Հրապարակային առաջին խաղին ներկա կլինեին, իմ հաշվումներով, ըստ երևույթին մի հիսուն հազար մարդ․ արժեր, իհարկե, այդպիսի ծիծաղաշարժ օյին տեսնելու համար շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել։ Ամեն ինչ մեզ համար նպաստավոր էր, հիասքանչ տաք գարուն էր, և բնությունն արդեն իր նոր հագուստներն էր հագել։
==Գլուխ XLI==
Բանադրանքը
Բայց իմ ուշադրությունը հանկարծ շեղվեց առաջիկա խաղից․ մեր դստրիկը վատ զգաց, նրա վիճակը ծանրացավ, և մենք նրա մոտից չէինք հեռանում։ Չէինք ուզում, որ ուրիշները խնամեին նրան․ ես ու Սենդին հերթապահում էինք օր ու գիշեր։ Ախ, Սենդի, ի՜նչ հրաշալի սիրտ ուներ նա, ի՜նչ բարի էր, պարզ ու ազնիվ։ Նա անբասիր կին էր և մայր, և պատկերացնե՜լ միայն, որ ես ամուսնացել էի նրա հետ լոկ այն պատճառով, որ նա, ըստ ասպետական օրենքների, իմ սեփականությունն էր մինչև այն պահը, երբ մեկն ու մեկը չհաղթեր ինձ մարտի դաշտում ու չտիրեր նրան։ Ինձ համար նա ոտքի տակ էր տվել ողջ Բրիտանիան, գտել էր ինձ լոնդոնյան կառափնարանի վրա և անմիջապես գրավել էր իր տեղը իմ կողքին, կարծես դա նրա անկապտելի իրավունքն էր։ Ես ծնվել էի Նոր Անգլիայում և, ըստ իմ հասկացողությունների, մեր անբաժանությունը վաղ թե ուշ կարող էր վարկաբեկել նրան։ Նա չէր հասկանում, թե ինչպես, բայց ես, որպեսզի վերջ տված լինեի բոլոր վեճերին, շտապեցի պսակվել նրա հետ։
Այն ժամանակ դեռ չգիտեի, որ գանձ եմ գտել, մինչդեռ նա կատարյալ գանձ էր։ Մի տարի անց ես արդեն երկրպագում էի նրան․ նա իմ ամենասրտակից ու սիրելի ընկերն էր։ Շատ են խոսում նույն սեռին պատկանող անհատների ընկերության և բարեկամության մասին։ Բայց նման բարեկամությունը ոչինչ է այր ու կնոջ բարեկամության համեմատ, որոնց լավագույն ձգտումները և բարձրագույն իդեալները նույնն են։ Առաջին բարեկամությունը երկրային էր, երկրորդը՝ աստվածային։
Սկզբնական շրջանում երազներիս մեջ ես դեռ թափառում էի տասներեք հարյուրամյակ հեռու և չբավարարված ոգին կանչում էր, պատասխան հայցում այդ չքնաղ ու մունջ աշխարհից։ Շատ անգամներ Սենդին լսել էր երազիս մեջ արտասանածս բառերը։ Եվ, վճռելով, որ ես անընդհատ կրկնում եմ ինձ համար թանկագին, կորսված կնոջ անունը, Սենդին, իրեն յուրահատուկ մեծահոգությամբ, մեր առաջնեկին անվանել է այդ անունով։ Դա ինձ անչափ հուզեց, աչքերիս արցունքներ երևալու աստիճան և, միաժամանակ քիչ էր մնում գետին գլորվեի, երբ նա, արժանի պարգևի սպասելով, ժպտալով աչքերիս նայեց ու այսպիսի անակնկալ մատուցեց․
― Նրա անունը, որ թանկ է եղել քեզ համար, կպահպանվի և սուրբ կլինի այստեղ և երաժշտության նման կհնչի մեր ականջներին։ Այժմ համբուրիր ինձ, քանզի դու գիտես, թե ինչ անուն եմ ես տվել մեր դստրիկին։
Ես, սակայն չգիտեի։ Գաղափար իսկ չունեի, բայց պետք չէր այդպես դաժան խոստովանել և փչացնել նրա սիրատոչոր խաղը, այդ պատճառով էլ չմատնեցի ինձ ու ասացի․
― Այո, ես գիտեմ, սիրելիս, և ինչ լավ ու սքանչելի ես վարվել դու։ Բայց ես ուզում եմ, որ քո շրթունքները, որոնք նաև իմ շրթունքներն են, առաջինը արտասանեն այն։ Ահա այդ դեպքում երաժշտությունը կատարյալ կլինի։
Մինչև սրտի խորքը շոյված, նա ասաց․
― Հելլո֊Կենտրոն։
Ես չծիծաղեցի (ես միշտ երախտապարտ եմ աստծուն դրա համար), բայց չծիծաղելու համար այնպիսի ահավոր ջանքեր գործադրեցի, որ հետագա մի քանի շաբաթների ընթացքում քայլելիս ոսկորներս զրնգում էին։ Այդպես էլ նա երբեք չիմացավ իր սխալը։ Առաջին անգամ լսելով հեռախոսային զրույցի մեջ օգտագործվող ողջույնի այդ բառերը, նա զարմացել էր ու բարկացել, բայց ես նրան ասացի, որ հեռախոսավարուհիները իմ հրամանով են գործում․ այսուհետև և ընդմիշտ այդ հարգալիր կանչով պիտի սկսվեն հեռախոսային զրույցները և պատիվ իմ կորուսյալ բարեկամուհու և նրա փոքրիկ անվանակցի։ Սա ճշմարտություն չէր, բայց այն էր, ինչ պետք էր։
