Մենք մոտեցանք բլուրի կատարին բազմած մի ամրոցի։ Դա հնադարյան զանգվածեղեն, ամրակուռ մի կառույց էր, որի մոխրագույն աշտարակներն ու վանդակորմերը սուզված էին գեղատեսիլ բաղեղի մեջ, և այդ ամբողջ վեհապանծ շինությունը պարուրված էր մայր մտնող արևի շողերով։ Դա մեր ճանապարհին հանդիպած ամենամեծ ամրոցն էր, և ես մտածեցի․ արդյո՞ք մեր փնտրածը հենց սա չէ։ Բայց Սենդին ասաց․ «Ոչ»։ Նա չգիտեր, թե ում է պատկանում սույն ամրոցը։ Քամելոտ գալիս, նա անցել էր այս ամրոցի կողքով առանց ներս մտնելու։
==Գլուխ XVI==
Փերի Մորգանը
Եթե հավատանք թափառական ասպետներին, ոչ բոլոր ամրոցներում պետք է հյուրընկալություն փնտրել։ Ճշմարտության նկատմամբ մեր ժամանակակից հայացքների տեսանկյունից դիտելու դեպքում, թափառական ասպետները, իհարկե, այն մարդիկ չեն, որոնց պետք է հավատալ, բայց, եթե նրանց մոտենանք իրենց ժամանակաշրջանի տեսանկյունից և համապատասխան զիջում անենք, կարելի է ճշմարտության հասնել։ Դա շատ հասարակ բան է․ դեն նետեցեք իննիսունյոթ տոկոսը, մնացածը փաստն է։ Այդպիսի հաշվարկ անելուց հետո, ես այն եզրակացության եկա, որ ամրոցի զանգը խփելուց առաջ, ուզում եմ ասել պահակախմբին ձայն տալուց առաջ, անհրաժեշտ է իմանալ, թե ինչ ամրոց է դա։ Ես շատ ուրախացա, հեռվում տեսնելով հեծյալի, որը դեպի մեզ էր սլանում ամրոցից սկիզբ առնող ոլորապտույտ ճանապարհով։
Երբ մեր միջև տարածությունը կրճատվեց, տեսա, որ նրա գլխին փետրազարդ սաղավարտ էր, ինքը հագել էր պողպատյա զրահ, բայց զրահի վրայից մունետիկի թիկնոցի նման կրում էր նաև մի ծիծաղաշարժ լրացում․ հայտարարություն պարունակող քառակուսի տախտակներ՝ ետևից ու առջևից։ Ինչևէ, ես ակամայից ծիծաղեցի իմ մոռացկոտության վրա, երբ բավականին մոտեցա ու թիկնոցատախտակի վրա կարդացի այս ազդը․
<b>Պերսիմոնսի օճառ։</b>
<b>Բոլոր պրիմադոննաներն օգտագործում են այս օճառը։</b>
Դա իմ սեփական գաղափարն էր և մի քանի օգտակար նպատակներ էր հետապնդում ժողովրդի քաղաքակարթման ճանապարհին։ Նախ՝ դա մի գաղտնի, թիկունքից հասցված հարված էր այն անմտությանը, որը թափառական ասպետություն էր կոչվում, թեպետ այդ հարվածի մասին ինձնից բացի ոչ ոք չէր կասկածում։ Բավականին թվով քաջարի ասպետներ էի արդեն ուղարկել երկրի տարբեր անկյունները, որոնց սանդվիչի նման սեղմել էի տարբեր ազդեր պարունակող երկու տախտակների միջև։ Մտածում էի, որ ժամանակով, երբ դրանց թիվը շատանա, նրանք արդեն ծիծաղելի չեն թվա, ընդհակառակն, յուրաքանչյուր պողպատապատ ավանակ առանց նման տախտակի իրեն ծիծաղելի կզգա, քանի որ նորաձևության վերջին խոսքով հագնված կլինի։
