Changes
/* Գլուխ XXVIII */
Մտավոր «աշխատանքը» ճիշտ չի անվանված․ դա հաճույք է, զվարճություն և հենց իր մեջ է պարունակում մեծագույն պարգևը։ Ամենացածր վարձատրվող ճարտարապետը, ինժեները, գեներալը, գրողը, քանդակագործը, նկարիչը, դասախոսը, փաստաբանը, օրենսդիրը, դերասանը, քարոզիչը, երգիչը աշխատելիս երանություն են զգում ինչպես դրախտում։ Իսկ ի՞նչ ասել երաժշտի մասին, որը ջութակի աղեղը ձեռքին նստում է մեծ նվագախմբի կենտրոնում, երբ նրա շուրջը ծորում են աստվածային հնչյունների հրահոսուն շիթերը։ Նա էլ, իհարկե, աշխատում է, եթե ուզում եք դա աշխատանք կոչել, բայց ճիշտն ասած այդպիսի անվանումը ծաղր ու ծանակ է աշխատանք հասկացողության իսկ նկատմամբ։ Աշխատանքի օրենքը ծայրահեղորեն անարդարացի է, բայց նա այդպիսին է ստեղծվել և այլևս փոխել հնարավոր չէ․ որքան շատ հաճույք է ստանում աշխատողը աշխատանքից, այնքան ավելի շատ փող են նրան վճարում այդ աշխատանքի համար։ Նման կարգի օրենքին են ենթարկվում նաև այնպիսի բացահայտ խաբեբայական իրավիճակները, ինչպիսին են ժառանգական ավագանիությունը և թագավորական իշխանությունը։
==Գլուխ XXIX==
Ծաղկախտի խրճիթը
Արևը դեպի մայրամուտ էր թեքվել, երբ մենք մոտեցանք խրճիթին։ Կյանքի ոչ մի նշույլ չկար այնտեղ։ Դաշտում ցորենը արդեն հնձված էր, ընդսմին այնքան մաքուր, որ դաշտը մերկ էր թվում։ Ցանկապատերը, փայտանոցները, ամեն ինչ փլված էր, ամեն ինչ պերճախոս վկայում էր թշվառության մասին։ Շուրջը ոչ մի կենդանի չէր երևում, ոչ մի շնչավոր արարած չկար։ Լռությունը ահասարսուռ էր, թվում էր, թե դա մահվան լռություն է։ Խրճիթը մի հարկանի կառույց էր, նրա ծղոտե տանիքը սևացել էր ժամանակի ընթացքում և ցնցոտիների տեսք ընդունել, երևի կառուցվելու օրից այս կողմ չէր նորոգվել։
Դուռը թեթևակի բաց էր։ Մենք մոտ գնացինք անաղմուկ, մատների վրա, համարյա չշնչելով․ ինչ֊որ աղոտ նախազգացում էր գլուխ բարձրացնում մեր ներսը։ Թագավորը թակեց։ Մենք սպասեցինք։ Ոչ մի պատասխան։ Թակեց նորից։ Ոչ մի պատասխան։ Ես կամաց հրեցի դուռը և ներս նայեցի։ Աչքովս ընկան ինչ֊որ անորոշ մարմիններ, ապա մի կին շարժվեց գետնի վրա, քիչ վեր բարձրացավ և աչքերը հառեց ինձ, կարծես քնից նոր զարթնած լիներ։ Հետո մենք լսեցինք նրա ձայնը։
― Խնայեցեք, ― աղաչեց նա։ ― Ամեն ինչ արդեն տարել են, ոչինչ չի մնացել։
― Ես չեմ եկել որևէ բան տանելու, թշվառ կին։
― Դու քահանա չե՞ս։
― Ոչ։
― Եվ ոչ էլ լորդի կողմի՞ց ես եկել։
― Ոչ, ես ճամփորդ եմ։
― Այդ դեպքում հանուն տեր աստծո, որ պատժում է անմեղներին՝ նրանց աղքատության ու մահվան ճիրանները նետելով, փախիր այստեղից։ Այս տունը անիծված է աստծո և նրա եկեղեցու կողմից։
― Թույլ տուր ներս մտնեմ և օգնեմ քեզ, դու հիվանդ ես ու դժբախտ։
Աչքերս արդեն վարժվել էին աղջամուղջին։ Ես տեսում էի ինձ վրա հառած նրա փոս ընկած աչքերը։ Տեսնում էի, թե որքան ահավոր նիհար է նա։
― Ասում եմ, այս տեղը անիծված է եկեղեցու կողմից։ Գնա, փրկվիր, քանի դեռ քեզ այստեղ պատահմամբ չեն տեսել ու մատնել։
― Իմ մասին հոգ մի անի, եկեղեցու անեծքը ինձ չի անհանգստացնում։ Թող օգնեմ քեզ։
― Օ՜, թող բոլոր բարի ոգիները, եթե այդպիսիները գոյություն ունեն, օրհնեն քեզ քո խոսքերի համար։ Ես միայն մի պուտ ջուր կուզենայի․․․ բայց կա՛ց, կա՛ց, մոռացիր այդ, փախիր, որովհետև այս տանը նույնիսկ նա, ով երկյուղ չունի եկեղեցուց, պիտի վախենա այն հիվանդությունից, որից մենք մեռնում ենք։ Ձգիր մեզ, խիզախ ու բարի ճամփորդ և տար քեզ հետ մեր սրտանց օրհնությունը, եթե իհարկե, նզովյալը կարող է օրհնել։
Բայց մինչև նա կավարտեր, ես վերցրի փայտյա գավաթը ու վազեցի դեպի առուն, որը մի տաս յարդի վրա էր։ Երբ վերադարձա, թագավորը արդեն ներսն էր և լուսամուտի փեղկերն էր բացում, լույս և թարմ օդ թողնելու համար։ Խրճիթի մեջ ծանր, հեղձուցիչ հոտ էր կանգնած։ Գավաթը մոտեցրի կնոջ շրթունքներին և մինչ նա իր՝ թռչունի ճանկերին նմանվող ոսկրոտ ձեռքերով կբռներ այն, փեղկերը բացվեցին և ուժեղ լույսը լուսավորեց նրա դեմքը։ Ծաղկա՛խտ։
Ես նետվեցի դեպի թագավորը և շշնջացի նրա ականջին․
― Դուրս եկեք անհապաղ, տեր իմ։ Այս կինը մեռնում է ճիշտ նույն հիվանդությունից, որը նախանցյալ տարի ամայացրեց Քամելոտի շրջակայքը։
Նա չշարժվեց տեղից։
― Երդվում եմ, որ կմնամ այստեղ և կաշխատեմ օգնել։
Ես նորից շշնջացի․
― Թագավոր, այդպես չի կարելի։ Դուք պետք է գնաք։
