Երջանիկ տրամադրության մեջ՝ Քլինգզորը նստել ու հանգստանում էր։ Նայում էր գիշերվա պատկերներին, դանդաղորեն կուլ տալիս սև հացը ու լուռ դատարկում գինով լի կապտավուն գավաթները։ Հագենալուց հետո՝ վերստին սկսեց զրուցել ու երգել, ճոճվում էր երգի տակտին համապատասխան, կատակում կանանց հետ, նրանց մազերի բույրը շնչում։ Գինին նրան դուր էր գալիս։ Ծեր գայթակղիչին հեշտությամբ հաջողվեց բարեկամներին ետ պահել ճանապարհը շարունակելու մտքից, նա շարունակ գինի էր խմում կամ մատուցում, սիրահոժար չրխկացնում էր գավաթն ու դատարկում, նորից գինի պահանջում։ Կավե կապտավուն գավաթների միջից դանդաղորեն վեր էին խոյանում անցողիկության խորհրդանիշները, խայտաբղետ փերիները թափառում էին աշխարհով մեկ, իրենց փայլով գունազարդում աստղերն ու գիշերային լույսերը։
Նրանք նստած էին բարձրում օրորվող ճոճանակի վրա՝ աշխարհի ու գիշերվա անդունդի մեջ ընկղմված։ Նրանք ասես ոսկե վանդակի մեջ առնված թռչուն լինեին, անհայրենիք ու անհոգ տարուբերվում էին աստղերի տակ։ Այդ թռչունները տարաշխարհիկ երգեր էին երգում, նրանց Երևակայությունը երևակայությունը զմայլված սրտով ճախրում էր գիշերվա մեջ, երկնքում, անտառում, կախարդական տիեզերքներում։ Պատասխանը գալիս էր աստղերից ու լուսնից, ծառից ու լեռներից, Գյոթեն էր նստած այնտեղ ու Հաֆեզը, ջերմ բուրում էին Եգիպտոսն ու Հունաստանը, Մոցարտը ժպտում էր, Հուգո Վոլֆը դաշնամուր էր նվագում խելացնոր գիշերվա մեջ։
Հանկարծ սարսափելի թափով պայթեցին աղմուկն ու իրարանցումը, շաչոցի ուղեկցությամբ մի լույս առկայծեց․ երկրի սրտից բարձրացող հարյուրավոր շողարձակող պատուհաններով զրահավորված՝ նրանց մոտով սլացավ գիշերային լեռներում թափառող երկաթուղային գնացքը։ Երկնքում հնչում էին անտեսանելի եկեղեցու զանգերը։ Կիսալուսինը զգուշորեն բարձրացավ ու կանգնեց սեղանի գլխավերևում, նրա ցոլքը առկայծում էր մթնած գինու մակերևույթին, համատարած խավարի մեջ նա լուսավորեց մի կնոջ բերանն ու աչքերը, ապա ժպտաց, ավելի բարձրացավ ու սկսեց երգել աստղերի հետ։ Լուի Վայրագի հոգին միայնակ պպզել էր նստարանի եզրին և նամակներ էր գրում։
Հենված մի անծանոթ կնոջ հաճելիորեն շնչող կրծքին՝ Քլինգզորը համբուրում էր մեկ ուրիշի փոքրիկ ձեռքը։ Սեղանի տակ ինչ֊որ մեկը խաղում էր իր ոտքի հետ։ Թե այդ ում ձեռքն ու ոտքն էին՝ չգիտեր, նա միայն քնքշություն էր զգում շուրջը, երախտագիտորեն տրվել էր հնօրյա կախարդանքի պաշտամունքին, նա դեռ երիտասարդ էր զգում իրեն և հեռու, անչափ հեռու էր վախճանի մտքից, ցնծությունն ու գայթակղությունը դեռ ճառագում էին նրա հոգուց, այդ բարի, սքանչելի ու երկչոտ կանայք դեռ սիրում էին իրեն ու հույսեր փայփայում իր հետ։
Նորելուկ ծաղկի նման Քլինգզորն ավելի ու ավելի էր փթթում։ Մեղմ ու երգեցիկ ձայնով նա սկսեց մի ծավալուն վեպ պատմել, մի սիրո պատմություն, ավելի ճիշտ՝ հյուսիսային ծով կատարած իր մի ճամփորդությանն էր դա վերաբերում, երբ ինքը Գոգենի ու Ռոբինզոնի հրավերքով, հայտնագործեց Թութակների կղզին և հիմնեց Երջանիկ Կղզիների Ազատ Հանրապետությունը։ Ինչպես էին հազարավոր թութակները շողշողում իրիկնալույսի մեջ, ինչպես էին կանաչ ծովա֊խորշի ծովախորշի մեջ արտացոլվում նրանց