::::::::::Գ․ Ջ․ Ուոքեր, քարտուղար
==Ոգիների շրջանում==
Մի քանի օր առաջ մեր քաղաքում ոգեկոչության սեանս էր։ Ես այնտեղ գնացի երեկոյան թերթի թղթակցի հետ միասին։ Նա ինձ ասաց, որ մի ժամանակ ինքը ճանաչել է Գես Գրեհեմ անունով մի խաբեբայի, որին գնդակահարել են Իլինոյսի նահանգի մի փոքրիկ քաղաքի փողոցում։ Քանի որ ամբողջ Սան Ֆրանցիսկոյում, հավանաբար, չի գտնվի մի ուրիշ մարդ, որը ծանոթ լինի այդ գործի հանգամանքներին, ինքն ուզում է «այդ Գրեհեմին հրամցնել ոգիներին, թող ծամեն»։ (Երիտասարդ ժուռնալիստը պատկանում է դեմոկրատական կուսակցությանը և արտահայտվում է եռանդուն ու աննրբագեղ, ինչպես որ իր բոլոր գործընկերները։) Երբ սեանսը սկսվեց, նա մի թղթի կտորի վրա գրեց իր հանգուցյալ բարեկամի անունը, խնամքով ծալեց տոմսակը և գցեց լայնեզր գլխարկի մեջ, ուր արդեն կային հինգ հարյուրի չափ նման տոմսակներ։
Տոմսակները թափվեցին սեղանին, և ոգեմիջնորդ կինը սկսեց դրանք մեկը մյուսի հետևից բացել ու դնել մի կողմ, հարցնելով․
― Այս ոգին ներկա՞ է։ Իսկ այս մե՞կը։ Իսկ ա՞յս։
Հիսունից մոտավորապես մեկ անգամ ի պատասխան թխկոց էր լսվում, և այդ ժամանակ նա, ով տվել էր տոմսակը, տեղից բարձրանում էր և հարցերով դիմում հանգուցյալին։ Որոշ ժամանակ անցնելուց հետո մի ինչ֊որ ոգի բռնեց ոգեմիջնորդ կնոջ ձեռքից և թղթի վրա գրեց՝ «Գես Գրեհեմ», ըստ որում գրեց հետևից առաջ։ Ոգեմիջնորդ կինը անհապաղ սկսեց փորփրել տոմսակների կույտը, փնտրելով այդ անունը։ Երբ նա դիպավ հարկավոր տոմսակին, մինչ այդ վերցնելով ու դնելով հիսունի չափ ուրիշ տոմսակներ, թխկոց լսվեց․ փորձված խաբեբան իր քարտը ճանաչեց հետևի կողմից։ Ստուգող հանձնաժողովի անդամը բացեց տոմսակը, այնտեղ գրված էր՝ «Գես Գրեհեմ»։ Ես պահանջեցի, որ տոմսակը ինձ ցույց տան։ Դա իմ ուղեկցի տված տոմսակն էր։ Ես այնքան էլ չզարմացա․ բոլոր դեմոկրատներն էլ սատանայի հետ մտերիմ են։ Երիտասարդ ժուռնալիստը բարձրացավ աթոռից և հարցրեց․
― Դուք ե՞րբ եք մահացել։ Հազար ութ հարյուր հիսունմեկ թվականի՞ն։ Հազար ութ հարյուր հիսուներկուսի՞ն։ Հազար ութ հարյուր հիսուներեքի՞ն։ Հազար ութ հարյուր հիսունչորսի՞ն։
Ոգի։ Թը՛խկ, թը՛խկ, թը՛խկ։
― Դուք ինչի՞ց եք մահացել։ Խոլերայի՞ց։ Լուծի՞ց։ Արյունալուծի՞ց։ Կատաղած շան կծոցի՞ց։ Ծաղկի՞ց։ Բռնի մահո՞վ։
― Թը՛խկ, թը՛խկ, թը՛խկ։
― Ձեզ կախե՞լ են։ Ջրախե՞ղդ արել։ Մորթե՞լ են։ Գնդակահարե՞լ են։
― Թը՛խկ, թը՛խկ, թը՛խկ։
― Դուք մահացել եք Միսսիսիպիյի նահանգո՞ւմ։ Կենտուկիո՞ւմ։ Նյու Յորքո՞ւմ։ Սանդվիչյան կղզիներո՞ւմ։ Տեխասո՞ւմ։ Իլինոյսո՞ւմ։
― Թը՛խկ, թը՛խկ, թը՛խկ։
― Ադամսի շրջանո՞ւմ։ Մեդիսոնի շրջանո՞ւմ։ Ռենֆոլդի շրջանո՞ւմ։
― Թը՛խկ, թը՛խկ, թը՛խկ։
Պարզ էր, որ հանգուցյալ խաբեբային անզեն ձեռքով չես որսա։ Նա խաղաթղթերի կապուկն անգիր գիտեր և հաղթաթղերով էր խաղում։
