Այդ մեծահոգությունը մարմնավորված է նաև սովետական զինվորի հուշարձանում, որը կանգնեցված է Բեռլինի Տրեպտով զբոսայգում։ Ինչքան էլ ինձ համոզել եմ, որ այնտեղ պատկերված զինվորը, որը մի ձեռքին սուր է բռնել, իսկ մյուսով կրծքին է սեղմում գերմանացի աղջնակին, խորհրդանիշ է, ընդհանրացված կերպար և այլն, ամեն անգամ, երբ լինում եմ Բեռլինում և կանգնում այդ հուշարձանի առջև, ինձ թվում է, թե հանձինս գրանիտե զինվորի տեսնում եմ իմ համագնդեցիներից մերթ մեկի, մերթ մյուսի չափազանց ծանոթ և հարազատ դեմքը։
Բեռլինն ամբողջովին բոցերի և սև ծխի քուլաների մեջ էր։ Քաղաքին խփում էին հազարավոր հրանոթներ, այն ռմբակոծում էր ավիացիան։ Նրա տերերն այդպես էլ չընդունեցին կապիտուլյացիայի պայմանները, որոնց համաձայն անհապաղ կդադարեցվեր կրակը։
Հիշենք. 1941 թվականի հոկտեմբերի 12֊ին հիտլերյան ռազմակայանը ցուցում էր տվել «Կենտրոն» բանակախմբի հրամանատարին. «Ֆյուրերը նորից է որոշել, որ Մոսկվայի կապիտուլյացիան չպետք է ընդունվի, եթե նույնիսկ այն առաջարկվի հակառակորդի կողմից»։
Ինչ արած, լիովին «տրամաբանական շարունակությունն» էր։ Թող կործանվեն հազարավոր, հարյուր հազարավոր մարդիկ, մարդու կերպարանքը կորցրած հիտլերյան հանցախմբի հոգն էլ չէ. «Եթե մեզ վիճակված է հեռանալ, թող այդ դեպքում ամբողջ աշխարհը ցնցվի»,— գոռում էր Գեբելսը։
Ապրիլի 27֊ի երեկոյան 27֊րդ մոտոհրաձգային և 40֊րդ տանկային բրիգադների զինվորները Անգալտի կայարանում գրավեցին մեծ քանակությամբ գնացքներ։ Դրանցից մեկի վագոնները բերնեբերան լցված էին «Կոլլո» շոկոլադի սալիկներով։ Եվ այստեղ զինվորի սիրտը չդիմացավ. սկսեցին շոկոլադը բաժանել գերմանացի սոված երեխաներին։ Եվ որպեսզի երեխաները չվախենան, յուրաքանչյուր սալիկից կտրում էին մի կտոր և իրենք ուտում, թեև խստագույնս արգելված էր ռազմաավարային մթերքներից օգտվելը, դրանք կարող էին թունավորված լինել։
Մի քանի ժամ անց ինձ զեկուցեցին, որ որոշ զինվորների մոտ նկատվում է ակնհայտ թունավորման նշան՝ սրտխառնոց։ Հիշելով Գդինյայի մոտ տեղի ունեցած տարօրինակ պատահարը, հրամայեցի անհապաղ վառել այդ գնացքը։ Բայց հետո պարզվեց, որ ոչ մի թունավորում էլ չի եղել, պարզապես զինվորները չափազանց շատ սալիկներ էին նախապես փորձել Բեռլինի սովյալ երեխաներին շոկոլադով կերակրելիս...
