Բացի մարդկանցից, Բրիի շրջանում քիչ չէին նաև հոբիթները: Նրանք պնդում էին, որ Բրին հոբիթական ամենահին բնակավայրն է. իբր՝ մենք որ էստեղ ապրում էինք, Բրենդիդուիմի այն ափին իսկի հոբիթի ոտք չէր դիպել, իսկ Հոբիթստանն առհասարակ դեռ գոյություն չուներ: Հոբիթների գլխավոր բնակավայրը համարվում էր Հիմնը, բայց Բրիում էլ շատ հոբիթական բներ կային՝ հատկապես լեռան լանջին, մարդկանց կացարաններից վերև: Մանր ու խոշոր ժողովուրդը, ինչպես իրենք էին անվանում միմյանց, խաղաղ ու հանգիստ ապրում էին կողք կողքի, ամեն մեկն զբաղվում էր իր գործով ու չէր խանգարում մյուսին, բայց և՛ մարդիկ, և՛ հոբիթները իրենց համարում էին բնիկ բրիեցի: Էլ ուրիշ ոչ մի տեղ աշխարհում այդպիսի յուրօրինակ հարևանություն հնարավոր չէր հանդիպել:
Տեղացիները՝ թե՛ մանր, թե՛ խոշոր, արկածների ու ճամփորդությունների սիրահար չէին: Հիմնականում բավարարվում էին շրջանային լուրերով՝ հարևան գյուղերից եկող նորություններով: Ճիշտ է, երբեմն բրիեցի հոբիթները հասնում էին Բրենդիդուիմք, երբեմն էլ նույնիսկ մինչև արևելյան ծայրամաս, սակայն հոբիթստանցիները Բրի, կարելի է ասել, չէին գնում, թեև բրենդիդումյան կամրջից մինչև այդ փոքրիկ շրջանի սահմանը ընդամենը մեկ օրվա ճանապարհ էր: Երբեմն պատահական բրեդիդուիմցի բրենդիդուիմցի կամ որևէ արկածասեր Տուկ մեկ կամ երկու օրով հյուրընկալվում էին տեղի պանդոկում, բայց բրիեցիները նույնիսկ դրանից էին արդեն հետ վարժվել: Հոբիթստանում բրիեցիներին և բոլորին, ովքեր բնակվում էին չորս նահանգների սահմաններից դուրս, համարում էին օտարերկրացի և խուսափում էին նրանցից՝ համարելով տգետ ու անտաշ գեղջուկներ: Իսկ օտարերկրացիներ Միջերկրի արևմուտքում այդ օրերին ավելի շատ կային, քան կարծում էին հոբիթստանցիները: Ճիշտ է, այդ ճանապարհորդներից ոմանք հասարակ թափառաշրջիկներ էին. որջեր էին փորում՝ որտեղ պատահի, ու դուրս էին թռչում այնտեղից, հենց որ կարիքը ստիպում էր: Բայց Բրիում բնակվում էին բացառապես պատվարժան ու բարեկեցիկ հոբիթներ, որոնք գրեթե ոչնչով չէին զիջում Հոբիթստանի իրենց հեռավոր ազգականներին: Նրանք, ի տարբերություն հոբիթստանցիների, դեռ չէին մոռացել այն ժամանակները, երբ այդ երկու շրջանները լավ հարաբերությունների մեջ էին: Խոսում էին, նույնիսկ, որ Բրենդիբաքերի տոհմն արյունակցական կապ ունի բրիեցիների հետ:
Բրիում մոտ հարյուր քարե տուն կար, որտեղ ապրում էին մարդիկ: Այդ տները հմնականում հիմնականում կառուցված էին լեռան լանջին՝ ճանապարհի վերևում, պատուհաններով դեպի արևմուտք: Ճանապարհի մյուս կողմում խորը խանդակ էր, որը, սկսվելով լանջից, մեծ կիսաշրջան էր գծում գյուղի շուրջը և նորից միանում լանջին: Խանդակի ներքին կողմի երկայնքով կենդանի ցանկապատ էր ձգվում: Ճանապարհն անցնում էր խանդակի մեջ լցված հողաթմբի վրայով և դեմ առնում ցանկապատի մեջ բացված մեծ դարպասին: Այդպիսի մեկ այլ դարպաս էլ գյուղի մյուս ծայրին կար: Մութն ընկնելուն պես երկու դարպասն էլ ամուր կողպում էին: Ցածր երկակի դռների մեջտեղում փոքրիկ խուց էր կառուցված, որտեղ նստում էր պահակը:
