Ես ձեզ կպատմեմ մի շատ գողտրիկ ու, թերևս, նույնիսկ հուզիչ պատմություն։ Մի մարդու վրա երանություն իջավ, և նա քահանային հարցրեց, թե ինքն ինչպես պետք է ապրի, որ չարատավորի իր հավատը։ Քահանան ասաց․ «Ընդօրինակիր մեր Երկնային հորը, սովորիր լինել այնպիսին, ինչպիսին նա է»։ Այդ մարդը մանրամասնորեն ուսումնասիրեց Աստվածաշունչը, իսկ այնուհետև աղոթելով, որ աստված իրեն խրատի, սկսեց ընդօրինակել նրան։ Նա այնպես արեց, որ իր կինն աստիճաններից վայր ընկնի, մեջքը կոտրի ու մինչև կյանքի վերջը այլևս չկարողանա շարժել ո՛չ ձեռքը, ո՛չ էլ ոտքը, նա իր եղբորը մի խարդախի ձեռքը գցեց, որը նրան կողոպտեց և անկելանոցի դուռը հասցրեց, նա իր մի որդուն վարակեց անկիլոստոմով, մյուսին՝ քնախտով, իսկ երրորդին՝ սուսանակով, մի աղջկան նա քութեշ շնորհեց, և սա փոքր հասակից մնաց կույր և խուլ ու համր, իսկ հետո նա մի սրիկայի օգնեց հրապուրել իր երկրորդ աղջկան և սրան տնից վռնդեց, այնպես որ սա մեռավ պոռնկատանը, նզովելով հորը։ Հետո նա այդ ամենը պատմեց քահանային, որն ասաց, թե Երկնային հորը այդպես չեն ընդօրինակում։ Իսկ երբ բարեպաշտ աշխատավորը հարցրեց, թե որն է իր սխալը, քահանան խոսքը փոխեց և հետաքրքրվեց, թե նրանց փողոցում ինչպիսի եղանակ է։
==Ութերորդ նամակ==
Մարդը, անկասկած, ամենահետաքրքիր հիմարն է, ինչպիսին միայն կարելի է երևակայել։ Եվ ամենատարօրինակը։ Նրա բոլոր գրված օրենքները, անկախ այն բանից՝ զետեղված են դրանք, Աստվածաշնչում թե ոչ, ունեն միայն մեկ նպատակ, մեկ դեր՝ սահմանափակել կամ վերացնել աստծու օրենքը։
Ցանկացած ամենաակնհայտ փաստից նա անպայման սխալ հետևություն կանի։ Եվ դա նրանից չի կախված․ այդպես է կառուցված այն խառնաշփոթությունը, որ նա իր բանականությունն է համարում։ Տեսեք, թե ի՞նչ նախադրյալներ է նա ընդունում և դրանցից ինչպիսի անակնկալ հետևություններ անում։
Օրինակ, նա ընդունում է, որ մարդուն աստված է ստեղծել։ Ստեղծել է առանց մարդու համաձայնության և առանց նրա հետ խորհրդակցելու։
Այստեղից կարծես թե անհերքելիորեն հետևում է, որ աստված և միայն աստված է պատասխանատվություն կրում մարդու արարքների համար։ Բայց մարդը ժխտում է այդ։
Նա ընդունում է, որ աստված հրեշտակներին ստեղծել է որպես կատարելություններ, առանց որևէ թերության, տառապանքի ու մահվան համար անհասանելի, ընդունում է, որ աստված, եթե ցանկանար, կարող էր նրան՝ մարդուն էլ այդպիսին ստեղծել, բայց ժխտում է, որ աստված բարոյապես պարտավոր էր անել այդ բանը։
Նա ընդունում է, որ ոչ մի հայր իրավունք չունի գիտակցորեն իր երեխային դատապարտելու անիմաստ տառապանքների, հիվանդությունների ու մահվան, բայց այն կարծիքին է, որ աստված լիակատար իրավունք ունի իր երեխաների նկատմամբ դատաստան տեսնելու այնպես, ինչպես ինքը հարմար կհամարի։
Աստվածաշնչյան և մարդկային օրենքները արգելում են սպանությունը, ամուսնական անհավատարմությունը, անառակությունը, ստախոսությունը, դավաճանությունը, կողոպուտը, բռնակալությունը և ուրիշ հանցագործություններ, բայց համարվում է, որ աստված այդ օրենքներից վեր է կանգնած և կարող է դրանք խախտել, երբ հարմար համարի։
