Changes

Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը

Ավելացվել է 45 220 բայտ, 13:22, 23 Մայիսի 2013
:Այդ պահից սկսած Հերմիոնա Գրեյնջերը դարձավ նրանց հարազատ ընկերը։
:Կյանքում պատահում են այնպիսի փորձություններ, որոնք հաղթահարելով, ի վերջո, չես կարող չհամակրել նրանց, ովքեր քո կողքին են եղել փորձության պահին։ Իսկ երեք ու կես մետրանոց լեռնային տրոլին հաղթելը, անշուշտ, նման փորձություններից է։
 
 
==Գլուխ տասնմեկերորդ․ Քվիդիչ==
 
:Եկավ նոյեմբեր ամիսը։ Եղանակը ցրտեց։ Դպրոցը շրջապատող սարալանջերը սառցային երկնագույն դարձան, իսկ ամրոցի լիճը պատվեց պողպատի պես կարծր սառույցով։ Ամեն առավոտ գետինը ծածկվում էր եղյամի հաստ շերտով։ Ամեն օր վերևի հարկերի պատուհաններից քվիդիչի մարզադաշտում կարելի էր տեսնել Հագրիդին՝ զգեստավորված ձմեռային հանդերձանքով. խլուրդի մորթուց կարված երկար մուշտակով, ձեռքերին՝ ճագարի մորթիով երիզված ձեռնոցներ, իսկ ոտքերին՝ կուղբի մորթիով ջերմացված հսկայական երկարաճիտ կոշիկներ։ Ամեն առավոտ ծեգին նա մարզադաշտում սառցազերծում էր քվիդիչի ցախավելները։
 
:Քվիդիչի խաղաշրջանը սկսվել էր։ Շաբաթ օրը, գրեթե երկու ամիս ջանասիրաբար մարզվելուց հետո, Հարրին պետք է առաջին անգամ մասնակցեր Գրիֆինդորն ընդդեմ Սլիզերինի Քվիդիչի գավաթի քառորդ եզրափակիչ խաղին։ Եթե Գրիֆինդորը հաղթի այդ խաղում, ապա Միաբանությունների գավաթի մրցույթում նրանք կբարձրանան երկրորդ տեղը։
 
:Գրեթե ոչ ոք Հարրիին քվիդիչ խաղալուց դեռ չէր տեսել, որովհետեև Վուդը որոշել էր Հարրիի շնորհքն ու տաղանդը, որպես գաղտնի զենք, մինչև վերջին պահը չբացահայտել։ Սակայն այն լուրը, որ Հարրին քվիդիչի մրցումներում Որսորդ է խաղալու, այդուհանդերձ, ինչ-որ կերպ տարածվել էր դպրոցում, և Հարրիի համար դժվար էր ասել, թե ի՞նչն էր ավելի վատ՝ երբ մարդիկ իրեն հորդորում էին չանհանգստանալ, որովհետև իրենք համոզված են, որ նա գերազանց է
խաղալու, թե՝ երբ ասում էին, որ չանհանգստանա, որովհետև իրենք կազմ ու պատրաստ կանգնած են լինելու դաշտում ու, եթե հանկարծ ցախավելից վայր ընկնի, նրա տակ փափուկ բարձ կդնեն։
 
:Հարրիի համար իսկապես մեծ հաջողություն էր Հերմիոնայի հետ ընկերանալը։ Նա արդեն չէր պատկերացնում, թե ինչպես էր գլուխ հանելու բոլոր տնային աշխատանքներից՝ առանց Հերմիոնայի օգնության, մանավանդ, որ վերջին օրերին Վուդը պարզապես խելագար չափերի էր հասցրել լրացուցիչ մարզումների թիվը։
 
:Հերմիոնան Հարրիին տվել էր «Քվիդիչի հազարամյա պատմությունը» գիրքը, որը, պարզվեց, բավականին հետաքրքիր ընթերցանյութ էր։ Այդ գրքից Հարրին իմացավ, որ քվիդիչի խաղի ժամանակ կարելի է յոթ հարյուր քառասուն վեց տեսակի խախտում կատարել, և որ այդ բոլոր յոթ հարյուր քառասուն վեց տեսակի խախտումները թույլ են տրվել 1473թ. Աշխարհի գավաթի մրցույթի կիսաեզրափակիչ խաղերից մեկի ժամանակ։ Այդ գրքից նա իմացավ, որ Որսորդները թիմերի ամենափոքր և ամենաարագաշարժ խաղացողներն են, և որ քվիդիչի խաղերի ժամանակ ամենալուրջ պատահարներն ու վնասվածքները հենց Որսորդների հետ են պատահում, որ, թեև քվիդիչի պատմության մեջ խաղի ժամանակ մարդկային զոհեր շատ հազվադեպ են եղել, սակայն դեպքեր են եղել, երբ դատավորները խաղի ընթացքում հանկարծ անհետացել են և հայտնաբերվել միայն մի քանի ամիս անց, ինչ-որ տեղ, Սահարայի անապատում։
 
