի քսան հազար կկազմեր անպայման։ Ինձ համար, հիշում եմ, շատ տարօինակ էր, որ նա տրամադրում է ընդամենը մեկ երրորդը, և ոչ ամբողջ կեսը, բայց ես ոչինչ չասացի։ Գումարը տրամադրելու այդ խոստումը իշխանն այն ժամանակ ինքնաբերաբար էր տվել. Վերսիլովը կես բառով անգամ չէր մասնակցել, ակնարկ անգամ չէր արել, իշխանն ինքն էր դուրս պրծել, իսկ Վերսիլովը միան լուռ հանդուրժել էր և հետո ոչ մի անգամ չէր հիշեցրել, նույնիսկ ցույց չէր տվել, թե փոքր անգամ հիշում է այդ խոստման մասին։ Ի դեպ, նկատեմ, որ իշխանն սկզբում նրանով վճռականորեն հրապուրված էր, հատկապես նրա խոսք ու զրույցով, նույնիսկ հիացմունքի էր հասնում և մի քանի անգամ ինձ է արտահայտել այն։ Երբեմն ինծ հետ մենակ նստած ժամանակ համարյա հուսահատ բացականչել է իր մասին, թե ինքն «այնքան անկիրթ է, այնքան սխալ ճանապարհի վրա...»։ Օ՜, այն ժամանակ մենք դեռ այնքան մտերիմ էինք... Այն ժամանակ Վերսիլովին էլ ես շարունակ աշխատում էի ներշնչել իշխանի մասին միայն լավը, պաշտպանում էի նրա թերությունները, թեև ինքս էլ էի տեսնում դրանք, սակայն Վերսիլովը լռությամբ էր անցկացնում դրանք կամ ժպտում էր։
― Եթե նա թերություններ ունի, ապա, համենայն դեպս նույնքան էլ արժանիքներ ունի, որքան թերություններ,― բացականչեցի ես մի անգամ Վերսիլովի հետ մենակ եղածս ժամանակ։
― Տեր Աստված, որքան ես նրան շողոքորթում,― ծիծաղեց նա։
― Ինչո՞վ եմ շողոքորթում,― կարծես թե չհասկացա ես։
― Նույնքան էլ արժանիքներ։ Ախր արդեն նրա մասունքները կհայտնվեն, եթե նա նույնքան արժանիքներ ունի, որքան թերություններ։
Բայց սա, իհարկե, կարծիք չէր։ Եվ ընդհանրապես այն ժամանակ նա մի տեսակ խուսափում էր իշխանի մասին խոսելուց, ինչպես նաև ընդհանրապես ամեն մի էական բանի, բայց իշխանի մասին՝ հատկապես։ Արդեն այն ժամանակ ես կասկածում էի, թե նա առանց ինձ էլ այցելում է իշխանին և որ նրանք առանձին հարաբերություններ ունեն, բայց ես հանդուրժում էի դա։ Չէի խանդում նաև այն պատճառով, որ նա իշխանի հետ ավելի լուրջ է խոսում, քան ինձ հետ, ավելի դրական և ավելի պակաս ծաղրական արտահայտություններ թույլ տալիս իրեն, բայց ես այնքան երջանիկ էի այն ժամանակ, որ դա նույնիսկ դուր էր գալիս ինձ։ Ես դա ներում էի նաև ու այն պատճառով, որ իշխանը մի քիչ սահմանափակ էր և այդ պատճառով ճշգրտություն էր սիրում խոսքում, իսկ որոշ սրամտություններ նույնիսկ ամենևին չէր հասկանում։ Բայց ահա վերջին ժամանակներս նա մի տեսակ սկսեց ազատագրվել։ Նույնիսկ նրա զգացմունքները Վերսիլովի նկատմամբ կարծես սկսել էին փոխվել։ Զգայուն Վերսիլովը դա նկատել էր։ Զգուշացնեմ նաև, որ իշխանը միևնույն ժամանակ իմ նկատմամբ էլ էր փոխվել և նույնիսկ չափազանց նկատելիորեն, մնացել էին մեր սկզբնական, համարյա ջերմ բարեկամության միայն մեռած ձևերը։ Մինչդեռ ես, այնուամենայնիվ, շարունակում էի նրան այցելել, ի դեպ, ինչպես կարող էի չայցելել՝ արդեն ներքաշված լինելով այս բոլորի մեջ։ Օ՜, ի՜նչ անփորձ էի ես այն ժամանակ, և մի՞թե միայն սրտի հիմարությունը կարոդ է մարդուն հասցնել այսպիսի անշնորհքության ու նվաստացման։ Ես նրանից փող էի վերցնում և կարծում էի, թե դա ոչինչ, թե այդպես էլ պետք է։ Աակայն, այդպես չէր, ես այն ժամանակ էլ գիտեի, որ այդպես պետք չէ. բայց ես ուղղակի քիչ էի մտածում դրա մասին։ Փողի համար չէի այցելում ես նրան, թեև սոսկալի կարիք ունեի փողի։ Ես գիտեի, որ փողի համար չեմ գալիս նրա մոտ, բաց հասկանում էի, որ ամեն օր գալիս եմ փող վերցնելու։ Բայց ես հողմապտույտի մեջ էի, և, բացի այս բոլորից, մի բոլորովին ուրիշ բան կար այն ժամանակ իմ հոգում․ հոգիս երգում էր։
Երբ առավոտյան ժամը տասնմեկին մոտ ես ներս մտա, գտա Վերսիլովին ինչ-որ մի երկար ճառ արդեն ավարտին հասցնելիս։ Իշխանը լսում էր քայլելով սենյակում, իսկ Վերսիլովը նստած էր։ Իշխանը մի փոքր հուզված էր թվում։ Վերսիլովը համարյա միշտ կարողանում էր նրան հուզմունք պատճառել։ Իշխանը չափազանց զգայունակ արարած էր, միամտության հասնող, որը շատ դեպքերում ստիպում էր ինձ վերից վար նայել նրան։ Սակայն, կրկնում եմ, վերջին օրերս նրա մեջ մի ինչ-որ չար, ատամ կրճտացնող բան էր հայտնվել։ Ինձ տեսնելով՝ նա կանգ առավ և կարծես մի բան ցնցվեց նրա դեմքում։ Ես ինձ համար գիտեի, թե ինչով բացատրել այս առավոտյան դժգոհության այդ ստվերը, բայց չէի սպասում, թե այդ աստիճան կցնցվի նրա դեմքը։ Ինձ հայտնի էր որ նրա մոտ զանազան անհանգստություններ են կուտակվել, բայց գարշելին այն էր, որ ես դրանց միայն տասներորդ մասը գիտեի, մնացյալն ինձ համար ամուր գաղտնիք էր այն ժամանակ։ Իսկ գարշելի էր ու տխմար այն պատճառով, որ ես հաճախ քիթս խոթում էի նրան մխիթարելու, խորհուրդներ տալու և նույնիսկ «այդպիսի դատարկ բաների պատճառով» նրա իրենից դուրս գալու թուլության վրա վերից վար քմծիծաղ էի տալիս։ Նա լուռ էր մնում, բայց անհնար էր որ այդ րոպեներին սոսկալի չատեր ինձ. ես չափազանց կեղծ վիճակում էի և նույնիսկ չէի կասկածում դա։ Օ՜, Աստծուն եմ վկայակոչում, որ գլխավորը չէի կասկածում։
Սակայն նա քաղաքավարի ձեռք մեկնեց ինձ, Վերսիլովն, առանց ճառն ընդհատելու, գլխով արեց ինձ։ Ես փռվեցի բազմոցին։ Եվ ի՜նչ խոսելաձև ունեի ես այն ժամանակ, ի՜նչ վարվելակերպեր։ Նույնիսկ խորամանկում էի, պոչ խաղացնում, նրա ծանոթներին քամահրում էի, ինչպես իմ ծանոթներին... Ախ, եթե հնարավոր լիներ այժմ ամեն բան վերափոխել, ինչպե՜ս կկարողանայի ինձ այլ կերպ պահել։
Երկու խոսք, որպեսզի չմոռանամ․ իշխանն ապրում էր այն ժամանակ նույն բնակարանում, բայց արդեն ողջ բնակարանն էր զբաղեցնում, բնակարանի տիրուհին՝ Ստոլբեևան, միայն մեկ ամիս մնաց և նորից ինչ-որ տեղ մեկնեց։
'''II'''
Նրանք խոսում էին ազնվականության մասին։ Նկատեմ, որ այդ միտքը երբեմն շատ էր հուզում իշխանին, չնայած առաջադիմականի նրա ողջ կեցվածքին, և ես նույնիսկ կասկածում եմ, որ նրա կյանքում տեղ գտած շատ վատ կողմեր ծագել ու սկսվել էին հենց այդ մտքից, գնահատելով իր իշխանությունը և լինելով աղքատ, նա իր ողջ կյանքը կեղծ հպարտությունից դրդված փող էր շաղ տալիս և պարտքերի տակ ընկնում։ Վերսիլովը մի քանի անգամ ակնարկել էր նրան, թե իշխան լինելը դրանում չի կայանում և ուզում էր նրա սրտում ավելի բարձր միտք սերմանել. բայց իշխանն ի վերջո կարծես սկսել էր վիրավորվել, որ իրեն դաս են տալիս։ Ըստ երևույթին, դրա նման մի բան էլ եղել էր այս առավոտյան, բայց ես չհասա սկզբին։ Վերսիլովի խոսքը սկզբում ինձ հետադիմական թվաց, բայց հետո նա շտկվեց։
― «Պատիվ» բառը նշանակում է պարտք,― ասում էր նա (ես միայն իմաստն եմ հաղորդում և որքան որ հիշում եմ)։― Երբ պետության մեջ իշխում է գլխավորող դասը, ապա ամուր է երկիրը։ Գլխավորող դասը միշտ ունի իր պատիվը և պատվի իր դավանանքը, որը կարող է և սխալ լինել, բայց համարյա միշտ ծառայում է որպես կապ և ամրացնում երկիրը, այն օգտակար է բարոյապես, սակայն ավելի՝ քաղաքականապես։ Սակայն տուժում են ստրուկները, այսինքն բոլոր նրանք, ովքեր չեն պատկանում դասին։ Որպեսզի չտուժեն, հավասարեցվում են նրանց իրավունքները։ Այդպես էլ արված է մեզանում, և դա հրաշալի է։ Բայց համաձայն բոլոր փորձերի, ամենուրեք մինչև օրս (այսինքն՝ Եվրոպայում) իրավունքների հավասարեցման ժամանակ տեղի էր ունենում պատվի, ուրեմն և պարտքի զգացումի նվազեցում։ Եսասիրությունը փոխարինում էր նախկին կապող գաղափարին և ամենը տրոհվում էր առանձին մարդկանց ազատության։ Ազատագրվածները, մնալով առանց կապող գաղափարի, ի վերջո այն աստիճան կորցնում էին ամեն տեսակ բարձրագույն կապը, որ նույնիսկ դադարում էին պաշտպանել իրենց ստացած ազատությունը։ Սակայն ազնվականության ռուսական տիպը երբեք նման չէր եվրոպականին։ Մեր ազնվականությունը հիմա էլ, կորցնելով իրավունքները, կարող էր մնալ բարձրագույն դաս, որպես պատվի, լույսի, գիտության և բարձրագույն գաղափարի պահապան և, որ գլխավորն է, չմեկուսանալով արդեն որպես առանձին կաստա, ինչը գաղափարի մահ կարող էր հանդիսանալ։ Ընդհակառակը, դասի դարպասները շատ վաղուց են բաց մեզանում, իսկ հիմա եկել է ժամանակը դրանք վերջնականապես բացելու։ Թող պատվի, գիտության և արիության յուրաքանչյուր սխրագործություն մեզանում իրավունք տա յուրաքանչյուրին հարելու մարդկանց վերին տարակարգին։ Այսպիսով, դասն ինքն իրեն վեր է ածվում լավագույն մարդկանց հավաքույթի՝ բառիս տառացի ու իսկական իմաստով, և ոչ թե արտոնյալ դասի՝ նախկին իմաստով։ Այս նոր, կամ ավելի լավ է ասել, նորոգված ձևով դասը կարող է պահպանել իր գոյությունը։
Իշխանը հեգնորեն ժպտաց.
― Այդ դեպքում էլ ի՞նչ ազնվականություն կարող է լինել։ Դուք ինչ-որ ֆրանկմասոնական լոժա եք ծրագրում և ոչ թե ազնվականություն։
Կրկնում եմ, իշխանը սոսկալի ուսումնազուրկ էր։ Սրտնեղությունից ես նույնիսկ կողքից կողք շրջվեցի բազմոցի վրա, թեև լիովին համաձայն չէի Վերսիլովի հետ։ Վերսիլովը շատ լավ հասկացավ, որ իշխանը ատամներն է ցույց տալիս։
― Ես չգիտեմ, թե դուք ինչ իմաստով ասացիք մասոնականության մասին,― պատասխանեց նա,― սակայն, եթե նույնիսկ ռուս իշխանն է հրաժարվում նման մտքից, ապա, անշուշտ, դրա ժամանակը դեռ չի եկել։ Պատվի ու լուսավորության գաղափարը որպես պատգամ յուրաքանչյուրի, ով ուզում է միանալ չպարփակված և անդադար նորոգվող դասին, իհարկե, ցնորք է, ուտոպիա, սակայն ինչո՞ւ անիրականանալի։ Եթե ապրում է այդ միտքը թեկուզև միայն մի քանի գլուխներում, ուրեմն նա դեռ չի ոչնչացել, այլ լույս է տալիս, ինչպես կրակի մի կետ թանձր խավարում։
― Դուք սիրում եք օգտագործել «բարձրագույն միտք», «վսեմ միտք», «կապող գաղափար» և այլ բառեր, ես կուզեի իմանալ, թե, իսկապես ասած, ի՞նչ իմաստ եք դնում «վսեմ միտք» բառի մեջ։
― Արդարև, չգիտեմ, թե ինչպես պատասխանեմ ձեզ, սիրելի իշխան,― նրբամտորեն քմծիծաղ տվեց Վերսիլովը։― Եթե խոստովանեմ ձեզ, որ ինքս էլ չգիտեմ, ինչ պատասխանեմ, ապա դա ավելի ճիշտ կլինի։ Վսեմ միտքը ավելի շուտ զգացմունք է, որը երբեմն չափազանց երկար մնում է առանց սահմանման։ Միայն գիտեմ, որ դա միշտ եղել է այն, ինչից բխել է կենդանի կյանքը, այսինքն ոչ թե մտավոր, ոչ էլ հորինված, այլ, ընդհակառակը, ոչ ձանձրալի և ուրախ կյանքը, այնպես որ բարձրագույն գաղափարը, որից նա բխում է, վճռականորեն անհրաժեշտ է, ի համընդհանուր սրտնեղության, անշուշտ։
― Ինչո՞ւ ի սրտնեղության։
― Որովհետև գաղափարներով ապրելը ձանձրալի է, իսկ առանց դրանց միշտ ուրախ։
Իշխանը կուլ տվեց դառը հաբը։
― Իսկ ի՞նչ բան է կենդանի կյանքը ըստ ձեզ (նա նկատելիորեն զայրանում էր)։
― Դա էլ չգիտեմ, իշխան, գիտեմ միայն, որ դա պետք է շատ հասարակ, շատ սովորական, աչքի զարնող, ամենօրյա, ամենժամյա մի բան լինի և այնքան հասարակ բան, որ մենք ոչ մի կերպ չենք կարողանում հավատալ, թե դա այդքան հասարակ է և, բնականորեն, անցնում ենք կողքից արդեն բազում հազարամյակներ շարունակ, առանց նկատելու և առանց ճանաչելու այն։
― Ես միայն ուզում էի ասել, թե ձեր միտքը ազնվականության մասին միաժամանակ նաև ազնվականության բացասումն է հանդիսանում,― ասաց իշխանը։
― Դե, եթե շատ եք ուզում, ապա, միգուցե, մեզ մոտ ազնվականություն երբեք էլ գոյություն չի ունեցել։
― Այդ բոլորը չափազանց մութ է և անհստակ։ Եթե մի բան ասում եք, ապա, ըստ իս, պետք է զարգացնեք...
Իշխանը ճակատը կնճռոտեց և աչքի պոչով պատի ժամացույցին նայեց։ Վերսիլովը վերկացավ և գլխարկը վերցրեց։
― Զարգացնե՞մ,― ասաց նա,― ո՜չ, ավելի լավ է չզարգացնել, ավելացնեմ նաև, որ իմ կիրքը առանց զարգացնելու խոսելն է։ Իսկապես այդպես է։ Մի տարօրինակություն ևս. պատահում է, որ սկսում եմ զարգացնել միտքս, որին դավանում եմ, և համարյա միշտ այնպես է ստացվում, որ շարադրանքիս վերջում ինքս եմ դադարում շարադրածիս դավանելուց, վախենում եմ այս անգամ էլ այդ վտանգին ենթարկվեմ։ Ցտեսություն, սիրելի իշխան, ձեզ մոտ ես միշտ աններելիորեն շաղակրատ եմ դառնում։
Նա դուրս եկավ, իշխանը քաղաքավարի ճանապարհեց նրան, բայց ես ազդված էի։
― Դո՞ւք ինչու եք ուռել,― առանց ինձ նայելու, և կողքիցս դեպի բարձրասեղան անցնելով, հանկարծ պոռթկաց նա։
― Ուռել եմ, որովհետև,― դողացող ձայնով սկսեցի ես,― տոնի այնպիսի տարօրինակ փոփոխություն տեսնելով ձեր մեջ ոչ միայն իմ, այլև նույնիսկ Վերսիլովի նկատմամբ, ես... Իհարկե, Վերսիլովը, միգուցե, մի փոքր հետադիմական ոճով սկսեց, բայց հետո շտկվեց և... նրա խոսքում, գուցե, խոր միտք կար թաքնված, բայց դուք ուղղակի չհասկացաք և...
― Ես ուղղակի չեմ ուզում, որ ինձ լակոտի տեղ դնեն և տեղից դուրս պրծնեն ինձ դաս տալու,― համարյա զայրագին խոսքը կտրեց նա։
― Նման խոսքերն, իշխան...
― Խնդրեմ, բարի եղեք, առանց թատրոնական ժեստերի։ Ես գիտեմ, որ այն, ինչ ես եմ անում, ստորություն է, որ ես վատնող եմ, խաղամոլ, միգուցե, գող... այո, գող... որովհետև ես տանուլ եմ տալիս ընտանիքի փողը, բայց ես իմ գլխին ամենևին դատավորներ չեմ ուզում։ Չեմ ուզում և չեմ հանդուրժում։ Ես ինքս եմ իմ դատարանը։ Եվ ինչի՞ համար են այդ երկիմաստությունները։ Եթե նա բան էր ուզում ինձ ասել, թող շիտակ ասեր և ոչ թե մշուշապատ այդ շփոթը կանխագուշակեր։ Սակայն այդ ինձ ասելու համար իրավունք պետք է ունենալ, նախ ինքը պետք է ազնիվ լիներ...
― Նախ՝ ես սկիզբը չլսեցի և չգիտեմ, թե ինչի մասին էիք դուք խոսում, իսկ երկրորդ՝ ինչո՞վ է անազնիվ Վերսիլովը, թույլ տվեք հարցնել ձեզ։
― Բավական է, խնդրում եմ ձեզ, բավական է։ Դուք երեկ երեք հարյուր ռուբլի խնդրեցիք, ահա խնդրեմ...,― Նա իմ առջև սեղանին դրեց փողը, իսկ ինքը նստեց բազկաթոռին, ջղային հետ ընկավ, թիկնակին և ոտքը ոտքի վրա գցեց։ Ես շփոթված կանգ առա։
― Չգիտեմ...,― թոթովեցի ես,― թեև խնդրել եմ ձեզ... և թեև այժմ շատ պետք է ինձ այդ փողը, բայց նման տոնի առկայությամբ...
― Թողեք տոնս։ Եթե ես որևէ խիստ բան ասացի, ներեցեք ինձ։ Հավատացնում եմ ձեզ, որ ինձ համար հիմա դրա ժամանակը չէ։ Գործս լսեք. Մոսկվայից նամակ եմ ստացել, եղբայրս՝ Սաշան, դեռ բոլորովին մանուկ, դուք գիտեք, վախճանվել է չորս օր սրանից առաջ։ Հայրս, ինչպես ձեզ նույնպես հայտնի է, արդեն երկու տարի է անդամալույծ է, իսկ հիմա, ինչպես գրում են, ավելի է վատացել, բառ արտասանել չի կարողանում, ոչ ոքի չի ճանաչում։ Նրանք ուրախացել են ժառանգության վրա և ուզում են տանել արտասահման, բայց բժիշկը գրում է ինձ, որ հազիվ թե երկու շաբաթ ապրի։ Ուրեմն, մնում ենք մայրս, քույրս և ես և, ուրեմն, հիմա ես համարյա մենակ եմ... Դե, մի խոսքով, ես մենակ եմ... Այդ ժառանգությունը... Այդ ժառանգությունը, օ՜, գուցե ավելի լավ կիներ, եթե դա ամենևին էլ չլիներ։ Բայց ահա թե ինչ էի ուզում ես ձեզ հատկապես հաղորդել, այդ ժառանգությունից ես խոստացել եմ Անդրեյ Պետրովիչին minimum քսան հազար... Մինչդեռ, պատկերացրեք, ձևականությունների պատճառով մինչև օրս ոչինչ հնարավոր չէր անել։ Ես նույնիսկ... այսինքն՝ մենք... այսինքն՝ հայրս նույնիսկ դեռ որպես այդ կալվածքի սեփականատեր պաշտոնապես ճանաչված չէ։ Այնինչ վերջին երեք շաբաթվա ընթացքում ես այնքա՜ն փող եմ կորցրել, և այդ սրիկա Ստեբելկովն էլ այնպիսի՜ տոկոսներ է վերցնում... Հիմա ես ձեզ համարյա վերջինը տվեցի...
― Օ՜ իշխան, եթե այդպես է...
― Ես դրա համար չասացի, դրա համար չասացի։ Ստեբելկովը երևի այսօր կբերի, և այն առժամանակ դիմանալուն բավական կլինի, բայց սատանան գիտի այդ Ստեբելկովին։ Ես աղաչել եմ նրան ինձ համար տասը հազար ճարել, որպեսզի գոնե տասը հազարը կարողանամ տալ Անդրեյ Պետրովիչին։ ժառանգության մեկ երրորդը նրան հատկացնելու իմ խոստումը տանջում, կեղեքում է ինձ։ Ես խոսք եմ տվել և պետք է կատարեմ խոստումս։ Եվ երդվում եմ ձեզ, ես տենչում եմ ազատվել պարտավորություններից գոնե այդ կողմից։ Դրանք ծանր են ինձ համար, անտանելի ծանր։ Այդ ինձ վրա ծանրացած կապը... Ես չեմ կարող տեսնել Անդրեյ Պետրովիչին, որովհետև չեմ կարող շիտակ նրա աչքերի մեջ նայել... էլ ինչո՞ւ է նա չարաշահում։
― Ի՞նչն է չարաշահում, իշխան,― նրա առջև ապշահար կանգնեցի ես։― Մի՞թե նա երբևէ որևէ ակնարկ է արել ձեզ։
― Օ՜ ոչ, և ես գնահատում եմ դա, բայց ես ինքս եմ ինձ ակնարկ արել։ Եվ վերջապես, ես գնալով ավելի ու ավելի եմ վարժվում... այդ Ստեբելկովը...
― Լսեք, իշխան, հանգստացեք, խնդրեմ, տեսնում եմ, որ դուք գնալով ավելի եք հուզվում, մինչդեռ այդ բոլորը, գուցեև, միրաժ է միայն։ Օ՜, ես ինքս էլ տարվել եմ, աններելի, անարգ կերպով, բայց չէ՞ որ ես գիտեմ, թե դա միայն ժամանակավոր է... և միայն պետք է, որ որոշակի թիվը շահեմ և այն ժամանակ ասացեք, այս երեք հարյուրի հետ ես ձեզ մինչև երկու հազար հինգ հարյուր եմ պարտք, այդպես չէ՞։
― Ես ձեզնից, կարծեմ, ոչինչ չեմ պահանջում,― հանկարծ ատամները կրճտացրեց իշխանը։
― Դուք ասում եք, Վերսիլովին՝ տասը հազար։ Եթե ես ձեզնից վերցնում եմ այժմ, ահա, իհարկե, այդ փողերը կմտնեն Վերսիլովի քսան հազարի հաշվի մեջ. այլ կերպ չեմ էլ կարող թույլ տալ ինձ։ Բայց... բայց ես, երևի, ինքս էլ կվերադարձնեմ... Եվ մի՞թե կարծում եք, թե Վերսիլովը փող ստանալու համար է գալիս ձեզ մոտ։
― Ինձ համար ավելի հեշտ կլիներ, եթե նա փող ստանալու համար գար ինձ մոտ,― առեղծվածային ձևով արտասանեց իշխանը։
― Դուք խոսում եք ինչ-որ մի «ճնշող կապի» մասին... Եթե դա Վերսիլովի ու ինձ հետ ունեցած ձեր կապի մասին է, ապա, Աստված վկա, դա վիրավորական է։ Եվ վերջապես դուք ասում եք. ինչու ինքն այնպիսին չէ, ինչպիսին սովորեցնում է լինել ուրիշներին, ահա ձեր տրամաբանությունը։ Առաջինը՝ դա տրամաբանություն էլ չէ, թույլ տվեք հայտնել ձեզ, որովհետև եթե նա նույնիսկ այդպիսին չլիներ, այնուամենայնիվ, կարող էր ճշմարտություն քարոզել... Եվ վերջապես, դա ի՜նչ բառ է՝ «քարոզում է»։ Դուք ասում եք, մարգարե։ Ասացեք, այդ դո՞ւք եք նրան կոչել «կնիկների մարգարե» Գերմանիայում։
― Ոչ, ես չեմ կոչել։
― Ինձ Ստեբելկովն է ասել, թե դա դուք եք եղել։
― Ստել է։ Ես ծաղրական մականուններ տալու վարպետ չեմ։ Բայց եթե մեկը պատիվ է քարոզում, թող ինքն էլ պատվական լինի, ահա իմ տրամաբանությունը և եթե խաղ է, ինձ համար միևնույն է։ Ես ուզում եմ, որ այդպես լինի և այդպես էլ կլինի։ Եվ թող ոչ ոք, ոչ ոք չհամարձակվի իմ տուն գալ ինձ դատելու և ինձ նորածին մանկան տեղ դնելու։ Բավական է,― բղավեց նա, ձեռքն ինձ վրա թափ տալով, որ ես այլևս չշարունակեմ։― Ա՜, վերջապես։
Դուռը բացվեց և ներս մտավ Ստեբելկովը։
'''III'''
Նա նույնն էր, ինչ որ առաջ, նույնքան պճնագեղ հագնված, նույն ձևով կուրծքը դուրս ցցած, նույն ձևով հիմարավարի աչքերիդ մեջ էր նայում, նույն ձևով երևակայում էր, թե խորամանկում է և չափազանց գոհ էր իրենից։ Բայց այս անգամ, ներս մտնելուն պես, մի տեսակ տարօրինակ շուրջը նայեց, ինչ-որ հատկապես զգույշ ու թափանցող բան կար նրա հայացքում, կարծես մի բան էր ուզում գուշակել մեր դեմքերից։ Սակայն նա իսկույն հանգստացավ և մի ինքնավստահ ժպիտ փայլեց նրա շուրթերին, այն «հայցող-անպատկառ» ժպիտը, որն, այնուամենայնիվ, աննկարագրելիորեն զզվելի էր ինձ համար։
Ես վաղուց գիտեի, որ նա սոսկալի տանջում է իշխանին։ Նա արդեն մեկ, թե երկու անգամ եկել էր իմ այնտեղ եղած ժամանակ։ Ես... ես էլ նրա հետ մի առնչություն ունեցա այս վերջին ամսվա ընթացքում, բայց այս անգամ, մի դեպքի պատճառով, մի քիչ զարմացա նրա գալու վրա։
― Հիմա,― ասաց նրան իշխանը, առանց բարևելու և, թիկունքը մեզ արած, բարձրասեղանի դարակից սկսեց հանել հարկավոր թղթերն ու հաշիվները։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես վճռականապես վիրավորված էի իշխանի վերջին խոսքերից. Վերսիլովի պատվազրկության հասցեին արված ակնարկը այնքան հստակ էր (և այնքան զարմանալի), որ չէր կարելի թողնել առանց արմատական բացատրության։ Բայց Ստեբելկովի ներկայութամբ դա անհնարին էր։ Ես նորից փռվեցի բազմոցին և բացեցի իմ առջև դրված գիրքը։
― Բելինսկի, երկրորդ մաս։ Սա նորություն է. ուզում եք լուսավորվե՞լ,― բղավեցի ես իշխանին, և, կարծեմ, չափազանց արհեստականորեն։
Նա շատ զբաղված էր ու շտապում էր, բայց իմ այս խոսքի վրա հանկարծ հետ շրջվեց։
― Խնդրում եմ, հանգիստ թողնեք այդ գիրքը,― կտրուկ արտասանեց նա։
Սա արդեն չափից դուրս էր, և, որ գլխավորն է, Ստեբելկովի ներկայությամբ։ Կարծես դիտավորյալ, Ստեբելկովն էլ խորամանկ ու գարշելի քմծիծաղ տվեց և ակնարկով թաքուն իշխանին ցույց տվեց։ Ես հայացքս թեքեցի այդ հիմարից։
― Մի բարկացեք, իշխան, զիջում եմ ձեզ ամենագլխավոր մարդուն, իսկ առայժմ չքվում եմ...
Ես վճռեցի հանդուգն պահել ինձ։
― Ես եմ որ կա՞մ գլխավոր մարդը,― մատով ուրախ ինքն իրեն ցույց տալով՝ հարեց Ստեբելկովը։
― Այո, դուք եք որ կաք. հենց դուք եք ամենագլխավոր մարդը և ինքներդ էլ դա գիտեք։
― Ոչ, ոչ, թույլ տվեք։ Ամեն տեղ աշխարհում երկրորդն եմ։ Ես երկրորդ մարդն եմ։ Կա առաջին մարդ և կա երկրորդ մարդ։ Առաջին մարդը մի բան կանի, իսկ երկրորդ մարդը տեր կկանգնի։ Ուրեմն, դուրս է գալիս, որ երկրորդ մարդը առաջին մարդն է, իսկ առաջին մարդը՝ երկրորդ մարդը։ Այդպե՞ս է, թե այդպես չէ։
― Գուցեև այդպես է, միայն թե ես ձեզ, ինչպես միշտ, չեմ հասկանում։
― Թույլ տվեք։ Ֆրանսիայում հեղափոխություն է եղել, և բոլորին գլխատել են։ Եկել է Նապոլեոնը և ամեն բան իր ձեռքն առել։ Հեղափոխությունը առաջին մարդն է, իսկ Նապոլեոնը երկրորդը։ Բայց դուրս է եկել, որ Նապոլեոնը առաջին մարդն է դարձել, իսկ հեղափոխությունը երկրորդ՝ մարդը։ Այդպե՞ս է, թե այդպես չէ։
Իմիջիայլոց, նկատեմ, որ այն բանում, որ նա ինձ հետ սկսեց խոսել ֆրանսիական հեղափոխության մասին, ես տեսա նրա ինձ չափազանց զվարճացնող դեռ նախկին մի ինչ-որ խորամանկություն, նա շարունակում էր ինձ ինչ-որ հեղափոխականի տեղ դնել և ամեն անգամ երբ հանդիպում էր ինձ, անհրաժեշտ էր համարում նման մի բանի մասին խոսք բաց անել։
― Գնա՛նք,― ասաց իշխանը, և նրանք երկուսով գնացին մյուս սենյակը։ Մենակ մնալով՝ ես վերջնականապես որոշեցի հետ վերադարձնել նրան իր երեք հարյուր ռուբլին, հենց որ հեռանա Ստեբելկովը։ Այդ փողն ինձ ծայր աստիճան հարկավոր էր, բայց ես որոշեցի։
Նրանք մի տասը րոպե բոլորովին անլսելի մնացին այնտեղ և հանկարծ սկսեցին բարձր խոսել։ Սկսեցին խոսել երկուսն էլ, բայց իշխանը կարծես կատաղության հասնող խիստ գրգռվածությամբ հանկարծ բղավեց։ Նա երբեմն շատ դյուրաբորբոք էր լինում, այնպես որ նույնիսկ ես ներողամիտ էի լինում նրա նկատմամբ։ Բայց հենց այդ րոպեին զեկույցով ներս մտավ սպասավորը. ես ցույց տվի կողքի սենյակը, և այնտեղ վայրկենապես ամեն բան լռեց։ Իշխանը մտահոգ, բայց ժպիտը դեմքին արագ դուրս եկավ այնտեղից, սպասավորը վազեց, և կես րոպեից իշխանի մոտ հյուր եկավ։
Դա մի կարևոր հյուր էր, ակսելբանտերով ու անվան գեղազարդ սկզբնատառերով, նախշված համազգեստով, երեսուն տարեկանից ոչ ավելին, բարձրաշխարհիկ և ինչ-որ խստաբարո արտաքինով մի պարոն։ Նախապես հայտնեմ ընթերցողիս, որ իշխան Սերգեյ Պետրովիչը Պետերբուրգի բարձր հասարակությանը իսկական ձևով դեռևս չէր պատկանում, չնայած իր ողջ կրքոտ ցանկությանը (ցանկության մասին ես գիտեի), և այդ պատճառով սոսկալի պետք է գնահատեր նման այցելությունը։ Այդ ծանոթությունը, ինչպես ինձ հայտնի էր, նոր և իշխանի մեծ ջանքերից հետո էր հաստատվել։ Հյուրն այժմ պաշտոնական այցելության էր եկել, բայց, դժբախտաբար, հանկարծակիի էր բերել տանտիրոջը։ Ես տեսա, թե ինչ տառապանքով և ինչ կորսված հայացքով իշխանը մի պահ փորձեց շրջվել դեպի Ստեբելկովը, բայց Ստեբելկովը, կարծես ոչինչ էլ չէր եղել, դիմացավ այդ հայացքին և, ամենևին միտք անգամ չունենալով անհետանալ, առանց քաշվելու նստեց բազմոցին և հավանաբար ի նշան անկախության, ձեռքով սկսեց խառնել սազերը։ Նա նույնիսկ մի փքուն արտահայտություն տվեց դեմքին, և, մի խոսքով, վճռականապես անտանելի դարձավ։ Ինչ վերաբերում է ինձ, ես այն ժամանակ էլ, իհարկե, արդեն ինձ պահել գիտեի և, անշուշտ, ոչ ոքի չէի խայտառակի, բայց որքան եղավ իմ զարմանքը, երբ ես իշխանի այդ նույն կորսված, խեղճացած ու չար հայացքը բռնեցի նաև ինձ վրա, ուրեմն նա ամաչում էր երկուսիս համար էլ և ինձ հավասարեցնում էր Ստեբելկովին։ Այս միտքը ինձ կատաղության հասցրեց, ես ավելի անկաշկանդ փռվեցի բազմոցին և այնպիսի տեսքով սկսեցի գիրքը թերթել, կարծես ոչ մի բան ինձ հետ ոչ մի կապ չունի։ Ընդհակառակը, Ստեբելկովը աչքերը չռեց, առաջ թեքվեց և սկսեց լարված ականջ դնել նրանց խոսակցությանը, հավանաբար կարծելով, թե դա և քաղաքավարի է, և սիրալիր։ Հյուրը մեկ-երկու անգամ նայեց Ստեբելկովին. ի դեպ, ինձ նույնպես։
Նրանք սկսեցին խոսել ընտանեկան նորություններից, այս պարոնը մի ժամանակ ճանաչելիս էր եղել իշխանի մորը, որը մի հայտնի ընտանիքից էր սերվում։ Որքան որ ես կարող էի եզրակացնել, հյուրը, չնայած իր սիրալիրությանն ու տոնի թվացող պարզությանը, չափազանց բծախնդիր մեկն էր, և, անշուշտ, այնքան բարձր էր գնահատում իրեն, որ իր այցելությունը նույնիսկ ում համար ասես կարող էր մեծ պատիվ համարել։ Եթե իշխանը մենակ լիներ, այսինքն՝ առանց մեզ, ես համոզված եմ, որ ավելի արժանավայել ու հնարամիտ կլիներ, սակայն այժմ մի հատկապես գողացող բան նրա ժպիտի մեջ, որը միգուցե չափից ավելի սիրալիր էր, և ինչ-որ տարօրինակ մի ցրվածություն մատնում էին նրան։
Դեռ մի հինգ րոպե էլ նստած չկային, երբ մի հյուրի մասին էլ զեկուցեցին, և, կարծես դիտմամբ, նույնպես պատիվ չբերողներից։ Սրան ես լավ էի ճանաչում և շատ էլ լսել էի նրա մասին, թեև նա ինձ ամենևին չէր ճանաչում։ Նա դեռ շատ երիտասարդ էր, թեև կլիներ արդեն մի քսաներեք տարեկան, հրաշալի հագնված, լավ ընտանիքի որդի և ինքն էլ շատ գեղեցիկ էր, բայց անշուշտ վատ հասարակության մեջ ընկած։ Դեռ անցյալ տարի նա ծառայում էր ամենաաչքի ընկնող գվարդիական հեծյալ գնդերից մեկում, սակայն ստիպված էր ինքը պաշտոնաթող լինելու, և բոլորը գիտեին, թե ինչ պատճառով։ Նրա մասին հարազատները նույնիսկ լրագրերում հայտարարություն էին հրապարակել, որ իրենք պատասխանատու չեն նրա պարտքերի համար, բայց նա հիմա էլ շարունակում էր իր քեֆը, ամիսը տասը տոկոսով փող ճարելով, խաղատներում սոսկալի խաղալով և մինչև վերջին կոպեկը մի հայտնի ֆրանսուհու վրա վատնելով։ Բանն այն է, որ մոտ մեկ շաբաթ սրանից առաջ մի երեկոյում նրան հաջողվել էր մոտ տասներկու հազար շահել, և նա ցնծում էր։ Իշխանի հետ նա բարեկամական հարաբերությունների մեջ էր. նրանք հաճախ միասին և համատեղ խաղում էին, բայց իշխանը, նրան տեսնելով, նույնիսկ ցնցվեց, ես դա իմ տեղից նկատեցի, այդ տղեկն ամենուրեք իրեն իր տանն էր զգում, առանց որևէ բանից քաշվելու և մտքովն անցած ամեն բանի մասին բարձրաձայն ու զվարթ խոսում էր և, անշուշտ, նրա մտքով չէր էլ կարող անցնել, թե մեր հյուրընկալը իր կարևոր հյուրի առջև այդպես դողում է իր ներկայության պատճառով։
Ներս մտնելով՝ նա ընդհատեց նրանց զրույցը և իսկույն, նույնիսկ դեռ չնստած, սկսեց երեկվա խաղի մասին պատմել։
― Կարծեմ, դուք էլ այնտեղ էիք,― երրորդ նախադասությունից դարձավ նա կարևոր հյուրին, յուրայիններից մեկի տեղը նրան դնելով, բայց, իսկույն էլ սխալը տեսնելով, բղավեց.
― Ախ, ներեցեք, քիչ մնաց, որ ձեզ երեկվաններից մեկի տեղը դնեի։
― Ալեքսեյ Վլադիմիրովիչ Դարզան, Իպպոլիտ Ալեքսանդրովիչ Նաշչոկին,― փութկոտ ծանոթացրեց նրանց իշխանը, այս տղեկին այնուամենայնիվ կարելի էր ներկայացնել, հայտնի ու լավ ազգանուն ուներ, իսկ մեզ քիչ առաջ չներկայացրեց, և մենք շարունակում էինք նստած մնալ մեր անկյուններում։ Ես վճռականապես չէի ուզում գլուխս շրջել նրանց կողմը, բայց Ստեբելկովը, երիտասարդին տեսնելով, սկսեց ուրախ ժպտալ և, ըստ երևույթին, սպառնում էր խոսել։ Այս բոլորն ինձ համար նույնիսկ զվարճալի էր դառնում։
― Անցյալ տարի ես ձեզ հաճախ կոմսուհի Վերիգինայի տանն եմ հանդիպել,― ասաց Դարզանը։
― Ես ձեզ հիշում եմ, բայց դուք այն ժամանակ, կարծեմ զինվորական համազգեստով էիք,― սիրալիր պատասխանեց Նաշչոկինը։
― Այո, համազգեստով էի, բայց շնորհիվ... Ա՜, Ստեբելկով, արդեն այստե՞ղ եք։ Եվ ինչպե՞ս է, որ սա այստեղ է։ Հենց շնորհիվ սրա նման պարոնների ես համազգեստով չեմ,― նա մատնացույց արեց ուղիղ Ստեբելկովին ու քրքջաց։ Ուրախ ծիծաղեց նաև Ստեբելկովը, հավանաբար լսածը որպես հաճոյախոսություն ընդունելով։ Իշխանը շառագունեց և շտապեց ինչ-որ հարցով Նաշչոկինին դիմել, իսկ Դարզանը, Ստեբելկովին մոտենալով, մի բանի մասին սկսեց կրակոտ, բայց արդեն կիսաձայն խոսել։
― Կարծես, դուք արտասահմանում լավ ծանո՞թ էիք Կատերինա Նիկոլաևնա Ախմակովայի հետ,― հարցրեց հյուրը իշխանին։
― Օ՜, իհարկե, ծանոթ էի...
― Կարծեմ, այստեղ շուտով մի նորություն է լինելու։ Ասում են, նա ամուսնանում է բարոն Բյորինգի հետ։
― Դա ճիշտ է,― բղավեց Դարզանը։
― Դուք... դա հաստա՞տ գիտեք,― նկատելի հուզմունքով և հատուկ շեշտով արտասանելով իր հարցը՝ Նաշոչկինին դիմեց իշխանը։
― Ինձ ասացին և այդ մասին, կարծեմ, արդեն խոսում են, թեև հաստատ չգիտեմ։
― Օ՜, դա հաստատ է,― նրանց մոտեցավ Դարզանը,― երեկ Դուբասովն ինձ ասաց, այդպիսի նորությունները նա միշտ առաջինն է իմանում։ Եվ իշխանն էլ պետք է որ իմանա...
Նաշչոկինը սպասեց մինչև Դարզանն ավարտի և նորից դիմեց իշխանին.
― Հիմա նա հազվադեպ է լինում հասարակության մեջ։
― Վերջին ամսում նրա հայրը հիվանդ էր,― մի տեսակ չոր նկատեց իշխանը։
― Կարծեմ, թե արկածներով հարուստ տիկին է,― հանկարծ բերնից թռցրեց Դարզանը։
Ես գլուխս բարձրացրի և ձգվեցի։
― Ես բախտ ունեմ անձամբ ճանաչելու Կատերինա Նիկոլաևնային և իմ պարտքն եմ համարում հավաստիացնելու, որ բոլոր խայտառակ լուրերը բացարձակ սուտ են և անամոթություն... և հորինված են նրանց կողմից... ովքեր պտտվել են նրա շուրջը և ոչնչի չեն հասել։
Այսպես հիմարավարի խոսակցությունը կտրելով՝ ես լռեցի՝ շարունակելով կրակ կտրած դեմքով ու ձգված նայել բոլորին։ Բոլորը իմ կողմը շրջվեցին, բայց Ստեբելկովը հանկարծ քռքռաց, քմծիծաղ տվեց նաև կարծես ապշահար Դարզանը։
― Արկադի Սակարովիչ Դոլգոռուկի,― Դարզանին ինձ ցույց տվեց իշխանը։
― Այո, հավատացեք, ''իշխան'',― բարեսրտորեն ու անկեղծ ինձ դիմեց Դարզանը,― ես իմ կողմից չեմ ասում, եթե ասեկոսեներ են եղել, ես չեմ դրանք տարածել։
― Օ՜, ես ձեզ չեմ ասում,― արագ պատասխանեցի ես, բայց Ստեբելկովն անթույլատրելի կերպով ծիծաղեց և հենց այն պատճառով, որ, ինչպես պարզվեց հետո, Դարզանն ինձ իշխան էր անվանել։ Իմ դժոխային ազգանունն այստեղ էլ ամեն բան փչացրեց։ Նույնիսկ հիմա եմ շիկնում այն մտքից, որ ես, իհարկե, ամոթից չհամարձակվեցի այն պահին վեր հանել այդ հիմարությունն ու չհայտարարեցի բարձրաձայն, թե ես ուղղակի Դոլգոռուկի եմ։ Դա դեռ առաջին անգամ պատահեց իմ կյանքում։ Դարզանը տարակուսած ինձ էր նայում և քրքջացող Ստեբելկովին։
― Ախ, հա՜, ի՞նչ սիրունիկ օրիորդ տեսա հենց նոր ձեր սանդուղքի վրա, նրբադեմ ու շիկահեր,― հանկարծ հարցրեց նա իշխանին։
― Իսկապես, չգիտեմ ում եք տեսել,― շիկնելով, արագ պատասխանեց նա։
― Էլ ո՞վ պետք է իմանա,― ծիծաղեց Դարզանը։
― Սակայն դա... դա կարող է լինել...― մի տեսակ կարկամեց իշխանը։
― Դա... հենց իր քույրիկն է եղել, Լիզավետա Մակարովնան,― հանկարծ ինձ ցույց տվեց Ստեբելկովը։― Որովհտև ես էլ քիչ առաջ նրան հանդիպեցի...
― Ախ, իսկապես,― իսկույն հարեց իշխանը, բայց այս անգամ դեմքի չափազանց պատկառազդու և լուրջ արտահայտությամբ,― դա, երևի, Լիզավետա Մակարովնան է եղել, Աննա Ֆյոդորովնա Ստոլբեևայի, որի տանը ես հիմա ապրում եմ, մտերիմ ծանոթուհին։ Նա, հավանաբար, այսօր այցելել է Դարյա Օնիսիմնովնային, նույնպես Աննա Ֆյոդորովնայի մտերմուհուն, որին նա այստեղից մեկնելիս, հանձնարարել է իր տունը...
Այս բոլորը ճիշտ այսպես էլ եղել էր։ Այդ Դարյա Օնիսիմովնան խեղճ Օլյայի մայրն էր, որի մասին ես արդեն պատմել եմ և որին Տատյանա Պավլովնան վերջապես պատսպարել էր Ստոլբեևայի տանը։ Ես հրաշալի գիտեի, որ Լիզան լինում է Ստոլբեևայի տանը և հետո հազվադեպ այցելում է խեղճ Դարյա Օնիսիմովնային, որին բոլորն էլ մեզանում շատ սիրեցին, բայց այն ժամանակ, հանկարծ, իշխանի այդ, ի դեպ, չափազանց իմաստալից հայտարարությունից և հատկապես Ստեբելկովի հիմար արարքից հետո, իսկ գուցեև այն պատճառով, որ ինձ հենց նոր իշխան անվանեցին, և հանկարծ կաս-կարմիր կտրեցի։ Բարեբախտաբար, հենց այդ րոպեին Նաշչոկինը տեղից վերկացավ, որ մեկնի, նա ձեռքը մեկնեց նաև Դարզանին։ Այն պահին, երբ ես ու Ստեբելկովը մենակ մնացինք, սա, գլխով ինձ նշաններ անելով, ցույց տվեց Դարզանին, որը դռների մեջ թիկունքով էր դեպի մեզ կանգնած։ Ես Ստեբելկովին բռունցք ցույց տվի։
Մեկ րոպեից գնաց նաև Դարզանը, նախապես պայմանավորվելով իշխանի հետ վաղը անպայման հանդիպել իրար մեջ արդեն որոշված ինչ-որ տեղում, անշուշտ, խաղատանը։ Դուրս գալիս, նա մի բան բղավեց Ստեբելկովին և թեթևակի գլուխ տվեց նաև ինձ։ Հենց որ նա դուրս եկավ, Ստեբելկովը տեղից թռավ, կանգնեց սենյակի մեջտեղում ու մատը վեր տնկեց.
― Այս պարոնիկը անցած շաբաթ մի այսպիսի օյին խաղաց, մուրհակ տվեց, բայց Ավերյանովի վրա կեղծ բլանկ գրեց։ Եվ թեև մուրհակն այդ ձևով գոյություն ունի, բայց թե այդպես ընդունված չէ։ Քրեական է։ Ութ հազար։
― Եվ երևի այդ մուրհակը ձեզ մոտ է,― գազանի պես նրան նայեցի ես։
― Բանկն է ինձ մոտ, ինձ մոտ mont de piété<ref>Լոմբարդ, փոխատվության դրամարկղ (ֆրանս.)։</ref>-ն է, ոչ թե մուրհակը։ Լսե՞լ եք, ինչ բան է mont de piété-ն Փարիզում, հաց և բարեգործություն աղքատներին. ինձ մոտ mont de piété է...
Իշխանը կոպտորեն ու չարությամբ ընդհատեց նրան.
― Ի՞նչ եք անում այստեղ։ Ինչո՞ւ էիք նստած մնացել։
― Ա՜,― արագ աչքերը թարթեց Ստեբելկովը,― թե չէ՞։ Այնպես չէ՞։
― Ոչ-ոչ-ոչ, այնպես չէ,― բղավեց ու ոտքը գետին դոփեց իշխանը,― ես արդեն ասացի։
― Դե, եթե այդպես է... թող այդպես լինի։ Միայն թե դա այդպես չէ...
Նա կտրուկ շրջվեց և, գլուխը խոնարհելով ու մեջքը կորացնելով, հանկարծ դուրս եկավ սենյակից։ Իշխանը արդեն դռների մեջ բղավեց նրա հետևից։
― Իմացեք, պարոն, որ ես ձեզնից ամենևին չեմ վախենում։
Նա շատ գրգռված էր, ուզում էր նստել, բայց, նայելով ինձ, չնստեց։ Նրա հայացքը կարծես ինձ էլ էր ասում. «Դո՛ւ ինչո՞ւ ես տնկվել այստեղ»։
― Ես, իշխան,― փորձեցի սկսել ես...
― Իսկապես ասած ես բոլորովին ժամանակ չունեմ, Արկադի Մակարովիչ, հենց հիմա մեկնում եմ։
― Մեկ րոպե, իշխան, ինձ համար սա շատ կարևոր է, և, նախ, հետ վերցրեք ձեր երեք հարյուր ռուբլին։
― Սա ի՞նչ նորություն է։
Նա քայլում էր սենյակում, բայց կանգ առավ։
― Այն նորություն է, որ այն բոլորից հետո, ինչ որ տեղի ունեցավ այստեղ... և այն, որ դուք Վերսիլովի մասին ասացիք, թե նա անպատիվ մարդ է և, վերջապես, ձեր խոսակցության տոնը մնացած ողջ ժամանակ... Մի խոսքով, ես ոչ մի կերպ չեմ կարող սա ընդունել։
― Սակայն դուք ամբողջ ամիս ''ընդունում'' էիք։
Հանկարծ նա նստեց աթոռին։ Ես կանգնած էի սեղանի մոտ և մի ձեռքով քրքրում էի Բելինսկու գիրքը, իսկ մյուսով բռնել էի լայնեզր գլխարկս։
― Ուրիշ զգացմունքներ կային, իշխան... եվ վերջապես, ես երբեք չէի հասցնի հայտնի գումարին... Այդ խաղը... Մի խոսքով, չեմ կարող։
― Դուք ուղղակի ոչնչով չեք նշանավորել ձեզ և այդ պատճառով էլ կատաղում եք. կխնդրեի ձեզ հանգիստ թողնել այդ գիրքը։
― Ի՞նչ է նշանակում «չեք նշանավորել ձեզ»։ Եվ վերջապես, դուք ձեր հյուրերի ներկայությամբ ինձ համարյա հավասարեցրիք Ստեբելկովին։
― Ա՜, ահա և խնդրի լուծումը,― կծու քմծիծաղ տվեց նա։― Դրան ավելացրած նաև այն, որ դուք շփոթվեցիք, երբ Դարզանը ձեզ իշխան անվանեց։
Նա չար ծիծաղեց։ Ես բռնկվեցի։
― Ես չեմ հասկանում անգամ... ձեր իշխանական տիտղոսը ես ձրի էլ չեմ վերցնի...
― Ես գիտեմ ձեր բնավորությունը։ Ի՜նչ ծիծաղելի բղավեցիք ի պաշտպանություն Ախմակովայի... Թողեք գիրքը։
― Դա ի՞նչ է նշանակում,― բղավեցի նաև ես։
― Թո-ղեք գիրքը,― կարծես հարձակվելու պատրաստ, մոլեգին ձգվելով բազկաթոռում, ծղրտաց հանկարծ նա։
― Դա արդեն անցնում է բոլոր սահմանները,― արտասանեցի ես և արագ դիմեցի սենյակից դուրս։ Բայց ես դեռ չէի հասել դահլիճի վերջին, երբ նա ձայն տվեց ինձ աշխատասենյակի դռնից։
― Վերադարձեք, Արկադի Մկարովիչ։ Վե-րա-դար-ձեք։ Իսկույն վե-րա-դար-ձեք։
Ես չէի լսում ու գնում էի։ Նա արագ քայլերով ինձ հասավ, բռնեց ձեռքս և քարշ տվեց աշխատասենյակ։ Ես չէի դիմադրում։
― Վերցրեք,― հուզմունքից գունատ, իմ թողած երեք հարյուր ռուբլին ինձ մեկնելով, ասում էր նա։― Անպայման վերցրեք... հակառակ դեպքում մենք... անպայման։
― ԻՆչպե՞ս կարող եմ վերցնել, իշխան։
― Դե, ուզո՞ւմ եք ձեզնից ներողություն խնդրեմ։ Դե, ներեցեք ինձ...
― Ես միշտ սիրել եմ ձեզ, իշխան, և եթե դուք ինձ նույնպես...
― Ես նույնպես, վերցրեք...
Ես վերցրի։ Նրա շրթունքները դոդում էին։
― Հասկանում եմ, իշխան, որ այդ սրիկան ձեզ կատաղության է հասցրել... բայց ես միայն այն դեպքում կվերցնեմ, իշխան, եթե մենք համբուրվենք, ինչպես մեր նախորդ տարաձայնությունների ժամանակ...
Այս ասելիս ես էլ էի դողում։
― Այ քեզ քնքշություններ,― շփոթված ժպտալով՝ կմկմաց իշխանը, բայց կռացավ ու համբուրեց ինձ։ Ես ցնցվեցի, նրա դեմքին համբույրի պահին որոշակի զզվանք տեսա։
― Գոնե փող բերե՞ց ձեզ համար...
― Էհ, միևնույն է։
― Ես ձեզ համար եմ...
― Բերեց, բերեց։
― Իշխան, մենք բարեկամներ ենք եղել... և, վերջապես, Վերսիլովը...
― Դե լավ, իհարկե, իհարկե։
― Եվ, վերջապես, ես իրոք վերջնականապես չգիտեմ, այս երեք հարյուրը...
Ես փողը ձեռքումս էի պահել։
― Վերցրեք, վեր-ցը-րեք,― նորից քմծիծաղ տվեց նա, բայց նրա ժպիտում ինչ-որ շատ չար բան կար։
Ես վերցրի։
=== Գլուխ երրորդ ===
'''I'''
Ես վերցրի, որովհետև սիրում էի նրան։ Նրան, ով չի հավատա, ես կպատասխանեմ, որ, համենայն դեպս այն րոպեին, երբ վերցնում էի նրանից այդ փողը, ես հաստատ համոզված էի, որ եթե ուզենամ, ապա շատ էլ լավ կարող եմ մի ուրիշ աղբյուրից ճարել։ Եվ այդ պատճառով, ուրեմն, վերցրել եմ ոչ թե ծայրահեղ վիճակում լինելով, այլ նրբանկատությունից, միայն որպեսզի նրան չվիրավորեմ։ Ավա՜ղ, այդպես էի դատում ես այն ժամանակ։ Եվ այնուամենայնիվ, դուրս գալով նրա տնից, ես ինձ շատ վատ զգացի, ես տեսնում էի նրա արտակարգ փոխվելն իմ նկատմամբ այդ առավոտյան, այդպիսի տոնով նա դեռ երբեք չէր խոսել ինձ հետ, իսկ Վերսիլովի դեմ դա արդեն կատարյալ ապստամբություն էր։ Ստեբելկովն ինչ-որ բանով, իհարկե, շատ էր վրդովել նրան քիչ առաջ, բայց նա սկսել էր դեռ մինչև Ստեբելկովը։ Մի անգամ էլ կրկնեմ․ սկզբնականի հետ համեմատած՝ փոփոխություն կարելի էր նկատել նաև բոլոր վերջին օրերի ընթացքում, բայց ոչ այսպիսի, ոչ այս աստիճանի, ահա թե ինչն է գլխավորը։ Կարող էր ազդել նաև այդ ֆլիգել-ադյուտանտ բարոն Բյորինգի մասին լուրը... Ես էլ հուզված պոռթկացի, բայց... Բանն էլ հենց այդ է, որ այն ժամանակ բոլորովին այլ բան էր շողշողում, և ես թեթևամտորեն այնքա՜ն բան էի թողնում, որ աչքիցս վրիպի, շտապում էի թողնել, վանում էի ինձնից բոլոր մռայլները և դիմում շողշողացողին...
Դեռ կեսօրվա ժամը մեկը չկար։ Իշխանի մոտից ես իմ Մատվեյով դիմեցի ուղիղ (կհավատա՞ք, թե ում մոտ) Ստեբելկովի մոտ։ Բանն էլ հենց այդ է, որ քիչ առաջ նա ինձ զարմացրեց ոչ այնքան իր գալով իշխանի մոտ (քանի որ նա իշխանին խոստացել էր գալ), որքան նրանով, որ թեև համաձայն իր հիմար սովորության, բայց ամենևին ոչ այն թեմայով, որով սպասում էի ես։ Երեկ երեկոյան քաղաքային փոստով ինձ համար բավական առեղծվածային մի երկտող էի ստացել նրանից, որով նա շատ խնդրում էր ինձ հենց այսօր ժամը մեկից հետո լինել իր մոտ և որ «ինքը կարող է ինձ համար անսպասելի բաներ հաղորդել ինձ»։ Եվ ահա այս նամակի մասին հիմա, իշխանի մոտ, որևէ ակնարկ անգամ չարեց։ Ի՞նչ գաղտնիքներ կարող են լինել Ստեբելկովի և իմ միջև։ Նման միտքը նույնիսկ ծիծաղելի էր. բայց նկատի ունենալով ողջ տեղի ունեցածը, այժմ նրա մոտ ճանապարհվելով, նույնիսկ մի քիչ հուզված էի։ Ես մի անգամ, մի երկու շաբաթ սրանից առաջ, իհարկե, փողի խնդրով դիմել եմ նրան, և նա տվել է, բայց չգիտես ինչու, այն ժամանակ մենք իրարից բաժանվեցինք, և ես ինքս փողն այդ չվերցրի, այն ժամանակ նա ըստ իր սովորության ինչ-որ անհստակ բան մրթմրթաց, և ինձ թվաց, թե նա ուզում էր ինչ-որ բան, ինչ-որ հատուկ պայմաններ առաջարկել, իսկ քանի որ ես մշտապես որոշակիորեն վերից վար քամահրում էի նրան ամեն անգամ, երբ հանդիպում էի իշխանի մոտ, ապա հպարտորեն ընդհատեցի հատուկ պայմանների մասին յուրաքանչյուր միտք և դուրս եկա, թեև նա հետապնդում էր ինձ մինչև դուռը․ ես այն ժամանակ իշխանից վերցրի։
Ստեբելկովն ապրում էր միանգամայն մեկուսացած և ապրում էր հարուստ. չորս հրաշալի սենյակից բաղկացած բնակարան, լավ կահկարասի, կին ու տղամարդ ծառաներ և մի տնտեսվարուհի, ի դեպ, բավական տարեց։ Ես զայրացած ներս մտա։
― Լսեցեք, պարոն,― սկսեցի ես դեռ դռնից ներս չմտած,― առաջինը ի՞նչ է նշանակում այս երկտողը։ Իմ և ձեր միջև որևէ նամակագրություն ես հնարավոր չեմ համարում։ Եվ ինչո՞ւ քիչ առաջ ուղղակի իշխանի մոտ դուք չհայտնեցիք այն, ինչ ձեզ պետք է։ Ես պատրաստ էի ձեզ լսել։
― Իսկ դուք ինչո՞ւ քիչ առաջ լսել էիք ու ոչինչ չէիք հարցնում,― ամենաինքնագոհ ժպիտով բերանը տարածեց նա։
― Որովհետև ոչ թե ես ձեր կարիքն ունեմ, այլ դուք իմ կարիքն ունեք,― հանկարծ տաքանալով բղավեցի ես։
― Իսկ եթե այդպես է, էլ ինչո՞ւ եք ինձ մոտ ժամանել,― հաճույքից քիչ մնաց, որ նա տեղից թռչեր։ Ես վայրկենապես շրջվեցի և ուզում էի հեռանալ, բայց նա ուսիցս բռնեց։
― Ոչ, ոչ, ես կատակեցի։ Կարևոր գործ է. ինքներդ կտեսնեք։
Ես նստեցի։ Խոստովանում եմ, ես հետաքրքրված էի։ Մենք նստեցինք մեծ գրասեղանի ծայրին, մեկս մյուսի դիմաց։ Նա խորամանկորեն ժպտաց և ուզեց մատը տնկել։
― Խնդրեմ, առանց ձեր խորամանկությունների և առանց մատների, և, որ գլխավորն է, առանց ամեն տեսակ այլաբանությունների, ուղիղ գործից սկսեք, թե չէ հենց հիմա կգնամ,― նորից զայրագին բղավեցի ես։
― Դուք... հպարտ եք,― ինչ-որ հիմար կշտամբանքով, բազկաթոռով դեպի ինձ թեքվելով և ճակատի բոլոր կնճիռները դեպի վեր մղելով արտասանեց նա։
― Հենց այդպես էլ պետք է ձեզ հետ։
― Դուք... այսօր իշխանից փող եք վերցրել, երեք հարյուր ռուբլի, ես փող ունեմ։ Իմ փողն ավելի լավն է։
― Ի՞նչ գիտեք, թե վերցրել եմ,― սոսկալի զարմացա ես։― Բայց մի՞թե նա ինքն է ձեզ այդ ասել։
― Ինքն է ինձ ասել, մի անհանգստացեք, հենց այնպես, հարևանցիորեն, խոսքին համընկավ, հենց միայն մի խոսքի, դիտմամբ չասաց։ Ինքն ինձ ասաց։ Իսկ կարելի էր նրանից չվերցնել։ Այդպե՞ս է, թե այդպես չէ։
― Բայց դուք, լսել եմ, անտանելի տոկոսներ եք պոկում։
― Ես mont de piété եմ պահում, և չեմ էլ պոկում։ Եվ միայն մտերիմների համար եմ պահում, իսկ ուրիշներին չեմ տալիս։ Ուրիշների համար mont de piété-ն...
