Changes

Անտեսանելի Մարդը

Ավելացվել է 28 624 բայտ, 09:46, 21 Հուլիսի 2016
/* Գլուխ քսանյոթերորդ։ Քեմփի տունը պաշարման վիճակում */
== Գլուխ քսանյոթերորդ։ Քեմփի տունը պաշարման վիճակում ==
 
Քեմփը կարդում էր յուղոտ թղթի կտորի վրա մատիտով գրված արտասովոր մի նամակ․
 
«Ապշեցուցիչ կերպով եռանդուն ու ճարպիկ դուրս եկաք,— ասում էր նամակը,— միայն թե չգիտեմ, դրանից ինչ եք շահելու։ Դուք ինձ դեմ եք։ Մի ամբողջ օր հալածեցիք, փորձեցիք ինձ զրկել գիշերային հանգստից։ Բայց ես կշտացա՝ ի հեճուկս ձեզ, մի լավ քնեցի՝ ի հեճուկս ձեզ, և խաղը հենց նոր է սկսվում։ Սարսափը շղթայազերծելուց բացի, ուրիշ ճար չմնաց։ Ներկա դրությամբ հռչակում եմ Սարսափի առաջին օրը։ Ձեր ոստիկանապետին ու նրա ոհմակին. կասեք, թե Փորթ֊Բարդոքն այլևս թագուհու իշխանության տակ չէ, իմ իշխանության տակ է, Սարսափի իշխանության տակ։ Նոր դարաշրջանի, Անտեսանելի Մարդու դարաշրջանի, առաջին տարվա առաջին օրն է սա։ Անտեսանելի Առաջինն եմ ես։ Սկզբում իշխանությունս ողորմած է լինելու։ Առաջին օրը միայն մի մահապատիժ պիտի կատարվի, Քեմփ կոչված մարդու մահապատիժը, իսկ դա ուրիշներին օրինակ ծառայելու համար։ Այսօր մահը կրնկակոխ կհասնի նրան։ Կարող է փակվել կողպված տանը, կարող է թաքնվել, թիկնապահներով շրջապատվել կամ էլ զրահ հագնել։ Մահը, անտեսանելի մահը մոտենում է նրան։ Թո՛ղ նա նախազգուշական միջոցներ ձեռք առնի — դա կտպավորի իմ ժողովրդին։ Նրա մահը կեսօրին ճանապարհ կընկնի փոստային արկղից։ Նամակը արկղի մեջ է գտնվելու փոստատարի մոտենալու պահին, իսկ հետո, բարի ճանապարհ․․․ Խաղն սկսվո՛ւմ է․․․ Մահն առաջ է շարժվում... Չօգնե՛ս նրան, ժողովուրդ իմ, որպեսզի մահը քեզ էլ չհարվածի։ Քեմփը պիտի մեռնի այսօր»։
 
Քեմփը երկու անգամ կարդաց նամակը։
 
― Կատակ չէ,— ասաց նա,— Գրիֆինի ձայնն է սա, և մարդը լուրջ է խոսում։
 
Ապա շուռ տվեց ծալված թերթիկը և հասցեագրված երեսին տեսավ Հինթոնգինի փոստային կնիքը և շատ սովորական մի մանրամասնություն՝ «Վճարել 2 պենս»։
 
Նա վեր կացավ, կիսատ թողնելով նախաճաշը (ժամը մեկի փոստով էր հասել նամակը) և աշխատասենյակ գնաց։ Զանգ տվեց, որ տնտեսուհին գա ու նրան պատվիրեց իսկույն շրջագայել տան մեջ, աչքի անցկացնել պատուհանների բոլոր սողնակները և փակել բոլոր փեղկերը։ Աշխատասենյակի փեղկերն ինքն անձամբ փակեց։ Ննջասենյակի կողպված գզրոցներից մեկից հանեց մի փոքրիկ ատրճանակ, ուշադիր քննեց և տնային թիկնոցի գրպանը դրեց։ Ապա գրեց մի շարք երկտողներ, որոնցից մեկը գնդապետ է գային, և աղախնին տվեց, որ տանի, պարզ ու հստակ հրահանգելով, թե ինչպես պետք է դուրս գա տնից։
 
― Ո՛չ մի վտանգ չկա,— ասաց նա ու մտքում մի վերապահություն արեց՝ «քեզ համար»։— Դրան իր հետո մի պահ մտածկոտ կանգ առավ, ապա վերադարձավ սառած նախաճաշի մոտ։
 