:Այն օրվանից, ինչ Հարրին ու Ոոնը փրկեցին Հերմիոնային լեռնային տրոլից, նա սկսել էր ավելի հանգիստ վերաբերվել դպրոցի կանոնակարգը խախտող արարքներին, և, կարծես, բնավորությունն էլ էր փոխվել դեպի լավը։ Հարրիի առաջին քվիդիչի խաղից մեկ օր առաջ, դասամիջոցներից մեկի ժամանակ, նրանք երեքով զբոսնում էին սառցակալած բակում, և Հերմիոնան նրանց համար մի վառ երկնագույն խարույկ էր ստեղծագործել, որը կարելի էր՝ մուրաբայի բանկայի մեջ ձեռքով բռնած, տանել ուր ուզենաս։ Նրանք կանգնած տաքանում էին ՝ մեջքները դեպի խարույկը դարձրած, երբ Սառկեկը՝ ինչ-որ տեղ շտապելով, շեշտակի անցավ բակով։ Հարրին անմիջապես նկատեց, որ Սառկեկը կաղում էր։ Հարրին, Ռոնը և Հերմիոնան մոտեցան իրար, որ խարույկը Սառկեկի աչքից թաքցնեն, քանզի համոզված էին, որ դժվար թե դա թույլատրելի արարք էր։ Դժբախտաբար նրանց մեղավոր դեմքերը ինչ-որ շատ կասկածելի թվացին Սառկեկին։ Նա կանգ առավ ու շրջվեց դեպի եռյակի կողմը։ Ճիշտ է, կրակը նա չէր տեսել, սակայն միևնույն է, կարծես ինչ-որ պատրվակ էր փնտրում նրանց խրատելու կամ նույնիսկ պատժելու համար։
 
:— Այդ ի՞նչ է ձեռքիդ, Փո՛թթեր։
:Հարրիի ձեռքին «Քվիդիչի հազարամյա պատմությունը» գիրքն էր։ Հարրին գիրքը ցույց տվեց նրան։
:— Գրադարանի գրքերը դպրոցից դուրս տանել չի թույլատրվում, ― ասաց Սառկեկը, — Ինձ տուր այդ գիրքը։ Եվ հինգ միավոր է հանվում Գրիֆինդորից։
:— Նա ինքը հենց այս պահին հնարեց այդ կանոնը, — բարկացած մրթմրթաց Հարրին, մինչ Սառկեկը կաղալով հեռանամ էր, — Հետաքրքիր է, այդ ի՞նչ է պատահել նրա ոտքին։
:— Ի՞նչ իմանամ, բայց հուսով եմ, որ գոնե մի լավ ցավում է, — դառնացած ասաց Ռոնը։
 
:Այդ երեկո Գրիֆինդորի ընդհանուր սենյակը շատ մարդաշատ էր ու աղմկոտ։ Հարրին, Ռոնը և Հերմիոնան միասին նստած էին մի պատուհանի մոտ։ Հերմիոնան ստուգում էր Հարրիի ու Ռոնի հմայախոսքերի դասի տնային աշխատանքները։ Նա երբեք թույլ չէր տալիս, որ տղաներն իրենից արտագրեն։
 
:— Էլ ինչպե՞ս եք ինքներդ սովորելու, — ասում էր նա, սակայն խնդրելով, որ Հերմիոնան գոնե ընթերցի իրենց գրավոր աշխատանքները, տղաները, միևնույն է, իմանում էին ճիշտ պատասխանները։
 
:Հարրին իրեն տեղ չէր գտնում։ Նա պետք է ետ կերցներ «Քվիդիչի հազարամյա պատմությունը» գիրքը, որպեսզի՝ ուղեղն ինչ-որ բանով զբաղեցնելով, ինքն իրեն շեղեր հաջորղ օրը կայանալիք խաղից։ Այդ ինչո՞ւ պետք է ինքը վախենար Սառկեկից։ Տեղից վեր բարձրանալով, նա Ռոնին ու Հերմիոնային ասաց, որ պատրաստվում է գնալ Սառկեկի մոտ և խնդրել, որ նա գիրքն իրեն վերադարձնի։
 
:— Եթե գլուխդ քոր է գալիս... բայց հույս չունենաս, թե մենք կգանք քեզ հետ, — ասացին նրանք երկուսով, սակայն Հարրին մտածում էր, որ Սառկեկը իրեն չի մերժի, եթե ինքը նրան դիմի մյուս ուսուցիչների ներկայությամբ։
 
:Հարրին դուրս եկավ Գրիֆինդորի աշտարակից և մի քանի հարկ իջնելով, ուղղվեց դեպի ուսուցչանոց ու տեղ հասնելով, թակեց դառը։ Պատասխան չեղավ։ Նա կրկին թակեց։ Կրկին ոչ մի պատասխան։
 
:Գուցե Սառկեկը ինչ-որ տեղ ներսում է թողել գիրքը, մտածեց Հարրին։ Փորձը դեռ փորձանք չէ։ Նա դուռն առաջ հրեց և գլուխը ներս մտցրեց։ Մի հետաքրքիր տեսարան բացվեց նրա աչքերի առաջ։
 
:Ներսում միայն Սառկեկն ու Ֆիլչն էին։ Սառկեկը ծնկներից վեր էր բարձրացրել իր պարեգոտը։ Նրա ոտքերից մեկն արյունոտված էր ու ծնկից ներքև ծածկված զարհուրելի խորաբաց վերքերով։ Ֆիլչը փորձում էր վիրակապ դնել Սառկեկի վերքերի վրա։
 
:— Անիծյալ կենդանի, — ասում էր Սառկեկը, — Հետաքրքիր է, այդ ինչպես կարելի է աչքը միանգամից երեք գլխի վրա պահել։
 
:Հարրին փորձեց դուռն անձայն փակել, սակայն...
:— ՓՈ՛ԹԹԵՐ...
 
