― Իմ խե՜ղճ Ռումատա, ― ասաց Կիրան։ ― Սպասիր, ես հիմա թթվաջուր կբերեմ․․․
==Գլուխ հինգերորդ==
Դեռ բոլորովին վերջերս արկանարյան թագավորների արքունիքը Կայսրության ամենալուսավոր արքունիքներից մեկն էր։ Արքունիքն ուներ իր գիտնականները, որոնց մեծ մասը, իհարկե, արկածախնդիրներ էին, բայց կային նաև իսկական գիտնականներ, ինչպես Բագիր Կիսենացին, որն հայտնաբերել էր մոլորակի գնդաձևությունը, լեյբհեքիմ Տատան, որը հանճարեղորեն կռահել էր, թե համաճարակների պատճառը քամու և ջրի միջոցով տարածվող ու անզեն աչքին անտեսանելի որդերն են․ ալքիմիկոս Սինդան, որը բոլոր ալքիմիկոսների պես փնտրում էր կավից ոսկի ստանալու եղանակը, բայց հայտնագործեց նյութի պահպանման օրենքը։ Արկանարի արքունիքն ուներ նաև իր բանաստեղծները, որոնք հիմնականում պնակալեզներ ու շողոքորթներ էին, բայց կային նաև Պեպին Փառապանծի նմանները։ Պեպին Փառապանծը «Արշավանք դեպի հյուսիս» պատմական ողբերգության հեղինակն էր, Ցուբեն Ճշմարտասերը գրել էր ավելի քան հիսուն բալլադ ու սոնետ, որոնք ժողովուրդը երգի էր վերածել, իսկ Դուր Քերթողը գրել էր Կայսրության պատմության մեջ առաջին աշխարհիկ վեպը՝ գեղեցկուհի բարբարոսին սիրահարված արքայազնի տխուր պատմությունը։ Արքունիքում կային նաև սքանչելի դերասաններ, պարողներ և երգիչներ։ Նշանավոր նկարիչները պատերը ծածկում էին չխամրող որմնանկարներով, երևելի քանդակագործները իրենց ստեղծագործություններով զարդարում էին պալատական զբոսայգիները։ Չի կարելի ասել, թե արկանարյան թագավորները լուսավորության ջատագով էին կամ էլ արվեստասեր։ Պարզապես դա համարվում էր նույնքան վայելուչ և անհրաժեշտ, ինչպես որ առավոտյան հագնվելու արարողությունը և շքամուտքի մոտ կանգնած պերճաշուք գվարդիականները։ Արիստոկրատական հանդուրժողականությունը երբեմն նույնիսկ թույլ էր տալիս, որ գիտնականներից և բանստեղծներից ոմանք դառնան պետական ապարատի նշանավոր պնդօղակներ։ Այսպես, ընդամենը կես դար առաջ ամենագետ ալքիմիկոս Բոթսան զբաղեցնում էր անհարկիության պատճառով այսօր վերացված ընդերքի մինիստրի պաշտոնը, նա սկիզբ դրեց մի քանի հանքերի մշակմանն ու Արկանարը փառաբանեց մի շարք զարմանահրաշ ձուլվածքներով, որոնց գաղտնիքը մոռացվեց նրա մահից հետո։ Իսկ Պեպին Փառապանծը ընդհուպ մեր օրերը ղեկավարում էր պետական լուսավորությունը, մինչև որ նրա ղեկավարած պատմության և գրականության մինիստրությունը համարվեց վնասակար և ուղեղներ ապականող։
Պատահում էր, (ինչպես և հնում), որ թագավորի բթամիտ ու վավաշոտ սիրուհուն անհաճո նկարչին կամ գիտնականին վաճառում էին արտասահմանում կամ մկնդեղով թունավորում, բայց միայն դոն Ռեբան իսկականից ձեռնամուխ եղավ այդ գործին։ Թագի պահպանության մինիստրի իր ամենազոր պաշտոնում նա այնպես ամայացրեց արկանարյան մշակույթի աշխարհը, որ նույնիսկ առաջ բերեց մի քանի երևելի անձանց դժգոհությունը, որոնք հայտարարեցին, թե արքունիքը դարձել է շատ տաղկտալի և պարահանդեսների ժամանակ ոչ մի հետաքրքրիր բան չեն լսում, բացի հիմար բամբասանքից ու ասեկոսներից։
Բազիր Կիսենացին, որը մեղադրվել էր պետական հանցագործության հասնող խելագարության մեջ և զնդան էր նետվել, մեծ դժվարությամբ ազատվեց այնտեղից շնորհիվ Ռումատայի ջանքերի, և ուղարկվեց մետրոպոլիա։ Նրա աստղադիտարանը հրդեհվեց, իսկ կենդանի մնացած աշակերտները փախան ով որտեղ կարողացավ։ Լեյբհեքիմ Տատան ուրիշ հինգ լեյբհեքիմների հետ միասին հանկարծ հայտարարվեց թունավորող, որը Իրուկանի հերցոգի դրդմամբ գործում է թագավորի անձի դեմ․ չդիմանալով կտտանքներին, նա խոստովանեց իր չարագործությունները և կախաղան հանվեց Թագավորական հրապարակում։ Աշխատելով փրկել նրան՝ Ռումատան երեսուն կիլոգրամ ոսկի բաժանեց, կորցրեց չորս գործակալի (ազնվազարմ դոների, որոնք չգիտեին ինչ է կատարվում), քիչ մնաց ինքը բռնվեր, երբ դատապարտայլներին փախցնելիս վիրավորվեց, ու գործը ձախողվեց։ Դա նրա առաջին պարտությունն էր, որից հետո նա, վերջապես, հասկացավ, որ դոն Ռեբան պատահական անձ չէ։ Մեկ շաբաթ հետո իմանալով, որ մտադիր են ալքիմիկոս Սինդային մեղադրել գանձարանին փիլիսոփայական քարի գաղտնիքը չհայտնելու համար, պարտությունից կատաղած Ռումատան ալքիմիկոսի տան մոտ դարան մտավ, դեմքը ծածկելով սև փաթաթանով, զինաթափեց ալքիմիկոսի հետևից եկած գրոհայիններին, կապոտեց նրանց ու նետեց նկուղը և հենց այդ գիշեր էլ այս ամենից լրիվ անտեղյակ Սինդային հասցրեց Սոանի սահմանները, որտեղ նա, ուսերը տարակուսանքով վեր քաշելով, շարունակեց փիլիսոփայական քարի որոնումները դոն Կոնդորի հսկողությամբ։ Բանաստեղծ Պեպին Փառապանծը հանկարծ վանական ձեռնադրվեց և մեկուսավավ մի հեռավոր վանքում։ Ցուրեն Ճշմարտասերը, որը մեղադրվել էր հանցագործ երկիմաստության և ստորին խավի ճաշակներին տուրք տալու համար, զրկվել էր պատվից և ունեցվածքից, փորձում էր վիճել, և պանդոկներում հիմա կարդում էր բացահայտորեն քայքայիչ բալլադներ, երկու անգամ մահացու ծեծվել էր հայրենասեր անձնավորությունների կողմից և միայն այդքանից հետո էր լսել իր մեծ բարեկամ և գնահատող դոն Ռումատայի խորհուրդներն ու մեկնել մետրոպոլիա։ Ռումատան երբեք չի մոռանա նրան, կոնծելուց կապտաճերմակ դեմքով այդ մարդուն, չի մոռանա ինչպես էր նա կանգնել հեռացող նավի տախտակամածին, բարակ ձեռքերով բռնել էր կայմապարաններից և զրնգուն ու ջահել ձայնով գոռում էր իր հրաժեշտի սոնետը՝ «Ինչպես թոշնող մի տերև ընկնում է հոգուս․․․»։ Ինչ վերաբերում է Դուր Քերթողին, ապա դոն Ռեբայի առանձնասենյակում տեղի ունեցած զրույցից հետո նա հասկացավ, որ Արկանարի արքայազնը չէր կարող սիրել թշնամական վիժվածքին, և ինքն էլ էր գրքերը նետում Թագավորական հրապարակում վառվող խարույկի բոցերի մեջ, ու հիմա կորացած, մեռելի դեմքով, կանգնում էր պալատականների ամբոխի մեջ, դոն Ռեբայի նշանով առաջ էր գալիս ու կարդում ուլտրաարկանարյան բովանդակությամբ բանաստեղծություններ, որոնք առաջ էին բերում ունկնդիրների ձանձրույթն ու հորանջոցը։