― Դու ձգտում ես լավին և մտքերդ իմաստուն են։ Բայց ամոթ կլիներ թագավորին վախից դողդողալ, ամոթ կլիներ ասպետին յուր օգնությունը մերժել կարիքավորներին։ Հանգստացիր, ես չեմ գնա այստեղից։ Եթե մեզնից մեկին հեռանալ է պետք, ապա այդ դու ես։ Եկեղեցու անեծքը ինձ չի դիպչի, բայց քեզ արգելված է լինել այստեղ, և եկեղեցին իր ծանր ձեռքը կուղղի քո դեմ, եթե դու խախտես նրա արգելքը։
Այս սարսափելի տանը մնալը թագավորի կյանքին շատ թանկ կարող էր նստել, բայց նրա հետ վիճելը անիմաստ էր։ Եթե նա գտնում է, որ իր ասպետական պատիվն է վտանգված, այլևս ոչինչ չէիր կարող անել, նա կմնար և ոչինչ չէր կարող կանխել այդ, ես իմ փորձից գիտեի։ Ես չպնդեցի։ Կինը խոսեց։
― Բարի լույս, մարդ, գութ ունեցիր, բարձրացիր այս սանդուղքով, տես թե ինչ է կատարվում այնտեղ և ասա ինձ։ Ինչ էլ որ տեսնես, մի վախենա ինձ հայտնել, որովհետև լինում են դեպքեր, երբ մոր սրտին այլևս կոտրվելու վտանգ չի սպառնում, քանզի այն վաղուց արդեն կոտրված է։
― Մնա այստեղ, ― ասաց թագավորը, ― և կերակրիր այս կնոջը։ Իսկ ես վեր կգնամ։ ― Եվ պարկը նստարանին դրեց։
Երբ շրջվեցի թագավորն արդեն սանդուղքի մոտ էր։ Նա կանգ առավ, և նայեց տղամարդու վրա, որը պառկած էր կիսախավարի մեջ և կարծես չէր նկատում մեզ։
― Սա քո ամուսի՞նն է, ― հարցրեց թագավորը։
― Նա քնա՞ծ է։
― Այո։ Շնորհալալ եմ աստծուն այդ միակ գթասրտության համար։ Նա քնած է արդեն երեք ժամ։ Սիրտս երախտապարտությունից տրաքվում է, այդ քնի համար, որով քնել է նա։
Ես ասացի․
― Մենք զգույշ կլինենք, չենք արթնացնի նրան։
― Ոչ, դուք նրան չեք արթնացնի։ Նա մեռել է։
― Մեռե՞լ։
― Այո։ Ինչ երջանկություն է իմանալ, որ նա մեռել է։ Այլևս ոչ ոք նրան չի կարող նեղացնել, վիրավորել նրան։ Նա այժմ երկնքում է և երջանիկ է, իսկ եթե նույնիսկ դժոխք է իջել, նա դարձյալ գոհ է, որովհետև այնտեղ չի հանդիպի ո՛չ վանահոր, ո՛չ էլ եպիսկոպոսի։ Մենք մեծացել ենք միասին, ամուսնացած ենք եղել քսանհինգ տարի և երբեք չենք բաժանվել իրարից մինչև այսօր։ Պատկերացրեք, որքան երկար ենք սիրել միմյանց և միասին տառապել։ Այս առավոտ զառանցանքի մեջ նրան թվում էր, թե մենք նորից տղա և աղջիկ ենք և նորից զբոսնում ենք երջանիկ դաշտերում։ Այսպես, մանկական անմեղ զրույցի ներքո, նա անընդհատ ու անընդհատ հեռանում էր, մինչև որ աննկատելիորեն անցավ ուրիշ դաշտեր, որոնց մասին մենք ոչինչ չգիտենք և թաքնվեց մեր մահկանացու հայացքից։ Բաժանում չեղավ, որովհետև զառանցանքի մեջ նրան թվում էր, թե ես գնում եմ իր հետ, ձեռքը իմ ձեռքի մեջ․ ոչ այս թռչնային ճանկը, այլ երիտասարդ, փամփլիկ ձեռքս։ Մեկնել անդա՜րձ ու չիմանալ այդ, բաժանվել ու չիմանալ այդ ― կարո՞ղ է արդյոք մարդ ավելի խաղաղ մեռնել։ Դա նրա պարգևն էր իր դաժան կյանքի համար, որը նա տարավ անմռունչ։
Խավար անկյունում, որտեղ սանդուղքն էր, թեթևակի աղմուկ լսվեց։ Թագավորն էր իջնում։ Մի ձեռքով նա ինչ֊որ բան էր գրկել, մյուսով հենվում էր պատին։ Երբ լույսը ընկավ նրա վրա, նկատեցի, որ գրկին իջեցնում է մոտ տասնհինգ տարեկան նիհար մի աղջիկ։ Փոքրիկը համարյա կորցրել էր գիտակցությունը և նույնպես մեռնում էր ծաղկախտից։ Դա հերոսության վերջին սահմանն էր, բարձրագույն գագաթը։ Դա նշանակում էր մարտահրավեր կարդալ մահին, լինելով անզեն, երբ ամեն ինչ քո դեմ է, երբ ոչ միայն պարգևի որևէ հույս չկա, այլ նույնիսկ մետաքս ու ոսկի հագած, դիտող ու ծափահարող բազմություն։ Մինչդեռ թագավորի կեցվածքը նույնքան հանգիստ և արի էր, ինչպես և այն էժանագին մենամարտերի ժամանակ, երբ պողպատյա օղազրահով պաշտպանված ասպետը հավասար մարտում հանդիպում է ուրիշ ասպետի։ Նա մեծ էր այդ պահին, վեհորեն մեծ։ Նրա պալատում կանգնած նրա նախնիների կոպիտ արձաններին մեկն էլ կավելանա․ ես հոգ կտանեմ այդ մասին։ Եվ դա մնացածների նման չի լինի հսկա կամ վիշապ սպանող օղազրահով պատած թագավոր, ոչ։ Դա կլինի գեղջուկի հագուստով թագավոր, ձեռքերին մահը բռնած, որպեսզի գեղջկուհի մայրը վերջին անգամ կարողանա նայել իր դստրիկին ու հանգստանա առհավետ։
Նա աղջկան դրեց մոր կողքին, և սա սկսեց փայփայել ու քնքուշ բառեր ասել նրան։ Աղջկա աչքերի մեջ աղոտ լույս բոցկլտաց և միայն այդքանը։ Մայրը կռացավ նրա վրա․ համբուրում էր, փայփայում, աղաչում գեթ մի խոսք ասել, բայց աղջկա շրթունքները շարժվում էին անշշուկ։ Ես պարկից գինով լի տափաշիշ հանեցի, բայց կինը արեգելեց, ասելով․
