Նստեցի կրակարանիս առջև և սկսեցի դիտել իմ գանձը։ Նրա առաջին և ամենամեծ մասը դարերի ընթացքում դեղնած մագաղաթ էր։ Ուշադրությամբ զննեցի մի թերթը և համոզվեցի, որ դա կրկնագիր մագաղաթ էր։ Պատմագիր յանկիի գրչին պատկանող դժվարընթեռնելի խունացած տողերի տակից, հազիվ նշմարվում էին ավելի հին, խունացած, էլ ավելի անընթեռնելի տողերի հետքերը՝ լատիներեն բառեր ու դարձվածքներ, որ հավանաբար հնամենի կրոնական առասպելներից մնացած պատառիկներ էին։ Ես վերադարձա օտարականի նշած տեղին և սկսեցի կարդալ․․․ ահա թե ինչ․
==Ասք կորուսյալ երկրի մասին==
==Գլուխ առջին==
Քամելոտ
― Քամելոտ․․․ Քամելոտ, ― ասում էի ինքս ինձ։ ― Ոչ, կարծես երբեք այդպիսի անվանում չեմ լսել։ Հավանաբար, այդպես է կոչվում հիմարանոցը։
Տեղանքի պատկերը մեղմ էր, հանգիստ, երազի նման գեղեցիկ և բոլորովին ամայի։ Օդը լեցուն էր ծաղիկների բույրերով, միջատների բզզոցով, թռչունների ճռվողյունով, բայց ոչ մի տեղ ո՛չ մարդ էր երևում, ո՛չ էլ մարդկային գոյության նշույլ կար։ Ճանապարհ ասածը պարզապես մի կածան էր, սմբակների հետքերը տպված վրան և մեկ֊մեկ էլ խոտերին նշմարվում էին անիվների հետքեր։ Դատելով այդ հետքերից, անվագոտու լայնքը մարդկային աչքի չափ էր։
Հանկարծ մեր առաջ դուրս եկավ մոտ տաս տարեկան մի սիրունիկ աղջնակ․ նրա ոսկեգույն մազերը ծածկել էին ուսերը․ կարմրաբոց կակաչների մի պսակ կար գլխին։ Պարզապես հաճելի էր նրան նայելը, այնպես էր սազում այդ պսակը։ Օրոր֊շորոր քայլում էր անշտապ, և անմեղ դեմքի վրա արտացոլվում էր հոգու խաղաղությունը։ Ուղեկիցս ոչ մի ուշադրություն չդարձրեց նրա վրա, երևի նույնիսկ չնկատեց էլ։ Իսկ աղջնա՞կը։ Նա բոլորովին չզարմացավ ուղեկցիս ֆանտաստիկ հագուստի վրա, կարծես ամեն օր միայն այդպիսի հագուստով մարդկանց էր տեսնում։ Աղջնակը նրա կողքից անցավ նույնքան անտարբեր, ինչպես կանցներ կովի մոտից, բայց երբ հայացքը դիպավ ինձ, այ, այդ ժամանակ տեսնել էր պետք։ Ձեռքերը ակամայից վեր տարածվեցին, բերանը բացվեց ու մնաց բաց, աչքերը չռվեցին ու ինքը զարմանքից քար կտրեց։ Ամբողջովին կարծես հետաքրքրության և վախի մարմնացում լիներ։ Այդպես էլ մնաց կանգնած, ասես գամված լիներ տեղում, և հայացքով ուղեկցեց ինձ, մինչև որ մենք անհայտացանք նրա տեսադաշտից։ Ես ոչ մի կերպ չկարողացա գլուխ հանել, թե ինչու նա այդպես ապշեց ոչ թե ուղեկցիս, այլ իմ սեփական տեսքից։ Մի ուրիշ անհանգստացնող հարց էր նաև այն, թե ինչու այդ աղջնակը ոչ թե ինքն իրեն, այլ հենց ինձ էր համարում տեսարժան երևույթ և, թե ինչու էր նա աչքը տնկել վրաս, այդքան դեռահաս էակի համար պարզապես անհնարին զարմանքով, չէ՞ որ նրանց հատուկ է մանկական մեծահոգությունը։ Մի խոսքով, մտածելու համար որքան ուզեք նյութ կար։ Ես քայլում էի կարծես երազում։
Երբ մոտենում էինք քաղաքին, կյանքի նշաններ սկսեցին երևալ։ Մենք անցնում էինք մերթ ծոտե տանիքով որևէ խարխուլ խրճիթի, մերթ բավականին վատ մշակված փոքրիկ այգիների ու դաշտերի կողքով։ Մարդիկ էլ էին հանդիպում, որ նման էին բանող անասունների, մարմնեղ մարդիկ, որոնց կոշտ ու երկար, չսանրված մազերը կախ էին ընկնում երեսներից։ Եվ տղամարդիկ, և կանայք կրում էին տնայնագործ շապիկներ, որ հասնում էին սրունքներին, և կոպիտ տրեխներ։ Նրանցից շատերը երկաթյա վզնոցներ ունեին։ Փոքրիկ աղջիկներն ու տղաները բոլորովին մերկ էին, բայց կարծես ոչ ոք այդ չէր նկատում։ Եվ բոլոր այդ մարդիկ ինձ վրա էին չռում աչքերը, իմ մասին էին խոսում, խրճիթներն էին վազում տանը մնացածներին դուրս կանչելու և ինձ ցույց տալու համար։ Ուղեկցիս տեսքը, սակայն, ոչ ոքի չէր զարմացնում․ խոնարհ գլուխ էին տալիս նրան և ուշադրության չէին արժանանում։