Այդ ժամանակ հասարակության միջից դուրս եկան երկու գերմանացի, մեկը տարեց էր, իսկ մյուսը՝ մի ինքնավստահ երիտասարդ, որի մտքին, երևում է, ինչ֊որ բան կար։ Նրանք մի թղթի կտորի վրա անուններ գրեցին։ Այնուհետև երիտասարդ Օլենդորֆը մի հարց տվեց, որը հնչում էր մոտավորապես այսպես։
― Ist ein Geist heraus?: <ref>Ներկայացե՞լ է, արդյոք, ոգին (գերմ․)։</ref> (Ունկնդիրների բուռն քրքիջ)։
Երեք հարվածները վկայում էին, որ Geist heraus էր։
― Wollen sie schreibeb?<ref>Ուզո՞ւմ եք գրել (գերմ․)։</ref>
Երեք հարված։
― Funfzigstollenlinswlicterhairow ferfowle ineruhackfolxderol?
Կարող եք ինձ չհավատալ, բայց այդ զարմանալի հարցին ոգին կայտառորեն պատասխանեց՝ այո՛։
Ամեն մի նոր հարցով ունկնդիրների ուրախությունն աճում էր և հարկ եղավ նրանց նախազգուշացնել, որ եթե շարունակեն այդպես թեթևամտորեն պահել իրենց, փորձերը կդադարեցվեն։ Աղմուկը հանդարտվեց։
Գերմանացի ոգին, ըստ երևույթին, ամենակատարյալ անգետն էր և չէր կարողանում պատասխանել ամենահասարակ հարցերին։ Վերջում երիտասարդ Օլենդորֆը, վերլուծելով ինչ֊որ գրառումներ, փորձեց որոշել, թե այդ ոգին երբ է մահացել։ Ոգին շփոթվում էր և չէր կարողանում ասել՝ ինքը մահացել է 1811, թե՞ 1812 թվականին, մի բան, որ, ասենք, բավական բնական էր, հաշվի առնելով, որ դրանից հետո քիչ ժամանակ էր անցել։ Ի վերջո, նա կանգ առավ երկրորդ տարեթվի վրա։
Խա՛ղ է։ Երիտասարդ Օլենդորֆը սաստիկ հուզված ոտքի թռավ ու գոչեց․
― Թիկնայք և փարոնայք։ Ես գրել եմ մի մարդու անուն, որը միանգամայն ողչ է։ Ոքին ասում է, թե նա մահացել է 1812 թվականին, բայց ողչ ու առողչ է․․․
Ոգեմիջնորդ կին։ Նստե՛ք ձեր տեղը, պարոն։
Օլենդորֆ։ Ո՛չ, ես ցանկանալ․․․
― Ոգեմիջնորդ կին։ Դուք այստեղ եք եկել ոչ նրա համար, որ ճառ արտասանեք։ Նստե՛ք ձեր տեղը։
(Մինչդեռ Օլենդոորֆը պատրաստվում էր նոր ճառի։)
Օլենդորֆ։ Այս ոքին խաբել։ Այդպիսի ոքի փնավ գոյություն չունենալ։
(Ունկնդիրները անընդհատ ծափահարում ու քրքջում են։)
Ոգեմիջնորդ կին։ Նստե՛ք ձեր տեղը, պարոն, և ես հիմա բացատրություն կտամ։
Եվ նա բացատրություն տվեց։ Այդ բացատրության ընթացքում նա երիտասարդ Օլենդորֆին այնպիսի կործանարար ուժի հարված հասցրեց, որ ես ամենևին չէի զարմանա, եթե գերմանացին շենքից դուրս թռչեր, իր ճանապարհին քանդելով պատը։ Նա ասաց, թե երիտասարդն այստեղ է եկել մտքին դրած խաբեություն, նենգություն և խարդախություն, և որ ստվերների թագավորությունից նրան ընդառաջ է դուրս եկել նրա իսկ մակարդակի մի ոգի։ Ոգեմիջնորդ կինն անկեղծորեն զայրացած էր։ Նա հասկացրեց, որ դժոխքը վխտում է երիտասարդ Օլենդորֆի նման ստոր անձնավորություններով և որ նրանք անհամբեր սպասում են ամենափոքր իսկ հնարավորության, որպեսզի նման օլենսդորֆների կոչով դուրս թռչեն ուրիշի անվան տակ, իսկ հետո գրեն ու թխկթխկացնեն ամեն տեսակ հերետիկոսություն ու անհեթեթություն։ (Պոռթկուն քրքիջ ու ծափահարություններ։)
