===Երգ քսանչորսերորդ===
<poem>
«Ո՛վ կոչեցյալք օրհնյալ Գառի ընթրիքի,
Ուր այնպիսի սնունդ եք դուք ստանում,
Որ ձեր քաղցը հագեցնում եք լիուլի։
Եթե կանխավ սա Աստուծո շնորհիվ
Ճաշակում է փշրանքը ձեր սեղանի,
Դեռ չավարտած կյանքի ընթացքը լրիվ,
Հաշվի առեք նրա պապակն անհատնում
Եվ գոհացրեք, դուք խմում եք այն
Ակից, Ուրկից նրա մտածումներն են բխում»։
Այսպես խոսեց Բեատրիչեն ոգևոր,
Եվ հոգիներն սկսեցին պտտվել,
Բոցկլտալով աստղերի պես գիսավոր։
Եվ ինչպես որ անիվներն են պտտվում
Ժամացույցի, բայց պտտվում են այնպես,
Որ մեկն՝ անշարժ, մյուսը շարժուն է թվում,
Այսպես իրենց ոչ միակերպ պտույտով
Շարժվում էին պարախմբերն այն հոգվոց,
Առավել կամ նվազ արագ ընթացքով։
Իսկ մի խմբից առավել վեհ, ջերմեռանդ,
Դուրս եկավ մի երանելի այնքան վառ,
Որ նրա պես պայծառության չկար անդ։
Երեք անգամ նա տիրուհուս շուրջ դարձավ,
Երգելով մի այնպիսի երգ երկնային,
Որ չեմ կարող պատկերացնել ես բնավ։
Ուստի պետք է դա զանց առնեմ ես այստեղ,
Քանզի տալու համար պատկերը դրա,
Խոսքը պետք է լինի անչափ գունագեղ։
«Ով սուրբ քույր իմ, դու միայն քո խանդակաթ
Սիրո ուժով ինձ հանում ես այն խմբից,
Որի հետ ես պտտվում եմ անընդհատ»։
Կանգ առնելով լուսահոգին այն օրհնյալ,
Արտաբերեց այս խոսքերը ոգեշունչ,
Դիմելով դեպ իմ տիրուհին հիազմայլ։
եվ տիրուհիս՝ «Ո՛վ դու մեծ այր փառալից,
Որին Տերը բանալիները հանձնեց,
Ցած բերելու այս բարձունքից ցնծալից,
Քննիր սրան հարցերում ծանր ու թեթև
Էության շուրջ այն հավատի, որով դու
Ծովի վրա քայյում էիր անդեդև։
Որ նա ունի ճշմարիտ սեր, լույս, հավատ,
Գաղտնիք չէ քեզ, զի դա տեսնում ես այնտեղ,
Ուր ամեն ինչ երևում է բացահայտ։
Բայց քանի որ արքայությունն այս երկնի
Ձեռք է բերվում լոկ հավատով ճշմարիտ,
Թող նա խոսի և նրա փառքն հռչակի»։
Աշակերտը ինչպես լռին ու հլու
Սպասում է իր ուսուցչի հարցերին,
Փաստարկելու համար և ոչ վճռելու,
Այսպես և ես զինված ամեն փաստարկով,
Պատրաստ էի պատասխաններն իմ տալու
Այդօրինակ մի քննիչի փառագով։
«Լավ քրիստոնյա, ասա, խոսիր բացահայտ,
Հավատն ի՞նչ է»։ Ես բարձրացրի գլուխն իմ
Դեպի լույսն այն, ուրկից ձայնն էր գալիս այդ։
Ապա դարձա իմ տիրուհուն ուղեկից.
Նա նշանով ինձ հասկացրեց, որ հիմա
Հարկ է զեղեմ հյութըս ներքին ակունքից։
«Եթե պետք է իմ հավատը ճշմարիտ
Խոստովանեմ նախամարտկիդ վեհւսգույն,
Ապա ես քեզ կարտահայտվեմ աներկմիտ,—
Ասացի ես։— Հայր իմ, ինչպես ճիշտ գրեց
Քո եղբայրը, որը քեզ հետ միասին
Հռոմն ուղիղ ճանապարհի մեջ դրեց,
Հավատն հիմքն է ամեն բանի հուսացված
Եվ փաստարկը չերևացող բաների.
Սա է նրա էությունը անկասկած»։
Եվ նա ասաց. «Դու շիտակ ես մտածում,
Եթե լավ ես հասկանում, թե ինչու նա
Հավատը հիմք ու փաստարկ է համարում»։
Ես ասացի. «Խորհուրդները իրերի,
Որ ինձ այստեղ երկնքում են երևում,
Այնքան մութ են մարդկանց համար աշխարհի,
Որ նրանց գոյն հավատի՛ մեջ է միայն,
Որի վրա հիմնված է հույսը վեհ.