կապույտ պոչերը… նրանց արձակած աղմուկ֊աղաղակն ու հսկայական կապիկների հազարաձայն ճիչերը խլացուցիչ որոտի նման դիմավորեցին իրեն՝ Քլինգզորին, երբ նա հռչակեց նրանց Ազատ Հանրապետությունը։ Սպիտակ կակադուին նա հանձնարարեց նախարարների կաբինետը կազմել և փնթփնթան ռնգեղջյուր֊թռչունի հետ ծանր կոկոսե գավաթները չրխկացնելով՝ արմավենու գինի խմեց։ Ով դու ծերուկ լուսին, որ անուշ ժպտում ես երջանկավետ գիշերվա մեջ ամփոփված եղեգնահյուս հյուղակի գլխավերևում… նրան կոչում էին Կյուլ Կալյուա, այն շագանակագույն մաշկով ու վախվորած արտաքինով, նրբակազմ ու երկարանդամ արքայադստերը, որ քայլում էր բանանների պուրակում, հսկա տերևների մեղրափայլ ու հյութալի տանիքի ներքո, նրա հեզաբարո դեմքին այծյամի աչքեր էին, իսկ ճկուն մեջքում՝ կատվային խանդ ու հույզ, կատվաթռիչ խոյանք էր ամփոփված նրա հեզաճկուն մատների, մկանուտ ու ջլապինդ ոտքերի մեջ։ Կյուլ Կալյուան, այդ մանկիկը, սրբազան հարավ֊արևելքի նախնական խանդի, ջերմության, անմիջականության ու մանկական անմեղության այդ միագումարը, ուր է նա, արդյո՞ք, նա, որ բազում գիշերներ է լուսացրել Քլինգզորի զրկում, ինչ հիասքանչ ու սրտագին գիշերներ էին դրանք, թովչանքի հավերժող տոնախմբություն… Ո՜վ, երկրի ոգու սրբազան տոնահանդես, աստծո հրաշակերտած այս եզերքի ո՞ր անկյունում են հիմա պար գալիս Թութակների կղզու կույսերը…
Կղզու, Ռոբինզոնի, Քլինգզորի և այդ պատմություններն ունկնդրողների գլխավերևում կամար էր կազմել սպիտակ աստղերով զարդարուն գիշերը, հանդարտորեն շնչող մի կրծքավանդակի ու ծառերի ներքո գոյացած ծովածոցի նման՝ քնքշորեն ուռչում էր լեռը։ Նրա շնչառությունը փոխանցվում էր շրջապատում սփռված տնակներին ու մարդկանց ոտքերին… Երկնքի կիսակամարի վրա հապշտապ ու տենդագին շարժումներով պարում էր սառնաբույր լուսինը, նրան ուղեկցում էր աստղերի վայրիվերո ու համրախոս պարը։ Աստղերը շղթա կազմած շարվել էին դրախտ տանող ճապոնուղու ճոպանուղու պսպղացող գծալարերին։ Կուսական անտառը մայրաբար շողշողում էր, վաղնջական ժամանակներում գոյացած աշխարհի տիղմն ու ցեխը բուրում էին կործանմամբ ու բեղմնավորումով, այս ու այնտեղ սողում էին օձերն ու կոկորդիլոսները, արարածների ստվարատարած հեղեղը նորանոր տիրույթներ էր գրավում…
― Ես նորից պետք է ձեռքս առնեմ վրձինը,― ասաց Քլինգզորը,― հենց վաղ առավոտից սկսում եմ նկարել։ Բայց ոչ այլևս այս տները, ոչ էլ այս մարդկանց ու ծառերը։ Նկարելու եմ կոկորդիլոսներ ու ծովաստղեր, վիշապներ և պուրպուր հագած օձեր, և այդ բոլորը դառնալիության մեջ, փոխակերպության պահին, մարդ կամ աստղ դառնալու տենչանքով համակված, հղի ծնունդով ու նեխումով, աստծով ու մահով լիացած։
Այն պահին, երբ նա խաղաղ զրույցի էր բռնվել, հոգեկան զմայլանքի ու արբածության այդ ժամին, հանկարծ զիլ ու վճիտ հնչեց Էրսիլյայի ձայնը, որ հանգիստ ու մեղմօրոր ծոր էր տալիս bel mazzo di fiori երգը, և խաղաղություն էր սփռվում նրա երգից։ Քլինգզորը ուշի֊ուշով հետևում էր երգի հնչյուններին և կարծես բաց ծովում լողացող մի կղզում հայտնված լիներ ինքը, ժամանակից վերացած ու միայնակ։ Նա շրջեց գինու դատարկված գավը և մի կողմ հրեց այն։ Այժմ նա համակ լսողություն էր։ Ահա այստեղ մի երեխա էր երգում, իսկ այնտեղից ծորում էր մայրական անուշ մեղեդին։ Այդ պահին նրան ինչ֊որ անիծված ու գարշելի տրամադրություն էր համակել, մեկ թվում էր, թե ինքը աշխարհիս տիղմի մեջ խորասուզված շրջմոլիկ սրիկա է և կամ մի պստլիկ ու անմիտ երեխա․;.․
― Էրսիլյա,― ասաց նա հարգալից տոնով,― դու մեր բարի աստղն ես։
Այստեղ բարեկամներից մեկը հրաժեշտ տվեց, ապա մեկ ուրիշը, որ շուտով անհետացավ խաղողի վազերի ստվերների մեջ հազիվ նշմարվող նեղլիկ արահետում։ Ամեն մեկն իր խոհերին տրված՝ գնում էր ու վերադառնում, երկնքի տակ հավիտյանս միայնակ։ Մի կին բարի գիշեր մաղթելով՝ համբուրեց Քլինգզորին, նկարիչը զմայլված ծծում էր նրա շրթունքները։ Բոլորը մի կողմ գլորվեցին, բոլորը հալվեցին֊անցան։ Իր բնակարանի աստիճաններով միայնակ բարձրանալիս անգամ՝ Քլինգզորը դեռ շարունակում էր երգել։ Նա ներբողում ու գովերգում էր Աստծուն և իր անձը, գովաբանում Լի Թայ Պոյին ու Պոմպամբիոյի հրաշափառ գինին։ Հետո նա, որպես մի կուռք, ընկողմանեց համաձայնության ու հաստատումի ամպերի մեջ։
֊Ինձ ― Ինձ թվում է,― ասաց նա,― թե ես մի ոսկե գունդ եմ, գմբեթավոր տաճար, ուր ծունկի են գալիս ու աղոթում, պատերից ոսկի է ճառագում, հինավուրց նկարներում արյունաքամ է լինում Փրկիչը, տառապում է Մարիամի հոգին։ Մենք նույնպես արյունաքամ ենք լինում ու տառապում, մենք՝ օտարներս ու մոլորյալներս, մենք՝ աստղեր ու գիսաստղերս, յոթ կամ երկու անգամ յոթ սրեր են խոցում մեր երջանկատեսիլ կուրծքը… Ես քեզ սիրում եմ, շիկահեր կամ սևահեր տիկին, սիրում եմ բոլորին, նույնիսկ քաղքենուն, դուք բոլորդ էլ ինձ պես թշվառական սատանաներ եք, այս հարբած Քլինգզորի նման՝ դուք էլ խեղճուկրակ մանուկներ ու չկայացած կիսաստվածներ եք։ Ողջույն, ողջույն քեզ, սիրելիդ իմ Կյանք։ Ողջույն քեզ, սիրելիդ իմ Մահ…
Քլինգզորն արդեն ավարտել էր նկարը և խորը շունչ էր քաշում, երբ հանկարծ նկատեց մոտեցողների դեմքերը՝ Թու Ֆուի շիկավուն, հրաշալի մազերը և մոգի սև մորուքն ու սպիտակ ատամներով ժպտացող բերանը։ Եկվորներին ուղեկցում էին նաև իրենց ստվերները՝ երկարուկ ու խավար, մութ խոռոչների մեջ խորն ընկած աչքերով…
― Ողջույններս նաև քեզ, ով դու ստվեր, բարի գալուստ թանկագինս…
― Դու գիտե՞ս, թե այսօր ինչ օր է,― հարցրեց Քլինգզորը իր բարեկամին։
― Հուլիսի վերջին օրն է, գիտեմ։
― Ես այսօր մի բախտացույց կազմեցի,― ասաց հայը,― և այնտեղ տեսա, որ այս երեկո ինձ հետ ինչ֊որ արտակարգ բան է կատարվելու։ Սատուրնը տագնապալի դիրք է բռնել, Մարսը՝ չեզոք, իսկ Յուպիտերը իշխում է։ Լի Թայ Պո, դուք հուլիսի ծնունդ եք։
― Ես ծնվել եմ հուլիսի երկուսին։
― Այդպես էլ գիտեի։ Ձեր աստղերը բարդ ու անսովոր դիրք են ընդունել, բարեկամ, և միայն դուք ինքներդ կարող եք դա մեկնաբանել։ Բեղունությունը շրջապատել է ձեզ՝ պայթելու պատրաստ ամպի նման։ Տարօրինակ դիրք են բռնել ձեր աստղերը, Քլինգզոր, դուք պետք է որ դա զգաք։
Լին կապկպեց իր նկարչական պիտույքները։ Արդեն հանգել էր նրա նկարած աշխարհը, հանգել էին դեղնականաչավուն երկինքը, հարբած ու կապույտին տվող դրոշակները, մեռյալ ու խունացած էր երևում հրաշափառ դեղինը։ Նա սոված էր ու ծարավ, կոկորդը լիքն էր փոշով։