Ապրիլի 30֊ի գիշերը ինձ մոտ բունկեր, այստեղ էր տեղավորված կորպուսի շտաբի օպերխումբը, բերեցին գերմանացի մի մայորի՝ զինվոր թարգմանչի հետ։ Մայորը հայտնեց, որ «Հենրիխ V» զբոսայգու կայազորի պետի կողմից, կայազորում մոտ 900 մարդ կա, լիազորված է հաղորդել գերի հանձնվելու մասին։ Արդյոք, կպահպանվի՞ իրենց կյանքը, ահա թե ինչի մասին էր նա անհանգստանում։ Ես հավաստիացրի, որ բոլոր նրանց համար, ովքեր զենքը ցած կդնեն, սովետական հրամանատարությունը երաշխավորում է անվտանգություն։
— Ես նրան հո այդպես էլ ասացի,— բացականչեց թարգմանիչը մաքուր ռուսերենով։ Ի պատասխան «Որտե՞ղ եք այդպես լավ սովորել ռուսերեն» հարցին, թարգմանիչը բացատրեց, որ ինքը գերմանացի է, բայց ծնվել ու մեծացել է Օդեսայի մարզում, դպրոցում ուսուցիչ է եղել, չի հասցրել էվակուացվել, գերմանացիները նրան մոբիլիզացրել են բանակ։— Ես բացատրել եմ կայազորի պետին, որ սովետական զինվորներր չեն գնդակահարի գերիներին։ Ես համոզեցի նրան, որ դա հակասում է սովետական հասարակության բնությանը։ Ես շատ բաների մասին եմ մտածել պատերազմի և գերմանական բանակի շարքերում հարկադրաբար ծառայելուս տարիների ընթացքում։
Հավատում էի, որ նա անկեղծ է, որ այդ մարդու գիտակցության մեջ սովետական ապրելակերպը բավական խոր հետք էր թողել։
Ավելի ու ավելի էր սեղմվում շրջապատման օղակը։ Հատկապես կատաղի դիմադրություն էին ցույց տալիս «Մյունխեբերգի», ՍՍ֊ի 1-րդ մոտոհրաձգային դիվիզիայի և այլ միավորումները։ Նրանք պաշտպանում էին Բեռլինի կենտրոնը, Տիրգարտենի շրջանը՝ կենդանաբանական այգին, ռայխստագը, գեստապոյի, կայսերական գրասենյակի շենքերը։
Ապրիլի լույս 30֊ի գիշերը 44֊րդ և 45-րդ գվարդիական տանկային բրիգադների տանկերն ուղիղ նշանառությամբ իրենց հրանոթներից արկակոծում էին կայսերական գրասենյակը։
Մեզանից ոչ ոք այն ժամանակ չգիտեր, որ հենց այդտեղ, զրահապատ ստորգետնյա նկուղներում էին թաքնվում Հիտլերը, Գեբելսը, Բորմանը և ֆաշիստական Գերմանիայի մյուս պարագլուխները և որ հենց այդտեղ էր խաղացվելու այն ողբերգության եզրափակիչ տեսարանը, որը վերջացավ որպես անհեթեթ զավեշտախաղ։
Ցերեկը մեր զորքերը ձեռնամուխ եղան կենդանաբանական այգու և կայսերական գրասենյակի ամրացված շրջանի վճռական գրոհին։ Հայտնի դարձավ, որ խելացնոր ֆյուրերն ինքնասպանություն է գործել։
Հիտլերը մեռած էր։ Բայց ստացվել էր նրան՝ արդեն մեռածին, ուղարկված դեր֊ծովակալ Դենիցի պատասխանը, որին նա նշանակել էր իր հաջորդը. «Իմ ֆյուրեր։ Իմ նվիրվածությունը Ձեզ աներկբայելի է։ Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի փրկեմ Ձեզ և Բեռլինը։ Սակայն, եթե ճակատագիրը հարկադրի ինձ՝ որպես Ձեր նշանակած հաջորդի, կառավարելու ռայխը, ես մինչև վերջ կշարունակեմ այս պատերազմը»։
Նույնիսկ արևմտագերմանացի պատմաբանները, որոնք այնքան շատ բան էին արել Գերմանիայի պարտության համար Հիտլերի միանձնյա պատասխանատվության լեգենդը հաստատելու նպատակով, նույնիսկ նրանք այժմ ստիպված են ընդունել, որ այդ գաղափարը հիմնազուրկ է։
«Ոչ միայն ոչ պատմականորեն ու անճշմարտացի, այլև վտանգավոր բան կլիներ,— գրում է նրանցից մեկը,— Հիտլերին քավության նոխազ դարձնելը, բացի մշտական նախաձեռնությունից և վերջին ատյանում ընդունած որոշումների համար ամենածանր պատասխանատվությունից, նաև Արևելքում աղետի հասցրած սխալների համար ամբողջ մեղքը նրան վերագրելը, ինչպես որ դա հասկանալի պատճառներով հաճախ է արվել 1945 թվականից հետո։ Եթե այդպես դատենք, ապա, օրինակ, կստացվի, որ միայն ռազմական մասնագետներն են նրա համար հաղթանակներ տարել, իսկ նա լոկ պարտություններ է կրել։ Այլ կերպ ասած, առանց Հիտլերի էլ այդ պատերազմը կշահվեր։ Նման հայացքը հասկանալի է հոգեբանորեն, բայց իրերի իսկական վիճակի տեսակետից քննադատության չի դիմանում։ Մի՞թե Հիտլերը կարող էր ծրագրել ու մղել այդ վիթխարի, սկզբում հաջող ընթացող պատերազմն այնպիսի մարդկանց հետ միասին, որոնք օժտված լինելով բավական հեռատեսությամբ, դժկամորեն են ենթարկվել նրան, որպեսզի «կանխեն վատթարագույնը»։ Իսկ նրանց, ովքեր փորձում են իրենց հնազանդությունն արդարացնել այն փաստարկով, թե իբր, միշտ դեմ են եղել Հիտլերին, բայց ղեկավարվելով ռազմաճակատի շահերով, չէին կարող պաշտոնաթող լինել, կարելի է առարկել, ասելով հետևյալը. ստրատեգիական տեսակետից ավելի վատ բան չկա, քան պատերազմելու վերաբերյալ սեփական սկզբունքային դիրքորոշումը կեղծ վարքագծով փոխարինելը, վաղօրոք իմանալով, որ այն կհասցնի պարտության։ Ով այդպես է վարվում, նա, Նապոլեոնի կարծիքով, ոչ միայն ռազմական հիմարություն է կատարում, այլև հանցագործություն»։
Ոչ, ամբողջ պատերազմի, ռայխի համար դրա տխուր ելքի համար իրենց ֆյուրերի հետ միասին բարոյական պատասխանատվություն են կրում ոչ միայն նրա քաղաքական մերձավոր օգնականները, այլև Կեյտելը և Յոդլը, Մանշտայնը և Գուդերիանը, Տիպելսկիրխը և Դենիցը, վերմախտի ամբողջ գեներալական կազմը։
...Ապրիլի 30-ի երեկոյան 3-րդ հարվածային բանակի զինվորները ռայխստագի վրա բարձրացրին հաղթանակի դրոշը։ Մայիսի մեկը ստացավ արժանավոր նվեր։
Այդ տոնական առավոտ բեռլինյան երկնքում մի խումբ կործանիչների ուղեկցոլթյամբ գրոհային ինքնաթիռները տանում էին կարմիր պաստառներ, որոնց վրա գրված էին «Հաղթանա՛կ», «Կեցցե՛ մայիսի 1-ը», «Փա՜ռք սովետական զորքերին, որոնք հաղթանակի դրոշը բարձրացրին Բեռլինի վրա»։
Մայիսի լույս 2֊ի գիշերր սկսվեց Բեռլինի կենտրոնական հատվածի վերջին գրոհը։ Առավոտյան 1-ին գվարդիական տանկային բանակը ներխուժեց Տիրգարտեն, միացավ 2-րդ գվարդիական տանկային բանակի և սովետական զինված ուժերի հետ միասին Բեռլինի գրոհին մասնակցող լեհական զորքին։
Գվարդիական տանկիստները տասնվեց օր կռվեցին տանկային բանակների համար անսովոր պայմաններում՝ հակառակորդի խորագնա, հակատանկային միջոցներով հագեցած պաշտպանության պայմաններում։ Նրանք հետևակի հետ կողքեկողքի գրոհեցին զեելովյան բարձունքները, մասնակցեցին փողոցային կատաղի մարտերին, հսկայական կորուստներ կրեցին, ապրեցին կորուստների դառնությունն ու ցավը, բայց կռվեցին քաջաբար ու համարձակորեն, իրենց չխնայելով, որպեսզի շուտ հնչեր հաղթանակի երկար սպասված ժամը։
Չդիմանալով հարվածին, գերմանաֆաշիստական զորքերը մայիսի 2֊ի առավոտվանից սկսեցին գերի հանձնվել։ Միայն մեր տանկային բանակին անձնատուր եղան թշնամու 7700 զինվոր ու սպա։ Նրանք դուրս էին գալիս նկուղներից, մետրոյից, ցած իջնում ձեղնահարկերից, բոլորն էլ կեղտի մեջ կորած, չսափրված, նիհարած, գլխահակ։ Հենց նոր նրանց գլխավերևում որպես դատավճիռ հնչեցին ռադիոգրերի տարածած խղճուկ խոսքերը. «Ապրիլի 30֊ին ֆյուրերը մեզ՝ նրան հավատարմության երդում տվածներիս, թողեց ճակատագրի քմահաճույքին...»։
Դա ասում էր Բեռլինի պաշտպանության հրամանատար, գեներալ Վայդլինգը։ Համոզում էր. «Դուք կարծում եք, թե ֆյուրերի հրամանով դեռ պետք է կռվեք Բեռլինի համար, չնայած ծանր զենքի, զինամթերքի բացակայությանը, չնայած ընդհանուր իրադրությանը, որը անիմաստ է դարձնում պայքարը։ Յուրաքանչյուր ժամը, որ շարունակում եք կռվել, երկարաձգում է Բեռլինի քաղաքացիական բնակչության և մեր վիրավորների ահավոր տառապանքները։ Յուրաքանչյուր ոք, ով ընկնի Բեռլինի համար, իզուր զոհաբերություն կկատարի»։
Բեռլինը կապիտուլացվեց։