Քաղաքում, անկանոն ցրված խրճիթների արանքում տեղ֊տեղ բարձրանում էին մեծ, անպատուհան քարե տներ, փողոցները ծուռտիկ էին և չսալարկված, շների և մերկ երեխաների ոհմակը աղմկոտ խաղ էր անում արևի տակ, ամենուրեք խոզեր էին թափառում․ ամբողջովին ցեխակոլոլ մի մերուն առոք֊փառոք պառկել էր գարշահոտ ջրափոսի մեջ, ուղիղ գլխավոր փողոցի կենտրոնում և կերակրում էր իր խոճկորներին։ Հանկարծ հեռվից ռազմական երաժշտության հնչյուններ հասան ականջներիս։ Երաժշտությունն ավելի ու ավելի էր մոտենում, և շուտով մի հեծելախումբ երևաց, որը արտակարգ փառաշուք տեսք ուներ՝ փետուրազարդ սաղավարտներ, պսպղուն զրահներ, ծփացող դրոշներ, շքեղ հագուստներ և սթարներ, ոսկեզօծ նիզակներ։ Հեծելախումբը հանդիսավոր անցավ ցեխաջրերի, խոզերի, մերկ երեխաների, զվարթ շների, թշվառ խրճիչների արանքով, և մենք գնացինք նրա ետևից։ Անցանք մի կեղտոտ փողոց, ապա երկրորդը, անընդհատ բարձրանալով բլուրն ի վեր, մինչև որ հասանք քամաշատ կատարին, որտեղ կանգնած էր ամրոցը։ Եղջրափողի ազդանշաններ փոխանակվեցին, բանակցություններ վարվեցին․ մեզ պատասխանում էին պատերի վրայից, որտեղ փողփողացող վիշապանկար դրոշների ներքո ետ ու առաջ էին քայլում լայնջապանակ և թեթև սաղավարտ հագած, ուսերին գեղարդներ կրող զինվորներ։ Ապա բացվեցին վիթխարի դարպասները, իջավ կամուրջը և հեծելախմբի գլխավորը շարժվեց դեպի խստատես կամարներից ներս։ Մենք էլ, նրան հետևելով, շուտով հայտնվեցինք մի բավական ընդարձակ սալարկված բակում, որը բոլոր չորս կողմերից շրջափակված էր դեպի երկնքի կապույտը խոյացող բուրգերով ու աշտարակներով։ Շուրջ բոլորը զվարթ աղմուկ ու շփոթ էր տիրում․ ձիերից իջնելը, ողջագուրանքը, ետ ու առաջ վազվզելը, խայտաբղետ և զվարթ եռուզեռը իրար էին խառնվել։
==Գլուխ երկրորդ==
Արթուր թագավորի արքունիքը
Հարմար պահ գտնելով, ես մի կողմ քաշվեցի և արտաքինից համեմատաբար պարզ տեսքով մի ծերուկի ուսին դիպչելով, հարցրի սիրաշահող֊խորհրդակցական ձայնով․
― Բարեկամս, չէի՞ք ասի ինձ․ արդյոք դուք ծառայո՞ւմ եք այս հիմարանոցում, թե այցլեության եկել որևէ հիվանդի․․․
Նա բութ հայացք գցեց վրաս և արտաբերեց․
― Ազնվափայլ սըր, ինձ թվում է․․․
― Բավական է, ― ասացի։ ― Տեսնում եմ, որ դուք հիվանդներից եք։
Հեռացա, մտածմունքի մեջ ընկնելով։ Աչք էի ածում, թե գուցե պատահմամբ մի խելքը գլխին մարդ գտնեմ, որ կարողանա մի քիչ լույս սփռել այս ամենի վրա։ Վերջապես ինձ թվաց, թե նման մեկին գտել եմ։ Մոտեցա և շշնջացի ականջին․
― Ինչպե՞ս կարելի է տեսնել ավագ վերակացուին․․․ միայն մեկ րոպեով․․․
― Մի խոչընդոտիր ինձ։
― Ի՞նչ ասացի՞ք։
― Մի խանգարիր, եթե այս բառը քեզ ավելի հաճելի է։
Նա բացատրեց, որ ինքը խոհարարի օգնականն է և, որ այժմ շատախոսելու բոլորովին ժամանակ չունի, թերևս հետո, հաճույքով հետս կզրուցի, որովհետև մահու չափ ուզում է իմանալ, թե որտեղից եմ ճարել իմ հագուստը։ Այդ պահին նա ինչ֊որ ուղղությամբ տնկեց մատը, ասելով, թե ահա ինձ ավելի հարմար զրուցընկեր է գալիս և, թե սա ժամանակ շատ ունի, մանավանդ որ անկասկած, հենց ինձ է փնտրում։ Առջևս կանգնած էր մի նիհար փոքրիկ տղա՝ վառ կարմիր տաբատը հագին, որ նրան երկճյուղ արած գազարի տեսք էր տալիս․ մնացած հագուստը կարված էր կապույտ մետաքսից և նրբին ժանյակներից։ Երկար ոսկեգույն գանգուրներ ուներ և գլխին կրում էր սնդուսի փետրազարդ գլխարկ, որը թեթևակի թեքված էր դեպի ականջը։ Դեմքից դատելով նա բարի տղա էր, քայլվածքից դատելով՝ լիովին գոհ էր իրենից։ Մի խոսքով, կատարյալ պատկեր էր և մնում էր միայն շրջանակի մեջ առնել։ Նա մոտեցավ, ոտքից գլուխ զննեց ինձ ժպտալով և չթաքցրած հետաքրքրասիրությամբ հայտնեց, որ եկել է իմ ետևից և, որ ինքը էջ<ref>Անթարգմանելի բառախաղ է․ անգլերենում «Page» բառը նշանակում է «էջ» և «մանկլավիկ»։ Յանկին այստեղ ենթադրում է, թե հիմարանոցի այդ փոքրիկ ներկայացուցիչը իրեն «էջ» է կարծում։ Ծան․ թարգմ․</ref> է։
― Ի՞նչ էջ, ― ասացի ես, ― դու հազիվ մի պարբերություն լինես։
