Նա կախեց լսափողը, մի հայացք գցեց շուրջը, ձեռքերը խոր մտցրեց անդրավարտիքի գրպանները և դանդաղ քայլեց Հանքափորների փողոցով, ամայի, դուռ ու պատուհան մեխված տների մոտով։
==3. Ռիչարդ Նունան, 51 տարեկան, Արտերկրային կուլտուրաների միջազգային ինստիտուտի Հարմոնտի մասնաճյուղին էլեկտրոնային սարքավորումներ մատակարարողների ներկայացուցիչ==
Ռիչարդ Հ․ Նունանը նստած էր աշխատասենյակում, սեղանի առաջ, ու իր վիթխարի նոթատետրում սատանաներ էր խզբզում։ Նա կարեկցաբար ժպտում էր, տմբտմբացնում էր ճաղատ գլուխը և չէր լսում այցելուին։ Պարզապես նա զանգի էր սպասում, իսկ այցելուն՝ դոկտոր Պիլմանը, ծուլորեն նկատողություն էր անում նրան։ Կամ էլ երևակայում էր, թե նկատողություն է անում։ Կամ էլ ուզում էր ինքն իրեն հավատացնել, որ նկատողություն է անում նրան։
― Մենք այդ բոլորը հաշվի կառնենք, ― ասաց վերջապես Նունանը, նկարեց տասներորդ սատանային, որ կլոր հաշիվ ստացվի, ու աղմուկով փակեց նոթատետրը։ ― Իսկապես որ այլանդակություն է․․․
Վալենտինը առաջ պարզեց բարակ ձեռքը և մոխիրը շատ ուշադիր թափ տվեց մոխրամանի մեջ։
― Իսկ հատկապես ի՞նչը հաշվի կառնեք, ― քաղաքավարի տեղեկացավ նա։
― Այն ամենը, ինչ դուք ասացիք, ― ուրախ պատասխանեց Նունանը։ ― Ինչ էլ որ դուք ասեք, ամեն ինչ հաշվի կառնենք։
Վալենտինը (դոկտոր Վալենտին Պիլմանը, Նոբելյան մրցանակի դափնեկիր և նման այլուայլ բաներ) նստած էր նրա դիմացի խոր բազկաթոռին․ նա փոքրամարմին էր, կոկիկ, նրբագեղ, կաշվե բաճկոնի վրա ոչ մի բիծ չկար, անդրավարտիքի վրա՝ ոչ մի ծալք, շլացուցիչ սպիտակ վերնաշապիկ, միագույն, խիստ ոճի փողկապ, փայլուն կոշիկներ, բարակ, անգույն շրթունքների վրա խայթիչ ժպիտ, հսկայական սև ակնոցը թաքցնում էր նրա աչքերը, լայն ու ցածր ճակատը եզերված էր կարճ խուզած սև ու ցից մազերով։
― Ըստ իս, ձեզ իզուր են այդպիսի ֆանտաստիկ աշխատավարձ տալիս, Դիկ, ― ասաց նա։ ― Ավելին, իմ կարծիքով, դուք նաև սաբոտաժ եք անում։
― Ս․․․ սուս․․․ ― շշնջալով ասաց Նունանը։ ― Աստված սիրեք, այդքան բարձր մի՛ խոսեք։
― Իսկապես, ― շարունակեց Վալենտինը։ ― Ես շատ վաղուց եմ հետևում ձեզ, ըստ իս, դուք բոլորովին չեք աշխատում։
― Մի րոպե, ― ընդհատեց նրան Նունանը և թափ տվեց վարդագույն հաստլիկ մատը։ ― Ո՞նց թե չեմ աշխատում։ Մի՞թե թեկուզ մեկ հայց կամ գանգատ մնացել է առանց հետևանքների։
― Չգիտեմ, ― ասաց Վալենտինը և նորից թափ տվեց մոխիրը։ ― Մեկ՝ լավ սարքավորում է գալիս, մեկ՝ վատ սարքավորում։ Լավն ավելի հաճախ է ստացվում, բայց դե դուք ի՞նչ կապ ունեք դրա հետ, չգիտեմ։
― Իսկ եթե ես չլինեի, ― առարկեց Նունանը, ― լավը այդքան հաճախ չէր գա։ Բացի այդ, դուք՝ գիտնականներդ, անընդհատ փչացնում եք լավ սարքավորումը, իսկ հետո գանգատ եք ներկայացնում, և ո՞վ է այդ ժամանակ ձեզ քողարկում։ Այ, օրինակ․․․
Զնգաց հեռախոսը, և Նունանը, իսկույն մոռանալով Վալենտինին, վերցրեց լսափողը։
― Միստեր Նունա՞ն, ― հարցրեց քարտուղարուհին։ ― Նորից պարոն Լեմխենն է։
― Միացրեք։
Վալենտինը վեր կացավ տեղից, հանգած սիգատետի մնացորդը դրեց մոխրամանի մեջ, ի նշան հրաժեշտին քունքի մոտ շարժեց երկու մատը և դուրս եկավ՝ վտիտ, փոքրիկ, նրբագեղ։
― Միստր Նունա՞ն, ― լսափողի մեջ լսվեց ծանոթ, հանդարտ ձայնը։
― Լսում եմ ձեզ։
― Շատ դժվար է ձեզ աշխատանքի վայրում գտնելը, միստեր Նունան։
― Ստացվել է նոր խումբ․․․
― Այո, ես արդեն գիտեմ։ Միստր Նունան, ես Շատ կարճ ժամկետով եմ եկել։ Մի քանի հարց կա, որոնք պետք է քննարկենք անձնական հանդիպման ժամանակ։ Նկատի ունենք «Միցուբիսի դենսիի» վերջին պայմանագիրը։ Իրավաբանական կողմը։
― Ձեր տրամադրության տակ եմ։
― Այդ դեպքում, եթե դեմ չեք, երեսուն րոպե հետո հանդիպենք մեր բաժանմունքի գրասենյակում։ Ձեզ հարմա՞ր է։
― Միանգամայն։ Երեսուն րոպե հետո։
Ռիչարդ Նունանը տեղը դրեց լսափողը, վեր կացավ, և, շփելով փափլիկ ձեռքերը, սկսեց հետուառաջ քայլել սենյակում։ Նույնիսկ քթի տակ երգեց մի մոդայիկ մեղեդի, բայց իսկույն էլ ձայնը խզվեց, ու նա բարեհոգաբար ծիծաղեց ինքն իր վրա։ Հետո վերցրեց գլխարկը, անձրևանոցը գցեց թևին ու դուրս եկավ ընդունարան։
― Բալիկս, ― ասաց նա քարտուղարուհուն, ― ես թռա հաճախորդների մոտ։ Կայազորի ղեկավարությունը թողնում եմ ձեզ, պինդ պահեք, ինչպես ասում են, ամրոցը, իսկ ես ձեզ համար շոկոլադ կբերեմ։
Քարտուղարուհին ժպտաց։ Նունանը օդային համբույր հղեց նրան ու գլորվեց ինստիտուտի միջանցքով։ Մի քանի անգամ փորձեցին բռնել նրա պիջակից, բայց նա խույս էր տալիս, կատակներով պատասխանում, խնդրում էր դիրքերից չնահանջել, մինչև ինքը գա, պահպանել երիկամները, չլարվել և ի վերջո, այդպես էլ չբռնվելով որևէ մեկի կողմից, դուրս եկավ ինստիտուտից՝ չբացված անցագիրը սովորականի պես թափահարելով հերթապահ սերժանտի քթի տակ։
Քաղաքի վրա կախվել էին մռայլ ամպեր, տոթ էր․ և անձրևի առաջին վեհերոտ կաթիլները սև աստղեր էին դրոշմում ասֆալտին։ Անձրևանոցը գցելով գլխին և ուսեին, Նունանը մեքենաների շարքի մոտով վազեց դեպի իր «պեժոն», նետվեց մեքենայի մեջ և, վրայից պոկելով անձրևանոցը՝ շպրտեց հետևի նստատեղին։ Պիջակի ծոցագրպանից հանեց կլոր ու սև մի փայտիկ՝ «էտակը», գցեց ակումուլյատորի բնի մեջ և բութ մատով սեղմեց, մինչև չրխկաց։ Հետո ավելի հարմար տեղավորվեց ղեկի առաջ ու սեղմեց ոտնակը։ «Պեժոն» անձայն սահեց փողոցի մեջտեղը և սլացավ դեպի նախագոտու ելքը։
Անձրևը վրա տվեց միանգամից ու հանկարծակի, ասես երկնքում ջրով տակառ շուռ տվեցին։ Փողոցը դառավ լպրծուն, և մեքենան խաչմերուկներում մի կողմ էր թեքվում։ Նունանը միացրեց «մաքրիչները» և պակասեցրեց արագությունը։ Եվ այսպես, մտածեց նա, զեկույցը տրված է։ Հիմա մեզ կգովեն։ Դե ինչ, ես համաձայն եմ։ Սիրում եմ, որ ինձ գովում են։ Մանավանդ որ գովում է ինքը պարոն Լեմեխը, գովում է ստիպված՝ ինքն էլ դա չուզենալով։ Տորօրինակ բան է, ինչո՞ւ է մեզ դուր գալիս, երբ մեզ գովում են։ Դրանից քո փողը չի ավելանում։ Փա՞ռքը։ Մեզ ի՞նչ փառք։ «Նա հռչակվեց։ Այժմ նրա մասին գիտեն երեք հոգի»։ Դե, գուցե չորս հոգի, եթե Բեյլիսին էլ հաշվենք։ Շատ հետաքրքիր արարած է մարդը․․․ Երևի պարզապես սիրում ենք գովեստ։ Ոնց որ երեխաները՝ պաղպաղակ։ Ու դա լրիվ հիմարություն է։ Ես ինչպե՞ս կարող եմ բարձրանալ իմ աչքում։ Ինչ է, ինքս ինձ չե՞մ ճանաչում։ Ծերուկ հաստլիկ Ռիչարդ Հ․ Նունանին։ Հա, ի դեպ, ի՞նչ է նշանակում այդ «Հ»֊ն։ Ա՜յ քեզ բան։ Ու ոչ մեկից էլ չես կարող իմանալ․․․ Հո պարոն Լեմխենի՞ն չեմ հարցնի․․․ Հա, հիշեցի՝ Հերբերտ։ Ռիչարդ Նունան։ Այ թե անձրև է, հ՜ա․․․
Նա թեքվեց կենտրոնական պողոտա և հանկարծ մտածեց՝ ինչպես է մեծացել քաղաքը վերջին տարիների ընթացքում։ Համա թե երկնաքերեր են կանգնեցրել․․․ Ահա մեկն էլ ես եմ կառուցում։ Ի՞նչ է լինելու այստեղ։ Հա, Լուսին համալիր՝ աշխարհիս ամենալավ ջազերը, վարիետեները, և այլն, և այլն, ամեն ինչ մեր քաջարի կայազորի ու մեր խիզախ տուրիստների համար, հատկապես մեծահասակ տուրիստների և գիտության ազնիվ ասպետների համար․․․ Իսկ արվարձաններն ամայի են։
Այո, շատ կուզեի իմանալ, թե այս ամենը ինչով պետք է վերջանա։ Ի միջի այլոց, տասը տարի առաջ ես միանգամայն ստույգ գիտեի, թե այս ամենը ինչով պետք է վերջանա։ Անհաղթահարելի սահմանագծեր։ Հիսուն կիլոմետր լայնությամբ ամայության գոտի։ Գիտնականներ և զինվորներ, ուրիշ ոչ ոք։ Մոլորակի մարմնի վրա բացված սարսափելի խոցը ընդմիշտ մեկուսացված է․․․ Եվ միայն ես չէի այսպես մտածում, բոլորն էլ այսպես էին մտածում․․․ Ի՜նչ օրինագծեր էին առաջարկվում․․․ Իսկ հիմա նույնիսկ չես էլ հիշի, թե այդ համընդհանուր պողպատյա վճռականությունը ինչպես հանկարծ վերածվեց դոնդողի։ «Մի կողմից՝ չի կարելի չընդունել, իսկ մյուս կողմից՝ չի կարելի չհամաձայնել»։ Իսկ այս ամենը, կարծեմ, սկսվեց այն ժամանակ, երբ ստալկերները Գոտուց դուրս բերեցին առաջին «էտակները»։ Մարտկոցները․․․ Հա, կարծեմ, հենց դրանից էլ ամեն ինչ սկսվեց։ Մանավանդ երբ հայտնաբերեցին, որ դրանք բազմանում են։ Խոցը, պարզվեց, այնքան էլ խոց չէ, և նույնիսկ ոչ թե խոց է, այլ ասես մի գանձարան, դժոխային գայթակղություն, Պանդորայի տուփ, սատանա, դև․․․ Սուսուփուս, քիչ֊քիչ օգտվում են։ Քսան տարի ճկռում են, չարչարվում են, միլիարդներ են քամուն տվել, բայց և այնպես չեն կարողացել կազմակերպված կերպով թալանել։ Ամեն մեկն իր փոքրիկ բիզնեսն է անում, իսկ գիտուն այրերը ինքնագոհ տեսքով հայտարարում են․ մի կողմից՝ չի կարելի չընդունել, իսկ մյուս կողմից՝ չի կարելի չհամաձայնել, քանի որ այսինչ օբյեկտը, տասնութ աստիճանի անկյան տակ ճառագայթահարվելով ռենտգենով, արձակում է ջերմային էլեկտրոններ քսաներկու աստիճանի անկյան տակ․․․ Միևնույն է, ես չեմ ապրի այնքան, որ տեսնեմ սրա վերջը․․․
Մեքենան սլանում էր Գիշակեր Բարբրիջի առանձնատան մոտով։ Հորդ անձրևի պատճառով բոլոր պատուհանները լուսավոր էին, երկրորդ հարկի պատուհաններից երևում էր, որ գեղեցկուհի Դինայի սենյակներում շարժվում են պարող զույգերը։ Կամ առավոտից են սկսել, կամ էլ երեկվանից մինչև հիմա պարում են ու միտք չունեն վերջացնելու։ Քաղաքում հիմա նոր մոդա է տարածվել՝ մի քանի օր անդադար պարել։ Պինդ ջահելներ ենք մեծացրել՝ դիմացկուն ու համառ իրենց նպատակներին հասնելու մեջ։
Նունանը մեքենան կանգնեցրեց անշուք տան առաջ, որի վրա փակցված էր մի աննշմարելի ցուցանակ․ «Կորշի և Սայմակի» իրավաբանական գրասենյակ։ Նա հանեց «էտակը» և դրեց ծոցագրպանը, անձրևանոցը նորից քաշեց գլխին ու արագ նետվեց շքամուտքը, սլանալով թերթ կարդացող դռնապանի մոտով, մաշված գորգով ծածկված աստիճաններով բարձրացավ վերև, կրունկներով կտկտացրեց երկրորդ հարկի մութ միջանցքում, որտեղ մշտապես կանգնած յուրահատուկ սուր հոտի բնույթը մի ժամանակ ինքն իզուր փորձում էր պարզել, հետո բացեց միջանցքի ծայրի դուռը և մտավ ընդունարան։ Քարտուղարուհու տեղում նստած էր մի անծանոթ՝ շատ թուխ երիտասարդ։ Նա քչփորում էր էլեկտրոնային խրթին սարքի ընդերքը, որը դրված էր սեղանին գրամեքենայի փոխարեն։ Ռիչարդ Նունանը անձրևանոցն ու գլխարկը կախեց մեխից, երկու ձեռքով սղալեց մազերի մնացորդները և հարցական նայեց երիտասարդին։ Սա գլխով արեց։ Այդժամ Նունանը դուռը բացեց ու ներս մտավ աշխատասենյակ։
Պարոն Լեմխենը ծանրումեծ վեր կացավ իր վիթխարի կաշվեպատ բազկաթոռից, որ դրված էր վարագուրված պատուհանի մոտ։ Նրա ուղղանկյուն գեներալական դեմքը կնճռոտվեց, որը կարող էր նշանակել և բայրացակամ ժպիտ, և ափսոսանք ու դժգոհություն վատ եղանակի պատճառով, իսկ գուցեև դժվարությամբ զսպվող փռշտոց։
― Ահա և եկաք, ― անշտապ ասաց նա։ ― Ներս մտեք, նստեք։
Նունանը հայացքով փնտրեց, թե որտեղ պիտի նստի, ու ոչ մի բան չգտավ, բացի սեղանի տակ մտցված ուղիղ թիկնակով չոր աթոռից։ Ու նա նստեց սեղանի ծայրին։ Չգիտես ինչու, նրա ուրախ տրամադրությունը հետզհետե չքացավ։ Հանկարծ նա շատ հստակորեն հասկացավ, որ իրեն չեն գովելու։ Ավելի շուտ՝ հակառակն է լինելու։ Ցասման օր, փիլիսոփայեց նա և նախապատրաստվեց վատթարագույնին։
― Ծխեք, ― առաջարկեց պարոն Լեմխենը, նորից ընկղմվելով բազկաթոռի մեջ։
― Շնորհակալություն, ես չեմ ծխում։
Պարոն Լեմխենը մի այնպիսի տեսքով օրորեց գլուխը, ասես իրականացան նրա ամենադժնի կանխազգացումները, երկու ձեռքերի մատների ծայրերն իրար կպցրած պահեց աչքերի դիմաց ու մի քանի վայրկյան ուշադիր զննեց այդ տեսարանը։
― Կարծում եմ «Միցուբիսի դենսի» ֆիրմայի իրավական գործերը մենք չենք քննարկի, ― վերջապես խոսեց նա։
Դա կատակ էր։ Ռիչարդ Նունանը պատրաստակամ ժպտաց ու ասաց․
― Ինչպես կամենաք։
Սեղանի ծայրին նստելը շատ անհարմար էր․ ոտքերը չէին հասնում հատակին։
― Ցավով պետք է ձեզ հայտնեմ, Ռիչարդ, որ ձեր զեկույցը վերևներում չափազանց նպաստավոր տպավորություն է թողել։
