Հարավային ճյուղավորման վրա, ամբողջ լանջով մեկ կանգնած էին էլֆերը, արևելյանում՝ մարդիկ ու թզուկները։ Բերդը առավել ճարպիկ մարդկանց ու էլֆերի ջոկատներով բարձրացավ արևելյան ճյուղավորման կատարը, որպեսզի դիտի հյուսիսային կողմը։ Ի՜նչ ահավոր տեսարան․․․ Թշնամու բազմությունից Սարի ողջ շրջապատը սևացել էր։ Մի րոպե անց առջևի գոբլինները շրջանցեցին Սարի թևն ու լցվեցին հովիտը։ Դրանք գոբլինների լավագույն հեծյալներն էին, որոնց գոռում֊գոչյունը սիրտ էր ճաքեցնում։ Բերդի զորքից քաջարի մի ջոկատ կտրեց ճանապարհը՝ փորձելով շեղել նրանց։ Հետո մարդիկ այս ու այն կողմ փախան․ բայց շատերը սպանվեցին։ Ինչպես և մտածում էր Հենդալֆը, գոբլինները, անսպասելի դիմադրությունից մոլեգնած, կենտրոնացան առաջապահ զորքերի թիկունքում և այժմ կատաղորեն նետվում էին դեպի հովիտ ու լեռան ճյուղավորումների միջև։ Նրանց սևաբոսոր դրոշներին թիվ չկար։ Գոբլինները սլանում էին խառնիխուռն ու խելահեղ հոսանքով։
Դա սարսափելի ճակատամարտ էր։ Բիլբոյի արկածներից ամենավտանգավորը, որով հետագայում ամենից շատ էր նա հպարտանում և որը հաճույքով էր հիշում, չնայած նրա դերն այդ ժամանակ բավականին աննշան էր։ Ճիշտն ասած, նա հենց սկզբից դրեց մատանին ու աչքից կորավ, թեպետ դրանով վտանգից լիովին չփրկվեց։ Կախարդական մատանին գոլբինների հարձակման դեպքում լրիվ չափով չի փրկում և ետ չի վանում թռչող նետերն ու նիզակները։ Դրա փոխարեն, այնուամենայնիվ, օգնում է ոտքերի արանքից դուրս սողալ, և ձեր գլուխը թիրախ չի դառնում որևէ ճարպիկ, մոլեռանդ գոբլինի համար, որը ցանկանում է իր թրով հատկապես դա թռցնել։ Այն թռցնել կարող են միայն պատահաբար։
Առաջինը գրոհի նետվեցին էլֆերը։ Նրանց ոգևորում էր դաժան, սառն ատելությունը գոբլինների նկատմամբ։ Նրանց չարությունն այնքան ուժեղ էր, որ թրերն ու նիզակները մթության մեջ առկայծում էին սառը փայլով։ Երբ թշնամու զորքը կուտկակվեց հովտում, էլֆերը նրանց վրա նետերի տարափ տեղացին։ Նետերի ետևից հազարավոր նիզակներ թռան։ Գոբլինները խլացուցիչ ոռնոց արձակեցին։ Ժայռերը սևացան գոբլինների արյունից։
Հազիվ էին գոբլինները ուշքի եկել էլֆերի գրոհից, երբ հովտում մռնչյուն տարածվեց։ «Մորայա» և «Դեյն» գոչելով մյուս կողմից դուրս թռան Երկաթե Բլուրների թզուկները՝ թափահարելով մարտական բրիչները, իսկ նրանց ետևից առաջ նետվեցին Լճաշեն քաղաքի ռազմիկները՝ երկար թրերով։
