Changes

Ում մահն է գուժում զանգը

Ավելացվել է 26 716 բայտ, 20:43, 17 Հունվարի 2018
/* Գլուխ երեսունչորսերորդ */
Բայց դու ոչ քո տունն ունես ոչ էլ քո անտուն բակը, մտածեց նա։ Դու ընտանիք էլ չունես, քո ունեցածը այդ մի եղբայրդ է, որը վաղը կգնա կռվի, մեկ էլ քամին է, արևը և դատարկ փորդ։ Քամին հիմա համարյա չի խաղում, մտածեց նա, իսկ արևը մայր է մտել։ Գրպանումդ չորս նռնակ ունես, մտածեց նա, բայց դրանք էլ գցելու համար են միայն։ Կարաբին ունես ուսիցդ կախած, դա էլ փամփուշտներ արձակելու համար է։ Գրպանումդ նամակ կա, պիտի հանձնես։ Մեջդ լիքը կղանք է, դա էլ հողին պահ կտաս, քմծիծաղեց մթության մեջ։ Հետն էլ կարող ես մեզդ։ Դու միայն տալ կարող ես։ Դո՛ւ, փիլիսոփա։ Դո՛ւ, դժբա՛խտ մարդ, ասաց ինքն իրեն ու նորից քմծիծաղեց։
Բայց հակառակ այդ բոլոր ազնիվ մտորումներին, թեթևացած լինելու զգացողությունը մնում էր, այն, որ ունենում էր գյուղում, երբ առավոտյան, ֆիեստայից առաջ, լսում էր թափվող անձրևի ձայնը։ Դիմացը, սարի կատարին, հանրապետական զորքերի դիրքերն էին․ նա գիտեր, որ այդտեղ իրեն ձայն կտանկտան։  ==Գլուխ երեսունհինգերորդ== Ռոբերտ Ջորդանը մտավ ննջապարկը և պառկեց դեռևս քնած Մարիայի կողքին։ Պառկեց կողքի վրա, թիկունքով՝ աղջկան, զգաց, թե ինչպես մարմնի ողջ երկարությամբ հպվել են իրար, հիմա դա ոնց որ ծաղր լիներ։ Կատաղությունից ուտում էր իրեն։ Դու այդ ի՞նչ արեցիր, դո՛ւ։ Այո՛, դո՛ւ։ Չէ՞ որ առաջին իսկ հանդիպման ժամանակ դու ինքդ ասացիր, որ հենց այն պահին, երբ նա սիրալիրություն ցույց կտա, իմացիր, որ դավաճանությունը պատրաստ է։ Անիծյալ ապուշ։ Երիցս անիծյալ ապուշ։ Լա՛վ, վերջացրո՛ւ։ Հիմա դրա ժամանակը չէ։ Կարո՞ղ է թաքցրած լինել կամ գցած լինի մի կողմի վրա։ Հազիվ թե։ Եթե գցած էլ լինի, այս մթանը ո՞նց կգտնես։ Հետը տարած կլինի։ Պայթուցիկ էլ է վերցրել։ Ա՜խ, դու կեղտո՛տ, ստո՛ր, հարբեցող դավաճա՛ն։ Կղա՛նք։ Գնո՞ւմ էիր, գնայիր, էլ պայթուցիչն ու դետոնատորներն ո՞ւր ես տանում։ Ես ինչո՞ւ այդպես հիմարացա ոը թողեցի դրանք այդ անիծյալ կնոջ մոտ։ Խորամա՛նկ, դավաճա՛ն պոռնկորդի։ Կետո՛տ cabron: Վերջացրո՛ւ, հանգստացի՛ր, ասաց ինքն իրեն։ Այս գործն առանց ռիսկի չէր լինի։ Դե հիմա խաբվել ես։ Այն էլ ո՜նց, չորս ոտով ես ընկել։ Լա՛վ, գլուխդ մի՛ կորցրու, կատաղությունդ մի կողմ դիր, բավական է ողբաս ու քեզ պատերով տաս։ Գնացին իրերդ։ Գնացին ու վերջ։ Գրողի ծոցը գնար այդ կեղտոտ խոզը։ Հիմա մտածիր, թե ոնց ես սրա տակից դուրս գալու։ Դուրս պիտի գաս, ոնց ուզում ես արա, բայց կամուրջը պիտի պայթեցնես, թեկուզ ինքդ կանգնես տակը․․․ Մի հիմարություն էլ դա, վերջացրո՛ւ։ Արի պապիցդ խորհուրդ հարցրու։ Տո իմ պապին էլ, տո այս դավաճան անիծյալ երկիրն էլ, այդ կեղտոտ իսպանացիներին էլ, այս կողմիններին էլ, այն կողմիններին էլ, տո բոլորին էլ։ Լարգոյին էլ, Պրիետոյին էլ, Անսելմոյին էլ, Միախային էլ, Ռոխոյին էլ, բոլորին։ Առանձին֊առանձին և բոլորին միասին։ Դավաճանությամբ լցված այս ամբողջ երկրին։ Դրանց եսապաշտության, ինքնահավանության, ինքնագոհության, դավաճանության։ Անիծվեն դրանք։ Ո՞ւր ենք դրանց համար մեռնում։ Մեռնելուց առաջ ես դրանց։ Մեռնելուց հետո էլ։ Սատկեն դրանք, գրողի ծոցը գնան։ Ես քո Պաբլոյի։ Դրանք բոլորն էլ Պաբլո են։ Ո՜վ աստված, գթա՛ իսպանացի ժողովրդին։ Այս երկրի բոլոր առաջնորդներն էլ թքած են ունեցել նրա վրա։ Երկու հազար տարվա ընթացքում միայն մի լավ մարդ է եղել՝ Պաբլո Իգլեսիասը, բոլոր մնացածները թքել են ժողովրդի վրա։ Ի՞նչ իմանաս, թե նա ինչպես կպահեր իրեն այս պատերազմում։ Հիշում եմ, մի ժամանակ Լարգոն ինձ կարգին մարդ էր թվում։ Դուրուտին էլ լավ մարդ էր, և հենց իր մարդիկ էլ սպանեցին նրան Պուենտե֊դե֊լոս֊Ֆրանկեսեսում։ Սպանեցին, որովհետև նրանց հարձակման էր տանում։ Սպանեցին անկարգապահության փառավոր կարգապահությամբ։ Վախկոտ խոզեր։ Գրողի ծոցը բոլորն էլ։ Այդ Պաբլոն էլ, որ պայթուցիչս ու դետոնատորներս առավ ու ծլկեց։ Դժոխքի խորխորատը ծլկեր։ Ո՛չ։ Նա մե՛զ այնտեղ ուղարկեց։ Նրանք բոլորն էլ, Կորտեսից, Մենենդես դե Ավիլայից մինչև Միախա, մեզ են այնտեղ ուղարկել։ Հիշիր, թե ինչ արեց Միախան Կլեբերին։ Այդ եսապաշտ ճաղատ խոզը։ Այդ ձվանման գլխով բութ պոռնկորդին։ Ես այդ խելագար, եսապաշտ, դավաճան խոզերի, որ միշտ եղել են Իսպանիայի կառավարության ու բանակի գլուխը։ Ես դրանց բոլորի, բացի ժողովրդից։ Եվ ինչքան շարունակեց, այնքան չափազանցությունների մեջ ընկավ ու արդեն առանց տարբերակման և անիրավացիորեն ներկեց բոլորին և հետզհետե համոզվեց, որ ինքը ճիշտ չէ, և կատաղությունն սկսեց իջնել։ Եթե այդ բոլորը ճիշտ են, դու ինչո՞ւ ես այստեղ։ Ճիշտ չեն, և ինքդ էլ գիտես։ Նայիր ինչքան լավ մարդիկ կան։ Ինչքան հիանալի մարդիկ։ Նա հիմա ցավում է, որ անարդար էր գտնվել։ Անարդար լինելը նա նույնքան էր ատում, ինչքան դաժանությունը, կատաղությունն էր կուրացրել նրան, բայց զայրույթն սկսել էր աստիճանաբար հանգչել, կարմիր, սև կուրացնող, սպանող զայրույթն հիմա բոլորովին չքացել էր արդեն, հանգիստ էր, ուղեղում խաղաղ դատարկություն էր, այնպիսի մի պայծառություն, դատողության սառնություն, որպիսին լինում է սեռական