==Գլուխ IX։ Վառոդ և զենքեր==
«Իսպանոլան» ափից բավական հեռու էր կանգնած։ Նավին հասնելու համար, մենք նավակ նստեցինք և սլացանք նավերի արանքով։ Մեր առաջ բացվում էին երբեմն զանազան կերպարանքներով զարդարված նավի քթեր, երբեմն՝ նավախելեր։ Նավերի ճոպանները ճռնչում էին մեր ողնուցի վրա և կախվում մեր գլխին։ Նավեզրի վրա մեզ ողջունեց ղեկապետ պարոն Էրոուն, շիլ աչքով, արևավառ, օղերն ականջին մի ծեր ծովագնաց։ Նրա և կալվածատիրոջ միջև, ըստ երևույթին, ամենամոտիկ և բարեկամական հարաբերություն կար։
Իսկ նավապետի հետ կալվածատերը պարզապես համերաշխ չէր։
Նավապետը մռայլ մարդ էր։ Նավում ամեն ինչ նրան գրգռում էր։ Իր անբավականության պատճառները նա իսկույն բաց արավ մեր առաջ։ Հենց որ իջանք նավասենյակները հայտնվեց մի նավաստի և ասաց.
― Նավապետ Սմոլետը, պարոն, ցանկանում է ձեզ հետ խոսել։
― Ես միշտ պատրաստ եմ ծառայելու նավապետին։ Խնդրիր, որ բարեհաճի այստեղ,— պատասխանեց կալվածատերը։
Պարզվեց, որ նավապետը իր դեսպանի հետ էր եկել։ Նա միանգամից մտավ նավասենյակ և դուռը փակեց։
― Դե՛, ի՞նչ կասեք, նավապետ Սմոլետ։ Հուսով եմ, որ ամեն բան կարգին է։ Նավը ճանապարհ ընկնելու պատրա՞ստ է։
― Ահա թե ինչ, պարոն,— ասաց նավապետը,— ես պետք է խոսեմ անկեղծորեն, մինչև անգամ համարձակվում եմ ձեզ հետ կռվել։ Այս արշավախումբն ինձ դուր չի գալիս։ Մեր նավաստիներն ինձ դուր չե՛ն գալիս։ Օգնականս ինձ դուր չի գալիս։ Ահա և բոլորը, կարճ ու պարզ։
― Կարելի է, պարոն, ձեզ նավն է՞լ չի դուր գալիս,— հարցրեց կալվածատերը, և ես նկատեցի, որ նա չափազանց զայրացած է։
― Նավի մասին ես ոչինչ չեմ կարող ասել, պարոն, մինչև ճանապարհին չտեսնեմ,— պատասխանեց նավապետը։― Թվում է, թե նավը վատ չի կառուցված։ Սակայն այդ մասին դատելը դեռ վաղ է։
― Այն ժամանակ, պարոն, կարելի է ձեզ դուր չի՞ գալիս ձեր տերը,— հարցրեց կալվածատերը։
Բայց այստեղ բժիշկ Լիվսին մեջ ընկավ.
― Սպասեցե՛ք, սպասեցե՛ք,— ասաց նա,— այդ ձևով կռվից ոչինչ չի դուրս գա։ Նավապետը մեզ և՛ չափազանց շատ, և՛ չափազանց քիչ բան ասաց, և ես իրավունք ունեմ նրանից բացատրություն խնդրելու։ Դուք, կարծեմ, ասացիք, նավապետ, որ մեր արշավախումբը ձեզ դուր չի գալիս։ Ինչո՞ւ։
— Ինձ հրավիրել են, պարոն, որ ես նավը տանեմ այնտեղ, որտեղ ցանկանում է այս պարոնը, և չեն հայտնել ճանապարհորդության նպատակը,— ասաց նավապետը։— Շատ լավ, ես էլ ոչ մի բանի մասին հարցուփորձ չեմ արել։ Սակայն շուտով ես համոզվեցի, որ ամենավերջին նավաստին ճանապարհորդության նպատակի մասին ավելի շատ գիտի, քան ես։ Իմ կարծիքով, սա ճիշտ չէ։ Իսկ ձեր կարծիքով ինչպե՞ս է։
― Իմ կարծիքով էլ նույնն է,— ասաց բժիշկ Լիվսին։
― Հետո,— շարունակեց նավապետը,— ես իմացա, ոը մենք գնում ենք գանձ որոնելու։ Այդ մասին ես լսել եմ, լավ լսեցեք, իմ սեփական ստորադրյալներից։ Գանձ որոնել, առհասարակ, իմ մասնագիտությունը չէ, և ես ոչ մի հակում չեմ զգում դեպի նման զբաղմունքները, նամանավանդ եթե այդ զբաղմունքները գաղտնի են, իսկ գաղտնիքը (ներողություն, պարոն Տրելոնի) թութակն էլ գիտե։
