====Գլուխ չորորդ․ Գոնդորի պաշարումը====
Փիփինին արթնացրեց Գենդալֆը։ Սեղանին վառվում էին մոմերը, որովհետև պատուհաններից միայն ինչ-որ աղոտ կիսախավար էր թափանցում։ Օդը ծանր էր՝ ինչպես ամպրոպից առաջ։ — Ժամը քանի՞սն է,— հորանջելով, հարցրեց Փիփինը։ — Երկրորդ ժամն անցավ,— պատասխանեց Գենդալֆը։ — Ժամանակն է վեր կենալ ու ներկայանալի տեսք ստանալ։ Կանչված ես Քաղաքի Տիրակալի մոտ՝ քո նոր պարտականությունները սովորելու համար։ — Իսկ նա նախաճաշ կապահովի՞։ — Ո՛չ։ Ահա՛ քո նախաճաշը, և մինչև կեսօր այլևս ոչինչ չսպասես։ Այժմ սնունդը տրվում է չափաբաժնով։ Փիփինն առանց որևէ հրճվանքի նայեց փոքրիկ հացին և, իր պատկերացմամբ, կարագի ուղղակի ծիծաղելի չափաբաժնին, որ դրված էր կաթով լի բաժակի կողքին։ — Է՜հ, Ինչի համար ինձ էստեղ բերեցիր,— հառաչեց նա։ — Ինքդ էլ հիանալի գիտես, թե ինչու,— կտրեց Գենդալֆը։ — Որպեսզի ավելի վատ փորձանքի մեջ չընկնես։ Իսկ եթե քեզ այստեղ դուր չի կալիս, կարող ես հիշել, որ ինքդ ես սա քո գլխին բերել։ Շատ չանցած նա կրկին Գենդալֆի հետ գնում էր աշտարակի գահադահլիճ տանող սառը միջանցքով։ Դենեթորը անշարժ նստած էր մոխրագույն կիսախավարում։ «Ճիշտ ինչպես ծեր, համբերատար սարդը»,— մտածեց Փիփինը։ Թվում էր, նա նախորդ օրվանից տեղից չի շարժվել։ Նա Գենդալֆին նստելու նշան արեց, բայց Փիփինը դեռ որոշ ժամանակ մնաց առանց ուշադրության։ Վերջապես ծերունին դիմեց նրան․ Դե ինչ, պարոն Փերեգրին, հուսով եմ, երեկվա օրը օգտագործեցիք ձեր օգտին և ձեր սրտո՞վ։ Չնայած վախենում եմ, որ այստեղի օրապահիկը, ձեր հասկացությամբ, շատ համեստ է։ Փիփինը զարմացավ ու նրա մոտ տհաճ զգացողություն առաջացավ, որ իր ասածի կամ արածի մեծ մասը ինչ-որ կերպ հայտնի է դարձել տիրակալին։ Իսկ գուցե նա մտքե՞ր է կարդում։ Հոբիթը որոշեց, որ ավելի լավ է լռել։ — Ինչո՞վ կուզեիր զբաղվել ինձ մոտ ծառայությաան ժամանակ։ — Ես կարծում էի, տիրակալ, որ դու ինքդ կորոշես իմ պարտականությունները։ — Կորոշեմ, երբ իմանամ, թե ինչի համար ես դու պիտանի,— ասաց Դենեթորը։ — Եվ, հավանաբար, ավելի շուտ կիմանամ, եթե քեզ իմ կողքին պահեմ։ Իմ զինակիրը թույտվություն է խնդրել տեղափոխվելու արտաքին կայազոր, ուստի որոշ ժամանակ կզբաղեցնես նրա տեղը։ Կծառայես ինձ, հանձնարարություններս կկատարես ու կզվարճացնես պատերազմի և խորհրդի հարցերի միջև ազատ ժամանակամիջոցներում։ Երգել գիտե՞ս։ — Գիտեմ,— պատասխանեց Փիփինը։ — Ավելի ճիշտ, գիտեմ՝ իմ երկրի պատկերացումներով։ Բայց մեր երգերը մեծ դահլիճների ու մութ ժամանակների համար չեն, տիրակալ։ Մենք հազվադեպ ենք երգում քամուց ու անձրևից ավելի վատ բաների մասին։ Իմ իմացած երգերի մեծ մասն էնպիսի բաների մասին են, որ ստիպում են ծիծաղել՝ և ուտելու ու խմելու մասին, իհարկե։ — Եվ այդ ինչու՞ ձեր երգերը իմ դահլիճների ու այս ժամանակի համար չեն։ Մենք երկար ապրել ենք Խավարի սպառնալիքի ներքո, և մի՞թե առավել հաճելի չեն լինի մեր ականջներին հեռավոր ու անհոգ երկրի զվարթ արձագանքները։ Այդ ժամանակ մենք կզգանք, որ մեր զգոնությունը անպտուղ չի եղել, թեև, հնարավոր է՝ անշնորհակալ։ Փիփինի սիրտը կախ ընկավ։ Նրան դուր չէր գալիս այդ միտքը՝ երգել Մինաս Թիրիթի տիրակալի համար հոբիթական երգեր, հատկապես ծիծաղելի, որոնք նա ամենից լավ գիտեր․ դրանք չափազանց պարզունակ էին այդ պահի համար։ Առայժմ, սակայն, նա ազատվեց այդ փորձությունից՝ նրան չհրամայեցին երգել։ Դենեթորը շրջվեց Գենդալֆի կողմը և հարց ու փորձ արեց Ռոհիրիմների և նրանց մտադրությունների մասին, ինչպես նաև Էոմերի՝ թագավորի եղբորորդու դիրքի մասին։ Իսկ Փիփինը զարմանում էր, թե որտեղից նա այդքան բան գիտե հեռավոր երկրներում ապրողների մասին, եթե ինքը արդեն շատ տարիներ չի լքել իր երկիրը։ Վերջապես Դենեթորը ձեռքը թափահարեց՝ հասկացնելով Փիփինին, որ նա որոշ ժամանակ ազատ է։ — Գնա Միջնաբերդի զինանոց,— ասաց նա,— և հագնվիր, ինչպես վայել է աշտարակի պահապանին։ Այնտեղ ամեն ինչ քեզ համար պատրաստել են, երեկ եմ կարգադրել։ Վերադարձիր հագնվելուց հետո։ Եվ իսկապես, ինչպես և նա խոստացել էր, ամեն ինչ պատրաստ էր․ շուտով Փիփինը հագել էր նոր հանդերձներ, տարօրինակ, ամբողջովին սև ու արծաթավուն։ Օղազրահի օղերը գուցե և պողպատից էին, բայց սաթի պես սև էին, իսկ բարձր, պսակով սաղավարտը երկու կողմերից զարդարված էր ագռավի թևերով, պսակի մեջտեղում էլ արծաթե աստղ էր։ Օղազրահի վրայից Փիփինը հագավ կարճ, սև բաճկոն՝ կրծքին ասեղնագործված արծաթե ծառով։ Նրա հին հագուստները ծալեցին ու տարան, բայց թույլատրեցին պահել լորիենյան մոխրագույն թիկնոցը, թեպետ հերթապահության ժամանակ կրել չէր կարելի։ Այժմ, ինքն էլ չիմանալով, նա իսկապես դարձել էր կոլոտիկների արքայազն Էրնիլ ի Ֆերիանաթը, ինչպես նրան դիմում էր ժողովուրդը։ Սակայն նա իրեն անհարմար էր զգում։ Եվ խավարն էլ արդեն սկսել էր լրջորեն ճնշել։ Ամբողջ օրը պղտոր մութ էր։ Անարև լուսաբացից մինչև երեկո ծանր ստվերը խտանում էր, և քաղաքում բոլորի սրտերը ճնշված էին։ Վերևում՝ բարձրում, պատերազմի քամուց քշված հսկայական ամպը Սև Երկրից դանդաղորեն դեպի արևմուտք էր հոսում՝ կուլ տալով լույսը, բայց ներքևում օդը անշարժ էր, կարծես ամբողջ Անդուինի հովիտը շունչը պահած սպասում էր ավերիչ փոթորկի սկսվելուն։ Տասնմեկերորդ ժամին, վերջապես, մի պահ ազատվելով պարտականություններից, Փիփինը դուրս եկավ ու գնաց ուտելիք-խմելիք փնտրելու, որ գոնե մի քիչ զվարճանա ու կրճատի ցավալի սպասման ժամանակը։ Սեղանատանը նա նորից հանդիպեց Բերեգոնդին՝ վերջինս հենց նոր էր վերադարձել Պելենորի դիտակետերից, հողապատնեշի պահակային աշտարակներից, որտեղ ուղարկված էր հանձնարարությամբ։ Նրանք երկուսով կրկին բարձրացան պատին․ Փիփինն իրեն բանտարկյալ էր զգում փակ դահլիճներում և շունչը կտրում էր նույնիսկ բարձրադիր Միջնաբերդում։ Նրանք նորից նստեցին արևելք նայող հրակնատի նստարանին, որտեղ հյուրասիրվել ու զրուցել էին նախորդ օրը։ Մայրամուտի ժամն էր, բայց վիթխարի ծածկոցը տարածվել էր հեռու արևմուտք, և միայն ծովում խորտակվելուց առաջ արևը հասցրեց մի պահ երևալ ու հրաժեշտի կարճ ճառագայթներ ուղարկել խավարից առաջ, այն նույն ճառագայթները, որ Ուղիների խաչմերուկում լուսավորեցին ընկած արքայի գլուխը և ստիպեցին ֆրոդոյին շրջվել։ Բայց Մինդոլուինի ստվերի տակ գտնվող Պելլենորի դաշտերը չլուսավորվեցին․ այնտեղ լճացել էր մռայլ, շագանակագույն մշուշը։ Փիփինին թվում էր, որ ոչ թե երեկ էր նստած այստեղ, այլ շա՜տ-շատ տարիներ առաջ, ինչ-որ կիսամոռացված ժամանակ, երբ ինքը դեռ անհոգ հոբիթ էր, թեթևամիտ մի թափառական, ով դեռ ոչինչ չգիտեր այս աշխարհի վտանգների մասին։ Իսկ այժմ նա փոքրիկ զինվոր էր հսկա քաղաքում և պատրաստվում էր մեծ գրոհի՝ հագին Միջնաբերդի պահապանի հպարտ, բայց մռայլ հանդերձանքը։Մի ուրիշ ժամանակ և մեկ այլ վայրում նրան գուցե զվարճալի թվար իր նոր հանդերձանքը, բայց հիմա գիտեր, որ այդ ամենը խաղ չէ, որ ինքն իսկապես խստաբարո, մռայլ տիրակալի սպասավորն է և գլխին մեծ վտանգ է կախված։ Օղազրահը ծանր էր, սաղավարտը ճնշում էր գլուխը։ Բաճկոն-թիկնոցը հանեց ու գցեց նստարանին։ Հոգնած հայացքը շրջելով ներքևում փռված մութ դաշտերից, նա հորանջեց, ապա հառաչեց։ — Ծանր օ՞ր ես ունեցել,— հարցրեց Բերեգոնդը։ — Շատ ծանր,— հաստատեց Փիփինը։ — Անգործությունից ու սպասումից ոտքի վրա մնալ չեմ կարողանում։ Կրունկներս մաշեցի փոխարքայի դռների մոտ, մինչև նա երկար ժամերով խոսում էր Գենդալֆի հետ, հետո իշխան Իմրահիլի այլ մեծապատիվ անձանց հետ։ Հետո, ես սովոր չեմ սոված փորով սպասարկել ուրիշներին, երբ նրանք ուտում են։ Հոբիթի համար դա արդեն չափազանց է։ Դու անտարակույս կարծում ես, Բերեգոնդ, որ ես քիչ եմ գնահատում ինձ ընձեռնված մեծ պատիվը և նման բաներ։ Բայց ինչու՞մն է դրա մեծությունը։ Իսկապես, նույնիսկ ուտելիքից ու խմելիքից բավականություն չկա էս սողացող խավարում։ Էս ի՞նչ է սա նշանակում, օդը ոչ թե օդ է, այլ ինչ-որ խիտ շագանակագույն զանգված։ Ձեզ մոտ հաճա՞խ է էսպես մռայլ մշուշ լինում, թե՞ միայն արևելյան քամու ժամանակ։ — Ոչ, եղանակն այստեղ կապ չունի,— ասաց Բերեգոնդը։ — Սա նրա հնարանքներն են, ում անունը մենք չենք տալիս։ Նա է ուղարկում այս ծուխը Հրամեջ Լեռան ընդերքից, որ խավարեցնի մեր սրտերն ու պղտորի մտքերը։ Եվ դա նրա մոտ ստացվում է։ Ա՜խ, շուտ վերադառնար Ֆարամիրը։ Նրան չես վախեցնի նման բաներով։ Բայց հիմա, ով գիտե, էլ նա երբևէ կվերադառնա՞ Գետի այն կողմի խավարից։ — Հա, Գենդալֆն էլ էր անհանգստանում,— ասաց Փիփինը։ — Նա, իմ կարծիքով, խիստ հիասթափված էր, որ Ֆարամիրին չգտավ Քաղաքում։ Իսկ ինքը տեսնես ու՞ր կորավ։ Կեսօրից առաջ լքեց տիրակալի խորհուրդը ու շատ մռայլ տեսք ուներ։ Միգուցե վատ լուրերի որոշակի կանխազգացու՞մ ուներ։ Հանկարծ երկուսն էլ կես բառի վրա քարացան ու սառան տեղերում։ Փիփինը ձեռքերով ականջները փակեց և ուժահատ ընկավ, բայց Բերեգոնդը, որ Ֆարամիրի մասին խոսելիս նայում էր պատի վրայից, մնաց այնտեղ, որտեղ կանգնած էր՝ ամբողջ մարմնով ձգված ու աչքերը չռած։ Փիփինը ճանաչում էր այդ սահմռկեցուցիչ, քարացնող ճիչը, որ լսել էր շատ վաղուց Հոբիթաստանի ճահճուտներում, բայց այժմ այն բազմակի անգամ հզոր էր՝ լցված կատաղի ատելությամբ ու սառնությամբ, և