Նա կոկորդը մաքրեց, ասես մտադրվելով դիմել ժողովին։
― Ինչպե՞ս կարող եմ ավարտուն ինքնություն ունենալ առանց հայելու։ Դրա համար էլ փոխվում եմ։ Ժամանակին ինքս իմ քսան լուսանկարն ունեի տարբեր դերերում, ներքևի աջ անկյունի կնիքի պես մակագրված։ Նույնիսկ նավատորմում, վկայականիս վրա լուսանկար կար՝ կարող էի մեկ֊մեկ նայել ու տեսնել, թե ով եմ։ Թեկուզ չնայեի էլ, բավական էր իմանալ, որ այն մոտակայքում է, սրտիս մոտ, ապացուցում է գոյթյունս։ Հետո հայելիներ էլ կային, եռփեղկ հայելիներ, ավելի անջատ, քան լուսամուտիս լույսերը։ Կարելի էր փեղկերը հարմարեցնել ու ինձ դիտել կողքից կամ հետևից, ասես անծանոթին լրտեսելով։ Կարելի էր ինձ հետևել ու արժեքավորել աշխարհի վրա Քրիսթըֆըր Հադլի Մարթինի թողած ներգործությունը։ Ես կարող էի հավաստել իրեղենությունս ուրիշների մարմինների ջերմության, փաղաքշանքի ու մարմնական ցնծության միջոցով։ Ես կարող էի մարմնի մեջ պարփակված կերպար լինել։ Իսկ հիմա ես ընդամենը սա եմ՝ ծեծված միս, ցնցոտիների մի կույտ ու ժայռին ընկած խեցգետինները։ Լուսամուտիս երեք բծերը չեն հերիքում այստեղ ինքնությունս հաստատելու համար, ինչքան էլ որ նախկինում բավական լինեին։ Այնտեղ ուրիշ մարդիկ կային, որոնք ինձ կարող էին հենց ինձ համար նկարագրել՝ ծափահարում էին ինձ, սիրահարվում վրաս, փաղաքշում էին այս մարմինն ու այն ինձ համար սահմանում։ Կային մարդիկ, որոնց ես գերազացնում էի, որոնք ինձ չէին սիրում, որոնք վիճում էին հետս։ Այստեղ մեկը չկա, որ հետը վիճեմ։ Ես կանգնած եմ սահմաններս կորցնելու վտանգի առաջ։ Ես վերածվել եմ խառնիխուռն լուսանկարների ալբոմի, հին ֆիլմերի հատվածների կույտի։ Ամենաշատն, ինչ ես գիտեմ դեմքիս մասին, մորուքիս կոշտությունն է, քորը, և մեկ էլ՝ ծակծկող ջերմության զգացումը։
Նա զայրացած գոռաց․
― Դա մարդու դե՛մք չէ։ Տեսնել, նշանակում է լապտերով զննել խավարը։ Ես պետք է կարողանամ տեսնել գլխիս չորս կողմը․․․
Նա ցած մագլցեց ջրի անձավոն ու հայացքը սևեռեց լճակին։ Սակայն արտացոլումն անվերծանելի էր։ Նա դուրս սողաց և ցիրուցան խեցիների միջով գնաց Կարմիր Առյուծի մոտ։ Ափամերձ քարափներից մեկի վրա նա գտավ աղաջրով լի մի փոս։ Մոտ երեք սանտիմետր խորություն ունեցող ջրափոսում մամռոտ մի խեցի կար և երեք անեմոն։ Հատակին արևի տակ պառկած էր մատնաչափից փոքր մի ձկնիկ։ Նա կռացավ ջրափոսի վրա և ձկնիկի կերպարանքի միջով խորքում տեսավ կապույտ երկինքը։ Բայց ինչքան էլ գլուխը պտտեց, գզգզված մազերով երիզվող մութ ուրվագծից բացի ուրիշ ոչինչ չտեսավ։
― Ամենալավ լուսանկարս Ալջրնոնի դերում էր։ Դեմետրիոսինն էլ վատը չէր և մեկ էլ՝ Ֆրեդիինը, ծխամորճով։ Դիմաներկը հաջող էր ստացվել, աչքերս իրարից կարգին հեռու էին երևում․ «Գիշերը կգա»֊ինն էլ ոչինչ ու հետո՝ «Արխարհի ձև»֊ինը։ Ո՞վ էի ես։ Ջեյնի հետ հաճելի էր խաղալը։ Լավ անկողնի ապրանք էր։
Աջ ազդրի սպին սկսեց քարի հպումից ցավել։ Նա փոխեց ոտքի դիրքը և նորից նայեց ջրափոսի մեջ։ Ապա գլուխը կրկին թեքեց մի կողմ, փորձելով բռնեցնել կիսադեմի ճիշտ անկյունը։ Հաջորդ ձախ կողմն էր՝ փոքր֊ինչ բարձրացված և կիսով չափ ժպտացող։ Բայց սկզբում քթի մշուշոտ ստվերը, իսկ ապա նաև ակնակապիճի կամարը տեսադաշտը փակեցին։ Նա գլուխը հետ թեքեց, որ տեսնի ամբողջ դեմքը, բայց ջուրը շնչառությունից կնճռոտվեց։ Նա թեթևակի փչեց, և գլխի մութ պատկերը երերաց ու փշրվեց։ Նա կտրուկ ուղղվեց, աջ թևքի տակ հայտնաբերելով իր կշիռը պահող խեցգետնին։
Նա խեցգետինը նորից վերածեց ձեռքի և նայեց ջրափոսին։ Փոքրիկ ձկնիկը կախված էր արևի ճառագայթներում, թթվածին մատակարարող խողովակից նրա կողքով պղպջակների կանգուն սյուն էր բարձրանում։ Բարում շարված շշերն ակվարիումի միջով թանկարժեք քարերով հանքանյութի էին նմանվում։
― Շնորհակալ եմ, ծերուկ, բավական է։
― Նա ասում է՝ բավական է։ Չէ, դու լսեցի՞ր, Ջորջ, ասա՛, լսեցի՞ր։
― Ի՞նչը, Փիթ։
― Մեր սիրելի Քրիսն ասում է՝ բավական է։
― Դե լա՜վ, Քրիս։
― Մեր սիրելի Քրիսը ոչ խմում է, ոչ էլ՝ ծխում։
― Ես պարզապես վայելում եմ ընկերական շրջապատը։
― Վայելում է։ Էն էլ իմ շրջապատը։ Ես զզվում եմ ինձնից։ Քրիս, դու հո չե՞ս ասելու «Պարոնայք, փրկվելու ժամանակն է», հը՞, պարոնայք։ Նա իր ծեր մորը խոսք է տվել։ Նա ասել է, մայւն է ասել՝ Քրիս, բալիկս, թող տասը պատվիրաններն իրենց գլխի ճարը տեսնեն։ Մենակ թե մի խմիր ու մի ծխիր։ Միայն քոնիր։ Ներեցեք, միսս, եթե իմանայի, որ լեզվիցս նման անպարկեշտ բառ կթռչի, ես միջոցներ կձեռնարկեի, որ այն սեքստում փոխարինվեր առնանիշով և կամ կգործածեի համարժեքը։
― Լավ, Փիթ, արի։ Մյուս թևը բռնիր, Քրիս։
― Պարոնա՜յք, ազատ արձակեք ինձ։ Երդվում եմ, ձուկ կսարքեմ նրան, ով ինձ բաց թողնի։ Ես ձեր խմբի ազատ ու իրավահավասար անդամ եմ, որը կին և անորոշ սեռի մի երեխա ունի։
― Նա տղա է, Փիթ։
― Ջորջ, քեզ թաքուն կասեմ, որ կարևորը ոչ թե սեռն է, այլ իմաստությունը։ Ինքը գիտի՞, թե ես ով եմ։ Կամ մենք ո՞վ ենք։ Ջորջ, դու ինձ սիրո՞ւմ ես։
― Դու մեր երբևէ ունեցած լավագույն պրոդյուսերն ես, գինու տիկ։
― Ես ուզում էի ասել՝ կոնծե՛լ, միսս։ Ջորջ, դու անիծյալ թատրոնի երբևէ ունեցած ամենահրեշտակային ռեժիսորն ես, իսկ Քրիսը՝ ջահելների լավագույն դերակատարը, անտե՛ր մնա։ Ճիշտ չե՞մ ասում, Քրիս։
― Բա դու սխալ բան կասե՞ս, Ջորջ։
― Անշուշտ, բարեկամս, անշուշտ։