― Ոչ, նա չի տառապում, այսպես ավելի լավ է։ Գինին կարող է նրան կյանքի կոչել, իսկ քո նման բարի մարդը չի ուզենա նրա հետ այդպես դաժան վարվել։ Ինքդ դատիր, ինչի՞ համար նա ապրի։ Նրա եղբայրները բռնված են, հայրը մեկնել է անդարձ, մայրը նույնպես մեռնում է, եկեղեցու անեծքը նրա վրա է, ոչ ոք նրան օթևան չի տա, ոչ ոք բարեկամ չի լինի, եթե նույնիսկ ճանապարհի մեջտեղում նա մեռնի։ Նա դատապարտված է։ Ես չեմ հարցնում, բարի սիրտ, թե նրա քույրը դեռ ո՞ղջ է արդյոք այնտեղ, վերը։ Ես առանց այդ էլ գիտեմ, որ եթե նա ողջ լիներ, դու նորից վեր կբարձրանայիր և խեղճ երեխային այնտեղ մենակ չէիր թողնի․․․
― Նա հավիտյանս խաղաղության մեջ է, ― ցածրաձայն ընդմիջեց նրան թագավորը։
― Եվ ես չէի ուզենա, որ այլ կերպ լիներ։ Որքա՜ն հարուստ է այս օրը երջանկությամբ։ Ախ, Էննի, դու շուտով կմիանաս քրոջդ, դու արդեն բռնել ես ճանապարհը, իսկ այս մարդիկ գթասիրտ բարեկամներ են, նրանք ետ չեն պահի քեզ։
Եվ նա նորից կռացավ դստեր վրա․ շոյում էր մազերը, այտերը, համբուրում էր ու քնքշալի խոսքեր ասում, բայց աղջկա ապակյա աչքերի մեջ այլևս պատասխան չկար։ Ես տեսա, թե ինչպես արցունքները հորդեցին թագավորի աչքերից և սահեցին այտերի վրայով։ Կինն էլ նկատեց այդ և ասաց․
― Ա՜խ, ես գիտեմ, թե ինչ է դա նշանակում․ դու նույնպես, թշվառ մարդ, տանը կին ունես և նրա հետ միասին հաճախ անոթի եք քնում, վերջին փշրանքը երեխաներին թողնելով։ Դու գիտես, թե ինչ ասել է աղքատություն, դու քիչ նեղություններ չես կրել այն մարդկանց ձեռքերից, որոնք քեզնից երևելի են, քեզ ծանոթ են եկեղեցու և թագավորի ծանր աջերը։
Թագավորը ցնցվեց անսպասելի կերպով նպատակին դիպած խոսքերից, բայց զսպեց իրեն․ նա դերի մեջ էր մտել և այժմ բավականին հաջող էր խաղում այն։ Ես փութացի նյութը փոխել․ կնոջը ուտելիք և գինի առաջարկեցի, բայց նա հրաժարվեց։ Նա չէր ուզում հետաձգել իր մահը։ Ես վերևից բերեցի մեռած մանկիկին և դրեցի նրա կողքին։ Կինը չդիմացավ և սիրտ պատառոտող տեսարանը նորից կրկնվեց։ Ես զգուշությամբ շեղեցի նրա ուշադրությունը և ստիպեցի պատմել իր պատմությունը։
Դուք լավ գիտեք, ինքներդ կուշտ եք, քանզի Բրիտանիայում մեր հանգամանքի մարդկանցից ոչ մեկը չի կարողացել խուսափել այդ տառապանքներից։ Դա հին, տխուր պատմություն է։ Մենք կռվում ու պայքարում էինք հաջողությամբ՝ այսինքն կարողանում էինք ապրել և չմեռնել, մեզ ուրիշ էլ ինչ էր պետք։ Մինչև այս տարի մենք հաղթահարում էինք բոլոր դժվարությունները, բայց այս տարի ամեն ինչ միանգամից մեր գլխին թափվեց և ծունկի բերեց մեզ։ Մի քանի տարի առաջ ավատապետ լորդը պտղատու ծառեր տնկեց մեր հողամասում, այն էլ ամենալավ տեղում։ Ի՜նչ մեղսալի է դա ու ամոթաբեր․․․
― Բայց դա նրա իրավունքն էր, ― միջամտեց թագավորը։
― Ոչ ոք այդ չի հերքում։ Օրենքի իմաստը այսպիսին է․ ինչ պատկանում է լորդին, նրանն է․ ինչ պատկանում է ինձ, նույնպես նրանն է։ Մենք վարձակալել էինք այդ տնտեսությունը, բայց հողը նա դարձյալ իրենն էր համրում և նրա վրա անում էր իր սրտի ուզածը։ Վերջերս այդ ծառերից երեքը կտրած գտանք։ Մեր երեք ավագ տղաները վախեցան և անմիջապես զեկուցեցին այդ մասին լորդին։ Եվ այդպես էլ մնացին պայծառափայլ լորդի զնդաններում՝ թող փտեն, մինչև որ խոստովանեն։ Բայց նրանք խոստովանելու ոչինչ չունեին, քանի որ անմեղ էին, ուրեմն և պիտի մնան զնդանում մինչև մեռնելը։ Դուք, իհարկե, գիտեք, թե ինչպես է այդ լինում։ Իսկ այժմ ահա թե ինչ պատահեց մեզ․ մի տղամարդը, մի կինը և երկու աղջիկները ստիպված էին քաղելու այն դաշտը, որը վարել և ցանել էին մեզնից բացի ևս երեք չափահաս տղամարդիկ, ստիպված էին օր ու գիշեր քշելու աղավնիներին և ուրիշ գազանների, որոնց աստված մի արասցե, եթե մեր նմանակը սպանի կամ քեֆին կպչի։ Լորդի ցորենը հասավ մերի հետ միաժամանակ․ երբ զանգերը ղողանջեցին և կանչեցին մեզ անվճար քաղելու նրա դաշտերը, նա ինձ ու երկու աղջիկներիս չհամաձայնվեց հաշվել բանտված երեք որդիներիս փոխարեն, այլ միայն երկուսի։ Այնպես ստացվեց, որ մեկը պակասում էր, և մենք նրա համար տուգանք էինք վճարում։ Իսկ մինչ այդ մեր սեփական հատիկը կորչում էր, որովհետև քաղող ձեռք չկար, և քահանան ու պայծառափայլ լորդը մեզ վրա տուգանք դրեցին, որովհետև մեր բերքից սպասվող նրանց մասնաբաժինները տուժում էին։ Վերջ ի վերջո տուգանքները խժռեցին մեր ամբողջ բերքը, և այն լրիվ վերցրին մեզնից, դեռ ստիպելով քաղել, փոխադրել, առանց վարձի ու կերակուրի և մենք սովամահ էինք լինում։ Բայց վատթարը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ես