Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 278 բայտ, 16:03, 4 Օգոստոսի 2013
/* Գլուխ յոթերորդ */
Տպագրական արվեստ նրանք ունեն, ինչպես և չինացիները շատ հին ժամանակից սկսած։ Սակայն նրանց գրադարանները շատ էլ ընդաձակ չեն, այսպես, օրինակ՝ թագավորական գրադարանը, որ համարվում է ամենամեծը, հազար գրքից ավելի չունի և տեղավորված է հազար երկու հարյուր ոտնաչափ երկարություն ունեցող մի սրահում, որտեղից ես իրավունք ունեի վերցնելու ուզածս գիրքը։ Թագուհու հյուսնը Գլյումդալկլիչի սենյակներից մեկում հորինել էր քսանհինգ ոտնաչափ երկարություն ունեցող մի տեսակ փայտե մեքենա, որ նման էր կանգուն սանդուղքի․ աստիճաններից ամեն մեկի բարձրությունը հիսուն ոտնաչափ էր։ Սանդուղքը բաղկացած էր երկու շարժական թևից, որոնց ստորին մասերը գտնվում էին սենյակի պատից տասը ոտնաչափ հեռավորության վրա։ Իմ ուզած գիրքը կարդալու համար այն թեք կերպով դրվում էր պատի դիմաց։ Նախ և առաջ ես բարձրանում էի սանդուղքի վերին աստիճանը և երեսս դեպի պատը դարձնելով, սկսում էի կարդալ գրքի երեսի ամենաբարձր ծայրից՝ ութից տասը քայլ դեպի աջ և դեպի ձախ քայլելով, նայած տողի երկարությանը, մինչև որ հասնում էի իմ աչքի տեսողության սսահմանից ավելի ցածր գտնվող տողին․ այն ժամանակ ես աստիճանաբար իջնում էի ցած՝ մինչև երեսի վերջը․ այնուհետև կրկին բարձրանում էի վեր և նույն ձևով սկսում մյուս երեսը․ գրքի թերթերը շուռ էի տալիս երկու ձեռքով և բավական հեշտ, որովհետև նրանք խավաքարտի պես կարծր և հաստ էին, իսկ ամենամեծ ծավալ ունեցող թերթը տասնութից մինչև քսան ոտնաչափ երկարություն ուներ։
Նրանց ոճը <ref>Նրանց ոճը․․․ ― Այստեղ Սվիֆտն արտահայտում է այն պայմանները, որոնց բավարարություն պիտի տա օրինակելի արձակագրությունը և որոնց հետևում է նաև ինքը։</ref> հստակ, առնական ու հղկված, սակայն ոչ գեղազարդ, որովհետև նրանք խույս են տալիս անհարկավոր բառերի խճողումից և բազմաձև դարձվածքների գործադրությունից։ Ես նրանց գրքերից շատերը կարդացի, մանավանդ պատմական և բարոյական բովանդակություն ունեցողները։ Ի միջի այլոց ինձ մեծ բավականություն պատճառեց մի փոքրիկ , հին շարադրություն, որ միշտ կարելի էր գտնել Գլյումդակլիչի ննջարանում և պատկանում էր նրա վարժուհուն, ծանրաբարո և տարիքավոր մի տիկնոջ, որը շատ էր սիրում կարդալ բարոյականության և պաշտամունքի վերաբերյալ գրքեր։ Գրքի նյութը կազմում էր մարդկային ցեղի թուլությունը․ բացի կանանցից և ռամիկ ժողովրդից, այդ գիրքը շատ քչերն էին գնահատում։ Սակայն ես շատ հետաքրքրվում էի իմանալու, թե տեղացի հեղինակն ինչ կարող է ասել նմանօրինակ նյութի մասին։ Ու տեսա, որ այդ հեղինակը կրկնում է եվրոպական բարոյագետների սովորական խոսքերը, ցույց տալով, թե որքան չնչին, արհամարելի և անօգնական կենդանի է մարդ արարածը՝ իր ամբողջ էությամբ․ թե ո՜ր աստիճանի անկար է նա՝ պաշտպանելու իրեն օդի խստության ու վայրի գազանների կատաղության հանդեպ․ թե ինչպե՜ս կենդանիներից մեկը գերազանցում է նրան իր ուժով, մյուսը՝ իր արագությամբ, երրորդը՝ իր կանախատեսությամբ և չորրորդը իր ջանասիրությմաբ։ Նա ապացուցում է, որ աշխարհի այս վերջին անկման շրջանում բնությունն այլասերվում է և կարող է այժմ միայն արտադրել միայն չնչին վիժվածքներ՝ համեմատած այն մարդկանց հետ, որոնք ծնվում էին հին ժամանակները։ Նրա ասելով հիմք կա կարծելու, որ մարդկային ցեղի նախատիպը ոչ թե եղել է միայն ավելի խոշոր, այլև այն, որ հին ժամանակներում եղել են հսկաներ, որոնք ինչպես վկայում են պատմությունն ու ավանդուցյունը և թագավորական զանազան մասերում եղած պատահական պեղումները, ունեցել են վիթխարի ոսկորներ ու գանգեր, և որ այդ նախահայրերն իրենց մեծությամբ զգալի կերպով գերազանցում են մեր օրերի մանրացած մարդկանց։ Նա հաստատում է, որ բնության օրենքներն իսկ բացարձակ կերպով պահանջում են, որ մենք սկզբնական շրջանում ստեղծված լինենք ավելի խոշոր ու կորովի, ամեն մի չնչին դիպվածից կործանման չենթարկվող, ինչպես օրինակ՝ տանիքից ընկնող կղմինդրից, տղայի ձեռքով նետած քարից կամ փոքրիկ գետակի մեջ խեղդվելու հնարավորությունից։ Այդ մտածելակերպից հեղինակը հանում է մի շարք կենսաբանական օգտակարություն ունեցող բարոյական առբերումներ, որ չարժե այստեղ կրկնել։ Իսկ ես ակամայից անդրադարձա այն մտքին, թե որքան տարածված է այդ ընդհանուր սովորությունը՝ կարդալ բարոյականության դասեր և մանավանդ դժգոհություն հայտնել ու տրտնջալ այն պայքարից, որ մենք վարում ենք բնության դեմ։ Ես համոզված եմ, որ նման գանգատները մանրազնին քննությունից հետո, միանգամայն անհիմն պիտի երևան թե՛ մեզանում և թե այս ժողովրդի մեջ։
Ինչ վերաբերում է ռազմական գործերին, նրանք պարծենում են, որ թագավորական զորաբանակն ունի հարյուր յոթանասունվեց հազար հետևակ և երեսուներկու հազար ձիավոր, եթե դա կարելի է համարել զորք, որովհետև կազմված է զանազան քաղաքներում ապրող վաճառականներից, իսկ գյուղերում ֆերմերներից, որոնց հրամանատարները բարձր և միջին կարգի ազնվականներ են և ոչ մի վարձատրություն չեն ստանում։ Զինվորական վարժությունների մեջ նրանք շատ հմուտ են և վերին աստիճանի կարգապահ, որ ես չեմ համարում մի առանձին արժանիք․ և ինչպես կարող էր ուրիշ կերպ լինել այնտեղ, ուր ամեն մի ֆերմեր գտնվում է իր կալվածատիրոջ հրամանի տակ և ամեն մի քաղաքացի ենթարկվում է իր քաղաքի երևելի անձին, և ուր այդ հրամանատարները, ինչպես Վենետիկում, ընտրվում են քվեարկությամբ։
Ադմին, Վստահելի
1876
edits