― Էնպես որ, բոլորս ամեն ինչով պարտական ենք աշխարհի լավագույն կնոջը, գրո՛ղը տանի։ Ես քեզ սիրում եմ, Քրիս։ Հայրն ու մայրը մի մարմին են։ Ու նաև իմ քեռին։ Իմ մարգարե քեռին։ Կուզե՞ք ընդունեմ ձեզ իմ ակումբը։
― Գուցե կամաց֊կամաց տո՞ւն գնանք, Փիթ։
― Կեղտոտ Թրթուրների Ակումբը։ Դուք անդա՞մ եք, թե՞ չէ։ Իսկ չինարեն խոսո՞ւմ եք։ Մի՞շտ եք բաց, թե՞ միայն կիրակի։
― Արի, Փիթ։
― Մենք թրթուրներս ամբողջ շաբաթ այնտեղ ենք։ Գիտե՞ք, երբ չինացիներն ուզում են խիստ հազվագյուտ մի կերակուր պատրաստել, նրանք թիթեղյա տուփի մեջ մի ձուկ են թաղում։ Որոշ ժամանակ անց, ծիկրակելով, դուրս են գալիս փոքրիկ թրթուրներն ու սկսում են ուտել։ Շուտով էլ ձուկ չի մնում։ Միայն թրթուրներ։ Թրթու լինելը հավանք բան չի։ Նրանցից ոմանք լուսահակություն ունեն։ Հե՛յ, Ջորջ՝ լուսահակությո՛ւն։
― Որ ի՞նչ, Փիթ։
― Լուսահակություն։ Ես ասացի լուսահակություն, միսս։
― Փիթ, թրթուրներդ վերջացրու ու գնանք։
― Հա՜, թրթուրները։ Նրանք դեռ չեն ավարտել։ Նոր են ձկանը հասել։ Տաղտկալի զբաղմունք է թիթեղյա տուփով մեկ սող տալը, իսկ Դանեմարքան դրանցից ամենավատն է։ Լավ։ Իսկ հետո, Քրիս, երբ նրանք ձկանը վերջ են տալիս, սկսում են իրար ուտել։
― Ուրախ միտք է, բան չես ասի։
― Փոքրերն ուտում են ամենափոքրերին։ Միջիններն ուտում են փոքրերին։ Մեծերն ուտում են միջիններին։ Հետո մեծերը սկսում են ուտել իրար։ Հետո մնում են երկուսը, հետո՝ միայն մեկը և այնտեղ, ուր ձուկ էր եղել, մնում է մի հսկա հաջողակ թրթուր։ Խիստ հազվագյուտ մի կերակուր։
― Ջորջ, սրա գլխարկը վերցրի՞ր։
― Գնացինք, Փիթ։ Զգո՛ւյշ․․․
― Ես քեզ սիրում եմ, Քրիս, իմ համեղ պատառիկ։ Կե՛ր ինձ։
― Սրա թևը գցիր ուսիդ։
― Իմ կեսից ավելն արդեն չկա ու ես լուսահակություն ունեմ։ Դու արդեն կերե՞լ ես, Ջորջ։ Երբ որ վերջում միայն մի թրթուր է մնում, չինացիները փորում֊հանում են տուփը․․․
― Այնտեղ նստելու տեղ չի, տխմա՛ր հարբեցող։
― Չինացիներն այն փորում հանում են․․․
― Աստված սիրես, մի՛ գոռա։ Հիմա ոստիկան կգա։
― Չինացիները փորում հանում են․․․
― Ձայնդ կտրիր, Փիթ։ Ո՞ր գրողի ծոցից են չինացիներն իմանում, թե երբ հանեն։
― Նրանք գիտեն։ Նրանք ռենտգենային ճառագայթներով աչքեր ունեն։ Դու երբևէ լսե՞լ ես, Քրիս, թե ոնց է բահը խփում թիթեղյա տուփին, դը՜մբ, դը՜մբ, ճիշտ ամպրոպի նման։ Ի՞նչ ես ասում, անդամ կդառնա՞ս։
Երեք ժայռերի մոտ՝ ջրի մակերևույթին օղակներ էին տարածվում։ Նա լարված նայում էր այդ կողմը։ Քիչ անց ժայռերի կողքին դարչնագույն մի գլուխ հայտնվեց, ապա՝ մյուսը և էլի մեկը։ Գլուխներից մեկը բերանում դանակ ուներ բռնած։ Դանակը ճկվեց, թրթռաց, և նա տեսավ, որ դա ձուկ է։ Փոկը դուրս գլորվեց ժայռի վրա, մինչև մյուսները սուզվեցին, ջրի մակերեսին օղակներ առաջացնելով։ Արևի տակ հանդարտ պառկած, փոկը ձուկը կերավ, մերժեց գլուխն ու պոչը, և մնաց անշարժ։
― Հետաքրքիր է, սրանք մարդկանց մասին գիտե՞ն։
Նա դանդաղ ոտքի կանգնեց, և փոկը շրջվեց նրա կողմը։ Նա նույնիսկ ընկրկեց փոկի անդրդվելի հայացքից։ Նա կտրուկ բարձրացրեց ձեռքերը հրացանով կրակել պատրաստվող մարդու պես, և փոկը ժայռից նետվեց ջուրը։ Նա մարդկանց մասին գիտեր։
― Եթե մոտենալու ճար լիներ, մեկին կսպանեի ու կոշիկներ կսարքեի, միսն էլ կուտեի․․․
Նաշիներով փաթաթված մարդիկ պառկած էին ծովափին։ Նրանք դիմանում էին երկար սպասմանն ու գարշահոտությանը։ Իրիկնամուտին ծովից դուրս եկան հսկա գազանները, խաղացին նրանց շուրջ ու պառկեցին քնելու։
― Փաթաթված բրեզենտը քիչ թե շատ փոկի նման կլինի։ Երբ նրանք դրան սովորեն, ես պիտի արդեն մեջը լինեմ։
Նա քննության առավ վերջին օրերի մտքերը։ Դրանք նման էին իրար դիմաց կախված հայելիներում մարող սենյակների հերթագայությանը։ Նա միանգամից ցավի աստիճան ուժեղ հոգնածություն զգաց։ Երկնքի ճնշման ու ստվար անդորրի միջով նա դժվարությամբ մագլցեց Դիտակետ։ Նա իրեն ստիպեց զննել դատարկ ծովի չորս կողմը։ Այսօր ջուրն ավելի հարթ էր, կարծես մեռած օդն այն տափակեցրած լիներ։ Տեղ֊տեղ յուղոտ բծերով մետաքս էր սփռված, որը նայելիս շողշողում էր ասես կեղտաջրի փայլուն թաղանթը։ Այս ջրի ծփանքը մղոնների երկարություն ուներ, և արևի ձուլածոն նրա մեջ ձգվում, երկարում ու վերանում էր մի տեղում, որպեսզի հանկարծակի կուրացնող փայլատակումով հայտնվի մեկ ուրիշում։
― Մինչև ես Ջորջի ու Փիթի հետ Կարմիր Առյուծում էի, եղանակը փոխվեց։
Նա տեսավ երեք ժայռերից այն կողմ մի պահ հայտնված փոկի գլուխը և հանկարծակի վայրի պատրանք ունեցավ փոկը նստած ծովի միջով Հեբրիդներ գնալու։
― Տե՜ր իմ աստված։
Սեփական ձայնը, տափակ, բայց միևնույն ժամանակ սուր ու ջղաձգված, նրան վախեցրեց։ Նա ձեռքերը ցած գցեց և Թզուկի մոտ ինքն իր մարմնում կուչ եկավ։ Լուսամուտի տակի բացվածքից մրթմրթացվող խոսքերի հոսանք բխեց․