Նա ընդունում է, որ աստված յուրաքանչյուր մարդու օժտում է խառնվածքով և բնավորությամբ․ ընդունում է, որ մարդը հնարավորություն չունի փոխելու իր բնավորությունը և հարկադրված է միշտ ենթարկվելու նրա թելադրանքներին։ Բայց միաժամանակ արդարացի և բանական է համարվում հանցագործությունների համար պատժել այն մարդուն, որն օժտված է անհաղթահարելի կրքերով, իսկ նման կրքերից զուրկ մարդուն պարգևատրել այն բանի համար, որ նա այդպիսի հանցագործություններ չի կատարում։
Եկեք ավելի մանրամասն քննության առնենք այս անհեթեթությունները։
::::::::::::<b>Խառնվածք (բնական հակումներ)։</b>
Վերցնենք երկու հակադիր խառնվածքներ՝ այծինը և կրիայինը։
Այս երկու էակներն էլ իրենք չեն ստեղծել իրենց խառնվածքը, այլ ծնվել են դրանով, ճիշտ այնպես, ինչպես որ մարդը, և մարդու նման էլ ընդունակ չեն այն փոխելու։
Խառնվածքը աստծու օրենք է, որ յուրաքանչյուր կենդանի էակի սրտում գրված է աստծու իսկ ձեռքով, և դրա թելադրանքները պետք է կատարվեն ու կկատարվեն հակառակ բոլոր արգելքների ու սահմանափակումների՝ ումից էլ որ դրանք բխեն։
Հիանալի է։ Տռփանք՝ այս է այծի գերակշռող գիծը, աստծու օրենքը, որ գրված է այծի սրտում, այծ, որը պետք է կատարի նրա թելադրանքները և կատարում է ամբողջ ամուսնական ժամանակաշրջանում, կանգ չառնելով ո՛չ ուտելու, ո՛չ էլ խմելու համար։ Եթե Աստվածաշունչն այծին հրամայեր․ «Անառակություն մի արա, մի դավաճանիր, ապա նույնիսկ մարդը, դատարկագլուխ մարդը, կընդուներ նման արգելքի ողջ անհեթեթությունը և կհամաձայներ, որ այծը ենթակա չէ պատժվելու, քանի որ նա միայն կատարում է իր Արարչի օրենքը։ Բայց այդ նույն մարդը ճիշտ և արդարացի է համարում, երբ նման արգելք է դրվում մարդկանց վրա։ Բոլոր մարդկանց։ Բոլորի վրա՝ հավասարապես և առանց բացառության։
Դրա անհեթեթությունն ակնհայտ է, քանի որ խառնվածքով՝ աստծու ճշմարիտ օրենքով, շատ տղամարդիկ նման են այծերին և անառակություն են անում ամեն մի հարմար առիթով՝ ուզում են իրենք այդ թե ոչ, և միաժամանակ կան ոչ քիչ թվով տղամարդիկ, որոնց նրանց խառնվածքը թույլ է տալիս մաքրություն պահպանել և բաց թողնել այդպիսի հարմար առիթը, եթե կինը այնքան էլ գրավիչ չէ։ Բայց Աստվածաշունչը արգելում է անառակությունն ընդհանրապես, հաշվի չառնելով, թե արդյոք մարդն ի վիճակի է ժուժկալելու։ Աստվածաշունչը տարբերություն չի դնում այծի ու կրիայի միջև՝ կրակոտ այծի, կրքոտ այծի, որը հալումաշ կլինի ու կսատկի, եթե ամեն օր մի երկու անառակություն չանի, ու կրիայի միջև, այդ պաղարյուն, անվրդով պուրիտանի, որն այդ բավականությունը իրեն թույլ է տալիս միայն երկու տարին մեկ անգամ, իսկ հետո էլ, դրա ամենաբուռն պահին, քնում է, և արթնանում է երկու ամսից ոչ շուտ։ Այծի թույլ սեռի ոչ մի ներկայացուցչուհի չի կարող իրեն հանցափորձից ապահովված համարել անգամ Շաբաթ օրը, եթե երեք մղոն հեռավորության վրա ինչ֊որ տեղ հողմահակառակ կողմում գտնվում է մի սիրալիր այծ, և նրանց ոչ մի բան չի բաժանում, բացի տասնչորս ոտնաչափ բարձրության ցանկապատից։ Միևնույն ժամանակ ո՛չ ասպետ կրիան, ո՛չ էլ տիկին կրիան երբեք չեն զգում մարմնական հաճույքի այնպիսի ուժեղ պահանջ, որ հանուն դրա խախտեն Շաբաթ օրը։ Եվ ահա, մարդկային յուրահատուկ տրամաբանությամբ, այծը արժանի է պատժի, իսկ կրիան՝ գովասանքի․․․