Խիզախ Օլենդորֆը զենքը վայր դրեց և պատրաստ էր պատասխան կրակ բացելու, բայց ունկնդիրները պոռթքացին, աղաղակելով․
― Նստի՛ր տեղդ։ ― Ո՛չ, շարունակի՛ր։ ― Դո՛ւրս կորիր։ ― Խոսի՛ր, մենք քեզ լսում ենք։ ― Իջեցրե՛ք նրան ամբիոնից։ ― Ամո՛ւր կաց։ ― Դե, շուտ փախի՛ր։ ― Լսո՛ւմ ենք։ ― Իջեցրեք նրան ամբիոնից։ ― Ամո՛ւր կաց։ ― Դե, շուտ փախի՛ր։ ― Մի՛ վախենա, ամո՛ւր կաց։
Ոգեմիջնորդ կինը վեր կացավ ու հայտարարեց, որ եթե Օլենդորֆը տեղը չնստի, ինքը կհեռանա դահլիճից։ Նա ոչ մի դեպքում թույլ չի տա, որ խաբեբայական արարքներով իրեն վիրավորեն կամ էլ ծաղրեն իր կրոնական համոզմունքները։ Լսարանը հանդարտվեց, և ընկճված Օլենդորֆը իջավ ամբիոնից։
Երկրորդ գերմանացին իր հերթին կանչեց ոգուն, գերմաներեն նրան մի քանի հարց տվեց և ասաց, որ բոլոր պատասխանները ճիշտ են։ Ոգեմիջնորդ կինը հայտարարեց, որ գերմաներեն ոչ մի բառ չի հասկանում։
Այդ ժամանակ մի պարոն ինձ կանչեց բեմահարթակի մոտ և հարցրեց, արդյոք, ես ոգեկոչների թվի՞ն չեմ պատկանում։ Ես ասացի, որ չեմ պատկանում։ Այդ ժամանակ նա ինձ հարցրեց, թե, արդյոք, ես ոգեկոչության հակառակո՞րդ չեմ։ Ես պատասխանեցի, որ հավանաբար, ոչ ավելի, քան ոգիներին չհավատացող մյուս մարդիկ, և բացատրեցի, որ չեմ կարող հավատալ մի բանի, ինչ չեմ հասկանում, իսկ այն, ինչ այստեղ տեսնում եմ, հասկանալ անհնար է։ Այդ ժամանակ նա ասաց, թե ոգիների այսօրվա երկչոտության պատճառը, թերևս, ես չեմ, այնուամենայնիվ, իր համար ակնհայտ է, որ տեղի է ունենում հակամարտ հոգեհոսանքների ուժեղ արտահոսք․ ինքը, իհարկե, այդ բանը իսկույն նկատել էր, իրեն չեք խաբի․ բացասական հոգեհոսանքների ամենաուժեղ արտահոսքը դահլիճի հենց այն կողմից է, որտեղ ես եմ նստած։ Ես ակնարկեցի, թե մեղավորը, հավանաբար, ուղեկիցս է, և ավելացրի, որ գերագույն սրիկա եմ համարում ամեն մեկին, որ մեղավոր է այդ նողկալի բացասական հոգեհոսանքների արտահոսքի համար։ Իմ բացատրությունները, ըստ երևույթին, բավարարեցին մոլեռանդին, և նա ինձ հանգիստ թողեց։
Մի ժամանակ մի մոտիկ բարեկամ ունեի, որը, ըստ իմ տեղեկությունների, ողևորվել էր ոգիների թագավորություն կամ գրողի ծոցը, մի խոսքով՝ այդ երկու տեղերից մեկը, և ես կամեցա նրա մասին որևէ բան իմանալ։ Բայց երկրային մեղսագործ բառերով հանգուցյալի ստվերին դիմելն այնպես սարսափելի էր, որ երկար ժամանակ չէի կարողանում ինձ ստիպել վեր կենալ տեղիցս և հայտարարել իմ ցանկությունը։ Վերջապես, հուզմունքից դողալով, տեղիցս վեր կացա և հազիվ լսելի, ընդհատուն ձայնով, ասացի․
― Այստե՞ղ է, արդյոք, Ջոն Սմիթի ոգին։