Խուճապը պատեց գոբլիններին։ Նրանք շրջվեցին նոր թշնամուն ընդառաջ, և այդ ժամանակ էլֆերը տասնապատիկ ավելի մեծ քանակով նորից գրոհի անցան։ Շտ գոբլիններ արդեն փախուստ էին տալիս գետի երկյնքով, որպեսզի ծուղկից խույս տան, վարգերն արդեն սկսեցին հարձակվել իրենց հեծյալների վրա, հոշոտելով դիակներն ու վիրավորներին։ Արդեն, թվում էր, հաղթանակը մոտ է, երբ հանկարծ վրևից նոր կանչեր լսվեցին։ Իսկապես էլ գոբլինները բարձրացել էին Սարը հակառակ կողմից և այժմ կատաղի հոսանքով լանջերով ձգվում էին ներքև․ ուշադրություն չդարձնելով յուրայիններից նրանց , ովքեր ոռնոցով պոկվում ու գլորվում էին անդունդը։ Գոբլիններն ուզում էին լեռան թևերը գրոհել վերևից, դարպասի կողմից։ Սարից արահետներ էին գնում դեպի լեռան ճյուղավորումները․ մարդիկ, էլֆերն ու Դեյնի թզուկները չէին հերիքում, նրանք չէին կարող բոլոր արահետները փակել։ Հաղթանակի հույսը նվազեց։ Սև լավայի միայն առաջին գրոհը հաջողվեց կասեցնել։
Վաղուց կեսօրն անցել էր։ Գոբլինները նորից կուտակվեցին հովտում։ Արդեն սրընթաց այստեղ էին գալիս գիշատիչ վարգերը, իսկ նրանց հետ էլ՝ Բոլգի գվարդիան՝ դրանք հսկայական չափերի գոբլիններ էին՝ պողպատե կեռ թրերով։ Ամպրոպի երկինքը գնալով մթնում էր։ Առաջվա նման մեծ֊մեծ չղջիկները պտտվում էին մարդկանց ու էլֆերի գլխավերևում և վամպիրի պես կպչում վիրավորներին։ Բերդը ողջ ուժերով պաշտպանում էր արևելյան թևը, բայց աստիճանաբար ստիպված էր նահանջել։ Իսկ էլֆերին, արքայի հետ միասին, քշելէին ընդհուպ մինչև Ագռավի Բարձունքի պահակակետը։
Հանկարծ մի բարձր կանչ լսվեց, դարպասից հնչեց փողի ձայն։ Նրանք Տորինին մոռացել էին։ Պատի այն մասը, որ քանդել էին լինգով, փուլ եկավ ջրամբարի մեջ։ Անցքից դուրս թռան Սարատակի թագավորն ու նրա զինակիցները։ Ո՞ւր էին կորել նրանց թիկնոցներն ու կնգուղները։ Դրանք փոխարինված էին շողշողուն ասպազենով։ Թզուկների աչքերը վառվում էին կարմիր կրակով։ Մթնշաղում Տորինի ոսկե զենք ու զրահը լույս էր տալիս ածուխից շիկացած մետաղի նման։
Սարի գլխին նստած գոբլիններն սկսեցին նրանց վրա քարեր շպրտել, բայց թզուկները շարունակում էին իջնել՝ ելուստից ելուստ թռչկոտելով։ Այսպես նրանք լանջն ի վար վազելով իջան հովիտ և մարտի բռնվեցին։ Վարգերն ու հեյծյալներն ընկնում էին մեռած կամ թզուկների ճնշման տակ փախուստի դիմում։ Տորինը կատաղի ուժով թափահարում էր թուրը, և թվում էր, թե նա անխոցելի է։
― Ինձ մո՜տ։ Ինձ մոտ, էլֆեր ու մարդիկ։ Ինձ մոտ, իմ հարազատներ․․․― կոչ էր անում նա, և ձայնը զնգում էր հովտում, ինչպես շեփորը։
