Սուսերը ֆալոս է։ Ինչպիսի՜ երկնամբարձ կատակ։ Ֆալոսը սուսեր է։ Իջի՛ր, շուն, իջի՛ր։ Իջի՛ր չորս թաթերիդ վրա, ա՛յդ է քո տեղը։
Ապա նա տեսավ կիսադեմն ու ճչաց։ Կիսադեմը պատկանում էր փետրավոր սողուններից մեկին։ Այն թառել էր սալին ու գլուխը թեքած ցած էր նայում։ Նրա ճչալուն պես լայն թևերը թփթփացին ու թափահարելով թռան, և նույն պահին շողշողուն մի պատկեր տեսադաշտից սրբեց երկինքն ու սալը։ Պատկերը պայծառ էր, երբեմն պառկած 8֊ի նման, երբեմն՝ օղակի։ Օղակը լցված էր կապույտ ծովով, որտեղ ոլորապտույտ ճախրում, աշխույժ կռվում կամ ուտում էին ճայերը։ Նա զգաց ոտքերի տակ նավի օրորը, գիշերվա լռությունն ու անդորրը, մինչև ականակիրը սահում էր ջրի մեջ ճոճվող բանի կողքով՝ խոնարհ, չարաշահված ու խաղաղ բանի, կտուցների գզվռտոցն ընկած հաճույքի գործիքի։
Նա դուրս սողաց արևի տակ, ոտքի կանգնեց ու գոռաց ահռելի տափակ օդի մեջ։
― Ես զարթնե՜լ եմ։
Մուգ կապույտ՝ սպիտակի փաթիլներով ու ադամանդյա կայծերով։ Երեք ժայռերի շուրջն առատորեն ծփացող փրփուր։
Նա գիշերվանից երես թեքեց։
― Այսօր մտածելու օրն է։
Նա արագ հանվեց, վրան թողնելով շալվարն ու սվիթրը, հագուստը փռեց արևի տակ ու գնաց դեպի Կարմիր Առյուծը։
Տեղատվությունն այնքան էր իջել, որ միդիաներին չափ ու սահման չկար։
Միդիաներն իհարկե սնունդ էին, բայց արդեն ձանձրացնում էին։ Մի պահ նա մտածեց, որ գուցե մի քիչ քաղցրավենիք հավաքի, բայց ստամոքսն ընդվզեց այդ գաղափարի դեմ։ Փոխարենը նա հիշեց շոկոլադը, և արծաթյա փաթաթանը հայտնվեց մտքի առջև։ Նա նստած շարունակեց մեքենայաբար ծամել, մինչև միտքը զննում էր փայլփլուն արծաթը։
― Ի վերջո ինձ կարող են այսօր փրկել։
Նա ուսումնասիրեց այդ միտքը և եզրակացրեց, որ գաղափարն ընդհանուր առմամբ չեզոք էր, ինչպես միդիաները, և միաժամանակ անդուր ու մերժող, ինչպես վերևի ջուրը։ Նա մագլցեց ջրի անձավի մոտ ու ներս խցկվեց։ Կարմիր նստվածքը հինգ սանտիմետրանոց երիզով պատում էր մոտակա ափը։
Նա գոռաց արձագանքին ընդառաջ․
― Անձրևը նորից կգա։
Ինքնության ապացույց։
― Պետք է լճակը չափել ու օրական նորմա սահմանել։ Եթե հարկ լինի, ջուրն ինքը կգա ինձ մոտ։ Ես պե՛տք է ջուր ունենամ։
Ջրհոր։ Ժայռը փորել։ Եղյամը հավաքելու ջրափոս։ Ծղոտով ու կավով պատված։ Տեղումներ։ Կրթվածություն։ Խելք։
Նա ձեռքը պարզեց ու մատն ուղղաձիգ ընկղմեց ցած։ Երբ ջուրը հասավ դաստակին, մատը հպվեց տիղմին ու ցեխին, իսկ ապա՝ նաև քարին։ Նա խորը շունչ քաշեց։ Լուսամուտի տակ լճակի հեռավոր ծայրում ջուրն ավելի մուգ էր։
<b>Անխելքը ջուրը կվատներ առաջ սողալով, որ տեսնի, թե ինչքան է մնացել։ Բայց ես դա չեմ անի։ Ես կսպասեմ ու առաջ կսողամ ջուրը պակասելու հետ մեկտեղ։ Իսկ մինչ այդ ինձ կփրկեն։</b>
Նա արագ մոտեցավ հագուստին, գրպաններից հանեց շոկալադի արծաթյա փաթաթանն ու լարը և հետ դարձավ Թզուկի մոտ։
Նա հոնքերը կիտեց Թզուկի վրա և սկսեց խոսել ծծանի մեջ։
― Արևելք թե արևմուտք նշանակություն չունի։ Եթե նավերն այդ կողմերից հայտնվեն, միևնույն է շարժվելու են ժայռի ուղղությամբ։ Բայց նրանք կարող են հայտնվել նաև հարավից, կամ, որը պակաս հավանական է, հյուսիսից։ Ամեն դեպքում հյուսիսից արև չի լինում։ Ուրեմն, լավագույնը հարավն է։
Նա վերցրեց Թզուկի գլուխն ու խնամքով իջեցրեց գետնին։ Հետո ծունկի իջավ ու հարթեցրեց արծաթյա թուղթը, մինչև այն սկսեց նրա ձեռքի տակ փայլել։ Ապա թուղթը սեղմեց գլխին և լարով կապեց֊ամրացրեց։ Արծաթյա գլուխը տեղը դնելով, նա հեռացավ Դիտակետի հարավային ծայրը և հետ նայեց Թզուկի դատարկ դեմքին։ Արևը ցատկեց նրա աչքերին։ Նա պպզեց, մինչև որ աչքերը հավասարվեցին Թզուկի մակարդակին, արևի աղավաղված պատկերը չէր վերանում։ Նա դեսուդեն արեց Դիտակետի հարավային եզրի թույլատրած կամարով, և արևն ամուր խփում էր նրա աչքին։ Նա կրկին հանեց Թզուկի գլուխը, գուլպայով փայլեցրեց դեմքն ու դրեց տեղը։ Արևը նրան աչքով արեց։ Դիտակետում կանգնած էր միանգամայն հավաստի մարդը, ուսին շլացնող ազդանշանը բռնած։
― Ինձ այսօր փրկելու են։
Նա ընդգծեց ու հավաստեց այդ անիմաստ դրույթը, երեք քայլ պար գալով, բայց հանկարծ ծամածռված կանգ առավ։
― Վա՜խ ոտքերս։
Նա նստեց ու հարվային կողմից հենվեց Թզուկին։
Այսօր մտածելու օրն է։
― ԻՆձ այնքան էլ վատ չդրսևորեցի։
Հոնքերը կիտեց, ձևափոխելով լուսամուտի կամարը։
― Կատարյալ պարագաներում, իհարկե, քարը պետք է կլոր լինի։ Այդ դեպքում հարյուր ութսուն աստիճան աղեղում որտեղ էլ որ նավ հայտնվի, արևը կարտացոլվի ուղիղ վրան։ Եթե նավը հորիզոնից դեն լինի, ճառագայթը կարող է հասնել կայմի դիտակետին, ձերբակալողի ձեռքի պես իջնելով նրա ուսին, համառելով, պնդելով, մինչև որ անգամ ամենաբութ նավաստին այն կնկատի ու կհասկանա։
Հորիզոնը շարունակում էր դատարկ մնալ։