Այդ mont de piété-ն ամենասովորական փողի փոխտվություն էր գրավով, ինչ-որ մեկի անունով, մի ուրիշ բնակարանում և ծաղկում էր ըստ ամենայնի։
― Իսկ մտերիմներիս ես մեծ գումարներ եմ տալիս։
― Իսկ ի՞նչ է, իշխանը ձեզ այդքան մտերիմ մա՞րդ է։
― Մը-տե-րիմ է. բայց... ձևեր է բանեցնում։ Նա չպիտի համարձակվի ձևեր բանեցնել։
― Իսկ ի՞նչ է, այդքան ձեր բռի մե՞ջ է։ Եվ մե՞ծ է պարտքը։
― Մեծ է... պարտքը։
― Նա ձեզ կվճարի, ժառանգություն ունի...
― Դա նրա ժառանգությունը չէ. նա փող է պարտք, նաև մի ուրիշ բան է պարտք։ Ժառանգությունը բավական չէ։ Ես ձեզ առանց տոկոսների կտամ։
― Նույնպես որպես «մտերիմի՞»։ Այդ ինչո՞վ եմ վաստակել,― ծիծաղեցի ես։
― Կվաստակեք։― Նա կրկին ամբողջ մարմնով դեպի ինձ մղվեց և փորձեց մատը տնկել։
― Առանց մատների, Ստեբելկով, թե չէ կգնամ։
― Լսեցեք... Նա կարող է ամուսնանալ Աննա Անդրեևնայի հետ։― Եվ նա ահավոր ձևով կկոցեց իր ձախ աչքը։
― Լսեք, Ստեբելկով, խոսակցությունն այնքան խայտառակ բնույթ է ստանում... Ինչպե՞ս եք համարձակվում Աննա Անդրեևնայի անունը տալ։
― Մի բարկացեք։
― Ես միայն ինձ վրա ուժ գործ դնելով եմ լսում, որովհետև ինչ-որ մի խարդախություն եմ պարզ տեսնում և ուզում եմ իմանալ... Բայց ես կարող եմ չդիմանալ, Ստեբելկով։
― Մի բարկացեք, գոռոզություն մի արեք։ Մի քիչ գոռոզություն մի արեք և ականջ դրեք, իսկ հետո նորից գոռոզացեք։ Աննա Անդրեևնայի մասին գիտեք, չէ՞։ Այն մասին, որ իշխանը կարող է ամուսնանալ նրա հետ... Գիտեք, չէ՞։
― Այդ մտքի մասին, իհարկե, լսել եմ և ամեն բան գիտեմ, բայց իշխանի հետ երբեք այդ մասին չեմ խոսել։ Միայն գիտեմ, որ այդ միտքը ծագել է ծեր իշխան Սոկոլսկու գլխում, որը հիմա էլ հիվանդ է. բայց ես երբեք ոչինչ չեմ խոսել և ոչ մի մասնակցություն դրանում չեմ ունեցել։ Հայտնելով ձեզ սա միմիայն բացատրելու նպատակով՝ թույլ եմ տալիս ինձ հարցնելու ձեզ, առաջինը՝ ինչի՞ համար եք դո՛ւք այդ մասին խոսում ինձ հետ։ Եվ երկրորդը՝ մի՞թե իշխանը նման բաների մասին խոսում է ''ձեզ հետ''։
― Նա չի ինձ հետ խոսում, նա չի ուզում ինձ հետ խոսել, այլ ե՛ս եմ խոսում նրա հետ, իսկ նա չի ուզում լսել։ Քիչ առաջ գոռում էր։
― Պետք է, որ գոռար։ Ես հավանություն ես տալիս նրան։
― Ծերուկը՝ իշխան Սոկոլսկին, Աննա Անդրեևնային հարուստ օժիտ կտա. Աննա Անդրեևնան շահել է նրա սիրտը։ Այդ դեպքում փեսացուն՝ իշխան Սոկոլսկին, կվերադարձնի բոլոր փողերս։ Եվ ոչ փողային պարտքն էլ կտա։ Հաստատ կտա։ Իսկ հիմա նա չունի, որ տա։
― Իսկ ես, ես ձեր ինչի՞ն եմ պետք։
― Դուք գլխավոր հարցի համար եք պետք, դուք ծանոթ եք. դուք այնտեղ բոլորի հետ ծանոթ եք։ Դուք կարող եք ամեն բան իմանալ։
― Ախ, գրողը տանի... ի՞նչ իմանալ։
― Ուզո՞ւմ է, արդյոք, իշխանը, ուզում է Աննա Անդրեևնան, ուզո՞ւմ է ծեր իշխանը։ Հաստատապես իմանալ։
― Եվ դուք հանդգնում եք առաջարկել ինձ ձեր լրտե՞սը դառնալ, և այն էլ փողով,― վրդովված վեր թռա ես։
― Մի գոռոզացեք, մի գոռոզացեք։ Միայն մի քիչ էլ մի գոռոզացեք, ընդամենը մի հինգ րոպե։― Նա նորից նստեցրեց ինձ, նա, ըստ երևույթին, չէր վախենում ոչ իմ շարժումներից, ոչ էլ բացականչություններից, բայց ես որոշեցի լսել մինչև վերջ։
― Ես պետք է շուտ իմանամ, շուտ իմանամ, որովհետև... որովհետև գուցե շուտով ուշ կլինի արդեն։ Տեսա՞ք քիչ առաջ ինչպես դառը հաբը կուլ տվեց, երբ սպան բարոնի ու Ախմակովայի մասին խոսեց։
Ես որոշակիորեն ստորանում էի, որ շարունակում էի լսել, բայց իմ հետաքրքրությունը անհաղթահարելիորեն բորբոքված էր։
― Լսեցեք, դուք... անպիտան մարդ,― վճռականորեն ասացի ես։― Եթե ես այստեղ նստել, լսում ու հանդուրժում եմ, որ խոսվի այնպիսի անձնավորությունների մասին... և նույնիսկ ինքս եմ պատասխանում, ապա ամենևին ոչ այն պատճառով, որ վերապահում եմ ձեզ այդ իրավունքը։ Ես ուղղակի ինչ-որ ստորություն եմ տեսնում... Նախ, ի՞նչ հույսեր կարող է ունենալ իշխանը Կատերինա Նիկոլաևնայի նկատմամբ։
― Ոչ մի, բայց կատաղում է։
― Դա սուտ է։
― Կատաղում է։ Հիմա, ուրեմն, Ախմակովան փաս։ Այստեղ նա պլիեն տանուլ տվեց։ Հիմա նրա համար մնում է միայն Աննա Անդրեևնան։ Ես ձեզ երկու հազար կտամ... առանց տոկոսների և առանց մուրհակի։
Արտասանելով սա՝ նա վճռականորեն ու փքված հետ ընկավ աթոռի թիկնակին և աչքերը չռեց ինձ վրա։ Ես էլ լարված նրան էի նայում։
― Ձեր հագին Բոլշայա Միլյոննայայից գնված զգեստներ են. փող է հարկավոր դրա համար, փող. իմ փողն ավելի լավն է, քան նրանը։ Ես երկու հազարից ավելի կտամ...
― Բայց ինչի՞ համար։ Ինչի՞ համար, գրողը տանի։
Ես ոտքս գետին դոփեցի։ Նա թեքվեց դեպի ինձ ու ազդու արտասանեց.
― Այն բանի, որ չխանգարեք։
― Ես առանց այն էլ ոչ մի բանի չեմ առնչվում,― բղավեցի ես։
― Գիտեմ, որ դուք լռում եք. դա լավ է։
― Ես ձեր հավանության կարիքը չունեմ։ Ես իմ կողմից շատ եմ ուզում, որ այդպես լինի, բայց կարծում եմ, որ դա իմ գործը չէ և ինձ համար դա նույնիսկ անպարկեշտություն է։
― Տեսնո՞ւմ եք, տեսնո՞ւմ եք, անպարկեշտություն է,― մատը տնկեց նա։
― Ի՞նչը տեսնում եք։
― Անպարկեշտությունը... Հը,― և նա հանկարծ ծիծաղեց։― Ես հասկանում եմ, հասկանում եմ, որ ձեզ համար անպարկեշտություն է, բայց... չե՞ք խանգարի,― աչքով արեց նա, բայց այս աչքով անելու մեջ մի ինչ-որ այնքան անպատկառ, նույնիսկ ծաղրական, ստոր բան կար։ Հենց նա էլ իմ մեջ ինչ-որ ստորություն էր ենթադրում և այդ ստորության վրա էր հույս դնում... Դա պարզ էր, բայց ես ոչ մի կերպ չէի հասկանում, թե բանն ինչումն է։
― Աննա Անդրեևնան էլ է ձեր քույրը,― ազդու արտասանեց նա։
― Չհամարձակվեք այդ մասին խոսել։ Եվ ընդհանրապես չհամարձակվեք Աննա Անդրեևնայի մասին խոսել։
― Գոռոզություն մի արեք միայն մեկ րոպե ևս։ Լսեցեք, նա փողը կստանա և բոլորիդ կապահովի,― ծանրակշիռ ասաց Ստեբելկովը,― բոլորիդ, ''բոլորիդ'', հետևո՞ւմ եք իմ մտքին։
― Ուրեմն դուք կարծում եք, որ ես նրանից փող կվերցնե՞մ։
― Չէ՞ որ հիմա վերցնում եք։
― Ես իմն եմ վերցնում։
― Ո՞րն է ձերը։
― Դա Վերսիլովի փողերն են. նա Վերսիլովին քսան հազար է պարտք։
― Բայց Վերսիլովին, ոչ թե ձեզ։
― Վերսիլովն իմ հայրն է։
― Ոչ, դուք Դոլգոռուկի եք, ոչ թե Վերսիլով։
― Դա միևնույն է։
Իսկապես, ես կարող էի այն ժամանակ այսպես դատել։ Ես գիտեի, որ միևնույն չէ, ես այդքան հիմար չէի, բայց նույն այն «նրբանկատությունից» այսպես էի դատում այն ժամանակ։
― Բավական է,― բղավեցի ես։― Ես ամենևին ոչինչ չեմ հասկանում։ Եվ ինչպես կարող էիք նման դատարկ բաների համար կանչել ինձ։
― Մի՞թե իսկապես չեք հասկանում։ Դիտմամբ եք ասում, թե՞ ոչ,― խորաթափանց հայացքով և ինչ-որ չվստահող ժպիտով ինձ դիտելով դանդաղ արտասանեց Ստեբելկովը։
― Աստված վկա, չեմ հասկանում։
― Ասում եմ, նա կարող է բոլորիդ ապահովել, ''բոլորիդ'', միայն մի խանգարեք և մտադրությունից հետ չհամոզեք...
― Դուք, երևի, խելագարվել եք։ Ի՞նչ եք դուրս բերում այդ «բոլորիդ» ասելով։ Ի՞նչ է, Վերսիլովի՞ն պետք է ապահովի։
― Մենակ դուք չեք, և ոչ էլ Վերսիլովը... այստեղ ուրիշներն էլ կան։ Իսկ Աննա Անդրեևնան ձեր նույնպես քույրն է, ''ինչպիսին որ Լիզավետա Մակարովնան է''։
Ես նայում էի աչքերս չռած։ Հանկարծ ինձ նույնիսկ խղճացող ինչ-որ բան առկայծեց նրա գարշելի հայացքում։
― Չեք հասկանում, ուրեմն այդպես ավելի լավ է։ Դա լավ է, շատ լավ, որ չեք հասկանում։ Դա գովելի է... միայն եթե իսկապես չեք հասկանում։
Ես կատարելապես գազազեցի.
― Կոր-սը-վեք ձեր դատարկաբանությունների հետ միասին, ցնդած մարդ,― գլխարկս վերցնելով բղավեցի ես։
― Դրանք դատարկ բաներ չեն։ Ուրեմն եղա՞վ։ Բայց գիտե՞ք դուք կրկին գալու եք։
― Ոչ,― կտրեցի ես արդեն շեմին։
― Գալու եք, և այն ժամանակ... այն ժամանակ ուրիշ խոսակցություն կլինի։ Գլխավոր խոսակցությունը կլինի։ Երկու հազար, հիշեցեք։
'''II'''
Ինձ վրա նա այնպիսի կեղտոտ ու պղտոր տպավորություն թողեց, որ, դուրս գալով նրա մոտից, ես նույնիսկ աշխատում էի չմտածել, այլ միայն թքում էի։ Այն միտքը, որ իշխանը կարող էր խոսել նրա հետ իմ մասին և այս փողի մասին, գնդասեղի պես ծակում էր ինձ։ «Կշահեմ և այսօրևեթ կվերադարձնեմ»,― մտածեցի ես վճռականորեն։
Որքան էլ որ հիմար էր ու ծանրալեզու Ստեբելկովը, ես նրա մեջ տեսնում էի իր ամբողջ փայլով, վառ արտահայտված մի սրիկայի, և որ գլխավորն է, տեսնում էի, որ բանն առանց որևէ խարդավանքի այստեղ չի կարող լինել։ Բայց այդ պահին ժամանակ չունեի խորանալու ոչ մի խարդավանքի մեջ, և դա էր իմ հավկուրության գլխավոր պատճառը։ Ես անհանգստացած նայեցի ժամացույցիս, բայց նույնիսկ երկուսը դեռ չկար, ուրեմն, դեռ կարելի էր մի այցելություն անել, հակառակ դեպքում մինչև երեքը ես կմեռնեի անհանգստությունից։ Ես գնացի քրոջս՝ Աննա Անդրեևնա Վերսիլովայի մոտ։ Նրա հետ ես վաղուց արդեն ծանոթացել էի իմ ծերուկ իշխանի մոտ, հենց նրա հիվանդ ժամանակ։ Այն միտքը, որ ես արդեն երեք-չորս օր չեմ տեսել նրան, տանջում էր խիղճս, բայց հենց Աննա Անդրեևնան էլ փրկել էր ինձ. իշխանը մեծ համակրանքով էր լցվել նրա նկատմամբ և ինձ հետ խոսելիս նրան նույնիսկ իր պահապան-հրեշտակն էր անվանում։ Ի դեպ, նրան իշխան Սերգեյ Պետրովիչի հետ ամուսնացնելու միտքը, իսկապես ծագել էր իմ ծերուկի գլխում, և նա քանիցս արտահայտել էր այն իմ ներկայությամբ, իհարկե, որպես գաղտնիք։ Ես այդ միտքը Վերսիլովին հաղորդեցի, առաջներում էլ նկատած լինելով, որ առօրյա բոլոր բաներից, որոնց նկատմամբ այնքա՜ն անտարբեր էր Վերսիլովը, նա միշտ մի տեսակ առանձնապես էր հետաքրքրվում, երբ ես որևէ բան էի հաղորդում նրան իմ ու Աննա Անդրեևնայի հանդիպումներից։ Վերսիլովն այն ժամանակ քրթմնջաց, թե Աննա Անդրեևնան չափազանց խելոք է և նման փափկանկատ գործում կարող է առանց կողմնակի խորհուրդների յոլա գնալ։ Ստեբելկովն անշուշտ իրավացի էր, որ ծերունին նրան օժիտ կտա, բայց ինչպես էր նա համարձակվում ինքը որևէ հույս ունենալ այս գործում։ Այն ժամանակ իշխանը գոռաց նրա հետևից, որ ամենևին չի վախենում նրանից, և իսկապես, արդյոք Ստեբելկովը նրան առանձնասենյակում չի ասել Աննա Անդրեևնայի մասին, պատկերացնում եմ, թե ինչպես կկատաղեի ես, եթե նրա տեղը լինեի։
Վերջին ժամանակներս ես նույնիսկ բավական հաճախ էի լինում Աննա Անդրեևնայի մոտ։ Բայց այստեղ միշտ մի տարօրինակ բան էր պատահում. մշտապես ինքն էր ժամ նշանակում, որ ես գամ, և իհարկե, հաստատ սպասում էր ինձ, բայց, ներս մտնելուս պես անպայման ձևանում էր, որ ես ակամա ու անսպասելի եմ եկել, նրա այս գիծը ես նկատել էի, բայց, այնուամենայնիվ, սրտանց կապվել էի նրա հետ։ Նա ապրում էր Ֆանարիոտովայի՝ իր տատիկի մոտ, իհարկե, որպես նրա սանուհի (Վերսիլովը ոչինչ չէր տալիս նրա ապրուստի համար), բայց բոլորովին ոչ այն դերում, որում սովորաբար նկարագրում են սանուհիներին նշանավոր տիկինների տներում, ինչպես, օրինակ, ծեր կոմսուհու սանուհին Պուշկինի «Ագռավի թագուհին» վիպակում։ Աննա Անդրեևնան ինքը կարծես կոմսուհի լիներ։ Նա այս տանն ապրում էր բոլորովին առանձին, այսինքն թեև Ֆանարիոտովայի հետ միևնույն հարկում և միևնույն բնակարանում, բայց առանձին երկու սենյակներում, այնպես որ ներս մտնելիս ու դուրս գալիս, ես, օրինակ, Ֆանարիոտովներից ոչ մեկին ոչ մի անգամ չեմ հանդիպել։ Նա իրավունք ուներ իր մոտ հյուր ընդունել ում ուզեր և իր ամբողջ ժամանակը ծախսեր ինչպես որ ուզեր։ Ճիշտ է, որ նրա քսաներկուսն արդեն լրացել էր։ Բարձրաշխարհիկ հասարակության մեջ վերջին տարում նա համարյա դադարել էր երևալուց, թեև Ֆանարիոտովան ծախքերի մեջ ժլատություն չէր անում թոռնուհու համար, որին, ինչպես լսել էի, շատ էր սիրում։ Ընդհակառակը, Աննա Անդրեևնայի մեջ ինձ հենց այն էր դուր գալիս, որ ես նրան հանդիպում էի միշտ համեստ զգեստներով, միշտ որևէ բանով զբաղված, գիրք կարդալիս կամ ձեռագործ անելիս։ Նրա տեսքում մի ինչ-որ մենաստանային, համարյա միանձնուհի հիշեցնող բան կար, և դա ինձ դուր էր գալիս։ Նա շատախոս չէր, բայց միշտ խոսում էր կշռադատված և սոսկալի լսել գիտեր, այն, ինչը ես երբեք չէի կարողանում։ Երբ ես նրան ասում էի, թե նա, ոչ մի ընդհանուր դիմագիծ չունենալով, արտակարգ կերպով, սակայն, հիշեցնում է ինձ Վերսիլովին, նա միշտ թեթև շառագունում էր։ Նա հաճախ էր շառագունում և միշտ արագ, բայց միշտ միայն մի թեթև, և ես շատ սիրեցի նրա դեմքի այդ առանձնահատկությունը։ Նրա ներկայությամբ Վերսիլովին ես երբեք ազգանունով չէի կոչում, այլ անպայման Անդրեյ Պետրովիչ, և դա մի տեսակ ինքն իրեն էր ստացվել։ Ես շատ լավ նկատել էի, որ Ֆանարիոտովներն ընդհանրապես ինչ-որ չափով ամաչում էին Վերսիլովի համար․ ի դեպ, ես միայն Աննա Անդրեևնայով էի դա նկատել, թեև այդ էլ չգիտեմ, թե կարելի՞ է, արդյոք, այստեղ «ամաչում» բառը գործածել, բայց դրա նման մի բան, այնուամենայնիվ, կար։ Նրա մոտ ես խոսք էի բաց անում նաև իշխան Սերգեյ Պետրովիչի մասին, և նա ուշադիր լսում էր և, ինձ թվում էր, որ հետաքրքրվում էր այդ տեղեկություններով, բայց միշտ կարծես այնպես էր ստացվում, որ ես ինքս եմ դրանք հաղորդում, իսկ ինքը երբեք հարց ու փորձ չի անում։ Նրանց միջև ամուսնության հնարավորության մասին ես երբեք չէի համարձակվում խոսք բացել, թեև հաճախ ուզում էի, որովհետև այդ միտքը որոշ չափով ինձ էլ էր դուր գալիս։ Բայց նրա սենյակում ես զրկվում էի շատ ու շատ բաների մասին խոսելու համարձակությունից և, ընդհակառակը, չափազանց լավ էի զգում ինձ նրա սենյակում։ Շատ էի սիրում նաև, որ նա շատ կրթված է և շատ կարդացած, այն էլ խելոք գրքեր, ինձնից շատ ավելի կարդացած։
Առաջին անգամ նա ինքն ինձ իր տուն հրավիրեց։ Ես այն ժամանակ էլ էի հասկանում, որ նա միգուցե, հույս ունի երբեմն ինչ-որ բաներ ինձնից դուրս կորզել։ Օ՜, այն ժամանակ շատերը կարող էին շատ ու շատ բաներ ինձնից տեղեկանալ։ «Բայց ի՞նչ կա դրանում,― մտածում էի ես,― չէ՞ որ հենց միայն դրա համար չէ նա ինձ իր տանն ընդունում», մի խոսքով, ես նույնիսկ ուրախ էի, որ կարող էի նրա համար օգտակար լինել և... և երբ նրա հետ նստած էի լինում, մտքումս միշտ ինձ թվում էր, որ քույրս է նստած իմ կողքին, թեև մեր ազգականության մասին մենք դեռ ոչ մի անգամ չէինք խոսել, ոչ մի բառով, ոչ նույնիսկ ակնարկով, կարծես դա գոյություն էլ չուներ ամենևին։ Նրա մոտ նստածս ժամանակ ինձ կարծես միանգամայն անիմաստ էր թվում դրա մասին խոսելը և, իսկապես, նրան նայելիս, երբեմն անհեթեթ մի միտք էր անցնում գլխովս, միգուցե նա ամենևին չգիտի էլ այդ ազգականության մասին, այնքան այդպես էր պահում նա իրեն ինձ հետ։
'''III'''
Ներս մտնելով ես հանկարծ տեսա նրա մոտ Լիզային։ Դա համարյա ցնցեց ինձ։ Ինձ քաջ հայտնի էր, որ նրանք առաջներում էլ հանդիպել էին. դա տեղի էր ունեցել «ծծկեր երեխայի» մոտ։ Հպարտ ու ամաչկոտ Աննա Անդրեևնայի՝ այդ երեխային տեսնելու ցնորամտության և այնտեղ Լիզային հանդիպելու մասին ես, գուցե, հետո կպատմեմ, եթե տեղը գա, բայց, այնուամենայնիվ, ես ամենևին չէի սպասում, թե Աննա Անդրեևնան երբևէ Լիզային հրավիրած լինի իր տուն։ Դա ինձ հաճելի զարմանք պատճառեց։ Զարմանքս, անշուշտ, ցույց չտալով, ես, Աննա Անդրեևնային բարևելուց և Լիզայի ձեռքը ջերմորեն սեղմելուց հետո, նստեցի նրա կողքին։ Նրանք երկուսն էլ ''գործով'' էին զբաղված․ սեղանին ու նրանց ծնկներին փռված էր Աննա Անդրեևնայի հասարակության մեջ երևալու հարուստ, բայց հին, այսինքն երեք անգամ արդեն հագած, շրջազգեստը, որը նա ուզում էր ինչ-որ կերպ ձևափոխել։ Այդ գործում Լիզան մեծ «վարպետ» էր և ճաշակ ուներ, այդ պատճառով էլ տեղի էր ունենում «իմաստուն կանանց» հանդիսավոր խորհուրդը։ Ես հիշեցի Վերսիլովին ու ծիծաղեցի, և ընդհանրապես էլ այդ պահին շենշող տրամադրություն ունեի։
― Դուք այսօր շատ ուրախ եք, և դա շատ հաճելի է,― ասաց Աննա Անդրեևնան՝ նշանակալից ու հատ-հատ արտասանելով բառերը։ Նրա ձայնը թավ ու հնչեղ կոնտրալտո էր, բայց նա միշտ խոսում էր հանգիստ ու ցածրաձայն, մի փոքր ցած ուղղելով իր երկար արտևանունքներն ու հազիվ նշմարելի առկայծող ժպիտը գունատ դեմքին։
― Լիզան գիտե, թե ինչ տհաճն եմ ես, երբ տխուր եմ,― պատասխանեցի ես ուրախ։
― Միգուցե, Աննա Անդրեևնան էլ դա գիտե,― կծեց ինձ չարաճճի Լիզան։ Սիրելի՜ս։ Եթե ես իմանայի, թե ի՜նչ էր կատարվում նրա հոգում այն ժամանակ։
― Հիմա ի՞նչ եք անում,― հարցրեց Աննա Անդրեևնան։ (Նկատեմ, որ նա նույնիսկ խնդրել էր, որ հենց այսօր լինեմ իր մոտ)։
― Հիմա նստած եմ այստեղ և ինքս ինձ հարց եմ տալիս․ ինչո՞ւ ինձ համար միշտ ավելի հաճելի է տեսնել ձեզ գիրք կարդալիս, քան թե ձեռագործ անելիս։ Չէ. իսկապես, ձեռագործը, չգիտես ինչու, ձեզ չի սազում։ Այդ տեսակետից ես քաշել եմ Անդրեյ Պետրովիչին։
― Այդպես էլ դեռ չե՞ք որոշել համալսարան ընդունվել։
― Չափից դուրս շնորհակալ եմ, որ դուք մեր զրույցները չեք մոռանում. դա նշանակում է, որ դուք երբեմն մտածում եք իմ մասին, բայց... համալսարանի մասին ես դեռ լրիվ պատկերացում չեմ կազմել, համ էլ ես իմ նպատակներն ունեմ։
― Այսինքն՝ իր գաղտնիքն ունի,― նկատեց Լիզան։
― Կատակներդ թող, Լիզա։ Մի խելոք մարդ օրերս այն միտքն արտահայտեց, թե վերջին քսան տարվա մեր ողջ առաջադիմական շարժումով մենք նախ և առաջ ապացուցել ենք, որ անմաքուր անուս ենք։ Այստեղ, իհարկե, ասված է նաև մեր համալսարանականների մասին։
― Դա, երևի, հայրիկն է ասել, դու չափազանց հաճախ ես կրկնում նրա մտքերը,― նկատեց Լիզան։
― Լիզա, կարելի է կարծել, թե դու չես էլ ենթադրում, որ ես սեփական խելք կարող եմ ունենալ։
― Մեր ժամանակներում օգտակար է խելոք մարդկանց խոսքը ուշադիր լսել և միտքը պահել այն,― թեթևակի ինձ պաշտպան կանգնեց Աննա Անդրեևնան։
― Ճիշտ այդպես, Աննա Անդրեևնա,― կրակոտ հարեցի ես։― Ով չի ստածում Ոուսաստանի ներկա րոպեի մասին, նա քաղաքացի չէ։ Միգուցե ես Ոուսաստանին տարօրինակ տեսակետից եմ նայում․ մենք դիմացել ենք թաթարական արշավանքներին, հետո երկդարյա ստրկությանը և անշուշտ այն պատճառով, որ թե մեկը, թե մյուսը մեզ դուր են եկել։ Հիմա ազատություն է տրված, և պետք է ազատությանը դիմանանք․ կկարողանա՞նք արդյոք։ Եվ արդյո՞ք նույնքան դուր կգա մեզ ազատությունը, այս է խնդիրը։
Լիզան արագ նայեց Աննա Անդրեևնային, իսկ սա հայացքն իսկույն գետնին հառեց ու սկսեց ինչ-որ բան իր շուրջը փնտրել, ես տեսնում էի, որ Լիզան բոլոր ուժերը գործադրում էր, որ իրեն զսպի, բայց հանկարծ մեր հայացքներն ակամա հանդիպեցին, և նա ծիծաղից փռթկաց։ Ես բռնկվեցի։
― Լիզա, դու անըմբռնելի ես։
― Ներիր ինձ,― դադարելով ծիծաղել ու համարյա թախծալի հանկարծ ասաց նա։― Աստված գիտե, թե ինչ է կատարվում գլխումս...
Եվ իսկապես հանկարծ արտասուք դողաց նրա ձայնի մեջ։ Ես սոսկալի ամաչեցի, բռնեցի նրա ձեռքը և պինդ համբուրեցի։
― Դուք շատ բարի եք,― տեսնելով, որ ես համբուրում եմ Լիզայի ձեռքը, մեղմ նկատեց Աննա Անդրեևնան։
― Ամենից շատ ես ուրախ եմ նրա համար, Լիզա, որ այս անգամ տեսնում եմ քեզ ծիծաղելիս,― ասացի ես։― Հավատո՞ւմ եք, Աննա Անդրեևնա, վերջին օրերս նա ամեն անգամ դիմավորում էր ինձ մի տեսակ տարօրինակ հայացքով, իսկ հայացքում կարծես ծվարած հարցով. «Հը՞, որևէ բան չե՞ս իմացել։ Արդյոք ամեն բան բարեհաջո՞ղ է»։ Իսկապես, նրա հետ նման մի բան է կատարվում։
Աննա Անդրեևնան դանդաղ ու աչալուրջ նրան նայեց։ Լիզան հայացքը գետնին հառեց։ Ի դեպ, ես շատ լավ տեսնում էի, որ նրանք շատ ավելի մոտիկից են իրար ծանոթ, քան ես կարող էի ենթադրել, քիչ առաջ ներս մտնելով, այդ միտքն ինձ համար հաճելի էր։
― Դուք հիմա ասացիք, որ ես բարի եմ. դուք ուղղակի չեք հավատա, թե ինչպես եմ ես դեպի լավը փոխվում ձեզ մոտ և որքա՜ն հաճելի է ինձ համար ձեզ մոտ լինելը, Աննա Անդրեևնա,― ասացի ես զգացումնալից։
― Իսկ ես շատ ուրախ եմ, որ դուք հենց հիմա եք այդ ասում,― նշանակալից ասաց նա ինձ։ Պետք է ասեմ, որ նա ինձ հետ երբեք չէր խոսում իմ անկանոն կյանքի մասին և այն փորձանքի, որի մեջ խրվել էի ես, թեև գիտեի, որ նա այդ բոլորը ոչ միայն գիտե, այլև հեռվից-հեռու հարց ու փորձ է արել։ Այնպես որ, հիմա դա առաջին ակնարկի նման սի բան էր, և սիրտս էլ ավելի կպավ նրան։
― Ինչպե՞ս է մեր հիվանդը,― հարցրի ես։
― Օ՛, նա շատ ավելի լավ է, քայլում է, և՛ երեկ, և՛ այսօր կառքով զբոսանքի է դուրս եկել։ Բայց մի՞թե դուք այսօր էլ չեք գնացել նրա մոտ։ Նա ձեզ շատ է սպասում։
― Ես մեղավոր եմ նրա առաջ, բայց հիմա դուք նրան այցելում եք և միանգամայն փոխարինել եք ինձ, նա ահավոր դավաճան է և ինձ փոխել է ձեզնով։
Նա շատ լուրջ արտահայտություն տվեց դեմքին, քանի որ շատ հնարավոր էր, որ կատակս տրիվիալ էր։
― Քիչ առաջ ես իշխան Սերգեյ Պետրովիչի մոտ էի,― մրթմրթացի ես,― և... Ի դեպ, Լիզա, չէ՞ որ դու քիչ առաջ մտել ես Դարյա Օնիսիմովնայի մոտ։
― Այո, մտել եմ,― մի տեսակ հակիրճ, առանց գլուխը բարձրացնելու պատասխանեց նա։― Բայց ախր դու, կարծեմ, ամեն օր ես գնում հիվանդ իշխանի մոտ,― մի տեսակ, կարծես հանկարծ, միգուցե որևէ բան ասած լինելու համար հարցրեց նա։
― Այո, գնում եմ նրա մոտ, միայն թե տեղ չեմ հասնում,― քմծիծաղ տվեցի ես։― Ես ներս եմ մտնում և դեպի ձախ եմ թեքվում։
― Նույնիսկ իշխանն է նկատել, որ դուք շատ հաճախ եք այցելում Կատերինա Նիկոլաևնային։ Երեկ նա ասում էր ու ծիծաղում,― ասաց Աննա Անդրեևնան։
― Բայց ինչի՞, ինչի՞ վրա էր ծիծաղում։
― Նա, գիտեք, ուղղակի կատակում էր։ Նա ասում էր, որ, ընդհակառակը, երիտասարդ ու գեղեցիկ կինը ձեր տարիքի երիտասարդի վրա միշտ միայն զայրույթի և վրդովմունքի ներգործություն է ունենում...― հանկարծ ծիծաղեց Աննա Անդրեևնան։
― Լսեցեք... գիտե՞ք, որ նա շատ դիպուկ է ասել,― բղավեցի ես,― երևի, դա ոչ թե նա, այլ դուք եք նրան ասել։
― Ինչո՞ւ ե՛ս։ Ոչ, նա՛ է ասել։
― Դե, իսկ եթե այդ գեղեցկուհին ուշադրություն դարձնի երիտասարդի վրա, չնայած այն բանին, որ նա այդքան աննշան է, կանգնում է անկյունում ու զայրանում, որովհետև «փոքրիկ» է, և հանկարծ գերադասի նրան իրեն շրջապատող պաշտողների ողջ ամբոխից, ի՞նչ կլինի այդ դեպքում,― ամենախիզախ ու հանդուգն տեսքով հանկարծ հարցրի ես։ Սիրտս ուժգին սկսեց բաբախել։
― Այդ դեպքում դու տեղն ու տեղը կտապալվես նրա առաջ,― ծիծաղեց Լիզան։
― Կտապալվե՞մ,― բղավեցի ես։― Ոչ, չեմ տապալվի։ Կարծում եմ, որ չեմ տապալվի։ Եթե կինը կանգնի իմ ճանապարհին, ապա պետք է քայլի իմ հետևից։ Իմ ճանապարհը չեն կասեցնում անպատիժ...
Դրանից շատ հետո, հիշելով այս դեպքը, Լիզան մի անգամ հարևանցիորեն ինձ ասաց, թե այդ դարձվածքը ես արտասանել եմ չափազանց տարօրինակ, լուրջ, և կարծես հանկարծ մտածմունքի մեջ ընկնելով, բայց միևնույն ժամանակ «այնքան ծիծաղելի, որ հնարավոր չէր դիմանալ», և իսկապես Աննա Անդրեևնան նորից ծիծաղեց։
― Ծիծաղեցեք, ծիծաղեցեք ինձ վրա,― բացականչեցի ես հրճվանքով, որովհետև ողջ այս զրույցն ու նրա ուղղությունը սոսկալի ինձ դուր էին գալիս,― ձեր կողմից դա ինձ միայն հաճույք է պատճառում։ Ես սիրում եմ ձեր ծիծաղը, Աննա Անդրեևնա։ Դուք մի հատկություն ունեք․ լռում եք ու հանկարծ ծիծաղում, մի ակնթարթում, այնպես որ ձեր դեմքից դա կռահել անգամ հնարավոր չէ այդ ընթացքում։ Մոսկվայում ես մի տիկնոջ էի ճանաչում, հեռվից-հեռու, ես միայն մի անկյունից էի նրան նայում, նա համարյա նույնքան գեղեցիկ էր, որքան դուք, բայց ձեզ նման ծիծաղել չգիտեր, և նրա դեմքը, որ նույնքան գրավիչ էր, որքան ձերը, կորցնում էր իր գրավչությունը, իսկ ձեր դեմքը սոսկալի գրավիչ է... հենց այդ ընդունակությամբ... ես վաղուց էի ուզում դա ձեզ ասել։
Պատմելով այն տիկնոջ մասին, թե «նա նույնքան գեղեցիկ էր, որքան դուք», ես մի խորամանկություն արեցի, ես ձևացրի, թե այդ արտահայտությունը հանկարծ դուրս թռավ իմ բերանից, այնպես, որ ես նույնիսկ չնկատեցի, ես լավ գիտեի, որ այդպիսի «հանկարծ դուրս թռած» գովասանքը ավելի բարձր կգնահատվի կնոջ կողմից, քան ուզածդ մշակված հաճոյախոսությունը։ Եվ որքան էլ որ շիկնեց Աննա Անդրեևնան, ես գիտեի, որ դա նրա համար հաճելի էր։ Եվ այդ տիկնոջն էլ ես հորինեցի, ոչ մի այդպիսի տիկին ես չէի ճանաչում Մոսկվայում, և այդ արեցի, միայն որպեսզի գովեմ Աննա Անդրեևնային և հաճույք պատճառեմ նրան։
― Իսկապես, կարելի է կարծել,― սքանչելի քմծիծաղ տվեց նա,― որ վերջին օրերս մի հրաշալի կնոջ ազդեցության տակ եք եղել դուք։
Ես կարծես թռչում էի, չգիտեմ, թե ուր... Նույնիսկ ուզում էի մի գաղտնիք բացել նրանց... բայց զսպեցի ինձ։
― Ի դեպ, դեռ բոլորովին վերջերս դուք միանգամայն թշնամաբար էիք արտահայտվում Կատերինա Նիկոլաևնայի մասին։
― Եթե երբևէ վատ եմ արտահայտվել նրա մասին,― աչքերս փայլեցրի ես,― ապա դրա պատճառը այն հրեշավոր զրպարտությունն է եղել, թե նա Անդրեյ Պետրովիչի թշնամին է, նաև Անդրեյ Պետրովիչի հասցեին, իբր նա սիրում էր Կատերինա Նիկոլաևնային, նրան առաջարկություն է արել և նման այլ անհեթեթություններ։ Այդ միտքը նույնքան հրեշավոր է, որքան մի ուրիշ զրպարտություն նրա հասցեին, թե նա իբր, դեռ ամուսնու կենդանության օրոք, իշխան Սերգեյ Պետրովիչին խոստացել է ամուսնանալ նրա հետ, հենց որ այրիանա, և հետո դրժել է խոսքը։ Բայց ես հաստատ գիտեմ, որ ամենևին էլ այդպես չէ, և բոլորը միայն կատակ է եղել։ Գործին անմիջականորեն տեղյակներից եմ լսել։ Մի անգամ, արտասահմանում, զվարճալի մի պահի, նա իսկապես ասել է իշխանին. «Միգուցե», ապագայում, բայց ի՞նչ կարող է սա նշանակել, բացի դատարկ մի խոսքից։ Ես շատ լավ գիտեմ, որ իշխանն իր կողմից ոչ մի նշանակություն չի կարող տալ նման խոստումին, և իսկապես, ոչ մի մտադրություն էլ չունի,― սթափվելով ավելացրի ես։― Նա, կարծեմ, բոլորովին այլ նպատակներ ունի,― վրա բերեցի ես խորամանկությամբ։― Քիչ առաջ նրա մոտ Նաշչոկինն ասաց, իբր Կատերինա Նիկոլաևնան ամուսնանում է բարոն Բյորինգի հետ, հավատացեք, որ այդ լուրը նա ավելի քան լավ տարավ, հավատացած եղեք։
― Նաշչոկինը նրա մո՞տ է եղել,― հանկարծ ծանրակշիռ և կարծես զարմացած հարցրեց Աննա Անդրեևնան։
― Այո, այո, կարծեմ, նա այն օրինավոր մարդկանցից է...
― Եվ Նաշչոկինը խոսեց նրա հետ այդ ամուսնության մասին Բյորինգի հե՞տ,― հանկարծ չափազանց հետաքրքրվեց Աննա Անդրեևնան։
― Ոչ թե ամուսնության, այլ այնպես, հնարավորության մասին, որպես լուր նա ասում էր, որ հասարակության մեջ, իբր, այդպիսի լուր է տարածվել, ինչ վերաբերում է ինձ, ապա վստահ եմ, որ դա անհեթեթություն է։ Աննա Անդրեևնան մի պահ մտածմունքի մեջ ընկավ, հետո խոնարհվեց իր ձեռագործի վրա։
― Ես սիրում եմ իշխան Աերգեյ Պետրովիչին,― հանկարծ կրակոտ վրա բերեցի ես։― Անշուշտ, նա ունի իր թերությունները, ես ձեզ արդեն ասել եմ, հենց նրա որոշ միանպատակությունը... բայց թերություններն էլ նրա ազնվաբարո հոգու մասին են վկայում, ճիշտ չէ՞։ Օրինակ, հենց այսօր քիչ մնաց, որ մենք գժտվեինք մի մտքի պատճառով, նրա համոզմունքն այն է, որ եթե խոսում ես ազնվության մասին, ապա ինքդ էլ ազնիվ եղիր, հակառակ դեպքում քո բոլոր ասածները սուտ են։ Դե, ասացեք, խնդրեմ, տրամաբանակա՞ն է սա։ Մինչդեռ չէ՞ որ սա վկայում է պատվի, պարտքի, արդարության բարձր պահանջների մասին նրա հոգում, այդպես չէ՞... Ախ, Տեր Աստված, ժամը քանի՞սն է,― հանկարծ բղավեցի ես պատահաբար հայացք նետելով բուխարիկին դրված ժամացույցի թվատախտակին։
― Երեքին տասը պակաս,― ժամացույցին նայելով հանգիստ արտասանեց նա։ Այն ամբողջ ժամանակ, երբ ես իշխանի մասին էի խոսում, նա լսում էր ինձ, հայացքը ցած հառած, մի ինչ-որ խորամանկ, բայց հաճելի ժպիտով, նա գիտեր, թե ինչու եմ ես այդպես գովում նրան։ Լիզան լսում էր, ձեռագործի վրա գլուխը կախած, և արդեն վաղուց չէր միջամտում խոսակցությանը։
Ես խայթվածի պես վեր թռա տեղիցս։
― Ինչ-որ տեղից ուշացե՞լ եք։
― Այո... ոչ... թեև, ուշացել եմ, բայց իսկույն գնում եմ։ Միայն մի խոսք, Աննա Անդրեևնա,― հուզված սկսեցի ես,― ես չեմ կարող այսօր չասել ձեզ դա։ Ես ուզում եմ խոստովանել ձեզ, որ ես արդեն մի քանի անգամ օրհնել եմ ձեր բարությունը և այն նրբավարությունը, որով դուք հրավիրեցիք ինձ այցելելու ձեզ... Ինձ վրա ծանոթությունը ձեզ հետ ամենազորեղ տպավորությունն է գործել։ Ձեր սենյակում ես կարծես մաքրվում եմ հոգով և ձեր մոտից դուրս եմ գալիս որպես շատ ավելի լավը, քան կամ իրականում։ Սա ճշմարիտ է։ Երբ նստած եմ լինում ձեր կողքին, ոչ միայն չեմ կարողանում խոսել վատի մասին, այլև վատ մտքեր ունենալ չեմ կարողանում, դրանք ձեր ներկայությամբ անհետանում են, և, որևէ վատ բան հարևանցիորեն հիշելիս ձեր ներկայությամբ, ես իսկույն ամաչում եմ այդ վատի համար, վարանում ու շիկնում եմ հոգուս խորքում։ Եվ գիտե՞ք, ինձ համար հատկապես հաճելի էր այսօր հանդիպել ձեզ մոտ քրոջս... Դա ձեր այնպիսի՜ ազնվության մասին է վկայում... այնպիսի՜ հրաշալի վերաբերմունքի... Մի խոսքով, դուք այնպիսի՜ ''եղբայրական'' մի բան եք արտահայտել, եթե թույլ կտաք կոտրել այս սառույցը, որ ես...
Իմ խոսելու ընթացքում, նա վեր էր կենում տեղից և գնալով ավելի ու ավելի էր շիկնում, բայց հանկարծ, կարծես, մի բանից վախեցավ, ինչ-որ մի գծից, որի վրայից պետք չէր անցնել և արագ ինձ ընդհատեց.
― Հավատացեք, որ ես կկարողանամ սրտանց գնահատել ձեր զգացմունքները... Առանց խոսքի էլ ես դրանք հասկացել էի... և արդեն վաղուց...
Նա շփոթված կանգ առավ և սեղմեց ձեռքս։ Հանկարծ Լիզան աննկատ ձգեց թևքս։ Ես մնաք բարով ասացի ու դուրս եկա. բայց հենց հետևյալ սենյակում Լիզան հասավ հետևիցս։
'''IV'''
― Լիզա, ինչո՞ւ ձգեցիր թևքս,― հարցրի ես։
― Նա վատն է, խորամանկ, նա արժանի չէ... Նա քեզ պահում է, որ քեզնից բաներ իմանա,― փութկոտ, չար շշուկով շշնջաց նա։ Ես դեռ երբեք այդպիսի արտահայտությամբ չէի տեսել նրա դեմքը։
― Լիզա, Աստված քեզ հետ, նա այնքան սքանչելի աղջիկ է։
― Ուրեմն, ես եմ վատը։
― Քեզ ի՞նչ է պատահել։
― Ես շատ վատն եմ։ Գուցե նա ամենասքանչելի աղջիկն է, իսկ ես վատն եմ։ Բավական է, թող։ Լսիր, մայրիկը խնդրում է քեզ այն, «ինչը ինքը ասել չի համարձակվում», հենց այդպես էլ ասաց։ Արկադի, սիրելիս, վերջ տուր թղթախաղին, աղաչում եմ... մայրիկը նույնպես...
― Լիզա, ինքս գիտեմ, բայց... Գիտեմ, որ դա ողորմելի մի փոքրոգություն է, բայց... դրանք միայն դատարկ բաներ են և ուրիշ ոչինչ։ Գիտե՞ս, ես հիմարի պես պարտքերի մեջ եմ խրվել և ուզում եմ շահել, միայն որ պարտքերս վճարեմ։ Շահել կարելի է, որովհետև ես խաղում էի առանց հաշիվ անելու, ուղղակի, հիմարի պես, իսկ հիմա ամեն ռուբլու համար դողալու եմ... Ես ես չլինեմ, թե չշահեմ։ Ես խաղամոլությամբ չեմ բռնվել, դա ինձ համար գլխավորը չէ, անցողիկ մի բան է, հավատացնում եմ քեզ։ Ես բավականաչափ ուժեղ եմ, որ դադարեմ, հենց որ կամենամ։ Պարտքերս կտամ, և այն ժամանակ անբաժան ձերն եմ, մայրիկին էլ ասա, որ ձեր տանից դուրս չեմ գա...
― Քիչ առաջ ի՜նչ նստեց վրադ այն երեք հարյուր ռուբլին։
― Որտեղի՞ց գիտես,― ցնցվեցի ես։
― Դարյա Օնիսիմովնան էր քիչ առաջ լսել...
Բայց այդ րոպեին Լիզան հանկարծ հրեց ինձ վարագույրի հետևը, և մենք երկուսով հայտնվեցինք այսպես կոչված «լապտերում», այսինքն պատուհաններից բաղկացած կլոր, փոքրիկ սենյակում։ Դեռ չէի հասցրել ուշքի գալ, երբ լսեցի ծանոթ ձայնը, կոշկախթանների զնզգնգոցն ու ճանաչեցի ծանոթ քայլվածքը։
― Իշխան Սերյոժան է,― շշնջացի ես։
― Նա է,―շշնջաց Լիզան։
― Ինչո՞ւ այդպես վախեցար։
― Հենց այնպես, ոչ մի դեպքում չեմ ուզում, որ նա ինձ տեսնի...
― Tiens<ref>Ահա թե ինչ (ֆրանս.)։</ref>, չլինի՞ թե ընկնում է քո հետևից,― քմծիծաղ տվեցի ես,― թե չէ ես դրան ցույց կտամ։ Ո՞ւր ես գնում։
― Դուրս գանք, քեզ հետ եմ գալիս։
― Բայց մի՞թե այնտեղ արդեն հրաժեշտ ես տվել։
― Տվել եմ, մուշտակս նախասենյակում է...
Մենք դուրս եկանք, սանդուղքի վրա մի միտք ցնցեց ինծ։
― Գիտե՞ս, Լիզա, նա, գուցե, եկել է սրան առաջարկություն անելու։
― Ո՜չ... նա առաջարկություն չի անի...― հաստատ ու դանդաղ արտասանեց նա կիսածայն։
― Դու չգիտես, Լիզա, թեև քիչ առաջ ես նրա հետ ընդհարվել եմ (եթե արդեն քեզ այդ հաղորդել են), բայց Աստված է վկա, ես նրան անկեղծ սիրում եմ և այստեղ նրան հաջողություն եմ ցանկանում։ Մենք տեղնուտեղն էլ հաշտվել ենք։ Երբ մենք երջանիկ ենք, այնքան բարի ենք լինում... Գիտե՞ս ինչ, նրանում շատ հրաշալի հատկություններ կան... մարդասիրություն էլ կա։ Համենայն դեպս, դրա սաղմերը կան... իսկ այդպիսի հաստատակամ ու խելացի աղջկա ձեռքում, ինչպիսին Վերսիլովան է, նա բոլորովին կշտկվի ու երջանիկ կլինի։ Ափսոս, որ ժամանակ չկա... եկ միասին մի քիչ գնանք, ես քեզ մի բան կհաղորդեմ...
― Չէ, դու գնա, ես ուրիշ կողմ եմ գնում։ Ճաշելու կգա՞ս։
― Կգամ, կգամ, ինչպես որ խոստացել եմ։ Լսիր, Լիզա, մի գարշելի մարդ, մի խոսքով, նողկալի մի արարած, դե, Ստեբելկովը, եթե ճանաչում ես, սոսկալի ազդեցություն ունի նրա գործերի վրա... մուրհակներ... դե, մի խոսքով, իր բռումն է պահում նրան և այնքան է նրան ճնշել, իսկ սա այնքան ստորացել, որ երկուսն էլ ուրիշ ոչ մի ելք չեն տեսնում, բացի Աննա Անդրեևնային առաջարկություն անելուց։ Իսկապես, Աննա Անդրևենային պետք էր նախազգուշացնել, թեև, դատարկ բան է, հետո ինքն էլ բոլոր գործերը կշտկի։ Իսկ ի՞նչ ես կարծում, Աննա Անդրեևնան կմերժի՞ նրան։
― Գնաս բարով, ժամանակ չկա,― կարճ կտրեց Լիզան, և նրա հպանցիկ հայացքում ես հանկարծ այնպիսի ատելություն տեսա, որ վախեցած տեղնուտեղը բղավեցի.
― Լիզա, սիրելիս, ինչի՞ համար։
― Քեզ հետ կապ չունի, միայն թե մի խաղա...
― Ախ, դու խաղը նկատի ունես, չեմ խաղա։
― Հենց նոր դու ասացիր. «Երբ մենք երջանիկ ենք», ուրեմն դու շատ երջանի՞կ ես։
― Սոսկալի, Լիզա, սոսկալի։ Աստված իմ, արդեն ժամը երեքն է, նույնիսկ ավելին... Մնաս բարով, Լիզոկ, Լիզոչկա, սիրելիս, ասա, խնդրեմ, կարելի՞ է ստիպել կնոջը, որ քեզ սպասի։ Թույլատրելի՞ է դա։
― Տեսակցությա՞նը, այսինքն,― ինչ-որ մեռյալ, դողդողացող ժպիտով թեթևակի ժպտաց Լիզան։
― Հանուն գալիք երջանկության թաթիկդ տուր։
― Գալիք երջանկությա՞ն։ Ձե՞ռքս։ Ոչ մի դեպքում չեմ տա։
Եվ նա արագ հեռացավ։ Եվ, որ գլխավորն է, այնքան լրջորեն բղավեց, ես նետվեցի սահնակս։
Այո, այո, հենց այդ «երջանկությունն» էր այն ժամանակ գլխավոր պատճառը, որ ես, կույր խլուրդի պես, ինձնից բացի, ոչինչ չէի հասկանում ու չէի տեսնում։
=== Գլուխ չորրորդ ===
'''I'''
Հիմա վախենում եմ նույնիսկ պատմելուց։ Այդ բոլորը վաղուց է եղել, բայց հիմա էլ այդ բոլորը ինձ տեսիլք է թվում։ Ինչպե՞ս կարող էր այդպիսի կինը տեսակցություն նշանակել այն ժամանակ այդքան նողկալի մի տղայի, ինչպիսին ես էի,― ահա թե ինչ էր պատկերը առաջին հայացքից։ Երբ, Լիզային թողնելով, առաջ սլացա, և սիրտս սկսեց ուժգին բաբախել, ես ուղղակի կարծեցի, թե խելագարվել եմ. ''նշանակված'' տեսակցության միտքը հանկարծ այնպիսի պարզ անհեթեթություն թվաց ինձ, որ ուղղակի հնարավոր չէր հավատալ։ Եվ ի՞նչ, ես ամենևին չէի կասկածում, նույնիսկ ավելին, որքան ավելի պարզ էր թվում անհեթեթությունը, այնքան ավելի էի հավատում ես։
Այն, որ արդեն անց էր երեքից, ինձ անհանգստացնում էր. «Եթե ինձ տեսակցություն է տրված, ինչպե՞ս եմ ուշանում ես այդ տեսակցությունից»,― մտածում էի ես։ Հիմար հարցեր էլ էին առկայծում գլխումս, ինչպես, օրինակ. «Հիմա ո՞րն է ինձ համար լավը, համարձակությո՞ւնը, թե՞ ամաչկոտությունը»։ Բայց սրանք միայն առկայծում էին, որովհետև սրտումս էր գլխավոր բանը, և այնպիսի մի բան, որը սահմանել ես չէի կարող։ Նախորդ օրը ասված էր այսպես. «Վաղը ժամը երեքին ես Տատյանա Պավլովնայի մոտ կլինեմ»,― այս էր բոլորը։ Սակայն, առաջինը, նրա մոտ էլ, նրա սենյակում, ես միշտ մեն-մենակ եմ ընդունված եղել, և նա կարող էր ինձ ասել ինչ որ կամենար և առանց Տատյանա Պավլովնայի տունը փոխադրվելու, ուրեմն, ի՞նչ միտք ուներ մի ուրիշ տեղ Տատյանա Պավլովնայի մոտ, նշանակելը։ Եվ նորից մի հարց, Տատյանա Պավլովնան տա՞նն էր լինելու, թե՞ չէր լինելու։ Եթե սա տեսակցություն էր, ապա, ուրեմն, Տատյանա Պավլովնան տանը չի լինի։ Իսկ ինչպե՞ս կարելի էր հասնել այդ բանին նախապես չբացատրելով այդ բոլորը Տատյանա Պավլովնային։ Ուրեմն, Տատյանա Պավլովնա՞ն էլ խառն է գաղտնիքին։ Այդ միտքը վայրենի մի բան, մի տեսակ անպարկեշտ, համարյա գռեհիկ էր թվում։
Եվ, վերջապես, նա ուղղակի, հենց այնպես կարող էր ցանկանալ հյուր գնալ Տատյանա Պավլովնային և երեկ առանց որևէ նպատակի հաղորդեց ինձ այդ մասին, իսկ ես ինձ համար բաներ հորինեցի։ Եվ բացի դրանից դա ասվել էր այնքան հարևանցիորեն, անփույթ, հանգիստ, միանգամայն տաղտկալի ընդունելությունից հետո, որովհետև երեկ նրա մոտ եղածս ժամանակ ես, չգիտեմ ինչու, կարծես մոլորված էի, նստել էի, խոսքերը ծամծմում ու չգիտեի, թե ինչ ասեմ, զայրանում էի ու սոսկալի վարանում, իսկ նա, ինչպես պարզվեց հետո, ինչ-որ տեղ պիտի գնար և նկատելիորեն ուրախացավ, երբ ես պատրաստվեցի հեռանալ։ Այս բոլոր դատողությունները խռնվում էին իմ գլխում։ Վերջապես, ես որոշեցի, որ կմտնեմ, զանգը կտամ, խոհարարուհին դուռը բաց կանի, և ես կհարցնեմ. «Տատյանա Պավլովնան տա՞նն է»։ Եթե տանը չէ, ուրեմն «տեսակցություն է»։ Բայց ես չէի կասկածում, չէի կասկածում։
Վազելով ես բարձրացա սանդուղքով և դեռ սանդուղքի վրա, դռան առաջ իմ ամբողջ վախն անհետացավ. «Թող այդպես լինի,― մտածում էի ես,― միայն թե շուտ լինի»։ Խոհարարուհին դուռը բաց արեց և իր գարշելի սառնարյունությամբ քթի մեջ մրթմրթաց, որ Տատյանա Պավլովնան տանը չէ։ «Իսկ ուրիշ մարդ չկա՞, ոչ ոք չի՞ սպասում Տատյանա Պավլովնային», ուզում էի հարցնել ես, բայց չհարցրի. «Ավելի լավ է ինքս տեսնեմ» և, խոհարարուհուն մրթմրթալով, թե կսպասեմ, մուշտակս հանեցի և դուռը բաց արի...
Կատերինա Նիկոլաևնան նստած էր պատուհանի մոտ ու «սպասում էր Տատյանա Պավլովնային»։
― Նա տանը չէ՞,― կարծես մտահոգ ու սրտնեղած, ինձ տեսնելուն պես հանկարծ հարցրեց նա։ Նրա թե ձայնը, թե դեմքը այնքան չէին համապատասխանում իմ սպասելիքներին, որ ես տեղնուտեղը մեխվեցի շեմին։
― Ո՞վ տանը չէ,― մրթմրթացի ես։
― Տատյանա Պավլովնան։ Չէ՞ որ երեկ ես խնդրեցի ձեզ հաղորդել նրան, որ ժամը երեքին իր մոտ կլինեմ։
― Ես... Ես նրան ընդհանրապես չեմ տեսել։
― Մոռացե՞լ եք։
Ես սպանվածի պես նստեցի։ Ահա թե ինչ է պարզվում։ Եվ, որ գլխավորն է, ամեն բան այնքան պարզ էր, որքան երկու անգամ երկուսը, իսկ ես, ես դեռ համառորեն հավատում էի։
― Ես չեմ էլ հիշում, թե դուք խնդրել եք նրան հաղորդել։ Իսկ դուք չեք էլ խնդրել, դուք ուղղակի ասացիք, որ ժամը երեքին այստեղ կլինեք,― կարճ կտրեցի ես անհամբերությամբ։ Ես նրան չէի նայում։
― Ա՜խ,― հանկարծ բղավեց նա,― ուրեմն, եթե դուք մոռացել եք նրան ասել, իսկ ինքներդ գիտեիք, որ ես այստեղ եմ լինելու, դուք ինչո՞ւ եք այստեղ եկել։
Ես բարձրացրի գլուխս, ոչ ծաղր, ոչ զայրույթ չկար նրա դեմքին, այլ միայն նրա լուսավոր, ուրախ ժպիտն էր և ինչ-որ խտացրած չարաճճիություն նրա դեմքի արտահայտության մեջ, նրա մշտական արտահայտությունը, ի դեպ, չարաճճիությունը՝ համարյա մանկական։ «Տեսնո՞ւմ ես, ես քեզ ոտքով-գլխով եմ բռնացրել, դեհ, հիմա ի՞նչ կասես»,― կարծես ասում էր նրա ամբողջ դեմքը։
Ես չէի ուզում պատասխանել և հայացքս նորից գետնին հառեցի։ Լռությունը տևեց մի կես րոպե։
― Դուք հիմա ձեր հոր մոտի՞ց եք գալիս,― հանկարծ հարցրեց նա։
― Հիմա ես Աննա Անդրեևնայի մոտից եմ գալիս, իսկ իշխան Նիկոլայ Իվանովիչի մոտ ամենևին չեմ եղել... և դուք այդ գիտեիք,― հանկարծ ավելացրի ես։
― Ձեզ ոչինչ չի՞ պատահել Աննա Անդրեևնայի մոտ։
― Այսինքն որովհետև հիմա խելագարի տե՞սք ունեմ։ Ոչ, ես մինչև Աննա Անդրեևնայի մոտ գնալս էլ խելագարի տեսք ունեի։
― Եվ չխելոքացա՞ք նրա մոտ։
― Ոչ, չխելոքացա։ Բացի դրանից, ես այնտեղ լսեցի, որ դուք ամուսնանում եք բարոն Բյորինգի հետ։
― Այդ նա՞ ձեզ ասաց,― հանկարծ հետաքրքրվեց նա։
― Ոչ, այդ ես նրան հաղորդեցի, իսկ լսել էի մի քիչ առաջ, երբ ասում էր իշխան Սերգեյ Պետրովիչին նրա տուն հյուր եկած Նաշչոկինը։
Ես այդպես էլ հայացքս չէի բարձրացնում ու չէի նայում նրան, նրան նայել նշանակում էր ողողվել լույսով, ուրախությամբ, երջանկությամբ, իսկ ես չէի ուզում երջանիկ լինել։ Զայրույթի խայթը խրվել էր սիրտս, և վայրկենապես մի հսկայական վճիռ ընդունեցի ես։ Հետո հանկարծ սկսեցի խոսել, հազիվ եմ հիշում, թե ինչի մասին։ Շունչս կտրվում էր, և մի տեսակ քրթմնջում էի, բայց արդեն համարձակ էի նայում։ Սիրտս խփում էր։ Ես սկսեցի խոսել ինչ-որ ոչնչի չվերաբերող բանի մասին, թեև, միգուցե սահուն էի խոսում։ Նա սկզբում կարծես լսում էր ինձ իր հանդարտ, համբերատար ժպիտով, որը երբեք չէր լքում նրա դեմքը, բայց կամաց-կամաց զարմանք, իսկ հետո նույնիսկ երկյուղ առկայծեց նրա սևեռուն հայացքում։ ժպիտը դեռևս չէր լքում նրան, բայց ժպիտն էլ երբեմն կարծես ցնցվում էր։
― Ձեզ ի՞նչ պատահեց,― հանկարծ հարցրի ես նկատելով, որ նա ամբողջ մարմնով ցնցվեց։
― Ես վախենում եմ ձեզնից,― համարյա տագնապած պատասխանեց նա ինձ։
― Իսկ ինչո՞ւ չեք գնում։ Քանի որ Տատյանա Պավլովնան չկա և դուք գիտեք, որ չի լինելու, ապա ուրեմն, դուք պետք է վերկենաք ու գնաք։
― Ես ուզում էի սպասել նրան, բայց հիմա... իսկապես...
