Ամեն ճակատամարտի մեջ մեռելթաղի դադար կա, քեզի ի՞նչ եղավ․ ժամանա՞կ իսկ չես տար՝ սա տասը տարվա սպանածներդ թաղելու․․․
==Տետրի վրա թիվ չկա==
<b>Հինգշաբթի 8.</b> ― Կայարան էի գացեր այսօր։ Կեցավ գնացքը ու սալոն֊վագոնին մեջեն ելան խումբ մը կոմունիստ տղեկներ։ Նորմալ ժամանակ ատոնք ոչ թե սալոն֊վագոն, այլ գնացքի տակը կպցված արկղերով ճամբորդելու միայն արժանի էին։
Գլխավորը, որուն շրջապատեր էին մյուսները, վերեն վար կաշիե զգեստի մեջ, ձեռները պորտֆել մը կպտտացուներ։ Եվ որովհետև, բոլոր նշաններով ատիկա չեկիստ մըն էր, ուրեմն ըսենք անմիջապես, որ այդ պորտֆելին մեջ կպպտեր հազարավոր անմեղ մարդոց դատավճիռները։
Եթե ըսեմ՝ 16 աղջկա սիրելու կարողություն ուներ տղան, ատով որոշած կըլլամ իր տարիքն ու առողջությունը։
Մի՞թե իրավունք ունի «բանվորի ներկայացուցիչ» մը այդքան կակուղ տեղեր նստելու, երբ բանվորությունը ոտքի վրա է ու չոր տեղ իսկ չունի նստելու։
Ես կապրիմ երեխաներուս համար, այդ պատճառով արջ խաղացնելուն ես տղուս կդնեմ գլխուս վրա, որ լավ տեսնե։ Իսկ ատոնք, կապրին որպես թե բանվորներու համար, բայց արջի ժամանակ բանվորները կդնեն ոտքի տակ, վրան կելնեն, որ աղեկ տեսնեն։
Ուրիշ ի՞նչ անուն տաս, երբ իրենք 600 ռ․ ամսական կառնեն, իսկ իրենց սիրեցյալ բանվորներուն 60 ռ․ կուտան։
Եթե գաղափարը զոհել կհրահանգե, ո՞ւր է ատոնց զոհը։ Կամ եթե կա զոհը, չի՞ նմաներ արդյոք այն զոհին, երբ աքլորը կտանեն վանք մը, կատարը կարյունեն ու բերելով տանը կեփեն ու աղվոր մը կուտեն վասն հոգու փրկության։
Օ՜, փարիսեցություն, քանի՞ ձևով որակեմ քեզի։
<b>Ուրբաթ 9.</b> ― Կառուցողներու ակումբ։ «Կարմիր» ճարտարապետներու անդրանիկ շենքը։ Կես միլիոն ռուբլի ծախս։
Այս շենքը, սակայն, անհամբեր իր ավարտին կսպասե, որ․․․ փող գա։
Եթե կուզեք գիտնալ, թե Աբովյան փողոցեն թևանցուկ անցնող մարդերեն ո՞րն իր կնկանը կսիրե և որը՝ ոչ, դիմացի պատին տակը անցեք ու մտիկ ըրեք։ Այն մարդը, որ իր կնկանը թող կուտա ակումբին պատշգամբին տակեն անցնելու, իսկ ինքը փողոցին կողմով կքալե, գիտցիր, որ այդ իրիկուն մահու չափ ծանր վեճ են ունեցեր, ու մարդը կնկանը չի սպանած լոկ անոր համար, որ մեծ հույս ունի ակումբին վրա․․․
Ուրիշ բան մը, երբ կտեսնեք անցորդ մը, որ վերեն վար իջնելուն, ակումբի տակը հասնելով չի վազեր, առանց երկարելու ետևեն հասեք ու սիրտ տվեք․ մարդը ինքնասպանության միտք ունի․․․
❊ Ութ բարեկամներ ունիմ զանազան քաղաքներու մեջ, որք անդադար ինձմե երկար նամակներ կսպասեն։
Երեկ քարտով մը իմացուցի իրենց, որ եթե կուզեն երկար նամակներ ստանալ ինձմե, թող բոլորը հավաքվեն մեկ քաղաքի մեջ և սպասեն։
Ի՞նչ ընեմ՝ կոոպերատիվը յուրաքանչյուրին մեկ ծրար միայն կուտա․․․
<b>Շաբաթ 10.</b> ― Իմ պաշտոնատանս կառավարիչը իմ դպրոցական աշակերտներեն էր։ Անպիտան մեկը ըլլալով, հաճախ ծեծեր եմ կերևի, ու այսօր իր ոխը հանելու համար ինձի շարունակ իր մոտ հանդիմանության կկանչե։
Թշվառական տղա։
Բայց եթե ես կոմունիստ ըլլայի, այդ կուսակցության իրավաբանությամբ դեռ իրավունք կունենայի ծեծել զայն։