Մտքերով տարված ուտում էր Քեմփը։ Ի վեբջո բռունցքն ուժգին խփեց սեղանին։
 
― Մենք կբռնենք Գրիֆինին,— գոչեց նա,— և ե՛ս եմ խայծը։ Այդ մարդը կընկնի մեր ծուղակը։
 
Ապա վերև բարձրացավ, ետևից շատ ուշադիր փակելով ամեն մի գուռ։
 
― Սա մի խաղ է,— մռլտաց նա,— արտասովոր մի խաղ։ Բայց հաղթելու բոլոր հնարավորություններն իմ կողմն են, պարո՛ն Գրիֆին, հակառակ ձեր անտեսանելիության։ Գրիֆինը contra mundum․․․ Հիանալի՜ է․․․
 
Պատուհանի առաջ կանգնած՝ Քեմփը դիտեց արևակեզ բլրալանջը։
 
― Նա պետք է ամեն օր ուտելիք ճարի։ Նախանձելի չէ վիճակը։ Արդյոք իսկապես քնե՞ց երեկ գիշեր — որևէ տեղ, բաց երկնքի տակ, ընդհարումներից հեռու․․․ Ո՜ւր էր, այս տաքի փոխարեն, կարգին ցուրտ ու խոնավ եղանակ ունենայինք։ Թերևս հենց հիմա նա հսկում է ինձ։
 
Քեմփը պատուհանին մոտեցավ։ Ինչ֊որ բան ուժով թրմփաց պատուհանի շրջանակի վերևը։ Բժիշկը ընդոստ վեր թռավ։
 
― Դյուրագրգիռ եմ դառնում,— ասաց նա, բայց մինչև հինգ րոպե չանցավ, չհամարձակվեց դարձյալ մոտենալ պատուհանին։— Երևի մի ճնճղուկ էր։
 
Քիչ անց մուտքի դռան զանգի ձայնը լսեց ու ներքնահարկ շտապեց, դեն քաշեց սողնակը, բանալին դարձրեց, զննեց շղթան, ապա ամրացրեց և առանց երևալու զգույշ բաց արեց դուռը։ Մի ծանոթ ձայն ողջունեց նրան. Էդայն էր։
 
― Ձեր աղախինը հարձակում կրեց, Քե՛մփ,— ասաց նա դռան հետևից։
 
― Ի*նչ,— բացականչեց Քեմփը։
 
— Ձեր երկտողը խլվել է նրանից։ Մարդը մոտերքում է։ Ներս թողեք ինձ։
 
Քեմփն արձակեց շղթան, և Էդայը հազիվհազ բացված դռնից ներս խցկվեց։ Միջանցքում կանգնած՝ նա չափազանց թեթևացած զգաց, երբ տեսավ, թե Քեմփը գցում է սողնակը։
 
― Երկտողը հենց ձեր աղախնի ձեռքից է խլվել և նա սարսափելի վախեցել է։ Հիմա ոստիկանատանն է։ Հիստերիկ վիճակում է։ Իսկ մարդը մոտերքում է։ Ի՞նչ կար ձեր երկտողում։
 
Քեմփը հայհոյեց։
 
― Ի՜նչ հիմարն էի,— գոչեց նա։— Ինչպե՞ս գլխի չընկա։ Հինթոնդինից այստեղ քայլելով մի ժամ չի քաշի։ Եվ ահա․․․
 
— Հիմա ի՞նչ է կատարվում,— հարցրեց Էդայը։
 
― Ինքներդ տեսե՛ք,— ասաց Քեմփը, Էդային իր աշխատասենյակը տարավ ու նրան մեկնեց Անտեսանելի Մարդու նամակը։ Էդայը կարդաց ու մեղմ սուլեց։
 
― Իսկ դո՞ւք,— հարցրեց նա
 
― Մի ծուղակ առաջարկեցի,— ասաց Քեմփը,— և այդ ծրագիրս պարզող երկտողս, հիմարի պես, իմ աղախնի ձեռքով ուղարկեցի ուղղակի իրեն։
 
Էդայը լուռումունջ լսեց Քեմփի լուտանքները։ Ապա ասաց.
 
― Կծլկի...
 
— Նա՞... Երբեք...
 