― Հը՜մ․․․ փնչացրեց Նունանը։ Սկսվեց, մտածեց նա։
― Նույնիսկ ուզում էին ձեզ շքանշանի ներկայացնել, ― շարունակեց պարոն Լեմխենը։ ― Սակայն ես առաջարկեցի չշտապել։ Ու ճիշտ արեցի։ ― Վերջապես նա դադարեց իր տասը մատների կազմած պատկերը զննելուց և հոնքերի տակից նայեց Նունանին։ ― Դուք ինձ չհարցնեք, թե ինչու եմ այդպիսի, թվում է, ծայրահեղ զգուշություն դրսևորել․․․
― Երևի ինչ֊որ հիմքե՞ր եք ունեցել, ― ձանձրույթ արտահայտող ձայնով ասաց Նունանը։
― Այո։ Ունեմ։ Ի՞նչ էր ստացվում ձեր զեկույցից, Ռիչարդ։ «Մետրոպոլ» խումբը վերացված է։ Ձեր ջանքերով։ «Կանաչ ծաղիկ» խումբը ամբողջ կազմով ձերբակալվել է հանցագործության վայրում։ Փառահե՜ղ աշխատանք։ Նույնպես ձեր գործն է։ «Վառը», «Քվազիմոդոն», «Շրջմոլիկ երաժիշտները» և էլի մի քանի խմբեր (ես չեմ հիշում բոլորի անունները) իրենք իրենց լուծարքի են ենթարկել, գիտակցելով, որ վաղ թե ուշ իրենց էլ կբռնեն։ Այս ամենը իրոք եղել է, ամեն ինչ հաստատվում է խաչաձև ինֆորմացիայով։ Մարտադաշտը մաքրվել է։ Դուք շահեցիք մարտը, Ռիչարդ։ Հակառակորդը խուճապահար նահանջում է մեծ կորուստներ տալով։ Ես ճի՞շտ եմ նկարագրում իրավիճակը։
― Համենայն դեպս, ― զգուշորեն ասաց Նունանը, ― վերջին երեք ամսում դադարել է Գոտուց նյութերի արտահոսքը Հարմոնտի միջոցով։ Համենայն դեպս, իմ ունեցած տեղեկություններով, ― ավելացրեց նա։
― Հակառակորդը նահանջել է, չէ՞։
― Դե, եթե դուք հատկապես այդ կերպ եք ուզում արտահայտվել․․․ Այո։
― Ոչ, ― ասաց պարոն Լեմխենը։ ― Բանն այն է, որ այդ հակառակորդը երբեք չի նահանջում։ Ես դա հաստատ գիտեմ։ Աճապարելով հաղթական զեկույց ներկայացնել, դուք, Ռիչարդ, դրսևորել եք ձեր խակությունը։ Հենց դրա համար էլ ես առաջարկեցի առայժմ ձեզ չներկայացնել պարգևատրման։
Թող գրողի ծոցը գնան քո պարգևները, մտածեց Ռիչարդը, օրորելով ոտքն ու մռայլ նայելով կոշիկի քթին։ Ես քո պարգևները կկախեմ ձեղնահարկի ոստայնից․․․ Սրան նայեք, գլխիս խրատներ է կարդում։ Առանց քո ասելու էլ գիտեմ, թե ում հետ այստեղ գործ ումեմ, դու չպիտի ինձ քարոզես, թե հակառակորդն ով է, ինչ է։ Մարդավարի ասա, թե որտեղ ինչ սխալ եմ արել, թե այդ սրիկաներն էլի ինչ օյինբազություն են արել․․․ որտեղ և ինչ ծակուծուկ են գտել․․․ ու կարող ես առանց նախաբանի․․․ ես քեզ համար փսլնքոտ սկսնակ չեմ, հիսունս արդեն գլորել եմ, ու ոչ էլ քո շքանշանների համար եմ այստեղ մնացել․․․
― Դուք ի՞նչ եք լսել Ոսկե գնդի մասին, ― հանկարծ հարցրեց պարոն Լեմխենը։
Աստված իմ, սրտնեղեց Ռիչարդը, Ոսկե գունդն այստեղ ի՞նչ գործ ունի։ Գրողը տանի քեզ էլ, քո խոսելու ձևն էլ․․․
― Ոսկե գունդն առասպել է․․․ ― դարձյալ ձանձրացող ձայնով ասաց Նունանը։ ― Առասպելական կառույց Գոտում, որն ունի ոսկե գնդի ձև և կոչված է կատարելու մարդկային ցանկությունները։
― Բոլո՞ր։
― Առասպելի տեքստի համաձայն՝ բոլոր։ Սակայն կան տարբերակներ․․․
― Այդպե՜ս, ― ասաց պարոն Լեմխենը։ ― Իսկ դուք ի՞նչ եք լսել «լամպ֊մահի» մասին։
― Ութ տարի առաջ, ― ձանձրացող ձայնով ծոր տվեց Նունանը, ― ստալկեր Ստեֆան Նորմանը, որի մականունն էր Ակնոցավոր, Գոտուց դուրս էր բերել մի սարք, որն իրենից ներկայացնում էր, ըստ երևույթին, ոսկրային օրգանիզմների համար մահացու ճառագայթիչների ագրեգատ։ Հիշյալ Ակնոցավորը այդ ագրեգատն առաջարկեց ինստիտուտին։ Նրանք գնի հարցում համաձայնության եկան։ Բայց Ակնոցավորը գնաց Գոտի ու չվերադարձավ։ Ու հիմա հայտնի չէ, թե որտեղ է գտնվում այդ ագրեգատը։ Ինստիտուտում մինչև հիմա էլ պոկում են իրենց մազերը։ Ձեզ հայտնի «Մետրոպոլի» Խյուն այդ ագրեգատի համար պատրաստ էր տալու ինչքան ուզեին, ինչքան որ տեղ կաներ չեկագրքույկի թղթի վրա։
― Ընդամենը այդքա՞ն։ Վե՞րջ, ― հարցրեց պարոն Լեմխենը։
― Այդքան, ― պատասխանեց Նունանը։ Նա ցուցադրաբար հայացքով տնտղում էր սենյակը։ Սենյակը շատ անդուր էր ու տաղկտկալի, նայելու ոչ մի բան չկար։
― Այդպե՜ս, ― ասաց պարոն Լեմխենը։ ― Իսկ ի՞նչ եք լսել «խեցգետնի աչքի» մասին։
― Ինչի աչքի՞․․․
― Խեցգետնի։ Խեցգետին։ Գիտե՞ք դա ինչ բան է։ ― Պարոն Լեմխենը երկու մատով չրխկացրեց օդում։ ― Ճանկեր ունի․․․
― Առաջին անգամ եմ լսում, ― ասաց Նունանը խոժոռվելով։
― Իսկ ի՞նչ գիտեք «բոժոժավոր անձեռոցիկների մասին։ Նունանը ցած իջավ սեղանից ու կանգնեց Լեմխենի առաջ, ձեռքերը մտցնելով գրպանները։
― Ոչինչ չգիտեմ, ― ասաց նա։ ― Իսկ դո՞ւք։
― Դժբախտաբար, ես էլ ոչ մի բան չգիտեմ, ո՛չ «խեցգետնի աչքերի», ո՛չ էլ «բոժոժավոր անձեռոցիկների» մասին։ Մինչդեռ դրանք գոյություն ունեն։
― Իմ Գոտո՞ւմ, ― հարցրեց Նունանը։
― Դուք նստեք, նստեք, ― ասաց պարոն Լեմխենը, թափ տալով ձեռքը։ ― Մեր խոսակցությունը նոր է սկսվում։ Նստեք։
Նունանն անցավ սենյակի մյուս կողմը և սեղանի տակից հանեց բարձր թիկնակով չոր աթոռը։
Մտքինն ի՞նչ է, ― տենդագին մտածում էր նա։ ― Սա ի՞նչ նորություն է։ Երևի ինչ֊որ բաներ են գտել մյուս Գոտիներում, իսկ այս անասունը ինձ ձեռ է առնում։ Քավթառը հենց սկզբից էլ ինձ չի սիրել, չի կարողանում մոռանալ այն բանաստեղծությունը։
― Շարունակենք մեր փոքրիկ քննությունը, ― հայտարարեց Լեմխենը, մի քիչ հետ տալով պատուհանի վարագույրը ու նայեց դուրս։ ― Ոնց է թափվում, ― ասաց նա։ ― Սիրում եմ հորդ անձրև։
Նա քաշեց վարագույրը, հետ ընկավ բազկաթոռի թիկնակին ու, նայելով առաստաղին, հարցրեց․ ― Ի՞նչ է անում ծերուկ Բարբրիջը։
― Բարբրի՞ջը։ Գիշակեր Բարբրիջը հսկողության տակ է։ Հաշմանդամ է, նյութապես ապահովված է։ Գոտու հետ կապ չունի։ Ունի պանդոկ, պարահրապարակ, խնջույքներ է կազմակերպում կայազորի սպաների ու տուրիստների համար։ Նրա աղջիկը՝ Դինան, ցոփ կյանք է վարում։ Տղան՝ Արթուրը, վերջերս ավարտեց իրավաբանական քոլեջը։
Պարոն Լեմխենը գլխի շարժումով հաստատում էր նրա ասածները։
― Պարզ է, ― գովեց նա։ ― Իսկ ի՞նչ է անում Մալթացի Կրեոնը։
― Գործող սակավաթիվ ստալկերներից մեկն է։ Մի ժամանակ կապված էր «Քվազիմոդո» խմբի հետ, հիմա բերածները իմ միջոցով ծախում է ինստիտուտին։ Ես նրան ազատ եմ թողնում․ երբևիցե մեկնումեկը կուլ կտա այդ խայծը։ Ճիշտ է, վերջերս նա շատ է խմում ու, կարծում եմ, երկար չի դիմանա։
― Կապե՞րը Բարբրիջի հետ։
― Սիրահետում է Դինային։ Հաջողության չի հասնում։
― Շատ լավ, ― ասաց պարոն Լեմխենը։ ― Իսկ ի՞նչ լուրեր կան Շեկ Շուխարտի մասին։
― Մի ամիս առաջ դուրս է եկել բանտից։ Նյութապես ապահովված է։ Ուզում էր այստեղից մեկնել, բայց․․․ Նունանը լռեց։ ― Մի խոսքով, ընտանեկան անախորժություններ․․․ Հիմա նրա ուշքն ու միտքը Գոտին չէ․․․
― Այդքա՞նը։
― Այսքանը։
― Քիչ է, ― ասաց պարոն Լեմխենը։ ― Իսկ Բախտավոր Քարտերի գործերը ո՞նց են։
― Նա վաղուց արդեն ստալկեր չէ։ Օգտագործած մեքենաների առևտուր է անում։ Հա, ունի նաև արհեստանոց, որտեղ մեքենաների սնուցումը փոխում է «էտակայինի»․․․ Չորս երեխաների հայր է, կինը անցյալ տարի մահացավ․․․ Զոքանչը․․․
― Իսկ հներից էլ ո՞ւմ եմ մոռացել, ― բարեհոգաբար հարցրեց նա։
― Դուք մոռացել եք Ջոնատան Մայլզին, որի մականունը Կակտուս է։ Հիմա նա հիվանդանոցում է, մահանում է քաղցկեղից։ Դուք մոռացել եք նաև Գուտալինին․․․
― Այո, Գուտալինն ի՞նչ է անում։
― Նա էլի նույնն է, ― ասաց Նունանը։ ― Երեք հոգուց կազմված խումբ ունի։ Շաբաթներով կորչում են Գոտում։ Ինչ որ գտնում են՝ ոչնչացնում են հենց տեղում։ Իսկ նրա Ռազմատենչ Հրեշտակների միությունը քայքայվեց։
― Ինչո՞ւ։
― Ինչպես դուք հիշում եք, նրանք գնում էին Գոտուց բերված առարկաները, և Գուտալինը դրանք նորից հետ էր տանում Գոտի։ Սատանայինը՝ սատանային։ Հիմա էլ առնելու բան չկա ու, բացի դրանից, մասնաճյուղի նոր տնորենը նրանց գցեց ոստիկանների ճանկը։
― Հասկանում եմ, ― ասաց պարոն Լեմխենը։ ― Դե, իսկ ջահելնե՞րը։
― Դե, ջահելները գալիս են․․․ ու գնում։ Դրանցից մի քանիսը քիչ թե շատ փորձված են, բայց վերջերս ապրանք առնող չկա, ու նրանք հիմա մի տեսակ մոլոր վիճակում են։ Ես կամաց֊կամաց նրանց իմ ձեռքն եմ հավաքում․․․ Կարծում եմ, շեֆ, որ ստալկերությունն իմ Գոտում փաստորեն վերացած է։ Ծերերը արդեն դուրս են եկել ասպարեզից, ջահելների ձեռքից բան չի գալիս, և հետո այդ արհեստը հիմա էլ նախկին հարգանքը չունի։ Հիմա տեխնիկայի ժամանակներ են, ավտոմատ ստալկերների․․․
― Դա ժամանակի հարց է։ Շուտով կսկսեն արդարացնել։
― Ե՞րբ։
― Մի հինգ֊վեց տարի հետո․․․
Պարոն Լեմխենը նորից տմբտմբացրեց գլուխը։
― Ի միջի այլոց, դուք երևի չգիտեք, որ հակառակորդը նույնպես սկսել է օգտագործել ավտոմատ ստալկերներ։
― Իմ Գոտո՞ւմ, ― զարմացավ Նունանը։
― Ձեր Գոտում նույնպես։ Ձեր Գոտում նրանց բազան Ռեքսպոլիսն է, այնտեղից ուղղաթիռներով սարքավորումները հասցնում են Օձաձոր, Սև լիճ և Բոլդերի գագաթի ստորոտները։
― Բայց չէ՞ որ դրանք ծայրամասեր են, ― թերահավատությամբ ասաց Նունանը։ ― Այնտեղ դատարկ է, ամայություն, ի՞նչ պիտի գտնեն այնտեղ։
― Քիչ, շատ քիչ բան։ Բայց գտնում են։ Ի դեպ, ես ասացի ի գիտություն, դա ձեզ չի վերաբերում։ Ամփոփենք։ Հարմոնտում պրոֆեսիոնալ ստալկերներ գրեթե չեն մնացել։ Եղածներն էլ այլևս ոչ մի կապ չունեն Գոտու հետ։ Երիտասարդությունը շփոթության մեջ է և ընտելացման պրոցեսում է գտնվում։ Հակառակորդը ջախջախված է, հետ շպրտված, և հիմա նա զբաղված է իր վերքերը լիզելով։ «Ապրանք» չկա, իսկ եթե լինում էլ է՝ գնող չկա։ Արդեն երեք ամիս է, ինչ դադարեցվել է Հարմոնտյան Գոտուց նյութերի անօրինական արտահոսքը։ Այո՞։
Նունանը լռում էր։ Հիմա, մտածում էր նա։ Հիմա Լեմխենը ինձ կշրխկացնի։ Բայց որտե՞ղ եմ ես սխալ բաց թողել։ Ու, երևում է, մեծ ճեղք է բացվել։ Դե, սկսիր, սկսիր, փտա՛ծ գազար։ Կյանքս կերար։
― Պատասխանդ չեմ լսում, ― ասաց պարոն Լեմխենը և ափը դրեց մազմզոտ ու կնճռոտ ականջին։
― Լավ, շեֆ, ― մռայլ ասաց Լեմխենը։ ― Բավական է։ Դուք ինձ արդեն եփեցիք ու տապակեցիք։ Հիմա դրեք սեղանին։
Պարոն Լեմխենը անորոշ փնչացրեց։
― Դուք նույնիսկ ինձ ասելիք չունեք, ― խոսեց նա անսպասելիորեն դառնացած։ ― Ականջներդ թափ եք տալիս պետի առաջ, իսկ ես ի՞նչ վիճակում էի, երբ նախանցյալ օրը․․․ ― Նա հանկարծ կիսատ թողեց խոսքը, վեր կացավ տեղից ու քայլեց դեպի անկիզելի պահարանը։ ― Կարճ ասած, վերջին երկու ամսվա ընթացքում, ըստ միայն մեր ունեցած տեղեկությունների, հաիառակորդը տարբեր Գոտիներից ստացել է ավելի քան վեց հազար միավոր նյութ։ ― Նա կանգ առավ անկիզելի պահարանի մոտ, շոյեց նրա ներկված դուռն ու կտրուկ շրջվեց Նունանի կողմը։ ― Ձեզ մի՛ մխիթարեք պատրանքներով, ― գոռաց նա։ ― Կան Բարբրիջի մատնահետքերը։ Մալթացու մատնահետքերը։ Մեծքիթ Բեն Գալեի մատնահետքերը, որին դուք նույնիսկ հարկ չհամարեցիք հիշել։ Գերեշի և Թզուկ Ցմիգի մատնահետքերը։ Լա՜վ եք «ընտելացնում» երիտասարդությանը։ «Ապարանջաննե՜ր»։ «Ասեղնե՜ր»։ «Սպիտակ ֆռի՜կ»․․․ Ու սրանց ավելացրած ինչ֊որ «խեցգետնի աչքեր», «բոժոժավոր անձեռոցիկներ», գրողը տանի․․․
Նա նորից կիսատ թողեց խոսքը, եկավ նստեց իր բազկաթոռին, նորից մատները կցեց իրար ու հարգալից հարցրեց․ ― Ի՞նչ եք մտածում այս ամենի մասին, Ռիչարդ։
Նունանը գրպանից հանեց թաշկինակը և սրբեց պարանոցն ու ծոծրակը։
― Ոչ մի բան չեմ մտածում, ― ազնվորեն քրթմնջաց նա։ ― Ներեցեք շեֆ, ես հիմա ընդհանրապես․․․ Թողեք շունչ քաշեմ։ Բարբրիջ․․․ Բարբրիջը ոչ մի կապ չունի Գոտու հետ։ Ես գիտեմ նրա ամեն մի քայլը։ Նա խնջույքներ է սարքում լճերի ափին, լավ փող է վաստակում, ու նրան պարզապես պետք չէ․․․ Ներեցեք, ես, իհարկե, հիմարություններ եմ դուրս տալիս, բայց հավատացնում եմ ձեզ, որ ինչ Բարբրիջը դուրս է եկել հիվանդանոցից, ես ոչ մի օր աչքաթող չեմ արել նրան․․․
― Ես այլևս ձեզ չեմ պահի, ― ասաց պարոն Լեմխենը։ ― Մի շաբաթ ժամանակ եմ տալիս։ Ինձ կներկայացնեք ձեր դատողությունները, թե Գոտուց նյութերն ինչպես են ընկնում Բարբրիջի․․․ և մյուսների ձեռքը։ Ցտեսություն։