թունավոր հուսահատությամբ էր լցնում սիրտը։ Վերջապես Բերեգոնդը դժվարությամբ խոսեց։ — Հայտնվեցին,— ասաց նա։ — Քաջություն հավաքիր ու նայիր։ Տեսնու՞մ ես, ահա նրանք, կատաղի հրեշները։ Փիփինը չուզենալով բարձրացավ նստարանի վրա ու նայեց պատից այն կողմ։ Ներքևում փռված Պելլենորը մշուշով էր պատված և ձգվում էր մինչև հեռվում հազիվ գուշակելի Մեծ Գետի ափերը։ Բայց այժմ դաշտավայրի գլխին, ինչպես անժամանակ գիշերվա ստվերներ, սավառնում էին հինգ թռչնանման արարածներ՝ լեշակերների պես սարսափելի, բայց ավելի մեծ, քան արծիվները և դաժան, ինչպես մահը։ Նրանք մեկ սրընթաց մոտենում էին պարսպին, գրեթե նետի թռիչքի հեռավորության վրա, մեկ հեռանում դեպի գետը ու նորից վերադառնում։ — Սև Հեծյալները,— քրթմնջաց Փիփինը։ — Սև Հեծյալները երկնքում․․․ Բայց տե՛ս, Բերեգո՜նդ,— հանկարծ բացականչեց նա,— նրանք ոնց որ ինչ-որ բան փնտրեն, տես ոնց են պտտվում, հետո իջնում ներքև՝ անընդհատ նույն տեղը։ Իսկ տեսնու՞մ ես, ինչ-որ բան է շարժվում գետնի վրայով, մութ, փոքրիկ բծեր։ Այո, հեծյալներ են, չորսը կամ հինգը։ Ա՜խ չեմ կարող նայել․ Գե՜նդալֆ, Գե՜նդալֆ, փրկի՜ր մեզ։ Տարածվեց երկարատև ու ականջ ծակող ևս մեկ կաղկանձ, և հոբիթը հետ թռավ պատից, ծանր շնչելով, ինչպես ծխահարված գազանիկ։ Հետո ավելի հեռվից տարածվեց շեփորի ուժգնացող ձայնը և ավարտվեց բարձր ու երկար նոտայի վրա։ — Ֆարամի՛րը, Ֆարամի՛րը, նրա կա՜նչն է,— բացականչեց Բերեգոնդը։ — Ա՛յ քեզ քաջասիրտ։ Բայց ինչպե՞ս կարող է նա հասնել Դարպասին, եթե այդ թռչող գիշատիչները ոչ միայն վախեցնել գիտեն։ Բայց նայի՛ր, լավ էլ դիմանում են, սլանում են դեպի Դարպասը։ Օ՛հ, ոչ, ձիերը խելքները թռնում են՝ գցում հեծյալներին․․․ Վեր կացան, արդեն վազում են․․․ Ոչ, մեկը դեռ թամբի վրա է, բայց վերադառնում է մնացածների մո՛տ։ Հաստատ հրամանատարն է, նրան ենթարկվում են և՛ ձիերը, և՛ մարդիկ։ Ա՜խ, այդ նողկանքներից մեկը իջնում է, թռչում է ուղիղ նրա վրա․․․ Օգնությու՜ն, օգնությու՜ն, մի՞թե ոչ ոք դուրս չի գա նրան օգնելու։ Ֆարամի՜ր։ Այս խոսքերով Բերեգոնդը ցատկեց տեղից ու կորավ խավարում։ Ամոթահար իր սարսափից, մինչդեռ Բերեգոնդը մտածում էր առաջին հերթին հրամանատարի մասին, որին սիրում էր, Փիփինը ոտքի կանգնեց ու նայեց դուրս։ Հենց այդ պահին հյուսիսում, խավարի մեջ, արծաթասպիտակ աստղ բռնկվեց ու սլացավ մութ դաշտերով։ Այն շարժվում էր նետի թռիչքի արագությամբ ու գնալով մեծանում, արագորեն մոտենալով դեպի Դարպասը փախչող մարդկանց։ Փիփինին թվաց, թե նրա շուրջը աղոտ լույս է տարածվում, և ծանր ստվերները նահանջում են նրա առջև․ իսկ հետո, երբ նա մոտեցավ, լսվեց պատերից արձագանքող հզոր, կանչող ձայնը։ — Գե՛նդալֆ,— ճչաց Փիփինը,— Գե՛նդալֆ։ Նա միշտ հայտնվում է ամենաանհուսալի պահին։ Սլացի՛ր, Ճերմակ ձիավոր, սլացի՜ր, Գե՜նդալֆ, Գե՛նդալֆ,— ճչում էր նա կոկորդը պատռելով, ինչպես մրցավազք դիտող հանդիսատեսը իր սիրած վազորդին, որը, մեկ է, չի լսում։ Սավառնող մութ ստվերները նկատեցին մոտեցողին։ Նրանցից մեկը նետվեց դեպի նոր հակառակորդը, բայց, ինչպես Փիփինին թվաց, հեծյալը բարձրացրեց ձեռքը և ճերմակ լույսի մի ճառագայթ ուղղեց դեպի վեր։ Նազգուլը երկար ոռնոց արձակեց ու թռավ հեռու, մյուսները մի ակնթարթ տատանվեցին, ապա, զսպանակաձև բարձրանալով, հեռացան արևելք ու կորան օդում կախված ամպի մեջ։ Պելլենորը որոշ ժամանակով մի փոքր լուսավորվեց։ Փիփինը տեսավ, թե ինչպես հանդիպեցին ու կանգ առան Ճերմակ հեծյալն ու մյուս հեծյալը՝ սպասելով ոտքով եկողներին։ Քաղաքից նրանց օգնություն շտապեց ընդառաջ, և քիչ անց նրանք բոլորը կորան տեսադաշտից արտաքին պատերի հետևում, հավանաբար Դարպասն էին անցնում։ Գլխի ընկնելով, որ նրանք անմիջապես կգան աշտարակ՝ փոխարքայի մոտ, հոբիթը շտապեց դեպի Միջնաբերդի մուտքը։ Եվ հայտնվեց ամբոխի մեջ, որոնք նույնպես պատերի վրայից դիտում էին հետապնդումն ու անսպասելի փրկությունը։ Երկար սպասելու հարկ չեղավ․ շուտով լուրը կայծակի արագությամբ տարածվեց Քաղաքով մեկ, ու մոտակա փողոցներից լսվեց բազմաձայն ուրախության գվվոց՝ վանկարկում էին Ֆարամիրի և Միթրանդիրի անունները։ Հետո Փիփինը ջահեր տեսավ, իսկ դրանց հետևում՝ ամբոխով շրջապատված դանդաղ առաջացող երկու հեծյալ․ մեկը ճերմակ էր հագած, բայց էլ չէր լուսարձակում, այլ թվում էր մթնշաղում գունատ, ասես նրա ներսի կրակը հանգած լիներ կամ թաքնված, մյուսը մուգ հագուստներով էր ու գալիս էր գլուխը խոնարհած։ Նրանք իջան ձիերից, և երբ ձիապանները տարան Լուսաչին ու մյուս ձիուն, մոտեցան դարպասի մոտ կանգնած պահակին։ Գենդալֆը քայլում էր վստահ, մոխրագույն թիկնոցը հետ գցած, և աչքերում դեռ այրվում էր կրակը, իսկ մյուսը գալիս էր, դանդաղ, օրորվելով, ասես հոգնած լիներ կամ վիրավոր։ Փիփինն առաջ գնաց, երբ նրանք արդեն անցնում էին դարպասի կամարի տակով և, ջահերի լույսի տակ տեսնելով Ֆարամիրի դեմքը, ակամա շունչը պահեց։ Երևում էր, որ նա քիչ առաջ մահացու սարսափ է ապրել, բայց կամքի ահռելի ջանքերով տիրապետել է իրեն և այժմ հանգիստ է։ Նա մի պահ կանգ առավ ու մի քանի խոսք փոխանակեց ժամապահի հետ՝ հպարտ, հանգիստ, և Փիփինը, նայելով նրան, նկատեց, թե որքան շատ է նա նման իր եղբորը՝ Բորոմիրին, որին հոբիթը սիրեց հենց առաջին հանդիպումից՝ հիանալով նրա վեհ, հպարտ, բայց բարյաացակամ պահվածքով։ Բայց Ֆարամիրը նրա սրտում բոլորովին այլ, անծանոթ զգացում առաջացրեց։ Նրա կեցվածքի մեջ մեծ վեհանձնություն կար, որպիսին Փիփինը ժամանակ առ ժամանակ տեսնում էր Արագորնի մեջ, հնարավոր է՝ պակաս մեծ, բայց ավելի մոտ ու հասկանալի․ նա անդրծովյան Տիրակալներից էր՝ ծնված ավելի ուշ ժամանակներում, բայց միաժամանակ նրա մեջ զգացվում էր Առաջնածինների իմաստությունն ու տխրությունը։ Այժմ Փիփինը հասկացավ, թե ինչու էր Բերեգոնդը այդպես սիրով տալիս նրա անունը։ Այդպիսի հրամանատարի հետևից մարդիկ և նույնիսկ ինքը՝ հոբիթը, առանց տատանվելու կմտնեին նույնիսկ սև թևերի մահացու ստվերի տակ։ — Ֆարամի՛ր,— զրնգուն ձայնով գոռաց նա մյուսների հետ,— Ֆարամի՛ր։ — Եվ Ֆարամիրը, լսելով նրա տարօրինակ ձայնը մարդկանց աղմուկի մեջ, շրջվեց, տեսավ նրան ու զարմանքից քարացավ։ — Որտեղի՞ց հայտնվեցիր,— ասաց նա վերջապես։ — Կոլոտիկ՝ աշտարակի պահապանի հանդերձներով։ Որտեղի՞ց․․․ Գենդաֆը մոտեցավ նրան ու պատասխանեց․ — Նա եկել է կոլոտիկների երկրից, ես եմ նրան բերել։ Բայց ժամանակ չկորցնենք, մենք դեռ պետք է շատ բան խոսենք ու քննարկենք, իսկ դու հոգնած ես։ Կոլոտիկը կգա մեզ հետ, քանզի նա ինձանից լավ գիտե, որ ժամանակն է գնալ տիրակալի մոտ ու կատարել իր պարտականությունները։ Գնանք, Փիփին, հետևիր մեզ։ Վերջապես նրանք հայտնվեցին Քաղաքի Տիրակալի առանձնավայրում։ Այնտեղ խորը աթոռներ էին դրված ածուխի կրակարանի շուրջը․ և շուտով գինի բերեցին։ Փիփինը, գրեթե աննկատելի, կանգնած էր Դենեթորի աթոռի հետևում ու մոռացած հոգնածության մասին, որսում էր ասված յուրաքանչյուր բառը։ Ֆարամիը սպիտակ հաց կտրեց, գինուց կում արեց ու նստեց հոր ձախ կողմում, ցածր աթոռին։ Մյուս կողմում, քիչ հեռու, փորագրանախշերով փայտե բազկաթոռին նստել էր Գենդաֆը․ և թվում էր՝ քնել է։ Քանզի Ֆարամիրը սկզբում խոսում էր միայն հանձնարարության մասին, որով իրեն ուղարկել էին տասը օր առաջ․ նա լուրեր էր բերել Իթիլիենից, պատմում էր Թշնամու ու նրա դաշնակիցների տեղաշարժերի մասին, հետո պատմեց ճանապարհի մարտի մասին, որտեղ Հարադցիներն ու իրենց հսկա գազանը տապալվեցին։ Մի խոսքով Հրամանատարը զեկուցում էր իր տիրակալին սահմանային մանր-մունր բախումների մասին, որոնք դեռ վերջերս կենսական նշանակություն ունեին, իսկ այսօր թվում էին աննշան ու ոչ կարևոր։ Հետո հանկարծ Ֆարամիրը նայեց Փիփինին։ — Իսկ հիմա անցնենք տարօրինակ հարցերին,— ասաց նա։ — Քանզի սա առաջին կոլոտիկը չէ՝ հյուսիսային առասպելներից եկած հարավային հողեր, որին ես տեսնում եմ։ Այդ լսելով՝ Գենդալֆն ուղղվեց ու ամուր սեղմեց բազկաթոռի արմունկները։ Բայց ոչինչ չասաց ու հայացքով զսպեց բացականչությունը Փիփինի շուրթերին։ Դենեթորը նայեց նրանց ու գլխով արեց, հասկացնելով, որ շատ բաների մասին է արդեն կռահել։ Ֆարամիրը դանդաղ պատմում էր, մինչ մյուսները լուռ ու անշարժ նստած էին, մեծամասամբ նայելով Գենդալֆին, թեև ժամանակ առ ժամանակ նրա հայացքն ընկնում էր Փիփինի վրա, կարծես թարմացնելու համար մյուս երկուսի մասին հիշողությունը։ Երբ նա պատմում էր Ֆրոդոյի ու նրա ծառայի հետ հանդիպման և Հեննեթ Աննունում ծավալված իրադարձությունների մասին, Փիփինը նկատեց, որ Գենդալֆի ձեռքերը դողում են, սեղմած բազկաթոռի արմունկները։ Այժմ դրանք ճերմակած ու խորշոմած էին թվում, և Փիփինը սարսափով հասկացավ, որ Գենդալֆը, նույնիսկ Գենդալֆը անհանգստացած է ու նույնիսկ վախեցած։ Վերջապես Ֆարամիրը պատմեց հոբիթների հետ իր բաժանման ու նրանց Քիրիթ Ունգոլ գնալու որոշման մասին, հետո հառաչեց, գլուխն օրորեց ու լռեց։ Գենդալֆը տեղից վեր թռավ։ — Քիրիթ Ունգո՞լ, Մորգուլի հովի՞տը,— բացականչեց նա։ — Ե՞րբ է դա տեղի ունեցել, Ֆարամի՛ր։ Ե՞րբ ես դու նրանցից բաժանվել, Ե՞րբ նրանք կհասնեն այդ անիծյալ հովտին։ — Մենք բաժանվել ենք երկու օր առաջ առավոտյան,— պատասխանեց Ֆարամիրը։ — Մինչև Մորգուլդուինի հովիտը տասնհինգ լիգ էր մնում, եթե նրանք գնային ուղիղ գծով հարավ, և դեռ հինգ լիգ էլ պետք է գնան դեպի արևելք, որ հասնեն Անիծված Աշտարակին։ Ինչքան էլ արագ գնան, կարծում եմ, այսօրվանից շուտ չեն հասնի, իսկ գուցե և դեռ չեն հասել։ Ես կռահում եմ քո վախի պատճառը։ Սակայն այս խավարը նրանց հետ կապ չունի։ Սա երեկ է սկսվել, և անցյալ գիշեր ողջ Իթիլիենը ստվերի տակ էր։ Ինձ համար պարզ է, որ Թշնամին վաղուց էր պլանավորել այս հարձակումը, և դրա ժամանակն արդեն որոշված էր դեռ նախքան կոլոտիկների ինձանից բաժանվելը։ Գենդալֆը մեծ քայլերով չափում էր հատակը։ — Երկու օր առաջ առավոտյան, գրեթե երեք օր ճանապարհ։ Իսկ որքա՞ն է հեռու այն վայրը, որտեղ դուք բաժանվել եք։ — Թռչնի թռիչքով մոտավորապես քսանհինգ լիգ,— պատասխանեց Ֆարամիրը։ — Բայց ես չէի կարող ավելի արագ վերադառնալ։ Դեռ երեկ մենք հերթապահում էինք Քաիր Անդրոսում․ դա մի երկար կղզի է հյուսիսում՝ գետի մեջ, որը մենք պաշտպանում ենք։ Իսկ ձիերն այս ափին են պահվում։ Երբ խավարը խտացավ, ես հասկացա, որ շտապել է պետք, դրա համար էլ ճանապարհ ընկա՝ հետս վերցնելով միայն երեք հոգու, ովքեր նույնպես կարող են ձի հեծնել։ Իսկ մյուսներին ուղարկեցի հարավ՝ Օսգիլիաթի ծանծաղուտների կայազորն ուժեղացնելու համար։ Հուսով եմ, սխալ չե՞մ վարվել։ — Նա նայեց հորը։ — Սխա՞լ,— գոչեց Դենեթորը, և նրա աչքերը հանկարծ բռնկվեցին։ — Իսկ ինչու՞ ես այդ մասին ինձ հարցնում։ Մարդիկ քո՛ հրամանատարության տակ էին։ Թե՞ ուզում ես, որ ես գնահատական տամ քո բոլոր արածներին։ Դու քեզ խոնարհ ես պահում իմ առջև, բայց արդեն վաղուց չես շեղվել ճանապարհիցդ իմ խորհրդով։ Խոսում ես մտածված, ինչպես միշտ, բայց միթե՞ ես չեմ տեսնում, որ հայացքդ չես կտրում Միթրանդիրից՝ կարծես հարցնելով՝ ճիշտ արեցի, որ ամեն ինչ պատմեցի, թե՞ չափից շատ բան ասացի։ Միթրանդիրը վաղուց է տիրել քո սրտին։ Քո հայրը ծեր է, որդիս, բայց դեռ հիմար չէ։ Ես տեսնում ու լսում եմ առաջվա պես, և իմ ուշադրությունից չվրիպեցին քո բաց թողնված կամ կիսատ ասված խոսքերը։ Ես գիտեմ շատ գաղտնիքների պատասխաններ։ Ավա՜ղ, ինչու ես կորցրի Բորոմիրին։ — Ինչո՞վ իմ արածը քեզ չի գոհացնում, հայր,— հանգիստ հարցրեց Ֆարամիրը։ — Երանի իմանայի քո խորհուրդը նախքան այդ ծանրակշիռ որոշման բեռը վրաս վերցնելը։ — Իսկ դա կօգնե՞ր որոշումդ փոխել,— ասաց Դենեթորը։ — Կարծում եմ, միևնույնն է, նույն կերպ կվարվեիր։ Ես քեզ շատ լավ եմ ճանաչում։ Դու միշտ էլ փորձել ես վեհ ու ազնիվ, ողորմած ու մեծահոգի թվալ, նմանվել հնամենի արքաներին, և, երևի, հենց այդ էլ վայել է բարձրագույն ցեղի ներկայացուցիչչին, եթե նա թագավորում է խաղաղ ժամանակներում։ Բայց մահացու վտանգի և հուսահատության ժամանակ մեղմությունը հատուցվում է կյանքով։ — Թող այդպես լինի,— ասաց Ֆարամիրը։ — Թո՛ղ այդպես լինի,— բղավեց Դենեթորը։ — Բայց ոչ միայն քո կյանքով, պատվարժան Ֆարամիր, այև հորդ և քո ողջ ժողովրդի կյանքով, որոնց դու այժմ պետք է պաշպանես, երբ Բորոմիրը չկա։ — Դու կցանկանայիր,— հարցրեց Ֆարամիրը,— որ իմ փոխարեն Բորոմի՞րը լիներ։ — Այո, ես իսկապես կցանկանայի այդ,— ասաց Դենեթորը։ — Որովհետև Բորոմիրը հավատարիմ էր ինձ, ոչ թե կախարդի աշակերտ էր։ Նա կհիշեր հոր դժվարությունների մասին և բաց չէր թողնի այն, ինչը բախտի քմահաճույքով հայտնվել էր իր ձեռքում։ Նա կբերեր այդ նվերը ինձ։ Ֆարամիրը մի պահ կորցրեց ինքնատիրապետումը։ — Ես կխնդրեի քեզ հիշել, թե ինչու Ես, այլ ոչ թե Բորոմիրը հայտնվեց Իթիլիենում։ Դու ինքդ նրան ընտրեցիր․ այդ Քաղաքի Տիրակալը Բորոմիրին ավելի կարևոր հանձնարարություն տվեց։ — Դառնություն մի ավելացրու բաժակին, որ ինքս եմ լցրել,— ասաց Դենեթորը։ — Ես արդեն շատ գիշերներ խմում եմ այդ բաժակից, կանխազգալով, որ ամենադառը մասը հատակն է լինելու։ Եվ ահա իմ վախերն իրականանում են։ Ինչու՞ այդպես եղավ։ Ինչու՞ այն իմ ձեռքում չհայտնվեց։ — Սփոփվիր,— ասաց Գենդալֆը։ — Բորոմիրը ոչ մի դեպքում չէր բերի այդ իրը քեզ։ Նա սպանված է, և մահացել է փառավոր մահով, թող ննջի խաղաղությամբ։ Մի խաբիր ինքդ քեզ։ Նա ձգվում էր դեպի այդ իրը, և տիրանալով դրան, անխուսափելիորեն կընկներ։ Նա կպահեր դա իրեն, և երբ վերադառնար, դու չէիր ճանաչի սեփական որդուդ։ Դենեթորը նայեց նրան սառը և համառ հայացքով։ — Բորոմիրին այնքան էլ հեշտ չէր հնազանդեցնելը, որքան դու ուզում էիր, այդպես չէ՞ Միթրանդիր,— մեղմորեն ասաց նա։ — Բայց ես նրա հայրն եմ, և ես քեզ ասում եմ, որ նա ինձ համար այդ իրը կբերեր։ Դու իմաստուն ես միգուցե, Միթրանդիր, բայց քո բոլոր նրբություններով հանդերձ ամենագետ չես և քո միտքը սահման ունի։ Կա նաև այլ իմաստություն, որը ոչ կախարդների որոգայթ է, ոչ էլ հիմարների շտապողականություն։ Այդ հարցում ես ավելի շատ փորձ ու իմաստություն ունեմ, քան դու կարծում ես։ — Եվ ինչու՞մ է քո իմաստությունը,— հարցրեց Գենդալֆը։ — Թեկուզ հենց նրանում, որ ես հասկանում եմ, թե ինչ չի կարելի անել։ Այդ իրը օգտագործելը վտանգավոր է։ Բայց այս ճակատագրական ժամին վստահել այն հիմար կոլոտիկին և ուղարկել նրան Թշնամու ձեռքը, ինչպես վարվել ես դու, իսկ հետո և իմ կրտսեր որդին՝ դա խելագարություն է։ — Իսկ ինչպե՞ս կվարվեր փոխարքա Դենեթորը։ — Չէի գործի ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ սխալը։ Եվ, անկասկած, ոչ մի փաստարկի հիման վրա չէի վստահի այդ իրը պատահականությանը, որովհետև միայն խելագարը կարող է պատահականության վրա հույս դնել։ Եթե Թշնամին վերադարձնի այն, դա կլինի մեր ամբողջական կործանումը։ Ոչ, այն պետք է պահվեր, թաքցվեր, թաքցվեր մութ ու խորը տեղում։ Եվ այն չպետք է օգտագործվեր՝ եթե միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Բայց պետք էր պահել Թշնամու հասանելիության սահմաններից դուրս, որ նա կարողանար հասնել դրան միայն ջախջախիչ հաղթանակ տանելով, բայց այդ դեպքում հետագան արդեն մեզ չէր անհանգստացնի, երբ մենք բոլորս մեռած լինեինք։ — Դու, քո սովորության համաձայն, մտածում ես միայն Գոնդորի մասին, տիրակալ իմ,— ասաց Գենդալֆը։ — Բայց կան նաև այլ երկրներ, այլ կյանքեր և գալիք ժամանակներ։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա ես խղճում եմ նույնիսկ նրա ստրուկներին։— Իսկ որտե՞ղ այդ երկրներն օգնություն կգտնեն, եթե Գոնդորն ընկնի,— հարցրեց Դենեթորը։ — Եթե այդ իրը լիներ ինձ մոտ՝ միջնաբերդի խոր ստերգետնյաա պահոցներում, ապա մենք սարսափից չեինք ցնցվի այս խավարի տակ՝ զգուշանալով ամենավատից, և մեր խորհուրդները հանգիստ կլինեին։ Եթե դու ինձ չես վստահում, եթե չես հավատում, որ ես կդիմանամ փորձությանը, ուրեմն դեռ ինձ չես ճանաչում։ — Եվ այնուամենայնիվ ես քեզ չեմ վստահում,— ասաց Գենդալֆը։ — Այլապես ես անմիջապես կուղարկեի այն այստեղ՝ ազատելով ինձ և այլոց շատ դժվարություններից ու վտանգներից։ Եվ այժմ, լսելով քո խոսքերը, ես քեզ ավելի քիչ եմ վստահում՝ նույնիսկ Բորոմիրն ավելի մեծ վստահություն էր ներշնչում։ Սպասիր, մի զայրացիր։ Ես ինքս ինձ էլ չեմ վստահում և հրաժարվեցի այն վերցնել, թեև ինձ առաջարկում էին։ Դու ուժեղ ես որոշ հարցերում և կարող ես տիրապետել ինքդ քեզ, Դենեթոր, բայց եթե այդ իրը քեզ բաժին ընկներ, այն քեզ կտապալեր։ Եթե այն թաղված լիներ Մինդոլուինի արմատների տակ, միևնույնն է, այնտեղից էլ կայրեր քո միտքը, քանի որ խավարը գնալով խտանում է, իսկ այն՝ գնալով հզորանում։ Իսկ հետո ավելի սարսափելի բան տեղի կունենար, քան այն, ինչ մեզ սպասում է առջևում։ Դենեթորի աչքերը մի պահ կրկին բոցավառվեցին, և Փիփինը նորից զգաց լարվածությունը նրանց կամքերի միջև, բայց այս անգամ նրանց հայացքներն ասես կայծեր սփռող շեղբեր լինեին։ Փիփինը սարսռաց, սպասելով խորտակիչ հարվածի, բայց հանկարծ Դենեթորը հանգստացավ, և նրա հայաքը սառավ։ Նա թոթվեց ուսերը։ — Եթե ես, եթե դու․․․ Նման բառերն ու եթե-ներն ապարդյուն են,— ասաց նա։ — Այն մտել է Ստվերի մեջ, և միայն ժամանակը ցույց կտա, թե ինչ կործանում է սպասվում դրան և մեզ։ Երկար սպասելու հարկ չի լինի։ Իսկ մինչ այդ, թող բոլորը, ովքեր կռվում են ընդանուր Թշնամու դեմ, ամենքն իրենց ձևով, առավեագույնս օգտագործեն իրեն տրված ժամանակը և միաբան լինեն, թող հույսը ամուր պահեն, իսկ երբ այն սպառվի՝ քաջություն ունենան ազատ մեռնելու։ Նա շրջվեց Դեպի Ֆարամիրը։ — Ի՞նչ ես մտածում Օսգիլիաթի կայազորի մասին։ — Թույլ է,— ասաց Ֆարամիրը։ — Ես ուղարկել եմ Իթիլիենի ջոկատը՝ այն ամրապնդելու համար, ինչպես արդեն ասացի։ — Կարծում եմ, այդքանը բավական չէ,— ասաց Դենեթորը — Հենց այնտեղ է լինելու առաջին հարվածը։ Եվ այնտեղ ամուր հրամանատար է պետք։ — Այնտեղ և էլի շատ տեղերում,— հառաչեց Ֆարամիրը։ — Ավա՜ղ իմ եղբորը, որին ես նույնպես սիրում էի։ — Նա վեր կացավ։ — Կարո՞ղ եմ գնալ, հայր։ — Եվ օրորվելով, հենվեց հոր աթոռին։ — Տեսնում եմ, հոգնած ես,— ասաց Դենեթորը։ — Ինձ ասացին, որ հեռվից ես եկել ու շատ արագ, գլխավերևումդ էլ սավառնել են եղել չարագուշակ ստվերները։ — Եկ չխոսենք այդ մասին,— ասաց Ֆարամիրը։ — Ուրեմն, չենք խոսի,— ասաց Դենեթորը։ — Գնա, հանգստացիր, ինչքան կարող ես։ Վաղվա օրն ավելի ծանր է լինելու։ Երեքն էլ հրաժեշտ տվեցին Քաղաքի Տիրակալին ու գնացին հանգստանալու, քանի դեռ կարող էին։ Դրսում անաստղ խավար