Changes

451 աստիճան ըստ Ֆարենհայթի

500 506 bytes removed, 06:54, 15 Հունվարի 2014
<<451 Աստիճան ըստ Ֆարենհայթի>> հեղ Ռեյ Բրդեբերրի ստեղծագործության հայերեն հեղինակային իրավուքները պատկանում են Զանգակ-97 ՍՊԸ Բոլոր իրավունքն
{{Վերնագիր
|վերնագիր = 451 աստիճան ըստ Ֆարենհայթի
|հեղինակ = [[Ռեյ Բրեդբերի]]
|աղբյուր = [[«451 աստիճան ըստ Ֆարենհայթի»]]
|թարգմանիչ = Լեւոն Անանյան
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
 
:Ֆարենհայթի 451 աստիճանում թուղթը
::բռնկվում է ու այրվում։
 
:«Եթե քեզ տողատած թուղթ տան,
::գրիր հակառակ ուղղությամբ»։
ԽՈՒԱՆ ՌԱՄՈՆ ԽԻՄԵՆԵՍ<ref>Խուան Ռամոն Խիմենես (1881 — 1958) — իսպանացի բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր։<br> Այս եւ հետագա ծանոթագրությունները թարգմանչինն են։</ref>
 
==Առաջին մաս — ԱՅՐԵԼՈՒ ՀԱՃՈՒՅՔԸ==
 
Մի ուրիշ, առանձնահատուկ հաճույք էր տեսնել, թե ինչպես է կրակը լափում իրերը, ինչպես են դրանք սեւանում ու ձեւափոխվում։ Փողրակի պղնձե ծայրը սեղմված է բռունցքի մեջ, վիթխարի պիթոնի երախից դուրս է ժայթքում նավթի թունավոր շիթը, արյունը խուժում է քունքերը։ Ձեռքերը թվում են կրակի եւ ավերումի սիմֆոնիա արարող զարմանահրաշ դիրիժորի ձեռքեր, որ մոխրի են վերածում պատմության պատառոտված, ածխացած էջերը։ 451 թվակիր խորհրդանշական սաղավարտն իջեցված է աչքերին, որոնք տենդագին սպասումից նարնջագույն փայլ են արձակում։ Նա սեղմում է բռնկիչը, եւ կրակն ագահորեն կլանում է տունը՝ իրիկնային երկինքը ներկելով կարմրադեղնասեւավուն երանգներով։ Նա քայլում է հրակարմիր կայծոռիկների թվացյալ պարսի միջով եւ, շատ է ուզում կրկնել իր մանկական հրապուրանքը՝ բոցի մեջ մտցնել սառնաշաքարով փայտիկը, մինչդեռ գրքերը, աղավնիների նման թափահարելով էջաթեւերը, մեռնում են սանդղամուտին եւ տան դիմաց փռված փոքրիկ մարգագետնում։ Գրքերը թռչում են բոցեղեն մրրիկի մեջ, եւ ծխախառն քամին քշում տանում է նրանց։
 
Դաժան ժպիտը սառեց Մոնթագի դեմքին։ Այդպիսի ժպիտ հայտնվում է մարդու շուրթերին, երբ անակնկալ դաղում է կրակը, եւ նա կտրուկ ետ է ցատկում նրա բարկ հպումից։
 
Մոնթագը գիտեր, որ հրակայան վերադառնալով, ինքը՝ կրակի քուրմը, նայելով հայելու մեջ, մտերմաբար աչքով կանի իր խանձված, մրոտ կերպարանքին։ Ավելի ուշ, արդեն անկողին մտնելով, խավարի մեջ նա դեռ երկար պիտի շրթունքներին զգար սառած ջղաձիգ ժպիտը։ Որքան հիշում է, այդ ժպիտը երբեք չի անհետացել իր դեմքից։
 
Նա փայլեցրեց սեւ սաղավարտը, կախեց հրակայուն բաճկոնի հետ, հաճույքով լվացվեց ցնցուղի ուժեղ շիթի տակ, ապա ձեռքերը գրպանները խոթած, սուլելով կտրեց անցավ հրակայանի գրասենյակի վերնահարթակն ու ցած սահեց բաց անցքից։ Վերջին պահին, երբ զգաց, որ աղետն անխուսափելի է՝ ձեռքերը գրպաններից հանեց, բրոնզե ձողից բռնեց եւ ներքնահարկի ցեմենտե հատակին կրունկները դիպչելուց մի վայրկյան առաջ ճռինչով արգելակեց։
 
Կեսգիշեր էր։ Հրակայանից ամայի փողոց դուրս գալով՝ նա քայլեց մետրոյի ուղղությամբ։ Օդամուղ գնացքը անաղմուկ սահեց ստորգետնյա թունելի՝ հիանալի յուղած խողովակով եւ տաք օդի ուժեղ հոսանքով նրան դուրս բերեց դեպի քաղաքի արվարձաններից մեկը տանող բաց դեղնավուն շարժասանդուղքի մոտ։
 
Մոնթագը սուլելով բարձրացավ շարժասանդուղքով՝ գիշերային լռությանն ընդառաջ։ Որոշակի ոչ մի բանի մասին չմտածելով՝ նա հասավ անկյունադարձին։ Բայց շրջվելուց առաջ դանդաղեցրեց քայլերը։ Ինչ—որ տեղից սկիզբ առած քամի՞ն վզզալով սուրաց, թե՞ մեկը տվեց իր անունը։
 
Արդեն մի քանի գիշեր էր, ինչ մոտենալով շրջադարձին, իրեն աստղալույսի տակ տուն հասցնող մայթին, նա տարօրինակ զգացում էր ունենում։ Նրան թվում էր, թե շրջվելուց մի պահ առաջ ինչ֊որ մեկը անկյունից հետամտում է։ Շրջակայքում կատարյալ անդորր էր, բայց ասես նա թաքնված սպասում էր եւ միայն իր հայտնվելուց մի ակնթարթ առաջ հանկարծ վերածվում էր ստվերի, ու ինքն անցնում էր նրա միջով։ Թերեւս նրա ռունգերը թույլ բուրմունք էին որսում, գուցե դեմքի ու ձեռքերի մաշկն զգում էր ջերմության աննշան ավելացում այնտեղ, ուր կանգնած էր անտեսանելին։ Անհնար էր ըմբռնել։ Ամեն անգամ, անկյունում շրջվելով, նա տեսնում էր սոսկ ամայի մայթի ճերմակ սալերը։ Միայն մի գիշեր նրան թվաց, թե ինչ֊որ ստվեր երեւութացավ մարգագետնում եւ մինչ կփորձեր ստուգել կամ որեւէ բան անել՝ տեսիլքն իսկույն անհետացավ։
 
Իսկ այս գիշեր Մոնթագն այնքան դանդաղեցրեց քայլերը, որ համարյա կանգ առավ։ Նա մտովի անկյունադարձում էր արդեն, երբ թույլ շրշյուն լսեց։ Ինչ—որ մեկի շնչառությո՞ւնն էր կամ գուցե օդը տատանվում էր ինչ֊որ մեկի ներկայությունի՞ց, որ կանգնել ու սպասում էր։
 
Նա թեքվեց փողոցի անկյունադարձում։
 
Քամուց քշված աշնանային տերեւները պտտվում էին լուսնի լույսով ողողված մայթի վրա, իսկ ընդառաջ եկող աղջիկը թվում էր՝ ոչ թե քայլում, այլ պարզապես սահում էր տերեւների ու քամու միջով։ Նա գլխահակ հետեւում էր, թե ինչպես են կոշիկների ծայրերը դիպչում պարող տերեւներին։ Նրա նուրբ, մեղմ ու կաթնագույն դեմքը անհագ հետաքրքրասիրություն էր արտահայտում։ Հայացքը՝ թեթեւ զարմանք։ Մուգ աչքերով այնպես ուշադիր էր զննում շուրջը, որ թվում էր՝ ոչինչ չի վրիպի նրանից։ Աղջիկը ճերմակ, խշխշան զգեստ էր հագել։ Մոնթագին թվում էր, թե ինքը, քայլքին համապատասխան, տեսնում է նրա ձեռքերի ամեն մի շարժումը, դեմքի շենշող դողը, լսում նույնիսկ անորսալի թվացող հնչյունները։ Հանկարծ աղջիկը գլուխը բարձրացրեց ու տեսավ, որ ընդամենը մի քանի քայլ, եւ ինքը կբախվի մայթի մեջտեղում կանգնած տղամարդուն։
 
Նրանց գլխավերեւում խշշացող ճյուղերը չոր տերեւների անձրեւ տեղացին։ Աղջիկը կանգ առավ։ Անակնկալի գալով՝ նա ուզում էր ետ ցատկել, բայց սոսկ անքթիթ նայեց Մոնթագին։ Նրա մուգ, կայծկլտուն ու կենսախինդ աչքերն այնպես շողացին, ասես ինչ֊որ փաղաքուշ խոսք լսեց։ Սակայն Մոնթագը գիտեր, որ ինքը ողջունեց նրան։ Ապա նկատելով, որ աղջիկը կախարդվածի պես նայում է իր համազգեստի թեւքի սալամանդրի եւ կրծքի փյունիկի պատկերներին, հարցրեց․
 
— Դուք մեր նոր հարեւանուհի՞ն եք։
 
— Իսկ դուք, հավանաբար…,— վերջապես նա հայացքը կտրեց նրա մասնագիտական նշաններից,— հրկիզո՞ղ եք։— Աղջկա ձայնը մարեց։
 
— Այդ ի՞նչ տարօրինակ ձեւով ասացիք։
 
— Ես… ես գլխի կընկնեի նույնիսկ աչքերս փակ,— ցածրաձայն ավելացրեց նա։
 
— Նավթի հոտից, չէ՞։ Կինս միշտ դժգոհում է։— Մոնթագը ծիծաղեց։— Երբեք հնարավոր չէ մաքուր լվանալ։
 
— Այո, հնարավոր չէ,— չգիտես ինչու վախվորած ասաց աղջիկը։
 
Մոնթագին թվաց, թե նա պտտվում է իր շուրջը, շուռումուռ է տալիս իրեն, թեթեւակի թափահարում, դատարկում գրպաններն՝ առանց որեւէ շարժումի։
 
— Նավթի հոտը,— ձգվող լռությունը խզելու համար ասաց նա,— ինձ համար ասես օծանելիքի բույր լինի։
 
— Իսկապե՞ս։
 
— Իհարկե, իսկ ինչո՞ւ ոչ։
 
— Չգիտեմ,— առժամանակ մտածելուց հետո պատասխանեց նա, ապա շրջվեց իրենց տների կողմը։— Կարելի՞ է քայլել ձեզ հետ։ Իմ անունը Քլարիս Մըքլելըն է։
 
— Քլարիս… Ես Գայ Մոնթագն եմ։ Գնացինք։ Մենակ ի՞նչ եք անում այս ուշ ժամին։ Քանի՞ տարեկան եք։
 
Տաք, հողմաշունչ գիշերվա մեջ նրանք քայլում էին լուսնից արծաթազօծ մայթով․ Մոնթագին թվում էր, թե օդը հագեցած է թարմ ծիրանի բույրով։ Նա նայեց շուրջը եւ հասկացավ, որ խաբկանք է։ Չէ՞ որ ուշ աշուն էր։ Ո՛չ, այդ ամենը չկար։ Կար միայն կողքից քայլող աղջիկը, որի դեմքը ձյան պես փայլածում էր լուսնի լույսի տակ։ Նա զգում էր, որ Քլարիսը մտորում է իր տված հարցերի շուրջը, որպեսզի ավելի լավ պատասխան տա։
 
— Դե՛,— վերջապես ասաց նա,— ես տասնյոթ տարեկան եմ եւ խենթ։ Քեռիս պնդում է, թե մեկն անխուսափելիորեն ուղեկցում է մյուսին։ Նա ասում է՝ եթե տարիքդ հարցնեն, միշտ պատասխանիր, որ տասնյոթ ես եւ խենթ… Գիշերով զբոսնելը հաճելի է, չէ՞։ Ես սիրում եմ զննել իրերը, հոտոտել, երբեմն ամբողջ գիշերը թափառում եմ եւ դիմավորում արեւածագը։
 
Որոշ Ժամանակ նրանք քայլում էին լուռ։ Հանկարծ աղջիկը մտախոհ ասաց․
 
— Գիտե՞ք, ես ձեզնից ամենեւին չեմ վախենում։
 
— Իսկ ինչո՞ւ պիտի վախենայիք,— զարմացած հարցրեց Մոնթագը։
 
— Ձեզնից, այսինքն՝ ուզում եմ ասել՝ հրկիզողներից, շատերն են վախենում։ Բայց դուք էլ, ի վերջո, նույնպիսի մարդ եք…
 
Նրա աչքերում, ինչպես ջրի երկու զուլալ կաթիլներում, Մոնթագը տեսավ իր արտացոլանքը՝ խավար, պստլիկ, բայց ճշգրիտ, նույնիսկ բերանի շուրջը եղած փոսիկներն էին երեւում,— ասես նրա աչքերը մանուշակագույն սաթի երկու կախարդական բեկորներ էին, որ իրենց մեջ էին առել իր պատկերը։ Իր կողմը շրջված աղջկա դեմքը նման էր հանդարտ, անմար լույս ճառագող դյուրաբեկ, կաթնագույն բյուրեղի։ Ծակող ու վառ էլեկտրական լույս չէր դա, այլ մոմի՝ տարօրինակ կերպով հանգստացնող, չափազանց մեղմ ցոլանք։ Երեխա ժամանակ, վթարի հետեւանքով մի անգամ էլեկտրական լույսը մարեց, եւ մայրը գտավ ու վառեց վերջին մոմը։ Այդ կարճ միջոցին, հրաշալի հայտնագործությունների այդ պահին, աշխարհն ասես փոխվեց, տարածությունը դադարեց անսահման լինելուց՝ հարմարավետորեն խտացավ նրանց շուրջը։ Մայր ու որդի մի տեսակ կերպարանափոխված նստել էին՝ սրտանց ցանկանալով, որ էլեկտրականությունը հնարավորին չափ ուշ միացվի…
 
Հանկարծ Քլարիսն ասաց․
 
— Կարելի՞ է մի հարց տալ… Վաղո՞ւց եք հրկիզող աշխատում։
 
— Քսան տարեկանից։ Արդեն տասը տարի է։
 
— Իսկ դուք երբեւէ կարդո՞ւմ եք ձեր այրած գրքերը։
 
Մոնթագը ծիծաղեց․
 
— Դա պատժվում է օրենքով։
 
— Հասկանալի է։
 
— Հիանալի աշխատանք է։ Երկուշաբթի Միլլեյի<ref>Էդնա Սենթ֊Վինսենթ Միլլեյ (1892 — 1950)— ամերիկյան բանաստեղծուհի։</ref> գրքերն այրել, չորեքշաբթի՝ Ուիթմենի, ուրբաթ՝ Ֆոլկների։ Վառել—մոխրացնել, հետո էլ մոխիրն այրել։ Սա է մեր մասնագիտության նշանաբանը։
 
Նրանք մի քիչ քայլեցին, ապա աղջիկն ասաց․
 
— Ասում են՝ ժամանակին հրշեջներ են եղել, որ հրկիզողների նման ոչ թե վառել, այլ հանգցրել են հրդեհները, ճի՞շտ է։
 
— Ո՛չ, շենքերը միշտ էլ հրակայուն են եղել, կարող եք չկասկածել։
 
— Տարօրինակ է։ Ես լսել եմ, որ առաջներում տներն այրվել են անզգուշության հետեւանքով, եւ հրշեջներ էին պետք կրակը հանգցնելու համար։
 
Մոնթագը ծիծաղեց։
 
Աղջիկը թռուցիկ հայացք նետեց նրա կողմը։
 
— Ինչո՞ւ եք ծիծաղում։
 
— Չգիտեմ։— Նա կրկին ծիծաղեց, բայց հանկարծ լռեց։— Իսկ ի՞նչ կա որ։
 
— Դուք ծիծաղում եք, թեպետ ես ոչ մի ծիծաղելի բան չասացի, եւ ամեն ինչի պատասխանում եք անմիջապես։ Երբեք չեք մտածում իմ հարցրածի մասին։
 
Մոնթագը կանգ առավ։
 
— Դուք իրոք որ տարօրինակ եք,— ասաց նա՝ նայելով աղջկան։— Ի՞նչ է, բոլորովին չե՞ք հարգում ձեր զրուցակցին։
 
— Ես չէի կամենում ձեզ վիրավորել։ Պարզապես շատ եմ սիրում ուսումնասիրել մարդկանց։
 
— Իսկ սա մի՞թե ձեզ ոչինչ չի հուշում։— Նա թեթեւ մատնահարեց իր սեւաթույր բաճկոնի թեւքին դաջված 451 թիվը։
 
— Հուշում է,— շշնջաց աղջիկը եւ արագացրեց քայլերը։— Երբեւէ ուշադրություն դարձրե՞լ եք, թե հրթիռային ավտոմեքենաները ինչպես են սլանում բուլվարին հարող մայրուղիով։
 
— Խոսակցության նյո՞ւթն եք փոխում։
 
— Երբեմն ինձ թվում է, թե դրանց վարորդները չգիտեն՝ ինչ են խոտը կամ ծաղիկները։ Չէ՞ որ այդ ամենը նրանք կարող են տեսնել միայն մեծ արագության ընթացքում,— շարունակեց նա։— Ցույց տվեք կանաչ բիծ, եւ նրանք կասեն․ «Օ՜, այո՛, խոտ է»։ Ցույց տվեք վարդագույն բիծ, կասեն՝ վարդանոց է։ Սպիտակ բծերը շենքեր են, դարչնագույնը՝ կովեր։ Մի անգամ քեռիս փորձեց մեքենան վարել ժամում քառասուն մղոն արագությամբ, նրան ձերբակալեցին եւ երկու օր բանտ նստեցրին։ Ե՛վ ծիծաղելի է, եւ՛ տխուր, այնպես չէ՞։
 
— Դուք չափազանց շատ եք մտածում,— անհարմար զգալով ասաց Մոնթագը։
 
— Ես հազվադեպ եմ հեռուստատեսային հաղորդումներ դիտում, գրեթե չեմ այցելում զվարճավայրեր, այդ պատճառով էլ խելացնոր մտքերը հաճախ են այցելում ինձ։ Տեսե՞լ եք քաղաքից դուրս տանող ճանապարհին տեղադրված ազդավահանակները։ Այժմ դրանց երկարությունը երկու հարյուր ոտնաչափ է, իսկ գիտե՞ք, որ ժամանակին ընդամենը քսան ոտնաչափ են եղել։ Հիմա մեքենաներն այնքան մեծ արագություն են զարգացնում, որ ստիպված են եղել ազդագրերը մեծացնել, այլապես ոչ ոք չէր կարող կարդալ։
 
— Ո՛չ, չգիտեի,— պոռթկաց Մոնթագի ծիծաղը։
 
— Իսկ ես մի բան էլ գիտեմ, որ դուք երեւի չգիտեք։ Առավոտները կանաչի վրա ցող է իջնում։
 
Նա այդպես էլ չկարողացավ հիշեք երբեւէ իմացե՞լ է, թե ոչ եւ հանկարծ նեղսրտեց։
 
— Իսկ եթե այնտեղ նայեք,— Քլարիսը գլխով շույց տվեց երկինքը,— ապա լուսնի վրա մարդ կտեսնեք։
 
Բայց Մոնթագը վաղուց առիթ չէր ունեցել երկնքին նայելու… Նրանք շարունակեցին քայլել, աղջիկը՝ մտախոհ, Մոնթագը՝ սրտնեղած եւ անհարմարության զգացումից ժամանակ առ ժամանակ նրա վրա կշտամբալից հայացքներ նետելով։ Երբ մոտեցան աղջկա տանը, բոլոր պատուհանները վառ լուսավորված էին։
 
— Ի՞նչ է կատարվում այստեղ,— բնակելի տներում այդպիսի լուսավորություն Մոնթագը երբեւէ չէր տեսել։
 
— Ոչինչ էլ չի պատահել։ Պարզապես մայրիկս, հայրիկս եւ քեռիս միասին նստել ու զրուցում են։ Այժմ դա նույնքան հազվադեպ է, որքան ոտքով քայլելը։ Ես ձեզ ասացի՞, որ քեռուս մի անգամ էլ ձերբակալեցին։ Այո՛, այն պատճառով, որ քայլում էր։ Օ՜, մենք շատ տարօրինակ ենք։
 
— Բայց ինչի՞ մասին են զրուցում։
 
Աղջիկը ծիծաղեց։
 
— Բարի գիշեր,— ասաց նա եւ շրջվեց տան կողմը։ Հանկարծ կանգ առավ, ասես ինչ֊որ բան հիշելով՝ կրկին մոտեցավ Մոնթագին ու զարմանքով ու հետաքրքրասիրությամբ նայեց նրա դեմքին։
 
— Դուք երջանի՞կ եք,— հարցրեց։
 
— Ինչ ասացի՞ք,— բացականչեց Մոնթագը։
 
Բայց աղջիկն արդեն գնացել էր․ նա վազում էր լուսնի լույսով ողողված ճանապարհով։
 
Տան դուռը կամացուկ փակվեց։
 
— Երջանի՞կ եմ, արդյոք, ես։ Ամենամեծ հիմարությունը, որ երբեւէ լսել եմ։
 
Մոնթագն այլեւս չէր ծիծաղում։
 
Նա մատները թեթեւակի հպեց իր դռան խոռոչին, եւ դուռը բացվեց։
 
— Իհարկե, երջանիկ եմ։ Իսկ ի՞նչ է, նա կարծում է՝ դժբա՞խտ եմ,— հարցն ուղղված էր դատարկ սենյակներին։ Նախասրահում նրա հայացքն ընկավ օդափոխիչ ցանցին։ Հանկարծ նրան թվաց, թե դրա ետեւում թաքցրածը ուշադիր իրեն է նայում, եւ արագ փախցրեց աչքերը։
 
Ի՜նչ տարօրինակ գիշեր էր, ի՜նչ տարօրինակ հանդիպում։ Նման բան նրա հետ երբեք չէր պատահել։ Թերեւս միայն մեկ տարի առաջ, երբ զբոսայգում հանդիպեց մի ծերունու եւ զրույցի բռնվեց հետը…
 
Մոնթագը գլուխը տարուբերեց։ Նայեց դիմացի դատարկ պատին, եւ անմիջապես նրա վրա հայտնվեց աղջկա դեմքը,— այնպես, ինչպես պահպանվել էր իր հիշողության մեջ՝ գեղեցիկ, դեռ ավելին՝ զարմանահրաշ։ Այդ քնքուշ դեմքը հիշեցնում էր փոքրիկ ժամացույցի թվատախտակ, որն աղոտ լուսավորվում է խավար սենյակում, երբ կեսգիշերին արթնանալով՝ ուզում ես իմանալ ժամանակը, եւ տեսնում ես, որ սլաքները ճշգրիտ ցույց են տալիս ժամը, րոպեն, վայրկյանը։ Եվ այդ լուսավոր, լռին դեմքը հանդարտ ու վստահորեն ասում է քեզ, որ թեպետ մութը թանձրանում է, բայց գիշերն անցնում է, եւ շուտով նորից կծագի արեւը։
 
— Ի՞նչ է պատահել,— հարցրեց Մոնթագը իր երկրորդ՝ ենթագիտակցական եսին, այդ խենթուկին, որը մերթընդմերթ հանկարծ այլեւս չի հնազանդվում եւ անիմաստ շաղակրատում է՝ չենթարկվելով ո՛չ կամքին, ո՛չ սովորույթին, ո՛չ ողջամտությանը։
 
Նա նորից հայացք նետեց պատին։ Աղջկա դեմքն ինչքա՞ն նման է հայելու։ Ուղղակի անհավատալի է։ Շատերի՞ն գիտես, արդյոք, որ կարող են այդպես բեկել քո սեփական լույսը։ Մարդիկ ավելի շատ նման են… Նա հապաղեց համեմատելին որոնելիս, ապա գտավ (հիշելով իր արհեստը)՝ նման են ջահերի, որոնք այրվում են իսպառ։ Բայց որքան հազվադեպ է պատահում, երբ ուրիշ մարդու դեմքին կարող ես տեսնել քո զգացմունքների, քո նվիրական, թրթռուն մտքերի արտացոլանքը։
 
Վերամարմնավորման ի՛նչ անհավանական կարողություն ունի այդ աղջիկը։ Նա նայում է Մոնթագին, ինչպես տիկնիկային թատրոնի կախարդված հանդիսատես, կռահում է իր աչքերի ամեն մի թարթում, ձեռքի ամեն մի շարժում, մատների ամեն ցնցում։ Որքա՞ն ժամանակ քայլեցին նրանք կողքկողքի։ Երե՞ք րոպե։ Հի՞նգ։ Եվ այժմ ինչքա՞ն երկար էր թվում այդ ժամանակը։ Ի՜նչ վիթխարի էր թվում նրան այժմ աղջկա արտացոլումը պատին, ինչպիսի՜ ստվեր էր նետել նրա նրբակազմ իրանը։ Նա զգում էր, որ եթե իր աչքը քոր գա, աղջիկը կթարթի, եթե փոքր֊ինչ լարվեն դեմքի մկանները՝ աղջիկը կհորանջի ավելի շուտ, քան ինքը կհասցնի այդ անել։
 
Եվ, հիշելով իրենց հանդիպումը, Մոնթագը մտածեց․ «Իրոք, ասես նա գիտեր, որ ես գալու եմ, ասես փողոցում հենց ինձ էր սպասում այդ ուշ ժամին…»։
 
Նա բացեց ննջարանի դուռը։ Թվաց, թե լուսնի մայր մտնելու պահին ինքը հայտնվեց ցուրտ, մարմարապատ դամբարանում։ Անթափանց խավար։ Դրսի արծաթափայլ աշխարհի գոյությունը հիշեցնող ոչ մի նշույլ։ Պատուհաններն ամուր փակված են, եւ սենյակը նման է գերեզմանի, որտեղ չի թափանցում մեծ քաղաքի եւ ոչ մի հնչյուն։ Մինչդեռ սենյակը դատարկ չէր։
 
Նա ականջ դրեց։
 
Մոծակի տզզոց հիշեցնող նրբահունչ ձայն էր լսվում, իր հարմարավետ, տաքուկ ու վարդագույն բնիկում թաքնված էլեկտրական իշամեղվի բզզյունն էր։ Երաժշտությունն այնքան պարզ էր հնչում, որ նա կարող էր տարբերել մեղեդին։
 
Մոնթագը զգաց, որ ժպիտը սահեց—չքացավ իր դեմքից, որ այն հալվեց ու թափվեց, ինչպես չափազանց երկար վառված ու մարած արտասովոր մոմը։ Մթություն։ Ո՛չ, դու երջանիկ չես։ Երջանիկ չես։ Նա այդ բառերն ուղղեց իրեն եւ ընդունեց որպես ճշմարտություն։ Երջանկությունն ինքը կրում էր դիմակի նման, բայց աղջիկը հանեց դիմակը եւ փախավ գնաց փոքրիկ մարգագետնով, ու հիմա այլեւս չի կարելի թակել նրա դուռը, ետ վերցնել դիմակը։
 
Լույսը չվառելով՝ նա պատկերացրեց, թե ինչ տեսք ունի սենյակը։ Կինը փռված էր մահճակալին՝ չծածկված, մահարձանի պես պաղ եւ անտարբեր, անշարժ աչքերը հառած առաստաղին, ասես պողպատե անտեսանելի թելերով գամված էր նրան։ Նրա ականջները ամուր խցանված են խեցիներով՝ պստլիկ, մատնաչափ ռադիոկոճակներ, եւ երաժշտության ու ձայների էլեկտրոնային օվկիանոսի ալիքները ողողում են նրա արթուն ուղեղի ափերը։ Ո՛չ, սենյակը դատարկ էր։ Ամեն գիշեր այստեղ էր խուժում հնչյունների օվկիանոսը եւ, բաց աչքերով պառկած Միլդրեդին առնելով իր լայն թեւերին, օրորելով տանում էր առավոտին ընդառաջ։ Վերջին երկու տարում ամեն գիշեր Միլդրեդը լողում էր այդ ալիքների վրա՝ չհոգնելով ու չձանձրանալով։
 
Սենյակում ցուրտ էր, բայց, այնուամենայնիվ, Մոնթագն զգաց, որ շնչահեղձ է լինում։ Սակայն նա ո՛չ վարագույրները քաշեց, ո՛չ էլ ֆրանսիական պատուհանը<ref>Ապակեպատ, փեղկավոր դուռ֊պատուհան։</ref> բացեց։ Չէր ուզում՝ լուսնի լույսը ներս թափանցի։ Այսպես, այն մարդու դատապարտվածությամբ, որ շուտով մեռնելու է շնչարգելությունից, նա խարխափելով շարժվեց դեպի իր առանձին, չհավաքված ու պաղ անկողինը։
 
Ոտքը հատակին ընկած առարկային դիպչելուց մի ակնթարթ առաջ նա արդեն գիտեր, որ կպչելու է։ Մասամբ այդ զգացումն ուներ, երբ անկյունադարձում թեքվելով՝ քիչ մնաց բախվեր ընդառաջ եկող աղջկան։ Իր շարժումով օդը տարտղնելով, նրա ոտքը անդրադարձ ազդանշան ստացավ ճանապարհին եղած փոքրիկ խոչընդոտի մասին եւ գրեթե նույն պահին զարնվեց ինչ֊որ բանի, որը խուլ զնգոցով սահեց մթության մեջ։
 
Մոնթագը կտրուկ ուղղվեց եւ ականջ դրեց կնոջ թույլ շնչառությանը․ պառկած էր նա անկողնում, փոքրիկ սենյակի ակնակուր խավարում։ Շնչառությունը ընդհատվող էր, հազիվ լսելի՝ գրեթե չէր զգացվում կյանքի տրոփը, դրանից կարող էին սոսկ դողդողալ պստլիկ տերեւը, փետուրը, մեն մի մազաթել։
 
Նա դեռեւս չէր ուզում, որ սենյակ թափանցի դրսի լույսը։ Հանելով վառիչը՝ նա շոշափեց սկավառակին փորագրված արծաթավուն սալամանդրը, սեղմեց…
 
Երկու լուսնաքար նայեցին նրան ափով ծածկված բոցի աղոտ լույսի տակ, երկու փայլատ լուսնաքար, ընկած ջինջ առվակի հատակին, որոնց վրայով հանդարտ հոսում էին կյանքի ջրերը՝ ամենեւին չդիպչելով նրանց։
 
— Միլդրեդ։
 
Կնոջ դեմքը նման էր ձյունաճերմակ կղզու, եթե անձրեւ տեղա, նա չի զգա անձրեւը, եթե ամպերը նրա վրա գցեն իրենց հարաշարժ ստվերը, նա չի զգա ստվերը։ Միայն Միլդրեդի ականջները ամուր փակած մոծակ—խցուկի բզզոց, ապակիացած հայացք ու թույլ շնչառություն, հազիվ թրթռացող ռունգեր՝ ներշնչում եւ արտաշնչում, ու լրիվ անտարբերություն այն բանի հանդեպ, որ ուզած րոպեին նույնիսկ այդ էլ կարող է դադարել ընդմիշտ։
 
Առարկան, որին դիպել էր Մոնթագի ոտքը, աղոտ լույս էր արձակում մահճակալի կողքին, փոքրիկ բյուրեղապակյա սրվակ էր, որի մեջ դեռ առավոտյան երեսուն քնաբեր հաբ կար։ Այժմ այն ընկած էր առանց կափարիչի, դատարկ եւ փայլում էր վառիչի մարմրուն լույսի տակ։
 
Նա կանգնել մնացել էր, երբ հանկարծ երկինքը որոտաց տան վրա։ Այնպիսի սարսռալի պայթյուն լսվեց, կարծես թե երկու վիթխարի ձեռք հազար մղոնանոց սեւ քաթան էին ճոթռում։ Մոնթագն ասես կիսվեց, ասես կուրծքը ճեղքեցին ու փորփրեցին խոր բացված վերքը։ Տան վրայով սրընթաց անցան հրթիռային ռմբակոծիչները՝ առաջինը, երկրորդը, առաջինը, երկրորդը, առաջինը, երկրորդը։ Վեց, ինը, տասներկու՝ մեկը մյուսի ետեւից, մեկը մյուսի ետեւից՝ օդը թնդացնելով խլացուցիչ դղրդյունով։ Մոնթագը բացեց բերանը, եւ աղմուկը ատամների արանքով խուժեց ներս։ Տունը ցնցվեց։ Վառիչի բոցը մարեց։ Լուսնաքարերը հալվեցին մթնում։ Ձեռքը ինքնաբերաբար մեկնեց հեռախոսին։
 
Ռմբակոծիչները թռան գնացին։ Նրա դողացող շրթունքները ակամա հպվեցին խոսափողին։
 
— Անհետաձգելի օգնության հիվանդանոց…
 
Սարսափազդու շշուկ…
 
Նրան թվաց, թե սեւ ռմբակոծիչների աղմուկից աստղերը փոշիացան, եւ վաղն առավոտյան երկիրը ամբողջովին կծածկվի արտասովոր ձյուն հիշեցնող փոշու հաստ շերտով։
 
Այդ անհեթեթ միտքը չէր լքում նրան, քանի դեռ կանգնած էր մթության մեջ, հեռախոսի մոտ, ողջ մարմնով դողալով, շուրթերը անձայն շարժելով։
 
Նրանք իրենց հետ մաքրող սարք էին բերել։ Ավելի ճիշտ՝ երկու սարք։ Մեկը սողոսկում էր ստամոքսի մեջ, ինչպես սեւ կոբրան լքված ջրհորի հատակը՝ փնտրելով նեխած ջրակույտ ու հավաքելով անցյալի հնոտին։ Նա խմում էր կանաչավուն ջրի խյուսը եւ դուրս թափում։
 
Կարո՞ղ էր նա խմել ողջ խավարը։ Կամ՝ ողջ թույնը, որ տարիների ընթացքում կուտակվել էր այնտեղ։ Նա ներծծում էր լռելյայն, ժամանակ առ ժամանակ խեղդվելով եւ տարօրինակ չպպոցներ հանելով, ասես հատակում ինչ֊որ բան էր կորցրել։ Սարքը Աչք ուներ, նրան սպասարկող պաղ դեմքով մարդը կարող էր հագնել օպտիկական սաղավարտը, լարված նայել հիվանդի հոգու մեջ եւ հայտնել, թե ինչ է տեսնում մեքենայի Աչքը։ Բայց մարդը լռում էր, նա նայում, սակայն չէր տեսնում այն, ինչ տեսնում էր Աչքը։ Ամբողջ այս գործողությունը այգում առու փորել էր հիշեցնում։ Անկողնում պառկած կինը մարմարե կարծր ապար էր սոսկ, որին դեմ էր առել բահը։
 
Էլի՛ փորեք, հորատող մեքենան ավելի խոր մխրճեք, դուրս քաշեք դատարկությունը, եթե իհարկե այն կարող է կլանել այդ դողդողացող, չպչպացնող օձը։ Բուժակը կանգնել եւ ծխում էր՝ հետեւելով մեքենայի աշխատանքին։
 
Գործում էր նաեւ երկրորդ սարքը, որ կառավարում էր կարմրադարչնագույն արտահագուստով նույնպես անկիրք մի մարդ։ Սարքը մարմնից արյուն էր քաշում եւ ներարկում թարմ արյուն ու թարմ շիճուկ։
 
— Նման դեպքերում հարկ է լինում մաքրել՝ գործի դնելով միանգամից երկու միջոցն էլ, — ասաց անշարժ կնոջ գլխավերեւում կանգնածը,— ստամոքսը մաքրելուց օգուտ չկա, քանի դեռ չես մաքրել արյունը։ Եթե թմրադեղը մնա, արյունը մուրճի պես կհարվածի ուղեղին, այդպես մի երկու հազար հարված, եւ հաշիվը փակված է։ Ուղեղը տեղի է տալիս, պարզապես դադարում է գործել։
 
— Լռե՛ք,— ճչաց Մոնթագը։
 
— Ես միայն ուզում էի բացատրել,— ասաց բուժակը։
 
— Ի՞նչ է, արդեն վերջացրի՞ք,— հարցրեց Մոնթագը։
 
Նրանք խնամքով արկղերի մեջ տեղավորեցին սարքերը։
 
— Այո, վերջացրինք,— նրանց բնավ չէր հուզել Մոնթագի զայրույթը, կանգնել ու ծխում էին։ Ծուխը տարածվում էր, լցվում քիթն ու աչքերը, բայց նրանք ոչ մի անգամ աչք չթարթեցին եւ չկնճռոտվեցին։
 
— Վճարեք 50 դոլար։
 
— Ինչո՞ւ չեք ասում՝ նա կապաքինվի՞։
 
— Իհարկե, կապաքինվի։ Ողջ աղտը այժմ այստեղ է, արկղի մեջ։ Այլեւս վտանգավոր չէ։ Ախր ասացի, դուրս է մղվում հին արյունը, ներարկվում նորը, եւ վերջ։
 
— Բայց չէ՞ որ դուք բժիշկ չեք։ Ինչո՞ւ բժիշկ չեն ուղարկել։
 
— Բժի՜շկ,— սիգարետը շարժվեց նրա շուրթերին։— Ամեն գիշեր այսպիսի ինը—տասը կանչ ենք ունենում։ Վերջին տարիներին այնքան շատացան, որ հարկ եղավ նախագծել հատուկ սարքավորում։ Ճիշտ է, նորույթը միայն օպտիկական ոսպնյակն է, մնացածը վաղուց հայտնի էր։ Բժշկի կարիք չի զգացվում։ Երկու բուժակ, եւ կես ժամից ամեն ինչ վերջացած է։ Իսկ հիմա պետք է շտապել,— նրանք շարժվեցին դեպի ելքը։— Հենց նոր ռադիոյով կանչ տվեցին։ Այստեղից տասը թաղամաս հեռու մեկը ինքնասպանության փորձ է արել, կուլ է տվել մի ամբողջ տուփ քնաբեր։ Եթե կրկին մեր կարիքն զգաք, զանգահարեք։ Իսկ նրան այժմ միայն հանգիստ է պետք։ Մենք ցավազրկող դեղ ներարկեցինք։ Կարթնանա շատ քաղցած։ Ցտեսություն։
 
Եվ բարակ, պոկված շրթունքների մեջ սիգարետը սեղմած մարդիկ, իժի պաղ հայացքով մարդիկ, վերցնելով սարքերը, փողրակն ու արկղը՝ լցված հեղուկ մելամաղձով եւ մուգ խիտ զանգվածով, որ անուն չունի, հեռացան սենյակից։
 
Մոնթագը ծանրորեն փլվեց աթոռին եւ երկար զննեց իր առջեւ պառկած կնոջը, այժմ նրա դեմքը խաղաղ էր, աչքերը՝ փակ։ Ձեռքը պարզելով՝ նա ափի վրա զգաց կնոջ տաք շունչը։
 
— Միլդրեդ,— վերջապես ասաց նա։
 
«Մենք չափազանց շատ ենք,— մտածեց նա,— միլիարդավոր ենք, եւ դա չափազանց շատ է։ Ոչ ոք մյուսին չի ճանաչում։ Գալիս են օտարները եւ բռնանում քեզ վրա։ Օտարները գալիս են եւ պոկում քո սիրտը։ Օտարները գալիս են եւ ծծում քո արյունը։ Աստվա՜ծ իմ, ովքե՞ր էին այդ մարդիկ։ Կյանքումս երբեք տեսած չկամ»։
 
Անցավ կես ժամ։
 
Այժմ օտար արյուն էր հոսում իր կնոջ երակներով, եւ այդ օտար արյունը վերակենդանացնում էր նրան։ Վարդագունեցին այտերը, թարմ ու ալ կարմիր դարձան շուրթերը՝ վերստանալով իրենց նուրբ ու անխռով տեսքը։ Ուրիշի արյուն՝ սեփականի փոխարեն… Այ թե հնարավոր լիներ փոխել նրա եւ՛ մարմինը, եւ՛ ուղեղը, եւ՛ հիշողությունը։ Եթե հնարավոր լիներ նրա հոգին տալ մաքրման, որպեսզի մաս—մաս անեին, շրջեին գրպանները, գոլորշու վրա խոնավացնեին, ախտահանեին, իսկ առավոտյան ետ բերեին… Եթե հնարավոր լիներ…
 
