― Ուղիղ։
Wildebeeste֊ն դեռևս շրջվում էր։ Նրբաններով պողպատի միջնորդությամբ կապված լինելով ջրի պղտոր կանաչավուն տարածքի օրորին, նա ընդունակ էր գուշակել Wildebeeste֊ի ձախ թեքվածքի ճշգրիտ աստիճանը։ Սակայն ջուրը, վերջին հաշվով, այդքան էլ կանխատեսելի չէր։ Նա տեսավ, թե ինչպես շրջադարձի վերջին աստիճաններին գործ մի բլրակ, յոթերորդ մի ալիք սպրդեց ու անցավ այդ նավի քթամասի տակով։ Դրանից խելը սկսեց ճոճվել, ապա բլրակի լանջով ցած սահեց, և պարզվեց, որ նավը, անսպասելի ոստյունով, իր շավիղից տասը աստիճան շեղվել է։
― Անփոփոխ։
<b>Գրողի ծո՛ցը նավատորմն ու անիծյալ կռիվը։</b>
Նա քնկոտ հորանջեց ու նշմարեց նախկին շավիղը բռնելուց Wildebeeste֊ի ցռուկի տակ առաջացած ջրապտույտը։ Երկրորդ խոռոչի հեռավոր ծայրի կրակները թեժացան, նորից մխրճվեց ասեղը, և նա վերադարձավ մարմին։ Կրակը, սովորական դարձած կշռույթի համաձայն, մարեց։
Կործանիչները բոլորը միասին երամաձև շարքով հետ շրջվեցին։ Հրահանգների արանքում նա ականջ էր դնում հիդրոլոկատորի տենդագին ծվծվոցին, մինչ լույսն ավելացավ։ Բեռնանավերի նախիրը հինգ հանգույց արագությամբ առաջ էր թնգթնգում, կործանիչները, շքախմբի նման, իրենց անտեսանելի ավելներով սրբում էին նրանց առջևը, լարի պես ձիգ գծով բոլորը միասին այս կամ այն կողմ շրջվելով։
Հետևի սանդուղքից ոտնաձայներ լսվեցին, և նա զբաղվեց ազիմուտի որոշմամբ, քանի որ եկողը կարող էր նավապետը լինել։ Նա հատուկ բծախնդրությամբ չափեց Wildebeeste֊ի ազիմուտը։ Բայց ոտնաձայներին ուրիշ ձայն չհետևեց։
Ի վերջո նա իմիջայլոց շուռ եկավ և դեմ առավ ճիշտ այդ պահին պատվի տվող ավագ Ռաբըրթսին։
― Բարի օր, ավագ։
― Բարի օր, սըր։
― Ի՞նչ կա։ Ինձ համար խմի՞չք եք ճարել։
Իրար չափից ավելի մոտ աչքերը թեթևակի ընկրկեցին, բայց բերանը բռնազբոս ժպտաց։
― Թերևս, սըր․․․
Ապա, վերջնահաշիվն անելով, ընդունելով տվյալ պահի սեփական առավելությունը, ժպիտը լայնացավ։
― Էս երկու օրը, չգիտեմ ո՜նց եղավ, ինքս էլ մի կաթիլ չունեմ։ Բայց ե՜րբ էլ որ ասեք․․․
― Եղավ։ Շնորհակալ եմ։
Հիմա՞ ինչ է ուզում։ Տեղափոխությո՞ւն։ Թե՞ սպայական կոչման ներկայացնելու երաշխավորագիր։ Աննշան, բայց պիտանի մի լավությո՞ւն։
Սակայն ավագ Ռաբըրթսի խաղն ավելի խորն էր։ Ինչ էլ որ նրա մտքինը լիներ և ուր էլ հասցներ մանր֊մունր պարտավորությունների խճճված համակարգը, այսօր չէ՛ր պահանջվում ավելին, քան պարզապես գնահատել նրա ողջամտությունն ու հոժարակամությունը։
― Վոլթրսոնի հարցով, սըր․․․
Զարմացած ծիծաղ։
― Իմ հին ընկեր Նաթի՞։ Ի՞նչ է արել։ Չլինի՞ թե դիպահն է ընկել։
― Ոչ, ի՜նչ եք ասում, սըր։ Պարզապես․․․
― Ի՞նչ։
― Ինքներդ նայեք, սըր, խելի աջ կողմում։
Նրանք միասին մոտեցան կամրջակի հետնամասին։ Նաթանելը դեռ զբաղված էր հավերժությամբ, ոսկրոտ գավակը բազրիքին հենած ճիշտ ռմբանետի հետևում, նրա ոտքերը միայն շփման ուժով էին պահվում։ Ձեռքերը ծածկում էին դեմքը, մարմնի անհավատալի երկայնքը ճոճվում էր ալիքներին համընթաց։
― Հիմարի՛ գլուխ։
― Նա մի քիչ չափն անցնում է, սըր։
Ավագ Ռաբըրթսը մոտ եկավ։ Խաբեբա՛։ Նրա շնչից ռոմի հոտ էր փչում։
― Ես կարող էի դրա համար նրան դիպահ ուղարկել, բայց մտածեցի՝ քանի որ նա ցամաքում ձեր ընկերն է եղել․․․