(Ես չմտածեցի, որ Սմիթների հետ կատակելը լավ բան չէ։ Բավական է մեկին ձայն տաս, դրանցից մի ամբողջ լեգեոն դուրս կնետվի դժոխքի խորքերից, որպեսզի ձեզ բարևի։)
― Հա՛յ֊հա՛յ֊հա՛յ֊հարա՛յ։
Ես այդպես էլ գիտեի։ Առանց ապաշխարանքի հանգչող Սմիթների ամբողջ ցեղը, Սան Ֆրանցիսկոյից ընդհուպ մինչև գեհենի դուռը, միաժամանակ գրոհեցին փոքրիկ սեղանի վրա։ Ես շփոթվել էի, ավելի ճիշտ շշմել։ Դահլիճը, սակայն, պահանջում էր, որ հարցեր տամ, և ես հարցրի․
― Դուք ինչի՞ց եք մահացել։
Սմիթները թվարկեցին այն բոլոր հիվանդությունները և բոլոր դժբախտ դեպքերը, որոնք կարող են մահվան պատճառ դառնալ։
― Դուք որտե՞ղ եք մահացել։
Նրանք մահացել էին այն բոլոր աշխարհագրական կետերում, որ ես կարողացա անվանել։
― Դուք երջանի՞կ եք, արդյոք։
― Հանգուցյալ Սմիթները պատասխանեցին վճռաբար ու միաբանորեն․
Ո՛չ։
― Այնտեղ, ձեզ մոտ, տա՞ք է արդյոք։
Գրագետ Սմիթներից մեկը, բռնելով ոգեմիջնորդի ձեռքը, գրեց․ «Դժվար է բառեր գտնել արտահայտելու համար, թե որքան տաք է մեզ մոտ»։
― Մնացե՞լ են, արդյոք, էլի որևէ Սմիթներ այնտեղ, որտեղից դուք եկել եք։
― Սատանա՛ն գիտի։
Ինձ թվաց, թե պատասխանող Սմիթի ստվերը քթի տակ ծիծաղեց, թույլ տալով այդ պարզունակ սրամտությունը սատանայի և հանգուցյալ Սմիթների վերաբերյալ։
― Որքա՞ն Սմիթենր են այստեղ ներկա։
― Տասնութ միլիոն։ Հերթը ձգվում է այստեղից մինչև Չինաստանի արևմտյան սահմանը։
― Իսկ ընդամենը որքա՞ն Սմիթներ կան գեհենի բնակիչների մեջ։
― Գերակշռող մեծամասնությունը։ Դժոխքի տիրակալը որոշել է հարմարության համար այժմ յուրաքանչյուր նորեկի Սմիթ կոչել։ Ով Սմիթ չէ, այդ մասին պետք է հայտարարի։ Բայց այդպիսի դեպքերը հաճախակի չեն։
― Մեռած հոգիներն ինչպե՞ս են անվանում իրենց մռայլ կացարանը։
― Սմիթսոնյան ինստիտուտ։
Վերջապես, ես հանդիպեցի ինձ հարկավոր Սմիթին, այն նույն Սմիթին, որին որոնում էի, իմ բարի, անմոռանալի բարեկամին, և նրանից իմացա, որ մահացել է բռնի մահով։ Պարզվում է, որ կինը շատախոսությամբ տանջամահ է արել նրան։ Ես այդպես էլ կարծում էի։ Խե՜ղճ Սմիթ։
Հետո մի Սմիթ էլ երևաց։ Ներկաներից մեկն ասաց, որ դա իր Սմիթն է և սկսեց հարցեր տալ։ Պարզվեց, որ այդ Սմիթը նույնպես բռնամահ է արվել։ Երկրի վրա նա դավանել է չափազանց խառնաշփոթ կրոնական հայացքներ, ունիվերսալիստի և ունիտարականի<ref>Բողոքական հոսանքների հետևորդներ։ Ծան․ ռուս․ խմբ․։</ref> խարնուրդ է եղել, բայց այն աշխարհում ըմբռնել է այդ հարցերը և այժմ երջանիկ է։ Մենք սկսեցինք հարցուփորձ անել նրան, և բարեհոգի ծեր պաստորը հաճույքով զրույցի բռնվեց մեզ հետ։ Իբրև ոգի նա պարզապես զվարճասեր մարդ էր։ Ասաց, որ իր մարմինը ապանյութականացել է, և գնդակը հիմա կարող է նրա միջով անցնել առանց անցք թողնելու։ Անձրևը նույնպես նրան ամբողջությամբ թրջում է, բայց անգամ ամենափոքր անախորժություն չի պատճառում։ (Եթե այդպես