Մոնթագը վեր կացավ, ետ քաշեց վարագույրները եւ լայն բացեց լուսամուտները, գիշերային թարմ օդը սենյակ խուժեց։ Գիշերվա ժամը երկուսն էր։ Մի՞թե ընդամենը մեկ ժամ է անցել այն պահից, երբ ինքը փողոցում հանդիպեց Քլարիս Մքլելընին, ընդամենը մեկ ժամ, երբ ինքը մտավ այս մութ սենյակը եւ ոտքով կպավ բյուրեղապակյա փոքրիկ սրվակին։ Ընդամենը մեկ ժամ, բայց ինչպես ամեն բան փոխվեց, անհետացավ առաջվա աշխարհը եւ նրա փոխարեն ծագեց նորը՝ սառն ու անգույն…
 
Լուսնի լույսով ողողված մարգագետնի վրայով Մոնթագին ծիծաղի ձայներ հասան։ Ծիծաղը լսվում էր այն տնից, որտեղ ապրում էին Քլարիսը, նրա հայրը, մայրը եւ քեռին, որ կարողանում էր ժպտալ այդպես պարզ ու անվրդով։ Դա անկեղծ ու բերկրալի ծիծաղ էր, անկաշկանդ ծիծաղ, որ այդ ուշ ժամին հնչում էր վառ լուսավորված տնից, մինչդեռ շուրջը բոլոր տներն ընկղմված էին լռության ու խավարի մեջ։
 
Մոնթագը լսեց զրուցող մարդկանց ձայները, նրանք ինչ֊որ բան էին խոսում, հարցնում, պատասխանում, կրկին ու կրկին հյուսելով բառերի հիպնոսող ոստայնը։
 
Մոնթագը դուրս եկավ ապակեպատ դռնից եւ իրեն հաշիվ չտալով, թե ինչ է անում, կտրեց—անցավ մարգագետինը։ Նա կանգ առավ կիսախավարում, այն տան կողքին, որտեղից ձայներ էին հնչում, եւ հանկարծ մտքով անցավ, որ եթե ցանկանա, կարող է նույնիսկ թակել դուռը եւ շշնջալ․ «Ներս թողեք ինձ։ Ես ոչ մի բառ չեմ ասի։ Կլռեմ։ Միայն ցանկանում եմ լսել, թե ինչի մասին եք խոսում»։
 
Սակայն տեղից չշարժվեց։ Նա կանգնել մնացել էր՝ ցրտից սրսփալով, սառած դեմքով, լսելով, թե ինչպես տղամարդը (հավանորեն՝ քեռին) խոսում է հանդարտ ու անշտապ։
 
— Վերջ ի վերջո, մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ մարդիկ այլեւս արժեք չունեն։ Մեր օրերում մարդը թղթե անձեռոցիկ է․ մաքրիր քիթդ, ճմռթիր, դեն նետիր, վերցրու նորը, մաքրիր քիթդ, ճմռթիր, շպրտիր… Մարդիկ չունեն իրենց դեմքը։ Ինչպե՞ս կարող ես ցավել քո քաղաքի ֆուտբոլային թիմի համար, երբ չգիտես ո՛չ մրցամարտի ծրագիրը, ո՛չ խաղացողների անունները։ Հապա ասա, օրինակ, ի՞նչ գույնի մարզահագուստով են նրանք խաղադաշտ մտնում։
 
Մոնթագը դանդաղ քայլեց դեպի իր տունը։ Նա բաց թողեց լուսամուտը, մոտեցավ Միլդրեդին, խնամքով ծածկեց եւ պառկեց իր անկողնում։
 
Լուսնի լույսը կպչում էր նրա այտոսկրերին, լայն ճակատի խոր կնճիռներին, արտացոլվում աչքերի մեջ՝ արծաթավուն կայծերի փայլով։
 
Ընկավ անձրեւի առաջին կաթիլը։ Քլարիսը։ Մի կաթիլ եւս։ Միլդրեդը։ Մեկը եւս։ Քեռին։ Մեկը եւս։ Այսօրվա հրդեհը։ Մեկը։ Քլարիսը։ Մյուսը։ Միլդրեդը։ Երրորդը։ Քեռին։ Չորրորդը։ Հրդեհը։ Մեկը, մյուսը, երրորդը, չորրորդը, հինգերորդը, Միլդրեդը, Քլարիսը, քեռին, հրդեհը, քնաբեր հաբեր։ Մարդիկ թղթե անձեռոցիկ են, օգտագործիր, շպրտիր, վերցրու նորը։ Մեկը, մյուսը, երրորդը։ Անձրեւը։ Ամպրոպը։ Քեռու ծիծաղը։ Ամպրոպի որոտը։ Աշխարհը փլվում է տեղատարափներից։ Բոցը դուրս է ժայթքում հրաբխից։ Եվ ամեն ինչ սրընթաց պտտվում է, մրրկածուփ գետի պես հորդում առավոտին ընդառաջ։
 
— Այլեւս ոչինչ չգիտեմ, ոչինչ չեմ հասկանում,— ասաց Մոնթագը եւ լեզվին դրեց քնաբեր հաբը։ Այն դանդաղ հալվեց։
 
Առավոտյան ժամը իննին Միլդրեդի անկողինը դատարկ էր։ Մոնթագը արագ վեր կացավ, սրտատրոփ վազեց միջանցքով եւ կանգ առավ խոհանոցի դռների մեջ։
 
Բոված հացի պատառիկները դուրս էին թոչում արծաթե թավայից։ Մետաղե նուրբ ձեռքն անմիջապես որսում էր դրանք եւ թաթախում հալած յուղի մեջ։
 
Միլդրեդը հետեւում էր, թե ինչպես են կարմրեցրած հացի կտորները շարվում ափսեի մեջ։ Նրա երկու ականջներն էլ ամուր խցանված էին բզզացող էլեկտրոնային մեղուներով։ Գլուխը հանկարծ բարձրացնելով՝ նա տեսավ Մոնթագին եւ ողջունեց։
 
— Լա՞վ ես զգում,— հարցրեց Մոնթագը։ Խեցի ռադիոկոճակներին ծանոթանալու տասը տարիների ընթացքում Միլդրեդը սովորել էր կարդալ շրթունքների շարժումները։ Նա կրկին գլխով արեց եւ թավայի մեջ դրեց հացի թարմ շերտ։
 
Մոնթագը նստեց։
 
— Չեմ հասկանում՝ ինչո՞ւ եմ այսպես քաղցած,— ասաց Կինը։
 
— Դու…,— սկսեց նա։
 
— Սոսկալի քաղցած եմ։
 
— Երեկ երեկոյան…
 
— Ես լավ չեմ քնել։ Անասելի վատ եմ զգում,— շարունակեց նա։— Աստվա՜ծ իմ, ինչպե՜ս եմ ուտել ուզում։ Չեմ հասկանում՝ ինչու…
 
— Երեկ երեկոյան…
 
Միլդրեդը ցրված հետեւում էր նրա շրթունքներին։
 
— Ի՞նչ է պատահել երեկ երեկոյան։
 
— Մի՞թե ոչինչ չես հիշում։
 
— Իսկ ի՞նչ է եղել։ Մենք հրավե՞րք ունեինք։ Կերուխո՞ւմ էինք անում։ Այսօր էլ կարծես խումհարի մեջ եմ։ Աստվա՜ծ իմ, ինչպե՜ս եմ ուզում ուտել։ Իսկ ո՞վ կար մեզ մոտ։
 
— Մի քանի հոգի,— ասաց նա։
 
— Այդպես էլ կարծում էի։— Նա կծեց բոված հացի մի կտոր։— Ստամոքսի ցավեր ունեմ, բայց սարսափելի քաղցած եմ։ Երեկվա հավաքույթում հիմարություններ հո չարեցի։
 
— Ո՛չ,— պատասխանեց նա ցածրաձայն։
 
Թավայից դուրս թռավ յուղի մեջ կարմրեցրած հացի մի կտոր։ Մոնթագը վերցրեց տարօրինակ շփոթմունքով, ասես իր հետ սիրալիր վարվեցին։
 
— Դու էլ վատ տեսք ունես,— նկատեց կինը։
 
Կեսօրից հետո անձրեւ տեղաց, եւ շուրջբոլորը մթնեց, աշխարհն ասես պատվեց գորշ շղարշով։ Մոնթագը կանգնել էր նախասենյակում եւ բաճկոնին ամրացնում էր նշանը, որի վրա հուրհրատում էր նարնջագույն սալամանդրը։ Մտքերի մեջ ընկած՝ նա երկար նայեց օդափոխիչ ցանցին։ Կինը, որ սցենար էր կարդում հեռուստասենյակում, գլուխը բարձրացրեց եւ հայացքը հառեց նրան։
 
— Հապա մի տեսեք, նա մտածում է։
 
— Այո՞,— պատասխանեց Մոնթագը։— Քեզ հետ խոսելիք ունեմ։— Մի պահ հապաղեց։— Երեկ գիշեր դու կուլ էիր տվել սրվակի բոլոր հաբերը։
 
— Ի՞նչ ես ասում,— զարմացած գոչեց կինը։— Չի կարող պատահել։
 
— Սրվակը դատարկ ընկած էր հատակին։
 
— Ես չէի կարող այդ անել։ Ինչո՞ւ պետք է խմեի,— ասաց նա։
 
— Գուցե թե դու երկու հաբ ես խմել, իսկ հետո մոռացել եւ խմել ես եւս երկուսը, ապա կրկին մոռացել եւ էլի ես խմել, իսկ հետո, արդեն թմրած, մեկը մյուսի ետեւից կուլ ես տվել մնացած երեսուն կամ քառասուն հաբերը։
 
— Անհեթեթություն։ Ինչո՞ւ պիտի ես այդպիսի հիմարություն անեի։
 
— Չգիտեմ,— պատասխանեց Մոնթագը։
 
Միլդրեդն ակնհայտորեն ցանկանում էր, որ Մոնթագը շուտ գնար։
 
— Ես դա չէի անի,— կրկնեց նա։— Միլիարդ տարի մնար, չէի անի։
 
— Լավ, թող քո ասածը լինի,— պատասխանեց նա։
 
— Ինչպես կասեր լեդին,— ավելացրեց Միլդրեդը եւ կրկին խորասուզվեց սցենարի ընթերցանության մեջ։
 
— Այսօր ի՞նչ կա ցերեկային ծրագրում,— հոգնած հարցրեց Մոնթագը։
 
Միլդրեդը պատասխանեց՝ հայացքը սցենարից չկտրելով․
 
— Ներկայացում է։ Կսկսվի տասը րոպեից, պատկերները ցուցադրվում են սենյակի չորս պատերին։ Դերն ինձ ուղարկել են այսօր առավոտյան, ստացել եմ իբրեւ մրցանակ՝ անհրաժեշտ քանակի կտրոններ ուղարկելով ֆիրմային։ Բոլորովին նոր գաղափար է․ պիեսը գրում են՝ բաց թողնելով մի դեր։ Տանտիրուհու այդ պակասող դերը ես եմ կատարում։ Երբ գալիս է բաց թողած ռեպլիկն արտասանելու պահը, բոլորը նայում են ինձ։ Եվ ես արտասանում եմ։ Օրինակ՝ տղամարդն ասում է․ «Ի՞նչ կասես այդ մասին, Հելե՛ն», եւ նայում է ինձ։ Իսկ ես նստած եմ ահա այստեղ, ինչպես բեմի կենտրոնում։ Ես պատասխանում եմ… Ես պատասխանում եմ…— Նա մատը շարժեց ձեռագրի տողերի վրայով։— Ահա, սա է․ «Իմ կարծիքով՝ պարզապես հիանալի է»։ Ապա նրանք շարունակում են առանց ինձ, մինչեւ որ տղամարդը հարցնում է․ «Դու համաձա՞յն ես, Հելե՛ն»։ Այդ ժամանակ ես պատասխանում եմ․ «Դե, իհարկե, համաձայն եմ»։ Իսկապես, հետաքրքիր է, չէ՞, Գայ։
 
Մոնթագը կանգնել էր նախասենյակում եւ լուռ նայում էր կնոջը։
 
— Իրոք, շատ հետաքրքիր է,— կրկին ասաց Միլդրեդը։
 
— Իսկ ինչի՞ մասին է պիեսը։
 
— Ես արդեն ասացի։ Գործող անձինք երեքն են՝ Բոբը, Ռութը եւ Հելենը։
 
— Օ‘հ…
 
— Անչափ հետաքրքիր է։ Եվ ավելի հետաքրքիր կլիներ, եթե մենք ունենայինք չորրորդ հեռուստապատը։ Ի՞նչ ես կարծում, դեռ երկա՞ր ենք կուտակելու, որպեսզի չորրորդ պատը փոխարինենք հեռուստատեսայինով։ Ընդամենը երկու հազար դոլար արժե։
 
— Իմ տարեկան վաստակի մեկ երրորդը։
 
— Ընդամենը երկու հազար դոլար,— համառորեն կրկնեց նա։— Չէր խանգարի՝ գոնե երբեմն էլ իմ մասին մտածեիր։ Եթե մենք դնեինք չորրորդ սյատը, այս սենյակը կլիներ արդեն ո՞չ միայն մերը, այնտեղ կբնակվեին տարաշխարհիկ, արտասովոր մարդիկ։ Կարելի է ինչ֊որ բանում տնտեսել։
 
— Առանց այդ էլ մենք շատ բանում ենք տնտեսում այն ժամանակվանից, երբ վճարեցինք երրորդ պատի արժեքը։ Չե՞ս հիշում, ընդամենը երկու ամիս առաջ են դրել։
 
— Ընդամենը երկու ամի՞ս։— Նա մտախոհ նայեց Մոնթտգին։— Ցտեսություն, սիրելիս։
 
— Ցտեսությո՛ւն,— պատասխանեց նա՝ ուղղվելով դեպի ելքը, բայց հանկարծ կանգ առավ ու շրջվեց։— Իսկ պիեսը երջանի՞կ ավարտ ունի։
 
— Մինչեւ վերջ դեռ չեմ կարդացել։
 
Մոնթագը մոտեցավ, կարդաց վերջին էջը, գլխով արեց, սցենարը վերադարձրեց կնոջն ու դուրս ելավ թաց փողոց։
 
Անձրեւը գրեթե կտրվել էր։ Մայթի կենտրոնով աղջիկը քայլում էր այնպես զգաստ, գլուխը բարձր պահած, որ նոսր կաթիլներն ընկնեն դեմքին։ Տեսնելով Մոնթագին՝ ժպտաց․
 
— Բարեւ՛ ձեզ։
 
Մոնթագը պատասխանեց ողջույնին, ապա հարցրեց․
 
— Այդ ի՞նչ եք անում։ Էլի ինչ֊որ բա՞ն եք հնարել։
 
— Օ՜, իհարկե, չէ՞ որ ես խենթ եմ։ Գիտե՞ք, ինչ հաճելի է, երբ անձրեւը ընկնում է դեմքիդ։ Սիրում եմ քայլել անձրեւի տակ։
 
— Ինձ երեւի դուր չգար,— պատասխանեց նա։
 
— Գուցե եւ դուր գար, եթե փորձեիք։
 
— Երբեք չեմ փորձել։
 
Աղջիկն լիզեց շրթունքները։
 
— Նույնիսկ համն է հաճելի։
 
— Միշտ ուզում եք ինչ֊որ բան փորձել,— ասաց նա։— Թեկուզ մի անգամ, բայց՝ փորձել։
 
— Պատահում է եւ մի քանի անգամ,— պատասխանեց աղջիկը ու նայեց ձեռքի մեջ թաքցրած առարկային։
 
— Ի՞նչ կա այդտեղ,— հարցրեց Մոնթագը։
 
— Խատուտիկ է, մարգագետնում գտա, գուցե վերջինն է։ Երբեք մտքովս չէր անցնի, որ այսքան ուշ աշնանը խատուտիկ կլինի։ Հիմա հարկավոր է քսել կզակին։ Երբեւէ լսե՞լ եք այդ մասին։ Տեսեք,— ասաց աղջիկը եւ ժպտալով ծաղիկը քսեց կզակին։
 
— Ինչի՞ համար։
 
— Եթե հետք մնա, նշանակում է՝ ես սիրահարված եմ։ Հը, ինչպե՞ս է։
 
Ուրիշ ելք չկար, պետք է կզակին նայեր։
 
— Հետք մնա՞ց,— հարցրեց աղջիկը։
 
— Դեղնեց։
 
— Հիանալի է։ Հիմա էլ փորձենք ձեզ վրա։
 
— Իմը չի դեղնի։
 
— Տեսնենք։— Եվ մինչեւ նա ուշքի կգար, խատուտիկը խցկեց նրա կզակի տակ։ Մոնթագն ակամա ետ քաշվեց։ Աղջիկը սրտանց ծիծաղեց։
 
— Զգաստ կանգնեք։
 
Ակնդետ նայելով Մոնթագի կզակին՝ նա մռայլվեց։
 
— Դե, ի՞նչ կասես։
 
— Ինչ ամո՜թ է, — բացականչեց աղջիկը։— Դուք սիրահարված չեք։
 
— Ո՛չ, սիրահարված եմ։
 
— Չի երեւում։
 
— Սիրահարված եմ, այն էլ ինչպե՜ս։— Նա փորձեց հիշողության մեջ արթնացնել որեւէ մեկի կերպարը, բայց ապարդյուն։— Սիրահարված եմ, — համառորեն կրկնեց նա։
 
— Այդպես մի նայեք, խնդրում եմ, հարկավոր չէ։
 
— Խատուտիկն է մեղավոր,— ասաց նա։— Ողջ ծաղկափոշին ձեր կզակին թափվեց, ինձ ոչինչ չմնաց։
 
— Ես ձեզ վշտացրի, չէ՞։ Տեսնում եմ, որ վշտացրի։ Ներեցեք, ես իսկապես չէի ցանկանում…,— աղջիկը թեթեւակի կպավ նրա արմունկին։
 
— Ո՛չ, ո՛չ,— փութով պատասխանեց նա։— Ամեն ինչ կարգին է։
 
— Ես պետք է գնամ։ Ասեք, որ ներում եք, չեմ ուզում, որ բարկանաք ինձ վրա։
 
— Չեմ բարկանում, պարզապես մի փոքր վշտացա։
 
— Ես գնում եմ հոգեբույժի մոտ։ Ինձ ստիպում են գնալ։ Դե, ես էլ հորինում եմ նրա համար այլեւայլ բաներ։ Չգիտեմ, թե էլ ինչ է մտածում իմ մասին, բայց ասում է, որ ես իսկական սոխի գլուխ եմ։ Հարկավոր է շերտ առ շերտ կճպել։
 
— Ես էլ եմ հակված մտածելու, որ դուք հոգեբույժի կարիք եք զգում,— ասաց Մոնթագը։
 
— Ճիշտ չէ։ Դուք այդպես չեք մտածում։
 
Նա խոր շունչ քաշեց, ապա վերջապես ասաց․
 
— Իսկապես, այդպես չեմ մտածում։
 
— Հոգեբույժը ցանկանում է իմանալ՝ ինչու եմ սիրում թափառել անտառում, նայել թռչուններին, թիթեռներ որսալ։ Երբեւէ ձեզ ցույց կտամ իմ հավաքածուն։
 
— Լա՛վ, ցույց կտաք։
 
— Նրանք միշտ հարցուփորձ են անում՝ ինչո՞վ եմ զբաղվում։ Ես նրանց ասում եմ, որ երբեմն պարզապես նստում եմ ու մտածում։ Բայց չեմ ասում՝ ինչի մասին։ Թող գլուխ կոտրեն։ Երբեմն էլ ասում եմ, թե սիրում եմ գլուխս ետ գցած, այ այսպես, լեզվով որսալ անձրեւի կաթիլները։ Գինու համ ունեն։ Դուք երբեւէ փորձե՞լ եք։
 
— Ոչ, ես…
 
— Դուք ինձ ներել եք, չէ՞։
 
— Այո՛։— Մի պահ նա մտածեց։— Այո՛, ներել եմ։ Աստված գիտե, թե ինչու։ Դուք առանձնահատուկ եք, ձեզնից կարելի է վիրավորվել ու միաժամանակ հեշտությամբ ներել։ Ասացիք՝ տասնյո՞թ տարեկան եք։
 
— Այո՞, մեկ ամսից հետո կլրանա։
 
— Տարօրինակ է։ Շատ տարօրինակ է։ Կինս երեսուն է, բայց, ինձ երբեմն թվում է, թե դուք շատ ավելի մեծ եք նրանից։ Չեմ հասկանում՝ ինչի՞ց է այդ զգացողությունը։
 
— Դուք նույնպես առանձնահատուկ եք, միստր Մոնթագ։ Երբեմն նույնիսկ մոռանում եմ, որ հրկիզող եք։ Կարելի՞ է նորից ձեզ բարկացնել։
 
— Հապա՛, ձեզ տեսնեմ։
 
— Ինչպե՞ս սկսվեց։ Ինչպե՞ս ընկաք այնտեղ։ Ինչպե՞ս եւ ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ աշխատանքը։ Դուք նման չեք ուրիշ հրկիզողների։ Ես գիտեմ, տեսել եմ մի քանիսին։ Երբ ես խոսում եմ, դուք ինձ եք նայում։ Երեկ գիշեր, երբ խոսք բացեցի լուսնի մասին, դուք նայեցիք երկնքին։ Նրանք, մյուսները, երբեք այդպես չէին վարվի։ Ուղղակի կհեռանային եւ ինձ չէին լսի։ Գուցե սպառնային։ Այժմ մարդիկ ժամանակ չունեն իրար համար։ Իսկ դուք այնքան լավ վարվեցիք ինձ հետ։ Հազվագյուտ երեւույթ է։ Ահա թե ինչու է տարօրինակ, որ դուք հրկիզող եք։ Մի տեսակ չի սազում ձեզ։
 
Մոնթագին թվաց, թե իր մարմինը ճեղքվեց երկու մասի, ըստ որում՝ մի կեսը կրակի պես տաք էր, մյուսը՝ սառցասառն, մեկը՝ փխրուն, մյուսը՝ կարծր, մեկը՝ դողդոջուն, մյուսը՝ քարի պես պինդ։ Եվ նրա երկատված եսի յուրաքանչյուր կեսը ջանում էր ոչնչացնել մյուսին։
 
— Ձեր գնալու ժամանակն է, շտապեք հոգեբույժի մոտ,— ասաց նա։
 
Աղջիկը փախավ՝ թողնելով նրան անձրեւի տակ, մայթին կանգնած։ Երկար ժամանակ անց միայն նա շարժվեց։
 
Մի քանի քայլ անելուց հետո հանկարծ նա գլուխը ետ գցեց, դեմքը պահեց անձրեւին, ապա բացեց բերանը…
 
Մեխանիկական շունը եւ՛ քնած էր, եւ՛ արթուն, ապրում էր ու միաժամանակ մեռած էր իր մեղմ դռռացող, մեղմ թրթռացող, աղոտ լուսավորված բնում, որը գտնվում էր հրակայանի գրասենյակի խավար միջանցքի ծայրում։ Գիշերային երկնքի փայլատ շողերը ներս էին թափանցում քառակուսի մեծ լուսամուտի միջով ու ցանուցիր սփռվում հավաքովի գազանի արույրե, պղնձե եւ պողպատե մասերի վրա։ Լույսն արտացոլվում էր սուտակափայլ ապակու կտորտանքների մեջ, մեղմ առկայծում տարօրինակ ռունգերի մազանոթի պես բարակ, դյուրազգաց նայլոնե մազիկներին։ Նա հազիվ նկատելի ցնցվում էր իր սարդանման, ռետինապատ ութ թաթերի վրա։
 
Մոնթագը ցած սահեց բրոնզե ձողով։ Նա դուրս ելավ նայելու քնած քաղաքին։ Ամպերը ցրվել էին, երկինքը ջինջ էր։ Նա ծխեց, վերադարձավ ու կռանալով՝ հայացքը սեւեռեց մեխանիկական շանը։ Շունը հիշեցնում էր վիթխարի մեղու, որ վերադարձել էր դաշտից, ուր ծաղիկների նեկտարին խառնված է խելացնորություն եւ մղձավանջներ ծնող թույն։ Նրա մարմինը հագեցած էր այդ թանձր ու քաղցր հաշիշով, եւ նա քնել էր՝ ջանալով հաղթահարել թույնի չար ուժը։
 
— Ողջո՜ւյն,— շշնջաց Մոնթագը՝ ինչպես միշտ կախարդված նայելով մեռած եւ միաժամանակ կենդանի գազանին։
 
Գիշերները, երբ ձանձրանում էին, իսկ դա պատահում էր ամեն գիշեր, հրկիզողները ներքեւ էին իջնում բրոնզե ձողերով, եւ շան հոտառության համակարգի տկտկացող սարքը լարելով որոշակի հոտի վրա, հրակայանի նկուղում բաց էին թողնում առնետներ, երբեմն ճտեր կամ էլ կատուներ, որոնց, միեւնույն է, պետք է խեղդեին։ Գրազ էին գալիս, թե շունն աոաջինը որ զոհին է բռնելու։ Մի քանի վայրկյան չանցած՝ խաղն ավարտվում էր․ ճուտը, կատուն կամ առնետը չէին էլ հասցնում վազել մի քանի մետր, երբ հայտնվում էին շան փափուկ թաթերի մեջ, նրա դնչից խայթի պես դուրս ցցվող չորսդյույմանոց ասեղը զոհին ներարկում էր զգալի քանակությամբ մորֆի կամ պրոկաին, որից հետո սպանված գազանիկին նետում էին աղբայրիչ վառարանը, եւ խաղը վերսկսվում էր։
 
Մոնթագը սովորաբար մնում էր վերեւում եւ չէր մասնակցում այդ զվարճություններին։ Միայն մեկ անգամ, երկու տարի առաջ, նա գրազ եկավ փորձառու խաղամոլներից մեկի հետ եւ կորցրեց շաբաթվա վաստակը։ Հատուցումը Միլդրեդի կատաղի զայրույթն էր, մինչեւ հիմա էլ նա հիշում է կնոջ կաս—կարմիր դեմքն ու պրկված երակները։ Այժմ գիշերները նա պառկում էր մահճակալին, շրջվում պատի կողմը՝ ականջ դնելով ներքեւից լսվող քրքիջի պոռթկումին, հատակի վրա առնետների ճանկերի մանրիկ կտկտոցին, մկների ջութակային ծվծվոցին, անսպասելի լռությանը, երբ շունը անաղմուկ ցատկով, վիթխարի ստվերի պես դուրս էր պրծնում բնից, ինչպես ուժեղ լույսի տակ անակնկալ հայտնված գիշերաթիթեռ։ Նա գտնում, բռնում էր զոհին, մխրճում ասեղը եւ վերադառնում իր բույնը, որպեսզի անմիջապես հանդարտվի ու մեռնի։
 
Մոնթագը կպավ շան մռութին։
 
Շունը գռմռաց։
 
Մոնթագը ետ ցատկեց։
 
Շունը հանկարծ կենդանացավ, չոքեց բնի մեջ, նեոնային կայծեր արձակող կապտականաչ աչքերով նայեց նրան ու վերստին գռմռաց, տարօրինակ, ականջ ծակող հնչյուն էր դա, էլեկտրական դզզոցի, թավայի թշշոցի եւ մետաղի ճռինչի խառնուրդ։ Կարծես շարժման մեջ մտավ ինչ֊որ հնամաշ, բարձիթողի արված սարք, որ ճռռում էր ժանգից ու հնությունից։
 
— Դե, դե, ծերո՛ւկ,— շշնջաց Մոնթագը, եւ նրա սիրտը ուժգին բաբախեց։
 
Նա տեսավ՝ ինչպես շան մռութից մատնաչափ արծաթավուն ասեղ դուրս ցցվեց ու իսկույն անհետացավ, նորից դուրս ցցվեց ու անհետացավ։ Շան որովայնում ուժեղանում էր գռմռոցը, փայլփլուն աչքերը գամված էին Մոնթագին։
 
Մոնթագն ընկրկեց։ Շունը մի քայլ արեց։ Մոնթագը կառչեց ձողից։ Արձագանքելով նրա հպումին՝ ձողը վեր սլացավ եւ անաղմուկ դուրս հանեց առաստաղի բաց անցքով։ Նա ոտք դրեց վերնահարկի կիսախավար հարթակին։ Ամբողջովին դողում էր, դեմքը հողագույն էր դարձել։ Ներքեւում շունը խաղաղվեց եւ կրկին նստեց իր սարդանման, ութ աներեւակայելի թաթերի վրա՝ շարունակելով մեղմ դռռալ։ Նրա բազմանիստ ակնաբյուրեղները խամրեցին։
 
Մոնթագն անմիջապես չհեռացավ անցքի մոտից։ Նա ուզում էր նախ մի քիչ հանգստանալ։ Նրա թիկունքում, հեռավոր անկյունում, կանաչ լուսամփոփի լույսի տակ սեղանի շուրջ նստած չորս տղամարդ թուղթ էին խաղում։ Նրանք թռուցիկ նայեցին Մոնթագին, բայց ոչինչ չասացին։ Միայն փյունիկի պատկերով հրկիզապետի գլխարկ կրող մարդը, որ չորուկ ձեռքերում պահել էր խաղաթղթերը, վերջապես հետաքրքրվեց եւ գոչեց սենյակի մի ծայրից մյուսը․
 
— Ի՞նչ է պատահել, Մոնթագ։
 
— Նա ինձ չի սիրում։
 
— Ո՞վ։ Շո՞ւնը։— Հրկիզապետը զննում էր խաղաթղթերը։— Վե՛րջ տվեք։ Նա չի կարող սիրել կամ չսիրել։ Մեխանիկական շունը պարզապես գործում է։ Բալիստիկայի խնդրի նման է, նրա համար հետագիծ ենք հաշվարկել, որով շարժվում է։ Ինքն է գտնում թիրախը, ինքն է վերադառնում իր բույնը, ինքն էլ անջատվում է։ Պղնձալար, մարտկոց, էլեկտրաէներգիա՝ ահա նրա պարունակությունը։
 
Մոնթագը ջղաձգորեն օդ կուլ տվեց։
 
— Նրա հոտառության համակարգը կարելի է հարմարեցնել ցանկացած գործողության, մի քիչ ամինաթթու, մի քիչ ծծումբ, մի քիչ ճարպեր եւ որոշ չափով ալկալիներ։ Այդպես չէ՞։
 
— Բոլորն էլ դա գիտեն։
 
— Մեզնից յուրաքանչյուրի արյան բաղադրությունը եւ տոկոսային հարաբերությունը գրանցված է ներքեւի ընդհանուր քարտարանում։ Ինչ դժվար բան է, եթե մեկնումեկը որոշի մեքենա—շան հիշողությունը թեկուզ մասնակի հարմարեցնել այս կամ այն բաղադրությանը, ասենք, ամինաթթուներին։ Դա բավական է, որ նա անի այն, ինչ հիմա արեց, այսինքն՝ արձագանքեց իմ ներկայությանը։
 
— Գրո՛ղը տանի,— ասաց հրկիզապետը։
 
— Նա գրգռված է, բայց կատաղած չէ։ Պարզապես ինչ֊որ մեկը նրա հիշողությունը լարել է ճիշտ այնքան, որ նա սկսի գռմռալ, հենց որ կպչեմ նրան։
 
— Ախր ո՞վ կաներ նման բան,— հարցրեց հրկիզապետը։— Դուք այստեղ որեւէ թշնամի ունե՞ք, Գայ։
 
— Որքան գիտեմ՝ ոչ։
 
— Վաղը մեխանիկները կստուգեն շանը։
 
— Առաջին դեպքը չէ, որ վախեցնում է ինձ,— շարունակեց Մոնթագը։— Անցած ամիս երկու անգամ այդպես վարվեց։
 
— Վաղը ամեն ինչ կստուգենք։ Մի՛ անհանգստացեք։
 
Բայց Մոնթագը դեռեւս կանգնած էր բաց անցքի մոտ։
 
Հանկարծ նա հիշեց իր տան նախասենյակի օդափոխիչ ցանցի եւ այն մասին, թե ինչ էր թաքնված նրա ետեւում։ Իսկ եթե հրակայանում որեւէ մեկը գիտի այդ մասին եւ «պատմե՞լ է» շանը։
 
Հրկիզապետը մոտեցավ Մոնթագին եւ հարցական նայեց նրան։
 
— Ես փորձում եմ պատկերացնել,— ասաց Մոնթագը,— թե ինչի մասին է գիշերները շունը մտածում իր բնում։ Նա իսկապե՞ս կենդանանում է, երբ նետվում է մարդու վրա։ Սարսափելի է։
 
— Նա ոչինչ չի մտածում, բացի այն, ինչ մենք տեղադրել ենք նրա մեջ։
 
— Շատ ափսոս,— ցածրաձայն ասաց Մոնթագը,— որ մենք նրան մղում ենք միայն հետապնդելու, որսալու, սպանելու։ Ի՜նչ ամոթ է, որ ուրիշ ոչինչ չենք կարող սովորեցնել։
 
Հրկիզապետ Բիթին քամահրանքրվ փնչացրեց․
 
— Հիմարություն է։ Մեր շունը հիանալի նմուշ է այն բանի, թե ինչ կարող է ստեղծել մարդկային հանճարը՝ կատարելագործված հրացան, որ ինքն է գտնում թիրախը եւ խփում անվրեպ։
 
— Այդ է, որ կա։ Հասկանո՞ւմ եք, ես չեմ ուզում դառնալ նրա հերթական զոհը,— ասաց Մոնթագը։
 
— Իսկ ինչո՞ւ է ձեզ այդպես անհանգստացնում։ Ձեր խիղճը մաքուր չէ՞, Մոնթագ։
 
Մոնթագը արագորեն աչքերը հառեց նրան։
 
Բիթին կանգնել էր՝ չկտրելով նրանից սեւեռուն հայացքը, հանկարծ հրկիզապետի շրթունքները բացվեցին, եւ նա մեղմ, գրեթե անձայն ծիծաղեց։
 
Մեկ օր, երկու օր, երեք, չորս, հինգ, վեց, յոթ օր։ Եվ ամեն օր, տնից դուրս գալով, նա գիտեր, որ Քլարիսը ինչ֊որ տեղ է, մոտերքում։ Մի անգամ տեսավ, թե ինչպես է նա թափ տալիս ընկուզենին, մյուս անգամ մարգագետնում նստած՝ կապույտ սվիտեր էր գործում, երեք թե չորս անգամ իր տան առմուտքին նա գտավ աշնանային ծաղիկների փունջ, մի բուռ շագանակ՝ փոքրիկ տոպրակի մեջ, աշնանային տերեւների տրցակ՝ խնամքով կպցված սպիտակ թղթի էջին ու ամրակով փակցված մուտքի դռանը։ Եվ ամեն երեկո Քլարիսը ուղեկցում էր նրան մինչեւ անկյունադարձ։ Մի օր անձրեւոտ էր, մյուս օրը՝ պարզ եղանակ, ապա սաստիկ քամի էր փչում, հետո կրկին խաղաղ էր ու տաք, իսկ հետո՝ շոգ ու հեղձուկ, կարծես ամառը վերադարձել էր, եւ Քլարիսի դեմքը պատվել էր թեթեւ արեւայրուկով։
 
— Ինչո՞ւ է ինձ թվում,— ասաց նա, երբ հասան մետրոյի մուտքին,— թե ձեզ վաղուց եմ ճանաչում։
 
— Որովհետեւ ինձ դուր եք գալիս,— պատասխանեց աղջիկը,— ես ձեզնից ոչինչ չեմ պահանջում։ Նաեւ նրա համար, որ մենք հասկանում ենք իրար։
 
— Ձեզ հետ ես ինձ ծեր եմ զգում, շատ ծեր, ձեր հոր տեղն եմ զգում…
 
— Իսկապե՞ս։ Իսկ ինչո՞ւ դուք աղջիկ չունեք, ինձ նման մի աղջիկ, եթե այդքան սիրում եք երեխաներին։
 
— Չգիտեմ։
 
— Կատակում եք։
 
— Ուզում էի ասել…,— նա կմկմաց եւ գլուխն օրորեց։— Գիտեք, իմ կինը… Մի խոսքով, նա չկամեցավ երեխա ունենալ։
 
Ժպիտը չքացավ աղջկա դեմքից։
 
— Ներեցեք։ Ինձ թվաց, թե դուք ծիծաղում եք ինձ վրա։ Ես պարզապես հիմար եմ։
 
— Ո՛չ, ո՛չ,— բացականչեց նա։— Շատ լավ է, որ հարցրիք։ Ինձ այնքան վաղուց ոչ ոք այդ մասին չի հարցրել։ Ոչ մեկը ժամանակ չունի զբաղվելու քեզնով… Շատ լավ է, որ հարցրիք։
 
— Եկեք ուրիշ բաների մասին խոսենք։ Գիտե՞ք, ինչպես են բուրում թափված տերեւները։ Դարչինի հոտ ունեն։ Հապա հոտ քաշեք։
 
— Այո… Իսկապես, դարչին է հիշեցնում։
 
Աղջիկը իր շողշողուն մուգ աչքերով նայեց նրան։
 
— Ինչո՞ւ եք ամեն անգամ զարմանում։
 
— Որովհետեւ նախկինում երբեք չեմ նկատել… Ժամանակ չկար…
 
— Իսկ դուք նայեցի՞ք ազդավահանակներին։ Հիշո՞ւմ եք, ես ձեզ ասել եմ։
 
— Նայեցի։— Եվ ակամա ծիծաղեց։
 
— Այժմ շատ ավելի գեղեցիկ եք ծիծաղում։
 
— Իսկապե՞ս։
 
— Այո՛։ Ավելի անկաշկանդ։
 
Հանկարծ նա թեթեւ ու հանգիստ զգաց։
 
— Ինչո՞ւ դպրոց չեք գնացել։ Սովորելու փոխարեն օրերով թափառում եք մենակ։
 
— Դե, դպրոցում ինձ չեն սպասում,— պատասխանեց աղջիկը։— Իսկ գիտե՞ք ինչու, ասում են, իբր ես մարդամոտ չեմ, որ դժվար եմ մտերմանում։ Տարօրինակ է։ Իրականում շատ մարդամոտ եմ։ Կարեւորն այն է, թե ինչ ենք հասկանում մարդամոտ ասելով։ Իմ կարծիքով՝ մարդկանց հետ շփվել, նշանակում է այնպես զրուցել, ինչպես մենք ենք զրուցում։— Նա ափի մեջ չխկչխկացրեց մի քանի շագանակ, որոնք գտել էր այգում, ծառի տակ։— Կամ զրուցել այն մասին, թե ինչ զարմանալի է աշխարհը։ Սիրում եմ մարդկանց հետ լինել։ Բայց բոլորին իրար գլխի հավաքել եւ թույլ չտալ ոչ մեկին բառ ասել՝ ի՞նչ շփում է։ Դաս հեռուստացույցով, բասկետբոլի, բեյսբոլի կամ վազքի, հետո պատմության դաս՝ ինչ֊որ բան ենք արտագրում, կամ էլ նկարչության դաս՝ ինչ֊որ բան ենք արտանկարում, հետո կրկին սպորտ։ Գիտե՞ք, դպրոցում մենք երբեք հարց չենք տալիս։ Համենայն դեպս՝ մեծամասնությունը։ Նստում ենք ու լռում, իսկ մեզ ռմբակոծում են պատասխաններով՝ թրը՛խկ, թրը՛խկ, թրը՛խկ։ Հետո մի չորս ժամ էլ նստում ենք եւ ուսումնական կինոնկար դիտում։ Այդ ի՞նչ շփում է։ Բազմաթիվ ձագարներ են, որոնց մեջ ջրհորդաններով ջուր են լցնում միայն նրա համար, որ դուրս թափվի մյուս ծայրից։ Դեռ հետն էլ հավատացնում են, թե իբր գինի է։ Օրվա վերջին այնպես ենք հոգնում, որ միայն կարող ենք ընկնել ու մրափել կամ էլ գնալ զվարճավայր՝ կռիվ սարքել եւ կամ ապակի ջարդելու հատուկ սրահում ապակի փշրել, կամ էլ պողպատե մեծ գնդով մեքենա խորտակել ավտովթարի տաղավարում, կամ թե նստել մեքենա եւ սլանալ փողոցներով։ Այդպիսի մի խաղ կա՝ ո՞վ առաջինը կվախենա, սրընթաց դեմառդեմ քշում են իրար վրա, պարտվում է նա, ով առաջինն է խույս տալիս։ Թերեւս նրանք իրավացի են․ հավանաբար, ես մարդամոտ չեմ։ Ընկերներ չունեմ։ Դա էլ կարծես տեղիք է տալիս, թե խախտված եմ։ Բայց իմ բոլոր հասակակիցները կամ ճչում ու ցատկում են խելագարի պես, կամ էլ ծեծկռտում են իրար։ Նկատե՞լ եք, որ այժմ մարդիկ անողոք են միմյանց նկատմամբ։
 