«Մի շնանա՛ր», ― այս պատվիրանը ոչ մի խտրություն չի դնում այն անձանց միջև, որոնց ցուցակը բերվում է ստորև։ Այդ պատվիրանը պարտավոր են խստագույնս պահպանել՝
Նորածինները․
Մանուկները․
Դպրոցական տարիքի երեխաները․
Պատանիներն ու աղջիկները․
Ավելի տարիքավորները․
Քառասուն․
Հիսուն․
Վաթսուն․
Յոթանասուն․ Ութսուն․
Իննսուն․
Հարյուր և ավելի տարեկան տղամարդիկ ու կանայք։
Այդ պատվիրանի ծանրությունը շատ անարդար է բաշխվում, և այլ կերպ չի էլ կարող լինել։
Առաջին երեք՝ մանկական կարգերի համար այն պահպանելը դժվար չէ։
Բայց դժվար, ավելի ու ավելի դժվար է հաջորդն երեք կարգերի համար, տանջալիորեն դժվար։
Հաջորդ երեք կարգերի համար դրա պահպանումը բարերարորեն ավելի ու ավելի է հեշտանում։
Այժմ արդեն այս պատվիրանը պատճառել է այն ամբողջ չարիքը, ինչի ընդունակ էր, և հարկավոր է դա առհասարակ դեն նետել։ Բայց ո՜ւր, անմիտ համառությամբ այն իր անգութ արգելքը դնում է նաև մնացած չորս կարգերի վրա։ Այդ հալիծ ընկած զառամյալները որքան էլ որ ուզեն, չեն կարող այն խախտել։ Եվ նկատի առեք՝ նրանց գովում են այն բանի համար, որ առաքինությամբ հեռու են մնում շնությունից։ Եվ շատ իզուր․ ախր Աստվածաշունչը վկայում է, որ իր նկարագրած ծերունիներից ամենազառամյալը հենց որ մեկ ժամով հետ ստանար երբեմնի ուժերը, այդ պատվիրանը գրողի ծոցը կուղարկեր և կկործաներ առաջին իսկ պատահած կնոջը, անգամ եթե նրան ներկայացված չլիներ։
Բանը հենց այնպես է, ինչպես ես ասացի՝ Աստվածաշնչի բոլոր սահմանումները և օրենքների ամեն տեսակ հավաքածուները ուղղակի փորձ են վերացնելու աստծու օրենքը, այսինքն՝ բնության անփոխարինելի ու անխախտ օրենքը։
Այդ մարդկանց աստվածը իր միլիոնավոր գործերով նրանց ցույց է տվել, որ չի հարգում Աստվածաշնչի սահմանումները։ Նա ինքն է խախտում բոլոր՝ թե՛ անառակությանը վերաբերող և թե՛ այլ պատվիրանները։
Աստծու օրենքը, որ պարզ արտահայտված է կնոջ օրգանիզմի կառուցվածքի մեջ, հետևյալն է ասում․ թող ոչ մի սահմանափակում չդրվի մյուս սեռի հետ քո հարաբերությունների վրա՝ քո կյանքի ցանկացած շրջանում։
Աստծու օրենքը, որ պարզ արտահայտված է տղամարդու օրգանիզմի կառուցվածքի մեջ, ասում է՝ քո ամբողջ կյանքում սեռական տեսակետից դու կկրես ամեն տեսակ սահմանափակումներ ու արգելքներ։