Նրան օգնության նետվեցին Դեյնի թզուկները։ Այնտեղ վազեցին նաև շատ մարդիկ, և Բերդը չկարողացավ պահել նրանց։ Մյուս կողմից հայտնվեցին էլֆերի նիզակակիրները։ Գոբլիններին նորից ջարդեցին։ Հովիտը ծածկվեց զզվելի դիակների սև կույտերով։ Վարգերին քշեցին։ Տորինը թրով նեղեց Բոլգի գվարդիային, բայց հո նա չէր կարող բոլոր շարքերը միանգամից խոցել։ Արդեն շատ մարդիկ էին ընկել, և՛ թզուկներ, և՛ հրաշագեղ էլֆեր, որ կարող էին երկար ապրել իրենց անտառներում։ Որքան հովիտը լայնանում էր, այնքան Տորինի գրոհը թուլանում էր։ Նրա զինակիցները չափազանց քիչ էին, թևերն անպաշտպան։ Շուտով թշնամիները հարձակման անցան, և Տորինի թզուկներն ստիպված եղան օղակ կազմել, որովհետև բոլոր կողմերից նրանց շրջապատել էին գոբլիններն ու գայլերը։ Բոլգի գվարդիան ոռնոցով արշավում էր թզուկների վրա, իսկը ավազուտ կղզին գրոհող ալիքների պես։ բարեկամներն արդեն չէին կարողանում օգնել թզուկներին, քանի որ Սարից գոբլինների նորանոր բազմություններ էին թափվում, և ամենուրեք մարդկանց ու էլֆերին կամաց֊կամաց պարտության էին մատնում։
Բիլբոն դառնությամբ էր նայում այս տեսարանին։ Նա էլֆերի հետ միասին դիրք էր գրավել բարձունքի վրա, մասամբ այն պատճառով, որ այնտեղից փրկվելու հավանակնությունն ավելի մեծ էր, մասամբ էլ (ինչպես նրան հուշում էր գիտակցության տուկովյան մասը) այն պատճառով, որ վերջին անխուսափելի մարտում կգերադասեր պաշտպանել էլֆերի արքային։ Հենդալֆը, ի դեպ ասած, նույնպես նստած էր կողքը, մտքերի մեջ խորասուզված, ըստ երևույթին պատրաստվելով ինչ֊որ վերջին կախարդական պայթյունը սարքել։
«Այժմ արդեն քիչ է մնացել,― մտածում էր Բիլբոն։― Հենց որ գոբլինները դարպասը գրավեն, բոլորս կկոտորվենք կամ գերի կընկնենք։ Երբ մտածում ես, թե զուր տեղը ինչքան տառապանքներ կրեցինք, իսկապես լացդ գալիս է։ Իմ կարծիքով, ավելի լավ էր ծերուկ Սմոգը շարունակեր պառկած մնալ իր այդ անիծյալ գանձերի վրա, միևնույն է, դրանք հիմա այս զզվելի արարածներին են բաժին դառնալու։ Խե՜ղճ գիրուկ Բոմբուրը, խեղճ Բալին, Ֆիլի ու Կիլի, և Բերդն էլ, և Լճաշենի բնակիչները, և ուրախ էլֆերը՝ բոլորը կկործանվեն․․․ Վա՜յ ինձ․․․ Շատ երգեր եմ լսել ճակատամարտերի մասին, և այնպես էր ստացվում, իբրև թե պատրտությունն էլ կարող է փառք բերել։ Իսկ իրականում, այս բոլորը շատ անախորժ է, եթե չասենք ցավալի։ Ինչպես կուզենայի մի ինչ֊որ հեռու տեղ հայտնվել»։
Հանկարծ քամին ամեպրը ցրեց, մայրամուտի կարմիր շերտը կտրատեց արևամուտքը։ Բիլբոն շրջվեց լույսի կողմը, նրա կրծքից բարձր մի կանչ դուրս թռավ, սիրտն սկսեց արագ զարկել․ պայծառ շերտի ֆոնի վրա նա թռչող մուգ ստվերներ տեսավ։
― Արծիվնե՜րը․․․ Արծիվնե՜րը․․․― բղավեց նա։― Արծիվները գալիս են․․․
