Վերադարձանք երեկոյան դեմ, և թագավորը չնկատեց մեզ։ Նա բավականին կանուխ սուզվել էր թագավորության ամբողջ հզորությամբ Գալլիա ներխուժելու մասին իր երազների մեջ, և օրվա երկրորդ կեսը նրա համար սահել անցել էր բոլորովին աննկատելի։
==Գլուխ XXXII==
Դաուլիի նվաստացումը
Երբ շաբաթ օրը երեկոյան դեմ ամբողջ այդ բեռը ժամանեց, ես քիչ ջանք չգործադրեցի, որպեսզի թույլ չտայի տեր և տիկին Մարկոներին ուշաթափ լինել։ Նրանք համոզված էին, որ ես ու Ջոնսը սնանկացել ենք, և նզովում էին իրենց՝ այդ բանին օժանդակած լինելու համար։ Հարց կտաք, ինչո՞ւ։ Ահա թե ինչու․ ճաշի համար անհրաժեշտ մթերքներից բացի, որ ինքնըստինքյան մի բավականին կլոր գումար էր կազմել, ես շատ ուրիշ բաներ էի առել մեր հյուրընկալների ապագա բարեկեցության համար։ Օրինակ, մի պարկ ցորեն, ― սպիտակ հացը նույնքան հազվադեպ քաղցրավենի էր նրանց դասակարգի մարդկանց սեղանին, որքան պաղպաղակը ճգնավորի համար, ապա՝ մի մեծ ճաշասեղան, ապա մի երկու ֆունտ աղ, որը շքեղության մի ուրիշ նմուշ էր այդ մարդկանց աչքում․ ապա՝ ամանեղեն, հագուստ, գարեջրի մի փոքրիկ տակառ և այլն։ Ես հանձնարարեցի Մարկոյին ու նրա կնոջը՝ ոչ ոքի չասել այդ ամենի մասին, որպեսզի զարմացնեինք հյուրերին և մի փոքր ներկայացում սարքեինք։ Նոր զգեստները տեսնելով, այս պարզամիտ ամուսինները ուրախացան երեխաների նման․ նրանք գիշերը քնել չկարողացան, անընդհատ վեր էին կենում տեսնելու, թե արդյոք լույսը չի բացվել, և վերջ ի վերջո, հագան նոր զգեստները արևածագից մի ժամ առաջ։ Այստեղ նրանց հիացմունքը հասավ այնպիսի չափերի, որ լիուլի վարձատրեց ինձ, ընդհատվածս քնի փոխարեն։ Թագավորը, ինչպես միշտ, քնած էր մեռելի նման։ Մարկոն ու կինը չէին կարող նրան շնորհակալություն հայտնել հագուստի համար, որովհետև ես արգելել էի, բայց նրանք ամեն կերպ ջանում էին ցուցադրել նրան իրենց երախտապարտությունը։ Եվ ամեն ինչ պարապ տեղը, նա ոչ մի փոփոխություն չնկատեց։
Հունիսյան այդ բացվող օրը սքանչելիորեն պարզ էր ու արևաշատ, դուրսը դրախտային էր, և մարդիկ սենյակ մտնել չէին ուզում։ Կեսօրին մոտ ժամանեցին հյուրերը․ մենք տեղավորվեցինք մի մեծ ծառի տակ և շուտով զրույցի բռնվեցինք, ինչպես հին ծանոթները։ Նույնիսկ թագավորի սիրտը մի փոքր հալվեց, թեպետ սկզբում նրա համար հեշտ չէր ընտելանալ, որ իրեն պարզապես Ջոնս էին կոչում։ Ես խնդրել էի նրան չմոռանալ, որ ինքը ֆերմեր է, բայց դրա հետ մեկտեղ խնդրել էի մանրամասնությունների մեջ չմտնել, այլ պարզապես բավարարվել փաստը նշելով։ Քանի որ նա այն մարդկանցից էր, որոնք ամեն ինչ կփչացնեն, եթե նրանց չնախազգուշացնես, որովհետև նրա լեզուն բավականին ճկուն էր, ուղեղը բավականին գործունյա, իսկ գիտելիքները բավական աղոտ։
