Ռամաս Էքորի մյուս կողմում ընդարձակ հողեր էին սկսվում՝ գոնդորցիներն այդպես էին անվանում արտաքին պատը, որի կառուցման համար քիչ ջանքեր չէին թափել, և որը կառուցել էին Իթիլիենի Թշնամու ստվերում հայտնվելուց հետո։ Այդ պատը, որի երկարությունը կլիներ տասը լիգից ոչ պակաս, սկսվում էր լեռների ստորոտից, հեռանում, տարածվում և նորից գալիս միանում լեռներին՝ իր մեջ առնելով Պելլենորյան դաշտավայրը՝ նախալեռնային երկար լանջերի ու տեռասների վրա տարածված գեղատեսիլ ու բերքառատ հողատարածքները, որոնք իջնում էին մինչև Անդուինի ստորին մակարդակները։ Քաղաքի գլխավոր դարպասից մինչև պատի ամենահեռավոր, հյուսիս արևելյան հատվածը կլիներ չորս լիգ, և այդ հատվածում պատը բարձրանում էր, լայնանում ու մագլցում գետի հարթավայրին նայող և ուղղաբերձ կտրվածքով ընդհատվող մռայլ ժայռի գլուխը՝ պահպանելով տակը կառուցված հողապատնեշը, որի վրայով պահապան աշտարակներով ամրացված դարպասի միջով անցնում էր Օսգիլիաթի ծանծաղուտներից ու կամուրջներից դեպի Մինաս Թիրիթ ձգվող ճանապարհը։ Հարավ արևելքում պատն ընդամենը մեկ լիգ էր հեռու քաղաքից։ Այնտեղ Անդուինը լայն աղեղով շրջանցում էր Էմին Արնենի լեռները հարավային Իթիլիենում և կտրուկ թեքվում արևմուտք, և պատն էլ այնտեղ ձգվում էր հենց գետի երկայնքով։ Պատից այն կողմ ափամերձ կայաններ էին ու Հարլոնդի նավահանգիստը, որտեղ կայանում էին հարավային շրջաններից գետի հոսանքով վեր ժամանած նավերը։
Գահանիստ քաղաքի շրջակա բնակավայրերը թաղված էին փարթամ կանաչի մեջ, մշակված էին և հարուստ պտղատու այգիներով, տնտեսությունների բակերում ամբարներ կային, գայլուկի չորանոցներ, փարախներ ու գոմեր, և կանաչի միջով բարձրադիր վայրերից դեպի Անդուին էին վազում բազմաթիվ առուներ ու գետակներ։ Սակայն տեղի բնակչությունը՝ մշակներն ու հովիվները, սակավաթիվ էին․ գոնդորցիների հիմնական մասն ապրում էր քաղաքի յոթ օղակների ներսում և Լոսարնախի լեռնային բարձրադիր հովիտներում ու ավելի հարավ՝ հրաշագեղ Լեբենինում իր հինգ արագահոս գետերով։ Այնտեղ, լեռների ու ծովի միջև, տոկուն ժողովուրդ էր ապրում։ Նրանց համարում էին գոնդորցիներ բայց նրանց արյունը խառնված էր, և նրանց մեջ շատ էին հանդիպում կարճահասակ ու թուխ մարդիկ, որոնց նախնիները սերում էին լեռների ստվերներում բնակվող մոռացված ժողովրդից, որոնք ապրում էին այնտեղ Մութ Տարիներին՝ մինչև թագավորների գալուստը։ Իսկ ավելի հեռու՝ Բելֆալասի շրջանում, ծովափնյա իր ամրոցում, Դոլ Ամրոթում, ապրում էր ազնվատոհմ իշխան Իմրահիլը և իր ժողովուրդը՝ բարձրահասակ ու հպարտ մարդիկ, մոխրագույն՝ մոխրակապույտ՝ ինչպես ծովը, աչքերով։
Մինչ Գենդալֆն ընթանում էր դեպի քաղաքը, երկինքը լուսավորվեց ցերեկային լույսով, և Փիփինը, վեր կենալով, նայեց շուրջը։ Նրանից ձախ փռված էր մշուշի ծովը, որը հեռվում, արևելքում, վերածվում էր մռայլ ստվերի, իսկ աջ կողմում դեպի արևմուտք ձգվող Էրեդ Նիմրիսի հսկա լեռնաշղթան էր, որը վերջանում էր ուղղաբերձ կտրվածքով՝ այնքան կտրուկ, ասես աշխարհի ստեղծման օրերին մի մեծ գետ ճեղքել անցել էր հսկա պատնեշը՝ ձևավորելով հսկայական մի հովիտ՝ որին վիճակված էր դառնալ ապագա ճակատամարտերի և վիճարկումների վայր։ Եվ այնտեղ, որտեղ վերջանում էին Էրեդ Նիմրիսի Սպիտակ լեռները, Փիփինը տեսավ, ինչպես և խոստացել էր Գենդալֆը, Մինդոլլուին լեռան մութ զանգվածը՝ լուսաբացի շողերից ճերմակին տվող հպարտ գլխով, որ վեր էր հառնում բարձրադիր կիրճերի մուգ մանուշակագույն ստվերներից։ Իսկ նրա դուրս ցցված ելուստ ծնկների վրա բազմած էր հզոր, պաշտպանված մի քաղաք իր յոթ քարե պարիսպներով՝ այնքան հինավուրց և ամրակուռ, որ թվում էր՝ ոչ թե մարդիկ են կառուցել, այլ հսկաներն են կերտել հողի ոսկորներից։
— Լա՜վ է ասված,— բացականչեց Բերեգոնդը։ Նա վեր կացավ ու սկսեց հետ ու առաջ քայլել։ — Թեև ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ, բայց Գոնդորի վերջը դեռ չի եկել։ Եթե նույնիսկ Թշնամին վերցնի ամրոցն ու պարիսպների բարձրության դիակներ կիտի, մեկ է, դեռ ուրիշ ամրոցներ էլ կան և փախուստի համար նախատեսված լեռներ տանող գաղտնի ուղիներ։ Հույսն ու հիշողությունն առաջվա պես կապրեն ինչ-որ մի թաքնված հովտում, որտեղ խոտը կանաչ է։
— Իսկ ես կուզենայի, որ այս ամենը շուտ վերջանար, ինչ լինելու է, թող լինի,— հոգոց հանեց Փիփինը։ Ինձանից ի՜նչ մարտիկ, ինձ նույնիսկ կռվի մասին մտքերն են տհաճ, բայց ամենավատը նստել ու սպասելն է մի բանի, ինչն անխուսափելի է։ ԷհՕ՜ֆ, ինչ երկար է գնում ձգվում օրը։ Ես ինձ ավելի հանգիստ կզգայի, եթե անշարժ կանգնելու և սպասելու փոխարեն առաջինը մենք հարվածեինք։ Ռոհանում էլ մինչև հիմա սպասելուց կլինեին, եթե Գենդալֆը չլիներ։
— Հըմ, մեր բոլորիս ցավոտ տեղին դիպար,— քմծիծաղեց Բերեգոնդը։ — Բայց ամեն ինչ կարող է փոխվել, երբ Ֆարամիրը վերադառնա։ Նա խիզախ է ու քաջ , ավելին, քան կարծում են բոլորը, քանզի մեր օրերում դժվար է հավատալ, որ հնարավոր է հնամյա ասքերի ու երգերի գիտակ լինել, կարդացած լինել ու միաժամանակ մարտի դաշտում իրեն դրսևորել որպես հմուտ ու արագաշարժ զորավար։ Իսկ Ֆարամիրն այդպիսին է։ Պակաս անխոհեմ ու անհամբեր, քան Բորոմիրը, բայց նրանից ոչ պակաս վճռական։ Բայց ի՞նչ վճիռ կարող է նա կայացնել։ Հո չի հրամայի գրոհով վերցնել այդ․․․ այդ երկրի լեռները։ Մեր ձեռքերը կարճ են, և մենք չենք կարող հարվածել, քանի դեռ Թշնամին ինքը չի եկել մեր երկիր։ Բայց որ եկավ, մեր ձեռքը պետք է ծանր լինի։ — Այդ ասելով, նա ձեռքվ հարվածեց իր թրի բռնակին։
Փիփինը նայեց նրան․ բարձրահասակ, հպարտ ու ազնիվ, ինչպես և բոլոր մարդիկ այս երկրի, որոնց նա տեսել էր։ Աչքերը փայլում էին ճակատամարտի մտքից։ «Ավա՜ղ, մտածեց հոբիթը,— իմ սեփական ձեռքը փետուրից էլ թեթև է թվում։ — Եվ դառնացած լռեց։ — Գենդալֆն ասաց զինվո՞ր։ Հնարավոր է, բայց սխալ խաղատախտակի վրա»։
Դարպասի մոտ, կարծում եմ, այնտեղ շատ հետաքրքիր բաներ կտեսնեք մինչև դրանց փակվելը։