Դադար։
― Լավ, ավագ, ես ինքս կզբաղվեմ նրանով։
― Շնորհակալություն, սըր։
― Ձե՛զ շնորհակալություն, ավագ։
― Ես խմիչքը չեմ մոռանա։
― Երախտապարտ եմ։
Ավագ Ռաբըրթսը պատվի տվեց ու աստիճանով իջավա ցած։
― Տասնհինգ ձախ։
Միայնություն, կրակ ծնկների տակ ու կտրուկ մխրճվող ասեղ։ Միայնություն նաև տախտակամածի այն ծայրում, ուր գնդացրի փողը ցցվում է բազրիքի վրա։ Նա ինքն իրեն մռայլ ժպտաց ու փորձեց վերարտադրել Նաթի գլխի պարունակությունը։ Նա խելի կողմն էր գնացել այն հույսով, որ առանձնացում կգտնի գնդացրի ու ռմբանետի անձնակազմների արանքում։ Սակայն փոքր նավի վրա շարքային նավաստու համար գոյություն չունի առանձնացում կոչված բանը, եթե նա բավականաչափ փորձված չէ, որ իր համար հանգիստ ապաստան գտնի։ Նա հետ էր մղվել նավի կենտրոնի ժխորից, ողորմելիության կատարյալ, խառնաշփոթ տեսակից դեպի նույնի փոփոխված, քամոտ տարբերակը։ Նրա խելքը չէր հերիքում հասկանալու, որ նավի մարդաշատ միջնամասը բավականաչափ խճողված է մարդուն առանձնացում ապահովելու համար, ինչպես, օրինակ, լոնդոնյան ամբոխը։ Ուստի և նա իր աղոթքների ընթացքում ստիպված էր համակերպվել ռմբանետի անձնակազմի ծուռ հայացքներին, քանի որ չէր հասկանում, որ նրանք իրեն հետևում են ուրիշ անելիք չունենալու պատճառով։
― Ուղիղ։ Անփոփոխ։
Շրջադարձ։
Եվ հիմա ներքևում նա աղոթում էր, փոխանական իրեն համար ճոճացանցում քնելու, որովհետև նրան ասվել էր, թե հերթապահության ժամանակ պետք է ուշադիր հետևել ծովի այսինչ սեկտորին։ Նա էլ հետևում էր, պարտաճանաչ ու ամենին անհաղորդ։
Գլխի մութ կենտրոնը շրջվեց, տեսավ ձախակողմյան կքված դետին, պելենգի օրորվող ալիքակալը, ծխի նշույլն ու տաք օդի թրթռուն շիթը ծխնելույզի վրա, ապա կամրջակի եզրից ցած նայեց տախտակամածի աջ կողմը։
Նաթանելը դեռ այնտեղ էր։ Նրա անհավանական հասակի կողքին, որը, նիհարության հետ մեկտեղ, էլ ավելի անհավատալի էր, բազրիքը սմքել ու խախուտ ճաղաշար էր հիշեցնում։ Նրա լայն բացված ոտքերը տախտակամածի վրա մնում էին միայն շփման ուժի շնորհիվ։ Մութ կենտրոնը տեսավ, թե ինչպես Նաթանելը ձեռքերը դեմքից իջեցրեց, բռնեց բազրիքն ու ուղիղ դիրք ընդունեց։ Ապա դիմեց հետ, ոտքերը լայն գցելով, ձեռքերը հավասարակշռության համար առաջ պարզած։ Նրա նավաստիական անհեթեթ գլխարկը ճիշտ գլխի գագաթին էր դրված, տակն ամեն կողմից դուրս էին ցցվում գիշերվա խոնավությունից փոքր֊ինչ ուղղված գանգուր սև մազերը։ Նա պատահաբար նկատեց կամրջակը և աջ ձեռքը խոժոռ մոտեցրեց գլխի աջ մասին։ «Չափը չանցնելով» մտածեց մութ կենտրոնը, «իմանալով իր տեղը, խոնարհ՝ նավի վրա լինի, թե փողոցում, զավեշտական ու համառ»։
Սակայն աջ ձեռքի ժամանակավոր գործադրությունը խախտեց նիհար մարմնի հավասարակշռությունը՝ նա ճոճվեց մի կողմ, նորից անհաջող փորձ արեց պատվի տալ ու մնաց շվարած, ձեռքերն ու ոտքերը չորս կողմ պարզած։ Ալեկոծությունը ցնցեց նրան, և նա դիմեց շարժիչի ծածկի կողմը, փորձեց, մետաղը տա՞ք է, թե ոչ, բռնվեց և, շրջվելով, դանդաղ պատվի տվեց կամրջակի կողմը։