― Պետք է գունդ ճարել։ Գուցե հաջողվի մի ուրիշ քարով էս մեկը ծեծել, մինչև գնդի պես մի բա՞ն դառնա։ Քարտաշ էլ դառանք։ Էն ո՞վ էր, որ թնդանոթի քարե արկեր էր սարքում։ Միքելանջելոն չէ՞ր։ Պետք է սկզբի համար կլորին հնարավորին չափ մոտ քար ջոկել։ Տե՜ս է, քիթը սրբելու ժամանակ չի մնում։ Ոնց որ Իթմայում։
Նա ոտքի կանգնեց, իջավ ծովի մոտ ու ցած նայեց միդիաների կողքի փոքրիկ քարափի եզրից, բայց ուշադրության արժանի ոչինչ չգտավ։ Նրա ու երեք ժայռերի միջև միայն կանաչ ջրիմուռներն էին ու քարի զանգվածները։ Նա դրանցից երես դարձրեց, գնաց Տեսադաշտի Քարափը և ելուստների վրայով իջավ ջրի մոտ։ Սակայն գարշահոտ ջրիմուռների կուտակումներից բացի այնտեղ ոչինչ չկար։ Վայրէջքը նրան հոգնեցրեց, և որոշ ժամանակ նա մնաց ջրի վրա կախված, հայացքով խուզարկելով ժայռի մակերեսը որևէ պիտանի բանի հույսով։ Դեմքի մոտ բարակ շերտով մարջանի պես ինչ֊որ վարդագույն նյութ էր սփռված, որը տեղ֊տեղ ասես միտքը փոխեր ու ձգտեր ծիրանու։ Նա մատը քսեց փափուկ մակերեսին։ Նրանք այդ ներկը Բարմենուհու Շիկնանք էին կոչում ու լիտրերով շաղ էին տալիս պատերազմական օրերի նավաստու անվարժ ձեռքով։ Ենթադրվում էր, որ այդ գույնը լուսաբացի փորձանքաբեր ժամերին նավի ուրվագիշը ձուլում է երկնքին ու ծովին։ Վարդագույն անծայրածիր թաղանքը ծովահարված ժայռը ծածկող մարջանի կամ խմորեղենի վրա ցանված գունավոր շաքարի նման պատում էր դռներն ու թնդանոթների վահանակները, նավի կողերը, անկյուններն ու Հյուսիսային Պարեկի նավերում իրենց գոյության փաստը դժկամորեն ընդունել տված բնակելի հարկաբաժինները։ Նա դեմքը թաղանթից հեռացրեց ու սկսեց աստիճաններով մագլցել դեպի կամրջակը։ Երևի նույն նյութն ակրերով ծածկում է իր մանկության ժայռերը Թրեսլինում։ Այնտեղ էր, որ Նաթը վերցրեց աղջկան, վերցրեց երկու իմաստով էլ, երախտապարտ լինելով հուշելու համար։
Նավն ուժգին ճոճվում էր։ Նաթը սարդի պես իջնում էր սանդուղքով, ապահովության համար խնամքով տեղադրելով իր հեռավոր վերջույթները, և այժմ ճգնաժամի հասնելով ի դեմս համազգեստի գլխարկով գլխի։ Հավասարակշռությունն ինչպես միշտ կորցնելով, պատվի է տալիս, այս ագնամ դիրքը պահպանելով շնորհիվ մյուս ձեռքի և ոտքերի։
― Ո՞նց ես, Նաթ, յոլա գնո՞ւմ ես։
Նաթական հլու ժպիտը, այս անգամ փոքր֊ինչ մռթնած։
― Այո, սըր։
<b>Քա՛րշ եկիր քո խելը, լոլոզ քուռակ։</b>
Վե՛ր, վե՛ր։ Կամրջակը, թեթև քամի ու ցերեկային լույս։
― Ալո, միջին ընթացքը զրո֊մեկ֊զրո։ Շրջվում ենք մեկ֊մեկ֊զրո։ Ես կասեի՝ մեխած ենք կուրսին, ոչ թե քեզ պես օվկիանոսով մեկ թրև գալիս։ Հիմա նավը լրիվ քոնն է, բայց Ծերուկի քեֆը տեղը չի, էնպես որ նկատի ունեցիր։
― Տասը վայրկյանից շրջադա՞րձ։ Բռնեցի։
― Կեսգիշերին կտեսնվենք։
― Տասնհինգ ձախ։ Ուղիղ։ Անփոփոխ։
Նա արագ աչքի անցկացրեց նավերի շարքն ու նայեց հետ։ Նաթն այնտեղ էր, իր սովորական տաղտուկ տեղում, ոտքերը լայն պարզած, դեմքը թաղած ձեռքերի մեջ։ Տախտակամածը նրա տակ երերաց, և նա ճոճվեց բազրիքի վրա։ ՆՐան ուղղված պայծառ լուասմուտի եզրերը ծռվեցին մի քմծիծաղից, որը քողարկված էր որպես ժպիտ։
Տե՜ր աստված, որքան եմ քեզ ատում։ Ես քեզ կխժռեի։ Որովհետև դու ես ընդգրկել նրա առեղծվածը, դո՛ւ իրավունք ունես նրան էժանագին կտորներ ընծայել, որովհետև դուք երկուսով ստեղծել եք մի տեղ, ուր ես մուտք չունեմ, որովհետև քո անխելք անմեղությամբ դու ձեռք ես գցել այն, ինչին ե՛ս պիտի տիրանայի, այլապես կգժվեի։
Ապա նա է՛լ ավելի գազազեց Նաթանելի վրա, ոչ թե Մերիի պատճառով՝ որ Նաթը նրան պարզապես դեմ էր առել, ինչպես փողոցում կարող ես պատահական մի մեխ գտնել, այլ՝ որովհետև նա համարձակվում էր դրա պես նստել, ծովի հետ ճոճվելով, ճոպանին հենված քիպ այն սահմանի վրա, որը կարող էր այդքան տառապալից, բայց միևնույն ժամանակ հանգստավետ լինել, ինչպես եռացող պղպջակի պայթյունը։
― Աստվա՛ծ իմ։
Wildebeeste֊ն քիչ առաջ փոխել էր ընթացքը։
― Երեսուն աջ։ Կես թափով առաջ, համընթաց։
Ականակրերի երամի գագաթից արդեն տենդագին ազդանշան էր թարթում։
― Ուղիղ։ Անփոփոխ։ Դանդաղ առաջ, համընթաց։
Սանդուղքից իրարանցում լսվեց։ Նավապետը հարձակվեց վրան։
― Ի՞նչ հիմար խաղեր եք խաղում, գրո՛ղը տանի։
Հապճեպ ու սահուն։
― Ինձ թվաց, որ առջևում աջից նավաբեկության մնացորդներ կան, սըր, և ես պահպանեցի նույն արագությունն ու ընթացքը, որ դրանցից խուսափենք։
Նավապետը կանգ առավ, ձեռքը դրած բազրիքին, և նայեց նրա կողմը։
― Ի՞նչ մնացորդներ։
― Գերաններ, սըր, ճիշտ մակերեսի տակ։
― Աջակողմյան դե՛տ։
― Լսում եմ։
― Նավաբեկության մնացորդներ տեսե՞լ եք։
― Ոչ, սըր։
― ․․․ ես կարող եմ նաև սխալված լինել, սըր, բայց մտածեցի՝ ավելի լավ է շառից հեռու։