Ֆունտիկովն, օրինակ, իր 10 տարի առաջ գործած հանցանքին համար բռնվեցավ ու գնդակահարվեցավ։ Ինչո՞ւ ես չպիտի կարողանայի ևս քանի մը ապտակ հասցունել իմ 10 տարվա աշակերտի երեսին․․․
❊ Ամեն օր սպանդանոցեն քաղաք կբերվե մեկ մորթված կով՝ 112 գլուխով և 500 պոչով սակայն։
Սա ի՞նչ հրաշք է։
Մինչդեռ առաջներ, երբ տեսնեին հորթ մը, որ երկու գլխով կծնվե՝ լրագիրները կանցունեին ու շաբաթ մը ամբողջ կզարմանային։
<b>Կիրակի 11.</b> ― Ասկե տարի մը առաջ Հողժողկոմ Երզնկյանը, դառնալով Կարմիր ինժեներներուն, կըսեր․
― Դուք տակավին գոմ մը շինեցեք, ապա Հողժողկոմատի շենքը քննադատեցեք։
Անցյալներ Կառուցողներու ակումբի մոտ տեսա զինքը։ Ափսոս, մոռցա ետևնեն հասնել, ցույց տալ ակումբը և ըսել․․․
― Ընկե՛ր Երզնկյան գո՞մ կուզեք, պատրաստ է արդեն, համեցեք․․․
❊ Ես չեմ աղոթեր։ Մորս սորվեցուցի, որ իր աղթքին՝ «վոճելք հարյան ի վերա իմ, Տե՜ր, կտոր մը օճառ» ըսե, նայինք՝ ինչ կելլե․․․
<b>Երկուշաբթի 12.</b> ― Պաշտոնակիցս հոգեհարցուկ է։ Զանազան մարդոց հոգիներ կկանչե ու կխոսե հետերնին։
― Կեցիր, անգամ մըն ալ Լենինի հոգին կանչեմ երկնքեն, նայինք՝ ի՞նչ կըսե, ― ըսավ ան։
― Օ՜, մի՛ կանչեր, ի սեր Աստծո, մի՛ կանչեր։ Լենինի մարմինը անաղարտ կպահվե գերեզմանին մեջ․ հանկարծ հոգին մարմնի մեջ մտնե ու նորեն կենդանանա․․․
Ալ ուրկե՞ ճարենք Կապլան մը, որ նորեն զարնի։
Եթե «սուրբ» բառը կնշանակե մաքուր՝ Կարմիր գիծեն դուրս բոլոր ապրողները սուրբ են ուրեմն, վասնզի ամեն օր օճառով կլվացվեն։
<b>Երեքշաբթի 13.</b> ― Խորհրդային երկրի ամեն բնակիչ, առնվազն երկու տարին մեկ պետք է վերստուգե իր զգայարանները, և ինչ որ չի համապատասխաներ «նոր կենցաղին» դուրս նետե։ Հիմա, օրինակ, միանգամայն ավելորդ է աչք ունենալ, վասնզի ինչ որ պետքն է Ստալինն արդեն կտեսնե մեզ համար։
Այսքան ընդարձակ ու բարդ ստամոքսն իսպառ անգործածական է։ Պզտիկ փոր մը, որը 200 գրամ սև հացի տարողություն ունենա և ամսական հարյուր գրամ ալ բրինձ մարսե։ Լմնցավ գնաց։
❊ Կաղամբավաճառին գացի, որը երկու ձեռքս ալ բեռնավորել կուզեր իր փտած կաղամբով։
― Մեկ ձեռքը ինձի պետք է, ― ըսի՝ կաղամբներեն մեկը վար դնելով։
― Ինչո՞ւ, ― հարցուց խանութպանը։
― Պահանջելուն պես հարկ տալու համար։ Չէ նե մինչև բեռը վար դնես, մինչև գրպանեդ դրամը հանես, ահագին տուգանք կուգա վրադ․․․
<b>Հինգշաբթի 14.</b> ― Կսրբագրեմ պայմանագիր մը, որ կնքված է բատրակ֊հովիվներու և գյուղացոց միջև։ Հոն հովիվներու վրա պարտք կդրվե, ի միջի այլոց, լավ պահպանել իրենց հանձնված անասունները գայլերու հարձակումներեն։
Խե՜ղճ գայլեր․․․
Ողջ տարին հարձակվելով 20 ոչխար չեն կրցած խժռել, մինչդեռ մեր կառավարությունը 15 օրվա ընթացքին երկրի ողջ անասունները ոչնչացուց։
Պայմանագրին մեջ հավելյալ կետի մը պետք չե՞ն տեսներ․․․
❊ Բայց Լենինը իմաստուն մարդ է եղած, ու իր յուրաքանչյուր խոսքը ապագայի մասին մեկ֊մեկ կկատարվի։
Մի՞թե ան չէր ըսողը, թե մենք կամ սոցիալիզմ պիտի կառուցենք, կամ պիտի կործանվենք։