Մուգ կենտրոնն իրեն ստիպեց զվարթ ձեռքով անել կրճատված ուրվագծին։ Նույնիսկ այդ հեռավորությունից երևաց, թե ինչպես փոխվեց Նաթանելի դեմքը։ Նրա վրա հայտնվեց ճանաչման բերկրանքը, ոչ թե ծեփված ու սարքովի, ինչպես ավագ Ռաբըրթսի ժպիտը չափից դուրս իրար մոտեցած աչքերի տակ, այլ՝ դեմքի ներքո կռահվող, կենտրոնից ինքնաբուխ ելնող կատարյալ զմայլության վկայությունը, որից շունչը սկսում է խենթացնող համակրանքից ու հիացմունքից կտրվել։ Գնդի զանգվածն այս ծայրում ջղաձգվեց, և ասեղը սկսեց սվինահարել ու մխրճվել կենտրոնի ուղղությամբ, որն այդ ամբողջ ընթացքում կախ էր տրված առանց ցավի։
Նա կառչեց կողմնացույցից ու ժայռից և անզոր կատաղությամբ գոռաց։
― Մի՞թե ոչ ոք վիճակս չի հասկանում։
Հետո նորից սփռվեց ներքին խոռոչի ոլորաններով, խարույկները սկսեցին բոցավառվել ու ճարճատել մարմնի մեջ։
Մնացածների ֆոնին մի նոր ձայն լսվեց։ Այն կապված էր դրսի անշարժ սպիտակ բծերի հետ։ Դրանք ավելի որոշակի էին դարձել, քան առաջ։ Ի վերջո հասկացավ, որ ժամանակ է անցել։ Այն, ինչ հավերժական կշռույթ էր թվացել, իրականում խավարի երկար ժամերն էին, այժմ հայտնվել էր լույսը, որն ի մի էր բերում նրա անձը, սահման ու դատողություն տալիս նրան։ Ձայնը քիչ այն կողմ թառած ճայերից մեկի կոկորդային կռինչն էր։
Նա պառկած էր ցավի հետ միասին, խորհելով լույսի ու նոր օրվա շուրջը։ Կարելի էր ուսումնասիրել փայտացած ձախ ձեռքը, պայմանով, որ աչքի բորբոքված անկյանը պատշաճ ուշադրություն մատուցվի։ Մատներին հրամայեց սեղմվել՝ դրանք դողդողացին ու փակվեցին։ Նա իսկույն ևեթ լցվեց մատների մեջ, վերածվեց ունայն ժայռի խոռոչը պորը խցկված մի մարդու։ Իմացությունն ու հիշողությունը պատշաճ կարգով հետ լցվեցին՝ նա հիշեց ձագարը, ակոսը։ Դարձավ օրը ցերեկով նավաբեկության ենթարկված մի մարդ, և այդ վիճակի լրջությունը ծանրացավ նրա վրա։ Հետո սկսեց մարմնին ուժ տալ, դուրս մղելով ժայռերի արանքից։ Նրա հայտնվելուն պես ճայերն աղմկալից արթնացան ու տեղից պոկվեցին։ Ապա վերադարձան, մոտիկից սավառնելով, որ նրան զննեն, սուր ճիչեր արձակելով ու նորից հետ սահելով։ Դրանք նման չէին բնակեցված ծովափների մարդաճանաչ ճայերին։ Ոչ էլ անպիղծ բնության նախնական անարատությունն ունեին։ Սրանք պատերազմի ճայեր էին, որոնք, հայտնաբերելով ջրով շրջապատված միայնակ մի մարդու, վրդովվում էին նրա մարմնի ջերմությունից ու ինքնակամ ծարժումներից։ Մոտենալով ու թևերը թփթփացնելով, հասկացնել էին տալիս, որ նա լավ կաներ մեռած լիներ ու ծովի մեջ օրորվեր պատռված ցանցի պես։ Նա առաջ սողաց ու փայտացած ձեռքերով սկսեց ճայերին քշել։
― Թողե՛ք։ Գնացե՛ք։ Ռա՛դ եղեք։
Ճայերն աղաղակելով վեր թռան, պտույտներ գործելով ու նորից վերադառնալով, թևերը քսելով նրա դեմքին։ Նա խուճապահար հարվածեց, և ճայերից մեկը, մի թևը դժվարությամբ քարշ տալով, հազիվհազ թռավ գնաց։ Մնացածները նահանջեցին, շրջան կազմեցին ու սկսեցին դիտել։ Նրանց գլուխները նեղ էին։ Նրանք նման էին թռչող սողունների։ Ճանկոտ արարածների հանդեպ առաջացող հնամենի հակակրանքից նա սարսռաց ու սկսեց դրանց սահուն ուրվագծերը մտքում լցնել չղջիկների ու արնախումների խորթությամբ։
― Կորե՛ք։ Ինձ ո՞ւմ տեղ եք դրել։
Նրանք լայնացրին շրջանները, ապա թռան֊գնացին ծովի ուղղությամբ։
