:Անտեսանելիության թիկնոցը նրանք մոռացել էին աշտարակի տանիքին։
==Գլուխ տասնհիգներորդ․ Արգելված անտառը==
:Իրավիճակը գնալով վատթարանում էր։
:Ֆիլչը նրանց տարավ պրոֆեսոր Մըք Գոնագալի աշխատասենյակը, որը գտնվում էր առաջին հարկում, որտեղ և նրանք սուս ու փուս նստեցին ու առանց մի խոսք իսկ փոխանակելու, սկսեցին սպասել։ Հերմիոնան դողում էր։
:Հարրիի ուղեղով իրար ետևից անցնում էին պատրվակների, ալիբիների, հնարավոր և ամենաանհավանական պատմությունների տարբերակները, մեկը մյուսից ավելի հուսահատ ու ոչ արժանահավատ։ Նա չէր պատկերացնում, թե այս անգամ ինչ հրաշքով պիտի փրկվեին փորձանքից։ Նահանջելու կամ փախչելու ճանապարհ չկար։ Երկու ոտքով ծուղակն էին ընկել։ Ինչպե՞ս կարող էին այդպես հիմարաբար թիկնոցը մոռանալ տանիքում։ Անհնար էր երևակայել անգամ որևէ հիմնավոր պատճառ կամ պատրվակ, որ պրոֆեսոր Մըք Գոնագալն ընդուներ՝ որպես ամրոցում կեսգիշերից հետո, աստղադիտարանի ամենաբարձր աշտարակում, որտեղ առանց այն էլ դասերից դուրս մուտքն արգելված էր, նրանց թափառելու փաստն արդարացնող հիմնավոր բացատրության։ Իսկ եթե այդ փաստին հանկարծ միանային Նորբերթն ու անտեսանելիության թիկնոցը, ապա անկասկած կարելի էր համոզված լինել, որ նրանց մնում էր ընդամենը հավաքել իրենց ունեցած-չունեցածն ու պատրաստվել անփառունակ և ամոթալի վերադարձին՝ դեպի տուն։
:Հարրիի մտքով անցավ, որ սրանից էլ վատ բան չի կարող լինել, սակայն հաջորդ վայրկյանին նա՝ կանխազգալով իրադարձությունները, մտածեց, որ լավ կանի չշտապի եզրակացություններով, որպեսզի իր վաղաժամ գնահատականով, թեկուզ և մտովին, վատից էլ վատ հետևանքներ չոգեկոչի։ Եվ, իսկապես, ևս մեկ վայրկյան անց նա հասկացավ, որ դժբախտաբար, իրենց վիճակն իրականում նույնիսկ ավելի անմխիթար էր, քան ինքը ենթադրում էր։
:Հայտնվեց պրոֆեսոր Մըք Գոնագալը... Նեվիլի հետ միասին։
:— Հա՛րրի, — երկու դժբախտ ձերբակալվածներին տեսնելով, հուզախառն բացականչեց Նեվիլը, ― ես փորձում էի գտնել ձեզ, որպեսզի զգուշացնեմ... Ես պատահաբար լսեցի, թե ինչպես էր Մալֆոյը գլուխ գովում, որ այս գիշեր պետք է գլխիդ դատաստան բերի։ Նա ասաց, որ դու վիշ...
:Հարրին՝ աչքերը չռելով Նեվիլի վրա, գլուխն օրորեց, որ նա ձայնը կտրի, բայց պրոֆեսոր Մըք Գոնագալը տեսավ... Նա այնպիսի տեսք ընդունեց, ասես հրես-հրես Նորբերթի պես քթանցքներով բոց ու կրակ կարտաշնչի և, թևերը սպառնալից կանթելով, ճակատագրի անհողդողդ ստվերի պես խոյացավ եռյակի գլխին։
:— Ձեզնից և ոչ մեկից նման նենգություն երբեք չէի սպասի։ Պարոն Ֆիլչն ասաց, որ դուք բարձրացել էիք աստղադիտարանի աշտարակը։ Գիշերվա ժամը մեկն է։ Ես բացատրություն եմ պահանջում։
:Երևի թե առաջին անգամն էր, որ Հերմիոնան չկարողացավ պատասխանել ուսուցչի տված հարցին։ Նա արձանի պես անշարժ կանգնած, հայացքը գամել էր իր հողաթափիկներին։
:― Ես, կարծես, գլխի եմ ընկնում, թե ինչ է կատարվում այստեղ, ― ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը — պետք չէ հանճար լինել հասկանալու համար։ Դուք Մալֆոյի խելքը կերել եք ինչ-որ վիշապի մասին լոլո-լոլո պատմություններով, որ կարողանաք գիշերով դուրս հանել նրան ամրոցում թափառելու և ծուղակը գցել։ Ի գիտության ձեզ, ես արդեն բռնել եմ նրան։ Երևի ձեր կարծիքով շատ ծիծաղելի է, որ Լոնգբոթոմը նույնպես լսել է այդ հիմար պատմությունը և նույնպես դյուրահավատորեն ծուղակն ընկել։
:Հարրին աչքերով որսաց Նեվիլի հայացքը և փորձեց առանց խոսքերի հասկացնել նրան, որ դա այդպես չէ, որովհետև Նեվիլը ապշահար ու ծայրաստիճան վիրավորված տեսք ուներ։ Խեղճ, դանդալոշ Նեվիլ... Հարրին պատկերացնում էր, թե ինչ ճիգերի գնով է նա՝ ինքն իրեն հաղթահարելով, մութ գիշերով դուրս եկել Գրիֆինդորի աշտարակից նրանց գտնելու ու վտանգի մասին զգուշացնելու համար։ Չէր կարելի չգնահատել Նեվիլի իսկապես հերոսական արարքը։
:— Ես ծայրաստիճան հիասթափված եմ ձեզնից, — ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը։ — Չորս ուսանող մի գիշերվա մեջ հանրակացարանային աշտարակներից դուրս... Ես դեռ երբեք նման խայտառակության մասին չեմ լսել։ Օրիորդ Գրե՛յնջեր, ես կարծում էի, որ դուք ողջամիտ աղջիկ եք։ Ինչ վերաբերում է ձեզ, պարոն Փոթթեր, ես համոզված էի, որ Գրիֆինդորը ձեզ համար ավելի մեծ նշանակություն ունի, քան նման անփառունակ արկածները։ Բոլոր երեքդ կենթարկվեք վարչական հմայապատժի։ Այո՛, պարոն Լոնգբո՛թոմ, դուք նույնպես։ Ոչ մի բան ձեզ իրավունք չի տալիս պարետային ժամի արգելանքը խախտելով, գիշերով թափառել ամրոցում, հատկապես այս օրերին, երբ իրավիճակն այնքան վտանգավոր է դարձել շրջակայքում... Եվ հիսուն միավոր կհանվի Գրիֆինդորի հաշվից։
:— Հիսո՜ւն, — Հարրիի շունչը կտրվեց։ Ախր, իրենք կկորցնեն առաջնությունը իրենք կկորցնեն Գրիֆինդորի առաջատար դիրքը Միաբանությունների գավաթի մրցույթում, որն այնքան դժվարությամբ ինքը շահեց քվիդիչի վերջին խաղում հաղթելու շնորհիվ։
:— Հիսուն միավոր յուրաքանչյուրից, — բառերը հատ-հատ շեշտելով ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը, ծանր շնչելով իր՝ առանց այն էլ երկար ու բարկությունից ավելի սրված քթով։
:— Պրոֆեսո՛ր, խնդրում եմ...
:— Բայց դուք չե՛ք կարող...
:— Չհամարձակվե՛ք ասել ինձ, թե ես ինչ եմ կարող և ինչ չեմ կարող, Փո՛թթեր։ Իսկ հիմա, անմիջապես գնացե՛ք ձեր ննջարանները, բոլո՛րդ։ Ես երբեք դեռ այսքան չեմ ամաչել Գրիֆինդորի ուսանողների համար։
:Հարյուր հիսո՜ւն միավոր... Գրիֆինդորը միանգամից հայտնվեց վերջին տեղում։ Մի գիշերվա մեջ նրանք կորցրին Միաբանությունների գավաթի մրցույթում հաղթելու բոլոր իրատեսական հնարավորությունները։ Հարրին այնպիսի զգացում ուներ, ասես իր ներսում բոլոր օրգանները միանգամից չորացել էին ու միայն մարմնի դատարկ կաղապարն էր մնացել։ Ինչպե՞ս կարող են իրենք երբևէ շտկել այս իրավիճակը։
:Հարրին ամբողջ գիշեր չքնեց։ Մինչև առավոտ նա ժամեր շարունակ լուռ ու մունջ պառկած լսում էր Նեվիլի՝ բարձի մեջ խեղդված, աղիողորմ հեկեկոցները։ Հարրիի միտքը ոչ մի բառ չէր գալիս Նեվիլին սփոփելու համար։
:Նա շատ լավ գիտեր, որ Նեվհլը, իր նման հուսահատ սարսափով, սպասում էր ճակատագրի պես անհողդողդ արևածագին։ Ի՞նչ է լինելու, երբ առավոտյան ամբողջ Գրիֆինդորն իմանա, թե իրենք ինչ են արել մի գիշերվա մեջ։
:Սկզբում՝ հսկայական ապակյա ցուցատախտակի կողքով անցնելիս, որտեղ ամեն առավոտ արձանագրվում էին միաբանությունների միավորները, գրիֆինդորցիները՝ աչքերին չհավատալով, կարծում էին, թե ինչ-որ սխալմունք է կատարվել։ Ինչպե՞ս կարող էր երեկոյից առավոտ՝ ցուցատախտակի վրա հանկարծ հարյուր հիսուն միավոր պակասել։ Իսկ հետո պատմությունը սկսեց տարածվել՝ կամաց-կամաց վերածվելով փոթորկաթափ հեղեղի... Հարրր Փոթթերը, հանրահայտ Հարրի Փոթթերը, երկու քվիդիչային խաղերի իրենց հերոսը, այդ նա է մի գիշերվա մեջ կորցրել բոլոր հարյուր հիսուն միավորները, նա և նրա հետ էլ երկու ուրիշ հիմար առաջին դասարանցիներ։
:Կես ժամվա ընթացքում՝ դպրոցում ամենամեծ ժողովրդականություն, սեր և հարգանք վայելող անձից, Հարրին դարձավ ամենաքստմնելի և ամենահանդիմանելի անձնավորությունը։ Նույնիսկ ռեյվենքլոցիներն ու հաֆըլփաֆցիներն էին երես թեքել նրանից, որովհետև բոլորի բաղձալի ցանկությունն էր՝ վերջապես կոտրել Սլիզերինի գոռոզ քիթն ու զրկել նրան Միաբանությունների գավաթի մրցույթում ՝ արդեն յոթերորդ տարին անընդմեջ, հաղթելու պատվից։ Ամենուրեք, ուր էլ որ Հարրին գնար, մարդիկ նրան մատով էին ցույց տալիս ու հոգ էլ չէին տանում ձայներն իջեցնել՝ նրան վիրավորական մականուններով կոչելիս։ Իսկ սլիզերինցիք, ընդհակառակը՝ նրա կողքով անցնելիս, ծափահարում էին, շվշվացնում և, ձեռք առնելով, ընդգծված բարձրագոչ ողջունում ու շնորհակալության հայտնում.
:— Հե՛յ, Փո՛թթեր, էս ինչ լավություն ես արել մեզ... Հիմա ո՞նց ենք տակից դուրս գալու։
:Միայն Ռոնն էր կանգնած նրա կողքին։
:— Մի անհանգստացիր, երկու շաբաթից կմոռացվի, կանցնի։ Ֆրեդն ու Ջորջը տոննաներով միավորներ են կորցրել այստեղ եղած ժամանակ և միևնույն է բոլորի աչքի լույսն են։
:— Իսկ նրանք երբևէ միանգամից հարյուր հիսուն միավոր կորցրե՞լ են, ― հազիվ շշնջալով, նսեմացած հարցրեց Հարրին։
:— Հը՛մ... չէ՛, միանգամից էդքան... կարծես թե չէ, ― ընդունեց Ռոնը։
:Ճիշտ է, արդեն ուշ էր վնասը հատուցելու համար, սակայն Հարրին ինքն իրեն երդվեց, որ այլևս երբեք չի խառնվի անմիջականորեն իրեն չվերաբերող գործերի մեջ։ Նա ստացավ իր արժանին՝ քիթն ամեն տեղ խոթելու ու իրեն չվերաբերող բաներով զբաղվելու համար։
:Նա այնքան էր վհատված ու ինքն իրենից այնքան էր ամաչում, որ նույնիսկ գնաց Օլիվեր Վուդի մոտ և առաջարկեց, որ իրեն հանեն քվիդիչի թիմից։
:― Քեզ հանե՞նք թիմից, ― որոտաց Վուդը, ― Ինչո՞վ կարող է դա օգնել գործին։ Հետաքրքիր է, այդ ինչպե՞ս ես պատրաստվում վերականգնել կորցրածդ միավորները, եթե քվիդիչ էլ չխաղանք ու չհաղթենք։
:Սակայն նույնիսկ քվիդիչն էր կորցրել իր հմայքն ու հաճույքը։ Մարզումների ժամանակ թիմի մյուս անդամները Հարրիի հետ չէին խոսում, և եթե անգամ նրանք ստիպված էին լինում խոսել նրա մասին, ապա անունը չհոլովելու համար Հարրիին անվանում էին ոչ այլ ոք, քան՝ «Որսորդը...»։
:Հերմիոնան ու Նեվիլը նույնպես տառապում էին ընդհանուր վերաբերմունքից։ Թեև ճիշտ է, նրանց այդքան չէր հասնում, ինչքան Հարրիին, որովհետև նրանք Հարրիի պես ամբողջ դպրոցում հանրահայտ չէին, սակայն նրանց հետ էլ ոչ ոք չէր խոսում։ Հերմիոնան դադարել էր դասերի ժամանակ ուշադրության հրավիրել իր վրա՝ ուսուցիչների բոլոր հարցերին պատասխանելու համար ձեռք բարձրացնելով և, գլուխը կախ, սուս ու փուս աշխատում էր իր համար։
:Հարրին նույնիսկ ուրախ էր, որ քննությունները պետք է շուտով սկսվեին։ Կրկնողություններն ու պարապմունքները նրա ուղեղը զբաղված էին պահում և շեղում էին անփառունակ իրականությունից։ Հարրին, Ռոնը և Հերմիոնան բոլորից առանձնացած պարապում էին մինչև ուշ գիշեր՝ աշխատելով մտապահել բարդ թրմախառնուրդների, բուժահեղուկների և հմայաթուրմերի բաղադրատոմսերը, անգիր անել իրենց ծրագրային հմայախոսքերն ու դյութաղոթքները, սերտել հրաշագործության մեջ մեծ հայտնագործությունների և գոբլինյան ապստամբությունների տարեթվերը։
:Սակայն մի օր, քննություններից մեկ շաբաթ առաջ, այլևս ոչ մի բանի մեջ չխառնվելու մասին Հարրիի հաստատակամ որոշումը ուժեղ փորձության ենթարկվեց։ Կեսօրից հետո միայնակ վերադառնալով գրադարանից, նա ինչ-որ թնգթնգոց լսեց լսարաններից մեկի բաց դռնից։ Ավելի մոտենալով լսարանին, նա լսեց Քուիրելի ձայնը.
:—Ո՜չ... ո՜չ... Խնդրում եմ...
:Կարծես ինչ-որ մեկը սպառնում էր նրան։ Հարրին ավելի մոտեցավ լսարանի դռանը։
:— Լա՜վ... լա՜վ... ― լսվեց Քուիրելի բեկբեկուն ձայնը։
:Հաջորդ վայրկյանին Քուիրելը արագ-արագ քայլելով դուրս եկավ լսարանից՝ գլխի վրա ուղղելով իր փաթթոցը։ Նա շատ գունատ էր և այնքան վհատված տեսք ուներ, ասես ուր որ է պիտի սկսեր արտասվել։ Նա արագ քայլելով հեռացավ։ Հարրին մտածեց, որ Քուիրելը նույնիսկ չնկատեց էլ իրեն։ Նա սպասեց մինչև Քուիրելի քայլերը դադարեցին միջանցքում, հետո գլուխը մտցրեց լսարանի դռնից ներս։ Այն դատարկ էր, սակայն լսարանի մյուս ծայրի դուռը կիսաբաց էր։ Հարրին արդեն անցել էր լսարանի գրեթե կեսը, երբ հիշեց իր երդումը՝ այլևս ոչ մի բանի մեջ չխառնվելու մասին։
:Միևնայն ժամանակ, նա գրազ կգար տասներկու փիլիսոփայական քարերի վրա, որ Սառկեկը մի պահ առաջ դուրս եկավ լսարանի այդ կիսաբաց դռնով և դատելով իր լսածից, Հարրին համոզված էր, որ նա ուրախ-ուրախ թռչկոտելով էր հեռանում, որովհետև կարծես թե Քուիրելը վերջապես տեղի էր տվել նրա ճնշմանը։
:Հարրին վերադարձավ գրադարան, որտեղ Հերմիոնան ստուգում էր Ռոնի գիտելիքները աստղագիտությունից։ Հարրին պատմեց նրանց իր լսածը։
:— Ուրեմն Սառկեկը հասավ իր ուզածին, եթե Քուիրելը նրան ասել է, թե ինչպես կարելի է հաղթահարել իր հմայապատնեշը...
:— Մոռանում ես, որ դեռ Խավիկն էլ կա այնտեղ,― ասաց Հերմիոնան։
:— Միգուցե Սառկեկն առանց Հագրիդին հարցնելու էլ արդեն իմացել է, թե ինչպես կարելի է անցնել Խավիկի մոտով, ― բարձրաձայն մտորեց Ռոնը, մտազբաղ նայելով իրենց շրջահատող հազարավոր գրքերի հատորների կազմերին, ― գրազ կգամ, որ այստեղ մի տեղ՝ գրքերից մեկում գրված կլինի, թե ինչպես կարելի է անվնաս անցնել եռագլուխ հրեշավոր շան կողքով... Հը՞... Հա՛րրի... Ուրեմն ի՞նչ ենք անելու։
:Արկածախնդրության կայծիկները կրկին շողշողում էին Ռոնի աչքերի մեջ, սակայն մինչև Հարրին կհասցներ բերանը բացել՝ Հերմիոնան պատասխանեց նրա հարցին.
:— Գնա՛նք Դամբլդորի մոտ։ Ահա թե ինչ պետք է արած լինեինք դեռ շատ վաղուց։ Եթե մենք փորձենք կրկին ինքնագլուխ ինչ-որ բան անել, այս անգամ հաստատ մեզ անվերադարձ դուրս կվռնդեն դպրոցից։
:— Բայց մենք ապացույց չունենք, — ասաց Հարրին, — Քուիրելը չափազանց վախեցած է մեր ասածը հաստատելու համար։ Իսկ Սառկեկն ընդամենը կարող է ասել, որ ինքը գաղափար չունի, թե տրոլն ինչպես է մտել դպրոց Բոլոր սրբերի օրը, և որ ինքը մոտիկ էլ չի գնացել երրորդ հարկի միջանցքի դռանը։ Եվ ի՞նչ եք կարծում, ո՞ւմ կհավատան այդ դեպքում... նրա՞ն, թե՝ մեզ։ Գաղտնիք չէ, որ մենք նրան չենք սիրում, Դամբլդորն էլ կմտածի, որ մենք ուզում ենք նրանից վրեժ լուծել և այդ պատմությունները հնարել ենք՝ Սառկեկին անախորժության մեջ գցելու համար։ Ֆիլչը մեզ երբեք չի օգնի, եթե նույնիսկ նրա կյանքը կախված լինի դրանից։ Նա չափազանց մտերմական հարաբերություններ ունի Սառկեկի հետ և, նրա կարծիքով, ինչքան շատ ուսանողներ հեռացվեն դպրոցից, այնքան ավելի լավ։ Եվ մի մոռացեք, որ մենք, ըստ էության, ոչինչ չպետք է իմանայինք, ո՛չ քարի, ո՛չ էլ Խավիկի մասին։ Մենք դեռ պիտի բացատրենք, թե այդ ամենը որտեղից գիտենք։
:Հերմիոնան կարծես համոզվեց, սակայն Ռոնը դեռ ոգևորված էր։
:― Միգուցե մի քիչ էլ հոտոտենք շուրջներս...
:― Ո՛չ, ― ասաց Հարրին, առարկություն չհանդուրժող տոնով, ― ինչը հոտոտելու էր, մենք արդեն հոտոտել ենք։
:Նա իր կողմը քաշեց Յուպիտեր մոլորակի երկնային քարտեզը և սկսեց սերտել նրա լուսինների անունները։
:Հաջորդ առավոտյան Հարրին, Հերմիոնան ու Նեվիլը պաշտոնական գրություններ ստացան՝ բոլորը նույն բովանդակությամբ.
:Ձեր հմայապատիժը կկայանա այս երեկո ժամը տասնմեկին։ Պարոն Ֆիլչը ձեզ կսպասի շքամուտքի նախասրահում։
:Պրոֆեսոր՝ Մըք Գոնագալ
:Հարյուր հիսուն միավոր կորցնելու հոգեկան ցնցումից ազդված, Հարրին բոլորովին մոռացել էր, որ իրենք դեռ պետք է հմայապատժի ենթարկվեն։ Նա սպասում էր, որ Հերմիոնան կսկսի բողոքել, որ իրենք մի ամբողջ երեկո կկորցնեն քննություններին պատրաստվելու հնարավորությունից, սակայն Հերմիոնան ոչինչ չասաց։ Նա նույնպես գտնում էր, որ իրենք արժանի են պատժի, ինչպիսին էլ որ այն լիներ։
:Ժամը տասնմեկին Հարրին, Հերմիոնան ու Նեվիլը հրաժեշտ տվեցին Ռոնին, որը մնաց նրանց սպասելու ընդհանուր սենյակում, և երեքով ուղևորվեցին դեպի շքամուտքի նախասրահը։ Ֆիլչն արդեն այնտեղ էր, Մալֆոյը՝ նույնպես։
:Հարրին բոլորովին մոռացել էր, որ Մալֆոյն էլ պիտի հմայապատժի ենթարկվի։
:— Եկեք իմ ետևից, — ասաց Ֆիլչը՝ մի լապտեր վառելով և դուրս գալով շբամուտքի դռնից։
:— Հիմա արդեն յոթ անգամ կմտածեք մինչև որևէ կանոնակարգ նորից խախտելը, ճիշտ չե՞մ ասում... — շարունակեց նա անբարյացակամորեն խեթ-խեթ նայելով նրանց վրա։ — Անշուշտ... Եթե ինձ հարցնող լիներ՝ աշակերտների լավագույն դաստիարակները բոլոր ժամանակներում եղել են ծանր աշխատանքն ու Ֆիզիկական ցավը... Ափսոս որ հին պատժամիջոցներն արգելել են ու վերացրել... Ա՛յ, ինչ լավ կլիներ, եթե դաստակներից կապված մեկ-երկու օր կախված մնայիք զնդաններում... Հը-հը... Ես դեռ հին շղթաներից ունեմ պահած իմ պահեստում։ Համենայն դեպս միշտ յուղում եմ, որ չժանգոտեն ու փայլը չկորցնեն, եթե հանկարծ օրերից մի օր պետք գան... Հիմա բոլորդ անխոս կգաք իմ ետևից և հանկարծ մտքներովդ էլ չանցնի փախչել, որովհետև միայն ավելի կվատթարացնեք ձեր վիճակը։
:Նրանք առաջ շարժվեցին՝ շեղաձիգ անցնելով ամրոցի մութ ետնաբակով։ Նեվիլը ծանր շնչելով ֆսֆսացնում էր։ Հարրին փորձում էր պատկերացնել, թե ինչի նման է լինելու իրենց պատիժը։ Երևի թե իսկապես ինչ-որ սարսափելի բան է իրենց սպասում, այլապես Ֆիլչն այդքան գոհ ու երջանիկ տրամադրության մեջ չէր լինի։
:Լիալուսին էր։ Սակայն վառ լուսնաշողքը մերթ ընդ մերթ խավարում էր ամպերից ու անթափանց մթության ստվերների մեջ գցում նրանց։ Առջևում Հարրին տեսնում էր Հագրիդի խրճիթի լուսավորված պատուհանները։ Հետո նրանք հեռվից եկող մի ձայն լսեցին։
:— Ֆիլչ, դու՞ ես... Շտապի՛ր... Վաղուց ժամանակն է գործի անցնելու։
:Հարրիի սիրտը թեթևացած վեր ցատկեց։ Եթե իրենք պետք է Հագրիդի հետ աշխատեն, ուրեմն իրավիճակն այնքան էլ վատ չէ։ Թերևս ուրախությունն ակնհայտորեն արտահայտվեց նրա դեմքին, որովհետև Ֆիլչն ասաց.
:— Ենթադրում եմ, որ քո կարծիքով եկել եք ուրախ ժամանակ անցկացնելու էդ դանդալոշ ըուգրի զավակի հետ։ Խորհուրդ կտամ մի լավ կշռադատել, քանզի երկրորդ հայացքից նրա ընկերակցությունը ձեզ կարող է այնքան էլ սփոփիչ չթվալ, որովհետև ձեզ սպասում է... գիշերային Արգելված անտառը, ա՛յ թե ինչ... Եվ գրազ կգամ, որ վաղն առավոտյան դժվար թե բոլորդ ողջ ու առողջ դուրս գաք այնտեղից։
:Այդ լսելով Նեվիլը մի հուսահատ հոգոց հանեց, իսկ Մալֆոյը քարացած կանգ առավ տեղում։
:— Անտա՞ռը, — կրկնեց նա և նրա ձայնը բոլորովին էլ այնքան ամբարտավան ու գոռոզ չհնչեց, ինչպես միշտ։ — Մենք չենք կարող գիշերով Անտառ մտնել, այնտեղ ինչ տեսակ հրեշ ու գազան ասես կա... դարձվոր մարդագայլ, մարդակեր գազաններ...
:Նեվիլն ամուր կառչեց Հարրիի պարեգոտի թևքից և մի խեղդված ճիչ արձակեց։
:— Հհ-հաա... Վերջապես հասկացա՞ր... Մարդակեր գազանների ու դարձվորների մասին պետք է շուտ մտածեիր՝ մինչև պարետային ժամը խախտելը։
:Հագրիդը լոք-լոք քայլելով դուրս եկավ խավարից և մոտեցավ նրանց։ Նրա կողքին Ժանիքն էր՝ վզափոկով կապված։ Հագրիդի ձեռքին էր նրա հսկայական արբալետը, իսկ ուսի ետևից երևում էր նետերով լի կապարճը։
:— Ժամանակն է, — ասաց նա, — Ես արդեն կես ժամ է սպասում եմ ձեզ։ Ինչպե՞ս եք, Հա՛րրի, Հերմիո՛նա։
:— Չի կարելի նրանց նկատմամբ շատ բարեկամական վերաբերմունք ցուցադրել, Հա՛գրիդ, ի վերջո նրանք պատժվելու են եկել։
:― Ա՛յ, թե ինչու ուշացար, ուրեմն, ― ասաց Հագրիդը խոժոռելով Ֆիլչի վրա, ― կա-չկա ամբողջ ճանապարհին խեղճերի գլխին խրատ ու լուտանք էիր թափում։ Բա ո՜նց... Հերի՛ք զվարճանաս։ Այստեղից ես եմ նրանց համար պատասխան տալիս։
:― Ես կվերադառնամ արևածագին,― ասաց Ֆիլչը, ― ...նրանց դիակների ետևից, ― չարանենգորեն ավելացրեց նա՝ ակներևաբար ըմբոշխնելով իր ասածի իմաստը, և շրջվելով, քայլեց դեպի ամրոցը, ձեռքի մեջ զվարթ ճոճելով լապտերը։
:Մալֆոյը շրջվեց դեպի Հագրիդը։
:― Ես Անտառ չեմ գնա, ― ասաց նա, և Հարրին մի լավ զվարճացավ՝ տագնապ ու խուճապ լսելով նրա ձայնի մեջ։
:― Կգնա՛ս, եթե ուզում ես մնալ Հոգվորթսում։ Դու խախտում ես կատարել և հիմա պետք է վճարես դրա համար։
:― Բայց դա ծառաների գործ է, դա ուսանողներին վայել բան չէ։ Ես կարծում էի, որ պետք է ինչ-որ առաջադրանք կատարենք, ասենք՝ հազար անգամ գրենք «Խոստանում եմ՝ էլ չեմ խախտի պարետային ժամը» կամ դրա նման մի բան... իսկ սա... եթե հայրս իմանա, որ ինձ ստիպել են նման բան անել...
:― ... Հորդ կասես, որ Հոգվորթսում էդպես է ընդունված, ― մռնչաց Հագրիդը, ― Խոս-տյա-նյում եմ էլ չյեմ խախ-տի... բա չէ... Ի՞նչ օգուտ տողեր գրելուց։ Ուրեմն ըսենց՝ կամ որևէ իսկապես պետքական բան պիտի անես, կամ հայդե՝ դուրս կթռչես Հոգվորթսից։ Եթե կարծում ես, որ հայրդ կգերադասեր, որ մեզ հետ գալու փոխարեն Հոգվորթսից վռնդվեիր, խնդրեմ, քեզ ստիպող չկա, կարող ես հենց հիմա վերադառնալ ամրոց ու սկսել ունեցած-չունեցածդ հավաքել ― Գնա՛...
:Մալֆոյը տեղից չշարժվեց։ Նա մի պահ կատաղած նայեց Հագրիդին, բայց շատ արագ հայացքն իջեցրեց։
:― Էդպես ավելի լավ է, ― ասաց Հագրիդը։ ― Հիմա ինձ լսե՛ք, քանի որ էս գործն իսկապես վտանգավոր է, ես չեմ ուզում, որպեսզի ձեզնից որևէ մեկի կյանքն ու առողջությունը անիմաստ վտանգի ենթարկվի։ Առայժմ առանց խոսելու եկեք իմ ետևից։
:Նա բոլորին առաջնորդեց դեպի Արգելված անտառի եզրը։ Ձեռքի լապտերը վեր բարձրացնելով, Հագրիդը ցույց տվեց անտառի այդ մասում ծառերի խիտ եզրին միառժամանակ զուգահեռ գնացող մի նեղլիկ արահետ, որը անտառի խորքից ոլոր-մոլոր գալիս էր ու հաստաբուն ծառերի միջով կրկին գնում, կորչում անտակ մթության մեջ։ Թեթև քամին ծածանեց նրանց մազերը, երբ նրանք կանգնեցին արահետի եզրին։
:— էստեղ նայեք, բոլորդ, — ասաց Հագրիդը, — տեսնո՞ւմ եք է՜ն շողշողուն բծերը, որ առկայծում են լուսնի լույսից՝ էնտեղ հեռվում ու ավելի մոտիկ, ա՛յ, էն ծառի բնի վրա ու հրե՛ս խոտերի շյուղերին... Տեսա՞ր արծաթափայլ կաթիլները։ Սա միեղջյուրի արյուն է։ Անտառում ծանր վիրավորված միեղջյուր է շրջում։ Չգիտեմ, թե ինչը կարող էր հարձակվել միեղջյուրի վրա, բայց սա էս շաբաթ արդեն երկրորդ դեպքն է։ Անցած չորեբշաբթի առաջին հոշոտված միեղջյուրին գտա անտառում։ Հիմա պիտի միասին փորձենք գտնել խեղճ կենդանուն, ու եթե արդեն ուշ է նրան փրկելու համար, պիտի օգնենք, որ գոնե շուտ հանգստանա թշվառ արարածը։
:― Իսկ եթե այն, ինչը վիրավորել է միեղջյուրին մեզ ավելի շո՞ւտ գտնի, — հարցրեց Մալֆոյը, նույնիսկ հոգ չտանելով ձայնի մեջ իր ահն ու սարսափը թաքցնելու համար։
:— Էս անտառում չկա մի բան, որ կարողանա ձեզ վնաս հասցնել, եթե դուք ինձ կամ Ժանիքի հետ լինեք, — ասաց Հագրիդը, — և արահետից հանկարծ դուրս չգաք։ Իսկ հիմա մենք կբաժանվենք երկու խմբի և արահետով կգնանք տարբեր ուղղություններով։ Էստեղ ամենուրեք արյան հետքեր են երևում, երևի խեղճ կենդանին արդեն անցած գիշերից է էդպես վիրավոր թափառում։
:— Ես կգնամ Ժանիքի հետ, — արագ ասաց Մալֆոյը՝ գնահատող հայացքով նայելով Ժանիքի երկար ատամներին։
:— Ոնց կուզես, — ուսերը թափ տալով ասաց Հագրիդը, — բայց զգուշացնում եմ քեզ՝ նա վախկոտի մեկն է։ Ուրեմն ես, Հարրին ու Հերմիոնան կգնանք մի ուղղությամբ, իսկ Դրաքոն, Նեվիլն ու Ժանիքը կգնան հակառակ ուղղությամբ։ Եթե խմբերից որևէ մեկը գտնի միեղջյուրին, թող անիջապես կանաչ կայծեր ուղարկի վեր, եղա՞վ։ Դեհ, հանեք ձեր կախարդական փայտիկները... Ապա, կանաչ կայծեր արեք, տեսնեմ... Ահա, էդպես, մեր ուզածը ստացվեց... Իսկ եթե որևէ մեկը հանկարծ փորձանքի մեջ ընկնի, ուրեմն կարմիր կայծեր թող ուղարկի, և մենք բոլորս անմիջապես օգնության կհասնենք, եղա՞վ... Ուրեմն զգույշ կլինեք... Դե՛հ, գնացինք։
:Անտառը մութ էր և լուռ։ Մի որոշ ժամանակ անխոս առաջ խորանալով անտառի մեջ, նրանք հասան մի փոքրիկ բացատի, որտեղ արահետը եռաժանիի պես բաժանվում էր երեք մասի և Հարրին, Հերմիոնան ու Հագրիդը գնացին ձախ կողմի արահետով, իսկ Մալֆոյը, Նեվիլն ու Ժանիքը՝ աջ կողմի արահետով։
:Միառժամանակ նրանք լուռ քայլում էին, աչքերը գետնին գամած։ Մերթ ընդ մերթ ծառերի խիտ սաղարթների միջով թափանցող լուսնի լույսը առկայծում ու շողշողում էր ծառերի բներին ու թփերի տերևներին ցաք ու ցրիվ թափված արծաթափայլ երկնագույն արյան կաթիլների վրա։
:Հարրին նկատեց, որ Հագրիդը հետզհետե ավելի մտահոգ է դառնում։
:— Հնարավո՞ր է, որ մարդագայլ դարձվորն է սպանում միեղջյուրներին, — հարցերց Հարրին։
:— Դարձվորը միեղջյուրի պես արագ չի կարող շարժվել,― ասաց Հագրիդը, ― էդքան էլ հեշտ չէ միեղջյուր բռնելը, դրանք հզոր մոգական ուժ ունեցող կենդանիներ են։ Կյանքումս երբեք դեռ չէի լսել, որ միեղջյուրի վնաս հասցնեն։
:Նրանք անցան մի մամռակալած կոճղի կողքով։ Հարրին հոսող ջրի ձայն լսեց, պետք է որ մոտերքում մի առվակ լիներ։ Ոլոր-մոլոր արահետի վրա դեռ այստեղ-այնտեղ առկայծում էին միեղջյուրի արյան շողշողան կաթիլները։
:— Հերմիոնա, լա՞վ ես, — շշնջաց Հագրիդը, — մի՛ անհանգստացեք, նա դժվար թե հեռու գնար՝ էսպես ծանր վիրավորված լինելով, մենք հաստատ շատով... ԹԱՔՆՎԵ՛Ք ԷՆ ԾԱՌԻ ԵՏԵՎԸ...