Դե, համեցեք, Լենինի թշնամիներ, հիմա կրնա՞ք այնպես մը ընել, որ այս երկուքեն ոչ մեկը չկատարվե․․․
<b>Ուրբաթ 15.</b> ― Ապստամբություն․․․ Արդեն ժողովուրդի համբերության բաժակը կլեցվե (եթե ծակ չէ)։ Ուտելու ոչինչ կա հրապարակին վրա։ Հացը 300 գրամի իջեցուցին, ան ալ ի՞նչ հաց՝ բազալտ ու բազալտեն ավելի քար, որն ուտելեն ավելի շինարարությանը ծառայեցունելու է։
Փաստի առջև եմ, խուռն բազմության մեջ։ Ամբոխը կեռա ինքն իր մեջ։ Մեկը կուզե ըսել խանութին վարիչին երեսն ի վեր՝ «ասանկ սոցիալի՞զմ կըլլա, բայց մենակը կվախնա այսքանը ըսելու և օգնականներ կփնտրե։ Առաջ կուգան խումբ մը կտրիճներ, որք հանձն կառնեն արտասանել մեկական տառ այդ ահարկու նախադասութենեն։ «Մահն ընկերով հարսանիք է»։
Ա․․․ կպոռա առաջին ապստամբը։
Ս․․․ կճչա երկրորդը։
Ա․․․ կխիզախի երրորդը։
Ն․․․ կհարձակե չորրորդ անձնուրացը։
Կ․․․ կարտասանե հինգերորդը, և այսպես 19 մարդ, իրենց մահն աչքն առած արտասանեցին այս ահարկու նախադասությունը և տուն գացին։
․․․Նույն գիշերը 19 հոգու ձերբակալման լուր տարածվեցավ քաղաքին մեջ։ Եվս 19 զոհեր։ Եթե արտասանված նախադասությունը տասը տառանի ըլլար՝ ինը հոգի շահած կըլլայինք։
Բայց չեմ կարծեր բոլորը գնդակահարվեն։ Բաղաձայն տառեր արտասանողները ամենայն հավանականությամբ տասը տարվա թիապարտության դատապարտվեն։ Մեր օրենքը այնքան ալ խիստ չէ․․․
<b>Շաբաթ 16.</b> ― Նկատելի է, որ մեր գրողները իրենց երկերուն մեջ կենդանիներով ավելի կզբաղեն՝ քան մարդոցով։
Հավերի հոգին կվերլուծվե նրբին մանրամասնությունով մը։ Մեր ներկա ավանակներն ալ դաշնակցության շրջանի ավանակներուն չեն նմաներ՝ անգիտակից ու անբան։
Կենդանիներու այս առաջադիմությունը չեմ գիտեր՝ ինչի՞ն վերագրեմ։ Չըլլա՞ ատոնք ալ իրենց Լենինն ունին, որը տվեր է «մենք պիտի հասնենք մարդոց ու առաջ անցնենք» լոզունգը․․․
❊ Օ՜ֆ, փորս կցավի կոր ու մեկ կողքի կքալեմ։ Երևի կերածս հացը, որմ կապարեն ավելի ծանր էր, մեկ կողքի է գացեր կուլ տալուս։
<b>Կիրակի 17.</b> ― Մեր պատվարժան գրողներեն Իսահակյանն ու Շիրվանզադեն, Փարիզեն խորհրդային իշխանության կողմեն Հայաստան են հրավիրված, ամսական 250 ռուբլով սոցիալիստ ըլլալու համար։
Պայմանն ընդունված է, և հիշյալ գրողները ըստ ռոճկացուցակի՝ փետրվարի 15֊են արդեն սոցիալիստ են և խզեր են իրենց բոլոր կապերը ազգային շրջանակներու հետ․․․
Ահա այսպես կըլլա այն բոլոր գրողներու վախճանը, որոնք իրենց քարոզած «անկաշառութենեն» ու «մաքրութենեն» պատառ մը չեն կտրեր անդին դրեր, իրենց ծերության օրերը զարդարելու և պատվով մեռնելու համար։ Անոնց գրվածքներու մեջ բեռնակիրն անգամ օժտված է քանի մը հոգեկան առավելություներով, իսկ իրենք այսօր պիտի մեռնին հոգով աղքատ։
Ճիշտ է՝ «կոշկակարին կոշիկը հին կըլլա», ըսեր է առածը, բայց ըսե՞ր է՝ «կոշկակարը բոբիկ կըլլա»․․․
❊ Այս ամիս մըն է կատվիս «փը՜շտ» չեմ ըսած, վասնզի տունը ո՛չ միս ունինք, ո՛չ յուղ․․․