Բավականին կոպիտ ստացվեց, բայց ես կատաղած էի։ Ասենք, դա նրան չկանգնեցնրեց, նա կարծես, չգիտակցեց, որ ես վիրավորել եմ իրեն և սկսեց խոսել ու ծիծաղել թեթևսոլիկ, զվարթ, տղայավարի անհոգ ձևով, և մինչ մենք քայլում էինք, շուտով մտերմացանք։ Հարց հարցի ետևից էր տալիս իմ զգեստների և իմ անձի վերաբերյալ, բայց երբեք պատասխանի չէր սպասում, այլ շարունակում էր շատախոսել, կարծես մոռանալիս լիներ, որ հարց է տվել և պետք է պատասխանի սպասի, մինչև որ, վերջապես, պատահաբար ասաց, թե ծնվել է հինգ հարյուր տասներեք թվականի սկզբներին։
Ես փշաքաղվեցի։ Կանգ առա և հարցրի թուլացած ձայնով․
― Գուցե ես քեզ ճիշտ չլսեցի։ Կրկնի՛ր․․․ կրկնիր դանդաղ։ Ո՞ր թվականին ես ծնվել։
― Հինգ հարյուր տասներեք։
― Հինգ հարյուր տասներեք։ Ոչ, քո տեսքից այդ ասել չի լինի։ Լսիր, տղաս, ես օտարական եմ և այստեղ բարեկամներ չունեմ, ազնիվ եղիր ինձ հետ և ճշմարտախոս։ Քո գլխի մեջ ամեն ինչ տեղո՞ւմ է։
Նա ասաց, որ ամեն ինչ տեղում է։
― Իսկ բոլոր այս մարդկանց խելքն էլ տեղո՞ւմ է։
Նա ասաց, որ տեղում է։
― Եվ սա հիմարանոց չէ՞։ Այսինքն մի այնպիսի վայր չէ՞, որտեղ խելագարներ են բուժում։
Նա պատասխանեց, որ ոչ։
― Ուրեմն այդ դեպքում, ― ասացի ես, ― կամ ես եմ ցնդել, կամ էլ մի սոսկալի բան է պատահել։ Իսկ հիմա ասա ինձ ազնիվ և ուղիղ, որտե՞ղ եմ ես գտնվում։
― <b>Արթուր թագավորի արքունիքում։</b>
Մի րոպե լուռ մնացի, որպեսզի լսածս մինչև վերջ հասներ գիտակցությանս, ապա հարցրի․
― Ուրեմն, ըստ քո կարծիքի, հիմա ո՞ր թվականն է։
― Հինգ հարյուր քսանութ, տասնինն հունիսի։
Զգացի, թե ինչպես է ճմլվում սիրտս, և շշնջացի․
― Այլևս երբեք չեմ տեսնի իմ բարեկամներին, երբեք, երբեք այլևս։ Նրանք պիտի ծնվեն տասներեք հարյուրամյակ հետո։
Չգիտեմ ինչու, հավատացի տղային։ Ինչ֊որ ներքին զգացումով հավատացի նրան, բայց գիտակցությունս հրաժարվում էր հավատալ։ Գիտակցությունս ապստամբում էր, և դա միանգամայն բնական էր։ Ես չգիտեի, թե ինչպես բավարարեմ իմ գիտակցությանը․ ուրիշ մարդկանց վկայությունը չէր օգնի գործին, որովհետև իմ գիտակցությունը նրանց խելագար կանվաներ և մի կողմ կնետեր նրանց փաստարկները։ Եվ հանկարծ, երջանիկ պատահականությամբ, գլխովս մի սքանչելի գաղափար անցավ։ Գիտեի, որ մ․ թ․ վեցերորդ դարում արևի միակ լրիվ խավարումը տեղի է ունեցել 528 թվականի հունիսի 21֊ին և սկսվել է ցերեկվա 12 անց 03 րոպեին։ Գիտեի նաև, որ ինձ համար ընթացիկ համարվող տարում, այսինքն 1879 թվականին, արևի լրիվ խավարում չէր սպասվում։ Այնպես որ, ես պետք է քառասունութ ժամ զսպեի իմ համբերությունն ու հետաքրքրությունը, որպեսզի դրանք սիրտս վերջնականապես չպայթեցնեին, և ապա ստույգ կպատասխանեի այն հարցին, թե այդ տղան ճշմարտություն էր ասում, թե ոչ։
Ուստի, որպես կոնեկտիկուտցի գործնական մարդ, ես հետաձգեցի այդ թնճուկի լուծումը մինչև նշանակված օրն ու ժամը, դադարեցի այդ մասին մտածելուց և ամբողջ ուշադրությունս կենտրոնացրի տվյալ պահի պարագաների վրա, որպեսզի առավելագույնս քաղեի այդ վիճակից։ «Թղթախաղի մեջ ժամանակին օգտագործիր հաղթաթուղթը», ― ահա իմ նշանաբանը, բայց թե որ արդեն ստիպված ես խաղալ, ուրեմն խաղա, եթե նույնիսկ ձեռքիդ ունես երկու զույգ և մի կենտ։ Ես երկու վճիռ ընդունեցի․ եթե դեռ, այնուամենայնիվ, տասնիններորդ դարն է, և ես գտնվում եմ հիմարանոցում ու այստեղից դուրս գալու հնար չկա, ես ես չեմ լինի, թե որ այստեղ տեր ու տնօրենը չդառնամ և, մյուս կողմից, եթե իրոք վեցերորդ դարն է, ուրեմն շատ լավ, ավելին ինձ ուրիշ ի՞նչ է պետք․ երեք ամիսը չլրացած կլինեմ ամբողջ երկրի տերն ու տնօրենը, չէ որ ես ամբողջ թագավորության ամենազարգացած մարդն եմ, քանի որ ծնվել եմ բոլորից տասներեք դար հետո։ Ես այն մարդկանցից չեմ, որ վճիռ ընդունելուց հետո ժամանակ են կորցնում, և անմիջապես հարցրի մանկլավիկին․