:Հագրիդը մի ձեռքով գրկեց Հարրիին ու Հերմիոնային և երկուսին միասին հրեց մի մեծ կաղնու բնի ետևը։ Նա կապարճից դուրս քաշեց մի նետ, արագ ու հմտորեն տեղադրեց արբալետի մեջ և վեր բարձրացնելով իր զենքը, հարմար դիրք գրավեց նետն արձակելու համար։ Երեքն էլ անշարժացած ականջ դրին լռությանը։ Ինչ-որ մի բան շրշյունով անցնում էր մթության մեջ նրանցից շատ մոտ հեռավորության վրա, ասես պարեգոտի փեշ էր սահելով անցնում թափված տերևների վրայով։ Հագրիդն անշարժ, խեթ նայում էր դեպի արահետի մութ խորքը, սակայն մի քանի վայրկյանից ձայնը մարեց։
:— Ախր զգում էի... — անհանգիստ գլուխն օրորելով մրմնջաց նա։ — Անտառում մի բան կա, որն էստեղ չպետք է լինի։
:— Դարձվո՞ր էր, — հարցրեց Հարրին։
:— Չէ, դարձվոր չէր, ոչ էլ միեղջյուր էր, — մռայլ ասաց Հագրիդը, — դեհ, լավ, եկեք իմ ետևից, բայց հիմա պիտի շատ զգույշ լինեք։
:Նրանք առաջ քայլեցին, սակայն ավելի դանդաղ և ականջներն աչալուրջ սրած անտառից եկող յուրաքանչյուր շշուկին։ Հանկարծ առջևի բացատում ինչ-որ բան հստակորեն շարժվեց։
:— Ո՞վ կա էդտեղ,– ձայն տվեց Հագրիդը, — Ցու՛յց տուր քեզ... Ես զինված եմ։
:Եվ բացատի լուսավորված մաս դուրս եկավ... սակայն ի՞նչ էր դա... մա՞րդ, թե՝ ձի։ Մինչև գոտկատեղը հասուն տղամարդ էր, կարմրահեր մազերով ու մորութով, իսկ գոտկատեղից ներբև՝ հզոր, մկանուտ իրանով, շագանակագույն փայլուն մորթով ու երկար կարմրամազ պոչով հուժկու ձի։ Հարրիի ու Հերմիոնայի ծնոտները պարզապես ինքնըստինքյան կախվեցին։
:— Օ՛հ, Ռոնան, դու՞ ես, — ասաց Հագրիդը հանգստացած ձայնով, ― ո՞նց ես, ի՞նչ կա։
:Նա առաջ քայլեց ու ջերմորեն սեղմեց կենտավրոսի ձեռքը։
:— Բարին ընդ քեզ, Հագրիդ, — ասաց կենտավրոս Ռոնանը թատերական ողբերգակի խոր կրծքային ձայնով, — մի՞թե պատրաստվում էիր նետահարել ինձ։
:— Զգուշությունը երբեք ավելորդ չի լինում, Ռոնան, — ասաց Հագրիդը՝ ձեռքով թփթփացնելով իր արքալետի փայտե կոթին, — ինչ-որ շատ վատ բան է ազատ շրջում էս անտառում։ Սա Հարրի Փոթթերն է, իսկ սա Հերմիոնա Գրեյնջերն է։ Ի միջի այլոց, երկուսն էլ մեր դպրոցի ուսանողներից են։ Իսկ սա Ռոնանն է, նա կենտավրոս է։
:— Մենք նկատեցինք, — ցածր ձայնով ասաց Հերմիոնան։
:— Բարյավ ձեզ, ուսանող սաներ, — ասաց Ռոնանը, — երկա՞ր եք արդյոք ուսանել դպրոցամ։
:— Ը՜մմ...
:— Քիչ, — ամաչկոտ ասաց Հերմիոնան։
:— Վատ չէ, բնավ... Քիչն իսկ արդեն որոշակիություն է ենթադրում, ― Ռոնանը ծանր հոգոց հանեց և գլուխը ետ գցելով հայացքը հառեց աստղաշատ երկնքին, — Մարսն այսօր վառ է շողշողում...
:— Հա, ոնց որ, — ասաց Հագրիդը նույնպես երկնքին նայելով, ― լսի՛ր, Ռոնան, լավ էր, որ քեզ հանդիպեցինք. անտառում վիրավոր միեղջյուր է թափառում, կասկածելի բան չե՞ս տեսել։
:Ռոնանը անմիջապես չպատասխանեց։ Նա մի քանի վայրկյան անթարթ նայեց երկնքին, հետո կրկին ծանր հոգոց հանեց։
:— Անմեղներն են միշտ առաջին զոհերը, ավաղ... ― ասաց նա։ — Այդպես է եղել դարեր առաջ և այդպես է շարունակվում ցայսօր։
:— Հաա՜, բայց ոչ մի բան չես տեսե՞լ, Ռոնան, որևէ անսովոր բան։
:— Մարսն այսօր վառ է շողշողում, — կրկնեց Ռոնանը մի պահ դադարից հետո, մինչ Հագրիդն անհամբեր նրան էր նայում, — անսովոր վառ...
:— Հա, բայց ես ի նկատի ունեի մեզ քիչ ավելի մոտ անսովոր մի բան, ասաց Հագրիդը, — ուրեմն ասում ես, ոչ մի տարօրինակ բան չես տեսե՞լ։
:Կրկին Ռոնանը անմիջապես չպատասխանեց։ Վերջապես նա ասաց.