Նա դուրս եկավ, և շուտով նրան հետևեցին մյուսները։ Օրը դեռ պայծառ էր, բայց օդը մշուշվել էր, և մարտ ամսվա համար անսովոր շոգ էր նույնիսկ հարավում։ Փիփինը ցանկանում էր քնել, բայց դատարկ տանը միայնակ մնալը հաճելի չէր, և նա որոշեց իջնել ու հետազոտել քաղաքը։ Նա մի քանի համեղ պատառներ տարավ Լուսաչին, որ խնայել էր սեղանից, և վերջինս դրանք բարեհաճորեն ընդունեց, թեև ուտելիքի պակաս չուներ։ Հետո հոբիթը իջավ ոլորպտույտ ճանապարհով։
Մարդիկ զարմացած նայում էին նրան․ հարգալից ողջունում էին գոնդորցիներին հատուկ ձևով՝ իջեցնելով գլուխը և ձեռքերը դնելով կրծքին, բայց հենց նա անցնում էր, հետևից բացականչություններ էին լսվում՝ փողոցում գտնվողները կանչում էին տներում գտնվողներին, որպեսզի նրանք նույնպես տեսնեն կոլոտիկների իշխանին, Միթրանդիրի ուղեկցին։ Բացի համընդհանուր լեզվից, շատերն այստեղ խոսում էին նաև այլ լեզվով, բայց շուտով Փիփինն այնքան ընտելացավ, որ սկսեց զանազանել իր կոչումը՝ Էրնիլ է Ֆերիաննաթ, ինչը հաստատում էր, որ նրա մասին լուրը տարածվել է ամբողջ քաղաքում։
Այդպես, անցնելով կամարակապ միջանքներով, բազմաթիվ սալիկապատ փողոցներով ու նրբանքներով, նա վերջապես հասավ առաջին, ամենալայն օղակին, որտեղ նրան ուղարկեցին Լապտերների փողոց՝ լայն սալարկված մի ճանապարհ, որը տանում էր դեպի Մեծ Դարպասը։ Շուտով նա գտավ Հին պանդոկը՝ բարձր, երկթևանի մի շինություն մոխրագույն հողմահար քամահար քարից, և թևերի արանքում նեղ կանաչ մարգագետին, որի հետևում բազմապատուհան տուն էր, իսկ դիմացը, ամբողջ ճակատի երկայնքով, սյուներ ու կամարներ, որոնց արանքով աստիճաններ էին իջնում դեպի մարգագետին։ Սյուների մոտ տղաներ էին խաղում՝ միակ երեխաները, որոնց Փիփինը տեսավ Մինաս Թիրիթում։ Նա կանգնեց ու սկսեց նայել նրանց։ Շուտով նրանցից մեկը նկատեց հոբիթին, ճչալով ցատկեց ու խոտերի միջով դուրս եկավ փողոց ևս մի քանիսի ուղեկցությամբ։ Նա կանգնեց Փիփինի առջև և ոտքից գլուխ զննեց նրան։
— Ողջու՛յն,— ասաց տղան։ — Որտեղի՞ց եկար։ Դու մեր քաղաքից չես։
— Այսքան քի՞չ, հազիվ երկու հարյուր հոգի լինեն։ Մենք տաս անգամ ավելին էինք սպասում։ Ահա թե ինչ արեց Անդուինի Սև նավատորմը․ ինը տասներորդը մնացել է պաշպանվելու։ Բայց մեզ համար յուրաքանչյուր զինվորն էլ հաշիվ է։
Այդպես գալիս էին նրանք ջոկատը ջոկատի հետևից, ողջույնների բացականչությունների ներքո անցնում Դարպասով։ Շրջանների ժողովուրդն ուղարկում էր իր որդիներին պաշտպանելու Գոնդորի գահաքաղաքն այս մութ ժամին․ բայց բոլորն էլ ուղարկում էին ավելի քիչ, քան այստեղ սպասում էին։ Երեք հարյուր հետևակ իրենց իշխանորդի Դերվորինի առաջնորդությամբ եկել էին Ռինգլո վալե հովտից․ հինգ հարյուր նետաձիգ եկել էին Մորթոնդի բարձրավանդակից, Սև Արմատի հովտից, բարձրահասակ Դուինհիրի և նրա որդիների՝ Դուիլինի ու Դերուֆինի առաջնորդությամբ։ Հետո անցավ Անֆալասից, հեռավոր Ափամերձից եկած որսորդների, հովիվների և գյուղացիների մի մեծ շարասյուն, որոնք վատ էին հագնված և զինված էին