Նունանը վեր կացավ, գլխով շփոթահար հրաժեշտ տվեց պարոն Լեմխենին ու, շարունակելով թաշկինակով սրբել քրտնքի մեջ կորած վիզը, դուրս եկավ ընդունարան։ Թխադեմ երիտասարդը ծխում էր, մտախոհ նայելով քարուքանդ եղած էլեկտրոնիկայի ներսը։ Նա մի պահ նայեց Նունանի կողմը․ նրա աչքերը դատարկ էին, հայացքը դեպի ներս ուղղված։
Ռիչարդ Նունանը մի կերպ գլխարկը քաշեց գլխին, անձրևանոցը դրեց թևի տակ ու իրեն դուրս գցեց։ Ինձ հետ դեռ այսպիսի բան չէր եղել, ― մոլորված մտածում էր նա։ Ով կմտածեր, թե Մեծքիթ Բեն Գալեին․․․ Արդեն հասցրել է մականուն վաստակել․․․ Ե՞րբ․․․ Լակոտի՜ն տես, փսլինքը թափվում է բերանից․․․ Չէ, դա դեռ ոչինչ․․․ Ախ, անոտ անասուն․․․ Գիշակեր․․․ Ո՞նց դու ինձ մատի վրա խաղացրիր․․․ Լավ խաղ խաղացիր գլխիս․․․ Ո՞նց է եղել․․․ Այդպիսի բան պարզապես չէր կարող լինել։ Ճիշտ, ոնց որ այն ժամանակ, Սինգապուրում, քիչ է մնում գլուխս պատին խփեմ․․․
Նա նստեց մեքենայի մեջ ու որոշ ժամանակ, ամբողջովին անջատված, չէր կարողանում գտնել միացման բանալին։ Անձրևաջուրը գլխարկից թափվում էր ծնկներին, և նա գլխարկը հանեց ու շպրտեց հետևի նստարանին։ Անձրևը թրջում էր առջևի ապակին, ու Ռիչարդ Նունանին թվում էր, թե դա խանգարում է իրեն, որ կենտրոնանա ու մտածի, թե ինչ պետք է անի հիմա։ Գլխի ընկնելով անելիքը, նա բռունցքով ուժեղ խփեց լերկ ճակատին։ Ու միանգամից թեթևացավ։ Իսկույն հիշեց, միացման բանալի չկա ու չի կարող լինել, դրա փոխարեն գրպանում կա «էտակ»։ Հավերժական ակումուլյատոր։ Ու պետք է այդ Էտակը հանել գրպանից, գրողը տանի քեզ, դնել բռի մեջ, և արդեն կարելի է մի որևէ տեղ գնալ, հեռու այս տնից, որտեղ պատուհանի մոտ կանգնած իրեն է հետևում ծեր կախարդը․․․
Նունանն «էտակը» ձեռքն առավ, որ դնի տեղը, ու հանկարծ ասես քարացավ։ Այսպե՜ս։ Համենայն դեպս ես գիտեմ, թե ումից պետք է սկսեմ, գիտեմ, ու հենց նրանից էլ կսկսեմ։ Ախ ո՜նց կսկսեմ․․․ Ոչ ոք դեռ երբեք այդպես չի սկսել որևէ մեկից, ոնց որ հիմա ես կսկսեմ նրանից։ Եվ ինչպիսի՜ հաճույքով․․․ Նա միացրեց «մաքրիչները», ու մեքենան տարավ պուրակի երկայնքով, գրեթե ոչ մի բան չտեսնելով իր ճանապարհին։ Նա արդեն մի քիչ հանգստացել էր։ Ոչինչ։ Թող Սինգապուրի նման լինի։ Ի վերջո, Սինգապուրում էլ ամեն ինչ հաջող անցավ։ Հետո ինչ, որ մի անգամ մռութդ խփեցիր սեղանին։ Է՛հ, կարող էր ավելի վատ լինել։ Կարող էր պատահել, որ մռութդ խփեիր ոչ թե սեղանին, այլ մեխերով ծածկված ինչ֊որ մի բանի․․․ Լավ, չշեղվեմ․․․ Ո՞ւր է իմ «Հինգ րոպեն»․․․ Ոչ մի բան չի երևում․․․ Հա, հրեն երևաց։
Դեռ շուտ էր, բայց «Հինգ րոպե» անառակատունը շողշողում էր լույսերի մեջ, ոնց քո «Մետրոպոլը»։ Ջրից դուրս եկած շան պես թափ տալով իրեն, Ռիչարդ Նունանը ոտք դրեց պայծառ լույսերով ողողված սրահը, որտեղից փչում էր ծխախոտի, օծանելիքի և թթված շամպայնի հոտ։ Ծերուկ Բեննին դեռ առանց լիվրեյի, վաճառասեղանի մոտ նստած ինչ֊որ բան էր ուտում՝ պատառաքաղը բռունցքի մեջ պահած։ Նրա դիմաց, հրեշավոր կուրծքը դրած դատարկ բաժակների կողքը, նստած էր Մադամը ու տխուր նայում էր, թե նա ոնց է ուտում։
Նախասրահը չէին մաքրել երեկվանից։ Երբ Նունանը ներս մտավ, Մադամն իսկույն նրա կողմը թեքեց լայն, սվաղած դեմքը՝ սկզբում դժգոհ, իսկ հետո պրոֆեսիոնալ ժպիտով։
― Օհո՜, ― թավ ձայնով ասաց նա։ ― Պարոն Նունանն է բարեհաճել։ Աղջիկների՞ն ես կարոտել։
Բեննին շարունակում էր ծամել, նա քոթուկի պես խուլ էր։
― Ողջույն, պառավ, ― պատասխանեց Նունանը, մոտենալով նրան։ ― Ինչի՞ս են պետք աղջիկները, երբ իմ դիմաց իսկական կին է կանգնած։
Վերջապես Բեննին նկատեց նրան։ Կապույտ ու կարմիր սպիներից բաղկացած սոսկալի դիմակը մեծ ճիգերով ժպիտ արտահայտեց․
― Բարև պարոն, ― խռխռաց նա։ ― Եկել եք չորանա՞ք։ Նունանը ժպտաց ի պատասխան և ձեռքը թափ տվեց։ Նա չէր սիրում Բեննի հետ խոսել․ անընդհատ պետք էր գոռալ։
― Մադամ, որտե՞ղ է իմ կառավարիչը, ― հարցրեց նա։
― Իր սենյակում է, ― պատասխանեց Մադամը, ― վաղը պիտի հարկերը տանք։
― Ա՜խ այդ հարկերը․․․ ասաց Նունանը։ ― Մադամ, խնդրում եմ պատրաստեք իմ սիրածը, ես հիմա կգամ։
Անաղմուկ քայլելով հաստ ու փափուկ սինթետիկ գորգի վրայով նա անցավ միջանցքով՝ վարագույրով փակված մսուրների մոտով (պատի վրա ամեն մի մսուրի կողքը ծաղիկ էր նկարված), թեքվեց աննկատելի մի փոքրիկ սենյակ ու առանց թակելու բացեց կաշեպատ դուռը։
Մոսոլ Կատյուշան նստել էր սեղանի մոտ ու հայելու մեջ զննում էր քթի մեջ բուսած չարագուշակ պզուկը։ Նա թքել էր այն բանի վրա, որ վաղը պիտի հարկեր վճարեր։ Դատարկ սեղանին դրած էր սնդիկի քսուկով մի բանկա և թափանցիկ հեղուկով բաժակ։ Մոսոլ Կատյուշան արյունով լցված աչքերը բարձրացրեց Նունանի վրա ու վեր թռավ տեղից, ձեռքից վայր գցելով հայելին։ Առանց մի խոսք ասելու, Նունանը նստեց դիմացի բազկաթոռին, որոշ ժամանակ լուռ զննեց ստահակին ու լսեց վերջինիս փնթփնթոցը անիծյալ անձրևի ու ռևմատիզմի մասին։ Հետո ասաց․
― Հապա մի դուռը բանալիով փակիր, աղավնյակս։
Մոսոլը, ոտքերը թփթփացնելով, վազելով մոտեցավ դռանը, բանալիով փակեց ու նորից եկավ սեղանի մոտ։ Նա ասես փրչոտ սարդ լիներ։ Կանգնել էր Նունանի դիմաց ու հնազանդ նայում էր նրա բերանին։ Իսկ Նունանը շարունակում էր զննել նրան՝ աչքերը կկոցելով։ Չգիտես ինչու, նա հանկարծ հիշեց, որ Մոսոլ Կատյուշայի իսկական անունը Ռաֆայել է։ Մոսոլ են ասում հրեշավոր ոսկրոտ, կապտակարմիր բռունցքների համար, որոնք դուրս են ցցված նրա ձեռքերը պատած թավ մազերի տակից։ Իսկ Կատյուշա ինքն էր իրեն անվանում, համոզված լինելով, որ դա մոնղոլ մեծ թագավորների ավանդական անունն է։ Ռաֆայել։ Դե լավ, Ռաֆայել, սկսենք։
― Գործերդ ո՞նց են, ― քնքշորեն հարցրեց Նունանը։
― Ամեն ինչ կարգին է, բոս, ― շտապեց պատասխանել Ռաֆայել Մոսոլը։
― Պարետատան հետ գործերդ վերջացրի՞ր։
― Հարյուր հիսուն տվեցի։ Բոլորը գոհ մնացին։
― Հարյուր հիսունը՝ քեզնից, ― ասաց Նունանը։
― Քո մեղքով եղավ այդ պատմությունը։ Պետք է լավ հետևեիր։
Մոսոլը դժբախտ դեմք սարքեց և խոնարհաբար տարածեց հսկայական թաթերը։
― Նախասրահում պարկետը պետք է փոխել, ― ասաց Նունանը։
― Կարվի։
Նունանը լռեց՝ ուռցնելով շրթունքները։
― «Ապրանք» կա՞, ― հարցրեց նա, ձայնը ցածրացնելով։
― Մի քիչ կա, ― նույնպես ցածրաձայն ասաց Մոսոլը։
― Ցույց տուր։
Մոսոլը նետվեց դեպի չհրկիզվող պահարանը, մի փաթեթ հանեց, դրեց սեղանին՝ Նունանի առաջ, ու բաց արեց։ Նունանը մի մատով խառնշտորեց «սև ցայտերի» կույտը, վերցրեց «ապարանջանը», չորս կողմից տնտղեց ու նորից տեղը դրեց։
― Եղածը սա՞ է, ― հարցրեց նա։
― Չեն բերում, ― մեղավոր ասաց Մոսոլը։
― Չեն բերում․․․ կրկնեց Նունանը։
Նա ուշադիր նշան բռնեց և կոշիկի քթով ուժգին խփեց Մոսոլի սրունքին։ Մոսոլը տնքաց, ուզում էր կռանալ, որ բռնի ցավող տեղը, բայց իսկույն էլ ուղղվեց ու ձգված կանգնեց Նունանի դիմաց։ Այդժամ Նունանը վեր թռավ տեղից, մի կողմ հրեց բազկաթոռը, բռնեց Մոսոլի վերնաշապիկի օձիքից, սկսեց խփել նրան ձեռքով ու ոտքով, կատաղաբար պտտեցնելով աչքերը և բերանից հայհոյանքներ թափելով։ Տնքալով, նվնվալով, գլուխը պահելով հարվածներից՝ Մոսոլը վախեցած ձիու պես հետ֊հետ գնաց, մինչև որ փլվեց բազմոցին։
― Երկու կողմի վրա ես աշխատում, հա՞, սրիկա, ― ֆշշացրեց Նունանը սարսափից սպիտակած նրա աչքերի մեջ։ ― Գիշակերը «ապրանքի» մեջ լողում է, իսկ դու ինձ թղթի մեջ փաթաթված մի երկու հուլունք ես տալիս․․․ ― Նա թափով ապտակեց Մոսոլին, աշխատելով կպչել ցավոտ քթին։ ― Բանտում կփտեցնեմ քեզ։ Թրիքի մեջ կապրես։ Ցամաք հաց կլափես։ Ու կափսոսաս, որ լույս աշխարհ ես եկել։ ― Նա նորից բռունցքով խփեց քթի վերքին։ ― Բարբրիջի «ապրանքը» որտեղի՞ց է։ Ինչո՞ւ նրան բերում են, իսկ քեզ չեն բերում։ Ո՞վ է բերում։ Ինչո՞ւ ես ոչ մի բան չգիտեմ։ Դու ո՞ւմ համար ես աշխատում, փրչոտ խուլ։ Ասա՛։
Մոսոլն անձայն բացում ու փակում էր բերանը։ Նունանը բաց թողեց նրան, եկավ նստեց իր բազկաթոռին, ու ոտքերը դրեց սեղանի վրա։
― Դե՛, ― ասաց նա։
Մոսոլը հեկեկալով կուլ տվեց քթից հոսող արյունն ու ասաց․
― Աստված է վկա, բոս․․․ Ի՞նչ եք ասում։ Գիշակերին որտեղի՞ց «ապրանք»։ Նա ոչ մի «ապրանք» չունի․․․ Հիմա ոչ ոք չունի։
― Դու հո չե՞ս ուզում ինձ հետ վիճել, ― քնքշորեն հարցրեց Նունանը, ոտքերը իջեցնելով սեղանից։
― Չէ, չէ, բոս․․․ Աստված իմ, ― շտապեց Մոսոլը։ ― Գետինը մտնեմ․․․ Ինչու պիտի վիճեմ։ Մտքովս էլ չի անցնում․․․
― Դուրս կշպրտեմ քեզ, ― մռայլ ասաց Նունանը։ ― Չես կարողանում աշխատել։ Ինչի՞ ես պետք, հը՞․․․ Ես քո նմաններին պահողը չեմ։ Ինձ իսկական գործ անող է հարկավոր։
― Սպասեք, բոս, ― խոհեմաբար ասաց Մոսոլը՝ արյունը լղոզելով դեմքին։ ― Ի՞նչ եք միանգամից հարձակվում․․․ Հապա եկեք իրար հասկանանք․․․ ― Նա զգուշորեն մատը հպեց քթի վրքին։ ― Ասում եք, իբր Բարբրիջի մոտ շատ «ապրանք» կա։ Ես բան չգիտեմ։ Կներեք ինձ, իհարկե, բայց ինչ֊որ մեկը էս հարցում ձեզ խաբել է։ Հիմա ոչ մեկի մոտ «ապրանք» չկա։ Հիմա, ախր, միայն լակոտ֊լուկուտներն են գնում Գոտի ու չեն վերադառնում․․․ Չէ, բոս, ձեզ հաստատ խաբել են․․․
Նունանն աչքի պոչով հետևում էր նրան։ Երևում էր, որ Մոսոլն իսկապես ոչ մի բան չգիտեր։ Եվ հետո, նրա համար ձեռնտու էլ չէր խաբելը՝ Գիշակերը մարդու կարգին փող տվող չէ։
― Այդ խնջույքները եկամտաբե՞ր բան են, ― հարցրեց նա։
― Խնջույքնե՞րը։ Ոնց որ այնքան էլ եկամտաբեր չեն։ Կարգին փող չես հավաքի։ Բայց դե հիմա քաղաքում շահավետ գործեր չկան։
― Որտե՞ղ են սարքում այդ խնջույքները։
― Որտեղ են սարքո՞ւմ։ Տարբեր տեղերում․․․ Սպիտակ սարի մոտ, Ջերմուկների մոտ, Ծիածանի լճերում․․․
― Իսկ ովքե՞ր են հաճախորդները․․․
― Ովքեր ե՞ն․․․ ― Մոսոլը քիթը վեր քաշեց, աչքերը թարթեց ու վստահելի տոնով ասաց․ ― Եթե դուք եք ուզում այդ գործը ձեռնարկել, բոս, ապա ես խորհուրդ չէի տա։ Դուք այստեղ չեք կարողանա Գիշակերի հետ մրցել։
― Իսկ ինչո՞ւ։
― Գիշակերի հաճախորդներն են երկնագույն սաղավարտները՝ մեկ, ― Մոսոլը սկսեց ծալել մատները, ― պարետատան սպաները՝ երկու, «Մետրոպոլի», «Սպիտակ շուշանի», «Եկվորի» տուրիստները՝ երեք։ Հետո նա շատ լավ ռեկլամ ունի, տեղացի ջահելներն էլ են նրա մոտ գնում․․․ Աստծո սիրուն, բոս, չարժե նրա հետ գլուխ դնել։ Աղջիկների համար նա մեզ վճարում է, ճիշտ է, չէի ասի շատ շռայլ․․․
― Տեղացինե՞րն էլ են գնում նրա մոտ։
― Հիմնականում ջահելները։
― Իսկ այդ խնջույքների ժամանակ ի՞նչ են անում։
― Ինչ են անո՞ւմ։ Այնտեղ ավտոբուսներով են գնում, չէ՞։ Իսկ այնտեղ արդեն վրանները պատրաստ են, բուֆետ, երժշտություն․․․ Դե, ամեն մեկն այնտեղ իր ուզածի պես զվարճանում է․․․ Սպաները՝ ավելի շատ աղջիկների հետ, տուրիստները նետվում են Գոտին տեսնելու, եթե Ջերմուկների մոտ է խնջույքը, դե այնտեղից որ ձեռք մեկնես՝ Գոտուն կհասնի․․․ Գիշակերը նրանց համար այնտեղ ձիու ոսկորներ է թափել, դե տուրիստներն էլ հեռադիտակներով նայում են․․․
― Իսկ տեղացինե՞րը։
― Տեղացինե՞րը։ Դա, իհարկե, նրանց համար հետաքրքիր չէ։ Դե, ամեն մեկը իր ձևով ուրախանում է․․․
― Իսկ Բարբրի՞ջը։
― Էհ, Բարբրիջը ի՞նչ պիտի անի։ Ոնց որ բոլորը, այնպես էլ նա․․․
― Իսկ դո՞ւ։
― Իսկ ես․․․ ի՞նչ։ Ոնց որ բոլորը, այնպես էլ ես։ Նայում եմ, հետևում եմ, որ աղջիկներին չնեղացնեն․․․ և․․․ դա, դե․․․ դե, ոնց որ բոլորը․․․
― Եվ այդ ամենը ինչքա՞ն է տևում։
― Նայած երբ։ Երբեմն՝ երեք օր, երբեմն էլ ամբողջ մի շաբաթ։
― Ու ի՞նչ արժե այդ հաճույքը, ― հարցրեց Նունանը, բոլորովին ուրիշ բանի մասին մտածելով։
Մոսոլն ինչ֊որ բան պատասխանեց, բայց Նունանը նրան չէր լսում։ Ահա այդ ճեղքը, մտածում էր նա։ Մի քանի օր․․․ Մի քանի գիշեր․․․ Այդ պայմաններում պարզապես անհնարին է հետևել Բարբրիջին, նույնիսկ եթե հատուկ նպատակ էլ դնես․․․ Եվ, այնուամենայնիվ, անհասկանալի բան է․․․ Ախր նա ոտքեր չունի, իսկ այնտեղ․․․ Չէ, մի ուրիշ բան կա․․․