Նա դարձավ իր մարմին։ Այն ասես ցավի ու թմրածության միաձուլում լիներ։ Ղեկավարման համակարգը խափանվել էր, քանի որ ամեն ոտքին հարկավոր էր առանձին ու գիտակցված հրահանգներ տալ, ասես նրանք իրեն փակցված անպետք հենակներ լինեին։ Նա հենակները մեջտեղից կոտրեց ու վեր ելավ։ Ապա նոր խարույկներ հայտնաբերեց՝ առավել անողորմ կղզիներ ընդհանուր ցավի ծովում։ Աջ աչքի անկյունն այնքան մոտ էր, որ հայտնաբերվելու կարիք էլ չուներ։ Մեջքը հենելով ակոսի պատին, նա ոտքի կանգնեց ու նայեց շուրջը։
Առավոտը խոժոռ էր, բայց քամի չկար, և ալիքներն ավելի ծածանվում էին, քան գլորվում։ Նա մի նոր բան ընկալեց՝ ծովի այն ձայնը, որը նավաստին գործող նավում երբեք չի լսում։ Կիսաձայն այդ երանգը բաղկացած էր կոհակի անհամար ճողփյուններից, անդադար կարկաչից ու շրշյունից, սկսած կտրուկ ապտակներից մինչև որոճացող ճպճպոցը։ Ամեն պահ լի էր խոնավ ձայներով, որոնք ուր որ է պիտի արտաբերվեին, բայց կուլ էին գնում ախորժաբեր հոգոցների պես։ Այդ ամենին գերիշխում էր որոշակի մի ձայն՝ երգեցիկ մի սվսվոց, օդի մեղմ սահքը քարի վրայով, նրբին, անվերջանալի շփումը։
Վերևից հնչած ճայի ճիչը ստիպեց նրան ձեռքը բարձրացնել ու արմունկի տակից վեր նայել, բայց ճայն արդեն ժայռից հետ էր սպրդել։ Երբ ճիչը մարեց, ամեն ինչ նորից հանդարտվեց, դարձավ անկաշառ ու անկարեկից։
Նա ցած նայեց հորիզոնին ու լեզուն անցկացրեց վերին շրթունքի վրայով։ Ապա լեզուն հետ եկավ, նորից փորձնական տնտղեց շրթունքն ու չքացավ։ Նա թուքը կուլ տվեց։ Աչքերը լայնացան, անտեսելով ծակոցը։ Շնչառությունն արագացավ։
<b>Ջո՜ւր։</b>
Նրա մարմինը փոխվեց ճիշտ ինչպես հուսահատ բեկման պահին ծովի մեջ՝ դարձավ ունակ ու կամեցող։ Երբ նա ակոսից դուրս սողաց, ոտքերն այլևս փայտացած չէին։ Նա մագլցում էր տապալված սյուների վրայով, որոնք, բացի սեփական քաշից, երբևէ ոչինչի նեցուկ չէին եղել։ Նա սայթաքում էր ժայռի կատարին հարող ակոսների սպիտակ ջրափոսերում։ Վերջապես հասավ կատարի ժայռաբեկորին, ու մի ճայ սպրդեց ոտքի տակից։ Ոտքերը մեկ առ մեկ փոխելով, նա աչքի անցկացրեց շուրջբոլորը, բայց հորիզոնն ամենուր նույնն էր։ Միակ բանը, որ նրան հուշեց, թե երբ ավարտվեց շրջանը, ոտքերի տակի ժայռն էր։ Նա մի պտույտ էլ արեց։
Ի վերջո դարձավ դեպի ժայռը և, արդեն ավելի դանդաղ, սկսեց ակոս առ ակոս ցած մագլցել։ Սպիտակ թռչնաղբի կուտակումներից ցած իջնելով, նա սկսեց մետր առ մետր զննել ժայռը։ Ակոսների պռունկներից կառչելով, նա արագ հայացքներ էր նետում դրանց տարածքով մեկ, ասես ճանճի թռիչքին հետևելով։ Տափակ ժայռաբեկորներից մեկի վրա ջուր նշմարելով, նա երկու ձեռքով հենվեց փոքրիկ ջրափոսի եզրերին ու լեզուն մտցրեց մեջը։ Շրթունքները ոլորվեցին լեզվի շուրջն ու ջուրը ներս քաշեցին։ Ջրափոսից լոկ խոնավ հետք մնաց։ Նա շարունակեց փնտրել։ Հերթական ակոսի պատում նա հորիզոնական մի ճեղք գտավ։ Ճեղքի տակ քարի մի շերտ պոկվել և համարյա ընկնելու վրա էր, իր ու պատի միջև ջուր բանտարկելով։ Նա ճակատը սեղմեց քարին ու սկսեց շրջվել, մինչև որ այտը հայտնվեց ճիշտ ճեղի վրա։ Բայց ինչքան էլ որ ճգներ, բերանը քարին քերելով, ջուրն անհասանելի էր մնում։ Նա բռնեց ճաքած կտորն ու կատաղի քաշեց, ժայռից պոկելով։ Ջուրը ցած ծորաց ու բարակ շերտով պատռեց ակոսի հատակը։ Նա մնաց կանգնած, քարի բեկորը ձեռքին, սիրտը բաբախելով։