էր․ Գենդալֆը և ձեռքին փոքրիկ լապտեր բռնած Փիփինը գնացին իրենց կացավայրը։ Նրանք ոչ մի բառ չփոխանակեցին մինչև փակ դռների հետևում հայտնվելը։ Հետո հանկարծ Փիփինը բռնեց Գենդալֆի ձեռքը։ — Ասա ինձ,— խնդրեց նա,— գոնե մի փոքր հույս կա՞։ Ես Ֆրոդոյի համար նկատի ունեմ․ կամ ծայրահեղ դեպքում գոնե Ֆրոդոյի համար։ Գենդալֆը ձեռքը դրեց Փիփինի գլխին։ — Մեծ հույս երբեք էլ չի եղել,— պատասխանեց նա։ — Միայն խելագար հույս, ինչը իրավացիորեն ընդգծեց Դենեթորը։ Եվ երբ ես լսեցի Քիրիթ Ունգոլի մասին․․․ — Նա լռեց և մոտեցավ պատուհանին, ասես աչքերով ուզում էր ծակել արևելքում կուտակված խավարը։ — Քիրիթ Ունգոլ,— փնթփնթաց նա։ — Հետաքրքիր է, ինչու՞ հենց այնտեղ։ — Նա շրջվեց։ — Այդ բառերը լսելուց սիրտս քիչ էր մնում կանգներ, Փիփին։ Եվ այնուամենայնիվ, ճիշտը որ ասեմ, ես հավատում եմ, որ Ֆարամիրի բերած լուրերն իրենց մեջ որոշակի հույս են պարունակում։ Քանզի պարզ է, որ Թշնամին վերջապես սկսել է պատերազմը և արել իր առաջին քայլը, երբ Ֆրոդոն դեռ ազատության մեջ էր։ Եվ հիմա դեռ շատ օրեր նրա աչքը այստեղ ու այնտեղ կլինի՝ հեռու իր հողից։ Եվ գիտե՞ս ինչ․ ես հեռվից զգում եմ նրա շտապողականությունն ու վախը, Փիփին։ Նա սկսել է ավելի շուտ, քան ծրագրել էր։ Պատահել է ինչ-որ բան, որը նրան անհանգստացրել է։ Գենդալֆը մի պահ մտքերի մեջ ընկավ։ — Հնարավոր է,— փնթփնթաց նա։ — Հնարավոր է, նույնիսկ քո հիմարությունն է օգտակար եղել, տղաս։ Հապա տեսնենք․ հինգ օր առաջ նա բացահայտել է, որ մենք եկել ենք Սարումանի հախից ու տիրացել Քարին։ Ու ի՞նչ։ Ի՞նչ օգուտ դրանից։ Մենք չէինք կարող օգտագործել այն մեր նպատակների համար, առանց նրա իմացության։ Ա՜խ, զարմանում եմ, մի՞թե Արագորնը։ Նրա ժամանակը մոտենում է։ Նրա մեջ մեծ ուժ ու խստություն կա, Փիփին, համարձակություն ու վճռականություն՝ ընդունելու սեփական որոշումները և կարիքի դեպքում ռիսկի դիմելու։ Հնարավոր է, նա օգտագործել է Քարը և բացվել Թշնամուն՝ մարտահրավեր նետելով նրան։ Երևի այդպես է։ Դե, մենք պատասխանը չենք իմանա, մինչև Ռոհանի հեծյալների գալը, եթե նրանք չափազանց ուշ չգան։ Առջևում ծանր օրեր են։ Քնե՛լ, քանի դեռ կարող ենք։ — Բայց,— սկսեց Փիփինը։ — Ի՞նչ բայց,— կտրեց Գենդալֆը։ — Այս գիշեր թույլատրում եմ միայն մեկ բայց։ — Գոլլումը,— ասաց Փիփինը։ — Էդ ո՞նց է պատահել, որ նրանք գնում են էդ արարածի հետ, ու դեռ մի բան էլ գնում են նրա հետևից։ Ֆարամիրին էլ քեզանից ոչ պակաս դուր չէր եկել էդ տեղը, ուր նա տանում էր նրանց։ Ինչու՞մն է բանը։ — Ես այդ հարցին հիմա պատասխանել չեմ կարող,— ասաց Գենդալֆը։ — Եվ սակայն, իմ սիրտը կռահում էր, որ Ֆրոդոն ու Գոլլումը հանդիպելու են՝ նախքան վերջը։ Բարու կամ չարիքի համար։ Բայց Քիրիթ Ունգոլի մասին ես այս երեկո չեմ խոսի։ Դավաճանությունից եմ վախենում, դավաճանությունից․ չդավաճանի նրանց այդ խղճուկ արարածը։ Թեպետ, ինչ լինելու է, թող լինի։ Երբեմն լինում է, որ դավաճանը դավաճանում է ինքն իրեն և ակամա բարի գործ անում։ Այո, երբեմն այդպես էլ է լինում։ Բարի գիշեր։ Հաջորդ առավոտը շագանակագույն մթնշաղի էր նման, և մարդկանց սրտերը, որ Ֆարամիրի վերադառնալուց հետո մի քիչ ամրապնդվել էին, նորից ծանրացան։ Թևավոր Ստվերներն այդ օրն այլևս չերևացին, բայց ժամանակ առ ժամանակ քաղաքի վերևում, երկնային բարձունքներում թույլ ճիչ էր տարածվում, և շատերը, ովքեր այն լսում էին, կանգ էին առնում՝ մի ակնթարթ համակված վախով, իսկ ավելի թույլերը դողում ու լաց էին լինում։ Ֆարամիրը կրկին մեկնել էր։ — Հանգիստ չեն տալիս նրան գոնե մի փոքր,— փնթփնթում էին ոմանք։ — Տիրակալը չափազանց շատ է պահանջում իր որդուց․ այժմ նա պետք է երկուսի պարտք կատարի՝ իր և նրա, ով այլևս չի վերադառնալու։ Մարդիկ նայում էին հյուսիս՝ հարցնելով․ — Որտե՞ղ են ռոհանցի հեծյալները։ Իրականում Ֆարամիրը մեկնել էր ոչ իր ընտրությամբ։ Քաղաքի Տիրակալն էր գլխավորում Խորհուրդը և սովոր էր իր կամքը թելադրել այնտեղ, իսկ այդ օրը մյուսներին լսելու առհասարակ տրամադրություն չուներ։ Առավոտյան Խորհուրդ էր հրավիրվել։ Այնտեղ հրամանատարները պնդել էին, որ հարավում առկա սպառնալիքի պատճառով իրենց ուժերը բավարար չեն սեփական նախաձեռնությամբ գոնե ինչ-որ հարված հասցնելու համար, եթե միայն ռոհանցիները չգան։ Իսկ մինչ այդ պետք է մնալ պարիսպների հետևում և սպասել։ — Այնուամենայնիվ մենք չպետք է այդպես թեթևամտորեն հրաժարվենք արտաքին պաշտպանությունից,— առարկեց Դենեթորը։ — Ռամասն այնքան մեծ դժվարությամբ են կառուցել։ Թշնամին պետք է թանկ վճարի Գետն անցնելու համար։ Նա չի կարող քաղաքի վրա հարձակվելու համար բավականաչափ զորք անցկացնել ո՛չ Քաիր Անդրոսից հյուսիս՝ ճահճուտների պատճառով, ո՛չ էլ հարավով՝ Լեբինինով, որտեղ Գետը լայն է, և շատ նավակներ են անհրաժեշտ։ Հենց Օսգիլիաթում է նա գործադրելու ամեն ջանք, ինչպես նախկինում, երբ Բորոմիրը չթույլատրեց նրանց անցնել։ — Այն ժամանակ դա ուղղակի փորձնական հարձակում էր,— ասաց Ֆարամիրը։ — Այսօր, եթե Թշնամին նույնիսկ մեզանից տասնապատիկ ավելի թանկ վճարի Գետն անցնելու համար, մենք կկորցնենք ավելի շատ, քանզի նրա համար ավելի հեշտ է մի ամբողջ զորք կորցնելը, քան մեզ համար՝ մեկ ջոկատը։ Եվ հետո, եթե նա անցնի, հեռավոր դիքերը պահպանողների նահանջը շատ դժվար կլինի։ — Իսկ Քաիր Անդրո՞սը,— հարցրեց Իշխան Իմրահիլը։ — Եթե Օսգիլիաթը պաշտպանում ենք, այն նույնպես պետք է պաշտպանենք։ Եկեք չմոռանանք վտանգը մեր ձախ կողմում։ Ռոհիրիմները կարող են գալ, կարող են և չգալ։ Ֆարամիրն ասում է, որ դեպի Սև Դարպասն են ձգվել անհամար ուժեր։ Այնտեղից մեկ զորք չէ, որ դուրս է գալու, և Թշնամին կփորձի հարվածել միաժամանակ մի քանի տեղերում։ — Պատերազմում շատ բան է վտանգվում, առանց դրա չի լինում,— ասաց Դենեթորը։ — Քաիր Անդրոսում մենք կայազոր ունենք, և օժանդակ ուժեր այնտեղ ուղարկել պետք չէ։ Բայց ես առանց մարտի չեմ զիջի Գետն ու Պելլենորը, եթե այստեղ հրամանատար կա, ով դեռ համարձակություն ունի կատարելու իր տիրակալի կամքը։ Բոլորը լռեցին։ Հետո, վերջապես, Ֆարամիրն ասաց․ — Ես չեմ հակառակվի քո կամքին, տիրակալ։ Քանի որ ճակատագիրը զրկել է քեզ Բորոմիրից, ես կգնամ և կփորձեմ նրա փոխարեն անել հնարավոր ամեն ինչ, եթե դու հրամայես։ — Այո, հրամայում եմ,— հաստատեց Դենեթորը։ — Ուրեմն, մնաս բարով,— ասաց Ֆարամիրը։ — Բայց եթե ես վերադառնամ, ավելի լավ մտածիր իմ մասին։ — Կախված է նրանից, թե ինչով կվերադառնաս,— արձագանքեց Դենեթորը։ Ֆարամիրի արևելք մեկնելուց առաջ Գենդալֆը վերջին անգամ խոսեց նրա հետ։ — Չշտապես ու կյանքդ չզոհես դառնությամբ լցված,— ասաց նա։ — Դու այստեղ պետք ես, և ոչ պատերազմի համար։ Քո հայրը սիրում է քեզ, Ֆարամիր, և կհիշի այդ մասին նախքան վերջը գալը։ Մնաս բարով։ Այդպես Ֆարամիրը կրկին մեկնեց և տարավ իր հետ այնքան քանակությամբ ռազմիկներ, որքան որ հնարավոր էր հատկացնել Քաղաքի կայազորից, և ովքեր պատրաստ էին գնալ նրա հետ։ Մարդիկ պարիսպների վրայից նայում էին ավերված Օսգիլիաթի կողմը և գուշակում, թե ինչ է այնտեղ կատարվում, որովհետև ոչինչ չէր երևում։ Իսկ մյուսները, ինչպես միշտ, նայում էին հյուսիս ու հաշվում մինչև Թեոդենի տիրույթներ ընկած լիգերը։ — Նա կգա՞։ Կհիշի՞ մեր հին դաշինքի մասին,— հարցնում էին նրանք։ — Այո, նա կգա,— պատասխանում էր Գենդալֆը,— եթե նույնիսկ շատ ուշանա։ Ինքներդ մտածեք․ կարմիր նետը լավագույն դեպքում կարող էր հասնել նրան երկու օր առաջ, իսկ մինչև Էդորաս շատ մղոններ կան։ Առաջին լուրերը ստացվեցին, երբ արդեն գիշեր էր։ Անդուինի գետանցումից պատվիրակ եկավ և հայտնեց, որ Մինաս Մորգուլից մեծ զորք է դուրս եկել ու շարժվում է դեպի Օսգիլիաթ։ Նրանց են միացել բարձրահասակ, դաժան հարավցիների գնդերը՝ Հարադրիմից։ — Եվ մենք իմացանք,— ավելացրեց պատվիրակը,— որ նրանց կրկին առաջնորդում է Սև հրամանատարը։ Նրա հանդեպ մահացու սարսափն արդեն անցել է Գետը։ Այդ չարագույժ լուրով էլ ավարտվեց Փիփինի Մինաս Թիրիթում գտնվելու երրորդ օրը։ Քչերը գնացին քնելու, որովհետև հույս չէր մնացել, որ Ֆարամիրը կարող է երկար ժամանակ պաշտպանել գետանցումները։ Հաջորդ օրը, թեև խավարն էլ չէր խտացել, բայց ավելի ծանր էր ճնշում մարդկանց սրտերն ու սարսափ հարուցում։ Շուտով կրկին վատ լուր եկավ․ Թշնամին անցել էր Անդուինը։ Ֆարամիրը նահանջում էր դեպի Պելլենորյան պատը՝ հավաքելով իր մարդկանց հողապատնեշի պահապան աշտարակների մոտ, բայց հակառակորդի մեծաթիվ ուժերը տասը անգամ ավելի էին։ — Եթե նա նահանջի Պելլենորի դաշտերով, թշնամին կրնկակոխ գալու է հետևից,— ասաց պատվիրակը։ — Նրանք թանկ են վճարել գետանցման համար, բայց պակաս թանկ, քան մենք հույս ունեինք։ Ամեն ինչ լավ ծրագրված էր․ պարզվեց, որ նրանք վաղուց արդեն Արևելյան Օսգիլիաթում մեծաթիվ լաստեր ու նավակներ են կառուցում։ Թիվ ու համար չկար, բզեզների պես վրա էին տվել։ Բայց ամենից սարսափելին նրանց Սև Առաջնորդն է․ քչերն են կարողանում դիմանալ ու տեղում մնալ նույնիսկ նրա գալու լուրը լսելով։ Իսկ իր սեփական հպատակները դողում ու ցնցվում են նրա առջև՝ պատրաստ մեռնելու նրա հրամանով։ — Ուրեմն ես այնտեղ ավելի շատ եմ պետք,— ասաց Գենդալֆն ու անմիջապես սլացավ, և նրա ճերմակ ցոլքը շուտով կորավ տեսողությունից։ Իսկ Փիփինն անքուն, միայնակ, ամբողջ գիշեր կանգնած էր պատի վրա ու նայում էր արևելք։ Հազիվ էին առավոտն ազդարարող զանգերը հնչել՝ ասես ծաղրանք չնահանջող մթության մեջ, երբ նա հեռվում հազիվ նկատելի Պելլենորյան պատի գծի մոտ բռնկումներ նկատեց։ Պահակների տագնապալի աղաղակներից ամբողջ քաղաքը ելավ ի զեն։ Ժամանակ առ ժամանակ կարմիր բռնկումներ էին երևում, և ծանր օդում դանդաղորեն խուլ դղրդյուն էր տարածվում։ — Պատն են գրոհում,— ճչում էին մարդիկ։ — Պատի մեջ արդեն բացվածքներ կան, նրանք գալի՜ս են։ — Ու՞ր է Ֆարամիրը,— հուսահատված բացականչեց Բերեգոնդը։ — Միայն թե չասեք, որ նա զոհվել է։ Առաջին լուրը բերեց Գենդալֆը։ Նա եկավ կեսօրին մոտ, մի բուռ ձիավորների հետ ուղեկցելով սայլերի շարքը։ Դրանք լցված էին վիրավորներով, որոնց հնարավոր էր եղել փրկել հողապատնեշի մոտի աշտարակների բեկորներից։ Նա անմիջապես գնաց Դենեթորի մոտ։ Քաղաքի Տիրակալն այժմ նստած էր Սպիտակ Աշտարակի գահադահլիճի վերևի բարձր պալատում, և Փիփինը նրա հետ էր։ Դենեթորը խավար պատուհանների միջով իր մութ աչքերով նայում էր հյուսիս, հարավ ու արևելք, ասես ուզում էր թափանցել ճակատագրական ստվերից այն կողմ, որ շրջապատել էր նրան բոլոր կողմերից։ Ամենից հաճախ նա նայում էր հյուսիս ու մերթ ընդ մերթ ականջ դնում՝ կարծես ինչ-որ հինավուրց արվեստի օգնությամբ նրա ականջները կարող էին լսել սմբակների ձայնը հեռավոր հարթավայրերում։ — Ֆարամիրը չի՞ վերադարձել,— հարցրեց նա։ — Ոչ,— պատասխանեց Գենդալֆը։ — Բայց նա դեռ ողջ էր, երբ ես լքեցի նրան։ Նա վճռեց վերջապահ ջոկատի հետ մնալ, որպեսզի նահանջը Պելլենորով չվերածվի փախուստի։ Հնարավոր է, նա կարողանա երկար ժամանակ իր ռազմիկներին միասին պահել, բայց ես դրանում կասկածում եմ։ Չափազանց հզոր թշնամի է նրա առջև կանգնած։ Հայտնվել է նա, ումից ամենաշատն էի վախենում։ — Մի՞թե․․․ Մի՞թե Սև Տիրակալն ինքը,— բացականչեց Փիփինը՝ վախից մոռանալով իր տեղը։ Դենեթորը դառը ծիծաղեց։ — Ոչ, դեռ ոչ, պատվարժան Փերեգրին։ Նա կգա միայն իմ նկատմամբ հաղթանակ տոնելու, երբ ամեն ինչ ավարտված կլինի։ Նա ուրիշներին է որպես իր զենք օգտագործում։ Այդպես են վարվում բոլոր մեծ տիրակալները, եթե նրանք իսկապես իմաստուն են, հիշիր այդ, պարոն կոլոտիկ։ Այլապես ինչու՞ եմ ես նստած այստեղ, իմ աշտարակում, դիտում եմ, խորհում, սպասում՝ զոհելով նույնիսկ սեփական որդիներիս։ Ես դեռ չեմ մոռացել թուր բռնելը։ Նա կանգնեց և մի կողմ հրեց իր սև ու երկար թիկնոցի փեշերը, և ա՛յ քեզ բան․ նրա հագին օղազրահ էր ու մեծ բռնակով երկար թուր՝ արծաթասև պատյանով։ — Այսպես եմ ես քայլում ու այսպես էլ քնում եմ արդեն շատ տարիներ,— ասաց նա,— որպեսզի տարիքի հետ մարմինս չթուլանա ու չփափկի։ — Բայց հիմա Բարադ-Դուրի տիրակալի անունից նրա բոլոր հրամանատարներից ամենադաժանը արդեն գրավել է քո արտաքին պատերը,— ասաց Գենդալֆը։ — Նա, ով շատ վաղուց եղել է Անգմարի Արքան, Կախարդը, Մատանու Ուրվականը, Նազգուլների հրամանատարը, սարսափի նիզակը Սաուրոնի ձեռքում, հուսահատության ստվերը։ — Ուրեմն, Միթրանդիր, վերջապես քեզ արժանի հակառակորդ ես գտել,— ասաց Դենեթորը։ — Ես առանց քեզ էլ վաղուց գիտեմ, թե ով է գլխավորում Սև Ամրոցի զորաբանակը։ Վերադարձել ես միայն այդ ասելու համա՞ր։ Թե՞ գուցե նահանջել ես, որովհետև ավելի հզոր հակառակորդի ես հանդիպել։ Փիփինը սարսռաց՝ վախենալով որ Գենդալֆը հիմա կբարկանա, բայց նրա վախն անտեղի էր։ — Կարող է և այպես լինել,— մեղմ ասաց հրաշագործը։ — Բայց մեր ուժերի փորձության ժամանակը դեռ չի եկել։ Եվ եթե հնում ասված խոսքերը ճշմարիտ դուրս գան, ապա նա մարդու ձեռքով չի ընկնելու, և նույնիսկ իմաստուններից է ծածկված նրա ճակատագիրը։ Ամեն դեպքում Հուսահատության Զորավարը դեռ չի շտապում առաջ գալ։ Նա առաաջնորդվում է, ավելի շուտ, ըստ քո ասած իմաստությամբ՝ սկզբում առաջ մղելով իր խելագարված ստրուկներին։ Ոչ, ես վերադարձել եմ, որովհետև հսկում էի վիրավորներին, որոնց դեռ կարելի է բուժել։ Ռամաս Էքորն արդեն շատ տեղերում քանդված է, և Մորգուլի զորքը շուտով կներխուժի միաժամանակ մի քանի կողմերից։ Եվ ես եկել եմ հիմնականում այդ ասելու։ Շուտով դաշտերում ճակատամարտ կսկսվի։ Մենք պետք է պայքարի մեջ մտնենք ամրոցի դարպասներից դուրս, և թող հեծյալների ջոկատը պատրաստ լինի։ Նրանց վրա է մեր կարճաժամկետ հույսը, որովհետև միայն մի բանում է, որ թշնամին դեռ ապահովված չէ․ նա հեծալներ քիչ ունի։ — Ինչպես և մենք,— արձագանքեց Դենեթորը։ — Մեծ օգնություն կլինեին ռոհանցիները, եթե ժամանակին հասնեին։ — Մենք, ամենայն հավանականությամբ, առաջինը այլ հյուրերի կտեսնենք,— ասաց Գենդալֆը։ — Քաիր Անդրոսի փախստականներն արդեն հասնում են մեզ․ կղզին ընկել է։ Մեկ այլ զորք է դուրս եկել Սև Դարպասից՝ հատելով Գետը հյուսիս-արևելքում։ — Ոմանք մեղադրում են քեզ, Միթրանդիր, վատ լուրեր բերելու մեջ,— քմծիծաղեց Դենեթորը։ — Բայց դու ինձ համար նորություն չես բերել․ այդ ամենի մասին ես իմացել եմ դեռ երեկ երեկոյան։ Ինչ վերաբերում է Դարպասից դուրս հեծյալներ ուղարկելուն՝ ես արդեն մտածել էի այդ մասին։ Եկեք իջնենք։ Ժամանակ անցավ։ Վերջապես պարիսպների վրայի դիտորդները տեսան սահմանային կայազորերի նահանջը։ Սկզբում երևացին հոգնած ու վիրավոր մարդկանց մանր-մունր խմբեր․ ոմանք խելակուրույս վազում էին, ասես հետապնդված լինելով։ Արևելքում հեռավոր կրակներ էին առկայծում, և թվում էր, թե դրանք արդեն սկսում են տարածվել դաշտավայրում։ Այրվում էին տներ և ամբարներ։ Հետո տարբեր կողմերից արագորեն հոսեցին կարմիր կրակի փոքրիկ գետեր՝ գալարվելով խավարում ու դուրս գալով լայն ճանապարհի գծից, որ տանում էր Քաղաքի Դարպասից դեպի Օսգիլիաթ։ — Թշնամին մոտենում է,— փնթփնթում էին մարդիկ։ — Հողապատնեշն արդեն գրավված է։ Ներս են խուժում պատերին բացված անցքերի միջով։ Եվ նրանք, կարծես, ջահեր են կրում։ Իսկ մերոնք, մերոնք ու՞ր են։ Մոտենում էր երեկոն, և լույսն այնքան աղոտ էր, որ նույնիսկ Միջնաբերդի ամենահեռատես մարդիկ քիչ բան կարող էին զանազանել դաշտերում․ միայն հրդեհներն էին ավելանում, և երկար կրակե գետերն ավելի արագ էին հոսում։ Վերջապես Քաղաքից մեկ մղոն հեռավորության վրա մարդկանց ավելի կանոնավոր ամբոխ երևաց, որոնք քայլում էին, այլ ոչ թե վազում, և դեռ միասին էին մնում։ Դիտողները շունչները պահեցին։ — Երևի Ֆարամիրը նրանց հետ է, ասացին նրանք։ — Նրան լսում են և՛ հեծյալները, և ձիերը։ Նա կհասնի, ա՛յ կտեսնեք։ Նահանջող հիմնական զորքը քառորդ մղոն էր արդեն հեռու։ Նրանց հետևի խավարից հեծյալների մի ոչ մեծ խումբ երևաց՝ այն, ինչ մնացել էր վերջապահ ջոկատից։ Նրանք շրջվեցին ու նորից նետվեցին դեպի առաջացող կրակի գիծը։ Հետո հանկարծ կատաղի ճիչեր լսվեցին։ Թշնամու հեծյալներն անցան հարձակման։ Կրակե գծերը միաձուլվեցին ու դարձան հոսող ամբողջական հեղեղ․ օրքերի ջահակիր շարքեր, կարմիր զինադրոշներով վայրի հարավցիներ, որոնք գոռում էին կոպիտ լեզուներով ու առաջ նետվում՝ հասնելով նահանջողներին։ Եվ ծակող ճիչերով աղոտ երկնքից ներքև թափվեցին Թևավոր Ստվերները՝ մահաբեր Նազգուլները։Նահանջը վերածվեց փախուստի։ Մարդիկ ցրվում էին, խելակուրույս վազում տարբեր կողմեր, գցում զենքերը, սարսափահար ճչում ու ընկնում գետնին։ Հետո Միջնաբերդից շեփոր հնչեց, և Դենեթորը վերջապես թույլատրեց արտագրոհը։ Այդ ազդանշանին էին սպասում Դարպասի ստվերում և պարիսպների հետևում թաքնված ռազմիկները՝ Քաղաքում մնացած բոլոր հեծյալները։ Այժմ նրանք լքեցին իրենց թաքստոցը, երկար շարք կազմեցին ու բարձր մարտակոչով նետվեցին հարձակման։ Եվ պատերի վրայից լսվեց պատասխան կանչը, քանզի առջևից, կարապի նշանով կապույտ զինադրոշի ներքո, սլանում էին Դոլ Ամրոթի ասպետները և նրանց իշխանը։ — Ամրոթը Գոնդորի համա՜ր,— ճչում էին մարդիկ պարսպի վրայից։ — Ամրոթը Ֆարամիրի՜ն։ Ինչպես ամպրոպ, նրանք հարվածեցին թշնամուն նահանջողների երկու կողմերով, բայց մի հեծյալ նրանցից բոլորից առաջ անցավ՝ սրընթաց, ինչպես խոտերի մեջ սուլող քամին․ Լուսաչն էր տանում նրան, փայլփլուն, կրկին լուսարձակող, և նրա բարձրացված ձեռքից լույս էր ճառագում։ Նազգուլները ոռնալով նետվեցին հեռու, որովհետև նրանց առաջնորդը դեռևս չէր եկել մարտահրավեր նետելու իր թշնամու ճերմակ կրակին։ Մորգուլի հրոսակները, որ գիշատիչների պես հարձակվել էին իրենց որսի վրա, անակնկալ հարձակումից ցաքուցրիվ եղան, ինչպես կայծերի խուրձը փոթորկից։ Նահանջողները շրջվեցին և ուրախ աղաղակներով հարվածեցին իրենց հետապնդողներին։ Որսորդները որս դարձան․ նահանջը փոխվեց հարձակման։ Դաշտը ծածկվեց սպանված օրքերի ու մարդկանց դիակներով, դեն նետված ջահերից գարշահոտ ծխաքուլաներ էին բարձրանում։ Հեծելազորը շարունակում էր ջարդելով առաջ գնալ։ Բայց Դենեթորը հարձակում չէր ծրագրել։ Թեև հակառակորդը կանգնեցվել ու հետ էր շպրտվել, արևելքից շարունակ մեծաթիվ ուժեր էին հոսում։ Դարձյալ հնչեց շեփորը՝ ազդարարելով նահանջ։ Գոնդորի հեծելազորը կանգ առավ։ Նրանց պաշտպանության ներքո նահանջողները վերակազմավորվեցին, հանգիստ քայլեցին դեպի դարպասը և հպարտորեն, գլուխները բարձր մտան քաղաք։ Մարդիկ հպարտությամբ նայում էին նրանց և գովասանքի խոսքեր ասում, բայց և այնպես նրանց