հարաբերություն ունենալուց հետո մի կնոջ հետ, որին չես սիրում։ ― Եվ դու, դու, խեղճ նապաստակ, ― ասաց ու կռացավ Մարիայի վրա, որը քնի մեջ ժպտաց ու սեղմվեց իրեն։ ― Եթե մի քիչ առաջ փորձեիր հետս խոսել, կխփեի քեզ։ Ինչպիսի անասուններ ենք տղամարդիկս, մեր կատաղության պահին։ Նա հիմա սեղմվել էր աղջկան, գրկել, կզակը դրել ուսին, և այդպես պառկած որոշում էր, թե առավոտյան ինչ պիտի անի և ինչպես պիտի անի։ Այնքան էլ վատ չէ, մտածեց նա։ Իսկապես որ այնքան էլ վատ չէ։ Չգիտեմ սրանից առաջ որևէ մեկն այդպիսի բան արդյոք արե՞լ է։ Բայց մեզնից հետո կլինեն մարդիկ, որոնք այսպիսի հանգամանքներում մեզ նման կվարվեն։ Եթե մենք անենք, նրանք էլ մեր արածն իմանան։ Այո, եթե իմանան։ Եթե ստիպված չլինեն գլուխ կոտրելու, թե ինչպես ենք արել։ Շատ քիչ ենք, բայց կարիք չկա անհանգստանալու։ Այսքանով էլ կպայթեցնեմ կամուրջը։ Աստված իմ, ինչ լավ եղավ, որ զայրույթս իջավ։ Ոնց որ բքի մեջ ընկած լինեի, չէի կարողանում շնչել։ Դա էլ է անթույլատրելի շքեղություն։ ― Ամեն ինչ հաշված, որոշված է, guapa, ― փսփսաց Մարիայի ուսին։ ― Այդ բոլորը քո կողքով անցան։ Դու ոչինչ չիմացար։ Մենք կսպանվենք, բայց կամուրջը կպայթեցնենք։ Դու դրա մասին անհանգստանալու առիթ չունեցար։ Բայց որպես հարսանեկան նվեր դա այնքան էլ բանի նման չէ։ Ասում են ամենաթանկ բանը գիշերվա խոր քունն է։ Դու այս գիշեր խոր քնել էիր։ Գուցե քունդ որպես ամուսնական մատանի՞ անցկացնես մատիդ։ Քնի՛ր, guapa։ Անո՜ւշ քնիր, սիրելի՛ս։ Ես քեզ չեմ զարթնեցնի։ Հիմա այդքանը կարող եմ անել քեզ համար։ Նա պառկել էր, թեթև գրկել աղջկան, զգում էր նրա շնչառությունը, զգում էր նրա սրտի բաբախյունը և հետևում էր թևին կապված ժամացույցի սլաքի պտույտին։  ==Գլուխ երեսունվեցերորդ== Անդրեսը մոտեցավ հանրապետականների դիրքերին ու ձայն տվեց։ Ավելի ճիշտ, պառկեց եռաշար փշալարերի տակ պատի նման իջնող ժայռի ստորոտին և գոռաց։ Մթության մեջ նա հեշտությամբ կարող էր անցնել այս դիրքի կողքով և մինչև իրեն ձայն տային, գնար հանրապետականների հսկողության տակ եղող հողերով, որովհետև պաշտպանական համատարած գիծ գոյություն չուներ։ Բայց մտածեց, որ այսպես ավելի ապահով ու ավելի պարզ կլինի։ ― Salud, ― գոռաց։ ― Salud, milicianos!