Նա փորձեց վերկենալ տեղից։
― Ոչ, ոչ, նստեցեք,― հետ պահեցի ես նրան,― ահա նորից ցնցվեցիք, բայց դուք երկյուղած էլ ժպտում եք... ժպիտը միշտ ձեր դեմքին է։ Իսկ հիմա դուք արդեն լիուլի ժպտացիք...
― Դուք զառանցո՞ւմ եք։
― Զառանցում եմ։
― Ես վախենում եմ...,― շշնջաց նա կրկին։
― Ինչի՞ց։
― Որ դուք կսկսեք պատը քանդել...― նորից ժպտաց նա, բայց արդեն, իսկապես, վախվորած։
― Ես տանել չեմ կարող ձեր ժպիտը...
Եվ նորից սկսեցի խոսել։ Ես կարծես ամբողջ մարմնովս սավառնում էի։ Կարծես մի բան ինձ հրում էր։ Ես երբեք, երբեք այդպես չէի խոսել նրա հետ, այլ միշտ վախվխել էի։ Ես հիմա էլ սոսկալի վախվորում էի, բայց խոսում էի. հիշում եմ, ես սկսեցի խոսել նրա դեմքի մասին։
― Ես այլևս չեմ կարող տանել ձեր ժպիտը,― հանկարծ բղավեցի ես,― ինչո՞ւ էի ձեզ պատկերացնում ահեղ, վեհապանծ, բարձրաշխարհիկ մարդու կծու խոսքերով դեռ Մոսկվայում։ Այո, Մոսկվայում. դեռ այնտեղ էինք ձեր մասին խոսում Մարիա Իվանովնայի հետ և պատկերացնում, թե ինչպիսին պիտի լինեք դուք... Հիշո՞ւմ եք Մարիա Իվանովնային։ Դուք եղել եք նրա մոտ։ Այստեղ գալիս վագոնում ամբողջ գիշեր երազումս ձեզ էի տեսնում։ Մինչև ձեր գալը մի ամբողջ ամիս ես դիտեցի ձեր դիմանկարը ձեր հոր առանձնասենյակում և ոչինչ չկռահեցի։ Ձեր դեմքի արտահայտությունը մանկական չարաճճիությունն է և անսահման միամտությունը, ահա թե ինչ է։ Ես շարունակ, երբ ձեզ մոտ էի գալիս, սոսկալի զարմանում էի դրա վրա։ Օ՜, դուք էլ գիտեք հպարտ նայել և ճզմել մարդուն ձեր հայացքով, ես հիշում եմ, ինչպես ինձ նայեցիք ձեր հոր տանը, երբ Մոսկվայից եկաք այն ժամանակ... Ես ձեզ տեսա այն ժամանակ, մինչդեռ եթե ինձ հարցնեին, երբ ես դուրս եկա, թե ինչ տեսք ունեիք դուք, ես չէի կարողանա պատասխանել։ Նույնիսկ թե ինչ բոյ ունեք, չէի կարողանա ասել։ Ձեզ տեսնելուս պես ես կուրացա։ Ձեր դիմանկարը ամենևին նման չէ ձեզ, ձեր աչքերը ոչ թե մուգ են, այլ բաց և միայն երկար արտևանունքներից են մուգ թվում։ Դուք գեր եք, միջահասակ, բայց ձեր գիրությունը պինդ, թեթև գիրություն է, առողջ, երիտասարդ գեղջկուհու գիրություն։ Եվ ձեր դեմքն էլ միանգամայն գեղջկական է, գեղջուկ գեղեցկուհու դեմք, մի վիրավորվեք, չէ՞ որ դա լավ է, շատ ավելի լավ, կլոր, կարմրաթուշ, պարզ, համարձակ, ծիծաղկոտ ու... ամոթխած դեմք։ Իսկապես, ամոթխած։ Ամոթխած դեմք ունի Կատերինա Նիկոլաևնա Ախմակովան։ Ամոթխած ու անարատ դեմք, երդվում եմ։ Ավելի քան անարատ, մանկական, ահա ձեր դեմքը։ Ես շարունակ զարմացած էի և շարունակ հարց էի տալիս ինքս ինձ. մի՞թե սա այն կինն է։ Հիմա ես գիտեմ, որ դուք շատ խելոք եք, բայց չէ՞ որ սկզբում կարծում էի, թե պարզամիտ եք։ Դուք զվարթ խելք ունեք, բայց առանց որևէ պաճուճանքի... Սիրում եմ նաև, որ ձեր դեմքից չի իջնում ժպիտը, դա իմ դրախտն է։ Սիրում եմ նաև ձեր հանդարտությունը, ձեր խաղաղությունը և այն, որ դուք բառերը սահուն, հանգիստ և համարյա ծուլորեն եք արտասանում, հենց այդ ալարկոտությունն եմ սիրում։ Թվում է, որ եթե ձեր տակ կամուրջ փլվի, դուք այդ դեպքում էլ մի բան կասեք սահուն ու հանդարտ... Ես ձեզ պատկերացնում էի որպես հպարտության ու կրքերի գագաթնակետ, իսկ դուք երկու ամիս շարունակ խոսում էիք ինծ հետ, ինչպես ուսանողն ուսանողի հետ... Երբեք չէի կարող պատկերացնել, թե դուք այդպիսի ճակատ ունեք, ճիշտ է, մի քիչ նեղ է, ինչպես արծանների ճակատներն են լինում, բայց մարմարի պես ճերմակ է ու քնքուշ ու փարթամ մազերով շրջանակված։ Դուք բարծր կուրծք ունեք, թեթև քայլվածք, արտակարգ գեղեցկություն և ոչ մի գոռոզամտություն։ Ախր, ես դրան միայն հիմա եմ հավատացել, թե չէ շարունակ չէի հավատում։
Իր մեծ աչքերը լայն բացած նա լսում էր ողջ այս վայրենի տիրադը. տեսնում էր, որ ես ինքս էլ եմ դողում։ Գեղեցիկ, վախվորած շարժումով նա մի քանի անգամ բարծրացրեց իր ծեռնոցով պաշտպանված ծեռքը, որպեսզի կասեցնի ինծ, բայց ամեն անգամ վախեցած ու ապշահար հետ էր քաշում այն։ Երբեմն էլ ողջ մարմնով էր արագ հետ ընկնում։ Երկու-երեք անգամ կրկին վարանոտ ժպիտ առկայծեց նրա դեմքին, մի պահ նա խիստ շառագունեց, բայց վերջում վերջնականապես վախեցավ ու սկսեց գունատվել։ Իմ կանգ առնելուն պես, նա ծեռքը պարզեց և կարծես խնդրական, բայց այնուամենայնիվ սահուն ծայնով արտասանեց.
― Այդպես չի կարելի խոսել... այդպես հնարավոր չէ խոսել...
Եվ հանկարծ վերկացավ տեղից, անշտապ վերցնելով վզի թաշկինակն ու սամույրե մուֆտան։
― Դուք գնո՞ւմ եք,― բղավեցի ես։
― Ես հաստատապես վախենում եմ ձեզնից... Դուք չարաշահում եք...― կարծես ափսոսանքով ու կշտամբանքով ծիգ տվեց նա։
― Լսեցեք, Աստված վկա, պատը չեմ քանդի։
― Բայց դուք արդեն սկսել եք,― չդիմացավ ու ժպտաց նա։― Ես նույնիսկ չգիտեմ, թողնելո՞ւ եք, որ անցնեմ։― Եվ կարծես, նա իսկապես էլ վախենում էր, որ չեմ թողնի։
― Ես ինքս դուռը ձեզ համար կբացեմ, գնացեք, բայց իմացած եղեք, ես մի հսկայական վճիռ եմ ընդունել, և եթե դուք կամենաք լույս սփռել իմ հոգում, վերադարձեք, նստեք և միայն երկու խոսք լսեք։ Բայց եթե չեք ուզում, գնացեք, և ես ինքս ծեզ համար դուռը կբացեմ։
Նա ինձ նայեց ու նստեց իր տեղը։
― Ինչպե՜ս վրդովված դուրս կգար մի ուրիշը, իսկ դուք նստեցիք,― զմայլված բացականչեցի ես։
― Առաջներում դուք երբեք թույլ չէիք տալիս ձեզ այդպես խոսել։
― Առաջներում ես միշտ վարանում էի։ Ես հիմա էլ ներս մտա, չիմանալով, թե ինչ պիտի խոսեմ։ Կարծում եք, հիմա՞ չեմ վարանում։ Վարանում եմ։ Բայց ես հանկարծ մի հսկայական վճիռ եմ ընդունել և զգացի, որ կկատարեմ։ Եվ այդ վճիռն ընդունելուն պես, իսկույն խելքս թռցրի ու սկսեցի այդ բոլորն ասել... Լսեցեք, ահա իմ երկու խոսքը, ես ձեր լրտե՞սն եմ, թե՞ ոչ։ Պատասխանեք ինձ, ահա հարցս։
Կաս-կարմիրն արագ տարածվեց նրա դեմքին։
― Դեռ մի պատասխանեք, Կատերինա Նիկոլաևնա, այլ լսեք բոլորը, հետո ասացեք ողջ ճշմարտությունը։
Ես միանգամից խորտակեցի բոլոր պատնեշներն ու նետվեցի բաց տարածություն։
'''II'''
― Երկու ամիս սրանից առաջ ես կանգնած էի այստեղ, վարագույրի հետևում... Դուք այդ գիտեք... Իսկ դուք Տատյանա Պավլովնայի հետ խոսում էիք նամակի մասին։ Ես դուրս նետվեցի և, ինձ կորցրած, ինչ-որ բան բերնիցս թռցրի։ Դուք իսկույն հասկացաք, որ ես մի բան գիտեմ... Դուք չէիք կարող չհասկանալ... Դուք կարևոր մի փաստաթուղթ էիք փնտրում և երկյուղ էիք կրում դրա համար... Սպասեցեք, Կատերինա Նիկոլաևնա, դեռ դիմացեք ու մի խոսեք։ Հայտարարում եմ ձեզ, որ ձեր կասկածները հիմք ունեին, այդ փաստաթուղթը գոյություն ունի... այսինքն՝ ուներ... Ես այն տեսել եմ, դա ձեր նամակն է Անդրոնիկովին, ճիշտ չէ՞։
― Դուք այդ նամակը տեսե՞լ եք,― շփոթված ու հուզված, արագ հարցրեց նա։― Որտե՞ղ եք տեսել։
― Տեսել եմ... տեսել եմ Կրաֆտի մոտ... հենց նրա, որ անձնասպան եղավ...
― Իսկապե՞ս։ Ինքնե՞րդ եք տեսել։ Իսկ հետո ի՞նչ եղավ այն։
― Կրաֆտը պատառոտեց։
― Ձեր ներկայությա՞մբ, դուք այդ տեսա՞ք։
― Իմ ներկայությամբ։ Հավանաբար, պատռեց մեռնելուց առաջ... Չէ՞ որ ես այն ժամանակ չգիտեի, թե նա անձնասպան կլինի...
― Ուրեմն, նամակը ոչնչացված է, փառք Աստծո,― արտասանեց նա դանդաղ, հառաչելով, և երեսը խաչակնքեց։
Ես չստեցի նրան։ Այսինքն՝ իսկապես ստեցի, որովհետև փաստաթուղթն ինձ մոտ էր և երբեք չէր եղել Կրաֆտի մոտ. բայց դա միայն մանրուք էր, իսկ ամենագլխավորում ես չէի ստել, որովհետև այն րոպեին, երբ ստում էի, ինձ խոսք տվեցի այրել նամակը այդ նույն երեկոյան։ Երդվում եմ, եթե այդ պահին նամակն իմ գրպանում լիներ, ես կհանեի այն ու նրան կտայի։ Թեև միգուցեև, չտայի, որովհետև ինձ համար շատ ամոթալի կլիներ խոստովանել նրան այն ժամանակ, թե նամակն ինձ մոտ է և որ այդքան երկար ես հետևել եմ նրան, սպասել և իրեն չեմ տվել։ Բայց դա միևնույն էր. տանը կայրեի համենայն դեպս, և, ուրեմն, չեմ ստել։ Այդ պահին ես մաքուր էի, երդվում եմ։
― Իսկ եթե այդպես է,― համարյա ինձ կորցրած՝ շարունակեցի ես,― ուրեմն, ասացեք ինձ. արդյո՞ք դրա համար էիք ինձ գրավում, փայփայում, ընդունում ձեր տանը, որովհետև կասկածում էիք, թե ես գիտեմ փաստաթղթի մասին։ Սպասեցեք, Կատերինա Նիկոլաևնա, դեռ մեկ րոպե էլ մի խոսեք, այլ թույլ տվեք, որ ես ավարտեմ բոլորը, ես ամբողջ ժամանակ, այն ամբողջ ժամանակ, որ այցելում էի ձեզ, կասկածում էի, որ դուք հենց դրա համար էլ միայն սիրալիր էիք ինձ հետ, որպեսզի դուրս կորզեք ինձնից այդ նամակը, հասցնեք ինձ այն վիճակին, որ ես խոստովանեմ... Սպասեցեք, ևս մեկ րոպե, ես կասկածում էի, բայց նաև տառապում։ Ձեր երկդիմությունը ինձ համար անտանելի էր, որովհետև... որովհետև ես ձեր մեջ ամենաազնվաբարո արարածին էի գտել։ Ամեն բան հաղթահարված էր միանգամից։ Բայց երկդիմությունը, այսինքն երկդիմության կասկածը տանջում էր... Այժմ ամեն բան պետք է վճռվի, ամեն բան բացատրվի, եկել է դրա ժամանակը, բայց մի քիչ էլ սպասեք, մի խոսեք, իմացեք, թե ինչպես եմ ինքս նայում այդ բոլորին հենց հիմա, այս րոպեիս, ուղիղ եմ ասում, եթե դա այդպես էլ եղել է, ես չեմ բարկանալու... այսինքն՝ ուզում էի ասել, չեմ վիրավորվելու, որովհետև դա այնքան բնական է, ես, ախր, հասկանում եմ։ Իսկ ի՞նչ անբնական ու վատ բան կարող է այստեղ լինել։ Դուք տանջվում եք այդ փաստաթղթի պատճառով, կասկածում եք, թե այնինչը ամեն բան գիտե. ի՞նչ կա որ, դուք շատ էլ կարող էիք ցանկանալ, որ այնինչն արտահայտվեր... Այստեղ ոչ մի վատ բան չկա, ամենևին ոչ մի։ Անկեղծ եմ ասում։ Եվ այնուամենայնիվ պետք է, որ դուք այժմ ինձ մի բան ասեիք... խոստովանեիք (ներեցեք այս բառի համար)։ Ինձ ճշմարտությունն է պետք։ Չգիտեմ ինչու, բայց պետք է։ Ուրեմն, ասացեք, արդյո՞ք դրա համար էիք ինձ փայփայում, որ փաստաթուղթը ինձնից կորզեիք... Կատերինա Նիկոլաևնա։
Ես խոսում էի այնպես, կարծես մի բարձր տեղից վայր էի ընկնում, և ճակատս վառվում էր։ Նա արդեն առանց տագնապի էր ինձ լսում, ընդհակառակը, նրա դեմքին զգացմունք էր երևում, բայց մի տեսակ ամոթխած, կարծես, ամաչելով էր ինձ նայում։
― Դրա համար,― կիսաձայն ու դանդաղ արտասանեց նա։― Ներեցեք ինձ, մեղավոր եմ,― ձեռքերը թեթևակի դեպի ինձ բարձրացնելով հանկարծ ավելացրեց նա։ Ինձ համար դա միանգամայն անսպասելի էր։ Ես ամեն բանի էի սպասում, միայն թե ոչ այս երկու բառին, նույնիսկ նրանից, որին արդեն ճանաչում էի։
― Եվ դուք ինձ ասում եք՝ «մեղավոր եմ»։ Այդպես շիտակ, «մեղավո՞ր եմ»,― բացականչեցի ես։
― Օ՜, ես արդեն վաղուց էի զգում, որ ձեր առաջ մեղավոր եմ... և հիմա նույնիսկ ուրախ եմ, որ դա լույս աշխարհ եկավ...
― Վաղո՞ւց էիք զգում։ Իսկ ինչո՞ւ առաջ չէիք ասում։
― Բայց չգիտեի, թե ինչպես ասեմ,― ժպտաց նա,― այսինքն գուցեև կկարողանայի,― նորից ժպտաց նա,― բայց շարունակ կարծես ամաչում էի... որովհետև սկզբում ես իսկապես էլ հենց միայն դրա համար էի ձեզ «գրավում», ինչպես դուք արտահայտվեցիք, իսկ հետո շատ շուտով ինձ համար զզվելի դարձավ... նաև ձանձրացրեց ողջ այդ կեղծիքը, հավատացնում եմ ձեզ,― դառնացած ավելացրեց նա,― և այդ բոլոր գլխացավանքները նույնպես։
― Եվ ինչո՞ւ, ինչո՞ւ ամենաուղիղ ձևով այն ժամանակ դուք ինձ չհարցրիք։ Թող հենց այդպես էլ ասեիք. «Չէ՞ որ դու գիտես նամակի մասին, էլ ինչո՞ւ ես իզուր ձևանում»։ Եվ ես ամեն բան իսկույն կասեի, իսկույն ձեզ կխոստովանեի։
― Բայց ես ձեզնից... մի քիչ վախենում էի։ Խոստովանում եմ, որ նաև չէի վստահում ձեզ։ Եվ իսկապես էլ, եթե ես խորամանկում էի, չէ՞ որ դուք էլ էիք խորամանկում,― քմծիծաղ տալով՝ ավելացրեց նա։
― Այո, այո, ես ինձ անարժան էի պահում,― պարտված բացականչեցի ես։― Օ՜, դուք դեռ չգիտեք իմ անկման բոլոր անդունդները։
― Չէ մի, անդունդները։ Ճանաչում եմ ձեր ոճը,― հանդարտ ժպտաց նա։― Այդ նամակը,― թախծալի ավելացրեց նա,― իմ կյանքի ամենատխուր և ամենաթեթևամիտ արարքն է։ Այդ արարքի գիտակցությունը իմ մշտական նախատինքն է։ Իրադրությունների ու երկյուղների ազդեցության տակ ես կասկածներ ունեցա իմ սիրելի, իմ մեծահոգի հոր նկատմամբ։ Գիտենալով, որ այդ նամակը կարող է ընկնել... չար մարդկանց ձեռքը... լիակատար հիմք ունենալով այդպես կարծելու համար (կրակոտ արտասանեց նա), ես վախից դողում էի, որ կօգտագործեն այն, հորս ցույց կտան... իսկ դա արտակարգ տպավորություն կարող էր թողնել նրա վրա... Նրա դրության մեջ... նրա առողջության վրա... և նա կդադարեր ինձ սիրելուց... Այո,― հստակ հայացքով աչքերիս նայելով և, հավանաբար, թռուցիկ կերպով ինչ-որ բան բռնելով իմ հայացքում,― այո, ես վախենում էի նաև իմ ճակատագրի համար, վախենում էի, որ նա... իր հիվանդության ազդեցության տակ... կարող էր զրկել ինձ իր շնորհներից... Այդ զգացումն էլ կար, բայց ես, հավանաբար, այստեղ էլ եմ նրա առաջ մեղավոր, նա այնքան բարի է, այնքան մեծահոգի, որ, անշուշտ, կներեր ինձ։ Ահա ամբողջ եղածը։ Իսկ այն, որ ես ձեզ հետ այդպես վարվեցի, այդպես պետք չէր, իհարկե,― հանկարծ նորից ամաչելով' ավարտեց նա։― Դուք ինձ ամոթահար արեցիք։
― Ոչ, դուք ամաչելու բան չունեք,― բացականչեցի ես։
― Ես իսկապես հույսս դրել էի... ձեր կրակոտ խառնվածքի վրա... և խոստովանում եմ դա,― հայացքը ցած հառելով արտաբերեց նա։
― Կատերինա Նիկոլաևնա։ Ո՞վ, ասացեք, ո՞վ է ստիպում ձեզ այդպիսի խոստովանություններ անել ինձ բարձրաձայն,― հարբածի պես բղավեցի ես,― ի՜նչ արժեր ձեզ համար, որ վերկենայիք և ընտիր արտահայտություններով, ամենանուրբ ձևով, ինչպես երկու անգամ երկուսը, ապացուցեիք ինձ, որ, թեև դա եղել է, բայց այնուամենայնիվ ոչինչ էլ չի եղել, ինչպես, հասկանո՞ւմ եք, սովորաբար կարողանում են ձեր բարձրաշխարհիկ հասարակության մեջ վարվել ճշմարտության հետ։ Չէ՞ որ ես հիմար եմ և գռեհիկ, ես ձեզ իսկույն կհավատայի, ես ամեն բանի կհավատայի, ինչ որ ձեզնից լսեի, ինչ էլ որ դուք ասեիք։ Չէ՞ որ ձեզ համար ոչինչ չարժեր այդպես վարվել։ Չէ՞ որ, իսկապես, հո դուք ինձնից չեք վախենում։ Ինչպե՞ս կարողացաք այդպես կամովին ստորանալ մի դուրսպրծուկի, մի ողորմելի դեռահասի առաջ։
― Դրանում, համենայն դեպս, ես չստորացա ձեր առաջ,― ըստ երևույթին, չհասկանալով իմ բացականչությունը, արտակարգ արժանապատվությամբ ասաց նա։
― Օ՜, ընդհակառակը, ընդհակառակը, ես հենց այդ եմ բղավում...
― Այո, դա այնքան վատ, այնքան թեթևամիտ մի քայլ էր իմ կողմից,― բացականչեց նա, ձեռքը դեպի դեմքը բարձրացնելով և, կարծես, ձեռքով ծածկվել աշխատելով,― դեռ երեկ էի ամաչում և այդ էր պատճառը, որ տեղ չէի գտնում ինձ հասար, երբ դուք ինձ մոտ նստած էիք... Ողջ ճշմարտությունն այն է,― ավելացրեց նա, որ իմ իրադրություններն հանկարծ այնպես զուգադիպեցին, որ ինձ համար միանգամայն անհրաժեշտ էր իմանալ վերջապես ողջ ճշմարտությունն այդ չարաբաստիկ նամակի ճակատագրի մասին, թե չէ ես արդեն համարյա սկսել էի մոռանալ դրա մասին... որովհետև ամենևին էլ միայն այդ պատճառով չէի ընդունում ձեզ իմ տանը,― ավելացրեց նա հանկարծ։
Սիրտս թրթռաց։
― Իհարկե, ոչ,― մի նուրբ ժպիտով ժպտաց նա,― իհարկե, ոչ։ Ես... Դուք, Արկադի Մակարովիչ, քիչ առաջ շատ դիպուկ նկատեցիք, որ դուք և ես հաճախ խոսում էինք, ինչպես ուանողը ուսանողի հետ։ Հավատացնում եմ ձեզ, որ երբեմն հասարակության մեջ ես շատ եմ ձանձրանում, և հատկապես այդպես է դարձել արտասահմանից և մեր այդ բոլոր ընտանեկան դժբախտություններից հետո... Հիմա նույնիսկ հազվադեպ եմ որևէ տեղ լինում, և ոչ միայն ծուլության պատճառով։ Հաճախ ուզում եմ գյուղ գնալ։ Այնտեղ ես նորից կկարդայի իմ սիրած գրքերը, որոնք վաղուց արդեն մի կողմ եմ դրել, բայց ոչ մի կերպ չեմ հասցնում կարդալ։ Դրա մասին ես ձեզ արդեն ասել եմ։ Հիշո՞ւմ եք, դուք ծիծաղում էիք, որ ես ռուսական լրագրեր եմ կարդում, օրական երկու լրագիր։
― Ես չեմ ծիծաղել...
― Իհարկե, որովհետև դա ձեզ էլ նույնքան հուզում է, իսկ ես ձեզ վաղուց եմ խոստովանել. ես ռուս եմ և սիրում եմ Ոուսաստանը։ Հիշո՞ւմ եք, մենք միասին «փաստերն» էինք կարդում, ինչպես որ դուք դա անվանում էիք (ժպտաց նա)։ Թեև դուք շատ հաճախ եք մի տեսակ... տարօրինակ լինում, բայց երբեմն այնպե՜ս էիք աշխուժանում, որ միշտ կարողանում էիք դիպուկ խոսք ասել, և հետաքրքրվում էիք հենց այն բանով, ինչով ես էի հետաքրքրվում։ Երբ դուք «ուսանող» եք լինում, իսկապես, շատ հաճելի և ինքնօրինակ եք լինում։ Բայց մյուս դերերը ձեզ, կարծեմ թե, այնքան էլ չեն սազում,― սքանչելի, խորամանկ քմծիծաղով ավելացրեց նա։― Հիշո՞ւմ եք, երբեմն ժամերով մենք միայն թվերի մասին էինք խոսում, հաշվում էինք, չափ ու ձև անում, մտահոգվում, թե քանի դպրոց ունենք և դեպի ուր է գնում լուսավորությունը։ Հաշվում էինք սպանություններն ու քրեական գործերը, համեմատում էինք լավ լուրերի հետ... ուզում էինք իմանալ, թե ուր է սլանում այս բոլորը, և թե վերջապես ինչ ենք լինելու մենք ինքներս։ Ձեր մեջ ես անկեղծության հանդիպեցի։ Բարձրաշխարհիկ հասարակության մեջ մեզ՝ կանանց հետ երբեք այդպես չեն խոսում։ Անցյալ շաբաթ ես փորձեցի իշխան ...-ովի հետ խոսել Բիսմարկի մասին, որովհետև շատ էի հետաքրքրվում, բայց ինքս վճռել չէի կարողանում, և, պատկերացրեք, նա նստեց իմ կողքին և սկսեց պատմել, այն էլ շատ մանրամասն, բայց շարունակ ինչ-որ մի հեգնանքով և հենց այն, ինձ համար անտանելի, զիջողամտությամբ, որով սովորաբար խոսում են «վսեմափայլ տղամարդիկ» մեզ՝ կանանց հետ, եթե սրանք քիթները «ոչ իրենց գործի մեջ» խոթեն... Իսկ հիշո՞ւմ եք, ինչպես մենք Բիսմարկի մասին վիճելով, քիչ մնաց, որ ընդհարվենք։ Դուք ապացուցում էիք, որ մենք մեր գաղափարն ունենք, որը Բիսմարկի գաղափարից «շատ ավելի զորեղ» է,― հանկարծ ծիծաղեց նա։― Կյանքումս միայն երկու մարդ եմ հանդիպել, որոնք ինձ հետ միանգամայն լուրջ են խոսել, հանգուցյալ ամուսնուս, շատ ու շատ խելոք մի մարդու և... ազնվագույն մարդու,― արտասանեց նա պատկառազդու,― և մեկ էլ, դուք ինքներդ գիտեք, թե ում...
― Վերսիլովին,― բացականչեցի ես։ Նրա յուրաքանչյուր բառի հետ ես հազիվ շունչ էի քաշում։
― Այո, ես շատ էի սիրում նրան լսել և, ի վերջո, նրա հետ միանգամայն... միգուցե, չափազանց անկեղծ դարձա, բայց հենց այդ ժամանակ էլ նա ինձ չհավատաց։
― Չհավատա՞ց։
― Այո, չէ՞ որ ինձ երբեք ոչ ոք չի հավատացել։
― Բայց Վերսիլովը։ Վերսիլովը։
― Նա ոչ թե ուղղակի չհավատաց,― հայացքը գետնին հառելով և մի տեսակ տարօրինակ ժպտալով՝ ասաց նա,― այլ գտավ, որ իմ մեջ «բոլոր արատները» կան։
― Որոնցից և ոչ մեկը ձեր մեջ չկա։
― Ոչ, որոշ արատներ ես էլ ունեմ։
― Վերսիլովը ձեզ չի սիրել, այդ պատճառով էլ ձեզ չի հասկացել,― աչքերս փայլեցնելով բացականչեցի ես։
Մի բան ցնցվեց նրա դեմքին։
― Թողեք դա և երբեք մի խոսեք ինձ հետ... այդ մարդու մասին...― ավելացրեց նա խիստ համառությամբ ու կրակոտ։― Սակայն բավական է. ժամանակն է։ (Նա վերկացավ, որ գնա)։― Ուրեմն, ինչպե՞ս, ներո՞ւմ եք դուք ինձ, թե՞ ոչ,― պարզորոշ ինձ նայելով ասաց նա։
― Ես... ձեզ... ներեմ։ Լսեցեք, Կատերինա Նիկոլաևնա, և չբարկանաք, ճի՞շտ է, որ դուք ամուսնանում եք։
― Դա դեռ ամենևին վճռված չէ,― կարծես ինչ-որ բանից վախեցած ու շփոթված ասաց նա։
― Նա լա՞վ մարդ է։ Ներեցեք, ներեցեք այս հարցի համար։
― Այո, շատ լավ մարդ է...
― Էլ մի պատասխանեք, ինձ պատասխանի մի արժանացրեք։ Չէ՞ որ ես գիտեմ, որ ինձնից ելնող նման հարցերն անտանելի են։ Ես միայն ուզում էի իմանալ, արժանի՞ է նա ձեզ, թե ոչ, բայց նրա մասին ես ինքս կիմանամ։
― Ախ, ինձ լսեք,― վախեցած ասաց նա։
― Ոչ, չեմ իմանա, չեմ իմանա։ Կողքից կանցնեմ... Բայց միայն ահա թե ինչ կասեմ, թող Աստված ձեզ ամենայն երջանկություն տա, ամենայն երջանկություն, որն ինքներդ կընտրեք ձեզ համար... այն բանի համար, որ հիմա դուք ինքներդ մի ժամվա ընթացքում այսքան երջանկություն շնորհեցիք ինձ։ Հիմա դուք հավիտյանս տպվեցիք իմ հոգում։ Ես գանձ եմ ձեռք բերել, ձեր կատարելության մասին միտքը։ Ես խարդավանք, բիրտ սեթևեթանք էի կասկածում և դժբախտ էի... որովհետև ձեզ հետ չէի կարողանում կապել այդ միտքը... վերջին օրերը ես մտածում էի զօր-գիշեր. և հանկարծ ամեն բան օրվա պես պարզ է դառնում։ Այստեղ մտնելով, ես կարծում էի, թե ճիզվիտություն, խորամանկություն, գաղտնիքներ կորզող օձ եմ տանելու հետս, այնինչ պատիվ, փառք, ուսանող գտա այստեղ... Ծիծաղու՜մ եք։ Թող, թող, թող որ ծիծաղեք։ Չէ՞ որ դուք սուրբ եք, դուք չեք կարող ծիծաղել մի բանի վրա, որ սրբազան է...
― Օ՜ ոչ, ես միայն նրա վրա եմ ծիծաղում, որ դուք այդպիսի սոսկալի բառեր եք հորինում... Դե, ի՞նչ կնշանակի «գաղտնիքներ կորզող օձ»,― ծիծաղեց նա։
― Այսօր մի արժեքավոր խոսք դուրս թռավ ձեր բերանից,― ոգևորված շարունակեցի ես։― Ինչպե՞ս կարողացաք արտասանել իմ ներկայությամբ, թե ծեր «հույսը դրել էիք իմ կրակոտ խառնվածքի վրա»։ Թեկուզ դուք սուրբ եք և նույնիսկ դա եք խոստովանում, որովհետև ծեր մեջ ինչ-որ մեղք էիք ենթադրում և ուզում էիք ձեզ պատժել... Թեև, ի դեպ, ոչ մի մեղք էլ չի եղել, որովհետև, եթե մի բան էլ եղել է, ապա ձեզնից ելնող ամեն բան սուրբ է։ Սակայն դուք, այնուամենայնիվ, կարող էիք չասել հենց այդ բառը, այդ արտահայտությունը... Այդպիսի նույնիսկ անբնական անկեղծությունը միայն ձեր բարձրագույն մաքրաբարոյությունն է ցույց տալիս, ձեր հարգանքն ու վստահությունն իմ նկատմամբ,― անկապ բացականչում էի ես։― Օ՜ մի շիկնեք, մի շիկնեք... Եվ ո՞վ, ո՞վ կարող էր զրպարտել ձեզ և ասել, թե դուք կրքոտ կին եք։ Օ՜, ներեցեք, ես տանջալից արտահայտություն եմ տեսնում ձեր դեմքին, ներեցեք մոլուցքով բռնված դեռահասին նրա անշնորհք խոսքերի համար։ Եվ, արդյոք, կարևո՞ր են հիմա խոսքերն ու արտահայտությունները։ Արդյո՞ք, դուք վեր չեք ամեն տեսակ արտահայտություններից... Մի անգամ Վերսիլովն ասում էր. թե Օթելլոն սպանել է Դեզդեմոնային, հետո էլ՝ իրեն, ոչ թե որովհետև խանդում էր, այլ որովհետև նրանից խլել էին նրա իդեալը... Ես դա հասկացա, որովհետև այսօր ինձ վերադարձրին իմ իդեալը։
― Դուք արդեն չափազանց եք ինձ գովաբանում, ես արժանի չեմ դրան,― ասաց նա զգացումնալի։― Հիշո՞ւմ եք, ինչ եմ ասել ձեզ ձեր աչքերի մասին,― կատակով ավելացրեց նա։
― Որ իմ աչքերը աչքեր չեն, այլ դրանց փոխարեն մի-մի մանրադիտակ և որ ես ամեն մի ճանճ մեծացնում, ուղտ եմ դարձնում։ Ո՜չ, այստեղ ուղտի մասին խոսք չկա... Ինչպե՞ս, գնո՞ւմ եք։
Նա, վզի թաշկինակն ու մուֆտան ձեռքին, կանգնած էր սենյակի մեջտեղում։
― Ոչ, ես կսպասեմ, մինչև դուք դուրս գաք, իսկ ինքս հետո դուրս կգամ։ Ես դեռ մի երկտող կգրեմ Տատյանա Պավլովնային։
― Ես հիմա կգնամ, հենց հիմա, բայց մի անգամ էլ եմ ասում, երջանիկ եղեք՝ միայնակ թե այն մարդու հետ, որին կընտրեք ձեզ համար, Աստված ձեզ երջանկություն տա։ Իսկ ինձ, միայն իդեալ է պետք։
― Իմ բարի, սիրելի Արկադի Մակարովիչ, հավատացեք, որ ես ձեր մասին... Ձեր մասին հայրս միշտ ասում է՝ «սիրելի, բարի տղեկը»։ Հավատացեք, որ ես միշտ հիշելու եմ ձեր պատմությունները օտար մարդկանց մեջ թողած խեղճ տղեկի ու նրա մեկուսի երազանքների մասին... Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչպես է ձևավորվել ձեր հոգին... Բայց այժմ, թեև մենք ուսանողներ ենք,― խնդրող, ամոթխած ժպիտով ձեռքս սեղմելով ավելացրեց նա,― բայց այլևս չի կարելի, որ մենք հանդիպենք առաջվա պես և, և... երևի դուք դա հասկանո՞ւմ եք։
― Չի՞ կարելի։
― Չի կարելի, երկար ժամանակ չի կարելի... դրանում արդեն ես եմ մեղավոր... ես տեսնում եմ, որ դա այժմ միանգամայն անհնարին է... մենք երբեմն կհանդիպենք հայրիկիս մոտ...
«Դուք իմ «կրակոտ» զգացմունքների՞ց եք վախենում, դուք ինձ չե՞ք հավատում»,― ուզեցի բացականչել ես. բայց նա հանկարծ այնպե՜ս ամոթահար շիկնեց իմ առաջ, որ բառերս իրենք իրենց կաշկանդվեցին ու չարտասանվեցին։
― Ասացեք,― արդեն ուղիղ դռան մոտ հանկարծ կանգնեցրեց ինձ նա,― դուք ինքնե՞րդ եք տեսել, որ... այն նամակը... պատռված է։ Դուք լա՞վ եք հիշում դա։ Եվ այն ժամանակ ինչի՞ց իմացաք, թե դա հենց այն նամակն է Անդրոնիկովին։
― Կրաֆտն ինձ պատմեց դրա բովանդակությունը և նույնիսկ ցույց տվեց այն... Մնաք բարով։ Երբ լինում էի ձեր առանձնասենյակում, վարանում էի ձեր ներկայությամբ, բայց երբ դուք դուրս էիք գալիս սենյակից, ես պատրաստ էի նետվել ու համբուրել այն տեղը հատակին, ուր քիչ առաջ եղել էր ձեր ոտքը...― առանց ինձ հաշիվ տալու, ինքս էլ չիմանալով ինչպես և ինչի համար, հանկարծ արտասանեցի ես և, առանց նրան նայելու, արագ դուրս եկա։
Ես գնացի տուն, հոգումս հրճվանք էր։ Գլխումս պտուտահողմի պես ամեն ինչ երևում էր ու անհետանում, իսկ սիրտս լի էր զգացմունքով։ Մայրիկիս տանը մոտենալիս, հանկարծ հիշեցի Լիզայի անշնորհակալ վերաբերմունքը Աննա Անդրեևնայի նկատմամբ, նրա քիչ առաջ ասած անողորմ. հրեշավոր խոսքը, ու սիրտս հանկարծ մղկտաց բոլորի համար։ «Ի՜նչ քար է կախված բոլորի սրտից։ Իսկ Լիզա՞ն, ի՞նչ է պատահել նրան»,― առմուտք բարձրանալով մտածեցի ես։
Մատվեյին ես ազատ արձակեցի՝ կարգադրելով, որ ժամը իննին իմ բնակարանը գա ինձ տանելու։
=== Գլուխ հինգերորդ ===
'''I'''
Ճաշից ես ուշացել էի, բայց նրանք դեռ սեղան չէին նստել և ինձ էին սպասում։ Թերևս այն պատճառով, որ ընդհանրապես ես հազվադեպ էի նրանց տանը ճաշում, նույնիսկ որոշ, առանձնահատուկ հավելումներ էին արված սեղանին, որպես ակրատ՝ սարդիններ և այլ բաներ։ Բայց ի զարմանս և ի վիշտ ինձ, բոլորին ինչ-որ բանով մտահոգված ու մռայլված գտա. ինձ տեսնելով Լիզան հազիվ ժպտաց, իսկ մայրիկն, ըստ երևույթին, անհանգստացած էր. Վերսիլովը ժպտաց, բայց լարված։ «Չլինի՞ թե կռվել են իրար հետ»,― անցավ մտքովս։ Սակայն, սկզբում ամեն բան լավ ընթացավ, միայն Վերսիլովը մի քիչ խոժոռվեց, տեսնելով խմորագնդիկներով արգանակը, և դեմքը խիստ ծամածռեց, երբ զրազին մատուցեցին։
― Բավական է միայն, որ զգուշացնես, թե ստամոքսս այսինչ կերակուրը չի տանում, որ հենց հետևյալ օրը սեղանին հայտնվի,― սրտնեղությունից դուրս թռավ նրա բերանից։
― Բայց էլ ի՞նչ հնարենք, Անդրեյ Պետրովիչ։ Հո որևէ նոր կերակուր չե՞նք կարող հորինել,― վեհերոտ պատասխանեց մայրիկս։
― Մայրդ մեր որոշ լրագրերի կատարյալ հակադրությունն է, դրանցում ինչը որ նոր է, այն էլ լավ է համարվում,― խաղուն ու բարեհամբույր ուզեց սրամտել Վերսիլովը, բայց բան դուրս չեկավ, նա էլ ավելի վախեցրեց մայրիկին, որն, իհարկե, ոչինչ չհասկացավ իրեն լրագրերի հետ համեմատելուց և տարակուսած շուրջն էր նայում։ Այդ րոպեին ներս մտավ Տատյանա Պավլովնան և, հայտարարելով, որ արդեն ճաշել է, նստեց մայրիկի կողքին, բազմոցին։
Ես դեռ չէի հասցրել այս տիկնոջ բարեհաճ վերաբերմունքը շահել, նույնիսկ, ընդհակառակը, նա սկսել էր էլ ավելի ինձ վրա հարձակվել ամեն պատճառով ու առիթով։ Նրա դժգոհությունն ինձնից հատկապես էր աճել վերջին ժամանակներս, նա տեսնել չէր կարող իմ պճնամոլական հագուստը, իսկ Լիզան ինձ հաղորդեց, որ համարյա մոլուցքով էր բռնվել՝ իմանալով, որ ես սրարշավ կառապան ունեմ։ Ես վերջացրի նրանով, որ հնարավորին չափ սկսեցի խուսափել նրան հանդիպելուց։ Երկու ամիս առաջ, ժառանգությունից հրաժարվելուց հետո, ես մտա նրա տուն Վերսիլովի արարքի մասին զրուցելու, բայց համակրանքի որևէ հետք չգտա նրա մոտ. ընդհակառակը, նա սոսկալի զայրացած էր. նրան բոլորովին դուր չէր եկել այն, որ ամբողջ ժառանգությունն էր իշխանին տրված և ոչ թե կեսը, իսկ ինձ այն ժամանակ նա կծու ասաց.
― Գրազ կգամ, որ դու համոզված ես, թե նա և փողն է տվել, և մենամարտի հրավիրել միմիայն, որպեսզի Արկադի Մակարովիչի կարծիքն իր մասին բարձրացնի։
Եվ, իրոք, նա համարյա ճիշտ էր գուշակել, դրա նման մի բան ես իսկապես էլ զգում էի այն ժամանակ։
Նրա ներս մտնելուն պես ես իսկույն հասկացա, որ անպայման հարձակվելու է ինձ վրա. նույնիսկ մի քիչ էլ վստահ էի, որ նա, իսկապես, հենց դրա համար էլ եկել է, և այդ պատճառով հանկարծ արտակարգ անզուսպ դարձա և դա ոչինչ չարժեր ինձ համար, որովհետև քիչ առաջ տեղի ունեցածից հետո, շարունակում էի պայծառ և ուրախ լինել։ Մեկընդմիշտ նկատեմ, որ սանձարձակությունը կյանքումս երբեք չի սազել ինձ, այսինքն ինձ սազական չի եղել, այլ, ընդհակառակը, միշտ խայտառակություն է բերել ինձ։ Այդպես եղավ և այժմ, ես միանգամից մի բան դուրս տվեցի, առանց որևէ վատ մտքի, ուղղակի թեթևամտությունից, նկատելով, որ Լիզան սոսկալի տրտում է, առանց նույնիսկ մտածելու, թե ինչ եմ ասում, հանկարծ դուրս տվի.
― Հազարից մեկ այստեղ ճաշում եմ, իսկ դու, Լիզա, կարծես դիտմամբ տրտմել ես։
― Գլուխս ցավում է,― պատասխանեց Լիզան։
― Ախ, Աստված իմ,― իսկույն կպավ Տատյանա Պավլովնան,― հետո՞ ինչ. որ հիվանդ ես։ Արկադի Մակարովիչը բարեհաճել է գալ ճաշելու, դու պետք է պարես ու ուրախանաս։
― Դուք որոշակիորեն իմ կյանքի դժբախտությունն եք, Տատյանա Պավլովնա. այլևս երբեք այստեղ չեմ գալու, երբ դուք այստեղ եք,― և ես անկեղծ սրտնեղությամբ ձեռքի ափով խփեցի սեղանին, մայրիկս ցնցվեց, իսկ Վերսիլովը տարօրինակ հայացքով ինձ նայեց։ Ես հանկարծ ծիծաղեցի և նրանցից ներողություն խնդրեցի։
― Տատյանա Պավլովնա, դժբախտության մասին ասածս հետ եմ վերցնում,― շարունակելով սանձարձակությունս դիմեցի նրան ես։
― Ոչ, ոչ,― կտրուկ ասաց նա,― ինձ համար քո դժբախտությունը լինելն ավելի պատվաբեր է, քան թե ընդհակառակը, վստահ եղիր։
― Սիրելիս, պետք է կարողանալ դիմանալ կյանքի փոքրիկ դժբախտություններին,― ժպտալով, ծամծմեց Վերսիլովը,― առանց դժբախտությունների ապրել էլ չարժե։
― Գիտեք ինչ, դուք երբեմն սոսկալի հետադեմ եք լինում,― ջղային ծիծաղելով բացականչեցի ես։
― Դրա վրա թքած, բարեկամս։
― Ոչ, չթքած։ Ինչո՞ւ դուք ավանակի երեսին ավանակ չեք ասում, եթե նա իսկապես ավանակ է։
― Արդյո՞ք քեզ նկատի չունես։ Առաջինը՝ ես ոչ ոքի դատապարտել չեմ ուզում և չեմ կարող։
― Ինչո՞ւ չեք ուզում, ինչո՞ւ չեք կարող։
― Ե՛վ ծուլանում ես, և՛ զզվում։ Մի անգամ մի խելոք կին ինձ ասաց, որ ես ուրիշներին դատապարտելու իրավունք չունեմ, որովհետև «տառապել» չգիտեմ, իսկ ուրիշների գլխին դատավոր դառնալու համար պետք է տառապանքով ձեռք բերել այդ իրավունքը։ Մի քիչ վերամբարձ է, բայց իմ նկատմամբ կիրառելու դեպքում, գուցեև, ճիշտ է, այնպես որ ես նույնիսկ հաճույքով հնազանդվեցի այդ դատողությանը։
― Մի՞թե Տատյանա Պավլովնան է դա ձեզ ասել,― բացականչեցի ես։
― Իսկ դու ի՞նչ իմացար,― թեթևակի զարմանքով ինձ նայեց Վերսիլովը։
― Տատյանա Պավլովնայի դեմքից գուշակեցի, նա այնպե՜ս հանկարծ ցնցվեց։
Ես պատահաբար գուշակեցի։ Ինչպես պարզվեց հետագայում, այդ միտքն իսկապես Տատյանա Պավլովնան էր արտահայտել Վերսիլովին նախորդ օրը մի տաք խոսակցության ժամանակ։ Եվ ընդհանրապես, կրկնում եմ, որ ես իմ ուրախություններով ու սրտազեղություններով բոլորովին անժամանակ էի ընկել նրանց բոլորի գլխին, նրանցից յուրաքանչյուրն ուներ իր, և շատ ծանր, հոգսը։
― Ես ոչինչ չեմ հասկանում, որովհետև այս բոլորն այնքա՜ն վերացական է և դա ձեր հատկությունն է. դուք սոսկալի սիրում եք վերացական խոսել, Անդրեյ Պետրովիչ, դա եսասիրական հատկություն է, վերացական սիրում են խոսել միայն եսասերները։
― Խելոք է ասված, բայց մի ձանձրացրու։
― Ո՜չ, թույլ տվեք,― սրտազեղություններովս կպել ու չէի պոկվում ես,― ի՞նչ է նշանակում «տառապանքով դատապարտելու իրավունք ձեռք բերել»։ Ով ազնիվ է, նա էլ դատավոր կարող է լինել, ահա իմ միտքը։
― Այդ դեպքում շատ քիչ դատավոր կճարես դու։
― Մեկին ճանաչում եմ։
― Այդ ո՞ւմ։
― Այժմ նա նստել ու խոսում է ինձ հետ։
Վերսիլովը տարօրինակ քմծիծաղ տվեց, կիպ ականջիս վրա խոնարհվեց և, ուսս բռնելով, շշնջաց. «Նա շարունակ ստում է քեզ»։
Ես մինչև այժմ էլ չեմ հասկանում, թե ինչ էր նրա մտքինը, բայց հավանաբար այդ րոպեին ինչ-որ մի բանից նա արտակարգ անհանգստացած էր (ինչպես հետագայում կռահեցի, մի տեղեկություն ստանալու հետևանքով)։ Բայց այդ նախադասությունը «նա շարունակ ստում է քեզ» այնքան անսպասելի ու այնքան լուրջ էր ասված և այնքան տարօրինակ ու ամենևին ոչ կատակային արտահայտությամբ, որ ես ամբողջ մարմնովս մի տեսակ ջղային ցնցվեցի, համարյա վախեցա և օտարոտի նրան նայեցի, բայց Վերսիլովը շտապեց ծիծաղել։
― Դե, փառք Աստծո,― ծիծաղեց մայրիկս, վախենալով, որ նա ինչ-որ բան շշնջում է ականջիս,― թե չէ ես կարծեցի... Դու մեզնից մի նեղանա, Արկաշա, խելոք մարդիկ առանց մեզ էլ քո կողքին կլինեն, բայց քեզ ո՞վ կսիրի, եթե մենք իրար համար չլինենք։
― Հենց դրանով էլ ազգակցական սերն անբարոյական է, մայրիկ, որ վաստակած չէ։ Սերը պետք է վաստակել։
― Մինչև վաստակես, այստեղ առանց ոչ մի վաստակի էլ քեզ սիրում են։
Հանկարծ բոլորը ծիծաղեցին։
― Ախ, մայրիկ, գուցե դուք չէիք էլ ուզում կրակել, բայց ծտին սպանեցիք,― նույնպես ծիծաղելով՝ բացականչեցի ես։
― Իսկ դու իսկապես էլ երևակայեցիր, թե սիրելու բան ունես,― նորից հարձակվեց Տատյանա Պավլովնան,― բավական չէ, որ հենց այնպես քեզ սիրում են, դեռ զզվանքն էլ հաղթահարելով են քեզ սիրում։
― Ոչ էլ,― ուրախ բացականչեցի ես,― գիտե՞ք, միգուցե, ով է այսօր ինձ ասել, թե սիրում է ինձ։
― Վրադ ծիծաղելով է ասել,― կարծես հենց ինձնից այդ բառերին սպասելիս լինելով, մի տեսակ անբնական չարությամբ հարեց Տատյանա Պավլովնան։― Ախր, նրբավար մարդը, և առանձնապես կինը, միայն քո հոգու կեղտի պատճառով զզվանքով կլցվի քո նկատմամբ։ Գլխիդ մազաբաժան ունես, նուրբ սպիտակեղեն, հագուստդ ֆրանսիացին է կարել, բայց միևնույն է, բոլորն էլ կեղտ է։ Ո՞վ է քեզ հագցնում, ո՞վ է քեզ կերակրում, քեզ ո՞վ է փող տալիս, որ ռուլետկա խաղաս։ Հիշիր, թե ումի՞ց ես առանց ամաչելու փող վերցնում։
Սայրիկն ամոթից կաս-կարմիր էր կտրել, նման ամոթահարություն ես երբեք նրա դեմքին չէի տեսել։ Ես ամբողջ մարմնովս ցնցվեցի։
― Եթե ծախսում եմ, իմ փողն եմ ծախսում և ոչ ոքի պարտավոր չեմ հաշվետու լինել,― շառագունելով, կարճ կապեցի ես։
― Ի՞նչ քո փող։ Ո՞րն է քո փողը։
― Իմը չէ, Անդրեյ Պետրովիչինն է։ Նա ինձ չի մերժի... Ես իշխանից վերցրել եմ նրա՝ Անդրեյ Պետրովիչին տալիքի հաշվին...
― Բարեկամս,― հաստատուն ձայնով հանկարծ ասաց Վերսիլովը,― այնտեղ ես ոչ մի կոպեկ չունեմ։
Խոսքը սոսկալի նշանակալից էր։ Ես տեղնուտեղը պապանձվեցի։ Օ՜, անշուշտ, հիշելով իմ այն ժամանակվա արտասովոր, անհոգ տրամադրությունը, ես իհարկե, կարող էի մի որևէ «ազնվաբարո» պոռթկումով, ճռճռան խոսքով կամ մի այլ բանով դուրս պրծնել այդ դրությունից, բայց հանկարծ Լիգայի խոժոռված դեմքին ինչ-որ չար, մեղադրական արտահայտություն, անարդար արտահայտություն, համարյա ծաղր նկատեցի, և, կարծես, սատանան ինձ դրդեց.
― Դուք, օրիորդ,― հանկարծ նրան դիմեցի ես,― կարծեմ, հաճախ եք իշխանի բնակարանում Դարյա Օնիսիմովնային այցելում։ Արդյոք չէի՞ք բարեհաճի ինքներդ նրան հանձնել այս երեք հարյուր ռուբլին, որի համար այսօր այնպե՜ս կշտամբում էիք ինձ։
Ես հանեցի փողն ու պարզեցի նրան։ Արդյոք կհավատա՞ն ինծ, որ այս ստոր խոսքերն ասվեցին այն ժամանակ առանց որևէ նպատակի, այսինքն առանց որևէ բանի ամենաչնչին ակնարկի։ Եվ նման ակնարկ չէր էլ կարող լինել, որովհետև այն րոպեին ես ամենևին ոչինչ չգիտեի։ Գուցե միայն ցանկություն ունեի որևէ բանով խայթել նրան, համեմատաբար չափազանց անմեղ մի բանով, ասենք, իբր, տեսեք օրիորդ եք. իսկ խառնվում եք ձեզ չվերաբերող գործին, ուրեմն, չէ՞իք բարեհաճի, եթե անպայման ուզում եք խառնվել, ինքներդ հանդիպել այդ իշխանին, այդ երիտասարդին, պետերբուրգյան սպային և հանձնել նրան սա, «եթե այդքան ուզում եք խառնվել երիտասարդների գործերին»։ Բայց որքա՜ն եղավ զարմանքս, երբ մայրս հանկարծ վերկացավ և, իմ առաջ մատը բարձրացնելով և ինձ սպառնալով, բղավեց.
― Չհամարձակվե՛ս։ Չհամարձակվե՛ս։
Ոչ մի նման բան ես չէի կարող նրանից սպասել, և ինքս էլ թռա տեղիցս, ոչ թե վախեցած, այլ կարծես տառապանքով, կարծես տանջալից մի վերք սրտումս, հանկարծ կռահելով, որ ինչ-որ ծանր բան է պատահել այստեղ։ Բայց մայրիկս երկար չդիմացավ, դեմքը ձեռքերով ծածկելով՝ նա արագ դուրս եկավ սենյակից։ Լիզան, նույնիսկ առանց իմ կողմը նայելու, դուրս եկավ նրա հետևից։ Տատյանա Պավլովնան մոտ կես րոպե լուռ ինձ էր նայում.
― Բայց մի՞թե դու իսկապես ինչ-որ բան էիր ուզում դուրս տալ գլխիցդ,― խորագույն զարմանքով ինձ նայելով՝ առեղծվածային բացականչեց նա, բայց պատասխանի չսպասելով, նույնպես վազեց նրանց մոտ։ Վերսիլովը անբարյացակամ, համարյա չար տեսքով վերկացավ սեղանի մոտից և վերցրեց անկյունում դրված իր գլխարկը։
― Կարծում եմ, որ դու ամենևին էլ այդքան հիմար չես, այլ միայն միամիտ ես,― ծաղրական ծամծմեց նա։― Եթե գան, ասա, որ ինձ քաղցրի չսպասեն, ես մի քիչ կզբոսնեմ։
Ես մնացի մենակ, սկզբում ինձ տարօրինակ թվաց, հետո վիրավորական, ավելի հետո ես պարզ տեսա, որ մեղավոր եմ։ Թեև չգիտեի, իսկապես, ինչում եմ մեղավոր, բայց մի բան զգում էի։ Ես նստել էի պատուհանի մոտ ու սպասում էի։ Մի տասը րոպե սպասելուց հետո ես էլ վերցրի գլխարկս ու վերև իմ նախկին սենյակս գնացի։ Ես գիտեի, որ նրանք այնտեղ են, այսինքն՝ մայրիկն ու Լիզան, և որ Տատյանա Պավլովնան արդեն գնացել է։ Այդպես էլ գտա նրանց, երկուսով իմ բազմոցին նստած մի բան փսփսալիս։ Իմ հայտնվելուն պես երկուսն էլ դադարեցին փսփսալ։ Ի զարմանս իմ, նրանք ինձ վրա բարկացած չէին, համենայն դեպս, մայրիկն ինձ ժպտաց։
― Ես մեղավոր եմ, մայրիկ...― սկսեցի ես։
― Դե լավ, լավ, ոչինչ,― ընդհատեց մայրիկը,― միայն թե իրար սիրեք և երբեք մի ընդհարվեք, Աստված էլ ձեզ երջանկություն կտա։
― Նա երբեք ինձ չի նեղացնի, մայրիկ, ես եմ դա ձեզ ասում,― վստահ ու զգացումնալի ասաց Լիզան։
― Եթե այդ Տատյանա Պավլովնան չլիներ, երբեք նման բան չէր ստացվի,― բացականչեցի ես,― վատն է նա։
― Տեսնո՞ւմ եք, մայրիկ։ Լսո՞ւմ եք,― ինձ ցույց տալով նրան ասաց Լիզան։
― Ահա թե երկուսիդ էլ ինչ կասեմ ես,― ազդադարեցի ես,― եթե աշխարհը գարշելի է, ապա գարշելի եմ միայն ես, իսկ բոլոր մյուսները հրաշալի են։
― Մի զայրանա, Արկաշա, իսկ եթե դու իսկապես թողնեիր...
― Թղթախաղը, հա՞։ Թղթախաղը։ Կթողնեմ, մայրիկ, այսօր վերջին անգամ եմ գնում, հատկապես այն բանից հետո, որ Անդրեյ Պետրովիչն ինքը բարձրաձայն հայտարարեց, թե ինքն այնտեղ ոչ մի կոպեկ չունի։ Դուք չեք հավատա, թե ինչ ամոթահար եմ ես... Ի դեպ, ես պետք է նրա հետ բացատրվեմ... Մայրիկ, սիրելիս, անցյալ անգամ ես այստեղ... անշնորհք մի խոսք ասացի... մայրիկ, ես ստում էի. ես անկեղծ ուզում եմ հավատալ, ուղղակի մեծ-մեծ խոսում էի, ես շատ եմ սիրում Քրիստոսին...
Նախորդ անգամ իսկապես մեր միջև նման մի խոսակցություն ստացվեց. մայրիկը շատ վշտացած էր ու շատ անհանգստացած։ Այժմ ինձ լսելով նա ինձ ժպտաց, ինչպես երեխային են ժպտում։
― Քրիստոսն, Արկաշա, ամեն բան կների, քո վատաբանությունն էլ կների, և դրանից վատն էլ կների։ Քրիստոսը հայր է, Քրիստոսը կարիք չունի... և նույնիսկ ամենաթանձր խավարում նա կփայլի...
Ես նրանց հրաժեշտ տվի ու դուրս եկա՝ մտածելով այսօր Վերսիլովի հետ տեսնվելու հնարավորության մասին, ես մեծ կարիք ունեի նրա հետ խոսակցելու, իսկ քիչ առաջ դա հնարավոր չեղավ։ Ես շատ էի կասկածում, որ նա սպասում է ինձ իմ բնակարանում։ Գնացի ոտքով, տաքերից հետո թեթևակի սառնամանիք էր սկսվել, և քայլելը չափազանց հաճելի էր։
'''II'''
Ես ապրում էի Վոզնեսենսկի կամրջի մոտ, բակում կանգնած մի հսկայական տան մեջ։ Դարպասից ներս մտնելուն պես ես դեմ առ դեմ հանդիպեցի իմ տանից դուրս եկող Վերսիլովի հետ։
― Սովորությանս համաձայն, զբոսնելով հասա մինչև քո բնակարանը և նույնիսկ սպասեցի քեզ Պյոտր Իպպոլիտովիչի մոտ, բայց շուտով ձանձրացա։ Դրանք շարունակ կռվում են, իսկ այսօր կինը նույնիսկ անկողին է մտել ու լալիս է։ Սի քիչ նայեցի ու հեռացա։
Չգիտես ինչու, ես սրտնեղեցի։
― Հավանաբար, դուք հենց միայն իմ տուն էլ գալիս եք, և, ինձնից ու Պյոտր Իպպոլիտովիչից բացի ուրիշ ոչ ոք չունեք ամբողջ Պետերբուրգում։
― Բարց չէ՞ որ դա միևնույն է... բարեկամս։
― Իսկ հիմա ո՞ւր եք գնում։
― Ոչ, քեզ մոտ արդեն չեմ գա։ Եթե ուզում ես, զբոսնենք, հիանալի երեկո է։
― Եթե վերացական դատողությունների փոխարեն դուք ինձ հետ մարդավարի խոսեիք և, օրինակ, գոնե, միայն մի ակնարկ անեիք այդ անիծված խաղի մասին, միգուցե, ես այդպես հիմարավարի չտարվեի դրանով,― հանկարծ ասացի ես։
― Զղջո՞ւմ ես։ Դա լավ է,― բառերն ատամների արանքից արտաբերելով պատասխանեց նա,― ես միշտ էլ կասկածում էի, որ խաղը քեզ համար գլխավորը չէ, այլ միայն ժա-մա-նա-կա-վոր մի թեքում... Դու իրավացի ես, բարեկամս, խաղը խոզություն է, բացի դրանից կարելի է մինչև վերջինը տարվել։
― Եվ ուրիշի փողերը տանուլ տալ։
― Իսկ դու տանուլ ես տվել նաև ուրիշի՞նը։
― Ձերն եմ տանուլ տվել։ Իշխանից վերցրել եմ ձեր հաշվին։ Իհարկե, դա սոսկալի անհեթեթություն ու հիմարություն է իմ կողմից... ձեր փողերը իմը համարելը, բայց ես շարունակ ուզում էի հետ բերել տանուլ տվածս։
― Մի անգամ էլ եմ նախազգուշացնում քեզ, սիրելիս, որ ես այնտեղ փող չունեմ։ Գիտեմ, այդ երիտասարդն ինքն էլ նեղն է, և չնայած նրա խոստմանը, ես նրա հետ որևէ հույս չեմ կապում։
― Այդ դեպքում ես կրկնակի վատ դրության եմ... Ես ծիծաղելի դրության եմ։ Եվ ինչո՞ւ պիտի նա ինձ տա, կամ ես նրանից վերցնեմ դրանից հետո։
― Դա արդեն քո գործն է... Բայց իսկապես, դու ոչ մի պատճառ չունես նրանից վերցնելու, չէ՞։
― Բացի ընկերությունից...