սրտերը տխուր էին, քանզի շատերը չէին վերադարձել։ Ֆարամիրը կորցրել էր իր մարդկանց մեկ երրորդը։ Իսկ որտե՞ղ է նա ինքը։ Նա եկավ վերջինը։ Սկզբում անցան հետևակազորայինները, հետո անցավ հեծելազորը, ապա նրանց հետևում երևացին Դոլ Ամրոթի զինադրոշները։ Իր ասպետների ուղեկցությամբ գալիս էր Իշխան Իմրահիլը, նժույգին նստած, և ձեռքերի մեջ բերում էր իր ազգականի՝ Ֆարամիրի՝ Դենեթորի որդու մարմինը, որին գտել էր դաշտում։ — Ֆարամի՛ր, Ֆարամի՛ր,— լացում ու գոռում էին մարդիկ փողոցներում։ Բայց նա չէր պատասխանում, և ոլորապտույտ փողոցներով նրան տարան Միջնաբերդ՝ իր հոր մոտ։ Ճերմակ Հեծյալի հարձակումից փախչող նազգուլներից մեկը հասցրել էր մահացու տեգ նետել, և Ֆարամիրը, որ այդ պահին կռվում էր Հարադցի մի հսկա հեծյալի հետ, ընկել էր գետնին։ Միայն Դոլ Ամրոթի ասպետների հարձակումն էր փրկել նրան հարադրիմցիների արդեն իր գլխին կախված բոսոր թրերից։ Իշխան Իմրահիլը բերեց Ֆարամիրին Ճերմակ Աշտարակ՝ գոչելով․ — Քո որդին վերադարձել է, տիրակա՛լ, գործելով մեծ սխրանքներ։ — Եվ պատմեց, թե ինչի էր ականատես եղել։ Դենեթորը վեր կացավ, նայեց որդու դեմքին, բայց ոչինչ չասաց։ Հետո հրամայեց, որ մահճակալ դնեն սենյակում, վրան պառկեցնեն Ֆարամիրին ու հեռանան։ Իսկ ինքը միայնակ բարձրացավ աշտարակի գագաթի տակ գտնվող գաղտնի սենյակը․ և շատերը, ովքեր այդ ժամանակ այնտեղ էին նայում, տեսան աղոտ լույսը՝ որ առկայծում էր նեղ պատուհաններից, իսկ հետո փայլատակեց ու հանգավ։ Եվ երբ Դենեթորը կրկին իջավ, նա մոտեցավ Ֆարամիրին ու անխոս նստեց նրա կողքին, բայց տիրակալի դեմքը գորշ էր և ավելի մեռելային, քան իր որդու դեմքը։ Եվ ահա վերջապես պաշարման օղակը սեղմվեց Քաղաքի շուրջը։ Ռամմասը քանդված էր, իսկ Պելլենորը ամբողջությամբ գրավված։ Վերջին լուրերը բերեցին մինչև Դարպասի փակվելը հյուսիսային ճանապարհով հազիզվհազ իրենց ներս գցած պաշտպանները։ Նրանք այն պահակախմբի մնացորդներն էին, որը հսկում էր Ռոհանից ու Անորիենից եկող ճանապարհը, և նրանց առաջնորդում էր Ինգոլդը, նույն ինքը, ով ընդունել էր Գենդալֆին ու Փիփինին հինգ օրից էլ պակաս առաջ, երբ դեռ աշխարհի վրա ծագում էր արևը, և առավոտը հույս էր բերում։ — Ռոհանցիներից ոչ մի լուր չկա,— ասաց նա։ — Նրանք երևի էլ չեն գա, և եթե գան էլ, մեզ դրանից օգուտ չի լինի։ Մեր տեղեկություններով, Թշնամու երկրորդ զորաբանակը անցել է Գետը Քաիր Անդրոսով և տեղ կհասնի նրանցից շուտ։ Հսկա զորք է․ Աչքի նշանով օրքերի հրոսակներ են և նոր ցեղի մարդկանց անհաշիվ ջոկատներ, որոնցից առաջներում չենք հանդիպել։ Ցածրահասակ են, բայց լայնաթիկունք, խոժոռ, թզուկների պես մորուքավոր, զինված մեծ կացիններով։ Մենք կարծում ենք, որ նրանք եկել են արևելքի ինչ-որ վայրի երկրից։ Նրանք փակել են հյուսիսային ճանապարհը, և շատերը լցվել են Անորիեն։ Ռոհիրիմները չեն կարող անցնել։ Դարպասը փակ էր։ Պարսպի վրա կանգնած պահակներն ամբողջ գիշեր լսում էին, թե ինչպես են թշնամիները կողոպտում, թալանում, այրում դաշտերը, ծառերը, և կտոր-կտոր անում բոլորին, ում գտնում էին դրսում՝ կենդանի կամ մեռած։ Գետն անցածների թիվը հնարավոր չէր գուշակել մթության մեջ, բայց երբ առավոտը կամ նրա մռայլ ստվերը սողաց դաշտավայրի վրայով, պարզվեց, որ նույնիսկ գիշերային վախն էր նրանց թերագնահատել։ Դաշտավայրը մթնել էր տեղաշարժվող անհամար ջոկատներից, և որքան որ աչքը կտրում էր այդ խառնաշփոթում, ամենուր վրաններ էին աճում, սև ու բոսորագույն, զզվելի սնկերի պես։ Օրքերը մրջյունների պես վխտում էին դաշտում ու շտապ խորը խրամուղիներ փորում հսկայական կիսաշրջանով՝ պատերից նետի թռիչքի հեռավորության վրա․ և երբ դրանք պատրաստ էին լինում, յուրաքանչյուրը լցվում էր կրակով, բայց թե ինչ անհայտ հմայքով էին դրանք վառում կամ սնուցում, ոչ ոք չէր տեսնում։ Ամբողջ օրը աշխատանքը եռում էր, իսկ Մինաս Թիրիթի մարդիկ անզոր կանգնած նայում էին, չկարողանալով որևէ կերպ խոչնդոտել։ Եվ երբ խրամուղու բոլոր հատվածներն ամբողջությամբ պաատրաստ էին, նրանք տեսան մոտեցող վիթխարի սայլեր՝ և նոր ջոկատներ անցան գործի․ նրանք խրամատներում հսկայական քարանետ մեքենաներ էին տեղադրում։ Քաղաքի պարիսպների վրա չկային այդպիսինները՝ բավականաչափ մեծ, որ կարողանային հասնել դրանց կամ կանգնեցնել աշխատանքը։ Սկզբում մարդիկ ծիծաղում էին ու այնքան էլ չէին վախենում այդ սարքերից։ Քանզի Քաղաքի գլխավոր պարիսպը շատ բարձր էր և բավականաչափ լայն՝ կառուցված այն ժամանակ, երբ վտարանդի նումենորցիների ուժն ու արհեստները դեռ չէին ոչնչացել։ Պարսպի արտաքին մասը ամուր էր, հարթ ու սահուն, պատրաստված մուգ քարից, ինչպես Օրթհանքի աշտարակը, անառիկ՝ պողպատի կամ կրակի համար։ Այն հնարավոր չէր քանդել, բացառությամբ, երևի, եթե հնարավոր լիներ ցնցել ու ճեղքել դրա տակի հողը։ — Ոչ,— ասացին նրանք,— եթե Չանվանվողն ինքն էլ գա, նույնիսկ նա չի կարող անցնել, քանի դեռ մենք ողջ ենք։ Բայց ոմանք պատասխանեցին․ — Քանի դեռ մենք ո՞ղջ ենք։ Որքա՞ն ժամանակ։ Նա զենք ունի, որը շատ հզոր ամրոցներ է ավերել աշխարհի ծագման օրերից ի վեր։ Սովը։ Ճանապարհները փակ են։ Ռոհանը չի գա։ Սակայն այդ մեքենաներն անմտածված չէին ռմբակոծում անխորտակելի պարիսպը։ Մորդորի զորքի հարձակումն իր ամենամեծ թշնամու վրա ինչ-որ ավազակ չէր ղեկավարում կամ առաջնորդ օրք։ Հզոր ու չար կամք էր առաջնորդում սև զորքերին։ Երբ ոռնոցներով, ճչոցներով, ճռռացող պարանների ու վերհանների օգնությամբ վերջապես տեղադրվեցին վիթխարի քարաձիգները, դրանք սկսեցին քարեր նետել այնպիսի բարձրությամբ, որ քարերն անցան ատամնավոր պարսպի վրայով և խուլ թխկոցով ընկան Քաղաքի առաջին շրջանի մեջ․ և դրանից շատերը ընկնելուց հետո ինչ-որ գաղտնի արվեստի միջոցով բոցավառվում էին։ Շուտով պարսպի ներսում հրդեհի վտանգ առաջացավ, և բոլորը, ովքեր ազատ էին անհապաղ գործերից, նետվեցին հանգցնելու արդեն շատ տեղերում բոցավառվող կրակները։ Այնուհետև քաղաքի վրա մեկ այլ կարկուտ տեղաց, պակաս ավերիչ, բայց ավելի սարսափելի։ Դրանք թափվում էին Դարպասի հետևի փողոցներում ու նրբանցքներում, բայց չէին բոցավառվում։ Սակայն երբ մարդիկ մոտ էին վազում, տեսնելու թե դա ինչ կարող է լինել, լալիս էին ու հեկեկում։ Որովհետև թշնամին Քաղաք էր նետում բոլոր նրանց գլուխները, ովքեր զոհվել էին Օսգիլիաթում, Ռամմասի վրա և կամ դաշտերում։ Սարսափելի էր դրանց նայելը։ Որովհետև, թեև դրանցից շատերը խեղված էին, ջախջախված, իսկ մի քանիսը բոլորովին անձև, բայց շատերին կարելի էր ճանաչել ծանոթ դիմագծերով՝ աղավաղված մահվան հոգևարքից, և բոլորի ճակատին խարանված էր առանց կոպերի զզվելի Աչքի նշանը։ Ամենասարսափելին այն էր, երբ խեղված ու պատվազրկված այդ մնացորդների մեջ մարդիկ ճանաչում էին իրենց ընկերոջ կամ մոտիկի դիմագծերը, ովքեր դեռ վերջերս զենքը ձեռքներին հպարտ քայլում էին Քաղաքում կամ դաշտեր մշակում և կամ արձակուրդ էին եկել լեռնային կանաչ հովիտներից։ Իզուր էին մարդիկ բռունցքներով սպառնում Դարպասի դիմաց ալեկոծվող անգութ թշնամուն։ Ի՞նչ էին անեծքները նրանց համար։ Նրանք չէին հասկանում արևմուտքի մարդկանց լեզուն, իսկ իրենց սուր բղավոցներն ու ճչոցներն ավելի շատ գազանների մռնչոցի ու գիշակերների ծղրտոցի էին նմանվում։ Շուտով, սակայն, Մինաս Թիրիթում քչերը մնացին, ովքեր սիրտ էին անում ոտքի կանգնել ու մարտահրավեր նետել Մորդորի զորքին։ Սև Ամրոցի Տիրակալը զենք ուներ, որն ավելի արագ էր գործում, քան սովը․ դա սարսափն էր և հուսահատությունը։ Նազգուլները կրկին հայտնվեցին, և նրանց ճիչերը, որ արտահայտում էին իրենց Սև Տիրակալի կամքն ու չարությունը, նրա աճելուն և հզորանալուն զուգընթաց, դարձել էին ավելի չար ու սարսափազդու։ Նրանք անդադար պտտվում էին Քաղաքի գլխին, ինչպես գիշակերները՝ պատրաստ համտեսելու մահվան դատապարտված մարդկանց միսը։ Թռչում էին տեսանելիության ու նետի թռիչքի սահմաններից դուրս, բայց մշտապես ներկա էին, և նրանց մահաբեր, քարացնող, սառեցնող ճիչերը ճեղքում էին օդը։ Ամեն մի նոր ճիչ ավելի անտանելի էր․ ի վերջո նույնիսկ ամենաքաջարի ռազմիկներն էին երեսնիվայր ընկնում, երբ թաքնված սպառնալիքը անցնում էր նրանց գլխավերևով, և կամ կանգնած էին մնում, բայց գցում էին զենքերը անզոր ձեռքերից, որովհետև նրանց միտքը մթագնում էր խավարից, և նրանք այլևս չէին մտածում պատերազմի մասին, միայն ուզում էին սողալ, թաքնվել ու մեռնել։ Ամբողջ այդ սև օրվա ընթացքում Ֆարամիրը, պառկած Սպիտակ Աշտարակի սենյակում գտնվող իր մահճում, ցնցվում էր հուսահատ տենդի մեջ։ Ինչ-որ մեկ ասաց․ «Մեռնում է»,— և շուտով փողոցներում ու պարիսպներին բոլորը կրկնում էին․ «մեռնում է»։ Իսկ նրա կողքին նստել էր հայրը և ոչինչ չէր խոսում, բայց աչքերը նրանից չէր կտրում և այլևս չէր հետաքրքրվում Քաղաքի պաշտպանությամբ։Փիփինն այդպիսի մութ ժամեր երբեք չէր ապրել՝ նույնիսկ Ուրուք Հայերի ճիրաններում։ Նրա պարտականությունն էր մնալ իր Տիրակալի մոտ, և նա մնում էր, մոռացված, կանգնած չլուսավորված սենյակի դռան մոտ՝ փորձելով հնարավորինս հաղթահարել սեփական վախերը։ Եվ մինչեռ նա նայում էր, նրան թվում էր, թե Դենեթորը ծերանում է աչքի առաջ, ասես ինչ-որ բան կոտրվել էր նրա հպարտ կամքի մեջ, և նրա միտքը խորտակվել էր։ Հնարավոր