― Սիլվերի՞ թութակը,— հարցրեց կալվածատերը։
— Ոչ, դա առած է,— բացատրեց նավապետը։— Դա նշանակում է, որ գաղտնիքն այլևս ոչ ոքի համար գաղտնիք չէ։ Ինձ թվում է, որ դուք թերագնահատում եք այդ գոծի դժվարություննեըը, և ես պետք է նախազգուշացնեմ, որ ձեզ սպասում է մահու և կենաց պայքար։
— Դուք միանգամայն ճշմարիտ եք,— պատասխանեց բժիշկը։— Մենք շատ մեծ ռիսկ ենք անում։ Բայց դուք սխալվում եք, ենթադրելով, որ մենք մեզ սպասող վտանգների մասին մեզ հաշիվ չենք տալիս։ Հետո դուք ասացիք, որ ձեզ դուր չի գալիս անձնակազմը։ Ի՞նչ է, ձեր կարծիքով, մենք վարձել ենք անբավարար չափով փորձված և անգործունյա ծովագնացնե՞ր։
— Նրանք ինձ դուր չեն գալիս,― պատասխանեց նավապետը։— Իսկ եթե պարզ խոսենք, պետք է անձնակազմի ընտրությունը հանձնարարեիք ինձ։
— Չեմ վիճում,— պատասխանեց բմիշկը։— Իմ բարեկամը, թերևս անձնակազմը պետք է ընտրեր ձեզ հետ միասին։ Սա սխալ է, բայց հավատացնում եմ ձեզ, բոլորովին պատահական է եղել։ Այդտեղ ոչ մի կանխամտածված բան չկա։ Հետո, թվում է, որ ձեզ դուր չի գալիս պարոն Էրոուն։
— Դուր չի՛ գալիս, պարոն։ Ես հավատում եմ, որ նա լավ ծովագնաց է։ Սակայն նավաստիներին երես է տալիս։ Նա իր նավաստիների հետ մտերիմ է։ Նավի ղեկապետը պետք է իրեն նավաստիներից հեռու պահի։ Նա չի կարող նավաստիների հետ հարբեցողությամբ զբաղվել։
— Դուք ուզում եք ասել, թե նա հարբեցո՞ղ է,— հարցրեց կալվածատերը։
— Ո՛չ, պարոն,— պատասխանեց նավապետը։— Ես լմիայն ուզում եմ ասել, որ նա իր մարդկանց շատ է երես տալիս։
― Իսկ այժմ,— խնդրեց բժիշկը,— դուք պարզորոշ ասացեք, նավապետ, ի՞նչ եք ուզում մեզանից։
— Դուք հաստատ որոշել եք կատարել այս ճանապարհորդությո՞ւնը, պարոններ։
— Այո՛, հաստատ,– պատասխանեց կալվածատերը։
— Շատ լավ,— ասաց նավապետը։– Քանի որ մինչև այժմ համբերությամբ լսեցիք ինձ, էլի լսեցեք։ Վառոդն ու զենքերը տեղավորել եք նավի առջևի մասում, նավաստիների մոտ։ Այնինչ շատ հրաշալի տեղ կա ձեր նավասենյակի տակ, ինչո՞ւ այնտեղ չտեղավորել։ Սա առաջին։ Հետո, դուք ձեզ հետ չորս ծառա եք վերցրել։ Նրանց, ինչպես ինձ ասացին, նույնպես ոզում են տեղավորել նավի առջևի մասում, նավաստիների հետ։ Ինչո՞ւ նրանց համար մահճակալներ չդնել ձեր նավասենյակի մոտ։ Սա երկրորդ։
― Երրո՞րդն էլ կա,— հարցրեց պարոն Տրելոնին։
― Կա,— ասաց նավապետը։— Չափազանց շատ են շաղակրատում։
― Այո՛, շատ են շաղակրատում,— համաձայնեց բժիշկը։
― Կասեմ միայն այն, ինչ որ լսել եմ իմ ականջներով,— շարունակեց նավապետ Սմոլետը։— Ասում են, իբրև թե ձեզ մոտ մի ինչ-որ կղզու քարտեզ կա։ Իբրև թե այդ քարտեզի վրա խաչերով նշանակված են այն վայրերը, որտեղ գանձեր են թաղված։ Իբրև թե այդ կղզին գտնվում է․․․
Եվ այստեղ նա ամենայն ճշտությամբ անվանեց մեր կզղու երկարությունն ու լայնությունը։
— Ես այդ մասին ոչ մի մարդու չեմ ասել,— բացականչեց կալվածատերը։
— Այնուամենայնիվ, յուրաքանչյուր նավաստի այդ գիտե, պարոն,— ասաց նավապետը։
— Այդ դուք եք ասել, Լիվսի,— աղաղակեց կալվածատերը։— Կամ դու, Հոկինս։
— Այժմ արդեն միևնույն է, թե ով է ասել,— ասաց բժիշկը։
Ես նկատեցի, որ չնայած նրա արդարացումներին, ո՛չ նա և ո՛չ նավապետը չհավատացին պարոն Տրելոնուն։ Ես էլ այդ ժամանակ չհավատացի, որովհետև նա իսկապես հռչակավոր շաղակրատ էր։ Իսկ այժմ ես մտածում եմ, որ նա ճշմարիտ էր ասում, և նավի անձնակազմն առանց մեզ էլ գիտեր, թե որտեղ է գտնվում Գանձերի կղզին։
— Ես, պարոններ, չգիտեմ թե ձեզանից որի մոտ է գտնվում այդ քարտեզը,— շարունակեց նավապետը։— Ես պնդում եմ, որ ինձնից և պարոն էրոուից թաքուն պահվի։ Հակառակ դեպքում ես պետք է խնդրեմ ձեզ, որ ինձ պաշտոնից ազատեք։
— Գիտե՛մ,— ասաց բժիշկը։— Առաջինը՝ դուք ցանկանում եք դադարեցնել ավելորդ խոսակցությունը։ Երկրորդ՝ դուք ուզում եք բոլոր հուսալի մարդկանց հավաքել նավի ետևի մասը։ Ուրիշ խոսքով, դուք վախենում եք խռովությունից։
— Պարոն,— ասաց նավապետ Սմոլետը,— ես չեմ ուզում, որ դուք ինձ այնպիսի խոսքեր վերագրեք, որ չեմ ասել։ Ոչ մի նավապետ չի համաձայնի ծով դուրս գալ, եթե նա հիմք ունի վախենալու, թե խռովություն կլինի։ Ես համոզված եմ, որ պարոն Էրոուն ազնիվ մարդ է։ Շատ նավաստիներ էլ ազնիվ մարդիկ են։ Գուցե նրանք բոլորն էլ ազնիվ մարդիկ են։ Բայց ես պատասխանատու եմ նավի ապահովության համար և նավի վրա գտնված յուրաքանչյուր մարդու կյանքի համար։ Ես տեսնում եմ, որ շատ բան կատարվում է այնպեսք ինչպես չպետք է կատարվի; Թույլ տվեք նախազգուշական միջոցներ ձեռք առնել կամ արձակեցեք պաշտոնից։ Ահա բոլորը։
― Նավապետ Սմոլետ, սկսեց բժիշկը, ժպտալով․― դուք լսե՞լ եք առածն այն սարի մասին, որը մուկ է ծնել։ Ներեցեք, բայց դուք ինձ հիշեցրիք այդ առածը։ Երբ դուք այստեղ եկաք, ես պատրաստ էի երդվելու իմ կեղծամով, որ դուք մեզանից շատ ավելի բան կպահանջեք։
— Դուք շատ հնարագետ եք, բժիշկ,– ասաց նավապետը։— Գալով այստեղ, ես ցանկանում էի վերջնահաշիվ պահանջել, որովհետև ես մի փոքրիկ հույս անգամ չունեի, որ պարոն Տրելոնին կհամաձայնի լսել գոնե իմ խոսքը։
— Չէի էլ լսի,― աղաղակեց կալվածատերը։— Եթե Լիվսին չլիներ, ես միանգամից ձեզ սատանայի մոտ կուղարկեի։ Բայց, այնուամենայնիվ, ես լսեցի ձեզ։ Եվ կանեմ այն, ինչ որ պահանջում եք։ Սակայն իմ կարծիքը ձեր մասին դեպի վատը փոխվեց։
— Ինչպես ձեզ համար հաճելի է, պարոն,― ասաց նավապետը։— Հետո դուք կհասկանաք, որ ես իմ պարտքը կատարել եմ։
Նա հեռացավ։
― Տրելոնի,— ասաց բժիշկը,— հակառակ իմ սպասածին, համոզվեցի, որ դուք հրավիրել եք նավի վրա երկու ազնիվ մարդ՝ նավապետ Սմոլետին և Ջոն Սիլվերին։