Աչքերը Բիլբոյին հազվադեպ էին դավաճանում։ Իրոք որ արծիվներն էին թռչում, շարք֊շարքի ետևից, անհամար մի զորագունդ, որ հավանաբար հավաքվել էր Հյուսիսի բոլոր բներից։
― Արծիվնե՜րը․․․ Արծիվնե՜րը․․․― Բիլբոն թռչկոտում էր ու ձեռքերը թափահարում։ Էլֆերը նրան տեսնել չէին կարող, բայց լսեցին։ Նրանք ձայնակցեցին ճիչին, և կանչերը տարածվեցին ողջ հովտով մեկ։
― Արծիվնե՜րը,― մեկ անգամ էլ բղավեց Բիլբոն, բայց այստեղ վերևից նետված քարը զարկվեց նրա սաղավարտին, Բիլբոն տապալվեց գետնին և այլսև ոչինչ չտեսավ ու չլսեց։
==ԵՏԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ==
Երբ Բիլբոն ուշքի եկավ, շուրջը բառացիորեն ոչ ոք չկար։ Նա պառկած էր Ագռավի Բարձունքի լերկ քարերի վրա։ Անամպ ու ցուրտ օր էր։ Բիլբոն փայտացել էր, ամբողջովին դողում էր, բայց գլուխն այրվում էր։
― Ի՞նչ է տեղի ունեցել,― հարցրեց նա ինքն իրեն։― Ընկած հերոսների շարքին առայժմ ինձ կարծես թե դասել չի կարելի։ Չնայած դեռ ամեն ինչ կորած չէ։
Դժվարությամբ, ցավը հաղթահարելով, նա տեղում նստեց։ Ներքև նայելով՝ հովտում կենդանի գոբլիններ չտեսավ։ Գլուխն սկսեց մի քիչ պարզվել, նրան թվաց, որ այնտեղ էլֆեր են երևում։ Աչքերը տրորեց։ Մարդկանց և էլֆերի ճամբարը նախկին տեղում էր։ Գլխավոր դարպասի մոտ ինչ֊որ թեթև շարժում էր նկատվում, երևում է թզուկները պատն էին քանդում։ Բայց մեռելային լռություն էր տիրում՝ ոչ երգ, ոչ իրար կանչող ուրախ ձայներ։ Օդում սուգ էր կախված։
― Այնուամենայնիվ, երևի դա հաղթանակ է․․․― ասաց Բիլբոն, մղկտացող գլուխը շոշափելով։― Եվ, սակայն, տաղտկալի բան է։
Հանկարծ զառիթափի եզրից վերև մագլցող մարդու գլուխ երևաց․ նա Բիլբոյի կողմն էր գալիս։
― Հե՜յ,― գոռաց Բիլբոն թույլ ձայնով։― Հե՜յ, ի՛նչ նորություն կա։
― Ի՞նչ ձայն է լսվում քարերի միջից։― Մարդը կանգ առավ, նայեց շուրջը։
Եվ այսպես Բիլբոն հիշեց մատանու մասին։ «Թո՛ւ,― մտածեց նա։― Պարզվում է, անտեսանելի լինելը միշտ չէ, որ ձեռնտու է։ Եթե մատանին չլիներ, ես, երևի, գիշերն անցկացնեի տաք ու հարմարավետ տեղում»։
― Այդ ես եմ, Բիլբո Բեգինսը, Տորինի ուղեկցիը,― գոռաց նա՝ մատանին հանելով։
― Լավ է, որ քեզ գտա,― ասաց մարդը դեպի նա քայլելով։― Արդեն վաղուց եմ փնտրում։ Քեզ սպանվածների թվում կհաշվեին, եթե հրաշագործը չլիներ․ նա հավատացնում էր, թե վերջին անգամ քո ձայնը հենց այստեղ է լսել։ Դու ծա՞նր ես վիրավորված։
― Կարծես մենակ գլխիս են թրխկացրել,― պատասխանեց Բիլբոն։― Լավ է, որ սաղավարտով եմ, գանգս էլ ամուր է։ Բայց, միևնույն է, թուլություն եմ զգում, և ոտքերս էլ ոնց որ ծղոտից լինեն։