Դրանից էլ հիմքի բնույթ ունի այն»։
Եվ մենք պետք է դատենք ըստ այդ հավատքի
Գոյի մասին խորհուրդների անմատույց,
Դրանից էլ բնույթ ունի փաստարկի»։
Եվ նա ասաց. «Եթե ամեն ինչ այսպես
Պարզ ու հստակ հասկանային աշխարհում,
Չէր ունենա սոփեստությունն ասպարեզ»։
Այսպես ոգեց հուրը սիրո հավաստի,
Հետո հարեց. «Բավական լավ խոսեցիր
Էության և արժեքի շուրջ հավատի։
Բայց ասա, թե դու քո հոգում այն ունե՞ս»։
Ես ասացի. «Այո, ունեմ լիուլի,
Եվ այդ մասին ոչ մի կասկած չունեմ ես»։
Եվ նա ասաց խորքից լույսի իր պայծաո.
«Որտեղի՞ց քեզ այդ գոհարը թանկագին,
Որը հիմքն է ամեն գործի բարերար»։
Այնժամ նրան ես ասացի. «Սուրբ Հոգու
Շունչը առատ, որ սփոված է բոլոր
Էջերի մեջ Մատյանների Սուրբ երկու,
Մի փաստարկ է, որ այնպիսի մեծ ուժով
Հաստատում է հարկն ու հարգը հավատի,
Որ փաստերն այլ զուր են թվում նրա քով»։
Եվ նա ասաց. «Սուրբ Մատյանները երկու,
Որ այսպիսի հետևության քեզ բերին,
Ինչո՞ւ Աստծուց ներշնչված ես գտնում դու»։
Ես ասացի. «Ապացույցը այդ բանի
Հրաշքներն են, որոնք վեր են բնության
Միջոցներից և ուժերից կենդանի»։
Պատասխանեց. «Ո՞վ է դրանք հավաստում։
Հենց այդ երկու Մատյանները սրբազան,
Որոնք միայն դրանց մասին են փաստում»։
Եվ ես. «Եթե աշխարհն առանց հրաշքի
Քիիստոնեացավ, դա այնպիսի հրաշք է,
Որ այլ փաստերն երևում են փանաքի.
Զի դու աղքատ ու ծոմ մտար ասպարեզ
Բարի սերմը սերմանելու այնտեղ, ուր
Նախ այգի էր, իսկ արդ դարձել է երեզ»։
Երբ լռեցի, հոգիների սուրբ դասում
«Զքեզ, Աստուած, գովաբանեմ» երգն հնչեց
Մի ձայնով որ միակն երկնում են լսում։
Եվ հոգևոր այն իշխանը, որ կարգին
Քննել էր ինձ հարցերի շուրջ հավատի
Ու ինձ հասցրել եզրափակիչ կետերին,
Շարունակեց. «Սուրբ շնորհը լուսատու
Մինչև այստեղ լուսավորեց միտքը քո,
Որ կարենաս պարտ ու պատշաճ դատել դու,
Եվ ես գոհ եմ քո պատասխան-խոսքերից.
Սակայն ի՞նչն է քո հավատի առարկան,
Եվ քաղել ես դու ինչպիսի՞ աղբյուրից»։
«Հայր սուրբ, դու, որ տեսանող ես աննման,
Եվ որ երկրում հավատացիր դու այնպես,
Որ ընկերիցդ առաջ իջար գերեզման,—
Ասացի ես,— արդ ուզում ես, որ հայտնեմ,
Թե ի՛նչն է բուն առարկան իմ հավատի,
Եվ որտեղի՛ց այդ հավատը ես ունեմ։
Պատասխանեմ. ես հավատում եմ Աստծուն
Միակ, հավերժ, որ երկինքներն է շարժում,
Եվ սիրով ու բարությամբ է առլեցուն։
Այդ հավատիս ապացույցները չեն լոկ
Բնական ու բնազանցական, այլ նաև
Ճշմարտությունն այն, որ հայտնել են իրոք
Վեհ Մովսեսը, մարգարեքն ու սաղմոսներ,
Ավետարանն ու հենց դուք, որ գրեցիք,
Երբ Սուրբ Հոգին լուսավորեց միտքը ձեր։
Հավատում եմ երեք հավերժ անձերի,
Որոնք մեկ ու երրյակ էակ են կազմում,
Որին «է» և «են» կցվում են անթերի։
Աստվածության այս խորհուրդը խորիմաստ
Ավետարանն իր մասերով այլևայլ
Դրոշմել է իմ մտքի մեջ բարեբաստ։
Սա է հիմքը, սա է կայծը այն անշեջ,
Որ, աճելով, դառնում է բոց կենդանի
Եվ զերթ աստղը երկնում՝ շողում է իմ մեջ»։
Ինչպես տերը, երբ տոնում է մի լավ լար,
Ցնծությունից գրկում է իր ծառային,
Հենց որ արդեն նա մնում է մունջ ու լուռ,
Այսպես հենց որ ես լռություն պահեցի,
Երեք անգամ շուրջըս դարձավ, օրհնեց ինձ
Այն լույս հոգին, որի դրդմամբ խոսեցի,—
Այնքան գոհ էր նա թվում իմ խոսքերից։
</poem>
===Երգ քսանհինգերորդ===