<b>Երկուշաբթի 18.</b> ― Կառավարությունը ի նկատի առնելով փայտի ներկա կրիզիսը, կհրահանգե գերեզմանոցներու վարչությանը մեռնող ինվալիդներու փայտե ոտները հանել թաղելե առաջ։
― Իսկ փայտե գլուխնե՞րը, ― կհարցնեմ ես․․․
❊ Պաշտոնատուն մտնելուդ գոտիդ պրկե, ապա թե ոչ, հանկարծ փորդ դողաց՝ կորսված ես։
Երեկ գիշեր երկու բանվոր ձերբակալվեցան՝ «անոթի ենք» ըսելուն համար։ Իսկ դողռոցը խո՞մ անվրեպ անոթության նշան է․․․
<b>Երեքշաբթի 19.</b> ― Ի՜նչ մասխարա մարդ է սա խանութպանը։ Պանի՞ր ուրկե ճարեր։
― Պապա, ի՞նչ բան է աս, ― կհարցնե տղաս՝ մատը դեպի խանութը մեկնելով։
― Ասոր պատմական անունը, բալա՛ ջան, պանիր է, հին ատեններ ասիկա կգործածվեր ուտելու համար։
― Ինչե՞ն կշինեն պանիրը։
― Կաթեն։
― Կա՞թ։
― Այո՛, բալա՛, տեսակ մը ճերմակ հեղուկ է, գաջի գույնի։
― Թե՞ ջուրի նման անգույն։
― Ոչ։ Կաթը իր սկզբնական վիճակով ճերմակ կըլլա, հետո, մինչև շուկա հասնելը կկորցնի իր գույնը, ինչպես ամեն բան այս կարգերուն մեջ։ Երբ մեծնաս, պիտի հասկնաս, որ ասոր էվոլյուցիա կըսեն։
― Ես մեծ եմ, թող հիմա էվոլյուցիա ըսեն, պապա՛, ― աղերսեց տղաս։
― Շատ աղեկ, հիմա։
Վաղը պիտի տանեմ տղոցս միս ցույց տալու։
Անգամ մը, որ առարկայի մը հասկացողությունը վերացվեցավ ալ դժվար է գաղափար կազմել տալ և իզուր ստիպված պիտի ըլլաս «նախնական կուլտուրան» քրքրելու․․․
<b>Չորեքշաբթի 20.</b> ― Ըստ ծանոթ դերձակի մը հետազոտության՝ ներկա մարդոց զգեստները ամենեն շատ կմաշվեն փորին ու կռնակին մասերը, տեղեր, որք ցարի ատենները բնավ չէին մաշվեր։
Եվ ինչո՞ւ այդպես չըլլա, քանի որ ժողովուրդն օրնիբուն հերթերու մեջ՝ առջևեն ու ետևեն կքսվռտե ամեն տեսակ մարդոց։
Այս լավ է։ Եթե ամեն մը դարաշրջան ասանկ հատուկ տեղ մը ձեռք անցունելով, իսկույն պիտի ճշտեին տոտեմիզմի՞, անիմիզմի՞, թե՞ կոմունիզմի դարուն կպատկանե հնությունը։
❊ Տարի մըն է կինս պատճառ մը կփնտրե ժպտալու՝ չի հաջողեր։ Նկարվելու համար է։
<b>Հինգշաբթի 21.</b> ― Ֆիլադելֆիո բժշկական համալսարանը գիտական փորձերու համար 860 ճագարի, 1300 դաշտային մկան ու 3000 ծովախոզի պետք ունի եղեր։
Ըստ համալսարանի տնտեսական վարիչի զեկուցման՝ ավելի աժան կնստե իրենց, եթե այդ կենդանիներու տեղ Խորհրդային Ռուսաստանեն մարդիկ բերվեն։ Ուստի վարիչը առաջարկեր է համալսարանի տեսչությանը համապատասխան միջոցներու դիմել՝ ճագարի, մկան ու ծովախոզի փոխարեն Ռուսաստանեն բերել տալու «կուլակ», «նեպման» և «օպորտունիստներ»․․․
Հարցը քննության է դրված։
❊ Բաղնիսին մեջ կին մը, իր ուռած փորը տեսնելով, կապշե ու կքարանա․․․
― Ի՞նչ պատահեցավ, ― կհարցնե քովի լողացող կինը։
― Այս փորը․․․ իմս չէ։
― Ինչպես թե․․․
Այս տարի մըն է ե՞րբ միասին պառկեցանք, որ հղացա․․․
― Ջանը՜մ, պառկած կըլլա՜ս, չե՜ս հիշեր, ― կձայնեն ամեն կողմե։
― Ըսենք, սատանան տանի, ալ ո՞ւշք է մնացեր վրանիս, մորթեն շատ կիմանանք, մնաց պառկե՞լը․․․
<b>Շաբաթ 23.</b> ― Պապա՛, ― ըսավ պզտիկ տղաս, ― մատիտ տուր՝ նկարեմ։ Տվի գնաց։ Գնաց, կես ժամեն վերադառնալով թղթի կտոր մը ձեռին։
― Ի՞նչ եմ նկարեր։
Նայեցա՝ կլոր, անճոռնի գիծ մը, երկու կողմեն թիականման կանթեր, մեջը ինչ֊որ սև պատրիջանի կտորտանք։ Մտածեցի՝ երևի պղինձ է ուզեցեր նկարել պզտիկս ու բան մը եփելու միտք է հղացեր։
― Պղինձ է, ― ըսի, ― մեջն ալ պատրիջան։
Լա՜ց, կո՜ծ, աղաղա՜կ, աղմո՜ւկ էր, որ փրթավ․․․
― Ի՞նչ կա, ի՞նչ պատահեցավ, ջանս, ― ըսի, ― ինչո՞ւ կուլաս։
― Ինչո՞ւ պղինձ կըսես։
― Յա, ի՞նչ ըսեմ։
― Ե՛ս, ախր, մա՜րդ եմ նկարեր․․․
― Մա՞րդ։ Շատ աղեկ, բալա՛, մարդ է նկարածդ, ես սխալվեցա։ Վեր կաց, արցունքը սրբե։ Իսկ ասկե վերջ, որ նման բան չպատահի, ինքդ առաջվնե ըսե՝ ինչ է նկարածդ։ Չէ նե ես մարգարե՞ եմ, որ միայն նկարին նայելով հասկնամ՝ ինչ է նկարածդ․․․
Սույն նմանությամբ, եթե բոլշևիկները իրենց շինած «սոցիալիզմը» անծանոթի մը ներկայացնեն։
― Բարբարոսություն է, ― պիտի ըսե հիշայլ անծանոթը։ Միայն թե հետո բոլշևիկը չի փռվի գետին, չի լա, այլ կբռնե քեզ ու կսպանե․․․
Չէ, թյուրիմացության տեղիք չտալու համար, լավ է, որ ինչ ըլլալիքը նկարներու տակ գրվե․․․
<b>Կիրակի 24.</b> ― Եթե ներկա դարու պատմությունը վիճակվեր ինձի հազար տարի ետքը գրելու՝ «զտման» մասին այսպես պիտի պատմեի։
«Զտումը» հին բոլշևիկներու մոտ ծես մըն է, որտեղ պաշտոնյան բեմին վրա իր կենսագրությունը կպատմեր ու կկայներ․ անդին երկու մարդ անոր մասին «կարտահայտվեին»՝ մեկը վատ, մյուսը լավ խոսելով։ Այնուհետև մեռյալը (կենդանին պիտի ըսեի) կա՛մ կարձակվեր պաշտոնեն, կա՛մ կմնար իր պաշտոնին։ (Տես եգիպտական կրոն)։
❊ Փողոցին մեջ մարդ մը, որուն հագուստեն ու շարժումեն օտարական ըլլալն անմիջապես կերևեր, վեր֊վար նայելով՝ հասցե մը կփնրեր։
Ինձի տեսնելով․
― Ներեցեք, պարոն, ― ըսավ, ― չէի՞ք կրնար ցուցնել ինձի Կարապետ Սանրագործյանի տունը․․․
Սանրագործյա՞ն։ Ի՞նչ մարդ է այդ։
Հայտնի բժիշկ, խելոք, անկեղծ և վերին աստիճանի ազնիվ մեկը․․․
― Չեմ ճանչնար, ճիշտ որ, բայց եթե իրոք որ ազնիվ ու անկեղծ մեկն է փնտրածնիդ, Չեկա հարցուցեք։ Նման մարդոց այտեղ միայն կարելի է գտնել։
<b>Երկուշաբթի 25.</b> ― «Լենին» անունը զանազան ձևի կրճատելով, տառերու տեղերը փոխելով, քանի մը տառ ալ «Ստալինեն» փոխ բերելով՝ 17 տեսակ անուն են գոյացուցած մայրերը ու դրած իրենց նորածիններու վրա (Նինել, Լենա, Նելա, Լեննի և այլն։)
Բայց մեր արևմտյան հարևանը, որ գաղթական վանեցի մըն է, սոցիալիզմի ճամբան կարճելու համար, ուղղակի իր տղան Լենին կկանչե, այնպես, ինչպես ես իմ տղուս Քրիստոս անվանեմ։
Բայց հաշիվ կա, չէ՞։ Եթե նման բան ընդունված ըլլար, ո՞ր քրիստոնյան այսօր «Քրիստոս» կամ «Աստված» թողած իր տղան Պետրոս կամ Շմավոն պիտի կոչեր։ Ինչո՞ւ չեն կոչեր։ Չեն կոչեր, վասնզի սուրբի և սովորական մարդու տարբերությունը մեծ է։
Հիսուսի կյանքը պատմող չորս Ավետարաններու մեջ տասը տեղ հիշատակություն կարելի է գտնել, թե ինչպես Վարդապետը սեղան նստավ, հարսնիք գնաց, այս կերավ, այն խմեց։
Բայց պատահե՞ր եք տեղ մը, ուր պատմած ըլլա թե, զորօրինակ, Տերն մեր Հիսուս֊Քրիստոս Գալիլեաեն Կափառնա երթալու ժամանակը, ճամբին կարիքեն նեղվելով (մեղա՜ Աստծու) փեշը բարձրացուց և ջուր թափեց։