քաղցից, որդիներիս կորստից, ամուսնուս ու փոքրիկ աղջիկներիս հագի ցնցոտիներից ու թշվառությունից վշտից ու հուսահատությունից՝ թռցրի խելքս և սրտանց հայհոյեցի եկեղեցուն և նրա կարգը։ Դա տասը օր առաջ էր։ Ես հիվանդացա այս հիվանդությամբ, եվ երբ տերտերը եկավ դատափետելու ինձ, որ ես չէի հնազանդվել աստծո պատժող աջի առջև, ես սկսեցի հայհոյել եկեղեցուն։ Նա մատնեց ինձ։ Ես չհրաժարվեցի իմ բառերից և իմ գլխին, ինձ համար թանկ ու սիրելի բոլոր մարդկանց գլխին իջավ Հռոմի նզովքը։ Այդ օրվանից բոլորը սարսափահար փախչում են մեզնից։ Ոչ ոք այս խրճիթը չմտավ, իմանալու համար մեռա՞ծ ենք մենք, թե ողջ։ Ամուսինս ու դստրիկս հիվանդացան։ Այդ ժամանակ ես ստիպեցի ինձ ոտքի կանգնել և հոգալ նրանց մասին, չէ որ ես կին էի ու մայր։ Նրանք ուտելու բան չէին խնդրում, արդեն ուտելիք էլ չկար մեր տանը։ Բայց ջուր կար, և ես ջուր էի տալիս նրանց։ Ինչ ագահությամբ էին նրանք խմում։ Ինչպես էին օրհնում ջուրը։ Բայց երեկ ամեն ինչ վերջացավ․ ուժերս լքեցին ինձ։ Երեկ ես վերջին անգամ ողջ տեսա ամուսնուս և կրտսեր դստրիկիս։ Ես պառկած էի այստեղ բոլոր այս ժամերի, բոլոր այս դարերի ընթացքում և ականջ էի դնում՝ չեմ լսի արդյոք այն ձայնը, որը․․․
Նա արագ հայացք գցեց իր ավագ դստեր վրա, ապա ճչաց․ «Օ թանկագինս» և թուլացած ձեռքերով դեպի իրեն քաշեց փայտացող մարմինը։ Նա լսեց, թե ինչպես է մահը կափկափում իր ոսկորներով։
==Գլուխ XXX==
Դաստակերտի ողբերգությունը
Կեսգիշերին ամեն ինչ վերջացած էր, և մենք նստած էինք չորս դիակների ներկայությամբ։ Ծածկեցինք նրանց այն լաթերով, որ հաջողվեց գտնել և հեռացանք, մեր ետևից փակելով դուռը։ Սեփական տունը պետք է նրանց գերեզմանը դառնար, որովհետև նրանց չէր կարելի թաղել քրիստոնեական ծեսով սրբազան հողի մեջ։ Նրանք կարծես շուն լինեին, վայրի գազան, կարծես բորոտ լինեին և ոչ մի արարած, որ գնահատում էր հանդերձյալ կյանքի նկատմամբ իր հույսը, չէր համաձայնի զոհել այն, շփման մեջ մտնելով այս դատապարտված ու թշվառական մարդկանց հետ։
Դեռ հազիվ էինք չորս քայլ արել, երբ ականջիս ավազի վրա քայլող ոտքերի խշրտոց հասավ։
Սիրտս տրոփել սկսեց։ Չի կարելի, որ տեսնեն, թե ինչպես էինք դուրս գալիս այդ խրճիթից։ Ես քաշեցի թագավորի փեշը, մենք ետ վազեցինք և թաքնվեցինք խրճիթի պատի ետևը։
― Այժմ մեզ վտանգ չի սպառնում, ― ասացի ես, ― բայց քիչ էր մնում բռնվեինք։ Եթե լուսավոր գիշեր լիներ, այդ անցորդը անպատճառ մեզ կնկատեր, այնքան որ մոտից էր գնում։
― Գուցե դա բոլորովին էլ մարդ չէ, այլ գազան։
― Հնարավոր է։ Բայց մարդ է, թե գազան, ավելի խելամիտ է կանգնել այստեղ և սպասել, մինչև որ հեռանա։
― Սը՜ս, նա այս կողմ է գալիս։
Թագավորը իրավացի էր։ Ոտնաձայնը մեզ էր մոտենում, ուղիղ դեպի խրճիթն էր գալիս։ Ըստ երևույթին գազան է, և մենք վախենալու հարկ չունենք։ Ես ուզում էի դուրս գալ թաքստոցից, բայց թագավորը ձեռքը դրեց թևիս։ Լռություն տիրեց, ապա մեկը հազիվ լսելի թակեց դուռը։ Ես փշաքաղվեցի։ Թակոցը կրկնվեց, և ապա մենք զգույշ ձայն լսեցինք․
― Մայրի՜կ, հայրի՜կ։ Բաց արեք, մենք ազատվել ենք և այնպիսի լուր բերել, որ ձեր դեմքը կգունատվի, բայց սիրտը կջերմանա։ Ոչ մի վայրկյան կորցնել չի կարելի, պետք է փախչել։ Եվ․․․ բայց նրանք չեն պատասխանում Մայրի՜կ, հայրի՜կ․․․
Թագավորին դռնից հեռու քաշեցի, շշնջալով․
― Գնանք։ Այժմ արդեն կարող ենք ճանապարհ դուրս գալ։
Թագավորը տատանվում էր, ուզում էր մնալ, բայց, երբ լսեցինք բացվող դռան ձայնը, հասկացանք, որ այդ թշվառ մարդիկ արդեն գտնվում են իրենց մեռելների մոտ։
― Գնանք, տեր իմ։ Հիմա նրանք լույսը կվառեն, և այն, ինչ մենք կլսենք, կփշրի ձեր սիրտը։
Նա այլևս չէր տատանվում։ Հազիվ էինք ճանապարհ դուրս եկել, երբ ես պոկվեցի տեղիցս ու վազեցի, և թագավորն էլ, դեն նետելով թագավորական արժանապատվությունը, նույնպես վազեց։ Ծանր էր մտածել այդ մասին, թե հիմա ինչ է տեղի ունենում խրճիթի մեջ։ Ձգտելով վանել տհաճ մտքերը, ես խոսեցի մտքովս անցած առաջին իսկ նյութի շուրջ․
― Ես ունեցել եմ այն հիվանդությունը, որից մեռան այս մարդիկ, ես չեմ վախենում, բայց եթե դուք դրանով հիվանդ չեք եղել․․․
Նա ընդմիջեց ինձ, ասելով, որ տագնապում է, որ խիղճը տանջում է իրեն։
― Այդ երիտասարդները, դատելով նրանց խոսքերից, ազատվել են։ Բայց ինչպե՞ս։ Հազիվ թե լորդը ինքը արձակած լինի նրանց։
― Օ՜ ոչ։ Ես չեմ կասկածում, որ նրանք փախել են։