<ref>Ողջույն զինվորներ (իսպ․)։</ref> Հրացանի փակաղակի շխկոց լսեց։ Հետո հողաթմբի հեռավոր ծայրից հրացանով կրակեցին։ Խլացուցիչ ճայթուն լսվեց, և դեղին մի գիծ վերևից ներքև ճեղքեց մթությունը։ Փակաղակի շխկոցի վրա Անդրեսը երեսնիվայր պառկեց ու գլուխը կոխեց հողի մեջ։ ― Մի՛ կրակեք, ընկերներ, ― գոռաց Անդրեսը։ ― Մի՛ կրակեք։ Ես ձեզ մոտ եմ եկել։ ― Քանի՞ հոգի եք, ― գոռաց մեկը հողաթմբի ետևից։ ― Մեկ։ Ես։ Մենակ։ ― Դու ո՞վ ես։ ― Անդրես Լոպեսը, Վիլլակոնեխոսից։ Պաբլոյի խմբից։ Նամակ եմ բերել։ ― Հրացանդ ու փամփուշտներդ հետդ ե՞ն։ ― Այո, բարեկամ։ ― Առանց հրացանի ու փամփուշտների ոչ ոքի չենք ընդունում այստեղ, ― ասաց ձայնը։ ― Եվ պիտի երեք հոգուց ավելի չլինեն։ ― Ես մենակ եմ, ― գոռաց Անդրեսը։ ― Շատ կարևոր գործ է։ Թողեք ներս գամ։ Լսեց, որ հողաթմբի ետևում խոսում են, բայց թե ինչ, չէր սլվում։ Հետո նույն ձայնը նորից գոռաց․ ― Քանի՞ հոգի եք։ ― Մեկ։ Ես։ Մենակ։ Աստծու սիրույն։ Հողաթմբի ետևում նորից էին խոսում։ Հետո ձայնը ասաց․ ― Լսի՛ր, ֆաշիստ։ ― Ես ֆաշիստ չեմ, ― գոռաց Անդրեսը։ ― Ես guerrillero եմ, Պաբլոյի խմբից։ Նամակ եմ բերել, գլխավոր շտաբին։ ― Խելագար է, ― լսվեց վերևից։ ― Մի նռնակ գցիր֊վերջացրո՛ւ։ ― Լսի՛ր, ― ասաց Անդրեսը։ ― Ես մենակ եմ։ Միայն ու միայն ես եմ։ Թե մենակ չեմ, սուրբ մասունքի ըսենցն ու ընենցը։ Դե թողեք ներս գամ։ ― Բարեպաշտ քրիստոնյա է երևում, ― ասաց մեկն ու ծիծաղեց։ ― Ամենից լավն այն է, որ մի նռնակ գցենք ու վերջացնենք, ― ասաց մեկ ուրիշը։ ― Ո՛չ, ― ասաց Անդրեսը։ ― Դա շատ մեծ սխալ կլինի։ Սա կարևոր գործ է։ Թողեք ներս գամ։ Այ սրա համար էր, որ չէր սիրում ռազմաճակատային գիծն անցնել֊դառնալը։ Երբեմն համեմատաբար հաջող էր լինում։ Բայց լավ՝ երբեք չի եղել։ ― Մենա՞կ ես, ― նորից լսվեց վերևից եկող ձայնը։ ― Me cago en la leche,<ref>Իսպաներեն հայհոյանք։</ref> ― Քանի՞ ամգամ ասեմ։ Մենակ եմ։ ― Եթե մենակ ես, կանգնիր ու հրացանդ պահիր գլխիդ վերևը։ Անդրեսը կանգնեց ու կարաբինը երկու ձեռքով պահեց գլխավերևում։ ― Հիմա անցիր փշալարերը։ Maquina֊ն վրադ ենք պահել, ― ասաց ձայնը։ Անդրեսը մոտեցել էր փշալարերի առաջին գծին։ ― Ձեռքերս այսպես պահած չեմ կարող անցնել փշալարերից, ― գոռաց Անդրեսը։ ― Չիջեցնես, ― հրամայեց ձայնը։ ― Փշալարին եմ առել, ― գոռաց Անդրեսը։ ― Մի նռնակ գցենք վերջանա, ― ասաց մի ձայն։ ― Հրացանը թող ուսին գցի, ― ասաց մի ուրիշ ձայն։ ― Ձեռքերն այդպես պահած ո՞նց կարող է անցնել փշալարերից։ Մի քիչ մտածիր։ ― Բոլոր ֆաշիստներն էլ նույնն են, ― ասաց մի ուրիշ ձայն։ ― Մեկը չվերջացրած մյուս պայմանն են դնում։ ― Լսե՛ք, ― գոռաց Անդրեսը։ ― Ես ֆաշիստ չեմ, guerrillero եմ, Պաբլոյի խմբից։ Մենք ավելի շատ ենք ֆաշիստ կոտորել, քան տիֆը։ ― Երբեք չեմ լսել այդ Պաբլոյի խմբի մասին, ― ասաց մի տղամարդ, որը հավանաբար պահակակետի հրամանատարն էր։ ― Ո՛չ Պետրոսի, ո՛չ Պողոսի, ո՛չ էլ ուրիշ առաքյալների ու սրբերի։ Կամ նրանց խմբերի։ Հրացանդ գցիր ուսիդ ու ձեռքերով ազատ գործիր։ ― Քանի դեռ maquina֊յից կրակ չենք բացել, ― գոռաց մեկ ուրիշը։ ― Que poco amables sois, ― ասաց Անդրեսը։ ― Շատ սիրալիր չեք։ Փշալարերի արանքով սկսեց առաջ շարժվել։ ― Սիրալի՞ր, ― գոռաց մեկը։ ― Լսի՛ր, բարեկա՛մ, մենք պատերազմի մեջ ենք։ ― Երևում է, ― ասաց Անդրեսը։ ― Ի՞նչ է ասում։ Անդրեսը նորից փակաղակի շխկոց լսեց։ ― Ոչինչ, ― գոռաց նա։ ― Բան չեմ ասում։ Չկրակեք, թողեք անցնեմ այս ինչն արած փշալարով։ ― Չփորձես հայհոյել մեր փշալարին, ― գոռաց մեկը։ ― Թե չէ նռնակը կգա գլխիդ։ ― Quiero decir, que buena alambrada,<ref>Ուզում եմ ասել՝ ի՜նչ գեղեցիկ փշալար է (իսպ․):</ref> ― գոռաց Անդրեսը։― Ի՜նչ գեղեցիկ փշալար է։ Ոնց որ տեր աստվածն արտաքնոցում։ Ի՜նչ սիրուն փշալար է։ Մի րոպե էլ համբերեք, արդեն հասնում եմ, եղբայրներ։ ― Շպրտենք նռնակը, ― ասաց մեկի ձայնը։ ― Դրանից խելացի բան չկա, լսե՛ք ինձ։ ― Եղբայրնե՛ր, ― ասաց Անդրեսը։ Նա քրտնքի մեջ կորել էր, գիտեր, որ այդ խորհուրդը տվողը կարող է ուզածդ պահին ինքը գցել նռնակը։ ― Ախր ես ո՞վ եմ, ես ոչ մի արժեք չունեմ։ ― Հավատում եմ, ― ասաց նռնակ առաջարկողը։ ― Իրավացի ես, ― ասաց Անդրեսը։ Նա զգուշությամբ անցնում էր փշալարերի երկրորդ գիծը և արդեն գրեթե հողաթմբի կողքին էր։ ― Ես ոչ մի արժեք չունեմ։ Բայց այս գործը շատ կարևոր է։ Muy, muy serio.<ref>Շատ, շատ կարևոր (իսպ․)։</ref> ― Ազատությունից ավելի կարևոր բան չկա, ― գոռաց նռնակ առաջարկողը։ ― Ի՞նչ է, կա՞ ազատությունից ավելի կարևոր բան, ― հարցրեց մարտահրավերի կոչով։ ― Չկա, բարեկամ, ― ասաց Անդրեսը թեթևացած։ Նա հասկացավ, որ կանգնած է խելագարների դիմաց՝ սև֊կարմիր վզկապավորների։ ― Viva la Libertad!<ref>Կեցցե ազատությունը (իսպ․)։</ref> ― Viva la F.A. I.<ref>Իբերիայի անարխիստների ֆեդեդացիա։</ref> Viva la C. N. T, <ref>Աշխատամքի ազգային կոնֆեդերացիա։</ref> ― գոռացին հողաթմբի ետևից։ ― Viva el anarco-sindicalismo և ազատությունը։ ― Viva nostros, ― գոռաց Անդրեսը։ ― Կեցցենք մենք։ ― Մերոնցից է, ― ասաց նռնակ առաջարկողը։ ― Իսկ ես քիչ էր մնում սպանեի սրանով։ Նա նայեց ձեռքի նռնակին, հետո, խորապես զգացված՝ հողաթումբն անցնող Անդրեսին։ Թևերը բացեց, փաթաթվեց Անդրեսին, համբուրեց այտերը, նռնակը տակավին ձեռքին էր և հիմա արդեն հանգչում էր Անդրեսի ուսին։ ― Ես շատ գոհ եմ, որ ոչ մի բան չպատահեց, եղբայր, ― ասաց նա։ ― Շատ գոհ եմ։ ― Որտե՞ղ է սպան, ― հարցրեց Անդրեսը։ ― Ես եմ հրամանատարը, ― ասաց մարդը։ ― Տո՛ւր տեսնեմ թղթերդ։ Գնաց բլինդաժ և սկսեց մոմի լույսի տակ ստուգել փաստաթղթերը։ Առաջինը Հանրապետության դրոշի գույնի մետաքսով պատված երկծալ մի վկայական էր, կենտրոնում՝ ՌՀԾ֊ի կնիքը։ Հետո մի Salvoconducto էր, անցագիր, որի մեջ գրված էին անունը, տարիքը, հասակի բարձրությունը, ծննդյան վայրը և տրված հանձնարարությունը։ Այս թուղթը տվել էր Ռոբերտ Ջորդանը, գրել էր իր նոթատետրից պոկված թերթիկի վրա և ՌՀԾ֊ի կնիքով հաստատել։ Սրանց հետ էր նաև Գոլցին ուղղված զեկուցագիրը, չորս թերթիկից բաղկացած, որոնք իրար հետ թելով կապված ու ՌՀԾ֊ի մետաղյա կնիքով մոմով կնքված էին։ ― Ծանոթ եմ սրանց, ― ասաց պահակակետի հրամանատարը և վերադարձրեց մետաքսի կտորը։ ― Սա բոլորիդ մոտ էլ կա։ ― Բայց ոչ մի արժեք չունի, եթե այ, հիմա ինձ չասես։ ― Նա վերցրեց Salvoconducto֊ն և նորից սկսեց կարդալ։ ― Որտե՞ղ ես ծնվել։ ― Վիլլակոնեխոսում, ― ասաց Անդրեսը։ ― Ի՞նչ է աճում այնտեղ։ ― Սեխ, ― ասաց Անդրեսը։ ― Ամեն մարդ էլ գիտի դա։ ― Ո՞ւմ ես ճանաչում։ ― Ինչո՞ւ։ Դո՞ւ էլ ես այնտեղից։ ― Ոչ։ Բայց եղել եմ։ Ես Արանխուեսից եմ։ ― Հարցրու ում մասին ուզում ես։ ― Նկարագրիր Խոսե Ռինկոնին։ ― Նա՞, որ գինետուն ունի։ ― Հենց նա։ ― Գլուխն ածիլված, փորը՝ մեծ, մի աչքն էլ խումար։ ― Հիմա արդեն սա արժեք ունի, իսկական է, ― ասաց ու վերադարձրեց վկայականը։ ― Բայց ի՞նչ ես անում այնտեղ, նրանց կողմը։ ― Հայրս նախքան պատերազմը ընտանիքը փոխադրեց Վիլլակաստին, ― ասաց Անդրեսը։ ― Լեռների մյուս երեսը դաշտավայր է։ Այնտեղ էինք, երբ պատերազմն սկսվեց։ Պատերազմի սկզբից Պաբլոյի խմբում եմ։ Բայց հիմա շատ եմ շտապում, բարեկամ, այս նամակը պետք է տեղ հասցնեմ։ ― Իսկ ի՞նչ է կատարվում այնտեղ, ֆաշիստների տերիտորիայում, ― հարցրեց պահակակետի հրամանատարը։ Նա չէր շտապում։ ― Լավ քրտնեցինք այսօր։ Ամբողջ օրը փոշին բռնել էր երկինքը։ Այսօր Սորդոյի խմբին ոչնչացրին ֆաշիստները։ ― Սորդոն ո՞վ է, ― հարցրեց մյուսը կասկածանքով։ ― Մեր սարերի ամենալավ խմբերից մեկի առաջնորդը։ ― Ճիշտն այն կլիներ, որ դուք բոլորդ էլ գայիք ու հանրապետական բանակում ծառայեիք, ― ասաց սպան։ ― Ո՞ւմ է պետք այդ հիմար պարտիզանությունը։ Բոլորդ էլ պետք է գաք ու սովորեք ենթարկվել զինվորական կարգապահության։ Իսկ եթե պարտիզանների կարիք լինի, ինքներս կուղարկենք։ Անդրեսը գերագույն համբերությամբ օժտված մարդ էր։ Նա հանգիստ անցել էր փշալարերը։ Այս ստուգումները նույնպես չէին վրդովեցրել նրան։ Նա գտնում էր, որ շատ բնական է, եթե այս մարդը չի հասկանում, թե իրենք ինչ են