― Բարեկամներ,― ասաց նա ջերմորեն,― մենք պետք է այս երեկո միասին լինենք, քանզի այսուհետև մենք այլևս երբեք այս չորսով միասին չենք լինի, ես դա կարգում եմ ոչ թե աստղերով, այլ իմ սրտում է այն գրված։ Իմ հուլիս ամիսը անցավ, խավարի մեջ փայլփլում են նրա վերջին ժամերը, սրտումս զգում եմ անդունդներից եկող Մեծ Մոր կանչը։ Աշխարհը երբեք այսքան գեղեցիկ չի եղել, իմ նկարներն էլ երբեք այսքան գեղեցիկ չեն եղել, փայլակներն են վառվում, և կործանման երաժշտությունը ծոր է տալիս իր երգը։ Մենք կձայնակցենք նրան, այդ քաղցր ու վեհերոտ մեղեդուն, մենք այսօր միասին կլինենք, գինի կխմենք ու հաց կուտենք։
Արդեն երեկո էր, ցերեկվա ընթացքում վրանով ծածկված կարուսելի պաստառը կամաց֊կամաց հավաքում էին, կողքին՝ ծառերի տակ դրված էին մի քանի սեղաններ, կաղ սպասուհին այս ու այն կողմ էր վազվզում, ստվերների միջից նշմարվում էր փոքրիկ պանդոկը։ Բարեկամները նստեցին տախտակե սեղանի շուրջը, հաց բերվեց ու գինի մատուցվեց կավե գավաթներում, ծառերի տակ լույսեր վառվեցին, դիմացը սկսեց դղրդալ կարուսելի երգեհոնը, որի մանրատվող ու հնչեղ մեղեդին մխրճվում էր երեկոյի մեջ։
― Երեք հարյուր գավաթ ես այսօր կդատարկեմ,― բղավեց Լի Թայ Պոն ու գավաթը չրխկացրեց ստվերի հետ։ — Ողջու՜յն քեզ, ստվեր, ամուր ու տոկուն անագե զինվոր… Ո՛ղջ եղեք, բարեկամներ։ Ողջու՜յն ձեզ, էլեկտրական լույսեր, հողալապտերներ և կարուսելի մոտ պսպղացող ոսկե ավազահատիկներ… Օ՜, եթե Լուին այստեղ լիներ, այդ չվող թռչունը… Գուցե նա արդեն մեզնից առաջ է երկինք համբարձվել։ Բայց գուցե վաղն իսկ վերադառնա, ծեր շնագայլը, և մեզ այլևս չգտնելով՝ անհագ կքրքջա և հողալապտերներ ու դրոշակաձողեր կտնկի մեր գերեզմանների վրա։
Մոգը լուռ հեռացավ և գինի բերեց, կարմիր բերանի միջից ուրախ ժպտում էին նրա սպիտակ ատամները։
― Թախիծը,― ասաց նա՝ հայացքը գցելով Քլինգզորի վրա,― մի այնպիսի բան է, որին մարդ երբեք չպետք է տրվի։ Դա շատ հեշտ է՝ ընդամենը մի ակնթարթի գործ, բավական է մի կարճատև լարում, ատամների թեթևակի կրճտոց, և այնուհետև մարդ արդեն առհավետ մաքրած կլինի իր հաշիվները թախծի ու տրտմության հետ։
Քլինգզորը ուշադիր նայում էր նրա բերանին, նրա լուսավոր ու պայծառ ատամներին, որոնք հենց նոր, քիչ առաջ, շողշողուն մի պահի՝ արժեզրկել էին թախիծը իրենց մահացու սեղմումի մեջ։ Արդյո՞ք, ինքը նույնպես ընդունակ էր թախծից հրաժարվելու, այնպես, ինչպես աստղագուշակն էր խորհուրդ տալիս։ Օ՜, հեռու այգիներին նետված մի փութանցիկ հայացք․ սա էր առանց վախի ու անթախիծ կյանքը։ Նա գիտեր, որ այդ այգիները իր համար անհասանելի էին։ Դիտեր, որ իր համար ուրիշ բան է նախասահմանված, Սատուրնը ուրիշ կերպ էր իրեն նայում, իր սրտի լարերի վրա աստված ուրիշ երգեր էր կամենում հնչեցնել։
― Ամեն ոք ունի իր աստղը,― հանգիստ ասաց Քլինգզորը,― ամեն ոք ունի իր հավատը։ Անձամբ ես հավատում եմ միայն մի բանի՝ կործանմանը։ Մենք վարգում ենք անդունդի եզրին ընթացող ուղեսայլի մեջ, և ձիերը խրտնել են։ Մենք բոլորս դատապարտված ենք մահվան և պետք է կործանվենք, բայց մենք նորից կծնվենք, մեծ շրջադարձի, մեծամեծ փոփոխությունների ժամանակներ են մեզ համար եկել։ Ամենուր նույնն է․ ահեղ պատերազմը, արվեստում կատարվող խոշոր փոփոխությունները, արևմուտքի տերությունների կործանումը… Մեր այս ծեր Եվրոպայում մեռել է այն ամենը, ինչը մեզանում լավն էր ու մեր սեփականը, մեր հրաշալի բանականությունը դարձել է մոլորություն, մեր դրամը՝ հասարակ թուղթ, մեր մեքենաները կարողանում են սոսկ կրակել ու պայթեցնել, մեր արվեստը ինքնասպանություն է։ Մենք խորտակվում ենք, բարեկամներս, այդպես է մեզ նախասահմանված, Ցինգ Ցզեի փիլիսոփայությունը տոն է տալիս մեր իրականությանը։