― Այ, հենց դա էլ անհանգստացնում է ինձ․ ես վախենում եմ, որ նրանք փախել են, և քո բառերը ապացուցում են իմ երկյուղը, դու էլ նույն երկյուղն ունես։
― Ես այդպես չէի կոչի։ Ես կասկածում եմ, որ նրանք փախել են, բայց եթե իրոք այդպես է, ես բնավ չեմ ցավում։
― Ես էլ չեմ ցավում։ Բայց․․․
― Ուրեմն ի՞նչ։ Ի՞նչն է ձեզ անհանգստացնում։
― Եթե նրանք փախել են, մեր պարտքը պահանջում է բռնել նրանց և տանել նորից հանձնել լորդին, քանզի լավ բան չէ, երբ այդքան երևելի անձը նման վերին աստիճանի խոր վիրավորանք կրի ստորածին մարդկանց կողմից։
Ահա, նորից։ Նա ընդունակ էր միայն գործի մի երեսը տեսնելու։ Այդպես էր նա դաստիարակված, նրա երակների մեջ հոսում էր նախնիների՝ չգիտակցված դաժանության թույնով վարակված արյունը, որը փոխանցվում էր ժառանգաբար սրտերի երկար շղթայով և յուրաքանչյուր սիրտ իր բաժին թույնն էր լցրել ընդհանուր հոսանքի մեջ։ Զնդան նետել այդ մարդկանց, առանց նրանց մեղքի որևէ ապացույցի և սովամահ անել նրանց ծնողներին, դա ցավ չէ, քանի որ նրանք միայն գեղջուկներ են, իրենց լորդի կամքին ու քմահաճույքին հլու֊հնազանդ, անկախ այն բանից, թե որքան ահասարսուռ է այդ քմահաճույքը։ Բայց եթե նրանք փշրեն իրենց ձեռքերին այդքան անարդարացի դրված շղթաները ― դա արդեն վերին աստիճանի վիրավորական է, որը չի կարող հանդուրժել իր սրբազան խավի նկատմամբ սեփական պարտքը գիտակցող ոչ մի պարկեշտ մարդ։
Ամբողջ կես ժամ ես աշխատում էի շեղել նրան այդ մտքերից, բայց ապարդյուն։ Վերջապես մի արտաքին դեպք արեց այդ բանը իմ փոխարեն․ փոքրիկ բլրակի կատարը բարձրանալով, մենք հեռվում կարմիր հրացոլք տեսանք։
― Հրդեհ է, ― ասացի ես։
Հրդեհները ինձ առհասարակ շատ էին հետաքրքրում, քանի որ ես սկսել էի ներմուծել ապահովագրական գործը, միաժամանակ վարժեցնելով ձիերին ու շոգիով աշխատող ջրցան մեքենաներ պատրաստելով, որպեսզի ժամանակով հրշեջ խումբ ստեղծեմ։ Տերտերները ապստամբում էին կրակից ու դժբախտ դեպքերից ապահովագրելու իմ ծրագրերի դեմ, պնդելով, թե դա հանդուգն փորձ է՝ խանգարելու աստծու կամքի դրսևորմանը։ Երբ ես ապացուցում էի, թե բնավ էլ չեմ փորձում ընդդեմ գնալ աստծու կամքին, այլ միայն ձգտում եմ մեղմացնել նրա դրսևորման ծանր հետևանքները, նրանք պնդում էին, թե աստծու պատժի խստությունը մեղմելը ոչ նվազ հանդգնություն է։ Նրանք խանգարում էին ինձ, բայց, այնուամենայնիվ, դժբախտ դեպքերից ապահովագրման գործը կարգի էր ընկնում։ Որպես կանոն, ասպետները բթամիտ և տգետ մարդիկ էին, և սնահավատությունների այդ վաճառականները կարողանում էին նրանց հեշտությամբ համոզել ամենախղճուկ փաստարկներով, բայց նույնիսկ ասպետները երբեմն ընդունակ էին լինում հասկանալու հարցի գործնական կողմը, և այդ պատճառով, վերջին ժամանակներս, մրցախաղերի դաշտը ավլելիս, յուրաքանչյուր սաղավարտի մեջ անպատճառ հայտնաբերվում էր դժբախտ դեպքերից ապահովագրման իմ ընկերության կտրոնը։
Բավական ժամանակ կանգնած էինք այդտեղ, թանձր խավարի ու լռության մեջ, դիտելով հեռվում կարմրատակող հրացոլքը և աշխատելով հասկանալ, թե ինչ կարող է նշանակել մեր ականջին հասնող մերթ ցածր, մերթ բարձր թնդյունը։ Երբեմն թվում էր, թե այն մոտենում է, և մենք արդեն հույս էինք ունենում կռահելու նրա պատճառը և բնույթը, բայց հանկարծ նորից խլանում էր և հեռանում, հետը տանելով իր գաղտնիքը։ Սկսեցինք ցած իջնել բլուրից դեպի այն կողմ, որտեղից գալիս էր աղմուկը, և սուզվեցինք անթափանց խավարի մեջ, ընկնելով բարձրաբերձ ծառերի երկու պատերի արանքը։ Այդպես քայլեցինք լանջն ի վար մոտ կես մղոն, իսկ թնդյունը էլ ավելի էր լսելի դառնում և ավելի որոշակի էինք զգում մոտեցող ամպրոպը՝ քամու հանկարծակի պոռթկումներից, կայծակների թույլ բռնկումներից, որոտի մռայլ քրթմնջոցից։ Ես քայլում էի առջևից։ Հանկարծ դեմ առա ինչ֊որ փափուկ, զանգվածեղ բանի, որը իմ ծանրության տակ թեթևակի տեղի տվեց։ Այդ պահին կայծակը փայլատակեց, և քթիցս մի ոտնաչափ հեռավորության վրա ես առջևս տեսա ծառի ճյուղից կախված մարդու այլանդակված դեմքը, որը կարծես թե ծամածռություն էր անում։ Դա մի զզվելի տեսարան էր։ Ամպրոպի մի խլացուցիչ որոտ լսվեց, ամպերը ճեղքվեցին, անձրևը թափվեց, ինչպես ջրհեղեղի ժամանակ։ Ինչևէ, մենք պարտավոր էինք կտրել պարանը և տեսնել արդյոք դեռ շունչ կա այդ մարդու բերանում, այդպես չէ՞։ Կուրացուցիչ շանթերը փայլատակում էին իրար ետևից և մեկ ցերեկվա նման լույս էր լինում, մեկ էլ կեսգիշերի խավար տիրում։ Կախվածը մերթ հստակ երևում է, մեկ էլ սուզվում մութի մեջ։ Ես թագավորին ասացի, որ մենք պետք է կտրենք պարանը, բայց նա անմիջապես առարկեց․