― Ճիշտ փոքր ժամանակվա պես, երբ ես արթուն պառկած մտածում էի, որ մութը հավերժ է տևելու։ Ու չէի կարողանում նորից քնել երազների կամ անկյունում նկուղից դուրս եկող բանի պատճառով։ Մնում էի տաք, ճմռթված անկողնում, փորձելով ինքս ինձ ներսից փակել ու հիշել, որ մինչև լուսաբաց դեռ երեք հավերժություն կա։ Շուրջբոլորը գիշերվա աշխարհն էր, այն կյանքը, որտեղ ինչ ասես պատահում է, բացի լավ բաներից՝ ուրվականների, ավազակների ու սարսափների աշխարհը, այն աշխարհը, ուր ցերեկով անմեղ իրերը կյանք էին առնում՝ պահարանը, գրքերի միջի նկարը, հեքիաթը, դիակները, դագաղները, արնախումները, և այդ ամենի վրայից՝ տանջալից, ճնշող, ծխի պես թնաձր խավարը։ Ու ես անընդհատ մտածում էի, որովհետև եթե դադարեի, կհիշեի նկուղի միջի բանը այնտեղ, ներքևում, և միտքս, մարմնիցս անջատվելով, անպաշտպան, սանդուղքով երեք հարկ ցած կիջներ, կանցներ բարձր ահարկու ժամացույցի կողքով, ճռճռացող դռան միջով, սարսռազդու աստիճաններով դեպի այն տեղը, ուր նկուղի պատերում դագաղներ էին զմռսված․․․ Ու կմնայի սառը հատակին գամված, անօգնական, փորձելով հետ վազել, փախչել, մագլցեցլ վեր․․․
Նա ոտքի վրա էր, կքված։ Հորիզոնը վերադարձավ։
― Տե՜ր աստված։
Սպասելով լուսաբացին, թռչնակների առաջին ծվծվոցին քիվերում կամ ծառերի կատարներում։ Սպասելով ոստիկանությանը ջարդուխուրդ արված մեքենայի մոտ։ Սպասելով ականին թնդանոթի պայթյունից հետո։
Ծանր երկինքն ավելի անդիմադրելի նստեց նրա ուսերին։
― Ի՞նչ է կատարվում ինձ հետ։ Ես չափահաս եմ։ Ես գիտեմ, թե ինչն ինչոց է։ Իմ ու նկուղի միջի երեխայի միջև ոչ մ իկապ չկա, բացարձակապե՛ս։ Ես վաղուց մեծացել եմ։ Ես ապահովել եմ իմ կյանքն ու իշխում եմ նրան։ Ու ամեն դեպքում այնտեղ ներքևում վախենալու ոչ մի բան չկա։ Ես սպասում եմ արդյունքի։ Սպասում եմ այն մենախոսությանը, ոչ թե սրա հաջորդին, չէ, բայց նրան, որտեղ ես գնում ու վերցնում եմ ծխախոտատուփը։ Մենախոսության փոխարեն սև դատարկություն է, ու նա ասաց, որ դու անցյալ գիշեր դերդ տապալեցիր, սիրելիս։ Սպասելով, որ վերքը կապեն։ Սպասելով ատամնաբույժի աթոռին։
― Ես չեմ սիրում լսել, թե ինչպես է ձայնիս դիակը խփված թռչունի պես բերանից ցած ընկնում։
Նա ձեռքերը հպեց ճակատին, և երկու սև գծից լուսամուտը սմքեց։ Ափերով զգաց կոշտ մորուքը և այտերի տապը։
― Ի՞նչն է ինձ ճզմում։
Նա աչքի անցկացրեց ամբողջ հորիզոնը, և միակ բանը, որը հասկացնել տվեց շրջանի ավարտը, արևի տակի համեմատաբար պայծառ երերումն էր։
― Հիմա ինձ արդեն երբ ասես կարող են փրկել։ Պետք չի անհանգստանալ։ Անցյալի հիշեցումները ոչինչ, բայց պետք է զգուշանալ երբեք չեղած բաներ տեսնելուց, ոնց որ, օրինակ․․․ Ես ջուր ունեմ, ուտելիք, խելք ու օթևան։
Նա մի պահ դադար տվեց և կենտրոնացավ լուսամուտի կողքի զգայությունների վրա։ Ձեռքերն ու մաշկն ասես ուռած լինեին։ Նա աչքերը կողքի թեքեց և տեսավ, որ ակնախոռոչների կամարն իսկապես կարծես թեթևակի խախտված է։
― Այտուցո՞ւմ։ Անձրևը որ գա, կհանվեմ ու կլողանամ։ Եթե ինձ դրանիցառաջ չփրկեն։
Աջ ձեռքի մատներով նա սեղմեց աչքերը շրջապատող մաշկը։ Դեմքի երկու կողմից այտուցներն իջնում էին մորուքի տակ։ Երկինքը ճնշում էր նաև նրանց վրա, բայց նրանք ուրիշ ոչ մի զգացում չունեին։
― Պետք է պառկել։ Անկողին մտնել։ Ու արթուն մնալ։
Օրը շոգ ու գորշ անցավ։ Տաղտկալի։
― Ես ասել էի, որ հիվանդանալու եմ։ Որոշել էի հետևել ախտանշաններին։
Նա մոտեցավ ջրի անձավին, ներս սողաց ու սկսեց խմել, մինչև որ լսեց փորում կլթկլթացող ջուրը։ Երբ հետևանց դուրս սողաց, չափումները խառնվեցին իրար։ Ժայռի մակերեսը չափից դուրս կարծր էր, չափից դուրս պայծառ ու մոտիկ։ Նա այլևս ի վիճակի չէր որոշել տարածությունը։
Մարդ չկար, որ մի բան ասի։
<b>«Տեսքդ երևելի մի բան չի, սիրելիս»։</b>
― Ո՞ր ջհաննամից իմանամ տեսքս ինչ է։
Նա տեսավ իր վրա կախված հսկային ու ընկրկեց, մինչև որ կարողացավ արծաթե գլուխը կապել ծոկոլադի փաթաթանի հետ։ Նա զգաց, որ ոտքի կանգնելը վտանգավոր է, չնայած անկարող էր ձևակերպել, թե ինչու։ Նա սողաց խոռոչի մոտ և կարգի բերեց հագուստը, որոշելով ամեն ինչ հագնել։ Քիչ անց արդեն պառկած էր խոռոչում, գլուխը դրած դրսում փչված փրկագոտու վրա։ Երկինքը կրկին պայծառ էր ու կապույտ, բայց շատ ծանր։ Մորուքի տակի բացվածքից սկսեց ծորալ․
― Հոգսեր փարատող նինջ։ Շինծու խոսքեր։ Հին պիտակներ։ Ուղեղի աղբակույտ։ Նկուղի պատճառով քնել չի կարելի։ Ահա ննջում են քաջերը։ Նաթը քնած է։ Ջինաթաթախ պառավ հարբեցող։ Գլորվում ես հատակի վրայով կամ հին կապոցի պես ջրի վրա ճոճվում։ Սա առաջնակարգ արկած է, բոլոր ցանկացողները կարող են միանալ։ Վե՛ր ընկիր տեղդ, առնետ։ ՀԱմակերպվիր վանդակիդ։ Էս ամիս ինչքա՞ն անձրև կտեղա։ Քանի՞ նավ կանցնի։ Քանի՞ ինքնաթիռ։ Ձեռքերս մեծացել են։ Ամբողջ մարմինս մեծացել ու փափկել։ Տագնապ։ Անցնել մարտական դիրքերի։ Ես ասել էի, որ հիվանդանալու եմ։ Ոտքիս հին սպին բոլորից շատ է մրմռում։ Շալվարս աղակալել է։ Վարտիքս մրջյուններ են մտել։
Նա խոռոչի մեջ մի կողմ սեղմվեց և աջ ձեռքը հանեց դուրս։ Ապա ձեռքը հպեց այտին, բայց այտը չոր էր։
― Ուրեմն մրմռոցը քրտնքից չի։
Նա ձեռքը հետ մտցրեց և քորեց ոտնամիջում։ Քեչայի եզրը դեմքին նեղություն էր պատճառում։ Հիշեց, որ պետք է գործած գլխարկն էլ հագնի, բայց չափից դուրս ուժասպառ էր, որ դուրս գնա այն փնտրելու։ Նա մնաց պառկած, մարմինը մրմռում էր։
Նա աչքերը բացեց, և երկինքը վերևում մանուշակագույն էր։ Ակնախոռոչներում ինչ֊որ խախտում կար։ Աչքերն անֆոկուս, նա պառկած մտածում էր դեմքի այտուցի մասին։ Նա հետաքրքրությամբ մտածեց՝ տեսնես աչքերը դրանից լրիվ կփակվե՞ն, թե՞ չէ։
Այտուց։
Մարմինը մեկ սրթսրթում էր, մեկ՝ մրմռում, ալիք ալիքի հետևից։ Հանկարծ ալիքները լցվեցին ձուլած մետաղով, հալած կապարով, եռացող թթվով, այնքան թանձր, որ այն շարժվում էր յուղի պես։ Նա սկսեց գոռալ ու գալարվել, որ խոռոչից դուրս գա։
Նա դողդողալով ծունկի իջավ քարի վրա և ձեռքերը ցած դրեց։ Ձեռքերն իրենց վրա հենվող ծանրությունից ցավեցին։ Նա ցած նայեց ձեռքերին սկզբից մի աչքով, ապա՝ մյուս։ Նրանք դանդաղ տրոփյունով ուռչում էին ու նստում։
― Սրանք իրական չեն։ Կյանքի Թելը։ Պինդ կաց։ Աչքիս է երևում։
Սակայն ձեռքերի չափսն իրական էր։ Նրանք չափից դուրս մեծ էին՝ մսագործի արյունոտ ձեռքեր, ուռած ու մսեղ։ Արմունկները տեղի տվեցին, և նա ընկավ ձեռքերի միջև։ Այտը հպվում էր բացառիկ կոշտ ժայռին, բերանը բաց էր, պղտոր հայացքը դարձել էր խոռոչի ներսը։ Մարմնի ալիքները խաղաղվել էին, և նա դրանք ճանաչեց։ Նա կրճտացրեց ատամներն ու կառչեց ինքն իրենից խավար գնդի ներսում։
― Դա նշանակում է, որ ես երեսունյոթից շատ ավելի բարձր տաքություն ունեմ։ Ինձ պետք է հիվանդանոց տանել։
Հոտեր։ Ֆորմալին։ Եթեր։ Սպիրտ։ Յոդոֆորմ։ Քաղցր քլորոֆորմ։ Յոդ։
Տեսարաններ։ Քրոմապատ մասեր։ Ճերմակ սպիտակեղեն։ Ճերմակ բինտեր։ Բարձր լուսամուտներ։
Հպումներ։ Ցավ, ցավ, ցավ։
Ձայներ։ Ջերմության գրաֆիկի տակ կախված ականջակալներից պարտադրվող բանկային միալար ու տխմար հաղորդումներ։
Համեր։ Շրթունքների չորություն։
Նա կրկին խոսեց, հանդիսավոր ու նշանակալի։
― Ես հիվանդանալու եմ։
Նա սկսեց քաշքշել վրայի հագուստը։ Դեռ ներքնաշապիկին ու վարտիքին չհասած, այրուցքն անտանելի դարձավ, և նա շորերը վրայից պոկեց ու շպրտեց դեսուդեն։ Ապա մերկ ոտքի կանգնեց, բայց օդը շարունակում էր վառել մարմինը, չնայած մերկանալու գործողությունն ինչ֊որ ազդեցություն թողել էր, որովհետև նա սկսեց սրթսրթալ։ Ատամները չխկչխկացնելով, նա ցավոտ նստեց պատի տակ՝ Կլավդիոսի անվան ջրատարի կողքին։
― Պետք է մի կերպ յոլա գնալ։
Հորիզոնը հանգիստ չէր մնում։ Ծովը նրա ձեռքերի նման տրոփում էր։ Ծիրանագույն գիծը մի պահ այնքան հեռու էր, որ անիմաստ էր դառնում, հաջորդ պահին այն մոտենում էր այնքան, որ կարելի էր ձեռքը պարզել ու բռնել։
― Մտածի՛ր։ Բանական եղիր։
Նա երկու ձեռքով գլուխը բռնեց և փակեց աչքերը։
― Լիքը ջուր խմիր։
Նա աչքերը բացեց, և առջևում սկսեց տրոփել Պողոտան։ Ժայռը ծածկված էր ջրիմուռների զոլերով, բայց շուտով նա տեսավ, որ զոլերն արևի գցած սև ստվերներն էին և ոչ՝ ջրիմուռներ։ Պողոտայի տակ ծովն անկենդան էր ու տափակ, կարելի էր իջնել ու վրայով քայլել, միայն թե ոտքերն ուռած էին ու ցավոտ։ Նա մեծագույն զգուշությամբ մարմինը տարավ ջրի անձավի մոտ և ներս քաշվեց, անմիջապես հովանալով։ Հետո դեմքն ընկմղեց և կես խմեց, կես կուլ տվեց ջուրը չխկչխկացող ատամներով։ Ապա հետ սողաց խոռոչի մոտ։
― Մեղավորը սոսկալի ճնշումն է։ Երկունքի ու օդի ծանրությունը։ Մարդ այդքան ճնշմանն առանց ճմլվելու ո՞նց դիմանա։
Նա մի քիչ միզեց ակոսի մեջ։ Սողունները ժայռի կողքով լողում էն դեպի ծովը։ Թաթերը պահած նստած տափակ ծովին, նրանք ոչինչ չէին ասում։
― Պետք է արտաքնոց գնալ։ Անպայման դրանով զբաղվել։ Իսկ հիմա ամեն ինչ հագնել ու քրտնել, որ ջերմությունից ազատվեմ։
Երբ լրիվ հագնվեց, մթնշաղն արդեն իջել էր, և նա ոտքերով հետ խցկվեց խոռոչը։ Խոռոչն ընդլայնվել էր ու մարդաշատ դառել։ Երբեմն այն ավելի մեծ էր, քան ժայռը, ավելի մեծ, քան աշխարհն ինքը, թիթեղյա հսկայական մի տուփ, որի կողին հարվածող բահը լսվում էր հեռավոր ամպրոպի պես։ Լինում էին պահեր, երբ նա վերադառնում էր ժայռի գիրկը, և հեռավոր ամպրոպը հնչում էր թիթեղյա տուփին հարվածող բահի պես։ Այդ ամբողջ ընթացքում լուսամուտի տակի բացվածքը շարունակում էր բանակային ռադիոյի պես անընդհատ բարբաջել, զրուցելով և երգելով անտեսանելի մարդկանց հետ, որոնց ներկայությունը նա զգում էր։ Մի քանի պահ նա սեփական տանն էր, և նրա հայրը նման էր հսկա մի լեռի։ Ամպրոպն ու կայծակը դղրդում էին լեռան գագաթի շուրջ, իսկ մայրը լալիս էր թթվի պես արցունքներով և անսկիզբ ու անվերջ մի գուլպա հյուսում։ Արցունքները հմայիլի պես մի բան էին, քանի որ նրանց դաղելուց հետո դրանք խոռոչին ձև տվեին։
Բացվածքը խոսեց․
― Նա խղճում է ինձ ժայռի վրա։
Սիբիլը նույնպես լալիս էր, ու նաև՝ Ալֆրեդը։ Հելենն էլ էր լալիս։ Լալիս էր պատանյակի պայծառ դեմքը։ Նա տեսավ կիսամոռացված, բայց այժմ պարզ հիշվող դեմքեր, որոնք բոլորը լալիս էին։
― Որովհետև նրանք գիտեն, որ ես մենակ եմ մնացել ժայռի վրա թիթեղյա տուփի մեջտեղում։
Նրանք լալիս էին, և արցունքները նրանց վերածում էին պատի մեջ զմռսված քարե դեմքերի, դիմակների՝ շարքերով կախված մի միջանցքում, որը ոչ սկիզբ ուներ, ոչ՝ վերջ։ Միջանցքում ցուցակներ կային՝ «Չծխե՛լ», «Կանացի», «Տղամարդկանց», «Ելք» և համազգեստով բազմաթիվ ծառայողներ։ Միջանցքի ծայրում այն սենյակն էր, որից հարկավոր էր խուսափել, քանի որ այնտեղ, քարե սոսկալի սև ծնկների ու ոտքերի հետևում, նստած էին աստվածները, բայց այստեղ քարե դեմքերը շարունակ լալիս էին ու լալիս։ Նրանց քարե այտերը կնճռոտած էին, իսկ ուրվագծերը՝ աղոտ, և նրանք ճանաչելի էին սոսկ ինքնության անորսալի մի նշույլի շնորհիվ։ Արցունքները կուտակվում էին հատակին և մինչև կոճերն այում նրա ոտքերը։ Նա կառչեց պատից, որ վեր մագլցի, բայց դաղող հեղուկը գնալով կոճերից բարձրացավ, ողողելով սրունքները, իսկ ապա՝ նաև ծնկները։ Կես լողալով, կես մգալցելով, նա մաքառում էր վեր։ Պատը ներս էր թեքվում, ոլորվում ստորգետնյա թունելի պես։ Արցունքներն այլևս պատովն իի վար չէին գլորվում ու լցվում այրող ծովը։ Դրանք ազատ ընկնում էին, կաթում նրա վրա։ Մեկը հատակի, մարգարտի, գնդի նման ընկավ ու տարածվեց նրա վրայով։ Նա սկսեց ճչալ։ Նա մի ջրագնդի ներսում էր, որն այրում էր նրան մինչև ոսկորներն ու ավելի խորը։ Գունդը նրան ամբողջովին կլանեց։ Նա տարրալուծվեց ու սփռվեց արցունքի կաթիլով մեկ որպես կատարյալ, անմարմին ցավի հավելում։
Նա ճեղքեց մակերեսն ու կառչեց քարե պատից։ Լույս համարյա չկար, բայց նա ժամանակ չէր կորցնում սպառնացող արհավիրքի առաջ։ Թունելի պատերում ելուստներ կային, այնպես որ, չնայած դա ավելի շուտ ջրհոր էր, քան թունել, նա ի վիճակի էր մագլցել։ Ելուստ ելուստի հետևից նա կառչում ու իեն վեր էր քաշում։ Լույսը բավականաչափ ուժեղ էր, որ ցույց տար ելուստները։ Դրանք դեմքեր էին, նման միջանցքի միջի դեմքերին։ Նրանք չէին լալիս, բայց տրորված էին և ասես կավճանման մի նյութից լինեին, որովհետև գործադրված ուժից փշրվում էին, ու նա վայր չէր ընկնում միայն անդադար վեր շարժվելու շնորհիվ։ Հետո լսեց ջրհորով մեկ տարածվող սեփական ձայնը․
― Ես կա՜մ։ Ես կա՜մ։ Ես կա՜մ։
Այդ ամբողջ ընթացքում նրա ականջներում բանակային ռադիոյի բարբաջի պես լսվում էր նաև մի ուրիշ ձայն։ Դրան ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, բայց այն աներեսաբար շարունակում էր խոսել, չնայած անընդհատ նույն բանն էր ասում։ Ձայնն ինչ֊որ կապ ուներ նրա դեմքի ստորին մասի հետ և շարունակում էր ծորալ, մինչև նա մագլցում ու փշրում էր կավճանման հարմարավետ դեմքերը։
― Թունելներ, ջրհորներ, կաթիլներ՝ բոլորը վաղուց հայտնի են։ Ո՞ւմ եք զարմացնում։ Ես հո գիտեմ՝ պարզապես սեքսուալ պատկերներ են, եկած ենթագիտակցությունից՝ լիբիդոյից․․․ թե՞ իդն էր։ Ամեն ինչ բացատրված է ու հայտնի։ Սեքսուալ պատկերներ են, ի՞նչ անենք։ Զգայություններ՝ թունելներ, ջրհորներ, կաթիլներ։ Վաղուց հայտնի բաներ են, ո՞ւմ եք զարմացնում։ Ես հո գիտեմ։
=10=
Ամառային կայծակի լեզուն սպրդեց ներքին խոռոչն ու տեսանելի դարձրեց ներսի ուրվագծերը։ Դրանցից ոմանք անկյունաձև էին ու զանգվածեղ՝ միջանցքների շրջադարձների պես։ Նրանց միջև ձգվում էր անծայրածիր լույսը։ Ուրվագծերից մեկը կին էր, որը կենդանացավ ու ապրեց այդ մի պահը։ Կայծակը նրան արարեց կամ ի հայտ բերեց ներշնչելու պահին՝ կինը դադար էր առնում և ուր որ է պիտի նորից շնչեր։ Նա առանց մտածելու գիտեր, թե ով է այդ կինը, երբ և որտե է գտնվում, նա գիտեր, թե ինչու է կնոջ շնչառությունն այդքան արագ, ուռեցնելով շապիկն իր պնձորներով՝ արգելված պտուղներով, գիտեր, թե ինչու էին իկնած նրա այտերը և ինչու էր գույնն ուրույն այդ եղանակով փոխանցվել նաև քթին։ Ապա կինը ներկայացրեց իր բարձր ճակատը, հեռավոր ու չնվաճված դեմքը, միջին մասում շարած երեք վարդագույն բծերով։ Ինչ վերաբերում է աչքերին՝ նրանցից արհամարհանքի ու կատաղության տարափ էր տեղում։ Աչքերն անխոս փաստում էին նրա տենդագին գլխի ու մարմնի մասին կնոջ ունեցած կարծիքը։ Որպես հագուստով ծածկված մարմին կամ խոսակից, կինը հասաակ էր ու աչքի չընկնող։ Սակայն աչքերը պատկանում էին ուրիշ մի անձնավորության, նրանք ոչ մի ընդհանուր բան չունեին դեմքի անկանոնության կամ ձայնի շինծու պարկեշտության ու հավակնոտության հետ։ Անձն ինքը՝ Մերին, ոչ այլ ինչ էր, քան՝ բարուրից ի վեր զանազան ներգործությունների միաձուլում՝ Մերին կազմ ու պատրաստ եկեղեցի գնալու, Մերին, որը սեղան էր նստում խենթացնող վայելչությամբ, Մերին, որի փոքրիկ տոտիկների վրա զետեղված էր դիվային մշկաբույր դյութանքը՝ է՛լ ավելի ցնորալի այն բանից, որ նա դա համարյա չէր գիտակցում։ Միաձուլում այն աստիճան անխուսափելի էր, որ նրա ամեն մի խոսքն ու արարքը կարելի էր կանխատեսել։ Այն ավելի շուտ կնախընտրեր հասարակը, քան բացառիկը, պատկառելի բաները մագնիսի պես քաում էին նրան։ Այն ճիշտ և ճիշտ համապատասխանում էր կծկված բերանին, չափից բարձր ճակատին ու դարչնավուն մազերին։ Սակայն աչքե՜րը, նրանք ընդհանուր ոչ մի բան չունեին մարմնեղեն այն դիմակի հետ, որը բնությունն ամրացրել էր անշուշտ իրական, բայց անտեսանելի դեմքի վրա։ Աչքերը մեկ էին մեջքի անհավատալի նրբության, կրծքերի խնձորների, մարմնի թափանցիկության հետ։ Նրանք խոշոր էին ու իմաստուն մի իմաստությամբ, որը երբեք մակերեսին չէր հասնում խոսքերով արտահայտվելու համար։ Աչքերը նրան լռության բազում պահեր էին պարգևում, միաձուլվածքի տեսանկյունից միանգամայն բացատրելի՝ առեղծված, որը գոյություն չուներ։ Սակայն գումարվելով մոլգեին մուշկին, պատսպարված կրծքերին և անառիկ առաքինությանը, նրանք արդեն Աքթեոնի մահավճիռն էին կազմում։ Նրանք այդ կնոջը թույլ էին տալիս իրավամբ տեղ գրավել կայծակի փայլատակումներով լուսավորված աչքերի հետևի աշխարհում։ Նրանք այդ կնոջը վերածում էին մորմոքի, ոչ այնքան ոտնամիջում, որքան՝ հպարտության, հաստատվելու ու ընկճելու կարիքի մեջ, փչացնում էին կյանքի վերընթաց շավիղը։ Նրանք վերադարձնում էին մանկության գիշերները, ճմռթված սավանով տաք անկողինը, հուսախաբությունը։ Այդ կնոջ արարքները կարևորություն էին ստանում, չնայած պրիմիտիվ էին, անգամ նրա կրած օնիքսը վերածվում էր թալիսմանի։ Նրա թվիդե շրջազգեստի թելը, պատրաստի մի զգեստի, որը գնված էր նույնատիպ դատարկ զգեստների շարանից, զուգորդության ուժով կախարդական զորություն էր ձեռք բերում։ Այդ կնոջ ազգանունը ― նա ծնկներն ուժգին հարվածեց քարին ― մեռած Նաթանելին մատնված ազգանունը, մղում էր նրան քրքրել տեղեկատուները որևէ արժանիք հայտնաբերելու հույսով, որից այդ կնոջ կենտրոնում գրաված դիրքը միայն ավելի պիտի ամրանար։ Ի՞նչ դիպվածով, կամ, որն ավելի վատ է, տիեզերքի ո՞ր օրենքի բերումով էր նա հայտնվել այդտեղ, հաջողության ու իշխանության ճանապարհին, անկոտրում, բայց և խոշտանգող, կոտրելու ու տիրանալու ցանկությամբ։ Ինչպե՞ս կարող էր նա իրավամբ գրավել աչքերի հետևի տեղը, երբ նա պետք է, որ ընդամենը հերթական աստիճան լիներ, որը ոտնակոխում ես վերընթաց ճանապարհիդ։ Երևակայական զուգավորման այս գիշերները, երբ մտածում ես ոչ թե սիրո, քնքշանքի, ամոքման կամ ցնծության մասին, այլ, ավելի շուտ՝ տառապանքի, երբ մարմնի բուն կշռույթդ համատեղվում է ֆշշացող պարպումների հետ՝ ա՛ռ քեզ, ա՛ռ քեզ։ Ա՛ռ քո կծկված բերանին, վարդագույն բծերին, ա՛ռ քո սեղմված ծնկներին, քո անխոցելի հավասարակշռությանը կանացի բարձր կոշիկների վրա, անիծյա՜լ լինես քո կախարդանքով ու կղզիացած առաքինությամբ։
<b>Ինչպե՞ս կարող է նա տիրանալ խավարիս կենտրոնին, երբ նրա հանդեպ ունեցած իմ միակ զգացումն ատելությունն է։</b>
Գունատ դեմք՝ վարդագույն բծերով։ Սա վերջին առիթն է՝ նրա ասելիքը նախօրոք հայտնի է, անխուսափելի, ելնելով միաձուլվածքի բնույթից։ Ահա, խնդրեմ, մի առոգանությամբ, որն իսկույն ծառանում է մինչև վերին դարակը։
― Ոչ։
Մի վանկում առնվազն երեք ձայնավորով։
― Բա էլ ինչի՞ համաձայնվեցիր հետս գալ։
Երեք վարդագույն բիծ։
― Ես կարծում էի դու ջենտլմեն ես։
Անխուսափելիորեն։
― Դու ինձ հոգնեցնում ես։
― Խնդրում եմ ինձ տուն տար։
― Լսիր, մի՞թե հիմա, քսաներորդ դարում, դու իսկապես դա նկատի ունես։ Դու իսկապե՞ս վիրավորված ես։ Ոչ թե՝ «Կներես, ոչ», այլ՝ «Ո՞չ»։
― Ես ուզում եմ տուն գնալ։
― Ախր լսիր․․․
<b>Ես պե՛տք է դա անեմ, պե՛տք է, ո՞նց չես հասկանում, շա՛ն աղջիկ։</b>
― Դե լավ, ես ավտոբուսով կգնամ։
Վերջին առիթը։ Միակը։
― Սպասիր։ Մենք տարբեր լեզուներով ենք խոսում։ Ես պարզապես ուզում եմ․․․ ո՞նց ասեմ․․․ Ախր դու չես հասկանում, որ ես․․․ Մերի, ես ինչ ասես կանեմ դա քեզ ապացուցելու համար։
― Կներես, դու ինձ այդ առումով բոլորովին չես հուզում։
Աճող կատաղությունը հրահրում է նրան բռնել մաշված ճանապարհը։
― Ուրեմն՝ ո՞չ։
Ցնծության, հասկանալու ու կարեկցանքի գերագույն վիրավորանքը։
― Կներես, Քրիս, անկեղծորեն ցավում եմ։
― Գիտեմ, գիտեմ, դու ինձ համար քրոջ պես կլինես։
Եվ՝ ապշեցուցիչ պատասխանը, անվրդով, հեգնանքը չեզոքացնող։
― Եթե կուզես, այո։
Նա գազազած ոտքի կանգնեց։
― Լավ, գնացինք։ Աստվա՜ծ սիրես, արի դուրս գանք էս անտեր տեղից։
Սպասում ես մեքենայի նստարանին տպված ուրվագծի պես։ Մի՞թե նա իմ մասին ոչ մի բան չգիտի։ Դուրս է գալիս սրճարանից, մի ոտքը մյուսի առաջ թեքելով, ինչպես լուսանկարներում, քայլելով անտեսանելի ճոպանի վրայով, հպարտ պահած կուսության անպարտելի դրոշը։
― Դուռը լավ չի փկավել, թող ես անեմ։
Նրբին բուրմունք, էժանագին թվիդի հպում, ձեռքը դողում է փոխանցման բռնակի վրա, ճանապարհը հետ է մղվում, պատերազմական օրենքներով քողարկված լուսարձակներ, դիմացի բլրից մինչև հեռավոր հարավ ձգվող ամառային կայծակ, որ կանոններ չի ճանաչում, ոտքը կտրուկ սեղմում է ցած, կտրատված եզրերով տերևների ծոպեր, ծառերին քսվող լույսի ճառագայթ, որը մի պահ կենդանացնում և, կորսված հնարավորությունների պես, մոռացության գիրկն է նետում նրանց։
― Քեզ չի՞ թվում, որ բավական արագ ես քշում։
Թեքված այտը, կծկված բերանը, հեռավոր, քողարկված աչքերը տխմար գլխարկի տակ։ Ոտքն ուժգին ցած է սեղմում։
― Խնդրում եմ, Քրիս, կամաց քշիր։
Անվադողերի ճռինչ, փոխանցման տուփի վնգստոց, ոռնոց, դղրդյուն․․․
― Խնդրո՜ւմ եմ․․․
Օրոր, ցնցում, կողքի քաշվելու մետաքսյա ճռռոց, տեսարանների կինոյանման առկայծում։
Հո՛ւպ տուր։
― Խնդրում եմ, աղաչում եմ․․․
― Ուրեմն թող։ Հենց հիմա՛, էս գիշե՛ր, մեքենայի մե՛ջ։
― Խնդրում եմ։
Գլխարկը ծռվել է, ճանապարհն՝ ազատ, ծառերի թունելը կլանվեց֊գնաց։
― Ես կսպանեմ մեզ։
― Դու խելագար ես․․․ ա՛խ, խնդրո՜ւմ եմ․․․
― Սպիտակ ներկած ծառի մոտ, ճամփաբաժանին, ես քո կողմով կխփեմ բնին։ Ոնց ես ջարդուփշուր լինելո՜ւ։
― Տե՜ր աստված, տե՜ր աստված։
Եզրամարգի վրայով բախում պարարտանյութի կույտին, դմփոց, պտույտ տեղում, հետո խիճ, կլանվող, կորսված հնարավորությունների միջով հետ քշվող, ժամանակի միջով ցած, դեպի նկուղը մղվող․․․
― Ես կուշաթափվեմ։
― Թողնո՞ւմ ես հիմա հետդ լինեմ։ Հենց հիմա։
― Վերջ տուր, խնդրում եմ։
Եզրմարգի վրա արգելակելով, շարժիչն ու լույսերը մարած, ճանկելով տիկ հանված խաղալիքը, հափշտակելով կայծակի տակ կյանքի կոչված տինիկը, որի ծնկներն իրար են սեղմվում պահ դրված կուսության վրա, մի ձեռքը ցած է քաշում թվիդե շրջազգեստը, մյուսը նրան հետ է հրում, որի ձայնը կիսամերկ ստինքի միակ պաշտպանն է․․․
― Ես կգոռամ։
― Գոռա տեսնեմ։
― Ստո՛ր անասուն․․․
Կայծակը լուսավորում է մոտիկից նրան հառած երկու աչքը՝ շինծու կնոջ աչքեր, խճճված իր իսկ հնարքներում ու հավակնություններում, որն ի վերջո ստիպված է ընդունել սեփական բիրտ, մարդկային մարմինը՝ խորին ու անհաշտ ատելությամբ նայող աչքեր։
Այս անգամ վերին դարակը չի գործածվում։ Ձայնավորները գյուղական կոպիտ երանգ ունեն։
― Ախր ո՞նց չես հասկանում, խո՛զ։ Դու չես կարող․․․
<b>Վերջին հնարավորությունն է։ Ես պե՛տք է այդ անեմ։</b>
― Ուրեմն հետդ կամուսնանամ։
Նորից ամառային կայծակ։
― Վե՛րջ տուր ծիծաղիդ, Քրիս։ Լսո՞ւմ ես։ Վերջացրո՛ւ։ Հերի՛ք է ասեցի։
― Ատելով ատում եմ քեզ։ Երեսդ չտեսնեմ էլ իմ կյանքում։
Փիթըրն արագ քշում է նրա հետևից։ Նրա հեծանիվը նոր է, բայց ոչ այնքան լավը, ինչքան Փիթըրի նոր հեծանիվը։ Եթե Փիթըրը գործածի իր հավելյալ փոխանցումն ու առաջ ընկնի, նրան էլ հասնել չի լինի։ Փիթըրի առջևի անիվը գլորվում է ճիշտ նրա հետևի անիվի կողքից։ Փիթը երբեք դա չէր անի, եթե խիստ հափշտակված չլիներ։ Ճանապարհն այստեղ աջ է թեքվում, Հոդսընի ֆերման տանող ճամփան նորոգելու համար դիզված բարձր քարակույտի կողքին։ Մի թեքվիր, ուղիղ գնա, նրա ակնկալածից մի պահ ավել մի թեքվիր։ Թող ինքը թեքվի, իր բանտարկված անիվով։ Ա՛յ, ապրես, ապրե՜ս։ «Վա՜խ, ոտքս, Քրիս, ո՜տքս։ Սիրտ չունեմ ոտքիս նայեմ։ Աստվա՜ծ իմ»։
Փոքրիկ դրամարկղ։ Էմալապատ թիթեղ, ոսկեզօծ գծեր։ Դատարկ ու բաց։ Ի՞նչ կարող ես անել, ոչինչ չի արձանագրված։ Ես քեզ հրավիրում եմ օրերից մի օր հետս խմելու։
― Նա պրոդյուսերի կինն է, բարեկամս։
Ապրես, ապրես, դե հիմա թող ոտքով քարշ գա տուն։ Այ ապրե՜ս, իսկական արցունքները հարամում են ցնծությունը, ապրես, ապրես, ապրես։
Վե՛ր, բեմն ի վեր, վե՛ր։ Ես քեզնից մեծ թրթուր եմ։ Դու բեմով սրանից ավել չես կարող բարձրանալ, սեղանը քեզ կխանգարի, իսկ ես կարող եմ պատուհանին էլ հասնել։
― Ոչ, բարեկամս։ Ցավում եմ, բայց դու անփոխարինելի չես։
― Բայց լսիր, Ջորջ․․․ ախր մենք միասին ենք աշխատել։ Դու հո ինձ լավ գիտես․․․
― Իհարկե գիտեմ, սիրելիս։ Անշո՛ւշտ։
― Բանակում ես կկորչեմ։ Դու իմ դերերը տեսել ես։
― Ինչ խոսք, սիրելիս։
― Դե ուրեմն․․․
Հոնքերի տակի հայացքը։ Կոծկված ժպիտ։ Ժպիտն իրավունք է ստանում լայնանալ, մինչև որ սպիտակ ատամները սկսում են արտացոլվել սեղանի մակերեսին։
― Ես վաղուց էի սպասում սրա պես մի առիթի։ Դրա համար էլ քեզ մինչև հիմա դուրս չեմ արել։ Հույս ունեմ, որ նրանք կավիրեն քո կիսադեմը, սիրելիս։ Գեղեցիկ կողմը։
Մարդ սպանելու հազարավոր ձևեր կան։ Կարելի է նրան թունավորել ու դիտել, թե ինչպես է այլայլվում նրա ժպիտը։ Կարելի է բռնել նրա կոկորդից ու սպասել, մինչև որ փայտանա։
Կինը վերարկու է հագնում։
― Հելեն․․․
― Անուշիկս։
Աղվեսային տռփոտ շարժում։
― Ես հազիվ էի դիանում․․․
Խորը, ընդհատվող շնչառություն։
― Տափակ մի եղիր, սիրելիս։
Երկյուղ։
― Օգնիր ինձ, Հելեն, ես քո օգնության կարիքն ունեմ։
Սպիտակ դեմքի վրա թրթուրի սև աչքեր։ Տարածություն։ Հաշվարկ։ Մահավճիռ։
― Իհարկե, սիրելիս, ի՜նչ խոսք։
― Ի վերջո դու Փիթի կինն ես։
― Ինչ կոպիտն ես, Քրիս։
― Դու կարող էիր նրան համոզել։
Ցած, բազմոցի վրա, ավելի մոտիկ։
― Հելեն․․․
― Ինչո՞ւ Մարգոյին չես դիմում, կամ այն փոքրիկին, որին մեքենայով ման ես ածում։
Խուճապ։ Սև աչքերը սպիտակ դեմքի վրա, նույնքան անարտահայտիչ, որքան կարծր, սև քարը։
Խժռված ես։
Նաթանելը եռում է, ավելի շուտ՝ մարմանդ կլթկլթում, համարյա եփ գալիս։
― Ես քեզ համար հրաշալի նորություն ունեմ, Քրիս։
― Վերջապե՜ս ձեռք ես գցել հավերժությունը։
Նաթը մի պահ մտածեց, վեր նայելով տեղեկատուներին։ Ապա դիտողությունը որակեց որպես կատակ և պատասխանեց այն խորաթափանց ձայներանգով, որը պահում էր հումորի համար։
― Ինձ հավերժությանը ներկայացրեց նրա լիազորը։
― Դե լավ, նորությունդ ասա։ Հո պատերազմը չի՞ վերջացել։ Համբերությունս հատնեց։
Նաթանելը նստեց դիմացի բազկաթոռին, բայց այն չափից ցածր դուրս եկավ։ Նա թառեց հենակին, ապա վեր կացավ և վերադասավորեց սեղանի գրքերը։ Լուսաքողարկող մռայլ վարագույրների արանքից նա նայեց փողոց։
― Ես կարծում եմ, որ վերջին հաշվով նավատորմ կգնամ։
― Ո՞վ, դո՞ւ։
Շարունակելով նայել դուրս, Նաթը գլխով արեց։
― Եթե վերցնեն, իհարկե։ Թռչել ես չեմ կարող, իսկ հետևակում ինձնից օգուտ չկա։
― Լսիր, բայց դու բութ ես։ Դու հո պարտավոր չես գնալ, չէ՞։
― Օրենքով՝ չէ։
― Ես կարծում էի դու պատերազմին դեմ ես։
― Էլի որ դեմ եմ։
― Խղճի զոհ։
― Չգիտեմ։ Ես իսկապես չգիտեմ։ Ինչ ասես մտքովս անցել է, բայց ի վերջո դրա պես վճիռ կայացնելու պատասխանատվությունը մի մարդու խելքի բան չի։ Ես կգնամ։
― Հաստա՞տ ես որոշել։
― Մերին համաձայն է։
― Մերի Լա՞վըլը։ Նա՞ ինչ գործ ունի։
― Նորությունս հենց դա է։
Նաթը շուռ եկավ, մոռացված գիրքը ձեռքին։ Նա մոտեցավ բուխարուն, նայեց բազկաթոռին, նկատեց գիրքն ու այն դրեց սեղանին։ Ապա մի աթոռ վերցրեց, առաջ քաշեց ու թառեց եզրին։
― Ես քեզ երեկ ներկայացումից հետո ասում էի, հիշո՞ւմ ես։ Թե ինչպես մեր կյանքը պետք է հասնի ժամանակի բուն ակունքներին, պատմության մեջ հետագիծ թողնի։
― Ես էլ ասեցի, որ դու երևի Կլեոպատրան ես։
Նաթը լուրջ խորհեց դրա մասին։
― Չէ, ես այդպես չեմ կարծում։ Այդքան հռչակավոր չէ։
― Դե ուրեմն Հենրի ութերորդը։ Դա՞ էր նորությունդ։
― Մենք անընհատ բանալիներ ենք ստանում։ Ներըմբռնման փայլատակումներ, ի վերուստ ընծայվող հայտնություններ․․․― Նրա ձեռքերն ուսերից վեր բարձրացան, ասես տնտղելով գլխի հավելումը։― Պատահում է, մարդկանց հանդիպելիս իսկույն գիտակցում ես, որ նրանք միահյուսված են քո կյանքի խորհրդին։ Ճիշտ չե՞մ ասում։ Օրինակ՝ ես ու դու։ Հիշո՞ւմ ես։
― Ո՜նց էիր գլուխս տանում։
Նաթանելը գլխով արեց։
