Changes

Անասնաֆերմա

Ավելացվել է 72 702 բայտ, 09:57, 20 Հունիսի 2013
:    Անասուններն անսահման ցնցված էին, իմանալով, որ անգամ Ձնագնդու պես մեկն ընդունակ էր այդ աստիճանի չարագործության։ Լսվեցին վրդովմունքի բացականչություններ, ամեն մեկը սկսեց Ձնագնդուն բռնելու ձեւեր հորինել, եթե վերջինս փորձեր վերադառնալ։ Բլրակից ոչ հեռու համարյա իսկույն խոզի ոտնահետքեր հայտնաբերվեցին։ Դրանք կարծես թե տանում էին ցանկապատի միջի անցքի ուղղությամբ։ Հետքերը հոտոտելով, Նապոլեոնը հայտարարեց որ դրանք Ձնագնդունն են։ Նրա կարծիքով, Ձնագնդին ամենայն հավանականությամբ եկել էր Ֆոքսվուդ ֆերմայի կողմից։
:    — Ընկերներ, այլեւս ոչ մի րոպե չենք կորցնում։— Ասաց Նապոլեոնը, հետքերն ուսումնասիրելուց հետո։— Անելիք դեռ շատ կա։ Հենց այս առավոտից սկսում ենք հողմաղացի վերականգնումը եւ կշարունակենք ամբողջ ձմեռ, անկախ եղանակից։ Մենք ցույց կտանք այդ ողորմելի դավաճանին, որ մեզ այդքան էլ հեշտ չէ կասեցնել։ Լավ հիշեք, ընկերներ, ոչ ոք չի կարող խափանել մեր ծրագրերը՝ դրանք անշեղորեն կիրագործվեն մինչեւ վերջ։ Առա՛ջ, ընկերներ։ Կեցցե՛ հողմաղացը։ Կեցցե՛ Անասնաֆերման։
 
==ԳԼՈՒԽ 7==
 
:Ձմեռը շատ դժվարին էր։ Փոթորկոտ եղանակը փոխարինվեց անձրեւներով ու ձյունով, իսկ ապա՝ սառնամանիքով, որը տեւեց մինչեւ փետրվարի կեսերը։ Անասուններն ուժերի ներածին չափով շարունակում էին հողմաղացի վերականգնումը, լավ գիտակցելով, որ արտաքին աշխարհը հետեւում է իրենց, եւ որ նախանձ մարդիկ կցնծան ու հաղթանակ կտոնեն, եթե հողմաղացը չկառուցվի ժամանակին։
:    Մարդիկ, ի հեճուկս նրանց, ձեւացնում էին, թե չեն հավատում որ հողմաղացն ավերել է Ձնագնդին՝ նրանք պնդում էին, որ հողմաղացը փլվել է պատերի բարակության հետեւանքով։ Անասունները, սակայն, գիտեին, որ դա այդպես չէ։ Այնուամենայնիվ այս անգամ որոշվեց երկու թիզի փոխարեն պատերը շարել երեք ոտք հաստությամբ, իսկ դա նշանակում էր, որ հարկավոր է անհամեմատ մեծ քանակությամբ քար հավաքել։ Երկար ժամանակ քարհանքը ծածկված էր ձյունով, եւ ոչինչ անել հնարավոր չէր։ Որոշ առաջընթաց նկատվեց դրան հաջորդած չոր սառնամանիքին, բայց դա դաժան աշխատանք էր, եւ անասունները դժվարությամբ էին վերականգնում իրանց առաջվա խանդավառությունը։ Նրանք անընդհատ մրսում էին եւ սովորաբար նաեւ քաղցած էին։ Թեւաթափ չէին լինում միայն Դմբուզն ու Երեքնուկը։ Զռանը հիանալի ճառեր էր ասում նվիրման բերկրանքի եւ աշխատանքի արժանապատվության մասին, բայց մյուս անասուններն ավելի շատ ներշնչվում էին Դմբուզի ուժից եւ նրա մշտական բացականչությունից՝ «Ես ավելի եռանդուն կաշխատեմ»։
:    Հունվարին անասնակերը պակասեց։ Հացահատիկի օրաբաժինը կտրուկ կրճատվեց եւ հայտարարվեց, որ փոխարենը սահմանվում է կարտոֆիլի լրացուցիչ նորմա։ Սակայն պարզվեց, որ կարտոֆիլի բերքի մեծ մասը ցրտահարված է, քանի որ կույտերը բավականաչափ հաստ շերտով չէին ծածկվել։ Կարտոֆիլները փափկել էին ու դալկացել, մեթ մասն ուտելու պիտանի չէր։ Անասուններն օրերով ոչինչ չէին ուտում, դարմանից ու ճակընդեղից բացի։ Սովամահությունը դարձավ իրական հնարավորություն։
:    Այդ փաստն անհրաժեշտ էր արտաքին աշխարհից թաքցնել։ Հողմաղացի փլուզումից քաջալերվերլով, մարդիկ սկսել էին նորանոր ստեր հորինել Անասնաֆերմայի մասին։ Նորից պնդում էին, թե անասունները սատկում են սովից ու համաճարակներից, որ նրանք անվերջ գզվռտվում են եւ զբաղվում կանիբալիզմով ու մանկասպանությամբ։ Նապոլեոնը լավատեղյակ էր այն բացաբական հետեւանքներին, որոնց կարող էին հասցնել անասունների պակասորդին վերաբերող իրական տվյալները, եւ նա որոշեց Վիմփըրին օգտագործել հակառակ տպավորությունը ստեղծելու համար։ Այսուհետեւ անասունները Վիմփըրի շաբաթական այցելությունների ժամանակ նրա հետ բոլորովին չէին շփվում։ Միեւնույն ժամանակ հատուկ ընտրված մի քանիսին, մեծ մասամբ ոչխարներին, ցուցմունք էր տրված նրա ներկայությամբ իմիջայլոց նկատել, որ օրաբաժիններն ավելացել են։ Բացի այդ Նապոլեոնը հրամայել էր համարյա դատարկ շտեմարանները բերնեբերան ավազ լցնել, իսկ վրայից ծածկել հացահատիկի ու անասնակերի մնացորդներով։ Մի հարմար պատրվակով Վիմփըրին անց էին կացրել ամբարի միջով, հնարավորություն ստեղծելով տեսնել շտեմարանները։ Այդպես խաբվելով, նա շարունակում էր աշխարհին պատմել, որ Անասնաֆերմայում սննդի պակաս չի զգացվում։
:    Բայց եւ այնպես հունվարի վերջին պարզ դարձավ, որ ինչ֊որ տեղից անհրաժեշտ է լրացուցիչ հացահատիկ ճարել։ Այդ օրերին Նապոլեոնը հազվադեպ էր հրապարակ դուրս գալիս, ժամանակի մեծ մասն անցկացնելով բնակելի տանը, որի ամեն մի դուռ պահպանում էր կատաղի տեսքով մի շուն։ Դուրս գալու դեպքուն նրան միշտ հանդիսավոր կերպով ուղեկցում էին վեց շուն, չորս կողմից շրջապատելով եւ գռմռալով, եթե մեկը փորձեր չափից ավելի մոտենալ։ Հաճախ նա անգամ չէր հայտնվում կիրակի առավոտներին, իր հրամաններն արձակելով ուրիշ խոզերի, սովորաբար Զռանի միջոցով։
:    Մի կիրակի Զռանը հայտարարեց, որ հավերը, որոնք ուր որ է պիտի ածեին, պարտավոր են ձվերը հանձնել։ Վիմփըրի միոջոցով Նապոլեոնը շաբաթական չորս հարյուր ձու մատակարարելու պայմանագիր էր կնքել։ Դրանից ստացված գումարով հացահատիկ ու անասնակեր էր գնվելու մինչեւ ամառ, երբ պայմանները կթեթեւանան։