Երկուս ու կես շաբաթ հերթապահում էինք օրորոցի մոտ և, աշխարհից կտրված, գաղափար չունեինք, թե ինչ է այնտեղ կատարվում։ Վերջապես աստվածային պարգևը իջավ, փոքրիկին փրկեցինք։ Շնորհապա՞րտ էինք մենք։ Դա այն խոսքը չէ։ Առհասարակ չկա խոսք, որը կարողանար արտահայտել մեր զգացումը։ Դա դուք ինքներդ գիտեք, եթե երբևէ ստիպված եք եղել ուղեկցելու ձեր մանկիկին Ստվերների Հովիտը և ապա տեսելու, թե ինչպես է նա դեպի կյանք վերադառնում և աշխարհը պատած խավարը լուսավորում է իր փոքրիկ֊փոքրիկ ժպիտով։
Մենք նորից այս աշխարհ վերադարձանք։ Եվ, իրար աչքերի մեջ նայելով, հանկարծ ցնցվեցինք միևնույն մտքից՝ արդեն երկու շաբաթից ավելի է անցել, իսկ նավը դեռ չի վերադարձել։
Հաջորդ վայրկյանին հայտնվեցի շքախմբիս մեջ։ Նրանց դեմքերից անմիջապես նկատեցի, որ վաղուց ի վեր անհանգստանում են։ Մի քանի մարդ վերցրի և ձիով հինգ մղոն անցնելուց հետո մի բլուր բարձրացա, ծովի հեռուները նայելու համար։ Ո՞ւր է իմ առևտրական տորմիղը, որ դեռ երեկ կենդանացնում ու զարդարում էր այս ծովը, իր ճերմակ թևերով։ Ո՛չ մի նավ։ Ո՛չ առագաստ, ո՛չ ծուխ։ Եզրից եզր մեռյալ տափաստան է, աղմկոտ կյանքի եռուզեռի փոխարեն։
Անմիջապես ետ վերադարձա, ոչ ոքի ոչ մի բառ չասելով։ Բայց Սենդիին ես պատմեցի ամեն ինչ։ Մենք ոչ մի բացատրություն չէինք կարողանում տալ այդ ահավոր փոփոխությանը։ Ներխուժո՞ւմ։ Երկաշար՞րժ։ Ժանտա՞խտ։ Արդյո՞ք ամբողջ ազգը դադարել է գոյություն ունենալուց։ Գուշակությունը, սակայն, անօգուտ էր։ Ես պետք է մեկնեմ, և անմիջապես։ Ես թագավորությունից փոխ վերցրի նրա «նավատորմիղը», միակ նավակը, որը շոգեկաթսայից ավելի մեծ չէր, և շուտով արդեն պատրաստ էի մեկնելու։
Հրաժեշտը, բաժանումը․․․ Օ՜, այո, ծանր բան է։ Երբ ես համբուրում էի դստրիկիս, նա վերջին երկու շաբաթվա ընթացքում առաջին անգամ խոսեց, և մենք ուրախությունից խենթացանք։ Մանկական թոթովանք, բառերի աղավաղումներ․․․ Ի՞նչ երաժշտություն կարող է համեմատվել դրա հետ։ Եվ որքան թախծում ես, որ մանկան շուրթերի այդ երաժշտությունը լռում է, փոխարինվում ճիշտ արտասանությամբ, թախծում ես, որովհետև գիտես, թե այլևս այն երբեք չի հնչելու քո որբացած ականջին։ Եվ ինչ լավ էր, որ ես կարող էի հետս տանել այդ հուշը։
Անգլիայի ափերին հասա հաջորդ առավոտյան։ Դուվրի ծովախորշում նավեր էին կանգնած, բայց իջեցված առագաստներով և առանց կյանքի որևէ նշույլի։ Օրը կիրակի էր, բայց դարձյալ Քենտերբերիի փողոցները դատարկ էին։ Ամենատարօրինակն այն էր, որ ոչ մի տերտեր չէր երևում և զանգի ոչ մի ղողանջ չէր լսվում։ Ամենուրեք մահվան չարագույժ շունչն էր տիրում։ Ես չէի կարողանում հասկանալ այդ։ Վերջապես քաղաքի եզրին մի թաղման թափոր տեսա։ Դագաղը ուղեկցում էին միայն ննջեցյալի հարազատներն ու բարեկամները։ Ո՛չ մի քահանա։ Թաղում՝ առանց զանգի ղողանջի, առանց սուրբ գրքի, առանց մոմի։ Մոտերքը մի եկեղեցի կար, բայց թափորը անցավ լացով ու ներս չմտավ։ Հայացքս բարձրացրի դեպի զանգակը ու տեսա, որ զանգակը սևով է պատած, իսկ լեզվակն էլ պարանով կապված է պատին։ Եվ ես ամեն ինչ գլխի ընկա։ Այժմ ես հասկացա, թե ինչ աղետ է իջել Անգլիայի վրա։ Ներխուժո՞ւմ։ Ներխուժումը պարապ բան է այդ աղետի համեմատ։ Նրա անունը <b>բանադրանք է։</b>
Ոչ մի հարց չտվեցի, ինձ առանց այդ էլ պարզ էր։ Եկեղեցին հարված էր հասցրել։ Այժմ մնում էր միայն փոխել արտաքինս և շարունակել ճանապարհը որքան կարելի է աննկատելի։ Իմ ծառան զիջեց ինձ իր հագուստը, ես անտառում զգեստափոխվեցի, ձի նստեցի և ճանապարհ ընկա մենակ։ Այդպես ավելի անվտանգ էր։
Անուրախ ճանապարհորդություն էր։ Ամենուրեք թանձր լռություն էր տիրում։ Նույնիսկ Լոնդոնում։ Ոչ մի շարժում, մարդիկ չէին խոսում, չէին ծիծաղում, իրար գլխի չէին հավաքվում, նույնիսկ զույգ֊զույգ ման չէին գալիս։ Մեն֊մենակ աննպատակ քայլում էին գլուխները կախ, վիշտն ու ահը սրտերում։ Թաուերի վրա թարմ մարտերի հետքեր կային։ Այո, կարևոր իրադարձություններ էին տեղի ունեցել։