է, պատճառը վիշտն էր ու զղջման զգացողությունը։ Հոբիթը արցունքներ էր տեսնում երբեմնի անարցունք դեմքին, և դա ավելի անտանելի էր, քան նրա բարկությունը։ — Մի լա, տիրակալ,— կմկմալով ասաց նա։ — Միգուցե նա դեռ լավանա։ Դուք Գենդալֆին հարցրե՞լ եք։ — Մի՛ մխիթարիր ինձ կախարդներով,— պատասխանեց Դենեթորը։ — Խելագարի հույսը ձախողվեց։ Թշնամին գտել է այն, և նրա ուժը աճում է։ Նա կարդում է մեր մտքերը, և ինչ էլ որ մենք անենք, վերջը կործանումն է։ Ես ուղարկեցի իմ որդուն անիմաստ զոհվելու՝ առանց շնորհակալ լինելու և առանց օրհնելու, և ահա նա պառկած է թույնը երակներում։ Ո՛չ, ոչ, ինչպես էլ պատերազմն ավարտվի, իմ տոհմը մարեց, Փոխարքաների Տունը անկում ապրեց։ Պարզամիտ, ինքնակոչ մարդիկ են կառավարելու Արևմուքի Արքաների մարդկանց լեռներում թաքնված վերջին մնացորդներին, մինչև որ բոլորը ոչնչանան․․․ Դռների մոտ մարդիկ եկան, կանչեցին Քաղաքի Տիրակալին։ — Ոչ, ես չեմ իջնի,— ասաց նա։ — Ես պետք է որդուս կողքին մնամ։ Գուցե նա դեռ խոսի վերջից առաջ։ Երկար սպասելու հարկ չկա, վերջը մոտ է։ Ենթարկվեք, ում կուզեք, նույնիսկ Մոխրագույն խելագարին, ում հույսը փլվեց։ Ես մնում եմ այստեղ։ Այդպես ստացվեց, որ Գենդալֆը ստանձնեց Գոնդոր քաղաքի վերջին պաշտպանության կառավարումը։ Որտեղ նա հայտնվում էր, մարդկանց սրտերը հույսով էին լցվում, և թևավոր ստվերները հեռանում էին հիշողությունից։ Նա առանց հոգնելու քայլում էր Միջնաբերդից դեպի Դարպասը, հյուսիսից հարավ պարսպի երկայնքով, և նրան ուղեկցում էր Դոլ Ամրոթի իշխանը փայլատակող զրահներով։ Քանզի նա և իր ասպետները առաջվա պես ամուր էին և պահում էին իրենց իսկական նումենորցիների հետնորդների պես։ Մարդիկ, տեսնելով նրանց, շշնջում էին միմյանց․ — Ուրեմն ճիշտ են հնամյա ավանդությունները, որ այս ժողովրդի երակներում էլֆերի արյուն է հոսում, որովհետև հենց այնտեղ է ժամանակին ապրել Նիմրոդելի ժողովուրդը։ Եվ ինչ-որ մեկը երգում էր խավարում Նիմրոդելի երգը կամ որևէ այլ երգ Անդուինի հովտի անհետացած տարիների երգերից։ Ինչևէ, սակայն, երբ նրանք հեռանում էին, ստվերները նորից էին պարուրում մարդկանց, նրանց սրտերը ծանրանում էին, և գոնդորյան քաջությունը մոխիր էր դառնում։ Այդպես ահով լցված մթնշաղոտ օրվանից նրանք դանդաղ տեղափոխվեցին հուսահատ գիշերվա խավար։ Հրդեհները այժմ անվերահսկելիորեն մոլեգնում էին Քաղաքի առաջին օղակում, և արտաքին պարսպի կայազորն արդեն շատ տեղերում կտրված էր նահանջի ճանապարհից։ Բայց քչերն էին մնացել իրենց տեղերում, մեծամասնությունը փախել էր երկրորդ դարպասից այն կողմ։ Ճակատամարտի թիկունքում, շատ հեռու, Գետն արագորեն կամրջվել էր, և ամբողջ օրը այնտեղով նոր ուժեր ու ռազմական պարագաներ էին հոսում։ Վերջապես, կեսգիշերին մոտ սկսվեց գրոհը։ Առաջապահ զորքն անցավ կրակե խրամուղիների արանքում խորամանկորեն բացված անցումներով և սկսեց մոտենալ։ Նրանք գալիս էին անկանոն ամբոխով, կուտակված, ուշադրություն չդարձնելով կորուստներին։ Արդեն նետի թռիչքի հեռավորության վրա էին, բայց պատերի վրա քիչ նետաձիգներ էին մնացել ծանր կորուստ պատճառելու համար, թեև խարույկների լույսը հմուտ նետաձիգների համար, որոնցով ժամանակին պարծենում էր Գոնդորը, այնպիսի թիրախներ էր ցուցադրում, որ հնարավոր չէր վրիպել։ Հետո, Մորդորի դեռևս թաքնված զորավարը, հասկանալով, որ Քաղաքի ոգին արդեն կոտրված է, գործի դրեց հիմնական ուժը։ Դանդաղ, խավարի միջով դեպի ամրոցը գլորվեցին Օսգիլիաթում կառուցված հսկայական պաշարման աշտարակները։ Պատվիրակները կրկին եկան Սպիտակ Աշտարակի սրահ, և Փիփինը թույլ տվեց նրանց ներս մտնել, քանի որ շտապ լուրեր ունեին։ Դենեթորը դանդաղ գլուխը շրջեց Ֆարամիրի դեմքից և լուռ նայեց նրանց։ — Քաղաքի առաջին օղակն այրվում է, տիրակալ,— ասացին նրանք։ — Ինչպիսի՞ն կլինեն հետագա հրամանները։ Դու ես մեր տիրակալն ու կառավարը, ոչ բոլորն են ուզում ենթարկվել Միթրանդիրին։ Մարդիկ թռչում են պարիսպների վրայից, թողնելով դրանք անպաշտպան։ — Թռչու՞մ, ինչու՞ են հիմարները թռչում,— արձագանքեց Դենեթորը։ Ավելի լավ չէ՞ այրվել անմիջապես, քան դանդաղ ու տանջալի․ միևնույնն է, բոլորս այրվելու ենք։ Վերադարձեք ձեր խարույկին։ Իսկ ե՞ս։ Ես էլ կգնամ իմ խարույկին։ Այո՛, խայույկին։ Չկա դամբարան Դենեթորի և Ֆարամիրի համար։ Չկա՛ դամբարան։ Մենք չենք քնի զմռսված երկար քնով։ Մենք կայրվենք, ինչպես հեթանոս արքաները՝ նախքան առաջին նավերի արևմուտքից այստեղ գալը։ Արևմուտքը պարտություն կրեց։ Վերադարձիր և այրվի՛ր։ Պատվիրակները, լուռ, առանց խոնարհվելու, շրջվեցին ու հեռացան։ Դենեթորը վեր կացավ և բաց թողեց Ֆարամիրի տաք ձեռքը, որ ամբողջ ժամանակ բռնած էր։ — Նա այրվում է, արդեն այրվում է,— վշտահար ասաց նա։ — Նրա հոգու տունը քանդվում է։ — Հետո մոտեցավ Փիփինին և նայեց նրան վերևից ներքև։ — Մնաս բարով,— ասաց նա,— մնաս բարով, Փերեգրին, Փալլադինի որդի։ Քո ծառայությունը երկար չէր, և այժմ այն ավարտվում է։ Քիչ է մնացել, բայց ես ազատում եմ քեզ այդ քչից։ Գնա հիմա և մեռիր, ինչպես ինքդ կուզես և ում հետ կուզես, նույնիսկ ընկերոջդ հետ, որի հիմարությունը քեզ մահվան դուռը հասցրեց։ Կանչիր իմ սպասավորներին և հեռացիր։ Մնա՛ս բարով։ — Ես հրաժեշտ չեմ տալիս, իմ տիրակալ,— ծնկի չոքելով, ասաց Փիփինը։ — Եվ հանկարծակի, հերթական անգամ հոբիթավարի վեր կացավ ու նայեց ծեր փոխարքայի աչքերի մեջ։ — Քո թույլտվությամբ, տիրակալ, ես հիմա իսկապես հեռանում եմ, որովհետև շատ եմ ուզում տեսնել Գենդալֆին։ Բայց նա հիմար չէ, և ես չեմ մտածի մեռնելու մասին, քանի դեռ նա չի հուսահատվել կյանքից։ Սակայն իմ խոստումից և ձեր ծառայությունից չեմ ուզում ազատվել, քանի դեռ դուք ողջ եք։ Եվ եթե նրանք ի վերջո հասնեն Միջնաբերդին, ես հույս ունեմ այստեղ լինել, կանգնել ձեր կողքին և, հնարավոր է, վաստակել ինձ տրված զենքը կրելու պատիվը։ — Արա, ինչպես ուզում ես, պարոն կոլոտիկ,— արձագանքեց Դենեթորը։ — Բայց իմ կյանքը կոտրված է։ Կանչի՛ր իմ սպասավորներին։ Եվ նա շրջվեց Ֆարամիրի կողմը։ Փիփինը դուրս եկավ ու կանչեց ծառաներին․ վեց գեղեցկադեմ երիտասարդներ վախվորած մտան սրահ։ Սակայն Դենեթորը հանգիստ ձայնով կարգադրեց նրանց տաք ծածկոցներով ծածկել Ֆարամիրին և նրա մահիճը դուրս տանել։ Այդպես էլ նրանք արեցին, դուրս բերեցին մահիճը և դանդաղ քայլեցին, որպեսզի որքան հնարավոր է քիչ անհանգստացնեն տենդահար հիվանդին, իսկ Դենեթորը, գավազանին հենված, գնաց նրանց հետևից։ վերջում գնում էր Փիփինը։ Ճերմակ Աշտարակից դուրս եկան նրանք, ասես հուղարկավորության, դեպի խավար․ Քաղաքի գլխին կախված ամպը ներքևից լուսավորվում էր բոսորագույն բռնկումներով։ Նրանք դանդաղ անցան լայն բակով և Դենեթորի հրամանով կանգ առան Չորացած Ծառի մոտ։ Միայն ներքևում ընթացող ճակատամարտի հեռավոր ու խուլ դղրդյունն էր խախտում լռությունը, և նրանք լսեցին, թե ինչպես է ջուրը մեռած ճյուղերից տխուր կաթում մութ ավազանի մեջ։ Հետո նրանք անցան Միջնաբերդի դարպասով, որտեղ կանգնած պահակը զարմանքով ու անհանգստությամբ նայեց նրանց, երբ անցնում էին իր կողքով։ Թեքվելով արևմուտք, նրանք վերջապես մոտեցան վեցերորդ օղակի հետնապատի դռանը։ Այն կոչվում էր Ֆեն Հոլլեն, քանի որ միշտ փակ էր լինում, բացի հուղարկավորության ժամանակ, և միայն Քաղաքի Տիրակալը կարող էր օգտվել դրանից կամ նրանք, ովքեր կրում էին դամբարանների նշանը և խնամում մեռածների տները։ Հետևում ոլորաձև ճանապարհ էր սկսվում, որը բազմաթիվ գալարներով իջնում էր Մինդոլուինի ուղղաբերձ անդուդի ստվերով ծածկված նեղ հարթակը, որտեղ գտնվում էին արքաների և փոխարքաների դամբարանները։ Փոքրիկ տնակում նստած էր դռնապանը, և դուրս եկավ լապտերը ձեռքին, վախն աչքերում։ Տիրակալի հրամանով նա հրեց դուռը, և այն անաղմուկ բացվեց․ նրանք անցան՝ վերցնելով լապտերը նրա ձեռքից։ Մութ էր վայրեջքը լապտերի դողդոջուն լույսի տակ հերթով ուրվագծվող հինավուրց պատերի և բազմասյուն ճաղաշարքերի արանքով։ Նրանց դանդաղ քայլերը արձագանքում էին իջնելու ընթացքում, մինչև որ վերջապես դուրս եկան Լռության Փողոցը՝ Ռաթ-Դինեն, խամր գմբեթների և վաղուց մեռած մարդկանց պատկերներով դատարկ դահլիճների միջև։ Նրանք մտան Փոխարքաների տուն Դամբարան և դրեցին իրենց բեռը գետնին։ Փիփինը, անհանգիստ շուրջը նայելով, տեսավ, որ գտնվում է գմբեթավոր առաստաղով մեծ սրահում, որի թաքնված պատերին լապտերի թույլ լույսից տատանվում էին հսկայական ստվերները։ Եվ աղոտ տեսանելի էին մարմարից կերտված սեղանների բազմաթիվ շարքեր։ Յուրաքանչյուրի վրա ննջեցյալ էր պառկած, ձեռքերը խաչած, գլուխը դրած քարե բարձին։ Միայն մոտակա լայն սեղանն էր դատարկ։ Դենեթորի նշանով դրա վրա պառկեցրին Ֆարամիրին, և ինքն էլ պառկեց որդու կողքին, ապա նրանց ծածկեցին միևնույն ծածկոցով և խոնարհված գլուխներով կանգնեցին, ասես սգավորներ, մահվան մահճի կողքին։ Դենեթորը ցածր ձայնով ասաց․ — Այստեղ էլ մենք կսպասենք։ Բայց կարիք չկա կանչելու զմռսողներին։ Արագ վառվող չոր փայտեր բերեք, դասավորեք մեր շուրջը և յուղ լցրեք դրանց վրա։ Երբ ես նշան տամ, ջահը գցեք ու փայտը կրակի տվեք։ Կատարեք, ինչ հրամայում եմ ու այլևս չխոսեք ինձ հետ։ Մնա՛ք բարով։ — Քո թույլտվությամբ, տիրակալ,— մի կերպ ասաց Փիփինը, շրջվեց