<b>Խե՛լք բանեցրու, խե՛լքդ։</b>
Նա ցած նայեց ներքևի խորդուբորդ լանջին։ Ապա սկսեց հետևողաբար զննել ժայռը։ Նկատեց ձեռքի բեկորն ու այն դեն նետեց։ Նա հերթով ուսումնասիրեց ամեն ակոսը և նրանց միջև ընկած տարածքը։ Ձկան նեխող մնացորդներ գտավ և մի սատկած ճայ, որի շուռ տված կրծոսկրը խորտակված նավի ողնուց էր հիշեցնում։ Նաև դեղին ու գործ քարաքոսեր հայտնաբերեց, անգամ հողի նշույլներ ու մի կտոր մամուռ։ Կային խաչափառների դատարկ պատյաններ, անկենդան ջրիմուռներ և ծովային խեցգետնի մի զույգ չանչեր։
Ժայռի ներքևի մասում ջրափոսեր կային, բայց դրանց ջուրն աղի էր։ Նա նորից վեր բարձրացավ, ցավն ու ասեղը մոռացության մատնած։ Ապա ձեռքը մտցրեց իր ամբողջ գիշերն անցկացրած խոռոչը, բայց այն համարյա չոր էր։ Նա վեր մագլցեց իրեն օթևան տրամադրած տապալված սալի վրա։
Սալը երկու մասի էր կիսված։ Ժամանակին այն հսկա ուղղաձիգ մի ժայռաբեկոր էր եղել, որը հարատևել էր, մինչև մնացածները հողմահարվել էին։ Ապա տապալվել ու երկու կտոր էր եղել։ Մեծ կտորն ակոսը ծածկում էր ճիշտ ժայռի եզրի մոտ։ Նրա մի մասը դուրս էր ցցվում ծովի վրա, և ակոսը ջրհորդանի պես մտնում էր նրա տակը։
Նա պառկեց գետնին և գլուխը ներս մտցրեց։ Փոքր֊ինչ վարանելով, սկսեց ծովափոկի պես պոչը դեսուդեն անել, լողակներով առաջ հրվելով։ Ապա գլուխն իջեցրեց, ներս քաշող ձայներ արձակեց ու մնաց պառկած։
Ջուրը գտնվում էր փոքրիկ քարանձավ հիշեցնող խոռոչի ներսում։ Ակոսի հատակը սահուն իջնում էր ջրի տակ, որի եզրն այդպիսով ծանծաղ էր։ Պառկած վիճակում արմունկները պարզելու համար բավականաչափ տեղ կար, քանի որ ընկնելիս սալն աջից փշրել էր ակոսի պատի մի մասը։ Քարե առաստաղն անձավը ծածկում էր անկյան տակ, վերջում փոքր բացվածք թողնելով։ Անցքը լույսով լի էր և երկնքի մի պատառիկ էր բացում։ Լույսն արտացոլվում էր ջրի մեջ ու բեկվում, այնպես որ առաստաղին թույլ շողքեր էին խաղում։ Ջուրը խմելու էր, բայց քաղցրահամ չէր։ Նրա համն ինչ֊որ անորոշ ու անդուր բաներ էր հիշեցնում, որոնք սահմանման չէին ենթարկվում։ Ջուրը ոչ այնքան հագեցնում էր ծարավը, որքան՝ մեղմում։ Պաշարը բավական մեծ էր, քանի որ լճակը նրա առջև ձգվում էր մի քանի մետր, իսկ հեռավոր ծայրը կարծես թե խորն էր։ Նա գլուխն իջեցրեց ու կրկին ներս քաշեց ջուրը։ Այժմ, երբ նրա մեկևկես աչքը լույսին հարմարվել էր, նա տսավ, որ ջրի տակ կարմրավուն ցեխանման նստվածք կա։ Նստվածքն ամուր չէր և հեշտությամբ խանգարվում էր, նրա խմած տեղում ցրիվ գալով ու ամպվելով, խաղաղվելով ու նորից ցած իջնելով։ Նա բթացած դիտում էր։
Վերջապես մրթմրթաց։
― Փրկությո՛ւն։ Փրկության ճար անել։
Նա հետ մաքառեց, գանգը խփելով ժայռին։ Ակոսից դուրս սողալով, նորից մագլցեց ժայռի կատարն ու մի քանի անգամ սևեռուն զննեց ամբողջ հորիզոնը։ Ապա ծունկի իջավ ու հենվեց ձեռքերին։ Գլխի մեջ սկսեցին մտքեր տրոփել։
<b>Ես չեմ կարող անընդհատ մնալ կատարին։ Որ անցնելիս լինեն, ոչ էլ կկարողանամ գոռալ։ Պետք է էստեղ իմ փոխարեն մի մարդ սարքել։ Մարդու պես մի բան, որ տեսնեն, կմոտենան։</b>