― Ես քեզ կտանեմ ճամբար,― ասաց մարդը և հեշտությամբ գրկեց նրան։
Մարդը վստահ ու արագ էր քայլում։ Կարճ ժամանակ անց նա արդեն Բիլբոյին դրեց գետնին, վրանի առջև։ Դռան շեմքին կանգնած էր Հենդալֆը՝ ձեռքը վիրակապած։ Դե որ հրաշագործն էլ վիրավորված լինի, էլ ինչ ասես մյուսներին մասին․ զորքի մեջ համարյա մեկը չկար, որ տուժած չլիներ։
Բիլբոյին տեսենոլվ՝ ծերկուը շատ ուրախացավ։
― Բեգինս,― բացականաչեց նա։― Այ քեզ անակնկա՜լ․․․ Այնուամենայնիվ ողջ ես․․․ Այ թե ուրախ եմ, հա՜․․․ Ես արդեն վախենում էի, որ նույնիսկ քեզ է դավաճանել բախտը։ Սարսափելի պատմություն ստացվեց։ Քիչ էր մնում ամեն ինչ խորտակվեր։ Բայց վերջի մասին քեզ հետո կպատմեմ։ Հիմա գնանք․․․― Հանկարծ նա լրջացավ։― Քեզ սպասում են,― ավելացրեց նա և հոբիտին առաջորդեց վրան։― Տորին․․․― ասաց նա ներս մտնելով։― Ես նրան բերել եմ։
Այո, այնտեղ Տորին Օուքենշիլդն էր պառկախ, ամբողջապես վերքերով պատված, ծակծկված զրահն ու ծռմռված բերանով տապարն ընկած էին հատակին։ Տորինը բարձրացրեց գլուխը։
― Մնաս բարով, բարի Գող,― ասաց նա։― Ես գնում եմ սպասումի ապարանքները, իմ նախահայրերի մոտ, մինչև այն ժամանակ, երբ աշխարհը դեպի լավը փոխվի։ Ես թողնում եմ ողջ արծաթն ու ոսկին, քանի որ այնտեղ, ուր ես եմ գնում, դա արժեք չունի։ Ուզում եմ բարեկամաբար հրաժեշտ տալ քեզ, ետ վերցնել այն ժամանակ դարպասի մոտ ասած խոսքերս ու քավել իմ մեղքը։
Բիլբոն վշտացած ծնկի իջավ։
― Գնաս բարով, Սարատակի թագավոր,― այսաց նա,― ոսկու սարերը մեզ համար քո տեղը չեն բռնի ու մեր կորուստը չեն փոխհատուցի։ Բայց ես, այնուամենայնիվ, ուրախ եմ, որ վտանգների ժամանակ քեզ հետ եմ եղել։ Ամեն Բեգինսի չէ, որ պատիվ է վիճակվել այդպիսի արկածների մասնակից լինել։
― Դա ճիշտ չէ․․․― առարկեց Տորինը։― Քո մեջ լավն ավելի շատ է, քան դու կարծում ես, իզուր չէ, որ ծնվել ես բարեհաճ մի երկրում։ Խիզախությունն ու իամստությունը համաչափորեն են զուգակցվում քո մեջ։ Եթե այս աշխարհ եկած արարածը ավելի շատ գնահատեր համեղ սնունդը, սեղանը, երգն ու ուրախությունը, և ավելի քիչ՝ ոսկին, ապա աշխարհն ավելի ուրախ կլիներ։ Բայց ինչպիսին էլ որ լինի այս աշխարհը, տխուր թե ուրախ, ես հեռանում եմ այստեղից։ Մնաս բարով․․․