Նավապետն առաջ եկավ, դեմքն ընդհուպ մոտեցնելով նրա դեմքին, և այդ հիշողությունից նա ավելի պինդ կառչեց ժայռից։ Նավապետին դեմքը մեծ էր, գունատ ու կնճռոտ, աչքերը կարմրած էին անքնությունից ու ջինից։ Որոշ ժամանակ նա զննում էր լուսամուտի պարունակությունը։ Երկու կողմից լուսամուտը երիզող աղոտ քթերը որսացին թույլ ու քաղցր մի հոտ։ Ապա դեմքը փոխվեց, ոչ թե ցայտուն ու ակնհայտ ձևով, այլ՝ նաթական դեմքի պես, ներսից։ Գունատության ու խոնավ կնճիռների տակ, բերանի ու աչքերի անկյուններում կուտակվեցին մկանների թեթևակի պրկումներն ու բարդ ձևափոխությունները, մինչև որ դեմքը մի նոր դասավորություն ստացավ և, ուղղակի վիրավորանքի պես, կասկածի ու արհամարհանքի արտահայտություն ցուցաբերեց։
Բերանը բացվեց։
― Շարունակեք։
Չափից դուրս շփոթված, որպեսզի պատասխանի կամ պատվի տա, նա նայեց, թե ինչպես դեմքը շուռ եկավ և իր արհամարհանքն ու ըմբռնողությունը հետը սանդուղքով տարավ ցած։
Շոգ էր ու արյուն։
― Ազդանշան, սըր, նավապետ Դ֊ից։ «Ո՞ւր ես շորորում, սիրունիկս»։
Ազդանշան ընդունող նավաստու փայտե դեմքը։ Շոգ ու արյուն։
― Հանձնեք նավապետին։
― Այո, սըր։
Նա հետ դարձավ կողմնացույցի վահանակին։
― Տասնհինգ ձախ։ Ուղիղ։ Անփոփոխ։
Թևի տակից նայելով, նա տեսավ, թե ինչպես կամրջակի տակի նեղուցում Նաթանելն անցնում է ցրիչի կողքով։ Երևի ներքևից նա նման է քարանձավի առաստաղից կախված չղջիկի։ Նաթը երերուն քայլվածքով անցավ քթահարկի հետևը։
Նա հայտնաբերեց, որ հայհոյում է անտեսանելի Նաթին, հայհոյում Մերիի համար, Ջին Լակողի դեմքին տպված արհամարհանքի համար։ Կողմնացույցի վահանակի վրայից նայող կենտրոնը հանկարծ համակվեց կծու, մութ ու դաժան ապրումների հեղեղով։ Սիրտը կծկվեց հուսաբեկ ապշահարությունից, որ Նաթի պես մեկին, որին ակամա սիրում ես ներսից վերաձևվող դեմքի, ուշիմ խոհեմության, առանց հետին մտքերի բաշխվող սիրո համար, կարելի է նաև դողալու աստիճան ատել, ասես նա առաջին թշնամիդ լինի։ Ապշեցուցիչ էր, որ սերն ու ատելությունը նույն բանն ու նույն ապրումն են։ Թերևս նրանց կարելի էր նաև իրարից զատել։ Ատելությունն ատելություն էր մնում՝ մաղձոտ մի թթու, որի քայքայիչ ազդեցությանն ատողը դիմանում է միայն այն պատճառով, որ ուժեղ է։
― Ես ատելուց լավ եմ։
Նա արագ հայացք նետեց վահանակի ժամացույցին, ապա՝ Wildebeeste֊ին, և նոր ընթացքի հրահանգներ տվեց։
Իսկ սե՞րը։ Նաթի հանդեպ սերը։ Դա էլ ատելության միջոցով լուծված վիշտն էր, և ստացվող հեղուկը մահացու էր կրծքի տակ ու որովայնում։
Նա մրթմրթաց վահանակի վրայով։
― Եթե ես ժամանակի իմ խաղալիք ապակյա այն նավաստին լինեի, հանգիստ կկարողանայի լող տալ թթվով լի բաժակում։ Ու ինձ ոչինչ չէր լինի։
Շրջադարձ։
― Հենց դա է, որ կա։ Այն օրվանից, ինչ Մերին ընդհատեց իմ խառնաշփոթը, չենթարկվելով կյանքի օրենքներին, դնելով ինձ իր գոյության անլուծելի, անտանելի առեղծվածի առաջ, այդ թթուն ուտում է իմ պարունակությունը։ Ես նույնիսկ չեմ կարող նրան սպանել՝ դա նրա վերջնական հաղթանակը կլիներ իմ հանդեպ։ Ու քանի դեռ նա կա, թթուն շարունակելու է ինձ ուտել։ Նա այնտեղ է։ Մարմնի մեջ։ Գոնե հաճելի մարմին լիներ։ Ու էժանագին ուղեղում։ Չէ, սա սեր չէ, մոլագարություն է։ Անգամ եթե սեր է, ուրեմն նրա գոյության իսկ հանդեպ խելագար խանդով շաղախված։ Odi et amo<ref>Ատում եմ և սիրում (լատ․)։</ref>։ Ճիշտ այն բանի պես, որ փորձել էի գրել։
Ժանյակավոր ծածկոցը գեղատեսիլ ծալքերվ իջնում էր կաղնեփայտ փոքրիկ սեղանիկի կողքերից, որին դրված էին փոշոտ պտերները։ Գրեթե չօգտագործվող հյուրասենյակի կենտրոնում կանգնած կլոր սեղանից փայլեցնելու քսուքի հոտ էր փչում, թերևս այն օրերից մի օր ծառայեր դագաղ պահելու, սակայն մինչ այդ՝ ոչինչ։ Նա նայեց շուրջը, զարդերին ու թավշին, և շունչ քաշեց պատուհանից այս կողմ բանտարկված օդից, որը ճաշ եփելու, քստմնելի խերես հիշեցնող լաքի ու անցյալ տարվա հոտ ուներ։ Սենյակը Մերիին սազում էր։ Նա կվայելեր այդ սենյակին իր ամեն մանրամասնությամբ, բացի մոլուցքից։
Նա նայեց ծնկին դրված ծոցատետրին։
Շրջադարձ։
― Կարծես թե այդքանը հերիք չէր։ Դեռ թթուն էլ շարունակում է ինձ ուտել։ Ո՞ւմ մտքով երբևէ կանցներ, որ ես կսիրահարվեմ, կամ ավելի ճիշտ՝ երկոտանի հյուրասենյակի որոգայթը կընկնեմ։
Նա սկսեց կամրջակի վրա հետ ու առաջ անել։
― Քանի դեռ նա կա, թթուն ինձ ուտելու է։ Դա դիմանալու բան չի։ Իսկ նրան սպանելը վիճակը միայն ավելի կվատացնի։
Նա կանգ առավ և հետ նայեց խելի աջակողմյան դատարկ բազրիքին։
― Տե՜ր աստված։ Քսան աջ․․․
Որոշակի իմաստով Մերիին իհարկե կարելի էր․․․ Ասենք այսպես՝ թթվի հորձանքը հնարավոր է սանձել։ Ավագ Ռաբըրթսի զգուշացումը չհաղորդելը մի հնարավորություն է․․․ սակայն դա ընդամենը ընդհանուր գաղափարի ոգով տարբերակ կլինի։ Օրինակ, եթե հանգամանքներին մի փոքր նպաստող գտնվեր․․․ ոչ թե խեղդելու կամ կրակելու իմաստով, այլ՝ պարզապես թեթևակի առաջնորդել նրանց արդեն իսկ հավանական ուղղությամբ։ Քանի որ դա սոսկ հանգամանքներին հասցեագրված ակնարկ կլիներ, ապա չէր կարող որակավորվել որպես այն, ինչ բարոյականության խիստ ջատագովները կկոչեին․․․