― Տեղացիներից ո՞վ է միշտ գնում այնտեղ։
― Տեղացիների՞ց։ Ախր ասում եմ, չէ՞, ջահելները։ Դե, Գալևին, Ռաժբան, Հավի Ճուտ Ցապֆան, Ցմիգը։ Մալթացին էլ է լինում այնտեղ․․․ Դրանց խումբը։ Նրանք դա անվանում են «կիրակնօրյա դպրոց»։ Նրանք այնտեղ գնում են հիմնականում տարիքոտ տուրիստ կանանց համար։ Լավ փող են աշխատում։ Եվրոպայից եկած պառավների հետ ու․․․
― «Կիրակնօրյա դպրոց», ― կրկնեց Նունանը։
Հանկարծ նրա գլխում մի տարօրինակ միտք ծագեց։ Դպրոց։ Նա վեր կացավ տեղից։
― Լավ, ― ասաց նա։ ― Պարզ է, այդ խնջույքները մեր բանը չեն։ Բայց թե իմացած եղիր՝ Գիշակերը «ապրանք» ունի, իսկ դա մեր գործն է, աղավնյակս։ Մենք դա չենք կարող աչքաթող անել։ Փնտրիր, Մոսոլ, իմացիր, թե չէ ես քեզ գրողի ծոցը կուղարկեմ։ Որտեղի՞ց է նա «ապրանք» ճարում, ո՞վ է մատակարարում նրան․ այս բոլորը պարզիր ու քսան տոկոս ավելի տուր, քան նա է տալիս։ Հակացա՞ր։
― Հասկացա, բոս։ ― Արդեն Մոսոլն էլ էր կանգնել ձիգ, արյունոտ մռութին՝ հավատարմություն։
― Դե, խելքիդ զոռ կատաս, անասո՛ւն, ― հանկարծ գոռաց Նունանն ու դուրս եկավ։
Սրահում նա կանգնեց վաճառասեղանի մոտ, դանդաղ խմեց իր ապերիտիվը, Մադամի հետ խոսեց բարքերի անկման մասին, ակնարկեց, որ մտադիր է մոտ ապագայում մեծացնել հաստատությունը և, ձայնը ցածրացնելով, խորհուրդ տվեց, թե ինչպես պետք է վարվել Բեննիի հետ, ծերացել է խեղճը, չի լսում, նախկին ռեակցիան չունի, չի հասցնում առաջվա պես․․․ Արդեն ժամը վեցն էր, նա ուտել էր ուզում, իսկ մտքում անընդհատ պտտվում էր ու պտտվում մի անսպասելի միտք, որը շատ էր արտառոց ու միաժամանակ շատ բան էր բացատրում։ Ի դեպ, առանց այն էլ շատ բան բացատրվեց, այս գործից անհետացավ միստիկայի ահաբեկող ու գրգռող երանգը, մնաց միայն ինքն իրենից նեղանալը այն բանի համար, թե ինչու նախկինում չէր մտածել նման հնարավորության մասին, բայց ամենահիմնականը դա չէր, այլ այն միտքը, որ անընդհատ պտտվում ու պտտվում էր ուղեղում և հանգիստ չէր տալիս։
Հրաժեշտ տալով Մադամին և սեղմելով Բեննիի ձեռքը, Նունանը ուղիղ գնաց «Բորժչ»։ Ամենավատն այն է, որ մենք չենք նկատում, թե ինչպես են թռչում տարիները, մտածում էր Նունանը։ Թքած տարիների վրա, մենք չենք նկատում, ինչպես է ամեն ինչ փոխվում։ Մենք գիտենք, որ ամեն ինչ փոխվում է, մեզ մանկուց սովորեցնում են, որ ամեն ինչ փոխվում է, մենք շատ անգամ աչքներովոս տեսնում ենք, թե ինչպես է փոխվում, բայց և այնպես բնավ ընդունակ չենք տեսնելու այն պահը, երբ տեղի է ունենում փոփոխությունը, կամ էլ փոփոխությունը փնտրում ենք ոչ այնտեղ, որտեղ պետք է փնտրել։ Ահա արդեն հայտնվել են նոր ստալկերներ՝ կիբեռնետիկայով զինված ստալկերներ։ Հին ստալկերը կեղտոտ, մռայլ մարդ էր, որը գազանի համառությամբ, միլիմետր առ միլիմետր, փորի վրա պառկած, սողում էր Գոտում, որ փող աշխատի։ Նոր ստալկերը փողկապով պճնամոլ է, ինժեներ, իր համար նստում է Գոտուց մի կիլոմետր հեռավորության վրա, բերանին սիգարետ, արմունկի մոտ՝ զովացուցիչ հյութով լի բաժակ, այսպես նայում է ու նայում էկրաններին։ Աշխատավարձով ջենտլմեն։ Շատ տրամաբանական պատկեր է։ Այն աստիճան տրամաբանական, որ ուրիշ հնարավորություններ իսկի մտքներովն էլ չի անցնում։ Բայց չէ որ կան նաև այդպիսի հնարավորություններ, օրինակ՝ «կիրակնօրյա դպրոցը»։
Եվ հանկարծ, ասես առանց պատճառի, նա հուսահատվեց։ Ամեն ինչ իզուր է։ Ամեն ինչ անօգուտ։ Աստված իմ, մտածեց, էլ ոչ մի բան չի ստացվի։ Ոչ պահել կարող ենք, ոչ դադարեցնել։ Չկա այնպիսի մի ուժ, ոըը կարողանա զսպել, վերջ տալ այս ամենին, մտածեց նա ահաբեկված։ Եվ պատճառն այն չէ, որ մենք վատ ենք աշխատում։ Պարզապես այսպիսի աշխարհում ենք ապրում։ Ու մեր այս աշխարհում մարդիկ էլ են այդ տեսակ։ Չլիներ Այցելությունը՝ մի ուրիշ բան կլիներ։ Խոզը միշտ էլ իր համար ցեխ գտնում է․․․
«Բորժչը» պայծառ լուսավորված էր և պարուրված համեղ բուրմունքներով։ «Բորժչն» էլ էր փոխվել․ այստեղ էլ չէին պարում, ոչ էլ ուրախանում էին։ Գուտալինը հիմա այստեղ չի գալիս, զզվում է։ Եվ Ռեդրիկ Շուխարտն էլ երևի պեպենոտ քիթը մտցրել է ներս, ծամածռել դեմքն ու գնացել։ Էռնեստը մինչև հիմա բանտում է, գործերը վարում է նրա պառավը․ վերջապես հասավ իր ուզածին։ Հիմա «Բորժչն» ունի պատկառելի, մշտական հաճախորդներ, ամբողջ ինստիտուտն է այստեղ գալիս ճաշելու, ինչպես նաև գալիս են ավագ սպաները՝ հարմարավետ առանձին խցեր, համով ճաշեր էժան գներով, միշտ թարմ գարեջուր։ Հին ու բարի մեր պանդոկը։
Խցերից մեկում Նունանը տեսավ Վալենտին Պիլմանին։ Դափնեկիրը սուրճ էր խմում ու կարդում էր մեջտեղից ծալած հանդեսը։ Նունանը մոտեցավ նրան։
― Թույլ կտա՞ք ձեզ մոտ նստել, ― հարցրեց նա։
Վալենտինը սև ակնոցով աչքերը բարձրացրեց նրա վրա։
― Ա՜, ― ասաց նա, ― խնդրեմ։
― Հիմա, գնամ լվացվեմ, ― ասաց Նունանը, հանկարծ հիշելով Մոսոլի քիթը։ Այստեղ բոլորը ճանաչում էին նրան։ Երբ նա հետ եկավ ու նստեց Վալենտինի դիմաց, սեղանին արդեն դրված էր փոքրիկ թավան՝ գոլորշի արձակող շուրասկոյով, և խոշոր գավաթով գարեջուրը՝ ոչ շատ սառը, ոչ էլ տաք, ինչպես նա էր սիրում։ Վալենտինը մի կողմ դրեց հանդեսը և ձեռքը վերցրեց սուրճի բաժակը։
― Լսեք, Վալենտին, ― ասաց Նունանը, մի կտոր միս կտրելով։ ― Ինչ եք կարծում, այս ամենը ինչո՞վ պիտի վերջանա։
― Ի՞նչը նկատի ունեք։
― Այցելությունը, Գոտին, ստալկերները, ռազմաարդյունաբերական համալիրները, այս ամբողջ խառնակույտը․․․ Ինչո՞վ կվերջանա այս ամենը։
Վալենտինը երկար նայեց նրա վրա կույր, սև ապակիներով։ Հետո վառեց սիգարետն ու ասաց․
― Ո՞ւմ համար։ Կոնկրետացրեք։
― Դե, ասենք, մոլորակի մեր մասի համար։
― Դա կախված է այն բանից, մեր բախտը կբանի՞, թե չէ, ― ասաց Վալենտինը։ ― Մենք հիմա գիտենք, որ մոլորակի մեր մասի համար Այցելությունը, ընդհանուր առմամբ, անհետևանք է եղել։ Իհարկե, բացառված չէ, որ կուրորեն շագանակներ փախցնելով այդ կրակից, մենք ի վերջո մի այնպիսի բան դուրս կբերենք այնտեղից, որի պատճառով կյանքն անհնարին կդառնա ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ մոլորակում։ Դա կլինի անհաջողություն, ձախորդություն։ Սակայն համաձայնեք, որ այդ վտանգը միշտ էլ սպառնացել է մարդկությանը։ ― Նա ձեռքով ցրեց սիգրետի ծուխը և քմծիծաղեց։ ― Ես, գիտեք, վաղուց արդեն դադարել եմ մտածել համայն մարդկության մասին։ Համայն մարդկությունը չափազանց հաստատուն համակարգ է, և երբեք այն չես ընդգրկի․․․
― Դուք այդպե՞ս եք կարծում, ― հիասթափված ասաց Նունանը։ ― Դե, գուցեև այդպես է․․․
― Անկեղծ ասեք, Ռիչարդ, ― բացահայտորեն զվարճանալով, ասաց Վալենտինը։ ― Այ, ձեզ համար, գործարար մարդու համար, ի՞նչը փոխվեց Այցելության պատճառով։ Ասենք թե իմացաք, որ տիեզերքում կա ևս մեկ բանականություն, բացի մարդկանցից։ Հետո ի՞նչ։
― Դե, ինչպես ասեմ, ― կմկմաց Նունանը։ Նա արդեն ափսոսում էր, այս խոսակցությունն սկսելու համար։ Այստեղ դրա տեղը չէր։ ― Ի՞նչն է փոխվել ինձ համար․․․ Օրինակ, մի քանի տարի է արդեն ես ինչ֊որ անհարմարություն եմ զգում։ Լավ, նրանք եկան ու իսկույն գնացին։ Իսկ եթե նորից գան ու խելքներին փչի մնա՞լ։ Ինձ համար՝ գործարար մարդու համար, սա լոկ պարապ հարց չէ։ Ովքե՞ր են նրանք, ինչպե՞ս են ապրում, նրանց ի՞նչ է հարկավոր․․․ Եթե մտածեմ ամենապարզունակ կերպով, ապա պետք է փոխեմ արտադրությունը։ Ես պետք է պատրաստ լինեմ դրան։ Իսկ եթե ընդհանրապես պիտանի չլինեմ նրա՞նց․․․ ― Նունանը աշխուժացավ։ ― Իսկ եթե մենք բոլորս ավելորդ լինե՞նք։ Լսեք, Վալենտին, քանի որ խոսք բացվեց, արդո՞ք կան այս հարցերի պատասխանները։ Ովքե՞ր են նրանք, նրանց ի՞նչ էր հարկավոր, կգա՞ն նորից, թե չէ․․․
― Պատասխաններ կան, ― ասաց Վալենտինը քմծիծաղելով։ ― Նույնիսկ շատ֊շատ են այդ պատասխանները, որն ուզում ես ընտրիր։
― Իսկ դուք ի՞նչ եք մտածում։
― Անկեղծ ասած, ես երբեք լրջորեն չեմ մտածել այդ մասին։ Ինձ համար Այցելությունը ամենից առաջ մի բացառիկ երևույթ է, որը հղի է իմացության պրոցեսում միանգամից մի քանի աստիճան առաջ թռչելու հնարավորությամբ։ Դեպի տեխնոլոգիայի ապագան ճանապարհորդելու պես մի բան։ Դե ոնց որ, ասենք, Իսահակ Նյուտոնի լաբորատորիայում հանկարծ մի ժամանակակից քվանտային գեներատոր հայտնվեր․․․
― Նյուտոնը ոչինչ չէր հասկանա։
― Իզուր եք այդպես կարծում։ Նյուտոնը շատ խորաթափանց մարդ էր։
― Հա՞։ Դե լավ, աստված նրա հետ։ Իսկ դուք, այնուամենայնիվ, ինչպե՞ս եք բացատրում այցելությունը։ Թեկուզ ոչ լրջորեն․․․
― Լավ, կասեմ։ Միայն թե պիտի զգուշացնեմ ձեզ, Ռիչարդ, որ ձեր հարցը գտնվում է քսենոլոգիա կոչվող կեղծ գիտության իրավասության տակ։ Քսենոլոգիան գիտական ֆանտաստիկայի և ձևական տրամաբանության անբնական խառնուրդն է։ Նրա մեթոդը հիմնվում է մի արատավոր սկզբունքի վրա՝ արտամոլորակային բանականությանը պարտադրել մարդկային հոգեբանություն։
― Ինչո՞ւ է դա արատավոր, ― հարցրեց Նունանը։
― Որովհետև ժամանակին կենսաբանները մի լավ վառվեցին, երբ փորձեցին մարդու հոգեբանությունը վերագրել կենդանիներին։ Նկատի ունեցեք՝ երկրային կենդանիներին։
― Թույլ տվեք, ― ասաց Նունանը։ ― Դա բոլորովին ուրիշ բան է։ Չէ՞ որ մենք խոսում ենք բանական էակների հոգեբանության մասին․․․
― Այո։ Եվ ամեն ինչ հոյակապ կլիներ, եթե մենք գիտենայինք, թե ինչ բան է բանականությունը։
― Իսկ մի՞թե մենք չգիտենք, ― զարմացավ Նունանը։
― Պատկերացրեք՝ ոչ։ Սովորաբար ելնում են շատ տափակ մի սահմանումից․ բանականությունը մարդու այն հատկանիշն է, որը նրա գործունեությունը տարբերում է կենդանիների գործունեությունից։ Այսպես ասած՝ փորձում են տիրոջը սահմանազատել շնից, որն իբր ամեն ինչ հասկանում է, բայց խոսել չի կարողանում։ Ի դեպ, այս տափակ սահմանումից բխում են ավելի սրամիտ սահմանումներ, որոնք հենվում են ավելի սրամիտ սահմանումներ, որոնք հենվում են մարդու վերոհիշյալ գործունեության տխրալի դիտարկումների վրա։ Օրինակ, բանականությունը կենդանի արարածի այն հատկությունն է, որի շնորհիվ նա կատարում է աննպատակահարմար կամ անբնական արարքներ։
― Այո, դա հենց մեզ է վերաբերվում, ինձ նմաններին, ― վշտացած համաձայնեց Նունանը։
― Դժբախտաբար։ Կամ ասենք, այս վարկած֊սահմանումը։ Բանականությունը մի բարդ բնազդ է, որը դեռ չի հասցրել ձևավորվել։ Նկատի է առնվում այն, որ բնազդային գործունեությունը միշտ էլ նպատակահարմար է և բնական։ Կանցնի միլիոն տարի, բնազդը կձևավորվի, ու մենք այլևս չենք կատարի այն սխալները, որոնք, հավանաբար, կազմում են բանականության անքակտելի հատկանիշը։ Եվ այդժամ, եթե Տիեզերքում ինչ֊որ բան փոխվի, մենք բարեհաջող կմահանանք, և դարձյալ հենց այն պատճառով, որ հետ էինք վարժվել սխալներ գործելուց, այսինքն՝ խիստ ծրագրով չնախատեսված զանազան տարբերակներ փորձելուց։
― Այդ ամենը, ինչ֊որ ասում եք, շատ ստորացուցիչ է․․․
― Խնդրեմ, այդ դեպքում կասեմ ևս մեկ սահմանում՝ վեհ ու ազնիվ։ Բանականությունը շրջապատող աշխարհի ուժերն օգտագործելու հատկությունն է՝ առանց այդ աշխարհը ավերելու։
Նունանը կնճռոտեց դեմքը և օրորեց գլուխը։
― Ոչ, ― ասաց նա։ ― Դա մեզ չի վերաբերվում․․․ Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ մարդը, ի տարբերություն կենդանիների, գիտելիքների նկատմամբ անհաղթահարելի պահանջով օժտված էակ է։ Ես սա կարդացել եմ ինչ֊որ տեղ։
― Ես էլ եմ կարդացել, ― ասաց Վալենտինը։ ― Բայց դժբախտությունն այն է, որ մարդը, համենայն դեպս զանգվածային մարդը, նա, որին դուք ի նկատի եք ունենում, երբ ասում եք՝ «մեզ է վերաբերվում», հեշտությամբ է հաղթահարում գիտելիքների նկատմամբ իր այդ պահանջը։ Աստծու մասին վարկածը, օրինակ, մեզ մի անօրինակ հնարավորություն է տալիս բացարձակապես ամեն ինչ հասկանալ, բացարձակապես ոչ մի բան չհասկանալով․․․ Տվեք մարդուն աշխարհի ծայրաստիճան պարզունակ մի մոդել և բոլոր իրադարձությունները մեկնաբանեք այս պարզունակացված մոդելի վրա հիմնվելով։ Նման մոտեցումը ոչ մի գիտելիք չի պահանջում։ Անգիր արած մի քանի բանաձև, գումարած այսպես կոչված ինտուիցիան, այսպես կոչված գործնական ուշիմությունը և այսպես կոչված առողջ դատողությունը։
― Սպասեք, ― ասաց Նունանը։ Նա մինչև վերջ խմեց գարեջուրը և դատարկ գավաթը շրխկոցով դրեց սեղանին։ ― Մի՛ շեղվեք։ Եկեք, այնուամենայնիվ, այսպես մտածենք։ Մարդը հանդիպել է այլմոլորակային էակի հետ։ Ւնչպե՞ս պիտի նրանք իմանան, որ երկուսն էլ բանական էակներ են։
― Գաղափար չունեմ, ― ասաց Վալենտինը, մի տեսակ ուրախանալով։ ― Այն ամենը, ինչ ես կարդացել եմ դրա վերաբերյալ, հանգում է արատավոր շրջանին։ Եթե նրանք ընդունակ են շփման, հարաբերակցվելու, ուրեմն բանական էակներ են։ Եվ ընդհակառակը։ Եթե նրանք բանական են, ուրեմն ընդունակ են հարաբերակցվելու։ Եվ ընդհանրապես, եթե այլմոլորակային էակը պատիվ ունի օժտված լինելու մարդու հոգեբանությամբ, ուրեմն նա բանական էակ է։ Այ, այսպես։
― Այ քեզ բա՜ն, ― ասաց Նունանը։ ― Իսկ ես կարծում էի, թե ձեզ համար ամեն ինչ պարզ է ու տեղը տեղին դասավորված դարակներում։
― Կապիկն էլ կարող է դարակներում դասավորել, ― նկատեց Վալենտինը։
― Ոչ, սպասեք, ― ասաց Նունանը։ Չգիտես ինչու, նա իրեն խաբված էր զգում։ ― Բայց եթե դուք չգիտեք այդ հասարակ բաները․․․ Լավ, գրողը տանի այդ բանականությունը․․․ Երևում է, սատանան էլ դրանից գլուխ չի հանի։ Իսկ Այցելության հարցը․․․ Այնուամենայնիվ, դուք ի՞նչ եք մտածում այցելության մասին։
― Խնդրեմ, ― ասաց Վալենտինը։ ― Հապա պատկերացրեք մի խնջույք բնության գրկում։
Նունանը ցնցվեց։
― Ինչ ասացի՞ք։
― Խնջույք։ Հապա պատկերացրեք․ անտառ, ճանապարհ, մարգագետին։ Ճանապարհից մարգագետին է մտնում մի ավտոմեքենա, ավտոմեքենայից դուրս են թափվում ջահել տղաներ ու աղջիկներ՝ շշերով, ուտելիքով զամբյուղներով, տրանզիստորներով, ֆոտո և կինոապարատներով․․․ Խարույկ են վառում, վրաններ խփում, անընդհատ հնչում է երաժտությունը։ Իսկ առավոտյան նրանք մեկնում են։ Գազանները, թռչուններն ու միջատները, որոնք ամբողջ գիշեր սարսափով դիտում էին տեղի ունեցածը, դուրս են գալիս իրենց թաքստոցներից։ Ու ի՞նչ են տեսնում։ Խոտի վրա քսայուղ ու բենզին է թափված, կիսատ մոմեր ու յուղի զտիչներ։ Ինչ ասես որ չի մնացել՝ այրված լամպեր, բացիչներ, դողերից պոկված ցեխ․․․ և, ինքներդ էլ եք հասկանում՝ խարույկի մնացորդներ, կծած խնձորներ, կոնֆետի թղթեր, պահածոյի տուփեր, դատարկ շշեր, ինչ֊որ մեկի թաշկինակը, դանակ, հին ու պատռված թերթեր, ուրիշ տեղերից քաղված ու արդեն թոշնած ծաղիկներ․․․
― Ես հասկացա, ― ասաց Նունանը։ ― Խնջույք ճամփեզրին։
― Հենց այդպես։ Խնջույք՝ ինչ֊որ մի տիեզերական ճանապարհի եզրին։ Իսկ դուք հարցնում եք ինձ կվերադառնա՞ն նրանք, թե չէ։
― Ինձ մի սիգարետ տվեք, ― ասաց Նունանը։ ― Գրողը տանի ձեր կեղծ գիտությունը։ Ես այդ ամենը բոլորովին ուրիշ կերպ էի պատկերացնում։
― Դա ձեր իրավունքն է, ― նկատեց Վալենտինը։
― Ուրեմն, դուրս է գալիս, որ նրանք նույնիսկ մեզ չեն էլ նկատե՞լ։
― Ինչո՞ւ։
― Դե, համենայն դեպս, ուշադրություն չեն դարձրել մեզ վրա։
― Գիտեք, ես ձեր տեղը լինեի, երբեք չէի վշտանա, ― խորհուրդ տվեց Վալենտինը։
Նունանը ծուխը ներս քաշեց, հազաց ու դեն գցեց սիգարետը։
― Միևնույն է, ― համառորեն ասաց նա։ ― Չի կարող պատահել։ Գրողը տանի ձեզ՝ գիտնականներիդ։ Այդ որտեղի՞ց է ձեզ մոտ նման արհամարանքը մարդու նկատմամբ։ Ինչո՞ւ եք դուք ձգտում անընդհատ նվաստացնել նրան․․․
― Սպասեք, սպասեք, ― ասաց Վալենտինը։ ― Լսեք։ «Դուք կհարցնեք ինձ․ մարդը ինչո՞վ է մեծ, ― ասաց նա։ ― Նրանով, որ ստեղծել է երկրորդ բնությո՞ւնը։ Որ շարժման մեջ է դրել գրեթե տիեզերական ուժե՞ր։ Որ աննշան ժամանակամիջոցում տիրել է ամբողջ մոլորակին և պատուհան բացել դեպի Տիեզե՞րք։ Ո՛չ։ Մարդը նրանով է մեծ, որ, չնայած այս ամենին, սպրում է և մտադիր է ապրել այսուհետ»։
Տիրեց լռություն։ Նունանը մտքերի մեջ էր ընկել։
― Միգուցե, ― ասաց նա անվստահ։ ― Իհարկե, եթե այդ տեսանկյունից․․․
― Լավ, դուք մի՛ վշտացեք, ― բարեհոգաբար ասաց Վալենտինը։ ― Խնջույքը սոսկ իմ վարկածն էր։ Եվ նույնիսկ ոչ թե վարկած, այլ, այսպես ասած, պատկեր․․․ Այսպես կոչված լուրջ քսենոլոգները ճգնում են հիմնավորել շատ ավելի պատկառելի և մարդկային ինքնասիրությունը շոյող վերսիաներ։ Օրինակ, որ ոչ մի Այցելություն էլ չի եղել, որ նոր միայն պիտի լինի Այցելությունը։ Ոմն բարձրագույն բանականությունը մեր Երկիրն է նետել իր նյութական կուլտուրայի նմուշներով կոնտեյներներ։ Սպասվում է, որ մենք կուսումնասիրենք այդ նմուշները, տեխնոլոգիական թռիչք կկատարենք ու կկարողանանք նրանց ուղարկել պատասխան ազդանշանը, որը հենց կնշանակի շփման մեջ մտնելու իրական պատրաստակամություն։ Սա ձեզ դո՞ւր է գալիս։
― Դա շատ ավելի լավ է, ― ասաց Նունանը։ ― Ես տեսնում եմ, որ գիտնականների մեջ էլ են հանդիպում կարգին մարդիկ։
― Կամ՝ սա։ Այցելությունը իրոք եղել է, սակայն բնավ էլ չի վերջացել։ Փաստորեն մենք հիմա գտնվում ենք շփման վիճակում, միայն թե գլխի չենք ընկնում․․․ Եկվորները բնավորվել են Գոտիներում ու ամենայն մանրակրկիտությամբ ուսումնասիրում են մեզ, միաժամանակ նախապատրաստելով «գալիքի ահեղ հրաշքներին»։
― Այ դա ես հասկանում եմ, ― ասաց Նունանը։ ― Համենայն դեպս, գոնե հասկանալի է, թե այդ ինչ խորհրդավոր եռուզեռ, քաշքշոց է տեղի ունենում գործարանի ավերակներում։ Ի միջի այլոց, ձեր խնջույքը չի բացատրում այդ եռուզեռը։
― Ո՞նց թե չի բացատրում, ― առարկեց Վալենտինը։ ― Չէ՞ որ աղջիկներից մեկը կարող էր այնտեղ թողած լինել իր լարովի արջուկը․․․
― Դեհ, այդ մեկը չեղավ, ― վճռականորեն ասաց Նունանը։ ― Լավ արջուկ է՝ գետինը ցնցվում է․․․ Ասենք, կարող է նաև արջուկ լինել։ Գարեջուր կուզե՞ք։ Ռոզալիա՜։ Երկու գարեջուր պարոն քսենոլոգներին․․․ Իսկ ձեզ հետ զրուցելը շատ հաճելի է, ― ասաց նա Վալենտինին։ ― Ուղեղս մաքրվեց, ոնց որ անգլիական աղ լցնեին գանգիս մեջ։ Թե չէ աշխատում ես, աշխատում, իսկ թե ինչու, ինչի համար, ինչ կլինի, ինչ կպատահի, ինչով սիրտդ կհովանա․․․
Գարեջուր բերեցին։ Նունանը մի կում արեց փրփուրի վրայից, տեսնելով, որ Վալենտինը զզվանքով ու կասկածանքով է նայում իր գավաթին։
― Հը, լավը չի՞, ― հարցրեց նա, լպստելով շրթունքները։
― Դե ես, ճիշտն ասած, չեմ խմում, ― տատանվելով ասաց Վալենտինը։
― Իսկապե՞ս, ― զարմացավ Նունանը։
― Գրողը տանի, ― ասաց Վալենտինը և վճռականորեն մի կողմ հրեց գավաթը։ ― Ավելի լավ է ինձ համար կոնյակ պատվիրեք։
― Ռոզալիա՜, ― անմիջապես գոռաց ուրախացած Նունանը։
Երբ կոնյակը բերեցին նա ասաց․
― Եվ, այնուամենայնիվ, այդպես չի կարելի։ Ես արդեն չեմ խոսում ձեր խնջույքի մասին, դա ընդհանրապես խոզություն է, բայց եթե նույնիսկ ընդունենք այն տեսակետը, իբր դա շփման նախերգանքն է, դարձյալ լավ չէ։ Ես հասկանում եմ՝ «ապարանջանները», «փուչիկները»․․․ Բայց «վհուկի դոնդողն» ինչի՞ համար է, «մժեղի ճաղատը» այդ նողկալի աղվամազը․․․
― Ներեցեք, ― ասաց Վալենտինը, մի կտոր լիմոն ջոկելով։ ― Ես չեմ հասկանում ձեր տերմինները։ Ոնց ասացի՞ք, ի՞նչ «ճաղատ»։
Նունանը ծիծաղեց։
― Դա բանահյուսություն է, ― բացատրեց նա։ ― Ստալկերների աշխատանքային ժարգոնը։ «Մժեղի ճաղատը» դա գերբարձր գրավիտացիայի շրջանն է։
― Հա՜, գրավիկոնցենտրատները․․․ Ուղղորդված գրավիտացիա։ Այ դրա մասին ես մեծ հաճույքով կխոսեի, բայդ դե դուք ոչ մի բան չեք հասկանա։
― Իսկ ինչո՞ւ չեմ հասկանա։ Չէ որ ես ինժեներ եմ։
― Որովհետև ինքս էլ չեմ հասկանում, ― ասաց Վալենտինը։ ― Ես ունեմ հավասարումների համակարգեր, բայց թե դրանք ինչպես պետք է մեկնաբանել՝ չեմ պատկերացնում․․․ Իսկ «վհուկի դոնդողը» երևի կոլոիդային գազն է, հա՞։
― Ճիշտ այդպես։ Լսե՞լ եք Կարիգանովյան լաբորատորիաներում տեղի ունեցած աղետի մասին։
― Ինչ֊որ բան լսել եմ, ― դժկամորեն արձագանքեց Վալենտինը։
― Այդ ապուշները «դոնդողով» լի ճենապակյա արկղը դրել են հատուկ խցի մեջ, որը լրիվ մեկուսացված է եղել․․․ Այսինքն՝ նրանք այդպես են կարծել, որ լրիվ մեկուսացված է․․․ Իսկ երբ մանիպուլյատորներով բացել են արկղը, «դոնդողը» անցել է մետաղների ու պլաստիկի միջով, ոնց որ ջուրը ծծանի միջով, դուրս է պրծել արկղից, և այն ամենը, ինչի որ կպել է, վեր է ածվել «դոնդողի»։ Երեսումհինգ մարդ զոհվել են, հարյուրից ավելին հաշմվել, իսկ լաբորատորիայի շենքը լրիվ ավերվել է։ Դուք երբևիցե եղե՞լ եք այնտեղ։ Հոյակապ կառույց էր․․․ Իսկ հիմա «դոնդողը» հոսել է նկուղներն ու ներքևի հարկերը․․․ Ահա ձեզ շփման նախերգանքը։
Վալենտինի դեմքը կնճռոտվեց։
― Այո, ես գիտեմ այդ բոլորը, ― ասաց նա։ ― Սակայն համաձայնեք, Ռիչարդ, որ եկվորներն այստեղ ոչ մի մեղք չունեն։ Նրանք որտեղից կարող էին իմանալ մեր ռազմաարդյունաբերական համալիրների գոյության մասին։
― Բայց պետք է որ իմանային, ― խրատական ձայնով ասաց Նունանը։
― Նրանք ձեզ այսպես կպատասխանեին․ պետք է որ դուք վաղուց, շատ վաղուց ոչնչացրած լինեիք ռազմաարդյունաբերական համալիրները։
― Դա էլ է ճիշտ, ― համաձայնեց Նունանը։ ― Դե թող նրանք էլ զբաղվեին դրանով, եթե այդքան զորեղ էին։
― Այսինքն դուք առաջարկուն եք նրանց միջամտությունը մարդկության ներքին գործերի՞ն։
― Հըմ, ― ասաց Նունանը։ ― Մենք այսպես շատ հեռու կգնանք։ Չխոսենք այդ մասին։ Ավելի լավ է վերադառնանք մեր խոսակցության սկզբին։ Ինչո՞վ կվերջանա այս ամենը։ Այ օրինակ, դուք, գիտնականներդ, հույս ունե՞ք, որ Գոտուց կստանաք ինչ֊որ մի հիմնավոր, կարևոր բան, այնպիսի մի բան, որն իրոք ընդունակ կլինի հեղաշրջելու գիտությունը, տեխնոլոգիան ու մարդկանց կենսակերպը․․․
Վալենտինը թափ տվեց ուսերը։
― Դուք սխալ հասցեով եք դիմում, Ռիչարդ։ Ես չեմ սիրում հենց այնպես երևակայել։ Երբ խոսքը վերաբերում է այդպիսի լուրջ բաներին, ես գերադասում եմ զգույշ կասկածամտությունը։ Եթե ելնենք այն բանից, ինչ արդեն մենք ստացել ենք, մեզ սպասում է հնարավորությունների մի ամբողջ ասպեկտ, ու ոչ մի որոշակի բան չի կարելի ասել։
― Դե լավ, փորձենք մյուս ծայրից։ Ձեր կարծիքով, դուք ի՞նչ եք ստացել։
― Որքան էլ որ դա զավեշտական հնչի՝ շատ քիչ բան։ Մենք բազում հրաշքներ ենք հայտնաբերել։
Որոշ դեպքերում նույնիսկ սովորել ենք այդ հրաշքները օգտագործել մեր կարիքների համար։ Նույնիսկ ընտելացել ենք դրանց․․․ Կապիկը սեղմում է կարմիր կոճակը և ստանում է բանան, սեղմում է սպիտակը՝ ստանում է նարինջ, բայց թե առանց կոճակը սեղմելու բանան ու նարինջ ինչպես ձեռք բերի, նա չգիտի։ Ու չի էլ հասկանում, թե այդ կոճակներն ինչ կապ ունեն բանանների ու նարինջների հետ։ Վերցնենք, օրինակ, «էտակները»։ Մենք սովորել ենք օգտագործել դրանք։ Նույնիսկ գտել ենք այն պայմանները, որոնց դեպքում նրանք բազմանում են կիսվելու եղանակով։ Բայց մինչև հիմա չենք կարողացել ստեղծել գոնե մեկ «էտակ», չենք հասկանում դրանց կառուցվածքը և, դատելով ըստ ամենայնի, այնքան էլ շուտ չենք գլուխ հանի այդ ամենից․․․ Ես այսպես կասեի։ Կան օբյեկտներ, որոնք մենք կարողանում ենք օգտագործել։ Թեև դրանք օգտագործում ենք բնավ էլ ոչ այնպես, ինչպես օգտագործում են եկվորները։ Եա միանգամայն համոզված եմ, որ հիմնականում ջուր ենք ծեծում։ Բայց և այնպես որոշ բաներ օգտագործում ենք՝ «էտակները», «ապարանջանները», որոնք խթանում են կենսական պրոցեսը․․․ քվազիկենսաբանական զանգվածների տարբեր տիպերը, որոնք մեծ հեղաշրջում կատարեցին բժշկության մեջ․․․ Մենք ստացել ենք նոր տրանկվիլիզատորներ, նոր տեսակի հանքային պարարտանյութեր, որոնք հեղաշրջում են ագրոնոմիան․․․ Ասենք, ինչո՞ւ եմ թվարկում․․․ Դուք այս բոլորը գիտեք ինձնից ոչ պակաս, տեսնում եմ, որ նույնիսկ «ապարանջան» եք կրում․․․ Օբյեկտների այս խումբն անվանենք օգտակար։ Կարելի է ասել, որ մարդկությունը ինչ֊որ չափով երախտապարտ է նրանց, թեև երբեք չպետք է մոռանալ, որ մեր էվկլիդեսյան աշխարհում ամեն մի փայտ երկու ծայր ունի․․․
― Անցանկանալի կիրառություննե՞ր, ― ասաց Նունանը։
― Ճիշտ այդպես, օրինակ, «էտակների» կիրառումը ռազմական արդյունաբերության մեջ․․․ Ես այդ մասին չեմ խոսում։ Օգտակար օբյեկտներից յուրաքանչյուրը քիչ թե շատ ուսումնասիրված է մեր կողմից, քիչ թե շատ բացատրված։ Այժմ մեր նեղ տեղը տեխնոլոգիան է, բայց դե հիսուն տարի հետո մենք կսովորենք պատրաստել այդ թագավորական կնիքները և քեֆներս ուզածի չափ ընկույզ կջարդենք դրանցով։ Ավելի բարդ է մյուս օբյեկտների հարցը։ Բարդ է հենց այն պատճառով, որ մենք ոչ մի կերպ չենք կարողանում կիրառել դրանք, ու նրանց հատկություններն էլ բացարձակապես անբացատրելի են մեր այժմյան պատկերացումների շրջանաներում։ Օրինակ, տարբեր տիպի մագնիսական ծուղակները։ Պանովը շատ սրամտորեն է դա ապացուցել։ Բայց մենք չենք հասկանում, թե որտե՞ղ է այդքան հզոր մագնիսական դաշտի աղբյուրը, ո՞րն է նրա գերհաստատունության պատճառը․․․ Ոչ մի բան չենք հասկանում։ Մենք միայն կարող ենք ֆանտաստիկ վարկածներ հորինել տարածության այնպիսի հատկանիշների վերաբերյալ, որոնց մասին նախկինում չէինք էլ կասկածում․․․ Կամ K―23֊ը․․․ Ինչպե՞ս եք դուք անվանում այդ գեղեցիկ սև գնդիկները, որոնք օգտագործում եք որպես զարդ։
― «Սև ցայտեր», ― ասաց Նունանը։
― Այ, հենց այդ «սև ցայտերը»․․․ Լա՜վ անուն եք դրել․․․ Դե, դուք գիտեք դրանց հատկությունների մասին։ Եթե այդ գնդիկների մեջ լույսի ճառագայթ բաց թողնենք, ապա լույսն այնտեղից դուրս կգա ուշացումով, ընդ որում այդ ուշացումը կախված է գնդիկի կշռից, չափերից, և մի քանի պարամետրերից, և հետո՝ դուրս եկող լույսի հաճախականությունը փոքր է ներս մտնող լույսի հաճախականությունից․․․ Դա ի՞նչ բան է։ Ինչո՞ւ։ Կա մի խելացնոր տեսություն, իբր ձեր այդ «սև ցայտերը» էությունն են տարածության մի վիթխարի շրջանի, որը, այսինքն՝ այդ տարածությունը, օժտված է բոլորովին այլ հատկություններով, քան մեր տարածությունը, և շրջված ձև է ընդունել մեր տարածության ազդեցության տակ․․․ Վալենտինը մի սիգարետ վառեց ու սկսեց ծխել։ ― Կարճ ասած, այս խմբի օբյեկտները բնավ պիտանի չեն ներկայիս մարդկային գործունեությանը, թեև զուտ գիտական տեսակետից վիթխարի նշանակություն ունեն։ Դրանք երկնքից մեր գլխին թափվաած պատասխաններն են այն հարցերի, որոնք մենք դեռ չենք կարող տալ։ Վերոհիշյալ սըր Իսահակը, թերևս, գլուխ չէր հանի լազերից, բայց նա համենայն դեպս կհասկանար, որ դա հնարավոր բան է, և դա մեծապես կազդեր նրա գիտական աշխարհայեցողության վրա։ Ես չեմ ուզում ընկնել մանրամասների հետևից, բայց այնպիսի օբյեկտների գոյությունը, ինչպիսին են մագնիսական ծուղակները, K―23֊ը, «սպիտակ օղակը», իսպառ ջնջեցին վերջերս փթթող տեսությունները և կյանքի կոչեցին բոլորովին նոր գաղափարներ։ Բայց չէ որ կա երրորդ խումբը․․․
― Այո, ― ասաց Նունանը։ ― «Վհուկի դոնդողը» ու մյուս հրաշքները։
― ՉԷ, չէ։ Այս ամենը պետք է դասել կամ առաջին, կամ երկրորդ խմբին։ Ես նկատի ունեմ այն օբյեկտները, որոնց մասին մենք ոչ մի բան չգիտենք, կամ սոսկ միայն լսել ենք ու ոչ մի անգամ չենք տեսել մեր աչքով։ Այն, ինչ մեր քթի տակից փախցրին ստալկերները ու ծախեցին չգիտես ում, կամ էլ թաքցրին։ Այն, ինչի մասին նրանք լռում են։ Առասպելներ և կիսաառասպելներ՝ «ցանկությունների մեքենա», «շրջմոլիկ Դիկ», «ուրախ ուրվականներ»․․․
― Մի րոպե․․․ մի րոպե, ― ասաց Նունանը։ ― Դա ի՞նչ բան է։ «Ցանկությունների մեքենան» հասկանում եմ․․․
Վալենտինը ծիծաղեց։
― Դեհ, մենք էլ մեր աշխատանքային ժարգոնն ունենք։ «Շրջմոլիկ Դիկը» ― դա հենց այն վարկածի լարովի արջուկն է, որը անկարգություն է անում գործարանի ավերակներում։ Իսկ «ուրախ ուրվականը» շատ վտանգավոր մրրիկային հոսանք է, որ նկատվում է Գոտու որոշ շրջաններում։
― Առաջին անգամ եմ լսում, ― ասաց Նունանը։
― Հասկացեք, Ռիչարդ, ― ասաց Վալենտինը, ― մենք Գոտում քչփորում ենք երկու տասնյակ տարի, բայց չգիտենք նրա պարունակածի հազարերորդ մասն անգամ։ Իսկ եթե խոսենք մարդու վրա Գոտու ազդեցության մասին․․․ Այստեղ, ի դեպ, մենք ստիպված կլիներ մտցնել ևս մեկ դասակարգում՝ չորրորդ խումբը։ Սրդեն ոչ թե օբյեկտների խումբ, այլ ազդեցությունների ։ Այս խումբը անասելի վատ է ուսումնասիրված, թեև, իմ կարծիքով, բավականաչափ փաստեր են կուտակվել։ Ու գիտեք, Ռիչարդ, ես երբեմն ամբողջ մարմնով սարսռում եմ, երբ մտածում եմ այդ փաստերի մասին։
― Կենդանի հանգուցյալներ․․․ ― մրմնջաց Նունանը։
― Ի՞նչ։ Ա՜հ․․․ Ոչ, դա առեղծված է, բայց ոչ ավելին։ Ինչպես ասեմ․․․ Դա կարելի է պատկերացնել, գուցե․․․ Իսկ այ երբ մարդու հետ հանկարծ սկսում են տեղի ունենալ արտաֆիզիկական, արտակենսաբանական երևույթներ․․․
― Հա, դուք նկատի ունեք վտարանդինրի՞ն․․․
― Ճիշտ այդպես։ Մաթեմատիկական վիճակագրությունը, իմացած եղեք, շատ ստույգ գիտություն է, թեև գործ ունի հենց պատահական մեծությունների հետ։ Ու, դրանից բացի, շատ պերճախոս գիտություն է, շատ ակնառու․․․
Երևում է Վալենտինը մի քիչ հարբել էր։ Նա սկսեց խոսել ավելի բարձրաձայն, այտերը կարմրեցին, իսկ հոնքերը վեր թռան՝ ճակատը վերածելով հարմոնի։
― Սիրում եմ չխմողներին, ― հեգնեց Նունանը։
― Մ՛ի շեղվեք, ― խիստ ասաց Վալենտինը։ ― Լսեք, ձեզ ինչ եմ պատմում։ Դա շատ տարօրինակ պատմություն է։ ― Նա բաժակը մոտեցրեց շուրթերին, միանգամից խմեց կեսը և շարունակեց։ ― Մենք չգիտենք, թե ինչ է կատարվել խեղճ հարմոնտցիների հետ Այցելության պահին։ Բայց ահա նրանցից մեկը որոշում է գաղթել։ Մի ինչ֊որ շատ սովորական բնակիչ։ Վարսավիր։ Վարսավիրի որդի և վարսավիրի թոռ։ Նա, ասենք, մեկնում է Դետրոյտ։ Այնտեղ վարսավիրանոց է բացում, ու սկիզբ են առնում անիծյալ դժբախտությունները։ Նրա հաճախորդների իննսուն տոկոսից ավելին զոհվում են մեկ տարվա ընթացքում, զոհվում են ավտովթարներից, ներքև են ընկնում պատուհաններից, սպանվում են գանգստերների ու խուլիգանների գնդակներից, խեղդվում են ծանծաղ տեղերում և այլն, և այլն։ Աճում է տարերային աղետների թիվը Դետրոյտում և նրա շրջակայքում։ Ինչ֊որ տեղից շարունակ հայտնվում են թայֆուններ և մրրիկներ, մի բան, որ այս վայրերում չի նկատվել հազար ութ հարյուր․․․ մոռացված թվականներից ի վեր։ Եվ այլ նման բաներ։ Եվ նման աղետներ տեղի են ունենում ամեն մի քաղաքում, ամեն մի վայրում, որտեղ բնակություն է հաստատում Այցելության շրջանից եկած գաղթականը, ու այդ աղետների քանակը ուղիղ համեմատական է տվյալ վայրում բնակված գաղթականների թվին։ Եվ նկատենք, նման ազդեցություն գործում են միայն այն գաղթողները, որոնք տեսել են Այցելությունը։ Այցելությունից հետո ծնվածները ոչ մի ազդեցություն չեն գործում պատահարների վիճակագրության վրա։ Դուք այնտեղ ապրում եք տասը տարի, բայց դուք եկել եք Այցելությունից հետո, ու ձեզ առանց վախի կարելի է բնակեցնել հենց թեկուզ Վատիկանում։ Ինչպե՞ս բացատրել այս ամենը։ Ինչի՞ց պետք է հրաժարվել՝ վիճակագրությունի՞ց։ Թե՞ ողջամտությունից։ ― Վալենտինը թափով վերցրեց բաժակն ու մի շնչով դատարկեց։
Ռիչարդ Նունանը քորեց ականջի հետևը։
― Հը՜մ․․․ այո․․․ ― ասաց նա։ Ես լսել էի նման բաների մասին, բայց, ճիշտն ասած, միշտ կարծել եմ, որ դրանք, մեղմ ասած, մի քիչ չափազանցված են․․․ Իրոք, մեր հզոր պոզիտիվիստական գիտության տեսանկյունից․․․
― Կամ, ասենք, Գոտու մուտագենային ազդեցությունը, ― ընդհատեց նրան Վալենտինը։ Նա հանեց ակնոցը և Նունանին հառեց սև, կարճատես աչքերը։ ― Այն մարդիկ, որոնք բավականին երկար են շփվում Գոտու հետ, ենթարկվում են փոփոխությունների՝ ինչպես ֆենոտիպիկ, այնպես էլ գենոտիպիկ փոփոխությունների։ Դուք գիտեք, թե ստալկերներն ինչպիսի երեխաներ են ունենում, և թե ինչ է կատարվում հենց նրանց՝ ստալկերների հետ։ Ինչո՞ւ։ Որտե՞ղ է մուտագենային գործոնը։ Գոտում ոչ մի ճառագայթում չկա։ Գոտու օդի և հողի քիմիական կառուցվածքը թեև ունի իր յուրահատկությունները, սակայն մուտագենային ոչ մի վտանգ չի ներկայացնում։ Ինչ է մնում ինձ, որ նման պայմաններում սկսեմ կախարդանքի՞ հավատալ։ Չար աչքի՞․․․
― Ես ձեզ կարեկցում եմ, ― պատասխանեց Նունանը։ ― Բայց անկեղծ ասած, կենդանացած մեռելները իմ նյարդերի վրա ավելի վատ են ազդում, քան վիճակագրության տվյալները։ Մանավանդ, որ վիճակագրության տվյալները ես ոչ մի անգամ չեմ տեսել, իսկ մեռելներին շատ եմ տեսել ու զգացել․․․
Վալենտինը թեթևամտորեն թափ տվեց ձեռքը․
― Ահ, ձեր մեռելներն էլ․․․ ― ասաց նա։ ― Լսեք, Ռիչարդ, դուք չե՞ք ամաչում։ Չէ որ դուք, այնուամենայնիվ, կրթված մարդ եք․․․ Նախ նրանք բնավ էլ մեռել չեն։ Չէ որ դրանք մուլյաժներ են․․․ Կաղապարվածքներ, սարքված կմախքներ․․․ խրտվիլակներ․․․ Ւսկ հետո, հավատացնում եմ ձեզ, ըստ հաստատուն սկզբունքների տեսության, ձեր այդ մուլյաժները շատ ավելի զարմանալի չեն, քան հավերժական ակումուլյատորները։ Պարզապես «էտակները» խախտում են տերմոդինամիկայի առաջին սկզբունքը, իսկ մուլյաժները՝ երկրորդ։ Ահա և դրանց տարբերությունը։ Մենք բոլորս ինչ֊որ չափով քարանձավային մարդ ենք․ մեզ համար ուրվականը ամենասարսափելի բանն է։ Մինչդեռ պատճառականության սկզբունքների խախտումը շատ ավելի սարսափելի բան է, քան ուրվականների մի ամբողջ խումբը կամ Ռուբինշտեյնի, թե Վալենշտեյնի հրեշները․․․
― Ֆրանկենշտեյնի։
― Հա, իհարկե, Ֆրանկենշտեյնի։ Մադամ Շելլին․․․ Բանաստեղծի կինը։ Կամ աղջիկը։ ― Նա հանկարծ ծիծաղեց։ ― Ձեր այդ մուլյաժները շատ ուշագրավ հատկություն ունեն՝ ինքնավար կենսունակություն։ Օրինակ, կարելի է կտրել նրանց մի որևէ մասը, ու այդ մասը կսկսի ապրել։ Առանձին։ Առանց որևէ ֆիզիոլոգիական լուծույթի․․․ Այ, վերջերս ինստիտուտ բերեցին այդպիսի մի բան․․․ Սա ինձ լաբորանտ Բոյդանն է պատմել․․․ ― Վալենտինը ծիծաղեց։
― Իսկ գուցե տո՞ւն գնանք, Վալենտին, ― ասաց Նունանը, նայելով ժամացույցին։ ― Ես էլի կարևոր գործ ունեմ։
― Գնանք, ― ասաց Վալենտինը, իզուր ճգնելով դրմքը մտցնել ակնոցի մեջ, և, վերջապես, երկու ձեռքով վերցրեց ակնոցն ու դրեց քթին։ ― Դուք մեքենայո՞վ եք։
― Այո, ես ձեզ կտանեմ տուն։
Նրանք վճարեցին և ուղղվեցին դեպի դուռը։ Վալենտինն անընդհատ ձեռքը թափով բարձրացնում էր դեպի քունքը, ողջունելով ծանոթ լաբորանտներին, որոնք հետաքրքրությամբ նայում էին համաշխարհային ֆիզիկայի հսկային։ Հենց դռան մոտ ողջունելով ամբողջ դեմքով մեկ ժպտացող դռնապանին, նա վայր գցեց ակնոցը, ու երեքով նետվեցին այն բռնելու։
― Ես վաղը փորձ ունեմ։ Գիտեք, դա շատ հետաքրքրիր բան է․․․ ― մռթմռթաց Վալենտինը, խցկվելով «պեժոյի» մեջ։
Ու նա սկսեց պատմել վաղվա փորձի մասին։ Նունանը նրան տարավ գիտաքաղաք։
Տես որ սրանք էլ են վախենում, մտածում էր Նունանը, նորից նստելով իր «պեժոն»։ Վախենում են լայնաճակատները․․․ Եվ հենց այդպես էլ պետք է լինի։ Նրանք ավելի շատ պետք է վախենան, քան մենք, բոլոր հասարակ մահկանացուներս միասին վերցրած։ Չէ՞ որ մենք ոչինչ չենք հասկանում, իսկ նրանք, համենայն դեպս, հասկանում են, որ ոչինչ չեն հասկանում։ Նայում են այդ անհատակ անդունդին ու գիտեն, որ անխուսափելիորեն պետք է իջնեն այնտեղ, ու սրտները վախից պայթում է, բայց պիտի իջնեն, իսկ թե ինչպես պետք է իջնեն, ինչ կա այնտեղ հատակում, և, ամենագլխավորը, արդյոք կկարողանա՞ն վերադառնալ՝ չգիտեն․․․ Իսկ մենք՝ մեղավորներս, բոլորովին ուրիշ կողմ ենք նայում։ Լսիր, գուցե հենց այդպես էլ պետք է լինի։ Թող ամեն ինչ գնա իր ճանապարհով, իսկ մենք մի կերպ մեր գլուխը կպահենք։ Նա ճիշտ ասաց․ մարդկության ամենահերոսական արարքն այն է, որ գոյատեևել է և մտադիր է այսուհետ ևս գոյատեևել․․․ Ու թող գրողի ծոցը գնաք, դուք, եկվորներ․․․ Չէի՞ք կարող ձեր այդ զբոսանք֊խնջույքը սարքել մի ուրիշ տեղ։ Օրինակ՝ Լուսնի վրա․․․ Կամ մարսի․․․ Դուք էլ անհոգի բան դուրս եկաք, ոնց որ բոլորը, չնայած սովորել եք կրճատել տարածությունը։ Դրա՜նց տես, իրենց համար քեֆ անելու տեղ են գտել․․․ խնջույք․․․
Ոնց գլուխ հանեմ այդ խնջույքներից, մտածում էր նա, դանդաղ վարելով «պեժոն» վառ լուսավորված թաց փողոցներով։ Ոնց որ մեխանիկայի մեջ։ Ինչիս է պետք իմ այդ ոչուփուչ ինժեներական դիպլոմը, եթե չպիտի կարողանամ մի անոտ սրիկայի հախից գալ․․․
Նա մեքենան կանգնեցրեց Ռեդրիկ Շուխարտի տան առաջ ու մի որոշ ժամանակ նստած մնաց ղեկի մոտ, մտածելով, թե ինչպես սկսի խոսակցությունը։ Հետո հանեց «էտակը», դուրս եկավ մեքենայից և միայն նոր նկատեց, որ տունն ասես անբնակ լիներ։ Գրեթե բոլոր պատուհանները մութ էին, այգում ոչ ոք չկար, ու նույնիսկ այնտեղ էլ լապտերներ չէին վառվում։ Դա նրան հիշեցրեց, թե հիմա ինքն ինչ է տեսնելու, ու ամբողջ մարմնոց սարսռաց։ Մտքով նույնիսկ անցավ, որ ավելի լավ կլինի հեռախոսով դուրս կանչի Ռեդրիկին ու նրա հետ խոսի մեքենայի մեջ կամ մի որևէ փոքրիկ գարեջրատանը, բայց իսկույն էլ հրաժարվեց այդ մտքից։ Մի շարք պատճառներով։ Ու անկախ ամեն ինչից, ասաց նա ինքն իրեն, արի չնմանվենք այդ ողորմելի անասուններին, որոնք փախել են այստեղից ուտիճների պես, որոնց վրա եռացրած ջուր են լցնում։
Նա մուտքից ներս մտավ և վաղուց արդեն չավլած սանդուղքով բարձրացավ վերև։ Չորս կողմը անկենդան լռություն էր, սանդղահարթակներին նայող դռների մեծ մասը կրնկի վրա բաց էին ու մութ միջանցքներից փչում էր խոնավության ու փոշու անդուր հոտը։ Նա կանգնեց Ռեդրիկի բնակարանի դռան առաջ, ձեռքով մազերը սղալեց դեպի ականջների հետևը, խոր շունչ քաշեց և սեղմեց զանգի կոճակը։ Որոշ ժամանակ դռան հետևից ոչ մի ձայն չլսվեց, հետո հատակը ճռռաց, չրխկաց բանալին, ու դուռը կամացուկ բացվեց։ Ոտնաձայներ նա այդպես էլ չլսեց։
Շեմին կանգնած էր Կապիկը՝ Ռեդրիկ Շուխարտի աղջիկը։ Կիսախավար սանդղահարկը լուսավորեց միջանցքի պայծառ լույսից, և Նունանը առաջին վայրկյանին տեսավ աղջկա ուրվանկարը ու մտածեց, թե նա ոնց է մեծացել այս մի քանի ամսվա ընթացքում, բայց հետո աղջիկը գնաց դեպի միջանցքի խորքը ու Ռիչարդը տեսավ նրա դեմքը։ Եվ միանգամից կոկորդն ասես չորացավ։
― Բարև, Մարիա, ― ասաց նա, աշխատելով հնարավորին չափ քնքուշ խոսել։ ― Ո՞նց ես, Կապիկ։
Աղջիկը չպատասխանեց։ Նա լուռ ու բոլորովին անձայն հետ֊հետ գնաց դեպի հյուրասենյակի դուռը՝ խեթ֊խեթ նայելով Նունանին։ Երևում է, որ նա չէր ճանաչում եկվորին։ Եվ, ճիշտն ասած, Նունանը նույնպես չճանաչեց նրան։ Գոտի, մտածեց նա, անիծյալ Գոտի․․․
― Ո՞վ է, ― հարցրեց Գուտան, գլուխը դուրս հանելով խոհանոցից։ ― Աստվա՜ծ իմ, Դիկ։ Այդ ո՞ւր եք կորել։ Դուք գիտե՞ք, Ռեդրիկը վերադարձել է։
Նա շտապ ընդառաջ եկավ Նունանին, ձեռքերը սրբելով ուսին գցած սրբիչով․ Գուտան առաջվա պես գեղեցիկ էր, եռանդուն, ուժեղ, միայն թե դեմքը մի տեսակ սրված էր, և աչքերն էլ տագնապալի էին, մի տեսակ տենդագին․․․
Նունանը համբուրեց Գուտայի այտը, անձրևանոցն ու գլխարկը տվեց նրա ձեռքը և ասաց․
― Լսել ենք․․․ լսել ենք․․․ Բայց դե ոչ մի կերպ ժամանակ չէի գտնում, որ վազեմ․․․ Տա՞նն է հիմա։
― Տանն է, ― ասաց Գուտան։ ― Հիմա նրա մոտ մարդ կա։ Երևի շուտով կգնա, վաղուց է եկել։ Ներս եկեք, Դիկ․․․
Նունանը մի քանի քայլ առաջ գնաց միջանցքով ու կանգնեց հյուրասենյակի շեմին։ Ծերուկը նստած էր սեղանի մոտ։ Մուլյաժը նսած էր անշարժ ու մի կողմ թեքված։ Լուսամփոփի վարդագույն լույսն ընկնում էր նրա լայն, ասես հին փայտից տաշված դեմքին՝ ներս ընկած անատամ բերան, անփայլ, սառած աչքեր։ Ու միանգամից Նունանը զգաց հոտը։ Նա գիտեր, որ դա երևակայության խաղն է, որ հոտը լինում է միայն առաջին օրերին, իսկ հետո լրիվ անցնում է, բայց Ռիչարդ Նունանը այդ հոտն զգում էր ասես հիշողությամբ, փորված հողի այդ խեղդիչ, ծանր հոտը․․․
― Եկեք խոհանոց գնանք, ― շտապեց ասել Գուտան։ ― Ես այնտեղ համ ընթրիք կպատրաստեմ, համ էլ կզրուցենք։
― Հա, իհարկե, առույգ ասաց Նունանը։ ― Վաղուց չենք տեսել իրար․․․ Դուք դեռ չե՞ք մոռացել, որ ես սիրում եմ ընթրելուց առաջ խմել։
Նրանք մտան խոհանոց։ Գուտան իսկույն բացեց սառնարանը, իսկ Նունանը նստեց սեղանի մոտ ու շուրջը նայեց։ Ինչպես միշտ, այստեղ ամեն ինչ փայլում էր մաքրությունից, կաթսաներից գոլորշի էր բարձրանում։ Սալոջախը նոր էր՝ կիսավտոմատ, ուրեմն տանը փող կար։
― Հը, ո՞նց է, ― հարցրեց Նունանը։
― Էլի առաջվա պես, ― պատասխանեց Գուտան։ ― Բանտում նիհարել էր, բայց հիմա էլի լցվեց։
― Շե՞կ է։
― Այն էլ ո՜նց։ Նա արդեն այդպիսին կլինի մինչև մեռնելը։ Գուտան նրա առաջ դրեց «Արյունարբու Մերիով» մի բաժակ, ռուսական թափանցիկ օղու շերտն ասես կախվել էր տոմատի հյութի շերտի վերևում։
― Շատ չի՞, ― հարցրեց Գուտան։
― Իսկ է։ ― Նունանը թափով դատարկեց բաժակը։ Նա հիշեց, որ ամբողջ օրվա ընթացքում նոր միայն մի կարգին բան խմեց։ ― Այ սա արդեն ուրիշ բան է։
― Դուք լա՞վ եք, ― հարցրեց Գուտան։ ― Ինչո՞ւ չէիք երևում։
― Անիծյալ գործերը չեն թողնում,― ասաց Նունանը։ ― Ամեն շաբաթ ուզեցել եմ գալ կամ զանգ տալ, բայց ստիպված էի մեկնել Ռեքսոպոլիս, հետո մի խայտառակ պատմություն սկսվեց, հետո էլ ինձ ասացին, որ Ռեդրիկը վերադարձել է, ես էլ մտածեցի, չխանգարեմ․․․ Մի խասքով, խրված եմ գործերի մեջ, Գուտա։ Երբեմն ինքս ինձ հարցնում եմ, թե ինչո՞ւ ենք այսքան մեզ կոտորում։ Որ փո՞ղ աշխատենք։ Բայց ի՞նչ օգուտ այդ փողերից, եթե ամբողջ ժամանակ մեզ կոտորում ենք ու կոտորում․․․
Գուտան բարձրացրեց կաթսաների կափարիչներն ու շրխկացնելով նորից տեղը դրեց, հետո դարակից մի սիգարետ վերցրեց ու նստեց Նունանի դիմաց։ Նրա հայացքը հատակին էր ուղղված։ Նունանը արագ հանեց վառիչը և վառեց նրա սիգարետը, և նորից, կյանքում երկրորդ անգամ, տեսավ, որ նրա մատները դողում են, ինչպես այն ժամանակ, երբ Ռեդրիկին կալանավորեցին, իսկ ինքը եկավ այստեղ, որ փող տա Գուտային․ սկզբնական շրջանում Գուտան լրիվ անփող էր մնացել, ու հարեևաններից ոչ մեկը նրան պարտք չէր տալիս։ Հետո տանը փող հայտնվեց և դատելով ամեն ինչից, կարգին փող, ու Նունանը գլխի էր ընկնում, թե որտեղից են այդ փողերը, բայց նա շարունակում էր գալ, խաղալիք ու քաղցրավենիք բերել Կապիկին, երեկոները Գուտայի հետ սուրճ էր խմում, ու նրանք միասին կազմում էին Ռեդրիկի հետագա երջանիկ կյանքի ծրագրերը, իսկ հետո, լսելով Գուտայի պատմածները, Նունանը գնում էր հարևանների մոտ ու փորձում էր ինչ֊որ կերպ խելքի բերել նրանց, բացատրում էր, համոզում, վերջապես, կորցնելով համբերությունը, սպառնում էր․ «Այ, Ռեդրիկը դուրս կգա բանտից ու ձեր սևը կտա»։ Բայց ոչ մի բան չէր օգնում։
― Իսկ ո՞նց է ձեր օրիորդը, ― հարցրեց Գուտան։
― Ո՞րը։
― Դե նա․․․ ում հետ որ այն ժամանակ եկաք․․․ Մի սիրունիկ․․․
― Նա ինձ հետ կապ չունի։ Նա իմ սղագրուհին է։ Ամուսնացավ ու աշխատանքից դուրս եկավ․․․
― Դուք պիտի ամուսնանաք, Դիկ, ― ասաց Գուտան։ ― Ուզո՞ւմ եք, ձեզ համար հարսնացու գտնեմ։
Նունան ուզում էր առաջվա պես պատասխանել․ «Այ, Կապիկը կմեծանա․․․» ― բայց ժամանակին իրեն զսպեց։ Հիմա դա արդեն այլ կերպ կհնչեր։
― Ինձ սղագրուհի պետք է, իսկ կին՝ չէ, ― փնթփնթաց նա։ ― Թողեք ձեր շեկ սատանային ու եկեք ինձ մոտ սղագրուհի։ Չէ՞ որ դուք հրաշալի սղագրուհի էիք։ Ծերուկ Գարիսը մինչև հիմա հիշում է ձեզ։
― Ինչո՞ւ չպիտի հիշի, ― ասաց Գուտան։ ― Այնպես չխփեցի նրան, որ չհիշի, ձեռքս քիչ մնաց կոտրվեր։
― Ախ, այդպե՞ս․․․ ― Նունանը ձևացրեց, իբր զարմացած է։ ― Տեսա՜ր Գարիսին։
― Աստված իմ, ― ասաց Գուտան։ ― Ախր նա մի քայլ չէր թողնում անեմ։ Ես միայն մի բանից էի վախենում, որ հանկարծ Ռեդրիկը չիմանա։
Անձայն ներս մտավ Կապիկը․ հայտնվեց խոհանոցի շեմին, նայեց կաթսաներին, հետո՝ Ռիչարդին, ապա մոտեցավ մորն ու, հպվելով նրան դեմքը շրջեց․
― Հը, ի՞նչ կա կապիկ, ― աշխույժ հարցրեց Ռիչարդ Նունանը, ― շոկոլադ կուզե՞ս։
Նա ձեռքը տարավ ժիլետի գրպանը, հանեց շոկոլադե ավտոմեքենան, որը փաթաթված էր թափանցիկ թղթով, ու մեկնեց աղջկան։ Աղջիկը տեղից չշարժվեց։ Գուտան նրա ձեռքից վերցրեց շոլոլադն ու դրեց սեղանին։ Հանկարծ նրա շրթունքները սպիտակեցին։
― Այո, Գուտա, ― առույգ ասաց Նունանը, ― իսկ ես արդեն ուզում էի այստեղից մեկնել։ Հոգնեցի հյուրանոցում ապրելուց։ Նախ, ինստիտուտից հեռու է․․․
― Նա արդեն համարյա բան չի հասկանում, ― շշնջալով ասաց Գուտան, և Ռիչարդը խոսքը կիսատ թողեց, երկու ձեռքով վերցրեց բաժակն ու սկսեց պտտեցնել մատների մեջ։
― Դուք ինձ չեք հարցնում, թե մենք ոնց ենք ապրում, ― շարունակեց Գուտան, ― ու ճիշտ եք անում։ Բայց չէ՞ որ դուք մեր հին բարեկամն եք, Դիկ, ու մենք ձեզնից թաքցնելու բան չունենք։ Եվ ոչ էլ կարող ենք թաքցնել։
― Բժշկի մոտ գանցե՞լ եք, ― հարցրեց Նունանը, առանց նրան նայելու։
― Այո։ Նրանք ոչ մի բան չեն կարող անել։ Իսկ մեկն էլ ասաց․․․ Գուտան լռեց։
Նունանը նույնպես լռեց։ Նա ոչ մի բան չէր կարող ասել և չէր էլ ուզում այդ մասին մտածել, բայց հանկարծ մի ահասարսուռ միտք խոցեց նրա ուղեղը՝ սա ներխուժում է, ոչ թե զբոսնողների խնջույք ճամփեզրին, ոչ թե հարաբերակցման, շփման կոչ, այլ ներխուժում։ Նրանք չեն կարող փոխել մեզ, բայց նրանք թափանցում են մեր զավակների մարմինները և փոխում նրանց՝ դարձնելով իրենց նման։ Սարսուռը պատեց նրա ողջ մարմինը, բայց նույն պահին էլ հիշեց, որ նման մի բան կարդացել է վառվռուն կազմով մի գրքույկում, ու դրանից կարծես մի քիչ թեթևացավ։ Ինչ ասես կարելի է հորինել։ Իրականում երբեք չի լինում այնպես, ինչպես այդ հորինվածքներն են ասում։
― Իսկ մեկն էլ ասաց, որ նա արդեն մարդ չի, ― շշնջաց Գուտան։
― Հիմարություն, ― նույնպես կամաց ասաց Նունանը։ ― Մի իսկական մասնագետի դիմեք։ Ջեյմս Քատերֆիլդին դիմեք։ Ուզո՞ւմ եք, ես խոսեմ նրա հետ։ Որ ձեզ ընդունի․․․
― Մսագո՞րծը․․․ ― Գուտան ջղային ծիծաղեց։ ― Պետք չի, Դիկ, դա հենց նա է ասել։ Երևում է, մեր ճակատագիրն է․․․
Երբ Նունանը համարձակվեց աչքերը վեր բարձրացնել, Կապիկն արդեն չկար, իսկ Գուտան նստել էր քարացած, բերանն ամուր փակած, աչքերը դատարկ, իսկ ձեռքի սիգարետը լրիվ մոխրացել էր։ Այդժամ նա բաժակը հրեց Գուտայի կողմն ու ասաց․
― Մի բաժակ էլ տվեք․․․ ու ձեզ համար էլ լցրեք։ Խմենք,Գուտա։
Գուտան մոխիրը թափ տվեց սեղանի վրա, աչքերով փնտրեց, թե որտեղ գցի մնացուկը, ու գցեց լվացարանի մեջ։
― Ինչի՞ համար, ― խոսեց նա։ ― Ես չեմ հասկանում։ Ի՞նչ մեղք ենք գործել։ Հո մենք այս քաղաքում ամենավատ մարդը չէինք․․․
Նունանը մտածեց, որ հիմա նա լաց կլինի, բայց Գուտան լաց չեղավ, բացեց սառնարանը, հանեց այնտեղից օղին ու տոմատի հյութը, իսկ դարակից էլ երկրորդ բաժակը վերցրեց։
― Բայց դուք մի՛ հուսահատվեք, ― ասաց Նունանը։ ― Աշխարհում չկա մի այնպիսի բան, որն անհնարին լինի ուղղել։ Ու հավատացեք ինձ, Գուտա, ես շատ լայն կապեր ունեմ։ Ամեն ինչ կանեմ․․․
Հիմա նա ինքը հավատում էր այն ամենին, ինչ ասում էր, և մտքում արդեն վերհիշում էր անունները, իր կապերն ու քաղաքները, և նրան թվում էր, որ նման դեպքերի մասին ինչ֊որ բան ինչ֊որ տեղ լսել է, և իբր ամեն ինչ բարեհաջող է վերջացել, միայն պետք է հիշի, թե դա որտեղ է եղել, և ով է բուժել, բայց հանկարծ հիշեց, թե ինքն ինչի համար էր եկել այստեղ, հիշեց պարոն Լեմխենին, ու հիշեց, ինչի համար էր ինքը մտերմացել Գուտայի հետ, և այլևս չուզեց որևէ բանի մասին մտածել, ու իրենից վանեց բոլոր մտքերը, ավելի հարմար նստեց, հանգստացավ ու սպասեց, թե երբ խմելու բան կտան իրեն։
Հենց այդ ժամանակ էլ լսվեցին քստքստացող ոտնաձայներ, թխկթխկոց, ու Գիշակեր Բարբրիջի գարշելի ձայնը, հատկապես հիմա, ֆսֆսացրեց․
― Է՛հ, Շեկ, քո Գուտայի մոտ ոնց որ թե մարդ է եկել, այ բացբերան․․․ Ես որ քո տեղը լինեի չէի դիմանա։
Ու Ռեդրիկի ձայնը․
― Պրոտեզներդ պինդ պահի, Գիշակեր, ու լեզուդ էլ քեզ քաշի։ Հրեն դուռը, չմոռանաս, որ պիտի գնաս․․․ Ես պիտի ընթրեմ․․․
Ու Բարբրիջն ասաց․
― Թուհ, տեր աստված․ արդեն կատակ էլ չպիտի անես։
Լսվեց Ռեդրիկի ձայնը։
― Ես ու դու արդեն մեր կատակն արել պրծել ենք։ Վերջ։ Դե չքվի, չքվի․․․
Բանալին չրխկաց, ու ձայներն ավելի հեռվից էին լսվում, երևի նրանք դուրս էին եկել սանդղահարկ։ Բարբրիջը ինչ֊որ բան ասաց կամաց, ու Ռեդրիկը պատասխանեց նրան․ «Վե՛րջ, վե՛րջ, խոսեցինք պրծանք»։ Նորից լսվեց Բարբրիջի փնթփնթոցը ու Ռեդրիկի կտրուկ ձայնը․ «Ասացի վերջ»։
Շրխկաց դուռը, միջանցքում լսվեցին արագ ոտնաձայներ, և խոհանոցի շեմին հայտնվեց Ռեդրիկ Շուխարտը։ Նունանը վեր կացավ նրան ընդառաջ, ու նրանք ամուր սեղմեցին միմյանց ձեռք։
― Ես այդպես էլ գիտեի, որ դու ես, ― ասաց Ռեդրիկը, զննելով Նունանին իր արագաշարժ, կանաչավուն աչքերով։ ― Պա՜հ, ո՜նց ես հաստացել, գիրուկ։ Ամբողջ օրը պանդոկներում ես քարշ գալիս․․․ Պահո՜։ Դուք այստեղ, երևում է, լավ ժամանակ եք անցկացնում։ Գուտա, պառավս, ինձ էլ մի բաժակ տուր, որ հասնեմ ձեզ։
― Մենք դեռ չենք էլ սկսել, ― ասաց Նունանը։ ― Նոր էինք ցրցամ տվել։ Բայց թե քեզնից ուր պիտի փախչենք․․․
Ռեդրիկը մի տեսակ չոր ծիծաղեց և բռունցքով թեթևակի խփեց Նունանի ուսին։
― Այ հիմա կտեսնենք, թե ով ումից առաջ կընկնի, ով հետ կմնա։ Գնանք, ներս գնանք, ի՞նչ եք նստել խոհանոցում։ Գուտա, սեղան գցի․․․
Նա խցկվեց սառնարանի մեջ ու նորից ուղղվեց՝ ձեռքին գունավոր պիտակով մի շիշ։
― Քեֆ պիտի անենք, ― հայտարարեց նա։ ― Ոնց որ պետքն է պատիվ տանք մեր լավագույն բարեկամ Ռիչարդ Նունանին, որը չլքեց դժբախտության մեջ ընկնողներին։ Չնայած դրանից ոչ մի օգուտ չուներ։ Է՛հ, ափսոս Գուտալինը չկա․․․
― Իսկ դու զանգ տուր նրան, ― խորհուրդ տվեց Նունանը։
Ռեդրիկը տարուբերեց շիկակարմիր գլուխը։
― Այնտեղ դեռ հեռախոս չեն անցկացրել, ոնց պիտի զանգ տամ։ Դե գնանք, գնանք․․․
Նա առաջինը մտավ ճաշասենյակ և շիշը շրխկոցով դրեց սեղանին։ ― Քեֆ ենք անելու, հայրիկ, ― ասաց նա անշարժ ծերուկին։ ― Սա մեր բարեկամն է, Ռիչարդ Նունանը։ Դիկ, իսկ սա իմ հայրիկն է, ավագ Շուխարտը․․․
Ռիչարդ Նունանը, անսպասելիությունից կծկվելով, բերանը բացեց մինչև ականջները, ձեռքը թափ տվեց մուլյաժի կողմն ու ասաց․
― Շատ ուրախ եմ, միստր Շուխարտ։ Ո՞նց եք․․․ Մենք համարյա ծանոթներ ենք, չէ՞, Ռեդ, ― ասաց նա կրտսեր Շուխարտին, որն ինչ֊որ բան էր հանում պահարանից։ ― Մենք մի անգամ արդեն հանդիպել ենք, ճիշտ է, շատ թռուցիկ․․․
― Նստիր, ― ասաց նրան Ռեդրիկը, ― գլխով ցույց տալով ծերունու դիմացի աթոռը։ ― Դու նրա հետ բարձր խոսիր, նա ոչինչ չի լսում։ ― Ռեդրիկը սեղանին դրեց բաժակները, արագ բացեց շիշը և ասաց Նունանին։ ― Լցրու։ Հայրիկիս՝ մի քիչ․․․
Նունանը անշտապ սկսեց վիսկին լցնել բաժակները։ Ծերունին նստած էր նախկին դիրքով ու նայում էր պատին։ Եվ բնավ չարձագանքեց, երբ Նունանը բաժակը մոտեցրեց նրան։ Իսկ Նունանն արդեն հարմարվել էր նոր իրավիճակին։ Դա խաղ էր՝ սարսափելի ու ողորմելի խաղ։ Խաղը սկսել էր Ռեդրիկը, և Նունանը միացավ այդ խաղին, ինչպես որ ամբողջ կյանքում ներգրավվել էր ուրիշների խաղերի մեջ՝ սարսափելի ու ողորմելի, ամոթալի ու վայրենի և շատ ավելի վտանգավոր խաղերի մեջ, քան այս խաղն էր։ Բարձրացնելով իր բաժակը, Ռեդրիկն ասաց․ «Հը, գցե՞նք»։ Եվ Նունանը միանգամայն հանգիստ նայեց ծերունուն, իսկ Ռեդրիկը առանց շտապելու իր բաժակը շրխկացրեց Նունանի բաժակին ու ասաց․ «Գցենք, գցենք․․․»։ Նունանը ևս շատ բնական ու հանգիստ գլխով արեց, ու նրանք խմեցին։
Աչքերը փայլեցնելով, Ռեդրիկը սկսեց խոսել դարձյալ նույն գրգռված ու մի քիչ արհեստական տոնով․
― Վերջ, ախպերս։ Բանտը ինձ էլ չի տեսնի։ Եթե իմանաս, սիրելիս, թե ինչքան լավ է տանը։ Փող կա, ես մի լավ առանձնատուն եմ գտել, այգի էլ կա հետը։ Գիշակերի տնից էլ լավը․․․ Դու հո գիտես, որ ես ուզում էի մեր քաղաքից մեկնել, դեռ բանտում էի որոշել։ Նունան, ինչո՞ւ եմ ես մնացել այս քոսոտ քաղաքում։ Գրողի ծոցը ամեն ինչ․․․ Բանտից ազատվում եմ, ու, բարև ձեզ, արտագաղթն արգելել են։ Ինչ է, մենք հո բորոտ չդառա՞նք այս երկու տարում։
Նա խոսում էր ու խոսում, իսկ Նունանը գլխով էր անում, կում֊կում խմում վիսկին, մեկ֊մեկ միջամտում էր, կարեկցաբար հայհոյելով կամ հռետորական հարցեր տալով, իսկ հետո սկսեց հարց ու փորձ անել, թե դա ի՞նչ առանձնատուն է, որտեղ է գտնվում, ի՞նչ արժի, ու նրանք սկսեցին վիճել։ Նունանը պնդում էր, որ առանձնատունը թանկ է և տեղն էլ վատ է։ Նա հանեց ծոցատետրը, սկսեց թերթել ու կարդալ լքված առանձնատների հասցեները, որոնք համարյա ձրի են ծախում, ու վերանորոգումն էլ էժան կնստի, եթե արտագաղթելու դիմում տաս, իշխանություններից մերժում ստանաս ու դրա դիմաց փոխհատուցում պահանջես։
― Տեսնում եմ, որ դու արդեն անշարժ գույքով էլ ես զբաղվում, ― ասաց Ռեդրիկը։
― Իսկ ես քիչումիչ ամեն ինչով էլ զբաղվում եմ, ― ասաց Նունանն ու աչքով արեց։
― Գիտեմ, գիտեմ, լսել եմ քո խարդախ գործերի մասին։
Նունանն աչքերը չռեց, մատը դրեց շրթունքներին ու գլխով ցույց տվեց խոհանոցի կողմը։
― Դե լավ, բոլորն էլ գիտեն, ― ասաց Ռեդրիկը, ― փողը հոտ չունի։ Հիմա ես դա շատ լավ եմ հասկացել․․․ Բայց որ Մոսոլին քեզ համար կառավարիչ ես վերցրել՝ քիչ մնաց ծիծաղից պայթեի, որ լսեցի։ Գայլին գցել են ոչխարների փարախը․․․ Նա հո գիժ է, ես երեխա ժամանակից եմ ճանաչում նրան։
Այստեղ ծերուկը դանդաղորեն, փայտե շարժումով, ասես մի վիթխարի տիկնիկ լիներ, ձեռքը բարձրացրեց ծնկից ու փայտե դրխկոցով դրեց սեղանին՝ իր բաժակի կողքը։ Ձեռքը թուխ էր, կապտավուն երանգով, ծռմռված մատների պատճառով ոնց որ հավի ճանկ լիներ։ Ռեդրիկը լռեց ու նայեց նրան։ Նրա դեմքը ցնցվեց, ու Նունանը զարմացած տեսավ, որ այդ պեպենոտ գիշատիչ դեմքն արտահայտում է անենաիսկական, ամենաանկեղծ սեր ու քնքշություն։
― Խմեք, հայրիկ, խմեք, ― գորովալից ասաց Ռեդրիկը։ ― Մի քիչ կարելի է, անուշ լինի․․․ Ոչինչ, ― շշնջաց նա Նունանին՝ դավադրաբար աչքով անելով։ ― Նա էս բաժակի հախից կգա, քեզ տես։
Նայելով նրան, Նունանը հիշեց, թե ինչ կատարվեց այն ժամանակ, երբ Բորդի լաբորանտները եկան այս մուլյաժին տանելու։ Նրանք երկուսն էին, երկուսն էլ ուժեղ, ժամանակակից տղերք, սպորտսմեններ և նման այլ բաներ։ Նրանց հետ էր նաև քաղաքային հիվանդանոցի բժիշկը իր երկու սանիտարներով՝ հաղթանդամ ու գռեհիկ մարդիկ, որոնք սովոր են պատգարակ շալակելու և խաղաղեցնելու կատաղածներին։ Հետո լաբորանտներից մեկը պատմում էր, որ այդ «շեկը» սկզբում ոնց որ չհասկացավ, թե ինչն ինչոց է, իրենց տուն թողեց, թույլ տվեց, որ նայեն հորը և, երևի, ծերուկին կտանեին էլ․ որովհետև Ռեդրիկը սկզբում կարծել էր, թե ուզում են հորը հիվանդանոց պառկեցնել՝ քննության։ Սակայն այդ ապուշ սանիտարները, որոնք նախնական բանակցությունների ժամանակ կանգնել էին միջանցքում ու աչքները չէին կտրում խոհանոցի պատուհանները լվացող Գուտայից, երբ նրանց ներս կանչեցին, վրա պրծան ծերուկին, ու ոնց որ գերան քարշ տային․ գցեցին նրան հատակին։ Ռեդրիկը կատաղեց, ու այստեղ էլ մեջ ընկավ անխելք բժիշկն ու սկսեց մանրամասն բացատրել ինչն ինչոց է։ Ռեդրիկը մի երկու րոպե լսեց նրան, իսկ հետո առանց որևէ նախազգուշացման միանգամից պայթեց, ոնց որ ջրածնային ռումբ։ Այս ամենը պատմող լաբորանտն ինքն էլ չէր հիշում, թե ինչպես էր հայտնվել փողոցում։ Շեկ սատանան հինգին էլ ցած էր իջեցրել աստիճաններով, ըստ որում նրանցից ոչ մեկին թույլ չէր տվել ինքնուրույն իջնել, սեփական ոտքերով։ Լաբորանտի պատմածով, նրանք դռնից դուրս են թռել, ոնց որ թնդանոթից արկն է դուրս թռչում։ Երկուսը ուշագնաց ընկած են մնացել մայթին, իսկ մյուսների հետևից Ռեդրիկը վազել է չորս թաղամաս, հետո վերադարձել է ինստիտուտի մեքենայի մոտ ու ջարդուփշուր արել բոլոր ապակիները․ վարորդն արդեն չքվել էր մեքենայից, նա փախել էր․․․
― Ինձ մի պանդոկում նոր կոկտեյլ ցույց տվեցին, ասաց Ռեդրիկը, վիսկին լցնելով բաժակները։ ― Կոչվում է «վհուկի դոնդող», ես հետո քեզ համար կսարքեմ, երբ մի քիչ կուտենք։ Դա, եղբայրս, այնպիսի բան է, որ դատարկ փորով խմելը վտանգավոր է, մի բաժակից ձեռքերդ ու ոտքերդ թուլանում են․․․ Ուզում եմ ասել, Դիկ, որ ես քեզ այսօր մի լավ պատիվ պիտի տամ, լավ պիտի հյուրասիրեմ։ Արի հիշենք մեր հին ու լավ օրերը, հիշենք «Բորժչը»։ Գիտե՞ս, որ խեղճ Էռնին մինչև հիմա նստած է։ ― Նա խմեց, սրբեց շրթունքներն ու ի միջի այլոց հարցրեց․ ― Իսկ ինստիտուտում դեռ չե՞ն զբաղվում «վհուկի դոնդողով»։ Ես, գիտես էլի, մի քիչ հետ եմ մնացել գիտությունից․․․
Նունանն իսկույն գլխի ընկավ, թե Ռեդրիկն ինչու սկսեց այս խոսակցությունը։ Նա թափ տվեց ձեռքն ու ասաց․
― Ի՞նչ ես ասում, սիրելիս։ Գիտե՞ս ինչ պատմություն եղավ այդ «դոնդողի» պատճառով։ Լսած կա՞ս Կարիգանովյան լաբորատորիայի մասին։ Դա մի մասնավոր խանութ է․․․ Հա, ուրեմն, նրանք ճարում են մի քիչ «դոնդող»․․․
Ու Նունանը պատմեց աղետի մասին, մեծ աղմուկ հանած սկանդալի մասին, պատմեց, որ այդպես էլ չգտան, թե որտեղից էին նրանք ճարել «դոնդողը»՝ ոչ մի բան չպարզվեց, իսկ Ռեդրիկը լսում էր, կարծես, ցրված, չպպացնում էր լեզվով, գլուխն օրորում, իսկ հետո վիսկին թափով լցրեց բաժակներն ու ասաց․
― Տեղն է դրանց, տականքներին, թող շանսատակ լինեն․․․
Նրանք խմեցին։ Ռեդրիկը նայեց հայրիկին, ու նորից նրա դեմքը ցնցվեց, նա ձեռքը երկարացրեց ու բաժակն ավելի մոտեցրեց կեռված մատներին, ու մատները հանկարծ բացվեցին և նորից սեղմվեցին, տակից բռնելով բաժակը։
― Այ հիմա գործն արագ առաջ կգնա, ― ասաց Ռեդրիկը։ ― Գուտա՜, ― գոռաց նա։ ― Շա՞տ պիտի մեզ սոված թողնես։ Նա քեզ համար է չարչարվում, ― բացատրեց Նունանին։ ― Քո սիրած սալաթն է անպայման սարքում, խխունջով, վաղուց էր պահել, ես տեսել էի․․․ Իսկ ընդհանրապես ի՞նչ կա ինստիտուտում։ Նոր բան գտե՞լ են։ Ասում են, որ հիմա այնտեղ միայն ավտոմատներ են աշխատում, բայց թե քիչ գործ են անում․․․
Նունանը պատմեց ինստիտուտի գործերի մասին, ու մինչ նա խոսում էր, սեղանի մոտ, ծերուկի մոտ անձայն հայտվեց Կապիկը, կանգնեց, բրդոտ թաթիկները դնելով սեղանին, ու հանկարծ, իսկական երեխայական մի շարժումով, հենվեց մուլյաժին ու գլուխը դրեց նրա ուսին։ Եվ Նունանը, շարունակելով խոսել ու նայելով Գոտու այս երկու հրեշավոր ծնունդներին, մտածեց՝ տեր աստված, էլ ի՞նչ պիտի լինի։ Էլ ի՞նչ պիտի անեն մեզ, որ մենք վերջապես հասկանանք։ Մի՞թե եղածը քիչ է․․․ Նա գիտեր, որ միլիոնավոր և միլիարդավոր մարդիկ ոչինչ չգիտեն ու չեն էլ ուզում որևէ բան իմանալ, իսկ եթե իմանան էլ, ապա մի տասը րոպե կզարզանդեն, ու նորից ամեն ինչ նույնը կմնա։ Պետք է գնալ արդեն, մտածեց նա գազազած։ Գրողը տանի Բարբրիջին, գրողը տանի Լեմխենին․․․ Գրողը տանի աստծո կողմից անիծված այս ընտանիքին․․․
Ի՞նչ ես աչքերդ չռել նրանց վրա , ― ցածրաձայն հարցրեց Ռեդրիկը։ ― Դու մի՛ վախեցիր, դա նրա համար վտանգավոր չէ։ Նույնիսկ հակառակը, ասում են, որ նրանցից առողջություն է գալիս։
― Հա, գիտեմ, ― ասաց Նունանն ու միանգամից դատարկեց բաժակը։
Ներս մտավ Գուտան, Ռեդրիկին կարգադրեց բաժանել ափսեները և սեղանին դրեց արծաթյա սկուտեղը՝ Նունանի սիրած սալաթով։
Եվ հանկարծ ծերուկը, ասես ինչ֊որ մեկը գլխի ընկավ ու թելը քաշեց, մի շարժումով բաժակը մոտեցրեց բացված բերանին։
― Դեհ, տղերք, ― հիացմունքով ասաց Ռեդրիկը, ― այ, հիմա մենք կարգին քեֆ կանենք։