― Եթե նա ինքն է կախվել, ուրեմն ցանկացել է, որ իր ունեցվածքը լորդին անցնի, այնպես որ, թող կախված էլ մնա։ Եթե նրան ուրիշներն են կախել, ուրեմն իրավունք են ունեցել նրան կախելու․․․ և թող կախված էլ մնա։
― Բայց․․․
― Ոչ մի «բայց», թող մնա կախված։ Մի ուրիշ պատճառ էլ կա։ Երբ նորից կայծակը փայլատակի, առաջ նայիր։
Մեզնից հիսուն յարդի վրա երկու կախվածներ էլ էին ճոճվում։
― Այսպիսի եղանակին իմաստ չունի ննջեցյալներին անօգուտ սիրալիրություններ անել։ Միևնույնն է, նրանք արդեն ի վիճակի չեն շնորհապարտ լինելու։ Գնանք։ Այստեղ մենք իզուր ժամանակ ենք վատնում։
Նրա ասածի մեջ իմաստ կար։ Մենք շարժվեցինք։ Մի մղոն դեռ չանցած, կայծակի փայլատակումների ներքո, մենք հանդիպեցինք ևս վեց կախվածների։ Դա անչափ տհաճ ճամփորդություն էր։ Թնդյունը, որ մենք առաջ լսում էինք, վերածվեց ոռնոցի՝ մարդկային ձայների ոռնոցի։ Խավարի մեջ մեր կողքով մի փախչող մարդ սլացավ։ Տղամարդկանց ամբոխը վազում էր նրա ետևից։ Մի ակնթարթում բոլորը անհայտացան տեսողությունից։ Հետո նորից՝ մի փախչող մարդ և նորից հետապնդում, և այսպես քանի՜֊քանի՜ անգամ։ Կածանի հանկարծակի շրջադարձը մեզ կանգնեցրեց հրդեհի առջև։ Այրվում էր մի խոշոր դաստակերտ, որից արդեն համարյա ոչինչ չէր մնացել։ Եվ շուրջ բոլորը վազում էին մարդիկ․ ոմանք փախչում էին, ոմանք հետապնդում։
Զգուշացրի թագավորին, որ այստեղ անվտանգ չէ անցորդի համար։ Ավելի լավ է լույսից դուրս գանք, մինչև որ կրքերը հանդարտվեն։ Մի փոքր ետ գնացինք ու թաքնվեցինք անտառի եզրին։ Մեր թաքստոցից տեսնում էինք փախչող տղամարդկանց ու կանանց, որոնց ետևից վազում էր ամբոխը։ Այդ ահավոր աշխատանքը շարունակվեց համարյա մինչև արշալույս։ Հետո կրակը սկսեց մարել, ամպրոպը անցավ, վազողների գոռում֊գոչյունը դադարեց և նորից խավար ու լռություն տիրեց։
Մենք զգուշությամբ առաջ շարժվեցինք։ Շատ հոգնած էինք և քնել էինք ուզում, բայց քայլեցինք այնքան, մինչև որ այդ վայրից մի քանի մղոն հեռացանք։ Ապա հյուրընկալություն խնդրեցինք մի ածխագործի խրճիթում ու մեզ հանձնեցինք բախտի ձեռքը։ Ածխագործի կինը արդեն արթնացել էր, բայց տանտերը դեռ քնած էր հատակին փռած ծղոտի վրա։ Կինը, կարծես, անհանգստացավ, բայց ես բացատրեցի, որ մենք ճամփորդներ ենք, մոլորվել ենք և անտառում թափառել ամբողջ գիշերը։ Այդ ժամանակ նրա լեզուն բացվեց, և նա հարցրեց, լսե՞լ եք արդյոք այն սարսափների մասին, որ նույն գիշեր տեղի են ունեցել Աբբլասուարի դաստակերտում։ Այո, լսել ենք, բայց այժմ մեր ուզածը միայն հանգիստ քնելն է։ Թագավորը միջամտեց․
― Ծախեցեք մեզ խրճիթը և ինքներդ հեռացեք, քանզի մենք ձեզ կարող ենք վարակել։ Մենք քիչ առաջ ենք եղել բծավոր մահից մահացած մարդկանց մոտ։
Դա ազնիվ քայլ էր նրա կողմից, բայց ոչ անհրաժեշտ։ Համարյա ամբողջ ազգին հատուկ էին չեչոտ երկաթը հիշեցնող դեմքերը։ Ես վաղուց արդեն նկատել էի, որ կինն ու իր ամուսինը նույնպես ծաղկատար դեմքեր ունեին։ Կինը մեզ ընդունեց սրտաբաց և առանց վախի ստվերի։ Թագավորի առաջարկությունը ցնցել էր նրան, հո սովորական իրողություն չէ՞ հանդիպել գեղջուկի հագուստով մարդու, որը պատրաստ է մեկ գիշերի համար ամբողջ խրճիթը գնել։ Այդ առաջարկությունը նրան այնպիսի հարգանք ներշնչեց մեր նկատմամբ, որ նա կաշվից դուրս էր գալիս մեզ հարմարավետ տեղավորելու համար։
Մենք քնեցինք համարյա ամբողջ ցերեկը ու զարթնեցինք այնպես քաղցած, որ գեղջկական ուտելիքը թագավորին համեղ թվաց, թեպետ շատ քիչ էր և ոչ էլ բազմազան, եղած չեղածը սոխ էր, աղ և սև վարսակի հաց։ Տանտիրուհին սկսեց պատմել երեկվա դեպքերի մասին։
Երեկոյան տասին կամ տասնմեկին, երբ բոլորը պառկել էին քնելու, դաստակերտը սկսել է այրվել։ Հարևանները օգնության են նետվել, և բարոնի ամբողջ ընտանիքը փրկվել է, բայց նա ինքը անհայտացել է։ Դա բոլորին վիշտ է պատճառել և երկու պահակներ իրենց կյանքն են զոհել նրա թանկագին անձը փնտրելով այրվող հարկաբաժիններում։ Հետո գտել են նրա դիակը։ Բարոնը ընկած էր դաստակերտից մի երեք հարյուր յարդի վրա, կապկպված, գելոցված, դաշյունով ծակծկված։