— Դուք դատում եք պառավի նման։
 
— Երբեմն ինձ հենց պառավ եմ զգում։ Վախենում եմ իմ հասակակիցներից։ Նրանք սպանում են իրար։ Մի՞թե միշտ այդպես է եղել։ Քեռիս ասում է, որ ոչ։ Միայն անցած տարի իմ տարեկիցներից վեցը սպանվեց։ Տասը զոհվեց ավտովթարից։ Ես նրանցից վախենում եմ, եւ այդ պատճառով էլ չեն սիրում ինձ։ Քեռիս ասում է, որ իր պապը դեռեւս հիշում էր այն ժամանակները, երբ երեխաներն իրար չէին սպանում։ Բայց դա շատ վաղուց է եղել, այն ժամանակ ամեն բան այլ կերպ է եղել։ Քեռիս ասում է, որ այն ժամանակ մարդիկ կարծում էին, որ յուրաքանչյուր ոք պետք է ունենա պատասխանատվության զգացում։ Ի դեպ, ես ունեմ։ Եվ դա այն պատճառով, որ վաղուց, երբ դեռ փոքր էի, ինձ մի լավ դնգստել են։ Ինքս եմ կատարում տան բոլոր գնումները, ինքս եմ կարգի բերում բնակարանը։
 
— Բայց ամենից ավելի,— շարունակեց աղջիկը,— համենայն դեպս, սիրում եմ դիտել մարդկանց։ Երբեմն ողջ օրը լինում եմ մետրոյում, նայում եմ մարդկանց, ականջ դնում նրանց խոսակցությանը։ Ուզում եմ իմանալ՝ ովքե՞ր են, ի՞նչ են ցանկանում, ո՞ւր են գնում։ Երբեմն նույնիսկ այցելում եմ զվարճավայրեր, կամ կեսգիշերին զբոսնում քաղաքի արվարձաններով սլացող հրթիռային ավտոմեքենաներով։ Ոստիկանությունը ուշադրություն չի դարձնում, միայն թե դրանք ապահովագրված լինեն։ Եթե գրպանումդ կա տասը հազար դոլարի ապահովագրական անդորրագիր, ուրեմն՝ ամեն ինչ կարգին է, եւ բոլորը երջանիկ ու գոհ են։ Երբեմն ծածուկ խոսակցություններ եմ լսում մետրոյում կամ էլ հանքային ջրի կրպակների մոտ։ Եվ գիտե՞ք ինչ։
 
— Ի՞նչ։
 
— Մարդիկ ոչնչի մասին չեն խոսում։
 
— Չի կարող պատահել։
 
— Այո… Ոչնչի մասին։ Դատարկախոսում են՝ նորաձեւություն, լողավազաններ, ավտոմեքենաների մակնիշներ, եւ ամեն ինչին ավելացնում․ «Փառահե՜ղ է»։ Նրանք բոլորն էլ չաչանակի նման շարունակ նույն միտքն են կրկնում։ Իսկ սրճարանում լարում են անեկդոտների տուփերը եւ լսում նույն մաշված սրախոսությունները կամ էլ միացնում են երաժշտական պատը եւ նայում, թե ինչպես են վետվետում գունավոր նախշերը։ Բայց չէ՞ որ այդ ամենը կատարելապես անբովանդակ գունախաղ է։ Հապա պատկերասրահնե՜րը։ Երբեւէ մտե՞լ եք։ Այնտեղ նույնպես ամեն ինչ վերացական է։ Քեռիս ասում է, որ մի ժամանակ այդպես չի եղել, նկարները որոշակի ասելիք են ունեցել, նույնիսկ մարդկանց են պատկերել։
 
— Քեռիս այս է ասում, քեռիս այն է ասում… Հավանաբար ձեր քեռին նշանավոր մարդ է։
 
— Իհարկե, նշանավոր է։ Դե, ես պետք է գնամ։ Ցտեսությո՜ւն, միստր Մոնթագ։
 
— Ցտեսություն։
 
— Ցտեսություն…
 
Մեկ օր, երկու օր, երեք, չորս, հինգ, վեց, յոթ օր։ Հրակայան։
 
— Մոնթագ, այս ձողն այնպես եք մագլցում, ինչպես թռչունն է իջնում ծառի սաղարթին։
 
Երրորդ օր։
 
— Մոնթագ, ինչո՞ւ եք ետնամուտքից ներս գալիս։ էլի շո՞ւնն է անհանգստացնում ձեզ։
 
— Ոչ, ոչ։
 
Չորրորդ օր։
 
— Մոնթագ, հապա լսեք, թե ինչ զվարճալի դեպք է կատարվել։ Ինձ առավոտյան պատմեցին։ Սիեթլում մի հրկիզող կանխամտածված ձեւով շանը լարել է իր իսկ քիմիական բաղադրության վրա եւ դուրս հանել բնից։ Այ քեզ ինքնասպանության միջոց։
 
Հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ օր։
 
Հետո Քլարիսն անհետացավ։ Սկզբում Մոնթագը նույնիսկ չհասկացավ, թե այդ օրն ինչո՞վ է տարբերվում մյուսներից, իսկ բանն այն էր, որ Քլարիսը ոչ մի տեղ չէր երեւում։ Մարգագետինը դատարկ էր, ծառերը դատարկ էին, փողոցը՝ դատարկ։ Եվ մինչ կգիտակցեր, թե ինչն է հատկապես պակասում, մինչ սկսեց որոնել կորուստը, ինքը կորցրեց իրեն։ Մոտենալով մետրոյին, նրան արդեն անորոշ տագնապ էր համակել։ Ինչ—որ բան էր կատարվել՝ խաթարելով այն որոշակի կարգ ու կանոնը, որին վարժվել էր։ Ճիշտ է, այդ կարգ ու կանոնը պարզ ու հասարակ էր, հաստատվել էր ընդամենը մի քանի օր առաջ, բայց, այնուամենայնիվ… քիչ մնաց ետ դառնար։ Գուցե նորի՞ց անցնի մետրոյից մինչեւ տուն ընկած ճանապարհը։ Մոնթագը համոզված էր, որ եթե մի անգամ էլ անցնի, Քլարիսը կհասնի իրեն, եւ ամեն ինչ կլինի առաջվա պես, բայց արդեն ուշ էր։ Մոտեցող գնացքը վերջ դրեց երկմտանքին։
 
Խաղաթղթերի շրշյուն, ձեռքերի շարժում, կոպերի թրթիռ, խոսող ժամացույցի ձայն, որը միալար ազդարարում է հրակայանի գրասենյակի առաստաղից․ «… Գիշերվա ժամը մեկն անց է երեսունհինգ րոպե, հինգշաբթի, նոյեմբերի չորսը… Ժամը մեկն անց է երեսունվեց րոպե… Ժամը մեկն անց է երեսունյոթ րոպե…»։ Խաղաթղթերի խշշոց կեղտոտ սեղանին։ Ձայները հասնում էին Մոնթագին, չնայած ամուր փակված կոպերի վարագույրին, որով նա ձգտում էր գեթ մի ակնթարթ պաշտպանվել։ Բայց փակ աչքերով էլ նա պարզորոշ զգում էր այն ամենը, ինչ շուրջը կար․ ցոլացող փայլեցված պղինձ, ճառագայթող լամպեր, հրակայանի լռությունը։ Եվ ոսկե ու արծաթե դրամների փայլը։ Սեղանի շուրջը նստած մարդիկ, որոնց այժմ նա չէր տեսնում, նայում էին իրենց խաղաթղթերին, հոգոց հանում, սպասում։ «Ժամը մեկն անց է քառասունհինգ րոպե…»։ Խոսող ժամացույցն, ասես, ողբում էր մռայլ առավոտի եւ անուրախ տարվա անցնող րոպեները։
 
— Ի՞նչ է պատահել, Մոնթագ։
 
Նա բացեց աչքերը։
 
Ինչ—որ տեղ խզխզաց ռադիոն․
 
— Ցանկացած պահին կարող է պատերազմ հայտարարվել։ Երկիրը պատրաստ է պաշտպանելու իր…
 
Հրակայանի շենքը ցնցվեց, հրթիռային ռմբակոծիչները դղրդոցով ակոսեցին լուսադեմի սեւամած երկինքը։
 
Մոնթագը շփոթահար թարթեց աչքերը։ Բիթին զննում էր նրան՝ որպես թանգարանային ցուցանմուշի։ Ուր որ է նա ոտքի կելնի, կմոտենա, կկպչի Մոնթագին, կբացահայտի նրա հանցանքը, նրա տառապանքների պատճառը։ Հանցա՞նքը։ Բայց ո՞րն է իր հանցանքը։
 
— Ձեր խաղալու հերթն է, Մոնթագ։
 
Մոնթագը հայացք նետեց իր առջեւ նստած մարդկանց։ Նրանց դեմքերը թխացել էին հազարավոր իսկական ու տասնյակ հազարավոր երեւակայական հրդեհների բոցից, մասնագիտությունը անբնական կարմրությամբ էր ներկել նրանց այտերը եւ բորբոքել աչքերը։ Նրանք հանգիստ, առանց աչքերը թարթելու նայում էին պլատինե վառիչների բոցին, ծխելով իրենց անփոփոխ սեւ ծխամորճը։ Նրանք սեւահեր էին, մրահոն, կապույտին տվող, մաքուր սափրված եւ միաժամանակ ասես մոխրոտ դեմքերով․ ժառանգական արհեստի դրոշմը։ Մոնթագը ցնցվեց, բերանը կիսաբաց մնաց, նրա գլխում սոսկալի միտք ծագեց։ Ինքը երբեւէ տեսե՞լ է մի հրկիզող, որը չունենար սեւ մազեր, սեւ հոնքեր, այրված դեմք եւ այդ կապտաբծերը՝ մաքուր սափրված ու միաժամանակ կարծես վաղուց չսափրված այտերին։ Այդ մարդիկ ջրի երկու կաթիլի պես նման էին հենց իրեն։ Մի՞թե հրկիզողներին ընտրում էին ոչ միայն ըստ հակումների, այլեւ ըստ արտաքին տեսքի։ Նրանց դեմքերը մոխրի եւ մրի գույնից բացի, այլ երանգներ չունեին, նրանցից անբաժան էր մխացող ծխամորճերից փչող խանձահոտը։ Ահա, ծխախոտի ծխի ամպով պարուրված ոտքի է ելնում հրկիզապետ Բիթին, վերցնում է ծխախոտի նոր տուփ, բացում է ցելոֆանե թաղանթը, որը ճմռթվում է ափի մեջ՝ կրակի ճարճատյունով։
 
Մոնթագը սեւեռուն նայեց ձեռքի մեջ սեղմած խաղաթղթերին։
 
— Ես… Ես մտքերի մեջ ընկա։ Հիշեցի անցլալ շաբաթվա հրդեհը եւ այն մարդուն, որի գրադարանն այրեցինք։ Ի՞նչ արեցին նրան։
 
— Ուղարկեցին գժանոց։ Գժի պես բղավում էր։
 
— Բայց չէ՞ որ նա խելագար չէր։
 
Բիթին լուռ խառնեց խաղաթղթերը։
 
— Եթե մարդը մտածում է, որ կարող է խաբել կառավարությանը եւ մեզ, նա խելագար է։
 
— Ես փորձում էի պատկերացնել,— ասաց Մոնթագը,— թե ինչ են զգում նման իրավիճակում։ Պատկերացրեք, եթե հրկիզողները վառեին մեր տներն ու մեր գրքերը։
 
— Մենք գրքեր չունենք։
 
— Իսկ եթե ունենայի՞նք։
 
— Գուցե դուք ունե՞ք։
 
Բիթին կկոցեց աչքերը։
 
— Ես չունեմ,— ասաց Մոնթագը եւ սեղանի շուրջը նստած մարդկանց կողքով ակնապիշ նայեց պատին կախված արգելված գրքերի ցուցակներին։ Այդ գրքերի վերնագրերը փայլկտում էին հրդեհների ցոլքերում, երբ տարիներն ու դարերը ավերվում էին իր իսկ կացնի հարվածների ներքո եւ իր ձեռքի մեջ սեղմած փողրակից ցայտող նավթի շիթից թրջված՝ վերածվում մոխրի։
 
— Ո՛չ,— կրկնեց նա եւ այտի վրա իսկույն զովասուն սյուք զգաց։ Ասես կրկին կանգնած էր իր տան նախասենյակում, եւ ծանոթ օդափոխիչ ցանցից փչող օդի հոսանքը սառեցնում էր դեմքը։ Եվ նորից նա նստած էր զբոսայգում ու զրուցում էր ծեր, շատ ծեր մարդու հետ։ Զբոսայգում նույնպես պաղ քամի էր փչում…
 
Մի պահ Մոնթագը վարանեց, ապա հարցրեց․
 
— Մի՞շտ է, արդյոք… մի՞շտ է այսպես եղել՝ հրակայաններ, մեր աշխատանքը։ Ժուկով—ժամանակով… եղել է, չի եղել։
 
— Ժուկով—ժամանակով… եղել է, չի եղել…,— գոչեց Բիթին։— Դրանք ի՞նչ խոսքեր են։
 
«Հիմար, ինչե՞ր ես դուրս տալիս,— մտածեց Մոնթագը իր մասին։— Ես ինձ մատնում եմ»։ Վերջին հրդեհի ժամանակ մանկական հեքիաթների գրքույկ ընկավ ձեռքը, եւ նա կարդաց առաջին տողը…
 
— Ես նկատի ունեի հին ժամանակները,— ասաց նա։— Երբ տները դեռեւս հրակայուն չէին…,— եւ հանկարծ նրան թվաց, թե այդ բառերը ինքը չի արտասանում, այլ ուրիշ, ավելի ջահել մեկը։ Նա միայն բացեց բերանը, իսկ իր փոխարեն խոսեց Քլարիս Մըքլելընը։— Մի՞թե այն ժամանակ հրշեջները հրդեհում էին, վառում եւ ոչ թե կանխում կամ հանգցնում հրդեհները։
 
— Ա՜յ քեզ զարմանալի բան,— Ստոնմընն ու Բլաքը, երկուսը միասին, ասես հրահանգով, գրպաններից արագորեն հանեցին կանոնագրքերը եւ դրեցին Մոնթագի առջեւ։ Կանոններից բացի, այնտեղ Ամերիկայի հրկիզող խմբերի համառոտ պատմությունն էր, եւ այժմ բացված էր Մոնթագին լավ ծանոթ այդ էջը․
 
«Հիմնադրված են 1790 թվականին՝ գաղութներում անգլիամետ գրականությունն այրելու նպատակով։ Առաջին հրկիզողը Բենջըմին Ֆրանկլինն է»։
 
Կանոններ․
 
1․ Տագնապի ազդանշանով անհապաղ մեկնիր։
 
2․ Արագորեն վառիր կրակը։
 
3․ Այրիր ամեն ինչ մինչեւ վերջ։
 
4․ Առաջադրանքը կատարելով՝ անմիջապես վերադարձար հրակայան։
 
5․ Եղիր պատրաստ նոր ահազանգի։
 
Բոլորը նայում էին Մոնթագին։ Նա չէր շարժվում։
 
Հանկարծ ոռնաց տագնապի ազդանշանը։
 
Հերթապահության շենքի առաստաղին տեղադրված զանգը խփեց իր երկու հարյուր զարկերը։ Չորս աթոռները ակնթարթորեն դատարկվեցին։ Խաղաթղթերը ձյան պես թափվեցին հատակին։ Բրոնզե ձողը դողաց։ Մարդիկ անհետացան։
 
Մոնթագը նստած էր իր աթոռին։ Աշխուժանալով՝ ներքեւում փնչաց նարնջագույն վիշապը։
 
Մոնթագը վեր կացավ եւ, ասես քնի մեջ, ձողով ցած իջավ։
 
Մեխանիկական շունը իրեն թափ տվեց բնի մեջ, աչքերը բռնկվեցին կանաչ կրակներով։
 
— Մոնթագ, դուք մոռացել եք ձեր սաղավարտը։
 
Նա պատից պոկեց սաղավարտը, վազեց, ցատկեց ոտնակին, եւ մեքենան սլացավ։ Գիշերային քամին շչակի ոռնոցն ու մետաղի ահեղ դղրդյունն էր տարածում չորսբոլորը։
 
Եռահարկ ծեփաթափ տուն էր դա՝ հին թաղամասերից մեկում։ Հավանաբար դիմացել էր մի հարյուրամյակից ոչ պակաս։ Ժամանակին, ինչպես եւ քաղաքի բոլոր տները, պատված է եղել հրակայուն նյութի բարակ շերտով, եւ թվում էր, սոսկ այդ փխրուն պահպանական կեղեւն է փրկել նրան վերջնական ավերումից։
 
— Տեղ հասանք։
 
Շարժիչը մի անգամ էլ փնչացրեց ու լռեց։ Բիթին, Ստոնմընը եւ Բլաքը արդեն վազում էին տան կողմը, հրակայուն արտահագուստների պատճառով այլանդակ եւ անճոռնի տեսքով։ Մոնթագը վազեց նրանց ետեւից։
 
Նրանք աղմուկով խուժեցին տուն եւ բռնեցին կնոջը, չնայած նա չէր էլ փորձում փախչել կամ թաքնվել։ Նա կանգնած էր, օրորվելով նայում էր առջեւի դատարկ պատին, ասես շշմել էր գլխին իջած հարվածից։ Շուրթերն անձայն շարժվում էին, աչքերում այնպիսի արտահայտություն կար, կարծես ջանում էր ինչ֊որ բան հիշել, բայց չէր կարողանում։ Վերջապես հիշեց, եւ նրա շրթունքները դողալով արտաբերեցին․
 
— Արիացեք, Ռիդլի։ Աստծո ողորմածությամբ այսօր Անգլիայում մենք այնպիսի մոմ կվառենք, որ վստահ եմ, նրանք երբեք չեն կարող հանգցնել։
 
— Վերջ տվեք,— ասաց Բիթին։— Որտե՞ղ են նրանք։
 
Մեծագույն անտարբերությամբ նա ապտակեց կնոջը եւ կրկնեց հարցը։ Ծեր կինը հայացքը սեւեռեց Բիթիին։
 
— Դուք գիտեք, թե որտեղ են, այլապես այստեղ չէիք լինի,— ասաց նա։ Ստոնմընը մեկնեց քարտի վրա գրված հեռախոսային ահազանգի տեքստը, «Հիմքեր կան կասկածելու Էլմ—Սիթիի № 11 տան ձեղնահարկը։ Է․ Բ․»։
 
— Հավանաբար միսիս Բլեյքն է՝ իմ հարեւանուհին, — ասաց կինը՝ կարդալով սկզբնատառերը։
 
— Դե լավ, տղաներ։ Ի՛ գործ։
 
Հաջորդ վայրկյանին արդեն հրկիզողները, փայլփլող փոքրիկ կացինները ճոճելով, վազում էին աստիճաններով, ջարդում էին չկողպված դռները, դատարկ սենյակների խավարում բախվում էին իրար, անկարգ երեխաների նման ուրախ աղմկելով ու գոռալով։
 