Տղամարդը սեռական հարաբերության ընդունակ է միայն կարճ ժամանակ, և այն էլ խիստ չափավոր։ Նա դրան ընդունակ է տասնհինգ֊տասնվեց տարեկանից ու այնուհետև երեսունհինգ տարի։ Հիսուն տարեկանից հետո նրա գործերն ավելի ու ավելի վատ են ընթանում, ավելի ու ավելի մեծ ընդհատումներով, և այն բավականությունը, որ ստանում են երկու կողմերը, խիստ տարակուսելի է, մինչդեռ նրա նախատատը, ասես, նոր է միայն սկսում։ Սրա մեխանիզմը լիակատար սարքին է։ Սրա մոմակալն առաջվա նման ամուր է, մինչդեռ տղամարդու մոմը անցնող տարիների ազդեցության տակ գնալով փափկում, հալվում է, մինչև որ, ի վերջո, այլևս չի կարողանում կանգնել, հույս դնելով երանելի հարության վրա, որն այդպես էլ երբեք տեղի չի ունենում։
Բայց կնոջ օրգանիզմն այնպես է կառուցված, որ նրա մեխանիզմը շարքից դուրս է գալիս յուրաքանչյուր ամիս երեք օրով և մի որոշ ժամանակ էլ հղիության շրջանում։ Դրանք այն օրերն են, որ կինը իրեն վատ է զգում, իսկ երբեմն էլ նույնիսկ ուժգնորեն տառապում է։ Որպես արդար ու օրինական փոխհատուցում նա ստանում է անսահմանափակ անառակության բարձր արտոնություն իր կյանքի մնացած բոլոր օրերի համար։
Այսպիսին է աստծո օրենքը, որ դրսևորվում է կնոջ օրգանիզմի կառուցվածքի մեջ։ Բայց կնոջն ի՞նչ է տալիս այդ բարձր արտոնությունը։ Արդյո՞ք նա ապրում է, ազատորեն օգտվելով այդ արտոնությունից։ Ո՛չ։ Աշխարհում ոչ մի տեղ դա նրան չի թույլատրվում։ Ամենուրեք նրան բռնությամբ զրկում են այդ արտոնությունից։ Իսկ ո՞վ է դրանում մեղավոր։ Տղամարդը։ Տղամարդու հնարած օրենսգրքերը, եթե Աստվածաշունչն իրոք Աստծու խոսքն է։
Ահա ձեզ փայլուն օրինակ մարդկային «տրամաբանության», ինչպես նրանք են արտահայտվում։ Տղամարդը նկատում է որոշակի փաստեր։ Օրինակ, որ իր կյանքում չի եղել մի այնպիսի օր, երբ ինքը կարողանար բավարարել մեկ կնոջ, ու ճիշտ նմանապես էլ կնոջ կյանքում չի եղել մի օր, երբ նա չկարողանար գերհոգնեցնել, քայքայել ու շարքից հանել իր հետ անկողնում պառկած մի տասնյակ տղամարդկային մեխանիզմներ։<ref>Հավայան կղզիներում 1866 թվականին մահացավ թագավորական ցեղին պատկանող մի մարմնեղ արքայադուստր։ Նրա թաղման թափորում պատվավոր տեղ էին գրավում հոյակապ կազմվածքով 36 երիտասարդ բնիկներ։ Արքայադստեր զանազան առաքինությունները, ծառայությունները և տաղանդները փառաբանող գովերգության մեջ 36 հովատակները հիշատակվում էին որպես «հարեմը» և ասվում էր, թե նա պարծեցել է, որ նրանցից ոչ մեկին թույլ չի տվել պարապության մատնվել և հաճախ է պատահել, որ նրանցից շատերը կարողացել են արտաժամյա աշխատանքի վարձատրություն պահանջել։ ― Ծան, հեղ․։</ref> Նա համադրում է զարմանալիորեն պարզ և ինքնըստինքյան հասկանալի այդ փաստերը ու դրանից անում հետևյալ զարմանալի հետևությունը՝ Արարիչը որոշեց կնոջը սահմանափակել մեկ տղամարդով։
Այնուհետև նա այդ ավելի քան տարօրինակ հետևության վրա կառուցում է մի հավերժական օրենք։