:— Անտառը բազմաթիվ գաղտնիքներ է թաքցնում։ Ռոնանի թիկունքում ծառերի մեջ ինչ-որ շարժում կատարվեց, և Հագրիդն անմիջապես բարձրացրեց իր արբալետը, սակայն ընդամենը երկրորդ կենտավրոսը դուրս եկավ անտառի թավուտից՝ սև խիտ մազերով ու սև թավիշի պես փայլփլող մարմնով։ Նա կարծես ավելի վայրի տեսք ուներ, քան Ռոնանը։
:— Ողջույն, Բեյն, լա՞վ ես, — հարցրեց Հագրիդը։
:— Բարյավ Հագրիդ, առո՞ղջ ես հուսամ։
:— Չեմ դժգոհում։ Լսի՛ր, Բեյն, ես հենց նոր հարցնում էի Ռոնանին, արդյոք վերջերս որևէ տարօրինակ բան չի՞ տեսել անտառում։ Տեղյա՞կ ես, որ մի վիրավոր միեղջյուր է շրջում էս կողմերում, գուցե որևէ բան գիտե՞ս էդ մասին։
:Բեյնը մոտեցավ ու կանգնեց Ռոնանի կողքին։ Նա դեմքը դեպի երկինք բարձրացրեց։
:— Մարսը վառ է շողշողում այսօր... — հանդարտ ու վստահ ասաց նա։
:— Արդեն գիտենք, — մռայլ մրթմրթաց Հագրիդը, ― դեհ, լավ, եթե ձեզնից որևէ մեկը որևէ տարօրինակ բան նկատի, ինձ իմաց արեք, հա՞, տղերք։ Իսկ մենք հիմա առաջ կշարժվենք։ Գնացի՛նք։
:Հարրին ու Հերմիոնան հետևեցին Հագրիդին՝ անցնելով բացատն ու խորանալով ծառերի մեջ և չկարողանալով հայացքները կտրել կենտավրոսներից։ Նրանք ուսերի վրայով շարունակեցին ետ նայել մինչև ծառերի բները տեսադաշտից լրիվ թաքցրին երկու կենտավրոսներին։
:— Երբեք, — ջղայնացած գռմռում էր Հագրիդը, — երբեք չես կարող մի կարգին շիտակ պատասխան ստանալ որևէ կենտավրոսից։ Երջանիկ աստղագուշակներ... Լուսնից մոտիկ ոչ մի բան նրանց չի հետաքրքրում։
:— Իսկ նրանք այստեղ շա՞տ են, — հարցրեց Հերմիոնան։
:— Կան մի քանիսը... Իրենք իրենց գործերով են միշտ զբաղված..․ Հիմնականում սկի մարդամոտ չեն։ Բայց միշտ հայտնվում են ճիշտ էն պահին, երբ անտառից մի լուր եմ ուզում ստանալ։ Շատ ինքնամփոփ և շատ խորաթափանց արարածներ են, սրանց հոգին շատ խորն է... էնպիսի բաներ գիտեն... բայց աքցանով էլ բերաններից խոսք չես քաշի...
:— Կարծում ես այն մե՞կն էլ կենտավրոս կլիներ, որի ձայնը ավելի շուտ լսեցինք, — ասաց Հարրին։
:— Իսկ ի՞նչ է, դու սմբակի ձայն լսեցի՞ր։ Նեեյ, թե ինձ ես հարցնում, դա հենց էն էր, ինչը սպանում է խեղճ միեղջյուրներին, նման ձայն դեռ երբեք չեմ լսել անտառում։
:Նրանք առաջ շարժվեցին ծառերի մութ, խիտ բների միջով։ Հարրին շարունակ նյարդայնացած ետ-ետ էր նայում ուսի վրայով։ Նա շատ զզվելի զգացում ուներ, ասես ինչ-որ մեկը հետևում էր իրենց։ Նա շատ ուրախ էր, որ Հագրիդն ու նրա աժդահա արբալետն իրենց հետ էին։ Նոր էին արահետով մի շեղաձիգ շրջադարձ անցել, երբ Հերմիոնան ջղաձիգ բռնեց Հագրիդի ձեռքը։
:— Հագրի՚դ, տե՛ս... կարմիր կայծեր... մյուսները փորձանքի մեջ են։
:Հագրիդը նետվեց կայծերի ուղղությամբ՝ իր թավ ձայնով բղավելով.
:— Արահետից հանկարծ դուրս չգա՛ք։ Կանգնե՚ք նույն տեղում, մինչև ես գամ ձեր ետևից։
:Նրանք լսեցին, ինչպես էր Հագրիդն առաջ սլանամ, ռնգեղջյուրի պես դոփելով ու ճանապարհին թփերը ջարդուփշուր անելով, և կանգնած մնացին տեղում ՝ ապշադեմ նայելով իրար երեսի։ Այնքան կարկամած էին, որ մի ամբողջ րոպե լուռ կանգնած լսում էին քամուց առաջացած տերևների խշխշոցը։
:— Ի՞նչ ես կարծում, հո վատ բան չի պատահել նրանց հետ, — շշնջաց Հերմիոնան։
:— Մալֆոյի համար չեմ մտածում, թքած, թե ինչ կպատահի նրա հետ... Բայց, այ, Նեվիլը... Եթե նրա հետ մի բան պատահի... Ախր մեր պատճառով է նա այստեղ, ու եթե նրան մի բան պատահի, մեղավորը մենք ենք լինելու։
:Րոպեները դանդաղ առաջ էին սողում։ Նրանց ականջները սովորականից ավելի սուր էին լսում։ Հարրին, կարծես, լսում էր քամու յարաքանչյուր հևոցը, ամեն մի ճյուղի ճրթոցը։ Ի՞նչ էր կատարվում։ Ի՞նչ կարող էր պատահած լինել նրանց հետ։ Ու՞ր են մյուս երկուսը։
:Վերջապես, ուժեղ ճրթճրթոցն ու տրորվող տերևների աղմուկն ազդարարեցին Հագրիդի վերադարձը։ Մալֆոյը, Նեվիլն ու Ժանիքը նրա հետ էին։ Հագրիդն ուղղակի ծուխ էր ժայթում ականջներից։ Պարզվեց, որ Մալֆոյը՝ որոշելով մի չար կատակ խաղալ Նեվիլի գլխին, թաքնվել էր նրա թիկունքում և հանկարծակի վրա տալով «բաա՜» գոռացել, իսկ Նեվիլը՝ խուճապի մատնվելով, կարմիր կայծեր էր ուղարկել։
:— Հիմա արդեն մի բան կբռնենք, բա չէ՞... էնպիսի աղմուկ բարձրացրիք դուք երկուսդ... Ըսե՛նց, ուրեմն... Փոխում ենք խմբերը... Նե՛վիլ, դու կգաս ինձ ու Հերմիոնայի հետ, իսկ դու, Հա՛րրի, պիտի գնաս Ժանիքի ու էս ապուշի հետ, — հետո Հագրիդը շշուկով առանձին ավելացրեց Հարրիի ականջին, — Ներիր, խնդրում եմ, բայց նա չի համարձակվի նման կատակ անել քեզ հետ, իսկ մենք մեր գործը պիտի հասցնենք վերջացնել։
:Եվ այդպես, Հարրին խորացավ անտառի թավուտի մեջ ժանիքի ու Մալֆոյի ընկերակցությամբ։ Մոտ կես ժամ նրանք լուռ քայլում էին, ավեյի ու ավելի հեռանալով անտառի թավուտի մեջ, մինչև ծառերի բներն այնքան խտացան, որ արահետը գրեթե չէր երևում և առաջ գնալը գրեթե անհնար էր դարձել խիտ մացառուտների ու ծառերի ցածր՝ տերևաշատ ճյուղերի պատճառով։ Հարրին մտածեց, որ անտառի խտանալուն զուգընթաց, կարծես արյունն էլ էր խտանում իր երակներում։ Մոտիկ կանգնած ծառերից մեկի հաստ արմատների վրա արյան ցաք ու ցրիվ բազմաթիվ հետքեր կային, ասես խեղճ կենդանին այստեղ վայր էր ընկել ու ցավից գալարվել հոգեվարքի մեջ։ Զառամյալ կաղնու խճճակորույս ճյուղերի միջից Հարրին առջևում մի բացատ տեսավ։
:— Նայի՛ր, — շշնջաց նա՝ ձեռքը բարձրացնելով, որ Մալֆոյին կանգնեցնի։ Ինչ-որ մի ճերմակ բան էր շողշողամ մութ խոտերի մեջ՝ բացատի մեջտեղում։
:Նրանք մի քայլ էլ առաջ եկան։
:Միեղջյուրն էր։ Կենդանին արդեն մեռած էր։ Հարրին կյանքում երբեբ դեռ միեղջյուր չէր տեսել և նրա աչքերի առաջ բացված տեսարանը այնքան տխուր էր ու միևնույն ժամանակ այնքան գեղեցիկ։ Միեղջյուրի երկար սլացիկ ոտքերը մեկնված էին անկանոն անկյունների տակ ՝ ցույց տալով նրա հոգեվարքային վերջին ցնցումների ուղղությունը, նրա բաշը ՝ սադաֆի պես փայլելով, սփռված էր սև տերևների ու խոտերի վրա։
:Հարրին մեկ քայլ արեց տապալված միեղջյուրի ուղղությամբ, և այն նույն խշշացող ձայնը, որն այնքան անհանգստացրեց Հագրիդին, կրկին լսվեց շատ մոտիկից ու ստիպեց նրան անշարժ քարացած մնալ տեղում։ Բացատի եզրին մի թուփ հանկարծ շարժվեց... Կնգուղավոր մի կերպար ուրվագծվեց ստվերների միջից և որսի ելած գիշատիչ գազանի պես սկսեց գաղտագողի կորամեջք առաջ գալ դեպի բացատի կենտրոնը։ Հարրին, Մալֆոյն ու Ժանիքը, ասես հիպնոսված, մնացին անշարժ կանգնած։ Կնգուղավոր կերպարը՝ հասնելով միեղջյուրի մարմնին, առաջ թեքվեց և, գլուխն իջեցնելով նրա իրանի խորաբաց վերքի վրա, սկսեց արյունը ծծել։
:― ԱԱԱԱԱԱԱԱԱԱ՜ԸԸՂՂՂՂ...