Հիմա դերասանները բեմադրում էին միայն մի պիես՝ «Բարբարոսների կործանումը, կամ մարշալ Տոցը, Պիցա Առաջին Արկանարյան թագավորը»։ Իսկ երգիչները հիմնականում նախնտրում էին նվագախմբի հետ երգելը։ Ողջ մնացած նկարիչները ցուցափեղկեր էին ներկում։ Ասենք, մի երկու֊երեք հոգի հաջողացրել էին մնալ արքունիքում ու նկարում էին թագավորի դիմանկարները՝ դոն Ռեբայի հետ, որը ակնածանքով բռնում էր նրա արմունկը (բազմազանությունը չէր խրախուսվում)․ թագավորը պատկերվում էր քսանամյա մի երիտասարդ զենք ու զրահով, իսկ դոն Ռեբան՝ խորիմաստ դեմքով տարիքոտ տղամարդ։
Այո, ձանձրալի և տխուր էր արկանարյան արքունիքում։ Այնուամենայնիվ, իշխանները, պարապ ազնվազարմ դոները, գվարդիական սպաներն ու թեթևամիտ գեղեցկուհի դոնաները, ոմանք փառասիրությունից, մյուսները՝ սովորությամբ, երրորդները վախից, առաջվա պես ամեն առավոտ լցվում էին պալատի դահլիճները։ Անկեղծ ասած, շատերը ոչ մի փոփոխություն չէին նկատում։ Անցյալ ժամանակների համերգներում և բանաստեղծների մրցումներում նրանք ամենից շատ գնահատում էին ընդմիջումները, որոնց ընթացքում ազնվազարմ դոները քննարկում էին որսաշների արժանիքներն ու անեկդոտներ էին պատմում։ Նրանք դեռևս ընդունակ էին ոչ երկարատև բանավեճեր վարելու այլաշխահիկ էակների հատկությունների մասին, բայց մոլորակի ձևի ու համաճարակների պատճառների մասին խոսակցություններն հիմա անվայելուչ էին հնչում։ Գվարդիական սպաների մեջ որոշ վհատություն էր առաջացնում նկարիչների անհետանալը, որոնցից ոմանք վարպետորեն էին պատկերում մերկ մարմինները․․․
Ռումատան մի քիչ ուշացած եկավ պալատ։ Արդեն սկսվել էր առավոտյան ընդունելությունը։ Ժողովուրդը խմբվել էր դահլիճներում, լսվում էր թագավորի ջղագրգիռ ձայնը և հնչում էին ծիսակատարությունների մինիստրի երգեցիկ հրամանները, որոնք վերաբերում էին նորին մեծության հագնվելու արարողությանը։ Պալատականների մեծ մասը քննարկում էր գիշերվա պատահարը։ Իրուկանցու դեմքով ոմն ոճրագործ գիշերը մտել էր պալատ, սպանել էր ժամապահին և սողոսկել նորին մեծության ննջարանը, որտեղ էլ, իբր, զինաթափվել էր անձամբ դոն Ռեբայի կողմից, ձերբակալվել էր, և երբ նրան տանում էին Ուրախ Աշտարակ, հավատարմահպատակ հայրենասերների մոլեգին ամբոխը ծվեն֊ծվեն էր արել նրան։ Վերջին ամսվա ընթացքում սա արդեն վեցերորդ մահափորձն էր թագավորի անձի դեմ, ուստի և մահափորձի բուն փաստը գրեթե հետաքրքրություն չէր առաջացնում։ Քննարկվում էին միայն մանրամասները։ Ռումատան իմացավ, որ մարդասպանին տեսնելուն պես նորին մեծությունը նստել էր մահճի մեջ, իրենով ծածկելով չքնաղ դոնա Միդարային, և արտասանել էր պատմական դարձած բառերը․ «Դո՛ւրս կորի, սրիկա»»։ Մեծ մասը հավատում էր այդ պատմական բառերին, ենթադրելով, որ թագավորը մարդասպանին սպասավորի տեղ է դրել։ Ու բոլորը միահամուռ այն կարծիքին էին, որ դոն Ռեբան, ինչպես միշտ, զգոն է ու անմրցակից ձեռնամարտում։ Ռումատան նույնպես համաձայնեց այդ կարծիքին և ի պատասխան տեղնուտեղը հնարեց մի պատմություն, իբր դոն Ռեբայի վրա են հարձակվել տասներկու ավազակ, երեքին նա սպանել է միանգամից, իսկ մյուսներին փախուստի է մատնել։ Նրա պատմությունը լսեցին մեծ հետաքրքրությամբ և խրախուսանքով, որից հետո Ռումատան իբր թե պատահաբար նշեց, որ այդ պատմությունը լսել է դոն Սերայից։ Հետաքրքրության արտահայտությունը իսկույն չքացավ ներկաների դեմքից, քանզի բոլորն էլ քաջ գիտեին, որ դոն Սերան հայտնի սուտասան է և տխմար։ Դոնա Օկանայի մասին ոչ ոք չէր խոսում։ Այդ մասին կամ դեռ չգիտեին, կամ էլ ձևացնում էին, թե չգիտեն։
Աջ ու ձախ հաճոյախոսություններ նետելով ու սեղմելով տիկնանց թաթիկները՝ Ռումատան աստիճանաբար մտնում էր զուգված, անուշահոտություններով օծված և առատորեն քրտնող բազմության առաջին շարքերը։ Տոհմիկ ազնվականությունը ցածրաձայն զրուցում էր։ «Հա՜, հա՛, հենց այդ զամբիկը։ Նա ոտքերը քստքստացնում էր, բայց թող նզովյալ լինեմ, եթե հենց նույն երեկոյան չտարվեցի դոն Կեուին․․․», «․․․ Ինչ վերաբերում է ազդրերին, ազնվազարմ դոն, ապա ասեմ՝ դրանք չտեսնված են, ինչպես Ցուրենն է ասում․․․ Ը․․․ ը․․․ ը․․․ Զով փրփուրի սար․․․ ը․․․ ը․․․ ը․․․ չէ, զով փրփուրի բլուրներ․․․ Մի խոսքով, հզոր ազդրեր են․․․», «Այդ ժամանակ ես կամաց բացում եմ պատուհանը, ատամներովս պահում եմ դաշույնը և, պատկերացրեք, բարեկամս, զգում եմ, որ ճաղերը տակս ծռվում են․․․», «Ես թրի կոթով այնպես հասցրի նրա մռութին, որ գորշ շունը երկու անգամ գլուխկոնծի տվեց։ Դուք կարող եք հիանալ նրանով, տեսեք ոնց է կանգնել, կարծես դրա իրավունքն ունի․․․», «Իսկ դոն Տամեոն սիրտը թափել էր հատակի վրա, հետո էլ ոտքը սայթակել էր, ընկել ու գլխով զարկվել էր բուխարուն․․․», «Դե, ուրեմն, վանականն ասում էր նրան․ «Հապա մի պատմիր ինձ, գեղեցկուհիս, քո երազը․․․ հա՜, հա՜, հա՜, հա՜․․․»։
Շատ ցավալի կլինի, մտածում էր Ռումատան, եթե հիմա ինձ սպանեն։ Տկարամիտների այս կույտը կլինի վերջին բանը, որ ես տեսնում եմ կյանքում։ Միայն հանկարծակիությո՛ւնը։ Ինձ կփրկի միայն հանկարծակիությունը։ Ինձ ու Բուդախին։ Գտնել հարմար պահն ու հանկարծակի հարձակվել։ Անակնկալի բերել նրան, չթողնել, որ բերանը բացի, չթողնել, որ ինձ սպանի, բոլորովին պետք չէ, որ ես մեռնեմ։