Երկրորդ՝ այդ միսիոներները, աստիճանաբար, ոչ ոքի չխրտնեցնելով և ոչ ոքի կասկածը չհարուցելով, ավագանիին կվարժեցնեին մաքրասիրության պարզագույն կանոններին, իսկ ավագանիից այդ բանը կանցներ ժողովրդին, եթե, իհարկե, տերտերները խոչընդոտ չդնեին։ Դա եկեղեցին ականհարել կնշանակեր։ Ավելի ճիշտ՝ ականահարումի սկիզբ, առաջին քայլ։ Հաջորդ քայլը կրթությունը կլիներ, մյուսը՝ ազատությունը, և այն ժամանակ եկեղեցին կսկսեր փշուր֊փշուր լինել։ Ես համոզված եմ, որ տիրապետող եկեղեցին՝ դա տիրապետող հանցագործություն է և տիրապետող բանտ ստրուկների համար ու, առանց տատանվելու, պատրաստ եմ պայքարելու նրա դեմ ամեն տեսակ զենքով, միայն թե այդ զենքը նրան վնաս հասցնի։ Չէ որ և իմ վաղեմի տարիներին, այն գալիք դարերում, որոնք դեռ նույնիսկ չեն էլ սկսել շարժվել ժամանակների արգանդի մեջ, ծեր անգլիացիներ կային, որոնք երևակայում էին, թե իրենք ծնվել են ազատ երկրում․ «ազատ» երկիր, որ ուներ կորպորացիաների մասին օրենքը, որը արգելում էր տիրապետող եկեղեցուն չպատկանող անձանց գրավել պետական պաշտոններ, դրանք մարդկային ազատության, ոտնատակ տրված խղճի մեջ խրված գերաններ էին՝ նեցուկ լինելու համար տիրապետող Անախրոնիզմին։
Ես սովորեցրել էի իմ միսսիոներներին կարդալ իրենց թիկնոցատախտակների ոսկեգիր ազդերը։ Հիանալի գաղափար էր ոսկեգիր կիրառելը, ինքը թագավորն էլ դեմ չէր լինի վզից կախ տալ նման տախտակը, այնքան որ բարբարոսական վեհություն կար դրանց մեջ։ Միսսիոներները պետք է կարդային այդ ազդերը լորդերին ու լեդիներին և ապա բացատրեին, թե ինչ բան է օճառը և, եթե լորդերը կամ լեդիները վախենային օգտագործել, առաջարկեին, որ նրանք դա փորձեին շների վրա։ Այնուհետև միսսիոները պարտավոր էր մեկտեղել ամբողջ ընտանիքը և իր իսկ անձի վրա ցուցադրել օճառի գործողությունը։ Նա պետք է չընկրկեր որևէ դժվարության առջև, նույնիսկ ամենատհաճ փորձերի առջև, միայն թե համոզեր ազնվականությանը, որ օճառը բոլորովին անվնաս բան է։ Բայց թե որ նորից կասկած մնար, միսսիոները պարտավոր էր բռնել որևէ ճգնավորի (անտառները լեցուն էին ճգնավորներով, ճգնավորները իրենց սուրբ էին կոչում, և բոլորն էլ հավատում էին նրանց սրբությանը, նրանք անպատմելիորեն աստվածավախ էին և հրաշքներ էին գործում, ոը բոլորը ակնածում էին նրանցից)։ Եթե ճգնավորին լողացնեին օճառով և նա դրանից չմեռներ, իսկ ականատես հերցոգը, այնուամենայնիվ, հավատ չնծայեր օճառին, այդպիսի հերցոգին պետք է հանգիստ թողնել և ձեռք քաշել նրանից։