Նրա ձեռքը դրած էր մի ժայռաբեկորի վրա, որը հենվում էր հորիզոնական ճեղքով ակոսի պատին։ Նա ցած իջավ ու գոտեմարտի բռնվեց այդ ահռելի ծանրության հետ։ Մի կողմից բարձրացնելով բեկորը, նա սկսեց լարումից ցնցվել, և բեկորը շուռ եկավ։ Նա փռվեց գետնին և որոշ ժամանակ մնաց պառկած։ Ապա բեկորը բաց թողեց ու դժվարությամբ իջավ ցաքուցրիվ ապառաժնեի ու այն փոքրիկ քարափի մոտ, ուր ողողել էր աչքը։ Ջրափոսի մեջ մի մեծ որձաքար նշմարելով, նա գրկեց ու վեր քաշեց այն։ Քարը փորին սեղմած, նա մի քանի երերուն քայլ արեց ու այն վայր գցեց, ապա նորից բարձրացրեց ու տարավ։ Նա քարը ցած գցեց ձագարի կողքի ամենաբարձր կետում և հետ գնաց։ Ակոսի պատից վեր երերուն հավասաակշռությամբ ճամպրուկի պես մի քար էր կանգնած, սկսեց մտածել, թե ինչ անի։ Ապա մեջքը դեմ տվեց ճամպրուկին, ոտքերը սեղմելով ակոսի դիմացի պատին։ Ճամպրուկը ճռճռաց ու տեղի տվեց։ Նա ուսը մտցրեց մի եզրի տակ ու ուժ տվեց։ Ճամպրուկը տապալվեց հաջորդ ակոսի մեջ ու կոտրվեց։ Նա անհավես քմծիծաղ տվեց ու գիրկն առավ մեծ բեկորը։ Կոտրված ճամպրուկն ակոսից հանելով ու շուռ տալով, նա տապալված, բայց անպիտան ժայռաբեկորների լանջով տքնելով այն քարշ տվեց մինչև գագաթը։
Ժայռի կաարին այժմ արդեն երկու մեծ քար կար, մեկն արյան հետքերով։ Նա նորից աչքի անցկացրեց հորիզոնն ու սկսեց լանջով դժվարությամբ ցած իջնել։ Ապա կանգ առավ, ձեռքը քսեց ճակատին ու զննեց ափը, բայց արյուն չգտավ։
Երբ բարձրաձայն խոսեց, ձայնը միաժամանակ չոր էր ու կոկորդային։
― Սկսում եմ քրտնել։
Երրորդ քարն էլ գտավ, բայց չկարողացավ այն ակոսից հանել։ Քարը գլորեց ակոսով մեկ, մինչև որ բավականաչափ սաղր տեղ գտավ, որ կարողանար այն դուրս հանել։ Այդ քարը մյուսների մոտ քարշ տալուց հետո նրա ձեռքերն այսես փշրված լինեին։ Նա ծունկի իջավ քարերի կողքին ու հայացքը դարձրեց երկնքին ու ծովին։ Անփայլ արևը դուրս էր եկել, ամպերի շերտերը պակասել էին։ Նա պառկեց երեք քարի վրա, թողնելով, որ դրանք ցավ պատճառեն։ Ժայռի ետմիջօրյա կողմից արևն ընկնում էր նրա ձախ ականջին։
Նա ոտքի կանգնեց և երկրորդ քարը խնամքով հարմարեցրեց երրորդի վրա, իսկ առաջինը՝ երկրորդի։ Երեքը միասին վերից վար համարյա երկու ոտքի բարձրություն ունեին։ Նա նստեց գետնին ու հենվեց քարերին։ Հորիզոնը դատարկ էր, ծովը՝ մեղմ, արևը՝ ձևական։ Ժայռից քար նետելու հեռավորության վրա մի ճայ էր ճախրում, բայց այս անգամ թռչունը բարեձև էր, սպիտակ ու անվնաս։ Նա ձեռքով ծածկեց ցավացող աչքը, որ դրան հանգիստ տա, բայց ձեռքը բարձր պահելու ճիգն իր ուժերից վեր էր, և նա թողեց, որ ափը հետ ընկնի ծնկին։ Նա աչքն անուշադրության մատնեց ու փորձեց մտածել։
<b>Սնո՞ւնդ։</b>
Նա ոտքի կանգնեց ու ակոսների վրայով մագլցեց ցած։ Ներքևում ցածրիկ ապառաժների կուտակումներ էին, իսկ նրանցից ցած ծովի մեջ առանձին քարափներ էին ցցված։ Վերջիններիս նա առայժմ ուշադրություն չդարձրեց, քանի որ դրանք անմատչելի էին։ Ապառաժների մակերեսն անհարթ էր՝ այն ծածկված էր փոքրիկ խեցիների շերտով, որոնք զմռսվել էին իրենց կրային արտադրություններով, վերածվելով միաձույլ մի գաղութի և ջրի տակ տարածվելով այնքան, ինչքան տեսնում էր նրա առողջ աչքը։ Խեցիները դեղնավուն էին, բայց կային նաև բազմագույն խխունջներ, որ չորանում