Վերնահարկից ապակու աղմկալից շրխկոց լսվեց։ Էդայը նշմարեց Քեմփի գրպանից կիսով չափ դուրս ցցված փոքրիկ ատրճանակի արծաթե շողքը․
 
― Վերնահարկի պատուհաններից մեկն է,— ասաց Քեմփը և առաջ անցնելով սկսեց սանդուղքով վեր բարձրանալ։ Երբ դեռ սանդուղքի վրա էին, մի երկրորդ շրխկոց լսվեց։
 
Աշխատասենյակ հասնելով, երեք պատուհաններից երկուսր ջարդված գտան․ ապակու կտորտանքները թափթփվել էին հատակին, իսկ գրասեղանի վրա ընկած էր մի խոշոր կայծքար։ Երկուսն էլ դռան շեմքին կանգ առան ու դիտեցին ավերածությունը։ Քեմփը նորից հայհոյեց. հենց նույն պահին երրորդ պատուհանը ատրճանակի պես ճարճատեց, մի ակնթարթ ապակին աստղաձև կախվեց, ապա սրածայր, դողդողացող կտորտանքներով թափվեց սենյակի մեջ։
 
― Իսկ սա ինչո՞ւ համար է,— հարցրեց Էդայը։
 
— Նախաբանն է,— պատասխանեց Քեմփը։
 
― Այստեղ մագլցելու ճար կա՞։
 
― Ոչ իսկ կատվի համար։
 
― Փեղկեր չկա՞ն։
 
― Այստե՞ղ։ Ո՛չ։ Միայն ներքնահարկի սենյակներում։ Էհե՜յ...
 
Չրա՜խկ․․․ Մի ուրիշ պատուհան էլ ազդարարեց իր ջարդուփշուր լինելը։ Քեմփն ու Էդայը շվարած կանգ առան հարթակի վրա։
 
― Գտա՛․․․— գոչեց Էդայը։— Ինձ մի գավազան կամ էլ դրա նման մի բան տվեք, որ ոստիկանատուն գնամ և արձակել տամ շները։ Հենց այդպես էլ կմաքրենք նրա հաշիվը։ Մոտերքում են։ Տասը րոպե չի քաշի։
 
Մի ուրիշ պատուհանի էլ վիճակվեց մյուսների բախտը։
 
― Ատրճանակ չունե՞ք,— հարցրեց Էդայը։
 
Քեմփը ձեռքը գրպանր տարավ։ Ապա վարանեց։
 
― Չունեմ․․․ Այսինքն ձեզ տալու համար․․․
 
― Ես կբերեմ,— ասաց Էդայը։— Իսկ դուք այստեղ անվտանգ եք։
 
Քեմփը նրան մեկնեց զենքը։
 
― Հիմա դեպի դուռը,— ասաց Էդայը։
 
Մինչ վարանած կանգնել էին միջանցքում, նրանք լսեցին, թե ինչպես ներքնահարկի ննջասենյակի պատուհաններից մեկը ջարդուփշուր եղավ։ Քեմփը դռան մոտեցավ և ինչքան հնարավոր էր, անաղմուկ դեն քաշեց սողնակները։ Նրա դեմքը սովորականից ավելի գունատ էր։
 
― Պետք է մի ակնթարթում դուրս գաք,— ասաց Քեմփը։
 
Մի վայրկյան անց, Էդայը արտասանդուղքի վրա էր և սողնակները մղված էին պահանգների մեջ։ Նա մի պահ վարանեց․ մեջքը դռան տված՝ ավելի ապահով էր զգում իրեն։ Ապա ձգվեց և հաստատուն քայլերով սանդուղքով ցած իջավ։ Կտրեց֊անցավ փոքր մարգագետինը և դարպասին մոտեցավ։ Նրան թվաց, թե մի զեփյուռ ծփաց խոտերի վրա։ Մոտերքում ինչ֊որ բան շարժվեց։
 
― Մի քիչ կանգնեցե՛ք,— ասաց մի Ձայն։ Էդայը քարացած կանգ առավ ու սեղմեց ատրճանակը։
 
― Հետո՞,— հարեց Էդայը դժգույն ու մռայլ։ Նրա ամեն մի ներվը լարված էր։
 
― Շնորհակալ կլինեմ՝ տուն վերադառնաք,— ասաց Ձայնը, նույնքան լարված ու մռայլ, ինչքան Էդայինը։
 
― Շատ եմ ցավում,— պատասխանեց Էդայը մի քիչ խռպոտած ձայնով և լեզվով թրջեց շրթները։ Նրան թվաց, թե Ձայնը ձախ կողմից էր գալիս։ Ինչ կլինի, եթե մի փամփուշտով բախտը փորձի...
 