Նա մոտեցավ ննջարանի դռանը և, երկու ձեռքով բռնելով թուրը ու թեթևակի ծալելով ծնկները, մոտեցավ թագավորական մահճին։ Թագավորին գուլպաներ էին հագցնում։ Արարողությունների մինիստրը, շունչը պահած, հետևում էր երկու սենեկապետների ճարպիկ ձեռքերին։ Տրորված անկողնու մոտ կանգնած էր դոն Ռեբան և կամացուկ խոսում էր գորշ թավշից զինվորական համազգեստ հագած մի նիհար ու լողլող մարդու հետ։ Դա Ցուպիկն էր՝ Արկանարի գրոհայինների առաջնորդներից մեկը, արքունական պահակապետը։ Դոն Ռեբան փորձարու պալատական էր։ Դատելով նրա դեմքից՝ խոսակցությունը գնում էր կամ զամբիկի, կամ էլ թագավորի զարմուհու առաքինի վարքի մասին․․․ Իսկ հայր Ցուպիկը, որպես զինվորական մարդ (նախկինում խանութպան), չէր կարողանում տիրապետել իր դեմքին։ Նա մռայլվում էր, շրթունքները կծում, թրի երախակալը բռնած նրա մատները մեկ սեղմվում էին, մեկ՝ բացվում, և ի վերջո նրա դեմքը ջղաձվեց, ու հայր Ցուպիկը կտրուկ շրջվեց և, խախտելով բոլոր կանոնները, դուրս եկավ ննջարանից ու մխրճվեց իր անտաշությունից ապշած պալատականների բազմության մեջ։ Դոն Ռեբան ներողամիտ ժպտալով նայեց նրա հետևից, իսկ Ռումատան, հայացքով ուղեկցելով անճոռնի կերպարանքին, մտածեց․ «Ահա ևս մեկ հանգուցյալ»։ Նրան հայտնի էին դոն Ռեբայի և գորշ ղեկավարության տարաձայնությունները։ Գորշ կապիտան Էռնեստ Ռեմի պատմությունը կրկնվելու էր։
Թագավորի գուլպաները հագցրին։ Սպասավորները, հնազանդվելով արարողությունների մինիստրի մեղմիկ հրամանին, երանավետությամբ, մատների ծայրերով սկսեցին հագցնել թագավորի կոշիկները։ Եվ հանկարծ թագավորը, քացի տալով սպասավորներին, այնպես կտրուկ շրջվեց դոն Ռեբայի կողմը, որ լիքը պարկի նմանվող նրա փորը գլորվեց մի ծնկի վրա։
― Ինձ զզվացրել են ձեր մահափորձերը, ― հիստերիկ ձայնով ճղճղաց նա։ ― Մահափո՜րձ։ Մահափո՜րձ։ Մահափո՜րձ․․․ Գիշերը ես քնել եմ ուզում և ոչ թե մարդասպանների հետ կռվել։ Ինչո՞ւ չի կարելի այնպես անել, որ մահափորձերը ցերեկը լինեն։ Դուք անպետք մինիստր եք, Ռեբա։ Եվս մի այսպիսի գիշեր, ու ես կհրամայեմ խեղդամահ անել ձեզ։ (Դոն Ռեբան խոնարհվեց՝ ձեռքը դնելով սրտին): Այդ մահափորձերից հետո գլուխ ցավում է։
Նա հանկարծ լռեց և բութ հայացքը հառեց իր փորին։ Հարմար պահ էր։ Սպասավորները իրար անցան։ Նախ պետք էր ուշադրություն հրավիրել իր վրա։ Ռումատան սպասավորի ձեռքից խլեց աջ կոշիկը, ծնկի եկավ թագավորի առաջ ու ամենայն պատկառանքով սկսեց կոշիկը մտցնել նրա ճարպոտ, մետաքսով պատված ոտքը։ Այսպիսին էր դոն Ռումատայի տոհմի հինավուրց արտոնությունը՝ սեփական ձեռքով հագցնել Կայսրության թագակիր անձանց աջ կոշիկը։ Թագավորը պղտոր հայացքով նայում էր նրան։ Հանկարծ նրա աչքերում առկայծեց հետաքրքրության կրակը։
― Ա՜, Ռումատա, ― ասաց նա։ ― Դուք դեռ կենդանի՞ եք։ Իսկ Ռեբան խոստացել էր, որ խեղդամահ կանի ձեզ։ ― Եվ հռհռաց։ ― Անպետք մինիստր է այդ Ռեբան։ Նա միայն մի բան գիտի անել՝ խոստանալ։ Խոստացավ ոչնչացնել դավադիրներին, իսկ դավադիրները շատանում են։ Ինչ֊որ գորշ ու անտաշ գռեհիկներով է լցրել պալատը․․․ Ես հիվանդ եմ, իսկ նա բոլոր լեյբհեքիմներին կախեց․․․
Ռումատան հագցրեց կոշիկը և, խոնարհվելով, երկու քայլ հետ գնաց։ Նա որսաց դոն Ռեբայի՝ իրեն ուղղված հայացքը և շտապեց դեմքին գոռոզամիտ ու բութ արտահայտություն տալ։
― Ես շատ հիվանդ եմ, ― շարունակեց թագավորը, ― ախր ամեն ինչս ցավում է։ Ես հանգստանալ եմ ուզում։ Ես վաղուց հրաժարված կլինեի այս ամենից, բայց դե դուք կկորչեք առանց ինձ, ոչխարներ․․․
Թագավորի երկրորդ կոշիկն էլ հագցրին։ Նա վեր կացավ, կանգնեց և նույն պահին էլ, դեմքը ծամածռելով, տնքաց ու բռնեց ծունկը։
― Որտե՜ղ են հեքիմները, ― դառնագին ճչաց նա։ ― Ո՞ւր է իմ բարի Տատան։ Դուք նրան կախել եք, տխմար։ Իսկ ես միայն նրա ձայնից լավ էի զգում։ Լռեք, առանց ձեր ասելու էլ գիտեմ, որ նա թունավորող էր։ Ու թքել եմ դրա վրա։ Ինչ կա որ, թող թունավորող լիներ։ Նա հե֊քիմ էր։ Հասկանո՞ւմ եք, մարդասպան։ Հեքիմը մեկին կթունավորի, մյուսին կբուժի։ Իսկ դուք միայն թունավորում եք։ Ավելի լավ կանեիք, որ հենց դուք կախվեիք։ (Դոն Ռեբան խոնարհվեց, ձեռքը դնելով սրտին, ու մնաց այդ դիրքով)։ Չէ որ բոլորին կախել եք։ Միայն ձեր սինլքորներն են մնացել։ Ու մեկ էլ տերտերները, որոնք դեղի փոխարեն սուրբ ջուր են խմեցնում ինձ․․․ Ո՞վ ինձ համար դեղ կսարքի։ Ո՞վ ոտքիս դեղ կքսի։
― Տեր իմ, ― ամբողջ ձայնով ասաց Ռումատան, ու նրան թվաց, որ պալատում մեռյալ լռություն տիրեց։ ― Բավական է դուք հրանայեք, ու Կայսրության լավագույն բժիշկը կես ժամ հետո պալատում կլինի։
Թագավորը շշմած նայում էր նրան։ Սոսկալի հանդգնություն։ Բավական էր, որ դոն Ռեբան աչքը թարթեր․․․ Ռումատան ֆիզիկապես զգաց, թե քանի սևեռուն աչքեր էին նայում իրեն․ նա հո գիտեր, թե ննջարանի առաստաղի տակ ձգվող կլոր, սև օդանցքների շարքերն ինչի համար են։ Դոն Ռեբան էլ էր հարգալից ու բարյացակամ հետաքրքրությամբ նայում նրան։
― Սա ի՞նչ է նշանակում, ― արհամարանքով տեղեկացավ թագավորը։ ― Դեհ, հրամայում եմ, հը, ո՞ւր է ձեր բժիշկը։
Ռումատան ամբողջովին լարվել էր։ Նրան թվաց, թե նետերն արդեն ծակծկում են իր թիակները։
― Տեր իմ, ― արագ ասաց նա, ― դոն Ռեբային հրամայեք ձեզ ներկայացնել նշանավոր բժիշկ Բուդախին։
Ըստ երևույթին, դոն Ռեբան, այնուամենայնիվ իրեն կորցրել էր։ Կարևորն ասվել էր, իսկ Ռումատան ողջ էր։ Թագավորն իր պղտոր աչքերը շուռ տվեց թագի պահպանության մինիստրի կողմը։
― Տեր իմ, ― շարունակեց Ռումատան, այժմ արդեն առանց շտապելու և պատշաճ խոսելակերպով։ ― Գիտենալով ձեր հիրավի անտանելի տառապանքների մասին և հիշելով թագավորների հանդեպ իմ տոհմի պարտականություննեը, ես Իրուկանից այստեղ էի հրավիրել հռչակավոր ու ամենագետ բժիշկ Բուդախին։ Դժբախտաբար, բժիշկ Բուդախի ճանապարհն ընդհատվեց։ Դոն Ռեբայի գորշ զինվորները անցյալ շաբաթ բռնել են նրան, և նրա հետագա ճակատագիրը հայտնի է միայն դոն Ռեբային։ Ես ենթադրում եմ, որ բժիշկն այստեղ ինչ֊որ տեղ է, մոտակայքում, ավելի ճիշտ՝ Ուրախ Աշտարակում, և հույս ունեմ, որ բժիշկերի հանդեպ դոն Ռեբայի արտառոց ատելությունը դեռ ողբերգական կերպով չի ազդել բժիշկ Բուդախի ճակատագրի վրա։