Ես, իհարկե, Քամելոտ էի ուզում գնալ գնացքով։ Գնացքո՞վ․․․ Կայարանը ամայի էր, ինչպես քարանձավ։ Ճանապարհ ընկա ոտքով։ Կարծես մեռյալ ու տարտամ տափաստանով ես քայլեցի երկու օր։ Երկուշաբթին և երեքշաբթին կիրակիից ոչնչով չէին տարբերվում։ Քամելոտ հասա խոր գիշերին։ Քաղաքը, որ նախկինում արևի նման փայփլում էր էլեկտրական լույսերը վառած, այժմ թաղված էր թանձր խավարի մեջ և նույնիսկ ավելի սև էր դարձել, քան շրջապատող խավարը։ Դրա մեջ ինչ֊որ խորհրդանշական երևույթ թվաց՝ այն բանը, որ եկեղեցին հաղթել է ինձ և մարել իմ վառած քաղաքակրթության բոլոր ջահերը։ Խավար փողոցները ամայի էին։ Ծանր սրտով շարունակեցի ճանապարհս։ Ամրոցի մութ զանգվածը սևին էր տալիս բլրի կատարին։ Ոչ մի լույս պատուհաններում։ Կամուրջը իջեցված էր, դարպասները կրնկի վրա բաց էին։ Ոչ ոք ինձ ձայն չտվեց։ Ոչ մի աղմուկ, իմ քայլերի թխկոցից բացի, որ չարագուշակ արձանագրում էին վիթխարի և ամայի բակերում։
==Գլուխ XLII==
Պատերազմ
Քլարենսին մենակ գտա իր բնակարանում, մելամաղձոտ տրամադրության մեջ։ Էլեկտրական լույսի փոխարեն նրա առջև վառվում էր հնամենի ճրագը, պատուհանի վարագույրները իջեցված էին, և սենյակում կիսախավար էր տիրում։ Նա ոտքի ցատկեց և նետվեց դեպի ինձ, ասելով․
― Օ՜, ես բիլլիոն միլրեյս կվճարեի քեզ նորից ողջ տեսնելու համար։
Նա ճանաչեց ինձ անմիջապես, թեպետ ես զգեստափոխված էի։ Դա ինձ, բնականաբար, վախեցրեց։
― Ապա, շտապ պատմիր, թե ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ է այս ահավոր աղետի իմաստը, ― ասացի ես։ ― Եվ ինչպե՞ս է պատահել։
― Ախ, եթե Գինեվըր թագուհին չլիներ, աղետը այսքան շուտ չէր գա, անշուշտ, վերջ ի վերջո կգար, քանզի այն առհասարակ անխուսափելի էր, բայց դժբախտաբար, սկիզբը դրեց Գինեվըր թագուհին։
― Եվ սըր Լանսելո՞տը։
― Հարկավ։
― Մանրամասնություննե՞րը։
― Քեզ լավ հայտնի է, որ վերջին տարիների ընթացքում թագուհու և սըր Լանսելոտի հարաբերություններին ծուռ չէր նայում միայն մեկ մարդ․․․
― Այո, Արթուր թագավորը։
― Եվ միայն մի սիրտ ոչինչ չէր կասկածում․․․
― Այո, թագավորի սիրտը։ Այդ սիրտը ունակ չէ կասկածելու, թե բարեկամը կարող է դավաճանել իրեն։
― Եվ թագավորը, հավանաբար, մինչև կյանքի վերջը կապրեր իր երջանիկ անգիտության մեջ, եթե քո նորամուծություններից մեկը՝ բորսան չլիներ։ Երբ դու մեկնեցիր, Լոնդոնի, Քենտրբերիի և Դուվրի միջև երկաթուղային գիծը համարյա ավարտված էր, իսկ երկաթուղային արժեթղթերը հասունացել էին բորսային խաղի համար։ Կարելի էր սիրտ անել, և բոլորն էլ գիտեին այդ մասին։ Արժեթղթերը հեշտությամբ էին վաճառվում։ Քո կարծիքով, ի՞նչ արեց սըր Լանսելոտը․․․
― Ես գիտեմ, թե նա ինչ է արել․ նա հանգիստ վաճառել է իր արժեթղթերի ծրարը, իսկ երբ այդ պատճառով արժեթղթերի գները սկսել են ընկնել, նա էժան գնով առել է իր վաճառվածից երկու անգամ ավելի արժեթուղթ և սնանկացրել է բոլորին։
― Ճիշտ է։ Արժեթղթերի տերերը իրենց քթի տակ ծիծաղում էին, երբ նրան վաճառում էին տասնհինգով ու տասնվեցով, մինչդեռ դրանց գինը տասն էլ չարժեր։ Բայց ծիծաղելու առիթը տևական չեղավ։ Մի քանի օր անց նրանք Անպարտելիին հաճույքով երկու հարյուր ութսուներեք կվճարեին ամեն մի արժեթղթի համար։
― Աստվա՜ծ իմ։
― Նա մաշկեց նրանց ողջ֊ողջ, և նրանք, ազնիվ խոսք, արժանի էին դրան, համենայն դեպս ամբողջ ժողովուրդը ուրախ էր։ Բայց սնանկացածների թվում էին սըր Ագրավենը և սըր Մորդրեդը, թագավորի քեռորդիները։ Վերջ առաջին արարին։ Արար երկրորդ, պատկեր առաջին, Կարլայլ ամրոց, որտեղ արքունիքը մի քանի օրով որսի էր գնացել։ Գործող անձինք․ թագավորի քեռորոդիներ Մորդրեդն ու Ագրավենը առաջարկում են բանալ Արթուրի աչքերը Գինեվըրի և սըր Լանսելոտի հարաբերությունների վրա։ Սըր Գոուենը, սըր Գարեթը և սըր Գահերիսը հայտաարում են, որ իրենք չեն ուզում մասնակից լինել նման ստորության։ Շատ աղմկոտ վեճ է սկսվում։ Եվ այդ պահին ներս է գալիս թագավորը։ Մորդրեդն ու Ագրավենը նրա գլխին են թափում իրենց ամբողջ սոսկալի պատմությունը։ Մունջ պատկեր։ Թագավորի հրամանով սըր Լանսելոտի համար թակարդ են դնում, և սըր Լանսելոտը ընկնում է նրա մեջ։ Այդ բանը թանկ նստեց մատնիչների՝ Մորդրեդի, Ագրավենի և էլի մի տասներկու ավելի մանր ասպետների վրա, քանզի սըր Լանսելոտը սպանեց նրանց բոլորին, բացի Մորդրեդից, բայց, իհարկե, սա չէր կարող բարելավել սըր Լանսելոտի ու թագավորի հարաբերությունները և չբարելավեց։