— Հե՜յ, էհե՜յ։
 
Գրքերի հեղեղ թափվեց Մոնթագի գլխին, երբ նա ձանր սրտով, սարսռալով բարձրանում էր ուղղաձիգ սանդուղքով։ Ինչ վատ եղավ։ Առաջներում ոչ մի հարց չէր ծագում… Նախ հայտնվում էին ոստիկանները, կպչուն ժապավենով փակում զոհի բերանը եւ կապկպելով, գցում էին փայլփլուն բզեզանման մեքենայի մեջ, ինչ֊որ տեղ տանում։ Երբ հրկիզողները տեղ էին հասնում, տունն արդեն դատարկ էր լինում։ Ոչ մեկին ցավ չէին պատճառում, միայն իրերն էին ջարդում։ Իսկ իրերը ցավ չեն զգում, նրանք չեն գոռում, չեն արտասվում, ինչպես կարող է գոռալ եւ արտասվել այդ կինը։ Եվ խիղճդ հետո չէր տանջում։ Սոսկ մաքրում էին․ հավաքարարի աշխատանք։ Արագությամբ, ամեն ինչ տեղը—տեղին։ Նավթ լցրեք։ Ո՞վ լուցկի ունի։
 
Բայց այսօր ինչ֊որ մեկը սխալ էր թույլ տվել։ Այդ կինն իր ներկայությամբ փչացնում էր ողջ ծիսակարգը։ Այդ պատճառով էլ բոլորը ձգտում էին հնարավորին չափ շատ աղմկել, կատակել, ծիծաղել, որպեսզի խլացնեն նրա լռության դատապարտող կշտամբանքը։ Թվում էր՝ կինը ստիպել է դատարկ պատերին աղաղակել վրդովմունքից, սենյակներում դեսուդեն նետվող մարդկանց վրա թափել մեղքի մանր փոշի, որը սողոսկում էր նրանց ռունգերի մեջ, թափանցում հոգին… Շփոթմունք է, անազնիվ գործ։ Հանկարծ Մոնթագը չարացավ։ Իբր քիչ հոգս ուներ, հենց միայն այդ էր պակաս։ Այդ կինը այստեղ չպիտի լիներ։
 
Գրքերը թափվում էին Մոնթագի ուսերին, ձեռքերին, վեր պարզած դեմքին։ Ահա ճերմակ աղավնու պես թեւերը թափահարելով, մի գիրք հնազանդորեն իջավ ուղիղ նրա ձեռքերի մեջ։ Աղոտ, երերուն լույսի տակ հատ—հատ գեղագիր բաց էջը առկայծեց որպես ձյունաճերմակ փետուր։ Աճապարանքի եւ եռուզեռի մեջ Մոնթագի հայացքը սոսկ մի ակնթարթ սահեց նրա վրայով, բայց կարդացած տողերը շամփրեցին նրա ուղեղը եւ դրոշմվեցին, ինչպես շիկացած երկաթի խարան։ «Թվում էր թե ժամանակը խոնջացած նիրհում է՝ միջօրեի արեւի տակ»<ref>Ալեքսանդր Սմիթ (1830 — 1867) — շոտլանդացի բանաստեղծ։</ref>։ Նա վայր գցեց գիրքը։ Եվ անմիջապես մեկ ուրիշն ընկավ ձեռքի մեջ։
 
— Հե՜յ, ո՞վ կա ներքեւում։ Մոնթագ, այստեղ արի։
 
Մոնթագի ձեռքը ամուր ճմլեց գիրքը, մոլի հավատացյալի նման սեղմեց կրծքին։ Ձեղնահարկում, փոշու ամպ հանելով՝ հրկիզողները խառնշտում էին ամսագրերի կույտերն ու ցած շպրտում։ Խփված թռչունների պես դրանք ընկնում էին, իսկ կինը, փոքրիկ աղջկա պես հնազանդ, կանգնել էր այդ մեռած մարմինների մեջ։
 
Ո՞չ, Մոնթագն ինքը ոչինչ չի արել։ Ամեն ինչ արել է նրա ձեռքը։ Նրա ձեռքն իր սեփական ուղեղն ունի, ամեն դողացող մատի մեջ խիղճ ու հետաքրքրասիրություն կա։ Եվ այդ ձեռքը հանկարծ գող դարձավ։ Ահա նա գիրքը խոթեց թեւի տակ, ամուր սեղմեց քրտնած մարմնին եւ դուրս եկավ դատարկ… Ձեռնածուի ճարպկություն։
 
— Տեսեք, ոչինչ չկա։ Խնդրեմ, ես անմեղ եմ։ Ոչինչ չկա։
 
Նա ապշահար ու լարված զննում էր այդ սպիտակ ձեռքը, մերթ հեռատեսությամբ տառապող մարդու նման հեռացնում իրենից, մերթ կույրի պես մոտեցնում քթին։
 
— Մո՞նթագ։
 
Հոգոց հանելով նա շրջվեց։
 
— Հեռացե՛ք այդտեղից, ապո՛ւշ։
 
Գրքերը թափված էին, ինչպես թարմ ձկան շեղջերը ափին, որոնց հետո աղ էին դնելու։ Հրկիզողները ցատկոտում էին նրանց վրայով, սայթաքում, ընկնում։ Ոսկետառ վերնագրերը փայլատակում էին եւ մարում…
 
— Նա՜վթ։
 
Պոմպերը միացրին, եւ նավթի սառը շիթերը դուրս ժայթքեցին 451 թվակիր բաքերից․ յուրաքանչյուր հրկիզողի մեջքին փոկերով ամրացված էր այդպիսի մի բաք։ Նրանք նավթով ողողեցին սենյակները, ապա փութկոտ իջան սանդուղքով։ Նավթի գոլորշուց շնչահեղձ Մոնթագը գայթելով քայլում էր վերջում։
 
— Դո՛ւրս եկեք,— կարգադրեցին նրանք կնոջը։— Շո՛ւտ։
 
Նա ծունկի էր իջել խառնիխուռն թափված գրքերի մեջ, մատներով քնքշորեն հպվում էր թրջված կազմերին, շոշափում ուռուցիկ վերնագրերը, ապա կշտամբանքով նայեց Մոնթագին։
 
— Դուք չեք ստանա իմ գրքերը,— վերջապես ասաց նա։
 
— Օրենքը ձեզ հայտնի է,— ասաց Բիթին։— Որտե՞ղ է ձեր ողջամտությունը։ Այս գրքերում ամեն ինչ հակասական է։ Իսկական բաբելոնյան խառնաշփոթություն։ Եվ դուք տարիներ շարունակ փակվել եք այստեղ։ Դեն նետեք այդ ամենը, ազատություն ձեռք բերեք։ Այդ գրքերի հերոսները երբեք գոյություն չեն ունեցել։ Հիմա գնացինք։
 
Կինը գլուխն օրորեց։
 
— Այժմ ամբողջ շենքը կայրվի,— ասաց Բիթին։
 
Հրկիզողների տձեւ կերպարանքներն ուղղվեցին դեպի դուռը։ Նրանք նայեցին Մոնթագին, որ կանգնած էր կնոջ կողքին։
 
— Հո նրան այստեղ չե՞նք թողնելու,— զայրացած գոչեց Մոնթագը։
 
— Նա չի ուզում հեռանալ
 
— Պետք է ստիպել։
 
Բիթին բարձրացրեց ձեռքը, որի մեջ վառիչն էր։
 
— Մենք պետք է վերադառնանք հրակայան։ Սակայն այս մոլեռանդները միշտ փորձում են ինքնասպանություն գործել։ Հայտնի բան է։
 
Մոնթագը բռնեց կնոջ թեւքից։
 
— Եկեք ինձ հետ։
 
— Ո՜չ,— ասաց նա։— Համենայն դեպս, ձեզնից շնորհակալ եմ։
 
— Հաշվում եմ մինչեւ տասը,— ասաց Բիթին։— Մեկ, երկու…
 
— Խնդրում եմ,— ասաց Մոնթագը կնոջը։
 
— Հեռացե՜ք,— ասաց կինը։
 
— Երեք, չորս…
 
— Դե, խնդրում եմ,— Մոնթագը կնոջը քաշեց իր ետեւից։
 
— Ես կմնամ այստեղ,— ցածրաձայն պատասխանեց նա։
 
— Վեց…
 
— Կարող եք այլեւս չհաշվել,— ասաց կինը։ Նա բացեց մատները, եւ նրա ափի մեջ երեւաց մի փոքրիկ, բարակ փայտիկ։
 
Սովորական լուցկու հատիկ էր։
 
Տեսնելով այդ՝ հրկիզողները աճապարանքով դուրս նետվեցին տնից։ Հրկիզապետ Բիթին, արժանապատվությունը չկորցնելով, դանդաղ նահանջեց դեպի ելքի դուռը։ Նրա վարդագույն դեմքին հազարավոր հրդեհների ու գիշերային տագնապների փայլն էր վառվում։
 
— Աստված իմ,— մտածեց Մոնթագը,— որքան ճիշտ է։ Տագնապի ահազանգերը միշտ գիշերն են լինում։ Ցերեկը՝ երբեք։ Մի՞թե պատճառն այն է, որ հրդեհն ավելի գեղեցիկ է գիշերը։
 
Դռների մեջ տատամսող Բիթիի դեմքին խուճապ հայտնվեց։ Կնոջ ձեռքը սեղմում էր լուցկու միակ հատիկը։ Օդը հագեցած էր նավթի կոկորդ քերող հոտով։ Մոնթագն զգաց, թե ինչպես է թաքցրած գիրքը կենդանի սրտի նման բաբախում թեւատակին։
 
— Հեռացեք,— ասաց կինը։
 
Մոնթագն զգաց, որ ինքը Բիթիի ետեւից շարժվում է դեպի դուռը, ապա աստիճաններով իջնում ցած, քայլում մարգագետնի կողմը, որտեղ երեւում էր նավթի մուգ, չարագույժ օձի նմանվող հետագիծը։
 
Կինը գնում էր նրանց ետեւից։ Նա կանգ առավ առմուտքի հարթակին եւ երկար, հանդարտ հայացք ձգեց նրանց վրա։ Նրա լռությունը դատապարտող էր։
 
Բիթին չխկացրեց վառիչը։
 
Բայց նա ուշացավ։ Մոնթագը սարսափից քարացավ։
 
Շեմին կանգնած կինը քամահրական հայացք նետելով նրանց վրա՝ լուցկին քսեց բազրիքին։
 
Մարդիկ տներից դուրս վազեցին փողոց։
 
Հրակայան վերադառնալիս նրանք լուռ էին։ Իրար չէին նայում։ Մոնթագը Բիթիի եւ Բլաքի հետ նստած էր աոջեւում։ Նրանք նույնիսկ չէին ծխում, միայն անխոս նայում էին ճանապարհին։ Սալամանդրը կտրուկ թեքվեց խաչմերուկում եւ սլացավ առաջ։
 
— Ռիդլի,— վերջապես ասաց Մոնթագը։
 
— Ի՞նչ,— հարցրեց Բիթին։
 
— Նա ասաց՝ Ռիդլի։ Ինչ—որ տարօրինակ բան ասաց, երբ ներս մտանք։ «Արիացեք, Ռիդլի»,— ասաց նա։ Եվ էլի ինչ֊որ բան։ Էլի ինչ֊որ բան…
 
— «Աստծո ողորմածությամբ այսօր Անգլիայում մենք այնպիսի մոմ կվառենք, որը, վստահ եմ, նրանք երբեք չեն կարող հանգցնել»,— ասաց Բիթին։
 
Ստոնմընը եւ Մոնթագը ապշահար նայեցին նրան։
 
Բիթին մտախոհ շփեց կզակը։
 
— Սա ասել է Լաթիմեր անունով մարդը Նիկոլաս Ռիդլի<ref>Հյու Լաթիմերը եւ Նիկոլաս Ռիդլին անգլիական Ռեֆորմացիայի նշանավոր դեմքերից են։</ref> անունով մարդուն, երբ նրանց մեղադրելով իբրեւ հերետիկոսների՝ ողջակիզում էին խարույկի վրա Օքսֆորդում, 1555 թվականի հոկտեմբերի տասնվեցին։
 
Մոնթագը եւ Ստոնմընը իրենց հայացքները կրկին հառեցին սալարկուղուն, որն արագորեն առկայծում էր մեքենայի անիվների տակ։
 
— Ես լեփ—լեցուն եմ քաղվածքներով, ամեն տեսակ մեջբերում—հատվածներով,— ասաց Բիթին։— Հրկիզապետներից շատերն են այդպիսին։ Երբեմն զարմանում եմ ինքս ինձ վրա։ Ուշադիր եղեք, Ստոնմըն։
 
Ստոնմընը սեղմեց արգելակները։
 
— Գրողը տանի,— ասաց Բիթին։— Մեր շրջադարձն անցել ենք։
 
— Ո՞վ է։
 
— Ուրիշ ո՞վ կլինի, ես եմ,— մթության միջից արձագանքեց Մոնթագը՝ ետեւից փակելով ննջարանի դուռը։
 
Կինը վերջապես ասաց․
 
— Լույսը վառիր։
 
— Ինձ պետք չէ։
 
— Այդ դեպքում պառկիր քնելու։
 
Նա լսեց, թե ինչպես է կինը դժգոհ շուռումուռ գալիս անկողնում։ Ճռռացին ներքնակի զսպանակները։
 
— Հարբա՞ծ ես,— հարցրեց Միլդրեդը։
 
Ահա, ուրեմն, ինչպես եղավ։ Ամեն ինչում մեղավոր էր իր ձեռքը։ Նա զգաց, որ իր ձեռքերը, սկզբում մեկը, ապա՝ մյուսը քաշեցին հանեցին բաճկոնն ու նետեցին հատակին։ Հանած տաբատը կախված էր ձեռքերից, եւ նա անտարբեր շպրտեց մթության մեջ, ինչպես անդունդը նետեր։
 
Նրա ձեռքերը վարակված են, շուտով վարակը կախտահարի դաստակները, ապա կհասնի արմունկներին, կբռնի ուսերը, կայծի նման կտարածվի մի թիակից մյուսը։ Նրա ձեռքերը համակված են անհագ ագահությամբ։ Եվ այժմ այդ ագահությունը փոխանցվել է նրա աչքերին, նա ուզում է նայել ու նայել, անվերջ նայել, ինչ֊որ բանի, կարեւոր չէ՝ ինչի, միայն թե նայել…
 
— Ի՞նչ ես անում,— հարցրեց կինը։
 
Նա օրորվում էր խավարում՝ գիրքը սեղմած քրտնաթոր ափի մեջ։
 
Մի րոպե անց կինն ասաց․
 
— Հը՞, երկա՞ր ես այդպես կանգնելու սենյակի կենտրոնում։
 
Նրա կրծքից անորոշ հնչյուն դուրս թռավ։
 
— Բա՞ն ասացիր,— հարցրեց կինը։
 
Կրկին նրա շուրթերից անհասկանալի հնչյուններ պոկվեցին։ Նա սայթաքելով հասավ իր մահճակալին, գիրքն անփութորեն խցկեց սառցասառն բարձի տակ եւ ծանրորեն փլվեց անկողնուն։ Կինը վախեցած ճչաց։ Նրան թվաց, թե Միլդրեդը հեռվում է, սենյակի մյուս ծայրին, եւ որ իր անկողինը սառցե կղզի է անծիր օվկիանոսի մեջ։ Կինն ինչ֊որ բան էր ասում, խոսում էր տարբեր հարցերի մասին, բայց նրա համար դրանք սոսկ բառեր էին՝ անկապ ու անիմաստ։ Ճիշտ այդպես բարեկամներից մեկի տանը նա լսել էր, թե ինչպես է երկու տարեկան երեխան արտաբերում անբովանդակ բառակույտեր։
 
Բայց Մոնթագը ոչինչ չասաց։ Բավական ժամանակ անց, լսելով նրա հոգոցները, Միլդրեդը վեր կացավ եւ մոտեցավ նրա անկողնուն։ Խոնարհվելով՝ դիպավ նրա այտերին։ Մոնթագը վստահ էր, որ երբ Միլդրեդը ետ քաշեց ձեռքը՝ ափը խոնավացել էր։
 
Ուշ գիշերին Մոնթագը նայեց Միլդրեդին։ Նա քնած չէր։ Օդում զնգում էր հազիվ լսելի մեղեդի՝ կնոջ ականջներում կրկին խեցիներն էին, նա վերստին լսում էր հեռավոր երկրների հեռավոր ձայները։ Լայն բացված աչքերը հառած էին առաստաղին, թանձր խավարին, որ պարուրել էր նրան։
 
Նա հիշեց մի հին անեկդոտ, կինը այնքան երկար է շաղակրատում հեռախոսով, որ հուսահատված ամուսինը հարկադրված է լինում վազել մոտակա հեռախոսախցիկը զանգահարելու նրան եւ պարզելու, թե ինչ է մատուցվելու ճաշին։ Չգնի, արդյոք իր համար եւս խեցետիպ դյուրակիր հաղորդիչ, որպեսզի գիշերները զրուցի կնոջ հետ, շշնջա նրա ականջին, փսփսա, գոռա, ճչա, բղավի։ Բայց ի՞նչ է փսփսալու։ Ի՞նչ է բղավելու։ Ի՞նչ կարող է ասել նրան։
 
Եվ հանկարծ կինը թվաց այնքա՜ն օտար, ասես ինքը բնավ չի էլ ճանաչել նրան։ Պարզապես սխալմամբ ընկել է անծանոթ տուն, ինչպես անեկդոտի այն մարդը, որը գիշերը հարբած տուն վերադառնալով՝ բացել է ուրիշի դուռը, մտել ուրիշի տուն, պառկել ուրիշի կնոջ անկողնում, իսկ վաղ առավոտյան վեր է կացել ու գնացել աշխատանքի, եւ ոչ նա, ոչ կինը ոչինչ չեն նկատել…
 
— Միլլի,— շշնջաց նա։
 
— Ի՞նչ։
 
— Մի՛ վախեցիր։ Ես միայն ուզում էի հարցնել…
 
— Ասա։
 
— Ե՞րբ ենք մենք հանդիպել եւ որտե՞ղ։
 
— Ինչի՞ համար ենք հանդիպել,— հարցրեց նա։
 
— Դե, չէ՜։ Ես հարցնում եմ մեր առաջին հանդիպման մասին։
 
Նա գիտեր, որ հիմա կինն անբավական կխոժոռվի խավարի մեջ։
 
Նա պարզաբանեց իր միտքը։
 
— Ե՞րբ մենք առաջին անգամ տեսանք իրար։ Ե՞րբ էր, որտե՞ղ։
 
— Դա եղել է…,— կմկմաց նա։— Չգիտեմ։
 
Նրա մարմնով դող անցավ։
 
— Մի՞թե չես կարող հիշել։
 
— Դա այնքա՜ն վաղուց էր։
 
— Տասը տարի առաջ։ Ընդամենը տասը։
 
— Մի՛ վրդովվիր։ Չէ՞ որ փորձում եմ հիշել։— Հանկարծ նա ծիծաղեց տարօրինակ, պոռթկուն ծիծաղով։— Զվարճալի է։ Իսկապես, որքա՜ն զվարճալի է։ Մոռանալ, թե երբ ես առաջին անգամ հանդիպել ամուսնուդ… Ամուսինն էլ մոռացել է, թե որտեղ է հանդիպել կնոջը…
 
Մոնթագը պառկած դանդաղ շփում էր կոպերը, ճակատը, ծոծրակը։ Ափերով ծածկել էր աչքերը եւ ամուր սեղմում էր, կարծես ձգտելով տեղը բերել հիշողությունը։ Չգիտես ինչու, այժմ աշխարհում ամենից կարեւոր բանն էր՝ հիշել, թե որտեղ է ինքն առաջին անգամ հանդիպել Միլդրեդին։
 
— Ախր դա ինչ նշանակություն ունի։— Նա, հավանորեն, վեր կացավ եւ գնաց լողարան։ Մոնթագը լսեց ծորակից հոսող ջրի ճողփյունը, ապա կլկլոց, կինը հաբեր էր խմում։
 
