― Այո՛, ― ասաց նա համարյա մոլեգնած։ ― Այո՛։ Այո՛։ Այո՛։
==Գլուխ ութերորդ==
Ցուրտ գիշեր էր, և Ռոբերտ Ջորդանը խոր քնել էր։ Մի անգամ արթնացավ, և երբ ձգվեց, զգաց, որ կողքին կծիկ դարձած քնել էր աղջիկը և թեթև համաչափ շնչում էր։ Գլուխը դուրս հանեց, աստղալից գիշերը սուր ու սառնաշունչ էր, պաղ օդը լցվեց ռունգերը։ Ետ քաշվեց, ներսում տաք էր, համբուրեց աղջկա ողորկ ուսը։ Աղջիկը չարթնացավ։ Շրջվեց մյուս կողքին և նորից գլուխը դուրս հանեց ննջապարկից, հետո մի պահ պառկեց այդպես և ըմբոխշնեց ցնցող հոգնության երկարող հաճույքն ու երկուսի մարմինների հպումից առաջացող վայելքի զգացողությունը, հետո ոտքերը ձգեց և նորից խոր քուն մտավ։
Արթնացավ լուսաբացի առաջին շողերի հետ։ Աղջիկը գնացել էր։ Նա այդ մասին իմացավ, երբ արթնացավ ու ձեռքը տարավ այնտեղ, ուր աղջիկն էր պառկել։ Տեղը տաք էր։ Նայեց քարայրի մուտքին, տապճակը եղյամով էր պատված, ժայռի ճեղքից ծուխ էր բարձրանում, ուրեմն օջախը վառել էին։
Անտառից մի մարդ դուրս եկավ, ծածկոցը պոնչոյի նման գլխին էր քաշել։ Ռոբերտ Ջորդանը ճանաչեց՝ Պաբլոն էր, սիգարետ էր ծխում։ Երևի ներքևում է եղել, ձիերին է ցանկապատի մեջ առել։
Պաբլոն մուտքի ծածկոցը քաշեց և առանց Ռոբերտ Ջորդանի կողմը նայելու մտավ քարայր։
Ռոբերտ Ջորդանը ձեռքը դուրս հանեց և շոշափեց ննջապարկը։ Հնգամյա իր ննջապարկի բծավոր, կանաչավուն, պարաշյուտի մետաքսից կարված երեսին եղյամ էր նստել։ Ձեռքը նորից ներս քաշեց։ Bueno,<ref>Լավ (իսպ․)։</ref> ասաց ինքն իրեն, զգալով ֆլանելի հարազատ փաղաքշանքը։ Հետո ոտքերը լայն տարածեց ննջապարկում, նորից մոտեցրեց իրար, և շրջվեց դեպի արևմուտք, որպեսզի արևը չընկնի երեսին։ Que mas da,<ref>Դե լավ (իապ․)։</ref> մի քիչ էլ կարելի է քնել։
Արթնացավ ինքնաթիռների շարժիչների աղմուկից։ Մեջքի վրա պառկած նա տեսավ շատ փոքր, պսպղուն և արագընթաց ֆաշիստական երեք պարեկող «Ֆիատ», որ թռչում էին այն ուղղությամբ, որտեղից ինքն ու Անսելմոն էին եկել երեկ։ Երեքն անցան, հետո եկան ևս ինը ինքնաթիռ, եռյակներ կազմած, նրանք թռչում էին ավելի բարձրից և ավելի փոքր էին թվում։
Պաբլոն ու գնչուն կանգնել էին քարայրի մուտքի մոտ, ստվերում, և հայացքներն ուղղել էին երկինք։ Ռոբերտ Ջորդանն անշարժ պառկել էր։ Երկինքն հիմա լցված էր շարժիչների ոռնոցով։ Հազար ոտնաչափ բարձրության վրա հայտնվեցին երեք «Հայնքել֊111» երկշարժիչ ռմբակոծիչներ։
Ռոբերտ Ջորդանի գլուխը ժայռի ստվերում էր, նա գիտեր, որ վերևից չեն տեսնի իրեն, թե տեսնեն էլ, նշանակություն չունի։ Նրանք կարող են նկատել նաև ցանկապատված ձիերին, եթե այս վայրերն են հետախուզում, ինչ֊որ բան են փնտրում, կարող են տեսնել, բայց կարող են մտածել նաև, որ իրենց հեծելազորի ձիերն են։ Հիմա արդեն ավելի ուժեղ մի որոտ լսվեց և «Հայնքել111֊երի» մի նոր եռյակ երևաց, թռչում էին աներեր, անշեղ, թռչում էին ավելի ցածրից, մարտական անսասան շարքով, նրանց ոռնոցը crescheno-ով ուժգնացավ, հասավ բացարձակ աղմուկի և ապա հետզհետե նվազեց, երբ ինքնաթիռներն անցան֊գնացին բացատի վրայից։
Ռոբերտ Ջորդանը բացեց իր հագուստների ծրարը, որ գիշերը բարձի տեղ էր ծառայել, և սկսեց հագնել վերնաշապիկը։ Դեռ չէր հասցրել գլուխը մտցնել շապիկի մեջ, որ երկինքը լցվեց նոր ինքնաթիռների աղմուկով։ Առանց ննջապարկից դուրս գալու հագավ շալվարը և անշարժ պառկած մնաց, մինչև որ երկշարժիչ «Հայնքելներն» հեռացան։ Ռմբակոծիչները լեռան թիկունքը դեռ չէին անցել, իսկ Ռոբերտ Ջորդանը արդեն հասցրել էր ատրճանակը կապել մեջքին, ննջապարկն հավաքել ու տեղավորել ժայռի առաջ։ Հիմա նա նստել էր, հենվել ժայռին ու կոշիկների կապերն էր ամրացնում։ Եվ նորից մի դզզոց լսվեց, որն ուժգնացավ, դարձավ ահռելի մի ոռնոց, ավելի ուժեղ, քան նախորդները, և «Հայնքել» մակնիշի ինը թեթև ռմբակոծիչներ շարասյուն կազմած ճեղքեցին երկինքը։
Ռոբերտ Ջորդանը ծառերի կողքով սահեց ու գնաց դեպի քարայրի մուտքը, որտեղ եղբայրներից մեկը, Պաբլոն, գնչուն, Անսելմոն, Ագուստինն ու կինը կանգնել էին ու դուրս էին նայում։
― Առա՞ջ էլ էին այստեղ այսպես ինքնաթիռներ լինում, ― հարցրեց նա։
― Երբեք, ― ասաց Պաբլոն։ ― Ներս անցիր։ Կտեսնեն։
Արևը դեռ չէր ընկել քարայրի մուտքին, դեռ միայն մարգագետինն ու առվակն էին փայլփլում լույսի շողերի տակ։ Ռոբերտ Ջորդանն համոզված էր, որ ծառերի և հսկա ժայռերի վաղ առավոտյան ստվերի տակ իրենց ոչ մի կերպ չեն տեսնի, բայց որպեսզի նրանց չգրգռի, ներս անցավ։
― Շատ են, ― ասաց կինը։
― Դեռ ավելի շատ կլինեն, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
― Որտեղի՞ց գիտես, ― կասկածանքով հարցրեց Պաբլոն։
― Սրանց ետևից կործանիչներ կթռչեն։
Հեն այդ պահին լսեցին ինքնաթիռների շուրջ հինգ հազար ոտնաչափից եկող միալար կաղկանձը։ Ռոբերտ Ջորդանը հաշվեց՝ տասնհինգ «Ֆիատ» էին, որ վայրի սագերի երամներին նմանող սեպաձև եռյակներ էին կազմել։
Քարայրի մուտքում կանգնած մարդկանց դեմքերը շատ մտահոգ էին։
― Այսքան շատ ինքնաթիռ դուք չեք տեսել, հա՞, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։
― Երբեք, ― ասաց Պաբլոն։
― Սեգովիայում այսքան շատ չկա՞։
― Երբեք այսպիսի բան չի եղել, սովորաբար երեք հատ է լինում։ Պատահում է՝ վեց կործանիչ։ Լինում է նաև երեքշարժիչանի երեք «Յունկերս», դրանց հետ էլ մի այդքան կործանիչ։ Բայց միանգամից այսքան ինքնաթիռ՝ երբեք չի եղել։
Լավ նշան չէ, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Վատ է։ Իսկապես վատ է։ Այսքան ինքնաթիռ որ կենտրոնացրել են այստեղ, վատ նշան է։ Տեսնես արդեն թափո՞ւմ են ռումբերը։ Բայց ոչ, զորքերը դեռ մոտեցած չեն լինի հարձակումն սկսելու համար։ Չէին հասցնի։ Իհարկե հասցրած չեն լինի, գուցե այս գիշեր հասցնեն, ավելի հավանական է վաղը։ Իսկ հիմա հաստատ ոչ մի շարժում չկա։