― Օ՜, աստված իմ, այդ բոլորի արդյունքը միայն մի բան կարող էր լինել՝ պատերազմ։ Ամբողջ թագավորության ասպետները երկու խմբի բաժանվեցին՝ թագավորի կուսակիցների և Սըր Լանսելոտի կուսակիցների․․․
― Հենց այդպես էլ պատահեց։ Թագավորը թագուհուն խարույկի բարձրացրեց, որպեսզի նրան կրակով մաքրի։ Լանսելոտը իր ասպետների հետ փրկեց նրան և, փրկելիս սպանեց իմ և քո շատ հին բարեկամներին, ամենալավ բարեկամներին։ Զոհվեցին սըր Բելիաս դը Օրգուլուն, սըր Սեգվարիդեսը, սըր Գրիֆլեթ լը ֆիս դը Դյոն, սըր Բրանդայլսը, սը Էգովելը․․․
― Օհ, դու կտրատում ես իմ սրտի լարերը․․․
― Սպասիր, ես դեռ չեմ վերջացրել․․․ սըր Թորը, սըր Գոթերը, սըր Զիլիմերը․․․
― Իմ բեյզբոլի թիմի լավագույն խաղացողը։ Ի՜նչ սքանչելի հարված էր նա կատարում աջով։
― Սըր Ռեյնոլդի երեք եղբայրները՝ սըր Դամուսը, սըր Պրիամուսը, սըր Քեյ֊Օտարականը․․․
― Նույնպես սքանչելի բեյզբոլիստ։ Քանի֊քանի անգամ տեսել եմ, թե ինչպես էր գնդակը ատամներով որսում։ Օ՜, բավական է, այլևս չեմ դիմանում։
― Սըր Դրիանոթը, սըր Լամբեգուսը, սըր Հերմայնդը, սըր Պերտիլոփը, սըր Պերիմոնեսը, և․․․ ի՞նչ ես կարծում, դեռ ո՞վ։
― Շուտ ասա, տանջահար մի անի։
― Սըր Գահերիսը և սըր Գարեթը, երկուսն էլ։
― Օ՜, անհավատալի է։ Չէ՞ որ նրանք պաշտում էին Լանսելոտին։
― Դա պատահական է ստացվել։ Նրանք պարզապես հանդիսականներ են եղել․ անզեն եկել են տեսնելու, թե ինչպես պետք է պատժեն թագուհուն։ Սըր Լանսելոտը կույր կատաղության մեջ կոտորում էր ձեռքի տակ ընկածին և սպանել էր սըր Գարեթին ու սըր Գահերիսին, նույնիսկ չնկատելով, թե ովքեր են նրանք։ Ահա այդ արյունաջարդի վայրկյանական լուսանկարը․ այն վաճառվում է յուրաքանչյուր լրագրային կրպակում։ Ահա, թագուհու մոտ երևում են սուրը վեր բարձրացրած սըր Լանսելոտը և իր վերջին շունչը փչող սըր Գարեթը։ Նույնիսկ ծխի միջից կարող ես տեսնել թագուհու դեմքին դրոշմված տառապանքը։ Սա ցնցող նկար է։
― Այո, ցնցող է։ Պետք է պահպանել։ Դա պարզապես պատմական անգին վավերաթուղթ է։ Հետո՞։
― Հետո ամենաիսկական պատերազմ ծայր առավ։ Լանսելոտը նահանջեց, ամրացավ իր «Երջանկության պահապան» ամրոցում և շուրջը համախմբեց իրեն հարած բոլոր ասպետներին։ Թագավորը մեծ զորքով շարժվեց դեպի ամրոցը, և նրանք շատ օրեր ճակատամարտ մղեցին, ամբողջ շրջակայքը լցնելով դիակներով ու երկաթի բեկորներով։ Ապա եկեղեցին հաշտեցրեց Արթուրին, Լանսելոտին, թագուհուն, բոլորին, բոլորին, բացի սըր Գոուենից։ Նա ողբում էր իր սպանված եղբայրներին՝ սըր Գարեթին և սըր Գահերիսին, և ոչ մի պայմանով հաշտվել չէր ուզում։ Սըր Գոուենը զգուշացրեց Լանսելոտին, որ կռվի է գնում նրա դեմ, և թող վերջինս պատրաստվի։ Սա էլ նավարկեց մինչև իր Գիյեն հերցոգությունը և այնտեղ ամրացավ, իսկ Գոուենը մի բանակի գլուխ անցած շուտով հետևեց նրան և համոզեց Արթուրին միանալ իրեն։ Արթուրը թագավորության կառավարումը հանձնեց սըր Մորդրեդի ձեռքը մինչև քո վերադարձը․․․
― Օհո՜, ճանաչում եմ թագավորի սովորական իմաստնությունը։
― Այո՛։ Սըր Մորդրեդը անմիջապես գործի անցավ, որպեսզի թագավոր դառնա։ Նախ որոշեց ամուսնանալ Գինեվըրի հետ։ Բայց նա հաջողացրեց փախչել ու թաքնվել Լոնդոնի Թաուերում։ Մորդրեդը հարձակվեց Թաուերի վրա։ Քենտերբերիի արքեպիսկոպոսը բանադրեց նրան։ Թագավորը վերադարձավ։ Մորդրեդը կռվեց նրա դեմ Դուվրում, բանակցություններ սկսվեցին։ Պայմանները․ Մորդրեդը ստանում է Քորնուելը և Քենտը քանի դեռ Արթուրը կենդանի է, և ամբողջ թագավորությունը՝ նրա մահից հետո։
― Հը՛մ։ Հանրապետության մասին իմ երազը այդպես էլ երազ պիտի մնա։