Դաուլին պճնվել էր սիրամարգի նման։ Ինձ հեշտությամբ հաջողվեց բացել նրա լեզուն և ապա լսել նրա պատմությունը, որտեղ ինքը գլխավոր հերոսն էր․ հաճելի էր նստել այդ ծառի տակ ու ականջ դնել նրա շատախոսությանը։ Նա ինքն էր ստեղծել իր բախտը։ Իսկ նման մարդիկ պատմելու վարպետ են։ Նրանք արժանի են հարգանքի և համառորեն պահանջում են, որ իրենց հարգանք մատուցվի։ Նա պատմեց, թե ինչպես էր կյանք մտել, երբ ընդամենը մի որբ մանչուկ էր առանց դրամի և առանց օգնող ձեռքի, ինչպես է գոյությունը քարշ տվել ամենաետին ստրուկից էլ վատ պայմաններում, ինչպես է իր աշխատանքային օրը տևել տասնվեցից տասնութ ժամ և այդ ընթացքում վաստակել միայն այնքան սև հաց, որ քաղցից չմեռնի, ինչպես է, վերջապես, իր ջանասիրությունը գրավել մի բարի դարբնի ուշադրությունը, որը քիչ է մնացել մահվան դուռը ուղարկի խեղճ անպատրաստ տղային իր հանկարծակի առաջարկությամբ․ ինը տարով աշակերտ վերցնելու նրան, կերակրելու և հագցնելու պայմանով, և սովորեցնելու արհեստը, կամ «գաղտնիքը», ինչպես Դաուլին ասաց։ Դա նրա առաջին մեծ բարձրացումն էր, նրա առաջին փայլուն հաջողությունը, և նա մինչև օրս խոսում էր այդ մասին հիացմունքով ու անընդհատ զարմանում, որ նման արտակարգ բախտը կարող էր վիճակվել ամենասովորական մարդուն։ Աշակերտության տարիներին նա նոր հագուստ չի ունեցել, բայց երբ վերջին օրը եկել է, դարբինը նրան կոպիտ մահուդից կարված նոր զգեստ է նվիրել, և նա իրեն անասելիորեն երջանիկ ու գեղեցիկ է զգացել։
― Ես հիշում եմ այդ օրը, ― հիացական բացականչեց անվագործը։
― Ես նույնպես, ― ճչաց քարտաշը։ ― Այն ժամանակ ես չհավատացի, որ դա քո հագուստն է, ազնիվ խոսք, չհավատացի։
― Ոչ ոք չէր հավատում, ― գոռաց Դաուլին, և նրա աչքերը կայծկլտացին։ ― Ես կաշվիցս դուրս էի գալիս, համոզելով հարևաններին, որ հագուստը գողանովի չէ։ Դա մեծ օր էր, այդպիսի օրը մարդս չի մոռանա։
Այո, նրա վարպետ դարբինը սքանչելի մարդ է եղել, բարգավաճող և տարեկան երկու անգամ մի կուշտ կշտանում էր մսով ու սպիտակ հացով, իսկական ցորենի հացով, մի խոսքով ապրել է լորդի նման։ Ժամանակով Դաուլին ժառանգել է ձեռնարկությունը և ամուսնացել նրա տիրոջ դստեր հետ։
― Իսկ հիմա տեսեք, թե ինչպես է ամեն ինչ փոխվել, ― ասաց նա ազդու ձայնով։ ― Ամսեկան երկու անգամ իմ սեղանին թարմ միս է լինում, ― նա միջոց տվեց, որպեսզի այդ փաստը ամբողջությամբ սուզվեր ունկնդիրների ուղեղի մեջ, ապա ավելացրեց, ― և ութ անգամ՝ աղ դրած միս։