Հեռացող ոռնոցը դեռ լսվում էր։ Նայեց ժամացույցին։ Հիմա նրանք անցել են ռազմաճակատը, առաջին ինքնաթիռները հաստատ անցել են։ Նա սեղմեց վայրկենաչափի գլխիկը և հետևեց թվահարթակի վրա շարժվող սլաքին։ Ոչ, երևի դեռ ոչ։ Ա՛յ, հիմա։ Այո։ Հիմա անպայման։ «111»֊երը ժամում կտրում են երկու հարյուր հիսուն մղոն։ Այստեղից նրանք կհասնեն այնտեղ հինգ րոպեում։ Նրանք հիմա անցել են կիրճը և թռչում են վաղորդյան Կաստիլիայի վրայով, որն այս պահին դեղին է ու շիկագույն, համատարած դեղինը հատվում է սպիտակ ճամփաներով, գյուղակներն են բծերի նման սփռված այս ու այնտեղ, և «Հայնքելների» ստվերները շարժվում են դեղինի վրայով, ինչպես շնաձկներինը օվկիանոսի ավազոտ հատակին։
Ռումբերի բոմ֊բոմներ չէին լսվում։ Ժամացույցն էր միայն տկտկում։
Կոլմենար են գնում, Էսկորիալ կամ էլ Մանսանարես Էլ Ռեալի օդանավակայանն են թռչում, մտածեց նա, այնտեղ, ուր լճի ափին հին ամրոցն է բարձրանում և եղեգների արանքում վայրի բադեր են լողում, իսկ մի քիչ այն կողմ, իսկական օդանավակայանի կողքին խաբուսիկ օդանավակայանն է՝ կեղծ և անփութորեն թաքցված ինքնաթիռներով, որոնց պրոպելլերները անընդհատ պտտվում են քամուց։ Այնտեղ են գնում։ Հաստատ։ Հարձակման մասին չեն կարող իմացած լինել, ասաց ինքն իրեն, բայց անմիջապես էլ հարց տվեց՝ ինչո՞ւ չեն կարող։ Չէ՞ որ բոլոր հարձակումների մասին էլ նախօրոք իմացել են։
― Ի՞նչ ես կարծում, ձիերին նկատեցի՞ն, ― հարցրեց Պաբլոն։
― Նրանց փնտրածը ձիերը չեն, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
― Բայց նկատեցի՞ն։
― Եթե հանձնարարված էր, որ փնտրեն։
― Կարո՞ղ էին նկատել։
― Հավանաբար ոչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Միայն այն դեպքում, եթե արևն ընկած լիներ ծառերի վրա։
― Արևը հենց լուսաբացից ծառերի վրա է, ― խղճալի ձայնով ասաց Պաբլոն։
― Ինձ թվում է, որ նրանք ավելի կարևոր գործեր ունեն, քան ձի փնտրելը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
Արդեն ութ րոպե էր անցել այն պահից, որ սեղմել էր վայրկենաչափի գլխիկը, բայց դեռ ռմբակոծման ձայն չէր հասել։
― Ի՞նչ ես անում այդ ժամացույցով, ― հարցրեց կինը։
― Ուզում եմ իմանալ, թե ուր թռան։
― Օ՜, ― ասաց կինը։
Երբ տասը րոպեն անցավ, նա հայացքը կտրեց ժամացույցից։ Գիտեր, որ ռմբակոծման ձայնն այլևս չէր հասնի, եթե նույնիսկ մի րոպե գցեր ձայնի կտրելիք ճանապարհի համար։
― Քեզ հետ խոսելու բան ունեմ, ― ասաց Անսելմոյին։
Անսելմոն դուրս եկավ քարայրի մուտքից, մի քիչ քայլեցին և կանգ առան մի սոճու տակ։
― Que tal? ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։ ― Ո՞նց ես։
― Լավ։
― Հաց կերե՞լ ես։
― Ոչ։ Ոչ մեկն էլ չի կերել։
― Ուրեմն կեր, բացի այդ էլ մի բան վերցրու, որ կեսօրին ուտես։ Ես ուզում եմ, որ դու գնաս և հետևես, թե ինչ է կատարվում ճանապարհի վրա։ Նշիր, թե ինչեր են անցնում ճանապարհով, թե դեպի վերև, թե ներքև։
― Ես գրել չգիտեմ։
― Դրա կարիքը չկա։ ― Ռոբերտ Ջորդանը նոթատետրից երկու թերթ պոկեց, դանակով մատիտի ծայրից մի մատնաչափ կտրեց։ ― Վերցրո՛ւ, ― ասաց, հետո տանկանման մի բան գծեց։ ― Սա քեզ տանկ։ Ամեն անգամ որ տանկ անցնի, սրա տակը մի գծիկ քաշիր, երբ հինգերորդ տանկն անցնի, դրանց վրայով լայնակի հինգերորդ գիծը կքաշես։
― Մենք էլ ենք այդպես հաշվում։
― Դե լավ է։ Իսկ բեռնատարներն այսպես կնշես՝ երկու անիվ ու մի տուփ։ Եթե դատարկ են, տակը շրջանակ ես գծում, եթե վրան զինվորներ կան, ուղիղ գիծ քաշիր։ Բոլոր հրանոթները կնշես։ Մեծերն այսպես, փոքրերն՝ այսպես։ Սա էլ մարդատար մեքենաների նշանը։ Այս էլ՝ սանիտարական, երկու անիվ ու մի տուփ, վրան՝ խաչ։ Նշում ես հետևակը ըստ վաշտերի, այսպես տեսնո՞ւմ ես։ Մի փոքրիկ շրջանակ, կողքին նշանը։ Հեծելազորի նշանը սա է, տեսնո՞ւմ ես։ Ձիու նման։ Մի տուփ, չորս ոտք։ Սա քսանհինգանոց ջոկատ է։ Հասկացա՞ր։ Ամեն ջոկատի տակ մի գիծ կքաշես։
― Այո։ Հնարամիտ է։
― Հիմա, ― ասաց նա ու երկու մեծ անիվ գծեց, հետո դրանք առավ երկրորդ շրջանակի մեջ և հրանոթի փող պատկերող մի գիծ քաշեց։ ― Սրանք հակատանկային հրանոթներ են, ռետինե դողերով։ Նշի՛ր։ Իսկ սրանք զենիթային են։ ― Երկու անիվ գծեց ու վերև ցցված մի փող։ ― Սրանք էլ նշիր։ Հասկացա՞ր։ Այսպիսի հրանոթներ տեսե՞լ ես։
― Այո, ― ասաց Անսելմոն։ ― Իհարկե տեսել եմ։ Պարզ է։
― Գնչուին վերցրու հետդ, թող տեղդ իմանա, որպեսզի գա իմաց տա, որ վերադառնաս։ Ապահով տեղ կընտրես, շատ մոտ չգնաս, բայց այնպիսի տեղ լինի, որ ամեն ինչ լավ երևա, նաև հանգիստ լինի։ Կմնաս մինչև որ ետ կանչեմ։
― Հասկացա։
― Դե լավ։ Երբ վերադառնաս, ես կիմանամ, թե ինչեր են անցել ճանապարհով։ Ուրեմն այն մի թերթի վրա նշում ես վերև գնացողներին, մյուսի վրա՝ ներքև շարժվողներին։
Գնացին դեպի քարայր։
― Ռաֆայելին ուղարկիր մոտս, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և մնաց ծառի կողքին։ Անսելմոն մտավ քարայր և ծածկոցը փակեց նրա վրա։ Ձեռքով սրբելով բերանը՝ քարայրից դուրս թռավ գնչուն։
― Que tal? ― ասաց գնչուն։ ― Գիշերը լավ զվարճացա՞ր։
― Ես քնել եմ։
― Ավելի լավ, ― ասաց գնչուն ու քմծիծաղեց։ ― Սիգարետ ունե՞ս։
― Լսիր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և սկսեց շոշափելով սիգարետ փնտրել գրպաններում։ ― Ես ուզում եմ, որ դու Անսելմոյի հետ գնաս և իմանաս այն տեղը, որտեղից որ նա հետևելու է ճանապարհին։ Դու նրան թող այնտեղ ու վերադարձիր, բայց տեղը լավ հիշիր, որպեսզի հետո, երբ պետք լինի ինձ կամ մեկ ուրիշին, ուղեկցես։ Բացի այդ, այսօր կգնաս սղոցարանը կստուգես, տես փոփոխություններ եղել են թե ոչ պահակակետերում։
― Ի՞նչ փոփոխություն։
― Հիմա քանի՞ հոգի կա այնտեղ։
― Ութ։ Վերջին անգամ որ ստուգեցի, այդքան էր։
― Կնայես, կիմանաս, թե հիմա քանի հոգի են։ Տես թե քանի ժամը մեկ են ժամապահներին փոխում կամրջի վրա։
― Ժամացույց չունեմ։
― Վերցրու իմը։ ― Արձակեց ժամացույցի ճարմանդը։
― Այ թե ժամացույց է, ― հիացմունքով ասաց Ռաֆայելը։ ― Ինչ ասես կա վրան։ Սա կարող է կարդալ էլ, գրել էլ։ Այս ինչքա՜ն թվեր կան։ Սրանից դենը ժամացույց չի կարող լինել։
― Խաղ մի արա հետը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ժամը կարո՞ղ ես որոշել։
― Ինչո՞ւ չէ։ Ցերեկվա ժամը տասներկուսին սովածանում ես։ Գիշերվա ժամը տասներկուսին քնում ես։ Առավոտյան ժամը վեցին սովածանում ես։ Երեկոյան ժամը վեցին խմում ես, եթե բախտդ բերեց։ Երեկոյան ժամը տասին․․․
