Այդ հին տան մյուս հարկերը զբաղեցնում էին ուրիշ բնակիչներ։
Միսս Սփինքը և միսս Ֆորսիբլը, երկու կլորիկ ծեր կանայք, ապրում էին առաջին հարկում, Կորալայնենց բնակարանի տակ։ Նրանք պահում էին մի քանի շոտլանդական տերյերներ, որոնց կարծես անվանում էին Հեմիշ, Էնդրյու և Ջոն։ Ջոք։ Ինչպես հայտնեց առաջին հանդիպման ժամանակ Քորալայնին միսս Սփինքը, իրենք դերասանուհիներ էին եղել։
― Գիտես, Քարոլայն, ― ասաց Միսս Սփինքը, սխալ անունով դիմելով աղջկան, ― ես և միսս Ֆորսիբլը ժամանակին շատ հայտնի դերասանուհիներ էինք։ Մեզ ճանաչում էին Անգլիայի սահմաններից շա՜տ հեռու, սիրելիս։ Մի՛ տուր Հեմիշին խմորեղեն, նրա փորը կցավի և նա կտանջվի ողջ գիշեր։