Ահա, խնդրեմ։ Մարդս միշտ մարդ է մնում։ Ճնշումի և իրավունքի հարյուրամյակները չեն կարող նրան զրկել մարդկայնությունից։ Նա, ում թվում է, թե դա սխալ է, հենց ինքն է սխալվում։ Այո, ամեն ժողովուրդ իր ընդերքում բավականաչափ ուժեր ունի հանրապետություն ստեղծելու համար, նույնիսկ այնպիսի մի ճնշված ժողովուրդ, ինչպիսին ռուս ժողովուրդն է, և այնպես երկչոտ ու անվճռական, ինչպիսին գերմանական ժողովուրդն է, ― դուրս բերեք անդորրության թմբիրից, և նա ցեխին կհավասարեցնի ուզածդ գահն ու երևելիներին։ Մենք դեռ շատ բան ունենք տեսնելու, դե, եկեք հուսանք ու հավատանք։ Սկզբում մեղմացած միապետություն, մինչև Արթուրի կյանքի վերջը։ Ապա գահի կործանում և ազնվականության վերացում․ այդ դասի յուրաքանչյուր անդամ որևէ օգտակար գործով պիտի զբաղվի։ Հետո համընդհանուր ընտրական իրավունքի հաստատում և ամբողջ իշխանության առհավետ փոխանցում ժողովուրդ կազմող տղամարդկանց ու կանանց ձեռքը։ Այո, ես դեռ պատճառ չունեմ իմ երազներից հրաժարվելու։
==Գլուխ XXXI==
Մարկոն
Մենք անհոգ զբոսնում էինք ու զրույց անում։ Պետք էր այնքան ժամանակ ծախսել, որքան անհրաժեշտ կլիներ Աբբալասուար գյուղակը հասնելու, արդարադատությունը մարդասպանների հետքի վրա գցելու և ետ վերադառնալու համար։ Ընդսմին, մի կողմնակի հետաքրքրություն էլ ունեի, որը երբեք ինձ համար իր թարմությունը չէր կորցնում սկսած այն պահից, երբ ես հայտնվեցի Արթուրի թագավորությունում․ ես դիտում էի, թե ինչպես են պատահական անցորդները հանդիպելիս իրար ողջունում։ Գլխի վեղարը դեպի ետ ծռված, սափրված վանականին, որի ճարպոտ այտերից քրտինք էր կաթկթում, ածխագործ Մարկոն խոր հարգալիր գլուխ էր տալիս, ազնվականի առջև նրա խոնարհվում էր ստրկական նվաստությամբ, մանր ֆերմերների ու ազատ արհեստավորների հետ նա սրտաբաց էր ու շատախոս, իսկ երբ հեզորեն խոնարհված ստրուկ էր անցնում, այդ մարդը քիթը վեր էր տնկում ու համարյա չէր նկատում նրան։ Իսկն ասած, երբեմն մարդ ուզում է կախել ամբողջ մարդկային ցեղը, այդ կատակերգությանը վերջ տալու համար։
Անսպասելիորեն մի դեպքի հանդիպեցինք։ Անտառից դուրս եկավ կիսամերկ տղաների ու աղջիկների մի փոքրիկ խումբ, ահաբեկված ու ճչալով։ Ամենատարեցը մի տասներկու կամ տասնչորս տարեկան կլիներ։ Նրանք օգնություն էին խնդրում, բայց այնպես հուզված էին, որ մենք չէինք կարողանում գլուխ հանել, թե ինչ է պատահել։ Մենք դեպի անտառ նետվեցինք, նրանք խուռներամ վազում էին առջևից, ճանապարհը ցույց տալով, և շուտով ամեն ինչ պարզ դարձավ․ նրանք կախել էին իրենց ընկերոջը ծառի կեղևից սարքած պարանով, իսկ նա թպրտում էր, ջանալով դուրս պրծնել և ավելի ու ավելի սեղմ էր դարձնում օղակը վզի շուրջը․ քիչ էր մնացել խեղդվեր։ Մենք ազատեցինք նրան և ուշքի բերեցինք։ Ահա ձեզ մարդկային բնության մի գիծ ևս․ երեխաներն ամեն ինչում ընդօրինակում էին մեծերին, նրանք ամբոխ֊ամբոխ են խաղացել, և այնքան հաջող, որ արդյունքները կարող էին շատ ավելի լուրջ լինել, քան նրանք սպասում էին։