Եվ Բիլբոն քաշվեց մի կողմ, մենակ նստեց անկյունում, փաթաթվեց վերմակի մեջ և, ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, լաց եղավ։ Նա այնպես լաց եղավ, որ աչքերը կարմրեցին ու ձայնը խզվեց։ Բարի սիրտ ուներ նա՝ Բիլբո Բեգինսը։ Ահագին ժամանակ անցավ, մինչև նա սիրտ արեց ամենահասարակ մի կատակ անելու։ «Ինչ հաջողություն,― ասաց նա ինքն իրեն,― որ ես ուշքի եկա հենց այն ֊ամանակ, երբ ուշքի եկա։ Լավ կլիներ, իհարկե, Տորինը կենդանի մնար, բայց ես ուրախ եմ, որ մենք բաժանվեցինք որպես բարեկամներ։ Դմբո ես դու, Բիլբո Բեգինս, ինչ շիլաշփոթ եփեցիր այդ քարով, և բոլորն իզուր․ քեզ այդպես էլ չհաջողվեց խաղաղություն ու անդորր գնել, միևնույն է, ճակատամարտը տեղի ունեցավ։ Բայց դու արդեն դրանում մեղավոր չես»։
Ամեն ինչի մասին, որ տեղի էր ունեցել իր անգիտակից վիճակի մեջ ընկնելուց հետո, նա հրաշագործից իմացավ ավելի ուշ։ Հենդալֆի պատմածը լսելով՝ նա ավելի շատ վշտացավ, քան ուրախացավ։ Նա հոգնել էր, տուն էր ուզում գնալ։ Բայց դեռ ստիպված էր սպասել։ Դրա համար էլ ես առայժմ կպատմեմ կատարված իրադարձությունների մասին։
վաղուց էին կասկածում, որ գոբլինները զորք են կուտակում։ Գոբլինների տեղաշարժերը լեռներում նրանց սուր աչքերից չէին վրիպում։ Այն ժամանակ նրանք էլ իրենց աաջնորդի գլխավորությամբ հավաքվեցին Մառախլապատ Լեռներում։ Վերջապես, հոտն առնելով, որ ճակատամարտ է գնում, նրանք մի ակնթարթում փոթորիկի հետ միասին տեղափոխվեցին հովիտ։ Հենց նրանք էին, որ գոբլիններին Սարի լանջերից քշեցին ներքև, ուղիղ նրանց թշնամիների կենտրոնը, կամ էլ նետեցին անդունդը։ Արծիվներն արագ մաքրեցին Մենավոր Լեռը, և այդ ժամանակ էլֆերն ու մադրիկ լեռան թևերից իջան հովիտ ու մատրի մեջ մտան։
Բայց նույնիսկ արծիվների հետ իրենք, միևնույն է, ավելի քիչ էին, քան գոբլինները։ Եվ այստեղ, երբ արդեն հուսահատությունը պատել էր Սարի պաշտպաններին, հայտնվեց ինքը՝ Բեորնը։ Ոչ ոք չգիտեր, թե նա որտեղից հայտնվեց։ Նա եկավ մենակ, արջի տեսքով, այնքան կատաղած, որ սովորականից ավելի մեծ էր թվում։ Նրա մռնչոցը թմբուկների ու թնդանոթների դղրդյունից ավելի բարձր էր, նա գայլերին ու գոբլիններին շպրտեց աջ ու ձախ, ոնց որ փետուր լինեին։ Բեորնը նրանց վրա հարձակվեց թիկունքից և ճեղքեց անցավ հենց առաջապահ զորքերի միջով։ Թզուկները դեռ կռվում էին կլոր ցածրիկ բլուրի վրա։ Այստեղ Բեորնը կանգ առավ, վերցրեց թշնամու նիզակներից խոցված Տորինին և դուրս բերեց մարտի դաշտից։
Հետո վերադարձավ և կրկնապատկված կատաղությամբ հարձակվեց թշնամու վրա․ ոչ ոք չէր կարողանում նրան դիմադրել, ոչ մի զենք նրան չէր խոցում։ Նա ջնջեց Բոլգի գվարդիան, տապալեց Բոլգին և ոտքերով տրորտեց։ Սարսափը պատեց գոբլիններին, և նրանք ցաքուցրիվ սկսեցին փախչել։ Մարդիկ, էլֆերն ու թզուկները, Բեորնի օգնությունից ոգևորված, թևավորվեցին ու հետապնդեցին գոբլիններին։ Թույլ չտալով, որ նրանք ծլկեն, ոմանց լցնում էին Արագահոս գետը, մյուսներին՝ Անտառային գետի մերձակա ճահիճները։ Ճահիճներում էլ կործանվեց գոբլինների գորքի մեծ մասը, իսկ նրանք, որ կարողացել էին հասնել մինչև անտառի էլֆերի թագավորությունը, հենց այնտեղ էլ սպանվեցին կամ քշվեցին Սև Անտառ, որտեղ և կորան թավուտներում։ Հետագայում երգում էին, որ այդ օրը կործանվել է Հյուսիսի ողջ գոբլինների երեք քառորդը, և որ լեռները երկար տարիներ խաղաղություն են վայելել։
Հաղթանակն ապահովվել էր դեռևս երեկոյան, բայց երբ Բիլբոն ճամբար վերադարձավ, հետապնդումը շարունակվում էր, և հովտում մնացել էին գլխավորապես ծանր վիրավորները։
― Իսկ ո՞ւր են արծիվները,― երեկոյան հարցրեց Բիլբոն Հենդալֆին, մի քանի վերմակի տակ պառկելով։
― Ոմանք մասնակցում են հետապնդմանը, իսկ շատերը վերադարձան իրենց բները։ Նրանք չցանկացան մնալ այստեղ և լուսաբացին թռան գնացին։ Դեյնը նրանց առաջնորդին ոսկի նվիրեց և հավերժ բարեկամության երդում տվեց։
― Ափսո՜ս։ Այսինքն՝ ափսոս, որ նրանք թռել են, ես հաճույքով կուզենայի տեսնել նրանց,― քնկոտ ասաց Բիլբոն։― Գուցե ետդարձի ճանապարհին կտեսնեմ։ Իսկ ես ե՞րբ կարող եմ տուն վերադառնալ։
― Երբ ցանկանաս,― պատասխանեց Հենդալֆը։
Բայց իրականում էլի մի քանի օր անցավ, մինչև Բիլբոն կբռներ վերադարձի ճանապարհը։ Նախ Տորինին թաղեցին։ Նրան թաղեցին Սարի խորքում, և Բերդը նրա կրծքին դրեց Արկենստոնը։
― Թող քարն այստեղ մնա այնքան ժամանակ, քանի Սարը կանգուն է,― ասաց նա։― Եվ թող երջանկություն բերի նրա ժողովրդին, որ կապրի այստեղ այսուհետ․․․
Էլֆերի արքան գերեզմանի վրա թողեց Օրկրիստը՝ էլֆերի թուրը, որ խլել էին Տորինից գերության մեջ։ Երգերում ասվում է, իբրև թե երբ թշնամի էր մոտենում, թուրը մթության մեջ լույս էր տալիս, դրա համար էլ թզուկների ամրոցի վրա ոչ ոք հանկարածակի հարձակվել չէր կաորղ։ Այժմ այստեղ բնակվեց Դեյնը՝ Նեյնի որդին, և այժմ նա դարձավ սարատակի թագավոր, ու ժամանակի ընթացքում դեռ շատ թզուկներ հավաքվեցին նրա գահի շուրջը։ Տորինի տասներկու ուղեկիցներից մնացել էին տասը․ խիզախ ու հավատարիմ Ֆիլին ու Կիլին զոհվել էին՝ իրենց վահաններով ու մարմնով ծածկելով Տորինին, քանի որ նա իրենց հարազատ քեռի էր գալիս։ Այդ տասնյակը մնաց Դեյնի հետ, և Դեյնը հարստությունը խղճով տնօրինեց։
Ինքնըստինքյան հասկանալի է, խոսք անգամ լինել չէր կարող այն մասին, որ գանձերը հավասար բաժանեին․ ինչպես որոշել էին սկզբում, Բալինի, Դվալինի, Դորիի, Նորիի և Օրիի, Օյնի ու Գլոյնի, Բիֆուրի ու Բոֆուրի, Բոմբուրի ու Բիլբոյի միջև։ Բայց Բերդն ստացավ ամբողջ արծաթի և ոսկու տասնչորսերորդ մասը ձուլակտորներով ու պատրաստի իրերով։ Այդ ժամանակ Դեյնը ասաց․