― Ձենդ կտրի՛ր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Խեղկատակության կարիք չկա։ Ես ուզում եմ, որ դու ստուգես նաև մեծ կամրջի ու ճանապարհի պահակակետերի ժամապահների հերթափոխությունը։
― Շատ եղավ, ― ասաց գնչուն։ ― Ավելի լավ կլիներ, եթե մի ուրիշին ուղարկեիր։
― Ո՛չ, Ռաֆայել։ Սա շատ կարևոր գործ է։ Դո՛ւ պետք է անես և պետք է շատ զգույշ անես, պիտի աշխատես ոչ մեկի աչքով չընկնել։
― Ես էլ եմ կարծում, որ ոչ մեկի աչքով պետք չէ ընկնեմ, ― ասաց գնչուն։ ― Իսկ ինչո՞ւ ես զգուշացնում, որ ոչ մեկի աչքով չընկնեմ։ Չլինի՞ մտածում ես, թե ուզում եմ սպանվել։
― Մի քիչ լուրջ եղիր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Սա լուրջ գործ է։
― Ասում ես լո՞ւրջ լինեմ։ Եվ այն բանից հետո՞, ինչ դու արեցիր երեկ գիշեր։ Երբ պետք է մեկին սպանեիր, փոխարենն արեցիր այն, ինչ արեցիր։ Դու պետք է մի հոգու սպանեիր և ոչ թե մի հոգու կյանք տայիր։ Ասում ես լուրջ եղիր։ Իսկ դու չտեսա՞ր երկնքով մեկ լցված ինքնաթիռները, որ շուտով մեզ էլ են սպանելու, մեր պապերին էլ, ապուպապերին էլ, չծնված թոռներին էլ, դրանց հետ նաև կատուներին, այծերին, փայտոջիլներին։ Տեսար, չէ՞, ինքնաթիռները, դրանց ձայնից մոր կաթը կրծքի մեջ կտրվում է, ոնց էր երկինքը խավարել, ոնց էին առյուծի պես մռնչում, իսկ դու ինձ ասում ես լուրջ եղիր։ Հենց այդ է, որ ես շատ լուրջ եմ։
― Հիանալի է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և ծիծաղեց ու ձեռքը դրեց գնչուի ուսին։ ― Դա արդեն շատ լուրջ է։ Այդքան կարիք չկա։ Նախաճաշդ վերջացրու ու գնա։
― Իսկ դո՞ւ, ― հարցրեց գնչուն։ ― Դու ի՞նչ ես անելու։
― Գնալու եմ Էլ Սորդոյի մոտ։
― Այսօրվա ինքնաթիռներից հետո երևի այս տեղերում մարդ չգտնես, ― ասաց գնչուն։ ― Առավոտյան որ դրանք անցան, շատերի վրա քրտինքը տվեց։
― Դրանք ավելի կարևոր գործերով են զբաղվում, դրանց պարտիզաններ որսալու չեն ուղարկում։
― Այո, ― ասաց գնչուն։ Հետո տարուբերեց գլուխը։ ― Բայց եթե այդ գործն էլ անե՞ն։
― Que va, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Դրանք գերմանական ամենալավ թեթև ռմբակոծիչներն են։ Դրանց գնչու որսալու չեն ուղարկի։
― Ես վախից չորացա, ― ասաց Ռաֆայելը։ ― Ես դրանցից վախենում եմ, հա՛, վախենում եմ։
― Նրանք գնացին օդանավակայանը ռմբակոծելու, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, երբ քարայր մտան։ ― Այո, հաստատ այնտեղ գնացին։
― Այդ ի՞նչ ես ասում, ― հարցրեց Պաբլոյի կինն ու սուրճը լցնելով բաժակի մեջ՝ խտացրած կաթի տուփի հետ մեկնեց Ռոբերտ Ջորդանին։
― Կա՞թ էլ կա։ Ա՜յ շքեղություն։
― Ամեն ինչ էլ կա, ― ասաց կինը։ ― Ինքնաթիռներից հետո սարսափ էլ կա։ Ասացիր ո՞ւր գնացին։
Ռոբերտ Ջորդանը խտացրաց կաթ լցրեց բաժակի մեջ, տուփի կողքերի մնացուկը սրբեց բաժակի եզրով և սկսեց խառնել սուրճը, որը բաց շագանակագույն դարձավ։
― Ես կարծում եմ, որ գնացին մի օդանավակայան ռմբակոծելու։ Կարող են նաև Էսկորիալ կամ Կալմենար գնացած լինել։ Գուցե երեք տեղն էլ։
― Թող ուր գնում են գնան, միայն թե մեզնից հեռու մնան, ― ասաց Պաբլոն։
― Իսկ ինչո՞ւ են հիմա այս կողմերում հայտնվել, ― հարցրեց կինը։ ― Ի՞նչն է դրանց այստեղ բերել։ Այսպիսի ինքնաթիռներ երբեք չէի տեսել։ Այն էլ այսքան շատ։ Հարձակմա՞ն են պատրաստվում։
― Երեկ գիշեր ճանապարհի վրա զորքերի տեղաշարժ կա՞ր, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։ Աղջիկը՝ Մարիան, կիպ կանգնել էր կողքին, բայց նա աղջկան չէր նայում։
― Լսիր, Ֆերնանդո, ― ասաց կինը, ― դու երեկ գիշեր Լա Գրանխայում էիր, զորքերի տեղաշարժ նկատեցի՞ր։
― Ոչ մի, ― պատասխանեց կարճահասակ, բաց դեմքով, մոտ երեսունհինգ տարեկան, աչքի մեկը շիլ մի մարդ, որին Ռոբերտ Ջորդանը նոր էր տեսնում։ ― Մի քանի բեռնատար եմ տեսել, սովորականի պես։ Մի քանի բեռնատար մեքենա։ Քանի դեռ այնտեղ էի, զորքերի տեղաշարժ չկար։
― Դու ամեն գիշե՞ր ես Լա Գրանխա գնում, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։
― Կամ ես եմ գնում, կամ մեկ ուրիշը, ― ասաց Ֆերնանդոն։ ― Միշտ էլ մեկնումեկը գնում է։
― Գնում են նորություններ իմանալու։ Ծխախոտ են բերում, մանր֊մունր բաներ, ― ասաց կինը։
― Մերոնցից կա՞ն այնտեղ։
― Կան։ Ինչո՞ւ չէ։ Էլեկտրակայանի բանվորները։ Ուրիշներ էլ։
― Իսկ ի՞նչ նորություն կա։
― Pues nada: Ոչ մի։ Հյուսիսում գործերը վատ են։ Դա նորություն չէ։ Այնտեղ միշտ էլ վատ են եղել, հենց առաջին օրվանից։
― Սեգովիայի մասին որևէ բան լսե՞լ ես։
― Չէ, hombre,<ref>Մարդ, այստեղ՝ բարեկամ (իսպ․)։</ref> ոչ էլ հարցրել եմ։
― Սեգովիա՞ էլ ես գնում։
― Պատահում է, ― ասաց Ֆերնանդոն։ ― Բայց այնտեղ վտանգավոր է։ Պարեկներն ամեն քայլափոխի փաստաթուղթ են հարցնում։
― Այնտեղի օդանավակայանին ծանո՞թ ես։
― Չէ, hombre: Գիտեմ, թե որտեղ է, բայց մոտիկ չեմ գնացել։ Այնտեղ փաստաթղթեղթերի ստուգումը շատ խիստ է։
― Երեկ գիշեր այս ինքնաթիռների մասին ոչինչ չէի՞ն խոսում։
― Լա Գրանխայո՞ւմ։ Ոչ մի խոսք։ Բայց այս գիշեր կխոսեն։ Խոսում էին Քեյփո դե Լիանոյի ճառի մասին, ռադիոյով հաղորդել են։ Ուրիշ ոչինչ։ Ախ հա՜։ Խոսում էին, թե իբր Հանրապետությունը հարձակման է պատրաստվում։
― Ի՞նչ։
― Հանրապետությունը հարձակման է պատրաստվում։
― Որտե՞ղ։
― Հաստատ չգիտեին։ Գուցե այստեղ։ Գուցե Սիեռայի, մի ուրիշ մասում։ Դու լսե՞լ ես այդ մասին։
― Դա Լա Գրանխայո՞ւմ էին խոսում։
― Այո, hombre: Ես դա մոռացել էի։ Դե միշտ էլ խոսել են հարձակումների մասին։
― Որտեղի՞ց են այդ լուրերը հասնում։
― Որտեղի՞ց։ Տարբեր մարդկանցից, Սեգովիայի ու Ավիլայի սրճարաններում սպաները նստած խոսում են, մատուցողները ականջ են դնում։ Եվ լուրը գնաց, տարածվեց։ Ահա, այս արդեն քանի ժամանակ է, խոսում են, որ Հանրապետությունը պատրաստվում է հարձակման այս վայրերում։
― Հանրապետությո՞ւնը թե՝ ֆաշիստները։
― Հանրապետությունը։ Եթե ֆաշիստները պատրաստվեին, դա արդեն հաստատ կիմանային բոլորը։ Ոչ, ֆաշիստները չեն։ Եվ ասում են մեծ հարձակում է լինելու։ Ոմանք ասում են նույնիսկ, որ երկուսն է լինելու։ Մեկը այստեղ, մեկը՝ Ալտո դել Լեոնից այն կողմ, Էսկորիայի մոտ։ Դու դրա մասին որևէ բան լսե՞լ ես։
― Ուրիշ ի՞նչ ես լսել։
― Nada hombre: Ոչինչ։ Ախ հա՜։ Ասում էին, որ երբ հարձակումն սկսվի, հանրապետականները փորձելու են կամուրջները պայթեցնել։ Բայց կամուրջները պաշտպանված են։
― Չե՞ս կատակում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը՝ սուրճը կուլ տալով։
― Ոչ, hombre, ― ասաց Ֆերնանդոն։
― Սա չի կատակում, ― ասաց կինը։ ― Ուր էր, թե կատակեր։
― Ուրեմն այդպես, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Շնորհակալություն նորությունների համար։ Ուրիշ ոչինչ չե՞ս լսել։
― Ոչ։ Էլի, սովորականի պես, ասում են, թե արդեն Վալլադոլիդից զորքը ճամփա է ընկել։ Բայց այդ խոսակցությունները միշտ էլ եղել են։ Կարևորություն պետք չէ տալ դրանց։
― Ո՞նց ես, ― համարյա չարախնդալով ասաց Պաբլոյի կինը Պաբլոյին։ ― Այս էլ քո զրույցները ապահովության մասին։
Պաբլոն մտախոհ նայեց նրան ու քորեց ծնոտը։
― Դու ո՞նց ես, ― ասաց նա։ ― Այդ էլ քո կամուրջները։
― Ի՞նչ կամուրջներ, ― ուրախ հարցրեց Ֆերնանդոն։
― Ապո՛ւշ, ― ասաց կինը նրան։ ― Հաստագլո՛ւխ։ Tonto:<ref>Հիմար (իսպ․)։</ref> Վերցրո՛ւ, մի բաժակ սուրճ խմիր, հիշիր՝ է՞լ ինչ նորություններ ես լսել։
― Ինչո՞ւ ես բարկանում, Պիլար, ― հանգիստ և ուրախ ասաց Ֆերնանդոն։ ― Լուրեր են, էլի, ի՞նչ եք հուզվում։ Ինչ որ հիշում էի, բոլորը պատմեցի քեզ ու այս ընկերոջը։
― Ուրիշ ոչ մի բան չե՞ս հիշում, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։
― Ոչ, ― ասաց Ֆերնանդոն արժանապատվությամբ։ ― Դեռ բախտավորություն է, որ այսքանն էլ հիշեցի, որովհետև դրանք ասեկոսներ են, իսկ ես երբեք դրանց վրա ուշադրություն չեմ դարձնում։
― Նշանակում է ուրիշ բաներ էլ էին խոսում։
― Այո։ Հնարավոր է։ Բայց ես ուշադրություն չեմ դարձրել։ Այս մի տարի է, ասեկոսեից բացի ուրիշ բան չեմ լսել։
Ռոբերտ Ջորդանը լսեց իր թիկունքում կանգնած Մարիայի փռթկոցը։
― Ֆերնանդո, մի ասեկոսե էլ պատմիր, ― ասաց աղջիկը, և ուսերը նորից ցնցվեցին։
― Հիշեի էլ չէի պատմի, ― ասաց Ֆերնանդոն։ ― Մարդու արժանապատվությունից ցածր բան է ասեկոսեներ լսելն ու դրանց կարևորություն տալը։
― Եվ սա Հանրապետություն է փրկելու, ― ասաց կինը։
― Չէ։ Դու ես փրկելու կամուրջներ պայթեցնելով, ― ասաց Պաբլոն։
― Դուք գնացեք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը Անսելմոյին ու Ռաֆայելին։ ― Եթե արդեն նախաճաշել եք։
― Հիմա, ― ասաց ծերունին, և երկուսն էլ վեր կեցան։ Ռոբերտ Ջորդանն զգաց, որ մեկը ձեռքը դրել է իր ուսին։ Մարիան էր։
― Դու էլ նախաճաշիր։ Կե՛ր, ― ասաց աղջիկը և ձեռքը պահեց ուսին։ ― Լավ կեր, որպեսզի ստամոքսդ կարողնա դիմանալ նոր ասեկոսեների։
― Ախորժակս փախավ այդ ասեկոսեներից։
― Չէ։ Այդպես չի լինի։ Կե՛ր, քանի դեռ նոր ասեկոսեներ չենք լսել։ ― Աղջիկը պնակը դրեց նրա առաջը։
― Ինչո՞ւ ես ձեռ առնում ինձ, Մարիա, ― ասաց Ֆերնանդոն։ ― Չէ՞ որ մենք լավ բարեկամներ ենք։
― Ձեռ չեմ առնում քեզ, Ֆերնանդո։ Ես նրա հետ եմ կատակում, նա պետք է ուտի, թե չէ սոված կմնա։
― Բոլորս էլ պետք է ուտենք, ― ասաց Ֆերնանդոն։ ― Պիլար, ի՞նչ պատահեց, ինչո՞ւ հաց չեք դնում։
― Ոչ մի բան, բարեկամս, ոչ մի բան, ― ասաց Պաբլոյի կինն ու Ֆերնանդոյի ամանի մեջ շոգեխաշած միս դրեց։ ― Կե՛ր։ Ուտել դու կարող ես։ Այո, կարող ես։ Կեր։
― Շատ լավն է, Պիլար, ― ասաց Ֆերնանդոն անվրդով արժանապատվությամբ։
― Շնորհակալ եմ, ― ասաց կինը։ ― Դարձյալ ու դարձյալ շնորհակալ եմ։
― Բարկանո՞ւմ ես ինձ վրա, ― հարցրեց Ֆերնանդոն։
― Ոչ, ոչ։ Կե՛ր։ Դու ուտելուդ նայիր, կե՛ր։
― Ուտում եմ, ― ասաց Ֆերնանդոն։ ― Շնորհակալ եմ։
Ռոբերտ Ջորդանը նայեց Մարիային, աղջիկը նորից սկսեց ծիծաղել ու հայացքը շրջեց։ Ֆերնանդոն անվրդով, կամաց֊կամաց ուտում էր։ Նրա դեմքի հպարտության ու արժանապատվության արտահայտությունը չէին կարողանում աղարտել ո՛չ ձեռքի անճոռնի, հսկա գդալը, ո՛չ բերանի կողքերից ծորացող շոգեխաշած հյութեղ մսի կաթիլները։
― Ճաշը հավանեցի՞ր, ― հարցրեց նրան Պաբլոյի կինը։
― Այո, Պիլար, ― ասաց նա լիքը բերանով։ ― Սովորականի պես է։
Ռոբերտ Ջորդանը թևի վրա զգաց Մարիայի ձեռքը, զգաց մատների հեշտալի սեղմումը։
― Դրա՞ համար ես հավանում, հա՞, ― հարցրեց կինը Ֆերնանդոյին։ ― Հավանում ես, որովհետև սովորականի պես է, ― ասաց նա։ ― Շոգեխաշած միս է, սովորականի պես։ Como siempre: Գործերը վատ են հյուսիսում, սովորականի պես։ Այստեղ հարձակում է սկսվելու, սովորականի պես։ Զորքեր են ուղարկում, որպեսզի մեզ որսան, սովորականի պես։ Քեզ կարելի է որպես հուշարձան կանգնեցնել ու վրադ էլ գրել՝ սովորականի պես։
― Բայց վերջին երկուսը, որ ասացիր, ասեկոսեներ են, Պիլար։
― Իսպանիա՜, ― ողբաձայն կանչեց Պաբլոյի կինը, հետո դարձավ Ռոբերտ Ջորդանին։ ― Այսպիսի մարդիկ ուրիշ երկրներում էլ տեսնես կա՞ն։
― Իսպանիայի նման երկիր չկա, ― քաղաքավարությամբ ասաց Ռոբերտ Ջորդանը։
― Ճիշտ ես, ― ասաց Ֆերնանդոն։ ― Իսպանիայի նման երկիր աշխարհում չկա։
― Իսկ դու ուրիշ երկիր տեսե՞լ ես, ― հարցրեց կինը։
― Ոչ, ― ասաց Ֆերնանդոն։ ― Ոչ էլ ուզում եմ տեսնել։
― Տեսնում ես, չէ՞, ― ասաց Պաբլոյի կինը Ռոբերտ Ջորդանին։
― Ֆերնանդիտո, ― ասաց Մարիան։ ― Պատմիր, թե ոնց Վալենսիա գնացիր։
― Ինձ դուր չեկավ Վալենսիան։
― Ինչո՞ւ, ― հարցրեց Մարիան և նորից սեղմեց Ռոբերտ Ջորդանի թևը։ ― Ինչո՞ւ դուր չեկավ։
― Անկիրթ մարդիկ են, հետո էլ չէի հասկանում, թե ինչ են խոսում։ Մի գլուխ che<ref>Ի՞նչ(կատալոներեն․)։</ref> են գոռում։
― Իսկ նրանք քեզ հասկանո՞ւմ էին, ― հարցրեց Մարիան։
― Ձևացնում էին, թե իբր չեն հասկանում, ― ասաց Ֆերնանդոն։
― Իսկ դու ի՞նչ էիր անում այնտեղ։
― Ես այնտեղ չմնացի, թողի հեռացա, նույնիսկ ծովը չտեսա, ― ասաց Ֆերնանդոն։ ― Ժողովուրդը դուրս չեկավ։
― Դե կորի՛ գնա, պառաված օրիորդ, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Գնա՛, թե չէ արդեն սկսեց սիրտս խառնել։ Վալենսիա։ Ես այնտեղ իմ կյանքի լավագույն օրերն եմ ապրել։ Vamos:<ref>Այստեղ՝ էլի ինչ (իսպ․)։</ref> Վալենսիա։ Չփորձես իմ մոտ Վալենսիայից խոսել։
― Դու ի՞նչ էիր անում այնտեղ, ― հարցրեց նրան Մարիան։
Պաբլոյի կինը վերցրեց մի բաժակ սուրճ, մի կտոր հաց, մի պնակ շոգեխաշած միս ու նստեց սեղանի առաջ։
― Qui?<ref>Ի՞նչ (իսպ․)։</ref> Ի՞նչ էինք անում այնտեղ։ Ես այնտեղ Ֆինիտոյի հետ էի, նա պայմանագիր ուներ, Feria<ref>Տոնավաճառ (իսպ․)։</ref>֊յի ընթացքում երեք ցլամարտի պիտի մասնակցեր։ Ես երբեք այդքան ժողովուրդ չեմ տեսել։ Չեմ տեսել, որ սրճարաններն այդպես բերնեբեան լցված լինեն։ Չորս ժամ կանգնում էիր, որպեսզի տեղ ազատվի, նստես։ Տրամվայ հնարավոր չէր բարձրանալ։ Վալենսիա։ Բոլորը ոտի վրա էին, գիշեր ու զօր։
― Բայց դուք, դուք ի՞նչ էիք անում, ― հարցրեց Մարիան։
― Ամեն ինչ, ― ասաց կինը։ ― Գնում էինք ծովափ, մտնում էինք ջուրը, նայում էինք, թե ինչպես են ցուլերը առագաստանավերը ծովից դուրս քաշում։ Այնտեղ այսպիսի բան են անում։ Ցուլերին քշում֊հասցնում են ափից բավական հեռու կանգնած առագաստանավերի մոտ, այնքան, որ ոտները հատակից կտրվում են, հետո լծում են առագաստանավերին ու նրանք սկսում են լող տալ դեպի ափ, մոտենում են, մոտենում, մեկ էլ ոտի տակ ավազ են զգում և օրորվելով նետվում են առաջ։ Նայում ես՝ տասը լուծ ցուլ, առավոտյան, քաշ են տալիս պարզված առագաստներով նավը, իսկ ալիքները թույլ֊թույլ գալիս ու փշրվում են ափին։ Սա է Վալենսիան։
― Նայում էիք ցուլերին, բացի դրանից ուրիշ ի՞նչ էիք անում։
― Ուտում էինք ծովափնյա ավազուտի տաղավարներում։ Կարկանդակներ էինք ուտում, մանր կտրատած ձկան կարկանդակ, կարմիր ու կանաչ տաքդեղով, մանրատած ընկույզով, խմորը փափուկ, շերտ֊շերտ, ձուկը յուղալի, հրաշք մի բան։ Խեցգետին էինք ուտում, թարմ, հենց նոր ծովից հանած խեցգետին, լիմոնը վրան քամած, վարդագույն, անուշ, խոշոր, ամեն մեկը չորս բերան։ Խեցգետին շատ էինք ուտում։ Հետո paella էինք ուտում, տապակած օձաձուկ, բարալիկ, ոնց որ կանաչ լոբի, ծուռումուռ, փուխր, բերանիդ մեջ հալվում է, ծամել էլ պետք չէ։ Ամբողջ օրը գինի էինք խմում, սպիտակ գինի, սառը, թեթև, հաճելի, շիշը երեսուն սանտիմո։ Եվ վերջապես սեխ էինք ուտում, սեխ։ Վալենսիան սեխի հայրենիքն է։
― Կաստիլիայի սեխը ավելի լավ է, ― ասաց Ֆերնանդոն։
― Que va, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Կաստիլիայի սեխը խայտառակություն է, սեխ չէ։ Պիտի ուտես Վալենսիայի սեխը, ամեն մեկը մարդաթև երկարություն, կանաչ, ոնց որ ծովը, կտրելիս այնպես են խշխշում, հյութալի, քաղցր, ավելի քաղցր, քան ամռան առավոտը։ Ա՜խ երբ հիշում եմ այդ մանր օձաձկները, բարալիկ, համեղ, ամանների մեջ կիտված, հետո գարեջուրը, որ խմում էինք կժերով, ջրի սափորների չափսի կժերով, խմում էինք կեսօրից սկսած մինչև իրիկուն, այնքան սառն էին, որ կժերը քրտնում էին։
― Իսկ բացի ուտելուց ու խմելուց, էլ ի՞նչ էիք անում։
― Սեր էինք անում։ Փակվում էինք սենյակում ու սեր էինք անում։ Պատշգամբին նայող փեղկերը փայտյա ձողիկներից էին, դռան վերևի բացվածքից քամին մեղմ փչում էր, իսկ դուռը բացուխուփ էր լինում ծխնիների վրա։ Այդտեղ, փակված պատուհանների ետևում, մթության մեջ, օրը ցերեկով սեր էինք անում։ Սենյակը լցվում էր կողքի ծաղկի շուկայից եկող բույրով, վառոդի հոտով։ Feria֊այի օրերին, ամեն կեսօր հրավառություն էր տեղի ունենում, ամբողջ քաղաքով մեկ, այնպես էին արել, որ քաղաքի բոլոր հրակետերը միմյանց կապված լինեն, տրամվայների կայծերից բռնկվում էին, պայթում էին ահռելի աղմուկով, այնպիսի դղրդյուն էր բարձրանում քաղաքի մի մասից մյուսը, երևակայել իսկ չես կարող։ Եվ մենք սեր էինք անում։ Հարկաբաժնի աղջկան ուղարկում էինք, որպեսզի նորից կժով գարեջուր բերի։ Կիսաբաց դռնից վերցնում էի սառը կուժը ու հպում քնած Ֆինիտոյի մեջքին, իսկ նա թե՝ «Լավ էլի, Պիլար։ Լավ էլի, ա՛յ կնիկ, թող քնեմ»։ Իսկ ես ասում էի․ «Ո՛չ, զարթնի՛ր, խմի՛ր, տես ինչ սառն է», և նա առանց աչքերը բացելու խմում էր ու նորից քնում, իսկ ես ոտների մոտ, մեջքս դեմ արած բարձին, նայում էի թուխ, սևահեր, երիտասարդ Ֆինիտոյին, որ հանգիստ քնել էր, ու խմում էի, խմում էի ամբողջ կուժն ու լսում փողոցով անցնող նվագախմբին։ Իսկ դու, ― ասաց կինը Պաբլոյին, ― դու հասկանո՞ւմ ես, թե դա ինչ բան է, գոնե մի փոքր։
― Մենք էլ քիչ բան չենք արել իրար հետ, ― ասաց Պաբլոն։
― Ճիշտ է, ― ասաց կինը։ ― Այո։ Ժամանակին դու նույնիսկ ավելի տղամարդ էիր, քան Ֆինիտոն։ Բայց մենք քեզ հետ երբեք Վալենսիայի փողոցներով անցնող նվագախմբին չլսեցինք։
― Դա անհնար էր, ― ասաց Պաբլոն։ ― Առիթ չի եղել Վալենսիա գնալու։ Դու դա լավ գիտես, բայց չես ուզում արդար դատել։ Իսկ Ֆինիտոյի հետ դու երբեք և ոչ մի գնացք չես պայթեցրել։
― Ոչ, չեմ պայթեցրել, ― ասաց կինը։ ― Այո, հիմա միայն դա է մնացել մեզ։ Գնացքը։ Այո։ Գնացքը մնում է։ Դրա դեմ ոչ ոք ոչինչ չի կարող ասել։ Չնայած քո ողջ ծուլության, անբանության, դա մնում է։ Նախկինում շատ ուրիշ բաներ էլ են եղել։ Չեմ ուզում անարդարացի լինել, բայց Վալենսիայի դեմ էլ ոչ ոք ոչինչ չի կարող ասել։ Լսեցի՞ք։
― Ես չհավանեցի, ― հանգիստ ասաց Ֆերնանդոն։ ― Ինձ դուր չեկավ Վալենսիան։
― Եվ այս բոլորից հետո էլ որպես համառության օրինակ բերում են ջորուն, ― ասաց կինը։ ― Մարիա՛, սեղանը հավաքիր, գնալու ենք․
Այս խոսքերի վրա լսվեց վերադարձող ինքնաթիռների առաջին ձայնը։
==Գլուխ իններորդ==
Նրանք կանգնել էին քարայրի մուտքում և հայացքով հետևում էին ինքնաթիռներին։ Ռմբակոծիչներն հիմա թռչում էին բարձրից, մեծ արագությամբ, սարսափազդու սլաքներ կազմած ճեղքում էին երկինքն ու լցնում շարժիչների աղմուկով։ Շնաձկների են նման, մտածեց Ռոբերտ Ջորդանը, Գոլֆստրիմի սրաքիթ, լայն լուղակներով շնաձկներին։ Բայց արծաթափայլ լայն լուղակներով, արևի շողերի մեջ թեթևակի մշուշվող պրոպելլերներով, ոռնոցով թռչող այս ինքնաթիռների շարժումը նման էր շնաձկների շարժումին։ Սրանք առհասարակ գոյություն ունեցող ոչ մի բանի պես չեն շարժվում։ Սրանք շարժվում են ճակատագրի նման, մեքենայացված ճակատագրի։
Դու պետք է գրես, ասաց ինքն իրեն։ Գուցե մի օր վերստին սկսես։ Զգաց, որ Մարիան բռնել է թևը։ Նա վերև էր նայում։
― Քեզ ի՞նչ է թվում, ինչի՞ են նման, guapa,<ref>Գեղեցկուհի (իսպ․)։</ref>
― Չգիտեմ, ― ասաց նա։ ― Մահվան երևի։