Դա ինձ համար ձանձրալի զբոսանք չէր։ Ես հաջողացրեցի ժամանակը շատ լավ ծախսել։ Զանազան ծանոթություններ հաստատեցի և, օգտվելով եկվորի հանգամանքից հարցնում էի այն ամենի մասին, ինչ ինձ հետաքրքրում էր։ Որպես պետական գործչի՝ ինձ, բնականաբար, հետաքրքրում էր աշխատավարձը։ Եվ աշխատավարձի մասին ես իմացա այն ամենը, ինչ հնարավոր էր իմանալ այդքան կարճ ժամանակի ընթացքում։ Անփորձ և մտածելու հակում չունեցող մարդը սովորաբար հակված է այս կամ այն ժողովրդի բարեկեցության կամ կարիքի մակարդակը չափելու միջին աշխատավարձով․ եթե միջին աշխատավարձը բարձր է, ուրեմն ժողովուրդը բարեկեցիկ է, եթե ցածր է, ուրեմն ժողովուրդը խարխափում է կարիքի մեջ։ Մինչդեռ դա ճիշտ չէ։ Կարևորը վաստակի չափը չէ, այլ այն, թե որքան բարիքներ կարող եք ձեռք բերել այդ վաստակով, և միայն դա կարող է ասել․ բարձր է ձեր աշխատավարձը փաստորեն, թե անվանապես։ Ես մտաբերում եմ, թե ինչպիսին էր աշխատավարձի վիճակը մեր քաղաքացիական մեծ պատերազմի օրերին, տասնիններորդ դարում։ Հյուսիսում հյուսնը օրական վաստակում էր երեք դոլար՝ ոսկիով, Հարավում՝ հիսուն, որը նրան վճարում էին կոնֆեդերացիայի թղթերով՝ բուշելը մեկ դոլար արժողությամբ։ Հյուսիսում բանվորական արտահագուստը երեք դոլար էր, այսինքն՝ մեկ օրվա վաստակը, Հարավում՝ յոթանասունհինգ, այսինքն երկու օրվա վաստակը։ Մյուս առարկաներն էլ նույն համամասնությամբ էին։ Հետևաբար աշխատավարձը Հյուսիսում կրկնակի բարձր էր, քան Հարավում, քանի որ կրկնակի բարձր էր նրա գնողականությունը։
Այո, ես շատերի հետ ծանոթացա գյուղակում։ Ինձ շատ ուրախացրեց, որ այստեղ արդեն շրջանառության մեջ էր մեր դրամը՝ մեծ քանակությամբ միլրեյսներ, մեծաքանակ միլլեյ, մեծաքանակ ցենտեր, բավականին շատ նիկել, զգալի չափով արծաթ՝ արհեստավորների ու գյուղացիների ձեռքին․ կար նաև ոսկի, միայն թե այն գտնվում էր, այսպես ասած, դրամատանը, այսինքն ոսկերչի մոտ։ Մինչ Մարկոյի որդի Մարկոն սակարկում էր մի խանութպանի հետ քառորդ ֆունտ աղի համար, ես մտա ոսկերչի մոտ և խնդրեցի մանրել քսանդոլարանոց ոսկեդրամը։ Մանրելը մանրեցին, բայց կանխապես դրամը ատամի տակ դրին, հաշվեսեղանին խփեցին՝ զնգոցը լսեցին, թթուներ կաթացրին և հարցուփորձ արեցին․ որտեղի՞ց եմ ես այն ճարել, ո՞վ եմ ես, որտեղի՞ց եմ գալիս, ո՞ւր գնում, ե՞րբ եմ այնտեղ հասնելու և այլն և այլն, կարճ ասած մի երկու հարյուր հարց։ Պատասխանելով բոլոր հարցերին, ես սեփական ազատ կամքով նրանց հայտնեցի նաև բազմաքանակ ուրիշ տեղեկություններ․ ես ասացի, որ իմ շան անունը Պահակ է, որ առաջին կինս բապտիստուհի է եղել, իսկ նրա պապը կողմնակից է եղել ոգելիչ խմիչքների արգելմանը, և որ մի մարդ եմ ճանաչել, որը յուրաքանչյուր ձեռքի վրա երկուական բթամատ ուներ և վերին շրթունքի ներսի կողմից էլ՝ մի խոշոր խալ և որ նա մեռել է, հույսը դնելով փառահեղ հարության վրա և այլն, մինչև որ այդ հետաքրքրասեր գյուղական հարցաքննիչը կարծես բավարարվեց և նույնիսկ փոքր֊ինչ սսկվեց։ Նա, իհարկե, ստիպված էր հարգանքով վերաբերվել ինձ նման հարուստ մարդու նկատմամբ և սիրտ չէր անի ինձ վրա բարկանալու, բայց ես նկատեցի, որ նա իր բարկությունը թափեց ստորադրյալների գլխին, և դա միանգամայն բնական էր։ Այո, նրանք մանրեցին իմ քսաննոցը, բայց ինձ թվաց, որ դրամատան համար դա բավականին դժվար խնդիր էր, ինչպես դժվար կլիներ, եթե տասնիններորդ դարում մտնեի մի աղքատիկ գյուղական խանութ և խանութպանին բոլորովին հանկարծ խնդրեի երկու հազար դոլարանոց տոմսակ մանրել։ Խանութպանը, իհարկե, կմանրեր, բայց անչափ կզարմանար, թե ո՞ր մանր ֆերմերն է գրպանում այդպիսի գումար դրած ման գալիս։ Ըստ երևույթին, հենց այդ կերպ էլ զարմացել էր ներկա ոսկերիչը․ նա ինձ ճանապարհեց մինչև դռները և երկար ժամանակ կանգնած նայում էր իմ ետևից հարգանքախառն զարմանքով։
Մեր դրամները ոչ միայն շրջանառության մեջ էին ամենուրեք, այլ նույնիսկ նրանց նոր անուններին մարդիկ այնպես էին վարժվել, որ նախկինները մոռացության էին տրվում։ Ուր էլ որ գնայիք, լսում էիք․ այս ու այն իրը արժի այսքան դոլար կամ ցենտ, կամ միլ, կամ միլրեյս։ Եվ դա շատ հաճելի էր։ Մենք, անկասկած, առաջադիմում էինք։
Ես ծանոթացա շատ արհեստավորների հետ, բայց նրանց մեջ ամենահետաքրքրականը դարբին Դաուլին էր։ Անչափ առույգ, ասող֊խոսող մարդ էր, երկու օգնական և երեք աշակերտ էր պահում, բայց, այնուամենայնիվ, այնքան շատ պատվերներ ուներ, որ հազիվ էր հասցնում գործի տակից դուրս գալ։ Իրականում նա հարստանում էր ժամ առ ժամ և մեծագույն հարգանք էր վայելում։ Մարկոն հպարտանում էր, որ բարեկամ է նման մարդուն։ Նա ինձ տարավ դարբնի մոտ ցույց տալու համար այն հզոր ձեռնարկությունը, որն այդքան ածուխ է գնում իրենից, բայց իրականում ցանկանում էր, որ ես տեսնեի, թե որքան մոտ բարեկամ է ինքը այդպիսի մեծ մարդուն։ Դաուլին և ես անմիջապես լեզու գտանք․ «Կոլտ» զինագործարանում ես շատ եմ ունեցել նման կարգի տղաներ։ Ես ուզում էի նրա հետ երկար զրուցել, դրա համար էլ հրավիրեցի կիրակի օրը գալ Մարկոյի տուն՝ մեզ հետ ճաշելու։ Երբ մեծահարուստը ընդունեց հրավերը, ուրախությունից Մարկոյի շունչը կտրվեց, նա նույնիսկ մոռացավ զարմանալ այդպիսի շնորհի առիթով։