Ռումատան լռեց՝ շունչը պահելով։ Կարծես, ամեն ինչ գերազանց ստացվեց։ Դեհ, քեզ տեսնեմ, դոն Ռեբա։ Նա նայեց մինիստրին և ամբղջ մարմնով սարսռաց։ Թագի պահպանության մինիստրը բնավ շփոթված չէր։ Նա հայրական քնքշությամբ նայում էր Ռումատային ու օրորում գլուխը։ Ռումատան նման բան չէր սպասում։ Ախր նա հիացած է, ապշած մտածում էր Ռումատան։ Փոխարենը թագավորը իրեն պահեց ճիշտն սպասածի պես։
― Խաբեբա՜, ― գոռաց նա։ ― Կխեղդե՜մ։ Որտե՞ղ է բժիշկը։ Լռե՜լ։ Ես ձեզ եմ հարցնում՝ որտե՞ղ է բժիշկը։
Դոն Ռեբան, մեղմորեն ժպտալով առաջ եկավ։
― Ձերդ մեծություն, ― ասաց նա, ― դուք հիրավի երջանիկ թագավոր եք, քանզի այնքան շատ ունեք հավատարիմ հպատակներ, որ երբեմն նրանք խանգարում են իրար՝ ձեզ ծառայելու իրենց ձգտումով։ (Թագավորը շշմած նայեց նրան)։ Չեմ թաքցնի, ինչպես ինձ հայտնի է այն ամենը, ինչ կատարվում է ձեր տերությունում, այդպես էլ ինձ հայտնի էր նաև խանդավառ դոն Ռումատայի միտքը։ Չեմ թաքցնի, որ ես մեր գորշ զինվորներին ուղարկել էի Բուդախին ընդառաջ սոսկ այն նպատակով, որ հարգարժան պատկառազդու տարեց բժիշկին պաշտպանեմ հեռավոր ճանապարհի պատահականություններից։ Չեմ թաքցնի և այն, որ իրուկանցի Բուդախին չէի շտապում ներկայացնել ձերդ մեծությանը․․․
― Ւնչպե՞ս եք հանդգնել, ― կշտամբանքով հարցրեց թագավորը։
― Ձերդ մեծություն, դոն Ռումատան երիտասարդ է և նույնքան անփորձ է քաղաքականության մեջ, որքան որ փորձառու է ազնիվ գոտեմարտում։ Նա նույնիսկ չի էլ պատկերացնում, թե ինչպիսի ստորության է ունակ Իրուկանի հերցոգը ձերդ մեծության հանդեպ տածած մոլի ատելությունից։ Բայց մենք ձեզ հետ միասին գիտենք, ճի՞շտ է, տեր իմ։ (Թագավորը գլխով արեց)։ Ոստի ես հարկ համարեցի նախապես մի փոքր հետաքննություն կատարել։ Ես չէի կամենում շտապել, բայց եթե դուք, ձերդ մեծություն (ցածր խոնարհվում է թագավորին), և դոն Ռումատան (գլխով է անում Ռումատային) այդպես եք պնդում, ապա հենց այսօր ճաշից հետո բժիշկ Բուդախը, ձերդ մեծություն, կկանգնի ձեր առաջ, որ սկսի ձեր բուժումը։
― Իսկ դուք հիմար չեք, դոն Ռեբա, ― ասաց թագավորը մի քիչ մտածելուց հետո։ ― Հետաքննությունը լավ բան է։ Դա երբեք չի խանգարում։ Անիծյալ Իրուկանցի․․․ Նա ճչաց և նորից բռնեց ծունկը։ ― Անիծյալ ոտք։ Այսպես, ուրեմն, ճաշից հետո կսպասենք։ Կսպասե՜նք։
Եվ թագավորը, հենվելով արարողությունների մինիստրի ուսին, ապշահար Ռումատայի կողքով դանդաղ քայլեց դեպի գահադահլիճ։ Երբ նա մտավ ճանապարհ բացող պալատականների բազմության մեջ, դոն Ռեբան բայրացակամ ժպտաց Ռումատային ու հարցրեց․
― Այսօր երեկոյան դուք, կարծեմ, հերթապահում եք արքայազնի ննջարանում։ Ես չե՞մ սխալվում։
Ռումատան լուռ խոնարհվեց։
Ռումատան աննպատակ թափառում էր պալատի մութ ու խոնավ, ամոնիակի և բորբոսի հոտով բռնված անվերջանալի միջանցքներով ու անցնում էր պերճաշուք, գորգապատ սենյակների, նեղ, ճաղավոր պատուհաններով փոշոտ աշխատասենյակների մոտով, որոնք լիքը լցված էին հնամաշ կահույքով։ Այդտեղ գրեթե մարդ չկար։ Պալատականներից շատ քչերն էին սիրտ անում գալ պալատի հետնամասի այս լաբիրինթոսը, որտեղ թագավորական հարկաբաժինները աննկատելիորեն վեր էին ածվում թագի պահպանության մինիստրության գրասենյակների։ Այստեղ շատ հեշտությամբ կարելի էր մոլորվել։ Բոլորը հիշում էին այն դեպքը, երբ գվարդիական պարեկը շրջելով պալատում ըստ պարագծի, վախեցել էր, լսելով աղեկտուր վայնասունը մի մարդու, որը հրակնատի ճաղերի արանքից դուրս էր հանել քերծված ձեռքերն ու գոռում էր․ «Փրկե՜ք ինձ։ Ես կամերյունկեր եմ։ Ես մոլորվել եմ, չեմ կարողանում այստեղից դուրս գալ։ Երկու օր բերանս բան չեմ դրել։ Հանեք ինձ այստեղից»։ (Ֆինանսների մինիստրն ու արքունիքի մինիստրը տասը օր եռանդուն գրագրություն էին ծավալել, որից հետո վճռեցին, այնուամենայնիվ, ջարդել ճաղերը, ու այդ տասը օրվա ընթացքում տարաբախտ կամերյունկերին կերակրում էին հացով ու մսով, դրանք մատուցելով սվինի ծայրին ամրացրած)։ Բացի այդ, այստեղ վտանգավոր էր։ Նեղ միջանցքներում իրար հետ բախումներ էին ունենում թագավորին պահպանող հարբած գվարդիականներն ու մինիստրությունը պահպանող գրոհայինները։ Նրանք կատաղի գոտեմարտեր էին սարքում, իսկ երբ գոհանում էին կռվելուց, բաժանվում էին նաև սպանվածները։ Երկու հարյուրամյակի ընթացքում նրանք պատկառելի թիվ էին կազմում պալատում։
Պատի մեջ եղած խորշից դուրս եկավ կացինը պատրաստ պահած գրոհային ժամապահը։
― Չի թույլատրվում, ― մռայլ ասաց նա։
― Դու ի՞նչ ես հասկանում, տխմար, ― անփույթ նետեց Ռումատան, ձեռքով մի կողմ հրելով նրան։
Նա լսեց, չնչպես է գրոհայինն անվճռական դոփդոփում տեղում, ու հանկարծ մտածեց, որ վիրավորական բառերն ու անփույթ շարժումները իր մոտ արդեն բնազդորեն են ստացվում, որ ինքն արդեն ազնվատոհմիկ լկտի չի խաղում, այլ ինչ որ չափով դարձել է այդպիսին։ Նա իրեն այդպիսին պատկերացրեց Երկրում և իսկույն նողկանք զգաց ու ամոթ։ Ինչո՞ւ։ Ի՞նչ է պատահել ինձ։ Ո՞ւր անհետացավ մանկուց ներշնչված և փայփայված հարգանքն ու վստահությունը յուր նմանի՝ մարդու նկատմամբ, այն հրաշալի էակի նլատմամբ, որ «մարդ» է կոչվում։ Իսկ ինձ երևի էլ ոչինչ չի օգնի, սարսափահար մտածեց նա։ Չէ՞ որ ես իսկապես ատում ու արհամարում եմ նրանց․․․ Չեմ խղճում, ո՛չ, ատո՛ւմ եմ և արհամարո՛ւմ։ Ես կարող եմ ամեն կերպ արդարացնել այս երիտասարդի բթությունն ու գազանությունը, որի մոտով հենց նոր անցա՝ սոցիալական պայմաններ, սոսկալի դաստիարակություն և էլի շատ բաներ։ Բայց հիմա շատ հստակ տեսնում եմ, որ նա իմ թշնամին է, թշնամին այն բոլորի, ում ես սիրում եմ, իմ բարեկամների թշնամին, այն ամենի թշնամին, ինչն իմ համար սուրբ սրբոց է։ Եվ ես նրան տեսականորեն չեմ ատում, որպես «տիպիկ ներկայացուցչի», այլ ատում եմ հենց նրան, նրա իսկ անձը։ Ատում եմ նրա փսլնքոտ մռութը, նրա անլվա մարմնի գորշ հոտը, նրա կույր հավատը, նրա չարությունը այն ամենի հանդեպ, ինչը դուրս է գալիս սեռական կարիքների