Դարպասից ներս մտնելով՝ ճանապարհը թեքվում էր աջ ու, լեռան ստորոտով գնալով, հասնում էր մեծ պանդոկին: Այն կառուցել էին շատ վաղուց, երբ Ուղին դեռ չէր ամայացել: Բրին կառուցված էր երկու հնագույն ուղիների ճամփաբաժանում. այն հին օրերին գյուղի արևմտյան մասում Մեծ Ուղին հատվում էր մեկ այլ հին ուղու հետ, որով անցած օրերին Բրի էին այցելում ոչ միայն մարդիկ, այլ նաև էլֆեր, թզուկներ և այլոք: «Բրիի հեքիաթներից է» և «Էդպիսի բան նույնիսկ Բրիում չես լսի»՝ այսպես էին ասում արևելյան նահանգի հոբիթները, երբ անհավանական մի բան էին լսում: Այդ ասացվածքները գալիս էին հնուց, այն ժամանակներից, երբ պանդոկում կարելի էր նորություններ իմանալ ցանկացած վայրից՝ հյուսիսից, հարավից, արևելքից, արևմուտքից: Այն ժամանակ Հոբիթստանի հոբիթները դիտավորյալ գալիս էին Բրի՝ իմանալու, թե ինչ է կատարվում աշխարհում: Բայց Հյուսիսի երկրները վաղուց ամայացել էին, և Հյուսիսային Ուղին այլևս չէր օգտագործվում. այն ամբողջապես ծածկվել էր կանաչով, որի պատճառով էլ վերանվանվել էր Կանաչ Ուղի:
Դահլիճում ամենազանազան ու խայտաբղետ ժողովուրդ էր հավաքված: Ֆրոդոն զննեց նրանց, երբ աչքերը վարժվեցին սրահի լույսին, եթե չասենք կիսախավարին: Միայն բուխարիկն էր կարմրավուն շողեր սփռում, իսկ երեք բազմամոմ աշտանակները հաշվի մեջ չէին. դրանց արձակած առանց այն էլ թույլ լույսը կորչում էր խիտ ծխի մեջ: Լավր Նարկիսը կրակի մոտ կանգնած խոսում էր միաժամանակ երկու թզուկի և երեք տարօրինակ տեսքով մարդկանց հետ: Նստարաններին խառը նստած էին բրիեցիներ, տեղացի հոբիթներ, թզուկներ և էլի ով ասես, ծխի մեջ լավ չէր զանազավում:
Հոբիթստանի հոբիթներին տեսնելով բրիեցիները ծափ տվեցին և ուրախ խժդժոց բարձրացավ: Օտարականները, հատկապես նրանք, ովքեր եկել էին Կանաճչ Կանաչ Ուղիով, շրջվեցին ու սկսեցին հետաքրքրությամբ ոտքից գլուխ չափել հոբիթներին: Պանդոկպանը չէր համբերում, որ բրիեցիներին ներկայացնի նոր ժամանած հյուրերին, իսկ նրանց էլ՝ սրանց. այնքան չէր համբերում, որ հոբիթների գլխին ուղղակի անունների տարափ տեղաց: Բրիեցի «խոշորների» տոհմանունները մեծամասամբ բուսական էին՝ Եղեգնյակ, Հավամրգունի, Ուղտափուշիկ, Կաղամախունկ և նման այլ անուններ (հոբիթստանցի հոբիթներին դա անհականալի տարօրինակություն թվաց:): Տեղական ամենահաճախ հանդիպող անունը Հինկաղնին էր: Բայց կային նաև հոբիթներին հայտնի տոհմանուններ. Բնունիներ, Ավազունսեր, Փոսփորիկներ, Երկարոտքներ, որոնց կրողներն անկասկած ազգակիցներ կունենային Հոբիթստանում: Գտնվեցին նաև իսկական Զառիթափցիներ. նրանք արագորեն ընդունեցին Ֆրոդոյին իրենց շարքերը և, չգիտես ինչու, վստահ էին, որ Ֆրոդոն ոչ այլ ոք է, քան իրենց փոքր տարիքում կորած եղբայրը:
Տեղացի հոբիթների բարյացակամությունը խառնվեց հետաքրքրասիրության հետ, և Ֆրոդոն հասկացավ, որ առանց բացատրությունների սրանցից չես ազատվի: Նա ասաց, որ հետաքրքրվում է պատմությամբ ու տարածքահետազոտությամբ (բոլորը գլխով էին անում, թեպետ բառերը արտասովոր էին), որ պատրաստվում է գիրք գրել (զարմանք կտրած լռությունը եղավ դրա պատասխանը), որ նա ու իր ընկերները տեղեկություններ են հավաքում Հոբիթստանի սահմաններից դուրս ապրող, հատկապես արևելյան հոբիթների մասին: