Changes

Կարամազով եղբայրներ։ Գիրք իններորդ

Ավելացվել է 2 բայտ, 16 Հոկտեմբեր
/* I։ Պաշտոնյա Պերխոտինն իր ապագայի հիմքն է դնում */
Պյոտր Իլյիչ Պերխոտինը, որին մենք թողեցինք այն պահին, երբ նա ամբողջ ուժով բախում էր Մորոզովայի տան ամուր ու փակ դարպասը, վերջապես անշուշտ կարողացավ այնպես անել, որ բացեն դուռը։ Ֆենյան, որ այնպե՜ս վախեցել էր երկու Ժամ առաջ և դեռ չէր կարողանում պառկել ու քնել հուզմունքից ու «մտքերից», հիմա լսելով այդ կատաղի թակոցը դարպասին, նորից վախեցավ, համարյա հիստերիկայի հասնելու աստիճան. երևակայեց, թե նորից Դմիտրի Ֆյոդորովիչն է թակում (չնայած որ ինքը անձամբ տեսել էր նրա մեկնելը), որովհետև ոչ ոք չէր կարող այդպես «անզուսպ» թակել բացի նրանից։ Ֆենյան վազեց դռնապանի մոտ, որն արթնացել էր ու արդեն գնում էր դեպի դարպասը, և սկսեց աղաչել նրան, որ չբանա դուռը։ Բայց դռնապանը հարցուփորձ անելով իմացավ, թե ով է թակողը, և թե նա ուզում է Ֆեդոսյա Մարկովնային տեսնել շատ կարևոր մի գործով, ու վերջապես որոշեց ներս թողնել նրան։ Երբ Պյոտր Իլյիչը մտնում էր մեզ ծանոթ խոհանոցը, Ֆենյան «սրտի հանգստության համար» խնդրեց, որ նա դռնապանին էլ թույլ տա ներս մտնելու։ Պյոտր Իլյիչը իր հարցուփորձը սկսեց և անմիջապես իմացավ ամենակարևորը, այսինքն այն, թե Դմիտրի Ֆյոդորովիչը, երբ դուրս էր վազում Գրուշենկային փնտրելու, սանդից վերցրել էր սանդկոթը, իսկ երբ վերադարձել էր՝ սանդկոթը չկար արդեն, բայց ձեռքերն արյունոտ էին։ «Եվ արյունն էլ դեռ կաթո՜ւմ էր, ուղղակի կաթում նրա ձեռքերից, ուղղակի կաթո՜ւմ»,— բացականչում էր Ֆենյան, և պարզ է, որ այդ զարհուրելի մանրամասնությունը ինքն էր ստեղծել իր խանգարված երևակայության մեջ։ Բայց Պյոտր Իլյիչն անձամբ էր տեսել այդ արյունոտ ձեռքերը, թեև արյունը չէր կաթում դրանցից, ինքն էլ օգնել էր Միտյայի լվացվելուն, և վերջապես հարցը այն չէր, թե արյունը շուտ էր չորացել կամ ոչ, այլ այն, թե ո՞ւր էր վազել Դմիտրի Ֆյոդորովիչն այդ սանդկոթը վերցրած, այսինքն հաստատապես Ֆյոդոր Պավլովիչի մո՞տ էր վազել արդյոք, և ի՞նչ հիման վրա կարելի էր վճռականորեն եզրակացնել այդ բանը։ Պյոտր Իլյիչը մանրամասնորեն կանգ էր առնում այս կետի վրա, ու թեև հաստատապես ոչինչ չիմացավ, բայց այնուամենայնիվ հանգեց գրեթե այն համոզման, որ Դմիտրի Ֆյոդորովիչը ուրիշ ոչ մի տեղ չէր կարող գնացած լինել, այլ միայն իր հոր տունը, և որ ուրեմն այնտեղ ''մի բան'' պետք է պատահած լինի անպայման։ «Իսկ երբ նա վերադարձավ,— ավելացրեց Ֆենյան հուզախռով,— ես ամեն ինչ խոստովանեցի նրան, հետո սկսեցի հարցնել Դմիտրի Ֆյոդորովիչ, ջանիկս, ինչո՞ւ ձեր երկու ձեռքերն էլ արյունոտ են», և իբր թե Միտյան հենց ուղղակի պատասխանել է, որ դա մարդու արյուն է, և որ ինքը հենց քիչ առաջ մարդ է սպանել։ «Հենց ուղղակի էդպես ասաց, ամեն ինչ խոստովանեց ինձ էստեղ, հետո հանկարծ գժի