Հայը գինի լցրեց։
― Ինչպես կուզեք,― ասաց նա։ ― Դրան կարելի է և «այո» ասել և «ոչ», դա, ըստ էության, մանկական խաղ է։ Ընդհանրապես կործանում հասկացություն գոյություն չունի։ Որպեսզի կործանում կամ բարձրացում լինի, դրա համար պետք է վերև և ներքև գոյություն ունենա։ Բայց տիեզերքում վերև ու ներքև չկա, այն գոյություն ունի միայն մարդուս ուղեղում՝ պատրանքի ու մոլորության այդ հայրենիքում։ Բոլոր համադրությունները մոլորություններ են․ սպիտակը և սևը մոլորություն է, մահվան և կյանքի հակադրությունը մոլորություն է, բարին և չարը նույնպես մոլորություն է։ Դա մեկ րոպեի գործ է, ընդամենը մի պայծառատեսության րոպեի գործ, բավական է ատամները կրճտացնել, որպեսզի մարդս հաղթահարի մոլորությունների տիրապետությունը։
Քլինգզորը ուշիուշով ունկնդրում էր նրա հրաշալի ձայնը։
― Ես խոսում եմ մեր մասին,― խոսեց նա ի պատասխան,― ես խոսում եմ Եվրոպայի մասին, մեր ծերուկ Եվրոպայի, որ այս էլ արդեն երկու հազար և ավելի տարիներից ի վեր համարվում էր աշխարհիս ուղեղը։ Այժմ այն կործանվում է։ Դու կարծում ես, թե ես քեզ չե՞մ հասկանում, մոգ։ Դու արևելքի մի սուրհանդակ ես, դու գործուղված ես ինձ մոտ, այստեղ, գուցե լրտես ես դու, կամ մի ծպտված զորավար։ Դու այստեղ ես եկել, որովհետև այստեղից սկիզբ է առնում վերջը, որովհետև այստեղ կործանումի հոտ ես առել։ Բայց մենք հաճույքով ենք խորտակվում, լսի՛ր, ո՛վ դու, մենք հաճույքով ու սիրով ենք մեռնում, մենք չենք դիմադրում։
― Նույն տրամաբանությամբ դու կարող էիր նաև ասել․ մենք հաճույքով նորից կծնվենք,― ծիծաղեց ասիացին։ Այդ քեզ է միայն կործանում թվում, իսկ ինձ համար գուցե ծնունդ է դա։ Երկու դեպքում էլ մոլորության առաջ ենք կանգնած։ Նա, ով երկիրը համարում է մի ամուր, հաստատուն ու մշտնջենական սկավառակ, որ գոյատևում է այս երկնքի ներքո, նա անպայմանորեն ի գիտություն է ընդունում և հավատում է բարձրացմանն ու կործանմանը, և բոլորը, գրեթե բոլոր մարդիկ հավատում են այս հաստատուն ու մշտատև սկավառակին… Աստղերն իրենք էլ ոչ մի վերև ու ներքև չեն ճանաչում։
― Մի՞թե աստղերը չեն կործանվում,― գոռաց Թու Ֆուն։
― Միայն մեզ համար, մեր աչքերի համար։
Նա լիքը լցրեց գավաթները, այսպես շարունակ մատռվակում էր, միշտ պատրաստ էր ծառայություններ մատուցելու, և ժպիտն էլ անպակաս էր նրա դեմքից։ Նա վերցրեց դատարկ կուժը և գնաց գինի բերելու։ Բարձրաձայն հնչում էր կարուսելի երաժշտությունը։
― Գնանք այն կողմ, այնտեղ գեղեցիկ է,― խնդրեց Թու Ֆուն, և նրանք շարժվեցին ցույց տրված ուղղությամբ, ապա կանգ առան նկարազարդ պաստառի առջև՝ աչքերը հառած ոսկեցոլ ավազահատիկներին ու հայելիների աչք ծակող փայլին, որ մոլեգնած պտտվում էին կարուսելի հետ, նրանց ցոլարձակումներից կախ էին ընկած հարյուրավոր երեխաների ագահատենչ հայացքները։