― Ինչո՞ւ եք գնում,— ասաց Ձայնը և երկուսն էլ արագ մի շարժում գործեցին։ Էդայի գրպանի բացվածքից արևի մի ցոլք շողաց։
 
Բայց Էդայը դիտավորությունից ետ կանգնեց ու մտածեց։
 
― Թե ուր եմ գնում, դա իմ գործն է,— ասաց նա դանդաղ։ Խոսքը դեռ բերանումն էր, երբ մի բազուկ նետվեց վզի շուրջը, մի ծունկ սեղմեց թիկունքը, և նա մեջքի վրա գետին գլորվեց։ Էդայը ձախլիկ մի շարժումով ատրճանակը քաշեց և ըստ բախտի կրակեց։ Մի ակնթարթում բերնին մի հարված իջավ, և ատրճանակը խլվեց ձեռքից։ Իզուր փորձեց բռնել մի լպրծուն սրունք, ջանք թափեց վեր կենալ և դարձյալ ընկավ։
 
― Գրո՜ղը տանի,— բացա կանչեց Էդայը։
 
Ձայնը ծիծաղեց։
 
— Ձեզ հիմա կսպանեի, բայց ափսոս է փամփուշտը,— ասաց նա։
 
Վեց ոտնաչափ հեռու Էդայը օդի մեջ տեսավ ատրճանակը, որ իրեն էր ուղղված։
 
― Հետո՞,— գոչեց Էդայը նստելով։
 
— Վեր կացեք,— ասաց Ձայնը։
 
Էդայը վեր կացավ։
 
— Զգա՛ստ,— գոչեց Ձայնը և ապա դաժան շեշտով ասաց,— խաղեր չփորձե՛ք։ Լա՛վ հիշեցեք․ դուք իմ դեմքը չեք տեսնում, ես ձերը տեսնում եմ։ Դուք պետք ՝ տուն վերադառնաք։
 
― Նա ինձ ներս չի թողնի,— պատասխանեց Էդայը։
 
― Ափսոս․․․— բացականչեց Անտեսանելի Մարգը։— Ես ձեզ հետ գործ չունեմ։
 
Էդայը նորից լիզեց շրթները։ Ապա հայացքը հեռացրեց ատրճանակի փողից և հեռվում, կեսօրվա արևի տակ տեսավ շատ կապույտ ու մուգ ծովը, կանաչ սարահարթը, հրվանդանի սպիտակ. քարափները, բազմամարդ քաղաքը, և հանկարծ գլխի ընկավ, թե քաղցր է կյանքը։ Հայացքը վերադարձավ իրենից վեց յարդի վրա, երկնքի ու երկրի միջև կախված մետաղյա իրին։
 
― Ես ի՞նչ եմ անելու,— մռայլ հարցրեց նա։
 
― Իսկ ե՞ս ինչ եմ անելու,— հարց տվեց Անտեսանելի Մարդը։— Ձեղ օգնության հասնողներ կլինեն։ Ձեզ մնում է միայն այդ տունը վերադառնալ։
 
― Կփորձեմ։ Եթե նա ինձ ընդունի, կխոստանա՞ք դռնից ներս չխուժել։
 
― Ես ձեզ հետ, գործ չունեմ,— ասաց Ձայնը։
 
Էդային դուրս թողնելուց հետո, Քեմփը վերնահարկ շտապեց. ապակու կտորտանքների մեջ կծկվելով և շատ զգույշ աշխատասենյակի լուսամուտագոգի վրայով դուրս նայելով, տեսավ, որ Էդայը կանգնել բանակցում է Անտեսանելիի հետ։
 
― Ինչո՞ւ չի կրակում,— ինքն իրեն շշնջաց Քեմփը։
 
Ապա ատրճանակը մի քիչ շարժվեց և արևի շողքր ցոլաց Քեմփի աչքերում։ Նա ձեռքը աչքերին հովանի արեց և աշխատեց տեսնել կուրացուցիչ շողքի աղբյուրը։
 