Մինչդեռ Զոլան, իր մահկանացու հերոսներուն ոչ միայն կմիզեցնե իր գրքերուն մեջ, այլև անանկ անառակ տեսարաններ կուտա, որ մենք իսկ կամչնանք։
Ոչ։ Սուրբերը կուտեն, բայց դուրս չեն երթար։ Կխմեն, բայց չեն միզեր։
Բայց դուն եկուր ու պատեն անդին տես, թե վանեցին ինչպե՜ս կմիզեցնե իր Լենինին, օրական քանի՜ հեղ «թաղեմ Լենինի գլուխը» կպոռա զայրացած։ Կամ ի՜նչ խստությամբ կսաստե «Լենինին»՝ վարտիքը կոճկած պահել ու չհամարձակվել անգամ մըն ալ խաղալ իր պզտիկ վերջավորությանը հետ․․․
❊ Սրիկաները քսակը հանեցին գրպանես։
Միամիտ, շուկայեն դարձիս, 400 քայլի վրա միլիցիա մը նկատեցի ու ձեռքս գրպանը տարա՝ տեսնեմ քսակը չկա։
Եթե կես ժամ առաջ միլիցիայի հանդիպեի՝ հավանաբար, վազեի գողիս ետևեն ու բռնեի զինքը․․․
<b>Երեքշաբթի 26.</b> ― Ատսմնսբույժ Մաշուրը «Առողջ կենցաղին» մեջ կգրե․ «Ատամները պետք է հեղափոխական, բոլշևիկյան ջախջախից ու հաղթական մեթոդներով բուժել»․․․
«Հեղափոխությունը» բերանին մե՞ջ․․․
Նույն օրինակով, քթի, ականջի և կոկորդի բժիշկ Խարշատն ալ իրավունք չունե՞ հիշյալ տեղերը հեղափոխություն մտցնել։ Եթե այո՝ պե՞տք է զլանա՞լ արդյոք նույն իրավունքը վեներական բժշկի մը՝ հեղափոխությունը մտցնել նաև իր բժշկած տեղանքը․․․
Բայց հեղափոխությունը եթե բերանը մտնե, առաջին գործը պիտի ընե ատամները պոմպերով նետել, իսկ շինե՞լ։ Եվ վերջապես, արժե՞ խոսել այն երկրին մեջ ատամներու մասին, որոց տերը արդեն կսկսե վերանալ ուտելիքի չգոյության պատճառով։
Չարժե։ Հիմա լեզվին լավ խնամք պետք է տանել, աճեցունել, երկարացնել, որպեսզի հնարավոր ըլլա ասանկ անպատկառ լիզել․․․
❊ ― Խորհրդային իշխանությունը ինչո՞ւ ամսական կուտա իր պաշտոնյաներուն, քանի որ նորեն զանազան անուններու տակ ետ կառնե, ― հարցուց ինձի մեկը։
― Որպեսզի պաշտոնեի դրամի տեղն իմանա, ― պատասխանեցի ես։
<b>Հինգշաբթի 27.</b> ― Մեր մսագործ Մելքոնը, ասկե երկու տարի առաջ, ժամանակավոր իր տունն առավ իրեն համագյուղացի Գարեգինին։ Սա ժամանակավոր Գարեգինը մշտական դարձավ ու սիրեց Մելքոնին կնկան։ Ու կինը սկսեց խորհրդային ֆաբրիկաներու օրինակով երկու հերթի աշխատել։
Այսօր քաղխորհուրդը կքանդե պատը, և ապրողները ստիպված պիտի բաժնվեն իրարմե։
Ինչ իր անվիճելի էր, Գարեգինն ու Մելքոնը բաժնեցին իրարմե ու հանդիպակաց անկյունները դրին, մնաց մեջտեղ միայն կինը, որ կդժվարանային բաժնել ու շվարած կեցեր էին։
― Ծո՛, փուչ ձգեք, թող երթա, մտածե՞լն ինչ է, ― պիտի խորհուրդ տայի իրենց, եթե մոտիկ ըլլայի․․․
❊ Աշխարհի ամենահարուստ մարդն իսկ՝ գեղեցիկ կնկա մը քով մուրացիկ կդառնա։
<b>Ուրբաթ 28.</b> ― Պետհրատը իր հսկայածավալ ծանր մեքենաներն ու պահեստներն առած, թեթև տղու մը պես, ինկեր է պատասխանատու կոմունիստներու ետև, ինչ խոսեն՝ տպելով գիրք կշինե ու ասով հայ գրականություն ստեղծել կկարծե։
― Տպե՛, Պետհրա՛տ, տպե՛։ Ասոր հաջորդող ռեժիմը 12 տարի կպչանի դրամ չի տա․․․
Գրականությունը ոչ մեկ դարաշրջանի մեջ այսքան բազմազան կարիքներու չի ծառայած՝ ինչպես հիմա․․․