<b>Ի վերջո ո՞ւմ վեջն է, որ։</b>
Դա հավասարազոր էր սուսերը մեկնած գորգի վրա հարձակվելուն, հաջողության չնչին ակնկալությամբ։
<b>Նա կարող է էլ երբեք այնտեղ չնստել։</b>
Ապա կամրջակի հերթապահ սպան ղեկը շրջելու հրահանգ է տալիս, լողացող ականից կամ նավաբեկության մնացորդներից խուսափելու համար, այդպիսով կատարելով իր պարտքը, և ոչ ոք նեղանալու առիթ չի ունենում։
<b>Իսկ եթե նորից նստի՞։</b>
Ուտիչ նյութը հեղեղեց նրան։ Որովայնից մի ձայն բացականչեց․ «Ես չե՛մ ուզում նա մեռնի»։ Վիշտն ու ատելությունը խորը մխրճեցին իրենց ատամները, շարունակեցին կծել։ Նա դրսի ձայնով գոռաց․
― Ախր ո՞վ է հասկանում իմ վիճակը։
Դետերն իրենց թառած տեղերից հետ նայեցին։ Նա սպառնալից հայացք գցեց ներքև ու զգաց, թե ինչպես է ջերմությունը կրկին խփում դեմքին։ Նրա ձայնը գազազած էր։
― Դարձե՛ք ձեր սեկտորներին։
Նա հենվեց վահանակին, մարմնի դողը գիտակցելով։
<b>Ես մի տեսակ․․․ հատուկ խաղաղության հետևից եմ ընկած։</b>
Բարմենուհու շիկնանք՝ անգամ բարմենուհու համար չափից կոշտ վարսերով։ Նա նայեց ժայռի ելուստներին։
<b>Սա էլ քեզ հատուկ խաղաղություն։</b>
Մարջանի սփռվածք։
Նա գլուխը ցնցեց, ասես մազերից ջուրը թափ տալով։
― Ես էստեղ ինչ֊որ բանի համար էի իջել։
Ոչ մի բան չկար՝ միայն ջուր, քար ու ջրիմուռներ։
Նա հետ մագլցեց Կարմիր Առյուծի մոտ, հավաքեց առավոտից մնացած մի քանի միդիաներն ու Պողոտայով բարձրացավ Դիտակետ։ Ապա նստեց աչքով անող Թզուկի հարավային կողմի տակ և միդիաները դանակով բացեց։ Նա սկսեց ուտել, ամեն անգամ երկար դադաներ անելով։ Վերջինն ուտելով, նա պառկեց մեջքի վրա։
― Տե՜ր աստված։
Նրանք երեկվա միդիաներից չէին տարբերվում, բայց քայքայման համ ունեին։
― Երևի արևի տակ շատ են մնացել։
Բայց չէ՞ որ տեղատվության ընթացքում նրանք արևի տակ ժամերով են մնում։
― Քանի՞ օր է էստեղ եմ։
Նա լարված մտածեց և դանակով քարի վրա երեք խազ քաշեց։
― Ես չպետք է ինքնությունն ամրացնող որևէ բան բաց թողնեմ։ Ես պետք է որոշումներ ընդունեմ ու իրագործեմ։ Ես Թզուկի վրա փայլուն գլուխ դրի։ Ես չխաբվեցի ու ջրի ծակն իրար չխառնեցի։ Հորիզոնն ինչքա՞ն հեռու կլինի։ Հինգ մղո՞ն։ Կայմը ես տասը մղոնից էլ կտեսնեմ։ Ուրեմն կարող եմ ինձ հայտնի դարձնել քսան մղոն տրամագծով շրջանում։ Վատ չի։ Ատլանտյան օվկիանոսն այս կողմերում մոտ երկու հազար մղոն լայնություն ունի։ Քսանը երկու հազարի մեջ տեղ կանի հարյուր անգամ։
Նա ծունկի իջավ և աչքաչափով տասը մատնաչափանոց մի գիծ նշեց։
― Այսինքն մոտ մեկ տասներորդ մատնաչափ։
Նա դանակի ծայրը եզրից մոտ երկու մատնաչափ հաշված դրեց գծի վրա և դանդաղ պտտեց բռնակը, մինչև որ ժայռի գորշ մակերևույթին սպիտակ մի կետ գոյացավ։ Ապա պպզեց ներբանների վրա ու նայեց ստացված գծագրին։
― Շատ խոշոր նավից ինձ տասնհինգ մղոնից էլ կտեսնեն։
Նա դանակի ծայրը դրեց նույն տեղն ու կետը մեծացրեց։ Ապա դադար առավ և շարունակեց քերծել, կետը դարձնելով փոքր մետաղադրամի չափ։ Նա ոտքը մեկնեց ու գուլպայով տրորեց կետը, մինչև որ այն վերածվեց գորշ մի փոսիկի, որը կարող էր այդտեղ գտնվել ժայռի ստեղծման օրից ի վեր։
― Ինձ այսօր կփրկեն։
Նա ոտքի կանգնեց ու նայեց արծաթափայլ դեմքին։ Արևը դեռևս արտացոլվում էր նրա աչքին։ Նա մտովի ճառագայթներ գծեց արևից մինչև քարը, անդրադարձնելով նրանց հորիզոնի տարբեր մասերին։ Նա մոտեցավ Թզուկին ու ցած նայեց նրա գլխին, փորձելով տեսնել իր դեմքի արտացոլումը։ Արևը ցատկեց նրա աչքերին։ Նա հետ ընկրկեց։
― Օ՛դը։ Հաստագլո՛ւխ հիմարի մեկը։ Նրանք օդով ինքնաթիռներ են փոխադրում և պետք է որ սրանով ստուգեն իրենց ուղին․․․ Հետո Ափամերձ Պաշտպանությունը, չէ՞ որ նրանք էլ սուզանավեր են փնտրում․․․
Նա ձեռքերը դրեց աչքերի վրա և տեղում դանդաղ պտտվեց, զննելով երկինքը։ Օդը մուգ կապույտ էր և ոչնչով չէր ընդհատվում, բացի հարավում կախված արևից։ Նա ձեռքերը ցած գցեց ու սկսեց արագ դեսուդեն անել Դիտակետով մեկ։
― Մտածելու օր է։
Թզուկը նավերի համար շատ լավ էր՝ նրանք կողքից նայում են ուրվագծերին։ Նրանք կտեսնեն Թզուկին կամ նրա գլխի փայլը։ Բայց ինքնաթիռից Թզուկը չի երևա, իսկ փայլը կվարցի պատահական բյուրեղի տեղ կանցնի։ Ժայռի վրա վերևից ուշադրություն գրավող ոչ մի բան չկա։ Նրանք կարող են ժայռից անցնել հարյուրավոր մետրերի, մղոնի, երկու մղոնի հեռավորության վրա ու ոչ մի հատուկ բան չնկատել։ Վերևից ընդամենը մի գորշ բիծ կերևա, որը նկատվում է սոսկ ծփանքի փրփուրի շնորհիվ։
Նա վհատված հայացքը հառեց երկնքին, ապա դարձրեց ծովին։
Նախշե՛լ։
Մարդիկ ձևեր են հորինում և դրանք պարտադրում բնությանը։ Երկու մղոնից ժայռը գլաքարի նման կերևա, իսկ եթե գլաքարը շերտավո՞ր լինի։ Նա նայեց ակոսներին։ Գլաքարն առանց այդ էլ շերտավոր էր։ Դուրս ցցված մոխրագույն պատերն ընդմիջվում էին ավելի մուգ խրամատներով։
Նա երկու ձեռքով բռնեց գլուխը։
Վանդակներ։ Զոլեր։ S.O.S.