Ո՞վ է արել դա։ Կասկածը ընկել է հարևան մի համեստ ընտանիքի վրա, որի հետ բարոնը վերջերս հատկապես խիստ է վարվել, իսկ այդ ընտանիքից էլ հեշտությամբ փոխանցվել է նրանց հարազատների ու մերձավորների վրա։ Կասկածը արդեն բավական էր։ Միլորդի համազգեստով սպասավորները խաչակրաց արշավանք են հռչակել այդ մարդկանց դեմ, և ամբողջ համայնքը միացել է նրանց։ Մեր տանտիրուհու ամուսինն էլ է միացել հետապնդողներին և տուն վերադարձել առավոտյան դեմ։ Այժմ նա գնացել է իմանալու, թե ինչով է այդ ամենը ավարտվել։ Մինչ մենք զրուցում էինք, նա վերադարձավ։ Տանտիրոջ պատմածը ահավոր էր։ Տասնութ մարդ կախել կամ սպանվել են, երկու պահակ և տասներեք կալանավորներ զոհ են գնացել կրակին։
― Իսկ քանի՞ կալանավոր կար զնդանում։
― Տասներեք։
― Ու բոլորը զոհվե՞լ են։
― Այո, բոլորը։
― Բայց չէ՞ որ մարդիկ հասցրել են փրկել բարոնի ընտանիքը, ինչպե՞ս է, որ չեն կարողացել ոչ մի կալանավորի փրկել։
Տանտերը զարմանք կտրեց և ասաց․
― Իսկ ով կբացեր նկուղները այդպիսի ժամանակ։ Չէ՞ որ կալանավորները կփախչեին։
― Դու ուզում ես ասել, որ ոչ ոք նկուղները չի բացել, այո՞։
― Ոչ ոք իսկի մոտ էլ չի գնացել, ոչ փակելու, ոչ բացելու։ Կողպեքները ամուր էին և բավական էր մի ժամապահ դնել, որպեսզի փախչելու փորձ անողին բռնեին։ Բայց ոչ ոքի բռնելու առիթ չի եղել, ուրեմն ոչ ոք չի փախել։
― Ոչ, երեքը փախել են, ― ասաց թագավորը, ― և դու լավ կանես, որ հայտնես այդ մասին և արդարադատությանը ուղղես դեպի նրանց հետքերը, քանզի հենց նրանք են սպանել բարոնին և հրկիզել դաստակերտը։
Ես այդպես էլ գիտեի, որ նա վերջ ի վերջո դրան կհասներ։ Սկզբում տանտերերը ագահությամբ կուլ տվեցին այդ լուրը և պատրաստ էին անմիջապես դուրս ցատկելու և հարևաններին պատմելու, բայց հանկարծ ինչ֊որ նոր բան փայլատակեց նրանց աչքերի մեջ, և նրանք սկսեցին մեզ հարցուփորձ անել։ Ես ինքս էի պատասխանում նրանց հարցերին և ուշադիր հետևում դեմքերի արտահայտությանը։ Հաճույքով նկատեցի, որ երբ նրանք իմացան, թե ովքեր էին այդ երեք փախածները, մեր տանտերերը արդեն միայն ձևացնում էին, թե շտապում են այդ մասին հարևաններին հայտնել։ Թագավորը չնկատեց կատարված փոփոխությունը, և ես ուրախ էի։ Խոսքը շուռ տվեցի անցած գիշերվա ուրիշ մանրամասնությունների վրա, և մեր տանտերերը թեթևացած շունչ քաշեցին։
Այդ գործի մեջ ամենացավալին այն պատրաստակամությունն էր, որով հարստահարվածները նետվել են իրենց դասակից եղբայրների վրա, պաշտպանելով ընդհանուր հարստահարողին։ Այս տղամարդն ու այս կինը, ըստ երևույթին, գտնում են, որ լորդի և իրենց դասակարգին պատկանող մարդու մեջ վեճի դեպքում, բնական և շահավետ է անցնել լորդի կողմը և կռվել նրա համար, նույնիսկ առանց խորանալու և պարզելու, թե ով է իրավացի։ Այս մարդը օգնել է կախելու իր հարևաններին, և օգնել է ջանադրաբար, թեպետ գերազանց գիտեր, որ այդ մարդկանց դեմ խոսող հանցանշաններ չկային, այլ միայն աղոտ կասկածներ, և ո՛չ նա, ո՛չ նրա կինը այդ բանի մեջ սարսափելի ոչինչ չէին տեսնում։
Սա շատ ծանր պարագա էր հանրապետության մասին երազող մարդու համար։ Այն ինչ ինձ հիշեցրեց տասներեք դար հետո գալիք ժամանակը, երբ մեր Հարավի «սպիտակամորթ աղքատները», որոնց միշտ արհամարհում ու վիրավորում էին ատրկատերերը, որոնք թշվառության ճիրանների մեջ խարխափում էին իրենց շուրջը թագավորող ստրկության պատճառով, փոքրոգի գտնվեցին ու կանգնեցին ստրկատերերի կողքին ստրկությունը պահպանելու և երկարաձգելու համար ձեռնարկված բոլոր քաղաքական շարժումների մեջ, ու, վերջապես, նույնիսկ զենքը ձեռքներին արյուն թափեցին, որպեսզի չկործանվեր իրենց իսկ ստորացնող նույն հաստատությունը։ Այս ցավալի պատմական իրողության մեջ միակ մխիթարական կողմն այն էր, որ «սպիտակամորթ աղքատները» հոգու խորքում ատում էին ստրկատերերին և զգում էին, որ խայտառակության ու ամոթանքի են արժանի։ Այդ զգացումը որևէ արտաքին դրսևորում չէր ունեցել, բայց այն եղել է, ու բարենպաստ պայմանների դեպքում կարող էր նաև դրսևորվել։ Դա արդեմ քիչ բան չէ, քանի որ ապացուցում է, որ մարդս հոգու խորքում մնում է մարդ, նույնիսկ, եթե նրա մարդկությունը արտաքնապես չի դրսևորվում։
Ինչպես պարզվեց, մեր ածխագործը ապագայի այդ Հարավի «սպիտակամորթ աղքատների» հարազատ եղբայրն էր։ Թագավորը վերջապես անհամբերության նշաններ սկսեց ցույց տալ և ասաց․
― Եթե դուք պիտի շատախոսեք այստեղ ամբողջ օրը, արդարադատությունը կտուժի։ Հո չե՞ք կարծում, որ հանցագործները կնստեն իրենց հոր տանը ու կսպասեն։ Նրանք թև կառնեն, կթռչեն։ Դուք պետք է հետևեք, որ հեծյալների խումբ ուղարկվի նրանց հետքերով։