― Իսկ ես կարծում եմ, որ պարզապես ինքնաթիռների են նման, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Իսկ փոքրերն ո՞ւր մնացին։
― Երևի ուրիշ կողմով են անցել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Այս ռմբակոծիչները շատ արագընթաց են, չեն սպասում կործանիչներին։ Ռազմագծից այն կողմ որ անցան, մերոնք այլևս չեն հետապնդում սրանց։ Այնքան ինքնաթիռ չունենք, որ ռիսկի դիմենք։
Հենց այդ պահին «Հայնքել» տիպի երեք կործանիչներ երևացին։ Լայնատարած թևերով, տափակ քթով, անճոռնի խաղալիքների նման եկան դեպի իրենց կողմը, եկան սեպ կազմած, բացատի վրայով, ծառերի կատարներից մի քիչ բարձրով, աճող դղրդյունով, քանի մոտեցան այնքան մեծացան, երևացին իրենց իսկական, սարսափազդու չափսերով ու ոռնոցով հեռացան։ Այնքան ցածրից էին թռչում, որ քարայրի բերանում կանգնածները տեսան կաշվի սաղավարտներով ու ակնոցներով օդաչուներին, տեսան նույնիսկ առաջին ինքնաթիռի օդաչուի ծածանվող շարֆը։
― Սրանք կարող են ձիերին տեսնել, ― ասաց Պաբլոն։
― Սրանք կարող են սիգարետիդ կրակն էլ տեսնել, ― ասաց կինը։ ― Ծածկոցը քաշեք։
Ինքնաթիռներ այլևս չերևացին։ Մյուսները երևի ուրիշ ճամփով էին գնացել։ Աղմուկը դադարել էր։ Բոլորը դուրս եկան քարայրից։
Հիմա երկինքը դատարկ էր և բարձր, և կապույտ, և ջինջ։
― Կարծես գիշերվա երազ լիներ, ― ասաց Մարիան Ռոբերտ Ջորդանին։
Ոչ մի ձայն չկար օդում, չկար նույնիսկ այն թույլ բզզոցը, որը շարունակում է աղմուկից հետո մնալ ականջում, և հիշեցնում է այն ձայնը, որ զգում ես, երբ մատդ մտցնում ես ականջդ, և որը դադարում է, երբ հանում ես մատդ։
― Դրանք երազ չեն, գնա սեղանը հավաքիր, ― ասաց Պիլարը աղջկան։ ― Ի՞նչ ես անում, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանին, ― ձիո՞վ ենք գնում, թե՞ ոտով։
Պաբլոն նայեց նրան ու ինչ֊որ բան մռթմռթաց։
― Ոնց կամենաս, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
― Որ այդպես է՝ քայլենք, ― ասաց կինը։ ― Լյարդիս համար քայլելը լավ է։
― Լյարդի համար ձիով գնալն է լավը։
― Ճիշտ ես, բայց հետույքիս համար վատ է։ Կգնանք ոտով, իսկ դու, ― դարձավ Պաբլոյին, ― գնա յաբուներդ հաշվիր, տես չե՞ն թռել֊գնացել որևէ մեկի հետ։
― Ձի չե՞ս ուզում, ― հարցրեց Պաբլոն Ռոբերտ Ջորդանին։
― Ոչ։ Շատ շնորհակալ եմ։ Իսկ աղջիկն ինչպե՞ս է գալու։
― Թող քայլի, լավ է, ― ասաց Պիլարը, ― թե չէ բոլոր մասերը կոշտուկներով կպատի ու էլ բանի պետք չի գա։
Ռոբերտ Ջորդանը զգաց, որ կարմրում է։
― Լա՞վ ես քնել, ― հարցրեց Պիլարը։ Հետո ասաց․ ― Ոչ մի հիվանդություն չունի։ Եվ իրոք։ Բայց կարող էր լինել։ Չեմ էլ հասկանում, թե ո՞նց չի եղել։ Երևի այնուամենայնիվ դեռևս աստված կա, չնայած մենք ասում ենք չկա։ Դու գնա, ― ասաց Պաբլոյին։ ― Սա քեզ չի վերաբերում։ Սա ավելի ջահել մարդկանց համար է, քեզ համար չէ։ Սա ուրիշ մարդկանց համար է, ուրիշ նյութից շինված մարդկանց։ Դե չքվի՛ր։ ― Հետո դարձավ Ռոբերտ Ջորդանին։ Ագուստինը կհետևի իրերիդ։ Հենց որ գա, կգնանք։
Պարզ, պայծառ օր էր, արևն արդեն տաքացնում էր։ Ռոբերտ Ջորդանը նայում էր խոշորակազմ, թխադեմ կնոջը, նրա բարի ու միմյանցից հեռու տեղադրված աչքերին, քառակուսի ու վշտալի, կնճռապատ և հաճելիորեն անճոռնի դեմքին։ Աչքերն ուրախ էին, բայց դեմքը տխուր էր, քանի դեռ շրթունքները չէին շարժվում։ Ռոբերտ Ջորդանը նայում էր նրան, հետո նայեց տղամարդուն, որը ծանրաքայլ ու անկիրք ծառերի արանքով շարժվում էր դեպի ձիերի ցանկապատը։ Կինը նույնպես հայացքով հետևում էր Պաբլոյին։
― Սեր արեցի՞ք, ― հարցրեց կինը։
― Աղջիկն ի՞նչ ասաց։
― Նա ինձ ոչինչ չասաց։
― Ես էլ չեմ ասի։
― Ուրեմն արել եք, ― ասաց կինը։ ― Հոգ տար նրան, ինչքան կարող ես։
― Իսկ եթե երեխա ունենա՞։
― Դրանից վնաս չկա, ― ասաց կինը։ ― Դրանից ոչ մի վնաս։
― Սա դրա տեղը չէ։
― Նա այստեղ չի մնալու։ Նա գնալու է քեզ հետ։
― Իսկ ես ո՞ւր եմ գնալու։ Այնտեղ, ուր գնում եմ, ես չեմ կարող հետս կին տանել։
― Ո՞վ գիտի։ Գուցե կարելի է նույնիսկ երկուսը տանել։
― Դա ի՞նչ խոսք է։
― Լսի՛ր, ― ասաց կինը։ ― Ես վախկոտ չեմ, բայց վաղ առավոտյան այս ժամերին այնքան պարզ ու հստակ եմ տեսնում ամեն ինչ, և ահա հիմա ինձ թվում է, որ այսօրվա ապրողներից շատ քչերը միայն մյուս կիրակին կտեսնեն։
― Այսօր ի՞նչ օր է։
― Կիրակի։
― Que va, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Կիրակին շատ հեռու է։ Եթե չորեքշաբթին տեսնենք, էլի լավ է։ Բայց ես այսպիսի խոսակցությունները չեմ սիրում։
― Ամեն մարդ կարիք ունի սիրտը մեկին բաց անելու, ― ասաց կինը։ ― Առաջ կրոն կար, ուրիշ անհեթեթություններ կային։ Հիմա յուրաքանչյուր մարդ պետք է ունենա մի մտերիմ, որի հետ կարողանա անկեղծորեն խոսել, որովհետև ինչ արժանիքներ էլ ունենաս, միայնակությունդ զգում ես։
― Մեր մեջ միայնակ մարդիկ չկան։ Մենք բոլորս միասին ենք։
― Այդ մեքենաները տեսնելուց հետո մարդ դժվար է ինքն իրեն գտնում, ― ասաց կինը։ ― Ի՞նչ ենք, ի՞նչ ենք մենք այդ մեքենաների դիմաց։
― Բայց այնուամենայնիվ մենք դրանց խփում֊գցում ենք։
― Լսի՛ր, ― ասաց կինը։ ― Ես բացեցի սիրտս, ասացի իմ ցավերի, մտահոգությունների մասին, բայց դու հանկարծ չմտածես, որ ես կորցնում եմ իմ վճռականությունս։ Վճռականությանս ոչինչ չի պատահել։
― Քեզ տանջող վիշտը կփարատվի, ոնց որ մշուշը, երբ ծագում է արևը։
― Անշուշտ, ― ասաց կինը։ ― Թող լինի այնպես, ինչպես ասում ես։ Երևի այս բոլորի պատճառը այն հիմար հիշողություններն էին, որ պատմում էի Վալենսիայի մասին։ Գուցե այն մարդն էր, որ գնաց ձիերին ստուգելու, գուցե այդ մարդու անկումն էր։ Ես այդ պատմություններն անելով նրան վիրավորեցի։ Շատ ծանր վիրավորեցի։ Նրան կարելի է սպանել։ Նրան կարելի է հայհոյել։ Բայց վիրավորել կարելի չէ։
― Այդ ո՞նց եք իրար գտել։
― Իսկ ո՞նց են մարդիկ իրար գտնում։ Պատերազմի առաջին շրջանում կարգին մարդ էր։ Առաջ էլ կարգին մարդ էր։ Հիմա արդեն կործանված է։ Դատարկ տիկ է։ Խցանը հանել են, գինին հոսել֊գնացել է։
― Նա ինձ դուր չի գալիս։