Եթե իմ միսսիոներներին հաջողվում էր հաղթել որևէ թափառական ասպետի, նրանք լողացնում էին պարտվածին, և երբ սա իրեն լավ էր զգում, ստիպում էին երդվել, որ նա էլ կճարի նման տախտակ և մինչև իր կյանքի վերջին օրերը օճառ ու քաղաքակրթություն կտարածի։ Արդյունքը լինում էր այն, որ այդ մարզում մեր գործակիցների թիվը անընդհատ մեծանում էր, իսկ օճառի սպառումը՝ անընդհատ աճում։ Իմ օճառի գործարանը դա շատ շուտով զգաց։ Սկզբում ես այնտեղ երկու բանվորական ձեռք ունեի, բայց իմ մեկնումից առաջ արդեն տասնհինգ բանվորներ կային, և նրանք աշխատում էին օր ու գիշեր։ Գործարանից տարածվող հոտը այնքան ուժեղ էր, որ թագավորը մի անգամ քիչ էր մնում ուշաթափվեր։ Շնչահեղձ լինելով, նա հայտարարեց, որ չի հավատում, թե այլևս ինքը կարող է այդ հոտը հանդուրժել։ Իսկ սըր Լանսելոտը մի գլուխ ետ ու առաջ էր գնում տանիքի վրա ու հայհոյում, թեպետ ես նրան ասացի, որ տանիքի վրա հոտը շատ ավելի ուժեղ է զգացվում, քան որևէ ուրիշ տեղ, բայց նա պատասխանեց, որ այնտեղ գոնե շնչելու օդ կա։ Ամեն առիթով նա հայհոյանքներին ավելացնում էր, թե պալատը բոլորովին հարմար տեղ չէ օճառի գործարանի համար և, թե անիծված լինի ինքը, եթե սեփական ձեռքերով չխեղդի այն անզգամին, որը սիրտ անի իր տան մեջ նման գործարան սարքել։ Նա հայհոյում էր նաև տիկինների ներկայությամբ․ նման մարդիկ այդպիսի բաները հաշվի չեն առնում։ Իսկ երբ համընթաց քամին գործարանից հոտ էր բերում, նրանք հայհոյում էին նույնիսկ երեխաների ներկայությամբ։
Այս միսսիոներ ասպետի անունը Լա Քոթ Մել Թել էր, և նա հայտնեց, որ ամրոցում ապրում է փերի Մորգանը, Արթուր թագավորի քույրը և Ուրինա թագավորի կինը, որի ամբողջ թագավորությունը Կոլումբիա գավառի մեծության էր, ուրիշ խոսքով, կարելի էր կանգնել այդ թագավորության կենտրոնում և քարեր նետել հարևան պետությունների սահմաններից ներս։ «Թագավորներն» և «թագավորությունները» Բրիտանիայում նույնքան էին, որքան Պաղեստինում Հեսու Նավիի Օրերին, երբ բնակիչները ստիպված էին լինում քնել ծնկները ծալած, որովհետև նրանք չէին կարող ոտքերը մեկնել առանց արտասահմանյան աձնագրի։
Լա Քոթը շատ ընկճված էր, որովհետև իր ամբողջ ճանապարհորդության ընթացքում ամենավատ ձախողումը նա կրել էր այդ ամրոցում։ Նրան չէր հաջողվել ոչ մի կտոր օճառ վաճառել, չնայած այն բանին, որ ձեռնարկել էր պահանջվող բոլոր միջոցները, նույնիսկ ճգնավորի էր լողացրել, բայց ճգնավորը մեռել էր։ Սա, իրոք, խոշոր ձախողություն էր, որովհետև այդ անասունը այժմ նահատակ կհամարվի և իր տեղը կգրավի հռոմեական֊կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքում։ Այդպես էր գնահատվում այդ սըր Լա Քոթ Մել Թելը և ողբում էր իր չար բախտը։ Սիրտս ցավում էր նրա համար, ուզում էի մխիթարել նրան և հանգստացնել, դրա համար էլ ասացի․