պես դուրս վազեց։ Ես նստեցի ու սկսեցի մտածել էդ ո՞ւր վազեց հիմա գժի պես։ Կգնա Մոկրոե, մտածեցի, և էնտեղ կսպանի իմ տիրուհուն։ Վազեցի գնացի, որ աղաչեմ նրան՝ չսպանի իմ տիրուհուն, նրա տունն էի վազում, մեկ էլ Պլոտնիկովների խանութի մոտ տեսնում եմ՝ նա արդեն ճանապարհ է ընկնում և ձեռքերն էլ արդեն արյունոտ չեն»։ (Ֆենյան նկատել ու հիշել էր այդ)։ Ֆենյայի պառավ տատը, որքան որ կարող էր, հաստատեց իր թոռան բոլոր ցուցմունքները։ Մի քանի բան էլ հարցնելուց հետո Պյոտր Իլյիչն այդ տնից դուրս եկավ ավելի ևս խռովահար, քան մտնելու պահին էր։
Կարծես թե նրա համար ամենից ավելի անմիջական բանը հիմա այն էր, որ գնա ուղղակի Ֆյոդոր Պավլովիչի տունը և իմանա՝ որևէ բան չի՞ պատահել այնտեղ, և եթե այո՝ ի՞նչ է պատահել հատկապես, և անժխտելիորեն համոզվելուց հետո միայն գնալ ոստիկանապետի մոտ, ինչպես արդեն հաստատ րոշել որոշել էր Պյոտր Իլյիչը։ Բայց մութ գիշեր էր, Ֆյոդոր Պավլովիչի տան դարպասներն ամուր էին, պետք էր նորից թակել, իսկ Ֆյոդոր Պավլովիչի հետ հեռվից֊հեռու էր ծանոթ։ Հապա եթե երկար թակելուց հետո դուռը բանային և հանկարծ պարզվեր, թե ոչինչ էլ չի պատահել այնտեղ. ծաղրասեր Ֆյոդոր Պավլովիչը վաղն ևեթ անեկդոտ կդարձներ այդ բոլորը և ամբողջ քաղաքում կպատմեր, թե ինչպես Պերխոտին անունով մի անծանոթ պաշտոնյա կեսգիշերին իր դուռն էր ջարդում՝ իմանալու համար, թե արդյոք որևէ մեկր չի՞ սպանել իրեն։ Խայտառակությո՜ւն։ Իսկ Պյոտր Իլյիչն աշխարհում ամենից ավելի վախենում էր խայտառակությունից։ Եվ այնուամենայնիվ, նրան առաջ մղող զգացումն այնքան ուժեղ էր, որ նա ոտքը զայրույթով գետին խփեց ու նորից հայհոյեց ինքնիրեն, բայց անմիջապես սլացավ մի այլ ճանապարհով՝ ոչ թե Ֆյոդոր Պավչովիչի տունը, այլ տիկին Խոխլակովայի։ Եթե այդ տիկինը, մտածեց նա, պատասխանի այն հարցին, թե ի՞նքն է արդյոք Դմիտրի Ֆյոդորովիչին երեք հազար ռուբլի տվել այսօր, այսինչ ժամին, ապա ժխտական պատասխանի դեպքում իսկույն կգնա ոստիկանապետի մոտ, առանց Ֆյոդոր Պավլովիչի տունը հանդիպելու. հակառակ դեպքում ամեն ինչ կթողնի վաղվան և տուն կվերադառնա։ Այստեղ անմիջապես կարելի է պատկերացնել անշուշտ, որ երիտասարդի այդ որոշումը,— գիշերվա ժամը տասնմեկին բարձրաշխարհիկ ու բոլորովին անծանոթ մի տիկնոջ տունը գնալ, թերևս անկողնից հանել նրան՝ զարմանալի հանգամանք ունեցող մի հարց տալու համար,— խայտառակություն առաջ բերելու շատ ավելի մեծ առիթ էր ստեղծում գուցե, քան Ֆյոդոր Պավլովիչի մոտ գնալը։ Բայց երբեմն այդպես են լինում ամենաճշտասեր ու սառնարյուն մարդկանց որոշումները, մանավանդ այսպիսի դեպքերում։ Իսկ Պյոտր Իլյիչն այդ րոպեին արդեն սառնարյուն էլ չէր։ Նա հետո իր ամբողջ կյանքում հիշում էր, թե ինչպես մի անհաղթահարելի անհանգստություն, աստիճանաբար տիրելով իր էությանը, վերջապես հասել էր տանջանքի աստիճանին ու նույնիսկ հակառակ իր կամքին քշել֊տարել էր իրեն։ Իհարկե, նա համենայն դեպս ամբողջ ճանապարհին նախատում էր իրեն, որ գնում է այդ տիկնոջ մոտ, բայց «գործը կհասցնեմ, կհասցնե՜մ մինչև վերջ» կրկնում էր արդեն տասներորդ անգամ, կրճտացնելով ատամները, և իսկապես իր մտադրությունը կատարեց՝ գործը հասցրեց մինչև վերջ։
