Ես նստած էի գետափին, երևակայությանս մեջ նկարելով այդ տեսարանը, երբ Ջորջն ասաց, քանի որ բավականին հանգստացել եմ, գուցե դեմ չեմ լինի, ամանները լվանալ․ այսպիսով, անցյալի փառապանծ օրերից վերադառնալով դեպի գորշ, տաղտկալի ներկան՝ իր բոլոր ձախորդություններով ու մեղքերով, ես նավակ իջա և փայտի ձողիկով ու խոտի փնջով մաքրեցի թավան, վերջնականապես փայլեցնելով Ջորջի թաց վերնաշապիկով։
Մենք ուղեվորվեցինք ուղևորվեցինք դեպի Մեծ Խարտիայի կղզի և դիտեցինք քարը, որը դրաված էր մի տնակում, որի վրա, ինչպես ասում են, ստորագրվել է «Մեծ Խարտիա» անունը կրող հրովարտակը։ Թեև չեմ կարող երաշխավորել, որ իրոք դա այդտեղ է ստորագրվել, և ոչ թե, ինչպես ոմանք են պնդում, Ռաննիմիդի ափին։ Անձանբ ես հակված եմ գերադասություն տալ ավելի տարածված կղզու թեորիային։ Համենայն դեպս, եթե այն ժամանակ ես բարոններից մեկն ու մեկը լինեի, անպայման կհամոզեի իմ ընկերներին այնպիսի մի անհուսալի ուղեկցի, ինչպիսի Իոհան թագավորն էր, տանել կղզի, որտեղ նրա կողմից ամեն տեսակի անսպասելիությունների ու հնարքների համար ավելի քիչ հնարավորություն կլիներ։
Պիկնիկների հրվանդանից ոչ հեռու, Անքերվիք-Հաուզի մոտակայքում պահպանվել են մի հին վանքի ավերակները, որի մոտ, ինչպես ասում է ավանդությունը, Հենրի VIII-ը հանդիպում էր Աննա Բոլեյնի հետ։ Նրանք հանդիպում էին նաև Քենթում գտնվող Հիվեր ամրոցում և էլի ինչ-որ տեղ Սընթ-Օլբանսի մոտ։ Այն օրերին Անգլիայի բնակիչները երևի դժվարանում էին որևէ վայր գտնել, որտեղ այդ երկու անհոգ սիրահարներին չհանդիպեին։