Ինչ խոսք, որ Էդայը հանձնել է ատրճանակը,— շշնջաց Քեմփը։
 
― Խոստացե՛ք դռնից ներս չխուժել,— ասում էր Էդայը։― Այդքան մի՛ չարաշահեք ձեր հաղթանակը։ Մի քիչ զիջող եղեք։
 
― Դուք տուն դարձե՛ք։ Ուղղակի ասում եմ՝ ոչ մի բան չեմ խոստանա։
 
Ըստ երևույթին Էդայը հանկարծ որոշել էր անելիքը։ Նա շրջվեց դեպի տուն և ձեռքերը մեջքին ծալած՝ դանդաղ առաջ շարժվեց։ Քեմփը շվարած դիտեց նրան։ Ատրճանակը չքացավ, ապա պսպղալով, նորից երևաց, նորից չքացավ. ուշադիր դիտելով՝ Քեմփը նորից տեսավ փոքրիկ ու սև մի առարկա, որ հետևում էր Էդային։ Հետո դեպքերը սրընթաց իրար հաջորդեցին։ Էդայը ցատկեց դեպի ետ, շուռ եկավ, ձեռքը նետեց փոքրիկ առարկային, վրիպեց, երկու ձեռքը վեր բարձրացրեց և բերանքսիվայր ընկավ, մի փոքրիկ կապույտ ծվեն թողնելով օդում։ Էդայը գալարվեց, մի թևի վրա բարձրացավ, դարձյալ ընկավ երեսի վրա և այլևս չշարժվեց։
 
Մի պահ Քեմփը սևեռուն դիտեց Էդայի անփութորեն հանգիստ դիրքը։ Հետմիջօրեն շատ շոգ ու հանդարտ էր․ թվում էր՝ ոչինչ չէր շարժվում, բացի մի զույգ դեղին թիթեռնիկներից, որոնք իրար էին հալածում տան և ճանապարհի դարպասի մեջտեղն ընկած մացառուտի արանքում։ Էդայը փռվել էր դարպասի մոտակա փոքրիկ մարգագետնում։ Բլրալանջով ցած իջնող ճանապարհին շարված բոլոր վիլլաների վարագույրները ցած էին թողնված, բացի մի փոքրիկ տաղավարից, որտեղ սպիտակ մի կերպարանք կար․ ըստ երևույթին մի ծերունի էր քնել այնտեղ։ Քեմփը նայվածքն ուշադիր տան չորս կողմը պտտեցրեց, որ նշմարի ատրճանակը, բայց դա անհետացել էր։ Նրա աչքերը նորից ընկան Էդայի վրա։ Խաղը լավ էր սկսվում ․․․
 
Մուտքի դուռր թակեցին ու զանգը տվին, իսկ դա հետզհետե սաստկացավ, բայց Քեմփի հրահանգներին հետևելով, ծառաները փակվել էին իրենց սենյակներում։ Ապա լռություն տիրեց։ Քեմփը մի քիչ նստեց ու ականջ դրեց։ Հետո զգույշ սկսեց մեկը մյուսի ետևից պատուհաններից դուրս նայել. գնաց կանգնեց սանդուղքի գլուխը և անհանգիստ ականջ դրեց, ննջարանի կրակախառնիչով զինվեց ու գնաց դարձյալ ստուգեց ներքնահարկի պատուհանների փականքները․ ամեն ինչ ապահով էր ու խաղաղ։ Ի վերջո վերնահարկի աշխատասենյակը վերադարձավ։ Ինչպես ընկել, այնպես էլ անշարժ պառկել էր Էդայը խճապատ ճանապարհի եզրին։ Վիլլաների առաջ ձգված ճանապարհով գալիս էին աղախինն ու երկու ոստիկան։
 
Ամենուրեք մեռելային լռություն էր տիրում։ Թվում էր՝ այդ երեք հոգին շատ դանդաղ էին առաջանում։ Նա ինքն իրեն հարց տվեց, թե ինչ էր անում հակառակորդը։
 
