Արդարության ատյանի վերաբերյալ ասածներիս մի քանի կետերի նկատմամբ նորին մեծությունը ցանկացավ բացատրություն ստանալ․ այդ բանը ես կարողացա շատ հեշտությամբ անել, որովհետև առաջները մի անգամ ես համարյա թե քայքայվեցի մի երկարատև դատի ընթացքում, չնայած որ բարձրագույն դատարանը որոշել էր իմ օգտին, ինչպես և՛ դատական ծախքերը։ Թագավորը հարցրեց, թե արդարը ու մեղավորը որոշելու համար ինչքա՞ն ժամանակ է պետք և ինչքա՞ն ծախս է պահանջվում։ Թե փաստաբանները կարո՞ղ են դատ սկսել մեկի դեմ բացահայտ իմանալով, որ իրենք արդարացի չեն և խախտում են ուրիշի իրավունքը։ Արդյոք չի՞ նկատված, որ քաղաքական կամ կրոնական պարտիաները որևէ ճնշում գործեն արդարության կշռի նժարի վրա։ Հիշյալ փաստաբաններն իրավագիտական ընդհանու՞ր կրթություն են ստացել, թե՞ միայն ծանոթ են գավառական, ազգային ու տեղական այլ սովորությունների։ Այդ փաստաբանները, ինչպես և դատավորները, արդյոք չե՞ն մասնակցում այնպիսի օրենքների կազմության, որոնց լուսաբանությունն ու մեկնությունը թողնված են իրենց հայեցողության։ Արդյոք նրանք միևնույն գործի առթիվ, տարբեր ժամանակներում չե՞ն արտահայտվել և՛ թեր, և՛ դեմ և քաղվածքներ արել նախընթաց գործից, որպեսզի պաշտպանեն հակառակ տեսակետ։ Դրանք աղքա՞տ կորպորացիայի անդամներ են, թե՞ հարուստ։ Իրենց կարծիքը պաշտպանելու կամ արտահայտելու համար ստանու՞մ են նրանք որևէ դրամական վարձատրություն, թե՞ ոչ։ Մասնավորապես, իբր անդամ, նրանք ընդունվու՞մ են ստորին պալատ, թե՞ ոչ։
Թագավորն այնուհետև անդրադարձավ մեր գանձարանի վարչության և ասաց, թե իր կարծիքով հիշողությունս խաբում է ինձ, որովհետև մեր տարեկան եկամուտները ես հաշվեցի հինգ թե վեց միլիոն, մինչդեռ, իր խոսքերով, մեր ծախսերը երբեմն ավելի քան կրկնակի են։ Այդ կետում նրա գրի առած նկատողությունները շատ մանրամասն էին, որովհետև, իր ասելով, նա հույս ուներ, որ մեր ելևմտական գործերի մասին ստացած տեղեկուցյունները կարող են օգտակար լինել, և չի կարող պատահել, որ իր արած հաշիվները սխալ լինեն։ Բայց քանի որ իմ բերած թվերը ճիշտ էին, ապա նրա համար մնում էր առեղծված, թե կարո՞ղ է պատահել, որ մի թագավորություն վատնի իր կարողությունն այնպես, ինչպես մի մասնավոր մարդ է անում։ Նա հարցրեց, թե ո՞վ է մեզ պարտք տալիս և որտեղի՞ց ենք վճարում մեր պարտքերը։ Նա զարմացավ, երբ ես պատմեցի մեր մեծածախս և երկարատև պատերազմների մասին։ Կամ, ասաց նա, մենք կռվարար ժողովուրդ ենք, կամ մեր հարևաններն են վատ, իսկ մեր զորապետները պետք է որ ավելի հարուստ լինեն, քան մեր թագավորները։ Նա հարցրեց, թե ի՞նչ գործ ունենք մենք մեր կղզուց դուրս, բացի առևտրից ու դաշնություններից և մեր ափերը մեր նավերով պաշտպանելուց։ Մանավանդ նա զարմացավ, երբ լսեց, որ մենք իբրև ազատասեր ժողովուրդ խաղաղ ժամանակ մնայուն, վարձկան զորք <ref>Վարձկան զորք․ ― Մնայուն զորաբանակն ու պետական պարտքը, որոնց մասին մի փոքր վերև ակնարկում է Սվիֆտն, տորիների կատաղի հարձակման առարկան էր վիգերի դեմ։ Գուլիվերի այդ զրույցը հանդիսանում է մի կծու երգիծանք անգլիական պետական կառուցվածքի վրա։ Հմմտ․ չորրորդ մասի չորրորդ գլուխը։</ref> ենք պահում։ Նրա ասելով, եթե մենք ունենք իքնավարություն, որին մասնակցում են մեր ներկայացուցիչները, ապա նա չի հասկանում՝ ումի՞ց է մեր վախը և ու՞մ դեմ ենք մենք պայքարում․ և հարցրեց իմ կարծիքը, թե արդյոք լավ չի՞ լինի, եթե ամեն մարդ ինքը պաշտպանի իր տունը, իր երեխաներին, իր ընտանիքը, քան թե այդ պաշտպանությունը հանձնի մի խումբ չնչին վարձով, պատահաբար փողոցից հավաքած սրիկաների, որոնք կարող են հարյուր անգամ ավելին ստանալ ու սրախողխող անել իրենց պաշտպանած մարդկանց։
Նա ծիծաղեց իմ ահեթեթ թվաբանության վրա (այդպես բարեհաճեց նա ասել), երբ մեր ժողովրդի թիվը ես հաշվեցի ի մի գումարելով կրոնական և քաղաքական աղանդների հետևորդների քանքկը։ Հասկանալի չէ, ասաց նա, թե ինչու՞ նրան, ով հետևում է հասարակությանն աղետ բերող կարծիքին, ստիպում են, որ փոխի իր կարծիքը և չեն թողնում, որ այն իր մեջ պահի։ Եվ եթե առաջին դեպքում պահանջը մի պետության մեջ բարբարոսություն է, ապա երկրորդ դեպքում չբռնադատելը թուլության նշան է, որովհետև մեկին կարելի է թույլ տալ, որ իր տանը ունենա թույն, բայց չի կարելի թույլ տալ, որ այդ թույնը վաճառի որպես դեղանյութ։