― Լսիր, Քլարենս, տղաս, եթե ես ճիշտ հասկացա քո անունը, եթե դեմ չես, ինձ մի փոքր ծանոթացրու իրերի վիճակին։ Ի՞նչ է այդ ուրվականի անունը, որն ինձ այստեղ բերեց։
― Իմ և քո տիրո՞ջ։ Դա ազնվափայլ ասպետ և մեծ լորդ սըր Քեյ Մատակարարն է, մեր տեր թագավորի կաթնեղբայրը։
― Շատ լավ, շարունակիր, պատմիր նրա մասին, ինչ որ գիտես։
Նա մի երկար պատմություն պատմեց, բայց ինձ անմիջականորեն հետաքրքրող մասը այսպիսին էր։ Նա հայտնեց, որ ես սըր Քեյնի գերին եմ և, ըստ սովորության, ինձ զնդան պետք է նետեն և պահեն այնտեղ միայն հացով ու ջրով, մինչև որ իմ բարեկամները փրկագին վճարեն, եթե, իհարկե, մինչ այդ ինքս չսատկեմ։ Տեսա, որ վերջին հնարավորությունը շատ ավելի իրական է, բայց հոգ չարեցի, ժամանակը շատ սուղ էր։ Այնուհետև մանկլավիկը ասաց, որ ճաշը մեծ սրահում արդեն ավարտին է մոտենում և, որ խոսք ու զրույցը և խնջույքը սկսելուց անմիջապես հետո, սըր Քեյը կհրամայի ներս տանել ինձ, ցույց կտա Արթուր թագավորին և Կլոր Սեղանի շուրջ նստած հռչակավոր ասպետներին և կսկսի պարծենալ՝ ինձ գերի բռնելիս իր կատարած սխրագործությամբ։ Ընդսմին, հնարավոր է, որ մի փոքր չափազանցնի, բայց ես պետք չէ ուղղեմ նրան, դա անքաղաքավարի կլինի և մեկ էլ ոչ անվտանգ, իսկ երբ ինձ վրա կուշտ կնայեն, հետո կքշեն զնդան, նա՛ Քլարենսը, անպատճառ միջոց կգտնի երբեմն֊երբեմն ինձ այցելելու և կօգնի լուր հաղորդել իմ բարեկամներին։
Լո՜ւր հաղորդել իմ բարեկամներին։ Ես շնորհակալություն հայտնեցի, ուրիշ էլ ի՞նչ կարող էի անել։ Այդ պահին մոտեցավ սպասավորը և ասաց, որ ինձ պահանջում են։ Քլարենսը ինձ ներս առաջնորդեց, նստեցրեց և ինքն էլ նստեց իմ կողքին։
Աչքերիս առջև մի զարմանահրաշ և հետաքրքրական տեսարան բացվեց։ Համարյա մերկ պատերով մի վիթխարի սրահ էր, որը լեցուն էր ճչացող հակապատկերներով։ Շատ բարձր, անչափ բարձր տանիքով սրահ էր, այնքան բարձր, որ աղջամուղջի մեջ հազիվ նկատվում էին առաստաղի կամարների միջև նետված հեծաններից ու գերաններից կախ ընկած դրոշները։ Յուրաքանչյուր ծայրում քարե բազիրքով բարձր պատշգամբներ կային, մի կողմում երաժիշտներն էին նստած, մյուս կողմում՝ կանայք, շլացուցիչ հագուստներով։ Հատակը սալարկված էր սև ու սպիտակ քառակուսի մեծ քարե սալերով, որոնք ժամանակի ընթացքում մաշվել ու վերանորոգման կարիք էին զգում։ Զարդեր, ճիշտն ասած, չկային, թեպետ պատերից կախ էին տված ահռելի գորգեր, որոնք, հավանաբար, արվեստի գործեր էին համարվում։ Դրանց վրա ռազմի տեսարաններ էին պատկերված, բայց ձիերը նման էին ճիշտ այնպիսի մարմինների, որոնց երեխաներն են կտրատում թղթից կամ էլ սարքում խմորից, իսկ մարդիկ պատկերված էին թեփուկավոր զրահով, ընդ որում թեփուկները մի֊մի կլոր ծակեր էին, այնպես որ մարկանց հագուստը կարծես ծակծկված լիներ խմորեղենի պատառաքաղով։ Կրակարանը այնքան մեծ էր, որ մի ամբողջ ճամբար կտեղավորեր։ Նրա սյուները քանդակված ու հղկված քարից էին և հիշեցնում էին տաճարի դուռը։ Պատերի երկայնքով լանջապանակ և թեթև սաղավարտ հագած զինվորներ էին կանգնած, գեղարդները ձեռքներին, որպես միակ զենք․ կանգնած էին այնպես անշարժ, որ կարելի էր նրանց արձանի տեղ ընդունել։
Այս կամարածածկ և տապանասալարկ շուկայական հրապարակի մեջտեղում մի կաղնի սեղան էր դրված, որը նրանք Կլոր Սեղան էին կոչում։ Այն կրկեսի մրցասպարեզի նման ընդարձակ էր, և շուրջը նստած էր տղամարդկանց մի մեծ բազմություն, որոնք հագնված էին այնպես բազմազան և շլացուցիչ գույներով, որ պարզապես նայելիս աչքդ էր ցավում։ Գլուխներին փետրազարդ գլխարկներ էին կրում և փոքր֊ինչ բարձրացնում էին գլխարկները միայն այն դեպքում, երբ դիմում էին հենց իրեն՝ թագվորին։