Քեմփը ցնցվեց։ Ներքևից մի ճայթյուն լռվեց։ Մի քիչ վարանելուց հետո դարձյալ ներքնահարկ իջավ։ Հանկարծ ամբողջ տունը թնդաց ծանր հարվածներից և տախտակների ճարճատյունից։ Նա լսեց մի ճայթյուն և փեղկերի երկաթե փականքների ճռնչյուն։ Ապա բանալին դարձրեց ու բացեց խոհանոցի դուռը։ Նույն պահին ջարդուփշուր եղած փեղկի կտորտանքները ներս թռան։ Քեմփը սահմռկած կանգ առավ։ Պատուհանի շրջանակը, բացի մի շեղաձողից, դեռ անվնաս էր՝ բայց լոկ ապակե փոքրիկ ատամնաշարեր էին մնացել այնտեղ։
 
Փեղկերը կացնով էին ջարդվել, իսկ հիմա կացինը ուժգին հարվածներով իջնում էր պատուհանի շրջանակի և այն պաշտպանող երկաթե ձողերի վրա։ Ապա հանկարծ կացինը մի կողմ ցատկեց ու չքացավ։ Քեմփը տեսավ տան կողքի ճանապարհին ընկած ատրճանակը, հետո փոքրիկ զենքը թռավ օդի մեջ։ Նա ընկրկեց։ Ատրճանակը մի քիչ ուշ ճայթեց և փակվող դռնից մի կտոր թռավ իր գլխի վրայով։
 
Քեմփը շրխկոցով փակեց ու կողպեց դուռը և տեղում գամված՝ լսեց Գրիֆինի գոռգոռոցն ու հռհռոցը։ Ապա վերսկսվեցին կացնի հարվածները՝ ճայթյունի ու ճարճատյունի նվագակցությամբ։
 
Քեմփը միջանցքում կանգնեց և փորձեց մտածել։ Մի րոպեից Անտեսանելի Մարդը խոհանոցում էր լինելու։ Այս դուռը երկար չի փակի նրա ճանապարհը, իսկ հետո․․․
 
Դարձյալ հնչեց մուտքի դռան գանգը։ Երևի ոստիկաններն էին։ Քեմփը նախա սրահ վազեց, շդթան օղակի մեջ գցեց ու դեն քաշեց սողնակները։ Աղջկա ձայնը լսելուց հետո միայն վերցրեց շղթան ու երկու ոստիկանն ու աղախինը ինչ֊որ կույտի պես, ներս գլորվեցին։ Քեմփը նորից շրխկացրեց դուռը։
 
― Անտեսանելի Մա՛րդը...—բացականչեց Քեմփը։― Ատրճանակ ունի և երկու հատ էլ փամփուշտ։ Նա սպանեց Էդային։ Համենայն դեպս խփեց։ Խոտերի վրա չտեսա՞ք Էդային։ Մինչև հիմա էլ պառկած է այնտեղ։
 
― Ո՞վ,— հարց տվեց ոստիկաններից մեկը։
 
― Էդայը,— պատասխանեց Քեմփը։
 
― Մենք բակերի կողմով եկանք,— ասաց աղախինը։
 
― Այդ ի՞նչ ճարճատյուն է,— հարցրեց մյուս ոստիկանը։
 
― Նա խոհանոցումն է, կամ էլ շուտով այնտեղ կլինի։ Մի կացին է գտել․․․
 
Հանկարծ ամբողջ տունը թնդաց Անտեսանելի Մարդու՝ խոհանոցի դռանն իջեցրած ուժգին հարվածներից։ Աղախինը չռված աչքերով նայեց խոհանոցի կողմը, սարսռաց և ճաշասրահ ընկրկեց։ Նրանք լսեցին, թե ինչպես տեղի տվեց խոհանոցի դուռը։
 
― Այս կո՛ղմ,— գռռաց Քեմփը, հանկարծ գործի անցնելով, և ոստիկաններին հրեց դեպի ճաշասրահի դուռը։
 
― Կրակախառնիչը,— գոչեց Քեմփը և բուխարիի կողմը նետվեց։ Նա յուրաքանչյուրին մի կրակախառնիչ տվեց։ Ապա հանկարծ ընկրկեց։
 
― Էհե՜յ,— բացականչեց ոստիկաններից մեկը և կրակախառնիչով անշարժացրեց կացինը։ Ատրճանակն արձակեց իր նախավերջին փամփուշտը և բզկտեց Սիդնի Քուփըրի արժեքավոր յուղանկարներից մեկը։ Երկրորդ ոստիկանը կրակախառնիչն իջեցրեց փոքրիկ զենքի վրա, ճիշտ այնպես, ինչպես կհարվածեր պիծակը, ատրճանակը շրխկոցով ընկավ հատակին։
 