ու հարբելու շրջանակից։ Այ, նա դոփդոփում է տեղում, այդ տհասը, որին դեռ մի կես տարի առաջ հաստափոր հայրիկը դնգսում էր, իզուր ճգնելով սովորեցնել հնացած ալյուր ու շաքարակալած մուրաբաներ ծախելը, հիմա կանգնել ու փնչացնում է, անուղեղ դմբոն, տանջվում է, որ հիշի անգիր արած կանոնադրությունում ինչ է գրված․ պետք է կացնո՞վ սպանել ազնվազարմ դոնին, թե «օգնության» կանչել, կամ էլ պարզապես չտեսնելու տեղ դնել, մեկ է՝ ոչ ոք չի իմանա։ Ու նս հիմա այդպես էլ կանի, կվերադառնա պատի իր խորշը, ռեխը կխոթի ծամոնն ու փսլինքը շաղ տալով կսկսի չփչփացնել։ Նա ոչ մի բան չի ուզում իմանալ, ու ոչ մի բանի մասին էլ չի ուզում մտածել։ Մտածե՞լ։ Իսկ նրանից ինչո՞վ է լավ մեր արծիվը՝ դոն Ռեբան։ Հա՜, նրա հոգեբանությունը, իհարկե, ավելի խճճված է, ու ռեֆլեկսներն էլ անհամեմատ բարդ են, բայց մտքերը նման են այս պալատի ամոնիակի հոտով բռնված ու ոճիրներով դրոշմված լաբիրինթոսներին, իսկ ինքն էլ անասելիորեն նողկալի է, զազրելի ոճրագործ է ու անամոթ սարդ։ Ես այստեղ եմ եկել մարդկանց սիրելու համար, եկել եմ օգնելու նրանց, որ մեջքները շտկեն և երկնքին նայեն։ Ո՛չ, ես վատ հետախույզ եմ, մտածեց նա ափսոսանքով։ Ես վատ պատմաբան եմ։ Ու այդ ե՞րբ հասցրի խրվել ճահճուտի մեջ, որի մասին ասում է դոն Կոնդորը։ Մի՞թե աստված կարող է որևէ այլ զգացմունք ունենալ, բացի խղճահարությունից ու գթասրտությունից։
Հետևում լսվեց սապոգների հապշտապ դխկդխկոցը «դխկ֊դխկ֊դխկ»։ Ռումատան շրջվեց ու ձեռքերը խաչաձև դրեց թրերի վրա։ Նրա կողմն էր վազում դաշույնը ձեռքում պահած դոն Ռիպատը։
― Դոն Ռումատա՜․․․ Դոն Ռումատա՜․․․ ― դեռ հեռվից գոռաց նա խռպոտ շշնջոցով։
Ռումատան ձեռքերը հեռացրեց թրերից։ Մոտենալով նրան, դոն Ռիպատը նայեց շուրջը և հազիվ լսելի փսփսաց ականջին։
― Արդեն մի ժամ է ձեզ եմ փնտրում։ Վագա Անիվը պալատում է։ Մանուշակագույն սենյակում խոսում է դոն Ռեբայի հետ։
Մի պահ Ռումատան նույնիսկ աչքերը փակեց։ Հետո, զգուշորեն հեռանալով նրանից, հարգալից զարմանքով ասաց․
― Դուք նկատի ունեք հռչակավոր ավազակի՞ն։ Բայց չէ որ նա կամ կախված է, կամ էլ միայն առասպել է։
Լեյտենանտը լիզեղ չորացած շրթունքները։
― Նա գոյություն ունի։ Եվ հիմա պալատում է։ Ես կարծում էի, որ դա կհետաքրքրի ձեզ։
― Սիրելի դոն Ռիպատ, ― պատկառազդու ասաց Ռումատան, ― ինձ հետաքրքրում են լուրերը։ Բամբասանքները։ Անեկդոտները․․․ Կյանքը շատ է տաղկտկալի։ Դուք, հավանաբար, ինձ ճիշտ չեք հասկացել (լեյտենանտը նրան էր նայում խելացնոր աչքերով)։ Հապա ինքներդ դատեք, ինչո՞ւ պիտի ես հետաքրքրվեմ դոն Ռեբայի կեղտոտ կապերով։ Եվ հետո, կներեք ինձ, ես շտապում եմ։ Ինձ կին է սպասում․․․
Դոն Ռիպատը նորից լիզեց շրթունքները, անշնորհք կերպով խոնարհվեց ու կողքանց հեռացավ։ Ռումատայի գլխում հանկարծ մի հրաշալի միտք ծագեց։
― Ի դեպ, բարեկամս, ― բարեհոգաբար ձայն տվեց նա։ ― Ինչպե՞ս ձեզ դուր եկավ այն փոքրիկ միջադեպը, որ այսօր առավոտյան ունեցանք դոն Ռեբայի հետ։
Դոն Ռիպատը պատրաստակամ կանգ առավ։
― Մենք շատ գոհ ենք, ― ասաց նա։
― Շատ լավ ստացվեց, չէ՞։
― Հոյակա՜պ։ Գորշ սպայությունը շատ ուրախ է, որ դուք վերջապես բացահայտորեն անցաք մեր կողմը։ Ձեզ նման խելոք մարդը, դոն Ռումատա, ո՞նց է նստում, վեր կենում բարոնների ու ազնվազարմ տականքների հետ․․․
― Իմ թանկագին Ռիպատ, ― գոռոզամտորեն ասաց Ռումատան, շրջվելով, որ գնա։ ― Դուք մոռանում եք, որ իմ ծագման բարձրունքից ոչ մի տարբերություն չի երևում նույնիսկ թագավորի ու ձեր միջև։ Ցտեսություն։
Նա լայն քայլերով անցավ միջանցքներով, վստահորեն թեքվելով հատող անցումներով ու անխոս մի կողմ հրելով ժամապահներին։ Նա չէր էլ պատկերացնում, թե ինչ է մտադիր անել, բայց հասկանում էր, որ դա մի հազվադեպ ու զարմանալի հաջողություն է։ Նա պետք է լսեր երկու սարդերի խոսակցությունը։ Հո իզուր չէ, որ դոն Ռեբան կենդանի Վագայի համար տասնչորս անգամ շատ գլխագին է դրել, քան մեռած Վագայի․․․
Մանուշակագույն վարագույրների հետևից նրա դեմը կտրեցին մերկ դաշյուններով զինված երկու գորշ լեյտենանտ։
― Բարև բարեկամներ, ― ասաց Ռումատան, կանգնելով նրանց արանքում։ ― Մինիստրը տեղո՞ւմ է։
― Մինիստրը զբաղված է, դոն Ռումատա, ― պատասխանեց լեյտենանտներից մեկը։
Ես կսպասեմ, ― ասաց Ռումատան ու մտավ վարագույրի հետևը։
Այստեղ անթափանց խավար էր։ Ռումատան շոշափելով առաջ էր գնում բազկաթոռների, սեղանների, թուջե աշտանակների արանքով։ Մի քանի անգամ նա որոշակիորեն զգում էր ինչ֊որ մեկի ֆսֆսոցն իր ականջի տակ, և սխտորի ու գարեջրի թունդ հոտը խփում էր նրա քթին։ Հետո նա տեսավ լույսի աղոտ շերտը, լսեց պատվարժան Վագայի ծանոթ, խուլ տենորը ու կանգ առավ։ Նույն ակնթարթին էլ նիզակի սայրը կպավ նրա թիակների արանքին․ «Կամաց, ապուշ, ― ջղայնացած, բայց ցածր ասաց նա։ ― Ես եմ, դոն Ռումատան»։ Նիզակը հետ գնաց։ Ռումատան բազկաթոռը մոտ քաշեց լույսի շերտին, նստեց, ոտքերը մեկնեց ու այնպես հորանջեց, որ լսելի լինի։ Հետո սկսեց նայել։
Սարդերը հանդիպեցին։ Դոն Ռեբան նստել էր լարված դիրքով, արմունկները դրել էր սեղանին, ու մատները իրար հյուսել։ Նրա աջ կողմի թղթերի վրա դրված էր փայտե կոթով ծանր նետադանակը։ Հարգարժան Վագան նստած էր բազմոցին, մեջքով դեպի Ռումատան։ Նա նման էր տարօրինակ ու ցանցառ իշխանի, որ վերջին երեսուն տարվա ընթացքում ոչ մի անգամ դուրս չէր եկել իր դղյակից։
Ռումատան ապշահար լսում էր նրանց անհասկանալի բարբաջանքը։ Վագայի դեմքի վրա տեսավ փարթամ բեղեր ու սրածայր, ճերմակ մորուք։ Իսկը անցայլ ռեգենտության ժամանակների պալատական։
― Հաճելի էր ձեզ հետ զրուցելը, ― ասաց Վագան, տեղից վեր կենալով։
Դոն Ռեբան նույնպես վեր կացավ։
Ձեզ հետ զրուցելն ինձ մեծ բավականություն պատճառեց, ― ասաց նա։ ― Ես առաջին անգամ եմ տեսնում այնպիսի խիզախ մարդու, ինչպիսին դուք եք, հարգարժան․․․