Եվ այդպես վարվում է առանց կնոջ հետ խորհրդակցելու, թեև կինը նրանից հազարապատիկ ավելի է շահագրգռված այդ հարցի ճիշտ լուծմամբ։ Տղամարդու բազմանալու ընդունակությունը սահմանափակված է միջին հաշվով տարեկան հարյուր վարժությամբ՝ հիսուն տարվա ընթացքում․ մինչդեռ կինը ընդունակ է տարեկան երեք հազար վարժության՝ այդ ամբողջ ժամանակաընթացքում, որ նրան վիճակված է ապրել։ Այսպիսով, տղամարդու ռենտան նրա ամբողջ կյանքի ընթացքում կազմում է հինգ հազար հաճելի խորտիկ, իսկ կնոջը՝ հարյուր հիսուն հազար, և, այնուամենայնիվ, փոխանակ օրենքի սահմանումը ազնվորեն ու վեհանձնաբար տրամադրելու այն անձնավորությանը, որի համար դա շատ կարևոր նշանակություն ունի, դրանից ոչ մի բան չկորցնող այդ նողկալիագույն կռտած խոզն ինքն է այն կազմում։
Իմ նախորդ խրատներից դուք կարող էիք հետևություն անել, որ տղամարդը հիմարի մեկն է․ հիմա ձեզ հայտնի դարձավ, որ կինը դիվային հիմար է։
Այ եթե դուք, կամ էլի ինչ֊որ իսկապես խելոք մեկը զբաղվեիք տղամարդու և կնոջ ազնիվ ու արդարացի փոխհարաբերությունների սահմանմամբ, դուք մեկ տղամարդուն կտայիք մեկ կնոջից երկտոկոսանոց բաժին, իսկ կնոջը կտրամադրեիք մի ամբողջ հարեմ։ Ճիշտ չէ՞, արդյոք։ Ինքնին հասկանալի է։ Ուրեմն պատկերացրեք, որ ճլորած մոմով այդ անասունը ամեն բան սարքել է ուղիղ հակառակ ձևով։ Սողոմոնը՝ աստծու սիրեցյալներից մեկը, իր տրամադրության տակ ուներ զուգավորման առանձնատուն, ուր հավաքված էին յոթ հարյուր կանայք և երեք հարյուր հարճեր։ Անգամ մահվան սպառնալիքի տակ նա չէր կարողանա ինչպես հարկն է բավարարել այդ մատաղ արարածներից թեկուզ երկուսին, թեև նրան այդ գործում օգնում էին ևս տասնհինգ փորձագետներ։ Հետևաբար, համարյա ամբողջ հազար հոգի հարկադրված էր տարիներ շարունակ սովահար լինել։ Պատկերացրեք, թե ինչպիսի քար սիրտ պետք է ունենա այդ մարդը, որ կարող է ամեն օր տեսնել նման տառապանքներ և ոչինչ չանել դրանք մեղմելու համար։ Իսկ նա անմիտ դաժանությամբ է՛լ ավելի սաստկացրեց այդ անմեղ կանանց տանջանքները, նրանց վրա կարգելով պնդակազմ պահակներ, այնպես որ խեղճ կանանց բերանի ջուրը հոսում էր, երբ տեսնում էին հոյակապ կազմվածքով այդ երիտասարդներին, որոնք, սակայն, ոչնչով չէին կարող մխիթարել մոմակալներին, քանի որ ներքինիներ էին։ Ներքինին այն տղամարդն է, որի մոմը հանգցված է։ Հանգցված է արհեստականորեն։<ref>Ես մտադիր եմ այս նամակները հրապարակել այստեղ՝ Երկրի վրա, նախքան ձեզ մոտ վերադառնալս։ Երկու հրատարակությամբ։ Մեկը լիակատար՝ Աստվածաշունչ կարդացողների ու նրանց երեխաների համար, մյուսը գրաքննված՝ լավ ճաշակ ունեցող մարդկանց համար։ ― Ծան․ հեղ․։</ref>
Հետագայում ես ժամանակ առ ժամանակ քննության կառնեմ Աստվածաշնչի առանձին օրենքները և ձեզ ցույց կտամ, որ դրանք ամեն անգամ ուղղակիորեն խախտում են աստծու որևէ օրենքը, որից հետո ընկնում են զանազան երկրների օրենսգրքերի մեջ և ամրապնդում են այդ խախտումը։ Սակայն ամեն բան իր ժամանակն ունի, շտապելու կարիք չկա։
==Իններորդ նամակ==