է, ուրեմն նա չի զգում, թե երբ է անձրև գալիս և չի կարող դատել դրա մասին։) Նա ասաց, որ այն, ինչ մենք անվանում ենք դրախտ և դժոխք, ոչ այլ ինչ է, քան հոգեվիճակ, դրախտում հանգուցյալները լավ և խաղաղ տրամադրության մեջ են, իսկ դժոխքում նրանք տանջվում են զղջումից և խղճի խայթից։ Ասաց, որ ինքն անձամբ ամեն ինչից գոհ է, իրեն հիանալի է զգում։ Հրաժարվեց պատասխանել՝ երկրի վրա բարեպա՞շտ է եղել, թե՞ մեղսագործ։ (Ծեր, չթրջվող, ապանյութականացված խորամանկի մեկը։ Հասկացավ, որ ես այդ հարցը տվեցի որոշ նպատակով, որ ուզում եմ պարզել, թե արդյոք հավանականություն ունե՞մ կյանքս դասավորելու նրանից ոչ վատ։) Ասաց, որ անգործ նստած չէ, սովորեցնում է ուրիշներին և ինքն էլ սովորում է։ Ասաց, որ իրենք ունեն ոլորտներ՝ կատարելագործման աստիճաններ, որ ինքը հիանալի հաջողությունների է հասել և արդեն փոխադրվել է երկրորդ ոլորտ։ («Զգույշ, ծերուկ, զգույշ, դու որպես պաշար ունես մի ամբողջ հավիտենականություն», ― ասացի ինքս ինձ։ Նա ոչ մի բան ինձ չառաջարկեց։) Նա չկարողացավ պատասխանել, թե ընդամենը քանի ոլորտ գոյություն ունի։ (Ես անձամբ կարծում եմ, որ դրանց թիվը միլիոնների է հասնում։ Եթե մարդը մեկ ոլորտից մյուսն է ցատկում այդպիսի արագությամբ, ինչպես այդ ծեր ունիվերսալիստը, դեռ անգամ Սեզոստրիսի<ref>Հին եգիպտական թագավոր։ ― Ծան․ խմբ․։</ref> և այլ մումիաների տարիքին չհասած նա արդեն հասած կլինի բազմաթիվ ոլորտներ, իսկ հավիտենականության շեմին կկորցնի դրանց հաշիվը։ Իմ կարծիքով ծեր պաստորն այնպիսի արագությամբ է թռչում, որը չի համապատասխանում ոչ այն իրադրությանը, որի մեջ նա գտնվում է, ոչ էլ ժամանակի այն պաշարին, որ նա ունի իր տրամդրության տակ։) Ասաց, թե ոգիները չեն զգում ո՛չ շոգ, ո՛չ էլ ցուրտ։ (Դա հերքում է իմ ուղղահավատ պատկերացումները դժոխքի՝ շիկացած թավաների և եռացող ձյութի մասին։) Ասաց, որ ոգիները միմյանց հետ հաղորդակցվում են մտովի, լեզու չունեն, ասաց, որ տղամարդկանց և կանանց միջև բաժանումը մնում է, և նման բաներ։
Ծերունի պաստորը մեզ գրում և մեզ հետ զրուցում էր մի ամբողջ ժամ, և նրա արագ ու խելացի պատասխաններից երևում էր, որ այն աշխարհում նա ժամանակը դատարկ բաներով չի անցկացնում։ Երևում էր, որ նա քիթը ամեն տեղ խոթում է և աշխատում է պարզել այն բոլորը, ինչը նրան անհասկանալի է թվում, իսկ եթե դա նրան չի հաջողվում, չի հանգստանում, նա ինքը այդ մասին մեզ պատմեց, այլ փնտրում է որևէ ծանոթ ոգի, որը կարող է նրան հաղորդել իր փորձը։ Զարմանալի չէ, որ նա ամեն բանի տեղյակ էր։ Ես կուզենայի նշել նրա բացառիկ սիրալիրությունն ու պատրաստակամությունը և ցանկանալ նրան նույնպիսի հաջողություն այսուհետ ևս, մինչև որ նա կբազմի ամենաբարձր ոլորտի գագաթին և այդպիսով կհասնի վերջնական կատարելության։