Մարկոյի խնդությունը անսահման էր, բայց ընդամենը մի քանի րոպե տևեց, շուտով նա մտածկոտ դարձավ և վշտահար, իսկ երբ լսեց, թե ինչպես ես ասացի Դաուլիին, որ ուզում եմ հրավիրել նաև քարտաշ Դիկկոնին ու անվագործ Սմուգին, նրա դեմքի ածխափոշին կավճի գույն ստացավ, և նա բոլորովին ընկճվեց։ Բայց ես գիտեի, որ դրա պատճառը ծախսերն են։ Նա իրեն արդեն սնանկացած էր տեսնում, գտնում էր, որ ֆինանսների օրերը արդեն հաշված են։ Ինչևէ, երբ գնում էինք մյուսներին հրավիրելու, ես ասացի․
― Թույլ տուր հրավիրեմ իմ բարեկամներին և թույլ տուր վճարեմ ծախսերը։
Նրա դեմքը փայլատակեց, և նա կրքոտ ասաց․
― Բայց ո՛չ բոլորը, ո՛չ բոլորը։ Այդպիսի բեռը դու մենակ տանել չես կարող։
Ես ընդմիջեցի․
― Արի իրար լավ հասկանանք, իմ հին բարեկամ։ Ճիշտ է, ես միայն ֆերմայի կառավարիչ եմ, բայց բնավ էլ աղքատ չեմ։ Այս տարի բախտս անչափ լավ բերեց, դու նույնիսկ կզարմանաս, եթե իմանաս, թե որքան եմ ես վաստակել։ Հավատա ինձ, ես կարող եմ վճարել այդպիսի տասներկու ճաշի համար, առանց նույնիսկ մի այսքան հոգ տանելու ծախսի առթիվ, ― ցույց տվեցի մատիս ծայրը։ Զգում էի, որ ոտնաչափ առ ոտնաչափ աճում եմ Մարկոյի աչքում, իսկ երբ ասացի վերջին բառերը, կարծես մի ամբողջ աշտարակ լինեի նրա համար։ ― Թույլ տուր, ուրեմն, անեմ, ինչպես ուզում եմ։ Դու ոչ մի ցենտ անգամ չես ծախսի այդ խնջույքի վրա, դա վճռված է։
― Դու մեծահոգի ես ու բարի․․․
― Ո՛չ, բոլորովին ոչ։ Դու մեծահոգաբար բացեցիր տանդ դռները իմ ու Ջոնսի առջև։ Այսօր Ջոնսն էլ նույն բանն էր ինձ ասում, քեզ, իհարկե, նա այդ չի ասի, որովհետև Ջոնսը ուրբաթախոս է և անմարդամոտ, բայց նրա սիրտը բարի է, ազնիվ և նա կարողանում է գնահատել իր նկատմամբ դրսևորած լավ վերաբերմունքը։ Այո, դու ու քո կինը մեզ շատ հյուրասիրաբար ընդունեցիք․․․
― Օ՜ եղբայր, դա ինչ հյուրասիրություն էր ո՜ր․․․
― Ոչ, դա շատ բան էր նշանակում։ Երբ մարդս իր ունեցած լավագույնն է սրտանց տրամադրում, դա արդեն շատ բան է նշանակում։ Ավելին տալ չի կարող նույնիսկ արքայազնը, որովհետև արքայազնն էլ կարող է տալ միայն իր ունեցած լավագույնը։ Այժմ գնանք խանութները և բան֊ման առնենք, ու թող գնումները քեզ չանհանգստացնեն։ Ես այնպես շռայլող եմ, որ աշխարհը իմ նմանին դեռ չի օրորել։ Գիտես՞, երբեմն մի շաբաթվա մեջ ծախսում եմ․․․ ոչ, չարժե ասել, դու միևնույնն է, չես հավատա։
Այդպես մենք թափառում էինք գյուղի կրպակից֊կրպակ, սակարկելով, շատախոսելով խանութպանների հետ երեկվա դեպքերի մասին․ ամեն րոպե մեզ հանդիպում էին լացող և ահաբեկված երեխաներ, որոնց տները խլել էին, իսկ ծնողներին սպանել կամ կախել։ Մարկոյի և նրա կնոջ հագուստները կարված էին քաթանից ու կոշտ մահուդից և հիշեցնում էին զանազան բեկորներից սոսնձված աշխարհագրական քարտեզը․ հինգ֊վեց տարվա ընթացքում նախնական նյութերից չէր մնացել նույնիսկ մի բեկոր, որ ափի լայնություն ունենար։ Ես ուզում էի առաջիկա ճաշկերույթի առիթով նրանց նոր հագուստ նվիրել, որպեսզի հյուրերի առջև չնսեմանան, բայց ես չգիտեի, թե ինչպես ավելի նրբանկատությամբ ձեռնարկեի գործին, մինչև որ մտքովս անցավ հետևյալը․ քանի որ ես արդեն խոսքերով հաղորդել էի թագավորի շնորհակալությունը, վատ չէր լինի ամրապնդել այն նաև նյութական ապացույցով, և ես ասացի․
― Մարկո, մի բան էլ կա, որ դու պետք է թույլ տաս․․․ Ջոնսի նկատմամբ քո բարի վերաբերմունքից ելնելով․․․ հո չէ՞իր ուզենա վիրավորել նրան, չէ՞։ Ջոնսը շատ է ուզում քեզ իր երախտապարտությունը հայտնել, բայց նա այնքան ամաչկոտ է, որ դա ինքն անել չի կարող։ Նա ինձ խնդրել է իր հաշվին որևէ աննշան բան առնել քո և տիկին Ֆիլլիսի համար, բայց այնպես, որ դուք չիմանաք, թե ով է նվիրողը․․․ Նա անչափ դյուրազգաց մարդ է, հասկանո՞ւմ ես․․․ Ես, իհարկե, խոստացա գաղտնի պահել և դու էլ, խնդրեմ, ծպտուն չհանես։ Նա մտածում էր քեզ և կնոջդ համար նոր հագուստ գնել․․․
― Օ՜, դա արդեն չափն անց է։ Անհնարին է, եղբայր, անհնարին։ Պատկերացրու, թե ինչքան կարժենա․․․
― Գրողի ծոցը արժեքը։ Լսիր, մի րոպե, դու շատ ես խոսում ու չես թողնում ուրիշին բերանը բաց անել։ Դու պիտի բուժվես շատախոսությունից, Մարկո, դա լավ չէ, հասկանո՞ւմ ես, և եթե չսովորես զսպել լեզուդ, նա քեզ կհաղթի։ Մենք կմտնենք այստեղ և կսակարկենք ահա այս կտորը․․․ Միայն չմոռանաս․ Ջոնսը պիտի չկռահի, որ քեզ ամեն ինչ հայտնի է։ Դու պատկերացնել իսկ չես կարող, թո որքան ծիծաղելիորեն դյուրազգաց ու հպարտ է նա։ Նա ֆերմեր է, հարուստ ֆերմեր, ես էլ նրա կառավարիչն եմ, բայ ի՜նչ երևակայության տեր է այդ մարդը։ Երբեմն մտքերով է տարվում ու այնպիսի բաներ ասում, որ կարելի է կարծել, թե երկրի պորտը հենց ինքն է որ կա։ Դու կարող ես ականջ դնել նրան հարյուր տարի ու երբեք գլխի չես ընկնի, որ նա ֆերմեր է, մանավանդ, երբ նա խոսք կսկսի գյուղատնտեսության մասին։ Նրա կարծիքով, ինքը աշխարհիս երեսին գյուղատնտեսության ամենալավ գիտակն է, բայց, մեր մեջ ասած, նա գյուղատնտեսությունից նույնքան է հասկանում, որքան թագավորություն կառավարելուց։ Սակայն, երբ նա խոսում է, պետք է լռել ու բերանը բաց լսել այնպիսի տեսքով, իբր թե կյանքումդ երբեք այդպիսի իմաստուն խոսքեր չես լսել ու վախենում ես, թե կմեռնես ու չես հասցնի մի կուշտ կշտանալ նրա մտքերով։ Այ, դա դուր կգա Ջոնսին։