Կինը թեթևակի գունատվեց, իսկ ամուսնու դեմքը շփոթություն ու անվճռականություն էր արտացոլում։ Ես ասացի․
― Գնանք, բարեկամս, ես քեզ մի քիչ կուղեկցեմ, և, ի դեպ, կբացատրեմ, թե իմ կարծիքով, նրանք որ ուղղությամբ կարող էին փախչել։ Եթե նրանք մեղադրվելիս լինեին, որ խուսափում են հարկերը վճարելուց կամ էլ նման մի դատարկ բանի մեջ, ես կաշխատեի նրանց պաշտպանել, բայց երևելի մարդու սպանությունը և նրա տան հրկիզումը արդեն ուրիշ գործ է։
Վերջին միտքը ասված էր թագավորին հանգստացնելու համար։ Ճանապարհին ածխագործը հավաքեց ինքն իրեն և ավելի վստահ քայլեց, բայց նրա մեջ մասնավոր ջանացողություն չէր նկատվում։ Իբր պատահամամբ, հարցրի․
― Այդ մարդիկ քո ազգականնե՞րն են։
Նա այնպես գունատվեց, որ նույնիսկ ածխափոշին չէր կարող թաքցնել նրա դեմքի գունատությունը և կանգ առավ, ամբողջ մարմնով դողալով։
― Օ՛հ, աստված իմ, ինչպե՞ս իմացար։
― Ես ոչինչ չգիտեմ։ Պատահմամբ կռահեցի։
― Խե՜ղճ տղաներ, նրանք կորած են։ Ափսոս, շատ լավ մանչուկներ էին։
― Ուրեմն, դու իրոք ուզում ես մատնե՞լ նրանց։
Նա չգիտեր, թե ինչ վերաբերմունք ցույց տար իմ հարցին և անվճռական ասաց․
― Այ֊ո՜։
― Այս դեպքում դու պարզապես սրիկայի մեկն ես։
Նա այնպես ուրախացավ, կարծես ես նրան հրեշտակ կոչած լինեի։
― Կրկնիր այդ բարի բառերը, եղբայր։ Դու իրո՞ք ինձ չես մատնի, եթե ես չկատարեմ պարտքս ու չմատնեմ նրանց։
― Պա՞րտքդ։ Այս գործի մեջ եթե կա որևէ պարտք, ապա դա այն է, որպեսզի բերանդ փակ պահես և թողնես որ այդ տղաները գնան իրենց ուզած ճամփով։ Նրանք արդարացի գործ են կատարել։
Նա գոհ էր, գոհ, թեպետ տագնապում էր։ Նա շուրջը նայեց, և համոզվելով, որ ոչ ոք չկա, ասաց կիսաձայն․
― Ո՞ր երկրից ես դու եկել, եղբայր, որ այդպիսի խոսքեր ես ասում ու չես վախենում։
― Այդ խոսքերը բնավ վտանգավոր չէն, երբ ես խոսում եմ իմ դասի մարդու հետ։ Չէ որ դու ոչ ոքի չես ասի, որ ինձնից նման խոսքեր ես լսել։
― Ե՞ս։ Ավելի շուտ ինձ կպատառոտեն վայրի ձիերը։
― Այդ դեպքում թող ասելիքս ասեմ։ Ես չեմ վախենում այդ խոսքերը կրկնելուց։ Երեկ երեկոյան անմեղ մարդկանց նկատմամբ դուք հրեշավոր գործ եք արել։ Ծերուկ բարոնը ստացել է այն, ինչին նա արժանի էր։ Եթե ինձ մնար, բոլոր նրա նմանները նույն բախտը կունենային։
Վախը և ընկճվածությունը չքացան ուղեկցիս դեմքից, զիջելով իրենց տեղը առույգության ու խիզախության արտահայտությանը։
― Եթե դու նույնիսկ լրտես ես և քո խոսքերն էլ միայն թակարդ են, նրանցում այնքան թարմացնող շունչ կա, որ դրանք նորից ու նորից լսելու համար ես պատրաստ եմ գնալու դեպի կախաղան և ինձ երջանիկ զգալու, քանզի քո խոսքերը շռայլ ուտելիք են ամբողջ կյանքը սովի ճիրաններում անցկացրած մարդու համար։ Եվ հիմա էլ ես իմ ասելիքը կասեմ ու դու կարող ես մատնել ինձ, թե որ միտքդ այդ է։ Ես օգնում էի կախել իմ հարևաններին, որովհետև այլապես ինքս կորած կլինեի, եթե ջանացողություն չդրսևորեի իմ տիրակալին պաշտպանելու գործում, բոլոր մյուսներն էլ օգնում էին ճիշտ նույն պատճառով։ Բոլորն էլ այսօր ուրախ են, որ նա չկա այլևս, բայց բոլորն էլ վշտահար դեմք են ընդունում, կեղծ արցունք թափում, որպեսզի վտանգներից հեռու մնան։ Ես ասացի ասելիքս, ես ասացի ասելիքս։ Դեռևս երբեք խոսքերը այդպիսի հաճելի համ չեն թողել իմ բերանի մեջ, դա էլ իմ վարձատրությունն է։ Իսկ այժմ տար ինձ, ուր ուզում ես, նույնիսկ կառափնարան, ես պատրաստ եմ։
Ահա, խնդրեմ։ Մարդս միշտ մարդ է մնում։ Ճնշումի և իրավունքի հարյուրամյակները չեն կարող նրան զրկել մարդկայնությունից։ Նա, ում թվում է, թե դա սխալ է, հենց ինքն է սխալվում։ Այո, ամեն ժողովուրդ իր ընդերքում բավականաչափ ուժեր ունի հանրապետություն ստեղծելու համար, նույնիսկ այնպիսի մի ճնշված ժողովուրդ, ինչպիսին ռուս ժողովուրդն է, և այնպես երկչոտ ու անվճռական, ինչպիսին գերմանական ժողովուրդն է, ― դուրս բերեք անդորրության թմբիրից, և նա ցեխին կհավասարեցնի ուզածդ գահն ու երևելիներին։ Մենք դեռ շատ բան ունենք տեսնելու, դե, եկեք հուսանք ու հավատանք։ Սկզբում մեղմացած միապետություն, մինչև Արթուրի կյանքի վերջը։ Ապա գահի կործանում և ազնվականության վերացում․ այդ դասի յուրաքանչյուր անդամ որևէ օգտակար գործով պիտի զբաղվի։ Հետո համընդհանուր ընտրական իրավունքի հաստատում և ամբողջ իշխանության առհավետ փոխանցում ժողովուրդ կազմող տղամարդկանց ու կանանց ձեռքը։ Այո, ես դեռ պատճառ չունեմ իմ երազներից հրաժարվելու։