==Գլուխ XVI։ Հետագա դեպքերի մասին պատմում է բժիշկը։ Ինչպես հեռացան նավից==
Երկու նավակն էլ «Իսպանոլայից» հեռացան մոտ մեկն անց կեսին։ Նավապետը, կալվածատերը և ես նստեցինք նավասենյակում, և խորհրդակցում էինք, թե ինչ անել։ Եթե գոնե թեթև քամի լիներ, մենք հանկարծակի կհարձակվեինք վեց խռովարարների վրա, որոնք մնացել էին նավում, խարիսխը կբարձրացնեինք և ծովը կմտնեինք։ Բայց քամի չկար։ Բացի դրանից, հայտնվեց Գենտերը և հազորդեց, որ Ջիմ Հոկինսը մակույկ մտավ և ծովահենների հետ ափ գնաց։
Մենք, իհարկե, երբեք չէինք մտածում, որ Ջիմ Հոկինսը դավաճան է, սակայն նրա մասին շատ էինք անհանգստանում։ Այն նավաստիները, որոնց հետ գնաց, այնպես հուզված էին, որ խոստովանում եմ, մենք հույս չունեինք, թե նորից Ջիմին կտեսնենք։ Մենք տախտակամած շտապեցինք։ Կուպրը փուչիկներով դուրս էր գալիս ագույցներից։ Օդում տարածված էր ճահիճների գարշահոտությունը, որից քիչ էր մնում սիրտս խառնի։ Այս զզվելի նեղուցից տենդի և փորհարինքի հոտ էր գալիս։ Վեց սրիկաները մռայլ դեմքով նստել էին տախտակամածին։ Ափին, ինչ֊որ մի գետակի գետաբերանի մոտ, գտնվում էին մակույկները, որոնցից յուրաքանչյուրի մեջ մի նավաստի էր նստած։ Նրանցից մեկը «Լիլիբուլերո» էր շվշվացնում։
Սպասելն անտանելի էր, և մենք որոշեցինք, որ ես ու Գենտերը նավակով գնանք հետախուզելու։
Նավակները գտնվում էին նավի աջ կողմում։ Իսկ ես ու Գենտերը գնացինք ուղիղ հենց այնտեղ, ուր քարտեզի վրա ցցապատ էր նշանակված։ Մեզ նկատելով, այն նավաստիները, որոնք պահպանում էին նավակները, շվփոթվեցին։ «Լիլիբուլերոն» լռեց։ Մենք տեսնում էինք, թե ինչպես վիճում էին այն մասին, թե ինչ անենք։ Եթե նրանք իմաց տային Սիլվերին, ամեն բան, երևի, այլ կերպ տեղի կունենար։ Բայց, երևի, նրանց հրամայված էր ոչ մի դեպքում մակույկներից չհեռանալ։ Նրանք հանգիստ նստեցին և նրանցից մեկը կրկին «Լիլիբուլերո» շվշվացրեց։
Այդ տեղում ափը մի քիչ գոգավորվում էր, կազմելով փոքրիկ հրվանդանի նման մի բան, և ես դիտմամբ նավակն այնպես վարեցի, որ հրվանդանը ծածկեր մեզ մեր թշնամիներից առաջ, նախքան մենք կհասնեինք ափին։ Ափ դուրս թռչելով, ես ամբողջ ուժով վազեցի, գլխարկիս տակ մետաքսի թաշկինակ դնելով, որ գլուխս վառող արեգակից պաշտպանի։ Յուրաքանչյուր ձեռքիս մի-մի լցրած ատրճանակ կար։
Դեռ հարյուր յարդ էլ չէի վազել, երբ հասա ցցապատին։
Փոքրիկ բլրի կատարից պարզ աղբյուր էր բխում։ Հենց այստեղ, աղբյուրի մոտ, կառուցված էր մի բարձր գերանաշեն տուն։ Նրա մեջ կարող էին տեղավորվել քառասուն մարդ։ Այս շենքի պատերի մեջ հրացանների համար հրակնատներ կային։ Տան չորս կողմը կար մի ընդարձակ, մաքրված տարածություն, շրջապատված վեց ֆուտ երկարությամբ ցցապատերով, առանց դռան, առանց մի ճեղքի։ Կոտրելը հեշտ չէր, իսկ տնակում նստածներից թաքնվելու համար ցցապատերի ետևում կանգնելն անհնարին էր։ Տնակում նստած մարդիկ հարձակվողներին կգնդակահարեին, ինչպես կաքավների։ Եթե նրանք լավ Ժամապահներ և բավականաչափ կենսամթերք ունենային, մի ամբողջ գնդի հարձակման կդիմանային։