էին ժայռին կպած։ Ամեն խեցի նստած էր իր շոշափուկի մաշած փոսիկում։ Կային նաև կապույտ միդիաների կուտակումներ, արանքներում լռված ջրիմուռների կանաչ խրձերով։ Նա հետ նայեց ժայռն ի վեր՝ իր խոռոչը ծածկող սալը դուրս էր ցցվում ջրացատկի տախտակի պես, միդիաները սփռվում էին պատի ամբողջ բարձրությամբ։ Սահմանագծից ներքև ժայռը նրանց շնորհիվ կապույտ էր երևում։ Նա զգուշությամբ ցած իջավ ու սկսեց զննել ապառաժը։ Ջրի տակ սննդի բերքն անգամ ավելի առաջ էր, քանի որ այնտեղ միդիաներն ավելի խոշոր էին, և նրանց վրայով խխունջներ էին սողում։ Խեցիների, միդիաների ու խխունջների միջև, շաքար աքլորների պես, ցիրուցան էին եղած դոնդողների կարմիր բծերը՝ անեմոնները։ Ջրի խորքում նրանց թերթիկներով շրջագծված բերանները լայն բաց էին, բայց դրսում, սպասելով մակընթացությանը, նրանք կաթը քամված կրծքի պես սեղմ էին ու սմքած։
Քաղցը հագուստի ներքո իրար սեղմած ձեռքերի պես կծկվեց։ Բերանը ջրել էր, կոկորդը հեղձվեց, ինչպես խիստ վշտի ժամանակ։ Դեղնավուն ժայռից կախված, նա ականջ էր դնում ջրի ծփանքին, բուսախառը հորդուն կյանքի աննշան շշուկներին ու ձայներին։ Նա ձեռքը տարավ գոտկատեղին, կտրուկ դուրս քաշեց ճոպանը և ազատ ձեռքով բռնեց դանակը։ Ապա սայրը մոտեցրեց բերանին, ատամներով սեղմեց և կոթը հետ քաշեց։ Նա դանակի ծայրը խրեց մի խեցու տակ, և վերջապես կծկվեց, զգացնել տալով իր մկանային ուժը, մինչև նա սայրը կպտտեր։ Դանակը բաց թողնելով, նա անկման կեսից խեցին ձեռքով բռնեց։ Ապա այն շուռ տվեց և մոտեցրեց դեմքին, աչքը սևեռելով լայնացող բացվածքին։ Տեսավ, թե ինչպես դարչնագույն ձվաձև շոշափուկը ներս ընկրկեց, ապա կտրուկ հետ եկավ, լույսը փակելով։
― Գրո՛ղը տանի։
Նա խեցին դեն նետեց ծովը, ջրի վրա փոքրիկ ճողփյուն առաջացնելով։ Մինչև ջրի ծալքերը կհանդարտվեին, նա դիտում էր, թե ինչպես խեցու սպիտակը ճոճվելով տեսադաշտից ցած է իջնում։ Որոշ ժամանակ նա շարունակում էր նայել խեցու անհայտացած տեղին։ Ապա դանակը ձեռքն առավ ու սկսեց քերծել մանր խեցիները։ Դրանք արտասվեցին աղի, մազանման հեղուկով։ Նա դանակի ծայրը հպեց մի անեմոնի, և վերջինս ամուր կծկվեց։ Նա սայրի տափակ մասով վերևից սեղմեց, և դոնդողի բացվածքը միզեց նրա աչքին։ Դանակը քարին խփելով, սայրը ներս ծալեց։ Հետո նորից վեր մագլցեց ու նստեց ժայռին, մեջքը դեմ տալով երեք քարերին, երկուսը՝ կոտրված, վերևինը՝ մամռոտ։
Ներսում մարդը գիտակցում էր, որ ինքը նոպայի պես մի բան է ապրում։ Նա ոտքերը մոտ քաշեց ու կողքի գլորվեց այնպես, որ դեմքը հպվի ժայռին։ Ջրաթաթախ հագուստի ներքո մարմինը ջղաձգվում էր ու սրթսրթում։ Նա շշնջաց քարին․
― Հանձնվել չի՛ կարելի։
Իսկույն ևեթ սկսեց լանջով ցած մագլցել, հազիվհազ սողալով։ Ջրի մոտ քարեր կային, բայց՝ անպիտան ուրվագծերով։ Նա ջրի տակից ընտրեց մեկն ու տաժանակիր ջանքերով հասցերց գագաթ։ Վերևի քարը նա փոխարինեց նորով, հարմարեցրեց, ապա որձաքարը սաղեցրեց գլխին։ Երկու ոտք, վեց մատնաչափ։
Նա մրթմրթաց․
― Պետք է շարունակե՛լ։ Ամե՛ն գնով։