― Հագուստից հրաժարվել ես չեմ կարող։ Կցրտահարվեմ։ Բացի այդ, եթե նույնիսկ ամբողջ հագուստս փռեմ, միևնույն է, թռչնաղբից պակաս նկատվող կլինի։
Առաջ պարզած ձեռքերի արանքով նա նայեց Պողոտային։
― Այստեղ, այստեղ ու այստեղ կտրել։ Հարթեցնել ու հսկայական S.O.S. սարքել։
Նա ձեռքերն իջեցրեց ու քմծիծաղ տվեց։
― Տարիքովդ մնա։
Նա պպզեց և նորից հերթով վերհիշեց իր տրամադրության տակ եղած նյութերը։ Հագուստ։ Թղթի պատառներ։ Ռետինե փրկագոտի։
Ջրիմուռներ։
Նա մի պահ հապաղեց, ապա ձեռքերը վեր գցեց ու ցնծագին գոռաց․
― Ջրիմուռնե՜ր։
=8=
Ջրիմուռները տոննաներով լող էին տալիս ժայռի շուրջը կամ ջրի տակ պարուրվում էին Տեսադաշտի Քարափի ստորոտում։
― Մարդիկ նախշեր են հորինում։
Պետք էր ջրիմուռները բանեցնել բնությանը անբնական մի նախշ հարկադրելու համար։ Մի նախշ, որն ամեն տեսնողին ճչար․ «Նայի՛ր՝ ահա՛ բանականությունը, ահա՛ մարդը»։
Լավագույն տարբերակը կլիներ ակոսները խաչող ուղիղ ու անվիճելի գիծը։ Պետք է ջրիմուռները դիզել այնպես, որ գիծը ոչ միայն գույնի տարբերություն նշի, այլև սեփական ստվերն ունենա։ Այն պիտի առնվազն մի մետր լայնություն ունենա և բացառիկ ուղիղ լինի։ Ավելի ուշ ակոսներից մեկը կարելի է նույնպես լցնել ու խաչ ստանալ։ Ժայռը կդառնա խաչապուրի։
Երեք ժայռերի ուղղությամբ նայելով, նա ակոսների վրայով մտովի քաշեց այդ գիծը, Պողոտային քիչ թե շատ զուգահեռ։ Գիծը կսկսվի Կարմիր Առյուծի կողքին ու կբարձրանա մինչև Թզուկը։ Մեծ գործ է բացվում։
Նա Պողոտայով արագ ցած իջավ։ Այժմ, երբ իմաստալից գործ էր գտնվել, նա չգիտես ինչու անընդհատ մրթմրթում էր․
― Շտապի՛ր, շտապի՛ր։
Որոշ ժամանակ անց նրա ականջները լցվեցին ինքնաթիռների երևակայական հռնդյունով։ Նա շարունակ վեր էր նայում և մի անգամ նույնիսկ վայր ընկավ, մաշկը վնասելով։ Նա դադար առավ միայն, երբ ջրիմուռների փարթամ խուրձն արդեն վեր էր քաշում Սննդի Քարափից։
― Անխելքություն մի արա։ Հանգիստ կաց։ Վերև նայելն անիմաստ է, քանի որ առայժմ ուշադրություն գրավելու ոչ մի ճար չկա։ Միայն ապուշը կսկսի թռչկոտել ու շապիկը թափահարել, ինչ է թե կարծեց, որ հինգ մողնի վրա ինքնաթիռ է անցնում։
Նա գլուխը ետ գցեց ու զննեց երկինքը, սակայն անհատակ կապույտից ու արևից բացի ոչինչ չգտավ։ Նա շունչը պահեց ու ականջ դրեց, բայց ոչինչ չլսեց, սեփական կենսագործունեության խառը շշուկներից բացի, և մեկ էլ՝ ջրի ծփանքն ու կլթկլթոցը դրսում։ Նա ուղղեց վիզն ու մնաց կանգնած, միտք անելով։ Ապա հետ գնաց խոռոչի մոտ և լրիվ հանվեց։ Նա հագուստն արևի տակ խնամքով փռեց ջրիմուռների ապագա գծի մի կողմի վրա։ Հետո վերադարձավ Կարմիր Առյուծի մոտ և ցած նայեց Առյուծն ու երեք ժայռերը
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
ները ծնված օրից բաց են, իսկ ձեռքերը՝ գռփելու պատրաստ։ Նա տիեզերական մարմնավորումն է մի ստահակի, որը միշտ ձեռք է գցում իր փողն ու ուրիշի ապրանքը։ Ճիշտ չե՞մ ասում, Ջորջ։
― Պետք չի, Փիթ, մի փրփրի։
― Հը՞, Ագահություն, ի՞նչ կասես՝ կարո՞ղ ես Մարթինին մարմնավորել։
― Վերցրու, Փիթ։ Նա ոչ մի բան նկատի չունի, Քրիս։ Պարզապես անտրամադիր է։ Մի քիչ բորբոքված, չէ՞, Փիթ։
― Հա, իհարկե, ուրիշ ոչինչ։
― Մի շաբաթ կլինի արտաքնոց չեմ գնացել։
Անսպասելի մթնշաղի հետ հայտնվեցին ճայերը։ Մեկը թառեց Թզուկին, արծաթե գլուխը ճոճելով, և ճայը սսկված դեն թռավ, թևեը թփթփացնելով։ Նա գնաց քնելու խոռոչը, փրկագոտին փչեց, փոկերն իրար կապեց ու դրեց գլխի տակ։ Ապա ներս խցկեց ձեռքերը։ Գլուխը մնաց անպաշտպան, չնայած բրդյա վզով գլխարկը վրան էր։ Նա ստիպված խոռոչից դուրս սողաց, գնաց Կարմիր Առյուծից բերեց սաղավարտն ու նորից սկսեց ներս խցկվել։
― Տե՜ր աստված։
Նա նորից դուրս գցվեց։
― Բրեզենտս ո՞ւր կորավ։
Քարերի վրա սայթաքելով, նա փնտրեց Կարմիր Առյուծի մոտ ու ջրի անձավում, Տեսադաշտի Քարափում․․․
― Թզուկի մոտ չի կարող լինել, քանի որ ես երբեք․․․
Ակոսների, գարշահոտ, լպրծուն ջրիմուռներ, ո՞ւր է կորել․․․
Նա բրեզենտե բաճկոնը գտավ իր թողած տեղում՝ Թզուկի մոտ։ Վրան սպիտակ բծեր կային։ Նա բաճկոնը հագավ ու մտավ իր տեղը։
― Այ սա կանխատեսել չի լինում, ոչ ոք սրա մասին պատկերացում անգամ չունի։ Ոչ թե զրկանքների վտանգը, այլ մանր֊մունր տխմարություններ, անիծյալ կրկնությունները, օրեր, որ իրար հետևից կաթում են աննան վրիպակների խառնաշփոթում, որոնց չէիր էլ նկատի, եթե գործի գնայիր, կամ հորդ տեսնելու հնարավորություն լիներ․․․ Դանա՞կս ինչ եղավ, աստվա՜ծ իմ։
Դանակին բան չէր եղել, այն հետ էր ընկել ու քարե ելուստի պես խրված էր ձախ կողերի արանքը։ Նա դանակն ազատեց ու հայհոյեց։
― Ավելի լավ է մտածելով հիմա զբաղվեմ։ Սխալ արեցի դրա վրա աշխատելու պիտանի ժամանակը ծախսելով։ Եթե փոխարենը երեկ գիշերը մտածեի, հիմա օրս կարգին բաշխած կլինեի ու ամեն ինչ հասցրած։