― Ես նույնպես, ― ձանձրացող ձայնով ասաց Վագան։ ― Ես նույնպես ապշում եմ ու հպարտանում մեր թագավորության առաջին մինիստրի խիզախությամբ։
Նա կռնակը դարձրեց դոն Ռեբային ու քայլեց դեպի դուռը, հենվելով իր գավազանին։ Դոն Ռեբան, մտախոհ հայացքը չկտրելով նրանից, մատները ցրված դրեց դանակի կոթին։ Հենց այդ ժամանակ էլ Ռումատայի հետևում ինչ֊որ մեկը սոսկալի շնչեց, ու երկար, դարչնագույն լսափողը նրա ականջի մոտով ձգվեց դեպի վարագույրների արանքը։ Դոն Ռեբան մի վարկյան կանգնեց, ասես ունկնդրելով ձայներին, հետո նստեց, դուրս քաշեց սեղանի դարակը, մի կույտ թուղթ հանեց այնտեղից ու խորասուզված սկսեց կարդալ։ Ամեն ինչ պարզ էր։ Սարդերը իրար հետ լեզու գտան։ Ռումատան վեր կացավ ու, ինչ֊որ մեկի ոտքերը տրորելով, դուրս եկավ մանուշակագույն սենյակից։
Թագավորը ճաշում էր վիթխարի, լուսավոր դահլիճում։ Երեսուն մետրանոց դահլիճում սեղան էին նստում հարյուր հոգի՝ ինքը թագավորը, դոն Ռեբան, թագավորի արյունակիցները (երկու տասնյակ շատակերներ ու կոնծաբաններ), արքունիքի ու արարողությունների մինիստրները, տոհմիկ արիստոկրատներ, որոնք ավանդաբար հրավիրվում էին (այդ թվում և Ռումատան), մի դյուժին ժամանած բարոններ՝ իրենց պնդաճակատ բարոնետներով, և սեղանի ամենածայրում՝ ամեն տեսակ արիստոկրատական թափթփուկ, որն ինչ ասես անում էր թագավորական սեղանին հրավիրվելու համար։ Հրավիրատոմսերն ու բազկաթոռների համարները տալիս այս վերջիններին նաև զգուշացնում էին․ «Անշարժ կնստեք, թագավորը չի սիրում, որ նստած տեղը շուռումուռ են գալիս։ Ձեռքներդ սեղանի վրա կդնեք, թագավորը չի սիում, որ ձեռքները սեղանի տակ են պահում։ Աչքներդ չորս կողմ չգցեք, թագավորը չի սիրում, որ նայում են իրենց շուրջը։ Յուրաքանչյուր այսպիսի ճաշկերույթի ժամանակ ուտում էին վիթխարի քանակությամբ համադամ խորտիկներ, խմում էին հինավուրց գինիներ, ջարդում և փչացնում էին նշանավոր էստորյան ճենապակյա ամանեղենը։ Թագավորին տված իր զեկույցներից մեկում ֆինանսների մինիստրը պարծեցել էր, որ նորին մեծության մեկ ճաշկերւյթը արժե այնքան, որքան Սոանի գիտությունների ակադրմիայի կիսամյա ծախքը։
Սպասելով, թե արարողությունների մինիստրը երբ պետք է շեփորների նվագի տակ երեք անգամ հայտարարի՝ «Սեղան նստեք», Ռումատան կանգնել էր պալատականների խմբի մեջ ու արդեն տասներորդ անգամ լսում էր դոն Տամեոյի պատմությունը մի թագավորական ճաշկերույթի մասին, որին ինքը՝ դոն Տամեոն, պատիվ էր ունեցել մասնակցելու կես տարի առաջ։
― ․․․Ես գտնում եմ իմ բազկաթոռը, մենք կանգնում ենք, ներս է մտնում թագավորը, նստում է, մենք էլ ենք նստում։ Ճաշկերույթը սկսվում է։ Ու հանկարծ, պատկերացրեք, թանկագին դոներ, ես զգում եմ, որ տակս թաց է․․․ Թա՜ց է․․․ Ոչ կարող եմ շրջվել, ոչ նստածս տեղը շարժվել, ոչ էլ ձեռքով տակս շոշափել չեմ համարձակվում։ Սակայն մի հարմար պահ գտնելով, այնուամենայնիվ, ձեռքս մտցնում եմ տակս, ու ի՞նչ։ Իսկապես թաց է։ Հոտ եմ քաշում մատներիցս՝ ոչ մի հոտ չկա։ Այ քեզ անեծք։ Մինչդեռ ճաշկերույթը վերջանում է, բոլորը վեր են կենում, իսկ ես, պատկերացնում եք, ազնվազարմ դոներ, սարսափում եմ տեղիցս
շարժվեմ․․․ Ես տեսնում եմ, որ իմ կողմն է գալիս թագավորը, հա՛, թագավորը, բայց դարձյալ տեղիցս չեմ վեր կենում, ոնց որ գեղացի բարոն, որը չգիտի պալատի վարվելակերպը։ Նորին մեծությունը մոտենում է ինձ, ողորմածաբար ժպտում է ու ձեռքը դնում ուսիս․ «Իմ թանկագին դոն Տամեո, ― ասում է նա, ― ի՞նչ է պատահել ձեզ։ Հո շատ չե՞ք կերել»։ ― «Ձեռդ մեծություն, ― ասում եմ, ― հրամայեք գլուխս կտրեն, բայց դե իմ տակը թաց է»։ Նորին մեծությունը բարեհաճում է ծիծաղել ու ինձ հրամայում է վեր կենալ։ Ես վեր եմ կենում և ի՞նչ։ Բոլորը հռհռում են։ Ազնվազարմ դոներ, ամբողջ երեկոյի ընթացքում ես նստած եմ եղել ռոմով թխված կարակնդակի վրա։ Նորին մեծությունը շա՜տ ծիծաղեց։ «Ռեբա՜, Ռեբա՜, ― վերջապես ասաց նա, ― ձեր արածը կլինի։ Բարի եղեք մաքրել ազնվազարմ դոնին, դուք մնդռել եք նրա հետևը»։ Դոն Ռեբան հռհռալով հանում է իր դաշույնն ու սկսում է դրանով մաքրել տաբատիս կպած խմորեղենը։ Դուք պատկերացնո՞ւմ եք իմ վիճակը, ազնիվ դոներ։ Չեմ թաքցնի, ես ամբողջ մարմնով դողում էի այն մտքից, որ բոլորի մոտ ստոր վիճակի մեջ ընկած դոն Ռեբան իր վրեժը կհանի ինձանից։ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ։ Հավատացնում եմ ձեզ, ազնվազարմ դոներ, դա իմ կյանքի ամենաերջանիկ տպավորությունն է։ Թագավորը ինչպե՜ս էր ծիծաղում։ Ինչքա՜ն գոհ էր նորին մեծությունը։
Պալատականները հռհռում էին։ Ի դեպ, նման կատակները սովորական բան էին թագավորական ճաշկերույթի ժամանակ։ Հրավիրվածներին նստեցնում էին պաշտետի վրա, սղոցված ոտքով բազկաթոռներին, սագի ձվի վրա։ Նստեցնում էին նաև թունավոր ասեղների վրա։ Թագավորը սիրում էր, երբ իրեն զվարճացնում էին։ Ռումատան հանկարծ մտածեց․ հետաքրքիր է, ես ինչպե՞ս կվարվեի, եթե այս ապուշի վիճակում լինեի։ Վախենամ, որ թագավորը ստիպված պիտի լիներ իր համար մի նոր թագի պահպանության մինիստր գտնել, իսկ Ինստիտուտն էլ ստիպված պիտի լիներ ուրիշ մարդ ուղարկել Արկանար։ Մի խոսքով, պետք է զգոն լինել։ ․․․Ոնց որ մեր արծիվ դոն Ռեբան։
Հնչեցին շեփորները, երգեցիկ գոռաց արարողությունների մինիստրը, փոքր ինչ կաղալով ներս մտավ թագավորը, բոլորը նստեցին իրենց տեղերը։ Դահլիճի անկյուններում, հենվելով իրենց երկկոթանի սրերին, անշարժ կանգնել էին հերթապահ գվարդիականները։ Ռումատային լուռումունջ հարևաններ բաժին ընկան։ Աջ կողմի բազկաթոռը զբաղեցրել էր մռայլ որկրամոլ դոն Պիֆայի՝ հանրահայտ գեղեցկուհու ամուսնու ցնցվող մարմինը։ Ձախ կողմում Դուր Քերթողը անիմաստ հայացքը գցել էր դատարկ ափսեներին։ Հուրերը պապանձվեցին՝ նայելով թագավորին։ Թագավորը մոխրագույն անձեռոցիքը մտցրեց օձիքի տակ, մի հայացք գցեց ուտեստներին ու թափով վերցրեց հավի ոտքը։ Հազիվ էր ատամները խրել մսի մեջ, երբ հարյուր դանակ ու պատառաքաղ իջան ափսեների վրա, և հարյուր ձեռք մեկնվեցին դեպի ուտեստները։ Դահլիճը լցվեց չլմփոցով ու կրճտոցով, կլկլաց գինին։ Երկկոթանի թրերով գվարդիականների բեղերն ագահությունից տնկվեցին։ Մի ժամանակ Ռումատան սրտխառնոց էր զգում այս ճաշկերույթների ժամանակ։ Հիմա արդեն վարժվել էր։