:    Այդ լսելուն պես հավերը սոսկալի աղաղակ գցեցին։ Նրանց զգուշացրել էին նման զոհողության հավանակության մասին, բայց հավերը չէին հավատացել, որ դա հնարավոր է։ Նրանք արդեն պատրաստվել էին գարնանային թուխս նստել եւ ընդվզեցին, պնդելով որ ձվերի բռնագրավումը սպանություն է։ Ջոնզի վտարման օրից առաջին անգամ ֆերմայում ապստամբության պես մի բան տեղի ունեցավ։ Երեք երիտասարդ սեւ վառեկների առաջնորդությամբ հավերը վճռական մի փորձ ձեռնարկեցին խափանել Նապոլեոնի նախաձեռնությունը։ Նրանք թառեցին տանիքի հեծաններին եւ սկսեցին ածել այնտեղ՝ ձվերն ընկնում էին հատակին ու փշրվում։ Նապոլեոնի անգութ պատասխանը հետեւեց անհապաղ։ Նա հրամայեց կտրել հավերի օրաբաժինը եւ մահապատիժ սահմանեց ցանկացած անասունի համար, որը կփորձի նրանց թեկուզ մեկ հատիկ տալ։ Շները հետեւում էին այդ հրահանգների իրագործմանը։ Հինգ օր դիմանալուց հետո հավերը հանձնվեցին եւ վերադարձան իրենց թառերը։ Ինը հավ այդ ընթացքում սատկեց։ Նրանց թաղեցին բոստանում, լուր տարածելով, թե մահվան պատճառը կոկցիդիոզն էր։ Վիմփըրն այդ մասին ոչինչ չիմացավ, եւ ձվերը ժամանակին հանձնվեցին նպարավաճառին, որն այդուհետեւ գալիս էր ամեն շաբաթ։
:    Այդ ամբողջ ընթացքում Ձնագնդուն ոչ ոք չէր տեսել։ Ասում էին թե նա թաքնվում է հարեւան ֆերմաներից մեկում՝ Ֆոքսվուդում կամ Փինչֆիլդում։ Նապոլեոնը դրանց տերերի հետ նախկինից փոքր֊ինչ ավելի լավ հարաբերություններ ուներ։ Ֆերմայի բակում տաս տարուց ի վեր գերանների մի կույտ էր դարսված, որ գոյացել էր ժամանակին հաճարենու անտառուտը մաքրելուց։ Փայտը լավ չորացած էր, եւ Վիմըփըրը Նապոլեոնին խորհուրդ տվեց կույտը վաճառել՝ միստր Փիլքինգտոնը եւ միստր Ֆրեդերիքը, երկուսն էլ ցանկանում էին գնել։ Նապոլեոնը չէր կարողանում որոշել, թե նրանցից ում ընտրի։ Նկատել էին, որ երբ նա հակվում էր Ֆրեդրիքի կողմը, հայտարարվում էր, որ Ձնագնդին թաքնվում է Ֆոքսվուդում, իսկ երբ նախապատվությունը տրվում էր Փիլքինգտոնին, Ձնագնդին հայտնվում էր Փինչֆիլդում։
:    Վաղ գարնանն անսպասելիորեն տագնապալի մի բան հայտնաբերվեց։ Ձնագնդին գիշերը գաղտագողի պես թափանցում էր ֆերմա։ Անասուններն այն աստիճան հուզված էին, որ չէին կարողանում գոմում հանգիստ քնել։ Ասում էին, որ նա մթության մեջ ամեն գիշեր սողոսկում է ֆերմա եւ ամեն տեսակի չարիք գործում։ Նա գողանում էր ցորենը, շուռ էր տալիս կաթով դույլերը, կոտրում ձվերը, տրորում էր ցանքը, կրծոտում պտղատու ծառերը։ Ամեն մի ձախորդություն իսկույն եւեթ վերագրվում էր Ձնագնդուն։ Եթե լուսամուտ էր կոտրվում կամ խցանվում էր ջրատարը, մեկնումեկն անպայման կասեր, որ այդ Ձնագնդին է գիշերով եկել ու արել։ Երբ շտեմարանների բանալին կորավ, ամբողջ ֆերման վստահ էր, որ Ձնագնդին այն գցել է ջրհորը։ Նրանք շարունակում էին դրան հավատալ, անգամ այն ժամանակ, երբ բանալին գտնվեց ալյուրի պարկի տակ։ Կովերը միաձայն հայտարարեցին, որ Ձնադնդին սպրդում է գոմ եւ քնի մեջ թաքուն կթում իրենց։ Առնետները, որոնք այդ ձմեռ բավական նեղություն էին պատճառել, հայտարարվեցին Ձնագնդու դաշնակիցներ։
:    Նապոլեոնն ազդարարեց Ձնագնդու գործունեության համակողմանի հետաքննություն։ Շների ուղեկցությամբ նա մանրամասն զննեց ֆերմայի բոլոր շինությունները, մինչ մնացած անասունները հետեւում էին պատշաճ հեռավորության վրա։ Մի քանի քայլը մեկ Նապոլեոնը կանգ էր առնում ու հոտոտում ամեն անկյուն՝ ամբարում, գոմում, հավաբնում, բոստանում, համարյա ամեն տեղ գտնելով Ձնագնդու հետքերը։ Դունչը սեղմելով գետնին, նա մի քանի անգամ խորը շունչ էր քաշում եւ սոսկալի ձայնով բացականչում՝ «Ձնագնդի՛ն։ Նա այստե՛ղ էր։ Ես հստակ զգում եմ նրա հոտը»։ «Ձնագնդի» խոսքի վրա բոլոր շները սարսռազդու գռմռոցներ էին արձակում, ժանիքները ցցելով։
:    Անասունները սաստիկ վախեցած էին։ Նրանց թվում էր, թե Ձնագնդին մարմնավորում է անտեսանելի մի սպառնալիք, որը համակել է ամբողջ շրջապատը եւ հղի է ամեն տեսակի փորձանքով։ Երեկոյան Զռանը բոլորին կանչեց եւ տագնապած տեսքով ասաց, որ լուրջ նորություն ունի հայտնելու։
:    — Ընկերներ,— բացականչեց նա, ջղայն դես ու դեն անելով,— քիչ առաջ հայտնաբերվել է սոսկալի մի փաստ։ Ձնագնդին ծախվել է Փինչֆիլդի Ֆրեդրիքին, որը դավեր է նյութում մեր դեմ ֆերման զավթելու նպատակով։ Պատրաստվող գրոհի ժամանակ Ձնագնդին ծառայելու է որպես նրա ուղեվար։ Սակայն ամենավատը դեռ դա չէ։ Մենք բոլորս կարծում էինք, թե Ձնագնդու ըմբոստացման պատճառը նրա հավակնոտ եւ ունայն նկարագիրն է։ Պարզվեց, ընկերներ, որ մենք մոլորվում էինք։ Գիտե՞ք, թե ինչն է իսկական պատճառը։ Ձնագնդին սկզբից ի վեր եղել է Ջոնզի դաշնակիցը։ Այդ ամբողջ ընթացքում նա Ջոնզի գաղտնի գործակալն էր։ Դա ապացուցվում է նրա թողած փաստաթղթերով, որոնք մենք քիչ առաջ հայտնաբերեցինք։ Ըստ իս դա շատ բան է բացատրում, ընկերներ։ Չէ՞ որ մենք ինքներս ականատես եղանք, թե ինչպես նա, բարեբախտաբար անհաջող, փորձ արեց մեզ պարտության մատնել եւ ոչնչացնել Գոմի ճակատամարտում։
:    Անասունները մնացել էին ապշած։ Նման նենգությունը բազմապատիկ ավելի սոսկալի էր, քան հողմաղացի ավերումը։ Որոշ ժամանակ նրանք անգամ չէին կարող այն լիովին ընկալել։ Բոլորը հիշում էին կամ կարծում էին, որ հիշում են, թե ինչպես է Ձնագնդին նրանց առաջնորդել Գոմի ճակատամարտում, ինչպես է քաջալերել եւ գրոհի կոչել, ինչպես մարտում մի պահ անգամ չի վարանել նույնիսկ Ջոնզի կրակոցից վիրավորվելուց հետո։ Առաջին պահերին փոքր֊ինչ դժվար էր հասկանալ, թե ինչպես է այդ ամենը կապվում Ջոնզի կողմնակից լինելու հետ։ Նույնիսկ Դմբուզը, որը հազվադեպ էր հարցեր տալիս, զարմացած էր։ Ոտքերը տակը ծալելով, նա պառկեց, փակեց աչքերն ու մեթագույն դժվարությամբ կարողացավ ձեւակերպել իր միտքը։
:    — Ես դրան չեմ հավատում։— Ասաց նա։— Ձնագնդին քաջ կռվում էր Գոմի ճակատամարտում։ Ես ինքս եմ այդ տեսել։ Չէ՞ որ մենք նրան իսկույն եւեթ առաջին կարգի «Հերոս Անասուն» շնորհեցինք։
:    — Ընկերներ, դա մեր սխալն էր։ Քանի որ հիմա ստույգ հայտնի է,— այդպես է գրված մեր հայտնաբերած գաղտնի փաստաթղծերում,— որ իրականում նա փորձում էր մեզ ծուղակը գցել ու կործանել։
:    — Բայց չէ՞ որ նա վիրավորվեց։— Ասաց Դմբուզը։— Բոլորս տեսանք, թե ինչպես էր նրա վերքերից արյուն կաթում։
:    — Դա նախնական պայմանավորվածության մասն էր կազմում։— Գոռաց Զռանը։— Ջոնզի կոտորակը նրան ընդամենը քերծեց։ Ես ձեզ ցույց կտայի իր վկայությունը, եթե դուք կարդալ կարողանայիք։ Ըստ այդ դավադրության, վճռական պահին Ձնագնդին պիտի փախուստի նշան տար եւ ռազմի դաշտը թողներ թշնամուն։ Քիչ էր մնում, որ դա նրան հաջողվեր, ես անգամ կասեի, ընկերներ, որ նա անպայման հաջողության կհասներ, եթե չլիներ մեր հերոսական Առաջնորդը՝ ընկեր Նապոլեոնը։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես ճիշտ այն պահին, երբ Ջոնզը իր մարդկանց հետ մտավ բակը, Ձնագնդին հանկարծ շուռ եկավ ու փախավ, եւ կենդանիներից շատերը հետեւեցին նրան։ Ինչպե՞ս կարող եք նաեւ չհիշել, որ նույն այդ պահին, երբ թվում էր, թե ամեն ինչ կորել է, եւ արդեն խուճապ էր սկսվում, ընկեր Նապոլեոնը, «Կորչի՛ մարդկությունը» ճիչով, առաջ ցատկեց եւ ատամները մխրճեց Ջոնզի ոտքի մեջ։ Այդքանը հո հիշում եք, չէ՞, ընկերներ։— Բացականչեց Զռանը, դեսից դեն ցատկելով։
:    Հիմա, երբ Զռանն ամեն ինչ պատկերավոր նկարագրեց, անասուններին թվաց, որ նրանք իսկապես դա հիշում են։ Ամեն դեպքում նրանք հիշեցին, որ ճակատամարտի վճռական պահին Ձնագնդին փախուստի է դիմել։ Սակայն Դմբուզը դեռեւս թեթեւակի անհանգստացած էր։
:    — Ես չեմ հավատում, որ Ձնագնդին դավաճան էր հենց սկզբից։— Վերջապես ասաց նա։— Հետագայի նրա արարքներն ուրիշ բան։ Բայց Գոմի Ճակատամարտում նա իսկական ընկեր էր։
:    — Մեր առաջնորդ ընկեր Նապոլեոնը,— դանդաղ ու հատ֊հատ ազդարարեց Զռանը,— վճռակապես հայտարարել է,— վճռականապե՛ս, ընկերներ,— որ Ձնագնդին սկզբից ի վեր եղել է Ջոնզի գործակալը, այո՛՝ անգամ Ապստամբության գաղափարը ծագելուց շատ ավելի առաջ։
:    — Այ, դա ուրիշ բա՛ն։— Ասաց Դմբուզը։— Եթե ընկեր Նապոլեոնն այդպես է ասում, ուրեմն ճիշտը դա է։
:    — Ահա՛ ճիշտ մոտեցումը, ընկերներ։— Բացականչեց Զռանը, միեւնույն ժամանակ իր փոքրիկ պսպղուն աչքերով ծայր աստիճան անդուր մի հայացք նետելով Դմբուզի կողմը։ Նա շրջվեց, որ գնա, եւ ազդեցիկ ձայնով ավելացրեց։— Զգուշացնում եմ բոլոր կենդանիներին՝ աչքներդ լայն բաց պահեք։ Մենք հիմքեր ունենք կասկածելու, որ հենց այս պահիս Ձնագնդու ծպտված գործակալներ կան նաեւ մեր մեջ։
:    Չորս օր անց կեսօրից հետո Նապոլեոնը հրամայեց անասուններին հավաքել բակում։ Երբ բոլորն եկան, Նապոլեոնը, իր երկու շքանշանը կապած (վերջերս նա իրեն առաջին եւ երկրորդ կարգի «Հերոս Անասուն» էր շնորհել) տնից դուրս եկավ ինը ամեհի շների ուղեկցությամբ, որոնց սահմռկեցուցիչ գռմռոցներից անասունների մեջքով դող էր անցնում։ Բոլորն անխոս կծկվեցին իրենց տեղերում, կարծես կանխազգալով, որ սարսափելի մի բան է պատահելու։
:    Նապոլեոնը խոժոռ հայացքով աչքի էր անցկացնում ներկաներին։ Հանկարծ նա զիլ մի խռինչ արձակեց։ Նույն պահին շները նետվեցին առաջ եւ, ականջներից բռնելով, սարսափից ու ցավից վնգստացող չորս խոզերի քարշ տվեցին Նապոլեոնի ոտքերի տակ։ Խոզերի անանջները արնել էին, շները, արյուն ճաշակելով, եւ ավելի գազազեցին։ Նրանցից ոմանք, ի զարմանս բոլորի, հարձակվեցին Դմբուզի վրա։ Տեսնելով այդ, Դմբուզն օդի մեջ սմբակով գետնին գամեց շներից մեկին։ Շունը կաղկանձեց, գթություն աղերսելով, իսկ մնացածները փախան, պոչերը սեղմած ոտքերի արանքում։ Դմբուզը նայեց Նապոլեոնին, որ իմանա, շանը ջախջախի՞, թե բաց թողնի։ Այլայլված Նապոնեոնը կտրուկ հրամայեց շանն ազատ արձակել եւ ճմրթված ու կաղկանձող շունը ծլկեց։
:    Իրարանցումը խաղաղվեց։ Չորս դողդողացով խոզերը մեղավոր տեսքով սպասում էին։ Նապոլեոնը նրանց պատվիրեց խոստովանել իրենց հանցանքը։ Դրանք հենց այն խոզերն էին, որոնք բողոքել էին կիրակնօրյա միտինգների վերացման դեմ։ Առանց թելադրանքի նրանք խոստովանեցին, որ գաղտնի կապ են պահպանել Ձնագնդու հետ՝ սկսած վերջինիս արտաքսումից, օժանդակել են նրան հողմաղացի կործանման գործում եւ դաշինք էին կնքել նրա հետ Անասնաֆերման միստր Ֆրեդրիքին հանձնելու նպատակով։ Նրանք նաեւ ավելացրին, որ Ձնագնդին ներքին կարգով ընդունել է, որ երկար տարիները ընթացքում Ջոնզի գործակալն է եղել։ Խոստովանությունից հետո շները ճարպկորեն պատռեցին նրանց կոկորդները, եւ Նապոլեոնը սարսռազդու ձայնով տեղեկացավ, թե արդյո՞ք ուրիշ անասուններ խոստովանելիք չունեն։
:    Ձվերի ապստամբության անհաջող փորձի պարագլուխ երեք հավերն առաջ եկան եւ խոստովանեցին, որ Ձնագնդին նրանց երազում հրահրել է Նապոլեոնի կարգադրություններին չենթարկվել։ Սրանք նույնպես մորթվեցին։ Ապա մի սագ խոստովանեց, որ անցյալ տարվա բերքահավաքին թաքցրել ու գիշերով կերել է գարու վեց հատիկ։ Մի ոչխար խոստովանեց, որ Ձնագնդու դրդմամբ միզել է խմելու ջրավազանի մեջ, ուրիշ երկուսն ընդունեցին, որ սպանել են Նապոլեոնին հատկապես նվիրված մի ծեր խոյի, վերջինիս խարույկի շուրջը վազեցնելով։ Բոլորին տեղնուտեղը մորթեցին։ Խոստովանությունների եւ մահապատիժների պատմությունը շարունակվեց, մինչեւ որ Նապոլեոնի առջեւ դիակների մի կույտ գոյացավ, եւ օդը լցվեց արյան ծանր շնչով, որն անծանոթ էր Ջոնզի վտարման օրից ի վեր։
:    Երբ ամեն ինչ ավարտվեց, ընկճված ու ցնցված անասունները, բացի խոզերից ու շներից, առանց խոսքի թողեցին֊հեռացան։ Նրանք չգիտեին, թե որն է ավելի սոսկալի՝ Ձնագնդու հետ դաշնակցած անասունների դավաճանությո՞ւնը, թե՞ այն դաժան հատուցումը, որին իրենք ականատես եղան։ Հին օրերին նրանք հաճախ ներկա էին գտնվել ոչ պասակ արյունահեղ տեսարանների, սակայն բոլորին թվում էր, որ այժմ ամեն ինչ շատ ավելի վատ է, քանի որ տեղի է ունեցել հենց իրենց մեջ։ Ջոնզի փախուստից մինչեւ օրս ոչ մի կենդանի ուրիշ կենդանու չէր սպանել։ Անգամ առնետներին վնաս չէր հասվել։ Բոլորը դիմեցին դեպի կիսավարտ հողմաղացի բլրակը եւ, կուչ գալով, պառկեցին ու իրար սեղմվեցին, ասես տաքանալու համար՝ Երեքնուկը, Մյուրիելը, Բենիամինը, կովերը, ոչխարները, հավերն ու սագերը, փաստորեն՝ բոլորը, բացի կատվից, որն անհետացել էր ճիշտ Նապոլեոնի կանչաց ժողովից առաջ։ Որոշ ժամանակ ոչ ոք չէր խոսում։ Միայն Դմբուզն էր մնացել ոտքի վրա։ Երկար սեւ պոչը խփելով կողերին, նա դես ու դեն էր անում, երբեմն զարմանքից թեթեւակի խրխնջալով։ Վերջապես նա ասաց։
:    — Ես ոչինչ չեմ հասկանում։ Երբեք չէի հավատա, որ մեր ֆերմայում կարող են նման բաներ պատահել։ Երեւի թերությունը հենց մեր մեջ է։ Միակ ելքն, ըստ իս, ավելի եռանդուն աշխատանքի մեջ է։ Այսուհետեւ ես առավոտյան մեկ ժամով շուտ կարթնանամ։
:    Այդ ասելով, նա դիմեց դեպի քարհանքը եւ մինչեւ քուն մտնելը երկու բեռ քար հավաքեց ու քարշ տվեց հողմաղացի մոտ։
:    Անասուններն անձայն կուչ եկան Երեքնուկի շուրջը։ Բլրակից լայն տեսարան էր բացվում շուրջբոլորը։ Անասնաֆերմայի մեծ մսը երեւմու էր՝ ճանապարհին հասնող երկար արոտը, խոտհնձի արտը, անտառուտը, ջրավազանը, ցորենի կանաչ ծիլերով դաշտերը, շինությունների կարմիր կտուրները, ծխնելույզներից գալարվող ծխով։ Արեւի հորիզոնական ճառագայթները ոսկեզօծել էին խոտն ու թփուտների եզրերը։ Դեռ երբեք ֆերման,— նրանք մի տեսակ զարմանքով հիշեցին, որ դա հենց իրենց ֆերման է՝ ծայրից ծայր անասունների սեփականությունը,— այդքան բաղձալի վայր չէր թվացել։ Բլրակից ցած նայելով, Երեքնուկի աչքերն արցունքով լցվեցին։ Եթե նա ի վիճակի լիներ ձեւակերպել իր մտքերը, ապա կասեր, որ նրանք բոլորովին այլ նպատակներ ունեին, երբ տարիներ առաջ սկսեցին պայքարել մարդու բռնակալության դեմ։ Սարսափի ու կոտորածի տեսարաններ չէին, որ ակնկալել էին նրանք այն գիշերը, երբ ծեր Գնդապետը նրանց Ասպտամբության կոչ արեց։ Երեքնուկն այն ժամանակ ապագան պատկերացնում էր որպես սովից ու մտրակից ազատ անասունների մի հասարակարգ, ուր բոլորը հավասար էին, ամեն մեկն աշխատում էր իր ուժերի ներածին չափով, իսկ ուժեղները պաշտպանում էին թույլերին, ինչպես ինքն էր պաշտպանել բադիկներին Գնդապետի ճառի գիշերը։ Փոխարենը,— եւ նա չգիտեր, թե ինչու,— եկել էր մի ժամանակ, ամենուր կատաղած շներ էին վխում, իսկ ընկերները, սոսկալի ոճիրրներ խոստանալով, աչքիդ առջեւ հոշոտում էին։ Երեքնուկը չէր մտածում ապստամբության կամ անհնազանդության մասին։ Նա գիտեր, որ այդ ամենով հանդերձ, իրենց վիճակը շատ ավելի լավ է, քան Ջոնզի օրոք, եւ որ ամեն ինչից առաջ անհրաժեշտ է կանխել մարդկանց վերադարձը։ Ինչ էլ լիներ, նա շարունակելու է հավատարին մնալ, քրտնաջան աշխանել եւ կատարել ստացվող հրամանները, Նապոլեոնի առաջնորդության ներքո։ Բայց եւ այնպես նա եւ մնացած բոլոր անասունները դրա համար չէ, որ պայքարել էին ու աշխատել։ Հանուն դրա չէր, որ նրանք կառուցել էին հողմաղացն ու կուրծք տվել Ջոնզի գնդակներին։ Ահա թե ինչ էր մտածում Երեքնուկը, չկարողանալով դրան համապատասխան խոսքեր գտնել։
:    Վերջապես, փորձելով ինչ֊որ չափով արտահայտել այն, ինչն անկարող էին իր իմացած խոսքերը, նա սկսեց երգել «Անգլիայի գազանները»։ Նրան միացան շուրջը նստած անասունները, երեք անգամ անընդմեջ երգելով այդ երգը՝ մեղմ, դանդաղ ու վշտահար՝ այնպես, ինչպես մինչ այդ երբեք չէին երգել։
:    Հազիվ էին նրանք ավարտել երրորդ անգամը, երբ Զռանը, երկու շների ուղեկցությամբ, կարեւոր ասելիք ունեցողի տեսքով մոտեցավ նրանց։ Նա տեղեկացրեց, որ, Նապոլեոնի հատուկ հրովարտակով, «Անգլիայի գազանները» հայտարարվում է չեղյան։ Այսուհետեւ այդ երգն արգելված է։
:    Անասունները շանթահար էին։
:    — Ինչո՞ւ։— Գոռաց Մյուրիելը։
:    — Դրա կարիքն, ընկերներ, այլեւս չկա։— Սառը պատասխանեց Զռանը։— «Անգլիայի գազանները» Ապստամբության երգն էր։ Սակայն Ապստամբություն այժմ արդեն ավարտված է։ Դավաճանների մահապատիժով այսօր այն հասավ իր վերջակետին։ Ե՛վ արտաքին, ե՛ւ ներքին թշնամին պարտված է։ «Անգլիայի գազաններ»֊ում մենք արտահայտում էինք գալիք կատարյալ հասարակարգի մեր բաղձանքը։ Սակայն, քանի որ այդ հասարակարգն արդեն հաստատված է, պարզ է դառնում, որ նշված երգն այլեւս իմաստ չունի։
:    Չնայած իրենց երկյուղածությանը, անասուններից ոմանք թերեւս բողոքեին, բայց այդ պահին ոչխարները սկսեցին իրենց սովորական մկկոցը․ «Չորս ոտք լավ, երկու ոտք վատ», որը շարունակվեց մի քանի րոպե, վերջ դնելով ցանկացած վիճաբանության։
:    Այդուհետեւ «Անգլիայի գազաններն» էլ ոչ ոք չլսեց։ Դրա փոխարեն բանաստեղծ Մինիմուսը գրեց մի ուրիշ երգ, որը սկսվում էր հետեւյան տողերով․
:        Երբեք, օ՜ ֆերմա անասունների,
:        Դու իմ պատճառով վնաս չե՛ս կրի…
 
:    Այս երգը կատարվում էր ամեն կիրակի, առավոտյան դրոշը բարձրացնելուց հետո։ Բայց անասուններին չգիտես ինչու թվում էր, ոչ ոչ բառերը, եւ ոչ էլ մեղեդին «Անգլիայի գազաններին» չէին հասնի։
 
==ԳԼՈՒԽ 8==
 