Խորիմաստ ժպիտը դեմքին՝ Քլինգզորը մի պահ կարծես ըմբռնեց պտտվող մեքենայի, այդ մեխանիկական երաժշտության, անփույթ ու վառվռուն նկարների, հայելիների ու խելագար պաճուճանքով պճնված սյուների նախաստեղծությունը, անհեթեթությունն ու անկատարությունը, այստեղ ամեն ինչ կախարդի ու վհուկի, դյութի ու նախաստեղծ գայթակղությունների կնիքն էր կրում, և այդ բոլոր վայրի խառնաշփոթության մատնված փայլատակությունները իրականում ոչ այլ ինչ էին, եթե ոչ թիթեղյա գդալի վառվռուն փայլը, որ որպես խաբկանք պարզում են շնաձկան առաջ ու այդպիսով որսում նրան։
Հանկարծ կեսգիշերին, մոտակա պանդոկից մոլեգնորեն պայթեց զիլ ու դյուրաբորբոք մեկ ուրիշ երաժշտություն։ Առաջին հարկում, բուխարու ուղղությամբ, ուր խնամքով դասավորված էին գինու շշերը, ասես գնդացրային կրակահերթի ու հայհոյանքների տեղատարափի խառնափնթոր գրոհումով վայրագորեն թնդաց մեխանիկական դաշնամուրը։ Ցավը ճչում էր լարից ընկած գործիքի ընդերքից, ռիթմը ցած էր ճկվում շոգեգլաններում տնքացող աններդաշնակությունների հեղեղի առաջ։ Մեծ բազմություն էր հավաքվել այնտեղ, աղմուկ, իրարանցում, տղա ու աղջիկ շուրջպար էին բռնել, պարում էր նույնիսկ կաղ սպասուհին, և նույնիսկ Թու Ֆուն։ Նա պարում էր մի շիկահեր փոքրիկ աղջկա հետ, Քլինգզորը աչքը չէր կտրում նրանցից, թեթև ու անբռնազբոս ծածանվում էր աղջկա կարճ ամառային զգեստը նրա բարակ ու գեղեցիկ ոտքերի շուրջը, սիրալիր ու բարեկամաբար ժպտում էր Թու Ֆուն։ Երաժշտության աղմուկից գոյացած իրարանցման ճիշտ մեջտեղում, բուխարու մի անկյունում նստած էին նրանք, որ նոր էին վերադարձել այգուց։ Քլինգզորը շոշափելիության աստիճան պարզ տեսնում էր հնչյունները և ունկնդրում շուրջը ծավալվող գունախաղը։ Մոգը բուխարուց շշեր էր դուրս կորզում, բացում էր ու հյուրասիրում։ Նրա շագանակագույն ու խելացի դեմքից գոհունակ ու պայծառ ժպիտը չէր հեռանում։ Ներքևի սրահում սարսափազդու շեշտով պայթում էր երաժշտությունը։ Ինչպես որ սրբազան տաճարի կողոպտիչն է մեկ առ մեկ դուրս կորզում զոհասեղանի սպասքը, այդպես էլ, ահա, բուխարուն կից դասավորված շշերի կույտում հայը կամաց֊կամաց մի ճեղք բացեց․
― Դու մեծ արվեստագետ ես,― շշնջաց աստղագուշակը Քլինգզորի ականջին՝ լցնելով նրա գավաթը։ Դու մեր ժամանակի մեծագույն արվեստագետներից ես, և իրավունք ունես քեզ կոչելու Լի Թայ Պո։ Բայց դու, Լի Թայ, դու մի հալածված, թշվառական, տառապյալ ու տագնապահար եղած մարդ ես։ Դու կործանման երաժշտությունն ես սկսել հնչեցնել, այն տպավորությունն է ստեղծվում, թե դու նստած երգում ես քո հրդեհվող տանը, որը ինքդ ես կրակի մատնել, և դեռ զարմանում ու դժգոհում էս դրանից, մի՞թե դա խելքի մոտ բան է, Լի Թայ Պո, ու դեռ չասած այն, որ ամեն օր երեք հարյուր գավաթ ես դատարկում և բաժակ չրխկացնում լուսնի հետ։ Էլ ինչո՞ւ ես դժգոհում, թե դա քեզ ցավ է պատճառում, կործանման երգիչ, միթե դու չես ուզում կանգ առնել, չես ուզում ապրել, հարատևել…
Քլինգզորը խմեց և իր փոքր֊ինչ խռպոտ ձայնով շշնջաց ի պատասխան․
― Հնարավո՞ր է արդյոք փոխել ճակատագիրը, ընդդիմանալ նրան։ Մի՞թե գոյություն ունի կամենալու ազատություն։ Կամ մի՞թե դու, աստղագուշակ, կարող ես իմ աստղը ուղղել կամ շրջել։
― Ո՛չ, ուղղել ես չեմ կարող, բայց մեկնաբանել այն՝ խնդրեմ։ Իսկ ուղղել միայն ինքդ ես ի զորու։ Այո, գոյություն ունի կամենալու ազատություն։ Դա կոչվում է մոգություն։
― Ինչո՞ւ ես պետք է մոգությամբ զբաղվեմ, երբ կարող եմ զբաղվել արվեստով։ Միթե արվեստը հրաշալի չէ նույնպես։
― Ամեն ինչ էլ և հրաշալի է, և ոչ։ Բայց միայն մոգությունն է, որ վերացնում է բոլոր տեսակի մոլորությունները։ Մոգությունը բուժում է այն վատթարագույն մոլորությունը, որ մենք «ժամանակ» ենք կոչում։
― Իսկ մի՞թե արվեստն էլ նույնը չի տնում։
― Արվեստը միայն փորձում է դա անել։ Քեզ, օրինակ, բավարարում են թղթապանակումդ պահ տված հուլիսյան պատկերները։ Գուցե դու նրանցում վերացած ես ժամանակից։ Մ՞իթե վախ չունես աշնանից կամ ձմռանից։
Քլինգզորը հեծկլտաց ու լռեց, լռելյայն գինի ըմպեց։ Մոգը լցրեց նրա բաժակը։ Խենթ մոլեգնում էր սանձազերծ եղած դաշնամուրը, պարողների շրջապատում ճախրում էր Թու Ֆուի հրեշտականման դեմքը։ Հուլիսը վերջանում էր։
Քլինգզորը խաղում էր սեղանի վրա շարված դատարկ շշերով, դասավորում նրանց շրջանաձև…
― Սրանք մեր թնդանոթներն են,― բղավեց նա,― այս թնդանոթներով մենք կգնդակահարենք ժամանակը, մահը, արհավիրքը։ Ես նաև գույներով եմ կրակել մահվան վրա, կրակագույն կանաչով, ճայթճայթուն կինաբառիսով ու հրաշագեղ խորդենու լաքով։ Ես հաճախ եմ հարվածել նրա գանգին, սպիտակն ու կապույտը մխրճել եմ նրա աչքերի մեջ։ Հաճախ եմ ես նրան փախուստի մատնել։ Նրա հետ դեռ նորից եմ ընդհարվելու, հաղթելու կամ խորամանկությամբ խաբելու եմ նրան։ Ապա նայեք հային, նա կրկին մի հին շիշ է բաց անում, և անցած ամառվա մոխրացած արևը կրակվում է մեր արյան մեջ։ Նաև հայն է մեզ օգնում կրակելու մահվան վրա, նա ինքն էլ չգիտե այլ զենք մահվան դեմ պայքարելու համար։
Մոգը հաց կտրեց և սկսեց ուտել։
― Մահվան դեմ ոչ մի զենք էլ ես չեմ գործածում, որովհետև մահ գոյություն չունի։ Մի բան միայն գոյություն ունի․ սարսափը մահվան հանդեպ։ Այն կարելի է բուժել, դրա դեմ կա մի զենք։ Դա րոպեական գործ է, ընդամենը պետք է վախը հաղթահարել։ Բայց Լի Թայ Պոն դա չի ուզում։ Նա չէ՞ որ սիրում է մահը, չէ՞ որ նա պաշտում է իր վախը մահվան հանդեպ, և անկարող է բաժանվել թախծից ու թշվառությունից, չէ՞ որ վախն է միայն նրան այն ամենը սովորեցրել, ինչին որ ինքը հմուտ է, և ինչի համար մենք սիրում ենք նրան։
Ծաղրական ժպիտը դեմքին՝ նա չխկացրեց իր բաժակը, ատամները փայլում էին, դեմքը ավելի ու ավելի էր զվարթանում, վիշտն ու տխրությունը կարծես անծանոթ էին նրան։ Ոչ ոք չարձագանքեց նրան։ Գինու թնդանոթներով Քլինգզորը կրակեց մահվան վրա։ Մահը, հսկայական ու մեծ, ցցվեց սրահի բաց դռների առաջ, որ լեփլեցուն էին գինուց ու պար֊երաժշտությունից հարթած մարդկանցով։ Հսկա մահը կանգնել էր դռների առաջ և դանդաղորեն ցնցում էր սև ակացիան, հետո նա մռայլ ու խոժոռադեմ դարան մտավ այգում։ Ողջ թակը ներծծված ու լի էր մահով, միայն այստեղ, այս նեղլիկ ու զրնգացող սրահում դեռ պետք է պայքարը շարունակվեր, պիտի երկարեր սքանչելի ու համարձակ ճակատամարտը՝ սև Պաշարողի դեմ, որը մոտիկից, պատուհանի միջից չարախինդ ոռնում էր։