― Դու էլ նրան դուր չես գալիս, դրա համար, անշուշտ, պատճառ կա։ Այս գիշեր հետը քնեցի։ ― Կինը ժպտաց ու տարուբերեց գլուխը։ ― Yamos a ver,<ref>Տեսնենք (իսպ․)։</ref> ― ասացի, ― Պաբլո՛ օտարականին ինչո՞ւ չսպանեցիր։
― Լավ տղա է, Պիլար, ― ասաց․ ― Լավ տղա է։
― Հետո՞, ― ասացի, ― հիմա հասկացա՞ր, որ հրամանատարը ես եմ։
― Այո՛, Պիլա՛ր։ Այո՛, ― ասաց։ Ավելի ուշ, գիշերվա մի պահին լսեցի, որ լալիս է։ Արթուն էր, լալիս էր ընհատուն, այլանդակ լացով, ինչպես տղամարդն է լալիս, կարծես ներսից մի գազան ցնցի։
― Ի՞նչ է պատահել, Պաբլո, ― ասացի և ձեռքս գցեցի ու գրկեցի նրան։
― Ոչինչ, Պիլար։ Ոչինչ։
― Ո՛չ։ Ասա՛, ի՞նչ է եղել։
― Մարդիկ, ― ասաց, ― տեսա՞ր ինչպես լքեցին ինձ։
― Այո, բայց չէ՞ որ նրանք ինձ հետ են, ― ասացի, ― իսկ ես քո կինն եմ։
― Պիլար, ― ասաց, ― հիշիր գնացքը։ ― Հետո ասաց․ ― թող աստված քեզ օգնի, Պիլար։
― Ի՞նչ ես աստված, հա աստված, ― ասացի ես։ ― Դա ի՞նչ խոսք է։
― Այո, ― ասաց։ ― Աստված օգնի և Virgen֊ը։<ref>Սուրբ կույս (իսպ․)։</ref>
― Que va, աստված և Vիrgen֊ը․ ― ասացի նրան։ ― Դա խո՞սք է, որ ասում ես։
― Վախենում եմ, որ մեռնեմ, Պիլար, ― ասաց։ ― Tendo miedo de morir: Հասկանո՞ւմ ես։
― Որ այդպես է, դուրս արի անկողնից։ Մի անկողինը ինձ, քեզ ու քո վախին տեղ չի անի։ ― Ամաչեց ու լռեց, իսկ ես քնեցի։ ― Չէ, բարեկամս, նա փլատակ է։
Ռոբերտ Ջորդանը ոչինչ չասաց։
― Այսպես, ամբողջ կյանքիս ընթացքում, թախիծն եկել ու մեկ էլ տեսար պատել է ինձ։ Բայց իմը Պաբլոյի թախիծին նման չէ։ Իմ վճռականության վրա դա ոչ մի ձևով չի ազդում։
― Հավատում եմ։
― Գուցե նման է այն բանին, որը կանանց մոտ ժամանակ առ ժամանակ լինում է, ― ասաց նա։ ― Գուցև առհասարակ դատարկ բան է։ ― Լռեց, հետո նորից շարունակեց։ ― Մեծ հույսեր եմ կապել Հանրապետության հետ։ Հավատում եմ Հանրապետությանը, շատ ուժգնորեն եմ հավատում։ Ջերմեռանդորեն եմ հավատում, ոնց որ հավատացյալները հրաշքներին։
― Հավատում եմ քեզ։
― Դո՞ւ ել ես այդպես հավատում։
― Հանրապետությա՞նը։
― Այո։
― Այո, ― ասաց նա, հույս ունենալով, որ ճշմարտությունն է ասում։
― Ուրախ եմ, ― ասաց կինը։ ― Իսկ չե՞ս վախենում։
― Մահից՝ ոչ, ― ասաց առանց երկմտանքի, և դա ճշմարիտ էր։
― Իսկ ինչի՞ց ես վախենում։
― Վախենում եմ, որ չկարողանամ իմ պարտականությունը կատարել այնպես, ինչպես հարկն է։
― Չես վախենում նաև գերի ընկնելո՞ւց, ոնց որ այն մեկը։
― Ո՛չ, ― ասաց անկեղծորեն։ ― Եթե դրանից վախենաս, գլուխդ այնքան զբաղված կլինի, որ էլ ուրիշ գործ չես կարողանա անել։
― Շատ սառնարյուն տղա ես։
― Ո՛չ, ― ասաց նա։ ― Ես այդ կարծիքին չեմ։
― Չէ՛։ Ես գլխիդ մասին եմ։ Շատ սառն է։
― Դա նրանից է, որ միտքս չափից ավելի է զբաղված գործով։
― Իսկ կյանքի բաները չե՞ս սիրում։
― Սիրում եմ։ Շատ եմ սիրում։ Միայն թե գործիս չխանգարեն։
― Խմել սիրում ես։ Գիտեմ։ Տեսա։
― Այո։ Շատ եմ սիրում։ Բայց այնքան, որ չխանգարի գործիս։
― Իսկ կանա՞նց։
― Շատ եմ սիրում, բայց մեծ կարևորություն չեմ տվել։
― Կարևոր բան չեն, հա՞։
― Չէ, ինչու։ Բայց դեռ չի հանդիպել մեկը, որ տակնուվրա աներ ինձ, ինչպես ոմանց։
― Կարծում եմ, որ ստում ես։
― Գուցե, մի քիչ։
― Բայց չէ՞ որ Մարիային սիրեցիր։
― Այո։ Միանգամից ու շատ ուժգին։
― Ես էլ։ Ես էլ շատ եմ սիրում նրան։ Այո։ Շատ ուժգին։
― Ես էլ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և զգաց, որ ձայնը խզվում է։ ― Ես էլ։ Այո։ ― Նրան հաճելի էր այդ բանն ասելը և նա բավական հանդիսավորությամբ ասաց իսպաներեն։ ― Ես նրան շատ ուժգին եմ սիրում։
― Էլ Սորդոյին գնանք֊տեսնենք, հետո Մարիայի հետ քեզ առանձին կթողնեմ։
Ռոբերտ Ջորդանը մի պահ լուռ մնաց։ Հետո ասաց․
― Կարիք չկա։
― Ոչ, բարեկամ։ Կարիք կա։ Քիչ ժամանակ է մնացել։
― Ափիս մե՞ջ ես կարդացել, ― հարցրեց նա։
― Ոչ։ Եվ բավական է հիշես ափիդ հետ կապված այդ անմտությունը։
Կինն ուզում էր մոռանալ դա, նա աշխատում էր հեռու վանել այն ամենը, ինչ կարող էր վնասակար լինել Հանրապետության համար։
Ռոբերտ Ջորդանը ոչինչ չասաց։ Նա նայում էր Մարիային, որ ամաններն էր տեղավորում քարայրում։ Աղջիկը ձեռքերը սրբեց և դարձավ ու ժպտաց նրան։ Աղջիկը չէր լսում, թե ինչ է ասում Պիլարը, բայց երբ ժպտաց Ռոբերտ Ջորդանին, նրա շագանակագույն մաշկը շիկնեց ու ավելի մուգ դարձավ, հետո նորից ժպտաց։
― Ցերեկն էլ կա, ― ասաց կինը։ ― Գիշերը գիշեր, բայց ցերեկն էլ կա։ Պարզ է, այն շքեղությունը չի լինի, ինչ Վալենսիայում էր, ինչ ես տեսա, բայց դե դուք էլ մի քանի վայրի ելակ ու նման բաներ կպոկեք, ― ասաց կինն ու ծիծաղեց։
Ռոբերտ Ջորդանը ձեռքը դրեց նրա լայն ուսին և ասաց․
― Ես քեզ էլ եմ սիրում։ Քեզ էլ շատ ուժգին եմ սիրում։
― Կարգին Դոն Ժուան Տենորիս ես, ― ասաց կինն՝ արդեն շփոթված սիրո դրսևորումից։ ― Սկսվեց, հիմա բոլորին սեր է բացատրվելու։ Ահա, Ագուստինը եկավ։
Ռոբերտ Ջորդանը մտավ քարայր ու գնաց Մարիայի մոտ։ Աղջիկը նայում էր նրան, աչքերը փայլում էին, այտերն ու վիզը նորից շիկնեցին։
― Ողջո՛ւյն, փոքրիկ նապաստակ, ― ասաց ու համբուրեց շրթները։
Աղջիկն ամուր փարվել էր նրան, նայում էր երեսին ու ասում․
― Ողջո՜ւյն։ Ողջո՜ւյն։ Ողջո՜ւյն։
Ֆերնանդոն, որը դեռևս նստած սիգարետ էր ծխում քարայրում, վեր կացավ, տարուբերեց գլուխը, վերցրեց պատին հենած կարաբինն ու դուրս եկավ։
― Շատ անվայել բան է, ― ասաց Պիլարին։ ― Դա ինձ դուր չի գալիս։ Պետք է հետևես աղջկան։
― Հետևում եմ, ― ասաց Պիլարը։ ― Այդ ընկերը նրա novio<ref>Փեսացու, նշանած (իսպ․)։</ref>֊ն է։
― Օ՜, ― ասաց Ֆերնանդոն։ ― Այդ դեպքում, քանի որ նշանված են, ես դա շատ բնական եմ համարում։
― Ուրախ եմ, ― ասաց կինը։
― Ես նույնպես, ― լրջորեն պատասխանեց Ֆերնանդոն։ ― Salud, Պիլար։
― Ո՞ւր ես գնում։
― Վերևի պահակակետը, Պրիմիտիվոյին փոխարինեմ։
― Այդ ո՞ր գրողի ծոցն ես գնում, ― հարցրեց մոտեցող Ագուստինը փոքրամարմին հպարտ մարդուն։
― Գնում եմ պարտականությունս կատարելու, ― ասաց Ֆերնանդոն արժանապատվությամբ։
― Պարտականությունդ, ― հեգնանքով ասաց Ագուստինը։ Հետո դարձավ կնոջը։ ― Որտե՞ղ է այդ ըսենցն ու ընենցը, որ պահպանելու եմ։
― Քարայրում, ― ասաց Պիլարը։ ― Երկու պարկի մեջ են։ Հետո էլ իմացիր՝ հոգնել եմ քո այդ հիշոցներից։