:Մի քանի օր անց, երբ մահապատիժների պատճառած սարսափը մարեց, անասուններից ոմանք հիշեցին, համենայն դեպս նրանց թվաց, թե հիշեցին, որ Վեցերորդ Պատվիրանն ազդարարում է՝ «Անասունը երբեք ուրիշ անասունի չի սպանի»։ Ու չնայած խոզերի կամ շների ներկայությամբ ոչ ո հարկ չհամարեց նշել այդ փաստը, անասունները զգում էին, որ կատարված սպանությունները դրա հետ չեն համատեղվում։ Երեքնուկը Բենիամինին խնդրեց իր համար կարդալ Վեցերորդ Պատվիրանը, իսկ երբ Բենիամինն ըստ իր սովորության ասաց որ նման գործերի չի խառնվում, նա խնդրեց այդ անել Մյուրիելին։ Մյուրիելը կարդաց․ «Անասունը երբեք ուրիշ անասունի չի սպանի առանց պատճառի»։ Չգիտես ինչու վերջին երկու բառը դուրս էին ընկել անասունների հիշողությունից։ Սակայն այժմ նրանք համոզվեցին, որ Պատվիրանը չի խախտված՝ պարզ էր, որ Ձնագնդու հետ դաշնակցած դավաճաններին սպանելու համար ծանրակշիռ պատճառներ կային։
:    Այդ ամբողջ տարին անասուններն աշխատեցին ավելի եռանդուն, քան նախորդին։ Հողմաղացի վերականգնումը նախկինից հաստ պատերով եւ նշանակված ժամկետին, չհաշված ֆերմայի առօրյա աշխատանքները, սաստիկ ծանր գործ էր։ Լինում էին պահեր, երբ անասուններին թվում էր, որ իրենք ավելի երկար են աշխատում եւ ուտում են, ոչ ավելին, քան Ջոնզի ժամանակներում։ Ամեն կիրակի առավոտ Զռանը, տոտիկով թղթի երկար մի թերթ սեղմած, բարձրաձայն թվեր էր կարդում, որոնք ապացուցում էին, թե անասնակերի ամեն տեսակի արտադրությունն աճել է 200, 300 կամ 500 տոկոսով։ Անասունները նրան չհավատալու պատճառ չունեին, մանավանդ որ ոչ ոք հստակ չէր հիշում, թե ինչպիսին էր եղել վիճակն Ապստամբությունից առաջ։ Չնայած դրան, լինում էին օրեր, երբ անասունները կնախընտրեին ավելի քիչ թվեր եւ ավելի շատ կեր ստանալ։
:    Բոլոր հրամաններն այժմ արձակվում էին Զռանի կամ մնացած խոզերից մեկի միջոցով։ Նապոլեոնն անձամբ երեւում էր ամիսը մեկ֊երկու անգամ։ Շների շքախմբից բացի, նրան ուղեկցում էր նաեւ մի սեւ աքաղաղ, որը, առջեւից քայլելով, շեփորահարի պես բարձր «ծուղրուղու» էր կանչում Նապոլեոնի ամեն խոսելուց առաջ։ Ասում էին, որ անգամ տան մեջ Նապոլեոնը մնացածներից զատ առանձին հարկաբաժին է զբաղեցնում։ Նա ճաշում էր մենակ, երկու սպասավոր շների ներկայությամբ եւ ուտում էր միայն Արքայական Դերբի սպասքից, որը գտնվում էր հյուրասենյակի ապակեկատ պահարանում։ Ազդարարվել էր նաեւ, որ հրացանն ամեն տարի պարպվելու է Նապոլեոնի ծննդյան օրը, մյուս երկու հոբելյաններից բացի։
:    Նապոլեոնին այլեւս երբեք պարզապես «Նապոլեոն» չէին կոչում։ Պաշտոնական ոճում նրան անդրադառնում էին որպես «Մեր Առաջնորդ ընկեր Նապոլեոն»֊իս ինչպես, օրինակ՝ Անասունների Հայր, Մարդկության Սարսափ, Ոչխարների Պահապան, Բադիկների Բարեկամ, եւ այլն։ Զռանն արցունքախեղդ էր լինում իր ճառերում, վկայակոչելով Նապոլեոնի իմաստությունը, անսահման բարությունը ու այն խորը սերը, որը նա տածում է բոլոր անասունների եւ մանավանդ այն թշվառների հանդեպ, որոնք դեռ տգիտության ու ստրկացման մեջ են մյուս ֆերմաներում։ Սովորություն էր դարձել Նապոլեոնին փառք տալ ամեն նվաճման ու բախտի բերման համար։ Հաճախ կարելի էր լսել, թե ինչպես հավերից մեկը մյուսին ասում է․ «Շնորհիվ մեր Առաջնորդ ընկեր Նապոլեոնի ղեկավարության, ես այսօր հինգ ձու ածեցի», կամ ինչպես երկու կով ջրավազանի մոտ բացականչում էին․ «Փա՜ռք ընկեր Նապոլեոնին, ինչ համեղ է ջուրը»։ Ֆերմայում տիրող ընդհանուր տրամադրությունը լավ էր արտահայտում «Ընկեր Նապոլեոն» բանաստեղծությունը, որը գրել էր Մինիմուսը․
 
:        Ով զրկվածների միա՜կ հենարան,
:        Ով երջանկության առա՜տ շատրվան,
:          Բոցավառվո՜ոմ է հոգիս ոնց կերոն,
:          Երբ ես նայում եմ,— օ՜ լափի արքա,—
:          Քո ղեկավարող աչքին հայրական․
:          Արեւի պես ջերմ ու հավերժական,
:          Ընկե՛ր Նապոլեոն։
 
:          Ով առատաձեռն բաշխողդ վերին
:          Նրա, ինչ թանկ է քո զավակներին՝
:          Թավալվելու հարդ ու լափի թափոն․
:          Ամեն փոքր ու մեծ թռչուն ու գազան
:          Երջանի՜կ է իր որջում սեփական
:          Հոգատար աչքի տակ քո հայրական,
:          Ընկե՛ր Նապոլեոն։
 
:          Եթե իմ կինը մի խոճկոր ծներ,—
:          Թեկուզ գրտնակի չափ էլ նա լիներ—
:          Որպես օրինակ, իդեալ, էտալոն
:          Քե՜զ պիտի ընտրեր, ղեկավա՛ր ճարտար,
:          Քեզ իր առաջին սուրբ երդումը տար
:          Եվ ճղճղար քո անունն արդար՝
:          Ընկե՛ր Նապոլեոն։
 
 
:    Նապոլեոնն այդ բանաստեղծությանը հավանություն էր տվել եւ պատվիրել էր հավերժացնել մեծ ամբարի պատին, Յոթ Պատվիրանների դիմաց։ Կողքին Նապոլեոնի կիսադեմն էր, որը սպիտակ ներկով նկարել էր Զռանը։
:    Ֆերմայի բակում դիզված փայտանյութը դեռեւս չէր վաճառվել, եւ Նապոլեոնը, Վիմփըրի միջնորդությամբ֊ բարդ բանակցություններ էր վարում Ֆրեդրիքի ու Փիլքինգտոնի հետ։ Ֆրեդրիքը փայտը գնելու ավելի մեծ ցանկություն ուներ, բայց հարմար գին չէր առաջարկում։ Միեւնույն ժամանակ նորոգվել էին այն լուրերը, թե Ֆրեդրիքը, որը պայթում է հողմաղացի հանդեպ նախանձից, Անասնաֆերման գրոհելու եւ հողմաղացը ոչնչացնելու դավադրություն է նյութում։ Հայտնի էր նաեւ, որ Ձնագնդին շարունակում է թաքնվել Փինչֆիլդ ֆերմայում։ Ամառվա կեսին անասունները խիստ անհանգստացան, լսելով երեք հավերի խոստովանության մասին։ Ձնագնդու հրահրությամբ նրանք դավադրություն էին ծրագրել Նապոլեոնին սպանելու նպատակով։ Նրանց անմիջապես մահապատժի ենթարկեցին, իսկ Նապոլեոնի ապահովության համար նախաձեռնվեցին նոր միջոցներ։ Գիշերով նրա անկողինը սկսեցին հսկել չորս շուն, իսկ Կարմրուկ անունով մի խոճկորի հանձնարարվեց նրանից առաջ համտես անել բոլոր կերակուրները, որ հանկարծ դրանք թունավոր չլինեն։