:Սառկեկի դեմքը կատաղությունից այլայլվեց, և նա պարեգոտի փեշը արագ ցած գցեց՝ վիրավոր ոտքը ծածկելու համար։ Հարրին հապշտապ թոթովեց.
:— Ես ուզում էի իմանալ, չե՞մ կարող, արդյոբ, գիրքս ետ վերցնել։
:— ԴՈ՜ՒՐՍ ԿՈՐԻ՛Ր ԱՅՍՏԵՂԻՑ, ԴՈ՜ՒՐՍ... Հարրին շտապեց հեռանալ, քանի դեռ Սառկեկը դարձյալ միավորներ չէր հանել Գրիֆինդորից։ Աստիճաններով վազելով բարձրանալով նա վերադարձավ ու կարմրատակած մտավ իրենց ընղհանուր սենյակը։
 
:— Հաջողվե՞ց վերցնել, — հարցրեց Ռոնը, երբ Հարրին միացավ նրանց։ — Ի՞նչ պատահեց։
 
:Ցածր շշուկով Հարրին պատմեց իր տեսածը։
:— Դուք հասկանո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում, — վերջացրեց նա շնչակտուր, — դա նշանակում է, որ Բոլոր սրբերի տոնի օրը նա փորձում էր անցնել եռագլուխ շան կողքով։ Ահա թե ուր էր նա գնում, երբ մենք նրան տեսանք երրորդ հարկի միջանցքում։ Նա ուզում է թռցնել այն, ինչը պահպանում է այդ շունը։ Եվ ես գրազ կգամ իմ ցախավելի վրա, որ այդ նա էր ներս թողել տրոլլին խուճապ բարձրացնելու համար։
 
:Հերմիոնայի աչքերը գնալով ավելի ու ավելի լայն էին բացվում։
:— Ո՛չ, չի կարող պատահել, — ասաց նա, — իհարկե, նա այնքան էլ հաճելի մարդ չէ, սակայն ես համոզված եմ, որ նա երբեք չի փորձի գողանալ մի բան, որը Դամբլդորն է ուզում ապահով թաքցնել։
:— Անկեղծ ասած, Հերմիոնա, քեզ որ լսենք, բոլոր ուսուցիչներն էլ սրբեր են, -― վրա տվեց Ռոնը, — ես համաձայն եմ Հարրիի հետ։ Իսկ Սառկեկից ի՜նչ ասես կարելի է սպասել։ Սակայն ի՞նչ է նրա ուզածը, և ի՞նչ է պահպանում այդ շունը։
 
:Հարրին անկողին մտավ՝ մտատանջվելով նույն մտորումներով։ Նեվիլը բարձրաձայն խռմփացնում էր, իսկ Հարրին չէր կարողանում քնել։ Նա փորձում էր ազատվել իրեն պաշարող անհանգիստ մտքերից։ Չէ՞ որ մի քանի ժամից պիտի դաշտ դուրս գար՝ առաջին անգամ քվիդիչի խաղին մասնակցելու համար։ Նրան պարզապես անհրաժեշտ էր քնել։ Սակայն բնավ հեշտ չէր մոռանալ Սառկեկի դեմքի այլայլված արտահայտությունը, երբ նա Հարրիին տեսավ ուսուցչանոցի դռան մեջ։
 
:Հաջորդ առավոտյան երկինքը ջինջ էր ու սառը։ Սեծ դահլիճը լցված էր տապակած երշիկի ախորժաբեր բուրմունքով և աշխույժ ժխորով։ Բոլորը զվարթ շատախոսում էին՝ ակնկալելով մի հիանալի քվիդիչային խաղ տեսնել։
:― Դու պետք է մի բան ուտես։
:― Չեմ ուզում։
:― Սի կտոր կարմրացրած հացիկ վերցրու, ― չէր հանդարտվում Հերմիոնան։
:― Քաղցած չեմ, ― համառում էր Հարրին։ Իրականում նա իրեն բավականին վատ էր զգում։
 
:Մի ժամից պիտի դուրս գար խաղադաշտ։
:― Հարրի, քեզ պետք է ուժ հավաքել, ― ասաց Սիմուս Ֆինիգանը, ― Որսորդներին միշտ բոլորից շատ է հասնում հակառակորդ թիմից։
:― Շնորհակալ եմ, Սիմուս, ― ասաց Հարրին՝ դիտելով, թե ինչպես է Սիմուսն իր ափսեի մեջ երշիկի վրա կետչուպ լցնում։
 
:Ժամը տասնմեկին մոտ գրեթե ամբողջ դպրոցն արդեն լցվել էր քվիդիչի մարզադաշտ և տեղեր զբաղեցրել մարզահրապարակի շուրջը հանդիսատեսների համար կառուցված բարձրահարթակների վրա։ Ուսանողներից շատերը զինված էին մեծ հեռադիտակներով։ Թեև նստարանները բավականին բարձր էին տեղադրված, միևնույն է, երբեմն դժվար էր լինում տեսնել, թե ինչ էր կատարվում հեռու երկնքում։
 
:Ռոնը և Հերմիոնան՝ Նեվիլի, Սիմուսի ու «Վեստ Հեմի» սիրահար Դինի հետ միասին, բարձրացան Գրիֆինդորի կողմնակիցների բարձրահարթակի նստարանների ամենավերին շարքը։ Հարրիին հաճելի անակնկալ անելու համար, նրանք Բոքոնի քրքրած սավաններից մեկի վրա մեծ տառերով մի երկար հաճոյախոս պլակատ էին պատրաստել՝ «ՓՈԹԹԵՐԻՆ ԸՆՏՐԵՆՔ ՆԱԽԱԳԱՀ», իսկ Դինը, որը լավ էր նկարում, տառերի տակ մի իսկական մեծ գրիֆինդորյան առյուծ էր նկարել։ Հերմիոնան էլ մի փոքրիկ անմեղ հրաշագործություն էր արել, որի շնորհիվ տառերը պարբերաբար փոխում էին գույները։
 
:Իսկ այդ պահին հանդերձարանում Հարրին ու գրիֆինդորի թիմի մյուս անդամները հագնում էին իրենց քվիդիչյան մարզական ալ կարմիր հանդերձանքը Սլիզերինի հանդերձանքը կանաչ գույնի էր։
 
:Վուդը կոկորդը մաքրեց, որ ներկաների ուշադրությունը իր վրա հրավիրի։
:— Օքեյ, տղաներ, — ասաց նա...
:— Եվ աղջիկներ, ― ավելացրեց հետախույզ Անժելինա Ջոնսոնը։
:— Եվ աղջիկներ, ― համաձայնեց Վուդը, ― ահա եկել է պահը...
:― Մե՜ծ պահը, — ճշտեց Ֆրեդ Ուիզլին։
:— Այն պահը, որին բոլորս վաղուց էինք սպասում, — շարունակեց Ջորջը։
:— Մենք Օլիվերի ճառը անգիր գիտենք, ― ասաց Ֆրեդը Հարրիին, ―անցած տարի էլ ենք թիմում եղել։
:— Դուք երկուսդ... ձայներդ կտրեք այդտեղ, ― ասաց Վուդը։ ― Այս տարվա մեր թիմը Գրիֆինդորի անցած վեց տարիների լավագույն թիմն է։ Մենք հաղթելու ենք։ Ես դրանում չեմ կասկածում։
 
:Նա՝ աչքերը փայլեցնելով, հայացքը դեմքից դեմք շրջեց, ասես ուզում էր շարունակել՝ թե չէ տեսե՛ք, հա...
 
:— Լավ։ Ժամանակն է։ Հաջողությո՛ւն բոլորիս։ Հարրին Ֆրեդի ու Ջորջի ետևից դուրս եկավ հանդերձարանից և վախենալով, որ ծնկները կարող են դավաճանել իրեն, հռնդալից ողջույնների ու ծափահարությունների տակ քայլեց դեպի մարզահրապարակի կենտրոն։
 
:Դատավորը մադամ Հուչն էր։ Նա կանգնած էր մարզահրապարակի կենտրոնում և իր ցախավելը ձեռքին սպասում էր երկու թիմերի խաղացողներին։
:— Զգուշացնում եմ բոլորիդ՝ միայն արդարացի ու ազնիվ խաղ, — ասաց նա, երբ բոլորը հավաքվեցին նրա շուրջը։ Հարրին նկատեց, որ նրա խոսքն ուղղված էր հատկապես Սլիզերինի կապիտան, հինգերորդ դասարանցի Մարկուս Ֆլինտին։ Հարրին մտածեց, որ Ֆլինտը կարծես մի քանի կաթիլ տրոլլի արյուն ունի երակներում։ Աչքի ծայրով նա նկատեց հանդիսատեսների բարձրահարթակներից մեկի գլխին ծածանվող շողոքորթ պլակատը՝ «ՓՈԹԹԵՐԻՆ ԸՆՏՐԵՆՔ ՆԱԽԱԳԱՀ», և նրա սիրտը ջերմացավ։ Նա իրեն սկսեց ավելի համարձակ զգալ։
 
:— Հեծնեք ձեր ցախավելները, խնդրեմ։ Հարրին հեծնեց իր «Նիմբուս երկու հազարը»։ Մադամ Հուչը ուժեղ սուլեց իր արծաթյա սուլիչով։ Տասնհինգ ցախավելներ վեր սլացան և կախվեցին օդի մեջ մարզադաշտի վրա։ Խաղն սկսվեց։
:— ...Եվ Բրդուճն անմիջապես հայտնվեց գրիֆինդորցի հետախույզ Անժելինա Ջոնսոնի ձեռքում... Ի՜նչ գերազանց հետախույզ է այս աղջիկը և, անկեղծ ասած, բավականին հրապուրիչ...
:— ՋՈՐԴԱ՛Ն...
:— Ներեցեք, պրոՖեսոր։
 
:Խաղը մեկնաբանում էր Ուիզլի երկվորյակների ընկեր Լի Ջորդանը՝ պրոՖեսոր Մըք Գոնագալի խիստ հսկողության տակ։
 
:— Ահա նա նետի պես սլացավ խաղացողների միջով... Գեղեցիկ փոխանցում Ալիսիա Սփինեթին՝ Օլիվեր Վուդի հիանալի հայտնագործությունը, որն անցած խաղաշրջանում, ավաղ, մնաց պահեստային... Գնդակը ետ անցավ Ջոնսոնին... Ոոո՜չ... Սլիզերինն է հիմա Բրդուճի տերը... Սլիզերինի կապիտան Մարկուս Ֆլինտը զավթեց Բրդուճն ա անցավ հակահարձակման։ Ֆլինտը արծվի նման սլացավ դեպի Գրիֆինդորի դարպասները, ևս մեկ վարկյան և, գո... Ավ-վաղ, նրան կանգնեցրեց ԳրիՖինդորի դարպասապահ Վուդի գերազանց հարվածը, և Բրդուճն անցավ Գրիֆինդորի խաղացողներին... Ահա առաջ է անցնում Գրիֆինդորի հետախույզ Քեթի Բելը. ի՜նչ գեղեցիկ խաբս տվեց՝ հենց Ֆլինտի քթի տակ սուզվելով... Ահա նա կրկին շեղաձիգ վեր է սլանում ուղիղ Սլիզերինի դարպասների առաջ... Ուուուֆֆ... հարվածը պետք է, որ շա՜տ ցավոտ լիներ՝ Բրետը հասավ ուղիղ ծոծրակին... Բրդուճին կրկին տիրացան սլիզերինցիք՝ Ադրիան Փյուսին է սլանում դեպի հակառակորդի դարպասները, սակայն նրան կանգնեցրեց երկրոդ Բրետը, որը նրա ճանապարհը կտրեց Ֆրեդ թե՞ Ջորջ Ուիզլիի հարվածով, այստեղից չի երևում, թե որ մեկի, ճիշտ ժամանակին էր գրիֆինդորցի Պաշտպանի հարվածը, ինչևէ, Բրդուճը կրկին Ջոնսոնի մոտ է... Առջևում դաշտն ազատ է, և նա առաջ է նետվում՝ իսկական հրթիռի պես կտրելով օդը... խուսափում է հերթական Բրետից.... Դարպասները դատարկ են... դե՛հ, Անժելինա, հապա քեզ տեսնենք... Դարպասապահ Բլեչլին սուզվում է և... վրիպում... ԳՐԻՖԻՆԴՈՐ ԳՈՈՈՈՈ՜Լ...
 
