Նա չդիմացավ։ Նրա հետ կատարվեց այն, ինչ նույնիսկ Պյոտր Ստեպանովիչը վերջում սկսել էր կանխազգալ։ Տոլկաչենկոյի, իսկ հետո Էրկելի հսկողությանը հանձնարարված՝ նա հաջորդ ամբողջ օրը պառկած մնաց անկողնում, ըստ երևույթին, հնազանդ, երեսը դարձրած պատին, ոչ մի բառ չարտասանելով, համարյա չպատասխանելով, եթե խոսում էին իր հետ։ Այդպիսով, նա ոչինչ չիմացավ ամբողջ օրը քաղաքում կատարվածից։ Սակայն իրիկնադեմին, կատարվածից շատ լավ տեղյակ Տոլկաչենկոյի մտքով անցավ թողնել Պյոտր Ստեպանովիչի՝ իր վրա դրած դերը Լյամշինի կապակցությամբ և քաղաքից նահանգ գնալ, այսինքն, պարզապես փախչել, հիրավի, խելքները թռցրել էին, ինչպես նրանց բոլորի մասին գուշակել էր Էրկելը։ Ի դեպ, նշեմ, որ հենց նույն օրը Լիպուտինն էլ չքվեց քաղաքից, դեռևս կեսօրից առաջ։ Բայց այս դեպքում այնպես ստացվեց, որ նրա անհետացման մասին ղեկավարությունն իմացավ միայն հաջորդ օրը, իրիկնադեմին, երբ ուղղակի անցան նրա բացակայությունից վախեցած, բայց սարսափից լուռ մնացած ընտանիքը հարցաքննելուն։ Սակայն շարունակեմ՝ Լյամշինի մասին։ Հենց մնաց մենակ (Էրկելը՝ հույսը դրած Տոլկաչենկոյի վրա, ավելի շուտ էր գնացել իր տուն), իսկույն ևեթ դուրս վազեց տնից և, անշուշտ, շատ շուտով իմացավ իրերի դրությունը։ Անգամ տուն չմտնելով, նա նույնպես նետվեց՝ փախչելու, ուր աչքը կկտրեր։ Բայց գիշերն այնքան խավար էր, իսկ ձեռնարկածն այնքան ահավոր և դժվարագույն, որ երկու-երեք փողոց անցնելուց հետո վերադարձավ տուն ու փակվեց ամբողջ գիշեր։ Կարծեմ թե, լուսադեմին ինքնասպանության փորձ էր արել, բայց անհաջող։ Այնինչ, փակված նստեց համարյա մինչև կեսօր և հանկարծակի վազ տվեց ղեկավարության մոտ։ Ասում են, նա սողացել է ծնկաչոք, հեծկլտոցով ու ճղճղոցով, համբուրել է հատակը՝ բղավելով, թե արժանի չէ համբուրել իր դիմաց կանգնած աստիճանավորների սապոգները նույնիսկ։ Նրան հանգստացրել էին, նույնիսկ խնամել։ Ասում են, հարցաքննությունը տևել է երեք ժամ։ Նա հայտնել էր բոլոր գաղտնիքները, ամեն, ամեն ինչ՝ գիտցածը, բոլոր մանրուքները։ Առաջ էր ընկել, շտապել խոստովանել, հայտնել նույնիսկ անհարկավորը և առանց հարցերի։ Պարզվել էր, որ նա բավականաչափ գիտե և բավականին լավ էր ներկայացրել գործը. Շատովի և Կիրիլլովի ողբերգությունը, հրդեհը, Լեբյադկինների մահը և նման բաներ երկրորդական պլան մղվեցին։ Առաջին պլան եկան Պյոտր Ստեպանովիչը, գաղտնի ընկերությունը, կազմակերպությունը, ցանցը։ Այն հարցին, թե ինչի՞ համար են կատարված այսքան սպանություններ, խայտառակություններ և գարշելիություններ, նա ջերմեռանդ շտապողականությամբ պատասխանեց, «հիմքերի պարբերական սասանման համար, հասարակության և բոլոր հիմունքների պարբերական քայքայման համար, որպեսզի բոլորին վհատեցնեն և ամեն ինչ շիլաշփոթի վերածեն և այդպիսով երերված, հիվանդ ու զառամած, ցինիկ ու հավատազուրկ, սակայն որևիցե ղեկավարող մտքի և ինքնապահպանման ծարավի հասարակությունը հանկարծակի վերցնեն իրենց ձեռքը՝ բարձրացնելով խռովության դրոշը և հիմնվելով հնգյակների մի ամբողջ ցանցի վրա, որոնք այդ ընթացքում գործում էին, հավաքագրում և գործնականորեն բոլոր հնարներն ու բոլոր թույլ տեղերն օգտագործում, ինչից կարելի էր կառչել»։ Ավարտեց ասելով, որ այստեղ, մեր քաղաքում, Պյոտր Ստեպանովիչի կողմից կազմակերպվել է նման պարբերական անկարգությունների սոսկ առաջին փորձը, այսպես ասած, հետագա գործողությունների ծրագիրը՝ նույնիսկ բոլոր հնգյակների համար, և որ դա արդեն իր իսկ (Լյամշինի) միտքն է, իր կռահումը և «որ անպայման հիշեն ու այդ ամենն ի ցույց դնեն, թե ինչ աստիճանի անկեղծ և բարեմիտ է ինքը բացատրում գործը և նշանակում է, շատ կարող է պետք գալ առաջիկայում նույնիսկ՝ ղեկավարությանը ծառայելու համար»։ Հաստատական հարցին, թե շա՞տ են, արդյոք, հնգյակները, պատասխանեց, թե անհամար