― Ուրիշ պատճառ չկա՞, բացի ընկերությունից։ Չկա՞ այնպիսի մի բան, որի պատճառով դու հնարավոր համարեիր նրանից փող վերցնել, հը՞։ Դեհ, ասենք, ինչ և ինչ նկատառումներից ելնելով։
― Ի՞նչ նկատառումներ։ Չեմ հասկանում։
― Ավելի լավ, որ չես հասկանում, և, խոստովանում եմ, բարեկամս, ես համոզված էի դրանում։ Brisons-la mon cher<ref>Թողնենք դա, սիրելիս (ֆրանս.)։</ref>, և ինչ-որ ձևով աշխատիր չխաղալ։
― Եթե դուք ինձ նախապես ասեիք։ Դուք հիմա էլ այնպես եք ասում, կարծես ծամծմում եք։
― Եթե ես նախապես ասեի, մենք միայն կընդհարվեինք, և դու այդքան հաճույքով ինձ տուն չէիր թողնի երեկոները։ Եվ իմացիր, սիրելիս, որ նախապես ասված այդ բոլոր փրկարար խորհուրդները միայն ուրիշի հաշվին ուրիշի խղճի մեջ ներխուժել է նշանակում։ Ես բավական հաճախ եմ ուրիշների խղճի մեջ խուժել և վերջիվերջո միայն ծաղր ու մատնակտտոցներ եմ ստացել։ Մատնակտտոցների ու ծաղրի վրա, իհարկե, թքած, բայց գլխավորն այն է, որ այդ վարվելաձևով ոչնչի էլ չես հասնի, ոչ ոք քեզ չի լսի, որքան էլ որ միջամտես... և միայն բոլորի աչքից կընկնես։
― Ուրախ եմ, որ ինձ հետ սկսել եք ոչ վերացական բաների մասին խոսել։ Մի բանի մասին էլ եմ ուզում ձեզ հարցնել, վաղուց եմ ուզում, բայց ձեզ հետ շարունակ, կարծես, չէր կարելի այդ մասին խոսել։ Լավ է, որ փողոցում ենք։ Հիշո՞ւմ եք, այն երեկոյան ձեր տանը, վերջին երեկոյան, երկու ամիս առաջ, դուք և ես նստած էինք ինձ մոտ՝ «դագաղում», և ես ձեզ հարց ու փորձ էի անում մայրիկի ու Մակար Իվանովիչի մասին, հիշո՞ւմ եք, ինչ «սանձարձակ» էի ձեզ հետ այն ժամանակ։ Մի՞թե կարելի էր թույլ տալ լակոտ-որդուն այդպիսի արտահայտություններով խոսել մոր մասին։ Եվ ի՞նչ, դուք ոչ մի բանով անգամ ձեր դժգոհությունը ցույց չտվիք, ընդհակառակը, ինքներդ «բացվեցիք» և դրանով ինձ է՛լ ավելի սանձազերծեցիք։
― Բարեկամս, ինձ համար չափազանց հաճելի է քեզնից... այդպիսի զգացմունքների մասին... լսելը։ Այո, շատ լավ եմ հիշում, այն ժամանակ ես իսկապես սպասում էի, թե դեմքդ կշիկնի և, եթե ինքս էի մի բան էլ ավելացնում, ապա, միգուցե, հենց նրա համար, որ քեզ մինչև վերջին կետը հասցնեմ...
― Եվ միայն խաբեցիք ինձ այն ժամանակ ու հոգուս զուլալ աղբյուրը է՛լ ավելի պղտորեցիք։ Այո, ես ողորմելի մի դեռահաս եմ և հաճախ ինքս չգիտեմ ո՛րն է չարը, ո՛րը՝ բարին։ Եթե դուք այն ժամանակ գոնե մի փոքր ճանապարհ ցույց տայիք ինձ, ես կհասկանայի և իսկույն ճիշտ ճանապարհին կկանգնեի։ Բայց դուք այն ժամանակ ինձ միայն զայրացրիք։
― Cher enfant, ես միշտ նախազգում էի, որ մենք այսպես թե այնպես, մտերմանալու ենք, իսկ դեմքիդ «շիկնելը» հո իրեն-իրեն, առանց իմ ցուցումների, քեզ հասավ, իսկ դա, երդվում եմ, հենց քեզ համար ավելի լավ է... Դու, սիրելիս, նկատում եմ, որ վերջին ժամանակներս շատ բան ես ձեռք բերել... մի՞թե այդ իշխանիկի հետ շփվելով։
― Մի գովաբանեք ինձ, ես դա չեմ սիրում։ Ծանր կասկած մի թողեք սրտումս, թե դուք ճիզվիտությունից, ի վնաս ճշմարտության եք ինձ գովաբանում, որպեսզի չդադարեք ինձ դուր գալուց։ Իսկ վերջին ժամանակներս... գիտե՞ք, ես կանանց եմ այցելել։ Ինձ շատ լավ է ընդունում, օրինակ, Աննա Անդրեևնան, դուք գիտե՞ք։
― Ես դա հենց իրենից գիտեմ, բարեկամս։ Այո, նա շատ հաճելի ու խելոք օրիորդ է։ Mais brisons-la, mon cher։ Այսօր ես ինձ տարօրինակ լինելու չափ գարշելի եմ զգում, սևամաղձություն է, ինչ է։ Հեմոռոյին եմ վերագրում։ Տանն ինչպե՞ս են։ Ոչի՞նչ։ Անշուշտ, դու այնտեղ հաշտվեցիր, և գրկախառնություննե՞ր էլ եղան։ Cela va sans dire<ref>Դա ինքնըստինքյան հասկանալի է (ֆրանս.)։</ref>։ Նույնիսկ ամենավատ զբոսանքից հետո էլ երբեմն մի տեսակ տխուր է լինում նրանց մոտ վերադառնալը։ Իսկապես, երբեմն անձրևի տակով մի ավելորդ շրջադարձ եմ անում, միայն որպեսզի ավելի երկար ժամանակ չվերադառնամ այդ ընդերքը... Եվ հո ձանձրույթ չի, ձանձրույթ, ախ, Տեր Աստված։
― Մայրս...
― Մայրդ կատարելագույն ու հրաշալիագույն մի արարած է, mais...<ref>Բայց (ֆրանս.)։</ref> Մի խոսքով, ես հավանաբար նրանց արժանի չեմ։ Ի դեպ, ի՞նչ է պատահել նրանց այսօր։ Վերջին օրերս նրանք բոլորն էլ ինչ-որ մի տեսակ են... Ես, գիտես, միշտ աշխատում եմ անտեսել, բայց այսօր նրանց ինչ-որ բան է պատահել... Դու ոչինչ չնկատեցի՞ր։
― Վճռականորեն ոչինչ չգիտեմ և ոչինչ էլ նույնիսկ չէի նկատի, եթե չլիներ այդ անիծյալ Տատյանա Պավլովնան, որը չի կարող կծելու փորձեր չանել։ Դուք իրավացի եք. այնտեղ մի բան կա։ Քիչ առաջ ես Լիզային հանդիպեցի Աննա Անդրեևնայի մոտ, արդեն այնտեղ նա ինչ-որ մի տեսակ էր... նույնիսկ ինձ զարմացրեց։ Դուք երևի գիտեք, որ նա լինում է Աննա Անդրեևնայի մոտ։
― Գիտեմ, բարեկամս։ Իսկ դու... դու այսօր ե՞րբ ես եղել Աննա Անդրեևնայի մոտ, այսինքն ո՞ր ժամին հատկապես։ Դա պետք է ինձ մի փաստի համար։
― Երկուսից երեքը։ Եվ պատկերացրեք, երբ ես դուրս էի գալիս, եկավ իշխանը...
Այստեղ ես նրան պատմեցի իմ ամբողջ այցելությունը մինչև ամենաարտակարգ մանրամասնը։ Նա ողջը լսեց լռելյայն, իշխանի խնամախոսության հնարավորության մասին Աննա Անդրեևնայի նկատմամբ ոչ մի բան չարտասանեց, իմ հիացական գովաբանությունների կապակցությամբ Աննա Անդրևենայի հասցեին կրկին ծամծմեց, թե «նա շատ հաճելին է»։
― Այսօր ես արտակարգ կերպով կարողացա զարմացնել նրան, հաղորդելով ամենանորաթուխ բարձրաշխարհիկ նորությունն այն մասին, որ Կատերինա Նիկոլաևնա Ախմակովան ամուսնանում է բարոն Բյորինգի հետ,― ասացի հանկարծ ես այնպես, կարծես հանկարծ մի բան դուրս թռավ բերանիցս։
― Հա՞։ Ուրեմն։ պատկերացրու, որ նա հենց ադ «նորությունը» հաղորդել է ինձ դեռ կեսօրից առաջ, այսինքն՝ շատ ավելի առաջ, քան դու դրանով կարող էիր զարմացնել նրան։
― Ի՞նչ եք ասում,― տեղումս քարացա ես,― բայց որտեղի՞ց կարող էր իմանալ նա։ Թեև ի՞նչ եմ խոսում, անշուշտ նա կարող էր իմանալ ինձնից առաջ, բայց պատկերացրեք, իմ պատմածը նա որպես կատարյալ նորություն լսեց։ Սակայն... սակայն, ի՞նչ եմ ասում, կեցցե լայնախոհությունը։ Պետք է լայնորեն հանդուրժել ամեն տեսակ խառնվածքները, այդպես չէ՞։ Ես, օրինակ, ամեն բան իսկույն բերանիցս կթռցնեի, իսկ նա քթախոտի տուփի մեջ կփակի... Եվ թող, և թող փլվի, այդուհանդերձ նա ամենասքանչելի արարածն է և ամենագերազանց խառնվածքը։
― Օ՜, անշուշտ, յուրաքանչյուրն իր ձևով։ Եվ ինչն է ամենաինքնօրինակը, այդ գերազանց խառնվածքները արտակարգ ինքնատիպությամբ երբեմն կարողանում են տարակուսանքի մեջ գցել մարդու, պատկերացրու, Աննա Անդրեևնան այսօր հանկարծ շշմեցնում է ինձ մի հարցով. «Սիրում եմ ես, արդյո՞ք, Կատերինա Նիկոլաևնա Ախմակովային, թե՞ ոչ»։
― Ի՜նչ արտառոց և անհավատալի հարց,― նորից ապշահար բղավեցի ես։ Նույնիսկ աչքերիս առաջ մթնեց։ Դեռ երբեք նրա հետ այդ թեմայով չէի խոսել, և հանկարծ նա ինքը...
― Իսկ ինչո՞վ էր դա հիմնավորում։
― Ոչնչով, բարեկամս, ամենևին ոչնչով, քթախոտատուփը իսկույն և ավելի ամուր փակվեց և, որ գլխավորն է, նկատիր, ոչ ես եմ երբևէ նման զրույցների նույնիսկ հնարավորությունը հանդուրժել, ոչ էլ նա... Ի դեպ, ինքդ ես ասում, թե ճանաչում ես նրան, ուրեմն և կարող ես պատկերացնել, որքանով է նրան սազում նման հարցը... Գուցե դո՞ւ մի բան գիտես։
― Ես նույնքան տարակուսած եմ, որքան դուք։ Մի որևէ հետաքրքրասիրություն է, գուցեև, կատա՞կ։
― Օ՜, ընդհակառակը, լրջագույն հարց, և նույնիսկ ոչ թե հարց, այլ համարյա, այսպես ասած, հարցապնդում և հավանաբար ամենաարտակարգ ու կտրական պատճառներից բխող։ Արդյոք չե՞ս գնա նրա մոտ։ Որևէ բան չե՞ս իմանա։ Ես նույնիսկ կխնդրեի քեզ, գիտե՞ս...
― Բայց հնարավորությունը, գլխավորը Կատերինա Նիկոլաևնայի նկատմամբ ձեր սիրո միայն ենթադրելու հնարավորությունը։ Ներեցեք, ես դեռ դուրս չեմ գալիս ապշահարության վիճակից։ Ես երբեք, երբեք թույլ չեմ տվել ինձ խոսել ձեզ հետ այդ կամ դրա նման մի թեմայի շուրջ...
― Եվ խելամիտ ես վարվել, սիրելիս։
― Նախկինում ունեցած ձեր ինտրիգներն ու հարաբերություններն, անշուշտ, մեր միջև խոսելու համար անպարկեշտ թեմաներ են, և իմ կողմից նույնիսկ հիմարություն կլիներ դրանց դիմելը, բայց հենց վերջին ժամանակներս, վերջին օրերս մի քանի անգամ մտքումս բացականչել եմ. ի՞նչ կլիներ, եթե դուք երբևէ, թեկուզ մեկ րոպեով, սիրած լինեք այդ կնոջը, օ՜, այնպիսի սոսկալի սխալ դուք երբեք չէիք գործի նրա նկատմամբ ձեր նրա մասին ունեցած կարծիքի հարցում, ինչպես այն, որ հետո էր ստացվել։ Թե հետո ինչ էր ստացվել, ես գիտեմ, ձեր փոխադարձ թշնամության, փոխադարձ, այսպես ասած, իրարից երես թեքելու մասին գիտեմ, լսել եմ, շատ եմ լսել, դեռ Մոսկվայում եմ լսել, բայց չէ՞ որ հենց այստեղ էլ ամենից առաջ դուրս է թռչում կատաղի հակակրանքի փաստը, թշնամության, հենց ''ատելության'' անողոքությունը, իսկ Աննա Անդրեևնան հանկարծ ձեզ հարցնում է. «Սիրո՞ւմ եք, արդյոք»։ Մի՞թե նա այդքան վատ է։ Ուղղակի արտառոց մի բան է։ Նա կատակել է, հավատացնում եմ ձեզ, որ կատակել է։
― Բայց ես նկատում եմ, սիրելիս,― հանկարծ ինչ-որ ջղային, հոգու խորքը թափանցող, սրտագին բան հնչեց նրա ձայնում, որ խիստ հազվադեպ էր նրան պատահում,― ես նկատում եմ, որ դու ինքդ էլ չափազանց կրքոտ ես խոսում այդ մասին։ Հենց նոր դու ասացիր, որ այցելում ես կանանց... ինձ համար քեզ հարց ու փորձ անել... այդ թեմայով, ինչպես դու արտահայտվեցիր, իհարկե... Բայց «այդ կինն» արդյոք, չկա՞ նույնպես քո նորերս ձեռք բերած մտերիմների ցուցակում։
― Այդ կինը,― հանկարծ սկսեց դողալ ձայնս,― լսեք, Անդրեյ Պետրովիչ, լսեք, այդ կինը հենց այն է, ինչը այն ժամանակ իշխանի մոտ դուք «անմահական կյանք» էիք անվանում, հիշո՞ւմ եք։ Դուք ասում էիք, որ այդ «անմահական կյանքը» այնքան շիտակ ու պարզ մի բան է, այնքան շիտակ ձեզ նայող մի բան, որ հենց այդ շիտակության ու պարզության պատճառով հնարավոր չէ հավատալ, թե դա հենց այն է եղել, ինչը մեր ամբողջ կյանքի ընթացքում, այնպիսի դժվարությամբ փնտրում ենք մենք... Եվ այսպես, նման մի հայացքով դուք հանդիպել եք կին-իդեալին և կատարելության, իդեալի մեջ տեսել «բոլոր արատները»։ Խնդրեմ։
Ընթերցողը կարող է կռահել, թե ի՜նչ մոլուցքով էի բռնված ես։
― «Բոլոր արատնե՛րը»։ Օհո՛։ Այդ դարձվածքն ինձ ծանոթ է,― բացականչեց Վերսիլովը։― Եվ եթե բանն այնտեղ է հասել, որ քեզ հաղորդել են այդ դարձվածքը, արդյոք չարժե՞ շնորհավորել քեզ մի բանով։ Դա այնպիսի մտերմություն է նշանակում ծեր միջև, որ միգուցե, պետք է նույնիսկ գովաբանել քեզ համեստության ու գաղտնապահության համար, որոնց հազվագյուտ երիտասարդ է միայն ընդունակ...
Նրա ծայնի մեջ մտերմական, հաճելի, փաղաքշող ծիծաղ էր առկայծում... ինչ-որ գրգռիչ և միաժամանակ հաճելի բան կար նրա խոսքում, նրա ջինջ դեմքին, որքան որ կարող էի նկատել գիշերվա խավարում։ Նա զարմանալիորեն բորբոքված էր։ Ես ակամա շողում էի։
― Համեստությու՜ն, գաղտնապահությու՜ն։ Ոչ, ոչ,― բացականչում էի ես, շիկնելով և միաժամանակ սեղմելով նրա ծեռքը, որ ինչ-որ ծևով հասցրել էի բռնել և, առանց այդ նկատելու, բաց չէի թողնում։― Ոչ, ոչ մի դեպքում... Մի խոսքով, ինձ շնորհավորելու բան չկա, և այդտեղ երբեք, երբեք ոճինչ չի կարող ստացվել,― շնչահեղձ էի լինում ես ու սավառնում և այնքա՜ն էի ուզում սավառնել, այնքան հաճելի էր դա ինձ համար,― գիտեք... դե, թող մի անգամ, մի Փոքրիկ անգամ այդպես լինի։ Գիտեք ինչ, սիրելի, հրաշալի իմ հայրիկ (թույլ կտա՞ք ինձ ձեզ հայրիկ անվանել), ոչ միայն հայրը որդու, այլև ոչ ոք իրավունք չունի երրորդ դեմքի հետ խոսելու կնոջ նկատմամբ ունեցած իր նույնիսկ ամենամաքուր վերաբերմունքի մասին։ Նույնիսկ որքան ավելի մաքուր, այնքան ավելի պիտի լինի արգելքը։ Դա գարշելի է, գռեհիկ, մի խոսքով, մտերմական, նույնիսկ գաղտնի զրույցն անհնարին է։ Բայց եթե ոչինչ չկա, բացարձակապես ոչինչ, այդ դեպքում կարելի՞ է խոսել, կարելի է, չէ՞...
― Ինչպես սիրտդ է թելադրում։
― Անհամեստ, շատ անհամեստ մի հարց, դուք ձեր կյանքի ընթացքում հո ճանաչե՞լ եք կանանց, ունեցե՞լ եք կապեր... Ես ընդհանրապես, ընդհանրապես եմ հայտնում, ոչ մասնավորապես,― շիկնում էի ես ու խանդավառությունից շնչասպառ լինում։
― Ասենք, թե եղել են մեղքեր։
― Ուրեմն, այսպես ահա ձեզ մի դեպք, իսկ դուք, որպես ավելի փորձված մարդ, ինձ բացատրեք, հանկարծ կինը, ձեզ հրաժեշտ տալիս, մի տեսակ ակամա, ուրիշ կողմ նայելով, ասում է. «Վաղը ժամը երեքին ես այսինչ տեղում կլինեմ»... դե, ենթադրենք, Տատյանա Պավլովնայի մոտ կլինեմ,― տեղիցս պոկվեցի ու վերջնականապես թռա ես։ Սիրտս զարկեց ու կանգ առավ, ես նույնիսկ խոսքս ընդհատեցի, չէի կարող շարունակել։ Նա սոսկալի լարված էր լսում։
― Եվ այսպես, վաղը ժամը երեքին ես Տատյանա Պավլովնայի տանն եմ, ներս եմ մտնում և այսպես դատում. «Եթե խոհարարուհին բաց անի դուռը (դուք ճանաչո՞ւմ եք նրա խոհարարուհուն), ես առաջին հերթին կհարցնեմ, Տատյանա Պավլովնան տա՞նն է։ Եվ եթե խոհարարուհին ասի, թե Տատյանա Պավլովնան տանը չէ, բայց նրան հյուր եկած մի տիկին նստած սպասում է, ի՞նչ եզրակացության պետք է գամ այդ դեպքում ես, ասացեք, եթե դուք... Մի խոսքով, եթե դուք...»։
― Առանց այլևայլության, որ քեզ տեսակցություն է նշանակված եղել։ Բայց դա, ուրեմն, եղե՞լ է։ Եվ այսօ՞ր է եղել։ Հա՞։
― Օ՜, ոչ, ոչ, ոչ, ոչինչ, ոչինչ։ Եղել է, բայց այն չի եղել, տեսակցություն, բայց ոչ դրա համար, և ես դա ամենից առաջ եմ հայտարարում, որպեսզի սրիկա չլինեմ, եղել է, բայց...
― Բարեկամս, այդ բոլորն այնքա՜ն հետաքրքիր է դառնում, որ առաջարկում եմ...
― Ինքս եմ տասանոցով էլ, քսանհինգանոցով էլ տվել խնդրողներին։ Կառթի համար։ Միայն մի քանի կոպեկ է աղաչում պոռուչիկը, խնդրում նախկին պոռուչիկը,― հանկարծ մեր ճանապարհը կտրեց խնդրողի, միգուցե իսկապես պահեստի պոռուչիկի բարձրահասակ կերպարանքը։ Ամենահետաքրքիրքն այն է, որ նա իր զբաղմունքի համար նույնիսկ շատ լավ էր հագնված, մինչդեռ մուրացկանություն էր անում։
'''III'''
Ես դիտավորյալ չեմ ուզում բաց թողնել այս չնչին անեկդոտը խղճուկ պոռուչիկի մասին, քանի որ Վերսիլովն ամբողջապես հիմա միտքս է գալիս ոչ այլ կերպ, քան այն ժամանակվա իր համար ճակատագրական րոպեի իրադրության բոլոր, ամենափոքր մանրամասների հետ միասին։ ճակատագրական, իսկ ես նույնիսկ չգիտեի այդ մասին։
― Եթե դուք, պարոն, իսկույն չհեռանաք, ես անհապաղ ոստիկան կկանչեմ,― հանկարծ մի տեսակ անբնական ձայնը բարձրացրեց Վերսիլովը կանգ առնելով պոռուչիկի առաջ։
Ես երբեք չէի կարողանա պատկերացնել այդպիսի զայրույթ նման մի փիլիսոփայի կողմից, այն էլ այսպիսի մի չնչին պատճառով։ Եվ նկատեք, որ մենք խոսակցությունն ընդհատել էինք նրա համար ամենահետաքրքիր տեղում, որի մասին նա ինքն էլ հայտարարեց։
― Բայց մի՞թե դուք մի տասնհինգ կոպեկանոց էլ չունեք,― ձեռքը թափահարելով, կոպիտ բղավեց պոռուչիկը,― և ո՞ր սրիկան այժմ տասնհինգ կոպեկանոց ունի։ Ստորներ։ Ստահակնե՛ր։ Ինքը կուղբի մորթիների մեջ թաղված, տասնհինգ կոպեկանոցը պետական հարց է դարձնում։
― Ոստիկա՛ն,― բղավեց Վերսիլովը։
Բայց բղավելու կարիք չկար, ոստիկանը կանգնած էր հենց անկյունում և ինքն էլ լսել էր պոռուչիկի հայհոյանքը։
― Խնդրում եմ ձեզ ինձ հասցրած վիրավորանքի վկա դառնաք, իսկ ձեզ խնդրում եմ շնորհ բերեք տեղամաս,― ասաց Վերսիլովը։
― Էհ, ինձ համար միևնույն Է, ամենևին ոչինչ չեք ապացուցի։ Առավել ևս՝ խելքի գոյություն չեք ապացուցի։
― Բաց չթողնեք, ոստիկան, և ուղեկցեք մեզ,― համառորեն խոսքն ավարտեց Վերսիլովը։
― Բայց մի՞թե տեղամաս ենք գնում։ Թողեք թող կորչի,― շշնջացի ես նրան։
― Անպայման, սիրելիս։ Այս սանձարձակությունը մեր փողոցներում արդեն սկսում է խայտառակության աստիճան ձանձրացնել, և եթե ամեն մարդ կատարեր իր պարտքը, բոլորի համար էլ ավելի օգուտ կլիներ։ C'est comique, mais c'est ce que nous ferons<ref>Դա ծիծաղելի է, բայց այդպես էլ կանենք (ֆրանս.)։</ref>։
Մի հարյուր քայլ պոռուչիկը շատ էր տաքանում, ինքն իրեն սիրտ էր տալիս, քաջ ձևանում, նա հավատացնում էր, թե «այդպես չի կարելի», թե բոլորը «տասնհինգ կոպեկանոցի համար է» և այլն, և այլն։ Բայց, ի վերջո, սկսեց ինչ-որ բան փսփսալ ոստիկանի ականջին։ Ոստիկանը, խելամիտ մարդ լինելով և, ըստ երևույթին, փողոցային ջղային դիպվածների թշնամի, կարծես թե նրա կողմն էր, սակայն միայն որոշակի իմաստով։ Նրա հարցերին սա կիսաձայն մրթմրթում էր, թե «հիմա արդեն չի կարելի», թե «արդեն գործ է բացվել» և «եթե, օրինակ, դուք ներողություն խնդրեիք, իսկ պարոնը համաձայներ ընդունել ձեր ներողությունը, այդ դեպքում, գուցե...»։
― Դե, լսե՜ք, ողորմած պարոն, ախր ո՞ւր ենք գնում։ Ձեզ եմ հարցնում, ո՞ւր ենք սլանում և ո՞րն է սրա իմաստը,― բարձր բղավեց պոռուչիկը։― Եթե իր անհաջողությունների պատճառով դժբախտ մարդը համաձայնում է ներողություն խնդրել... եթե, վերջապես, ձեզ պետք է նրա ստորացումը... Գրողը տանի, հո հյուրասենյակում չենք, փողոցում ենք։ Փողոցի համար այս ներողությունն էլ է բավական...
Վերսիլովը կանգ առավ և հանկարծ քրքջաց, ես նույնիսկ կարծեցի, թե ողջ այս պատմությունը նա զվարճանալու համար սարքեց, բայց դա այդպես չէր։
― Լիովին ներում եմ ձեզ, պարոն սպա, և հավատացնում, որ դուք որոշակի ընդունակություններ ունեք։ Նույն ձևով վարվեք նաև հյուրասենյակում. շուտով հյուրասենյակի համար էլ դա միանգամայն բավարար կլինի, իսկ առայժմ ահա ձեզ երկու քսան կոպեկանոց, խմեք և նախաճաշեք, ներեցեք, ոստիկան, անհանգստության համար, ձեզ էլ շնորհակալություն կհայտնեի ձեր կրած նեղության համար, բայց դուք հիմա այնպիսի ազնվաբարո վիճակում եք... Սիրելիս,― ինձ դարձավ նա,― այստեղ մի խորտկարան կա, իսկապես սոսկալի մի կոյանոց, բայց այնտեղ կարելի է թեյ խմել, և ես քեզ կառաջարկեի... այ, հենց այստեղ է, գնանք։
Կրկնում եմ, ես նրան այդպես բորբոքված դեռ չէի տեսել, թեև նրա դեմքն ուրախ էր և լուսավոր, բայց ես նկատեցի, որ սպային տալու համար իր դրամապանակից երկու քսան կոպեկանոց հանելիս նրա ձեռքերը դողում էին, իսկ մատներն ամենևին չէին ենթարկվում իրեն, այնպես որ, ի վերջո, ինձ խնդրեց հանել ու տալ պոռուչիկին. ես դա մոռանալ չեմ կարողանում։
Նա ինձ բերեց խրավանդի վրա, վարում գտնվող մի փոքրիկ պանդոկ։ Հասարակությունը քիչ էր։ Նվագում էր լարից ընկած, խռպոտ մի երգեհոնիկ. ճարպոտված անձեռոցիկների հոտ էր գալիս, մենք նստեցինք անկյունում։
― Դու, թերևս, չգիտե՞ս, երբեմն ձանձրույթից... հոգեկան ահավոր ձանձրույթից... ես սիրում եմ մտնել զանազան այսպիսի կոյանոցներ։ Այս միջավայրը, այս կակազող արիան «Լյուչիայից», անպարկեշտության հասնող ռուսական կոստյումներով այս սպասավորները, այս ծխախոտահոտը, բիլիարդանոցից լսվող ճիչերը այս բոլորն այնքան գռեհիկ է ու այնքան առօրեական, որ համարյա միայն ցնորականի հետ կարող է համեմատվել։ Ուրեմն ի՞նչ, սիրելիս, Մարսոսի այդ որդին, կարծեմ, ամենահետաքրքիր տեղում մեզ կանգնեցրեց։ Ահա և թեյը, ես սիրում եմ այստեղի թեյը... Պատկերացրու, հենց նոր Պյոտր Իպպոլիտովիչը իր մյուս ծաղկատար դեմքով կենվորին հանկարծ սկսեց հավատացնել, որ անգլիական պառլամենտում, անցյալ դարում, իրավաբանների մի հատուկ հանձնաժողով է նշանակված եղել, որպեսզի քննեն Քրիստոսի գործի և Պիղատոսի ողջ դատավարությունը, միմիայն նրա համար, որ պարզեն, թե ինչպես կլիներ դա մեր օրենքներով, և որ ամեն բան կատարվել է ամենայն հանդիսավորությամբ, փաստաբաններով, դատախազներով և մյուսներով... և ի՞նչ, երդվյալ ատենակալները ստիպված են եղել մեղադրական դատավճիռ կայացնել... Ուղղակի զարմանալի բան է։ Այդ հիմար կենվորն սկսեց վիճել, զայրացավ, ընդհարվեց ու հայտարարեց, թե վաղը կհեռանա բնակարանից... տանտիրուհին արտասվեց, քանի որ եկամուտ էր կորցնում... Mais passons<ref>Բայց թողնենք դա (ֆրանս.)։</ref>։ Այս պանդոկներում երբեմն սոխակներ են լինում։ Գիտե՞ս մոսկովյան հին անեկդոտը a la Պյոտր Իպպոլիտովիչ։ Մոսկովյան մի պանդոկում սոխակ է երգում, ներս է մտնում «վարք ու բարքիս չհակառակես» բնավորության մի վաճառական. «Սոխակն ի՞նչ արժե»։― «Հարյուր ռուբլի»։― «Տապակել և մատուցել»։ Տապակել են և մատուցել։ «Տասը կոպեկի կտրիր»։ Մի անգամ ես դա պատմեցի Պյոտր Իպպոլիտովիչին, բայց նա չհավատաց, այն էլ վրդովվելով...
Նա դեռ շատ խոսեց։ Այս հատվածները նմուշի համար եմ բերում։ Նա ինձ անդադար ընդհատում էր. հենց որ բերանս բացում էի, որ պատմությունս սկսեմ, ինքն էր սկսում մի բոլորովին առանձնահատուկ և անկապ դատարկաբանություն, խոսում էր բորբոքված, ուրախ, ծիծաղում էր, Աստված գիտե, թե ինչի վրա, և նույնիսկ քռքռում, մի բան, որ նրանից երբեք չէի տեսել։ Նա միանգամից մի բաժակ թեյ խմեց և նորը լցրեց։ Հիմա ես հասկանում եմ. այն ժամանակ նա նման էր մի մարդու, որ իր համար թանկ, հետաքրքիր և երկար ժամանակ սպասված նամակ է ստացել, դրել է իր առջև և դիտավորյալ չի բացում, ընդհակառակը, երկար խաղացնում է ձեռքին, զննում ծրարը, կնիքը, գնում է մյուս սենյակը ինչ-որ կարգադրություններ անելու, մի խոսքով հեռացնում է ամենահետաքրքիր րոպեն, գիտենալով, որ ոչ մի դեպքում չի կորցնի այն, և այդ բոլորը վայելում է լիակատարության համար։
Հասկանալի է, որ ես ամեն բան պատմեցի նրան, ամեն բան, ամենասկզբից և պատմում էի, երևի, մի ամբողջ ժամ։ Եվ ինչպե՜ս կարող էր այլ կերպ լինել, ես դեռ այն ժամանակ ծարավի էի խոսելու։ Ես սկսեցի մեր ամենաառաջին հանդիպումից, իշխանի մոտ, նրա Մոսկվայից գալուն պես, հետո պատմեցի, թե ինչպես էր ամեն բան ընթանում աստիճանաբար։ Ես ոչինչ բաց չթողի և չէի էլ կարող բաց թողնել, նա ինքն էր ուղղություն տալիս, գուշակում, հուշում։ Լինում էին պահեր, երբ ինձ թվում էր, թե մի ցնորային բան է տեղի ունենում, թե նա այնտեղ ինչ-որ տեղ նստած է եղել կամ դռան հետևում կանգնած, ամեն անգամ, այս երկու ամիսների ընթացքում շարունակ, նա նախապես գիտեր իմ յուրաքանչյուր շարժումը, իմ յուրաքանչյուր զգացումը։ Ես անսահման մի հրճվանք էի զգում նրան խոստովանելու մեջ, որովհետև այնպիսի սրտագին մի մեղմություն, հոգեբանական այնպիսի խոր նրբություն, բառի քառորդից կռահելու այնպիսի զարմանալի ընդունակություն էի տեսնում նրանում։ Նա լսում էր քնքուշ, ինչպես կինը կարող է լսել։ Եվ, որ գլխավորն է, նա կարողացավ անել այնպես, որ ես ոչնչից չէի ամաչում, երբեմն նա հանկարծ ինձ կանգնեցնում էր մի որևէ մանրամասնության վրա, հաճախ կանգնեցնում էր ու ջղային կրկնում. «Մանրուքները մի մոռացիր, գլխավորն այն է, որ չմոռանաս մանրուքները, որքան ավելի մանր է առանձնահատկությունը, այնքան երբեմն կարևոր է այն»։ Եվ այս ձևով նա մի քանի անգամ ընդհատեց ինձ։ Օ՜, անշուշտ, սկզբում ես բարձրից սկսեցի, Ախմակովայի նկատմամբ բարձրից, բայց արագ բանը հասցրի ճշմարտությանը։ Ես անկեղծորեն նրան պատմեցի, որ պատրաստ էի նետվել համբուրելու հատակի այնտեղը, ուր կանգնած էր նրա ոտքը։ Ամենագեղեցիկը, ամենապայծառն այն էր, որ նա չափազանց լավ հասկացավ, թե «կարելի է վախից տառապել փաստաթղթի համար» և միևնույն ժամանակ մաքուր և անարատ արարած մնալ, ինչպես այսօր նա բացվեց իմ առաջ։ Նա չափազանց լավ հասկացավ «ուսանող» բառը։ Բայց երբ արդեն վերջացնում էի, նկատեցի, որ նրա բարեհոգի ժպիտի միջով ժամանակ առ ժամանակ սկսել էր ինչ-որ արդեն խիստ անհամբեր մի բան դուրս ցայտել, ինչ-որ կարծես ցրված ու սուր մի բան։ «Փաստաթղթին» հասնելով, ես ինքս ինձ ասացի. «Ասե՞մ նրան իսկական ճշմարտությունը, թե՞ չասեմ» և չասացի, չնայած իմ ողջ սքանչացմանը։ Սա նշում եմ այստեղ ամբողջ կյանքումս հիշելու համար։ Գործը ես նրան նույն ձևով բացատրեցի, ինչ որ Ախմակովային, այսինքն Կրաֆտի միջամտությամբ։ Նրա հայացքը բոցավառվեց։ Մի տարօրինակ ծալք, շատ մռայլ մի ծալք հայտնվեց նրա ճակատին ու անհետացավ։
― Դու հաստա՞տ ես հիշում, սիրելիս, այդ նամակի մասին, որ Կրաֆտը մոմի վրա այրել է։ Չե՞ս սխալվում։
― Չեմ սխալվում,― հաստատեցի ես։
― Բանն այն է, որ այդ թուղթը չափազանց կարևոր է նրա համար, և, եթե միայն այսօր այն քո ձեռքին լիներ, ապա դու այսօր կարող էիր...,― Բայց թե ինչ «կարող էի», նա մինչև վերջ չասաց։― Իսկ ի՞նչ է, հիմա դա քո ձեռքին չէ՞։
Ես ամբողջ մարմնովս ցնցվեցի ներքուստ, բայց ոչ արտաքուստ։ Արտաքուստ ես ոչնչով չմատնեցի ինձ, աչքս անգամ չթարթեցի, բայց դեռ ոչ մի կերպ չէի ուզում հավատալ նրա հարցին։
― Ինչպե՞ս թե ձեռքիս չէ։ Հիմա՞ ձեռքիս։ Բայց եթե Կրաֆտն այն ժամանակ այրե՞լ է։
― Հա՞,― իր կրակոտ, անշարժ, ինձ համար հիշելի հայացքն ինձ վրա ուղղեց նա։ Ի դեպ, նա ժպտում էր, սակայն նրա ողջ բարեհոգությունը, արտահայտության կանացիությունը, որ առկա էին մինչ այդ, հանկարծ անհետացան։ Ինչ-որ մի խախտված, անորոշ տրամադրություն տիրեց, գնալով նա ավելի ու ավելի ցրված էր դառնում։ Եթե այդ ժամանակ նա իրեն ավելի տիրապետեր, այսինքն անպես, ինչպես տիրապետում էր մինչև այդ րոպեն, փաստաթղթի մասին հարցը ինձ չէր տա, իսկ եթե տվեց, ուրեմն հավանաբար այն պատճառով, որ ինքն էլ էր մոլուցքով բռնված։ Սակայն ես միայն հիմա եմ դա ասում, իսկ այն ժամանակ ես այնքան էլ շուտ չհասկացա նրա հետ կատարված փոփոխությունը, ես դեռ շարունակում էի սավառնել, իսկ հոգումս շարունակ նույն երաժշտությունն էր։ Բայց պատմությունս ավարտված էր, ես նրան էի նայում։
― Զարմանալի բան է,― ասաց նա հանկարծ, երբ ես ամեն բան, մինչև վերջին ստորակետը, պատմել էի արդեն,― շատ տարօրինակ բան է, բարեկամս, դու ասում ես, որ այնտեղ եղել ես ժամը երեքից-չորսը և որ Տատյանա Պավլովնան տանը չի եղել։
― Ճիշտ երեքից մինչև չորսն անց կես։
― Դե, պատկերացրու, որ ես եղել եմ Տատյանա Պավլովնայի մոտ ճիշտ երեքն անց կես, րոպե առ րոպե, և նա ինձ դիմավորեց խոհանոցում, ես համարյա միշտ հետևի դռնից եմ նրա մոտ մտնում։
― Ինչպե՜ս, նա խոհանոցո՞ւմ ձեզ դիմավորեց,― զարմանքից հետ քաշվելով բացականչեցի ես։
― Այո, և հայտնեց, որ չի կարող ինձ ընդունել։ Ես մի երկու րոպե մնացի նրա մոտ, իսկ եկել էի միայն նրան ճաշի հրավիրելու։
― Գուցե, նա հենց նոր ինչ-որ տեղից տո՞ւն է վերադարձել։
― Չգիտեմ, սակայն, իհարկե ոչ։ Նա իր տնային, ազատ բլուզով էր։ Դա ճիշտ ժամը երեքն անց կեսին էր։
― Բայց... Տատյանա Պավլովնան ձեզ չասա՞ց, որ ես այնտեղ եմ։
― Ոչ, նա ինձ չասաց, որ դու այնտեղ ես...Հակառակ դեպքում ես կիմանայի և քեզ այդ մասին չէի հարցնի։
― Սպասեցեք, դա շատ կարևոր է...
― Այո... նայած թե որ տեսակետից դատելու լինենք, դու նույնիսկ գունատվեցիր, սիրելիս, սակայն, ի՞նչն է այդքան կարևոր։
― Ինձ վրա ծիծաղել են, ինչպես երեխայի։
― Ուղղակի նա «վախեցել է քո կրակոտությունից», ինչպես ինքն է քեզ մոտ արտահայտվել, և իրեն ապահովել է Տատյանա Պավլովնայով։
― Բայց, Տեր Աստված, ի՜նչ ահավոր խաղ է եղել դա։ Լսեցեք, նա թողել է, որ ես այդ բոլորը երրորդ մարդու՝ Տատյանա Պավլովնայի ներկայությամբ արտահայտեմ, ուրեմն սա լսել է այն բոլորը, ինչ ես այն ժամանակ ասել եմ։ Դա... դա պատկերացնելն անգամ սոսկալի է։
― C’est selon, mon cher<ref>Նայած ինչ տեսակետից (ֆրանս.)։</ref>։ Բացի այդ դու ինքդ քիչ առաջ հիշեցիր կնոջ նկատմամբ հայացքի «լայնախոհության» մասին ընդհանրապես և բացականչեցիր. «Կեցցե՜ լայնախոհությունը»։
― Եթե ես Օթելլոն լինեի, իսկ դուք Յագոն, դուք չէիք կարողանա ավելի լավ... սակայն ես ծիծաղում եմ։ Ոչ մի Օթելլո չի կարող լինել, քանի որ ոչ մի նման հարաբերություն չկա։ էլ ինչպե՞ս չծիծաղեմ։ Թող այդպես լինի։ Ես այնուամենայնիվ հավատում եմ այն բանին, որ անսահմանորեն բարձր է ինձնից և իդեալիս չեմ կորցնում... Եթե դա նրա կողմից մի կատակ է, ես ներում եմ նրան։ Կատակ ողորմելի դեռահասի հետ, թող այդպես լինի։ Եվ որպես ոչ մի բան էլ ինձ հո չէի ներկայացնում, իսկ ուսանողը, ուսանողը եղել է և մնում է, համենայն դեպս, նրա հոգում եղել է, նրա սրտում եղել է, կա և կլինի։ Բավական է։ Ինձ լսեցեք, ի՞նչ եք կարծում, գնա՞մ հիմա նրա մոտ, որպեսզի ամբողջ ճշմարտությունն իմանամ, թե՞ ոչ։
Ես ասում էի «ծիծաղում եմ», իսկ աչքերս արտասուքով էին լցված։
― Ի՞նչ կա որ, եթե ուզում ես՝ գնա, սիրելիս։
― Կարծես հոգիս կեղտոտեցի, որ այդ բոլորը ձեզ պատմեցի։ Մի բարկացեք, սիրելիս, բայց կնոջ մասին (կրկնում եմ) ոչինչ չի կարելի հաղորդել երրորդ մարդուն, կոնֆիդենտը չի հասկանա։ Նույնիսկ հրեշտակը չի հասկանա։ Եթե կնոջը հարգում ես կոնֆիդենտի հետ մի խոսիր, եթե քեզ հարգում ես կոնֆիդենտի հետ մի խոսիր։ Հիմա ես ինձ չեմ հարգում։ Ցտեսություն, երբեք ինձ չեմ ների...
― Դե լավ, սիրելիս, դու չափազանցնում ես։ Ինքդ ես ասում, թե «ոչինչ չի եղել»։
Մենք խրավանդ դուրս եկանք և հրաժեշտ տվինք իրար։
― Մի՞թե դու երբեք սրտանց, երեխավարի, ինչպես որդին՝ հորը, չես համբուրելու ինձ,― տարօրինակ, դողացող ձայնով ասաց նա ինձ։ Ես ջերմորեն համբուրեցի նրան։
― Սիրելիս... միշտ այդպես մաքուր եղիր հոգով, ինչպես այժմ...
Դեռ երբեք կյանքումս ես չէի համբուրել նրան, և երբեք չէի կարող երևակայել, թե նա ինքը դա կցանկանա։
=== Գլուխ վեցերորդ ===
'''I'''
«Անշուշտ, պետք է գնալ,― շտապելով դեպի տուն վճռեցի ես,― իսկույն պետք է գնալ։ Միանգամայն հնարավոր է, որ մենակ կգտնեմ նրան տանը, մենակ կամ որևէ մեկի հետ, միևնույն է, կարելի է դուրս կանչել։ Նա կընդունի ինձ, կզարմանա, բայց կընդունի։ Իսկ եթե չընդունի, ես կպնդեմ, որ ընդունի, մարդ կուղարկեմ ասելու, որ շատ պետք է։ Նա կկարծի, թե փաստաթղթի մասին բան ունեմ ասելու, և կընդունի։ Եվ ամեն բան կիմանամ Տատյանայի մասին։ Իսկ հետո... իսկ հետո ի՞նչ։ Եթե ես իրավացի չեմ, մեղքս կքավեմ, իսկ եթե իրավացի եմ, իսկ ինքը մեղավոր, այդ դեպքում արդեն ամեն բանին վերջ։ Համենայն դեպս ամեն բանին վերջ։ Ուրեմն, ի՞նչ եմ կորցնում ես։ Ոչինչ չեմ կորցնում։ Պետք է գնալ։ Պետք է գնալ»։
Եվ ահա, երբեք չեմ մոռանա և հպարտությամբ կհիշեմ, որ չգնացի։ Սա ոչ ոքի հայտնի չի դառնա, այդպես էլ կմեռնի, բայց բավական է նաև այն, որ ինձ է հայտնի և որ այդպիսի մի պահի ես ընդունակ եմ եղել ազնվագույն մի ակնթարթի։ «Սա գայթակղություն է, իսկ ես կանցնեմ նրա կողքով,― խելքի գալով, վերջապես, վճռեցի ես,― ինձ փաստով էին վախեցնում, իսկ ես չհավատացի և նրա մաքրության նկատմամբ հավատս չկորցրի։ Եվ ի՞նչ կարիք կա գալու, ի՞նչ տեղեկանալու։ Ինչո՞ւ պիտի նա անպայման ինձ վրա, իմ «մաքրության» վրա նույնքան վստահ լինի, որքան ես եմ նրա վրա վստահ, չվախենա «կրակոտությունից» և Տատյանայի ներկայությամբ իրեն չապահովի։ Նրա աչքում ես դրան դեռ չեմ արժանացել։ Թող, թող նա չիմանա, որ ես արժանի եմ, որ չեմ գայթակղվում «փորձություններով», որ չեմ հավատում նրա հասցեին արված չարախոսություններին, և դրա փոխարեն ինքս դա գիտեմ և դրա համար հարգելու եմ ինձ։ Հարգելու եմ զգացմունքս։ Օ, իհարկե, նա հանդուրժել է, որ ես Տատյանայի ներկայությամբ արտահայտվեմ, նա հանդուրժել է Տատյանային, նա գիտեր, որ այստեղ նստել ու ականջ է դնում Տատյանան (որովհետև նա չէր կարող ականջ չդնել) նա գիտեր, որ սա ինձ վրա ծիծաղում է. դա սոսկալի է, սոսկալի։ Բայց... բայց ախր, եթե հնարավոր չէր դրանից խուսափե՞լ։ Ի՞նչ կարող էր նա անել իր այն ժամանակվա դրության մեջ և ինչպե՞ս կարելի է դրա համար նրան մեղադրել։ Չէ՞ որ հենց քիչ առաջ ինքս էի նրան սուտ ասել Կրաֆտի մասին, չէ՞ որ ես էլ էի նրան խաբել, որովհետև դրանից խուսափելն անհնարին էր, և ես ակամա, անմեղորեն ստել էի։ «Տեր Աստված,― տանջալից շիկնելով, հանկարծ բացականչեցի ես,― իսկ ես, իսկ ես ինքս ի՞նչ արեցի հենց հիմա, հենց նույն Տատյանայի մոտ չանարգեցի՞ նրան, հենց նոր ամեն բան չպատմեցի՞ Վերսիլովին։ Թեև, ի՞նչ եմ խոսում, այստեղ տարբերություն կա։ Այստեղ միայն փաստաթղթի մասին էր խոսքը, իսկապես Վերսիլովին ես միայն փաստաթղթի մասին հաղորդեցի, որովհետև ուրիշ բան չկար հաղորդելու և չէր էլ կարող լինել։ Արդյոք ե՞ս չէի, որ առաջինը նախապես տեղեկացրի նրան ու բղավեցի, թե «ոչինչ չէր կարող լինել»։ Նա հասկացող մարդ է։ Հըմ... Սակայն ի՜նչ ատելություն կա նրա սրտում այդ կնոջ նկատմամբ նույնիսկ մինչև այժմ։ Եվ ի՜նչ դրամա պետք է տեղի ունեցած լինի նրանց միջև այն ժամանակ և ի՞նչ պատճառով։ Իհարկե, ինքնասիրության։ ''Վերսիլովը ոչ մի զգացմունքի չի էլ կարող ընդունակ լինել, բացի անսահման ինքնասիրությունից''»։
Այո, այս վերջին միտքը դուրս թռավ բերանիցս այն ժամանակ, և ես նույնիսկ չնկատեցի այն։ Ահա թե ինչ մտքեր էին հետևողականորեն, մեկը մյուսի հետևից, անցնում գլխովս, և ես անկեղծ էի այն ժամանակ ինքս ինձ հետ, ես չէի խորամանկում, չէի խաբում ինձ։ Եվ եթե որևէ բան չէի գիտակցել այդ րոպեին, այդ ժամանակ, ապա միայն այն պատճառով, որ խելքս չէր կտրել, և ոչ թե ճիզվիտությունից իմ նկատմամբ։
Տուն վերադարձա սոսկալի բորբոքված, և, չգիտեմ ինչու, չափազանց ուրախ, թեև խռովահույզ տրամադրությամբ։ Բայց վախենում էի վերլուծել այդ տրամադրությունս և ամեն կերպ աշխատում էի զվարճանալ։ Տեղն ու տեղը գնացի տանտիրուհուս մոտ, իսկապես նրա և ամուսնու միջև սոսկալի ընդհարում էր տեղի ունեցել։ Նա թոքախտով խիստ հիվանդ մի կին էր, որը գուցեև բարի էր, բայց, ինչպես բոլոր թոքախտավորները, չափազանց քմահաճ։ Ես իսկույն սկսեցի նրանց հաշտեցնել, գնացի կենվորի Չերվյւսկովի, մոտ, որը, բանկերից մեկում ծառայող, խիստ ինքնասեր, չափազանց կոպիտ, ծաղկատար դեմքով մի ապուշ էր, որին սոսկալի չէի սիրում, բայց հետը հաշտ ու խաղաղ էի ապրում, որովհետև նրա հետ միասին Պյոտր Իպպոլիտովիչին ծանակելու ստոր սովորությունն ունեի։ Նրան ես իսկույն համոզեցի չտեղափոխվել, եթե ինքն էլ իսկապես տեղափոխվելու փորձ չէր անի։ Բանն ավարտվեց նրանով, որ ես վերջնականապես հանգստացրի տանտիրուհուն և, բացի դրանից, կարողացա հրաշալի ուղղել նրա գլխատակի բարձը։ «Այ, այսպես, երբեք չի կարողանա Պյոտր Իպպոլիտովիչը»,― չարախնդորեն եզրակացրեց նա։ Հետո խոհանոցում զբաղվեցի նրա մանանեխի ծեփոցներով և սեփական ձեռքովս երկու գերազանց ծեփոց պատրաստեցի նրա համար։ Խեղճ Պյոտր Իպպոլիտովիչը միայն նայում էր ինձ ու նախանձում, բայց ես մատ դիպցնել անգամ թույլ չտվի նրան և բառացիորեն տիկնոջ շնորհակալության արտասուքներով վարձատրվեցի։ Եվ հիշում եմ նաև, որ այդ բոլորը հանկարծ ձանձրացրեց ինձ, և ես հանկարծ կռահեցի, որ ամենևին էլ հոգուս բարությունից չեմ խնամում հիվանդին, այլ այնպես, բոլորովին ուրիշ ինչևինչ պատճառներով։
Ես ջղային վիճակում Մատվեյին էի սպասում, այդ երեկո ես վճռել էի վերջին անգամ բախտս փորձել և... և, բախտիցս բացի, խաղալու սոսկալի պահանջ էի զգում, հակառակ դեպքում անտանելի կլիներ։ Եթե գնալու տեղ չունենայի, գուցեև չդիմանայի ու գնայի Կատերինա Նիկոլաևնայի մոտ։ Մատվեյը պետք է գար շուտով, բայց հանկարծ բացվեց դուռը ու ներս մտավ անսպասելի մի հյուր՝ Դարիա Օնիսիմովնան։ Ես զարմացա ու խոժոռվեցի։ Նա գիտեր իմ բնակարանի տեղը, որովհետև մի անգամ, մայրիկիս հանձնարարությամբ, եղել էր ինձ մոտ։ Ես նրան նկատեցի ու սկսեցի հարցական նրան նայել։ Նա ոչինչ չէր խոսում, միայն ուղիղ աչքերիս էր նայում ու խեղճացած ժպտում։
― Լիզայի հանձնարարությա՞մբ եք եկել,― մտքովս անցավ հարցնել նրան։
― Ոչ, հենց էնպես եմ եկել։
Ես նրան զգուշացրի, որ հիմա գնալու եմ։ Նա նորից պատասխանեց, թե «ինքը էնպես» է եկել և հիմա գնալու է։ Չգիտեմ, ինչու, հանկարծ սկսեցի խղճալ նրան։ Նկատեմ, որ մեզնից բոլորիցս, մայրիկիցս և հատկապես Տատյանա Պավլովնայից նա շատ կարեկցանք էր տեսնում, բայց, տեղավորելով նրան Ստոլբեևայի տանը, մերոնք բոլորը մի տեսակ սկսեցին մոռանալ նրան, գուցե բացի Լիզայից, որը հաճախ էր այցելում նրան։ Դրա պատճառը, կարծեմ, հենց ինքն էր, որովհետև մարդկանցից հեռանալու և ստվերանալու ընդունակություն ուներ, չնայած իր ողջ խեղճությանն ու հաճոյանալու ցանկությամբ ժպիտներին։ Ինձ անձամբ սոսկալի դուր չէին գալիս նրա այդ ժպիտները և այն, որ նա, ըստ երևույթին, միշտ կեղծում էր իր դեմքը, այնպես, որ մի անգամ նույնիսկ մտածեցի, թե այնուամենայնիվ երկար տխրեց իր Օլյայի համար։ Բայց այս անգամ ես, չգիտեմ ինչու, խղճացի նրան։
Եվ հանկարծ նա, առանց բառ անգամ արտասանելու, հայացքը հատակին ուղղեց, կռացավ և երկու ձեռքը առաջ նետելով, մեջքս գրկեց, իսկ դեմքը ծնկներիս վրա խոնարհեց։ Նա բռնեց ձեռքս, ես կարծեցի, թե ուզում է համբուրել, բայց նա ձեռքս սեղմեց աչքերին և նրա ջերմ արցունքները հեղեղեցին այն։ Ամբողջ մարմնով նա ցնցվում էր հեկեկանքներից, բայց կամաց էր արտասվում։ Սիրտս մղկտաց, թեև միաժամանակ կարծես նաև սրտնեղություն զգացի։ Բայց նա միանգամայն վստահալի գրկել էր ինձ, ամենևին չերկյուղելով, թե ես կզայրանամ, չնայած այն բանին, որ սրանից քիչ առաջ այնքան վախվորած ու ստրկաբարո ժպտում էր ինձ։ Ես սկսեցի խնդրել, որ նա հանգստանա։
― Ախ, չգիտեմ, ինչ ասեմ, հոգիս, ինչպես վարվեմ ինձ հետ։ Հենց որ մթնում է, էլ չեմ դիմանում, հենց որ մթնում է, ինձ զսպել չեմ կարողանում, քաշում է ինձ փողոցը, քաշում խավարը։ Եվ գլխավորը, քաշում է ցնորքը։ Էդպիսի մի ցնորք է ծնվել գլխումս, այ, դուրս կգամ փողոց և հանկարծ նրան կհանդիպեմ փողոցում։ Քայլում եմ և կարծես նրան եմ տեսնում։ Այսինքն՝ ուրիշներն են քայլում, իսկ ես հետևներից կպած գնում եմ ու մտածում, նա չէ՞ արդյոք, այ սա, այ սա, մտածում եմ, սա հենց իմ Օլյան չէ՞։ Եվ շարունակում եմ մտածել ու մտածել։ Վերջը ապուշ եմ կտրում, միայն հրմշտվում եմ մարդկանց մեջ, սիրտս մղկտում է։ Հարբածի պես հրմշտվում եմ, շատերն էլ անպատվում են։ Ես էլ փակվում եմ իմ մեջ ու ոչ ոքի մոտ չեմ գնում։ Իսկ թե մի տեղ գնում ես, սիրտդ ավելի է մղկտում։ Նոր անցնում էի ծեր տան մոտով ու մտածեցի. «Արի մտնեմ նրա մոտ, նա բոլորից բարի է և այն ժամանակ էլ այնտեղ էր գտնվում»։ Ներեցեք ինծ անպետքիս, սիրելիս, ես հիմա դուրս կգամ ու կգնամ...