:    Միեւնույն ժամանակ հայտնի դարձավ, որ Նապոլեոնը պայմանավորվել է փայտը վաճառել Փիլքինգտոնին, վճռված էր նաեւ որոշ ապրանքների կանոնավոր փոխանակություն հաստատել Անասնաֆերմայի եւ ֆորքսվուդի միջեւ։ Նապոլեոնի եւ Փիլքինգտոնի հարաբերություններն արդեն գրեթե բարեկամական էին, չնայած իրագործվում էին բացառապես Վիմփըրի միջոցով։ Անասունները Փիլքինգտոնին, որպես մարդու, չէին վստահում, սակայն նախընտրում էին նրան Ֆրեդրիքից, որից վախենում եւ որին ատուն էին։ Ամառվա վերջերին, երբ հողմաղացի շինարարությունն արդեն ավարտին էր մոտենում, էլ ավելի սաստկացան ֆերմային սպառնացող նենգ հարձակման մասին լուրերը։ Ասում էին, որ Ֆրեդրիքը գալու է հրացաններով զինված քսան մարդկանցով, եւ որ նա արդեն կաշառել է իշխանություններին ու ոստիկանությանը, որպեսզի ահպատիժ բռնագրավի Անասնաֆերմայի փաստաթղթերը։ Դեռ ավելին, Փինչֆիլդից սարսռազդու պատմություններ էին հասնում այն կեղեքումների մասին, որոնց Ֆրեդրիքը ենթարկում էր իր անասուններին։ Նա մտրակել֊սպանել էր մի ծեր ձիու, սովամահ էր անում կովերին, շներից մեկին նետել էր հնոցը, իսկ երեկոյան զվարճանում էր խթաններին ածելի կապած աքլորներ կռվեցնելով։ Անասունների արյունը կատաղությունից եռում էր իրենց եղբայրների մասին նման պատմություններ լսելի, եւ ժամանակ առ ժամանակ նրանք բողոքաձայն պահանջում էին իրենց թույլ տալ հարձակվել Փինչֆիլդի վրա, վռնդել մարդկանց ու ազատագրել իրենց եղբայրնե
:ին։ Սակայն Զռանը նրանց ամեն անգամ հորդորում էր հապճեպ քայլերի չդիմել եւ վստահել ընկեր Նապոլեոնի ստրատեգիային։
:    Չնայած դրան հակաֆրեդրիքյան տրամադրությունները շարունակում էին բորբոքվել։ Մի կիրակի Նապոլեոնն առավոտյան անձամբ եկավ ամբար եւ բացատրեց, որ երբեք մտադրություն չի ունեցել փայտանյութը Ֆրեդրիքին վաճառելու, ասելով, որ իր արժանապատվությունից ցածր է համարում նման սրիկաների հետ գործ բռնելը։ Ամենուր Ապստամբություն քարոզող աղավնիներին արգելվեց ոտք դնել Ֆոքսվուդ, իսկ նրանց «Մա՛հ մարդկությանը» կոչը փոխարինվեց մեկ ուրիշով՝ «Մա՛հ Ֆրեդրիքին»։ Ուշ ամրանը բացահայտվեց Ձնագնդու բանսարկություններից եւս մեկը։ Ցորենի արտը մոլախոտերով լի էր՝ պարզվեց, որ իր գիշերային այցերից մեկի ընթացքում Ձնագնդին մոլախոտի սերմեր է խարնել սերմացու ցորենին։ Դավադրությանը մասնակից մի սագ խոստովանվել էր Զռանին եւ ինքնասպան եղել՝ թունավոր հատապտուղ կուլ տալով։ Անասունները նաեւ իմացան, որ Ձնագնդին երբեք, ինչպես իրենք էին մինչ այդ կարծել, առաջին կարգի «Հերոս Անասուն» չի ստացել։ Դա մի առասպել էր, որը Գոմի Ճակատամարտից հետո տարածել էր ինքը Ձնագնդին։ Նա ոչ միայն չէր պարգեւատրվել, այլեւ հանդիմանություն էր ստացել ճակատամարտում թուլամորթություն դրսեւորելու համար։ Անասուններից ոմանք այս անգամ էլ քիչ էր մնում զարմանային, բայց Զռանը նրանց շուտափույթ համոզեց, որ իրենց հիշողությունը կաղում է։
:    Աշնանը, սոսկալի ջանքերի գնով,— քանի որ պետք էր ապահովել նաեւ բերքահավաքը,— ավարտվեց հողմաղացի շինարարությունը։ Մնում էր տեղադրել մեքենաները, որոնց համար Վիմփըրն արդեն բանակցություններ էր վարում։ Ամեն դժվարության հակառակ, չնայած փորձառության պակասին, պրիմիտիվ գործիքներին, բախտի քմահաճույքներին եւ ի հեճուկս Ձնագնդու դավաճանությանը, աշխատանքներն ավարտվեցին ճիշտ նշանակված օրը։ Ուժասպառ, բայց հպարտ, անասուններն անդադար պտտվում էին իրենց գլուխգործոցի շուրջը, որն այժմ նրանց ավելի գեղեցիկ էր թվում, քան երբ կառուցվել էր առաջին անգամ։ Բացի այդ պատերն այժմ նախկինից կրկնակի հաստ էին՝ այս անգամ նրանց էլ ոչինչ չէր փլի։ Իսկ երբ անասունները մտածում էին, թե ինչ ծանր աշխատանք են իրենք թափել, ինչպիսի հիասթափություններ են հաղթահարել եւ ինչքան կփոխվի իրենց կյանքը, երբ հողմաղացի թեւերը պտտվեն ու աշխատի դինամոն, նրանք, հոգնածությունը թոթափելով, սկսում էին թչկոտել կառույցի շուրջն ու ցնծագին ճիչեր արձակել։ Նապոլեոնը, շների եւ աքլորի ուղեկցությամբ, եկավ հողմաղացը զննելու եւ անձամբ շնորհավորեց անասուններին իրենց նավճման առթիվ, հայտարարելով, որ կառույցը կկոչվի Նապոլեոնի Հողմաղաց։
:    Երկու օր անց անասուններին կանչեցին ամբար հատուկ ժողովի։ Նրանք զարմանքից շանթահար եղան, լսելով Նապոլեոնի հայտարարությունը, թե փայտանյութը վաճառվել է Ֆրեդրիքին։ Վաղը Ֆրեդրիքի ուղարկած սայլերով այն սկսելու էին տանել։ Փիլքինգտոնի հետ իր թվացյալ բարեկամության ամբողջ ընթացքում Նապոլեոնն իրականում գաղտնի համաձայնության մեջ է եղել Ֆրեդրիքի հետ։
:    Ֆոքսվուդի հետ բոլոր կապերը խզվեցին, Փիլքինգտոնին վիրավորական ուղերձներ հնչեցին։ Աղավնիներին հանձնարարվեց չմտնել Փինչֆիլդ եւ «Մա՛հ Ֆրեդրիքին» կոչը փոխարինել «Մա՛հ Փիլքինգտոնին» կոչով։ Բացի այդ Նապոլեոնը բոլորին հավաստիացրեց, որ Անասնաֆերմայի վրա պատրաստվող հարձակման լուրերը միանգամայն սխել են, իսկ անասունների հանդեպ Ֆրեդրիքի դաժանության մասին պատմությունները՝ խիստ չափազանցված։ Այդ ամենն ըստ երեւույթին Ձնագնդու եւ նրա գործակալների տարածած բամբասանքներն էին։ Պարզվեց նաեւ, որ Ձնագնդին, ի վերջո, Փինչֆիլդում չի թաքնվում եւ ընդհանրապես երբեւէ այնտեղ չի եղել՝ նա ապրում է (եւ, ասում են՝ բավական շքեղ) Ֆոքսվուդում եւ իրականում վաղուց ի վեր հանդիսանում է Փիլքինգտոնի վարձականը։
:    Խոզերը հիացած էին Նապոլեոնի խորամանկությամբ, Փիլքինգտոնի բարեկամ ձեւանալով, Նապոլեոնը Ֆրեդրիքին ստիպել էր տեսներկու ֆունտով բարձրացնել առաջարըած գինը։ Սակայն Նապոլեոնի գերազանցությունը երեւում էր նաեւ այն բանում, ասաց Զռանը, որ նա ոչ ոքի չի վստահում՝ անգամ Ֆրեդրիքին։ Ֆրեդրիքը փորձել էր փայտանյութի դիմաց չեկ դուրս գրել, որը, ասում են, վճարելու խոստումով թղթի մի կտոր է։ Բայց Նապոլեոնը հիմար չէ։ Նա պահանջել է իսկական հինգանոցներ, որոնք պետք է վճարվեին ապրանքը տանելուց առաջ։ Ֆրեդրիքն արդեն վճարել է, եւ այդ գումարը ճիշտ եւ ճիշտ բավական է հողմաղացի սարքավորումը ձեռք բերելու համար։