― Սիլվերի վերաբերյալ ես ձեզ հետ համաձայն եմ,— աղաղակեց կալվածատերը,— իսկ այս անտանելի ստախոսի վարմունքը ես համարում եմ տղամարդուն անվայել, ծովայինին անվայել և, համենալն դեպս, անգլիացուն անվայել։
― Լա՛վ,— ասաց բժիշկը,— կտեսնենք։
Երբ որ մենք դուրս եկանք տախտակամած, նավաստիներն արդեն սկսել էին տեղափոխել զենքերն ու վառոդը։ Նրանք աշխատանքի ժամանակ երգում էին «Յո-հո-հո»։ Նավապետն ու պարոն Էրոուն կարգադրություններ էին անում։
Ինձ շատ դուր եկավ, որ մեզ նոր ձևով էին տեղավորել։ Նավի առջևում վեց նավասենյակ էին պատրաստել, որոնք պահեստի մուտքով միանում էին նավաստիների սենյակի և խոհանոցի հետ։ Սկզբում այդ վեց նավասենյակը հատկացրել էին նավապետին, պարոն Էրոուին, Գենտերին, Ջոյսին, բժշկին և կալվածատիրոջը։ Բայց հետո դրանցից երկուսը տվին Ռեդրետին և ինձ, իսկ պարոն Էրոուն և նավապետը տեղավորվեցին տախտակամածի վրա։ Այդ սենյակը թեև շատ փոքր էր, բայց, այնուամենայնիվ, երկու ճոճացանց տեղավորվում էր։ Մինչև անգամ ղեկապետը, թվում էր, որ գոհ էր այդ տեղավորումից։ Գուցե, նա էլ անձնակազմին հավատ չէր ընծայում։ Սակայն սա իմ ենթադրությունն էր միայն, որովհետև ինչպես շուտով կտեսնենք, նա նավում երկար ժամանակ չմնաց։
Մենք եռանդով աշխատում էինք, տեղափոխում էինք վառոդը և սարքավորում մեր նավասենյակները, երբ վերջապես ափից եկան վերջին նավաստիները Երկարահասակ Ջոնի հետ։
Խոհարարը, կապկի ճարպկությամբ, նավ բարձրացավ և երբ տեսավ, որ մենք զբաղված ենք, ձայն տվավ․
— Է՛յ, բարեկամներ, այդ ի՞նչ եք անում։
— Վառոդի տակառներ ենք փոխադրում,— պատասխանեց նավաստիներից մեկը։
— Ինչո՞ւ, սատանան տանի ձեզ,— գոչեց Երկարահասակը։— Այդպիսով, մենք առավոտյան մակընթացության ժամանակ ճանապարհվել չենք կարող։
― Նրանք իմ հրամանն են կատարում,— ընդհատեց նրան նավապետը։— Իսկ դուք, սիրելիս, խոհանոց գնացեք, որ նավաստիները կարողանան ժամանակին ընթրել։
— Լսում եմ, պարոն,— պատասխանեց խոհարարը։
Եվ ձեռքով բռնելով եռանկյունի գլխարկը, խոհանոցի դռնով ներս խցկվեց։
— Այ, սա փառավոր մարդ է, նավապետ,— ասաց բժիշկը։
— Շատ կարելի է, պարոն,— պատասխանեց նավապետ Սմոլետը։— Զգո՛ւյշ, զգո՛ւյշ, տղերք։
Եվ նա վազեց նավաստիների մոտ։ նավաստիները գլորում էին վառոդի տակառը։ Հանկարծ նա նկատեց, որ ես կանգնել ու նայում եմ պտտվող թնդանոթին, որը մենք դրել էինք տախտակամածի կենտրոնում։ Եվ իսկույն վրա պրծավ։
— Է՛յ, փոքրավո՛ր,— բղավեց նա,— կորիր այստեղից։ Գնա խոհարարի մոտ, նա քեզ աշխատանք կտա։
Եվ խոհանոց վազելով, ես լսեցի, թե ինչպես բարձրաձայն ասաց բժշկին․
— Ես տանել չեմ կարող, որ իմ նավի մեջ սիրելիներ լինեն։
Հավատացնում եմ ձեզ, որ այդ րոպեին ես միանգամայն համաձայնեցի կալվածատիրոջ հետ, որ նավապետն անտանելի մարդ է և դեպի նրան խիստ ատելություն զգացի։
==Գլուխ X։ Նավարկություն==