<b>Շաբաթ 29.</b> ― Բոլոր հերթաշարերը խանութներու առջև երկուս կըլլան՝ արու և էգ։ Սկիզբները խառը կկենային, երբ սաստիկ ճնշման ատենները մարդ ու կինը անանկ մը զիրար կկպչեր, որ հետագային բաժնվելու դժվարություններ առաջ կուգար։
Այժմ անջատված է։ Աջ կողմը այրեր կկենան, ձախը՝ կանայք։
Մարդոց հերթը սովորաբար կարճ կըլլա կանանցեն, այդ պատճառով մանչ ունեցող մայրերը կօգտվեն իրենց ամենափոքր արու զավակեն՝ զանոնք հերթի բերելով։
Այս առթիվ, այս առտու փռի առջև կատարվեցավ գերազանցը։
Հղի կինն մը, որ շիփ֊շիտակ եկեր և կեցեր էր մարդոց շարքին, ի պատասխան խանութպանին նկատողությանը, անոր դարձավ ու՝
― Չե՞ս տեսներ, ― ըսավ, իր փորը ցուցնելով։ ― Ես անխախտ մեկ աղջիկ երեք տղա կբերեմ։ Վերջին բերածս աղջիկ էր, ուրեմն հաջորդները մանչ են։ Անանկ որ, խնդրեմ ավելորդ չխոսիս․․․
❊ Արդյոք պիտի գա՞ օր մը, երբ սա մեր բոլշևիկները հասկնան, որ ֆիզիկապես հակառակորդ մեռցնելը հաղթանակ չի բերեր իրենց, այլ միայն պարտություն։
Եթե դուն մեռցնես թշնամիիդ դավանած գաղափարը, եթե դուն զայն սպանես բարոյապես, ֆիզիկականը ինքնիրեն կիյնա գետին ու կմեռնի։
Գաղափար։ Ահա օձի գլուխ, որ պիտի ջախջախես․ չէ նե պոչը կտրատելով քեզի չես փրկեր գալիք պարտութենեն։
Տվեք ինձի փայտե հրացան և թուղթե փամփուշտ մը, ես կոմունիզմի գաղափարը սպանեմ․․․
<b>Կիրակի 30.</b> ― Աստված եթե վերեն նայե և տեսնե կոլխոզի անասուններու ծոմապահությունն ու ապաշխարանքը, անկարելի է, որ արքայության մեկ անկյունը գոմ մը չշինե։
Իմ կարծիքով, անասուն չէ՝ ով ալ ըլլա այս աշխարհիս մեջ այսքան տանջվողը, հանդերձյալին մեջ պիտի հատուցում գտնե։
Իսկ եթե թերթերու նայինք, կոլխոզին անասունները պարարտութենեն կպատռին․․․
❊ Ըսեր եմ ու նորեն պիտի ըսեմ մեր վարժապետներուն։
Ամենամեծ, բացարձակ հեռավորության մասին եթե գաղափար տալ կուզես աշակերտիդ, իզուր տեղը ո՛չ Երկրի ու Արևի հեռավորության մասին խոսե, ո՛չ Նեպտունին ու Լուսնթագին հոգնություն տուր։ Այս ըսե․
― Սիրելի աշակերտներ, տիեզերաց ամենամեծ հեռավորությունը բոլշևիկներու գործի ու խոսքի մեջ մեջ ինկած տարածությունն է․․․
<b>Երկուշաբթի 31.</b> ― Խանութները հետզհետե կդարարկվեն՝ բանտերը կլցվեն։ Այս քանի մարդն ալ, որ ազատ կպտտեն ոչ անոր համար է, որ հանցանք չունին, այլ որ պետությունը ատաղձ չունի բանտեր շինելու։ Ո՜վ սուրբ չգոյություն։
Եթե արևն ալ ճառագայթները «նորմայով» բաց թողնելու ըլլար, օրական երկու ժամ հազիվ ծագեր։ Ի՞նչ պետք կա 12 ժամվան, երբ բնակչությունը երկու ժամ դուրսն է։
<b>Երկուշաբթի 1.</b> ― Ֆուրգոն մը պետական եղեգ բարձած կերթար։ Թաղի ողջ մանուկները երամ կապած սկսեցին վազել ու մեկ֊մեկ քաշել եղեգները։ Վրայի նստող պահապանը, փոխանակ բարկանալու ու գոռալու վրանին, այնքա՜ն քաղցր ժպիտով մը «բավական է, բալիկներ» կըսեր, որ յուրաքանչյուր անցորդին հավես կուգար հատ մը քաշել․․․
Խորհրդային ողջ պաշտոնեությունը սայլի վրա նստող պահապանին կնմանե, որք «իրմե անկախ» կուզեն օր մը շուտ քաշվեն այս պետության բոլոր եղեգները․․․