:    Փայտանյութը սկսեցին սայլերով շուտափույթ տանել։ Երբ վերջին սայլը գնաց, մի նոր հատուկ ժողով հրավիրվեց, Ֆրեդրիքի մուծած դրամը ցուցադրելու համար։ Երկու շքանշանը կրծքին, երանյալ ժպիտով, Նապոլեոնը փռվել էր հարթակի վրայի հարդին, դրամը գեղեցիկ դարսած իր կողքին, խոհանոցից բերված ճենապակյա պնակի վրա։ Անասունները դանդաղ անցնում էին նրա կողքով, հերթով զննելով դրամը։ Դմբուզն անգամ թղթադրամները հոտոտեց, եւ նրա շնչից առանձին թերթիկները շարժվեցին ու խշխշացին։
:    Երեք օր անց սոսկալի իրարանցում սկսվեց։ Սփրթնած Վիմփըրը ներս սուրաց ֆրեմա, հեծանիվը գցեց բակում եւ նետվեց ուղիղ տուն։ Հաջորդ պահին Նապոլեոնի հարկափաժնից կատաղի մռլտոց լսվեց։ Լուրը հրդեհի պես տարածվեց ֆերմայով մեկ՝ թղթադրամները կե՛ղծ էին։ Ֆրեդրիքը փայտը ձրի է տարել։
:    Նապոլեոնն անմիջապես անասուններին ժողովեց եւ ահարկու ձայնով Ֆրեդրիքին դատապարտեց մահապատժի։ Բռնելու դեպքում վերջինիս հարկավոր էր կենդանի խաշել։ Միեւնույն ժամանակ նա զգուշացրեց, որ այդ դավաճանությունից հետո պետք է ակնկալել ամենավատը, եւ որ Ֆրեդրիքն ու իր մարդիկ ամեն վայրկյան կարող են իրագործել վաղուց սպասվող հարձակումը։ Ֆերմայի մատույցներում դետեր նշանակվեցին։ Բացի այդ Ֆոքսվուդ հաշտվողական նամակով ուղարկվեցին չորս աղավնի։
:    Գրոհը սկսվեց հաջորդ առավոտյան։ Նախաճաշիտ վազելով եկան պահակայիններն ու հաղորդեցին, որ Ֆրեդրիքն իր հետեվորդներով արդեն ներս է անցել հնգահեծան դարպասից։ Անասուններն արիաբար նետվեցին նրանց ընդառաջ, բայց այս անգամ Գոմի Ճակատամարտի պես հեշտ հաղթանակ չտարան։ Տասնհինգ մարդիկ իրար մեջ վեց֊յոթ հրացան ունեին եւ իսկույն կրակ բացեցին։ Անասունները չդիմացան սոսկալի պայթյուններին ու կոտորակին եւ, չնայած Նապոլեոնի ու Դմբուզի կոչերին, քիչ անց նահանջեցին։ Ոմանք արդեն վիրավորված էին։ Բոլորը թաքնվեցին շինություններում եւ սկսեցին ծակութուկերից զգուշորեն դուրս նայել։ Ամբողջ արոտավայրը, հողմաղացի հետ միասին թշնամու ձեռքում էր։ Մի պահ անգամ Նապոլեոնն էր թվում մոլորված։ Նա լուռ հետ ու առաջ էր անում, ջղայն ցնցելով պոչը։ Ֆոքսվուդի կողմը թախծոտ հայացքներ էին ուղղվում։ Փիլքինգտոնի ու իր մարդկանց օգնությամբ դեռ կարելի կլիներ ինչ֊որ բան անել։ Բայց այդ պահին նախորդ օրն ուղարկված աղավնիները վերադարձան, Փիլքինգտոնից մի թուղթ բերելով։ Թղթի վրա մատիտով գրված էր․ «Տեղն է ձեզ»։
:    Ֆրեդրիքն իր մարդկանցով կանգ էր առել հողմաղացի մոտ։ Ահաբեկված մրմնջով, անասունները նրանցից երկուսի ձեռքի լինգ ու մի ծանր մուրճ տեսան։ Նրանք պատրաստվում էին հողմաղացը փլել։
:    — Անհնարի՛ն է։— Բացականչեց Նապոլեոնը։— Մեր կառուցված պատերը դրա համար չափից ավելի հաստ են։ Նրանք այդ պատերը մի շաբաթում էլ չեն փլի։ Արիացե՛ք, ընկերներ։
:    Սակայն Բենիամինն ուշադիր հետեւում էր մարդկանց գործողություններին։ Մուրճով ու լինգով երկուսը անցք էին փորում հողմաղացի հիմքում։ Դանդաղ, համարյա զարմանքով, Բենիամինը դնչով արեց։
:    — Ես այդպես էլ կարծում էի։— Ասաց նա։— Տեսնո՞ւմ եք, թե նրանք ինչ են անում։ Հիմա այդ անցքի մեջ պայթուցիկ փոշի կլցնեն։
:    Անասուններն ահաբեկված սպասում էին։ Ոչ ոք այլեւս չէր հանդգնի ապաստանից դուրս գալ։ Քիչ անց մարդիկ վազքով ցրվեցին չորս կողմը։ Ապա լսվեց խլացուցիչ մի դղրդյուն։ Աղավնիները նետվեցին վեր, բոլոր անասունները, բացի Նապոլեոնից, փռվեցին գետնին ու թաքցրեցին գլուխները։ Երբ նրանք ոտքի ելան, հողմաղացի տեղում կախված էր սեւ ծխի հսկա մի ամպ։ Զեփյուռը դանդաղ ցրեց այդ ամպը՝ հողմաղաց չկար։
:    Այդ տեսարանից անասունների արիությունը վերադարձավ։ Քիչ առաջ ապրած նրանց վախն ու վհատությունը խորտակվեցին այն ցասման մեջ, որը ծնեց այդ պիղծ ու անարգ գործողությունը։ Վրեժի հուժկու աղաղակով, առանց հրամանի սպասելու, նրանք միահամուռ դուրս նետվեցին ուղիղ թշնամու վրա։ Այս անգամ նրանք էլ չէին երկյուղում կարկուտի պես թափվող անգութ կոտորակից։ Ճակատամարտը կատաղի էր ու դաժան։ Մարդիկ անընդհատ կրակում էին, իսկ երբ անասունները մոտեցան, սկսեցին փայտերով ու ծանր կոշիկներով հարվածել։ Սպանվեցին մի կով, երեք ոչխար, եւ երկու սագ, համարյա բոլորը վիրավոր էին։ Նույնիսկ Նապոլեոնի մոտ, որը մարտական գործողություններին ղեկավարում էր թիկունքից, գնդակը թրցրել էր պոչի ծայրը։ Բայց մարդիկ նույնպես էժան չէին պրծել։ Դմբուզն իր սմբակներով կոտրել էր երեքի գլուխը, մեկին պոզահարել էր կովը, իսկ մի ուրիշի շալվարը գզգզել էին Զանգակն ու Ջեսին։ Իսկ երբ Նապոլեոնի թիկնապահ ինը շները, որոնց նա հանձնարարել էր թփերի հետեւով շրջանցում կատարել, կատաղի հաչոցով կողքից հարձակվեցին մարդկանց վրա, վերջիններս խուճապի մատնվեցին։ Նրանք հասկացան որ իրենց շրջապատման վտանգ է սպառնում։ Ֆրեդրիքն իր մարդկանց գոռաց, որ պետք է փախչել, քանի դեռ ուշ չէ։ Հաջորդ պահին մորթապաշտ թշնամին արդեն վազում էր, որ կյանքը փրկի։ Անասունները մարդկանց հետապնդեցին մինչեւ դաշտի ծայրթ, ցանկապատից դուրս սպրդելուց առաջ մի քանի վերջին քացի կերցնելով նրանց։
:    Անասունները հաղթեցին, սակայն ուժասպառ էին ու արյուն լվա։ Նրանք դանդաղ քարշ եկան ֆերմայի կողմը։ Խոտիտն փռված զոհված ընկերների տեսարանը շատերի աչքերին արցունք բերեց։ Վշտահար լռությամբ նրանք մի պահ կանգ առան նաեւ հողմաղացի տեղում։ Այո, հողմաղացը չկար՝ նրանց աշխատանքից չնչին հետք անգամ չէր մնացել։ Մասամբ ոչնչացվել էր նաեւ հիմքը։ Չկային նույնիսկ նախորդ անգամվա պես վերականգնման համար պիտանի քարեր։ Պայթյունի ուժը դրանք ցրել էր հարյուրավոր մետրերով։ Թվում էր, թե հողմաղացը երբեք չի եղել։