Մեծ մասը խմելով էր զբաղված, խմիչքը ուղղակի բերանների մեջ էին դատարկում եզան ամբողջական պոզերից, իսկ մի քանիսը դեռ հաց էին ծամում կամ էլ տավարի ոսկորներ կրծում։ Ամեն մարդուն ընկնում էր ամենաքիչը երկուական շուն, որոնք նստած էին աչքները մարդկանց բերաններին տնկած և, երբ նրանց ոսկոր էին շպրտում, բոլորը միանգամից նետվում էին առաջ, ամբողջ բրիգադներով ու դիվիզիաներով։ Սկսվում էր շնակռիվը՝ գլուխները, մարմինները, պոչերը խառնվում էին իրար մի համատարած քաոսի մեջ, սրահով մեկ այնպիսի ոռնոց, վնգստոց ու հաչոց էր բարձրանում, որ բոլոր զրույցները ստիպված էին լինում առժամանակ դադարեցնել։ Բայց ոչ ոք դրա համար չէր բողոքում, որովհետև շնակռիվները ավելի հետաքրքրական էին, քան զրույցները։ Տղամարդիկ երբեմն վեր էին ցատկում, որպեսզի ավելի լավ տեսնեն և գրազ էին գալիս, թե որ շունը կհաղթի, իսկ տիկիններն ու երաժիշտները կռանում էին բազիրքի վրա, և բոլոր կողմերից հիացական բացականչություններ էին լսվում։ Վերջ ի վերջո հաղթող շունը ոսկորը թաթերի մեջ բռնած, հարմարավետ մեկնվում էր հատակի վրա մի հիսուն ուրիշ հաղթված շների կողքին, և գռմռալով սկսում էր կրծել, կեղտոտելով հատակը, իսկ արքունիքը նորից վերադառնում էր իր նախկին զբաղմունքներին ու հաճույքներին։
Որպես կանոն այդ մարդկանց խոսքերն ու շարժուձևերը վայելուչ էին ու քաղաքավարի։ Ես նկատեցի, որ նրանք ուշադրությամբ և լրջորեն ունկնդրում էին, երբ մեկը խոսում էր շնակռիվների արանքներում պատահող ընդմիջումների պահին։ Ընդսմին, նրանք մանկականորեն միամիտ էին ու պարզահոգի։ Ամեն մեկը ստում էր որքան կարող էր, ստում էր բարեհոգի ու զինաթափող միամտությամբ և հաճույքով ականջ էր դնում ուրիշի ստերին ու հավատում էր ամեն ինչի։ Անչափ դժվար էր նրանց էությանը զուգորդել դաժանության և սարսափելիության պատկերացումը, և թեպետ նրանք խոսում էին արյան ու չարչարանքների մասին, բայց այնպիսի անկեղծ հափշտակությամբ էին պատմում, որ ես դադարեցի սոսկալուց։
Ես այդտեղ գտնվող միակ գերին չէի։ Ինձնից բացի մի քսան մարդ էլ կար կամ գուցե ավելին։ Այդ թշվառներից շատերը այլանդակված էին, բզկտված, վիրավորված ամենաահավոր ձևով, նրանց մազերը, դեմքերը, հագուստը դաջված էին սև արյունով։ Նրանք, անշուշտ, սուր մարմնական ցավեր էին զգում, հոգնություն, քաղց և ծարավ, անկասկած, և ոչ ոք հոգ չէր տարել նրանց լվացվելու, նրանց վերքերը դարմանելու մասին, այնուամենայնիվ, ոչ մի ծպտուն չէին հանում, ոչ տնքոց, ոչ բողոք, հոգնության ոչ մի նշան չէին դրսևորում։ Եվ ես ակամայից մտածեցի․ «Նրանք, երևի, իրենք էլ իրենց ժամանակին ճիշտ նույն կերպ են վարվել գերիների հետ, այժմ իրենց հերթն է վրա հասել, նրանք որևէ ուրիշ բան չեն էլ ակնկալում։ Հետևաբար, նրանց փիլիսոփայական տոկունությունը արդյունք չէ ինքնատիրապետման, մտքի, բանականության ուժի, դա անասնական համբերություն է, նրանք պարզապես սպիտակամորթ հնդիկներ են»։
==Գլուխ երրորդ==
Կլոր Սեղանի ասպետները
Կլոր Սեղանի շուրջ ծավալված զրույցները գլխավորապես մեծախոսություններ էին։ Ասպետները պատմում էին, թե ինչպես են գերիներ բռնել, սպանել նրանց բարեկամներին ու կողմնակիցներին, տիրացել նրանց ձիերին և զրահներին։ Որքան կարողացա հասկանալ, ընդհանրապես այդ սպանությունները կատարվում էին ոչ որպես վրեժ՝ կրած վիրավորանքի դիմաց, ոչ որպես հին թշնամության կամ հանկարծակի գժտության արդյունք։ Ո՛չ երբեք։ Որպես կանոն դրանք պարզապես մենամարտեր էին իրար անծանոթ մարդկանց միջև, որոնք երբեք մեկը մյուսին չէին վիրավորել։ Շատ է պատահել, որ տեսնեմ, թե ինչպես երկու անծանոթ երեխաներ իրար հանդիպելիս միաբերան գոչել են․ «Ես քեզ կդնեմ» և սկսել են կռվել, բայց մինչև այս պահը միշտ կարծել եմ, որ նման երևույթը հատուկ է միայն երեխաներին, պարզապես մանկական հասակի հատկանիշը լինելով։ Այստեղ, սակայն, այս մեծ երեխաները ճիշտ նույն ձևով են վարվում ու հպարտանում իրենց արարքներով, չնայած իրենց առաջացած տարիքին։