Առանձնապես ուրախացրեց ինձ աղբյուրը։ Չէ՞ որ «Իսպանոլայի» նավասենյակն էլ վատ չէ, շատ զենք, շատ ռազմամթերք կա, շատ մթերք, շատ հիանալի գինիներ։ Սակայն նավասենյակում ջուր չկար։ Ես այդ մասին մտածում էի, երբ հանկարծ մի սարսափելի, մահից առաջ տեղի ունեցող, հեծեծանք լսեցի։ Առաջին անգամը չէի հանդիպում մահվան. ես ծառայել էի դուքս Կեմբերլենսկու զորքում և Ֆոնտենուայում ինքս էի վերք ստացել, բայց այս աղաղակից սիրտս ճմլվեց․ «Ջիմ Հոկինսը կորավ»,— որոշեցի ես։
Հին զինվոր լինելը մեծ նշանակություն ունի, իսկ բժիշկ լինելն՝ ավելի մեծ։ Մեր գործում ոչ մի րոպե կորցնել չի կարելի։ Ես միանգամից ամեն բան կշռադատեցի, շտապով ափ վերադարձա և թռա նավակի մեջ։
Բարեբախտաբար, Գենտերը հրաշալի թիավար դուրս եկավ։ Մենք սլացանք նեղուցով։ Նավակը հասավ նավին, և ես կրկին նավ բարձրացա։
Բարեկամներս սաստիկ հուզված էին։ Կալվածատիրոջ գույնը թղթի պես սպիտակ էր։ Բարի մարդ,— մտածեցի ես,— քո պատճառով ինչպիսի վտանգների ենթարկեցինք մեր կյանքը։ Տախտակամածին նստած նավաստիներից մեկն էլ նույնպես գունատ էր ու հուզված։
— Այդ մարդը,― ասաց նավապետ Սմոլետը, հայացքը դեպի նավաստին գցելով,— դեռ ավազակության սովոր չէ։ Երբ նա գոռոցը լսեց, բժիշկ, քիչ մնաց ուշքը գնար։ Մի քիչ ժամանակ, և նա մերը կլինի։
Ես պատմեցի նավապետին իմ պլանը, և միասին քննարկեցինք։
Ծերունի Ռեդրետին դրինք միջանցքում, տախտակամածի և նավասենյակի միջև, տալով երեք թե չորս լցված ատրճանակ և մի խոտկուռ՝ պաշտպանվելու համար։ Գենտերը նավակը մոտեցրեց նավին, և մենք Ջոյսի հետ սկսեցինք բարձել վառոդ, ատրճանակ, պաքսիմատ, խոզի միս։ Հետո նավակի մեջ գցեցինք մի տակառ կոնյակ և իմ թանկագին դեղերի արկղը։
Այդ ժամանակ կալվածատերն ու նավապետը տախտակամած դուրս եկան։ Նավապետը կանչեց երկրորդ ավագ նավաստուն, որը նավում մնացած նավաստիների պետն էր։
— Պարոն Հենդս,— ասաց նա,— մենք այստեղ երկու հոգի ենք և յուրաքանչյուրս երկու ատրճանակ ունենք։ Ձեզանից ով որ ազդանշան տա կղզի գնացողներին, կսպանվի։
Ավազակները շփոթվեցին։ Հետո, իրար հետ ցածր ձայնով խոսելուց հետո, ցած իջան և ուզում էին թիկունքից հարձակվել մեզ վրա, սակայն նեղ միջանցքում ատրճանակներով զինված Ռեդրետին հանդիպելով, միանգամից ետ դարձան։
Ինչ-որ մեկը տախտակամածի անցքից գլուխը դուրս հանեց։
— Ցած իջիր, շուն,— գոռաց նավապետը։
Գլուխն անհետացավ։ Բոլոր վեց հոգին էլ, սաստիկ վախեցած, ինչ֊որ տեղ մտան և լռեցին։
Մենք Ջոյսի հետ նավակը բերնեբերան լցրինք։ Հետո իջանք նավակը և ամբողջ ուժով թիավարելով, դեպի ափ էինք սլանում:
Մեր երկրորդ անգամ գալը ափին կանգնած ժամապահներին չափազանց անհանգստացրեց։ «Լիլիբուլերոն» կրկին լռեց։ Եվ նախքան հրվանդանն անցնելը և նրանց չտեսնելը, նրանցից մեկը նավակը թողեց և անտառի խորքը վազեց։ Ես ուզում էի, առիթից օգտվելով, նրանց մակույկները ոչնչացնել, բայց՝ վախեցա, որ Սիլվերն իր ավազակախմբով մոտիկ լինի, և մենք ամեն ինչ կկորցնենք, եթե չափազանց շատ բան ցանկանանք։