:Մալֆոյը մի սարսափահար ծղրտոց հանեց ու լեղապատառ ծլկեց... Ժանիքը նրա ետևից։ Կնգուղավորը գլուխը բարձրացրեց ու նայեց ուղիղ Հարրիի վրա։ Թեև մթության մեջ նրա դեմքն ու իրանը չէին երևում, սակայն միեղջյուրի արծաթափայլ արյունը կաթում էր նրա բերանի ծայրերից՝ որոշակիորեն ուրվագծելով նրա անդեմ գլխի ու մարմնի տարածաչափերը։ Ճիվաղը ոտքի կանգնեց և անձայն, ասես գետնին չհպվելով, սահեց դեպի Հարրին, որը վախից կորցրել էր շարժվելու ունակությունը։
:Հանկարծ մի անասելի սուր ցավ ծակեց Հարրիի գլուխը։ Ցավն այնքան տանջալից ու անդիմադրելի էր, որի նմանը Հարրին կյանքում դեռ երբեք չէր զգացել, ասես ճակատի սպին խարանվում էր շիկացրած երկաթով։ Ցավից գրեթե կուրացած, նա ետ-ետ քայլեց ու սայթաքեց ճյուղերի վրա։ Այդ պահին թավուտի խորքից սրընթաց սլացող սմբակների ձայն լսվեց նրա թիկունքում, և մի մեծ ստվեր կտրեց Հարրիին ու կնգուղավոր արարածին անջատող տարածությանը, ասես՝ հարձակվելով այդ հրեշի վրա։
:Հարրիի ճակատի ցավն այնքան սաստկացավ, որ նա՝ հավասարակշռությունը կորցնելով, իջավ ծնկների վրա։ Մեկ-երկու րոպե տևեց մինշև ցավն սկսեց հանդարտվել։ Երբ նա աչքերը վեր բարձրացրեց, կնգուղավոր կերպարն արդեն չքացել էր, և մի կենտավրոս էր կանգնած նրա կողքին, սակայն դա ոչ Ռոնանն էր և ոչ էլ Բեյնը։ Այս մեկն ավելի երիտասարդ էր երևում։ Նա խարտյաշ մազեր ուներ ու հարդագույն պոչով խայտախռիվ մարմին։
:— Ինչպես եք, չեք վնասվե՞լ, — ասաց նա՝ Հարրիին օգնելով ոտքի կանգնել։
:— Ո՜ոչ... շնորհակալություն... Ի՞նչ էր դա։ Կենտավրոսը չպատասխանեց։ Նա զարմանահրաշ կապույտ աչքեր ուներ, երկնագույն շափյուղաների պես ջինջ։
:Կենտավրոսը ուշադիր զննեց Հարրիի դեմքը մի պահ հայացքը պահելով նրա ճակատի սպիի վրա, որը կարծես շողշողամ էր լուսնի լույսի տակ։
:— Դուք Փոթթերների տղան եք, — ասաց նա, — Լավ կլինի, որ արագ վերադառնաք Հագրիդի մոտ։ Այս ժամին Անտառն ապահով չէ... հատկապես ձեզ համար։ Երբևէ ձի քշե՞լ եք։ Ավելի արագ կլինի, եթե բարձրանաք իմ մեջքին։
:Կենտավրոսը ծնկեց, որպեսզի Հարրին կարողանա հեծնել իրեն։
:— Իմ անունը Ֆիրենզ է, — ասաց նա, երբ Հարրին արդեն նստել էր նրա մեջքին։
:Հանկարծ սրընթաց վարգող սմբակների դոփյան լսվեց, որը մոտենում էր բացատի մյուս կողմից։ Ռոնանն ու Բեյնը հայտնվեցին ծառերի միջից՝ քրտնած ու գոլորշի արձակող իրաններով։
:— Ֆի՛րենզ, — որոտաց Բեյնը, — Այդ ի՞նչ ես անում։ Մարդ մահկանացու ե՞ս նստեցրել մեջբիք։ Պատիվ ու ամոթ չունե՞ս։ Ջորի՞ ես հասարակ, ի՞նչ է։
:— Մի՞թե չեք տեսնում, թե ով է սա, — ասաց Ֆիրենզը, — Սա Փոթթերների տղան է։ Ինչքան շուտ նա հեռանա Անտառից, այնքան ավելի լավ։
:— Ինչե՞ր ես պատմել նրան, — գռմռաց Բեյնը, — Մի՛ մոռացիր, Ֆիրենզ, մեր ցեղը երդվել է չընդդիմանալ երկնքի սուրբ որոշումներին։ Մի՞թե մեզ հետ չէիր, երբ մոլորակները կանխանշեցին նախախնամության ընտրությունը։
:Ռոնանը նյարդայնացած սմբակով հողն էր փորում։
:— Ես համոզված եմ, որ Ֆիրենզի գործողությունները ամենաբարի նկատառումներով են պատճառաբանված, — ասաց նա թատերական ողբերգակի իր դրամատիկական ձայնով։
:Բեյնը բարկությունից ետևի ոտքերով քացի տվեց օդի մեջ։
:— Լավագույն նկատառումներո՞վ... ի՞նչ առնչություն ունեն դրանք մեզ հետ։ Կենտավրոսներին վերաբերում է միայն այն, ինչ կանխագաշակել են մոլորակները։ Մեր գործը չէ ավանակների պես անտառում վազվզելը՝ հոտից ետ մնացած մահկանացուներին հավաքելով։
:Ֆիրենզը հանկարծ բարկությունից շեշտակի ծառս եղավ, այնպես որ Հարրին ստիպված էր բռնել նրա ուսերից, որ վայր չընկնի։
:— Մի՞թե կույր ես Բեյն, մի՞թե չես տեսնում այն միեղջյուրին, — որոտաց Ֆիրենզը, — Մի՞թե չես հասկանում թե ինչու է նա սպանվել։ Կամ գուցե մոլորակները քեզ հետ չեն կիսել այդ գաղտնիքը։ Ես ընդդիմանում եմ այն արնախում նեռին, որն անարգել շրջում է այս Անտառում և, այո՛, չեմ խորշի մեջքիս մահկանացու կրելուց, եթե դա պետք է նրան խանգարելու համար։
:Եվ Ֆիրենզը կրկին թեթև ծառս եղավ, առաջ ցատկեց ու սրընթաց վարգով նետվեց դեպի անտառի թավուտը, այնպես որ Հարրին պետք է ամուր կառչեր նրա ուսերից, որ վայր չընկներ սրընթաց շարժման ժամանակ։ Նրանք շարունակեցին առաջ սլանալ ծառերի բների միջով՝ Բեյնին ու Ռոնանին թողնելով բացատում կանգնած։
:Հարրին գաղափար անգամ չուներ, թե ինչ էր կատարվում։
:― Ինչո՞ւ էր Բեյնը այդքան բարկացած, — հարցրեց նա, — Ի՞նչ էր այն արարածը, որից դուք ինձ փրկեցիք։
:Ֆիրենզն իր վազքը դանդաղեցրեց և Հարրիին զգուշացրեց, որ գլուխը ցած պահի ծառերի ցածր ճյուղերից չվնասվելու համար, սակայն Հարրիի հարցերին չպատասխանեց։ Նրանք շարունակեցին քայլել անտառի միջով և արդեն այնքան երկար էին այդպես լուռ գնում, որ Հարրին մտածեց միգուցե Ֆիրենզը չի ուզում խոսել իր հետ։ Նրանք անցնում էին մի իսկապես շատ խիտ թփաշատ թավուտի միջով, երբ Ֆիրենզը հանկարծ կանգ առավ։
:— Հարրի Փոթթեր, դուք գիտե՞ք թե ինչ զորության ունի միեղջյուրի արյունը։
:— Ոչ, — ասաց Հարրին, անակնկալի գալով անսպասելի տարօրինակ հարցից, — հմայաթուրմերի դասերին մենք օգտագործել ենք միայն պոզերն ու պոչի մազերը։
:— Պատճառն այն է, որ միեղջյուր սպանելը հրեշավոր մեղք է, — ասաց Ֆիրենզը, — Միայն նա, ով կորցնելու ոչինչ չունի և, սակայն, նման արարքով ամեն ինչ կշահի, կարող է դիմել նման ահավոր հանցագործության։ Միեղջյուրի արյունը կենդանի կպահի խմողին, եթե նույնիսկ նա տեսականորեն արդեն մեռած է, սակայն մի հիրավի սարսափելի գնով։ Քանզի միեղջյուրին սպանողը ինքն իրեն փրկելու համար սպանում է մի կատարյալ, անբասիր, անմեղ ու անպաշտպան արարածի... Եվ այդ գնով շահած կյանքը կես կյանք է լինելու, անիծված ու խարանված կյանք՝ սկսած այն պահից, երբ արյունը կդիպեի խմողի շուրթերին։
:Հարրին քարացած նայում էր Ֆիրենզի ուսերին, որոնց վրա սփռված էին՝ լուսնի արծաթափայլ լույսով ողողված, նրա խարտյաշ խոպոպները։
:— Բայց ո՞վ կարող է այդքան հուսահատ լինել, որ նման ահավոր մեղք գործի, — մտորեց նա բարձրաձայն, — եթե ընդմիշտ անիծված ես լինելու, մի՞թե մահը գերադասելի չէ։
:— Ճիշտ եք, մահը գերադասելի է, — համաձայնեց Ֆիրենզը, — եթե միայն նրա ուզածը, ընդամենը կենդանի մնալը չէ այնքան ժամանակ, մինչև չկարողանա խմել մեկ ուրիշ ավելի հզոր բան, մի բան, որը լրիվ կվերականգնի նրա ուժերն ու հզորությունը և լիարյուն կյանք ու զարհուրելի ուժ կպարգևի նրան, մի բան, որի շնորհիվ նա կկարողանա անմահության ձեռք բերել։ Պարոն Փոթթեր, դուք գիտե՞ք, թե ինչ է գաղտնի պահվում այս պահին ամրոցում։
:— Փիլիսոփայական քարը... Դեհ, իհարկե... Կյանքի Էլեքսիրը... Սակայն ես չեմ հասկանում, թե ով...