Դաշույնով կտրատելով ոչխարի թիակը՝ նա հայացք նետեց աջ կողմը ու իսկույն էլ շրջեց գլուխը․ Դոն Պիֆան խոնարհվել էր խորոված վարազի վրա ու աշխատում էր հողափոր գործիքի պես։ Նրանից հետո ոչ մի ոսկոր չէր մնում։ Ռումատան շունչը պահեց ու միանգամից դատարկեց իրուկանյան գինով լցված բաժակը։ Հետո նայեց ձախ կողմը։ Դուր Քերթողը, անտարբեր, գթալով քչփորում էր սալաթով լի ափսեն։
― Ի՞նչ նոր բան եք գրում, հայր Դուր, ― կամացուկ հարցրեց Ռումատան։
Դուրը ցնցվեց։
― Գրե՞լ․․․ Ե՞ս․․․ Չգիտեմ․․․ Շատ բան․․․
― Բանաստեղծություննե՞ր։
― Այո․․․ Բանաստեղծություններ։
― Ձեր բանաստեղծությունները գարշելի բան են, հայր Դուր (Դուրը մի տեսակ տարօրինակ նայեց նրան)։ Այո, այո, դուք բանաստեղծ չեք։
― Բանաստեղծ չեմ․․․ Երբեմն մտածում եմ, թե ո՞վ եմ ես։ Ու ինչի՞ց եմ վախենում։ Չգիտեմ։
― Նայեք ձեր ափսեին ու շարունակեք ուտել։ Ես ձեզ կասեմ, թե դուք ով եք։ Դուք հանճարեղ բանաստեղծ եք, գրականության մեջ ամենանոր և ամենաարգասավոր ուղին հայտնագործողը։ (Դուրի այտերը դանդաղ շառագունեցին): Հարյուր տարի հետո, իսկ գուցե ավելի շուտ, տասնյակ քերթողներ կգնան ձեր հետքերով։
― Աստված հասնի նրանց, ― դուրս պրծավ Դուրի շուրթերից։
― Հիմա ես քեզ կասեմ, թե դու ինչից ես վախենում։
― Ես խավարից եմ վախենում։
― Մթությունի՞ց։
― Մթությունից նույնպես։ Մթության մեջ մենք ուրվականների իշխանության տակ ենք։ Բայց ավելի շատ վախենում եմ խավարից, որովհետև խավարի մեջ բոլորը միանման գորշ են դառնում։
― Հոյակապ ասացիկ, հայր Դուր։ Ի միջի այլոց, ձեր հատորյկը դեռ կարելի՞ է ճարել։
― Չգիտեմ․․․ Եվ չեմ էլ ուզում իմանալ։
― Համենայն դեպս իմացեք, մեկ օրինակը գտնվում է մայր երկրում, կայսեր գրադարանում։ Մյուսը գտնվում է Սոանի Հազվագյուտ իրերի թանգարանում։ Երրորդն ինձ մոտ է։
Դուրը դողդոջուն ձեռքով մի գդալ դոնդող լցրեց իր ափսեն։
― Ես․․․ չգիտեմ․․․ ― Նա իր խոշոր, փոս ընկած աչքերով վշտահար նայեց Ռումատային։ ― Ես կուզեի կարդալ․․․ նորից կարդալ․․․
― Հաճույքով կտամ ձեզ։
― Իսկ հետո՞։
― Հետո դուք կվերադարձնեք ինձ։
― Իսկ հետո ձեզ կվերադարձնեմ, ― կտրուկ ասաց Դուրը։
Ռումատան օրորեց գլուխը։
― Դոն Ռեբան ձեզ շատ է վախեցրել, հայր Դուր։
― Վախեցրե՜լ․․․ Դուք երբևիցե ստիպված եղե՞լ եք ողջակիզել ձեր սեփական զավակներին։ Ի՞նչ գիտեք դուք վախի մասին, ազնիվ դոն․․․
― Ես գլուխս խոնարհում եմ ձեր կրած սարափների առաջ։ Սակայն ամբողջ հոգով դատապարտում եմ ձեզ, որ հանձնվեցիք։
Հանկարծ Դուր Քերթողը սկսեց այնպես ցածր շշնջալ, որ Ռումատան դժվարությամբ էր լսում նրան ուտողների ճպճպոցի և աղմուկի մեջ։
― Իսկ ձեր ինչի՞ն է պետք դա։ Ի՞նչ բան է ճշմարտությունը․․․ Խաար իշխանը իրոք սիրում էր գեղեցկուհի պղնձամորթ Յայինեվնիվորային։ Նրանք երեխաներ ունեին։ Ես ճանաչում եմ նրանց թոռանը։ Նրանք իրոք թունավորվեցին․․․ Բայց ինձ բացատրեցին, որ դա սուտ է։ Ինձ բացատրեցին, որ ճշմարտությունն այն է, ինչ հիմա հաճո է թագավորին․․․ Մնացածը կեղծիք է, խաբեություն ու հանցագործություն։ Ամբողջ կյանքումս ես սուտ եմ գրել․․․ Եվ միայն հիմա եմ ճշմարտությունը գրում․․․
Նա հանկարծ վեր կացավ ու բարձր ու ծոր տալով արտասանեց․
Մեծ է, փառավոր հավերժի հանգույն,
Արքան՝ Ազնվության անվամբ անվանված,
Եվ անսահմանն է նահանջում ահա,
Եվ նախաստեղծն է իր տեղը զիջում․․․
Թագավորը ծամելը դադարեցրեց և բութ հայացքը գամեց նրան։ Հյուրերը գլուխները քաշեցին ուսերի մեջ։ Միայն դոն Ռեբան ժպտաց և մի քանի անգամ անձայն ծափ տվեց։ Թագավորը սփռոցի վրա թքեց բերանի ոսկորներն ու ասաց․
― Անսահմա՞նը․․․ Ճիշտ է։ Ճիշտ է, նահանջել է․․․ Գովում եմ։ Կարող եք ուտել։
Ճպճպոցն ու խոսակցությունները վերսկսվեցին։ Դուրը նտեց։
― Հաճելի և հեշտ է թագավորի երեսին ճշմարտությունն ասելը, ― խռպոտ մրմրջաց նա։
Ռումատան լուռ էր։
― Ես ձեզ կտամ ձեր գրքի մեկ օրինակը, հայր Դուր, ― մի քիչ հետո ասաց նա։ ― Բայց մի պայմանով։ Դուք անմիջապես կսկսեք գրել հաջորդ գիրքը։
― Ոչ, ― ասաց Դուրը։ ― Ուշ է։ Թող Կիունը գրի։ Ես թունավորված եմ։ Եվ ընդհանրապես, ինձ էլ ոչինչ չի հետաքրքրում։ Հիմա միայն մի ցանկություն ունեմ․ ուզում եմ հարբել սովորել։ Եվ չեմ կարողանում․․․ Ստամոքսս ցավում է․․․
Եվս մեկ պարտություն, մտածեց Ռումատան։ Ուշացել է։
― Լսեք, Ռեբա, ― հանկարծ ասաց թագավորը։ ― Իսկ ո՞ւր է բժիշկը։ Դուք խոստացաք նրան ինձ մոտ բերել ճաշից հետո։
― Նա այստեղ է, ձեռդ պայծառափայլություն, ― ասաց դոն Ռեբան։ ― Կհրամաե՞ք կանչել։
― Հրամայե՞մ։ Իսկույն։ Եթե ձեր ծունկը այդպես ցավար, հիմա դուք խոզի նման կճղղայիք․․․ Իսկույն ներս բերեք նրան։
Ռումատան հետ ընկավ բազկաթոռի կռնակին ու պատրաստվեց նայելու։ Դոն Ռեբան ձեռքը բարձրացրեց գլխից վեր ու մատները շրխկացրեց։ Դուռը բացվեց, և անընդհատ գլուխը աջ ու ձախ խոնարհելով, ներս մտավ կորացած մի տարիքոտ մարդ, հագին մինչև հատակը հասնող թիկնոց, որը զարդարված էր արծաթե սարդերի, աստղերի ու օձերի պատկերներով։ Թևի տակ նա պահում էր մի երկարավուն ու տափակ գիրք։ Ռումատան հիսթափված էր, նա բոլորովին ուրիշ կերպ էր պատկերացնում Բուդախին։ Իմաստունն ու հումանիստը, «Թույների մասին» աշխատության հեղինակը չէր կարող այսպիսի անգույն, շաղվող աչքեր ունենալ, սարսափից դողդողացող շրթունքներ, ողորմելի ու շողոքորթ ժպիտ։ Բայց նա հիշեց Դուր Քերթողին։ Հավանաբար, կարծեցյալ իրուկանյան լրտեսի հետաքննությունը Դոն Ռեբայի աշխատասենյակում լա՜վ գրական զրույցի բնույթ է կրել։ Ո՜նց կքաշեյի Ռեբայի ականջից, հաճույքով մտածեց Ռումատան։ Կգցեի նրան զնդան ու դահիճներին կասեի․ «Ահա սա է իրուկանյան լրտեսը, որը ծպտվել է մեր փառապանծ մինիստրի տեսքով։ Թագավորը հրամայել է իմանալ նրանից, թե որտե՞ղ է մեր իսկական մինիստրը, արեք ձեր գործը, և վայ ձեզ, եթե նա մեկ շաբաթից շուտ մեռնի․․․» Ռումատան նույնիսկ ձեռքով փակեց դեմքը, որ ոչ ոք իրեն չտեսնի։ Ի՜նչ սոսկալի բան է ատելությունը․․․