— Այո, թերեւս, չունի,— ասաց նա։
 
Նա փորձեց հաշվել, քանի հաբ կուլ տվեց Միլդրեդը, եւ հանկարծ հիշողության մեջ հառնեցին այն երկուսը, ցինկաներկի պես կապտագունատ դեմքերով, բարակ շրթունքների մեջ սիգարետներ, եւ էլեկտրոնային աչքով օձը, որը գալարվելով ավելի ու ավելի էր խորանում մթության, հատակում նեխած ջրակույտի մեջ… Նա ցանկացավ ձայն տալ Միլդրեդին, հարցնել՝ «Քանի՞ հաբ կուլ տվիր։ Էլի քանի՞սը կուլ կտաս եւ չես զգա»։ Եվ այդպես շարունակ։ Եթե ոչ հիմա, ապա քիչ հետո, եթե ոչ այս գիշեր, ուրեմն հաջորդ գիշեր… Իսկ ես անընդհատ անքուն պետք է պառկեմ եւ՛ այս, եւ՛ հաջորդ գիշերը, եւ՛ էլի շատ գիշերներ— այժմ, երբ դա սկսվել է։ Նա մանրամասն հիշեց պատահարը, մահճակալին փռված կնոջ անշարժ մարմինը, երկու բուժակներին, որոնք ոչ թե հոգատարությամբ հակվել էին նրա վրա, այլ ձեռքերը կրծքներին խաչած՝ անտարբեր կանգնել։ Այդ գիշեր կնոջ անկողնու մոտ նա զգաց, որ եթե նա մեռնի, ինքը չի սգա, քանզի դա կլինի օտար մարդու մահ, որի դեմքը անցողակի տեսել է փողոցում կամ թերթային լուսանկարում… Եվ դա այնքա՜ն սոսկալի թվաց, որ նա լաց եղավ։ Նա արտասվում էր ոչ թե այն մտքից, որ Միլդրեդը կարող է մեռնել, այլ որ նրա մահն այլեւս չի կարող արցունք քամել իրենից։ Հիմար, դատարկ մարդ, եւ նրա կողքին՝ հիմար, դատարկ կին, որին իր աչքի առաջ էլ ավելի իմաստազրկեց էլեկտրոնային աչքով այդ քաղցած օձը…
 
«Որտեղի՞ց է այս դատարկությունը,— հարցրեց ինքն իրեն։— Ինչո՞ւ ինչ որ ունեիր, չքացել է, մնացել է լոկ դատարկությունը։ Եվ մեկ էլ այդ ծաղիկը, այդ խատուտիկը»։ Նա ամփոփեց արդյունքները։ «Ի՜նչ ամոթ է։ Դուք սիրահարված չեք»։ Իսկ ինչո՞ւ սիրահարված չէ։
 
Ճշմարիտն ասած, եթե լրջորեն խորհի, ապա իր եւ Միլդրեդի միջեւ միշտ էլ պատ է եղել։ Ավելի ստույգ՝ ոչ թե մեկ, այլ ամբողջ երեք պատ, որոնք այնքա՜ն թանկ նստեցին։ Այդ պատերի վրա բոլոր քեռիները, մորաքույրերը, զարմիկ—զարմուհիները, բարեկամ—բարեկամուհիները փնթփնթան կապիկների ոհմակ են, որոնք անիմաստ ու անկապ բլբլացնում են, ոչինչ, ոչինչ չասելով, բա՜րձր, բարձր, բարձր գոռալով։ Հենց սկզբից նա նրանց կոչեց «ազգականներ»։ «Ինչպե՞ս է քեռի Լուին», «Ո՞վ», «Իսկ մորաքույր Մո՞դը»։
 
Ի՞նչ կերպար էր ամենից հաճախ հառնում նրա երեւակայության մեջ, երբ մտածում էր Միլդրեդի մասին, անտառում մոլորված փոքրիկ աղջիկ (միայն թե, որքան էլ տարօրինակ լինի, այնտեղ ծառեր չկային) կամ, ավելի ճիշտ… փոքրիկ աղջիկ, որ մոլորվել է անապատում, որտեղ մի ժամանակ ծառեր են եղել (ցանուցիր հետքեր պահպանվել են), իսկ ավելի որոշակի՝ Միլդրեդը իր «խոսող» հյուրասենյակի կենտրոնում նստած։ «Խոսող հյուրասենյակ»։ Որքա՜ն դիպուկ է ասված։ Երբ էլ ինքը մտել է այնտեղ, պատերը միշտ էլ զրուցելիս են եղել Միլդրեդի հետ։
 
— Հարկավոր է ինչ֊որ բան անել։
 
— Այո՛, այո՛, հարկավոր է։
 
— Էլ ինչո՞ւ ենք պարապ կանգնել։
 
— Եկեք գործ անենք։
 
— Ես այնպես զայրացած եմ, որ կարող եմ թքել։
 
Ինչի՞ մասին են նրանք խոսում։ Միլդրեդը չէր կարողանում բացատրել։ Ով ո՞ւմ վրա էր զայրացած։ Ի՞նչ են ուզում նրանք անել։ Միլդրեդը չգիտեր։
 
— Սպասիր եւ ինքդ կտեսնես,— ասում էր նա։
 
Մոնթագը նստում էր եւ սպասում։
 
Պատերից թափվում էր հուժկու ամպրոպի որոտը։ Երաժշտաթյունը ռմբակոծում էր նրան այնպիսի վիթխարի ուժով, ասես թե նրա ջլերը պոկում են ոսկորից, ծնոտը ցնցում, եւ նրա աչքերը պտտվում էին ակնակապիճներում։ Իսկական ցնցում։ Իսկ երբ այդ ամենը վերջանում էր, նա զգում էր ժայռից ցած նետված այն մարդու նման, որին օդում պտտեցրել էին կենտրոնախույս ուժերից ստացված արագությամբ ու շպրտել ջրվեժի մեջ։ Եվ նա թռչում էր սրընթաց, թռչում էր վիհի մեջ, եւ հատակը չէր երեւում, արագությունն այնպիսին էր, որ չէր դիպչում պատերին անգամ… Գահավիժում էր ներքեւ՜․,․ ներքեւ՜… Եվ շուրջը ոչի՜նչ չկար… Դատա՜րկ էր։
 
Որոտը հանդարտվեց։ Երաժշտությունը լռեց։
 
— Հը՛, ինչպե՞ս է,— ասաց Միլդրեդը,— ցնցող է, չէ՞։
 
Այո, իսկապես ցնցող էր։ Ինչ—որ բան էր կատարվել, թեպետ պատերի վրայի մարդիկ այդ ընթացքում գրեթե չշարժվեցին, եւ նրանց միջեւ ոչինչ էլ տեղի չունեցավ։ Բայց զգացողությունն այնպիսին էր, որ կարծես քեզ անց են կացրել լվացքի մեքենայի միջով կամ կլանել վիթխարի փոշեծծիչով, որ շնչահեղձ ես լինում, խեղդվում ես երաժշտությունից, հնչյունների խառնաղմուկից։ Քրտինքի մեջ կորած, ուժասպառ Մոնթագը դուրս թռավ հյուրասենյակից։ Միլդրեդը մնաց իր բազկաթոռին նստած, եւ կրկին Մոնթագին էին հասնում «ազգականների» ձայները։
 
— Այժմ ամեն ինչ լավ կլինի,— ասում էր մորաքույրերից մեկը։
 
— Օ՜, այդքան համոզված մի՛ եղիր,— պատասխանում էր զարմիկը։
 
— Խնդրում եմ, մի՛ բարկացիր։
 
— Ո՞վ է բարկանում։
 
— Դու։
 
— Ե՞ս։
 
— Այո՛։ Ուղղակի գժվում ես։
 
— Ինչո՞ւ ես այդպես կարծում։
 
— Որովհետեւ…
 
— Շատ լավ,— բացականչեց Մոնթագը,— բայց ինչի՞ մասին են նրանք վիճում։ Ովքե՞ր են այս մարդիկ։ Ո՞վ է այս տղամարդը, ով է այս կինը։ Ի՞նչ է, նրանք մարդուկի՞ն են։ Բաժանվա՞ծ են։ Նշանվա՞ծ են։ Աստվա՜ծ իմ, անհնար է որեւէ բան հասկանալ։
 
— Նրանք,— սկսեց Միլդրեդը։— Գիտե՞ս, նրանք… դե, տեսնում ես, վիճել են։ Նրանք հաճախ են վիճում։ Միայն թե լսեիր… Կարծում եմ՝ ամուսիններ են։ Այո՛, այո՛, հենց ամուսիններ են։ Ի՞նչ կա որ։
 
Իսկ եթե հյուրասենյակը չլիներ, եթե չլինեին այս երեք խոսող պատերը, որոնց, Միլդրեդի երազանքի համաձայն, շուտով կավելանա չորրորդը, այդ ժամանակ կլիներ բաց մեքենան, որը Միլդրեդը վարում էր ժամում հարյուր մղոն արագությամբ։ Նրանք սլանում էին քաղաքով, եւ Մոնթագը գոռում, ձայն էր տալիս կնոջը, ի պատասխան՝ կինն էլ էր բղավում, եւ երկուսն էլ ոչինչ չէին լսում շարժիչի դղրդյունից բացի։
 
— Արագությունը հասցրու նվազագույնի,— գոչում էր Մոնթագը։
 
— Ի՞նչ,— ճչում էր Միլդրեդը։
 
— Նվազագույն արագությամբ շարժվիր։ Իջեցրու մինչեւ հիսունհինգ։
 
— Ի՞նչ,— ճչում էր կինը՝ չլսելով։
 
— Դանդաղեցրո՜ւ,— գոռում էր նա։
 
Պակասեցնելու փոխարեն, Միլդրեդը մեծացնում էր ժամում մինչեւ հարյուր հինգ մղոն, եւ Մոնթագի շունչը կտրվում էր։
 
Իսկ երբ իջնում էին մեքենայից, Միլդրեդի ականջներում արդեն դրված էին լինում խեցիները։
 
Լռություն է։ Միայն քամին է մեղմ սոսափում դրսում։
 
— Միլդրեդ։— Նա շրջվեց անկողնում։ Ձեռքը մեկնելով՝ կնոջ ականջներից դուրս քաշեց պստլիկ երաժշտամիջատները։
 
— Մի՛լդրեդ, Մի՛լդրեդ։
 
— Այո՛,— հազիվ լսելի հնչեց նրա ձայնը։
 
Մոնթագին թվաց, թե ինքը նույնպես փոխակերպվել է այն տարօրինակ էակներից մեկին, որոնք ապրում են հեռուստատեսային պատերի ապակե միջնորմների միջեւ։ Նա խոսում էր, բայց ձայնը չէր ճեղքում—անցնում թափանցիկ պատնեշը։ Նա կարող էր բացատրվել միայն շարժումներով ու դիմախաղով՝ հուսալով, որ Միլդրեդը կշրջվի եւ կնկատի իրեն։ Նրանք նույնիսկ չէին կարող դիպչել միմյանց այդ ապակե անջրպետի միջով։
 
— Միլդրեդ, հիշո՞ւմ ես, ես քեզ պատմել եմ մի աղջկա մասին։
 
— Ի՞նչ աղջիկ,— քնկոտ հարցրեց նա։
 
— Մեր հարեւանուհու մասին։
 
— Ի՞նչ հարեւանուհի։
 
— Դե, նա, որ սովորում էր դպրոցում։ Անունը Քլարիս է։
 
— Ա՜խ, հա՜,— պատասխանեց կինը։
 
— Արդեն մի քանի օր է՝ նրան ոչ մի տեղ չեմ տեսնում։ Ավելի ճիշտ՝ չորս օր։ Դու է՞լ չես տեսել։
 
— Ո՛չ։
 
— Ես ուզում էի քեզ պատմել նրա մասին։ Նա շատ տարօրինակն է։
 
— Հա՛, իմացա ում մասին ես խոսում։
 
— Այդպես էլ կարծում էի, որ ճանաչում ես։
 
— Նա…,— մթության մեջ հնչեց Միլդրեդի ձայնը։
 
— Նա՝ ի՞նչ,— հարցրեց Մոնթագը։
 
— Ես ուզում էի քեզ ասել, բայց մոռացել էի։ Մոռացել էի…
 
— Դե հիմա ասա։ Ի՞նչ էիր ուզում ասել։
 
— Նա կարծեմ այլեւս չկա։
 
— Ինչպե՞ս թե չկա։
 
— Ընտանիքը մեկնել է ինչ֊որ տեղ։ Բայց նա բոլորովին չկա։ Կարծեմ մեռել է։
 
— Դու, հավանորեն, ուրիշի մասին ես խոսում։
 
— Ոչ։ Նույն աղջիկն է։ Մըքլելընը։ Նրան կոչում էին Մըքլելըն։ Ընկել է ավտոմեքենայի տակ։ Չորս օր առաջ։ Հաստատ չգիտեմ, բայց կարծեմ մեռել է։ Համենայն դեպս, ընտանիքը մեկնել է այստեղից։ Իսկ նա կարծեմ մեռել է։
 
— Դա համոզվա՞ծ ես…
 
— Ո՛չ, համոզված չեմ։ Ասենք, այո՛, լիովին համոզված եմ։
 
— Իսկ ինչո՞ւ շուտ չէիր ասում։
 
— Մոռացել էի։
 
— Չորս օր առա՜ջ։
 
— Բոլորովին մոռացել էի։
 
— Չորս օր,— մի անգամ եւս ցածրաձայն կրկնեց նա։
 
Նրանք անշարժ պառկած էին մթության մեջ։
 
— Բարի գիշեր,— ասաց կինը։
 
Նա թույլ խշշոց լսեց․ Միլդրեդը ինչ֊որ բան էր փնտրում բարձի վրա։ Ռադիոկոճակը կենդանի միջատի պես շարժվեց նրա ձեռքի տակ եւ ահա կրկին բզզում է Միլդրեդի ականջներում։
 
Նա ականջ դրեց՝ կինը կամացուկ դնդնում էր։
 
Դրսում ստվեր սահեց։ Աշնանային քամին աղմկեց ու լռեց։ Բայց գիշերային լռության մեջ Մոնթագի լսողությունը որսաց էլի ինչ֊որ տարօրինակ հնչյուն, կարժես մեկը արտաշնչեց պատուհանին։ Կանաչավուն, ֆոսֆորափայլ ծխի շիթ կամ քամու պոկած աշնանային մեծ տերեւ հիշեցնող ինչ֊որ բան կարժես քշվեց—տարվեց մարգագետնի վրայով ու անհետացավ։
 
«Մեխանիկական շունն է,— մտածեց Մոնթագը։— Այսօր նա ազատության մեջ է։ Թափառում է տան մոտերքը։ Եթե բացեմ պատուհանը…»։
 
Բայց նա պատուհանը չբացեց։
 
Առավոտյան նա դողէրոցք ունեցավ, ապա՝ տենդ։
 
— Հիվա՞նդ ես,— հարցրեց Միլդրեդը։— Չի՛ կարող պատահել։
 
— Այո՛, հիվանդ եմ։— Պատասխանեց ու սաստիկ ջերմից փակեց աչքերը։
 
— Բայց երեկ երեկոյան միանգամայն առողջ էիր։
 
— Ո՛չ, երեկ արդեն հիվանդ էի։— Նա լսում էր՝ ինչպես են հյուրասենյակում գոռգոռում «ազգականները»։
 
Միլդրեդը կանգնել էր նրա անկողնու մոտ եւ հետաքրքրությամբ զննում էր ամուսնուն։ Աչքը չբացելով, նա տեսնում էր կնոջը՝ ինչպես որ կա՝ քիմիական ներկերից խանձված, ծղոտի պետ փշրվող մազերով, փայլատ աչքերով, որոնց վրա ասես աներեւույթ հատեր կային, կարմիր ներկած քմահաճ շրթունքներով, տեսնում էր մշտական բուժասնունդից նիհարած, ծոմ պահող ճգնավորի սմքած նրա մարմինն ու խոզաճարպի պես սպիտակ մաշկը։ Որքան հիշում է, նա միշտ այդպիսին է եղել։
 
— Ինձ ջուր տուր եւ ասպիրին։
 
— Վեր կենալուդ ժամանակն է,— ասաց նա։— Արդեն կեսօր է։ Դու սովորականից հինգ ժամ ավելի ես քնել։
 
— Խնդրում եմ՝ անջատիր հյուրասենյակը։
 
— Բայց այժմ այնտեղ «ազգականներն» են։
 
— Դու կարո՞ղ ես հարգել հիվանդ մարդու խնդրանքը։
 
— Լավ, ձայնը կիջեցնեմ։
 
Նա սենյակից դուրս գնաց, բայց անմիջապես էլ վերադարձավ՝ ոչինչ չանելով։
 
— Հիմա լա՞վ է։
 
— Շնորհակալություն։
 
— Իմ սիրած ծրագիրն է,— ասաց նա։
 
— Իսկ ո՞ւր է ասպիրինը։
 
— Առաջ դու երբեք չէիր հիվանդանում։— Նա կրկին դուրս ելավ։
 
— Այո՜, իսկ հիմա հիվանդ եմ։ Այսօր գործի չեմ գնալու։ Զանգահարիր Բիթիին։
 
— Գիշերը դու շատ տարօրինակ էիր,— քթի տակ դնդնալով նա մոտեցավ Մոնթագի անկողնուն։
 
— Բայց ո՞ւր է ասպիրինը,— կրկնեց նա՝ նայելով իրեն պարզած ջրով լի բաժակին։
 
— Ա՜խ, հա՜,— կինը կրկին գնաց լողարան։— Երեկ բա՞ն էր պատահել։
 
— Հրդե՛հ։ Ուրիշ ոչինչ։
 
— Իսկ ես շատ լավ անցկացրի երեկոն,— նրա ձայնը լսվում էր լողարանից։
 
— Ի՞նչ էիր անում։
 
— Հաղորդում էի նայում։
 
— Ի՞նչ էին հաղորդում։
 
— Ծրագիր։
 
— Ինչպիսի՞։
 
— Շատ լավն էր։
 
— Ո՞վ էր խաղում։
 
— Պատկերացրու՝ ողջ խումբն էր։
 
— Ողջ խումբը, ողջ խումբը, ողջ խումբը…,— նա մատներով սեղմեց մրմռացող աչքերը։ Հանկարծ քիթը նավթի հոտ առավ, եւ նա փսխեց։ Շարունակ դնդնալով՝ Միլդրեդը սենյակ մտավ։
 
— Այդ ի՞նչ ես անում,— զարմացած բացականչեց նա։ Մոնթագը շփոթահար նայեց հատակին։
 
— Երեկ մենք մի ծեր կնոջ վառեցինք իր գրքերի հետ…
 
— Դեռ լավ է, որ գորգը կարելի է լվանալ։
 
Նա շոր բերեց եւ սկսեց հատակը սրբել։
 
— Երեկոյան Հելենի մոտ էի։
 
— Մի՞թե չէիր կարող ներկայացումը տանը նայել։
 
— Իհարկե, կարող էի։ Բայց երբեմն հաճելի է հյուր գնալ։ Նա մտավ հյուրասենյակ։ Մոնթագը լսում էր, թե ինչպես է կինը երգում։
 
— Միլդրեդ,— կանչեց նա։
 
Նա վերադարձավ՝ քթի տակ երգելով եւ մատներով տակտի հետ թեթեւակի տկտկացնելով։
 
— Չե՞ս ուզում իմանալ, թե անցած գիշեր ի՞նչ է պատահել,— հարցրեց նա։
 
— Իսկ ի՞նչ է պատահել։
 
— Մենք այրեցինք շուրջ հազար գիրք։ Մենք այրեցինք մի կնոջ։
 
— Հետո՞ ինչ։
 
Հյուրասենյակը թնդում էր ճիչերից։
 
— Մենք այրեցինք Դանտեին, Սվիֆտին, Մարկ Ավրելիուսին…
 
— Եվրոպացի՞ է։
 
— Կարծեմ՝ այո։
 
— Ռադիկա՞լ է։
 
— Նրա գրքերը չեմ կարդացել։
 
— Պարզ է, ուրեմն ռադիկալ է։— Միլդրեդը դժկամորեն վերցրեց հեռախոսափողը։— Ուզում ես զանգահարեմ հրկիզապետ Բիթիի՞ն։ Իսկ ինչո՞ւ, ինքդ չես զանգում։
 