:Գրիֆինդորցիների ողջույնի աղաղակները ցնցեցին օդը, միաժամանակ ուղեկցվելով Սլիզերինի կողմնակիցների հիասթափված բվվոցներով։
:― Հո՛յ, տղերք, նեղ արեք՝ տեղ արեք։
:― Հա՜գրիդ։
 
:Ռոնն ու Հերմիոնան սեղմվեցին իրար՝ Հագրիդին նստարանի վրա տեղ տալու համար։
:― Իմ խրճիթից էի նայում, ― ասաց Հագրիդը թփթփացնելով վզից կախված մեծ հեռադիտակին, ―բայց տանից նույնը չէ, ինչ մարզասերների ամբոխի միջից նայելը։ Ի՞նչ եղավ... Բանբերը դեռ չի՞ երևացել։
 
:― Հը՛-ըմ, ― ասաց Ռոնը, ― մինչև այժմ Հարրին դեռ անելիք էլ գրեթե չի ունեցել։
:― Է՜հ, գոնե առայժմ փորձանքից հեռու է եղել, դա էլ քիչ բան չի, ― ասաց Հագրիդը բարձրացնելով հեռադիտակը և ուղղելով դեպի երկնքում բարձր սավառնող, հազիվ նշմարվող մի կետիկի, որը Հարրին էր։
 
:Երկնքում, խաղադաշտի վրա, բոլորից բարձր Հարրին էր սավառնում՝ աչքը շահենի պես շուրջը պտտեցնելով ու որևէ նշան փնտրելով Բանբերից։ Դա մտնում էր Վուդի խաղային մարտավարության մեջ։
 
:― Ոտքի տակ չընկնես մինչև Բանբերին չտեսնես, ― ասել էր Վուդը, ― մեզ պետք չէ, որ քեզ վրա ժամանակից շուտ ուշադրություն դարձնեն, թե չէ կդաոնաս նրանց ամբողջ թիմի հարձակման նշանակետը։
 
:Երբ Անժելինան գոլ խփեց, Հարրին օդում մի քանի անգամ գլխադարձ հանգույց արեց՝ իրեն պառակտող զգացմունքներին ելք տալու ու նյարդերը հանգստացնելու համար։ Հիմա նա կրկին վերադարձել էր իր դիտակետը և ուշիուշով որևէ նշան էր փնտրում Բանբերից։ Մի անգամ կարծես ոսկեփայլ շողք առկայծեց օդի մեջ, սակայն դա Ուիզլիներից մեկի ձեռքի ժամացույցի արտացոլումն էր։ Մի անգամ էլ Բրետներից մեկը որոշեց նրա կողմը գալ՝ օդը կտրելով թնդանոթից արձակած գնդակի նման, որևէ ուրիշ բանի հետ հնարավոր չէր դրան համեմատել, բայց Հարրին իր մահակի հարվածով ետ շպրտեց այն ու Ֆրեդ Ուիզլին վնգալով անցավ նրա կոդքով հետապնդելով Բրետին։
 
:― Ո՞նց ես, Հարրի՜, պինդ կա՜ց... ― հասցրեց բղավել Ֆրեդը՝ Բրետը կատաղի հարվածով ուղարկելով Մարկուս Ֆլինտի կողմը։
 
:― Գնդակը Սլիզերինի մոտ է, ― ասում էր այդ պահին Լի Ջորդանը, ― Հետախույզ Փյուսին խաբս տվեց և հեռացավ երկու Բրետներից, երկու Ուիզլիներից, Հետախույզ Բելից և սլացավ դեպի... մի րոպե... այն ի՞նչ փայլեց օդի մեջ... Բանբերը չէ՞ր...
 
:Մի անհանգիստ մրմունջի ալիք անցավ մարզասերների շարքերով, երբ Ադրիան Փյուսին կորցրեց Բրդուճը՝ ուշադրությունը շեղելով իր ձախ ականջի կողքով սվվոցով անցած ոսկեփայլ կետիկի վրա։
 
:Հարրին տեսավ։ Հուզմունքի մի հախուռն բռնկումով նա ներքև սուզվեց՝ ոսկեփայլ ճառագայթի ուղղությամբ։ Սլիզերինի որսորդ Թերենս Հիգզը նույնպես տեսել էր։ Վիզ-վզի կպած նրանք քամու պես սլացան Բանբերի ուղղությամբ։ Կարծես բոլոր հետախույզները մի պահ մոռացան, թե ինչ պետք է անեին և կախվեցին օդի մեջ՝ դիտելով իրավիճակը։
 
:Հարրին Թերենսից արագ էր։ Նա ուղիղ իր առջևում տեսնում էր փոքրիկ կլոր կետիկը՝ թափանցիկ թրթռացող թևիկներով։ Նա մի փոքր էլ արագություն տվեց իր ցախավելին...
 