Հիմա՝ խնդիրներս։ Առաջին՝ հարկավոր է ջրիմուռների գիծը վերջացնել։ Հետո՝ շորերի համար պետք է տեղ որոշել, որ նորից խուճապի չմատնվեմ։ Ավելի լավ է միշտ էստեղ խցկեմ, որ էլ երբեք չմոռնամ։ Երկրորդ։ Չէ՝ երրորդ։ Երկրորդը շորերն էր։ Նախ՝ շորերը դնել խոռոչը, հետո՝ ջրիմուռ հավաքել ու գիծը վերջացնել։ Երրորդ՝ ջուրը։ Փորել չի լինի, մնում է հավաքել։ Ծերտի մակարդակից ներքև ու ջրափոշուց վերև մի ակոս ընտրել ու ջուր բանտարկել։
Նա ստորին ծնոտը մի կողմ շարժեց։ Բրդյա գլխարկը նեղությւն էր պատճառում նոր ծլող մորուքին։ Նա նաև զգում էր ոտքերի ու ձեռքերի վառված մասերի թույլ ծակծկոցն ու սառնությունը։ Ժայռի անհարթությունները նորից սկսեցին անհանգստացնել։
― Շուտով անձրև կգա։ Ու ես ինչքան ասես ջուր կունենամ։ Էս պոռոչին պետք է մի բան անել, թե չէ շորերս կթրջվեն։ Վրանի պես մի բան քաշել։ Գուցե հենց վաղն էլ ինձ փրկեն։
Նա հիշեց, որ առավոտյան ճիշտ նույն համոզվածությունն ուներ, և դրանից սիրտը թուլացավ, ասես ինչ֊որ մեկն իր երդումը դրժած լիներ։ Նա նայեց աստղերին, մտածելով, թե որտեղից մի կտոր փայտ ճարի, որ թխկթխկացնի։ Բայց ժայռի վրա փայտ չկար, անգամ՝ մատիտի մնացուկ։ Ձախ ուսի վրայից գցելու աղ էլ չկար։ Գուցե ծովաջուր ցայելը նույնքան ազդեցի՞կ կլիներ։
Նա ձեռքը խցկեց աջ ազդրի մոտ։ Հին սպին պետք է որ նույնպես վառված լիներ, քանի որ նա զգաց դրա մռմռոցը, զգացումը տհաճ չէր, բայց ուշադրությունը շեղում էր։ Նա ծամածռվեց, և մորուքը, բրդին քսվելով, շրշաց։
― Չորրորդ՝ դանակը սրել, որ կարողանամ սափրվել։ Հինգերորդ՝ այնպես անել, որ վաղը դեսուդեն չընկնեմ ու ինձ չկորցնեմ։
Վառված տեղերը մռմռացին։
― Ես ռեակցիայից եմ տառապում։ Ծովում ու ձագարի մեջ ես անցա դժոխքի միջով ու հետո ապահովության զգացումից լխկեցի ու համը հանեցի։ Իսկ դրան միշտ ռեակցիա է հետևում։ Պետք է քնել, հանգիստ մնալ ու կենտրոնանալ քնելու գործի վրա։
Վառված տեղերը շարունակում էին մռմռալ, մորուքը քերծում էր ու ծակծկում, ժայռի անհարթություններն աստիճանաբար սկսեցին վառել իրենց մարմանդ, ծխացող խարույկները։ Նրանց ներկայությունը դարձավ ծովի պես հարատև։ Նրանք վերածվեցին լուսաթաթախ բնապատկերի, անսահմանության, և նա սկսեց երերալ տիեզերքում կախվելու պահերի, խարույկները դիտելու ու մարմնի վերջին իսկ մղկտացող անկյուններով սփռվելու միջև։
Նա աչքերը բացեց ու վեր նայեց։ Ապա փակեց ու մրթմրթաց։
― Երազ էր։
Աչքերը նորից բացեց, և արևի լույսը մնաց։ Լույսը որոշ չափով մեղմացրեց խարույկները, քանի որ միտքը վերջապես հնարավորություն ստացավ նրանցից կտրվել։ Նա պառկած նայում էր ցերեկային երկնքին ու փորձում վերհիշել որակն անցած այն ժամանակի, որն այդքան անսպասելիորեն կրճատվել էր։
― Ես բոլորովին քնած չեմ եղել։
Միտքն ամենևին հակված չէր խոռոչից դուրս սողալ ու զբաղվել անհրաժեշտ անելիքներով։ Նա աներանգ խոսքեր արտասանեց վերևից կիտված օդի զանգվածի մեջ։
― Այսօր ինձ երկելու են։
Նա խոռոչից դուրս մղվեց։ Օդը ջերմ էր, և նա հանվեց, մնալով շալվարով ու սվիթրով։ Մնացածը խնամքով ծալեց ու դարսեց խոռոչի մեջ։ Երբ ներս սողաց ջրի մոտ, կարմիր նստվածքը կեղտոտեց սվիթրի կուրծքը։ Նա մի կուշտ ջուր խմեց և ավարտելուց հետո տեսավ, որ լճակի հեռավոր ծայրի ու լուսամուտի միջև մութ տարածքը լայնացել է։
― Պետք է ջրի ճար անել։
Նա մնաց պառկած, փորձելով որոշել, թե որն է ավելի կարևոր՝ ջուրը պաշարելու հարմարանք ստեղծե՞լը, թե՞ ջրիմուռների գիծն ավարտելը։ Դա նրան հիշեցրեց, թե ժամանակն ինչ արագ է անցնում, եթե այն ձեռքից բաց թողնես, և մագլցեց Դիտակետ։ Այսօր գունավոր օր էր։ Արևը վառում էր, ծովը մուգ կապույտ էր և ուրախ կայծկլտում էր։ Ժայռերին գույներ էին շաղ տրված, ստվերները մուգ ծիրանագույն էին, քանի դեռ դրանց ուղիղ չէիր նայում։ Նա նայեց Պողոտան ի վար, և առջևում սքանչելի մի տեսարան բացվեց։ Նա փակեց աչքերն ու նորից բացեց, բայց ժայռն ու ծովը դրանից ավելի իրական չդարձան։ Նրանց գունագեղ պատկերը լցնում էր լուսամուտի երեք դաշտերը։
― Դեռ քնած եմ։ Ես փակված եմ մարմնիս մեջ։
Նա գնաց դեպի Կարմիր Առյուծն ու նստեց ծովի մոտ։
― Ինչի՞ եկա էստեղ։
Նա հոնքերը կիտեց ջրի վրա։
― Որ ուտեմ։ Բայց ես քաղցած չեմ։ Պետք է ջրիմուռ հավաքել։
Նա խոռոչից հանեց դանակն ու փրկագոտին և իջավ Տեսադաշտի Քարափի մոտ։ Նա ստիպված էր ավելի հեռու իջնել, որովհետև քարափի մոտակա հատվածն արդեն մաքրված էր։ Հետո մոտեցավ մի ելուստի, որն աղոտ հիշողություններ արթնացրեց և ստիպեց մտածել։
― Էստեղ իջել էի Թզուկի համար քարեր ճարելու։ Էս մեկը փորձեցի պոկել, բայց չկարողացա, չնայած ճաքած էր։