ու սարսափահար դուրս փախավ մահվան տնից։ «Խեղճ Ֆարամիր,— մտածեց նա։ — Ես պետք է գտնեմ Գենդալֆին։ Շատ հավանական է, որ նա ավելի շատ դեղորայքի կարիք ունի, քան արցունքների։ Օ՛հ, որտեղ գտնեմ Գենդալֆին։ Երևի գործողությունների ամենաթունդ վայրում, էլ որտե՞ղ։ Եվ նա հաստատ մեռնողների ու խելագարների հետ զբաղվելու ժամանակ չի ունենա»։ Դռան մոտ նա դիմեց սպասավորներից մեկին, ով մնացել էր այնտեղ՝ հսկելու։ — Քո տիրոջ խելքը գլխին չէ,— ասաց նա։ — Մի շտապեք, և ամենակարևորը՝ կրակի հարցով, քանի դեռ Ֆարամիրը ողջ է։ Ոչ մի բան չանեք մինչև Գենդալֆի գալը։ — Ո՞վ է Մինաս Թիրիթի տիրակալը,— արձագանքեց սպասավորը,— Դենե՞թորը, թե՞ Մոխրագույն Թափառականը։ — Ինձ թվում է, Մոխրագույն Թափառականը կամ ոչ ոք,— պատասխանեց Փիփինն գլխապատառ ու սլացավ վերև ոլորապտույտ ճանապարհով, անցավ զարմացած դռնապանի կողքով, շարունակեց վազել և կանգ առավ միայն Միջնաբերդի դռան մոտ։ Ժամապահը ձայն տվեց նրան, և նա ճանաչեց Բերեգոնդի ձայնը։ — Այդ ու՞ր ես վազում, պարոն Փերեգրին,— հարցրեց նա։ — Միթրանդիրին գտնելու,— պատասխանեց Փիփինը։ — Երևի տիրակալը շատ շտապ հանձնարարությամբ է ուղարկել, և ես քեզ կանգնեցնելու իրավունք չունեմ,— ասաց Բերեգոնդը,— բայց եթե կարող ես, երկու բառով պատմիր․ ի՞նչ է կատարվում։ Ու՞ր է գնացել տիրակալը։ Ես նոր եմ անցել հերթապահության, բայց լսել եմ, որ նա անցել է Փակ Դռնով, և առջևով ծառաները տանելուց են եղել Ֆարամիրին։ — Այո, ասաց Փիփինը,— տարան Լռության Փողոց։ Բերեգոնդը կախեց գլուխը, որպեսզի թաքցնի արցունքները։ — Խոսում էին, որ նա մահանում է,— հառաչեց նա։ — Եվ հիմա մեռած է։ — Ոչ, դեռ ոչ,— ասաց Փիփինը։ — Ես նույնիսկ կարծում եմ, որ նրան կարելի է փրկել։ Բայց Քաղաքի Տիրակալը, Բերեգոնդ․ Քաղաքը դեռ պայքարում է, իսկ նա արդեն հանձնվել է։ Նրա խելքը տեղը չէ, և դա շատ վտանգավոր է։ Եվ նա հապշտապ պատմեց Դենեթորի տարօրինակ խոսքերի և գործողությունների մասին։ — Ես պետք է արագ գտնեմ Գենդալֆին,— վերջացրեց նա։ — Ուրեմն պետք է իջնես ներքև, մարտի մեջ։ — Գիտեմ, տիրակալն ինձ ազատել է։ Բայց, Բերեգոնդ, եթե կարող ես, ինչ-որ բան արա, որ սարսափելի բան չկատարվի։ — Տիրակալը թույլ չի տալիս նրանց, ովքեր արծաթասև են հագած, լքել իրենց դիրքը ոչ մի պատճառով, բացառությամբ իր հրամանի։ — Դե, դու պետք է ընտրություն կատարես՝ ինչն է քեզ համար կարևոր․ Ֆարամիրի կյա՞նքը, թե հրամանը,— ասաց Փիփինը։ Եվ հրամանը՝ հրաման, բայց, իմ կարծիքով, մենք արդեն գործ ունենք ոչ թե Տիրակալի, այլ խելագար ծերունու հետ։ Ես պետք է վազեմ։ Եթե կարողանամ՝ կվերադառնամ։ Եվ նա վազեց ներքև, դեպի արտաքին օղակը։ Նրա կողքով անցնում էին կրակից փախչող մարդիկ, և, ոմանք, տեսնելով նրա հագուստը, շրջվում էին ու ինչ-որ բան ճչում, բայց նա ուշադրություն չէր դարձնում։ Վերջապես նա անցավ Երկրորդ Դարպասը, որից այն կողմ պատից պատ հրդեհներ էին բոցկլտում, բայց, չնայած դրան, տարօրինակ լռություն էր այնտեղ։ Ոչ մի տեսակի աղմուկ, մարտական աղաղակ կամ զենքերի շաչյուն չէր լսվում։ Հանկարծակի մի սարսափելի ճիչ հնչեց, որին հաջորդեց ուժգին ցնցում և խուլ, արձագանքող դղրդյուն։ Ինքն իրեն ստիպելով դիմադրել վախի ու սարսափի պոռթկմանը, որից ծալվում էին ծնկները, նա թեքվեց անկյունից դեպի Դարպասի հետևի լայն հրապարակը։ Եվ քարացած կանգ առավ։ Նա գտել էր Գենդալֆին, բայց հետ քաշվեց, կուչ գալով ստվերում։ Կեսգիշերին սկսված գրոհը դեռևս շարունակվում էր։ Որոտում էին Թմբուկները։ Հյուսիսից ու հարավից թշնամական զորքերը սեղմվել էին պարսպին։ Հրդեհների բոսոր բռնկումների տակ երևում էին շարժվող տների պես վիթխարի գազաններ՝ Հարադի մումակները, որոնք խրամուղիների հետևից քարշ էին տալիս քարանետ մեքենաներ և հսկայական պաշարման աշտարակներ։ Սակայն նրանց հրամանատարին առանձնապես չէր մտահոգում, թե ինչ է կատարվում պատերի մոտ, և որքան ստրուկ կզոհվի․ նրա նպատակը միայն պաշտպանական ուժի ստուգումն էր և Գոնդորի ռազմիկներին զբաղեցնելը։ Իրական և ամնենածանր հարվածը նա ծրագրում էր հասցնել Դարպասին։ Թեև այն ամուր էր՝ ձուլված պողպատից ու երկաթից, պաշտպանված անխորտակելի քարից պատրաստված աշտարակներով ու պարիսպներով, բայց և այնպես ամենաթույլ կետն էր այդ բարձր ու անառիկ պատի մեջ։ Ավելի բարձր թնդացին թմբուկները։ Հրդեհի լեզուները վեր խոյացան։ Դաշտի միջով սողացին պաշարման մեքենաները, որոնց միջև, հզոր շղթաներից կախված, օրորվում էր մի հսկայական բաբան, ասես հարյուր ֆուտ երկարություն ունեցող անտառային ծառի բուն։ Այն վաղուց էր ձուլվել Մորդորի մթին դարբնոցներում, և դրա սարսափազդու գլուխը, պատրաստված սև պողպատից, մերկացրած ժանիքներով գիշատիչ գայլի տեսք ուներ․ վրան կործանման հմայախոսքեր էին դաջված։ Գրոնդ էին անվանել այն՝ ի պատիվ հնում այդպես կոչված անդրաշխարհի առասպելական մուրճի։ Հսկա գազանները դանդաղ քաշում էին այն, օրքերը շրջապատել էին բոլոր կողմերից, իսկ հետևից գալիս էին թրոլները, որպեսզի գործի դնեն։ Սակայն Դարպասի մոտ դիմադրությունը դեռ ամուր էր․ այնտեղ անկոտրում կանգնած էին Դոլ Ամրոթի ասպետները և Քաղաքի կայազորի ամենատոկուն ռազմիկները։ Նետերն ու տեգերը թափվում էին մեծ խտությամբ, պաշարման աշտարակները փլվում էին ու բոցավառվում ջահերի պես։ Դարպասի երկու կողմերում էլ հողը ծածկվել էր բեկորներով ու սպանվածների մարմիններվ, բայց շարունակ նոր ամբոխներ էին խցկվում առաջ, ասես խելագարությունից դրդված։ Գրոնդը սողում էր առաջ։ Դրա պատյանը կրակից չէր բռնկվում․ ու թեև ժամանակ առ ժամանակ այն քաշող հսկա գազաններից մեկը խելակորույս սկսում էր ոտնատակ տալ իրեն պաշտպանող անհամար օրքերին, բայց ոչինչ չէր փոխվում, դիակները մի կողմ էին նետում, և նրանց տեղը զբաղեցնում էին ուրիշները։ Գրոնդը շարունակում էր սողալ առաջ։ Խելագար ռիթմով որոտում էին թմբուկները։ Սպանվածների բլուրների վրա մի հրեշավոր տեսիլք հայտնվեց․ բարձրահասակ հեծյալ, իջեցված գլխանոցով և սև թիկնոցով։ Դանդաղ, տրորելով ընկածներին, նա առաջ շարժվեց, ուշադրություն չդրաձնելով շուրջը թափվող նետերին։ Ապա կանգ առավ ու բարձրացրեց երկար, դժգույն թուրը՝ և բոլորին, թե՛ պաշտպաններին, թե՛ թշնամիներին համակեց սարսափը։ Մարդկանց ձեռքերն անզոր կախվեցին, ոչ մի նետ չէր թռչում։ Մի ակնթարթ ամեն ինչ կանգ առավ։ Նորից թնդացին ու որոտացին թմբուկները։ Հսկայական ձեռքերը ճոճեցին Գրոնդը և ամբողջ ուժով առաջ հրեցին։ Այն հարվածեց Դարպասին։ Հզոր թնդյուն գլորվեց Քաղաքի վրայով, ասես ամպրոպը հարվածեց։ Սակայն երկաթե դռներն ու պողպատե սյուները դիմացան հարվածին։ Այդ ժամանակ Սև Զորավարը բարձրացավ ասպանդակների վրա և բարձր սարսափազդու ձայնով ճչալով, ինչ որ անհայտ, մոռացված լեզվով հմայախոսք արտասանեց, որի խոսքերը ծվատում էին սրտերը և ջարդուփշուր անում քարերը։ Երեք անգամ նա ճչաց։ Երեք անգամ հարվածեց վիթխարի բաբանը։ Եվ հանկարծակի, վերջին հարվածից, Գոնդորի Դարպասը ջարդուփշուր եղավ։ Ասես ինչ-որ պայթուցիչ հմայախոսքով այն մասերի բաժանվեց․ բռնկվեց այրող կայծակը, և դռները մանր բեկորներով փլվեցին գետնին։ Նազգուլների առջնորդն առաջ եկավ։ Հսկայական սև ստվեր աճեց հրդեհների ֆոնին, որպես պարտության, սարսափի և հուսահատության խորհրդանիշ։ Նազգուլների առաջնորդն անցավ դարպասի կամարի տակով, որը չէր անցել ոչ մի թշնամի, և բոլորը գլխապատառ փախան նրա առջևից։ Բոլորը, բացի մեկից։ Այնտեղ, դարպասի դիմացի տարածության մեջ, անշարժ ու լուռ սպասում էր մի հեծյալ՝ Գենդալֆը, նստած Լուսաչի մեջքին․ Միջերկրի բոլոր նժույգներից միակի, որը դիմացել էր մահացու սարսափին և կանգնած էր անշարժ, անսասան, ինչպես Ռաթ-Դինենի քարակերտ արձան։ — Դու ներս չես մտնի,— խոսեց Գենդալֆը, և ահռելի ստվերը քարացավ։ — Վերադարձի՛ր անդունդը քեզ համար պատրաստված։ Հեռացի՛ր։ Ընկի՛ր անգոյության մեջ, որը սպասում է քեզ և քո տիրակալին։ Հեռացի՛ր։ Սև Հեծյալը հետ գցեց գլխանոցը և՝ ա՛յ քեզ հրաշք․ նա արքայական թագ ուներ, բայց այն դրված էր անտեսանելի գլխին։ Գլխի փոխարեն թիկնոով ծածկված հզոր ուսերի և թագի միջև կրակի կարմիր լեզուներ էին տարածվում։ Անտեսանելի բերանից տարածվեց մահացու քրքջոց։ — Հիմա՛ր ծերուկ,— գոչեց նա։ — Հիմա՛ր ծերուկ։ Հիմա իմ ժամն է։ Մի՞թե չես ճանաչում քո մահը՝ տեսնելով այն։ Մեռի՛ր այժմ, խեղդվելով անեծքներիդ մեջ։ Նա բարձրացրեց թուրը, և կրակի լեզուներ վազեցին շեղբի վրայով։ Գենդալֆը տեղից չշարժվեց։ Եվ հենց այդ պահին, ինչ-որ տեղ հետևում, Քաղաքի ինչ-որ բակում կանչեց աքաղաղը՝ զիլ, հնչեղ, ոչինչ չգիտենալով ոչ պատերազմի, ոչ էլ մոգական հմայանքների մասին․ կանչեց, ողջունելով մահվան ստվերների վերևում բացվող լուսաբացը։ Եվ ասես ի պատասխան, հեռվում հնչեցին եղջերափողերը, եղջերափողերը եղջերափողերը։ Խուլ արձագանքը տարածվեց Մինդոլուինի լանջերով։ Իսկ հյուսիսի մեծ եղջերափողերը գնալով ավելի ու ավելի ուժգին էին փչում։ Ռոհանցիներն էին հասնում օգնության։ ====Գլուխ հինգերորդ․ Ռոհիրիմների արշավանքը==== Մութ էր։ Մերին, վերմակի մեջ փաթաթված, պառկած էր գետնին, և զարմանում էր, թե ինչպես են խավարի մեջ թաքնված ծառերը սոսափում անքամի ու հեղձուկ օդում։
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]