քանակությամբ, որ ամբողջ Ռուսաստանը պատված է ցանցով, ու թեև ապացույցներ չներկայացրեց, բայց կարծում եմ, միանգամայն անկեղծորեն պատասխանեց։ Ներկայացրեց միայն ընկերության տպագիր ծրագիրը՝ տպված արտասահմանում, և հետագա գործողությունների ծավալման համակարգի նախագիծը, թեև ձեռագիր, բայցև Պյոտր Ստեպանովիչի ձեռքով գրված։ Պարզվեց, որ «հիմքերի սասանման» մասին Լյամշինը տառացիորեն մեջբերում է այդ թղթից, չմոռանալով նույնիսկ ստորակետ ու վերջակետերը, թեև հավատացնում էր, որ դա սոսկ սեփական նկատառումն է։ Յուլիա Միխայլովնայի մասին նա զարմանալի ծիծաղելիորեն և նույնիսկ առանց հարցնելու, այլ առաջ վազելով, արտահայտվեց, թե «նա անմեղ է և որ նրան միայն հիմարացրել են»։ Սակայն նշանակալի է, որ Նիկոլայ Ստավրոգինին նա բացարձակապես պատնեշեց գաղտնի ընկերությանն ամենայն մասնակցությունից, Պյոտր Ստեպանովիչի հետ ամենայն համաձայնությունից։ (Ստավրոգինի վրա Պյոտր Ստեպանովիչի ունեցած նվիրական ու անչափ ծիծաղելի հույսերից Լյամշինը գաղափար անգամ չուներ)։ Նրա խոսքերով, Լեբյադկինների մահը կազմակերպված էր միմիայն Պյոտր Ստեպանովիչի կողմից, առանց Նիկոլայ Վսեվոլոդովիչի որևէ մասնակցության՝ նրան հանցանքի մեջ ներքաշելու և այդպիսով Պյոտր Ստեպանովիչից կախվածության մեջ մնալու խորամանկ նպատակով, սակայն երախտագիտության փոխարեն, ինչ անպայմանորեն ու թեթևամտորեն հաշվարկել էր, Պյոտր Ստեպանովիչը հարուցեց սոսկ «ազնվասիրտ» Նիկոլայ Վսեվոլոդովիչի կատարյալ զայրույթը և անգամ վհատությունը։ Ստավրոգինի մասին ավարտեց՝ դարձյալ շտապելով և առանց հարցնելու, ըստ երևույթին, դիտավորյալ ակնարկումներով, թե նա չափազանց կարևոր մեկն է, սակայն դրա մեջ ինչ-որ գաղտնիք կա, որ նա մեզ մոտ ապրել է, այսպես ասած, incognito, որ հանձնարարություններ ունի և որ շատ հնարավոր է, նորից մեզ մոտ կգա Պետերբուրգից (Լյամշինը վստահ էր, որ Ստավրոգինը Պետերբուրգում է), միայն թե միանգամայն ուրիշ տեսքով և ուրիշ հանգամանքներով և այնպիսի անձանց շքախմբով, որոնց մասին գուցեև շուտով մեզ մոտ էլ կլսեն և որ ինքն այդ ամենն իմացել է Պյոտր Ստեպանովիչից՝ «Նիկոլայ Վսեվոլոդովիչի գաղտնի թշնամուց»։
Ուշադրություն հրավիրեմ։ Երկու ամիս անց Լյամշինը խոստովանեց, որ այն ժամանակ Ստավրոգինին պատնեշել է դիտմամբ, հույս ունենալով վերջինիս հովանավորության վրա, որ Պետերբուրգում նա թեթևացում կտա իրեն՝ երկու աստիճան ձեռք բերելով, իսկ աքսորվելիս փող կտրամադրի և հանձնարարական նամակներ։ Այս խոստովանությունից երևում է, որ նա, իսկապես, խիստ չափազանցված պատկերացում ուներ Նիկոլայ Ատավրոգինի Ստավրոգինի մասին։
Նույն օրը, անշուշտ, ձերբակալեցին նաև Վիրգինսկուն, տաք ձեռի տակ՝ ամբողջ տունը նույնպես։ (Արինա Պետրովնան, նրա քույրը, մորաքույրը և նույնիսկ ուսանողուհին հիմա վաղուց արդեն ազատ են արձակված, ասում են նույնիսկ, որ Շիգալյովն էլ իբր անպայման կազատվի ամենամոտ ժամանակներս, քանի որ մեղադրյալների ոչ մի կարգին չի բռնում, ի դեպ, այդ ամենն առայժմ լոկ խոսակցություն է)։ Վիրգինսկին միանգամից և ամեն ինչ խոստովանեց։ Նա հիվանդ էր և տաքության մեջ, երբ ձերբակալեցին։ Ասում են, նա համարյա ուրախացել էր. «Սրտիցս քար ընկավ»,― իբր ասել էր նա։ Ասում են նրա մասին, թե հիմա ցուցմունքներ է տալիս շիտակությամբ, բայց նույնիսկ որոշ արժանապատվությամբ և չի հրաժարվում իր և ոչ մի «լուսավոր հույսերից», միևնույն ժամանակ նզովելով քաղաքական ճանապարհը (ի հակադրություն սոցիալականի), որով հրապուրվեց այնքան ակամա ե թեթևամտորեն՝ «համընկած հանգամանքների հողմի» պատճառով։ Սպանության կատարման ժամանակ նրա վարմունքը բացատրվում է նրա համար մեղմացուցիչ իմաստով, կարծում եմ, թե նա նույնպես կարող է հուսալ իր ճակատագրի որոշ մեղմացման խնդրում։ Համենայն դեպս, այդպես են մեզանում հաստատում։