Նա խոժոռ նայեց քարին։ Ապա ձեռքով կախվեց ժայռից, մինչև որ ճեղքը հայտնվեց դեմքի մոտ։ Ինչպես քարափի մնացած մակերեսը, ուր ջուր էր հասնում, այն զմռսված էր առեղծվածային գոյացությունների ու մանր խեցիների շերտերով։ Սակայն ճեղքը լայնացել էր։ Քարը շարժվել և մատնաչափի ընդամենը ութերորդ մասով թեքվել էր։
Նա մնաց այդտեղ, շարունակելով նայել ճեղքված ժայռին, մինչև որ մոռացավ, թե ինչի մասին էր մտածում։ Նա ամբողջ ժայռն ընկալում էր որպես ջրի միջի մի բան և գլուխը շարժում էր մի կողմից մյուսը։
― Թե ո՞ր ջհաննամից է էս ժայռն ինձ էսքան ծանոթ։ Ես նրան առաջ կյանքում չեմ տեսել։
Ծանոթ ոչ թե պատերազմական ընկերոջ պես, որին այդքան շուտ ես ճանաչում կողքին անվերջ ժամեր անցկացնելու ստիպողությունից, այլ ծանոթ՝ ազգականի պես, որին տեսնում ես հազվադեպ, բայց և այնպես հետը տարիներով հաշվի ես նստում, ծանոթ՝ մանկության ընկերոջ, դայակի նման։ Այս ծանոթությունը հավերժության երանգ ուներ, նման էր մանկության ժայռերին, որոնց ամեն արձակուրդի նորովի ես արժեքավորում, գիշերն անկողնում պառկած վերհիշում, օդի մեջ վերստեղծում նրանց շոշափելի ուրվագծերը․․․
Երեք ժայռերի կողքից ջրի բարձր ճողփյուն լսվեց։ Նա արագ մագլցեց Կարմիր Առյուծի մոտ, բայց ոչինչ չտեսավ։
― Պետք է ձկնորսություն անել։
Ակոսների միջի ջրիմուռներից գարշահոտություն էր փչում։ Ծովի կողմից նոր ճողփյուն եկավ, և այս անգամ նա հասցրեց տեսնել ջրի մակերեսին տարածվող օղակները։ Նա այտերը հենեց ձեռքերին, որ մտածի, բայց մազերի հպումն ուշադրությունը շեղեց։
― Պիտի որ արդեն մորուք ունենամ։ Համենայն դեպս՝ մի թեթև։ Մազալու բան է՝ մորուքն աճում է, նույնիսկ երբ մնացածդ․․․
Նա արագ իջավ Տեսադաշտի Քարափը, մի խուրձ ջրիմուռ հավաքեց ու դիզեց մոտակա ակոսի մեջ։ Ապա Պողոտայով դանդաղ բարձրացավ Դիտակետ ու նստեց, ձեռքերն ափերը բաց երկու կողմից ցած դնելով։ Գլուխն ընկղմվեց ծնկների միջև։ Ապահովության Ժայռից եկող ծփանքը խաղաղեցնում էր, Դիտակետին նկարի պես մի ճայ էր կանգնած։
Մարմնի մեջ ձայներ էին տարածվում։ Ներսի ստվար խավարը լի էր ձայներով, ինչպես գործարանը՝ մեքենաների աղմուկով։ Սրտի ամեն զարկից գլուխը թեթևակի ցնցվում էր։
Նա վեր թռավ խռպոտ ճիչից։ Ճայը մոտեցել էր, թևերը կիսաբաց, գլուխը ցած իջեցրած։
― Ի՞նչ ես ուզում։
Փետրավոր սողունը երկու քայլ մի կողմ արեց ու թևերը փակեց։ Կտուցը մտավ թևի տակ։
― Եթե արտաքնոց գնայի, ինձ ավելի լավ կզգայի։
Նա դժվարությամբ շուռ եկավ և նայեց արծաթե, աչքով անող Թզուկին։ Հորիզոնի գիծը մոտիկ էր ու կարծր։ Նրան նորից թվաց, թե հորիզոնի վրա անհարթություններ է տեսնում։
Վատն այն էր, որ ժայռի վրա ոչ բարձ կար, ոչ՝ խոտով ծածկված բլրակ։ Նա մի պահ մտածեց քեչան բերել ու նստարանի պես ծալել, բայց հետո դրա համար պահանջվող ճիգը չափազանց մեծ թվաց։
― Մարմինս ցավում է այնպես, կարծես ներսից կապտուկներ ունենա։ Ժայռի կոշտությունն ինձ մաշում է։ Պետք է ջրի ճար անել։
Ջուրը փափուկ էր, զիջող ու ենթարկվող։
― Պետք է օթևան սարքել ու ջուրը հավաքելու համար մի բան։
Նա փոքր֊ինչ խելքի եկավ և իրեն ավելի ուժեղ ու անհանգստացած զգաց։ Ապա խոժոռ նայեց խենթանալու աստիճան ծանոթ ու խաբուսիկ ժայռակույտերին և հայացքն անցկացրեց ջրիմուռների բարալիկ գծով մեկ։ Տեղ֊տեղ գիծը փայլում էր։ Գուցե ջրիմուռները վերևի՞ց էլ էին փայլում շերտի պես երևում։
― Ջուրը կարելի է բրեզենտի մեջ հավաքել։ Ակոսներից մեկը կդարձնեմ ջրամբար։
Նա խոսքը կտրեց և թիկնեց, մինչև որ Թզուկի խորդուբորդությունները նրան ստիպեցին նորից առաջ թեքվել։ Նա մնաց կքված, հոնքերը կիտելով։
― Ես զգում եմ․․․
Նա վեր նայեց։
― Զգում եմ ծանրությունն ու անընդհանտ ճնշող զանգվածը։ Հրապարակավախություն կամ դրա պես մի բան, համենայն դեպս՝ կլաուստրաֆոբիայի հակառակը։ Սոսկալի ճնշում։
Նա ոտքի կանգնեց, անցավ Պողոտայի մոտ և սկսեց ուսումնասիրել քնելու խոռոչի կողքի ակոսը։
― Գերիշխող քամիներ։ Պետք է ջուրը բռնել հարավ֊արևմուտք նայող կողմից։
Նա վերցրեց դանակն ու ակոսի թեք պատով վերևից ներքև գիծ քաշեց։ Գիծն ավարտվում էր պատի հիմքում հատակի մեջ գոյացած բռունցքի չափ փոսորակի վրա։ Նա գնաց Թզուկի մոտ և զգուշությամբ հանեց ու բերեց մի սպիտակ կարտոֆիլ։ Ծալովի դանակի ծայրին որպես պտուտակահան նախատեսված մոտ մեկ սանտիմետրանոց մի ելուստ կար։ Նա ելուստը դրեց գծից փոքր֊ինչ վեր և սկսեց քարով խփել բռնակի հակառակ ծայրին։ Ժայռը մանր փաթիլներով փխրվեց։ Նա պտուտակահանը դրեց գծի վրա և սկսեց այն խորացնել։ Շուտով արդեն մոտ երկու միլիմետր խորությամբ և երեսուն սանտիմետր երկարությամբ մի ակոս փորեց։ Ապա դարձավ գծի ներքևի ծայրին։
― Եթե հիմքից սկսեմ, անձրևն ինչքան էլ շուտ գա, մեկ է, մի քիչ կհավաքեմ։