Մենք հասանք առաջվա տեղը և սկսեցինք բեռներն ամրոցը տանել։
Ծանր բեռնավորված, մենք մեր պաշարը տարանք մինչև ամրոցը և գցեցինք ցցապատի այն կողմը։ Պաշարը պաշտպանելու համար թողինք Ջոյսին։ Նա մենակ մնաց, սակայն նրա մոտ հրացանների թիվը կես դյուժինից պակաս չէր։ Իսկ մենք Գենտերի հետ վերադարձանք նավակի մոտ և նորից պաշար տարանք։ Այսպիսով, առանց հանգստանալու աշխատելով, աստիճանաբար ողջ բեռները տեղափոխեցինք։ Ջոյսը և Գենտերը մնացին ամրոցում, իսկ ես ամբողջ ուժով թիավարելով, սլացա դեպի «Իսպանոլան»։
Մենք որոշեցինք մի անգամ էլ բարձել նավակը։ Բայց վտանգավոր էր։ Նրանք, իհարկե, շատ էին, քան մենք, սակայն մենք լավ էինք զինված։ Ափ դուրս եկածներից ոչ ոք ատրճանակ չուներ և մինչև նրանց մեզ մոտենալը, կկարողանայինք առնվազն վեց մարդ սպանել։
Կալվածատերն ինձ սպասում էր նավախելի պատուհանի մոտ։ Նա շատ կայտառացել էր և ուրախացել։ Իմ ձգած պարանի ծայրը բռնելով, նա քաշեց մակույկը, և մենք կրկին սկսեցինք բարձել խոզի միս, վառոդ, պաքսիմատ։ Հետո վերցրինք մի-մի ատրճանակ և մի-մի թուր՝ ինձ, կալվածատիրոջ, Ռեդրետի և նավապետի համար։ Մնացած գենքը և վառոդը ծովը թափեցինք։ Նեղացում ջրի խորությունը երկու և կես սաժեն էր, և մենք տեսնում էինք, թե ինչպես, արեգակի լույսով լուսավորված, փայլում է պողպատը մաքուր, ավազոտ հատակին։
Տեղատվությունն սկսվեց, և մեր նավը շրջում էր խարսխի շուրջը։ Ափին, մակույկների մոտ, իրար կանչող ձայներ էին լսվում։ Թեև դա ապացուցում էր, որ Ջոյսն ու Գենտերը, որոնք գտնվում էին արևելյան կողմում, դեռ նկատված չեն, այնուամենայնիվ, որոշեցինք շտապել։
Ռեդրետը թողեց իր պահակատեղը միջանցքում և թռավ նավակի մեջ։ Նավակը տարանք նավի մյուս կողմը, որ նավապետ Սմոլետն էլ նստի։
— Տղե՛րք,— գոչեց նա բարձրաձայն,— դուք ինձ լսո՞ւմ եք։
Նավաստիների սենյակից ձայն լսվեց։
— Քե՛զ հետ եմ, Աբրահամ Գրեյ։
Լռություն։
— Գրեյ,— շարունակեց պարոն Սմոլետը, ձայնը բարձրացնելով,— ես հեռանում եմ նավից և հրամայում եմ քեզ հետևել քո նավապետին։ Ես գիտեմ, որ դու իսկապես լավ մարդ ես, մնացածներն էլ այնքան վատ չեն, որքան աշխատում են ձևանալ։ ժամացույցը ձեռքիս է։ Երեսուն վայրկյան ժամանակ եմ տալիս, որ դու միանաս ինձ։
Շփոթություն սկսվեց։
— Դե արի, բարեկամս,— շարունակեց նավապետը։– Մի ստիպիր մեզ, որ իզուր ժամանակ կորցնենք։ Դանդաղության յուրաքանչյուր վայրկյանը մահ է սպառնում թե՛ ինձ և թե՛ այս պարոններին։
Խուլ պայքար սկսվեց, լսվեցին զարկի ձայներ և Աբրահամ Գրեյը տախտակամած դուրս եկավ։ Նրա երեսը դանակով կտրված էր։ Նա վազեց նավապետի մոտ, ինչպես մի շուն, որին տերը շվացրել է։
— Ես ձեզ հետ եմ, պարոն,— ասաց նա։
Նրանք երկուսն էլ թռան նավակի մեջ, և մենք առաջ շարժվեցինք։
Նավը թողեցինք, բայց դեռ ցցապատին չէինք հասել։
==Գլուխ XVII։ Բժիշկը շարունակում է իր պատմությունը։ Վերջին տեղափոխությունը նավակով==