― Կատարյալ ճշմարտություն է, ― ասաց անվագործը, շունչը պահած։
― Ես ինքս եմ տեսել, ― ասաց քարտաշը նույնքան հարգալիր։
― Իմ սեղանին սպիտակ հացը հայտնվում է ամեն կիրակի, կլոր տարին շարունակ, ― հանդիսավոր ազդարարեց դարբինը։ ― Ձեր խղճին եմ թողնում, բարեկամներ, եթե սա նույնպես ճիշտ է։
― Գլուխս վկա, ճշմարտություն է, ― ճչաց քարտաշը։
― Ես կարող եմ վկայել և վկայում եմ, ― ասաց անվագործը։
― Ինքներդ ասացեք, թե ինչպիսի կահույք կա իմ տանը։ ― Դաուլին լայն տարածեց ձեռքերը կարծես յուրաքանչյուրին ազատ խոսքի իրավունք ընծայելով։ ― Ասացեք, ինչ ուզում եք, խոսեցեք այնպես, կարծես ես այստեղ չլինեմ։
― Դու հինգ աթոռակ ունես, ընդ որում հիանալի պատրաստված, թեպետ քո ընտանիքը երեք շնչից է բաղկացած, ― ասաց անվագործը խորին հարգանքով։
― Իսկ ուտելու և խմելու համար դու վեց փայտյա գավաթ ունես, և վեց փայտյա ափսե, և դեռ երկու հատ էլ կապարե, ― հանդիսավոր ասաց քարտաշը։ ― Ես ասում եմ սա մաքուր խղճով, գիտենալով, որ Ահավոր դատաստանի օրը պիտի պատասխան տամ աստծու առջև ասածս յուրաքանչյուր խոսքի համար։
― Այժմ դու գիտես, թե ինչ մարդ եմ ես, եղբայր Ջոնս, ― ասաց դարբինը, վեհ ու բարեկամական ներողամտությամբ, ― և, անկասկած, մտածում ես, որ այդպիսի մարդը իր նկատմամբ հարգանք է պահանջում ու չի շփվի անծանոթների հետ, մինչև որ նրանք հայտնի չանեն իրենց ով լինելը։ Բայց դու հոգ մի անիր, իմացած եղիր, որ ես պատրաստ եմ ամեն մեկին ինձ հավասարի ու բարեկամի տեղ ընդունել, որքան էլ համեստ լինի նրա գրաված դիրքը այս աշխարհիս երեսին, միայն թե նա լավ սիրտ ունենա։ Եվ ահա իմ ձեռքը որպես ապացույց, ու ես ասում եմ իմ սեփական բերանով, մենք հավասար ենք․․․ հավասա՛ր։ ― Նա ժպտաց աստծո ինքնագոհ ժպիտով, իբր հիանալի հասկանում է, թե հենց նոր մի ազնիվ ու գեղեցիկ քայլ է արել։
Թագավորը բռնեց ձեռքը վատ թաքցրած դժգոհությամբ և անմիջապես բաց թողեց այն, ինչպես կինը գցում է լպրծուն ձուկը․ այդ ամենը, սակայն, հիանալի տպավորություն գործեց, քանի որ սխալմամբ մեկնաբանվեց որպես վեհության փայլի առջև կուրացած մարդու բնական շփոթվածություն։
Մարկոյի կինը դուրս բերեց սեղանը և դրեց ծառի տակ։ Դա, ըստ երևույթին, զարմացրեց հյուրերին, քանի որ սեղանը նոր էր և լավ պատրաստված։ Բայց զարմանքը սկսեց առավել աճել, երբ տիկինը, ջանալով դեմքին ամենաանտարբեր արտահայտությունը տալ, թեպետ աչքերի սնապարծ բոցը մատնում էր նրան, անշտապ բացեց կուրացուցիչ սպիտակ սփռոցը և փռեց սեղանին։ Ճոխությունից տրաքվող իր