Հենց որ կռիվը ծայր տվեց, աղախինն սկսեց ճչալ․ բուխարիի առաջ գամված՝ մի ամբողջ րոպե ճչում էր, հետո վազեց, որ փեղկերը բացի, թերևս խորտակված պատուհանով փախչելու նպատակով։
 
Կացինը միջանցք դուրս եկավ և հատակից երկու ոտք բարձրության վրա կանգ առավ։ Նրանք լսեցին Անտեսանելի Մարդու շնչառության ձայնը։
 
— Դուք երկուսդ մի կողմ քաշվեցե՛ք,— ասաց նա։— Ես այդ Քեմփ կոչվածին եմ ուզում։
 
― Իսկ մենք ձե՛զ ենք ուզում,— ասաց առաջին ոստիկանը, իսկույն առաջ նետվեց և կրակախառնիչով մի հարված հասցրեց Ձայնի կողմը։ Ըստ երևույթին Անտեսանելի Մարդը ետ էր ցատկել։ Նա սայթաքեց ու զարնվեց հովանոցի կախարանին։ Ապա երբ ոստիկանը երերաց հարվածի համար վերցրած թափից, Անտեսանելի Մարդը կացնով հակահարված տվեց, ոստիկանի սաղավարտը թղթի պես ճմրթվեց ու մարդը թավալգլոր ընկավ խոհանոցի սանդուղքի հարթակի վրա։ Բայց երկրորդ ոստիկանը, կրակախառնիչով նշան բռնեց կացնի ետևը և հարվածեg ինչ֊որ բանի, որ շրխկաց։ Ցավի մի ճիչ լսվեց, ու կացինն ընկավ հատակին։ Դատարկության մեջ ոստիկանը դարձյալ վրա բերեց կրակախառնիչը, բայց ոչ մի բանի չհարվածեց․ ապա ոտքը կացնի վրա դրեց ոլ նորից իջեցրեց հարվածը։ Կրակախառնիչը պատրաստ պահած կանգնեց նա, ուշադիր ականջ դնելով ամենաթեթև շարժմանը։
 
Ոստիկանը լսեց ճաշասենյակի պատուհանի բացվելու աղմուկը, իսկ հետո՝ շտապ ոտնաձայներ։ Ընկերը շուռ եկավ ու նստեց. աչքի ու ականջի միջով արյուն էր հոսում։
 
— Ո՞րտեղ է նա,— հարցրեց հատակին նստած մարդը։
 
— Չգիտեմ։ Ես հասցրի նրան։ Նախասենյակում ինչ֊որ տեղ կանգնած կլինի հիմա, եթե արդեն քո կողքով չծլկեց։ Բժիշկ Քե՛մփ․․․ Սը՛ր․․․
 
Լռություն․․․
 
― Բժիշկ Քե՛մփ,— դարձյալ ձայն տվեց ոստիկանը։
 
Երկրորդ ոստիկանը ճիգ էր թափում ոտքի կանգնել, ի վերջո վեր կացավ։ Հանկարծ խոհանոցի սանդուղքի վրա լսվեց բոբիկ ոտքերի մեղմ դոփյունը։
 
― Հո՜փ,— գոչեց առաջին ոստիկանը և իսկույն շպրտեց կրակախառնիչը, որ գնաց ջարդուփշուր արեց գազի ծորակը։
 
Քիչ էր մնում նա սանդուղքով ցած՝ հետապնդեր Անտեսանելի Մարդուն։ Բայց միտքը փոխեց և ճաշասենյակ մտավ։
 
― Բժիշկ Քե՛մփ․․․— սկսեց նա ու կանգ առավ։― Քաջ տղա է այդ բժիշկ Քեմփը,— ավելացրեց նա, դիմելով իր ուսի վրայով չորս կողմը զննող ընկերոջը։
 
Ճաշասենյակի պատուհանը լայն բաց էր և ո՛չ աղախինն էր երևում, ո՛չ էլ Քեմփը։
 
Երկրորդ ոստիկանր կարճ ու պատկերավոր՝ իր կարծիքը հայտնեց Քեմփի մասին։
== Գլուխ քսանութերորդ։ Թե ինչպես որսացին որսորդին ==
Վստահելի
83
edits