Հանկարծ նա վերկացավ տեղից ու փութկոտ պատրաստվեց դուրս գալ։ Հենց այդ րոպեին եկավ Մատվեյը. Դարյա Օնիսիմովնային ես ինծ հետ սահնակ նստեցրի և ճանապարհին նրան տուն՝ Ստոլբեևայի բնակարանը հասցրի։
'''II'''
Ամենավերջին ժամանակներս ես սկսել էի հաճախել Զերշչիկովի խաղատունը՝ ռուլետկայի։ Իսկ մինչ այդ մի երկու-երեք խաղատուն էի գնում, միշտ իշխանի հետ, որն էլ հենց տանում էր ինծ այդ տեղերը։ Այս տներից մեկում գերազանցապես բանկ էր գնում և շատ նշանակալի գումարներով էին խաղում։ Բայց այդ տունը ես չսիրեցի, ես տեսա, որ այդտեղ լավ է մեծ գումարներ ունենալու դեպքում և, բացի այդ այդտեղ չափազանց շատ հանդուգն մարդիկ ու բարծրաշխարհիկ «աղմուկ հանած» երիտասարդություն է գալիս։ Հենց այդ էլ սիրում էր իշխանը, սիրում էր նաև խաղալ, բայց սիրում էր նաև մտերմություն անել այդ չարաճճիների հետ։ Ես նկատել էի, որ այդ երեկոներին նա թեև երբեմն ինծ հետ միասին էր ներս մտնում, բայց երեկոյի ընթացքում մի տեսակ հեռանում էր ինձնից և ինձ իր «յուրայիններից» ոչ մեկի հետ չէր ծանոթացնում։ Իսկ ես այնպիսի խրտնած տեսք էի ստանում, որ երբեմն նույնիսկ պատահում էր, հենց դրանով էլ ուշադրություն էի հրավիրում վրաս։ Խաղասեղանի մոտ երբեմն առիթ էի ունենում խոսելու մեկնումեկի հետ, բայց մի անգամ փորձեցի հետևյալ օրը այդ նույն սենյակներում բարևել մի պարոնիկի, որի հետ կողք-կողքի նստած ոչ միայն խոսել էի, այլ նույնիսկ ծիծաղել նախորդ օրը և նրա համար նույնիսկ երկու խաղաթուղթ գուշակել, և ի՞նչ, նա ամենևին ինձ չճանաչեց։ Այսինքն՝ ավելի վատ, կարծես արհեստական մի տարակուսանքով ինձ նայեց և, ժպտալով, անցավ իմ կողքից։ Այսպիսով, ես շուտով դադարեցի այդտեղ լինել և հակվեցի (ուրիշ անուն չեմ կարող տալ) մի գարշանոց հաճախել։ Դա ռուլետկայի բավական աննշան, նույնիսկ չնչին խաղատուն էր, որի տիրուհին մեկի տարփուհին էր, թեև ինքը երբեք դահլիճում չէր էլ երևում։ Այստեղ ամեն բան չափազանց սրտաբաց էր, և թեև լինում էին այստեղ նաև սպաներ ու հարուստ վաճառականներ, ողջը տեղի էր ունենում ինչ-որ անմաքուր ձևով, որը ի դեպ, և գրավում էր շատ շատերին։ Բացի այդ, այստեղ իմ բախտը հաճախ էր բերում։ Բայց ես այստեղից էլ հեռացա մի նողկալի պատմությունից հետո, որ պատահեց խաղի ամենաթունդ րոպեին և ավարտվեց երկու խաղացողների ծեծկռտուքով, և սկսեցի հաճախել Զերշչիկովի խաղատունը, ուր նույնպես իշխանն էր ինձ տարել։ Սա պաշտոնաթող շտաբս-ռոտմիստր էր, և նրա երեկոների ընդհանուր ոճը միանգամայն տանելի էր, ռազմաշունչ, պատվի ձևերի պահպանման հարցում փափկանկատ-գրգռող, կարճառոտ ու գործունյա։ Կատակաբաններն ու մեծ թափի քեֆչիներն այստեղ չէին երևում։ Բացի այդ, պատասխան-բանկն այնտեղ շատ էլ ծանրակշիռ էր։ Իսկ խաղում էին բանկ և ռուլետկա։ Մինչ այս երեկո, նոյեմբերի տասնհինգը ես այնտեղ, ընդամենը մի երկու անգամ էի եղել, իսկ Զերշչիկովը, կարծեմ, ինձ արդեն դեմքով էր ճանաչում, բայց ես դեռ ոչ մի ծանոթ չունեի։ Հակառակի պես, իշխանն ու Դարզանն էլ, այդտեղ վերադառնալով բարձրաշխարհիկ չարաճճիների այն բանակից, որից ես հրաժարվել էի, այսպիսով այդ երեկո օտար ամբոխի մեջ ես կարծես մի անծանոթ լինեի։
Եթե ես ընթերցող ունենայի, որը կարդար այն ամենը, ինչը ես արդեն գրել եմ իմ արկածների մասին, ապա, անկասկած, նրան կարիք չէր լինի բացատրելու, թե ես վճռականապես ստեղծված չեմ որևէ հասարակության համար։ Եվ, որ գլխավորն է հասարակության մեջ ինձ պահել չգիտեմ։ Եթե ես որևէ տեղ եմ մտնում, ուր շատ հասարակություն կա, միշտ զգում եմ, որ բոլոր հայացքները էլեկտրականացնում են ինձ։ Ինձ վճռականապես սկսում է ճնշել, ճնշել ֆիզիկապես, նույնիսկ այնպիսի վայրերում, ինչպիսին թատրոնն է, էլ չեմ ասում մասնավոր տներում։ Այդ բոլոր ռուլետկա-խաղատներում ու հավաքույթներում ես վճռականապես ոչ մի կեցվածք չէի կարողանում ձեռք բերել, մեկ նստում ու հանդիմանում եմ ինձ անտեղի փափկասրտության ու սիրալիրության համար, մեկ հանկարծ վեր եմ կենում և որևէ կոպտություն հանդես բերում։ Մինչդեռ իմ համեմատությամբ ի՜նչ ստահակներ էին կարողանում զարմանալի կեցվածքով իրենց այնտեղ պահել և հենց սա էլ ամենից ավելի ինձ զայրացնում, այնպես որ, գնալով, ավելի ու ավելի էի սառնասրտությունս կորցնում։ Ուղղակի կասեմ, ոչ միայն այժմ, այլև արդեն այն ժամանակ այս ամբողջ հասարակությունը, և հենց նույն շահածս, եթե ամեն բան ասենք, դարձել էր ի վերջո, նողկալի ու տանջալից։ Որոշակիորեն՝ տանջալից։ Ես, իհարկե, արտակարգ հաճույք էի ստանում, բայց այդ հաճույքը տառապանքի միջով էր անցնում, այս բոլորը, այսինքն՝ այս մարդիկ, խաղը և գլխավորապես ես ինքս նրանց հետ միասին, սոսկալի կեղտոտ էին ինձ թվում։ «Հենց որ շահեմ, իսկույն ամեն բանի վրա կթքեմ»,― գիշերային խաղից հետո բնակարանումս լուսադեմին քուն մտնելով ամեն անգամ ասում էի ինքս ինձ։ Եվ հենց նույն այդ շահածը, վերցնենք հենց այն, որ ես ամենևին փող չէի սիրում։ Այսինքն ես չեմ կրկնի այս բացատրությունների մեջ սովորական նողկալի պաշտոնական ձևամոլությունը, իբր ես խաղացել եմ խաղալու համար, զգայությունների համար, ռիսկի, մոլեգնության և այլևայլ հաճույքների և ամենևին ոչ թե շահույթի համար։ Ես սոսկալի կարիք ունեի փողի, և թեև դա իմ ճանապարհը չէր, իմ գաղափարը չէր, բայց այսպես թե այնպես, ես այն ժամանակ որոշել էի այնուամենայնիվ, փորձի կարգով, կիրառել նաև այս ճանապարհը։ Բայց այստեղ մի ուժեղ միտք շարունակ շփոթեցնում էր ինձ. «Չէ՞ որ դու արդեն եզրակացրել ես, թե միայն համապատասխան ուժեղ բնավորություն ունենալով անպայման կարող ես միլիոնատեր դառնալ և չէ՞ որ արդեն փորձարկել ես բնավորությունդ, ուրեմն ցույց տուր քեզ և այստեղ, մի՞թե ռուլետկայի մոտ ավելի բնավորություն է հարկավոր, քան միտքդ իրականացնելու համար», ահա թե ինչ էի կրկնում ինքս ինձ։ Եվ քանի որ մինչև այժմ էլ այն համոզմունքին եմ, թե մոլի խաղի մեջ լիակատար հանգստության դեպքում, որի առկայությամբ կպահանջվի մտքի ու հաշվի ողջ նրբությունը, հնարավոր չէ չհաղթահարել կույր պատահականության կոպտությունը և չշահել ապա, բնականաբար, գնալով պետք է ավելի ու ավելի գրգռվել այն ժամանակ, տեսնելով, որ ամեն րոպե կորցնում եմ հաստատակամությունս և, կատարյալ տղեկի պես, տարվում խաղով։ «Ես, որ կարողացել եմ դիմանալ քաղցին, չեմ կարողանում դիմանալ այսպիսի հիմարության», ապա թե ինչն էր գրգռում ինձ։ Դրան ավելացրած նաև այն գիտակցությունը, որ ինձ մոտ, իմ մեջ, որքան էլ ծիծաղելի ու ստորացած թվում ես, առկա է ուժի այն հարստությունը, որը երբևէ կստիպի նրանց բոլորին փոխել իրենց կարծիքն իմ մասին, հենց այդ գիտակցությունն էր (արդեն համարյա ամենամանկական, ստորացման տարիներից սկսած) կյանքիս միակ աղբյուրը, իմ լույսը և իմ արժանապատվությունը, իմ զենքն ու իմ մխիթարությունն էին կազմում այն ժամանակ, հակառակ դեպքում սպանած կլինեի ինձ դեռ մանուկ հասակում։ Եվ հետո, կարո՞ղ էի ես զայրացած չլինել ինձ վրա, տեսնելով, թե ի՜նչ ողորմելի էակի եմ վերածվում խաղասեղանի առջև։ Ահա թե ինչու ես արդեն չէի կարողանում հրաժարվել խաղից, հիմա ես պարզ տեսնում եմ այդ բոլորը։ Բացի դրանից, որ գլխավորն էր, տառապում էր նաև իմ մանրոգի ինքնասիրությունը, տանուլ տալս ստորացնում էր ինձ իշխանի առջև, Վերսիլովի առջև, թեև սա ոչ մի խոսքի չէր արժանացնում, բոլորի, նույնիսկ Տատյանայի առջև, այդպես էր ինձ թվում, այդպես էի ես զգում։ Եվ, վերջապես, ևս մի խոստովանություն, արդեն այն ժամանակ ես այլասերվել էի, ինձ համար արդեն դժվար էր հրաժարվել յոթ ճաշատեսակով ճաշից ռեստորանում, Մատվեյից, անգլիական խանութից, իմ օծանելիքագետի կարծիքից և բոլոր այլ բաներից։ Ես այն ժամանակ էլ գիտակցում էի դա, բայց հեռացնում էի մտքիցս, իսկ հիմա կարմրում եմ գրի առնելիս։
'''III'''
Գալով մենակ և հայտնվելով անծանոթ ամբոխի մեջ, ես սկզբում տեղավորվեցի սեղանի մի անկյունում ու սկսեցի խաղալ փոքրիկ խաղագումարներով, այդպես անշարժ նստած մնալով մի երկու ժամ։ Այդ երկու ժամվա ընթացքում ինձ շարունակ հիմար բան էր գալիս, ոչ այս, ոչ այն։ Ես զարմանալի հնարավորություններ էի կորցնում և աշխատում էի չզայրանալ, այլ հաղթել սառնասրտությամբ ու վստահությամբ։ Ավարտվեց նրանով, որ ամբողջ երկու ժամվա ընթացքում ես ոչ տանուլ տվեցի, ոչ էլ շահեցի. երեք հարյուր ռուբլուց մի տասը-տասնհինգ ռուբլի տարվեցի։ Այդ աննշան արդյունքը բարկացրեց ինձ, և բացի այդ, մի չափազանց տհաճ, գարշելի բան էլ պատահեց։ Ես գիտեմ, որ այս ռուլետկաների շուրջը երբեմն գողեր են պատահում, այսինքն ոչ թե փողոցից այստեղ եկած, այլ ուղղակի հայտնի խաղացողների մեջ։ Ես, օրինակ, գիտեմ, որ հայտնի խաղացող Աֆերդովը գող է. այժմ էլ նա երևում է քաղաքում, դեռ վերջերս տեսա նրան սեփական զույգ պոնի լծած կառքով, բայց նա գող է և ինձնից փող է գողացել։ Բայց այս մասին պատմությունը դեռ առջևում է, իսկ այդ երեկո միայն նախերգանքը պատահեց, այդ ամբողջ երկու ժամվա ընթացքում ես նստած էի սեղանի անկյունում, իսկ իմ կողքին, ձախից, ողջ այդ ժամանակ նստած էր մի փտած պճնամոլ, կարծում եմ, որ ջհուդներից, ի դեպ, նա ինչ-որ տեղ մի բան է անում, նույնիսկ, ինչ-որ բան գրում ու տպագրում։ Ամենավերջին րոպեին ես հանկարծ քսան ռուբլի շահեցի։ Երկու կարմիր բանկատոմս դրված էր իմ առջև, և ես հանկարծ տեսա, թե ինչպես այդ ջհուդի ճուտը պարզում է ձեռքն ու հանգիստ գողանում իմ բանկատոմսերից մեկը։ Ես ուզում էի նրան կասեցնել, բայց նա, ամենահանդուգն տեսքով և ձայնն ամենևին չբարձրացնելով, հանկարծ հայտարարում է, թե դա իր շահույթն է, թե ինքն է հենց նոր խաղադրամ դրել ու շահել, նա նույնիսկ չուզեց խոսակցությունը շարունակել և երեսն ինձնից թեքեց։ Եվ կարծես դիտմամբ, հենց այդ պահին ես ամենահիմար տրամադրությամբ էի, ես մի խոշոր միտք էի հղացել և, թքելով եղածի վրա, արագ վերկացա տեղիցս ու հեռացա չցանկանալով նույնիսկ վիճել ու նրան նվիրելով կարմիր տասանոցս։ Եվ դժվար կլիներ շարունակել այդ պատմությունը հանդուգն ու մանր մի գողի հետ, քանի որ ժամանակը տանուլ էր տրված, խաղն արդեն առաջ էր շարժվել։ Եվ հենց դա էր իմ ամենամեծ սխալը, որը և իր ազդեցությունն ունեցավ հետագայում․ մեր կողքին նստած երեք-չորս խաղացողներ նկատեցին մեր վիճաբանությունը և, տեսնելով, որ ես այդքան հեշտ զիջեցի, հավանաբար, ինձ էլ նման մեկի տեղ դրեցին։ ժամը ճիշտ տասներկուսն էր, ես անցա հետևյալ սենյակը, մտածեցի, մի նոր պլան մտմտացի և, վերադառնալով, բանկում բանկատոմսերս փոխեցի կիսաիմպերիալների։ Այսպիսով ես ունեցա ավելի քան քառասուն հատ։ Բաժանեցի դրանք տասը մասի և որոշեցի մեկը մյուսի հետևից տասը դրույթ դնել zero-յի վրա ամեն անգամ չորսական կիսաիմպերիալով։ «Թե կշահեմ՝ իմ բախտն է, կվրիպեմ՝ ավելի լավ. այլևս երբեք չեմ խաղա»։ Նկատեմ, որ այդ երկու ժամվա ընթացքում ոչ մի անգամ zero չէր դուրս եկել, այնպես որ ի վերջո ոչ ոք արդեն zero-յի վրա չէր էլ դնում։
Խաղագումարներս դնում էի կանգնած, լուռ, խոժոռված և ատամներս պինդ սեղմած։ Հենց երրորդ դրույթի վրա Զերշչիկովը բարձր հայտարարեց zero, որը դուրս չէր եկել ամբողջ օրը։ Ինձ ցնծացին հարյուր քառասուն կիսաիմպերիալ ոսկով։ Ես դեռ յոթ դրույթ էլ ունեի և շարունակեցի խաղալ, մինչդեռ շուրջս ամեն բան թրթռում էր ու պտույտ գալիս։
― Անցեք այստեղ,― ամբողջ սեղանի երկայնքով բղավեցի ես մի ալեխառն մազերով, կարմրատակած դեմքով, ֆրակավոր մի բեղավորի, որի հետ քիչ առաջ նստած էինք կողք-կողքի և որը անասելի համբերությամբ արդեն մի քանի ժամ շարունակ փոքրիկ խաղագումարներ էր դնում և դրույթը դրույթի հետևից տանուլ էր տալիս,― անցեք այստեղ։ Բախտն այստեղ է։
― Այդ ի՞նձ եք ասում,― ինչ-որ սպառնալից մի զարմանքով արձագանքեց բեղավորը սեղանի մյուս ծայրից։
― Այո, ձեզ։ Այդտեղ իսպառ կտարվեք։
― Ձեր գործը չէ և, խնդրեմ, ինձ չխանգարեք։
Բայց ես արդեն ոչ մի կերպ դիմանալ չէի կարողանում։ Դիմացս, սեղանի մյուս կողմում, տարեց մի սպա էր նստած։ Նայելով իմ խաղադրամին՝ նա շշնջաց իր հարևանին։
― Տարօրինակ է. zero։ Ոչ, ես սիրտ չեմ անի zero-յի։
― Սիրտ արեք, գնդապետ,― նոր խաղադրամ դնելով բղավեցի ես։
― Խնդրեմ, ինձ էլ հանգիստ թողնեք, ձեր խորհուրդների կարիքը չունեմ,― կարճ կտրեց խոսքս նա։― Շատ եք այստեղ գոռգոռում։
― Ես ախր, ձեզ բարի խորհուրդ եմ տալիս, ուզո՞ւմ եք, գրազ գանք, որ հիմա նորից zero դուրս կգա, ահա դնում եմ տասը ոսկի, համաձա՞յն եք։
Եվ ես մեջտեղ դրեցի տասը կիսաիմպերիալ։
― Տասը ոսկի՞, գրա՞զ, դա ես կարող եմ,― խիստ ու չոր արտասանեց նա։― Գրազ եմ գալի ձեզ հետ, որ zero դուրս չի գա։
― Տասը լուիդոր, գնդապետ։
― Ի՞նչ տասը լուիդոր։
― Տասը կիսաիմպերիալ, գնդապետ, իսկ բարձր ոճով լուիդոր։
― Դե այդպես էլ ասեք, որ կիսաիմպերիալ, թե չէ բարի եղեք չկատակել ինձ հետ։
Ես, իհարկե, գրազը տանելու հույս չունեի, մեկի դիմաց երեսունվեց հնարավորություն կար, որ zero դուրս չի գա, բայց ես առաջարկեցի, առաջինը՝ սիգամոլությունից, երկրորդը՝ որովհետև ինչ-որ բանով ուզում էի բոլորի ուշադրությունն ինձ վրա հրավիրել։ Ես շատ լավ տեսնում էի, որ, չգիտեմ ինչու, ինձ այստեղ ոչ ոք չի սիրում և որ մի առանձին հաճույքով ինձ դա ցույց են տալիս։ Ռուլետկան պտտվեց և ի՜նչ համընդհանուր զարմանք տիրեց բոլորին, երբ հանկարծ նորից zero դուրս եկավ։ Նույնիսկ համընդհանուր մի ճիչ լսվեց։ Այս անգամ շահույթի փառքը լիովին մթագնեց ուղեղս։ Ինձ նորից հարյուր քառասուն կիսաիմպերիալ ցնծացին։ Զերշչիկովը հարցրեց, չե՞մ ուզում, արդյոք, մի մասը բանկատոմսերով ստանալ, բայց ես ինչ-որ բան մռնչացի նրան, որովհետև բառացիորեն հանգիստ ու հանգամանալից բացատրվել արդեն չէի կարողանում։ Գլուխս պտտվում էր, և ոտքերս թուլանում էին։ Ես հանկարծ զգացի, որ հիմա սոսկալի հանդգնությունների եմ դիմելու, բացի այդ, ուզում էի մի բան էլ ձեռնարկել, մի գրազ էլ առաջարկել, մի քանի հազար մեկին տալ։ Մեքենայորեն ափով հավաքում էի բանկատոմսերիս ու ոսկիներիս կիտուկը և չէի կարողանում սկսել դրանք հաշվել։ Հենց այդ րոպեին թիկունքումս նկատեցի իշխանին ու Դարզանին, նրանք հենց նոր էին վերադարձել իրենց բանկից և, ինչպես հետո իմացա, մինչև վերջին կոպեկը տանուլ էին տվել։
― Ա՜, Դարզան,― ձայն տվի նրան, ահա թե որտեղ է բախտը։ Zero-յի վրա դրեք։
― Տարվել եմ, փող չունեմ,― պատասխանեց նա չոր, իսկ իշխանը որոշակիորեն կարծես չնկատեց ու չճանաչեց ինձ։
― Ահա փող,― ոսկիներիս կիտուկը ցույց տալով բղավեցի ես,― որքա՞ն է պետք։
― Գրողը տանի,― շառագունելով բղավեց Դարզանը,― կարծեմ, ես ձեզնից փող չխնդրեցի։
― Ձեզ կանչում են,― թևքիցս ձգեց Զերշչիկովը։
Կանչում էր ինձ արդեն մի քանի անգամ և համարյա հայհոյելով գրազով ինձ տասը կիսաիմպերիալ տարված գնդապետը։
― Բարի եղեք ընդունելու,― զայրույթից ամբողջովին կարմրատակած բղավում էր նա,― ես պարտավոր չեմ ձեր գլխավերևում կանգնելու, թե չէ հետո կասեք, թե չեք ստացել։ Հաշվեցեք։
― Հավատում եմ, հավատում, գնդապետ, առանց հաշվելու եմ հավատում, միայն թե այդպես, խնդրեմ, ինձ վրա մի բղավեք ու մի բարկացեք,― և բռով վերցրի նրա ոսկու կույտը։
― Ողորմած պարոն, խնդրում եմ, ձեր ցնծությամբ մի ուրիշի ձանձրացրեք և ոչ թե ինձ,― կտրուկ բղավեց գնդապետը։― Ես ձեզ հետ խոզ չեմ արածեցրել։
― Տարօրինակ է, որ սրա նմաններին ներս են թողնում, սա ո՞վ է, ինչ-որ մի պատանյակ,― լսվում էին կիսաձայն բացականչություններ։
Բայց ես ականջ չէի դնում, հենց այնպես խաղագումարներ էի դնում և արդեն ոչ zero-յի վրա։ Մի ամբողջ կապուկ ճաճանչավոր հարյուրանոցներ դրեցի ես տասնութ առաջինների վրա։
― Գնանք, Դարզան,― լսվեց իշխանի ձայնը թիկունքիցս։
― Տո՞ւն,― դարձա ես նրանց։― Ապասեցեք ինձ, միասին դուրս գանք, ես արդեն՝ վերջ։
Իմ դրածը շահեց, և դա խոշոր շահույթ էր։
― Վե՛րջ,― բղավեցի ես և դողացող ձեռքերով բուռ-բուռ սկսեցի վերցնել ոսկին ու լցնել գրպաններս, առանց հաշվելու և մի տեսակ անհեթեթ կերպով մատներով ճմրթելով բանկատոմսերի կիտուկները, որոնք բոլորը միասին ուզում էի խոթել կողքի գրպանս։ Հանկարծ հիմա աջ կողմումս նստած և նույնպես մեծ խաղագումարներ դնող Աֆերդովի մատանեկիր չաղլիկ ձեռքը իջավ ճաճանչավոր հարյուրանոցների վրա ու ափով ծածկեց դրանք։
― Թույլ տվեք, սա ձերը չէ,― խիստ, թեև բավական մեղմ ձայնով հատ-հատ արտասանեց նա։
Հենց սա էր այն նախերգանքը, որին հետո, մի քանի օրից, բախտ էր վիճակվելու այնպիսի՜ հետևանքներ ունենալու։ Իսկ այժմ, պատվովս եմ երդվում, որ այդ երեք հարյուրանոցներն իմն էին, բայց, իմ չար բախտից, այն ժամանակ, թեև հավատացած էի դրանում, որ դրանք իմն են, սակայն մեջս, այնուամենայնիվ, մեկ տասանորդականի չափով կասկած էլ էր մնում, իսկ ազնիվ մարդու համար դա ամեն ինչ է, իսկ ես ազնիվ մարդ եմ։ Եվ, որ գլխավորն է, այն ժամանակ ես դեռ հաստատ չգիտեի, թե Աֆերդովը գող է, այն ժամանակ ես նրա ազգանունն էլ դեռ չգիտեի, այնպես որ այն րոպեին իսկապես էլ կարող էի կարծել, թե ես սխալվել եմ, և այդ երեք հարյուրանոցը նրանց թվում չէին, որոնք հենց նոր հաշվել ու ինձ էին տվել։ Ես ամբողջ ժամանակ չէի հաշվում իմ փողերի կիտուկը և միայն ձեռքերով իրար վրա էի հավաքում, և Աֆերդովի առջև էլ շարունակ փող էր դրված և հենց իմ փողերի կողքին, բայց կանոնավոր ու հաշվված։ Վերջապես, Աֆերդովին այստեղ ճանաչում էին, հարուստ մարդ էին համարում, հարգանքով էին նրան դիմում, այս բոլորը ազդել էր նաև ինձ վրա և ես նորից չդիմադրեցի։ Սոսկալի՜ սխալ։ Գլխավոր խոզությունը նրանում էր կայանում, որ ես հիացած էի։
― Շատ ափսոս, որ ես հաստատ չեմ հիշում, բայց ինձ սոսկալի թվում է, թե դրանք իմն են,― արտասանեցի ես զայրույթից դողացող շրթունքներով։ Այս բառերս իսկույն քրթմնջյուն առաջացրին։
― Այդպիսի բաներ ասելու համար պետք է հաստատ հիշել, իսկ դուք ինքներդ բարեհաճեցիք հատարարել, որ հաստատ չեք հիշում,― անասելի գոռոզամտությամբ ասաց Աֆերդովը։
― Սա ո՞վ է, ինչպե՞ս կարելի է թույլ տալ նման բան,― բացականչություններ հնչեցին այս ու այն կողմից։
― Սա առաջին դեպքը չէ դրա հետ, քիչ առաջ Ռեխբերգի հետ նույն պատմությունը եղավ տասանոցի պատճառով,― լսվեց ինչ-որ մեկի ստոր ձայնը իմ կողքին։
― Դե, բավական է, բավական,― բացականչեցի ես,― չեմ հակառակում, վերցրեք։ Իշխան... ո՞ւր են իշխանն ու Դարզանը։ Գնացի՞ն։ Պարոնայք, չտեսա՞ք ուր գնացին իշխանն ու Դարզանը,― և, վերջապես, հավաքելով բոլոր փողերս, իսկ մի քանի կիսաիմպերիալ այդպես էլ չհասցնելով խոթել գրպանս և պահելով բռիս մեջ, ես նետվեցի իշխանի ու Դարզանի հետևից։ Կարծում եմ, որ ընթերցողը տեսնում է, որ ես ինձ չեմ խնայում և այս րոպեիս հիշում եմ ինձ ամբողջովին, ինչպես որ կայի այն ժամանակ, մինչև ամենավերջին գարշանքը, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ կարող էր ստացվել հետո։
Իշխանն ու Դարզանն արդեն իջել էին աստիճաններից, առանց ամենաչնչին ուշադրություն անգամ դարձնելու իմ կանչերին ու ճիչերին։ Ես արդեն հասել էի նրանց, բայց մի վայրկյանով կանգ առա դռնապանի առաջ և երեք կիսաիմպերիալ խոթեցի նրա բուռը, սատանան գիտե, թե ինչու. նա տարակուսած ինձ նայեց և նույնիսկ շնորհակալություն չհայտնեց։ Բայց ինձ համար միևնույն էր, և, եթե Մատվեյն էլ այստեղ լիներ, երևի նրան մի ամբողջ բուռ ոսկի կցնծայի և, կարծեմ, հենց այդպես էլ ուզում էի անել, բայց, առմուտք դուրս վազելով, հանկարծ հիշեցի, որ դեռ երեկ եմ նրան ազատ արձակել։ Հենց այդ րոպեին իշխանին հրամցրին նրա վարգաձին, և նա սահնակ նստեց։
― Ես ձեզ հետ եմ գալիս, իշխան, և ձեզ մոտ,― բղավեցի ես, բռնեցի ծածկոցից ու հետ գցեցի, որպեսզի մտնեմ սահնակ, բայց հանկարծ իմ կողքով սահնակ թռավ Դարզանը, և կառապանը, ձեռքիցս խլելով ծածկոցը, պարոնների ոտքերը ծածկեց։
― Գրողը տանի,― բղավեցի ես մոլեգնած։ Դուրս էր գալիս, որ ես լակեյի պես, կարծես, Դարզանի համար էի արձակել ծածկոցը։
― Տո՛ւն - բղավեց իշխանը։
― Կաց,― սահնակից կառչելով՝ գոռացի ես, բայց ձին ուժգին ձգեց, և ես գլորվեցի ձյան մեջ։ Ինձ նույնիսկ թվաց, թե նրանք ծիծաղեցին։ Վեր թռչելով՝ ես վայրկենապես բռնեցի պատահած սահնակը ու, ամեն վայրկյան խթանելով իմ հալից ընկած ձիուն, սլացա իշխանի մոտ։
'''IV'''
Կարծես դիտավորյալ, ձին անբնականորեն դանդաղ էր քարշ տալիս, թեև ես մի ամբողջ ռուբլի էի խոստացել։ Կառապանը միայն մտրակում էր և, իհարկե, մի ռուբլու մտրակեց նրան։ Սիրտս մարում էր, ես սկսեցի մի բան խոսել կառապանի հետ, բայց բառ անգամ չէի կարողանում արտաբերել, և ինչ-որ հիմարություն էի մրթմրթում։ Ահա թե ինչ վիճակում ես ներս ընկա իշխանի մոտ։ Նա հենց նոր էր վերադարձել. Դարզանին տուն էր հասցրել և մենակ էր։ Գունատ ու չարացած նա հետ ու առաջ էր անում աշխատասենյակում։ Նորից եմ կրկնում, նա սոսկալի տարվել էր։ Ինձ նայեց ինչ-որ ցրված տարակուսանքով։
― Նորից դուք եք,― ասաց նա խոժոռվելով։
― Որպեսզի հաշիվներս ձեզ հետ մաքրեմ, պարոն,― շնչակտուր արտասանեցի ես։― Ինչպե՞ս համարձակվեցիք այդպես վարվել ինձ հետ։
Նա հարցական ինձ էր նայում։
― Եթե դուք Դարզանի հետ էիք գնում, կարող էիք հենց այդպես էլ պատասխանել, որ Դարզանի հետ էի գնում, իսկ դուք ձիուն խթանեցիք, և ես...
― Այո, հա՜, դուք, կարծեմ, ձյան մեջ ընկաք,― և նա երեսիս ծիծաղեց։
― Դրան մարտահրավերով են պատասխանում և այդ պատճառով մենք նախ մեր հաշիվները կփակենք...
Եվ դողացող ձեռքով ես սկսեցի հանել փողերս ու դնել բազմոցին, մարմարե սեղանին և նույնիսկ բաց դրված ինչ-որ գրքի մեջ, կույտերով, բռերով, կապուկներով, մի քանի մետաղադրամ գլորվեցին գորգին։
― Ախ, հա՜, դուք, կարծեմ, շահել եք... ինչ էլ նկատելի է ձեր տոնից։
Նա դեռ երբեք այդքան հանդուգն չէր խոսել ինձ հետ։ Ես չափազանց գունատ էի։
― Այստեղ... ես չգիտեմ, որքան է... պետք է հաշվել։ Ես ձեզ պարտք եմ մոտ երեք հազար... թե որքա՞ն... ավելի, թե պակաս։
― Կարծեմ, ես ձեզ չեմ ստիպում վճարել։
― Ոչ, ես ինքս եմ ուզում վճարել, և դուք պետք է որ իմանաք, թե ինչու։ Ես գիտեմ, որ հարյուրանոցների այս կապուկում հազար ռուբլի է, ահա։― Եվ դողացող ձեռքերով ես սկսեցի հաշվել, բայց կիսատ թողեցի։― Միևնույն է, ես գիտեմ, որ հազար է։ Ուրեմն, այսպես, այս հազարը ես ինձ եմ վերցնում, իսկ ամբողջ մնացյալը, այս կիտուկները, վերցրեք պարտքիս դիմաց, պարտքիս մի մասի դիմաց, այստեղ, կարծում եմ, մոտ երկու հազար կամ, թերևս ավելի էլ կա։
― Իսկ հազարը այնուամենայնիվ ձե՞զ եք պահում,― ատամները ցույց տվեց իշխանը։
― Իսկ ձեզ պե՞տք է։ Այդ դեպքում... Ես ուզում էի... ես կարծում էի, թե դուք չեք ուզի... բայց եթե պետք է, ապա խնդրեմ...
― Ոչ, պետք չէ,― արհամարհական երես դարձրեց ինձնից նա և նորից հետ ու առաջ արեց սենյակում։
― Եվ սատանան գիտե, թե ինչու ձեր մտքով անցավ վերադարձնել,― հանկարծ մարտահրավերի սոսկալի արտահայտությունը դեմքին՝ դեպի ինձ շրջվեց նա։
― Ես վերադարձնում եմ, որպեսզի հաշիվ պահանջեմ ձեզնից,― աղաղակեցի ես իմ հերթին։
― Կորեք այստեղից ձեր մշտական խոսքերով ու շարժ ու ձևով,― կարծես մոլուցքով բռնված, հանկարծ ոտքերը գետին դոփեց նա։― Ես երկուսիդ էլ վաղուց էի ուզում դուրս վռնդել, ձեզ էլ, ձեր Վերսիլոիվին էլ։
― Դուք խելագարվել եք,― բղավեցի ես։ Իսկապես էլ նա նման էր խելագարի։
― Դուք ինձ երկուսդ էլ տանջել եք ձեր ճռճռան ֆրազներով ու շարունակ ֆրազներով, ֆրազներով, ֆրազներով։ Պատվի մասին, օրինակ։ Թյու՜։ Ես վաղուց էի ուզում կապերս խզել... Ես ուրախ եմ, ուրախ եմ, որ հասավ այս րոպեն։ Ես ինձ կապված էի համարում ու կարմրում էի, որ ստիպված եմ ընդունել ձեզ... երկուսիդ էլ։ Իսկ հիմա ինձ կապված չեմ համարում ոչնչով, ոչնչով, լավ իմացեք։ Ձեր Վերսիլովը հրահրում էր ինձ հարձակվել Ախմակովայի վրա ու խայտառակել նրան... Էլ չհամարձակվեք դրանից հետո պատվի մասին խոսել իմ ներկայությամբ։ Որովհետև դուք անպատիվ մարդիկ եք... երկուսդ էլ, երկուսդ էլ, իսկ դուք չէի՞ք ամաչում, որ ինձնից փող էիք վերցնում։
Աչքերիս առաջ սևացավ։
― Ես ձեզնից որպես ընկերոջից էի վերցնում,― սկսեցի ես չափազանց կամաց,― դուք ինքներդ էիք առաջարկում, և ես հավատացի ձեր բարեհաճությանն իմ նկատմամբ...
― Ես ձեզ ընկեր չեմ։ Ես ձեզ տալիս էի, բայց ոչ դրա համար, այլ ինքներդ գիտեք, թե ինչի համար։
― Ես վերցնում էի Վերսիլովի փողերի հաշվին, իհարկե, դա հիմարություն է, բայց ես...
― Դուք չէիք կարող Վերսիլովի փողերի հաշվին վերցնել առանց նրա թույլտվության, և ոչ էլ ես կարող էի նրա փողերը ձեզ տալ առանց նրա թույլտվության... Ես ձեզ իմ փողն եմ տվել, և դուք գիտեիք, գիտեիք և վերցնում էիք, իսկ ես դիմանում էի ատելի մի կատակերգության սեփական տանս մեջ։
― Ի՞նչը գիտեի։ Ի՞նչ կատակերգություն։ Ուրեմն, ինչի՞ համար էիք ինձ փող տալիս։
― Pour vos beaux yeux, mon cousin<ref>Ձեր գեղեցիկ աչքերի համար, իմ կուզեն (ֆրանս.)։</ref>,― քրքրջաց նա ուղիղ երեսիս։
― Գրողի ծոցը,― աղաղակեցի ես,― վերցրեք բոլորը, առեք այս հազարն էլ։ Հիմա քվիտ ենք, և վաղը...
Եվ ես նրա երեսին նետեցի հարյուրանոցների կապուկը, որ ուզում էի թողնել ինձ փող ունենալու համար։ Կապուկը դիպավ ճիշտ նրա բաճկոնակին և թրմփաց հատակին։ Նա արագ, երեք հսկայական քայլով ինձ հասավ ու դեմ առ դեմ կանգնեց։
― Կհամարձակվե՞ք արդյոք ասել,― կատաղած ու հատ-հատ, կարծես վանկարկելով, արտասանեց նա,― որ ամբողջ ամիսը ինձնից փող վերցնելով՝ չգիտեիք, որ ձեր քույրը հղի է ինձնից։
― Ի՞նչ։ Ինչպես թե,― բղավեցի ես, և հանկարծ ոտքերս թուլացան, և ես անզոր ընկա բազմոցին։ Հետո նա ինքն ինձ ասաց, որ ես քաթանի պես գունատվել եմ։ Խելքս մաղեց։ Հիշում եմ, որ մենք երկար ժամանակ լուռ իրար երեսի էինք նայում։ Կարծես վախի մի ցնցում անցավ նրա դեմքով։ Նա հանկարծ խոնարհվեց, բռնեց ուսերիցս ու սկսեց սատարել ինձ։ Ես շատ լավ եմ հիշում նրա անշարժ ժպիտը, նրանում կասկածամտություն ու զարմանք կար։ Այո, նա ոչ մի դեպքում իր խոսքի նման ազդեցության չէր սպասում, որովհետև վստահ էր, թե ես մեղավոր եմ։
Բանն ավարտվեց ուշաթափությամբ, բայց միայն մի րոպեով, ես ուշքի եկա, ոտքի կանգնեցի, նայում էի նրան ու կշռադատում, և հանկարծ ողջ ճշմարտությունը բացվեց այդքան երկար ժամանակ քնած իմ ուղեղի առջև։ Եթե ինձ նախապես ասեին ու հարցնեին. «Ի՞նչ կանեի ես նրան այդ րոպեին», ես երևի կպատասխանեի, թե կտոր-կտոր կանեի նրան։ Բայց բոլորովին այլ բան դուրս եկավ և ամենևին ոչ իմ կամքով, ես զույգ ձեռքերով հանկարծ ծածկեցի դեմքս, ու դառը հեկեկալով, արտասվեցի։ Ինքն իրեն այդպես ստացվեց։ Երիտասարդ մարդու մեջ հանկարծ արտահայտվեց փոքրիկ երեխան։ Ուրեմն դեռ այն ժամանակ հոգումս կիսով չափ ապրում էր փոքրիկ երեխան։ Ես ընկա բազմոցին ու հեկեկացի։ «Լիզա, Լիզա։ Խեղճ, դժբախտ Լիզա»։ Իշխանը հանկարծ ու միանգամայն հավատաց։
― Տեր Աստված, ի՜նչ մեղավոր եմ ձեր առաջ,― խորապես վշտացած բղավեց նա։― Օ՜, ի՜նչ նողկալի եմ մտածել ձեր մասին իմ կասկածամտությամբ... Ներեցեք ինձ, Արկադի Մակարովիչ։
Հանկարծ ես վեր թռա տեղիցս, ուզում էի նրան մի բան ասել, կանգնեցի նրա առաջ, բայց, առանց ոչինչ ասելու, դուրս վազեցի սենյակից և բնակարանից։ Ես ոտքով քարշ եկա մինչև տուն և հազիվ եմ հիշում ճանապարհը։ Ես ընկա մահճակալիս, դեմքս թաղեցի բարձիս մեջ ու խավարում մտածում էի ու մտածում։ Նման րոպեներին ներդաշնակ ու հետևողական մտածել երբեք չի լինում։ Խելքս ու երևակայությունս կարծես պոկվում էին թելից և, հիշում եմ, որ սկսում էի նույնիսկ միանգամայն կողմնակի բաների և նույնիսկ Աստված գիտե, թե ինչի մասին, երազել։ Բայց վիշտն ու փորձանքը հանկարծ կրկին ցավով ու մղկտոցով միտքս էին գալիս, և ես նորից կոտրատում էի ձեռքերս ու բացականչում՝ «Լիզա, Լիզա», ու նորից արտասվում էի։ Չեմ հիշում, թե ինչպես քուն մտա, բայց խորն ու քաղցր քնեցի։
=== Գլուխ յոթերորդ ===
'''I'''
Արթնացա առավոտյան ժամը ութին մոտ, վայրկենապես դուռը փակեցի, նստեցի պատուհանի մոտ ու սկսեցի մտածել։ Այդպես նստած մնացի մինչև ժամը տասը։ Սպասուհին երկու անգամ ծեծեց դուռս, բայց ես նրան քշեցի։ Վերջապես, արդեն ժամը տասից հետո նորից դուռս ծեծեցին։ Ես ուզում էի նորից բղավել, բայց այս անգամ Լիզան էր։ Նրա հետ ներս մտավ սպասուհին, ինձ համար սուրճ բերեց ու վառարանը վառել սկսեց։ Սպասուհուն անհնարին էր դուրս անել, և ողջ այն ժամանակ, մինչ Ֆյոկլան փայտ էր շարում ու կրակ բորբոքում, ես մեծ-մեծ քայլերով շարունակ հետ ու առաջ էի անում իմ փոքրիկ սենյակում՝ խոսակցություն չսկսելով և նունիսկ աշխատելով Լիզային չնայել։ Սպասուհին աննկարագրելի դանդաղկոտույթամբ էր գործում և դիտավորյալ, ինչպես բոլոր սպասուհիները նման դեպքերում, երբ նկատում են, որ պարոններին խանգարում են խոսել։ Լիզան նստեց պատուհանի մոտ դրված աթոռին ու սկսեց հետևել ինձ։
― Սուրճդ կսառչի,― ասաց նա հանկարծ։
Ես նրան նայեցի, ոչ մի անգամ ամենաչնչին շփոթմունք, լիակատար հանգստություն, իսկ շուրթերին նույնիսկ ժպիտ։
― Ահա կանայք,― չդիմացա ես և թոթվեցի ուսերս։ Վերջապես սպասուհին վառարանը վառեց և ուզում էր սկսել սենյակը հավաքել, բայց ես եռանդագին դուրս արի նրան ու վերջապես դուռը փակեցի։
― Ասա, խնդրեմ, ինչու դուռը նորից փակեցի՞ր,― հարցրեց Լիզան։
Ես կանգնեցի նրա առաջ։
― Լիզա, կարո՞ղ էի ես մտածել, որ դու այդպես կխաբես ինձ,― բացականչեցի ես հանկարծ, ամենևին չկարծելով, թե այդպես կսկսեմ և ոչ թե արտասուքն այս անգամ, այլ համարյա չարության ինչ-որ մի զգացմունք հանկարծ սիրտս ծակեց այնպես, որ ինքս էլ չէի սպասում դրան։ Լիզան շիկնեց, բայց չպատասխանեց, միայն շարունակում էր ուղիղ աչքերիս նայել։
― Սպասիր, Լիզա, սպասիր, օ՜, ինչ հիմարն էի ես։ Բայց արդյո՞ք հիմար էի։ Բոլոր ակնարկները միայն երեկ իրար վրա հավաքվեցին, իսկ մինչ այդ որտեղի՞ց կարող էի իմանալ։ Այն բանից, որ գնում էիր Ստոլբեևայի ու այդ... Դարյա Օնիսիմովնայի մո՞տ։ Բայց ես քեզ արև էի կարծում, Լիզա, և ինչպե՞ս կարող էր անցնել մտքովս։ Հիշում ես, ինչպես հանդիպեցի քեզ այն ժամանակ, երկու ամիս առաջ, նրա բնակարանում, և ինչպես էինք ես ու դու արևի տակով քայլում և ուրախանում... այն ժամանակ արդեն կա՞ր։ Կա՞ր։
Նա պատասխանեց գլխի դրական շարժումով։
― Ուրեմն, դու արդեն այն ժամանակ էլ խաբում էիր ինձ։ Սա իմ հիմարությունից չէ, Լիզա, այստեղ ավելի շուտ իմ եսասիրությունն է պատճառը և ոչ թե հիմարությունը, սրտիս եսասիրությունը ու, թերևս սրբության հավատը։ Օ՜ ես միշտ հավատացած եմ եղել, որ դուք բոլորդ անսահմանորեն բարձր եք ինձնից և՝ խնդրեմ։ Վերջապես, երեկ, մեկ օրվա ընթացքում, ես չհասցրի նույնիսկ կռահել, չնայած բոլոր ակնարկներին... Եվ ամենևին էլ դրանով չէի զբաղված ես երեկ։
Այստեղ ես հանկարծ հիշեցի Կատերինա Նիկոլաևնային և մի բան կրկին տառապալից, կարծես ասեղով, ծակեց սիրտս, և ես կարմրատակեցի։ Այդ րոպեին ես, բնականաբար, չէի կարող բարի լինել։
― Բայց ինչո՞ւմ ես արդարանում։ Դու, Արկադի, կարծես ինչ-որ բանում շտապում ես արդարանալ, ուրեմն, ինչո՞ւմ,― հեզ ու հլու, բայց շատ հաստատ ու վստահ ձայնով հարցրեց Լիզան։
― Ինչպե՞ս թե ինչում։ Բայց ես հիմա ի՞նչ անեմ, թեկուզ հենց այս հարցում։ Իսկ դու ասում ես. «Ուրեմն, ինչո՞ւմ»։ Ես չգիտեմ, ինչպես վարվեմ։ Ես չգիտեմ, նման դեպքերում ինչպես են վարվում եղբայրները... Գիտեմ, որ ատրճանակները ձեռքներին ստիպում են ամուսնանալ... Կվարվեմ այնպես, ինչպես վայել է ազնիվ մարդուն։ Իսկ ես այս դեպքում չգիտեմ էլ, թե ինչպես պետք է վարվի ազնիվ մարդը... Ինչո՞ւ։ Որովհետև մենք ազնվական չենք, իսկ նա իշխան է ու իր կարիերան է անում... նա մեզ, ազնիվ մարդկանցս, չի էլ լսի։ Մենք՝ ես ու դու, քույր ու եղբայր էլ չենք, այլ ինչ-որ ապօրինաբար, առանց ազգանվան, ագարակաբնակ գյուղացու որդիներ, իսկ իշխանները մի՞թե ամուսնանում են գյուղացիների հետ։ Օ՜, զզվանք։ Եվ դրան ավելացրած նաև այն, որ դու նստել ես հիմա ու ինծ վրա զարմանում ես։
― Ես հավատում եմ, որ դու տանջվում ես,― նորից շիկնեց Լիգան,― բայց դու շտապում ես և ինքդ քեզ տանջում։
― Շտապո՞ւմ եմ։ Բայց մի՞թե քո կարծիքով ես բավականաչափ չեմ ուշացել։ Եվ մի՞թե դու, դու, Լիզա, պետք է դա ինձ ասես,― լիակատար վրդովմունքով ի վերջո տարվեցի ես։― Իսկ որքա՜ն խայտառակություն կրեցի ես և ինչպե՜ս պետք է արհամարհեր ինծ այդ իշխանը։ Օ՜, այժմ ամեն բան պարզ է ինձ համար և ողջ այդ պատկերն է աչքիս առաջ, նա վստահորեն ենթադրել է, որ ես արդեն վաղուց գլխի եմ ընկել իր կապի մասին քեզ հետ, բայց լռում եմ և նույնիսկ քիթս տնկում և պարծենում այդ «պատվով», ահա թե նույնիսկ ինչ կարող էր մտածել նա իմ մասին։ Եվ քրոջս դիմաց, քրոջս խայտառակության դիմաց փող եմ վերցնում։ Ահա թե ինչն էր նրա համար գարշելի տեսնել, և ես լիովին արդարացնում եմ նրան, ամեն օր տեսնել և ընդունել մի ստահակի, որովհետև ստահակը նրա եղբայրն է, և դեռ պատվի մասին էլ խոսում է... մարդու սիրտը կկանգնի, թեկուզև նրա սիրտը։ Եվ դու թույլ տվեցիր այս բոլորը, դու ինծ չզգուշացրիր։ Նա այնքան էր ինձ արհամարհում, որ իմ մասին խոսում էր Ստեբելկովի հետ և ինքն ասաց ինձ երեկ, որ ուզում էր ինձ ու Վերսիլովին դուրս անի իր տանից։ Իսկ Ստեբելկովը։ «Ախր, Աննա Անդրեևնան նույնպիսի քույր է ձեզ համար, ինչպես Լիզավետա Մակարովնան» և դեռ բղավում է հետևիցս. «Իմ փողն ավելի լավն է»։ Իսկ ես, ես հանդուգն ու համարձակ փռվում էի նրա բազմոցներին և, ինչպես հավասարը հավասարի, խոսում էի նրա ծանոթների հետ, գրողը դրանց տանի։ Եվ դու այդ բոլորը հանդուրժում էիր։ Թերևս Դարզանն էլ արդեն գիտե՝ դատելով համենայն դեպս նրա տոնից երեկ երեկոյան... Բոլորը, բոլորը գիտեն, բացի ինձնից։
― Ոչ ոք ոչինչ չգիտե, ծանոթներից ոչ մեկին նա չի ասել և չէր կարող ասել,― ընդհատեց ինձ Լիզան,― իսկ այդ Ստեբելկովի մասին ես գիտեմ միայն, որ Ստեբելկովը նրան տանջում է և որ այդ Ստեբելկովը կարող էր միգուցե միայն կռահել... Իսկ քո մասին ես նրան մի քանի անգամ եմ ասել, և նա լիովին հավատացել է ինձ, որ քեզ ոչինչ հայտնի չէ, միայն թե չգիտեմ ինչպես և ինչու է երեկ ձեր միջև այդ բանը ստացվել։
― Օ՜, համենայն դեպս երեկ ես նրա հետ հաշիվս մաքրեցի, գոնե այդ քարը սրտիցս ընկավ։ Մայրիկը գիտե՞, Լիզա...։ Ինչպե՜ս կարող է չիմանալ, երեկ, հենց երեկ նա հարձակվեց ինձ վրա... Ախ, Լիզա։ Եվ մի՞թե դու քեզ ամեն հարցում որոշակիորեն իրավացի ես համարում, այդպես էլ և ոչ մի կաթիլ քեզ չե՞ս մեղադրում։ Ես չգիտեմ, ինչպես են ժամանակակից ձևով դատում և ինչ ես դու մտածում, այսինքն իմ, մայրիկի, եղբորդ, հորդ մասին... Վերսիլովը գիտե՞։
― Մայրիկը նրան ոչինչ չի ասել, նա չի հարցնում, երևի չի ուզում հարցնել։
― Գիտե, բայց չի ուզում իմանալ, հենց այդպես է, դա նրան նման է։ Դե, իսկ եղբոր, հիմար եղբոր դերը թող որ դու ծաղրում ես, երբ նա ատրճանակներից է խոսում, բայց մայրի՞կը, մայրի՞կը։ Մի՞թե չես մտածել, Լիզա, որ դա նախատինք է մայրիկին։ Ամբողջ գիշեր ես դրա մասին եմ մտածել ու տանջվել։ Հիմա մայրիկի առաջին միտքն է. «Այսպես եղավ, որովհետև ես էլ մեղավոր էի, իսկ ինչ մայրն է, նույնն էլ աղջիկը կլինի»։
― Օ՜, որպիսի չարությամբ ու դաժանությամբ ասացիր,― աչքերից դուրս ցայտած արտասուքներով բղավեց Լիզան, վերկացավ տեղից ու արագ դեպի դուռը դիմեց։
― Կա՛ց, կա՛ց,― գրկեցի ես նրան, նորից նստեցրի և առանց ձեռքերս բաց թողնելու նստեցի նրա կողքին։
― Ես այդպես էլ կարծում էի այստեղ գալիս, որ ամեն բան հենց այսպես էլ լինելու է, և քեզ անպայման պետք կլինի, որ ես անպայման մեղա գամ։ Խնդրեմ, մեղա եմ գալիս։ Ես միայն հպարտությունից էի հիմա լուռ, չէի խոսում, իսկ ձեզ ու մայրիկին ես շատ ավելի եմ խղճում, քան ինքս ինձ...― նա խոսքը չավարտեց և հանկարծ աղիողորմ արտասվեց։
― Պետք չէ, Լիզա, պետք չէ, ոչինչ հարկավոր չէ։ Ես քեզ համար դատավոր չեմ։ Իսկ ի՞նչ է ասում մայրիկը, Լիզա։ Նա վաղո՞ւց գիտե։
― Կարծում եմ, որ վաղուց, բայց ես ինքս նրան վերջերս եմ ասել, երբ ''սա'' պատահեց,― հայացքը խոնարհելով, կամացուկ ասաց նա։
― Իսկ ի՞նչ ասաց նա։
― Ասաց. «Պահիր»,― էլ ավելի կամացուկ ասաց Լիզան։
― Ախ, Լիզա, այո, «պահիր»։ Հանկարծ գլխիդ Աստված մի արասցե, մի փորձանք չբերես։
― Չեմ բերի,― հաստատուն պատասխանեց նա ու հայացքը կրկին ինձ ուղղեց։
― Հանգիստ կաց,― ավելացրեց նա,― այստեղ բոլորովին այն չէ։
― Լիզա, սիրելիս, ես միայն տեսնում եմ, որ ես այստեղ ոչինչ չգիտեմ, բայց դրա փոխարեն միայն հիմա իմացա, թե որքան եմ քեզ սիրում։ Միայն մի բան բոլորովին չեմ հասկանում, ինչի՞ համար ես նրան սիրել։ Ինչպե՞ս կարող էիր դրա նմանին սիրել։ Ահա թե որն է հարցը։
― Եվ, երևի, դրա համա՞ր էլ ես տանջվել գիշերը,― խաղաղ ժպտաց Լիզան։
― Սպասիր, Լիզա, սա հիմար հարց է, և դու ծիծաղում ես. ծիծաղիր, բայց չէ՞ որ հնարավոր չէ չզարմանալ, դու և նա այնպիսի՜ հակապատկերներ եք։ Նա (ես նրան ուսումնասիրել եմ), մռայլ է, կասկածամիտ, միգուցե շատ բարի է, թող այդպես լինի, բայց դրա փոխարեն վերին աստիճանի հակված նախ և առաջ ամեն բանում չարը տեսնելու (ի դեպ, դրանում ճիշտ նույնն է, ինչ որ ես)։ Նա բուռն կերպով հարգում է ազնվազարմությունը, դա ես հնարավոր եմ համարում, ես դա տեսնում եմ, բայց, կարծեմ, թե միայն որպես իդեալ։ Օ՜, նա հակված է զղջման, ողջ կյանքի ընթացքում նա անդադար անիծում է իրեն և զղջում, բայց դրա փոխարեն երբեք էլ չի ուղղվում, ի դեպ, սա էլ, միգուցե, ինչպես ես։ Հազարավոր նախապաշարումներ և կեղծ մտքեր և դրա դիմաց ոչ մի միտք։ Մեծ սխրագործություն է որոնում և մանր ստորություններ անում։ Ներիր, Լիգա, ես, ի դեպ, հիմար եմ, այս ասելով, ես նեղացնում եմ քեզ և դա գիտեմ, ես դա հասկանում եմ...
― Դիմանկարը ճիշտ կլիներ,― ժպտաց Լիզան,― բայց դու չափազանց չարացած ես նրա վրա իմ պատճառով, դրա համար էլ ամենևին էլ ճիշտ չէ։ Հենց սկզբից էլ նա թերահավատ էր քո նկատմամբ, և դու չէիր կարոդ նրան ամբողջովին տեսնել, իսկ ինձ հետ դեռ Լուգայից... Նա միմիայն ինձ էր տեսնում, Լուգայից սկսած։ Այո, նա կասկածամիտ է և հիվանդոտ և առանց ինձ խելագարված կլիներ և եթե ինձ լքի, կխելագարվի կամ անձնասպան կլինի, կարծեմ, նա հասկացել է դա և գիտե,― կարծես, ինքն իր համար, մտածկոտ ավելացրեց Լիզան։― Այո, նա շարունակ թույլ է, բայց հենց այս տեսակ թույլերն են ընդունակ երբևէ արտակարգ ուժեղ գործերի... Ի՜նչ տարօրինակ ասացիր ատրճանակի մասին, Արկադի, այս դեպքում ոչ մի նման բանի կարիք չկա, և ես ինքս գիտեմ, թե ինչ է լինելու։ Ես նրա հետևից ման չեմ գալիս, նա է իմ հետևից ման գալիս։ Մայրիկը լալիս է, ասում է. «Եթե նրա հետ ամուսնանաս, դժբախտ կլինես, կդադարի սիրել»։ Ես դրան չեմ հավատում, դժբախտ, գուցեև, լինեմ, բայց սիրել նա չի դադարի։ Դա չէր պատճառը, որ ես նրան շարունակ համաձայնություն չէի տալիս, այլ մի ուրիշ պատճառ կար։ Արդեն երկու ամիս է, որ ես համաձայնություն չեմ տալիս նրան, բայց այսօր ասացի նրան, ''այո'', կամուսնանամ քեզ հետ։ Գիտե՞ս, Արկաշա, երեկ (նրա աչքերը փայլատակեցին և նա երկու ձեռքով փարվեց վզիս)― երեկ նա եկել էր Աննա Անդրեևնայի մոտ և երեսին, ամենայն անկեղծությամբ ասել էր, որ չի կարող սիրել նրան... Այո, նա բացատրվել էր իսպառ, և այդ միտքն այժմ ավարտված է։ Նա երբեք էլ այդ մտքին մասնակից չի եղել, դա իշխան Նիկոլայ Իվանովիչն էր հորինել, և չարչարողները Ստեբելկովն ու մի ուրիշն էին նեղել նրան... Հենց դրա համար էլ այսօր նրան ասացի՝ ''այո՛''։ Արկադի, սիրելիս, նա խնդրագին կանչում է քեզ, և երեկվանի համար մի նեղացիր, այսօր նա այնքան էլ առողջ չէ և ամբողջ օրը տանն է լինելու։ Նա իսկապես հիվանդ է, Արկադի, չկարծես, թե պատրվակ է։ Նա դիտավորյալ է ինձ ուղարկել և խնդրել է հաղորդել, որ քո «կարիքն» ունի, որ շատ բան ունի քեզ ասելու, իսկ քեզ մոտ, այստեղ, այս բնակարանում, անհարմար կլինի։ Դեհ, մնաս բարով։ Ախ, Արկադի, ամաչում եմ նույնիսկ ասեմ, որ գալիս էի այստեղ ու սոսկալի վախենում, թե դու ինձ էլ չես սիրում, ամբողջ ճանապարհին խաչակնքում էի երեսս, իսկ դու այնքա՜ն բարի ես, սիրելիս։ Ես երբեք չեմ մոռանա այս բարությունդ։ Ես մայրիկի մոտ եմ գնում։ Իսկ դու գոնե մի քիչ իշխանին սիրիր, հա՞։
Ես ջերմորեն գրկեցի նրան ու ասացի.
― Ես կարծում եմ, Լիզա, որ դու ուժեղ բնավորություն ունես։ Այո, ես հավատում եմ, որ դո՛ւ չես նրա հետևից ման գալիս, այլ նա է քո հետևից ման գալիս, միայն այնուամենայնիվ...
― Միայն այնուամենայնիվ «ինչի՞ համար ես դու նրան սիրել, ահա թե որն է հարցը»,― հանկարծ առաջվա պես չարաճճիաբար քմծիծաղ տալով՝ հարեց Լիզան և չափազանց ինձ նման արտասանեց «ահա թե որն է հարցը»։ Եվ դրա հետ մեկտեղ ճիշտ այնպես, ինչպես ես եմ ասում այս նախադասությունն ասելիս, ցուցամատը բարձրացրեց աչքերի առաջ։ Մենք համբուրվեցինք, բայց, նրա դուր գալուն պես, սիրտս նորից ճմլվեց։
'''II'''
Նկատեմ այստեղ միայն ինձ համար. Լիզայի գնալուց հետո եղան, օրինակ, պահեր, երբ ամենաանսպասելի մտքերը հախուռն գլուխս էին գալիս, և ես նույնիսկ չափազանց գոհ էի դրա համար։ «Դե, ի՞նչ եմ իրար անցել,― մտածում էի ես,― ի՞նձ ինչ։ Բոլորին էլ այդպես լինում է կամ համարյա լինում է։ Ի՞նչ անենք, թե Լիզային է դա պատահել։ Ես ի՞նչ է, «ընտանիքի պատի՞վը» պետք է փրկեմ, ինչ է»։ Բոլոր այս ստորությունները նշում եմ, որպեսզի ցույց տամ, թե մինչև որ աստիճան դեռ հաստատ չէին չարի ու բարու հասկացություններս։ Փրկում էր միայն զգացմունքս, ես գիտեի, որ Լիգան դժբախտ է, որ մայրիկը դժբախտ է, և գիտեի այդ զգացմունքով, երբ հիշում էի նրանց, և հենց այդ պատճառով էլ զգում էի, որ ողջ պատահածը երևի վատ է։
Հիմա նախազգուշացնեմ, որ իրադարձություններն այդ օրվանից ընդհուպ մինչև իմ հիվանդության աղետը այնպիսի արագությամբ սլացան, որ հիմա հիշելով, նույնիսկ ինքս եմ զարմանում, թե ինչպես կարողացա դիմանալ դրանց, ինչպես չճզմեց ինձ ճակատագիրը։ Դրանք թուլացրին ուղեղս և նույնիսկ զգացմունքներս և, եթե ես, ի վերջո, չիմանալով, հանցանք գործեցի (իսկ հանցագործությունը քիչ մնաց, որ տեղի ունենար), ապա երդվյալ ատենակալները միանգամայն հնարավոր է, որ ինձ արդարացնեին։ Բայց կաշխատեմ ամեն բան նկարագրել իր կարգով, թեև, նախազգուշացնում եմ, որ իմ մտքերում այն ժամանակ շատ քիչ կարգ ու կանոն կար։ Իրադարձությունները քամու պես վրա տվին, և մտքերս աշնանային չոր տերևների պես պտտվեցին ուղեղիս մեջ։ Քանի որ ես ամբողջովին բաղկացած էի օտար մտքերից, ապա որտեղից վերցնեի սեփական մտքեր, երբ ինքնուրույն վճիռ կայացնելու համար դրանք պահանջվեցին։ Իսկ ուղեցույց բոլորովին չկար։
Իշխանի մոտ ես որոշեցի գնալ երեկոյան, որպեսզի ամեն բանի մասին խոսենք լիակատար ազատության մեջ, իսկ մինչև երեկո մնացի տանը։ Բայց իրիկնադեմին քաղաքային փոստով նորից գրություն ստացա Ստեբելկովից, ընդամենը երեք տող, թախանձագին ու «համոզկեր» խնդրանքով, վաղն առավոտյան ժամը տասնմեկին մոտ այցելելու իրեն «ամենակարևորագույն և ինքներդ կտեսնեք, որ լրջմիտ գործերի համար»։ Կշռադատելով, ես որոշեցի վարվել համաձայն պարագաների, քանի որ մինչև վաղը դեռ շատ ժամանակ կար։
Արդեն ժամը ութն էր. ես վաղուց արդեն գնացած կլինեի, բայց շարունակ սպասում էի Վերսիլովին, շատ բան էի ուզում նրան ասել, և սիրտս այրվում էր։ Բայց Վերսիլովը չէր գալիս ու չեկավ։ Մայրիկի ու Լիզայի մոտ առայժմ երևալ չէր կարելի և Վերսիլովն էլ, զգում էի, երևի ամբողջ օրը այնտեղ չէր եղել։ Գնացի ոտքով, և արդեն ճանապարհին մտքովս անցավ երեկվա վտակի վրայի պանդոկը մտնել։ Եվ իսկապես Վերսիլովը նստած էր իր երեկվա տեղում։
― Այդպես էլ գիտեի, որ դու այստեղ կգաս,― տարօրինակ ժպտալով և տարօրինակ ինձ նայելով՝ ասաց նա։ Նրա ժպիտը բարի չէր և արդեն վաղուց դրա նմանը չէի տեսել նրա դեմքին։
Ես նստեցի սեղանի մոտ և սկզբից ամեն բան փաստերով պատմեցի նրան իշխանի և Լիզայի մասին և ռուլետկայից հետո իշխանի մոտ տեղի ունեցած տեսարանի մասին, չմոռացա պատմել նաև ռուլետկայով շահածս գումարի մասին։ Նա շատ ուշադիր լսեց ինձ, կրկին հարցրեց իշխանի Լիզայի հետ ամուսնանալու վճռի մասին։
― Pauvre enfant<ref>Խեղճ երեխա (ֆրանս.)։</ref> գուցե դրանով Լիզան ոչինչ էլ չի շահի։ Բայց, հավանաբար, չի կայանա... Թեև իշխանն ընդունակ է...