Դանակի թխկթխկոցը խրամատի պատերից բավականաչափ արձագանք էր կորզում, և նա իրեն պատսպարված զգաց, ասես աշխատելիս լիներ սենյակում։
― Կարելի է բրեզենտը քաշել ակոսի վրա ու կտուր ստանալ։ Այդ ճնշող զգացումն էստեղ այդքան չի նկատվում։ Մասամբ որովհետև սենյակի մեջ եմ, իսկ մասամբ էլ՝ որովհետև աշխատում եմ։
Թևերը ցավում էին, բայց շուտով գիծն ակոսի հատակից բարձրացավ, և աշխատլեու դիրքն ավելի հեշտացավ։ Նա երազկոտ փորձեց որոշել, թե արդյո՞ք դիրքի հարմարավետության հետ մեկտեղ հոգնածությունը կպակասի, և գտավ, որ ոչ։ Նա նստեց գետնին, ճակատը հենելով պատին։ Ձեռքը բացվեց։
― Չգնա՞մ մի քիչ խոռոչում պառկեմ։ Կամ թեկուզ հենց Թզուկի մոտ փաթաթվեմ քեչայից մեջ։
Նա գլուխը քարից կտրուկ պոկեց ու նորից սկսեց աշխատել։ Գծի խորացված հատվածը երկարեց։ Ի վերջո այն միացավ վերևից փորած մասին, և նա հետ նստեց, որ արդյունքը տեսնի։
― Պետք էր թեքությամբ փորել։ Գրո՛ղը տանի։
Նա ժայռին նայելով ծամածռվեց ու կրկին գործի անցավ, մինչև որ ակոսի հատակը թեքվեց ցած։
― Ներքևում պետք է ավելի խորացնել։
<b>Որովհետև կուտակվող ջրի քանակը․․․</b> Բայց նա միտքը փոխեց և սկսեց հաշվումները բարձրաձայն անել։
― Ակոսի ցանկացած հատվածում գտնվող ջուրը բաղկացած է դրանից վեր կուտակված քանակից և համեմատական է քարի մակերեսին։
Նա նորից սկսեց թխկթխկացնել, փաթիլներ թռցնելով։ Ձեռքերը թուլացան, և նա նստեց գետնին, նայելով կատարված աշխատանքին։
― Ա՛յ թե ինժեներական գործունեություն եմ ծավալելու։ Մի հարմար գոգավորության շուրջ ակոսների ամբողջ ցանց կստեղծեմ, որ ջուրը գա հավաքվի մի տեղ։ Հետաքրքիր զբաղմունք կլինի։ Ավազից դղյակներ սարքելու պես։
Կամ Հռոմի կայսրերի պես, որոնք բլուրներից ջուր էին բերում քաղաք։
― Սա ջրատար է։ Կլավդիոսի անվան ջրատար։
Նա նորից սկսեց թխկթխկացնել, անիմաստ քարին նպատակ պարտադրելով։
― Ով գիտի ինչքա՜ն ժամանակ եմ սրանով զբաղված։
Նա պառկեց գետնին և զգաց, որ մեջքը ցավում է։ Կլավդիոսի անվան ջրատարը երկար ու սպիտակ մի սպի էր։
― Էս ժայռի պնդության մեջ ինչ֊որ քինոտ բան կա։ Ժայռն էսքան պինդ չպիտի լինի։ Ու էսքան․․․ ծանոթ։
Վերևից ճնշող ուժը ծանրացավ։ Նա դժվարությամբ նստեց։
― Պետք էր ջրիմուռներ չորացնել ու փռել խոռոչում։ Բայց ո՞րն անեմ։ Էս գոյատևելու ու փրկվելու գործից մարդ մենակ գլուխ չի հանի։ Գուցե քնելու մի ուրիշ տե՞ղ գտնեմ։ Դրսո՞ւմ։ Ես ինձ տաք եմ զգում։
Չափից դուրս տաք։
― Մարմինս ներսից զգայուն է դարձել՝ ոնց որ մինչև ոսկորները կապտուկներով լցված լինի։ Ու փքված։
Խավար գունդն իր բաղադրյալ լուսամուտը դարձրեց երկնքի կողմը։ Ձայնը չոր գոլորշու պես դարպասից եթերացավ։
― Համը հանում եմ աշխատելով։ Եթե չափն անցնեմ, լրիվ կուժասպառվեմ։ Քեզ տես, Քրիս։ Չեմ կարծում, թե շատերը․․․
Նա խոսքը կիսատ թողեց, ապա սկսեց նորից․
― Քրիս։ Քրի՛սթըֆըր։ Քրիսթըֆըր Հադլի Մարթին․․․
Խոսքերը չորացան։
Հայտնվեց քննող գործիքը՝ մի կետ, որը տեղյակ էր իր իսկ գոյությանը։ Դեմքի ներքևի մասից հնչյուններ էին գալիս։ Նրանք իմաստ չէին բովանդակում։ Նրանք անպետք էին կափարիչները ոլորած թիթեղյա պահածոյատուփերի նման։
― Քրի՛սթըֆըր։ Քրի՛սթըֆըր։
Նա պարզեց երկու ձեռքը, ասես ցանկանալով խոսքերը բռնել, նախքան դրանք կչորանան֊կկորչեն։ Ձեռքերը հայտնվեցին լուսամուտի առջև և նրան լցրին անբացատրելի սարսափով։
― Տե՜ր իմ աստված։
Նա ձեռքերը փաթաթեց մարմնին, կծկվեց ու սկսեց կամացուկ ճոճվել, մրթմրթալով։
― Հանգիստ։ Հանգիստ։ Բան չկա։
==9==
Նա ոտքի կանգնեց և զգուշությամբ նստեց ակոսի եզրին։ Շալվարի ու վարտիքի միջով ժայռի առանձին խերևեշներն անհանգստություն էին պատճառում։ Նա ակոսի եզերքով շարժվեց մի կողմ, որտեղ եզրերն ավելի ողորկ էին, բայց նստատեղը դրանից ավելի հարմար չզգաց։
― Ես մնում եմ այն, ինչ միշտ եղել եմ։
Նա սկսեց ուսումնասիրել իր լուսամուտն ու երկու քթերի միջև այն երիզող մազերի փարթամ շրջանակը։ Ապա լուսամուտն ւղղեց ցած և, որքան որ կարող էր, զննեց ինքն իրեն։ Սվիթրը քրջոտվել էր ու ծվեններ տվել։ Այն ծալքերով ընկած էր կրծքի տակ, իսկ թևերի վրա ակորդեոնի նման էր։ Շալվարը սվիթրի տակ սևի փոխարեն գորշ էր ու փայլուն։ Գուլպաները նմանվել էին փալասների, որոնցով հնոցապանը ձեռքերն է մաքրում։ Մարմնի փոխարեն երևում էր միայն քրքրված հագուստի համակցությունը։ Որոշ ժամանակ նա անտարբեր դիտում էր շալվարի փողքերին կառչած ուրվագծերը, մինչև որ զարմացավ, թե խեցգետիններն այնտեղ ինչ գործ ունեն։ Նա հանկարծակի ու անզուսպ գարշանքով համակվեց խեցգետինների հանդեպ և դրանց դեն շպրտեց, ժայռին զարկելով։ Հարվածի բութ ցավը նրան ետ բերեց ուրվագծերի մեջ, որոնք վերածվեցին ձեռքերի, ընկած այնտեղ, ուր դրանք նետել էր։
Նա կոկորդը մաքրեց, ասես մտադրվելով դիմել ժողովին։