― Մի վշտանար, ազնվափայլ ասպետ, որովհետև դա դեռ պարտություն չէ։ Մենք ուղեղ ունենք, դուք և ես, իսկ ովքեր ուղեղ ունեն, նրանց համար միայն հաղթանակներ կան։ Տեսեք, թե ինչպես մենք այդ թվացող դժբախտությունը կվերածենք ռեկլամի, ռեկլամի՝ մեր օճառի օգտին, ռեկլամի, որը կսրբի այդ աննշան ձախողության մասին հուշն անգամ, ռեկլամի, որը Վաշինգտոնյան բլուրի բարձրության պարտությունը կփոխակերպի Մատտերհորնի գագաթին հասնող հաղթության։ Մենք ձեր տախտակի վրա կգրենք․ «Գտնվում է սուրբ նահատակի հովանավորության տակ»։ Դա ձեզ դո՞ւր է գալիս։
― Անչափ։ Սքանչելի գաղափար է։
― Այո, ամեն ոք կհամաձայնի, որ մի տողում ավելի լավ ասել հնարավոր չէ, ուղղակի նպատակին է զարկում։
Այսպիսով, թշվառ վաճառորդի վշտերը չքացան։ Նա քաջ տղա էր և իր ժամանակին զորավոր հաղթանակներ էր տարել։ Նշանավոր էր դարձել, սակայն, իմ ճանապարհորդության նման մի ճանապարհորդությամբ, որը նա կատարել էր Մալեդիզանտ անունով մի օրիորդի հետ։ Սա նույնպիսի չաչանակի մեկն է եղել, որպիսին և Սենդին, թեպետ տարբեր ձևով․ նրա լեզուն միայն կոպտություններ ու վիրավորանքներ է արտադրել, մինչդեռ Սենդիի երաժշտությունը քաղցր տեսակի էր։ Ես լավ գիտեի այդ պատմությունը և միանգամից գլխի ընկա, թե ինչ էր նշանակում նրա դեմքին հայտնված կարեկցական արտահայտությունը, երբ հրաժեշտ էր տալիս ինձ։ Նա ենթադրում էր, որ իմ վիճակն էլ մի բանի նման չէր։
Ճանապարհ ընկնելով, Սենդին ու ես սկսեցինք քննարկել նրա պատմությունը, և Սենդին ասաց, որ Լա Քոթի բախտը չի բանել հենց ամենասկզբից․ առաջին իսկ օրը թագավորի ծաղրածուն նրան վար է նետել ձիուց։ Նման դեպքերում աղջիկը պետք է լքեր պարտվածին և անցներ հաղթողին, բայց Մալեդիզանտը հրաժարվել է բաժանվել Լա Քոթից և հետագայում էլ միշտ կպած է մնացել նրան, չնայած նրա բոլոր պարտություններին։
― Բայց, ենթադրենք, ― ասացի ես, ― որ հաղթողը հրաժարվում է նման ավար վերցնել։ Ուրեմն ի՞նչ։
Նա պատասխանեց, որ այդպիսի հարց ծագել չի կարող, հաղթողը պարտավոր է ընդունել ավարը։ Նա չի կարող հրաժարվել, դա օրինական չի լինի։ Ես ամեն պարագայի համար մտքումս պահեցի այդ։ Եթե Սենդիի շատախոսությունը անտանելի դառնա, ես թույլ կտամ որևէ ասպետի հաղթել ինձ․ գուցե այդ դեպքում Սենդին նրան անցնի։
Ամրոցի պատերից պահակները ձայն տվեցին մեզ և սովորական բանակցություններից հետո թույլ տվեցին ներս մտնել։ Այդ այցելության մասին ոչ մի լավ բան չեմ կարող ասել։ Բայց և որևէ հիասթափություն չունեցա, քանի որ միսիս փերիի վարկը ինձ հայտնի էր և որևէ հաճելի բան չէի ակնկալում։ Ամբողջ թագավորությունը դողում էր նրա առջև, որովհետև նա բոլորին ստիպել էր հավատալ, թե ինքը մեծ վհուկ է։ Նրա բոլոր ցանկություններն ու արարքները լի էին դիվային չարությամբ։ Նա ինքը լեցուն էր սառը ոխակալությամբ։ Նրա ամբողջ կյանքի պատմությունը սև էր հանցագործություններից, և հանցագործությունների մեջ մարդու սպանությունը շատ սովորական բան էր։ Ինձ համար անչափ հետաքրքիր էր նրան տեսնել, ինչպես կարող է հետաքրքիր լինել սատանային տեսնելը։ Ի զարմանս իմ, նա գեղեցկուհի էր․ սև մտքերը նրա դեմքի արտահայտությունը բոլորովին վանող չէին դարձրել․ տարիքը կնճիռներ չէր գծել նրա սնդուսե մաշկին ու չէր դիպել ծաղկուն թարմությանը։ Նա կարող էր անցնել ծերուկ Ուրիենսի թոռան տեղ, նրան կարելի էր շփոթել իր իսկ սեփական որդու քրոջ հետ։
Հենց որ մենք մտանք ամրոցի դարպասներից ներս, նա կարգադրեց մեզ իր մոտ տանել։ Մենք տեսանք Ուրիենս թագավորին, բարի դեմքով այդ ծերունուն, որը չէր համարձակվում աչքը բարձրացնել, և նրա որդուն, սըր Ուեն լա Բլանշմենին, որի նկատմամբ ես մեծ հետաքրքրասիրություն ունեի նախ այն պատճառով, որ, ըստ ավանդության, նա մի անգամ երեսուներեք ասպետի է հաղթել, և ապա, որ նա, ինչպես պատմել էր Սենդին, ճանապարհորդել է սըր Գոուենի և սըր Մարհաուզի հետ։ Բայց, անշուշտ, ինձ ամենից շատ հետաքրքրում էր ինքը՝ փերի Մորգանը։ Անմիջապես ակնբախ էր, որ նա է այստեղ տեր ու տիրակալը։ Նա մեզ աթոռ առաջարկեց և քաղցրիկ բարեհամբուրությամբ սկսեց ինձ հարցուփորձ անել։ Աստված իմ, նրա ձայնը հիշեցնում էր թռչունի ճռվողյուն, սրնգի գեղգեղանք։ Ինձ սկսեց թվալ, թե այս կնոջը զրպարտել են, նրա մասին ստեր են տարածել։ Նա գեղգեղաց, գեղգեղաց մինչև այն պահը, երբ զեփյուռի նման թեթև և ծիածանի նման վառվռուն հագուստներով մի սիրունիկ մանկլավիկ ինչ֊որ բան մատուցեց նրան ոսկյա սկուտեղի վրա, աշխատելով որքան կարելի է նրբագեղ ծունկի գալ նրա առջև, բայց կորցրեց հավասարակշռությունը և թեթևակի կպավ նրա ոտքին։ Այն ժամանակ տիրուհին այնպես հանգիստ ու սառնասիրտ դաշույնը խրեց նրա մարմինը, ասես առնետ սպանելիս լիներ։
Խե՜ղճ երեխա։ Նա փռվեց հատակին, ցավը ջղաձգեց մետաքսազարդ քնքուշ մարմինը, ու նա մեռավ։ Ծերունի թագավորի շրթունքներից խղճահարության ակամա մի «օ՜հ» դուրս թռավ։ Բայց փերի Մորգանը նրա վրա այնպիսի շանթող հայացք նետեց, որ նա սսկվեց և այլևս բերանը բացել իսկ չհամարձակվեց։ Սըր Ուենը, մոր նշանի վրա, նախասենյակ դուրս եկավ և ծառաներ կանչեց, իսկ մինչ այդ տիկինը շարունակում էր քաղցր գեղգեղել։