Ժամը ուղիղ տասնմեկն էր, երբ մտավ տիկին Խոխլակովայի տունը։ Բավական շուտ բացեցին նրա առաջ բակի դուռը, բայց այն հարցին, թե քնա՞ծ է արդեն տիկինը կամ դեռ չի՞ պառկել արդյոք՝ դռնապանը չկարողացավ որոշակի պատասխան տալ, միայն ասաց, թե սովորաբար պառկում է այդ ժամին։ «Գնացեք վերև, հայտնեցեք. եթե ուզեն ընդունել ձեզ՝ կընդունեն, եթե չուզեն՝ չեն ընդունի»։ Պյոտր Իլյիչը վեր բարձրացավ, բայց գործն ավելի դժվարացավ այստեղ։ Սենեկապանը չուզեց զեկուցել ու վերջապես կանչեց աղախնին։ Պյոտր Իլյիչը քաղաքավարի, բայց պնդող շեշտով խնդրեց նրան զեկուցել տիրուհուն, որ ահա եկել է Պերխոտին անունով տեղացի մի պաշտոնյա, եկել է մի հատուկ գործով, և եթե շատ կարևոր չլիներ այդ գործը, չէր էլ համարձակվի գալ. «հենց այս բառերով, հենց այս բառերով զեկուցեցեք»,— խնդրեց նա աղախնին։ Աղջիկը գնաց։ Պյոտր Իլյիչն սպասեց նախագավիթում։ Տիկին Խոխլակովան թեև չէր պառկել տակավին, բայց արդեն քաշվել էր իր ննջասենյակը։ Միտյայի այցելությունից ի վեր նա հուզախռով վիճակի մեջ էր և նախազգում էր արդեն, որ գիշերն անխուսափելի է միգրենը՝ սովորական իր գլխացավը նման դեպքերում։ Նա զարմանքով լսեց աղախնի զեկույցը, բայց ջղայնորեն հրամայեց մերժել, չնայած որ այսպիսի ուշ Ժամին անծանոթ մի «տեղացի պաշտոնյայի» անակնկալ այցելությունը արտակարգորեն գրավել էր նրա կանացի հետաքրքրությունը։ Բայց Պյոտր Իլյիչն այս անգամ ջորու նման համառեց. լսելով մերժումը, նա չափազանց հարապնդորեն խնդրեց, որ կրկին զեկուցի աղախինը և հաղորդի «հենց այս բառերով», թե ինքը «արտակարգորեն կարևոր մի գործով է եկել, և տիկինը գուցե զղջա հետո, եթե հիմա չընդունի իրեն»։ «Կարծես գլխիվայր գլորվում էի այն ժամանակ»,— պատմում էր հետագայում Պյոտր Իլյիչը։ Աղախինը զարմացած նայեց նրան և գնաց կրկին զեկուցելու։ Տիկին Խոխլակովան ապշեց, մտածեց, հարցուփորձ արեց, թե ինչ տեսք ունի այցելուն, և իմացավ, որ նա «շատ վայելուչ է հագնվել, երիտասարդ է և այնքա՜ն քաղաքավարի»։ Հարևանցիորեն նկատենք փակագծերի մեջ, որ Պյոտր Իլյիչը բավական գեղեցիկ երիտասարդ էր և ինքն էլ գիտեր այդ բանը։ Տիկին Խոխլակովան վերջապես որոշեց տեսնել այցելուին։ Արդեն իր տնային վերնազգեստն ու հողաթափերն էր հագել, բայց մի սև շալ նետեց ուսերին։ «Պաշտոնյայից» խնդրեցին, որ հյուրասենյակ մտնի, հենց այն սենյակը, ուր մի քանի ժամ առաջ ընդունել էին Միտյային։ Տիկինը հյուրասենյակ եկավ խիստ ու հարցական արտահայտությամբ, և առանց հյուրին հրավիրելու, որ նստի, ուղղակի հարցրեց. «Ի՞նչ եք ուզում»։
17
edits