անում ու հիմար֊հիմար դուրս է տալիս։ Անսպասելի ոչինչ չկար նաև այս դանդաղկոտության մեջ, բայց հիմա նա շտապում էր, պետք է տեղ հասներ։ ― Լսիր, compadre, ― ասաց նա։ ― Երևի դու իրավացի ես։ Ես այս նամակը պետք է հասցնեմ 35֊րդ դիվիզիայի հրամանատարին, լուսաբացին գեներալն այս սարերում հարձակում է սկսելու, արդեն ուշ գիշեր է, ես պետք է գնամ։ ― Ի՞նչ հարձակում։ Դու որտեղի՞ց գիտես հարձակման մասին։ ― Ես ոչ մի բան չգիտեմ։ Ես հիմա պետք է Նավասեռադա գնամ։ Տար ինձ ձեր հրամանատարի մոտ, որպեսզի փոխադրական տա։ Մեկնումեկին ուղարկիր հետս, միայն թե շուտ, չի կարելի ուշացնել։ ― Այս ամենը ինձ ինչ֊որ կասկածելի է թվում, ― ասաց նա։ ― Ավելի լավ էր քեզ խփեինք փշալարերի մոտ։ ― Բայց չէ՞ որ թղթերս տեսար, ընկե՛ր, ես քեզ բացատրեցի, չէ՞, ինչ հանձնարարությամբ եմ գնում, ― համբերատարությամբ ասաց Անդրեսը։ ― Թղթերը կարելի է սարքել, ― ասաց սպան։ ― Այդպիսի հանձնարարություն ուզածդ ֆաշիստն էլ կարող է հնարել։ Ես կտանեմ քեզ հրամանատարի մոտ։ ― Լավ, ― ասաց Անդրեսը։ ― Դու տար։ Բայց արագ գնանք։  ― Լսի՛ր, Սանչես։ Կմնաս իմ փոխարեն, ― ասաց սպան։ ― Դու գիտես ինչը ոնց անես։ Ես այս այսպես կոչված ընկերոջը տանում եմ հրամանատարի մոտ։ Բարձունքից դենն ընկած խրամատով նրանք առաջ շարժվեցին մթության մեջ, մացառների միջից Անդրեսի քթին խփեց բարձունքի պաշտպանների աջ ու ձախ սփռված կեղտի հոտը։ Այդ մարդիկ նրան դուր չէին եկել, վտանգավոր երեխաների էին նման՝ կեղտոտ, անկարգ, ազնիվ, անուշ, հիմար և տգետ, ու միշտ վտանգավոր, որովհետև զինված են։ Ինքը՝ Անդրեսը, քաղաքականության հետ գործ չուներ, նա Հանրապետության կողմն էր, այդքան։ Շատ էր լսել նրանց, և շատ հաճախ էին այդ խոսքերը նրան գեղեցիկ թվացել, բայց այդ մարդիկ նրան դուր չէին եկել։ Ի՞նչ ազատության մասին է խոսքը, երբ մարդն ինքն իր կեղտը չի ծածկում։ Կատվից էլ ազատ կենդանի՞։ Միշտ էլ կեղտը ծածկում է։ Ամենամեծ անարխիստը կատուն է։ Մինչև կատվից այդ բանը չսովորեն, ես դրանց չեմ կարող հարգել։ Առջևից գնացող սպան հանկարծ կանգ առավ։ ― Կարաբինդ դեռ մո՞տդ է, ― ասաց նա։ ― Այո, ― ասաց Անդրեսը։ ― Ի՞նչ է եղել։ ― Ինձ տուր, ― ասաց սպան։ ― Կարող է խփես ինձ թիկունքից։ ― Ինչո՞ւ, ― հարցրեց Անդրեսը։ ― Ինչո՞ւ խփեմ թիկունքից։ ― Ո՞վ իմանա, ― ասաց սպան։ ― Ես ոչ մեկին չեմ վստահում։ Տո՛ւր կարաբինը։ Անդրեսը ուսից հանեց հրացանն ու տվեց։ ― Եթե ուզում ես շալակել, ― ասաց նա։ ― Այսպես ավելի լավ է, ― ասաց սպան։ ― Այսպես ավելի ապահով է։ Մթության մեջ սարալանջով գնացին ցած։ 
91
edits