անբավարար, բացառությամբ իրենց առաջնորդ Գոլասգիլի և իր ծառաների։ Լամեդոնից եկել էին մի քանի մռայլ լեռնեցիներ առանց հրամանատարի, Էթիրից՝ մի քանի հարյուր ձկնորս՝ մնացածը մնացել էին նավերի վրա։ Փինաթ Գալենի Կանաչ Բլուրներից եկել էր Հիրլուին Ոսկեհերը, իր հետ բերելով երեք հարյուր կանաչազգեստ ռազմիկ, իսկ ամենավերջինն ու ամենահպարտը անցավ Դոլ Ամրոթի իշխան Իմրահիլը՝ փոխարքայի ազգականը, իր լավ զինված հեծելազորով, որոնք կրում էին նավի ու արծաթե կարապի նշանով ոսկեզօծ զինադրոշներ, իսկ նրանց հետևից՝ յոթ հարյուր ռազմիկ՝ բարձրահասակ, ազնվաբարո, մոխրագույն մոխրակպույտ աչքերով ու սև մազերով, և նրանք երգում էին քայլելուց։
Եվ այդքանով ավարտվեց, նույնիսկ երեք հազար մարդ չհավաքվեց։ Սպասելիք այլևս չկար։ Նրանց ոտնաձայներն ու խոսակցություններն աստիճանաբար մարեցին Դարպասի մյուս կողմում։ Դիտողները որոշ ժամանակ լուռ էին։ Փոշին կախվել էր օդում, քամի չկար, և երեկոն տոթ էր։ Եկավ մայրամուտի ժամը, և կարմիր արևը մտավ Մինդոլուինի հետևը։ Գոնդորի գահաքաղաքը ծածկվեց ստվերով։
Փիփինը նայեց վերև, և նրան թվաց, թե երկինքը դարձել է մոխրի պես մոխրագույն, ասես նրանց գլխին հսկայական ծխի ու փոշու ամպ լիներ կախված, որի միջով աղոտ լույս էր թափանցում։ Միայն արևմուտքում էր, որ մեռնող արևը վառել էր երկինքը, և այդ բոսոր հրդեհի ֆոնին ուրվագծվող Մինդոլուինի սև զանգվածն ասես պատված լիներ այրվող խանձողներով։
— Ինչ հրաշալի օր էր, և ինչ ցասումով վերջացավ,— ասաց նա, մոռանալով իր կողքը նստած տղայի մասին։
Նրանք բաժանվեցին, և Փիփինը շտապեց վերադառնալ միջնաբերդ։ Ճանապարհը երկար էր, հոբիթը քրտնեց ու կարգին սովածացավ։ Սկսվող գիշերն անաստղ էր ու մութ։ Նա ուշացել էր երեկոյան ընթրիքին, բայց պարզվեց՝ Բերեգոնդը սպասում էր․ ուրախացավ, նստեցրեց կողքին ու հարցուփորձ արեց որդու մասին։ Ընթրելուց հետո Փիփինը մի փոքր էլ մնաց և հետո որոշեց հեռանալ, որովհետև նրան ինչ-որ տարօրինակ մռայլություն էր պատել, և այժմ նա շատ էր ցանկանում կրկին տեսնել Գենդալֆին։
— Ինքդ կգտնե՞ս ճանապարհը,— հարցրեց Բերեգոնդը միջնաբերդի հյուսիսային կողմում գտնվող դահլիճի դռների մոտ, որտեղ նստած էին։ — Գիշերը քիչ չէ, մութ է, մի բան էլ և դեռ հրաման է եկել հանգցնել քաղաքի լույսերը, պարիսպներին ջահեր չվառել։ Եվ Ու մեկ այլ հրաման էլ կա քեզ վերաբերվող․ վաղն առավոտյան քեզ կկանչեն տիրակալ Դենեթորի մոտ։ Վախենում եմ, որ քեզ չեն ներառի Երրորդ պահակախմբում։ Այնուամենայնիվ, հուսով եմ, որ էլի կհանդիպենք։ Ցտեսություն և խաղաղ քուն եմ ցանկանում։
Սենյակում մութ էր, միայն մի փոքրիկ լամպ էր վառվում սեղանին։ Գենդալֆը դեռևս չկար։ Մռայլությունն ավելի խորը պատեց Փիփինին։ Նա բարձրացավ նստարանի վրա և փորձեց պատուհանից դուրս նայել, բայց դա միևնույնն էր, ինչ թանաքի լճակի մեջ նայելը։ Նա իջավ, քաշեց վարագույրն ու պառկեց քնելու։ Որոշ ժամանակ պառկած սպասում էր Գենդալֆի վերադարձին, իսկ հետո անհանգիստ քուն մտավ։