:    Ֆերմայի մոտ Զռանը, որն անմացատրելի պատճառներով կռվի ժամանակ չկար, ցատկոտելով մոտեցավ նրանց, գոհունակությամբ ժպտալով ու պոչը շարժելով։ Շինությունների հետեւից անասունները հրացանի հանդիսավոր կրակոց լսեցին։
:    — Ինչո՞ւ է կրակում հրացանը։— Հարցրեց Դմբուզը։
:    — Մեր հաղթանակը նշելու համար։— Բացականչեց Զռանը։
:    — Ի՞նչ հաղթանակ։— Ասաց Դմբուզը։ Նրա ծնկներից արյուն էր կաթում, նա կորցրել էր մի պայտն ու ճեղքել սմբակը, հետեւի ոտքի մեջ կոտորակ էր մխրճված։
:    — Ինչպե՞ս թե ինչ հաղթանակ, ընկեր։ Չէ՞ որ մենք վռնդեցինք թշնամուն Անասնաֆերմայի սրբազան հողից։
:    — Բայց նրանք ոչնչացրին հողմաղացը։ Մեր երկու տարվա աշխատանքը։
:    — Հետո՞ ինչ։ Մենք կկառուցենք նորը։ Մենք վեց հողմաղաց կկառուցենք, եթե ցանկանանք։ Դուք չեք գնահատում, ընկերներ, մեր մեծ հաղթանակի կարեւորությունը։ Թշնամին զավթել էր այս նույն հողը, որին մենք հիմա կանգնած ենք։ Իսկ այժմ, շնորհիվ ընկեր Նապոլեոնի առաջնորդության, մենք հետ ենք գրավել մեր հողի վերջին թիզը։
:    — Այսինքն հետ ստացանք այն, ինչ ունեինք։— Ասաց Դմբուզը։
:    — Հենց դրանում է մեր հաղթանակը։— Ասաց Զռանը։
:    Նրանք քարշ եկան բակ։ Դմբուզի ոտքի կոտորակը ցավ էր պատճառում։ Նա պատկերացրեց հողմաղացը հիմքից վերականգնելու ծանր աշխատանքը եւ մտովի արդեն հավաքագրեց իր ուժերը։ Բայց եւ առաջին անգամ հիշեց, որ արդեն տասնմեկ տարեկան է, եւ իր հուժկու մկաններն այլեւս այն չեն, ինչ առաջներում։
:    Սակայն երբ անասունները տեսան ծածանվող կանաչ դրոշը եւ լսեցին հրացանի թնդյունը՝ ամբողջ հինգ կրակոց, իսկ ապա ունկնդրեցին Նապոլեոնի ճառը, որում նշվում էր իրենց արիությունը, նրանց ի վերջո իսկապես թվաց, որ իրենք մեծ հաղթանակ են տարել։ Ճակատամարտում զոհված անասուններին պատվով թաղեցին։ Դմբուզն ու Երեքնուկը քաշում էին դիակառք ծառայող սայլը, մինչ Նապոլեոնն ինքը գլխավորում էր թափորը։ Ամբողջ երկու օր նվիրվեց հանդիսություններին։ Երգերից, ճառերից եւ հրացանի նոր կրակոցներից հետո ամե անասուն ստացավ մեկական խնձոր, թռչուններին հատկացվեց երկուական բուռ հատիկ, իսկ շներին՝ երեքական բլիթ։ Հայտարարվեց, որ ճակատամարտը կկոչվի Հողմաղացի ճակատամարտ, եւ որ Նապոլեոնը Սահմանում է մի նոր պարգեւ՝ Կանադ Դրոշի Շքանշան, որը հնորհում է իրեն։ Համատարած ցնծության մեջ թղթադրամների չարաբաստիկ հարցը մոռացվեց։
:    Դրանից մի քանի որ անց խոզերը մառանում մի արկղ վիսկի գտան, որը տունը բնակեցնելիս աչքաթող էին արել։ Այդ գիշեր տան պատուհաններից բարձր երգեցողություն լսվեց, որում, ի զարմանս բոլորի, առկա էին նաեւ «Անգլիայի գազանների» ելեւեջները։ Ինն անց կեսի կողմերը պարզ երեւաց, թե ինչպես Նապոլեոնը, Ջոնզի հին թասակը գլխին, ետնամուտքից դուրս եկավ, վարգով վազ տվեց բակով մեկ եւ նորից մտավ տուն։ Սակայն առավոտյան տանը կատարյալ լռություն էր տիրում։ Խոզերից ծպտուն չէր գալիս։ Ժամը իննին մոտ, դանդաղ ու տրտում քայլերով, հայտնվեց Զռանը։ Նրա աչքերը խամրած էին, պոչը՝ կախված, եւ ընդհանրապես նա լուրջ հիվանդի տեսք ուներ։ Նա անասուններին ժողովեց եւ ասաց, որ սոսկալի բոթ ունի հայտնելու՝ ընկեր Նապոլեոնը մեռնում է։
:    Անասելի ողբ ու կոծ սկսվեց։ Տան մուտքի առջեւ ծղոտ փռեցին, անասունները սկսեցին քայլել կճղանկների ծայրերին։ Բոլորը լացակումաց իրար հարց էին տալիս, թե ի՞նչ պիտի անեն, եթե զրկվեն իրենց Առաջնորդից։ Լուր տարածվեց, թե Ձնագնդուն վերջիվերջո հաջողվել է թունավորել Նապոլեոնի սնունդը։ Ժամը տասնմեկին Զռանը դուրս եկավ նոր հայտարարություն անելու։ Իր վերջին կամքով Նապոլեոնը հրովարտակ է արձակում՝ ոգելից խմիչքների գործածությունը պատժվում է մահով։
:    Բայց եւ այնպես երեկոյան կողմ Նապոլեոնի վիճակը կարծես թե լավացավ, իսկ հաջորդ առավոտյան Զռանը հաղորդեց, որ նա շուտով միանգամայն կապաքինվի։ Նույն օրվա երեկոյան Նապոլեոնն անցավ աշխատանքի, իսկ հաջորդ օրը հայտնի դարձավ, որ նա Վիմփըրին պատվիրել է Վիլինգդոնից ձեռնարկներ բերել խմորման ու թորման մասին։ Մի շաբաթ անց Նապոլեոնը հրամայեց հերկել պարտեզի հետեւի փոքրիկ հողամասը, որը ժամանակին նախատեսվել էր որպես տարիքն առած անասունների հանգստավայր։ Հայտարարվեց, որ այդ արոտը հյուծված է եւ նոր ցանքի կարիք է զգում, սակայն շուտով ակնհայտ դարձավ, որ Նապոլեոնը մտադիր է այնտեղ գարի ցանել։
:    Համարյա նույն ժամանակ տեղի ունեցավ արտասովոր մի դեպք, որը ոչ ոք ի վիճակի չեղավ հասկանալ։ Մի գիշեր ժամը տասներկուսի կողմերը անասուններին արթնացրեց բակից լսված բարձր աղմուկը։ Լուսնի լույսի ներքո, ամբարի այն պատի տակ, որին գրված էին Յոթ Պատվիրանները, գետնին ընկած էր կոտրված մի սանդուղք։ Ժամանակավորապես շշմած Զռանը փռված էր դրա կողքին, իսկ շուրջն ընկած էին մի լապտեր, վրձին ու սպիտակ ներկի շուռ տված մի դույլ։ Շներն իսկույն եւեթ օղակ կազմեցին Զռանի շուրջն ու վերջինիս ուղեկցեցին տուն, հենց որ նա կարողացավ շարժվել։ Անասուններից ոչ մեկը չըմբռնեց, թե դա ինչ էր նշանակում, բացի Բենիամինից, որը հասկացող տեսքով շարժեց դունչը, բայց ոչինչ չասաց։
:    Մի քանի օր անց Մյուրիելը, սեփական նախաձեռնությամբ վերընթերցելով Յոթ Պատվիրանները, նկատեց, որ անասունները եւս մի Պատվիրան սխալ են հիշել։ Նրանք կարծել էին, թե Հինգերորդ Պատվիրանը եղել է․ «Անասունը երբեք ոգելից խմիչք չի գործածի», սակայն երկու բառ մոռացել էին։ Իրականում Հինգերորդ Պատվիրանն ասում էր․ «Անասունը երբեք ոգելից խմիչք չի գործածի չափից առավել»։
=ԳԼՈՒԽ 9==