― Լա՛վ եք ասում,― բացականչեց Մորելը բռի սրտաբացությամբ։― Հաճելի է ձեզ լսել այդպես խոսելիս, և ես դրանում լավ նշան եմ տեսնում խեղճ Էդմոնի համար։
― Սպասեցեք,― ասաց Վիլֆորը,թերթելով մի նոր մատյան,― սկսում եմ մտաբերել․ կարծեմ, ծովային էր, չէ՞։ Եվ, կարծեմ, պատրաստվում էր ամուսնանալ մի կատալունուհու հետ։ Այո՛, այո՛, հիմա հիշում եմ։ Դա շատ լուրջ գործ էր։
― Միթե՞։
― Դուք հո գիտեք, որ նրան իմ մոտից տարան ուղիղ դատարանի շենքին կից բանտը։
― Այո, իսկ հետո՞։
― Հետո զեկուցագիր ուղարկեցի Փարիզ, կցելով նրա մոտ հայտնաբերված թղթերը։ Ես պարտավոր էի այդ անել․․․ Մի շաբաթ հետո կալանավորին ուրիշ տեղ տարան։
― Տարա՞ն,― բացականչեց Մորելը։― Բայց ի՞նչ արին խեղճ տղային։
― Մի՛ վախեցեք, հավանաբար նրան ուղարկել են Ֆենեստրել, Պիներոլ կամ սբ․ Մարգարիտայի կղզիները, որ կնշանակի աքսորել են։ Մի գեղեցիկ օր նա կվերադառնա ձեզ մոտ և կստանձնի իր նավի հրամանատարությունը։
― Երբ էլ վերադառնա՝ իր տեղը մնում է։ Բայց ինչպե՞ս է, որ մինչև հիմա չի վերադարձել։ Թվում էր, թե նապոլեոնյան արդարադատության առաջին իսկ գործը պետք է լինի ազատել այն մարդուն, ում բանտ է նստեցրել ռոյալիստական արդարադատությունը։
― Մի՛ շտապեք մեղադրել, պարոն Մորել,― պատասխանեց Վիլֆորը․― ամեն գործի մեջ պահանջվում է օրինականություն, բանտարկելու կարգադրությունը ստացված էր բարփրագույն իշխանությունից․ հարկավոր է բարձրագույն իշխանությունից էլ ստանալ ազատման հրամանը։ Նապոլեոնը վերադարձելէ ընդհամենը երկու շաբաթ առաջ․ կալանավորների ազատման կարգադրությունները դեռ նոր են գրվում։
― Բայց մի՞թե չի կարելի,― հարցրեց Մորելը,― արագացնել այդ բոլոր ձևականությունները։ Չէ՞ որ մենք հաղթեցինք։ Ես բարեկամներ ունեմ, կապեր ունեմ, ես կհաջողացնեմ վճիռը վերացնել տալ։
― Վճիռ չի եղել։
― Ուրեմն, ձերբակալման որոշումը։
― Քաղաքական գործերի մեջ կալանավորական ցուցակներ չկան։ Երբեմն կառավարությունը շահագրգռված է, որ մարդն անհետ վերանա։ Ցուցակները կարող էին օգնել որոշումներին։
― Այդպես է եղել, միգուցե, Բուրբոնների օրոք, բայց հիմա․․․
― Այդպես է լինում բոլոր ժամանակներում, թանկագի՛ն պարոն Մորել։ Կառավարությունները հաջորդում են իրար և իրար նման են։ Դեռևս Լյուդովիկոս XIV ―ի օրոք լարած պատժիչ մեքենան գործում է մինչև օրս։ Չկա միայն Բաստիլը։