:ՎՎԱԱԱ՜ՄՄ... Կատաղության մի հռնդյուն բարձրացավ ներքևից, ալեկոծելով Գրիֆինդորի մարզասերների շարքերը։ Մարկուս Ֆլինտը դիտավորյալ կտրել էր Հարրիի ճանապարհը, և Հարրիի ցախավելը, չհասցնելով արագությունը իջեցնել, տեղում կատաղի պտույտներ էր գործում։ Հարրին կյանքի ու մահու կռիվ էր տալիս փորձելով խելագար գալարապտույտի մեջ ձեռքից բաց չթողնել ցախավելի կոթը։
:― ԽԱԽՏՈ՜ԻՄ, ― միաձայն ճչացին գրիֆինդորցիները։
 
:Մադամ Հուչը բարկացած ինչ-որ բան ասաց Ֆլինտին և կարգադրեց տուգանային ազատ հարված Սլիզերինի դարպասների մոտ։ Սակայն այդ ամբողջ խառնաշփոթի մեջ Ոսկյա Բանբերը, անշուշտ, արդեն չբացել էր։
 
:Ներքևից՝ Գրիֆինդորի մարզասերների բարձրահարթակից, Դին Թոմասը թոքերի ամբողջ ուժով գոռում էր.
:— Դատավոո՜ր, խաղից դուրս հանի՛ր դրաա՜ն... կարմիր քարտ ցույց տուո՜ւր :
 
:— Սա հո ֆուտբոլ չի, Դին, ― հիշեցրեց նրան Ռոնը, ― քվիդիչում ոչ ոքի խաղից չեն հեռացնում։ Իսկ կարմիր քարտն ի՞նչ է նշանակում։
 
:Սակայն Հագրիդը Դինի կողմից էր։
:― Պարտավոր են փոխել կանոնները, Ֆլինտը կարող էր Հարրիին ցախավելից ցած գլորել։
:Լի Ջորդանի համար անչափ դժվար էր անկողմնակալ լինելը։
:— Այսպիսով, այդ ակնհայտ և զազրելի խախտումից հետո...
:— Ջորդա՛ն, ― խիստ բղավեց պրոֆեսոր Մըք Գոնագալը։
:— Ուզում էի ասել այդ բացահայտ և լկտի խախտումից հետո...
:— Ջորդա՛ն, վերջին անգամն եմ զգաշացնում։
:— Հասկացա, հասկացա... Ֆլինտը քիչ մնաց սպաներ Գրֆինդորի Որսորդին... դե՛հ, ինչ կա որ... ում հետ ասես կպատահի... Ինչևէ, Գրիֆինդորը տուգանային հարված է իրականացնում, գնդակը Սփինեթի մոտ է, նա ետ է փոխանցում... խաղը շարունակվում է, վարում են գրիֆինդորցիք...
 
:Դա սկսվեց, այն պահին երբ Հարրին հազիվ խույս տվեց մեկ այլ Բրետից, որը սպառնալից վնգոցով անցավ նրա գլխի մոտով։ Նրա ցախավելը հանկարծ շեշտակի ծառս եղավ։ Մի վայրկյան նրան թվաց, թե ուր որ է վայր կընկնի։ Հարրին երկու ձեռքերով ու ծնկներով ամուր կառչեց ցախավելից։ Նման բան նրա հետ դեռ ոչ մի անգամ չէր պատահել։
 
:Դա նորից կրկնվեց։ Այնպիսի տպավերաթյան էր ստեղծվում, ասես ցախավելն ուզում էր նրան վայր գցել։ Սակայն «Նիմբուս երկու հազարների» մոտ հենց այնպես, հանկարծակի, հեծյալին ցած գցելու ցանկություն չի արթնանում։
Հարրին փորձեց ցախավելն ուղղել դեպի Գրիֆինդորի դարպասային սյունաձողերը։ Նա նույնիսկ մտածեց նշան անել Վուդին, որ թայմաութ վերցնի, սակայն հանկարծ հասկացավ, որ լրիվ կորցրել է ցախավելի ղեկավարությունը և նույնիսկ չի կարող շրջել այն իր ուզած ուղղաթյամբ։ Նա ընդհանրապես չէր կարողանում կառավարել ցախավելը, որը խելագար զիգզագներ էր կատարում օդի մեջ և մերթ ընդ մերթ այնպես շեշտակի ծառս լինում ու ցնցվում, որ Հարրին հազիվ էր կարողանում ցախավելին կառչած մնալ։
:Լին շարունակում էր մեկնաբանել խաղը։
 
:— Գնդակը Սլիզերինի մոտ է... Ֆլինտն է՝ Բրդուճով... փոխանցում Սփինեթին... կրկին փոխանցում Բելին... Բելը քթին հարված ստացավ Բրետով... Հուսով եմ, որ քիթը ջարդվեց... Կատակ եմ անում, պրոֆեսոր... Օօ՜, ո՜չ... գո՛լ... Սլիզերինը հավասարեցրեց հաշիվը...
 
:Սլիզերինցիք ցնծում էին։
:Թվում էր թե ոչ ոք չէր էլ նկատել, որ Հարրիի ցախավելն իրեն շատ տարօրինակ էր պահում։ Իսկ ցախավելը Հարրիին հետզհետե ավելի ու ավելի վեր էր բարձրացնում երկնքի մեջ և հեռացնում խաղադաշտից, անդադար ցնցվելով և ծառս լինելով։
:― Չգիտեմ, թե Հարրին իր կարծիքով ինչ է անում, —անհանգստացած փնթփնթաց Հագրիդը։ Նա իր հեռադիտակով հետևում էր Հարրիին, — եթե բան չիմանայի, պիտի մտածեի, որ նա կորցրել է ցախավելի ղեկավարությունը... բայց, ախր, նման բան չի կարող պատահել...
 