― Այո։ Երկու բանակներն էլ կանգնած էին Սոլիսբերիի մոտերքը։ Գոուենը, ― Գոուենի գլուխը գտնվում է Դուվրի ամրոցում, որտեղ նա զոհվել է մարտում, ― Գոուենը երազում երևում է Արթուրին, այսինքն երևում է նրա ոգին, և խորհուրդ է տալիս մեկ ամսվա ընթացքում երբեք մարտի մեջ չմտնել, ինչ էլ որ արժենա այդպիսի հետաձգումը։ Բայց պատահականությունը շուտափույթ ճակատամարտի առիթ է տալիս։ Արթուրը հրամայել էր․ եթե Մորդրեդի հետ հաշտության բանակցությունների ընթացքում գեթ մեկ ասպետ սուրը հաներ պատյանից, անմիջապես փողեր փչել և նետվել թշնամու վրա, քանզի ինքը չէր վստահում Մորդրեդին։ Ճիշտ նման հրաման տվել էր Մորդրեդը իր բանակին։ Հանկարծ օձը խայթեց ասպետներից մեկի կրունկը, ասպետը մոռացավ հրամանը և դուրս քաշեց սուրը՝ օձին պատժելու համար։ Կես րոպե անց երկու թշնամի բանակները իրար վրա նետվեցին։ Նրանք մինչև կեսօր կռվեցին։ Վերջապես թագավորը․․․ Գիտե՞ս, քո մեկնումից հետո մենք լրագրի մեջ որոշ նորամուծություններ ունեինք․․․
― Իսկապե՞ս։ Եվ հենց ի՞նչ․․․
― Թղթակցություն ռազմաճակատից։
― Գերազանց գաղափար է։
― Այո, մեր լրագրի գործերը վեր էին խոյանում, որովհետև քանի դեռ պատերազմ էր գնում, բանադրանքը մեզ վրա չէր տարածվում։ Իմ զինթղթակիցները նստած էին երկու բանակներում էլ։ Ահա կարդամ, տես, թե ինչպես է իմ տղաներից մեկը նկարագրել այդ ճակատամարտի վերջը։
․․․ Այդ ժամանակ թագավորը շուրջը նայեց և տեսավ, որ իր բոլոր քաջ ասպետները զոհվել են, բացի սըր Լուկան դը Բութլերից և նրա եղբայր սըր Բեդիվերից, նրանք էլ, սակայն, ծանր վիրավոր էին։ «Տեր մեր Հիսուս, ասաց թագավորը, ո՞ւր են իմ բոլոր ազնվազարմ ասպետները։ Ավա՜ղ, ինչո՞ւ իմ աչքերը տեսան այս տխուր օրը, քանզի այժմ արդեն մոտ է իմ մահը։ Եթե միայն տերը օգներ իմանալու, թե որտեղ է այդ դավաճան Մորդրեդը, որ բոլոր այս դժբախտությունների հարուցողը եղավ»։ Եվ թագավորը տեսավ Մորդրեդին, որը սրի վրա կրթնած, կանգնած էր անշունչ մարմինների կույտի մեջ։ «Տուր ինձ իմ նիզակը, ― ասաց Արթուրը Լուկանին․ ― քանզի ես գտա ամբողջը հարուցող դավաճանին»։ «Տեր իմ, խնայիր նրան, ― ասաց սըր Լուկանը, ― քանզի նա դժբախտ է։ Հիշիր քո երազը, տեր իմ․ հիշիր թե ինչ ասաց քեզ սըր Գոունեի ոգին այս գիշեր, հիշիր, թե ինչի դեմ էր քեզ զգուշացնում բարեգութ տեր աստվածը։ Եվ աստծու սիրույն, տեր իմ, ձգիր նրան հանգիստ։ Քանզի, փառք աստծո, դու հաղթել ես, մեզնից ողջ են մնացել, իսկ սըր Մորդրեդի կողքին ոչ ոք չկա։ Եթե դու նրան հանգիստ ձգես, այս չարագույժ օրը կանցնի և հետո դու կարող ես վրեժդ լուծել»։ «Ինձ համար միևնույն է ապրել, թե մեռնել, ― ասաց Արթուրը։ ― Նա այժմ մենակ է, և այլևս երբեք ձեռքիցս չի փախչի, քանզի առավել լավ առիթ չի պատահի»։ «Թող աստված պահապան լինի քեզ», ― ասաց սըր Բեդիվերը։ Թագավորը վերցրեց իր նիզակը երկու ձեռքի մեջ ու խոյացավ սըր Մորդրեդի վրա, ճչալով․ «Դավաճան, մահվանդ պահն է եկել»։ Եվ երբ սըր Մորդրեդը լսեց Արթուրին, նա ընդառաջ վազեց մերկացրած սուրը ձեռքին։ Եվ Արթուր թագավորը խոցեց սըր Մորդրեդին զրահից անմիջապես ներքև ու նիզակի սայրը դուրս եկավ մյուս կողմից։ Սըր Մորդրեդը, տեսնելով որ վերքը մահացու է, այլևս ինքը ամբողջ զորությամբ առաջ նետվեց՝ մարմնի մեջ ընդունելով նիզակը մինչև կոթը։ Ապա սուրը երկու ձեռքով իջեցրեց Արթուրի գլխին այնպիսի ուժով, որ ճեղքեց սաղավարտը և գանգը։ Դրանից հետո սըր Մորդրեդը անշնչացած գետին փռվեց։ Եվ ազնվազարմ Արթուրն էլ ուշաթափ ընկավ և երկար ժամանակ չէին կարողանում նրան գիտակցության բերել․․․
― Ռազմական թղթակցության հիանալի նմուշ է, Քլարենս։ Դու առաջին կարգի լրագրող ես դարձել։ Էհ, իսկ թագավո՞րը, լա՞վ է այժմ։ Ապաքինվե՞ց։
― Ավա՜ղ ոչ։ Նա մեռավ։
Ես ապշեցի։ Ինձ միշտ թվում էր, թե այդ մարդուն հնարավոր չէ սպանել։
― Իսկ թագուհի՞ն, Քլարենս։
― Նա միանձնուհի է Օլմսբերիում։
― Ի՜նչ փոփոխություններ, և այսքան կարճ միջոցում։ Պարզապես անըմբռնելի է։ Ի՞նչ պետք է անենք։
― Ես կասեմ, թե ինչ պետք է անենք։
― Է՞։
― Մեր կյանքը վտանգելու գնով, կանգուն մնալ։
― Այսի՞նքն։
― Այժմ իշխանությունը եկեղեցու ձեռքում է։ Քեզ բանադրել են Մորդրեդի հետ մեկտեղ։ Այդ բանադրանքը չեն հանի․ քանի դեռ դու կենդանի ես։ Միաբանությունները արդեն հավաքվում են։ Եկեղեցին համախմբել է կենդանի մնացած բոլոր ասպետներին և, հենց որ իմանան, որ դու վերադարձել ես, մենք բավականին հոգսեր կունենանք։
― Չի կարող պատահել։ Մեր ռազմական մահաբեր նյութով, մեր մարզված բանակով․․․
― Սպասիր, շունչդ խնայիր։ Մենք ընդամենը մի վաթսուն մարդ ունենք, որոնց կարելի է վստահել։