― Հիշոցել եմ քո հոգնությունը, ― ասաց Ագուստինը։
― Դե հա՛ կեղտոտիր բերանդ, ― ասաց Պիլարն առանց տաքանալու։
― Քո մերը, ― շարունակեց Ագուստինը։
― Չես ունեցել, ինչ անեմ, ― ասաց միայն Պիլարը, որովհետև իսպաներենում հայհոյանքները ձևի այնպիսի կատարելության են հասել, որ գործողություն չի արձանագրվում, այն ենթադրվում է։
― Ի՞նչ են անում ներսում, ― հիմա արդեն ցածրաձայն հարցրեց Ագուստինը։
― Ոչինչ, ― ասաց Պիլարը։ ― Nada: Եվ, վերջապես, գարուն է, չէ՞, անասո՛ւն։
― Անասուն, ― կրկնեց Ագուստինը, կարծես ըմբոխշնելով բառը։ ― Անասուն։ Իսկ դո՞ւ։ Պոռնիկ, պոռնիկի ծնունդ։ Ես քո այդ գարնան մեջը․․․
Պիլարը թփթփացրեց նրա ուսը։
― Լսի՛ր, ― ասաց քրքջալով։ ― Ախր քո բոլոր հայհոյանքները մի հանգի են։ Բայց ամբողջ հոգով ես հայհոյում։ Ինքնաթիռները տեսա՞ր։
― Ես դրանց շարժիչները, ― ասաց Ագուստինը, գլխով դրական շարժում անելով և կծեց վերին շրթունքը։
― Ա՛յ, դա բան է, ― ասաց Պիլարը։ ― Իրոք որ բան է։ Բայց գլուխ բերելն է դժվար։
― Այդ բարձրության վրա՝ այո, ճիշտ ես, ― ասաց Ագուստինն ու քմծիծաղեց։ Desde luego:<ref>Իհարկե, անպայման (իսպ․)։</ref> Բայց ախր լավ է, երբ կատակում ես։
― Այո, ― ասաց Պաբլոյի կինը։ Անպայման լավ է։ Դու լավ մարդ ես, լավ էլ կատակում ես, համով։
― Լսի՛ր, Պիլար, ― լրջացավ Ագուստինը։ ― Երևում է ինչ֊որ բան է պատրաստվում։ Ճի՞շտ է։
― Իսկ քեզ ի՞նչ է թվում։
― Թվում է շատ կեղտոտ բան է պատրաստվում։ Այդ ինչքա՜ն ինքնաթիռներ անցան, ա՛յ կին։ Շատ շատ էին։
― Լավ վախեցար, չէ՞, ոնց որ բոլորս։
― Que va, ― ասաց Ագուստինը։ ― Տեսնես ի՞նչ են պատրաստում։ Կարո՞ղ ես ասել։
― Լսի՛ր, ― ասաց Պիլարը։ ― Եթե այս տղային Հանրապետությունն ուղարկել է, որ կամուրջներ պայթեցնի, ուրեմն մերոնք հարձակում են պատրաստում։ Ինքնաթիռներն էլ նշանակում են, որ ֆաշիստները պատրաստվում են դիմադրելու։ Բայց ինչի՞ համար էր ինքնաթիռների այս ցուցադրությունը։ Չեմ հասկանում։
― Այս պատերազմում ինչ խելագարություն ասես կատարվում է, ― ասաց Ագուստինը։ ― Հիմարությունների ծայրը չի երևում։
― Այդպես է, ― ասաց Պիլարը։ ― Թե չէ ոնց կկարողանայինք մի ամբողջ տարի այստեղ մնալ։
― Այո, ― ասաց Ագուստինը։ ― Մի տարի է արդեն, որ հիմարությունների մեջ լող ենք տալիս։ Բայց Պաբլոն հասկացող մարդ է։ Պաբլոն շատ խորամանկ է։
― Դա ինչո՞ւ ես ասում։
― Ասում եմ։
― Բայց դու մի բան պետք է հասկանաս, ― սկսեց բացատրել Պիլարը։ ― Հիմա արդեն շատ ուշ է խորամանկությամբ փրկվելու համար, իսկ ուրիշ բան նա չունի, կորցրել է։
― Հասկանում եմ, ― ասաց Ագուստինը։ ― Գիտեմ, մենք պետք է թողնենք֊հեռանանք։ Եվ քանի որ միայն պատերազմը շահելու դեպքում կարող ենք կենդանի մնալ, ուրեմն պետք է կամուրջները պայթեցնենք։ Բայց Պաբլոն, թեև հիմա թուլամորթի մեկն է, այնուամենայնիվ հնարամիտ է։
― Ես էլ եմ հնարամիտ։
― Չէ՛, Պիլար, ― ասաց Ագուստինը։ ― Դու հնարամիտ չես։ Դու քաջ ես։ Դու հավատարիմ ես։ Դու վճռական ես։ Դու կարող ես կանխազգալ։ Շատ վճռական ես ու շատ սրտոտ։ Բայց հնարամիտ չես։
― Այդպե՞ս ես կարծում, ― հարցրեց կինը մտախոհ։
― Այո, Պիլար։
― Տղան հնարամիտ է, ― ասաց կինը։ ― Ե՛վ հնարամիտ է, և՛ սառնարյուն։ Գլուխը չի կորցնում։
― Այո, ― ասաց Ագուստինը։ ― Իր գործի վարպետն է, թե չէ չէին ուղարկի։ Բայց չեմ կարող ասել հնարամիտ է թե ոչ, չգիտեմ։ Իսկ այն, որ Պաբլոն հնարամիտ է, գիտեմ։
― Բայց վախից ու անբանությունից նա դարձել է բոլորովին անպիտան։
― Բայց այնուամենայնիվ հնարամիտ է։
― Եվ ի՞նչ ես առաջարկում։
― Ոչինչ։ Ուզում եմ խելացի որոշում ընդունենք։ Մենք հիմա պետք է կարողանանք խելացի գործել։ Կամուրջը պայթեցնելուց հետո պետք է անմիջապես հեռանանք։ Ամեն ինչ պետք է նախապատրաստենք։ Պետք է իմանանք, թե ուր ենք գնում, և ինչպես։
― Անպայման։
― Այ դրա համար էլ Պաբլո է պետք։ Դա պիտի հնարամտությամբ արվի։
― Ես նրան չեմ վստահում։
― Այս հարցում վստահիր։
― Ոչ։ Դու չգիտես, թե նա ինչպիսի փլատակ է։
― Pero es muy vivo: Նա շատ հնարամիտ է։ Եվ եթե այս գործը հնարամտությամբ չարվի, այն ժամանակ մեր ըսենցն ու ընենցը կլինի։
― Կմտածեմ, ― ասաց Պիլարը։ ― Առջևում մի ամբողջ ցերեկ կա մտածելու համար։
― Կամուրջները տղային, ― ասաց Ագուստինը։ ― Նա այդ բանը հաստատ լավ կանի։ Հիշում ես, չէ՞, ոնց այն մեկը գնացքի պայթեցումը կազմակերպեց, հրաշալի էր։
― Այո, ― ասաց Պիլարը։ ― Իրոք, ամեն ինչ իր կազմած ծրագրով եղավ։
― Քոնը եռանդն է ու վճռականությունը, ― ասաց Ագուստինը։ ― Տեղափոխության գործը թո՛ղ Պաբլոյին։ Նահանջը թող Պաբլոն կազմակերպի։ Ստիպի՛ր, թող մտածի։
― Կարգին խելացի մարդ ես։
― Խելացի։ Այո, ― ասաց Ագուստինը։ ― Բայց sin picardia:<ref>Առանց խորամանկության (իսպ․)։</ref> Դրա համար էլ Պաբլոն պետք է։
― Նույնիսկ իր վախկոտությա՞մբ։
― Նույնիսկ իր վախկոտությամբ։
― Իսկ ի՞նչ ես մտածում կամուրջների մասին։
― Անհրաժեշտ է։ Գիտեմ որ անհրաժեշտ է։ Երկու բան մենք պետք է անպայման անենք։ Նախ՝ այս տեղերից պետք է հեռանանք և երկրորդ՝ պետք է հաղթենք։ Եթե ուզում ենք հաղթել, կամուրջները պիտի պայթեցնենք։
― Եթե Պաբլոն այդքան հնարամիտ է, հապա ինչո՞ւ չի հասկանում դա։
― Նա իր թուլության պատճառով ուզում է, որ ոչ մի բան չփոխվի, ուզում է իր ջրապտույտում ոնց որ պտտվում է, այնպես էլ շարունակի պտտվել։ Նա չի հասկանում, որ ջրերը բարձրանում են։ Երբ տեսնի, որ փոփոխությունն անխուսափելի է, նա վերստին հնարամիտ կդառնա։ Es muy vivo:
― Լավ էր, որ տղան չսպանեց նրան։
― Que va: Գնչուն երեկ գիշեր ինձ համոզում էր, որ ես սպանեմ։ Անասուն է այդ գնչուն։
― Դու էլ ես անասուն, ― ասաց կինը։ ― Բայց խելացի։
― Մենք երկուսս էլ խելացի ենք, դու էլ, ես էլ։ Իսկ Պաբլոն տաղանդավոր է։
― Բայց դժվար է հետը գործ անել։ Դու չգիտես, թե ոնց է նա կործանվել։
― Գիտեմ։ Բայց տաղանդավոր է։ Լսի՛ր, Պիլար։ Կռվելու համար խելքը բավական է։ Հաղթելու համար հարկավոր է տաղանդ և զինամթերք։
― Կմտածեմ ասածներիդ մասին, ― ասաց կինը։ ― Դե արդեն գնանք։ Ուշացանք։ ― Հետո բարձրացնելով ձայնը կանչեց․ ― Անգլիացի։ Ingle's! Արի՛։ Գնացինք։