:— Մի՞թե չեք կռահում, թե ով... Նա, ով տարիներ շարունակ սպասել է այն հրեշավոր պահին, երբ կկարողանա վերակենդանանալ ու վերականգնել իր հզորությանը։ Նա, ով կառչել է կյանքից՝ կրկին լույս աշխարհ գալու հարմար առիթի սպասելով։
:Կարծես այդ պահին մի պողպատյա բռունցք սեղմեց Հարրիի սիրտը։ Ծառերի սաղարթների խշշոցի մեջ նա կրկին հստակ լսեց Հագրիդի ձայնը, երբ նա պատմում էր իրենց հանդիպման առաջին օրը. «...Շատերն ասում են, որ նա մեռել է։ Հա՜, բա չէ՞, զրանա֊զրնգի՛... Սկի չեմ հավատում։ Չգիտեմ էլ թե մեջը որևէ մարդկային բան մնացե՞լ էր, արդյոք, որ մեռնելու ընդունակ լիներ...»
:— Ուզում եք ասել, որ այդ արարածը, — Հարրիի շունչը կտրվեց, — որ դա Վոլդե...
:— Հարրի, Հարրի, ի՞նչ պատահեց... Հո չե՞ս վնասվել... Ողջ առո՞ղջ ես...
:Արահետով նրանց կողմն էր վազում Հերմիոնան, իսկ Հագրիդը շնչակտուր գլորվում էր նրա ետևից։
:— Ես լավ եմ, — ասաց Հարրին՝ գրեթե չհասկանալով իր ասածի իմաստը, ― միեղջյուրն արդեն մեռած է, Հագրիդ... Այնտեղ է, թավուտից այն կողմ գտնվող բացատում։
:— Այստեղ ես ձեզ կլքեմ, — շշնջաց Ֆիրենզը,մինչ Հագրիդը շտապ-շտապ գնում էր Հարրիի ցույց տված ուղղությամբ միեղջյուրին հետազոտելու համար, — այստեղ դուք արդեն ապահով եք։
:Հարրին ցած սահեց Ֆիրենզի մեջքից։ — Հաջողություն ձեգ, Հարրի Փոթթեր, — ասաց Ֆիրենզը, — դարերում եղեք են դեպքեր, երբ նույնիսկ կենտավրոսները սխալվել են մոլորակների ցուցմունքները կարդալիս։ Հուսով եմ, որ սա նման դեպքերից մեկն է։
:Նա շրջվեց ու սրընթաց սլացավ՝ մխրճվելով անտառի սև թավուտը, դոդացող Հարրիին թողնելով անորոշության մեջ։
:Ռոնը՝ մութ ընդհանուր սենյակում, բազկաթոռի մեջ նստած քնել էր նրանց սպասելիս։ Նա ինչ-որ բան գոռաց քվիդիչի տուգանային հարվածի մասին, երբ Հարրին՝ ուսերից բռնած, անխնա ցնցելով արթնացրեց նրան։ Սակայն մի քանի վայրկյանից բանը լրիվ թռավ Ռոնի գլխից, երբ Հարրին սկսեց պատմել նրան ու Հերմիոնային, թե ինչ կատարվեց անտառի թավուտում։
:Հարրին չէր կարոդ հանգիստ նստել։ Նա պատմելիս ետ ու առաջ էր քայլում բուխարու վառ կայծկլտող կրակարանի առաջ և դեռ շարունակում էր դողալ։
:— Սառկեկն այդ քարը ի՛ր համար չի ուզում թռցնել, այլ՝ Վոլդեմորթի... Իսկ Վոլդեմորթը նրան է սպասում անտառում... Իսկ մենք այս ամբողջ ժամանակ, միամտորեն մտածում էինք, որ Սառկեկը պարզապես ուզում է հարստանալ...
:— Հերիք բարձրաձայն ասես այդ անունը, — ասաց Ռոնը ահաբեկված շշուկով, կարծես վախենում էր, որ Վոլդեմորթն իրեն կլսի։
:Հարրին նրան չէր լսում։
:— Ֆիրենզը փրկեց ինձ, բայց նա չպետք է դա աներ... Բեյնը կատաղեց... նա խոսում էր մոլորակների կանխանշած ուղուն միջամտելու մասին... Երևի թե նրանք կանխագուշակում են Վոլդեմորթի վերադարձը... Բեյնի կարծիքով, Ֆիրենզը պետք է թողներ, որ Վոլդեմորթը սպաներ ինձ... Ենթադրում եմ, որ մոլորակները դա են կանխագուշակում...
:— Վերջապես պիտի դադարես արտասանել այդ անունը, թե՝ ոչ ― ֆշշացրեց Ռոնը։
:— Ուրեմն ինձ մնում է միայն սպասել, որ Սառկեկը գողանա այդ քարը, — շարունակեց Հարրին, ասես տենդի մեջ, — իսկ հետո Վոլդեմորթն արդեն հանգիստ կգա ու իմ վերջը կտա... Հը՛մ, ենթադրում եմ, որ Բեյնը վերջապես շատ բավարարված կլինի, քանզի նրա սիրած աստղերի կանխագուշակությունը կիրականանա...
:Հերմիոնան անչափ ահաբեկված էր, սակայն իր մեջ ուժ գտավ Հարրիին սփոփող մի քանի խոսք ասելու համար։
:— Հարրի, բոլորն ասում են, որ Դամբլդորը միակ մարդն է, որից Գիտես-թե-ովը վախեցել է։ Քանի դեռ Դամբլդորը մեր կողքին է, Գիտես-թե-ովը չի համարձակվի քեզ մատով իսկ դիպչել։ Ի վերջո, ո՞վ ասաց, որ կենտավրոսները երբեք չեն սխալվում։ Ինչքան ես հասկանում եմ, նրանք զբաղված են աստղագուշակությամբ, իսկ պրոՖեսոր Մըք Գոնագալն ասում է, որ աստղագուշակությունը դյաթագիտաթյան բացարձակապես ոչ ճշգրիտ ճյուղն է։
:Արդեն սկսել էր լուսանալ, երբ նրանք վերջապես դադարեցին խոսել։ Երեքն էլ անկողին մտան կատարելապես ջարդված ու հոգնած և կոկորդի ուժեղ ցավով։ Սակայն գիշերվա անակնկալները դեռ շարունակվում էին։
:Երբ Հարրին անկողնու վրայից մի կողմ քաշեց վերմակը, հայտնաբերեց, որ իր անտեսանելիության թիկնոցը կոկիկ ծալված դրված էր վերմակի տակ, իսկ թիկնոցին քորոցով ամրացրած մի երկտող կար.
:Համենայն դեպս․․․