:Հանկարծ բարձրահարթակների վրա բոլոր նստածները միանգամից սկսեցին մատով ցույց տալ օդի մեջ ճանճի պես անկանոն թռվռացող Հարրիին։ Նրա ցախավելն սկսել էր կրկին ու կրկին պտտվել տեղում, մինչ Հարրին՝ իր վերջին ուժերը լարելով, փորձում էր կառչած մնալ ցախավելի կոթից։ Հետո հանդիսատեսները սարսափահար շունչները պահեցին։ Հարրիի ցախավելը մի կատաղի ցնցում արեց, որից նա դուրս թռավ ցախավելի վրայից։ Հաջորդ վայրկյանին նա՝ մի ձեռքով ցախավելի կոթից կախված, ճոճվում էր օդի մեջ հսկայական բարձրության վրա։
 
:— Այս ի՞նչ եղավ, գուցե ցախավելի հետ ինչ-որ բան պատահեց, երբ Հարրին ընդհարվեց Ֆլինտի հետ, — անհանգիստ շշնջաց Սիմուսը։
:— Անհնար է, — ասաց Հագրիդը դողացող ձայնով, — ցախավելի վրա ոչինչ չի կարող ազդել բացի հզոր սև մագիայից, — ոչ մի երեխա նման բան չի կարող անել «Նիմբուս երկու հազարի» հետ։
 
:Այդ խոսքերի վրա Հերմիոնան Հագրիդի ձեռքից դուրս թռցրեց հեռադիտակը, սակայն Հարրիի վրա նայելու փոխարեն նա սկսեց խուճապահար ինչ-որ բան փնտրել հանդիսատեսների ամբոխի մեջ։
 
:— Այդ ի՞նչ ես անում, — հողագույն դեմքով տնքաց Ռոնը։
:— Այդպես էլ գիտեի, — վերջապես արտաշնչեց Հերմիոնան, — Սառկեկն է... ապա մի այս կողմը նայե՛ք։
:Ռոնը նրա ձեռքից ճանկեց հեռադիտակը։ Սառկեկը նստած էր ուղիղ նրանց դիմացի բաձրահարթակի մեջտեղում։ Նա աչքերը գամել էր Հարրիի վրա ու գրեթե անշարժ շրթունքներով ինչ-որ բան էր անդադար մրմնջում։
 
:— Նա ինչ-որ վատ բան է անում, չարադյութում է Հարրիի ցախավելը, — ասաց Հերմիոնան։
:— Հիմա ի՞նչ ենք անելու։
:— Ես հոգ կտանեմ։
 
:Մինչև Ռոնը կհասցներ մի խոսք ասել, Հերմիոնան չքացավ։ Ռոնը հեռադիտակը նորից ուղղեց Հարրիի վրա։ Նրա ցախավելն այնպես ուժեղ էր ճոճվում, որ անհնար էր հավատալ, թե Հարրին կարող է ավելի երկար դիմանալ։ Բոլոր հանդիսատեսները ոտքի էին կանգնել և սարսափից այլայլված դեմքերով հետևում էին Հարրիին, մինչ Ուիզլի եղբյարները փորձում էին նրան էվակուացնել իրենցից մեկնումեկի ցախավելի վրա։ Բայց ոչինչ չէր ստացվում, որովհետև ամեն անգամ, երբ նրանք մոտենում էին Հարրիին նրա ցախավելը կատաղի ծառս էր լինում և ավելի վեր բարձրանում։
 
:Ուիզլիները սկսեցին պտտվել Հարրիի տակ, ակնհայտորեն հույս ունենալով բռնել նրան, եթե նա՝ չկարողանալով այլևս կախված մնալ ցախավելի կոթից, վայր ընկնի։ Մինչ այդ Մարկուս Ֆլինտն իր ձեռքն էր վերցրել Բրդուճը և առանց որևէ մեկի կողմից նույնիսկ նկատվելու հինգ անգամ հեշտ ու հանգիստ գոլ էր խփել Գրիֆինդորի դարպասներին։
 
:— Դեհ, շո՜ւտ արա, Հերմիոնա, — հուսահատ շշնջաց Ռոնը։
:Հերմիոնան ինչքան կարող էր արագ հասավ դիմացի հարթակին, որտեղ Սառկեկն էր նստած և նրա ետևի շարքում բոլորին աջ ու ձախ հրմշտելով՝ մոտենում էր Սառկեկի նստարանին։ Հերմիոնան նույնիսկ չկանգնեց պրոֆեսոր Քուիրելից ներողություն խնդրելու, որի կողքով անցնելիս պատահաբար այնպես հրեց, որ վերջինս հավասարակշռությունը կորցնելով, ամբողջ մարմնով ընկավ դիմացի շարքի վրա։ Սառկեկին հասնելով, Հերմիոնան կռացավ նրա նստարանի տակ, հանեց իր կախարդական փայտիկը և մի քանի հատուկ բառեր շշնջաց։ Նրա փայտիկի ծայրից վառ կապույտ կրակի լեզուներ ժայթեցին Սառկեկի պարեգոտի փեշի վրա։
 
:Մի քանի վայրկյան անց Սառկեկը վերջապես գլխի ընկավ, որ իր պարեգոտն այրվում է։ Նրա տագնապահար աղաղակից Հերմիոնան հասկացավ, որ իր գործն արել է և հաջորդ վայրկյանին նա արագ շարժումով հավաքեց կրակի բոլոր բոցերը մինչև վերջին կայծը իր գրպանից հանած մի փոքր բանկայի մեջ ու կորամեջք ետ շտապեց նստարանների ետևով, այնպես որ Սառկեկը չհասկացավ էլ, թե ինչ կատարվեց։
 
:Սակայն այդքանն արդեն բավական էր։ Երկնքում Հարրիին ակնհայտորեն հաջողվեց կրկին սանձել իր ցախավելը։
:— Նեվիլ, կարող ես աչքերդ բացել, — ասաց Ռոնը։ Վերջին հինգ րոպեների ընթացքում Նեվիլը՝ դեմքը Հագրիդի բաճկոնի մեջ խրած, աղիողորմ հեծկլտում էր։
 