Տապանը, շարունակելով իր նավարկությունը, լողում էր ջրերի վրա առանց կողմնացույցի ու առանց ղեկի, որպես քամիների ու սրընթաց հոսանքների բերանն ընկած մի խաղալիք։ Եվ ամբողջ ժամանակ անձրև, անձրև ու անձրև։ Այն տեղում էր, ծեծկում, ողողում։ Այդպիսի անձրև դեռ երբեք չէր եղել։ Առաջներում երբեմն լինում էին օրական մինչև տասնվեց մատնաչափ տեղումներ։ Բայց սա չտեսնված մի բան էր՝ օրական հարյուր քսան մատնաչափ, իսկ դա ամբողջ տասը ոտնաչափ է։ Եվ ահա, այդ աներևակայելի անձրևը տեղում էր քառասուն օր ու գիշեր, այնպես որ ծածկել էր մինչև չորս հարյուր ոտնաչափ բարձրությամբ բոլոր բլուրները։ Բայց այստեղ երկինքն ու անգամ հրեշտակներն էլ բոլորովին ցամաքեցին, և ջուր այլևս ոչ մի տեղից վերցնել չէին կարող։
Դա այնքան էլ հաջող Տիեզերական ջրհեղեղ չէր, բայց ոչնչով չէր զիջում ուրիշ բազմաթիվ Տիեզերական ջրհեղեղների, որ վկայագրված են բոլոր ժողովուրդների աստվածաշնչերում։
Ի վերջո տապանը վեր սլացավ և իջավ Արարատ լեռան գագաթին՝ հովտի մակերևույթից տասնյոթ հազար ոտնաչափ բարձրության վրա։ Նրա կենդանի բեռը ազատ արձակվեց և սարից ցած իջավ։
Նոյը խաղողի այգի տնկեց, խմեց ստացած գինին ու լիովին ապուշ կտրեց։
Աշխարհի ամբողջ բնակչությունից նա ընտրվեց, որովհետև նրանից լավ մեկ ուրիշը չէր գտնվել։ Նա պետք է նոր հիմքի վրա դներ նոր մարդկության սկզբնավորումը։ Հենց այդ էլ, ահա, եղավ նոր հիմքը։ Նախանշանն անչափ վատը ստացվեց։ Փորձը շարունակել, նշանակում էր ենթարկվել մեծ և միանգամայն իզուր փորձության։ Հասել էր այդ բազմության հետ նույնպիսի իմաստնությամբ վարվելու պահը, ինչպես վարվել էին նրանց նախորդների հետ, այսինքն՝ ջրահեղձ անել։ Յուրաքանչյուր ոք, բացի Արարչից, կհասկանար դա։ Բայց նա չհասկացավ։ Այսինքն, գուցե չհասկացավ։
Պնդում են, թե ի սկզբանե նա կանխատեսել էր այն ամենը, ինչ պետք է կատարվեր աշխարհում։ Եթե դա ճշմարիտ է, ուրեմն նա կանխատեսել էր, որ Ադամն ու Եվան պետք է ճաշակեին խնձորը․ որ նրանց սերունդն անասելի վատը պետք է լիներ և հարկ կլիներ նրան ջրահեղձ անել․ որ Նոյի սերունդն իր հերթին անասելի վատը պետք է լիներ և որ ժամանակի ընթացքում նա ինքն էլ ստիպված պետք է թողներ իր երկնային գահը, իջներ երկիր և խաչելության ենթարկվեր այդ տաղտկալի մարդկությանը ևս մեկ անգամ փրկելու համար։ Փրկել ամբողջովի՞ն։ Ո՛չ։ Նրա մի մա՞սը։ Այո՛։ Իսկ ո՞ր մասը։ Մեկ սերունդ կազմող միլիարդ մարդիկ հարյուրավոր անգամ, իրենց տեղը զիջելով նոր սերնդին, կգնան հավիտենապես կործանվելու, ամբողջ միլիարդը, բացառությամբ մոտավորապես մի տասը հազար ընտրյալների։ Այդ տասը հազարին էլ հարկ կլիներ ջոկել մի աննշան խումբ քրիստոնյաներից, բայց այդ խմբից էլ փրկության հավանականություն կունենա յուրաքանչյուր հարյուրերորդը միայն, միայն այն կաթոլիկները, որոնք կհաջողացնեն մահվան ժամին ունենալ քահանա, որպեսզի սա հղկաքարով մաքրի նրանց, ու էլի մի երկու֊երեք երեցների հոգիները։ Մնացած բոլորը փրկության ենթակա չեն։ Մնացած բոլորը անիծյալներ են։ Միագումար՝ մեկական միլիոնով։
Մի՞թե դուք կհամաձայնեք, որ այդ ամենը նա նախատեսել էր։ Այդպես է պնդում եկեղեցին։ Բայց չէ որ դրանով իսկ նա պնդում է, որ իր աստվածը մտավոր տեսակետից Առաջին աղքատն է տիեզերքում, իսկ բարոյական տեսակետից կանգնած է Դավիթ թագավորի մակարդակի վրա։
<references>