Նա, անկասկած, լավ տանտիրուհի էր․ մեզ հետ զրույց վարելով, նա աչքի պոչով անընդհատ հետևում էր, որ մարմինը դուրս տանող ծառաները որևէ սխալ չգործեն և, երբ նրանք մաքուր սրբիչներ բերեցին, տիրուհին նրանց ետ ուղարկեց ուրիշները բերելու, իսկ երբ ավարտեցին հատակը մաքրելը ու դուրս էին գնում, տիրուհին հայացքով ցույց տվեց արյան աննշմարելի մի փոքրիկ բիծ, որը նրանց բութ աչքերը չէին նկատել։ Ինձ պարզ դարձավ, որ Լա Քոթ Մել Թելին չէր հաջողվել տեսնել այս տան տիրուհուն։ Հաճախ, լեզվից ավելի բարձր ու հասկանալի կարող են խոսել համր վկայությունները։
Փերի Մորգանի ձայնը երաժշտություն էր ծորում առաջվա նման։ Զարմանալի՜ կին։ Եվ ի՜նչ հայացք ուներ նա․ ծառաները ցնցվում էին նրա հայացքից, ինչպես երկյուղած մարդիկ՝ կայծակի փայլատակումից։ Ինձ էլ քիչ էր մնում դողը բռներ։ Իսկ թշվառական Ուրիենսը կարծես ասեղների վրա նստած լիներ, սարսափը ոչ մի վայրկյան չէր լքում նրան, նա ցնցվում էր նույնիսկ ավելի շուտ, քան տիրուհին հայացք էր նետում վրան։
Զրույցի ժամանակ ես անզգուշորեն մի քանի շահեկան խոսքեր ասացի Արթուր թագավորի մասին, մոռանալով մի պահ, թե ինչպես է այդ կինը ատում իր եղբորը։ Այդ մի հատիկ մեծարանքն էլ բավական էր։ Նա նոթերը կիտեց փոթորիկի նման, կանչեց պահակներին ու ասաց․
― Զնդանը նետեցեք այս ստահակներին։
Աչքերս մթնեցին։ Նրա զնդանների համբավը տարածված էր երկրով մեկ։ Ես գլուխս կորցրի, չգիտեի ինչ անել։ Բայց Սենդիի գլուխը տեղը մնաց։ Երբ զինվորը ձեռքը դեպի ինձ մեկնեց, հանկարծ սառնասրտորեն ու աներկյուղ հնչեց նրա ձայնը․
― Դու մա՞հ ես փնտրում, խելագար։ Սա Տնօրենն է։
Ի՞նչ երջանիկ գաղափար։ Եվ այդքան պարզ։ Բայց այն իմ մտքով չանցավ․ բնությունից ես համեստ մարդ եմ, իհարկե, ոչ միշտ, այլ որոշ րոպեների, և հիմա համեստությունս բռնել էր հենց նման րոպեներից մեկում։
Այդ լուրը տիրուհու վրա ազդեց էլեկտրական հոսանքի արագությամբ։ Ամպերը վայրկյանաբար չքվեցին դեմքից, նորից ժպիտ խաղաց շրթունքներին, ու նրբագեղությունը դարձյալ թառեց նրա շարժուձևերին, սակայն նրան չհաջողվեց թաքցնել վախը։ Նա ասաց․
― Վահ, տես թե ինչ հիմարություն է դուրս տալիս քո սպասուհին։ Մի՞թե պարզ չէ, որ դա կատակ էր։ Հո չե՞ս կարծում, որ իմ համեստ ուժի տեր մեկը կարող է լրջորեն նման բան ասել Մերլինի հաղթողին։ Շնորհիվ իմ հմայությունների ես կանխատեսել էի քո գալուստը, շնորհիվ իմ հմայությունների ես անմիջապես ճանաչեցի քեզ, երբ ներս մտար։ Ես պարզապես դիտմամբ խաղացի այդ փոքրիկ կատակը, հուսալով անակնկալի բերել քեզ, որպեսզի ցույց տայիր քո արվեստը․ կախարդական կրակ թափեիր այդ զինվորների գլխին և մոխիր դարձնեիր նրանց։ Ես ինքս չեմ կարող նման հրաշք գործել, բայց միշտ էլ երեխայի նման հետաքրքրասիրությունս ինձ հանգիստ չի տվել։
Զինվորները պակաս հետաքրքրասեր էին և փութաջան հեռացան, հենց որ թույլտվություն ստացան։