Մոգը մի հեգնական հայացք գցեց սեղանին, և ծաղրաժպիտը դեմքին՝ լիքը լցրեց գավաթները։ Արդեն շատ գավաթներ էր կոտրել Քլինգզորը, և նորերն էին նրան մատուցվել։ Հայը նույնպես շատ էր խմել, թայց Քլինգզորի պես նա էլ լուրջ տեսք ուներ և ուղղաձիգ դիրքով նստել էր իր աթոռին։
— Եկ խմենք, Լի,— ասաց նա՝ ձայնն աստիճանաբար բարձրացնելով։ Դու հո սիրո՞ւմ ես մահը և հաճույքով կուզենաս կործանվել, մահվան գիրկն անցնել։ Այնպես չէ՞, գուցե ես սխալվում եմ, կամ գուցե դու ինձ էլ, քեզ էլ հավասարապես մոլորեցրե՞լ ես։ Եկ խմենք, Լի, ու կործանվենք…
Քլինգզորի սրտում աճում էր զայրույթը։ Հանկարծ նա ոտքի կանգնեց, սրագլուխ այդ ծեր ճուռակը, հասակով մեկ ուղղվեց, թքեց գինու մեջ, և գետնին խփելով ջախջախեց լիքը բաժակը։ Կարմիր գինին ցայտեց սրահի մեջ, բարեկամները գունատվեցին, օտարները սկսեցին ծիծաղել։
Լռելյայն ու հեգնանքի արտահայտությունը դեմքին՝ մոգը մի նոր գավաթ բերեց, լցրեց այն ու ժպտալով առաջարկեց Լի Թային։ Լին ինքն էլ սկսեց ժպտալ՝ հետևելով հայի օրինակին։ Քլինգզորի այլայլված դեմքի վրա լուսնի լույսի պես ժպիտը փայլատակեց։
―Բարեկամներ― Բարեկամներ,― բացականչեց Քլինգզորը,― եկեք լսենք այս օտարականին։ Նա շատ բան գիտի, այդ ծեր աղվեսը, նա եկել է իր հեռավոր ու խորախորհուրդ բնակավայրից։ Նա շատ բան գիտի, բայց մեզ չի կարող հասկանալ։ Նա շատ է ծեր՝ մանուկներիս հասկանալու համար։ Նա նաև չափից ավելի խելացի է՝ խենթուկներիս հասկանալու համար։ Մենք՝ մահացողներս, նրանից ավելի շատ գիտենք մահվան մասին։ Մենք մարդիկ ենք և ոչ թե աստղեր։ Ապա նայեցեք իմ ձեռքին, որ գինով լի մի փոքրիկ կապույտ գավաթ է բռնել։ Իմ այս շագանակագույն ձեռքը շատ բան կարող է անել։ Աշխարհի ու կյանքի բազմաթիվ անհայտ կտորներ է նա մթության միջից փրկել և մարդկանց աչքերի առաջ պարզել։ Այս շագանակագույն ձեռքը շատ կանանց կզակներ է շոյել, գայթակղել է շատ աղջիկների, նրան շատերն են համբուրել, արցունքներ էլ, հոսել նրա վրայով, նրա պատվին Թու Ֆուն մի բանաստեղծություն է հորինել։ Այս հրաշալի ձեռքը, բարեկամներս, շուտով հող է դառնալու ու որդեր են աճելու նրա մեջ, և ձեզանից ոչ ոք նրան այլևս չի դիպչելու։ Ի՞նչ արած, հենց դրա համար էլ ես սիրում եմ նրան։ Ես սիրում եմ իմ ձեռքը, սիրում եմ իմ աչքերը, իմ սպիտակ քնքուշ փորը, սիրում եմ նրանց կարեկցանքով, հեգնախառն քամահրանքով ու մեծագույն քնքշությամբ, որովհետև նրանք բոլորն էլ շատ շուտով թոշնելու են ու նեխելու։ Քեզ, ստվեր, խավարի բարեկամ, Անդերսենի գերեզմանի վրա կանգնած ծեր անագե զինվոր, նաև քեզ է այդ վիճակված, թանկագինս… Չրխկացրու ինձ հետ, թող կեցցեն մեր սիրելի անդամներն ու աղորիքները…
Նրանք չրխկացրին գավաթները, մռայլ ժպտում էր ստվերը իր խորն ընկած քարանձավային աչքերով, և հանկարծ ինչ֊որ բան անցավ սրահի միջով, անցավ ինչպես քամի կամ ոգեղեն գոյացում։ Անսպասելիորեն համրացավ երաժշտությունը, պարողներն ասես գիշերվան կուլ գնալով՝ հանգչեցին ու անհետացան, լույսերը մի ակնթարթում աղոտացան։ Քլինգզորը հայացքն ուղղեց սև դռների կողմը։ Բակում կանգնած էր մահը։ Քլինգզորը տեսավ նրան։ Առավ նրա հոտը։ Մահը բուրում էր, ինչպես անձրևի կաթիլները խճուղու սաղարթների մեջ։