― Հապա մի արի այստեղ, բժիշկ, ― ասաց թագավորը։ ― Հապա տեսնենք ինչ հունարի տեր ես։ Հապա պպզի, պպզի, ո՞ւմ եմ ասում, պպզի՛։
Դժբախտ Բուդախը սկսեց պպզել։ Նրա դեմքը սարսափից ծռվեց։
― Էլի, էլի, ― քթի մեջ խոսեց թագավորը։ ― Մի անգամ էլ։ Էլի։ Ծնկներդ չեն ցավում, ուրեմն դու բուժել ես ծնկներդ։ Իսկ հիմա ատամներդ ցույց տուր։ Հա․․․ ոչինչ ատամներդ։ Ես էլ կուզեյի այդպիսի ատամներ․․․ Ձեռքերդ էլ ոչինչ, ամուր են։ Առողջ ես, առողջ ես, չնայած որ խելքի պուտակ ես․․․ Դե, աղավնյակս, սկսիր բուժել, ինչ ես տնկվել դեմս․․․
― Ձ․․․ ձերդ մեծությունը․․․ Թող բ․․․ բարեհաճի ցույց տալ տոտիկը․․․ Տոտիկը․․․ ― լսեց Ռումատան ու հայացքը վեր բարձրացրեց։
Բժիշկը ծնկի էր եկել թագավորի առաջ ու զգուշորեն տնտղում էր նրա ոտքը։
― Հը՞․․․ Հը՞, ― ասաց Թագավորը։ ― Դու ի՞նչ ես անում։ Ի՞նչ ես ոտքս բռնել։ Եկել ես բուժելու՝ ուրեմն բուժիր։
― Ամեն ինչ հասկանալի է, ձերդ մեծություն, ― շշնջաց բժիշկն ու հապշտապ սկսեց ինչ֊որ բան փնտրել իր պայուսակում։
Հյուրերը դադարել էին ծամելը։ Սեղանի մյուս ծայրում նստած արիստոկրատները նույնիսկ վեր էին կացել տեղներից ու վզերն առաջ ձգել, այրվելով հետաքրքրասիրությունից։
Բուդախը հանեց մի քանի քարե սրվակներ, բացեց և մեկ֊մեկ հոտ քաշելով դրանցից, շարքով դրեց սեղանին։ Հետո վերցրեց թագավորի գավաթն ու մինչև կեսը գինի լցրեց։ Գավաթի վերևում ինչ֊որ ժարշումներ անելուց ու հմայական խոսքեր ասելուց հետո նա արագորեն գինու մեջ դատարկեց բոլոր սրվակների պարունակությունը։ Դահլիճով մեկ տարածվեց անուշադրի սպիրտի հոտը։ Թագավորը սեղմեց շրթունքները, նայեց գավաթի մեջ ու, քիթը ծռմռելով, հայացքն ուղղեց դոն Ռեբային։ Մինիստրը կարեկցանքով ժպտաց։ Պալատականները վախենում էին շնչել։
Ի՞նչ է անում, զարմացած մտածում էր Ռումատան, չէ որ ծերուկը հոդատապով է տառապում։ Այդ ի՞նչ խառնեց իրար։ Իր գրքում նա շատ պարզ գրել է․ այտուցված հոդերը շփել Կու սպիտակ օձի թույնից սարքած լուծույթով։ Գուցե հիմա նա դրանով կշփի՞ ծունկը։
― Սա ինչ է, քսելու ես ոտքի՞ս, ― հարցրեց թագավորը, վախվորած նայելով գավաթին։
― Ինչպես կամենաք, ձերդ մեծություն, ― ասաց Բուդախը։ Նա արդեն մի քիչ ուշքի էր եկել։ ― Սա պիտի խմեք։
― Խը․․․ մե՞մ։ ― Թագավորը փքվեց ու ետ ընկավ բազկաթոռի թիկնակին։ ― Ես չեմ ցանկանում խմել։ Ոտքս շփի դրանով։
― Ինչպես կամենաք, ձերդ մեծություն, ― հնազանդ ասաց Բուդախը։ ― Բայց համարձակվում եմ զգուշացնել, որ շփելուց ոչ մի օգուտ չի լինի։
― Ինչո՞ւ բոլորը շփում են, ― փնթփնթաց թագավորը, ― իսկ դու ուզում ես, որ անպայման խմեմ այս գարշանքը։
― Ձերդ մեծություն, ― ասաց Բուդախը, հպարտորեն ուղղելով մեջքը, ― այս դեղը միայն ինձ է հայտնի։ Ես սրանով բուժել եմ Իրուկանի դուքսի քեռուն։ Իսկ ինչ վերաբերում է շփողներին, ապա նրանք հո չե՞ն բուժել ձեզ, ձերդ մեծություն․․․
Թագավորը նայեց դոն Ռեբային։ Դոն Ռեբան բարեհաճ ժպտաց։
― Դու սրիկա ես, ― տհաճ ձայնով ասաց թագավորը բժշկին։ ― Գեղջուկ։ Քոսոտ խելքի պուտակ։ ― Նա ձեռքն առավ գավաթը։ ― Հիմա սրանով կշրխկացնեմ ատամներիդ․․․ Նա նայեց գավաթի մեջ։ ― Իսկ եթե սիրտս խառնի՞․․․
― Ստիպված կլինեք կրկրնել, ― տխուր ասաց Բուդախը։
― Դե լավ, աստված ձեզ հետ, ― ասաց թագավորն ու արդեն գավաթը մոտեցնում էր շուրթերին, երբ այնպես թափով հետ տարավ, որ մի քանի կաթիլ թափեց սփռոցին։ ― Հապա նախ դու խմիր։ Ես լավ եմ ճանաչում ձեզ, իրուկանցիներիդ, դուք սուրբ Միկային էլ բարբարոսներին ծախեցիք։ Խմիր, ասում եմ։
Բուդախը վիրավորված տեսքով վերցրեց գավաթը և մի քանի կում արեց։
― Հը, ո՞նց է, ― հարցրեց թագավորը։
― Դառն է, ձերդ մեծություն, ― ընկճված ձայնով պատասխանեց Բուդախը։ ― Բայց պետք է խմել։
― Պ․․․պես է․․․ պ․․․պետք է, ― փնթփնթաց թագավորը։ ― Ես էլ գիտեմ, որ պետք է։ Տո՛ւր ինձ։ Ըհը, գավաթի կեսը լակեցիր․․․
Նա թափով դատարկեց գավաթը։ Սեղանի երկյանքով լսվեցին կարեկցական հառաչանքներ և․․․ հանկարծ լռություն տիրեց։ Թագավորը քարացավ բերանը բաց։ Նրա աչքերից կարկուտի պես գլորվում էին արցունքները։ Նա դանդաղ կարմիր կտրեց, հետո կապտեց։ Ձեռքը մեկնեց սեղանի կողմը, ջղաձգորեն չրխկացնելով մատները։ Դոն Ռեբան շտապեց թթու վարունգ մտցնել նրա ձեռքը։ Թագավորը լուռ վարունգը շպրտեց դոն Ռեբայի երեսին ու նորից մեկնեց ձեռքը։
― Գինի․․․ ― ֆշշացրեց նա։
Ինչ֊որ մեկն իսկույն սափոր տվեց նրան։ Թագավորը, կատաղած ոլորելով աչքերը, սկսեց խմել։ Կարմիր շիթերը հոսում էին նրա սպիտակ բաճկոնի վրայով։ Երբ սափորը դատարկվեց, թագավորը այն շպրտեց Բուդախի վրա, բայց վրիպեց։
― Տակա՛նք, ― ասաց նա անսպաելի թավ ձայնով։ ― Դու ինչո՞ւ սպանեցիր ինձ։ Քիչ են քեզ կախել։ Սատկե՛ս դու։ ― Նա լռեց ու ձեռքը տարավ ծնկին։ ― Ցավում է, ― նվնվաց իր նախկին ձայնով։ ― Էլի ցավում է։
― Ձերդ մեծություն, ― ասաց Բուդախը։ ― Լրիվ ապաքինվելու համար այս դեղը պետք է խմել ամեն օր, համենայն դեպս մել շաբաթ․․․
Թագավորի կոկորդում ինչ֊որ բան ծվծվաց։
― Դո՛ւրս, ― ճղճղաց նա։ ―Բոլորդ դո՛ւրս կորեք այստեղից։
Պալատականները, բազկաթոռները շուռ տալով, իրար հրմշտելով նետվեցին դեպի դռները։
― Դ՜ ․․․ո՜ւ․․․րս, ― իրեն կորցրած գոռաց թագավորը, ջարդուփշուր անելով սեղանին դրված ափսեները։
Դուրս թռչելով դահլիճից՝ Ռումատան մտավ մի վարագույրի տակ ու սկսեց ծիծաղել։ Հարևան վարագույրի հետևում նույնպես ծիծաղում էին շնչահեղձ լինելով ու վնգվնգալով։