Նա ցած իջավ ժայռի միդիաներով ապառաժին հակառակ կողմով։ Այս կողմում երկար աստիճանաձև ելուստներ կային, և ջուրը պարբերաբար վերուվար էր ծծվում։ Ջուրը շատ մուգ էր, և ներսում երկար ջրիմուռներ էին երևում, նման այն փոկերին, որոնոցով ճամփորդները կապում են կոտրված փակերով ճամպրուկները։ Մակերեսի մոտ դարչնագույն այդ ջրիմուռները խռնված էին ու փաթաթված իրար, բայց խորքում ուղղաձիգ շորորում էին շոշափուկների կամ լեզվակների նման։ Դրանից ներքև միայն գնալով սևացող ջուրն էր, որն իջնում էր մինչև ծովի անդնդախոր հատակը։ Նա հայացքն այդ ամենից կտրեց և ելուսներից մեկով առաջ սողաց, բայց ժայռն ամենուր միատարր էր, և առանձին բեկորներ չկային, չնայած մի տեղ ելուստը ճեղքված էր։ Գուլպա հագած ոտքերով նա այդ մասը հրեց, բայց ապարդյուն։ Ելուստի վրա անշնորհք շուռ գալով, նա գնաց հետ։ Ժայռի ներքևում գտավ անպետք ուրվագծերով քարերն ու մեկ առ մեկ դրանք տարավ լցրեց ակոսներից մեկի մեջ։ Ապա խուզարկեց բոլոր ճեղքերն ու անկանոն քարեր ու դեղնավուն կվարցի կլորավուն կտորներ ապսպրեց, որոնցից մազերի պես կանաչ ջրիմուռներ էին կախված։ Նա դրանք տարավ իր կառուցած մարդու մոտ ու կիտեց հիմնաքարի շուրջը։ Որոշ քարեր կարտոֆիլից մեծ չէին՝ նա դրանք խցկում էր այնտեղ, ուր ավելի մեծերը տեղ չէին անում, մինչև որ վերևի քարը դադարեց հպումից ճոճվել։ Նա այդ ամենը պսակեց իր գլխի չափ մի նոր քարով։
Երեք ոտնաչափ։
Հետո քարակույտից մի կողմ քաշվեց ու նայեց հետ։ Կույտը նրա տեսադաշտում սկսվում էր հորիոնից և արևից բարձր էր հասնում։ Այդ փաստից ապշեց և ուշադիր նայեց շուրջը, արևմտյան կողմը որոշելու համար։ Նա տեսավ իրեն փրկած դուրս ցցվող սալը, ճայերը ճախրում էին ջրի մակերեսի մոտ։
Նա կրկին մագլցեց ցած, այնտեղ, որտեղից խեցի էր պոկել։ Դեմքը ծամածռելով, բռունցքները սեղմեց փորը ծածկող խոնավ կտորին։ Հետո կախվեց փոքրիկ ապառաժից և սկսեց մատներով պոկել կարմիր դոնդողները։ Նա դրանք դարսեց ապառաժի եզրին և որոշ ժամանակ այդ կողմը չէր նայում։ Ապա իր մեկևկես աչքը թեքեց դրանց կողմը և սկսեց ուշադիր զննել։ Դրանք նման էին մի բուռ քաղցրավենիքի, միայն թե թեթևակի շարժվում էին, և կույտի տակից ջուր էր ծորում։ Նա կույտի կողքին նստեց քարափի եզրին, և այն տեսադաշտից դուրս մնաց։ Նրա դեմքը հոգեվարքի արտահայտություն ստացավ։
― Գրո՛ղը տանի։
Մատները սեղմեցին քաղցրավենիքից մեկը։ Նա հապճեպ այն բերանը տարավ, ընկրկեց, կուլ տվեց ու սրթսրթաց։ Ապա մեկն էլ վերցրեց, կլլեց, հետո ևս մեկը՝ ինչքան կարելի է արագ։ Ապա ամբողջ կույտը լցրեց բերանն ու մեջքը շտկեց, կոկորդը գործի դնելով։ Երբ կրկին սմքեց, դեմքին գունատ քմծիծաղ էր հայտնվել։ Ձախ ձեռքին նայելով, նա հայտնաբերեց ճկույթին կպած վերջին ջրաթաթախ դոնդողիկին։ Նա ձեռքն ապտակեց բերանին ու աչքերը հառեց մատներին, ստամոքսի դեմ պայքարելով։ Ապա մագլցեց ջրի անձավի մոտ ու ներս խցկվեց։ Կարմրավուն ցեխի ու տիղմի ոլորանները նորից բարձրացան ջրի մեջ։ Լճակի մոտիկ ափը ջրի կողմից երիզված էր մեկ սանտիմետրանոց կարմիր շերտով։
Ստամոքսը ջրով սանձելով, նա անձավից դուրս սողաց։ Ճայերն այժմ պտտվում էին ժայռի շուրջը, և նա ատելությամբ նայեց նրանց կողմը։
― Դուք ինձ ձեռք չե՛ք գցի։
Վերադառնալով ժայռի կատարը, իր երեք ոտնաչափանոց թզուկի մոտ։ Շուրջբոլորը դատարկ հորիզոնն էր։ Նա շրթունքներից լիզեց խմելու ջրի կաթիլը։