Եվ, այնուամենայնիվ, այս մեծահասակ բարեհոգի էակների մեջ ինչ֊որ սիրելի ու գրավիչ բան կար։ Այս ամբողջ մանկանոցում հազիվ այնքան ուղեղ ճարվեր, որպեսզի բավարարեր ձուկ բռնելու համար կարթի վրա հագցնելու նպատակին, բայց հարցն էլ այն է, որ նման հասարակության մեջ ուղեղը պետք չէ, ընդհակառակն, ուղեղի առկայությունը միայն կխանգարեր և բոլորին նեղություն կպատճառեր, կզրկեր այդ հասարակությանը իր ավարտուն համաչափությունից և, հավանաբար, անհնարին կդարձներ այս հասարակության գոյությունն իսկ։
Համարյա բոլորի դեմքերը հաճելի արիությամբ էին շնչում, իսկ ոմանք այնպիսի արժանապատվությամբ և վայելչորեն էին իրենց պահում, որ ամեն մի քննադատություն ակամայից պետք է լռեր։ Հատկապես ազնվածին բարության և մաքրության մարմնավորում էր այն ասպետի դեմքը, որին նրանք սըր Գալահադ էին կոչում, ինչպես նաև թագավորի դեմքը․ կատարյալ վեհություն և իսկական մեծություն կար սըր Լանսելոտ Լճացու վիթխարի մարմնի ու վեհապանծ կեցվածքի մեջ։
Հանկարծ մի դեպք պատահեց, որը սըր Լանսելոտի վրա կենտրոնացրեց բոլորի ուշադրությունը։ Ինչ֊որ մեկի, հավանաբար արարողապետի, տված նշանի համաձայն, վեց, թե ութ գերիներ մի մարդու նման առաջ եկան, ծունկի իջան, ձեռքերը վեր պարզեցին դեպի տիկնանց պատշգամբը և սկսեցին թույլտվություն խնդրել մի խոսք ուղղելու թագուհուն։ Կանացի գեղեցկության և թովչության այս ծաղկանոցում ամենաերևացող տեղը նստած տիկինը ի նշան համաձայնության հակեց գլուխը։ Այդ ժամանակ գերիներից մեկը բոլորի անունից ասաց, որ հանձնում է ինքն իրեն և իր ընկերներին թագուհու ձեռքը, և թող թագուհին որոշի ինչ անել՝ ներում շնորհել իրենց, փրկագին պահանջել, զնդան նետել, թե մահապատժի ենթարկել։ Խոսնակը հայտնեց նաև, որ ինքը դրանով կատարում է Քեյ Մատակարարի հրամանը, որի գերիներն են իրենք, և որը հաղթել է իրենց ազնիվ մարտի մեջ և գերեվարել։
Զարմանքը թևածեց դեմքից֊դեմք սրահով մեկ։ Սըր Քեյի անունի վրա մարեց թագուհու ժպիտը, նա նկատելիորեն հիասթափված էր, և մանկլավիկը փսփսաց ականջիս մեջ ամենակծու հեգնանքով․
― Չէ մի, չէ՛, սըր Քեյի։ Հավատացինք հա՜։ Կարող եք ինձ աղջկա անուն կպցնել, սիրելիներս, կամ էլ ծովառնետ կոչել։ Մարդիկ պետք է երկու անգամ հազար տարի գլուխ կոտրեն, որպեսզի կարողանան մի ուրիշ այսպիսի վիթխարի փչոց հորինել։
Դաժան հարցապնդումով լեցուն բոլոր աչքերը հառվեցին սըր Քեյին։ Բայց նա իր բարձրության վրա գտնվեց։ Ոտքի ելավ և ձեռքով վեհապանծ շարժում արեց։ Հայտարարեց, որ հիմա պատմելու է ամեն ինչ, միայն ու միայն փաստերի վրա հենվելով, պարզապես պատմելու է ճշմարիտ փաստերը, առանց որևէ մեկնաբանության։
― Եվ այն ժամանակ, ― ասաց նա, ― եթե դուք կուզենաք փառք ու պատիվ տալ մեկին, ապա կտաք այդ նրան, ով նստած է այստեղ, ով ամենահզորն է բոլոր ասպետների մեջ, որոնք երբևէ վահան են բռնել և սուր գործածել քրիստոնեական մարտիկների շարքերում։
Եվ նա մատնացույց արեց սըր Լանսելոտին։ Օ, սըր, Քեյը շշմեցրեց բոլորին։ Հետո նա շարունակեց և պատմեց, թե ինչպես սըր Լանսելոտը, արկածներ փնտրելիս, իր սրի մի հարվածով սպանել է յոթ հսկաների և ազատել գերության կապանքներից հարյուր քառասուներկու տիկինների ու օրիորդների, թե ինչպես առաջ գնալով նոր արկածներ փնտրելու, գտել է իրեն (սըր Քեյին) ինը օտար ասպետների հետ անհավասար մարտ մղելիս և անմիջապես ինքը մենակ իր վրա վերցրել ամբողջ մարտը և հաղթել բոլոր ինը ասպետներին, ապա առավոտյան սըր Լանսելոտը վաղ է արթնացել, հագել սըր Քեյի զրահը, վերցրել սըր Քեյի ձին և հեռացել դեպի օտար երկրներ, և մի մարտում հաղթել է տասնվեց, իսկ մի ուրիշում երեսունչորս ասպետների, և թե ինչպես բոլոր պարտվածներին, և այս, և նախկին պարտվածներին, նա ստիպել է երդվել, որ նրանք Հոգեգալստյան օրը պիտի հայտնվեն Արթուր թագավորի արքունիքում, հանձնվեն Գինեվըր թագուհու ձեռքը, իրենց կոչելով սըր Քեյ Մատակարարի գերիները, նրա ասպետական խիզախության վկայությունը ներկայացնելով, և ահա մի վեց ասպետ արդեն եկել են, իսկ մյուսները կհայտնվեն, հենց որ ծանր վերքերը մի փոքր ապաքինվեն։