տանը սփռոց չուներ նույնիսկ դարբինը, և նկատելի էր, որ դա մեծապես դիպավ նրա սրտին։ Բայց Մարկոն իրեն յոթերորդ երկնքում էր զգում, այդ նույնպես նկատելի էր։ Ապա տիկին դուրս բերեց երկու սքանչելի նոր աթոռակներ․․․ հո՜ւ․․․ դա արդեն սենսացիա էր, հյուրերի աչքերը չռվեցին։ Հետո նա երկու աթոռակ էլ բերեց այնքան սառը անտարբերությամբ, որքան կարող էր։ Դարձյալ սենսացիա, ակնածական շշուկներ։ Տիկինը հաջորդ զույգ աթոռակը բերեց, հպարտությունից ճախրելով օդում։ Հյուրերը քար կտրեցին, քարտաշը շշնջաց․
― Այսպիսի ճոխության առջև ակամայից ակնածանք կզգաս։
Հենց որ տիկինը շրջվեց ներս գնալու համար, Մարկոն, ձգտելով երկաթը կռել, քանի դեռ տաք է, դիմեց նրան, ջանալով խոսել որքան կարելի է հանգիստ ու զուսպ, թեպետ այդ նրան բոլորովին չէր հաջողվում․
― Բավական է, մյուսները թող մնան ներսը։
Ուրեմն դեռ էլի կային։ Տպավորությունը արտակարգ էր։ Ես ինքս էլ առավել ուժեղ արդյունքի չէի կարող հասնել։
Ապա անակնկալը հաջորդեց անակնկալին, որոնք ընդհանուր զարմանքի սնդիկը մինչև հարյուր հիսուն աստիճանի բարձրացրին ստվերում, բայց անդամալուծեցին նրա արտաքին դրսևորումների ձևերը։ Միայն ախ ու վախ էր լսվում, ու լռելյան դեպի երկինք էին պարզվում ձեռքերն ու աչքերը։ Տիկինը բերեց բոլորովին նոր սպասքը՝ նոր փայտյա գավաթներ ու ուրիշ ճաշի ամանեղեն, գարեջուրը, ձուկը, հավի ճտերը, սագը, ձվերը, տավարի տապակած միսը, տապակած ոչխարը, ապուխտը, տապակած խոչկորը և ցորենի ճերմակ հացի բլուրը։ Նրանցից ոչ ոք այդպիսի ճոխություն իր օրում չէր տեսել։ Եվ մինչ նրանք՝ զարմանքից ապշահար նստած էին, ես, կարծես պատահմամբ, թափահարեցի ձեռքս և իմ առջև, ասես գետնի տակից, հայտնվեց խանութպանի որդին և ասաց, որ եկել է դրամի ետևից։
― Շատ լավ, ― ասացի ես անտարբեր։ ― Որքա՞ն է կազմում։ Հաշիվը տուր։
Նա սկսեց բարձրաձայն կարդալ հաշիվը, ապշահար հյուրերը լսում էին, իսկ բավարարության ալիքները ողողում էի իմ հոգին, և մերթ սարսափի, մերթ հիացմունքի ալիքներն էլ՝ Մարկոյի հոգին․
2 ֆունտ աղ 200.
8 Անգամ տասներկու պինտ գարեջուր, փայտյա տակառով 800
3 բուշել ցորեն 2700
2 ֆունտ ձուկ 100
3 հավ 400
1 սագ 400
3 անգամ տասներկու ձու 150
1 կտոր տապակած տավարի միս 450
1 կտոր տապակած ոչխարի միս 400
1 կտոր ապուխտ 800
1 խոճկոր 500
2 ճաշի սպասք 6000
2 փոխնորդ տղամարդու հագուստ և սպիտակեղեն 2800
1 շրջազգեստ և 1 բրդյա շապիկ ու կանացի սպիտակեղեն 1600
8 փատյա գավաթներ 800
ճաշասեղանի տարբեր սպասք 10000
1 սեղան 3000
8 աթոռակ 4000
2 ատրճանակ֊դրամապանակ լիցքավորված 3000