― Ի՞նչ։ Իսկ մեր դպրոցնե՞րը, մեր քոլեջնե՞րը, մեր արհեստանոցնե՞րը, մեր․․․
― Երբ ասպետները գան, թվարկածդ հաստատությունները անմիջապես կպարպվեն ու կմիանան թշնամուն։ Մի՞թե դու կարծում ես, որ քեզ հաջողվել է այդ մարդկանց ազատել նախապաշարումներից։
― Ճիշտն ասած, այդպես եմ կարծել։
― Ուրեմն, մի կարծիր այսուհետև։ Նրանք հնազանդ էին քեզ մինչև բանադրանքը։ Բանադրանքից հետո դիմադարձ են արել։ Սրտերը վախից ճաքել են։ Հասկացիր։ Երբ թշնամու բանակները հայտնվեն, բոլորը կլքեն քեզ։
― Այո, ծանր լուրեր են։ Մենք կորած ենք։ Նրանք մեր դեմ կդարձնեն այն ամենը, ինչ նրանց ուսուցանել էինք։
― Ոչ, այդ չի հաջողվի։
― Ինչո՞ւ։
― Որովհետև ես հավատարիմ մարդկանց միջոցով արդեն անհրաժեշտ նախազգուշական միջոցներ եմ ձեռնարկել։ Հետո կպատմեմ քեզ այդ մասին։ Դու խորամանկ ես, բայց եկեղեցին առավել խորամանկ է։ Հենց եկեղեցին էր քեզ նավարկության ճամփողը․․․ բժիշկների միջոցով, որոնք նրան էին ծախված։
― Քլարե՜նս։
― Ես ճշմարտությունն եմ ասում։ Հաստատ գիտեմ։ Քո նավի յուրաքանչյուր սպան ու յուրաքանչյուր նավաստին կաշառված էր եկեղեցու կողմից։
― Դե լա՜վ։
― Մի՛ վիճիր։ Ես էլ այդ ամենը անմիջապես չիմացա, բայց իմացա ստուգապես։ Դու հրամայե՞լ էիր քո նավապետին ինձ բանավոր հաղորդել․ երբ ինքը ուտեստի պաշարով ետ վերադառնա, դու կմեկնես Կադիքսից․․․
― Կադիքսի՞ց։ Երբեք Կադիքսում չեմ եղել։
― ․․․ Կմեկնես Կադիքսից և հեռավոր ծովում նավարկելու կգնաս ընտանիքիդ առողջական վիճակը բարելավելու համար։ Դու հանձնարարե՞լ էիր, որպեսզի այդ բառերը ինձ հաղորդեին։
― Իհարկե ոչ։ Չէ՞ որ ես կարող էի գրել։
― Անշուշտ։ Ես էլ անհանգստացա և սկսեցի կասկածել։ Երբ նավապետը մեկնում էր, նրա նավով լրտես ուղարկեցի։ Այնուհետև ոչինչ չեմ լսել ո՛չ նավի, ո՛չ էլ լրտեսի մասին։ Որոշեցի երկու շաբաթ քեզնից լուրերի սպասել և ապա քո ետևից նավ ուղարկել Կադիքս։ Բայց անելու հնարավորությունը չունեցա։
― Մեր նավատորմիղը հանկարծակի և խորհրդավոր կերպով անհայտացավ։ Նույնքան հանկարծակի և խորհրդավոր կերպով դադարեցին աշխատելուց երկաթուղիները, հեռագիրն ու հեռախոսը, ծառայողները գործալքվեցին, սյուները կտրատվեցին, եկեղեցին արգելք դրեց էլեկտրական լուսավորության վրա։ Ես ստիպված էի ինչ֊որ բան ձեռնարկել և այն էլ անհապաղ։ Քո կյանքի համար չէի անհանգստանում, ամբողջ թագավորության մեջ ոչ ոք, Մերլինից բացի, սիրտ չէր անի ձեռք տալ այնպիսի կախարդին, ինչպիսին դու ես, առանց իր թիկունքում տասհազարանոց բանակ ունենալու։ Ուրեմն, ինձ անհրաժեշտ էր պատրաստվել քո գալստյանը։ Իմ կյանքի համար էլ չէի վախենում, որովհետև ոչ ոք չէր համարձակվի ձեռք տալ քո սիրեցյալին։ Եվ ահա, թե ինչ եմ արել։ Մեր զանազան արհեստանոցներից ես մարդիկ ընտրեցի, ավելի ճիշտ տղաների, որոնց հավատարմությանը ամեն տեսակ իրադրության մեջ ես կարող էի վստահել․ ծածուկ հավաքեցի նրանց և հրահանգներ տվեցի։ Նրանց թիվը հիսուներկուս է, և ոչ մեկը տասնչորս տարեկանից ցածր չէ ու տասնութից տարեց չէ։
― Իսկ ինչո՞ւ միայն տղաներ ընտրեցիր։
― Որովհետև մնացած բոլորը ծնվել են ու մեծացել նախապաշարմունքների մթնոլորտում, որոնք ներծծվել են նրանց արյան ու ոսկորների մեջ։ Մենք կարծում էինք, թե դաստիարակել էինք նրանց, ազատել նախապաշարմունքներից, նրանք իրենք էլ էին այդպես կարծում, բայց բանադրանքը արթնացրեց նրանց, ինչպես ամպրոպի որոտը։ Նրանք հասկացան իրենց, և ես էլ հասկացա նրանց։ Բայց տղաների հարցը տարբեր է։ Այնպիսիները, որոնք յոթ֊տասը տարի մեր ձեռքի տակ են մեծացել, անծանոթ են մնացել եկեղեցու առջև ահ ու դողի զգացումին, հենց այդպիսիների թվից ես ընտրեցի իմ հիսուներկուսին։ Ապա ծածուկ այցելեցի Մերլինի հին քարանձավը․․․ ոչ փոքրը, այլ մեծը․․․
― Այն մե՞կը, որտեղ մենք մեր առաջին էլեկտրական մեքենան էինք դրել, երբ ես հրաշք էի մտահղացել, այո՞։
― Հենց նույնը։ Եվ քանի որ այն ժամանակ հրաշքի կարիքը չունեցանք, մենք այժմ այդ մեքենան կարող ենք այլ նպատակների համար օգտագործել։ Քարանձավը ես լցրել եմ ուտեստներով՝ հնարավոր պաշարման պարագայի համար։