Հուզիչ էր տեսնել, թե ինչպես էր շառագունում և ժպտում թագուհին, ինչպես էր ամոթխած և երջանիկ գողունի հայացքներ նետում սըր Լանսելոտի վրա, այնպես որ, եթե դա Արկանզասում լիներ, վերջինիս մարմնի մեջ տեղն ու տեղը ատրճանակ կպարպեին։
Բոլորը փառաբանում էին սըր Լանսելոտի քաջությունը և մեծահոգությունը, իսկ ինչ վերաբերում է ինձ, ես պարզապես զարմանում էի, թե ինչպես մի մարդ կարողացել է հաղթել և գերեվարել կռիվների մարզված այսքան մարտիկների։ Զարմանքս հայտնեցի Քլարենսին, բայց այս քամիգլուխ ծաղրասերը միայն ասաց․
― Եթե սըր Քեյը հասցրած լիներ կոնծելու թթու գինու ևս մի տիկ, պարտվածների թիվը կկրկնապատկվեր։
Հանկարծ Քլարենսի դեմքին այնպիսի խոր վհատության ամպ իջավ, որ խղճացի նրան։ Ես հետևեցի նրա հայացքի ուղղությանը և տեսա ծածանվող սև հագուստով մի շատ ծեր, սպիտակամորուս մարդու, որը խախուտ ոտքերով սեղանի մոտ կանգնած, թեթևակի տարուբերում էր իր հնամենի գլուխը և ջրակալած աչքերի թափառող հայացքով դիտում ներկաներին։ Բոլորի դեմքերին նկատելի էր ճիշտ նույն վհատության արտահայտությունը, ինչ որ տեսել էի մանկլավիկի դեմքին։ Դա կարծես դատապարտված էակների նախազգացում լիներ, թե իրենք պետք է տառապանքներ կրեն և չեն էլ կարող նույնիսկ բողոքել։
― Աստված իմ, նորից պիտի լսենք, ― հառաչեց տղան, ― նույն հին ու ձանձրալի պատմությունը, որ նա պատմել է ճիշտ նույն բառերով արդեն հազար անգամ և որ միշտ պիտի պատմի, քանի դեռ չի մեռել, ամեն անգամ, երբ մի գավաթ գինուց գործի անցնի նրա երևակայության քամաղացը։ Տեր իմ, ինչու ես չմեռա, որպեսզի այս օրը չտեսնեի։
― Ո՞վ է նա։
― Մերլինը, մեծագույն ստախոսը և ամենակարող մոգը։ Թող կործանվի նա։ Այնպես է ձանձրացրել մեզ իր միակ պատմությունով։ Բայց բոլորը վախենում են նրանից, որովհետև նրան են հպատակվում փոթորիկներն ու կայծակները, և դժոխքի բոլոր չարքերը այդ ծերուկի հրամանի տակ են, թե չէ մենք վաղուց դուրս տված կլինեինք դրա փորոտիքը, ազատվելու համար նրա այդ պատմությունից։ Նա միշտ էլ այն պատմում է երրորդ դեմքով, իբր հավատացնել է ուզում, թե ինքը շատ համեստ է, որպեսզի իրեն փառաբանի։ Թող անեծքի կրակը իջնի նրա վրա, թող միշտ դժբախտությունը լինի նրա բաժինը։ Լավ, բարեկամս, խնդրում եմ, զարթեցրեք ինձ, երբ վերջացնի։
Տղան գլուխը դրեց ուսիս և քնած ձևացավ։ Ծերունին սկսեց իր պատմությունը, և մանկլավիկը իրոք անմիջապես քնեց, քնեցին նաև շները, արքունիքը, ծառաները, զինվորները։ Միապաղաղ հնչում էին ձանձրալի ձայնը, բոլոր կողմերից լսվում էր մեղմ խռմփոցը, որը կարծես փողային գործիքների ուղեկցություն լիներ այդ ձայնին։ Մի քանիսը գլուխները դրել էին ձեռքերի վրա, ուրիշները մեջքով ետ էին հենվել և բերանները լայն բաց արած՝ երաժշտություն էին արտաբերում։ Ճանճերին այլևս քշող չկար, նրանք տզզում էին և կծում․ մի հարյուր անցքերից ու ծակերից անշշուկ ներս խուժեցին առնետների բազմությունները և սկսեցին վազվզել դես ու դեն, զգալով իրենց ինչպես սեփական տանը․ նրանցից մեկը, սկյուռի նման ետին թաթերի վրա նստել էր թագավորի գլխին ու պանիր էր կրծում, միամիտ անամոթությամբ փշրանքները թագավորի դեմքին թափելով։ Տեսարանը շատ խաղաղ էր, հանգստավետ՝ հոգնած աչքերի և տանջահար հոգու համար։
Ահա, թե ինչ էր պատմում ծերուկը․