― Հիմա էլ եմ տանում։ Բայց մենք դեռևս միահյուսված ենք, և առայժմ ոչինչ չի արժեքազրկվել։ Հետո, երբ դու ինձ ներկայացրիր Մերիին․․․ հիշեցի՞ր։ Տեսնո՞ւմ ես, ինչպես ենք մենք երեքով փոխազդում։ Ես հանկարծակի փայլատակում ունեցա, իմացության մի շանթ, որն ասում էր՝ «Ես քեզ առաջ էլ գիտեի»։
― Ինչե՞ր ես դուրս տալիս, գրողը տանի։
― Նա նույնպես դա զգաց։ Ինքը խոստովանեց։ Գիտե՞ս, նա շատ․․․ իմաստուն կին է։ Հիմա մենք երկուսս էլ արդեն միանգամայն համոզված ենք։ Նման բաներն, իհարկե, աստղերում են գրված, բայց այստեղ, ներքևում, մենք քեզ պետք է շնորհակալ լինենք մեզ միացնելու համար։
― Ո՞վ, դու ու Մերի Լա՞վըլը։
― Անշուշտ, ամեն ինչ այդքան հեշտ չէ, և մենք շատ ենք խորհել, առանձին֊առանձին ու նաև իրար հետ․․․
Սենյակն ասես կախարդվեր։ Նաթի գլուխը սկսեց աճել ու փոքրանալ։
― Եվ ես անչափ ուրախ կլինեի, Քրիս, եթե դու համաձայնվեիր լինել իմ խաչեղբայրը։
― Դու ամուսնանո՛ւմ ես։ Դու ու․․․
― Հրաշալի նորությունս հենց դա՛ էր։
― Չի՛ կարող պատահել։
Նա լսեց սեփական ձայնի հոգեվարքը, ակամա վեր ցատկեց։
Նաթը նրա կողքով նայեց կրակին։
― Գիտեմ, որ անսպասելի է, բայց մենք դրա մասին խորհել ենք։ Հետո, բացի այդ, ես նաև նավատորմ եմ գնում։ Նա շատ լավն է ու շատ խիզախը։ Դու էլ, Քրիս, ես վստահ էի, որ դու քո ամբողջ էությամբ կնվիրվես այդ որոշմանը։
Նա անշարժ կանգնած նայում էր առջևի խճճված սև մազերին ու երկար վերջույթներին։ Նա զգում էր այդ որոշման և դրա հետ կապված հանգամանքների անասելի զորության իր մեջ արթնացող աղոտ ընկալումը։ Այստեղ ոչ թե ինքն էր ուտում, այլ իրեն էին ուտում։ Ընկալման հետ արթնացավ նաև արյունը, խփեց դեմքին, բեկելու մղում ծնեց։ Լուսանկարների վայր ընկնող տրցակի պես նրա մտքով խոյացան Մերիի պատկերները՝ Մերին նավակի մեջ, խնամքով ուղղում է փեշը․․․ Մերին գնում է եկեղեցի, չորս կողմը ճառագայթելով՝ տոտիկների դրվածքն ու փոքրիկ հետույքն արդեն իսկ հանդգնություն․․․ Մերին պայքարում է, նրա ծնկներն իրար սեղմվում պահ դրված կուսության վրա, մի ձեռքը ցած է քաշում թվիդե շրջազգեստը, մյուսը նրան հետ է հրում, նրա ձայնը կիսամերկ ստինքի միակ պաշտպանն է․․․
― Ես կգոռամ։
Նաթը վեր նայեց, բերանը բաց։
― Էս անգամ ինձ էլ էշի տեղ չե՛ս դնի, հանգի՜ստ կաց։
Լուսանկարները չքացան։
― Ես․․․ չգիտեմ ինչ էի ասում, Նաթ, ինչ֊որ պիեսից միտքս եկավ։
Նաթը ձեռքերը պարզեց ու երկչոտ ժպտաց։
― Աստղերին հակառակվելն իմաստ չունի։
― Մանավանդ, եթե նրանց որոշումը համընկնում է քո ցանկության հետ։
Նաթը մտածեց դրա մասին։ Նա թեթևակի շիկնեց ու գլխով արեց։
― Այդ վտանգը կա։
― Զգույշ եղիր, Նաթ, աստված սիրես։
<b>Սակայն, առանց իմանալու, առանց գիտակցելու՝ ինչի՞ց զգուշանա։ Իմ կողքին մնալո՞ւց։ Թե՞ նրա հետ միասին խավարիս լուսավոր կենտրոնը զբաղեցնելուց։</b>
― Քրիս, երբ ես գնամ, դու նրան կհետևես, չէ՞։
<b>Աստղերի մեջ մի բան կա։ Այլապես այս ի՞նչ պղտոր մղում է, որ խոսքերիս ստիպում է սրտիս հակառակվել։</b>
― Միայն թե զգուշացիր։ Ինձանից։
― Քրի՛ս։
<b>Որովհետև ես սիրում եմ քեզ, հիմարի՛ մեկը, սիրում եմ ու ատում։ Իսկ հիմա՝ ատում։</b>
― Հեչ, Նաթ, բան չկա։
― Չէ, դու ասա, մտքիդ ինչ֊որ բան կա։
― Ես էլ եմ նավատորմում լինելու։
― Ո՞նց թե, իսկ թատրո՛նը։
Հեղեղվելով հաշվարկների ու ատելության տակ։
― Մարդ ազնիվ մղումներ էլ է ունենում։
― Քրիս, սիրելի՜ս։― Նաթը ոտքի էր կանգնել, նրա դեմքը փայլում էր։― Գուցե մենք նույնիսկ նույն նավի վրա լինենք։
Մռայլ, ընտրված ուղու կանխագիտակցությամբ․
― Իհարկե, կլինենք։ Դա մեր աստղերում է գրված։
Նաթը գլխով արեց։
― Մենք միահյուսված ենք նախատարրերում։ Մենք ջրի մարդիկ ենք։
― Ջուր։ Ջուր։
Հագուստը գրկում էր նրան ջրաթաթախ կապոցի նման։ Նա դուրս սողաց արևի տակ ու պառկած զգաց, թե ինչպես է ինքը ջրիմուռի պես փռվել։ Ապա ձեռքերը բարձրացրեց ու սկսեց քրքրել քեչայի սեպաձև փայտյա կոճակները, մինչ լուսանկարները սավառնում էին ու պտտվում խաղաթղթերի տրցակի պես։ Նա կոճակներն արձակեց ու սկսեց վրայից քաշքշել մնացած հագուստը։ Միայն ներքնաշապիկով ու վարտիքով մնալով, նա քարի վրայով սողաց մինչև ջրի անձավը մնացած մետրերը։ Ապա մագլցեց Պողոտան ի վեր ու պառկեց Թզուկի կողքին։
― Եթե չեմ զառանցում, ուրեմն շորերիցս գոլորշի է գալիս։ Քրտինք։
Նա մեջքը դեմ տվեց Թզուկին։
― Ողջամիտ եղիր։
Ոտքերը նրա առջևում ծածկված էին սպիտակ բշտիկներով։ Երբ նա շապիկը բարձրացրեց, դրանք կային նաև փորի ու ձեռքերի վրա։ Դրանք նաև ակնախոռոչների եզրի անհարթություններն էին։
― Չմեռնե՛ս։
Մտքից կատաղի մի բան դուրս ժայթքեց։
― Ես կապրեմ նույնիսկ եթե ստիպված լինեմ էս անտեր տուփի մեջ մնացած ամեն ինչն ուտել։
Նա ցած նայեց ոտքերին։
― Ես գիտեմ կեղտոտ բշտիկներիդ անունը։ Եղճերք։ Սննդի թունավորում։
Նա մնաց անշարժ պառկած։ Գոլորշին երերալով բարձրանում էր վեր։ Բշտիկները հստակ ուրվագծեր ունեին և մեռելային սպիտակություն։ Նրանք այնքան ուռուցիկ էին, որ շոշափվում էին անգամ այտուցված մատների տակ։
― Ես ասում էի, որ կհիվանդանամ, խնդրեմ։
Նա մշուշոտ հայացքը դարձրեց հորիզոնով մեկ, բայց վերջինս առաջարկելու ոչ մի բան չուներ։ Նա կրկին նայեց ոտքերին և վճռեց, որ, չնայած բշտիկներին, ոտքերը սաստիկ նիհար են։ Շապիկի տակ զգացվում էր բշտիկից֊բշտիկ ծորացող բարակ շիթը։
Երկնքի ու օդի ճնշումը ներխուժել էր գլխի մեջ։