― Մենք կկատարենք հանգուցյալի տված խոստումը․ չէ՞ որ նա այժմ տիրացել է իր Արկենստոնին։
Նույնիսկ տասնչորսերորդ մասը առասպելական հարստություն դուրս եկավ, ցանկացած մահկանացու թագավորի հարստությունից առավել։ Այդ բաժնից Բերդը շատ ոսկի ուղարկեց Լճաշեն քաղաքի քաղաքագլխին և առատ նվիրատվություններ արեց իր բարեկամներին ու զինակիցներին։ Էլֆերի արքային նա նվիրեց Գիրիոնի զմրուխտները, իր ամենասիրած թանկարժեք քարերը, որ նոր միայն վերադարձել էին իրեն։
Իսկ Բիլբոյին նա ասաց․
― Ոսկին ու արծաթը նույնքան քոնն են, որքան և իմը, չնայած որ նախկին պայմանագրին իր ուժը կորցրել է, չէ՞ որ շատերն են մասնակցել գանձերի նվաճմանն ու փրկությանը։ Դու հրաժարվեցիր քո բաժնի նկատմամբ ունեցած իրավունքից, սակայն ես չէի կամենա, որպեսզի իրականանային Տորինի խոսքերը, որոնց համար նա հետո զղջաց։ Եթե հիշում ես, նա ասաց, իբրև թե մենք ժլատ կլինենք։ Ես քեզ ավելի առատորեն կպարգևատրեի, քան մյուսներին։
― Դու շատ բարի ես,― պատասխանեց Բիլբոն,― բայց, ազնիվ խոսք, այսպես ինձ համար ավելի հեշտ է։ Ախր եթե ես մի բեռ ոսկի տանեմ ինձ հետ, ապա ճանապարհն առանց կռվի ու սպանության չի անցնի։ Իսկ ի՞նչ պետք է անեմ ոսկին տանը։ Ոչ, ավելի լավ է թող քո ձեռքում մնա։
Վերջ ի վերջո Բիլբոն համաձայնեց երկու ոչ մեծ արկղ վերցնել, մեկը արծաոթվ, մյուսը՝ ոսկով լցված, որաքն կարող էր տանել պոնին։
― Այսքանից գուցե մի կերպ գլուխ հանեմ,― ավելացրեց Բիլբոն։
Վերջապես հասավ բարեկամներին հրաժեշտ տալու ժամանակը։
― Մնաս բարով, Բալին,― ասաց նա։― Մնաս բարով, Դվալին, մնաք բարով, Դորի, Նորի, Օրի, Օյն, Գլոյն, Բիֆուր, Բոֆուր և Բոմբուր։ Թող որ երբեք չնոսրանան ձեր մորուքները։― Եվ, դառնալով դեպի Սարը, ավելացրեց։― Մնաս բարով, Տորին Օուքենշիլդ․․․ Մնաք բարով, Ֆիլի ու Կիլի․․․ Թող երբեք ձեր հիշատակը չմարի։
Թզուկները, որ ճանապարհում էին նրան դարպասից դուրս, մինչև գետին խոնարհվեցին, բայց հուզմունքից մի խոսք անգամ չկարողացան ասել։
― Ցտեսություն, բարի ճանապարհ, դեպի ուր էլ որ տանի այն,― վերջապես խոսեց Բալինը։― Եթե երբևէ մտքովդ անցնի այցելել մեզ, երբ մեր պալատը նորից հրաշագեղ կդառնա, ապա տես ի՜նչ խնջույք կսարքենք․․․
― Եթե դուք երբևէ անցնելու լինեք իմ տան մոտով,― ասաց Բիլբոն,― մտեք առանց դուռը թակելու։ Թեյը տրվում է ժամը չորսին, բայց համեցեք, խնդրեմ, երբ կամենաք։
Եվ նա շրջվեց։
Էլֆերի զորքը բռնեց ետդարձի ճանապարհը։