― Հիանալի գաղափար է, առաջնակարգ գաղափար։
― Ինքս էլ այդ կարծիքին եմ։ Ես հանձնարարեցի իմ չորս տղաներին պահակություն անել այնտեղ, իհարկե, ներսից, որպեսզի դրսից ոչինչ չերևա։ Նրանց հրամայված է ոչ ոքի ձեռք չտալ, բայց եթե որևէ մեկը ցանկանա քարանձավ մտնել, էհ, թող միայն փորձի։ Ապա ես լեռները գնացի, քանդեցի և կտրատեցի այն հաղորդալարերը, որոնք քո ննջարանը միացնում էին մեր ֆաբրիկաների, գործարանների, պահեստների և արհեստանոցների տակ տեղադրված դինամիտային ականներից ելնող հաղորդալարերի հետ, իսկ գիշերը, իմ տղաների օգնությամբ վերջիններս միացրի քարանձավին, և այժմ քեզնից ու ինձնից բացի ոչ ոք չգիտի, թե ուր են դրանք տանում և որտեղից են գալիս։ Բոլոր հաղորդալարերը, իհարկե, գետնի տակով են քաշված և մենք աշխատանքը ավարտեցինք մի քանի ժամում։ Այժմ, մեր ամրոցից դուրս չգալով, մենք մի քանի վայրկյանում կարող ենք պայթեցնել մեր ամբողջ քաղաքակրթությունը։
― Դա ճիշտ քայլ է, բնական քայլ։ Ո՞վ գիտի, ինչեր չի պահանջվի մեզնից ռազմական իրադությունը։ Օ՜, ինչպես ամեն ինչ փոխվեց։ Մենք սպասում էինք, թե ժամանակ կգա, որ ստիպված կլինենք պաշարված մնալ պալատում, իսկ այժմ․․․ Ինչևէ, շարունակիր։
― Այնուհետև մենք լարափակոց սարքեցինք։
― Լարափակո՞ց։
― Այո։ Դու ինքդ էիր դա ակնարկել, մեկ թե երկու տարի առաջ։
― Օ՜, մտաբերում եմ, ― այն ժամանակ, երբ եկեղեցին առաջին անգամ ուժը փորձեց մեր դեմ, բայց ավելի խոհեմ գտավ սպասելու նպաստավոր եղանակի։ Է, ինչպե՞ս ես ուրեմն սարքել այդ լարափակոցը։
― Վերցրի տասներկու մերկ, չմեկուսացված ամուր լարեր, միացրի քարանձավում տեղադրված դինամոյին․ դինամոն ունի երկու բևեռ՝ դրական և բացասական։
― Ճիշտ է։
― Այդ լարերը դուրս բերեցի քարանձավից և, հարյուր յարդ տրամագծով մի տափակ հողակտորի շուրջ համարյա գետնի մակերևույթին հավասար լարափակոց քաշեցի։ Այդ լարափակոցը ըստ էության բաղկացած է իրարից տասական յարդ հեռու գտնվող մեկը մյուսի մեջ շրջանակաձև տեղադրված տասներկու լարափակոցներից, և բոլորի ծայրերը գնում են դեպի քարանձավ։
― Ճիշտ է։ Շարունակիր։
― Լարափակոցները ամրացված են գետնի մեջ հինգ ոտնաչափ խրված կաղնի սյուներին, որոնք իրարից հեռու են ընդամենը մի երեք ոտնաչափ։
― Լավ է և ամուր։
― Այո։ Հաղորդալարերը հողի հետ միացում չունեն քարանձավից դուրս։ Նրանք ելնում են դինամոյի դրական բևեռից, հողի հետ միանում են բացասական բևեռի շնորհիվ, հաղորդալարերը քարանձավ են վերադառնում, և նրանցից յուրաքանչյուրը այնտեղ հողի հետ միացված է առանձին֊առանձին։
― Ոչ, ոչ, այդպես բանի նման չէ։
― Ինչո՞ւ։
― Էներգիայի շատ մեծ ծախս է լինում, էներգիան իզուր է կորչում։ Ամբողջ սիստեմը պետք է հողի հետ մի միացում ունենա, բացասական բևեռի միջոցով։ Լարերի ծայրերը պետք է ետ տանել ու քարանձավի մեջ առանձին֊առանձին ամրացնել առանց հողին միացնելու։ Տես, թե ինչ տնտեսում է լինում։ Հեծելազորը գրոհում է մեր լարափակոցը․ դու էներգիա չես վատնում, փող չես ծախսում, որովհետև միայն հողի հետ մեկ միացում ունես մինչև այն պահը, երբ ձիերը չեն դիպչում լարերին։ Բայց հենց որ դիպչեն, հողի միջոցով բացասական բևեռի հետ միացում կստացվի և ձիերը ոչնչացած կընկնեն։ Էներգիան ծախսվում է միայն ակնթարթին, երբ անհրաժեշտ է․ քո կայծակը ձեռքիդ տակ է գտնվում և պատրաստ է գործելու, ինչպես լիցքավորված հրացանը, բայց նա ոչ մի ցենտի ծախս չի նստում, քանի դեռ դու այն բաց չես թողել։ Անհրաժեշտ է միայն մեկ միացում հողի հետ․․․
― Իհարկե։ Չգիտեմ, թե ինչպես եմ աչքաթող արել։ Դա ոչ միայն էժան է, այլև ավելի գործուն, քանի որ եթե նույնիսկ լարերը կտրվեն կամ խճճվեն, վնաս չի լինի։
― Մանավանդ, եթե քարանձավում փչացած լարերի ավտոմատիկ անջատիչ լինի։ Շարունակիր։ Իսկ հրետանի՞ն։
― Հրետանի էլ կա։ Ներքին շրջագծի կենտրոնում վեց ոտնաչափ բարձրության բավականին ընդարձակ հարթակի վրա ես տեղադրել եմ տասներեք հրանոթից բաղկացած մի մարտկոց, արկերի մեծ պաշարով։
― Լավ։ Մարտկոցը հրամայող դիրք ունի շրջակայքի նկատմամբ, և երբ եկեղեցու ասպետները հայտնվեն, նրանք երաժշտության կհանդիպեն։ Իսկ քարանձավի վրա կախված ժա՞յռը։