:Հարրին, արագություն հավաքելով, վայր էր սլանամ դեպի մարզահրապարակը։ Երբ վերջապես տեսանելի դարձան նրա դեմքն ու ձեռքերը, բոլորը նկատեցին, որ նա մի ձեռքով հանկարծ արագ փակեց բերանը, ասես սիրտը խառնում էր և ուր որ է պիտի որձկար; Հարրին վայրէջք կատարեց միանգամից չորս վերջավորությունների վրա։ Չորեքթաթ գետնին հենված, նա հանկարծ հազաց, ու ինչ-որ դեղին բան դուրս թռավ նրա բերանից ուղիղ ձեռքի մեջ։
 
:— Բանբերն ինձ մո՜տ է, — բղավեց նա գլխից բարձր թափահարելով ոսկեգույն գնդակը, և խաղն ավարտվեց բացարձակ խառնաշփոթի մեջ։
 
:— Բայց ախր նա չի բռնել գնդակը, նա ուղղակի կուլ է տվել այն, — խաղից արդեն քսան րոպե անց կոկորդաձայն դեռ բողոքում էր Ֆլինտը, սակայն դա ունչով չէր կարող օգնել Սլիզերինի թիմին։
 
:Հարրին խաղի ոչ մի կանոն չէր խախտել, և Լի Ջորդանը շարունակում էր ուրախ֊ուրախ ազդարարել խաղի արդյունքը՝ Գրիֆինդորը հաղթեց հարյուր յոթանասուն ֊ վաթսուն հաշվով։ Սակայն Հարրին այդ ամենից ոչինչ չէր լսում։ Հագրիդը նրան, Ռոնին ու Հերմիոնային տարել էր իր խրճիթը և շաքարով մուգ թեյ էր հյուրասիրում։
:― Սառկեկն էր, — բացատրում էր Ռոնը, — ես ու Հերմիոնան տեսանք, թե նա ինչպես էր կախարդում։ Նա չարադյաթում էր քո ցախավելը և քթի տակ անընդհատ մոգական դյաթաղոթք էր մրմնջում՝ առանց քեզնից աչքը կտրելու։
 
:— Հիմարություն, — ասաց Հագրիդը, որը մի բառ էլ չէր յսել այն ամենից, ինչ կատարվել էր նրա քթի տակ՝ բարձրահարթակի վրա, — Ի՞նչ շահ ունի Սառկեկը նման բան անելու համար։
 
:Հարրին, Ռոնը ու Հերմիոնան իրար երեսի նայեցին՝ մտածելով, թե ինչ կարելի է ասել նրան համոզելու համար։ Հարրին վերջապես որոշեց ասել ճշմարտությունը։
 
:— Ես մի բան եմ իմացել նրա մասին, — ասաց նա Հագրիդին, ― Բոլոր սրբերի օրը նա փորձում էր անցնել եռագլուխ շան մոտով։ Եվ շունը վիրավորել էր նրան։ Սենք կարծում ենք, որ Սառկեկն ուզում է գողանալ այն, ինչը պահպանում է այդ շանը։
 
:Թեյնիկը վայր ընկավ Հագրիդի ձեռքից։
:— Իսկ դուք որտեղի՞ց գիտեք Խավիկի մասին։
:— Խավիկի՞...
:— Հա՛, նա իմն է, մի լեռնական որսորդից եմ առել պանդոկում, դեռ անցած տարի։ Ես նրան պարտքով տվել եմ Դամբլդորին, որ պահպանի...
 
:— Ի՞նչը... — անհամբեր հարցրեց Հարրին։
:― էլ հարցեր չտաք, հերիք է, — ասաց Հագրիդը շփոթվելով, — դա մեծ գաղտնիք է, ա՛յ, թե ինչ։
:— Բայց Սառկեկն ուզում է գողանալ այն։
:— Հիմարություն, Սառկեկը Հոգվորթսի ուսուցիչներից է, նա երբեք նման բան չի անի։
:— Այդ դեպքում ինչո՞ւ էր քիչ առաջ փորձում սպանել Հարրիին, — հարձակվեց Հերմիոնան։
 
:Կեսօրվա իրադարձություններն ակնհայտորեն փոխել էին նրա կարծիքը Սառկեկի մասին։
:— Ես անմիջապես ճանաչում եմ ցանկացած չարադավ դյաթաղոթք կամ անեծք, Հագրիդ։ Ես այնքան բան եմ կարդացել դրանց մասին։ Չար անեծքի համար պետք է աչքդ չկտրես քո թիրախից, իսկ ես տեսա, թե ինչպես էր Սառկեկն առանց աչք կտրելու նայում Հարրիին։
 
:― Ասում եմ Ձեզ՝ դուք սխալվում եք, ― համբերությունը կորցնելով, տաքացած ասաց Հագրիդը, ― չգիտեմ, թե ինչու էր Հարրիի ցախավելն էդպես գժվել, սակայն Սառկեկը երբեք չի փորձի որևէ ուսանողի վնաս հասցնել։
:Հիմա ինձ լսեք, բոլոր երեքդ էլ... Դուք քթներդ խոթում եք էնպիսի բաների մեջ, որոնք ձեզ բոլորովին չեն վերաբերում։ Իսկ դա շա՜տ վտանգավոր է։ Ուրեմն ասածս ականջներիդ օղ արե՛ք և մեկընդմիշտ մոռացե՛ք. թե՛ էդ շանը, և թե՛ ինչ է նա էնտեղ պահպանում... Դա ձեր գործը չի՛... Դա միայն Դամբլդորի ու Նիքողայոս Ֆլամերի գործն է...
:— Ահ–հա՛, ― ասաց Հարրին, ― ուրեմն այս գործի մեջ մեկն էլ կա՝ Նիքողայոս Ֆլամեր անունով...
 
:Հագրիդի շփոթմունքին ու բարկությանը չափ ու սահման չկար, բայց ամենից շատ նա բարկացած էր ինքն իր վրա։