❊ Հայտնի բանասեր Ե․ Լալայանը իր «Պտղաբերքի սովորություններ» գրքին մեջ կըսե․ «Հին ատենները ամուլ կանայք Տյառն ընդառաջին կթռչեին խարույկի վրայեն, ետքե այրելով իրենց վարտիքներեն մաս մը»։
Ներկա ժամանակ այդ բանն անհնարին է թեկուզ այն պատճառով, որ հիմա կանանց հագին վարտի՜ք չկա․․․ որ վառեն։
Բանկոոպի վարչությունը գեթ այս տեսակ թշվառներուն մեկական վարտիք տար դեղու համար․․․
<b>Չորեքշաբթի 2.</b> ― Մեզմե հարյուր տարի անց, պատմաբանները արդեն գործ պիտի ունեան երեք «գերություններու» հետ՝ եգիպտական, բաբելական և բոլշևիկյան։
Չեմ միջամտեր իրենց, ինչպես կուզեն թող ուսումնասիրեն և ինչ եզրակացության կամենան, թող գան։ Սակայն, այդ պատմաբաններու ուշադրությանը կուզեմ հանձնել սա կետը, որ Եգիպտական գերութենեն ազատված Իսրայելը անապատին մեջ սկսեց տրտնջալ Մովսեսեն՝ Եգիպտոսի միսով լիքը կաթսաները հիշելով, իսկ մենք՝ բոլշևիկյան գերիներս, չենք գիտեր, թե ինչ բան է միս և ինչե կշինվե․․․
❊ Կինս այսօր ժպտաց։ Բանկոոպեն կոշիկ մըն էր առեր։
Եվ ցանկացավ օգտագործել այդ եզակի առիթը, հագավ կոշիկները ու նկարչին վազեց։ Վազեց՝ բայց ի՜նչ, կես ժամեն տեսա, լալով տուն կուգա։
Կոշիկը մինչև նկարչին մոտ երթալը․․․ ծակվեր էր։
Ալ բարկությունս պահել չկրցա։
― Ծո՛, կնի՛կ, ― կըսեմ, ― զարմանալի չե՞ս։ Նախ՝ ի՞նչ պետք կար այդքան հեռու նկարչատուն ընտրել, և վերջապես, կոշիկը խոմ անպատճառ հագնելու համար չէ՞ կարեր «Երկոշը»։
Խերը տեսանք, որ յուրաքանչյուր զինվածը սկսե աջ ու ձախ իր զենքը գործածել։ Ո՛չ, զենքը գործածելե ավելի հույս մըն է, որ պետք է պատին կախվե կամ մեջքին կապվե։
<b>Հինգշաբթի 3.</b> ― Ճիշտ է, որ կըսեն, մարդս իր մեջ մաքուր որ եղավ, խիղճը հանգիստ, դուրսեն ինչ կուզե պատահի, արժեք չունի։
Մազերս, օրինակ, օրը֊օրին կճերմկեն, բայց բոլորովին չեմ մտահոգվեր ու չեմ տխրեր, վասնզի ես իմ մեջ համոզված եմ, որ չեմ ապրեր։ Ու ինձի անանկ կթվի, որ ազատության պարագային իմ սև մազերը նորեն կվերադարձվեն ինձի․․․
❊ Կոոպերատիվ մը մտա, որու գործակատարը ծանոթ էր ինձի։
― Կարապե՛տ, ― կըսեմ, ― ատ կոստյումը ծախե ինձի, ի՞նչ կըլլա։
― Այդ մեկ կոստյումն է, սիրելի՛ս, ― պատասխանեց գործակատարը խղճալի։ ― Կախեր ենք պատեն, ու ատոր շնորհիվ վեց ընտանիք սա խանութին մեջ ամսական կառնինք կապրինք։ Ծախեցի՝ «գործ չունինք» ըսելով՝ մեզի դուրս պիտի հանեն։ Ո՛չ, սիրելի՛ս, չենք կրնար ծախել ու դեռ մեր վրայի զգեստները կկախենք հաճախ մինչև իրիկուն տուն երթալը, որ խանութին մեջ բան երևա։ Ավելորդ վերարկու չունի՞ս, բեր կախե հոս, ո՛չ ցեց, ո՛չ գող։ Դեռ եթե կուզես բան մըն ալ վարձ տանք, ― ըսավ։
Դուրս կելլեմ խանութեն հետևյալը մտմտալով։ Ի՜նչ հակասություն այսքան պզտիկ տարածության վրա։
Խանութեն թիզ մը անդին Պետական թատրոնն է, ուր փալթոները քանի մը ժամ պահելու համար 15 կոպեկ կվերցունեն, իսկ հոս՝ խանութին մեջ, տարիներով անփող կպահեն ու բան մըն ալ իրենք կուտան․․․