― Ասացեք ինձ որպես բարեկամի, չէ՞ որ դուք դա գիտեիք, նախազգում էիք։
― Ես ի՞նչ կարող էի անել, բարեկամս։ Այդ բոլորը զգացմունքի և ուրիշի խղճի գործ է, թեկուզև այդ խեղճ աղջնակի կողմից։ Կկրկնեմ քեզ համար. ժամանակով ես բավական հաճախ եմ ուրիշների խղճի մեջ մտել, դա ամենաանհարմար մանևրն է։ Դժբախտության դեպքում օգնելուց չեմ հրաժարվի, որքան որ ուժս կպատի և եթե բան կհասկանամ։ Իսկ դու, սիրելիս, դու այս ողջ ժամանակ այդպես էլ ոչինչ չէի՞ր կասկածում։
― Բայց ինչպե՞ս կարող էիք դուք,― միանգամից բռնկվելով բղավեցի ես,― ինչպե՞ս կարող էիք դուք, մի կաթիլ անգամ նույնիսկ կասկածելով, թե ես գիտեմ Լիզայի կապի մասին իշխանի հետ, և տեսնելով, թե միևնույն ժամանակ ես փող եմ վերցնում իշխանից, ինչպե՞ս կարող էիք դուք խոսել ինձ հետ, նստել-վերկենալ ինձ հետ, ձեռք մեկնել ինձ՝ ինձ, որին հենց դուք ստահակ պետք է համարեիք, որովհետև, գրազ եմ գալիս, դուք հաստատ կասկածում էիք, որ ես ամեն բան գիտեմ և իմանալով իշխանից փող եմ վերցնում քրոջս դիմաց։
― Էլի խղճի բան է,― քմծիծաղ տվեց նա։― Եվ ի՜նչ գիտե,― ինչ-որ առեղծվածային մի զգացմունքով պարզորոշ ավելացրեց նա,― ի՜նչ գիտես, արդյոք չե՞մ վախեցել ես, ինչպես երեկ դու մի այլ դեպքում, «իդեալս» կորցնել և, իմ կրակոտ ու ազնիվ տղեկի փոխարեն, սրիկայի հանդիպել։ Եվ վախենալով, հեռացրել եմ այդ րոպեն։ Իսկ ինչո՞ւ ծուլության կամ նենգության փոխարեն չենթադրել իմ մեջ մի որևէ ավելի անմեղ, ասենք, թեկուզ հիմար, բայց ավելի ազնիվ մի բան։ Que diable!<ref>Գրողը տանի (ֆրանս.)։</ref> ես չափազանց հաճախ եմ հիմար լինում, այն էլ առանց ազնվության։ Ի՞նչ օգուտ ինձ քեզնից, եթե դու արդեն այդպիսի հակումներ ունենայիր։ Համոզելը կամ շտկելն այդպիսի դեպքերում ստորություն է. իմ աչքում դու կկորցնեիր գինդ, եթե նույնիսկ շտկված լինեիր...
― Իսկ Լիզային խղճո՞ւմ եք, խղճո՞ւմ եք։
― Շատ եմ խղճում, սիրելիս։ Ինչո՞ւ ես կարծում, որ ես այդքան անզգա եմ։ Ընդհակառակը, ամեն ջանք գործ կդնեմ... Դե, իսկ ''դու'' ինչպե՞ս ես, գործերդ ''ինչպե՞ս'' են։
― Մի կողմ թողնենք իմ գործերը, հիմա ես ''իմ'' գործեր չունեմ։ Լսեցեք, ինչո՞ւ եք կասկածում, թե նա կամուսնանա։ Երեկ նա եղել է Աննա Անդրեևնայի մոտ և հիմնովին հրաժարվել է... դե, այսինքն այն հիմար մտքից... որ ծնունդ էր առել իշխան Նիկոլայ Իվանովիչի գլխում՝ ամուսնացնել նրանց։ Նա կտրականապես հրաժարվել է։
― Հա՞։ Իսկ ե՞րբ է դա եղել։ Եվ ումի՞ց ես հատկապես լսել,― հետաքրքրված տեղեկացավ նա։ Ես պատմեցի, ինչ որ գիտեի։
― Հըմ...- մտազբաղ ու կարծես մտքում ծանր ու թեթև անելով ասաց նա,― ուրեմն, դա տեղի է ունեցել մի ուրիշ բացատրությունից... ընդամենը ճիշտ մեկ ժամ առաջ։ Հըմ... հենց այդպես, իհարկե, նման բացատրություն նրանց միջև կարող էր տեղի ունենալ... թեև ինձ հայտնի է, սակայն, որ մինչև այժմ այնտեղ երբեք ոչինչ ասված կամ արված չի եղել ոչ այս, ոչ էլ այն կողմից... Այո, իհարկե, երկու բառն էլ բավական է բացատրվելու համար։ Բայց ահա թե ինչ,― տարօրինակ քմծիծաղ տվեց հանկարծ նա,― ես, իհարկե, հետաքրքրությունդ հիմա կշարժեմ մի, նույնիսկ արտակարգ, տեղեկությամբ, եթե քո իշխանը նույնիսկ աներ երեկ իր առաջարկությունը Աննա Անդրեևնային (որը ես, Լիզայի մասին կասկածներ ունենալով, ողջ ուժս գործադրելով, չէի հանդուրժի, entre nous soit dit<ref>Մեր մեջ ասած (ֆրանս.)։</ref>), ապա Աննա Անդրեևնան համենայն դեպս և հաստատապես իսկույն կմերժեր նրան։ Դու, կարծեմ, շատ ես սիրում Աննա Անդրեևնային, հարգում ու գնահատում ես նրան։ Դա շատ գեղեցիկ Է քո կողմից, և այդ իսկ պատճառով, հավանաբար, կուրախանաս նրա համար, նա, սիրելիս, մարդու Է գնում, և, դատելով նրա բնավորությունից, կարծեմ, հաստատ կգնա, իսկ ես, ես, անշուշտ, կօրհնեմ նրան։
― Ամուսնանո՞ւմ է։ Ու՞մ հետ,― սոսկալի զարմացած՝ ճչացի ես։
― Գուշակիր։ Լավ, չեմ տանջի, քո սիրելի ծերուկի՝ իշխան Նիկոլայ Իվանովիչի հետ։
Զարմանքից աչքերս չռեցի։
― Երևի, նա վաղուց Էր սնուցանում այդ միտքը, և իհարկե, գեղարվեստորեն մշակել Էր այն ամեն կողմից,― ծուլորեն ու հատ-հատ շարունակում Էր նա։― Կարծում եմ, որ դա տեղի Է ունեցել «իշխան Սերյոժայի» այցելությունից ճիշտ մեկ ժամ հետո։ (Այ թե անպատեհ էր սա թափ առել)։ Աննա Անդրեևնան ուղղակի եկել էր իշխան Նիկոլայ Իվանովիչի մոտ ու առաջարկություն էր արել նրան։
― Ինչպե՞ս թե՝ «առաջարկություն էր արել նրան»։ Այսինքն իշխանն էր առաջարկություն արել նրան։
― Նա ի՜նչ առաջարկություն անող է։ Աննա Անդրեևնան ինքը, ինքն է նրան առաջարկություն արել։ Բանն էլ հենց այդ է, որ իշխանը լիովին սքանչացած է։ Ասում են, որ հիմա նա նստել ու շարունակ զարմանում է, թե ինչպես է, որ իր մտքով դա չի անցել։ Լսել եմ, որ նա նույնիսկ մի քիչ հիվանդացել է... նույնպես սքանչացումից, երևի։
― Լսեցեք, դուք այնքան ծիծաղաշարժ եք խոսում... Ես համարյա չեմ կարողանում հավատալ։ Եվ ինչպե՞ս կարող էր Աննա Անդրեևնան առաջարկել, ի՞նչ է ասել։
― Վստահ եղիր, բարեկամս, որ ես անկեղծորեն ուրախ եմ,― հանկարծ զարմանալի լուրջ արտահայտություն տալով դեմքին՝ պատասխանեց նա,― նա, իհարկե, ծեր է, բայց համարյա ըստ բոլոր օրենքների ու սովորույթների, ամուսնանալ կարող է, իսկ Աննա Անդրեևնան ― այստեղ նորից ուրիշի խղճի գործն է, այսինքն՝ այն, ինչը ես քանիցս կրկնել եմ քեզ, բարեկամս։ Սակայն նա բավականաչափ բանիմաց է, որպեսզի իր հայացքն ու իր վճիռն ունենա։ Բայց, իսկապես, մանրամասներն ու թե ինչ բառերով է նա արտահայտվել, քեզ հաղորդել չեմ կարող, բարեկամ։ Բայց դե նա, իհարկե, կարողացել է, այն էլ այնպես՝ ինչպես ես ու դու, գուցեև, չէինք կարողանա հորինել։ Ամենալավն այս բոլորի մեջ այն է, որ այստեղ ոչ մի խայտառակություն չկա, ամեն բան բարձրաշխարհիկ հասարակության աչքում trè s comme il faut<ref>Շատ օրինավոր (ֆրանս.)։</ref> է։ Իհարկե, չափազանց պարզ է. որ նա ուզեցել է բարձրաշխարհիկ հասարակության մեջ դիրք ձեռք բերել, բայց չէ՞ որ նա միանգամայն արժանի է դրան։ Այս բոլորը, բարեկամս, միանգամայն բարձրաշխարհիկ գործեր են։ Իսկ իր առաջարկությունը նա, հավանաբար, հոյակապ ձևով ու նրբագեղորեն է արել։ Նա խստաբարո կերպար է, բարեկամս, միանձնուհի օրիորդ, ինչպես բնորոշեցիր դու նրան մի անգամ, «հանդարտ կույս», ինչպես արդեն վաղուց անվանում եմ նրան ես։ Ախր նա, համարյա իշխանի սանուհին է, դու գիտես, և նրա բարությունն իր նկատմամբ արդեն տեսել է բազմիցս։ Նա արդեն վաղուց է ինձ համոզում, որ «այնպես է հարգում ու գնահատում նրան, այնքան խղճում ու համակրում» և այլն, և այլն, որ մասամբ ես նույնիսկ նախապատրաստված էի։ Այս բոլորի մասին, նրա անունից ու նրա խնդրանոք, այսօր առավոտյան հաղորդեց ինձ իմ որդին ու նրա եղբայրը Անդրեյ Անդրեևիչը, որի հետ, կարծեմ, դու ծանոթ չես և որի հետ կես տարին մեկ կանոնավոր կերպով հանդիպում եմ ես։ Նա պատկառալից քննում է քրոջ այդ քայլը։
― Ուրեմն, դա արդեն հրապարակվա՞ծ է։ Տեր Աստված, ի՜նչ զարմացած եմ ես։
― Ոչ, դա ամենևին էլ դեռ հրապարակված չէ, և մի որոշ ժամանակ չի էլ հրապարակվի... Ես կարգին չգիտեմ, և ընդհանրապես բոլորովին մի կողմ եմ քաշված։ Բայց այդ բոլորը միանգամայն ճիշտ է։
― Բայց հիմա Կատերինա Նիկոլաևնան... Ի՞նչ եք կարծում, այդ խորտիկը երևի դուր չի գա Բյորինգին։
― Դա ես արդեն չգիտեմ... Թե, իսկապես, ինչը կարող է դուր գալ նրան, բայց հավատա, որ Աննա Անդրեևնան այդ տեսակետից էլ վերին աստիճանի օրինավոր մարդ է։ Սակայն, տեսա՞ր դու Աննա Անդրեևնային։ Հենց երեկ առավոտյան անմիջապես դրանից առաջ, ինձ հարցրեց. «Արդյոք սիրում եմ ես այրի տիկին Ախմակովային, թե ոչ»։ Հիշո՞ւմ ես, երեկ ես զարմանքով քեզ պատմեցի, չէ՞ որ նա չէր կարողանա ամուսնանալ հոր հետ, եթե ես ամուսնանայի դստեր հետ։ Հիմա հասկանո՞ւմ ես։
― Այո, իսկապե՜ս,― բացականչեցի ես։― Բայց մի՞թե Աննա Անդրեևնան իսկապես էլ կարող էր ենթադրել, թե դուք... կարող եք ցանկանալ ամուսնանալ Կատերինա Նիկոլաևնայի հետ։
― Ըստ երևույթին, այդպես է, բարեկամս, սակայն, ի դեպ... սակայն, ի դեպ, կարծեմ, ժամանակն է, որ դու գնաս այնտեղ, ուր գնում ես։ Գիտես ինչ, գլուխս շարունակ ցավում է։ Ավելի լավ է «Լյուչիա» պատվիրեմ։ Ես սիրում եմ ձանձրույթի հանդիսավորությունը, սակայն, ես արդեն ասել եմ քեզ դա... Աններելիորեն կրկնվում եմ... Թերևս, միգուցե, հեռանամ այստեղից։ Ես սիրում եմ քեզ, որդիս, բայց գնաս բարով, գլուխս կամ ատամներս ցավելիս ես միշտ առանձնություն եմ տենչում։
Նրա դեմքին տառապանքի ինչ-որ ծալ հայտնվեց, հավատում եմ հիմա, որ նրա գլուխը ցավում էր այն ժամանակ, հատկապես գլուխը...
― Մինչև վաղը,― ասացի ես։
― Ի՞նչ բան է վաղը և ի՞նչ կլինի վաղը,― ծուռ քմծիծաղ տվեց նա։
― Կգամ ձեզ մոտ, կամ դուք կգաք ինձ մոտ։
― Ոչ, ես չեմ գա քեզ մոտ, իսկ դու վազելով կգաս ինձ մոտ...
Նրա դեմքին ինչ-որ չափազանց չար բան կար, բայց ինձ համար նույնիսկ դա հետաքրքիր չէր, այնպիսի՜ բան էր տեղի ունեցել։
'''III'''
Իշխանն իսկապես հիվանդ էր և գլխին թաց երեսսրբիչ փաթաթած՝ մենակ նստած էր տանը։ Նա անհամբեր ինձ էր սպասում, բայց նրա միայն գլուխը չէր ցավում, այլ ավելի շուտ իր ողջ էությամբ հիվանդ էր հոգեպես։ Նորից եմ նախազգուշացնում, այս վերջին, ամբողջ ժամանակ, մինչև աղետը, ես շարունակ կարծես ստիպված էի լինում հանդիպել այնքան բորբոքված մարդկանց հետ, որ բոլորն էլ համարյա խելագարներ էին թվում, այնպես որ, ինքս էլ ակամա պետք է վարակվեի նրանցից։ Խոստովանում եմ, որ եկել էի վատ տրամադրված, բացի այդ սոսկալի ամաչում էի, որ երեկ արտասվեցի նրա ներկայությամբ։ Սրան ավելացրած նաև այն, որ նա ու Լիզան այնքան ճարպկորեն էին կարողացել ինձ խաբել, որ ես չէի կարող ինձ հիմարացած չզգալ։ Մի խոսքով, նրա մոտ մտնելիս հոգումս կեղծ լարեր էին հնչում։ Բայց այդ բոլոր կեղծն ու շինծուն արագ չքացան հոգուցս։ Ես պետք է արժանին հատուցեմ իշխանին․ հենց որ ընկնում ու փշրվում էր նրա կասկածամտությունը, նա հանձնվում էր վերջնականապես, նրանում համարյա մանկական փաղաքշանքի, վստահության ու սիրո հատկանիշներ էին երևան գալիս։ Արտասվալից նա համբուրեց ինձ և իսկույն էլ սկսեց գործի մասին խոսել... Այո, ես իսկապես էլ նրան շատ պետք էի, նրա խոսքում և մտքերի դասավորության մեջ չափազանց շատ անկարգություն կար։
Նա ամենայն հաստատակամությամբ հայտարարեց ինձ իր՝ Լիզայի հետ, և որքան կարելի է շտապ, ամուսնանալու մտադրության մասին։ «Այն, որ նա ազնվականուհի չէ, հավատացեք, ոչ մի րոպե չի շփոթեցրել ինձ,― ասաց ինձ նա,― իմ պապն ամուսնացած է եղել ագարակաբնակ ճորտուհու հետ, որը հարևան կալվածատիրոջ սեփական ճորտերի թատրոնում երգչուհի է եղել։ Իմ ընտանիքն, իհարկե, յուրահատուկ հույսեր էր կապել ինձ հետ, բայց այժմ նրանք ստիպված կլինեն զիջել, և ոչ մի պայքար էլ տեղի չի ունենա։ Ես ուզում եմ խզել, խզել իմ այժմյան բոլոր կապերը վերջնականապես։ Ամեն բան այլ է լինելու, ամեն բան նորովի։ Չեմ հասկանում ինչի համար է սիրել ինձ ձեր քույրը, բայց առանց նրա ես, անշուշտ, չէի ապրի հիմա աշխարհում։ Ի բոլոր սրտե երդվում եմ ձեզ, որ իմ հանդիպումը նրա հետ Լուգայում ես այժմ դիտում եմ որպես նախախնամության կամք։ Կարծում եմ, որ նա սիրեց ինձ «իմ անկման անսահմանության համար»... սակայն, կհասկանա՞ք դուք դա, Արկադի Մակարովիչ»։
― Միանգամայն,― վերին աստիճանի վստահ ձայնով ասացի ես։ Ես նստած էի սեղանի առջև՝ բազկաթոռին, իսկ նա հետ ու առաջ էր անում սենյակում։
― Մեր հանդիպման ողջ եղելությունը ես պետք է պատմեմ ձեզ առանց ոչինչ թաքցնելու։ Ամեն բան սկսվեց իմ հոգու գաղտնիքից, որը միայն նա իմացավ, քանի որ միայն նրան էլ հանդգնեցի ես վստահել այն։ Եվ մինչև օրս էլ ոչ ոք չգիտե։ Այն ժամանակ ես Լուգա էի ընկել հուսահատ սրտով և, չգիտեմ ինչու, միգուցե, որովհետև լիակատար մեկուսացում էի փնտրում, ապրում էի Ստոլբեևայի մոտ։ Այն ժամանակ ես հենց նոր հեռացել էի № գնդի ծառայությունից։ Այդ գունդը, ես մտել էի՝ վերադառնալով արտասահմանից Անդրեյ Պետրովիչի հետ ունեցած այն հանդիպումից հետո արտասահմանում։ Այն ժամանակ ես փող ունեի, գնդում շռայլում էի ունեցածս ու սրտաբաց ապրում, բայց սպա-ընկերներս ինձ չէին սիրում, թեև ես աշխատում էի ոչ ոքի չվիրավորել։ Եվ խոստովանում եմ ձեզ, որ ինձ երբեք ոչ ոք չի սիրել։ Այնտեղ մի կոռնետ կար, ինչ-որ մի Ստեպանով, անկեղծ ասած, չափազանց դատարկ մի մարդ, մի ոչնչություն և նույնիսկ, կարծես ծեծված, մի խոսքով, ոչնչով աչքի չընկնող մի անձնավորություն։ Սակայն, անկասկած, ազնիվ։ Նա սովորություն էր դարձրել ինձ այցելել, ես նրա հետ փափկանկատություն չէի անում, նա ամբողջ օրերով լուռ նստում էր սենյակի մի անկյունում, բայց արժանապատվությամբ էր իրեն պահում, թեև ինձ ամենևին չէր խանգարում։ Մի անգամ ես նրան մի ընթացիկ անեկդոտ պատմեցի, որին չափազանց շատ դատարկաբանություններ խառնեցի, այն մասին, թե գնդապետի դուստրը անտարբեր չէ իմ նկատմամբ և, որ գնդապետը, ինձ հետ հույսեր կապելով, իհարկե, կանի այն ամենը, ինչ որ ես կցանկանամ։ Մի խոսքով, մանրամասնությունները բաց եմ թողնում, բայց այս բոլորից հետո չափազանց բարդ ու չափազանց գարշելի բամբասանք դուրս եկավ։ Այն ոչ թե Ստեպանովից դուրս եկավ, այլ իմ սպասյակից, որը ծածուկ ականջ էր դրել, միտքը պահել, որովհետև այդտեղ երիտասարդ աղջկան վարկաբեկող մի ծիծաղելի անեկդոտ կար։ Եվ այդ սպասյակը, բամբասանքը հայտնի դառնալուց հետո, սպաների մոտ տեղի ունեցած հարցաքննության ժամանակ ցույց տվեց Ստեպանովին՝ ասելով, թե հենց այդ Ստեպանովին էլ պատմել եմ ես։ Ստեպանովն այնպիսի դրության մեջ էր դրվել, որ ոչ մի կերպ չէր կարող հրաժարվել, թե լսել է, դա արդեն պատվի գործ էր։ Իսկ քանի որ անեկդոտի երկու երրորդը ես հորինել էի, սպաները վրդովված էին, և գնդի հրամանատարը, իր մոտ հրավիրելով բոլորիս, ստիպված եղավ բացատրվել։ Հենց այստեղ էլ բոլորի ներկայությամբ հարց տրվեց Ստեպանովին. լսե՞լ է նա, թե՞ ոչ։ Եվ նա վկայեց ողջ ճշմարտությունը։ Դե՛հ, և ի՞նչ արեցի ես, հազարամյա իշխանս, այն ժամանակ։ Ես հրաժարվեցի և, Ստեպանովի երեսին նայելով, քաղաքավարի կերպով ասացի, թե նա ստում է, այսինքն՝ այն իմաստով, թե «այնպես չի հասկացել» և այլն, և այլն... Ես նորից բաց եմ թողնում մանրամասնությունները, բայց իմ դրության շահեկանությունն այն էր, որ Ստեպանովը հաճախ էր իմ տանը լինում և ես ոչ առանց որոշակի հավանականության, կարող էի գործն այնպես ներկայացնել, իբր նա, ինչ-որ շահից դրդված, լեզու է գտել իմ սպասյակի հետ։ Ստեպանովը միայն լուռ ինձ նայեց և ուսերը թոթվեց։ Ես հիշում եմ նրա հայացքը և երբեք այն չեմ մոռանա։ Դրանից հետո նա փորձեց իսկույն հրաժարական տալ, բայց, ի՞նչ եք կարծում, ի՞նչ դուրս եկավ։ Սպաները, բոլորն առանց բացառության, այցելեցին նրան և համոզեցին հրաժարական չտալ։ Երկու շաբաթ անց ես էլ դուրս եկա գնդից, ինձ ոչ ոք դուրս չի արել, ոչ ոք չի առաջարկել հեռանալ, ես ընտանեկան պատճառ ներկայացրի հրաժարականիս համար։ Դրանով էլ գործն ավարտվեց։ Սկզբում ես միանգամայն հանգիստ էի և նույնիսկ նրանց վրա էի զայրանում, ապրում էի Լուգայում, ծանոթացա Լիզավետա Մակարովնայի հետ, բայց հետո, մեկ ամիս անց, ես արդեն նայում էի իմ ատրճանակին և մահվան մասին մտածում։ Ես ամեն գործի վրա մռայլ եմ նայում, Արկադի Մակարովիչ։ Ես մի նամակ պատրաստեցի գնդին հրամանատարին և ընկերներիս, լիովին խոստովանելով սուտս և վերականգնելով Ստեպանովի պատիվը։ Նամակը գրելով՝ ես իմ առաջ խնդիր դրեցի. «Ուղարկեմ և ապրե՞մ, թե՞ ուղարկեմ ու մեռնեմ»։ Ես չէի կարողանա վճռել այդ խնդիրը։ Դիպվածը, կույր դիպվածը, մի արագ ու տարօրինակ խոսակցությունից հետո Լիզավետա Մակարովնայի հետ, մտերմացրեց ինձ նրա հետ։ Իսկ մինչ այդ նա այցելում էր Ստոլբեևային. մենք հանդիպում էինք, բարևում և հազվադեպ նույնիսկ խոսում էինք իրար հետ։ Հանկարծ ես սիրտս բաց արի նրա առաջ։ Հենց այդ ժամանակ էլ նա ձեռք մեկնեց ինձ։
― Եվ ինչպե՞ս վճռեց նա խնդիրը։
― Նամակը ես չուղարկեցի։ Նա վճռեց, որ չպետք է ուղարկեմ։ Նա այսպես էր պատճառաբանում, եթե նամակն ուղարկեմ, իհարկե ազնիվ արարք կգործեմ, որը միանգամայն բավական է, որպեսզի մաքրեմ ողջ կեղտը և նույնիսկ շատ ավելին, բայց կդիմանա՞մ, արդյոք, ինքս։ Նրա կարծիքն այն էր, որ ոչ ոք էլ չէր դիմանա, որովհետև այդ դեպքում ապագան կխորտակվեր և նոր կյանքի վերածնունդն արդեն անհնարին կդառնար։ Բացի այդ, մի բան է, եթե տուժած լիներ Ստեպանովը. բայց չէ՞ որ նա առանց այն էլ արդարացված էր սպաների հասարակության կողմից։ Սի խոսքով՝ արտառոց մի բան. բայց նա հետ պահեց ինձ, և ես լիովին ենթարկվեցի նրան։
― Նա ճիզվիտական, բայց կանացի, վճիռ է ընդունել,― բացականչեցի ես,― արդեն այն ժամանակ նա ձեզ սիրել է։
― Հենց դա էլ նոր կյանքի վերածնեց ինձ։ Ես խոսք տվեցի ինձ վերափոխվել, կյանքս փոխել, արժանի լինել և ինձ և նրան և ահա թե ինչով վերջացավ։ Վերջացավ նրանով, որ դուք և ես գնում էինք այնտեղ ռուլետկայի, բանկ էինք խաղում, ես չդիմացա ժառանգությանը, ուրախացա, կարիերայի բոլոր այդ մարդկանց հանդիպելուս, նժույգների համար... տանջել եմ Լիզային, խայտառակություն։
Նա տրորեց ճակատն ու հետ ու առաջ արեց սենյակում։
― Մեզ երկուստեք վրա է հասել ռուսական ճակատագիրը, Արկադի Մակարովիչ, դուք չգիտեք, ինչ անել, ես էլ չգիտեմ՝ ինչ անեմ։ Բավական է, որ ռուս մարդը մի փոքր դուրս թռչի պետական, իր համար սովորույթով օրինականացված անվահետքից, որ իսկույն էլ չիմանա, թե ինչ անի։ Անվահետքին ամեն բան պարզ է. եկամուտ, աստիճան, հասարակական դիրք, կառք, այցելություններ, ծառայություն, կին, իսկ հենց որ մի չնչին բան է պատահում ի՞նչ եմ ես։ Քամու բերանն ընկած մի տերև։ Ես չգիտեմ, ի՞նչ անեմ։ Այս երկու ամսվա ընթացքում ես աշխատում էի դիմանալ անվահետքիս, սիրեցի անվահետքս, խորացա նրա մեջ։ Դուք դեռ չգիտեք իմ այստեղի անկման խորությունը, ես սիրում էի Լիզային, անկեղծ էի սիրում և միևնույն ժամանակ Ախմակովայի մասին էի մտածում։
― Մի՞թե,― ցավով բացականչեցի ես։― Ի դեպ, իշխան, ի՞նչ ասացիք ինձ երեկ Վերսիլովի մասին, որ նա դրդել է ձեզ ինչ-որ ստորությո՞ւն անել Կատերինա Նիկոլաևնայի նկատմամբ։
― Միգուցե, ես չափազանցրել եմ և իմ կասկածամտությամբս նույնքան մեղավոր եմ նրա առաջ, որքան և ձեր։ Թողեք այդ։ Ինչ է, մի՞թե կարծում եք, որ այս ամբողջ ժամանակ, գուցե Լուգայից սկսած, ես կյանքի բարձր գաղափար չե՞մ կրել իմ մեջ։ Երդվում եմ, այն երբեք չի լքել ինձ և, ամենևին չկորցնելով իր գեղեցկությունն իմ հոգում, շարունակ եղել է իմ առջև։ Ես հիշում էի Լիզավետա Մակարովնային տվածս խոստումը վերածնվելու մասին։ Հավատացած եղեք, որ երեկ այստեղ ազնվականության մասին խոսելիս Անդրեյ Պետրովիչը ոչ մի նոր բան չասաց ինձ։ Իմ իդեալը որոշված է հաստատ, մի քանի տասնյակ դեսյատին հող (և միայն մի քանի տասնյակ, քանի որ արդեն համարյա ոչինչ չի մնում ժառանգությունից) հետո լրիվ, լիակատար խզում բարձրաշխարհիկ հասարակության ու կարիերայի հետ։ Գյուղական տուն, ընտանիք և ինքս՝ հողագործ, կամ դրա նման մի բան։ Օ՜, մեր ցեղում դա նորություն չէ. հորեղբայրս սեփական ձեռքով հող էր մշակում, պապս նույնպես։ Մենք ընդամենը հազարամյա իշխաններ ենք և ազնվացեղ ենք Ռոգանների պես, բայց մենք աղքատներ ենք։ Եվ հենց սա ես կսովորեցնեի նաև իմ երեխաներին. «Հիշիր միշտ, ողջ կյանքիդ ընթացքում, որ դու ազնվական ես, որ քո երակներում ռուս իշխանների սուրբ արյունն է հոսում, բայց մի ամաչիր, որ հայրդ անձամբ հող է մշակել, դա արել է նա իշխանավարի»։ Ես նրանց որևէ այլ կարողություն չէի թողնի, բացի հողի այդ կտորից, բայց դրա փոխարեն բարձրագույն կրթություն կտայի, դա ես իմ պարտքը կհամարեի։ Օ՜, այստեղ Լիզան ինձ կօգներ։ Լիզան, երեխաներն ու աշխատանք, օ՜, ինչպե՜ս էինք երազում այս բոլորի մասին Լիզան ու ես, այստեղ, ահա այս սենյակներում և ի՞նչ, միևնույն ժամանակ մտածում էի Ախմակովայի մասին, ամենևին չսիրելով այդ տիկնոջը, և բարձրաշխարհիկ, հարուստ ամուսնության հնարավորության մասին։ Եվ միայն Նաշչոկինի երեկ բերած տեղեկությունից հետո այդ Բյորինգի մասին ես որոշեցի գնալ Աննա Անդրեևնայի մոտ։
― Բայց չէ՞ որ դուք գնացել էիք հրաժարվելու։ Ահա թե որն է, կարծում եմ, ազնիվ արարքը։
― Կարծո՞ւմ եք,― իմ առջև կանգ առավ նա,― ոչ, դուք դեռ չգիտեք իմ բնությունը։ Կամ...(կամ ես ինքս ինչ-որ բան չգիտեմ, որովհետև այստեղ, երևի, միայն բնությունը չէ։ Ես ձեզ անկեղծ սիրում եմ, Արկադի Մակարովիչ, և, բացի այդ, ես խորապես մեղավոր եմ ձեր առաջ այս վերջին երկու ամսվա համար, այդ իսկ պատճառով ուզում եմ, որ դուք, որպես Լիզայի եղբայր, այդ բոլորը իմանաք, ես գնացել էի Աննա Անդրեևնայի մոտ նրան առաջարկություն անելու և ոչ թե հրաժարվելու համար։
― Մի՞թե կարող է պատահել։ Բայց Լիզան ասում էր...
― Ես Լիզային խաբել եմ։
― Թույլ տվեք, դուք պաշտոնական աառջարկություն եք արել, և Աննա Անդրեևնան մերժե՞լ է ձեզ։ Այդպե՞ս է։ Այդպե՞ս է, մանրամասնությունները չափազանց կարևոր են ինձ համար, իշխան։
― Ոչ, ես առաջարկություն չեմ արել ամենևին, բայց միայն այն պատճառով, որ չհասցրի։ Նա ինքը ինձ կանխեց, իհարկե, ոչ ուղղակի խոսքով, սակայն չափազանց հստակ ու թափանցիկ արտահայտությամբ, «նրբանկատ» ձևով հասկացրեց, որ այդ միտքն այսուհետև անհնարին է։
― Ուրեմն, միևնույն է, թե առաջարկություն չեք արել և ձեր հպարտությունը չի տուժել։
― Մի՞թե դուք կարող եք այդպես դատել։ Իսկ սեփական խղճի դա՞տը, իսկ Լիզան, որին ես խաբել եմ և... հետևաբար ուզեցել եմ լքե՞լ։ Իսկ խոստումը, որ տվել եմ ինձ և նախնիներիս ողջ ցեղին, վերածնվել ու քավել նախկին բոլոր ստորություններս։ Աղաչում եմ, մի ասեք նրան սրա մասին։ Միգուցե նա՝ հենց այդ մեկը, ի վիճակի չի լինի ինձ ներել։ Երեկվանից ես հիվանդ եմ։ Եվ որ գլխավորն է, կարծեմ, այժմ արդեն ամեն բան վերջացած է և իշխան Սոկոլսկիներից վերջինը աքսոր՝ տաժանակրության կգնա։ Խեղճ Լիզա։ Ես ամբողջ օրը սոսկալի սպասում էի ձեզ, Արկադի Մակարովիչ, որպեսզի ձեզ, որպես Լիզայի եղբոր, հայտնեմ այն, ինչը նա դեռ չգիտե։ Ես քրեական հանցագործ եմ և մասնակցում եմ № երկաթուղու կեղծ բաժնեթղթերի խարդախմանը։
― Դա ի՞նչ նորություն է։ Ինչպե՞ս թե տաժանակրության,― սարսափահար նրան նայելով՝ տեղիցս թռա ես։ Նրա դեմքը ամենախոր, ամենամռայլ, անհատնում վիշտ էր արտահայտում։
― Նստեցեք,― ասաց նա և ինքն էլ նստեց դիմացի բազկաթոռին։― Նախ իմացեք եղելությունը․ սրանից մեկ տարուց քիչ ավելի առաջ, հենց այն ամռանը, Էմսի, Լիդիայի ու Կատերինա Նիկոլաևնայի ու հետո Փարիզի ամռանը, հենց այն ժամանակ, երբ ես երկու ամսով Փարիզ մեկնեցի, Փարիզում, իհարկե, փողս պակասեց։ Հենց այստեղ հանդիպեցի Ստեբելկովին, որին, ի դեպ, ես առաջ էլ Էի ճանաչում։ Նա ինձ փող տվեց և խոստացավ էլի տալ, բայց խնդրեց, որ ես էլ իմ կողմից օգնեմ իրեն։ Նրան արվեստագետ էր պետք, նկարիչ, փորագրիչ, վիմագրող և այլն, քիմիկոս ու տեխնիկ, և հայտնի նպատակների համար։ Նպատակների մասին նա նույնիսկ առաջին անգամ բավական թափանցիկ էր արտահայտվում։ Եվ ի՞նչ, նա գիտեր իմ բնավորությունը, ինձ այդ բոլորը միայն ծիծաղեցրեց։ Բանն այն է, որ ես դեռ դպրոցական նստարանից ծանոթ էի մի, ներկայումս, ի դեպ, ոչ ռուսական ծագումով ռուս էմիգրանտի հետ, որը, կարծեմ թե, Համբուրգում է ապրում։ Ռուսաստանում նա արդեն մի անգամ խառնված էր եղել փաստաթղթերի խարդախման պատմության մեջ։ Հենց այս մարդու վրա էլ հույս ուներ Ստեբելկովը, բայց հանձնարարականի կարիք էր զգացվել և նա դիմել էր ինձ։ Ես նրան մի երկտող տվեցի և իսկույն էլ մոռացա դրա մասին։ Հետո նա նորից ու նորից հանդիպեց ինձ, և ես այն ժամանակ մոտ երեք հազար ռուբլի ստացա նրանից։ Այս ողջ գործի մասին ես բառացիորեն մոռացա։ Այստեղ ես շարունակ գրավների և մուրհակների դիմաց փող էի վերցնում նրանից, և նա ստրուկի պես գալարվում էր իմ առաջ, և հանկարծ երեկ առաջին անգամ իմացա նրանից, որ ես քրեական հանցագործ եմ։
― Ե՞րբ, երեկ։
― Հենց երեկ, երբ առավոտյան Նաշչոկինի գալուց առաջ գոռգոռում Էինք իմ աշխատասենյակում։ Նա առաջին անգամ և արդեն միանգամայն հստակ հանդգնեց խոսել ինձ հետ Աննա Անդրեևնայի մասին։ Ես բարձրացրի ձեռքս, որ խփեմ նրան, բայց նա հանկարծ վերկացավ տեղից և հայտարարեց, որ ես համագործակից եմ իրեն և որ պետք է հիշեմ, թե նրա մեղսակիցն եմ ու նույնպիսի սրիկա եմ, ինչպես ինքը, մի խոսքով, թեև այս բառերը չէին, բայց միտքը սա էր։
― Ի՜նչ հիմարություն, բայց չէ՞ որ դա զառանցանք է։
― Ոչ, դա զառանցանք չէ։ Նա եղել է այսօր ինձ մոտ և ավելի մանրամասն է բացատրել։ Այդ բաժնեթղթերը վաղուց արդեն շրջանառության մեջ են և դեռ էլի են բաց թողնվելու, բայց, կարծեմ, ինչ-որ տեղ արդեն սկսել են բռնվել։ Ես, իհարկե, գործին խառը չեմ, բայց «չէ՞ որ դուք այն ժամանակ բարեհաճեցիք այն նամակը տալ», ահա թե ինչ ասաց ինձ Ստեբելկովը։
― Բայց չէ՞ որ դուք չգիտեիք, թե ինչի համար էր, թե՞ գիտեիք։
― Գիտեի,― կամացուկ պատասխանեց իշխանն ու հայացքը գետնին հառեց։― Այսինքն գիտե՞ք ինչ, և գիտեի, և չգիտեի։ Ես ծիծաղում էի, ինձ համար զվարճալի էր։ Այն ժամանակ ես ոչնչի մասին չէի մտածում, առավել ևս, որ ոչ մի կարիք չունեի կեղծ բաժնեթղթերի և որ ես չպետք է դրանք սարքեի։ Սակայն, այն երեք հազարը, որ այն ժամանակ նա ինձ տվեց, նույնիսկ հետո հաշվի մեջ չմտցրեց, իսկ ես դա հանդուրժեցի։ Թեև, ի՞նչ գիտեք, միգուցե ես էլ դրամանենգ էի։ Ես չէի կարող չիմանալ, ես երեխա չեմ։ Ես գիտեի, բայց դա ինձ զվարճացնում էր, և ես օգնեցի ստահակ աքսորականներին... և վճարով օգնեցի։ Ուրեմն, ես էլ եմ դրամանենգ։
― Օ՜, դուք չափազանցնում եք. դուք մեղավոր եք, բայց չափազանցնում եք։
― Կարևորն այն է, որ այստեղ մի Ժիբելսկի կա, դեռ երիտասարդ մի մարդ, որ դատական գործերով է զբաղվում փաստաբանի օգնականի պես մի բան է։ Այդ բաժնեթղթերի հարցում սա էլ է ինչ-որ մասնակից, Համբուրգում ապրող այն պարոնի մոտից հետո եկավ ինձ մոտ, իհարկե, ինչ-որ դատարկ հարցերով, և ես նույնիսկ ինքս չգիտեի, թե ինչի համար եկավ, բաժնեթղթերի մասին խոսք անգամ չեղավ... Սակայն նրա մոտ իմ ձեռքով գրված երկու փաստաթուղթ է մնացել, երկու երկտող գրություն, որոնք, անշուշտ, նույնպես վկայում են. դա ես լավ հասկացա այսօր։ Ստեբելկովն այնպես է բացատրում, որ այդ ժիբելսկին խանգարում է ամեն բանին, նա գողություն է արել, ինչ-որ մեկի, կարծեմ պետական, փողեր է գողացել, բայց մտադիր է էլի գողանալ ու հետո արտագաղթել և հենց սրան որպես արտագաղթելու նպաստ, ոչ ավել, ոչ պակաս ութ հազար է հարկավոր։ Ժառանգության իմ մասը բավարարում է Ստեբելկովին, բայց Ստեբելկովն ասում է, որ պետք է բավարարել նաև Ժիբելսկուն... Մի խոսքով, պետք է հրաժարվեմ ժառանգության իմ մասից և դրան ավելացնեմ նաև տասը հազար․ սա է նրանց վերջին խոսքը։ Եվ այդ դեպքում նրանք կվերադարձնեն իմ երկու երկտողը։ Նրանք խոսքները մեկ արած են գործում, դա պարզ է։
― Բացահայտ անհեթեթություն է։ Ախր, եթե նրանք հայտնեն ձեր մասին, իրենց էլ կմատնեն։ Նրանք ոչ մի դեպքում ձեզ չեն մատնի։
― Հասկանալի է։ Նրանք ամենևին էլ չեն սպառնում, թե կմատնեն. նրանք միայն ասում են. «Մենք, իհարկե չենք մատնի, բայց բան է, եթե գործը բացվի, ապա...», ահա թե ինչ են ասում, ուրիշ ոչինչ, բայց ես կարծում եմ, որ սա էլ բավական է։ Բանն այդ չէ, ինչ էլ որ ստացվի այնտեղ, նույնիսկ եթե այդ երկտողերը հենց հիմա գրպանումս լինեն, բայց հավասարվել այդ խարդախներին, հավիտյանս հավիտենից նրանց ընկերը լինել։ Ստել Ռուսաստանին, ստել երեխաներիդ, ստել Լիզային, ստել սեփական խղճիդ...
― Լիզան գիտե՞։
― Ոչ, նա բոլորը չգիտե։ Նա դրան չէր դիմանա իր վիճակում։ Հիմա ես իմ գնդի համազգեստն եմ կրում և գնդիս յուրաքանչյուր զինվորին հանդիպելիս, ամեն վայրկյան գիտակցում եմ մտքումս, որ չպիտի համարձակվեմ այդ համազգեստը կրել։
― Լսեցեք,― բացականչեցի ես հանկարծ,― այստեղ խոսելու բան չկա. դուք միայն մեկ ճանապարհ ունեք փրկության, գնացեք իշխան Նիկոլայ Իվանովիչի մոտ, վերցրեք նրանից տասը հազար, ուղղակի խնդրեք՝ առանց որևէ բան բացատրեու, հետո կանչեք այդ խարդախներին, դրանց հաշիվը վերջնականապես փակեք և ձեր գրությունները հետ գնեք... և գործը դրանով ավարտեք։ Ամբողջ գործը ավարտեք ու գնացեք հող մշակելու։ Կորչեն ցնորքները, կյանքին վստահեցեք։
― Դրա մասին ես մտածել եմ,― հաստատակամ ասաց նա։― Այսօր ամբողջ օրը վճռում էի և վերջապես վճռեցի։ Միայն ձեզ էի սպասում, ես կգնամ։ Գիտե՞ք, արդյոք, որ երբևէ կյանքումս ես ոչ մի կոպեկ չեմ վերցրել իշխան Նիկոլայ Իվանովիչից։ Նա բարյացակամ է մեր ընտանիքի նկատմամբ և նույնիսկ... քանիցս օգնել է, սակայն, ըստ էության, ես անձամբ, ես երբեք նրանից փող չեմ վերցրել։ Բայց հիմա ես վճռել եմ... Նկատի ունեցեք, որ մեր Սոկոլսկիների ցեղը ավելի հին է, քան իշխան Նիկոլայ Իվանովիչի ցեղը, նրանք կրտսեր ճյուղն են, նույնիսկ երկրորդական, համարյա վիճելի... Մեր նախնիները թշնամի էին իրար։ Պյոտր Առաջինի ռեֆորմի սկզբում իմ ապուպապը, որը նույնպես Պյոտր էր եղել ու մնում էր հերձվածող և թափառում էր Կոստրոմայի անտառներում։ Այս իշխան Պյոտրը երկրորդ անգամ էլ ոչ-ազնվականուհու հետ էր ամուսնացած... Հենց այդ ժամանակ էլ առաջ անցան այդ մյուս Սոկոլսկիները, բայց ես... ի՞նչ կապակցությամբ եմ սա ասում։
Նա շատ հոգնած էր, և միտքը, կարծես համարյա շաղվում էր։
― Դե հանգստացեք,― գլխարկս վերցնելով վեր կացա ես,― առաջինը՝ պառկեցեք քնելու։ Իսկ իշխան Նիկոլայ Իվանովիչը ոչ մի դեպքում չի մերժի, հատկապես հիմա, երբ երջանկությամբ է բռնված։ Իսկ դուք այնտեղի պատմությունները գիտե՞ք։ Մի՞թե չգիտեք։ Ես մի արտառոց բան եմ լսել, նա ամուսնանում է, դա գաղտնիք է, բայց, իհարկե, ոչ ձեզնից։
Եվ ես, արդեն գլխարկս ձեռքիս կանգնած ամեն բան պատմեցի նրան։ Նա ոչինչ չգիտեր։ Արագ տեղեկացավ մանրամասների գլխավորապես ժամանակի, տեղի և հավաստիության աստիճանի մասին։ Ես, իհարկե, չթաքցրի, որ դա, ըստ պատմածների, տեղի է ունեցել նրա՝ Աննա Անդրեևնայի տուն կատարած երեկվա այցելությունից անմիջապես հետո։ Չեմ կարող արտահայտել, թե ինչ. հիվանդագին տպավորություն թողեց նրա վրա այդ տեղեկությունը, դեմքը այլակերպվեց, կարծես ծռմռվեց, ծուռ ժպիտը ջղային ցնցումով ձգեց շրթուքները, ի վերջո նա սոսկալի գունատվեց և, հայացքը գետնին հառելով, խոր մտածմունքի մեջ ընկավ։ Հանկարծ ես չափազանց պարզ տեսա, որ նրա ինքնասիրությունը սոսկալի վիրավորված է Աննա Անդրեևնայի երկեվա մերժումից։ Գուցե այդ րոպեին իր հիվանդագին տրամադրության մեջ չափազանց վառ ներկայացավ երեկվա իր ծիծաղելի ու ստորացուցիչ դերը այդ օրիորդի առաջ, որի համաձայնությանը, ինչպես այժմ էր պարզվում, նա շարունակ վստահ էր ամենայն հանգստությամբ։ Եվ վերջապես, գուցեև այն միտքը, որ այդպիսի ստորություն էր արել Լիգայի նկատմամբ և այդքան անտեղի։ Հետաքրքիրն այն է, թե ում տեղ են դնում իրար այդ բարձրաշխարհիկ պճնամոլները և ինչի հիման վրա կարող են հարգել նրանք իրար. չէ՞ որ այս իշխանը կարող էր ենթադրել, թե Աննա Անդրեևնան արդեն գիտե նրա՝ Լիզայի իսկապես իր քրոջ հետ ունեցած կապի մասին, իսկ եթե չգիտե, ապա համենայն դեպս երբևէ հաստատ կիմանա և ահա, սա «կասկած էլ չունի նրա վճռի նկատմամբ»։
― Եվ մի՞թե դուք կարող էիք կարծել,― հանձնապաստան ու գոռոզ, հանկարծ հայացքն ինձ ուղղեց նա,― թե ես, ես կարող եմ հիմա, նման տեղեկությունից հետո, գնալ իշխան Նիկոլայ Իվանովիչի մոտ ու փող խնդրել նրանից։ Նրանից, այն հարսնացուի փեսացուից, որը հենց նոր մերժել է ինձ. ի՜նչ մուրացկանություն, ի՜նչ ծառայամտություն։ Ոչ, հիմա կորած է ամեն բան, և եթե այդ ծերունու օգնությունը իմ վերջին հույսն էր, ապա թող կորչի նաև այդ հույսը։
Հոգուս խորքում ես համաձայնեցի նրա հետ, բայց իրականությանը այնուամենայնիվ պետք էր ավելի լայն նայել, մի՞թե ծերուկ իշխանը մարդ էր, փեսացու։ Գլխումս մի քանի միտք բռնկվեցին։ Առանց այն էլ ի դեպ քիչ առաջ ես որոշեցի, որ վաղն անպայման կայցելեմ ծերունուն։ Իսկ հիմա ես աշխատեցի մեղմել տպավորությունը և խեղճ իշխանին պառկեցնել քնելու. «Քուններդ կառնեք և ինքներդ կտեսնեք, որ ձեր մտքերը ավելի լուսավոր կդառնան»։ Նա ջերմորեն սեղմեց ձեռքս, բայց էլ չէր համբուրվում։ Ես խոսք տվի նրան, որ վաղը երեկոյան կգամ իր մոտ և «կխոսենք, կխոսենք, չափազանց շատ բան էր կուտակվել խոսելու»։ Իմ այս խոսքի վրա նա մի տեսակ ճակատագրական ժպտաց։
=== Գլուխ ութերորդ ===
'''I'''
Այն ողջ գիշեր երազումս ռուլետկա, թղթախաղ, ոսկի, հաշիվներ էի տեսնում։ Ես շարունակ իբր խաղասեղանի մոտ ինչ-որ բան էի հաշվարկում, ինչ-որ խաղադրամ, ինչ-որ շանս, և դա մղձավանջի պես ճնշում էր ինձ ամբողջ գիշեր։ Ճշմարիտը կասեմ, որ նաև ողջ նախորդ օրը, չնայած բոլոր արտակարգ տպավորություններիս, ես ամեն րոպե հիշում էի Զերշչիկովի խաղատանը շահածս գումարը։ Ես ճնշում էի միտքս, բայց տպավորությունս չէի կարողանում ճնշել և ցնցվում էի հիշելուս պես։ Այդ շահումը կրծում էր սիրտս։ Մի՞թե ես խաղամոլ եմ ծնվել։ Համենայն դեպս հաստատ է, որ խաղամոլի հատկություններով եմ ծնվել։ Նույնիսկ այժմ էլ, երբ գրում եմ այս բոլորը, լինում են րոպեներ, որ սիրում եմ մտածել խաղի մասին։ Պատահում է, որ ժամեր շարունակ անց եմ կացնում լուռ նստած, մտքումս՝ խաղի հաշվարկներ ու պատկերներ այն մասին, թե ինչպես է խաղն ընթանում, ինչպես եմ խաղագումարը դնում ու շահումը վերցնում։ Այո, շատ տարբեր «հատկություններ» կան իմ մեջ, և հոգիս էլ անհանգիստ է։
Ես մտադիր էի ժամը տասին գնալ Ստեբելկովի մոտ, և գնալ ոտքով։ Մատվեյին ես տուն էի ուղարկել, հենց որ նա եկել էր։ Սուրճ խմելիս աշխատում էի մտքերս ժողովել։ Չգիտեմ ինչու, ես գոհ էի. վայրկենապես խորասուզվելով ինքս իմ մեջ կռահեցի, որ գլխավորապես գոհ եմ նրանից, որ «այսօր լինելու եմ իշխան Նիկոլայ Իվանովիչի տանը»։ Բայց այդ օրը ճակատագրական ու անսպասելի էր իմ կյանքում և հենց անակնկալ դեպքով էլ սկսվեց։
Ճիշտ ժամը տասին կրնկի վրա բացվեց իմ դուռը ու ներս ընկավ... Տատյանա Պավլովնան։ Ես ամեն բանի կարող էի սպասել, բայց ոչ նրա այցելությւսնը և վախեցած վեր թռա ու կանգնեցի նրա առաջ։ Նրա դեմքը գազազած էր, շարժումներն անկանոն, և եթե նրան հարցնեին՝ գուցե, ինքն էլ չկարողանար ասել, ինչու է վազել ու ներս ընկել ինձ մոտ։ Կանխապես նախազգուշացնեմ, հենց նոր նա մի արտակարգ, ճնշող լուր էր ստացել և դրա ամենաառաջին տպավորության տակ էր։ Իսկ լուրը առնչվում էր նաև ինձ հետ։ Սակայն նա ինձ մոտ մնաց կես րոպե, միգուցե մի ամբողջ րոպե, բայց ոչ մի դեպքում ավելի։ Նա ուղղակի բռնեց իմ կոկորդից։
― Մի տես, թե ինչն ես,― ողջ մարմնով առաջ թեքված՝ կանգնեց նա իմ առջև։― Ախ դու, լակո՛տ։ Էդ ի՞նչ ես արել։ Թե՞ դեռ չգիտես։ Սուրճ է խմում։ Ախ դու, չաչանակ, ախ դու, դատարկաբան, ախ դու, թղթից շինած սիրեկան... քեզ նմաններին ճիպոտով են ծեծում, ճիպոտով, ճիպոտով։
― Ի՞նչ է պատահել, Տատյանա Պավլովնա։ Ի՞նչ է տեղի ունեցել։ Մայրի՞կը...
― Կիմանաս,― ահեղաձայն բղավեց նա և սենյակից դուրս վազեց՝ կարծես իսկի չէի էլ տեսել նրան։ Ես, իհարկե, կվազեի նրա հետևից, բայց ինձ հետ պահեց մի միտք և նույնիսկ ոչ թե միտք, այլ ինչ-որ մութ անհանգստություն. ես նախազգում էի, որ «թղթից շինած սիրեկանը» ամենագլխավոր խոսքն էր նրա գոռգոռոցների մեջ։ Իհարկե, ես ինքս ոչինչ կռահել չէի կարող, բայց ես արագ դուրս եկա տանից, որպեսզի Ստեբելկովի հետ արագ գործս ավարտելուց հետո գնայի իշխան Նիկոլայ Իվանովիչի մոտ։ «Ամեն բանի բանալին այնտեղ է»,― բնազդաբար մտածեցի ես։
Զարմանալի է, թե ինչպես, բայց Ստեբելկովն արդեն ամեն բան գիտեր Աննա Անդրեևնայի մասին և նույնիսկ ամենայն մանրամասնություններով, չեմ նկարագրում նրա խոսակցությունն ու շարժումները, բայց նա հիացած էր, հիացումի մոլուցքով էր բռնված «սխրագործության գեղարվեստականությունից»։
― Այ սա անհատականություն է։ Ո՜չ, սա իսկապես անհատականություն է,― բացականչում էր նա։― Ո՜չ, դա մեր բանը չէ, մենք ահա նստել ենք մեզ համար և ոչինչ, իսկ սա ջուր է ուզել խմել իսկական աղբյուրից... և խմել է։ Սա... սա հնադարյան արձանն է։ Սա Միներվայի հնադարյան արձան է, միայն թե քայլում է ու ժամանակակից զգեստ կրում։
Ես նրան խնդրեցի, որ գործին անցնի, ողջ գործը, ինչպես և լիովին կանխագուշակել էի ես, կայանում էր միայն նրանում, որ ես համոզեի ու տրամադրեի իշխան Սերյոժային, որ գնա ու վերջնական օգնություն խնդրի իշխան Նիկոլայ Իվանովիչից։ «Թե չէ, ախր, շատ, շատ վատ կարող է լինել նրա համար և արդեն ոչ իմ կամքով, էդպե՞ս է, թե՞ էդպես չէ»։
Նա ուղիղ աչքերիս մեջ էր նայում, բայց, կարծես, չէր ենթադրում, թե ինձ երեկվանից մի բան ավելի կարող է հայտնի լինել։ Եվ չէր էլ կարող ենթադրել, ինքնըստինքյան հասկանալի է, որ ես ոչ խոսքով, ոչ էլ որևէ ակնարկով չմատնեցի, թե չգիտեմ «արժեթղթերի մասին»։ Սենք երկար չբացատրվեցինք, նա իսկույն սկսեց փող խոստանալ ինձ, «և նշանակալի, նշանակալի գումար, միայն թե օժանդակեք, որ իշխանը գնա։ Գործը շտապ է, շատ շտապ, հենց բանն էլ դա է, որ չափազանց շտապ է»։
Վիճել ու հակաճառել նրան, ինչպես երեկ, ես չուզեցի և վեր կացա, որ դուրս գամ, համենայն դեպս նետելով նրան, թե «կաշխատեմ»։ Սակայն նա անասելի զարմացրեց ինձ, ես արդեն դիմում էի դեպի դուռը, երբ նա հանկարծակի փաղաքշագին գրկեց մեջքս ձեռքով ու... ամենաանհասկանալի բաներն սկսեց ասել։
Բաց եմ թողնում մանրամասներն ու չեմ բերում այստեղ խոսակցության ողջ ընթացքը, որպեսզի չձանձրացնեմ։ Միտքն այն էր, որ նա առաջարկեց ինձ ծանոթացնել իրեն պարոն Դերգաչովի հետ, «քանի որ լինում եք այնտեղ»։
Ես իսկույն սսկվեցի, ամեն կերպ աշխատելով որևէ շարժումով չմատնել ինքս ինձ։ Թեև իսկույն պատասխանեցի, որ ամենևին էլ ծանոթություն չունեմ այնտեղ, իսկ եթե եղել եմ, ապա միայն մեկ անգամ պատահաբար։
― Բայց եթե ''մուտք եք ունեցել'' մեկ անգամ, ապա կարող եք գնալ նաև մի ուրիշ անգամ, էդպե՞ս է, թե՞ էդպես չէ։
Ես ուղղակի, բայց շատ սառնասիրտ հարցրի նրան, թե նրա ինչին է դա պետք։ Եվ մինչև այժմ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ ձևով այդ աստիճանի կարող է հասնել որևէ մարդու միամտությունը, որն ըստ երևույթին հիմար չէ և «գործարար է», ինչպես բնորոշեց նրան Վասինը։ Նա ամենայն շիտակությամբ բացատրեց ինձ, որ Դերգաչովը, համաձայն իր կասկածների, «երևի ինչ-որ արգելված, խստիվ արգելված բան ունի, ուրեմնև, քննելով այդ, կարող եմ որոշ շահութաբեր գործ ստեղծել ինձ համար»։ Եվ նա ժպտաց ու ձախ աչքը թարթելով, ինչ-որ բան ակնարկեց։
Ես ոչ մի դրական պատասխան չտվի, բայց ձևացա, թե խորհում եմ և «խոստացա մտածել», որից հետո իսկույն հեռացա։ Գործերը բարդանում էին, ես սլացա Վասինի մոտ և ճիշտ ժամանակին նրան տանը գտա։
― Ա՜, դուք էլ,― ինձ տեսնելուն պես առեղծվածային արտասանեց նա։
Առանց նրա ասածը վերծանելու ես ուղղակի գործի անցա ու պատմեցի։ Նա ըստ երևույթին զարմացած էր, թեև ամենևին չկորցրեց սառնասրտությունը։ Նա բոլորը մանրամասն կրկնել տվեց։
― Շատ կարող է պատահել, որ դուք ճիշտ չե՞ք հասկացել։
― Ոչ, ճիշտ եմ հասկացել, միտքը միանգամայն շիտակ է։
― Համենայն դեպս ես ձեզ չափազանց շնորհակալ եմ,― անկեղծորեն ավելացրեց նա։― Այո, իսկապես, եթե ամեն բան այդպես է եղել, ապա նա համարել է, որ դուք որոշակի գումարի առաջ անդրդվելի չեք կարողանա մնալ։
― Դրան ավելացրած նաև այն, որ նա չափազանց լավ գիտե իմ դրությունը. ես շարունակ խաղացել եմ և ինձ վատ պահել, Վասին։
― Ես այդ մասին լսել եմ։
― Բայց ամենաառեղծվածայինն ինձ համար այն է, որ ախր, չէ որ նա գիտե ձեր մասին, թե դուք էլ եք այնտեղ լինում,― համարձակվեցի հարցնել ես։
― Նա շատ լավ գիտե, որ ես այնտեղ գործ չունեմ,― շատ հասարակ պատասխանեց Վասինը։― Եվ այդ ողջ երիտասարդությունն էլ ավելի շատ շաղակրատներ են և ուրիշ ոչինչ, ի դեպ, դուք ինքներդ բոլորից լավ կարող եք դա հիշել։
Ինձ թվաց, թե նա, կարծես, ինչ-որ բանում ինձ չի վստահում։
― Համենայն դեպս, ես ձեզ չափազանց շնորհակալ եմ։
― Ես լսել եմ, որ պարոն Ստեբելկովի գործերն ինչ-որ չափով խափանվել են,― փորձեցի նորից հարցնել ես,― համենայն դեպս, ես լսել եմ որոշակի արժեթղթերի մասին...
― Ի՞նչ արժեթղթերի մասին եք լսել։
Ես դիտավորյալ ակնարկեցի «արժեթղթերի» մասին, բայց, անշուշտ, ոչ նրա համար, որ պատմեմ նրան իշխանի երեկվա գաղտնիքը։ Ես միայն ակնարկել ցանկացա և տեսնել նրա դեմքից, աչքերից, գիտե՞, արդյոք, նա որևէ բան արժեթղթերի մասին։ Ես հասա նպատակիս, նրա դեմքի անորսալի ու ակնթարթային մի արտահայտությունից ես կռահեցի, որ այստեղ էլ նրան, գուցե, մի բան հայտնի է։ Ես չպատասխանեցի նրա հարցին՝ «ի՞նչ արժեթղթեր», այլ լուռ մնացի, իսկ նա, հետաքրքիր է, որ այդպես էլ չշարունակեց խոսել դրա մասին։
― Ինչպե՞ս է Լիզավետա Մակարովնայի առողջությունը,― կարեկցանքով հետաքրքրվեց նա։
― Առողջ է։ Քույրս միշտ հարգել է ձեզ...
Հրճվանք փայլատակեց նրա աչքերում, ես արդեն վաղուց էի կռահել, որ նա անտարբեր չէ Լիզայի նկատմամբ։
― Վերջերս իշխան Սերգեյ Պետրովիչն էր եկել ինձ մոտ,― հանկարծ հաղորդեց նա։
― Ե՞րբ,― բղավեցի ես։
― Ճիշտ չորս օր առաջ։
― Եվ ոչ թե երե՞կ։
― Ոչ, երեկ չէ։― Նա հարցական ինձ նայեց։
― Հետո, գուցե ես ձեզ ավելի մանրամասն հաղորդեմ մեր այդ հանդիպման մասին, բայց հիմա անհրաժեշտ եմ համարում նախազգուշացնել ձեզ,― առեղծվածային արտասանեց Վասինը,― որ նա ինձ թվաց այն ժամանակ հոգու և... նույնիսկ մտքի խանգարված վիճակում։ Սակայն ես մի այցելու էլ եմ ունեցել,― հանկարծ ժպտաց նա,― ձեզնից անմիջապես առաջ, և էլի ստիպված էի եզրակացնել այցելուի ոչ լիովին նորմալ վիճակի մասին։
― Իշխա՞նն է եղել քիչ առաջ։
― Ոչ, իշխանը չի եղել, հիմա ես իշխանի մասին չեմ խոսում։ Քիչ առաջ ինձ մոտ է եղել Անդրեյ Պետրովիչ Վերսիլովը և... դուք ոչինչ չգիտե՞ք։ Նրան ոչ մի արտառոց բան չի՞ պատահել։
― Գուցեև պատահել է, բայց ի՞նչ է տեղի ունեցել ձեր ու նրա միջև,― փութկոտ հարցրի ես։
― Իհարկե, այստեղ ես պետք է գաղտնիք պահեի։ Ես և դուք ինչ-որ շատ տարօրինակ, չափազանց գաղտնապահորեն ենք խոսում իրար հետ,― նորից ժպտաց նա։― Ի դեպ, Անդրեյ Պետրովիչն ինձ գաղտնիք պահելու չի պարտավորեցրել։ Բայց դուք նրա որդին եք, և, քանի որ ես գիտեմ ձեր նրա նկատմամբ տածած զգացմունքները, ապա այս անգամ, կարծեմ, նույնիսկ լավ կանեմ, եթե ձեզ զգուշացնեմ։ Պատկերացրեք, նա ինձ մոտ եկել էր հարցնելու. «Եթե պատահեր, որ օրերս, շատ շուտով, ինքը կարիք ունենար մենամարտելու, արդյոք կհամաձայնեի՞ ես նրա մարտավկայի դերը վերցնելու ինձ վրա»։ Ես, իհարկե, կտրականապես մերժեցի նրան։
Ես անսահման զարմացած էի, այս նորությունը ամենաանհանգստացնողն էր. մի բան էր եղել, մի բան էր կատարել, անպայման մի բան էր պատահել, որը ես դեռ չգիտեմ։ Հանկարծ ես ակամա հիշեցի, թե ինչպես երեկ Վերսիլովն ինձ ասաց. «Ոչ թե ես կգամ քեզ մոտ, այլ դու ինձ մոտ կվազես»։ Ես սլացա իշխան Նիկոլայ Իվանովիչի մոտ, էլ ավելի կանխազգալով, որ խնդրի լուծումն այնտեղ է։ Հրաժեշտ տալիս Վասինը կրկին շնորհակալություն հայտնեց ինձ։
'''II'''
Ծերունի իշխանը, ոտքերը պլեդով փաթաթած, նստած էր բուխարիկի առջև։ Նա ինձ ինչ-որ, նույնիսկ հարցական հայացքով դիմավորեց, կարծես զարմանալով, որ ես եկել եմ, մինչդեռ հենց ինքը, համարյա ամեն օր մարդ էր ուղարկում ինձ կանչելու։ Թեև սիրալիր բարևեց, բայց իմ առաջին հարցերին կարծես մի քիչ զզվանքով և մի տեսակ սոսկալի ցրված էր պատասխանում։ ժամանակ առ ժամանակ կարծես մի բան էր խորհում և հայացքն ինձ վրա սևեռում, կարծես ինչ-որ բան մոռանալով և այնպիսի մի բան հիշելով, որն անշուշտ պետք է առնչվեր ինձ հետ։ Ես ուղղակի ասացի, որ ամեն բան արդեն լսել եմ և շատ ուրախ եմ։ Բարի ու սիրալիր մի ժպիտ հայտնվեց նրա շուրթերին, նա աշխուժացավ, նրա զգուշությունն ու անվստահությունն իսկույն չքվեցին, կարծես նա նույնիսկ մոռացավ դրանց մասին։ Եվ անշուշտ էլ մոռացավ։
― Բարեկամդ իմ սիրելի, ես այդպես էլ գիտեի, որ առաջինը դու ես գալու, և, գիտե՞ս, դեռ երեկ եմ քո մասին մտածել. «Ո՞վ կուրախանա։ Նա կուրախանա»։ Եվ ուրիշ ոչ ոք. բայց դա ոչինչ։ Մարդիկ չար լեզուներ են, բայց դա չնչին բան է... Cher enfant, այնքան վեհ, այնքան հրաշալի է այդ բոլորը... Բայց դու ինքդ էլ չափազանց լավ ես ճանաչում նրան։ Իսկ քո մասին Աննա Անդրեևնան նույնիսկ ամենաբարձր կարծիքն ունի։ Դա, դա լուրջ ու հրաշալի դեմք է, անգլիական կիպսեկի դեմք։ Դա հրաշալի անգլիական քանդականկար է, որպիսին միայն հնարավոր է, որ լինի... Երկու տարի առաջ ես այդ քանդականկարների մի ամբողջ հավաքածու ունեի... Ես միշտ, միշտ ունեի այդ մտադրությունը, միշտ, ես միայն զարմանուս եմ, ինչպես է, որ երբեք դրա մասին չեմ մտածել։
― Որքան հիշում եմ, դուք միշտ այնքան սիրում ու առանձնացնում էիք Աննա Անդրեևնային։
― Բարեկամս, մենք ոչ ոքի չենք ուզում վնասել։ Կյանքը բարեկամների, հարազատների, սրտի մոտիկների հետ ուղղակի դրախտ է։ Բոլորը բանաստեղծ են... Մի խոսքով, դեռ նախապատմական ժամանակներից է դա հայտնի։ Գիտե՞ս, ամռանը մենք նախ Սոդեն, իսկ հետո Բադ-Գաշտեյն կգնանք։ Բայց ի՜նչ վաղուց չես եղել այստեղ, բարեկամս, բայց ի՞նչ պատահեց քեզ։ Ես սպասում էի քեզ։ Եվ ճիշտ չէ՞, արդյոք, ի՜նչ շատ, շատ ժամանակ է անցել այն օրից։ Միայն ափսոս, որ ես հանգիստ չեմ, հենց որ մենակ եմ մնում անհանգիստ եմ։ Հենց այդ պատճառով էլ չի կարելի..., որ ես մենակ մնամ, ճիշտ չէ՞։ Դա հո երկու անգամ երկուսի պես պարզ է։ Դա ես իսկույն նրա հենց առաջին բառերից հասկացա։ Օ՜, բարեկամս, նա միայն երկու բառ ասաց, բայց դա... դա հոյակապ բանաստեղծության էր նման։ Սակայն, չէ՞ որ դու նրա եղբայրն ես, համարյա եղբայրը, ճիշտ չէ՞։ Սիրելիս, իզուր չէր, որ ես այնքան սիրում էի քեզ։ Երդվում եմ, ես նախազգում էի այս բոլորը։ Ես համբուրեցի նրա ձեռքն ու արտասվեցի։
Նա հանեց թաշկինակը, կարծես պատրաստվելով նորից արտասվել։ Նա խիստ ցնցված էր և, կարծեմ, իր ամենավատ «վիճակներից» մեկում, որոնցում կարող էի նրան հիշել մեր ծանոթության ողջ ընթացքում։ Սովորաբար և նույնիսկ համարյա միշտ նա անհամեմատ ավելի թարմ և ավելի առույգ էր լինում։
― Ես բոլորին կներեի, բարեկամս,― շարունակում էր թոթովել նա։― Ես ուզում եմ բոլորին ներել, և արդեն վաղուց ոչ ոքի վրա չեմ զայրանում։ Արվեստ, la poésie dans la vie<ref>Պոեզիան կյանքում (ֆրանս.)։</ref> օգնություն դժբախտներին և նա բիբլիական գեղեցկությունը։ Quelle charmante personne, a? Les chants de Salomon-non, ce n est pas Salomon, c est David qui mettait une jeune belle dans son lit pour se chauffer dans sa vieillesse. Enfin David, Salomon<ref>Ինչ հմայիչ անձնավորություն է, չէ՞։ Սողոմոնի երգերը... ոչ, դա Սողոմոնը չէ, դա Դավիթն է, որն իր անկողնում դեռատի գեղեցկուհի Էր պառկեցնում, որպեսզի ջերմացնի իր ծերությունը։ Սակայն Դավիթ, Սողոմոն... (ֆրանս.)։</ref> այս բոլորը պտտվում է գլխումս, խառնաշփոթ մի բանի պես։ Ամեն բան, cher enfant, կարող է վեհ լինել, և միևնույն ժամանակ ծիծաղելի։ Cette jeune belle de la vieillesse de David-cest un poe me<ref>Շերունի Դավթի այդ դեռատի գեղեցկուհին մի ամբողջ պոեմ Է (ֆրանս.)։</ref>, իսկ Պոլ դե Կոկի մոտ դրանից մի որևէ sce'ne de bassinoire<ref>Այստեղ` անկողնային տեսարան (ֆրանս.)։</ref> դուրս կգար, և մենք բոլորս կծիծաղեինք։ Պոլ դե Կոկը ոչ չափի զգացում ունի, ոչ ճաշակ, թեև տաղանդավոր է... Կատերինա Նիկոլաևնան ժպտում է... Ես ասացի, որ մենք չենք խանգարի։ Մենք սկսել ենք մեր սիրային պատմությունը և թող թողնեն մեզ այն ավարտել։ Թող դա երազանք լինի, բայց թող չխլեն մեզնից այդ երազանքը։
― Այսինքն ինչպե՞ս թե երազանք, իշխան։
― Երազա՞նք։ Ինչպե՞ս թե երազանք։ Թող երազանք լինի, միայն թե թող թողնեն, որ մեռնենք այդ երազանքով։
― Օ՜, իշխան, ինչո՞ւ մեռնեք։ Հիմա պետք է ապրեք ու ապրեք։
― Իսկ ես ի՞նչ եմ ասում։ Հենց այդ էլ պնդում եմ։ Ես վճռականորեն չգիտեմ, ինչու է կյանքն այդքան կարճ։ Որպեսզի չձանձրացնի, իհարկե, քանի որ կյանքն էլ իր՝ արարչի գեղարվեստական ստեղծագործությունն է, պուշկինյան բանաստեղծության ավարտուն ու անբասիր ձևով։ Կարճությունը գեղարվեստականության առաջին պայմանն է։ Բայց եթե մեկը չի ձանձրանում, նրան պետք է թողնել, որ ավելի երկար ապրի։
― Ասացեք, իշխան, դա արդեն հրապարակվա՞ծ է։
― Ոչ, սիրելիս, ամենևին ոչ. մենք բոլորս այդպես էլ պայմանավորվել ենք։ Ընտանեկան շրջանակներում, ընտանեկան, ընտանեկան։ Առայժմ ես միայն Կատերինա Նիկոլաևնային եմ գաղտնիքս իսպառ հայտնել, որովհետև ինձ մեղավոր եմ համարում նրա նկատմամբ։ Օ՜, Կատերինա Նիկոլաևնան հրեշտակ է, նա իսկապես հրեշտակ է։
― Այո, այո՜։
― Այո՞։ Դու էլ «այո՞»։ Իսկ ես կարծում էի, թե հենց դու նրա թշնամին ես։ Ախ, հա՜, ի դեպ, ախր նա խնդրել էր քեզ այլևս չընդունել։ Եվ պատկերացրու, դու որ ներս մտար, ես հանկարծ դրա մասին մոռացա։
― Ի՜նչ եք ասում,― բացականչեցի ես։― Ինչի՞ համար։
(Նախազգացումս ինձ չէր խաբել, այո, ես հենց դրա նման մի բան էլ նախազգում էի Տատյանայի գալուց սկսած)։
― Երեկ, սիրելիս, երեկ, ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչպես ես հիմա ներս մտել, քանի որ միջոցներ են ձեռք առնված։ Ինչպե՞ս ես ներս մտել։
― Ուղղակի ներս եմ մտել։
― Որ ամենահավանականն է։ Եթե դու խորամանկությամբ մտնեիր, նրանք երևի քեզ կբռնեին, բայց որովհետև ուղղակի ես ներս մտել, նրանք էլ քեզ ներս են թողել։ Պարզությունը, mon cher, իսկապես բարձրագույն խորամանկություն է։
― Ես ոչինչ չեմ հասկանում, ուրեմն դուք է՞լ եք որոշել ինձ չընդունել։
― Ոչ, բարեկամս, ես ասել եմ, որ չեմ խառնվում... Այսինքն լիակատար համաձայնություն եմ տվել։ Եվ վստահ եղիր, սիրելի տղաս, որ ես քեզ շատ եմ սիրում։ Բայց Կատերինա Նիկոլաևնան չափազանց համառորեն պահանջել է... Ա՜, ահա, խնդրեմ։
Այդ րոպեին դռների մեջ հանկարծ երևաց Կատերինա Նիկոլաևնան։ Նա հագնված էր տանից դուրս գալու համար և, ինչպես և պատահել էր առաջներում, մտել էր հոր մոտ՝ նրան համբուրելու։ Ինձ տեսնելով նա կանգ առավ, շփոթվեց, արագ շրջվեց ու դուրս եկավ սենյակից։
― Voila!<ref>Խնդրե՜մ (ֆրանս.)։</ref>― բացականչեց ցնցված ու սոսկալի հուզված իշխանը։
― Դա թյուրիմացություն է,― բացականչեցի ես,― դա ինչ-որ մի րոպեի բան է... Ես... ես հիմա կվերադառնամ, իշխան։
Եվ ես դուրս նետվեցի Կատերինա Նիկոլաևնայի հետևից։
Հետո այն, ինչը հետևեց դրան, այնքան արագ կատարվեց, որ ես ոչ միայն չկարողացա ուշք ու միտքս ժողովել, այլև մի քիչ պատրաստվել, թե ինչպես ինձ պահեմ։ Եթե ես կարողանայի նախապատրաստվել, իհարկե, ինձ այլ կերպ կպահեի։ Բայց ես փոքրիկ տղեկի պես կորցրի ինձ։ Ես ուզում էի նետվել դեպի նրա սենյակները, բայց սպասավորը ճանապարհին ինձ ասաց, թե Կատերինա Նիկոլաևնան արդեն դուրս է եկել և կառեթ է նստում։ Ես գլխապատառ նետվեցի դեպի շքամուտքի սանդուղքը։ Կատերինա Նիկոլաևնան ցած էր իջնում մուշտակը հագին, իսկ նրա կողքից քայլում էր, կամ, ավելի լավ կլինի ասել, ուղեկցում էր նրան բարձրահասակ ու բարեկազմ մի սպա համազգեստով, առանց շինելի, սուրը կողքին, շինելը նրա հետևից տանում էր սպասավորը։ Բարոնն էր, մոտ երեսունհինգամյա գնդապետը, պճնամոլ սպայի մի տիպար, նիհարավուն, մի փոքր չափազանց երկարավուն դեմքով, կարմրաշեկ բեղերով և նույնիսկ արտևանունքներով։ Նրա դեմքը թեև ամենևին գեղեցիկ չէր, սակայն կտրական ու հանդուգն արտահայտություն ուներ։ Ես փութկոտ եմ նկարագրում, որքան որ նկատեցի այն րոպեին։ Իսկ մինչ այդ երբեք չէի տեսել նրան։ Ես վազում էի սանդուղքով նրանց հետևից անգլխարկ ու անմուշտակ։ Կատերինա Նիկոլաևնան առաջինն ինձ նկատեց և արագ ինչ-որ բան շշնջաց բարոնին։ Սա փորձեց գլուխը շրջել, բայց իսկույն էլ գլխով նշան արեց ծառային ու դռնապանին։ Շառան փորձեց արդեն դրսի դռան մոտ քայլ անել դեպի ինձ, բայց ես հետ հրեցի նրան ձեռքով ու նրանց հետևից դուրս նետվեցի առմուտք։ Բյորինգը կառեթ էր նստեցնում Կատերինա Նիկլոևնային։
― Կատերինա Նիկոլաևնա, Կատերինա Նիկոլաևնա,― անիմաստ բացականչում էի ես (հիմարի պես, հիմարի պես։ Օ՜, ես վերհիշում եմ ամեն բան, ես անգլխարկ էի)։
Բյորինգը կատաղած կրկին դեպի ծառան շրջվեց և բարձր ինչ-որ բան բղավեց նրան, մեկ թե երկու բառ, ես լավ չջոկեցի։ Ես զգացի, որ մեկը փորձեց բռնել արմունկս։ Այդ րոպեին կառեթը շարժվեց, ես բղավեցի նորից և նետվեցի կառեթի հետևից։ Ես տեսա, որ Կատերինա Նիկոլաևնան դուրս էր նայում կառեթի պատուհանից և, կարծես չափազանց անհանգստացած էր։ Սակայն առաջ նետվելով՝ իմ արագ շարժումներով ես, այդ մասին ամենևին չմտածելով, հանկարծ ուժեղ հրեցի Բյորինգին և, կարծեմ, շատ ցավոտ տրորեցի նրա ոտքը։ Նա թեթև ճիչ արձակեց, ատամները կրճտացրեց և իր ուժեղ ձեռքով բռնեց ուսս ու չարությամբ այնպես հրեց ինձ, որ ես մի երեք քայլ հետ թռա։ Հենց այդ պահին նրան հրամցրին շինելը, նա նետեց այն ուսերին, սահնակ նստեց և, սպասավորներին ու դռնապանին մատնանշելով ինձ սահնակից մի անգամ էլ ահեղ կերպով բղավեց։ Այստեղ սրանք ինձ բռնեցին ու հետ պահեցին, ծառաներից մեկը ուսերիս նետեց մուշտակս, մյուսը գլխարկս մատուցեց և... ես արդեն չեմ հիշում, թե ինչ էին նրանք խոսում այդ պահին, նրանք խոսում էին, իսկ ես կանգնել ու առանց ոչինչ հասկանալու նրանց էի լսում։ Բայց հանկարծ թողեցի նրանց ու վազեցի։
'''III'''
Ոչինչ չհասկանալով և մարդկանց դիպչելով՝ վերջապես վազեվազ հասա Տատյանա Պավլովնայի բնակարանը, նույնիսկ առանց գլխի ընկնելու, թե ճանապարհին կարող էի կառք վարձել։ Բյորինգը հրեց ինձ նրա ներկայությամբ։ Իհարկե, ես տրորել էի նրա ոտքը, և նա բնազդաբար հետ էր մղել ինձ, ինչպես մի մարդ, որի կոշտուկը տրորել էին (գուցեև իսկապես ես ջնջխել էի նրա կոշտուկը)։ Բայց տեսել էր նա, տեսել էր, որ ինձ բռնում են ծառաները, և այս բոլորը նրա ներկայությամբ, նրա ներկայությամբ։ Երբ ես ներս ընկա Տատյանա Պավլովնայի մոտ, առաջին րոպեին ոչինչ չկարողացա ասել, ներքին ծնոտս ցնցվում էր, կարծես տենդով բռնված։ Իսկապես էլ ես տենդով էի բռնված, և, բացի դրանից, լալիս էի... Օ՜ ես այնքա՜ն վիրավորված էի։
― Հը՞։ Ի՞նչ։ Դո՞ւրս նետեցին։ Եվ տեղն է քեզ, տեղն է քեզ,― ասաց Տատյանա Պավլովնան, ես լուռ նստեցի բազմոցին և նրան էի նայում։
355
― Սրան ի՞նչ է պատահել,― ակնդետ զննեց նա ինձ։― Առ, խմիր այս բաժակը, ջուր խմիր, խմիր։ Ասա, էլ ինչ անկարգություն ես այնտեղ արել։
Ես մրթմրթացի, որ ինձ դուրս են արել, իսկ Բյորինգը հրեց ինձ փողոցում։
― Մի բան հասկանալ կարո՞ղ ես, թե դեռ ոչ։ Առ, կարդա, հիացիր։― Եվ սեղանի վրայից վերցնելով երկտողը տվեց այն ինձ, իսկ ինքը սպասողական վիճակում կանգնեց իմ դիմաց։ Ես իսկույն ճանաչեցի Վերսիլովի ձեռագիրը, գրությունն ընդամենը մի քանի տող էր. դա երկտող էր Կատերինա Նիկոլաևնային. ես ցնցվեցի, և հասկանալու ունակությունս ակնթարթորեն վերադարձավ ինձ իր ողջ ուժով։ Ահա այդ սոսկալի, այլանդակ, անհեթեթ, ավազակաբարո գրության բովանդակությունը, բառ առ բառ.
«Ողորմած տիկին, Կատերինա Նիկոլաևնա,
Որքան էլ անառակ լինեք, համաձայն ձեր խառնվածքի ու վարպետության, այնուամենայնիվ կարծում էի, թե կզսպեք ձեր կրքերը և համենայն դեպս երեխաների նկատմամբ ոտնձգություններ չեք անի։ Բայց դուք դրանից էլ չամաչեցիք։ Տեղեկացնում եմ ձեզ, որ ձեզ հայտնի փաստաթուղթը հավանաբար այրված չէ մոմի բոցով և Կրաֆտի մոտ չի եղել երբեք, այնպես որ դուք դրանից ոչինչ չեք շահելու։ Որեմն իզուր մի այլասերեք պատանուն։ Խնայեցեք նրան, նա դեռ անչափահաս է, համարյա տղեկ, որը զարգացած չէ ոչ մտավոր, ոչ ֆիզիկական տեսակետից, ի՞նչ օգուտ ձեզ նրանից։ Ես շահագրգռված եմ նրա նկատմամբ, ուստիև հանդգնեցի գրել ձեզ, թեև հաջողության հույս չունեմ։ Պատիվ ունեմ ձեզ զգուշացնելու, որ միաժամանակ սրա պատճենը ուղարկում եմ բարոն Բյորինգին։
Ա. Վերսիլով»։
Ես գունատվում էի կարդալիս, բայց հետո հանկարծ կարմրատակեցի, և շրթունքներս դողացին զայրույթից։
― Սա իմ մասին է գրում։ Սա այն բանի մասին է, որ նախանցյալ օրը ես պատմել եմ նրան,― ցասումնալից բղավեցի ես։
― Բանն էլ հենց դա է, որ պատմել ես,― գրությունը ձեռքիցս խլեց Տատյանա Պավլովնան։
― Բայց... ես այդ չեմ ասել, բոլորովին այդ չեմ ասել։ Տեր Աստված, ի՜նչ կարող է իմ մասին հիմա մտածել նա։ Բայց սա հո խելագար է։ Իսկական խելագար... Ես երեկ եմ նրան տեսել։ Նամակը ե՞րբ է ուղարկել։
― Երեկ ցերեկն է ուղարկել, երեկոյան տեղ է հասել, իսկ այսօր նա անձամբ է ինձ հանձնել։
― Բայց ես երեկ անձամբ եմ տեսել Վերսիլովին, նա խելագար է։ Վերսիլովն այդպես չէր կարող գրել, դա խելագար է գրել։ Ո՞վ կարող է այդպես գրել տիկնոջը։
― Այ, հենց դրա նման խելագարներն են կատաղած գրում, երբ խանդից ու զայրույթից կուրանում են ու խլանում, իսկ արյունը թույն-մկնդեղ է դառնում... Իսկ դու դեռ չգիտեիր նրան, թե ինչ մարդ է նա։ Հենց սրա համար նրան կթխկացնեն, այնպես որ միայն թաց տեղ կմնա նրանից։ Ինքն է տապարի տակ մտնում։ Ավելի լավ չէ՞ր գիշերով գնայիր Նիկոլայի երկաթուղին, գլուխդ դնեիր ռելսերին, նրանք էլ կթռցնեին, եթե քեզ համար ծանր էր դարձել ուսերիդ կրելը։ Քեզ ինչը դրդեց նրան պատմել։ Քեզ ի նչը դրդեց նրան չարացնել։ Գլուխդ գովե՞լ ուզեցիր։
― Բայց դա ինչ ատելություն է։ Ի՜նչ ատելություն,― ձեռքերս գլխիս խփեցի ես,― և ինչի՞ համար, ի՞նչի համար։ Կնոջ նկատմամբ։ Ի՞նչ է արել նա Վերսիլովին։ Ի՞նչ հարաբերություններ են ունեցել, որ հնարավոր է եղել այդպիսի նամակ գրել։
― Ա-տե-լու-թյուն,― կատաղի հեգնանքով տնազս արեց Տատյանա Պավլովնան։
Արյունը նորից գլուխս խփեց, հանկարծ, կարծես, մի արդեն բոլորովին նոր բան հասկացա, ես հարցական նրան էի նայում ակնդետ։
― Կորիր այստեղից,― ծղրտաց նա, արագ երեսն ինձնից թեքելով, և ձեռքը վրաս թափահարեց։― Բավական է, ինչքան ձեզ բոլորիդ հետ գլուխ դրեցի։ Հիմա էլ վերջ։ Թեկուզ բոլորդ էլ գետնի տակն անցնեք... Միայն մորդ եմ դեռ խղճում...
Ես, իհարկե, վազեցի Վերսիլովի մոտ։ Բայց այսպիսի՜ նենգություն։ Այսպիսի՜ նենգություն։
'''IV'''
Վերսիլովը մենակ չէր։ Բացատրեմ նախապես, այդպիսի նամակ ուղարկելով երեկ Կատերինա Նիկոլաևային և իսկապես (միայն Աստված գվիտե, թե ինչու) դրա պատճենը բարոն Բյորինգին, նա բնականաբար, հենց այսօր, օրվա ընթացքում պետք է սպասեր իր արարքի հայտնի «հետևանքներին» և այդ պատճառով յուրատեսակ միջոցներ էր ձեռք առել, դեռ առավոտվանից մայրիկին ու Լիզային (որը, ինչպես իմացա հետո, դեռ առավոտյան վերադարձիս, հիվանդացել էր և պառկած էր անկողնում) փոխադրել էր վերև այսպես կոչված «դագաղ», իսկ սենյակներն ու հատկապես սեր «հյուրասենյակը» խիստ խնամքով հավաքված էին ու մաքրված։ Եվ իսկապես, ցերեկվա ժամը երկուսին նրա մոտ շնորհ էր բերել բարոն Ռ.-ն, գերմանական ծագումով մի զինվորական, գնդապետ, քառասնամյա մի պարոն, բարձրահասակ, չորավուն և տեսքից՝ ֆիզիկապես շատ ուժեղ մարդ, նույնպես կարմրամազ, ինչպես և Բյորինգը, և միայն մի քիչ ճաղատավոր։ Սա այն Ռ. բարոններից մեկն էր, որոնք շատ շատ են ռուսական զինվորական ծառայության մեջ, բոլորն էլ բարոնական խիստ սնապարծությամբ օժտված, բացարձակապես զուրկ կարողությունից, ապրում էին ռոճիկով և չափազանց ջանադիր ու շարային ծառայությանը լավ ծանոթ զինվորներ էին։ Նրանց բացատրության սկիզբը ես չհասցրի լսել, երկուսն էլ շատ աշխուժացած էին և ինչպես կարող էին չլինել։ Վերսիլովը նստած էր սեղանի առջև՝ բազմոցին, իսկ բարոնը կողքանց, բազկաթոռին։ Վերսիլովը գունատ էր, բայց խոսում էր զուսպ և բառերն անփույթ արտասանելով, իսկ բարոնը ձայնը բարձրացնում էր և, ըստ երևույթին, հակված էր պոռթկուն շարժումների, մեծ լարումով էր իրեն զսպում, բայց նայում էր խիստ, գոռոզամիտ և նույնիսկ արհամարհական հայացքով, եթե ոչ առանց որոշակի զարմանքի։ Ինձ տեսնելով՝ նա խոժոռվեց, բայց Վերսիլովը համարյա ուրախացավ.
― Բարև, սիրելիս։ Բարոն, հենց սա է այն չափազանց երիտասարդ տղան, որը հիշատակված է երկտողի մեջ և, հավատացեք, որ նա չի խանգարել, այլ նույնիսկ կարող է պետք գալ։― (Բարոնը արհամարհական մի հայացք նետեց ինձ վրա)։― Սիրելիս,― ինձ դառնալով՝ ավելացրեց Վերսիլովը,― ես նույնիսկ ուրախ եմ, որ դու եկար, և այդ պատճառով նստիր անկյունում, խնդրեմ, մինչև բարոնն ու ես կավարտենք մեր գործը։ Մի անհանգստացեք, բարոն, նա միայն կնստի անկյունում։
Ինձ համար միևնույն էր, որովհետև վճիռս ընդունել էի և, բացի դրանից, այդ բոլորը զարմացնում էր ինձ. ես լուռ նստեցի անկյունում, որքան կարելի էր ավելի խոր անկյունում և մնացի նստած մինչև բացատրության ավարտը առանց աչքս թարթելու և ամենաթեթև շարժումն անգամ անելու...
― Մի անգամ էլ եմ կրկնում, բարոն,― հատ-հատ ու հաստատուն արտասանելով բառերը՝ ասաց Վերսիլովը,― որ Կատերինա Նիկոլաևնա Ախմակովային, որին գրել եմ այդ անվայել ու հիվանդագին նամակը, ոչ միայն ամենաազնվաբարո էակն եմ համարում, այլև բոլոր կատարելությունների գագաթնակետը։
― Սեփական խոսքերի այդպիսի հերքումը, ինչպես արդեն նկատեցի, նման է դրանց նոր հաստատման,― բառաչեց բարոնը։― Ձեր խոսքը վճռականորեն անհարգալից է։
― Եվ սակայն, ամենաճիշտը կլինի, եթե դուք այն ընդունեք նրա ճշգրիտ իմաստով։ Ես, գիտեք, մոլուցքի նոպաներ եմ ունենում և... այլ խախտումներով եմ տառապում և նույնիսկ բուժվում եմ, և այդ պատճառով էլ պատահեց այնպես, որ նման մի րոպեի...
― Այդ բացատրությունները ոչ մի կերպ չեն կարող ընդունվել։ Նորից ու նորից եմ ասում ձեզ, որ դուք համառորեն շարունակում եք սխալվել, միգուցե դիտավորյալ եք ուզում սխալվել։ Ես հենց սկզբից ձեզ նախազգուշացրի, որ այդ տիկնոջը վերաբերող հարցը, այսինքն՝ ըստ էության գեներալի այրի Ախմակովային ուղղված ձեր նամակի մասին մեր ներկա բացատրությամբ պետք է իսպառ վերացվի, իսկ դուք շարունակ վերադառնում եք դրան։ Բարոն Բյորինգը խնդրել է ինձ ու հանձնարարել հատկապես պարզաբանել ըստ էության այն, ինչը այստեղ միայն իրեն է վերաբերում, այսինքն՝ ձեր հանդուգն հղումը այս «պատճենի» և ձեր նամակի հավելումը, թե «դուք պատրաստ եք պատասխան տալ դրա համար ինչով և ինչ ձևով որ կամենան»։
― Բայց թվում է, թե վերջինն առանց բացատրությունների էլ արդեն պարզ է։
― Հասկանում եմ, արդեն լսեցի։ Դուք նույնիսկ ներողություն չեք խնդրում, այլ միայն շարունակում եք պնդել, թե «պատրաստ եք պատասխան տալ ինչով և ինչ ձևով որ կամենան»։ Բայց այդպես չափազանց էժան բան կստացվի։ Այդ իսկ պատճառով ես այժմ էլ հենց իրավասու եմ համարում ինձ, հօգուտ այն ուղղության, որ դուք համառորեն ուզում եք հաղորդել այս բացատրությանը, արդեն առանց քաշվելու ամեն բան արտահայտել ձեզ իմ կողմից, այսինքն՝ ես եկա այն եզրակացության, որ բարոն Բյորինգը ոչ մի դեպքում չի կարող գործ ունենալ ձեզ հետ... հավասար հիմունքներով։
― Նման որոշումը, իհարկե, ամենաշահեկաններից մեկն է ձեր բարեկամ բարոն Բյորինգի համար, և խոստովանում եմ, դուք ինձ ամենևին չզարմացրիք, ես դրան սպասում էի։
Նկատեմ փակագծերի մեջ, հենց առաջին խոսքից ու առաջին հայացքից ես չափազանց լավ էի տեսնում, որ Վերսիլովը պայթյուն է որոնում, գրգռում է ու մարտի հրավիրում այդ դյուրագրգիռ բարոնին և միգուցե չափազանց էր չարաշահում նրա համբերությունը, բարոնը խոցված էր.
― Լսել եմ, որ դուք սրամիտ կարող եք լինել, բայց սրամտությունը դեռ խելամտություն չէ։
― Արտակարգ խորամիտ դիտողություն է, գնդապետ։
― Ես ձեր գովասանքի կարիքը չունեմ,― ճչաց բարոնը,― և դատարկաբանության չեմ եկել։ Բարի եղեք լսել․ ձեր նամակն ստանալով բարոն Բյորինգը տարակուսանքի մեջ էր, որովհետև այն գժանոցի մասին էր վկայում։ Եվ, իհարկե, իսկույն էլ կարելի էր միջոց գտնել ձեզ... հանդարտեցնելու։ Բայց, մի քանի որոշակի նկատառումներից ելնելով, զիջողություն արվեց ձեր նկատմամբ և տեղեկությունններ հավաքվեցին ձեր մասին, պարզվեց, որ թեև դուք պատկանել եք լավ հասարակությանը և մի ժամանակ ծառայել եք գվարդիայում, բայց հասսարակությունից վտարվել եք, և ձեր վարկը ավելի քան կասկածելի է։ Սակայն, չնայած նույնիսկ դրան, ես եկել եմ այստեղ, որպեսզի անձամբ հավաստիանամ, իսկ դուք խնդրեմ, դեռ թույլ եք տալիս ձեզ բառախաղ խաղալ և ինքներդ էլ վկայեցիք ձեր մասին, թե մոլուցքի նոպաներ եք ունենում։ Բավակա՛ն է։ Բարոն Բյորինգի դիրքն ու նրա համբավը չեն կարող զիջել այս գործում... Մի խոսքով, ողորմած պարոն, ես լիազորված եմ ձեզ հայտարարելու, որ եթե կրկնությունը կամ նախորդ արարքին նման թեկուզ որևէ բան հաջորդի, ապա անհապաղ ձեզ հանդարտեցնելու միջոցներ կգտնվեն, և միանգամայն շտապ ու անվրեպ միջոցներ, հավատացնում եմ ձեզ։ Մենք անտառում չենք ապրում, այլ՝ բարեկարգ պետության մեջ։
― Այդքան վստա՞հ եք դրանում, իմ բարի բարոն Ռ.։
― Գրողը տանի,― հանկարծ վեր կացավ տեղից բարոնը,― դուք ինձ մեծ փորձության եք ենթարկում ապացուցելու ձեզ հենց այժմ, որ ես այնքան էլ «ձեր բարի բարոն Ռ.-ն չեմ»։
― Օհ, նորից եմ ձեզ զգուշացնում,― տեղից վերկացավ նաև Վերսիլովը,— որ այստեղ, ոչ այնքան հեռու, կինս ու դուստրս են գտնվում... և այդ պատճառով կխնդրեի ձեզ այդքան բարձր չխոսեք, որովհետև ձեր բղավոցները նրանց են հասնում...
― Ձեր կինը... սատանա... Եթե ես հիմա նստել ու խոսում եմ ձեզ հետ, ապա միայն այն նպատակով, որ պարզաբանեմ այս նողկալի գործը,― նույն զայրույթով և ամենևին ձայնը չիջեցնելով՝ շարունակեց բարոնը։― Բավական է,― բղավեց նա ցասումնալից,― դուք ոչ միայն վտարված եք օրինավոր մարդկանց շրջանից, այլև մոլագար եք, իսկական ցնորված մոլագար, և հենց այդպես էլ բնութագրել են ձեզ։ Դուք արժանի չեք զիջողամտության, և ես հայտարարում եմ ձեզ, որ այսօր ևեթ միջոցներ կձեռնարկվեն ձեր նկատմամբ, և ձեզ կկանչեն մի այնպիսի տեղ, որտեղ ձեզ խելքի կբերեն... և քաղաքից կհեռացնեն։
Խոշոր ու արագ քայլերով նա դուրս եկավ սենյակից։ Վերսիլովը չուղեկցեց նրան։ Նա կանգնել, ցրված հայացքով ինձ էր նայում և կարծես ինձ չէր նկատում, հանկարծ նա ժպտաց, մազերը հետ գցեց և, գլխարկը վերցնելով, նույնպես դեպի դուռը դիմեց։ Ես բռնեցի նրա ձեռքը։
― Ախ, հա՜, դու է՞լ ես այստեղ։ Դու... լսեցի՞ր,― կանգ առավ նա իմ առաջ։
― Ինչպե՞ս կարողացաք այդպես վարվել։ Ինչպե՞ս կարողացաք այդպես աղավաղել, այդպես խայտառակել... Այդքան նենգ լինել։
Նա սևեռուն ինձ էր նայում, բայց նրա ժպիտը գնալով ավելի ու ավելի էր լայնանում և վճռականորեն ծիծաղի էր վերածվում։
― Ախր ինձ խայտառակեցին... Նրա, նրա ներկայությամբ։ Ինձ ծաղրեցին, նսեմացրին նրա աչքում, իսկ բարոնը... նա հենց ինձ,― ինձ կորցրած՝ բղավեցի ես։
― Մի՞թե։ Ախ, խեղճ տղա, ո՜նց եմ քեզ խղճում... Ուրեմն քեզ այնտեղ ծաղ-րե-ցին։
― Դուք ծիծաղում եք, ծիծաղում եք ինձ վրա։ Ձեր ծիծաղը գալիս է։
Նա արագ խլեց իր ձեռքը իմ ձեռքից, գլխարկը դրեց և, ծիծաղելով, արդեն իսկապես ծիծաղելով, դուրս եկավ բնակնսրանից։ Ի՞նչ միտք ուներ նրա հետևից վազելը, ինչի՞ համար։ Ես ամեն բան հասկացա և ամեն բան կորցրի մեկ րոպեում։ Հանկարծ ես տեսա մայրիկիս, նա իջել էր վերևից և երկչոտ շուրջն էր նայում։
― Գնա՞ց։
Ես լուռ գրկեցի նրան, նա էլ ինձ, ամուր, շատ ամուր, ուղղակի հպվեց ինձ։
― Մայրիկ, սիրելիս, մի՞թե կարելի է, որ դուք այստեղ մնաք։ Եկեք հենց հիմա գնաք, ես ձեզ կթաքցնեմ, ես տաժանակրի նման կաշխատեմ ձեզ համար, ձեզ ու Լիզայի համար... Թողնենք սրանց բոլորին, բոլորին ու գնանք։ Մենակ լինենք։ Հիշո՞ւմ եք, մայրիկ, ինչպես էիք ինձ մոտ, Տուշարի դպրոցը գալիս, և ինչպես ես ձեզ ճանաչել չէի ուզում։
― Հիշում եմ, սիրելիս, ողջ կյանքումս ես մեղավոր եմ քո առաջ, ես քեզ ծնել եմ, բայց քեզ չեմ ճանաչել։
― Նա է մեղավոր դրանում, մայրիկ, նա՛ է ամեն բանում մեղավոր, նա մեզ երբեք չի սիրել։
― Ոչ, սիրել է։
― Գնանք, մայրիկ։
― Ինչպե՜ս կարող եմ նրանից հեռանալ, իսկ նա ինքը երջանի՞կ է, ի՞նչ է։
― Ու՞ր է Լիզան։
― Պառկած է, եկավ ու իրեն վատ զգաց, վախենում էր։ Իսկ նրանք, ի՞նչ է, շա՞տ բարկացած են սրա վրա։ Հիմա ի՞նչ են սրան անելու։ Ու՞ր գնաց։ Ի՞նչ էր այդ սպան այստեղ սպառնում։
― Ոչինչ էլ դրան չի լինի, մայրիկ, նրան երբեք ոչինչ չի լինում, նրան երբեք ոչինչ չի պատահի և չի կարող պատահել։ Դա այդպիսի մարդ է։ Ահա Տատյանա Պավլովնան, նրան հարցրեք, եթե ինձ չեք հավատում, ահա նա։ (Տատյանա Պավլովնան հանկարծ մտավ սենյակ)։ Մնաք բարով, մայրիկ։ Ես ձեզ և հիմա, և հետո եթե գամ, կրկին նույնն եմ հարցնելու...
Ես դուրս վազեցի, ոչ միայն Տատյանա Պավլովնային, ես ոչ ոքի չէի կարող տեսնել, մայրիկն էլ էր ինձ տանջում։ Ես ուզում էի մենակ լինել, մեն-մենակ։
'''V'''
Բայց դեռ մի փողոց էլ չանցած զգացի, որ չեմ կարող քայլել անիմաստ հրմշտվելով այս օտար ու անտարբեր ժողովրդի հետ, բայց ո՞ւր կորչեմ։ Ո՞ւմ եմ ես պետք և ի՞նչ է հիմա ինձ պետք։ Ես մեքենայորեն հասա իշխան Սերգեյ Պետրովիչի տանը՝ ամենևին չմտածելով նրա մասին։ Նա տանը չէր։ Պյոտրին (նրա ծառային) ես ասացի, որ կսպասեմ նրա աշխատասենյակում (ինչպես եղել էր բազմիցս)։ Նրա աշխատասենյակը կահկարասիով լեփ-լեցուն, շատ բարձր առաստաղով մի մեծ սենյակ էր։ Ես անցա ամենամութ անկյունը, նստեցի բազմոցին և, արմունկներս սեղանին դնելով, գլուխս հենեցի զույգ ձեռքերիս։ Այո, ահա հարցս. «Ի՞նչ է ինձ հիմա պետք»։ Եթե ես այն ժամանակ նույնիսկ կարողանայի ձևակերպել այդ հարցը, ապա ավելի պակաս հնարավոր էր, որ կարողանայի պատասխանել դրան։
Բայց ես ո՛չ կարգին մտածել կարող էի, ո՛չ էլ հարցնել։ Վերը ես արդեն հաղորդել եմ, որ այդ վերջին օրերին ես «ջախջախված էի իրադարձություններից»։ Հիմա ես նստել էի և ամեն բան քաոսի պես պտտվում էր գլխումս։ «Այո, ամեն բան աչքիցս վրիպել է, և ես նրանից ոչինչ չեմ հասկացել,― մեկ-մեկ առկայծում էր գլխումս։― Հիմա նա ուղիղ երեսիս ծիծաղեց. բայց ինձ վրա չէր ծիծաղում, այստեղ գլխավորը Բյորինգն է և ոչ թե ես։ Նախանցյալ օրը ճաշի ժամանակ նա արդեն ամեն բան գիտեր և մռայլ էր։ Նա որսացել էր ինձնից իր հիմար խոստովանությունը պանդոկում և աղավաղել ողջ ճշմարտությունը, թեև նրա ինչի՞ն էր պետք ճշմարտությունը։ Նա ինքն էլ կիսով չափ չի հավատում այն բոլորին, որ գրել էր Կատերինա Նիկոլաևնային։ Նրան միայն պետք էր վիրավորել, անիմաստ վիրավորել, առանց նույնիսկ իմանալու, թե ինչի համար, խծբծանքը պատրվակ դարձնելով, իսկ պատրվակը ես տվեցի... Կատաղած շան արարք։ Իսկ հիմա ուզում է սպանե՞լ Բյորինգին, ի՞նչ է։ Ինչի՞ համար։ Նրա սիրտը գիտե, ինչի՞ համար։ Իսկ ես ոչինչ չգիտեմ, թե ինչ կա նրա սրտում... Ոչ, ոչ, հիմա էլ չգիտեմ։ Մի՞թե այդքան կրքոտ է նրան սիրում, կամ այդքան կրքոտ ատում։ Ես չգիտեմ, բայց արդյո՞ք ինքը գիտե։ Այդ ի՞նչ ասացի մայրիկիս, թե «նրան ոչինչ չի կարող պատահել», ի՞նչ էի ուզում դրանով ասել։ Կորցրի՞ ես նրան, թե՞ չեմ կորցրել»։
«... Նա տեսավ, թե ինչպես էին ինձ հրմշտում... Նա է՞լ էր ծիծաղում, թե՞ ոչ։ Ես կծիծաղեի։ Լրտես էին ծեծում, լրտես...»։
«Ի՞նչ կնշանակե (առկայծեց գլխումս), ինչ կնշանակե այն, որ Վերսիլովը մտցրել է իր գարշելի նամակի մեջ, իբր փաստաթուղթը ամենևին էլ. այրված չէ, այլ գոյություն ունի...»։
«Նա չի սպանի Բյորինգին և այժմ երևի նստած է պանդոկում ու «Լյուչիան» է լսում։ Բայց գուցե «Լյուչիայից» հետո կգնա ու կսպանի Բյորինգին։ Բյորինգն ինձ հրեց, և համարյա խփեց, բայց խփե՞ց արդյոք։ Բյորինգը նույնիսկ Վերսիլովի հետ մենամարտելուց է զզվում, ուրեմն կգա՞ ինձ հետ մենամարտելու։ Գուցե ես պետք է ատրճանակով սպանեմ նրան վաղը, սպասելով նրան փողոցում...»։ Եվ այս միտքը անցկացրի գլխովս միանգամայն մեքենայորեն, ամենևին կանգ չառնելով դրա վրա։
Երբեմն ինձ կարծես թվում էր, թե հիմա դուռը կբացվի, ներս կմտնի Կատերինա Նիկոլաևնան, ձեռքն ինձ կմեկնի, և մենք միասին կծիծաղենք... Օ՜, իմ սիրելի ուսանող։ Դա աչքիս էր երևում, այսինքն իմ երազանքն էր, երբ արդեն շատ էր մթնել սենյակում։ «Եվ արդյոք վաղուց էր, որ ես կանգնում էի նրա դիմաց, հրաժեշտ տալիս նրան, իսկ նա ձեռքն ինձ էր մեկնում ու ծիծաղում։ Ինչպե՞ս կարող էր պատահել, որ այսքան կարճ ժամանակամիջոցում այսքան սոսկալի հեռավորություն ստացվեց։ Պետք է ուղղակի գնալ նրա մոտ, բացատրվել իսկույն, հենց այս րոպեիս, պարզ ու հասարակ։ Տեր Աստված, ինչպե՞ս հանկարծ մի բոլորովին նոր աշխարհ սկսվեց։ Այո, նոր աշխարհ, բոլորովին, բոլորովին նոր... Իսկ Լիզան, իսկ իշխանը, դրանք դեռ հներն են... Ահա, հիմա ես իշխանի տանն եմ։ Եվ մայրիկս, ինչպե՞ս կարող էր նրա հետ ապրել, եթե այդպես է։ Ես կկարողանայի, ես ասեն բան կարող եմ, բայց նա։ Իսկ հիմա ի՞նչ է լինելու»։ Եվ ահա Լիզայի, Աննա Անդրեևնայի, Ստեբելկովի, իշխանի, Աֆերդովի, բոլորի կերպարանքները, կարծես հողմապտույտով, անհետ առկայծեցին իմ հիվանդ ուղեղում։ Բայց մտքերս գնալով ավելի ու ավելի անձև ու անորսալի էին դառնում, և ես ուրախանում էի, երբ հաջողվում էր իմաստավորել դրանցից որևէ մեկն ու կառչել դրանից։
«Ես «միտք» ունեմ,― կարծես հանկարծ մտածեցի ես,― բայց արդյո՞ք այդպես է։ Արդյո՞ք անգիր չեմ արել ես այն։ Իմ միտքը խավար է և մեկուսացում, բայց մի՞թե այժմ հնարավոր է կրկին հետ սողալ դեպի նախկին խավարը։ Ախ, Տեր Աստված, ես, ախր, չեմ այրել «փաստաթուղթը»։ Ես այդպես էլ մոռացա այրել այն նախանցյալ օրը։ Կվերադառնամ ու կայրեմ մոմի բոցով, հենց մոմի բոցով, միայն թե չգիտեմ, արդյո՞ք դա եմ մտածում...»։
Վաղուց մթնել էր, և Պյոտրը ներս բերեց մոմերը։ Նա կանգնեց գլխավերևս ու հարցրեց, մի բան կերե՞լ եմ, թե՞ ոչ։ Ես միայն ձեռքով արեցի։ Սակայն մի ժամից նա թեյ բերեց ինձ համար, և ես ագահորեն խմեցի մի մեծ գավաթ։ Հետո ես հարցրի, թե ժամը քանիսն է։ ժամը ութն անց էր կես, և ես նույնիսկ չզարմացա, որ արդեն հինգ ժամ է, ինչ այստեղ նստած եմ։
― Ես արդեն մի երեք անգամ մտել եմ ձեզ մոտ,― ասաց Պյոտրը,― բայց դուք, կարծեմ, քնած էիք։
Իսկ ես չէի էլ հիշում, թե նա ներս է մտել։ Չգիտեմ ինչու, բայց հանկարծ սոսկալի վախենալով, որ «քնած» եմ եղել, վերկացա ու սկսեցի հետ ու առաջ անել սենյակում, որպեսզի նորից «չքնեմ»։ Ի վերջո, գլուխս սկսեց ուժեղ ցավել։ Ճիշտ ժամը տասին ներս մտավ իշխանը, և ես զարմացա, որ նրան եմ սպասել, ես բոլորովին, բոլորովին մոռացել էի նրա մասին։
― Դուք այստեղ եք, իսկ ես գնացել էի ձեր տուն՝ ձեզ վերցնելու,― ասաց նա ինձ։ Նրա դեմքը մռայլ էր ու խիստ, առանց ամենաչնչին ժպիտի։ Աչքերում՝ անշարժ միտք։
― Ես չարչարվել եմ ամբողջ օրը ու բանացրել բոլոր միջոցները,― շարունակեց նա սևեռուն։― Ամեն բան փլզում էր, իսկ ապագայում՝ սարսափ... (Նա այդպես էլ չէր եղել իշխան Նիկոլայ Իվանովիչի մոտ)։ Տեսա Ժիբելսկուն, անտանելի մարդ է։ Գիտեք ինչ, նախ պետք է փող ունենալ, իսկ հետո կտեսնենք։ Իսկ եթե փողով էլ չհաջողվի, այն դեպքում... Բայց ես վճռեցի այսօր այդ մասին չմտածել։ Այսօր միայն փող կճարենք, իսկ վաղը ամեն բան կտեսնենք։ Ձեր նախանցյալ օրվա շահածը մինչև վերջին կոպեկը դեռ տեղում է։ Այնտեղ երեք հազարից երեք ռուբլի է պակաս։ Ձեր պարտքը դուրս գցելուց հետո, ձեզ մնում է երեք հարյուր քառասուն ռուբլի։ Վերցրեք դա և ևս յոթ հարյուր, որպեսզի հազար լինի, իսկ ես կվերցնեմ մնացած երկու հազարը։ Հետո կնստենք Զերշչիկովի մոտ երկու տարբեր ծայրերին և կփորձենք շահել տասը հազար, միգուցե մի բան կանենք, իսկ եթե չշահենք, այն դեպքում... Ի դեպ, հենց միայն դա է մնում։
Նա ճակատագրական հայացք նետեց ինձ վրա։
― Այո, այո,― կարծես հարություն առնելով՝ բղավեցի ես հանկարծ,― գնանք։ Ես հենց ձեզ էի սպասում...
Նկատեմ, որ այս ժամերի ընթացքում ես ոչ մի վայրկյան չեմ մտածել ռուլետկայի մասին։
― Իսկ անազնվությո՞ւնը։ Իսկ արարքի ստորությո՞ւնը,― հանկարծ հարցրեց իշխանը։
―Նրա մասին եք ասում, որ ռուլետկայի՞ ենք գնում։ Բայց չէ՞ որ դա ամեն ինչ է,― բացականչեցի ես,― փողն ամեն ինչ է։ Դա միայն ես և դուք ենք սուրբ, իսկ Բյորինգը հո ծախել է իրեն, Աննա Անդրեևնան հո ծախել է իրեն, իսկ Վերսիլովը, լսե՞լ եք, որ Վերսիլովը մոլագար է։ Մոլագար է, մոլագար։
― Դուք հիվանդ չե՞ք, Արկադի Մակարովիչ։ Ձեր աչքերն ինչ-որ տարօրինակ են։
― Դա ասում եք, որ առանց ի՞նձ գնաք։ Բայց ես հիմա ձեզնից էլ չեմ պոկվի։ Իզուր չէի ամբողջ գիշեր երազումս խաղ տեսնում։ Գնանք, գնանք,― աղաղակում էի ես, կարծես ամեն բանի լուծումը գտել էի հանկարծ։
― Դե գնանք, թեև դուք տենդով եք բռնված, իսկ հետո...
Նա խոսքը չավարտեց։ Ծանր, սոսկալի էր նրա դեմքը։ Մենք արդեն դուրս էինք գալիս։
― Գիտե՞ք արդյոք,― հանկարծ ասաց նա, կանգ առնելով դռների մեջ,― որ մի ելք էլ կա փորձանքից, բացի խաղից։
― Ի՞նչ ելք։
― Իշխանական։
― Ո՞րն է, ո՞րը։
― Հետո կիմանաք՝ որը։ Միայն իմացեք, որ ես արդեն արժանի չեմ դրան, որովհետև ուշացել եմ։ Գնանք, իսկ դուք կհիշեք իմ խոսքը։ Փորձենք լակեյական ելքը... Եվ մի՞թե ես չգիտեմ, որ գիտակցաբար, լիակատար իմ կամքով, գնում եմ և վարվում լակեյի պես։
'''VI'''
Ես այսպես նետվեցի ռուլետկա խաղալու, կարծես հենց նրանում էր կենտրոնացած իմ ամբողջ փրկությունը, իմ միակ ելքը, մինչդեռ, ինչպես արդեն ասացի, մինչև իշխանի գալը ես դրա մասին չէի էլ մտածել։ Եվ խաղալու էլ գնում էի ոչ ինձ համար, այլ իշխանի փողով հենց իշխանի համար, իմաստավորել չեմ կարող, թե ինչն էր ինձ ձգում, բայց ձգում էր անհաղթահարելիորեն։ Օ՜, այս մարդիկ, այս դեմքերը, այս խաղաբանկ դնողները, այս խաղամիջոցների ճիչերը, Զերշչիկովի այս ամբողջ գարշելի դահլիճը երբեք, երբեք այս բոլորն այդքան նողկալի, այդքան մռայլ, այդքան բռի ու տխուր չեն թվացել, ինչպես այս անգամ։ Ես շատ լավ եմ հիշում այն վիշտն ու թախիծը, որ ժամանակ առ ժամանակ սեղմում էր սիրտս սեղանի մոտ նստածս բոլոր ժամերին։ Բայց ինչո՞ւ չէի հեռանում։ Ինչո՞ւ էի դիմանում, կարծես մի ճակատագիր զոհաբերություն, սխրագործություն էի հանձն առել։ Միայն մի բան կասեմ, հազիվ թե այն ժամանակվա վիճակիս մասին կարող եմ ասել, թե ողջամիտ էի։ Մինչդեռ երբեք այդքան խելացի չեմ խաղացել, ինչպես այդ երեկո։ Ես լռակյաց էի ու սևեռուն, ուշադիր ու շրջահայաց սոսկալի, ես համբերատար էի ու ժլատ և միևնույն ժամանակ վճռական բախտորոշ րոպեներին։ Ես կրկին տեղավորվեցի zero-յի մոտ, այսինքն` կրկին Զերշչիկովի ու Աֆերդովի միջև, որը միշտ նստում էր Զերշչիկովի աջ կողմում, ինձ զզվանք էր պատճառում այդ տեղը, բայց ես անպատճառ ուզում էի դնել zero-յի վրա, իսկ բոլոր մյուս տեղերը zero-յի մոտ զբաղված էին։ Արդեն մեկ ժամից մի քիչ ավելի էր, ինչ խաղում էինք, վերջապես նստածս տեղից տեսա, որ իշխանը հանկարծ վերկացավ և գունատ դեմքով անցավ մեզ մոտ և կանգ առավ դիմացս, սեղանի մյուս կողմում. նա ողջը տանուլ էր տվել և լուռ նայում էր իմ խաղին, ի դեպ, հավանաբար, ոչինչ դրանից չհասկանալով և նույնիսկ արդեն առանց խաղի մասին մտածելու։ Այդ ժամանակ ես հենց նոր սկսել էի շահել, և Զերշչիկովը հաշվեց ու առջևս դրեց շահածս գումարը։ Հանկարծ Աֆերդովը լուռ, իմ աչքի առաջ, ամենահանդուգն ձևով վերցրեց ու իր առջև դրված կիտուկին միացրեց իմ հարյուրանոցներից մեկը։ Ես բղավեցի և բռնեցի նրա ձեռքը։ Այդ պահին ինձ մի բան պատահեց, որ ես ամենևին չէի սպասում, ես, կարծես, թոկից փախա, կարծես, այդ օրվա բոլոր սարսափներն ու վիրավորանքները հանկարծ կենտրոնացան այդ միակ ակնթարթի մեջ, հարյուր ռուբլիանոցի այդ անհետացման մեջ։ Կարծես, մեջս ամբողջ կուտակվածն ու սեղմվածը հենց այս ակնթարթին էր սպասում, որպեսզի դուրս ժայթքի։
― Սա գող է, հենց հիմա նա ինձնից մի հարյուրանոց գողացավ,― շուրջս նայելով, ինձ կորցրած, բացականչեցի ես։
Չեմ նկարագրում այստեղ բարձրացած իրարանցումը, նման պատմությունը կատարյալ նորություն էր այստեղ։ Զերշչիկովի մոտ մարդիկ իրենց վայելուչ էին պահում և հենց դրանով էլ հայտնի էր խաղը նրա մոտ։ Բայց և ինձ կորցրել էի։ Աղմուկ-աղաղակի մեջ հանկարծ լսվեց Զերշչիկովի ձայնը.
― Եվ սակայն փողը չկա, իսկ այն հենց նոր այստեղ էր։ Չորս հարյուր ռուբլի։
Սիանգամից մի ուրիշ պատմություն էլ դուրս եկավ։ Զերշչիկովի քթի տակից կորավ բանկի փողը, չորս հարյուր ռուբլիանոց մի կապուկ։ Զերշչիկովը ցույց էր տալիս այն տեղը, ուր այն դրված էր, «հենց նոր դրված էր», և պարզվում էր, որ այդ տեղը ճիշտ իմ կողքին էր, առնչվում էր ինձ հետ, այն տեղի հետ, ուր դրված էին իմ փողերը, այսինքն՝ շատ ավելի ինձ մոտ, ուրեմն, քան Աֆերդովին։
― Գողն այստեղ է։ Սա է նորից գողացել, խուզարկեցեք սրան,― Աֆերդովին մատնանշելով բացականչում էի ես։
― Այս բոլորի պատճառն այն է,― համընդհանուր աղաղակների մեջ հնչեց մեկի ամպագոռգոռ, պատկառազդու ձայնը,― որ գալիս են անհայտ մարդիկ։ Ներս են թողնում չերաշխավորվածների։ Սրան ո՞վ է բերել։ Ո՞վ է սա։
― Ինչ-որ մի Դոլգոռուկի։
― Իշխա՞ն Դոլգոռուկի։
― Սրան իշխան Սոկոլսկին է բերել,― բղավեց մեկը։
― Լսո՞ւմ եք, իշխան,― մոլեգնած աղաղակում էի ես սեղանի մի ծայրից մյուսը,― սրանք էլ ինձ են գող համարում, մինչդեռ հենց ինձ են այստեղ թալանել։ Ասացեք իրենց, ասացեք իրենց իմ մասին։
Եվ հենց այդ պահին տեղի ունեցավ ադ ամբողջ օրվա... նույնիսկ ողջ կյանքիս ընթացքում կատարվածից ամենասարսափելին. իշխանն ուրացավ։ Ես տեսա, թե նա ինչպես թոթվեց ուսերը և ի պատասխան իր վրա թափված հարցերին, հատու և հստակ արտասանեց.
― Ես ոչ ոքի համար պատասխանատու չեմ։ Խնդրում եմ ինձ հանգիստ թողնեք։
Մինչ այդ Աֆերդովը կանգնել էր ամբոխի մեջ և բարձրաձայն պահանջում էր, որ իրեն խուզարկեն։ Նա ինքն էր դատարկում իր գրպանները։ Բայց նրա պահանջին պատասխանում էին ճիչերով. «Ոչ, ոչ, գողը հայտնի է»։ Ներս կանչված զույգ ծառաները հետևից բռնեցին ձեռքերս։
― Ես թույլ չեմ տա, որ ինձ խուզարկեն, չեմ հանդուրժի,― աշխատելով դուրս պրծնել նրանց ձեռքից բղավում էի ես։
Բայց ինձ քարշ տվին հարևան սենյակը և այնտեղ ամբոխի առաջ խուզարկեցին մինչև ամենավերջին ծալս։ Ես բղավում էի ու աշխատում պոկվել նրանցից։
― Նետել է, երևի, պետք է հատակին փնտրել,― վճռեց մեկը։
― Էլ ո՜ւր փնտրենք հատակին։
― Հասցրեց, երևի, սեղանի տակ նետել ինչ-որ կերպ։
― Իհարկե, հետքն էլ է ջնջվել...
Ինձ դուրս բերեցին, բայց ես ինչ-որ ձևով հասցրի կանգնել դռների մեջ և անիմաստ կատաղությամբ բղավել ողջ դահլիճով մեկ.
― Ռուլետկա խաղալն արգելված է ոստիկանության կողմից։ Հենց այսօր կմատնեմ բոլորիդ։
Ինձ քարշ տվին ցած, հագցրին ու... Իմ առջև բացեցին փողոցի դուռը։
=== Գլուխ իններորդ ===
'''I'''
Օրն ավարտվեց աղետով, բայց գիշերը դեռ կար, և ահա թե ինչ մնաց մտքումս այդ գիշերվանից։
Կարծում եմ, որ նոր էր անցել կեսգիշերը, երբ ես հայտնվեցի փողոցում։ Գիշերը պարզկա էր, խաղաղ ու սառնորակ։ Ես համարյա վազում էի, սոսկալի շտապում, բայց ամենևին էլ ոչ դեպի տուն։ «Ինչի՞ համար տուն, մի՞թե հիմա կարող է տուն լինել։ Տանն ապրում են, վաղը պիտի արթնանամ, որ ապրեմ, բայց մի՞թե դա հնարավոր է հիմա։ Կյանքն ավարտված է, հիմա արդեն ամենևին չի կարելի ապրել»։ Եվ ես թափառում էի փողոցներում, ամենևին չհասկանալով, թե ուր եմ գնում, և չգիտեմ էլ, արդյո՞ք ուզում էի որևէ տեղ հասնել։ Խիստ շոգում էի և ամեն րոպե բաց էի անում ջրարջի մորթե մուշտակս։ «Հիմա արդեն ոչ մի գործողություն (թվում էր ինձ այն պահին) չի կարող որևէ նպատակ ունենալ»։ Եվ տարօրինակ է. ինձ շարունակ թվում էր, թե շուրջս ամեն բան, նույնիսկ այն օդը, որ շնչում էի, կարծես մի ուրիշ մոլորակից էր, կարծես հանկարծ ես Լուսնի վրա էի հայտնվել։ Այս բոլորը՝ քաղաքը, անցորդները, մայթը, որով վազում էի, արդեն ''իմս չէր''։ «Այ, սա Պալատի հրապարակն է, սա Իսահակի տաճարը,― հազիվ նշմարում էի ես,― բայց հիմա ես դրանց հետ ոչ մի գործ չունեմ», այդ ամենը մի տեսակ օտարացել էր և հանկարծ ''իմս չէր'' այլևս։ «Ես մայր ունեմ, Լիզան կա, հետո՜ ինչ, հիմա ինչի՞ս են պետք Լիզան ու մայրիկը։ Ամեն բան վերջացած է, միանգամից վերջացած, բացի մեկից, նրանից, որ ես հավիտենական գող եմ»։
«Ինչո՞վ կարող եմ ապացուցել, որ ես գող չեմ։ Մի՞թե դա հիմա հնարավոր է։ Գնամ Ամե՞րիկա։ Բայց ի՞նչ կապացուցեմ դրանով։ Առաջինը Վերսիլովը կհավատա, որ ես գողություն եմ արել։ «Մի՞տքս»։ Ի՞նչ «միտք»։ Ինչի՞ս է պետհք հիմա «միտքս»։ Հիսուն տարի հետո, հարյուր տարի հետո ես կանցնեմ փողոցով և միշտ կգտնվի մեկը, որն, ինձ ցույց տալով, կասի. «Սա գող է։ «Իր մտքի» իրականացումը սա սկսել է նրանից, որ փող է գողացել ռուլետկայից...»։
Զայրույթ կա՞ր մեջս։ Չգիտեմ, գուցեև, կար։ Տարօրինակ է, բայց ես մշտապես, միգուցե ամենավաղ մանկությունից սկսած, մի հատկություն ունեի․ եթե ինձ վատություն էին արել և խիստ վատություն, ծայրաստիճան վիրավորել էին ինձ, ապա իմ մեջ իսկույն անհագուրդ մի ցանկություն էր առաջանում պասսիվ կերպով ենթարկվել այդ վիրավորանքին և նույնիսկ ընդառաջել վիրավորողի ցանկությանը։ «Խնդրեմ, դուք ինձ ստորացրիք, որեմն, էլ ավելի կստորանամ, խնդրեմ, նայեցեք և հիացեք»։ Տուշարն ինձ ծեծում էր և ուզում էր ցույց տալ, որ ես լակեյ եմ, և ոչ թե սենատորի որդի, և այն ժամանակ ես ինքս իսկույն լակեյի դերի մեջ մտա։ Ես ոչ միայն շորերն էի մատուցում նրան հագնվելիս, այլև ինքս էի իսկույն ձեռքս առնում խոզանակն ու սկսում էի մաքրել նրա վրայից փոշու ամենավերջին հատիկը, արդեն առանց նրա որևէ խնդրանքի կամ հրամանի, երբեմն լակեյական մոլուցքով բռնված՝ ինքս էի խոզանակը ձեռքիս ընկնում նրա հետևից, որպեսզի մի վերջին փշրանք էլ դեն նետեմ նրա ֆրակի վրայից, այնպես որ երբեմն ինքն էր արդեն ինձ կանգնեցնում. «Բավական է, բավական, Արկադի, բավական է»։ Լինում էր, որ նա գալիս էր, վրայից հանում վերնահագուստը, իսկ ես իսկույն մաքրում եմ այն, խնամքով ծալում ու մետաքսե վանդականկար թաշկինակով ծածկում։ Գիտեմ, որ ընկերներս ծիծաղում են, արհամարհում ինձ դրա համար, հրաշալի գիտեմ, բայց ինձ հենց դա է հաճելի. «Եթե ուզում եք, որ ես լակեյ լինեմ, թող լակեյ լինեմ, ուզում եք, որ ռամիկ լինեմ՝ ռամիկ եմ ու կամ»։ Պասսիվ ատելությունս ու թաքնված զայրույթս այս ձևով ես կարող էի շարունակել տարիներով։ Եվ ի՞նչ։ Կատարյալ մոլուցքով բռնված՝ ես Զերշչիկովի մոտ բղավեցի դահլիճով մեկ. «Կմատնեմ բոլորիդ, ռուլետկան արգելված է ոստիկանության կողմից»։ Եվ երդվում եմ, որ այստեղ էլ դրա նման մի բան կար, ինձ ստորացրել էին. խուզարկել էին, գող հայտարարել, սպանել՝ «Դեհ, իմացեք, բոլորդ, որ ճիշտ եք կռահել, ես ոչ միայն գող եմ, այլև մատնիչ»։ Այժմ, հիշելով այդ, ես հենց այդպես եմ իրար կապում ու բացատրում, իսկ այն ժամանակ ամենևին էլ վերլուծությունների միտք չունեի, բղավեցի այն ժամանակ առանց որևէ մտադրության, նույնիսկ մի վայրկյան առաջ չգիտեի, թե այդպես կբղավեմ, ինքն իրեն բղավվեց, ուղղակի այդպիսի ''հատկություն'' կար իմ հոգում։
Վազելիս անշուշտ տենդս արդեն սկսվում էր, բայց ես շատ լավ եմ հիշում, որ գիտակցաբար էի գործում։ Մինչդեռ հաստատապես ասում եմ, որ մտքերի ու եզրակացությունների մի ամբողջ շարք այն ժամանակ արդեն անհնարին էր ինձ համար, նույնիսկ այն րոպեներին ես ինքս ներքուստ զգում էի, որ «որոշ մտքեր ես կարող եմ ունենալ, իսկ ուրիշ մտքեր ես արդեն ոչ մի կերպ չեմ կարող ունենալ»։ Ինչպեսև որոշ վճիռներս, թեև հստակ գիտակցությամբ ընդունված, կարող էին այն ժամանակ ամենաչնչին տրամաբանությամբ անգամ իրենց մեջ չունենալ։ Դեռ ավելին, ես շատ լավ հիշում եմ, որ որոշակի րոպեների ես կարող էի միանգամայն հստակ գիտակցել որևէ վճռիս անհեթեթությունը և միևնույն ժամանակ լիակատար գիտակցությամբ հենց իսկույն էլ սկսել նրա կատարումը։ Այո, հանցագործությունը հասունանում էր այն գիշեր և միայն պատահաբար չկատարվեց։
Այն ժամանակ գլխումս հանկարծ առկայծեց Տատյանա Պավլովնայի ասածը Վերսիլովի մասին. «Թող Նիկոլայի երկաթգծի մոտ գնար ու գլուխը ռելսերին դներ, տեղնուտեղը կթռցնեին»։ Այդ միտքն ակնթարթորեն համակեց բոլոր զգայարաններս, բայց ես իսկույն, ցավով վանեցի այն. «Գլուխս ռելսերին դնեմ ու մեռնեմ, իսկ վաղն ասեն, այդպես արեց, որովհետև գողացել էր, ամոթից արեց, ոչ, ոչ մի դեպքում»։ Եվ հենց այդ վայրկյանին, հիշում եմ, սոսկալի զայրույթի մի պահ ապրեցի։ «Ուրեմն, ի՞նչ,― անցավ մտքովս,― արդարանալ արդեն ոչ մի կերպ չի կարելի, նոր կյանք սկսելն էլ՝ անհնարին է, և այդ պատճառով պետք է հնազանդվեմ, լակեյ դառնամ, շուն, չնչին միջատ, մատնիչ, արդեն իսկական մատնիչ դառնամ, իսկ ինքս կամաց-կամաց պատրաստվեմ և մի օր ամեն բան ու ամենքին մեղավորին ու անմեղին հօդս ցնդացնեմ, ոչնչացնեմ, և այդ ժամանակ ամենքը հանկարծ կիմանան, որ այս բոլորը նա արեց, որին գող անվանեցին... իսկ հետո ինձ կսպանեմ»։
Չեմ հիշում, ինչպես վազելով Կոննոգվարդիական բուլվարի մոտ գտնվող մի նրբանցք մտա։ Այդ նրբանցքում երկու կողմից համարյա հարյուր քայլ երկարությամբ քարաշեն բարձր պատեր ետնաբակերի պարիսպներ էին ձգվում։ Մի պատի հետևում ձախից ես վառելափայտի հսկայական, եկար կուտակներ տեսա, ինչպես լինում է վառելափայտի վաճառատեղերում, որոնք սաժենից քիչ էլ ավելի բարձր էին պատից։ Հանկարծ ես կանգ առա ու սկսեցի խորհել։ Գրպանումս փոքրիկ արծաթե տուփով մոմե լուցկիներ կային։ Կրկնում եմ, ես միանգամայն հստակ գիտակցում էի այն ժամանակ՝ ինչի մասին խորհում էի և ինչը ուզում էի անել և այդպես էլ հիշում եմ հիմա, բայց թե ինչի՞ համար էի ուզում անել այդ՝ չգիտեմ, բոլորովին չգիտեմ։ Հիշում եմ միայն, որ հանկարծ շատ ուզեցի։ «Պատի վրա բարձրանալ շատ էլ հնարավոր է», դատում էի ես հենց այստեղ, երկու քայլի վրա, պատն ընդմիջվում էր դարպասով, որը հավանաբար ամուր փակված էր լինում ամիսներով։ «Վարի ելուստին կանգնելով,― շարունակում էի խորհրդածել ես,― կարելի է, դարպասի վերին մասից կառչելով, պատի վրա բարձրանալ և ոչ ոք չի էլ նկատի, ոչ ոք չկա, կատարյալ խաղաղություն է։ Իսկ հետո պատի վրա կնստեմ և հրաշալի կվառեմ վառելափայտը, կարելի է նույնիսկ առանց ցած իջնելու, որովհետև փայտը համարյա ընդհուպ կպչում է պատին։ Ցրտից էլ ավելի ուժգին կբռնկվեն, բավական է, որ ձեռքս հասցնեմ մի կեչափայտի... և ոչ մի կարիք էլ չկա ձեռքս փայտին հասցնելու, կարելի է ուղղակի, պատին նստած, կեչափայտից մի կտոր կեղև պոկել, լուցկու բոցով վառել, վառել ու փայտերի արանքը խոթել, և հրդեհը պատրաստ է։ Իսկ ես ցած կթռչեմ ու կհեռանամ, նույնիսկ փախչելու կարիք չկա, որովհետև դեռ երկար ժամանակ չեն էլ նկատի...»։ Այսպես ես ամեն բան կշռադատեցի և հանկարծ լիակատար վճիռ ընդունեցի։ Ես արտակարգ բավականություն, ուղղակի հրճվանք զգացի ու սկսեցի բարձրանալ։ Ես հրաշալի էի մագլցում, մարմնամարզությունը դեռ գիմնազիայում էր իմ մասնագիտությունը, բայց ես կրկնակոշիկներով էի, և պարզվեց, որ բանն ավելի դժվար է։ Սակայն ես այնուամենայնիվ հասցրի ձեռքով կառչել մի հազիվ շոշափելի ելուստից վերում և բարձրացա, մյուս ձեռքս վեր նետեցի, որ կառչեմ արդեն պատի վերին մասից, բայց հանկարծ պոկվեցի և մեջքի վրա վայր ընկա։ Կարծում եմ, որ ծոծրակս գետնին խփեցի և հավանաբար, մեկ կամ երկու րոպե գիտակցությունս կորցրած մնացի պառկած։ Ուշքի գալով և անտանելի ցուրտ զգալով ես մեքենայորեն իրար վրա բերեցի մուշտակիս փեշերը և դեռ լավ չգիտակցելով, թե ինչ եմ անում, սողացի դեպի դարպասի անկյունը և, կծկվելով ու կուչ գալով, նստեցի դարպասի ու պատի ելուստի միջև գտնվող խորշում։ Մտքերս խառնվում էին և, հավանաբար, ես շատ շուտով քուն մտա։ Կարծես քնիս մեջ, հիմա հիշում եմ, որ հանկարծ ականջներիս մեջ զանգի թանձր, ծանր ղողանջ հնչեց, և ես հրճվանքով սկսեցի ականջ դնել դրան։
'''II'''
Զանգը հաստատ ու որոշակի խփում էր երկու, կամ նույնիսկ երեք վայրկյանը մեկ անգամ, բայց դա ահազանգ չէր, այլ հաճելի, հոսուն մի ղողանջ, և ես հանկարծ կռահեցի, որ դա ախր, ծանոթ ղողանջ է, որ սուրբ Նիկոլի, Տուշարի դիմացի կարմիր եկեղեցու մոսկովյան հնամենի եկեղեցու զանգերն են տալիս, որն ես այնքան լավ եմ հիշում, այն եկեղեցու, որը կառուցված է դեռևս Ալեքսեյ Միխայլովիչի օրոք. նախշաքանդակ, բազմագմբեթ և «սյունազարդ», և որ հիմա հենց նոր է անցել ավագ շաբաթը ու Տուշարի տան նախապարտեզում բարակ կեչիների վրա արդեն դողդողում են նորաբաց կանաչ տերևիկները։ Մինչ իրիկնային վառ արևն իր թեք ճառագայթներն է հղում մեր դասասենյակին, իսկ ինձ մոտ, ձախակողմյան իմ փոքրիկ սենյակում, ուր դեռ մեկ տարի առաջ Տուշարը տեղափոխել էր ինձ, հեռացնելով «կոմսերի ու սենատորների երեխաներից», հյուր է նստած։ Այո, ինձ՝ անտոհմիկ մարդուս մոտ հանկարծ հյուր էր հայտնվել, առաջին անգամ այն օրից, ինչ ես Տուշարի մոտ էի գտնվում։ Այդ հյուրին, նրա ներս մտնելուն պես, ես իսկույն ճանաչեցի։ Դա իմ մայրիկն էր, թեև այն ժամանակվանից, ինչ նա ինձ հաղորդության էր տարել գյուղական եկեղեցի, ուր աղավնյակը թռել էր գմբեթի միջով, այլևս ոչ մի անգամ չէի տեսել։ Մենք նստած էինք երկուսով, և ես տարօրինակ կերպով զննում էի նրան։ Հետագայում, արդեն շատ տարիներ անց, ես իմացա, որ այն ժամանակ մնալով առանց Վերսիլովի, որը հանկարծ արտասահման էր մեկնել, նա իր ողորմելի միջոցներով ինքնակամ, համարյա գաղտնի այն մարդկանցից, ում հանձնարարված էր նրա խնամքը, եկել էր Մոսկվա և միմիայն նրա համար, որ ինձ հետ տեսնվի։ Տարօրինակ էր նաև այն, որ մտնելով Տուշարի մոտ ու խոսելով նրա հետ, նա բառ անգամ չասաց ինձ, թե ինքն իմ մայրն է։ Նա նստել էր իմ կողքին, և ես, հիշում եմ, նույնիսկ զարմանում էի, որ այդքան քիչ է խոսում նա։ Նա մի կապոց ուներ ձեռքին, որը հետո բաց արեց, նրանում վեց նարինջ կար, մի քանի մեղրաբլիթ և երկու սովորական, ֆրանսիական հաց։ Ես վիրավորվեցի ֆրանսիական հացերի համար և նեղացած տեսքով պատասխանեցի, թե մեր «սնունդն» այստեղ շատ լավն է, և ամեն օր թեյի հետ մի-մի ֆրանսիական բուլկի են տալիս մեզ։
― Միևնույն է, սիրելիս, ես, ախր, չիմանալով, մտածեցի. «Գուցե նրանց էնտեղ, դպրոցում, վատ են կերակրում», ներող եղիր, հարազատս։
― Եվ Անտոնինա Վասիլևնան էլ (Տուշարի կինը) կնեղանա։ Ընկերներս էլ վրաս կծիծաղեն...
― Չե՞ս վերցնելու, ինչ է, միգուցե կուտե՞ս։
― Ուզում եք, թողեք...
Իսկ այդ քաղցրեղենին ես ձեռք անգամ չտվեցի, նարինջներն ու մեղրաբլիթները դրված էին իմ առջև, սեղանին, իսկ ես նստել էի աչքերս գետնին հառած, բայց սեփական արժանապատվության չափազանց փքուն տեսքով։ Ով գիտե, միգուցե ես շատ էլ ուզում էի չթաքցնել նրանից նաև այն. որ նրա այցելությունը նույնիսկ ընկերներիս մոտ է ինձ անհարմար դրության մեջ դնում, գոնե մի փոքր ցույց տալ նրան դա, որ հասկանա. «Իբր, խնդրեմ, դու ինձ խայտառակում ես և նույնիսկ ինքդ չես հասկանում դա»։ Օ՜, ես արդեն այն ժամանակ էի խոզանակը ձեռքիս վազում Տուշարի հետևից ու փոշու ամենաչնչին հատիկը թռցնում նրա վրայից։ Պատկերացնում էի նաև, թե ինչ ծաղր ու ծանակի կենթարկվեմ տղաների, գուցեև հենց իր Տուշարի կողմից հենց որ նա գնա, և սրտումս ամենափոքր բարի զգացմունքն անգամ չկար նրա նկատմամբ։ Միայն աչքիս պոչով հայացք էի նետում նրա հնամաշ, մուգ հագուստին, բավական կոպիտ, համարյա աշխատավորի ձեռքերին, և արդեն միանգամայն կոպիտ նրա կոշիկներին ու խիստ նիհարած դեմքին, արդեն կնճիռներ էին գծագրվել նրա ճակատին, թեև Անտոնինա Վասիլևնան ինձ ասաց հետո, երեկոյան, նրա գնալուց հետո.«Ձեր մայրիկը, երևի, մի ժամանակ շատ սիրուն է եղել»։ Այդպես նստած էինք մենք, երբ հանկարծ ներս մտավ Ագաֆյան՝ սկուտեղը ձեռքին, որի վրա մի գավաթ սուրճ էր դրված։ Հետճաշյա ժամ էր, իսկ Տուշարները այդ ժամին միշտ սուրճ էին խմում իրենց հյուրասենյակում։ Բայց մայրիկս շնորհակալություն հայտնեց ու գավաթը չվերցրեց, ինչպես իմացա հետո, այն ժամանակ նա բոլորովին սուրճ չէր խմում, քանի որ այն սրտի խփոց էր առաջացնում նրա մոտ։ Բանն այն է, որ նրա այցելությունն ու ինձ տեսնելու թույլտվությունը Տուշարներն իրենց մեջ, ըստ երևույթին, մի արտակարգ զիջողություն էին համարում իրենց կողմից, այնպես որ մորս ուղարկած մի գավաթ սուրճն, այսպես ասած, արդեն մարդասիրության մի սխրանք էր, որը, համեմատաբար ասած արտակարգ պատիվ էր բերում նրանց քաղաքակիրթ զգացումներին ու եվրոպական հասկացություններին։ Իսկ մայրս, հակառակի պես, հրաժարվեց։
Ինձ Տուշարի մոտ կանչեցին, նա կարգադրեց վերցնել բոլոր տետրակներս ու գրքերս և ցույց տալ մայրիկիս. «Որ նա տեսնի, թե որքան գիտելիք եք հասցրել ձեռք բերել իմ հաստատության մեջ»։ Այստեղ Անտոնինա Վասիլևնան, շրթունքները կիտելով, վիրավորվածությամբ ու հեգնանքով ատամների արանքից ասաց ինձ իր կողմից.
― Կարծեմ, ձեր մայրիկին դուր չեկավ մեր սուրճը։
Ես հավաքեցի տետրակներս ու, անցնելով դասասենյակում խմբված՝ ինձ ու մայրիկիս վրա գաղտագողի հայացքներ նետող «կոմսերի ու սենատորների երեխաների» կողքով, տարա ինձ սպասող մայրիկիս մոտ։ Եվ ինձ նույնիսկ դուր եկավ Տուշարի հրամանը տառացիորեն ճշգրիտ կատարելը։ Ես մեթոդաբար սկսեցի բացել տետրակներս ու բացատրել մայրիկիս. «Այ, սրանք ֆրանսերենի քերականության դասերն են, սրանք թելադրութան վարժությունները, այստեղ՝ avoir և être օժանդակ բայերի խոնարհումը, այստեղ՝ աշխարհագրություն է. բոլոր աշխարհամասերի ու Եվրոպայի գլխավոր քաղաքների նկարագրությունը» և այլն, և այլն։ Մոտ կես ժամ կամ դեռ ավելի հանդարտ, ցածրաձայն ու, բարեկրթորեն հայացքս տետրերիս հառած ես բացատրում էի այդ բոլորը։ Ես գիտեի, որ մայրիկս ոչինչ չի հասկանում այդ գիտություններից, նույնիսկ գրել, երևի, չգիտե, բայց հենց դրանում էր, որ իմ դերն ինձ դուր էր գալիս։ Բայց նրան հոգնեցնել չկարողացա, նա լսում էր ինձ առանց ընդհատելու, արտակարգ ուշադրությամբ և նույնիսկ երկյուղածությամբ, այնպես որ ինքս վերջապես ձանձրացա ու դադարեցի, նրա հայացքը, ի դեպ, թախծալի էր և ինչ-որ խղճալի բան կար նրա դեմքին։
Վերջապես նա վերկացավ, որ գնա. հանկարծ ներս մտավ ինքը Տուշարը, և փքված-ապուշ տեսքով հարցրեց նրան, արդյոք գո՞հ է որդու հաջողություններից։ Մայրիկս սկսեց անկապ-անկապ մրմնջալ ու շնորհակալություն հայտնել, եկավ նաև Անտոնինա Վասիլևնան։ Մայրիկս սկսեց խնդրել նրանց երկուսին էլ «անուշադիր չթողնել որբուկին, հիմա նա միևնույն է, թե որբուկ է, ձեր բարերարությունը ցուցաբերեք...» և արտասուքն աչքերին երկուսին էլ, ամեն մեկին առանձին-առանձին, խոր գլուխ տվեց, ճիշտ այնպես, ինչպես գլուխ են տալիս «հասարակ մարդիկ», երբ գալիս են որևէ բան խնդրելու բարձրաստիճան պարոններից։ Տուշարները նման բանի չէին էլ սպասում, իսկ Անտոնինա Վասիլևնան, ըստ երևույթին, փափկեց և, իհարկե, իսկույն փոխեց իր եզրակացությունը մի գավաթ սուրճի կապակցությամբ։ Տուշարը, մի առանձին փքվածությամբ, մարդասիրաբար պատասխանեց, որ ինքը «խտրականություն չի դնում երեխաների մեջ, որ այստեղ բոլորն իր երեխաներն են, իսկ ինքը նրանց հայրը, որ ես իր մոտ համարյա նույն համարումն ունեմ, ինչ որ սենատորների ու կոմսերի երեխաները, և որ պետք է գնահատել այդ բոլորը» և այլն, և այլն։ Մայրիկս միայն գլուխ էր տալիս, սակայն, թերևս, անհարմար էր զգում և, վերջապես, դեպի ինձ շրջվեց և աչքերում փայլատակող արտասուքներով արտասանեց. «Մնաս բարով, սիրելիս»։
Եվ համբուրեց ինձ, այսինքն ես թույլ տվի ինձ համբուրել։ Նա, երևի, կուզենար նորից ու նորից համբուրել ինձ, գրկել, կրծքին սեղմել, բայց, արդյոք, ինքն իրեն անհարմա՞ր զգաց մարդկանց ներկայությամբ, թե՞ ցավ զգաց մի ուրիշ բանից, թե կռահեց, որ ես ամաչեցի իր համար, միայն թե նա մի անգամ էլ փութկոտ գլուխ տվեց Տուշարներին և դեպի դուռը դիմեց։ Ես կանգնած էի։
― Mais suivez donc votre mère,― ասաց Անտոնինա Վասիլևնան - il n’a pas de coeur cet enfant<ref>Դե ուղեկցեք ձեր մորը... ի՜նչ անսիրտ տղա է (ֆրանս.)։</ref>.
Նրան ի պատասխան, Տուշարը թոթվեց ուսերը, որն, իհարկե, կնշանակեր. «Իզուր չէ, այսինքն, որ ես տանջում եմ սրան լակեյի պես»։
Ես հլու-հնազանդ իջա մորս հետևից, մենք դուրս եկանք առմուտք։ Ես գիտեի, որ նրանք բոլորը հիմա դուրս են նայում պատուհանից։ Մայրիկս դեպի եկեղեցին դարձավ և նրան նայելով երեք անգամ խորունկ խաչակնքեց երեսը, նրա շրթուքները ցնցվում էին, թանձր զանգը հնչեղ ու համաչափ ղողանջում էր զանգակատնից։ Նա դեպի ինձ դարձավ և... չդիմացավ, երկու ձեռքը դրեց գլխիս և արտասվեց գլխիս վրա։
― Բավական է, մայրիկ... ամոթ է... ախր նրանք հիմա պատուհանից տեսնում են սա...
Նա սթափվեց ու սկսեց շտապել.
― Ախ, Տեր Աստված... Դեհ, Աստված քեզ հետ... Երկնային հրեշտակները, Սուրբ Աստվածածինը Նիկոլայ-հաճկատարը քեզ պահապան... Տեր Աստված, Տեր Աստված,― արագ-արագ կրկնում էր նա, շարունակ խաչակնքելով ինձ, շարունակ աշխատելով ավելի հաճախ ու ավելի շատ խաչեր կնքել ինձ վրա,― սիրելիս, հրեշտակս։ Սպասիր, սիրելիս...
Նա ձեռքը փութկոտ գրպանը տարավ և այնտեղից հանեց մի թաշկինակ, կապույտ, վանդականկար, սի ծայրը ամուր կապ գցած թաշկինակ, ու սկսեց կապը քանդել... բայց կապը չէր քանդվում։
― Դե, միևնույն է, թաշկինակով վերցրու, մաքուր է, գուցե պետք կգա, էստեղ չորս քսանկոպեկանոց է, կարող է հարկավոր լինեն, ներիր, սիրելիս, դրանից ավելի ինքս էլ չունեմ... Ներիր, սիրելիս։
Ես վերցրի թաշկինակը, բայց ուզում էի նկատել, որ «պարոն Տուշարն ու Անտոնինա Վասիլևնան մեզ համար շատ լավ ապրուստ են սահմանել և մենք ոչ մի բանի կարիք չունենք», բայց զսպեցի ինձ ու վերցրի թաշկինակը։
Մի անգամ էլ խաչակնքեց, մի անգամ էլ ինչ-որ մի աղոթք մրմնջաց և հանկարծ՝ ինձ էլ, ինչպես վերում Տուշարներին, դանդաղ, խոր ու տևական գլուխ տվեց։ Երբեք չեմ մոռանա դա։ Ես ուղղակի ցնցվեցի, ինքս էլ չիմանալով, թե ինչու։ Ի՞նչ էր ուզում ասել այդ խոնարհումով. «Արդյոք, իր մե՞ղքն իմ նկատմամբ խոստովանեց»,― ինչպես շատ ժամանակ անց մի անգամ անցավ մտքովս, չգիտեմ։ Բայց այն ժամանակ ես իսկույն էլ ավելի ամաչեցի, որ «նրանք նայում են վերևից, իսկ Լամբերտը, թերևս, կսկսի ծեծել ինձ»։
Վերջապես նա գնաց։ Նարինջներն ու մեղրաբլիթները մինչև իմ վերադառնալն էին կերել կոմսերի ու սենատորների երեխաները, իսկ չորս քսան-կոպեկանոցը ձեռքիցս իսկույն առավ Լամբերտը. դրանցով հրուշակարանում կարկանդակ ու շոկոլադ գնեցին, իսկ ինձ նույնիսկ չհյուրասիրեցին։ Դրանից հետո կես տարի անցավ, եկավ քամոտ ու անձրևոտ հոկտեմբերը։ Մորս ես բոլորովին մոռացա։ Օ՜, այն ժամանակ ատելությունը, անանց ատելությունն ամեն ինչի նկատմամբ արդեն թափանցել էր սիրտս և ամբողջապհես համակել նրան, թեև ես առաջվա պես խոզանակով մաքրում էի Տուշարի հագուստը, բայց ամբողջ ուժովս արդեն ատում էի նրան և օր-օրի վրա ավելի ու ավելի։ Եվ հենց այդ ժամանակ մի անգամ, իրիկնային թախծալի մթնշաղին, չգիտեմ ինչու, սկսեցի փնտրտել դարակս և հանկարծ անկյունում տեսա մայրիկիս կապտագույն բատիստե թաշկինակը, այն այդպես էլ մնացել էր դարակում այն օրից, ինչ խոթել էի այնտեղ։ Ես հանեցի այն ու զննեցի նույնիսկ որոշակի հետաքրրությամբ. թաշկինակի ծայրը դեռ լիովին պահպանում էր նախկին կապի հետքը և նույնիսկ մետաղադրամի հստակ դրոշմված կլորիկ տպանկարը. ես, ի դեպ, տեղը դրի թաշկինակը և դարակը ներս հրեցի։ Տոնի նախօրյակ էր, և իրիկնային ժամասացության զանգերը ղողանջում էին։ Սաներն արդեն ճաշից հետո ցրվել էին իրենց տները, բայց Լամբերտն այս անգամ կիրակի օրով մնացել էր դպրոցում, չգիտեմ ինչու, այս անգամ մարդ չէին ուղարկել նրան տանելու։ Թեև նա շարունակում էր ինձ ծեծել, ինչպեսև առաջներում, բայց արդեն շատ բան էր ինձ պատմում և իմ կարիքն ուներ։ Մենք ամբողջ երեկո զրուցեցինք Լեպաժի ատրճանակների մասին, որոնք մեզնից ոչ մեկը չէր տեսել, չերքեզական թրերի ու այն մասին, թե ինչպես են դրանք թրատում, նաև այն, թե ինչ լավ կլիներ, եթե ավազակախումբ կազմեինք և, ի վերջո, Լամբերտն անցավ իր սիրելի խոսակցություններին՝ հայտնի, գարշելի թեմայով, ու թեև մտքումս զարմանում էի, բայց շատ էի սիրում լսել։ Բայց այս անգամ ինձ համար հանկարծ անտանելի դարձավ, և ես ասացի նրան, թե գլուխս ցավում է։ ժամը տասին մենք պառկեցինք քնելու, ես գլխովին փաթաթվեցի վերմակով և բարձիս տակից դուրս քաշեցի կապույտ թաշկինակը ինչ-որ բանի համար մեկ ժամ առաջ ես նորից գնացի այն բերելու և, հենց որ գցեցին մեր տեղաշորները, խոթեցի բարձիս տակ։ Իսկույն սեղմեցի այն դեմքիս և հանկարծ սկսեցի համբուրել։ «Մայրիկ, մայրիկ»,― շշնջում էի ես հիշելով, և կուրծքս սեղմվում էր, կարծես, մամլակի մեջ առնված։ Փակում էի աչքերս և տեսնում նրա' դողացող շրթունքներով դեմքը, երբ նա խաչակնքվում էր եկեղեցուն նայելով, հետո խաչակնքում ինձ, իսկ ես ասում էի. «Ամոթ է, նայում են»։ «Մայրիկ, մայրիկ, մի անգամ կյանքումս եկել էիր ինձ մոտ... Որտե՞ղ ես այժմ, հեռավոր իմ հյուր։ Հիշո՞ւմ ես, արդյոք, հիմա քո խեղճ տղեկին, որի մոտ հյուր էիր եկել... Գոնե մի անգամ հիմա երևա, գոնե երազումս երևա, որ միայն ասեմ քեզ, թե ինչպես եմ սիրում քեզ, միայն գրկեմ քեզ ու քո կապուտակ աչուկները համբուրեմ, ասեմ քեզ, որ հիմա ամենևին չեմ ամաչում քեզ համար, որ այն ժամանակ էլ էի սիրում քեզ, և որ սիրտս մղկտում էր այն ժամանակ, իսկ ես նստել-մնացել էի լակեյի նման։ Երբեք չես իմանա դու, մայրիկ, թե ինչպե՜ս էի սիրում քեզ այն ժամանակ։ Ու՞ր ես դու հիմա, մայրիկ, լսո՞ւմ ես ինձ, արդյոք։ Մայրիկ, մայրիկ, իսկ հիշո՞ւմ ես աղավնյակին գյուղում...»։
― Գրողը տանի... Սա ի՞նչ է,― փնթփնթում է իր մահճակալից Լամբերտը,― սպասիր, ցույց կտամ քեզ։ Չի թողնում քնեմ...― Ի վերջո, նա վեր է թռչում անկողնուց, վազում է ինձ մոտ ու սկսում է պոկել վերմակը վրայիցս, բայց ես ամուր բռնում եմ վերմակս, որի մեջ փաթաթվել էի գլխովին։
― Թնկթնկում ես, ինչո՞ւ ես թնկթնկում, հիմար, հիմար։ Առ քեզ,― և նա խփում է ինձ, բռունցքով ցավոտ խփում է մեջքիս, կողքիս, գնալով ավելի ու ավելի ցավոտ ու... հանկարծ բացում եմ աչքերս...
Արդեն արագ լուսանում է, ծակծկող սառնամանիքը փայլատակում է պատի, ձյան վրա... Ես կծկված նստած եմ, հազիվ կենդանի, մուշտակիս մեջ փայտացած, իսկ ինչ-որ մեկը կանգնած է վրաս կախված, արթնացնում է ինձ՝ բարձր հայհոյելով ու աջ ոտքի քթով ցավոտ խփելով կողքիս։ Կիսով չափ վեր եմ կենում, նայում եմ. արջի մորթու հարուստ մուշտակով, սամույրե գլխարկով, սևաչվի, ձյութի պես սև, պճնագեղ այտմորուսներով, արծվաքթով, սպիտակ, ինձ վրա կրճտացնող ատամներով, սպիտակամորթ, կարմրաթուշ, դիակի նման դեմքով մի մարդ... Նա շատ խորն է կռացել ինձ վրա, և սառնամանիքի գոլորշին ամեն շնչի հետ դուրս է թռչում նրա բերանից.
― Սառել ես, հարբած մռութ, հիմար։ Շան պես կսառչես, վե՛ր կաց։ Վե՛ր կաց։
― Լամբերտ,― բղավում եմ ես։
― Ո՞վ ես։
― Դոլգոռուկին։
― Ի՞նչ գրողի տարած Դոլգոռուկի։
― ''Ուղղակի'' Դոլգոռուկի... Տուշար... Հենց նա, որի կողը պանդոկում պատառաքաղ խրեցիր...
― Հա՜,― ինչ-որ տևական, մտաբերող ժպիտով աղաղակում է նա (բայց մի՞թե սա ինձ մոռացել է)։― Հա։ Ուրեմն այդ դո՞ւ ես։
Նա բարձրացնում է ինձ, ոտքերիս վրա կանգնեցնում, ես հազիվ կանգնել եմ, հազիվ շարժվում եմ, նա տանում է ինձ, ձեռքով պահելով ինձ։ Նա նայում է ուղիղ աչքերիս, կարծես հիշելով ու հասկանալով և ամբողջ ուժով ինձ լսելով, ես էլ թոթովում եմ նույնպես ամբողջ ուժով, անդադար, առանց մի պահ անգամ լսելու և այնքա՜ն ուրախ եմ, այնքա՜ն ուրախ, որ խոսում եմ և ուրախ եմ, որ սա Լամբերտն է։ Արդյո՞ք այն պատճառով, որ ինչ-որ ձևով նա ինձ թվաց իմ «փրկությունը», թե՞ որովհետև այն րոպեին նետվեցի դեպի նա, թե նրան որպես բոլորովին այլ աշխարհի մարդ ընդունեցի, չգիտեմ, չեմ խորհել այն ժամանակ, բայց ես առանց մտածելու նետվեցի դեպի նա։ Թե ինչ էի խոսում ես այն ժամանակ, բոլորովին չեմ հիշում, և հազիվ թե ինչ-որ չափով ներդաշնակ էի խոսում, նույնիսկ հազիվ թե բառերն էի հստակ արտասանում, բայց նա շատ ուշադիր էր լսում։ Նա բռնեց առաջին պատահած կառքը, և մի քանի րոպեից ես արդեն նստած էի նրա տաքուկ սենյակում։
'''III'''
Ամեն մարդու մոտ, ով էլ որ նա լինի, երևի պահպանվում է մի որևէ հիշողություն նրան պատահած ինչ-որ բանի մասին, որին նա նայում է կամ հակված է նայելու, որպես ֆանտաստիկ, գերբնական, արտակարգ, համարյա կախարդական մի բանի, լինի դա երազ, հանդիպում, գուշակություն կամ դրա նման մի բան։ Մինչև օրս էլ ես հակված եմ դիտելու իմ այդ հանդիպումը Լամբերտի հետ, որպես նույնիսկ մարգարեական մի բան... դատելով համենայն դեպս ըստ հանդիպման պարագաների ու հետևանքների։ Ի դեպ, այս բոլորը տեղի ունեցավ, համենայն դեպս մի կողմից, ծայր աստիճան բնականորեն, նա ուղղակի վերադառնում էր իր գիշերային մի զբաղմունքից (թե որից, կբացատրվի հետո), կիսահարբած և, մի րոպեով կանգ առնելով նրբանցքում, տեսել էր ինձ։ Իսկ Պետերբուրգում գտնվում էր ընդամենը մի քանի օր։
Սենյակը, որում ես հայտնվեցի միջին կարողության, պետերբուրգյան սովորական շամբր-գարնիի ոչ մեծ, շատ պարզ կահավորված համար էր։ Ինքը՝ Լամբերտը, ի դեպ, շատ հրաշալի ու հարուստ էր հագնված։ Հատակին երկու, միայն կիսով չափ ջոկջկած ճամպրուկ կար։ Սենյակի մի անկյունը անջատված էր մահճակալը փակող շիրմերով։
― Alphonsine<ref>Ալֆոնսինա (ֆրանս.)։</ref>,― բղավեց Լամբերտը։
― Présente<ref>Այստեղ եմ (ֆրանս.)։</ref>,― շիրմերի հետևից փարիզյան առոգանությամբ արձագանքեց կանացի կերկերուն մի ձայն և ոչ ավելի, քան երկու րոպեից դուրս թռավ mademoiselle Alphonsine, շտապով հագնված, հենց նոր անկողնուց դուրս եկած, փեշերն իրար վրա քաշվող զգեստով, մի տարօրինակ էակ, բարձրահասակ, տաշեղի պես չորակազմ, երկար մեջքով ու երկար դեմքով, թռչկոտացող աչքերով ու ներս ընկած այտերով մի օրիորդ՝ սոսկալի մաշված մի էակ։
― Շո՛ւտ (ես թարգմանում եմ, իսկ Լամբերտը նրան ասում էր ֆրանսերեն), նրանց մոտ ինքնաեռն, երևի, արդեն պատրաստ է. արագ եռման ջուր բեր, կարմիր գինի և շաքար, բաժակ բեր այստեղ, շուտ, նա, նա սառել է, իմ ընկերն է... ամբողջ գիշեր ձյան վրա է քնել։
― Malheureux<ref>Խեղճ... (ֆրանս.)։</ref>,― թատրոնական ձևով ձեռքերն իրար զարկելով` ճչաց նա։
― Դե-դե,― բղավեց նրա վրա Լամբերտը, ինչպես փոքրիկ շնիկների վրա են բղավում, ու մատը թափ տվեց վրան, սա իսկույն դադարեցրեց շարժումներն ու վազեց՝ հրամանը կատարելու։
Լամբերտն ինձ զննեց ու տնտղեց, զարկերակս քննեց, տնտղեց ճակատս, քունքերս։ «Տարօրինակ է,― փնթփնթում էր նա,― ինչպես է, որ չես սառել... սակայն դու ամբողջովին, գլուխդ էլ հետը, փաթաթված էիր մուշտակովդ, կարծես մորթե բնում էիր նստել...»։
Եկավ տաք բաժակը, ես ագահորեն կոնծեցի այն, հեղուկն իսկույն կենդանացրեց ինձ, և ես նորից սկսեցի թոթովել, ես կիսապառկած էի անկյունի բազմոցին և շարունակ խոսում էի, խոսելիս շնչասպառ էի լինում, բայց թե հատկապես ինչ և ինչպես էի պատմում, նույնպես համարյա բոլորովին չեմ հիշում, որոշ պահեր և նույնիսկ ամբողջ հատվածներ լրիվ եմ մոռացել։ Կրկնում եմ, որևէ բան հասկացա՞վ նա իմ պատմածներից, չգիտեմ. բայց մի բան արդեն հետագայում ես շատ պարզ կռահեցի, այն է. նա հասցրել էր ինձ հասկանալ ճիշտ այնքանով, որպեսզի եզրակացնի, թե հանդիպումն ինձ հետ չարժե արհամարհել... Հետո իր տեղում կբացատրեմ, թե ինչ շահ կարող էր ունենալ ինքն այստեղ։
Ես ոչ միայն սաստիկ աշխույժ էի, այլև որոշ պահերի, կարծեմ թե ուրախ։ Հիշում եմ արևը, որ հանկարծ լուսավորեց սենյակը, երբ բարձրացրին թանձր վարագույրները, և ճարճատող վառարանը, որն ինչ-որ մեկը վառեց, ով և ինչպես չեմ հիշում։ Միտքս է նաև հաստլիկ, սև շնիկը, որին, սեթևեթանքով կրծքին սեղմած ձեռքին էր պահում mademoiselle Alphonsine-ը։ Այդ շնիկն ինձ շատ էր զվարճացնում, նույնիսկ այնքան, որ դադարում էի պատմությունս և մի-երկու անգամ ձեռքս պարզեցի նրան, բայց Լամբերտը ձեռքով արեց, և Ալֆոնսինն իր շնիկի հետ իսկույն անհետացավ շիրմերի հետևում։
Ինքը Լամբերտը, շատ լուռ էր, նստել էր դիմացս և, խիստ կռացած դեպի ինձ, առանց պոկվելու լսում էր, երբեմն ժպտում էր տևական, երկար ժպիտով, ատամներն էր ցույց տալիս և կկոցում աչքերը, կարծես լարված խորհրդածելով և ցանկանալով գուշակել։ Ես հստակ հիշողություն եմ պահպանել միայն այն մասին, որ «փաստաթղթի» մասին պատմելիս ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալի արտահայտվել և մի կարգին իրար կապել պատմությունս և շատ լավ տեսնում Էի նրա դեմքից, որ նա ոչ մի կերպ չի կարողանում, բայց որ շատ կուզեր ինձ հասկանալ, այնպես որ նույնիսկ փորձեց հարցով ինձ ընդհատել, որը շատ վտանգավոր Էր, քանի որ բավական Էր, որ ինձ ընդհատեին, իսկույն ես ինքս Էի ընդհատում թեման և մոռանում Էի, թե ինչի մասին Էի խոսում։ Թե որքան ժամանակ մենք այսպես նստեցինք ու խոսեցինք՝ չգիտեմ և կռահել չեմ կարող։ Հանկարծ նա վերկացավ ու կանչեց Ալֆոնսինին.
― Սրան հանգիստ Է պետք, գուցեև բժիշկ պետք լինի։ Ինչ որ ուզի բոլորը կատարել, այսինքն ...vous comprenez, ma fille? vous avez l’arqent?<ref>Դուք հասկանու՜մ եք, աղջիկս։ Փող ունե՜ք (ֆրանս.)։</ref>, ո՞չ։ Խնդրեմ,― և նա հանեց մի տասանոց ու տվեց Ալֆոնսինին։ Նրանք սկսեցին փսփսալ. Vous comprenez! Vous comprenez!― կրկնում Էր Լամբերտն՝ հոնքերը կիտելով ու մատը վրան թափ տալով։ Ես տեսա, որ Ալֆոնսինը սոսկալի դողում Է նրա առաջ։
― Ես կգամ, իսկ դու ավելի լավ Է քունդ հանես,― ժպտաց նա ինձ ու գլխարկը վերցրեց։
― Mais vous n’avez pas dormi du tout, Maurice!<ref>Բայց դուք բոլորովին չեք քնել, Մորիս (ֆրանս.)։</ref>,― հուզումնալից բղավեց Ալֆոնսինը։
― Taisez-vous je dormirai après<ref>Լռե՜ք, հետո կքնեմ։ (ֆրանս.)։</ref>,― ասաց և դուրս եկավ Լամբերտը։
― Sauvée<ref>Փրկված եմ (ֆրանս.)</ref>,― հուզումնալից շշնջաց Ալֆոնսինը և ձեռքով ցույց տվեց Լամբերտի հետևից։ Monsieur, Monsieur,― իսկույն դիրք ընդունելով սենյակի մեջտեղում՝ արտասանեց նա,― jamais homme ne fut si cruel, si Bismark, que cet etre, que regarde une femme comme une saleté de hasard. Une femme, qu’ est-ce que ça dans notre époqu? “Tue-la!”-voila le dernier mot de l’Academie française!<ref>Պարոն, պարոն, դեռ երբեք տղամարդն այդքան դաժան, այդքան Բիսմարկ չի եղել, ինչպես այս էակը, որը կնոջ վրա նայում է, ինչպես մի աննշան, մի կեղտոտ բանի։ Ի՜նչ է կինը մեր օրերում։ «Սպանի՛ր նրան»,― ահա ֆրանսիական ակադեմիայի վերջին խոսքը (ֆրանս.)։</ref>
Ես աչքերս չռեցի նրա վրա. աչքիս ամեն բան զույգ էր երևում, ես արդեն, թվում Էր, թե երկու Ալֆոնսին էի տեսնում... Հանկարծ նկատեցի, որ նա լալիս է, ցնցվեցի ու հասկացա, որ նա, արդեն շատ վաղուց է, ինչ ինչ-որ բան Է ասում, իսկ ես, ուրեմն, այդ ժամանակ քնած եմ եղել, կամ ուշաթափ։
―... Hélas! de quoi m'aurait servi de le découvrir plutôt,― բացականչում էր նա,― et n'aurais-je pas autant gagné à tenir ma honte cachée toute ma vie? Peut-être, n'est-il pas honnête à une demoiselle de s'expliquer si librement devant monsieur, mais enfin je vous avoue que s'il m'était permis de vouloir quelque chose, oh, ce serait de lui plonger au cœur mon couteau, mais en détournant les yeux, de peur que son regard exécrable ne fît trembler mon bras et ne glaçât mon courage! Il a assassiné ce pope russe, monsieur, il lui arracha sa barde rousse pour la vendre à un artiste en cheveux au pont des Maréchaux, tout près de la Maison de monsieur Andrieux - hautes nouveautés, articles de Paris, linge, chemises, vous savez, n'est-ce pas?.. Oh, monsieur, quand l'amitié rassemble à table épouse, enfants, sœurs, amis, quand une vive allégresse enflamme mon cœur, je vous le demande, monsieur: est-il bonheur préférable à celui dont tout jouit? Mais il rit, monsieur, ce monstre exécrable et inconcevable et si ce n'était pas par l'entremise de monsieur Andrieux, jamais, oh, jamais je ne serais... Mais quoi, monsieur, qu'avez vous, monsieur?<ref>... Ավաղ, ի՜նչ օգուտ կբերեր ինծ այդ գյուտը, եթե ես ավելի առաջ անեի այն, և արդյո՛ք ավելի լավ չէր լինի թաքցնել խայտառակությունս ողջ կյանքիս ընթացքում։ Միգուցե անվայել Է օրիորդի համար այսքան անկեղծ խոսելը տղամարդու հետ, բայց, խոստովանում եմ, եթե ինձ թույլ տրվեր որևէ ցանկություն ունենալ, ես միայն մեկը կունենայի, դանակ խրել նրա սիրտը, բայց միայն երեսս թեքած նրանից, այն վախից, որ Օրա գարշելի հայացքից ձեռքս կդողա և կքարանա արիությունս։ Նա սպանեց այն ռուս տերտերին, պարոն, պոկեց նրա կարմրաշեկ մորուքը և վաճառեց ԿուզՕեցովի մոստի վրա պարոն Անդրիեի խանութին` (դուք իհարկե, գիտեք փարիզյան նորույթների մոդայիկ կերտվածքների, սպիտակեղենի, շապիկների խանութը) աշխատող վարսավիրին... Օ, պարոն, երբ բարեկամությունը սեղանի շուրջն է համախմբում կնոջը, երեխաներին, քույրերին, մտերիմներին, երբ հախուռն ուրախությունը բռնկում է սիրտս, ասացեք ինձ, պարոն, կա՜ ավելի մեծ երջանկություն, քան այն, որը բոլորն են վայելում։Իսկ նա ծիծաղում է, պարոն, այդ գարշելի ու անըմբռնելի հրեշը ծիծաղում է, և եթե այս բոլորը պարոն Անդրիեի միջոցով չկատարվեր, ես երբեք, երբեք չէի... Բայց ի՜նչ եղավ, պարոն, ի՛նչ պատահեց ձեզ, պարոն... (ֆրանս.)։</ref>
Նա նետվեց դեպի ինձ. կարծեմ, թե դող էր բռնել մարմինս, բայց գուցեև նվաղել էի։ Չեմ կարող նկարագրել, թե ինչ ծանր, հիվանդագին տպավորություն էր թողնում ինձ վրա այս կիսախելագար էակը։ Գուցե նա երևակայել էր, թե իրեն հրամայված է զվարճացնել ինձ, համենայն դեպս, նա ոչ մի վայրկյան չէր հեռանում ինձնից։ Գուցե նա երբևէ խաղացել էր բեմում, սոսկալի արտասանում էր, պտույտներ գործում, անդադար խոսում, իսկ ես վաղուց արդեն լուռ էի։ Այն ամենը, ինչը ես կարողացել էի հասկանալ նրա պատմածներից այն էր, որ սա սերտորեն կապված է եղել ինչ-որ «La Maison de monsieur Andrieux-hautes nouveautés, articles de Paris, etc.»<ref>Պարոն Անդրիեի խանութի՝ վերջին նորույթներ, փարիզյան կերտվածքներ և այլն հետ (ֆրանս.)։</ref> և նույնիսկ, միգուցե, ծագում էր La Maison de monsieur Andrieux-ից, բայց ինչ-որ կերպ ընդմիշտ անջատվել էի monsieur Andrieux, par ce monstre furieux et inconcevable<ref>Պարոն Անդրիեից այդ սոսկալի և անըմբռնելի հրեշի ձեռքով... (ֆրանս.)։</ref>, և հենց դրանում էր ողբերգությունը... Նա հեկեկում էր, բայց ինձ թվում էր, որ դա միայն հենց այնպես, ձևի համար է և որ նա ամենևին էլ չի լալիս, երբեմն ինձ թվում էր, թե նա ամբողջ մարմնով հանկարծ ցիրուցան կլինի կմախքի պես. բառերը նա արտասանում էր ինչ-որ Փնջված, դողդողացող ձայնով, preferable բառն, օրինակ, նա արտասանում էր prefe-a-able և a հնչյունի վրա կարծես մկկում էր ոչխարի պես։ Մի անգամ, սթափվելով, ես տեսա, որ նա սենյակի մեջտեղում պիրուետ է անում, բայց նա չէր պարում, այլ պիրուետն էլ ինչ-որ ձևով պատմածին էր վերաբերում, իսկ նա միայն պատկերում էր գործող անձերով։ Հանկարծ նա նետվեց սենյակում գտնվող հնացած, լարից ընկած փոքրիկ դաշնամուրի մոտ, բացեց այն, տնկտնկացրեց ու սկսեց երգել... Կարծեմ ես մի տասը րոպեով կամ մի քիչ ավելի բոլորովին նվաղեցի, քնեցի, բայց ծղրտաց շնիկը, և ես սթափվեցի, մի պահ գիտակցությունս հանկարծ տեղն եկավ, և իր ողջ պայծառությամբ լուսավորեց ինձ, ես վեր թռա սարսափահար։
«Լամբերտը, ես Լամբերտի մոտ եմ»,― մտածեցի ես և, գլխարկս արագ վերցնելով, նետվեցի դեպի մուշտակս։
― Ou allez-vous, monsieur?<ref>Այդ ուր, պարոն (ֆրանս.)։</ref>,― բղավեց աչալուրջ Ալֆոնսինը։
― Ուզում եմ հեռանալ, ուզում եմ դուրս գալ։ Թողեք ինձ, մի պահեք ինձ...
― Oui, monsieur!,― ամբողջ ուժով հաստատեց Ալֆոնսինը և ինքը նետվեց միջանցք տանող դուռն ինձ համար բանալու։― Mais ce n’est pas loin monsieur, c’est pas loin du tout, ça ne vaut pas la peine de mettre votre chouba, c’est isi prés monsieur!<ref>Այո, պարոն։ Բայց դա հեռու չէ, պարոն, դա բոլորովին հեռու չէ, չարժե մուշտակ հագնել, դա հենց մեր կողքին է (ֆրանս.)։</ref>,― ամբողջ միջանցքով մեկ բացականչում էր նա։ Սենյակից դուրս վազելով ես շրջվեցի դեպի աջ։
― Par ici, monsieur, c’est par ici!<ref>Այստեղ է, պարոն, ահա այստեղ (ֆրանս.)։</ref>,― ամբողջ ուժով բացականչում էր նա, իր երկար, ոսկրոտ մատներով կառչելով մուշտակիցս, իսկ մյուս ձեռքով ցույց տալով միջանցքով դեպի ձախ մի տեղ, ուր ես ամենևին չէի ուզում գնալ։ Ես պոկվեցի ու վազեցի դեպի սանդուղքը տանող դրսի դուռը։
― Il s’en va, il s’en va!<ref>Նա գնում է, գնում է (ֆրանս.)։</ref>,― վազում էր իմ հետևից Աֆոնսինը, ճղճղալով իր աղճատված ձայնով,― mais il me tuera, monsieur, il me tuera!<ref>Բայց նա, ախր, կսպանի ինձ, պարոն, կսպանի (ֆրանս.)։</ref>― Բայց ես արդեն սանդղատուն էի դուրս թռել և, չնայած այն բանին, որ նա նույնիսկ սանդուղքով էլ վազում էր իմ հետևից, այնուամենայնիվ հասցրի բանալ ելքի դուռը, փողոց դուրս թռչել և առաջին պատահած կառքի մեջ նետվել։ Ես տվի մայրիկիս հասցեն։
'''IV'''
Բայց գիտակցությունս, փայլատակելով մի պահ, իսկույն մարեց։ Ես դեռ մի քիչ հիշում եմ, թե ինչպես հասցրին ինձ մորս մոտ ու ներս բերեցին, բայց այնտեղ համարյա իսկույն արդեն կատարյալ ուշաթափվեցի։ Հետևյալ օրը, ինչպես պատմեցին ինձ հետո (ես ինքս էլ, ի դեպ, դա հիշում եմ), գիտակցությունս մի պահ կրկին պայծառացավ։ Ես հիշում եմ ինձ Վերսիլովի սենյակում, նրա բազմոցին, հիշում եմ շուրջս Վերսիլովի. մայրիկիս, Լիգայի դեմքերը, շատ լավ եմ հիշում, ինչպես Վերսիլովն ինձ ասում էր Զերշչիկովի մասին, իշխանի մասին, ինչ-որ նամակ էր ցույց տալիս, հանգստացնում էր ինձ։ Նրանք հետո պատմում էին ինձ, որ ես սարսափահար շարունակ հարցրել եմ ինչ-որ Լամբերտի մասին և ինչ-որ փոքրիկ շնիկի հաչոց եմ լսել։ Բայց գիտակցությանս թույլ ճառագայթը շուտով մարել էր, այդ երկրորդ օրվա երեկոյան ես արդեն կատարյալ տենդով էի բռնված։ Սակայն կանխեմ իրադարձություններն ու նախապես բացատրեմ։
Երբ այն երեկո ես դուրս էի վազել Զերշչիկովի մոտից, և երբ այնտեղ ամեն բան ինչ-որ չափով խաղաղվել էր, խաղը կրկին սկսելով, Զերշչիկովը հանկարծ բարձրաձայն հայտարարել էր, թե տխուր սխալ է տեղի ունեցել. կորած փողը՝ չորս հարյուր ռուբլին, գտնվել է այլ փողերի կույտի մեջ, և բանկի հաշիվները միանգամայն ճիշտ դուրս եկան։ Այն ժամանակ իշխանը, որ մնացել էր դահլիճում, մոտեցել էր Զերշչիկովին և համառորեն պահանջել, որպեսզի նա հրապարակավ հայտարարի իմ անմեղության մասին և բացի այդ նամակով ներողություն խնդրի ինձնից։ Զերշչիկովն իր կողմից հարգանքի արժանի էր համարել պահանջը և բոլորի ներկայությամբ խոստացել էր վաղը ևեթ մի բացատրական ու ներողություն հայցող նամակ հղել ինձ։ Իշխանը հաղորդել էր նրան Վերսիլովի հասցեն և իսկապես, հենց հետևյալ օրը Վերսիլովը իմ անունով նամակ էր ստացել անձամբ Զերշչիկովից և հազար երեք հարյուր ռուբլուց քիչ ավելի փող, որն ինձ էր պատկանում,և որը ես մոռացել էի ռուլետկայի ժամանակ։ Դրանով Զերշչիկովի խաղատան գործն ավարտված էր, այդ ուրախալի լուրը օժանդակեց իմ ապաքինմանը, երբ ես ուշքի եկա ուշակորույս վիճակից։
Խաղատնից վերադառնալով՝ իշխանը նույն գիշերը երկու նամակ էր գրել, մեկը ինձ, իսկ մյուսը՝ իր այն նախկին գունդը, որտեղ նա միջադեպ էր ունեցել կոռնետ Ստեպանովի հետ։ Երկու նամակն էլ նա ուղարկել էր հետևյալ առավոտյան։ Դրանից հետո զեկույց էր գրել հրամանատարությանը և այդ զեկույցը ձեռքին վաղ առավոտյան ներկայացել էր իր գնդի հրամանատարին ու հայտնել նրան, որ ինքը՝ «քրեական հանցագործ, x-արժեթղթերի կեղծման մասնակից, հանձնվում է արդարադատությանը ու խնդրում է դատել իրեն»։ Միաժամանակ հանձնել էր և զեկույցը, որում ամեն բան շարադրած էր եղել գրավոր։ Նրան կալանավորել էին։
Ահա այն նամակը ինձ, որը նա գրել էր այն գիշեր, բառ առ բառ.
«Անգին Արկադի Մակարովիչ,
Փորձելով լակեյական «ելքը»՝ դրանով կորցրի գոնե ինչ-որ չափով հոգիս այն մտքով մխիթարելու իրավունքը, որ ես էլ կարողացա վերջապես արդար սխրանքի դիմել։ Ես մեղավոր եմ հայրենիքի և իմ ողջ ցեղի նկատմամբ և դրա համար ինքս՝ ցեղիս վերջինը լինելով, դատապարտում եմ ինձ։ Չեմ հասկանում, ինչպե՞ս կարող էի ես կառչել ինքնապահպանման ստոր մտքից և որոշ ժամանակ երագել փողով ազատվել նրանցից։ Այնուամենայնիվ ինքս, իմ խղճի առաջ, ես հավիտյան հանցագործ կմնայի։ Իսկ այդ մարդիկ, նույնիսկ եթե վերադարձնեին ինձ վարկաբեկող գրությունները, ոչ մի դեպքում, ողջ կյանքիս ընթացքում չէին պոկվի ինձնից։ Ուրեմն, ի՞նչ էր մնում ինձ. ապրել նրանց հետ, ողջ կյանքումս միաբան լինել նրանց հետ, ահա այն ճակատագիրը, որ սպասում էր ինձ։ Ես չէի կարող ընդունել դա և վերջապես այնքան հաստատակամություն կամ միգուցե միայն հուսահատություն գտա իմ մեջ, որպեսզի վարվեմ այնպես, ինչպես վարվում եմ հիմա։
Ես մի նամակ գրեցի իմ նախկին գունդը, նախկին ընկերներիս և արդարացրի Ստեպանովին։ Այդ արարքի մեջ չկա և չի կարող լինել ոչ մի քավիչ սխրանք, այս բոլորը միայն վաղվա հանգուցյալի մահամերձ կտակն է։ Այսպես պետք է դիտել սա։
Ներեցեք ինձ, որ երեսս շրջեցի ձեզնից խաղատանը, դա պատահեց այն պատճառով, որ այն րոպեին ես վստահ չէի ձեզ վրա։ Այժմ, երբ ես արդեն մեռած մարդ եմ, կարող եմ նույնիսկ այսպիսի խոստովանություններ անել... այն աշխարհից։
Խեղճ Լիզա։ Նա ոչինչ չգիտեր այս վճռի մասին, թող չանիծի ինձ, այլ դատի ինքը։ Իսկ ես չեմ կարող արդարանալ և նույնիսկ խոսք չեմ գտնում, որպեսզի գոնե բան բացատրեմ նրան։ Իմացեք նաև, Արկադի Մակարովիչ, որ երեկ առավոտյան, երբ նա եկել էր ինձ մոտ վերջին անգամ, ես սուտս բաց արի ու խոստովանեցի, որ գնացել էի Աննա Անդրեևնայի մոտ՝ նրան առաջարկություն անելու մտադրությամբ։ Ես չէի կարող արդեն ընդունած վերջին վճռի դեպքում, տեսնելով նրա սերը, խղճիս վրա թողնել դա, և ես բաց արի սուտս նրա առաջ։ Նա ներեց, ամեն բան ներեց, բայց ես չհավատացի նրան, դա ներում չէ, ես չէի կարողանա ներել, եթե նրա տեղը լինեի։
Հիշեցեք ինձ։
Ձեր դժբախտ վերջին իշխան Սոկոլսկի»։
Գիտակցությունս կորցրած՝ ես պառկած մնացի ուղիղ տասը օր։
== Մասն երրորդ ==