― ․․․ Եվ այսպես, թագավորն ու Մերլինը ճանապարհ ընկան ու հասան ճգնավորի մոտ, որը մի բարի մարդ էր և մեծ հեքիմ։ Հեքիմը զննեց թագավորի վերքերը և տվեց նրան լավ դարմաններ։ Թագավորը այնտեղ մնաց երեք օր, վերքերը լրիվ բուժվեցին, այնպես որ նա կարող էր ձի նստել ու գնալ, և նրանք մեկնեցին։ Ճանապարհին Արթուրը ասաց․ «Ես սուր չունեմ»։ «Ոչինչ, ― ասաց Մերլինը, ― շուտով ես սուր կճարեմ»։ Նրանք քշեցին ձիերը և հասան մի մեծ, խոր լճի, և տեսավ Արթուրը, որ ճիշտ լճի կենտրոնում ոսկեմետաքս թևքով մի ձեռք հոյակապ սուր է բռնել։ «Ահա, ― ասաց Մերլինը, ― այն սուրը, որի մասին ես ասում էի»։ Այդ միջոցին նրանք տեսան մի օրիորդի, որը քայլում էր լճի վրայով։ «Ի՞նչ օրիորդ է սա», ― հարցրեց Արթուրը։ «Դա լճի տիրուհին է, ― ասաց Մերլինը։ ― Այդ լճի մեջտեղը մի ժայռ կա, ժայռի վրա էլ աշխարհիս ամենագեղեցիկ ամրոցը։ Հիմա այդ օրիորդը կմոտենա քեզ, եթե քաղցր խոսես նրա հետ, սուրը քոնը կլինի»։ Օրիորդը մոտեցավ Արթուրին և ողջունեց նրան։ Նա էլ՝ օրիորդին։ «Օրիորդ, ― ասաց Արթուրը, ― ի՞նչ սուր է դա, որը ջրից վեր բռնել է այդ ձեռքը։ Ես կուզենայի ունենալ այն, քանզի սուր չունեմ»։ «Սըր Արթուր թագավոր, ― ասաց օրիորդը, ― սուրը իմն է, և եթե դու ինձ նվեր տաս, երբ ես քեզ խնդրեմ այդ մասին, սուրը քոնը կլինի»։ «Պատվովս եմ երդվում, ― ասաց Արթուրը, ― ես կտամ այն նվերը, ինչ որ դու խնդրես»։ «Այդ դեպքում, ― ասաց օրիորդը, ― նստիր այն մակույկը, գնա և վերցրու սուրը պատյանի հետ միասին, և ես կխնդրեմ իմ նվերը, երբ ժամանակը գա»։ Արթուրն ու Մերլինը իջան ձիերից, ձիերը կապեցին երկու ծառերից, մակույկ նստեցին և, երբ մոտեցան սուր բռնած ձեռքին, սըր Արթուրը բռնեց կոթից և պոկեց սուրը։ Ձեռքը ջրի տակ անցավ, իսկ նրանք ափ վերադարձան ու շարունակեցին ճանապարհը։ Շուտով սըր Արթուրը մի շքեղ վրան տեսավ։ «Ո՞ւմ վրանն է սա»։ «Սըր Պելինորի վրանն է, այն ասպետի, որի հետ վերջերս մենամարտեցիր, բայց այժմ նա ներսը չէ։ Գնացել է մենամարտելու քո ասպետներից մեկի, ազնվափայլ Էգլեմի հետ։ Նրանք երկար մարտնչել են և Էգլեմը փախուստի է դիմել փրկվելու համար ստույգ մահից, իսկ Պելինորը հետապնդել է նրան մինչև Քարլիոն, և հիմա շուտով մենք նրան կհանդիպենք մեծ ճանապարհի վրա»։ «Այդ շատ լավ է, ― ասաց Արթուրը, ― այժմ ես սուր ունեմ, կմարտնչեմ նրա հետ և վրեժ կլուծեմ»։ «Սըր, դու պետք չէ այդ անես, ― ասաց Մերլինը, ― քանզի ասպետը հոգնած է մարտնչելուց և հետապնդելուց, և մեծ պատիվ չէ հոգնած ասպետի հետ մարտնչելը, բացի այդ, սըր Պելինորին հավասար ասպետ ամբողջ աշխարհում չկա։ Եվ ահա, լսիր խորհուրդս, թող նա գնա, քանզի շատ կարճ միջոցում նա քեզ բարի ծառայություն կմատուցի, իսկ իր մահից հետ նրա զավակները քեզ հավատարիմ կծառայեն։ Կգա օրը, շուտով, երբ դու ուրախ կլինես, քո քրոջը նրան կնության տալու»։ «Երբ տեսնեմ նրան, ― ասաց Արթուրը, ― կանեմ այնպես, ինչպես խորհուրդ ես տալիս»։ Հետո սըր Արթուրը զննեց իր սուրը և գոհ մնաց։ «Ո՞րն է քեզ ավելի դուր գալիս, ― ասաց Մերլինը, ― սո՞ւրը․ թե պատյանը»։ «Ավելի շատ սուրն եմ հավանում» ― պատասխանեց Արթուրը։ «Դու իմաստուն չես, ― ասաց Մերլինը, ― քանզի այդ պատյանը տասն անգամ ավելի արժե սրից։ Քանի այդ պատյանը ունես, քեզ ոչ ոք վերք չի հասցնի, դու ոչ մի կաթիլ արյուն չես կորցնի։ Երբեք մի բաժանվիր այդ պատյանից»։ Այսպես նրանք մոտեցան Քարլիոնին և ճանապարհին հանդիպեցին սըր Պելինորին։ Մերլինը, սակայն, այնպես արեց, որ Պելինորը չնկատեց Արթուրին և անցավ առանց խոսք արտասանելու։ «Զարմանում եմ, ― ասաց Արթուրը։ ― Ինչո՞ւ այդ ասպետը ոչինչ չասաց»։ «Սըր, ― պատասխանեց Մերլինը, ― նա չնկատեց քեզ, քանզի եթե նկատեր, այդքան հեշտությամբ չէիք բաժանվի իրարից»։ Եվ նրանք ժամանեցին Քարլիոն, որտեղ Արթուրի ասպետներն էին գտնվում։ Եվ երբ նրանք լսեցին թագավորի արկածները, զարմացան, թե որքան խիզախությամբ է նա վտանգում իր թագավորական կյանքը։ Բայց ամենաանվանի ասպետները հայտարարեցին, թե հաճելի է ծառայել այնպիսի թագավորի, որը հասարակ ու աղքատ ասպետների նման երկրե երկիր է թափառում և արկածներ փնտրում։