― Այնտեղ էլ լարափակոց է սարքված և հրանոթներ են դրված։ Հանգիստ եղիր, նրանք մեզ վրա քարեր նետելու առիթ չեն ունենա։
― Իսկ ապակյա գլխիկներով դինամիտային արկե՞րը։
― Արկերն էլ տեղում են։ Ես այնտեղ մի սքանչելի պարտեզ եմ տնկել։ Իմ պարտեզը տարածվում է լարափակոցի շուրջը հարյուր ոտնաչափ լայնությամբ։ Արկերը գետնին են դրված և ծածկված են ավազի շերտով։ Արտաքինից այդ պարտեզը բոլորովին անմեղ բան է թվում, բայց թող որևէ մեկը սիրտ անի ներս մտնելու ու դու կտեսնես, թե ինչ կլինի։
― Իսկ արկերը դու փորձարկե՞լ ես։
― Ուզում էի փորձարկել, բայց․․․
― Բայց ի՞նչ։ Դա վիթխարի զանցառություն է, չաշխատել․․․
― Փորձարկե՞լ։ Գիտեմ, ամեն ինչ կարգին է։ Փորձի համար ես մի քանի հատ դրել էի մեծ ճանապարհի վրա և դրանք փորձարկվեցին։
― Ա՜, դա ուրիշ բան է։ Իսկ ո՞վ փորձարկեց։
― Եկեղեցու հանձնաժողովը։
― Անչափ բարի է գտնվել։
― Այո։ Նա եկել էր պահանջելու, որ մենք հնազանդվենք։ Բայց հասկանո՞ւմ ես, այդ հանձնաժողովը բնավ էլ մտադիր չէր փորձարկել ականները։ Դա պատահական ստացվեց․․․
― Հանձնաժողովը զեկուցե՞լ է փորձարկման արդյունքների մասին։
― Անշուշտ։ Զեկուցումը լսելի էր ամբողջ մղոն հեռավորությունից։
― Միաձա՞յն զեկուցում էր, առարկություններ կայի՞ն։
― Ընդունվել էր բոլոր ձայներով։ Ճանապարհի վրա ես որոշ նմուշներ դրեցի գալիք հանձնաժողովներին զգուշացնելու համար, բայց մեզ այլևս չանհանգստացրին։
― Քլարենս, դու մի աշխարհի չափ գործ ես արել և արել ես գերազանց։
― Էհ, ինչ կա որ։ Ժամանակ շատ ունեի։ Շտապելու էլ հարկ չկար։ Մենք լուռ նստած մտածում էինք։ Ես ասացի․
― Այո, ամեն ինչ պատրաստ է։ Ամեն ինչ նախատեսված է, ոչ մի մանրուք աչքաթող չի արված։ Այժմ ես գիտեմ, թե ինչ պետք է անել։
― Ես էլ գիտեմ՝ նստել և սպասել։
― Ոչ, սըր։ Վեր կենալ ու հարված հասցնել։
― Դու այդպե՞ս ես կարծում։
― Հենց այդպես։ Ես կողմնակից չեմ պաշտպանության, ես կողմնակից եմ հարձակման։ Գոնե այն պարագայում, երբ ուժերը համարյա հավասար են։ Օ՜, այո, մենք հարված կհասցնենք։ Այդ են պահանջում մեր խաղի կանոնները։
― Մեկի դիմաց հարյուր կդնեմ, որ դու իրավացի ես։ Ե՞րբ ենք սկսում ներկայացումը։
― <b>Հենց այժմ։</b> Մենք հանրապետություն կհռչակենք։
― Այ թե կարագացնենք իրերի ընթացքը։
― Այն էլ ինչպիսի տեմպերով։ Վաղը առավոտյան արդեն ամբողջ Անգլիան կբզզա, ինչպես իշամեղվի բույնը, եթե, իհարկե, եկեղեցին չլռի, բայց նա չի լռի։ Գրիչ վերցրու, ես կթելադրեմ։
::::::Ազդարարություն
Թող գիտցած լինեն բոլորը։ Քանի որ թագավորը մեռել է ժառանգ չթողնելով, պարտքս հրամայում է ինձ շարունակել վարել ինձ վստահված իշխանության ղեկը, մինչև որ նոր կառավարություն ստեղծվի։ Միապետությունը դադարել է գոյություն ունենալուց։ Հետևաբար, ամբողջ քաղաքական իշխանությունը վերադառնում է իր ակունքներին, հասարակ ժողովրդին։ Միապետության հետ միասին, վերացել են բոլոր նրան հատուկ հաստատությունները՝ չկան այլևս ո՛չ ազնվականություն, ո՛չ արտոնյալ դասակարգեր, ո՛չ էլ պետական եկեղեցի։ Հետ այսու բոլոր կրոնները հավասար են։ Սույնով հանրապետություն է հռչակվում որպես ազգի բնականոն գոյավիճակ, երբ գոյություն ունենալուց դադարել են իշխանության բոլոր մյուս տեսակները։ Բրիտանական ժողովրդի պարտքն է անհապաղ համախմբվել, քվեարկությամբ ընտրել իր ներկայացուցիչներին և հանձնարարել նրանց կառավարության կազմը։
Ես ստորագրեցի՝ «Տնօրեն», ամսաթիվ դրեցի և տեղն էլ հայտնի արեցի, նշելով՝ «Մերլինի քարանձավ»։
Քլարենսն ասաց․
― Այդ նշանակում է նրանց իմաց տալ, թե որտեղ ենք գտնվում․ իբր եկեք և գերեվարեք մեզ։
― Այդպես է պետք։ Սույն ազդարարությամբ մենք հարված ենք հասցնում․ այժմ հերթը նրանցն է։ Հոգ տար, որպեսզի տպագրվի և ցրվի։ Եվ ապա, եթե դու երկու հեծանիվ ճարես, մենք կգնանք Մերլինի քարանձավը։
― Տաս րոպեից ամեն ինչ պատրաստ կլինի։ Ի՜նչ փոթորիկ կբարձրանա վաղը, երբ այս թղթի կտորը սկսի աշխատել։ Բայց ինչ էլ որ ասեն, մեր տունը փառավոր է, արդյոք երբևէ նորից կտեսնե՞նք այն։ Է՛հ, ոչինչ։