Մարկոն քրքջաց, լսելով այդպիսի ծիծաղելի մարդու մասին։ Նա բավականին լավ նախապատրաստված էր հնարավոր ամեն անսպասելի քայլերի պարագային։ Իսկ ես փորձից գիտեի․ թագավորի հետ թափառելիս, որը իրեն ուրիշի տեղ է ներկայացնում, բայց ամեն րոպե մոռանում է, թե հենց ում դերն է խաղում, պետք է հնարավորին չափ շրջահայաց լինել։
Սա ամենալավ կրպակն էր, որ մենք հանդիպել էինք։ Այդտեղ կար ամեն ինչ փոքր քանակներով․ մուրճերից ու ճոթերից սկսած մինչև ձուկն ու կեղծված թանկարժեք իրերը։ Որոշեցի ամեն ինչ այստեղից առնել և այլևս թրև չգալ։ Մանավանդ, որ գործողությանս համար ազատ դաշտ էի ստացել։ Մարկոյին ճամփել էի հրավիրելու քարտաշին ու անվագործին։ Ես երբեք ոչ մի բան անաղմուկ չեմ անում, եթե արածս գործը կորցնում է իր թատերականությունը, ես էլ հետաքրքրությունս եմ կորցնում նրա նկատմամբ։ Անհոգ ձևով բավականին խոշոր դրամ նետեցի վաճառասեղանին, շահելու համար խանութպանի հարգանքը, ապա գրեցի ինձ անհրաժեշտ բաների ցուցակը ու մեկնեցի խանութպանին, որպեսզի ստուգեի, արդյոք կարդալ գիտե՞ր, թե ոչ։ Պարզվեց, որ գիտեր և հպարտ էր իր կարողությունը ցուցադրելու։ Նա ասաց, որ սովորել է քահանայի մոտ և գրել կարդալ գիտի։ Աչքի անցնելով ցուցակը, նա գոհունակությամբ նկատեց, որ արդյունքը բավականին խոշոր է։ Ասենք, հենց այդպես էլ էր, մանավանդ նման մի փոքր կրպակի համար։ Ես գնումներ էի անում ոչ միայն ճաշի, այլև շատ ուրիշ նպատակներով։ Հանձնարարեցի այդ ամբողջը սայլակով ուղարկել Մարկոյի որդի Մարկոյի տուն շաբաթ երեկոյան, իսկ կիրակի օրը ճաշի ժամին հաշիվը ուղարկել ինձ։ Նա ասաց, որ ես կարող եմ վստահել նրա ճշտապահությանն ու պատրաստակամությանը, քանի որ դրանք իր առևտրական տան նշանաբաններն էին։ Ավելացրեց նաև, որ Մարկոյի համար ձրի կուղարկի մի երկու ատրճանակ֊դրամապանակ․ հիմա բոլորը դրանք օգտագործում են։ Նա շատ բարձր կարծիքի էր այդ իմաստուն գյուտի մասին։ Ես ասացի․
― Կիսով չափ լցրեք դրանք և ավելացրեք հաշվին։
Նա համաձայնեց հաճույքով, լցրեց դրամապանակները, և ես դրանք հետս վերցրի։ Ես նրան չէի կարող ասել, որ ատրճանակ֊դրամապանակը իմ սեփական գյուտն է և, որ ես պաշտոնապես հրահանգել էի թագավորության բոլոր խանութպաններին ձեռքի տակ ունենալ դրանք և վաճառել պետական գնով, այսինքն չնչին արժեքով, որը մտնում էր խանութպանի գրպանը, այլ ոչ թե պետական գանձարանը։ Մենք դրանք տրամադրում էինք անվճար։
Վերադարձանք երեկոյան դեմ, և թագավորը չնկատեց մեզ։ Նա բավականին կանուխ սուզվել էր թագավորության ամբողջ հզորությամբ Գալլիա ներխուժելու մասին իր երազների մեջ, և օրվա երկրորդ կեսը նրա համար սահել անցել էր բոլորովին աննկատելի։