— Ասացի՝ զանգահարիր։
 
— Մի՛ գոռա ինձ վրա։
 
— Չեմ գոռում։— Նա կիսանստեց անկողնու վրա, կարմրատակած, կատաղությունից դողալով։
 
Հյուրասենյակը դղրդում էր տաք օդի մեջ։
 
— Հո չե՞մ կարող զանգահարել ու ասել, որ ես հիվանդ եմ։
 
— Ինչո՞ւ։
 
«Որովհետեւ վախենում եմ,— մտածեց նա։— Երեխայի պես հիվանդ եմ ձեւանում եւ վախենում եմ զանգահարել, քանզի գիտեմ, թե ինչով կվերջանա հեռախոսային այդ կարճ խոսակցությունը։ «Այո, հրկիզապետ, այժմ արդեն լավ եմ զգում։ Երեկոյան ժամը տասին կլինեմ աշխատանքի»։
 
— Դու բոլորովին էլ հիվանդ չես,— ասաց Միլդրեդը։
 
Մոնթագը հենվեց անկողնուն։ Ձեռքը խոթեց բարձի տակ։
 
Գիրքն այնտեղ էր։
 
— Միլդրեդ, ի՞նչ կասես, եթե միառժամանակ աշխատանքը թողնեմ։
 
— Ինչպե՞ս։ Դու ուզում ես հրաժարվել ամեն ինչի՞ց։ Այսքան տարվա աշխատանքից հետո՞։ Միայն այն պատճառով, որ ինչ֊որ կին իր գրքերի հետ…
 
— Եթե դու նրան տեսնեիր, Մի՛լլի…
 
— Ես նրա հետ գործ չունեմ։ Թող գրքեր չպահեր։ Ինքն է մեղավոր։ Հարկավոր էր նախապես մտածել։ Ատում եմ նրան։ Նա քեզ լրիվ շեղել է, եւ չենք էլ հասցնի աչքներս թարթել, երբ կհայտնվենք փողոցում՝ ո՛չ տանիք կունենանք գլխավերեւում, ո՛չ աշխատանք, ոչինչ։
 
— Դու այնտեղ չես եղել, դու չես տեսել,— ասաց Մոնթագը։— Եթե այդ կինը հրաժարվեց հեռանալ այրվող տնից, ուրեմն գրքերում ինչ֊որ բան կա, որը մենք նույնիսկ չենք պատկերացնում։ Չի կարող չլինել։ Մարդը առանց պատճառի մահվան չի գնա։
 
— Պարզապես մտագար է եղել։
 
— Ոչ, առողջ էր։ Ինչպես ես եւ դու։ Գուցե՝ մեզնից էլ առողջ։ Իսկ մենք նրան այրեցինք։
 
— Այդ ամենը կանցնի, կմոռացվի։
 
— Ո՛չ, չի անցնի, չի մոռացվի։ Դու երբեւէ տեսե՞լ ես հրդեհից այրված տուն։ Մի քանի օր շարունակ մխում է։ Իսկ այս հրդեհը ես չեմ կարող հանգցնել մինչեւ իմ կյանքի վերջը։ Աստվա՜ծ իմ, ինչպես էի ջանում դուրս մղել նրան իմ հիշողությունից։ Ամբողջ գիշերը տանջվում էի։ Քիչ մնաց խելքս թռցնեմ։
 
— Այդ մասին պետք է նախապես մտածեիր, մինչեւ հրկիզող դառնալդ։
 
— Մտածե՜լ,— բացականչեց նա։— Մի՞թե ես ընտրելու հնարավորություն ունեի։ Իմ պապն ու հայրը հրկիզող են եղել։ Ես նույնիսկ երազում ինձ հրկիզող էի պատկերացնում։
 
Հյուրասենյակից լսվում էր պարային երաժշտություն։
 
— Այսօր ցերեկային հերթափոխի ես,— հիշեցրեց Միլդրեդը։— Դու պարտավոր էիր գնալ դեռ երկու ժամ առաջ։ Ես հենց նոր գլխի ընկա։
 
— Հարցը միայն այդ կնոջ մահը չէ,— շարունակեց Մոնթագը։— Անցած գիշեր ես մտածում էի, թե որքան նավթ եմ ծախսել այս տասը տարիների ընթացքում։ Մեկ էլ մտածում էի գրքերի մասին։ Եվ առաջին անգամ հասկացա, որ յուրաքանչյուր գրքի ետեւում մարդ է կանգնած։ Նա մտածել է, մտքեր է հղացել, անհաշիվ ժամանակ է վատնել, որ դրանք հանձնի թղթին։ Իսկ նախկինում երբեք մտքովս էլ չէր անցնում։
 
Նա վեր ցատկեց անկողնուց։
 
— Գուցե ինչ֊որ մեկն իր ողջ կյանքը վատնել է, որպեսզի գրի առնի իր մտածումների, իր տեսածի գոնե մի մասը։ Իսկ հետո գալիս եմ ես, եւ փո՜ւ, երկու րոպեում ամեն ինչ մոխրի է վերածվում։
 
— Հանգիստ թող ինձ,— ասաց Միլդրեդը։— Ես ի՞նչ մեղք ունեմ։
 
— Շատ լավ, քեզ հանգիստ կթողնեմ։ Բայց ինչպե՞ս հանգիստ թողնեմ ինձ։ Ո՛չ, չի կարելի մեզ հանգիստ թողնել։ Մենք կարիք ունենք անհանգստանալու։ Որքա՞ն ժամանակ է անցել այն օրից, երբ վերջին անգամ իսկապես հուզվել ես ինչ֊որ նշանակալի, կարեւոր բանից։
 
Եվ հանկարծ Մոնթագը լռեց։ Նա մտաբերեց անցած շաբաթվա պատահարը, դեպի վեր, մթությանը հառած երկու լուսնաքար, էլեկտրոնային աչքով փողրակ—օձը եւ երկու անդեմ մարդ՝ ատամների արանքում սեղմած սիգարետներ։ Այո՛, այն Միլդրեդին ինչ֊որ բան հուզել էր, բայց նա ուրիշ Միլդրեդ էր, այնպես խոր պահ մտած այս մեկի մեջ, որ այդ երկուսը ոչ մի ընդհանրություն չունեն։ Նրանք երբեք չեն հանդիպել, չեն ճանաչում իրար։
 
Նա դեմքը շրջեց։
 
Հանկարծ Միլդրեդն ասաց․
 
— Դու նպատակիդ հասար։ Տե՛ս, թե ով է մոտենամ տանը։
 
— Ինձ համար միեւնույն է։
 
— «Փյունիկ» մակնիշի մեքենա, մեջը սեւ բաճկոնավոր, թեւքին՝ նարնջագույն օձ։ Այստեղ է գալիս։
 
— Հրկիզապետ Բիթի՞ն է։
 
— Այո՛, հրկիզապետ Բիթին։
 
Մոնթագը տեղից չշարժվեց։ Նա կանգնել էր՝ հայացքը հանդիպակաց սպիտակ սառը պատին։
 
— Ներս թող։ Ասա, որ հիվանդ եմ։
 
— Ինքդ ասա։— Միլդրեդը իրար անցած չափչփում էր սենյակը, երբ հանկարծ, աչքերը չռեց ու քարացավ տեղում։ Մուտքի դռան խոսափողը ցածրաձայն տվեց իր անունը․ «Միսիս Մոնթագ, միսիս Մոնթագ, ձեզ են հարցնում, ձեզ են հարցնում։ Միսիս Մոնթագ, միսիս Մոնթագ, ձեզ են հարցնում»։ Խոսափողը լռեց։
 
Մոնթագը ստուգեց՝ արդյոք գիրքը լա՞վ է թաքցված բարձի տակ, անշտապ անկողին մտավ ու վերմակը քաշեց կրծքին։
 
Սթափվելով՝ Միլդրեդը շարժվեց դեպի դուռը, հրկիզապետ Բիթին, ձեռքերը գրպանները խոթած, դանդաղ քայլերով մտավ ներս։
 
— Անջատեք «ազգականներին»,— ասաց նա՝ չնայելով տանտերերին։
 
Միլդրեդն իսկույն նետվեց դուրս․ հյուրասենյակում լռեց աղմուկը։
 
Ընտրելով հարմարավետ աթոռը, Բիթին նստեց։ Նրա կարմիր դեմքը պահում էր ամենախաղաղ արտահայտությունը։ Նա անշտապ լիքը լցրեց պղնձակուռ ծխամորճը, վառեց եւ բաց թողեց ծխի մի մեծ քուլա։
 
— Որոշեցի տեսության գալ հիվանդին։
 
— Ինչպե՞ս կռահեցիք, որ հիվանդ եմ։
 
Բիթին ժպտաց սովորականի նման՝ բացելով վարդագույն լնդերը եւ մանրիկ, շաքարի պես սպիտակ ատամները։
 
— Ես զգում էի, որ այդպես է լինելու։ Գիտեի, որ մի գիշերով արձակուրդ կխնդրեք։
 
Մոնթագը նստեց անկողնում։
 
— Ի՞նչ կա որ,— ասաց Բիթին,— հանգստացեք։
 
Նա ձեռքին պտտեցնում էր անբաժան վառիչը, որի կափարիչին երեւում էր «Երաշխավորվում է մեկ միլիոն բռնկում» մակագրությունը։ Բիթին ցրված վառում հանգցնում էր քիմիական լուցկին, վառում էր, անփույթ արտասանում մի քանի խոսք, նայում պստլիկ բոցին, նորից հանգցնում, կրկին վառում, հանգցնում ու նայում, թե ինչպես է օդի մեջ հալվում ծխի բարակ քուլան։
 
— Ե՞րբ եք մտադիր ապաքինվել,— հարցրեց նա։
 
— Վաղը։ Գուցե վաղը չէ մյուս օրը։ Հաջորդ շաբաթվա սկզբում։
 
Բիթին մերթընդմերթ փստացնում էր ծխամորճը։
 
— Յուրաքանչյուր հրկիզող վաղ թե ուշ բախվում է դրան։ Կողմնորոշվելու համար նրանք օգնության կարիք ունեն։ Անհրաժեշտ է, որ իմանան իրենց մասնագիտության պատմությունը։ Առաջներում նորակոչիկներին բացատրում էին, իսկ հիմա՝ ոչ։ Եվ շա՜տ ափսոս, փո՜ւ, միայն հրկիզապեններն են տակավին հիշում հրկիզային գործի պատմությունը։— Նորից փո՜ւ արեց։— Հիմա ձեզ կլուսավորեմ։
 
Միլդրեդը անհանգիստ շարժվեց աթոռին։
 
Բիթին ավելի հարմար տեղավորվեց, մի ամբողջ րոպե նա նստած էր լուռ ու մտախոհ։
 
— Ինչպե՞ս սկսվեց այդ ամենը,— կհարցնեք դուք,— նկատի ունեմ մեր աշխատանքը, որտե՞ղ, ե՞րբ եւ ինչո՞ւ։ Իմ կարծիքով՝ սկսվեց մոտավորապես, այսպես կոչված, քաղաքացիական պատերազմի<ref>1861 — 1865 թթ․ քաղաքացիական պատերազմը ԱՄՆ֊ում՝ բուրժուական հյուսիսի եւ ստրկատիրական հարավի միջեւ։</ref> շրջանում, թեպետ մեր կանոնագիրքը հավաստում է, որ ավելի վաղ է հիմնադրվել։ Սակայն իսկական ծաղկումը սկսվեց այն ժամանակ, երբ լուսանկարչությունը լայնորեն տարածվեց։ Իսկ հետագայում էլ՝ քսաներորդ դարասկզբին, կինոն, ռադիոն, հեռուստատեսությունը։ Զարկ տրվեց զանգվածային արտադրությանը։
 
Մոնթագը անշարժ նստած էր անկողնում։
 
— Եվ քանի որ դարձավ զանգվածային, ուրեմն՝ հասարակացավ,— շարունակեց Բիթին։— Ինչ—որ ժամանակ գիրք կարդում էին միայն քչերը, այստեղ, այնտեղ, տարբեր վայրերում։ Այդ պատճառով էլ գրքերը կարող էին բազմազան լինել։ Աշխարհն ընդարձակ էր, բայց երբ նեղվածք սկսվեց աչքերի, արմունկների, բերանների առատությունից, երբ բնակչությունը կրկնապատկվեց, եռապատկվեց, քառապատկվեց՝ կինոնկարների, ռադիոհաղորդումների, ամսագրերի, գրքերի մակարդակն իջավ, համահարթվեց։ Ծամոնի պես մի բան դարձավ։ Դուք ինձ հասկանո՞ւմ եք, Մոնթագ։
 
— Թվում է՝ այո,— պատասխանեց Մոնթագը։
 
Բիթին ուշադիր նայում էր օդի մեջ հալվող ծխի գալարներին։
 
— Փորձենք պատկերացնել տասնիններորդ հարյուրամյակի մարդուն՝ իր ձիերով, շներով, կառքերով, կյանքի դանդաղ ընթացքով։ Հաջորդում է քսաներորդ դարը, արագընթաց ժամանակ։ Գրքերը դառնում են փոքրածավալ։ Համառոտ հրատարակություններ։ Վերապատմություն։ Ծաղկաքաղ։ Մի՛ երկարաբանեք։ Շուտ դեպի վերջաբան։
 
— Շուտ դեպի վերջաբան,— գլխով արեց Միլդրեդը։
 
— Դասականների ստեղծագործությունները կրճատվում են մինչեւ տասնհինգ րոպեանոց ռադիոհաղորդում։ Հետո ավելի շատ են սեղմվում՝ տեքստի մի սյունակ, որը կարելի է աչքի անցկացնել երկու րոպեում, ապա է՛լ ավելի՝ տասը—քսան տող հանրագիտարանային բառարանում։ Իհարկե, ես չափազանցնում եմ։ Բառարանները գոյություն ունեին տեղեկությունների համար։ Քիչ մարդիկ չկային, որոնց ծանոթությունը «Համլետին» (դուք Մոնթագ, իհարկե, քաջ գիտեք այդ վերնագիրը, իսկ ձեզ համար, միսիս Մոնթագ, դա հավանորեն, սոսկ աղոտ կերպով ծանոթ անուն է), ահա, ուրեմն, քիչ մարդիկ չկային, որոնց ծանոթությունը «Համլետին» սահմանափակվում էր ժոզովածուում մի էջանոց համառոտ վերապատմությամբ, որը սնապարծորեն ազդարարում էր․ «Վերջապես դուք կարող եք կարդալ բոլոր դասականներին։ Ետ մի՛ մնացեք ձեր հարեւաններից»։ Հասկանո՞ւմ եք, մանկասենյակից ուղիղ քոլեջ, իսկ հետո՝ ետ դեպի մանկասենյակ։ Ահա ձեզ մտավոր կաղապարը, որ իշխում էր վերջին հինգ կամ ավելի հարյուրամյակներում։
 
Միլդրեդը կանգնեց եւ սկսեց քայլել սենյակում՝ իրերն աննպատակ վերադասավորելով։ Նրա վրա ուշադրություն չդարձնելով՝ Բիթին շարունակեց․
 
— Իսկ այժմ արագ պտտեք ժապավենը, Մոնթագ։ Ավելի արագ։ Քլիք։ Փիք։ Ֆլիք<ref>Այս բառերը քաղված են ամերիկյան բուլվարային հրատարակություններից, որոնք աչքի են ընկնում նվազագույն տեքստով եւ առատ լուսանկարներով։</ref>։ Այստեղ, այնտեղ, եռանդով, արագ, այսպես, այնպես, վերեւ, ներքեւ։ Ո՞վ, ի՞նչ, որտե՞ղ, ինչպե՞ս, ինչո՞ւ։ Ա՜խ, օ՜հ։ Դրը՜խկ, թրը՜խկ, շրը՜խկ, շրը՜մփ։ Զը՜նգ, զրը՜նգ, դրը՜նգ։ Կրճատե՛ք, սեղմե՛ք։ Վերապատմության վերապատմում։ Վերապատմության վերապատմումների ծաղկաքաղ։ Քաղաքականությո՞ւն։ Մի սյունակ, երկու դարձվածք, մի վերնագիր։ Եվ մի րոպե հետո ամեն ինչ արդեն ջնջվում է հիշողությունից։ Պտտեք մարդկային բանականությունը կատաղի հողմամրրիկի մեջ, արա՛գ, արա՛գ՝ հրատարակիչների, գործամոլների, հաղորդավարների ձեռքերով, այնպես, որ կենտրոնախույս ուժը դեն նետի ավելորդ, անպետք, անօգուտ բոլոր մտքերը…
 
Միլդրեդը մոտեցավ եւ սկսեց կարգի բերել անկողինը։ Մոնթագը վախից սրսփաց։ Սիրտը նվաղեց, երբ կնոջ ձեռքերը կպան բարձին։ Ահա նա քաշում է իր ուսից, փորձելով մի փոքր բարձրացնել, որ ինչպես հարկն է թափ տալով բարձը, նորից մեջքի ետեւը դնի։ Հիմա գուցե կգոռա ու զարմանքից կչռի աչքերը կամ պարզապես, ձեռքը խոթելով բարձի տակ, կհարցնի՝ «Սա ի՞նչ է» եւ հուզիչ միամտությամբ ցույց կտա թաքցրած գիրքը։
 
— Դպրոցներում ուսուցման ժամկետը կրճատվում է, կարգապահությունն ընկնում է, փիլիսոփայությունը, պատմությունը, լեզուները դուրս են մղվում։ Անգլերենն ու ուղղագրությունը աստիճանաբար անուշադրության են մատնվում, եւ վերջնականապես դադարեցվում է դրանց դասավանդումը։ Կյանքը կարճ է։ Ի՞նչ է հարկավոր մարդուն։ Ամենից առաջ՝ աշխատանք, իսկ աշխատանքից հետո՝ զվարճություն, որ ամեն քայլափոխի սրտիդ ուզածի չափ կա, միայն վայելիր։ Ուրեմն էլ ինչի՞ է պետք ինչ֊որ բան սովորել, բացի կոճակը սեղմելու, անջատիչի բռնակը քաշելու, պնդօղակը ամրացնելու, հեղույսը տեղը գցելու կարողությունից։
 
— Թող թարձը կարգի բերեմ,— ասաց Միլդրեդը։
 
— Հարկավոր չէ,— ցածր ասաց Մոնթագը։
 
— Կայծակ—ճարմանդը փոխարինեց կոճակին, եւ ահա արդեն պակասում է ավելորդ մի կես րոպեն, որպեսզի ինչ֊որ բանի մասին մտածես, երբ լուսաբացի փիլիսոփայական եւ այդ պատճառով էլ թախծոտ ժամին հագնվում ես։
 
— Դե, թո՛ղ,— կրկնեց Միլդրեդը։
 
— Հեռացի՛ր,— ասաց Մոնթագը։
 
— Կյանքը դառնում է համատարած կարուսել, Մոնթագ։ Գոռում—գոչյուն—դղրդյուն։ Շրը՛մփ, դրը՛խկ, շրը՛խկ։
 
— Շրըխկ…,— բացականչեց Միլդրեդը, քաշքշելով բարձը։
 
— Դե՛, վերջապես ինձ հանգիստ թող,— հուսահատված գոռաց Մոնթագը։
 
Բիթին զարմանքից չռեց աչքերը։
 
Միլդրեդի ձեռքը քարացել էր բարձի տակ։ Նրա մատները շոշափում էին գրքի կազմը, դեմքի սովորական արտահայտությունն սկսեց փոխվել, նախ հետաքրքրասիրություն հայտնվեց, ապա՝ շփոթմունք… Շրթունքները բացվեցին… Հիմա կհարցնի…
 
— Վե՛րջ դրամային, թող թատրոնում մնա սոսկ կլոունադան, իսկ սենյակները կահավորեք ապակե պատերով, եւ թող դրանցից դուրս հորդեն գունագեղ հրավառություններ, թող միախառնվեն գույները, ինչպես գույնզգույն թղթերի բույլեր կամ ինչպես արյունը, կամ խերեսը, կամ սոտեռնը։ Դուք, իհարկե, սիրում եք բեյսբոլ, Մոնթագ։
 
— Բեյսբոլը հիանալի խաղ է։
 
Այժմ Բիթին գրեթե անպարտելի էր, նրա ձայնը հնչում էր ինչ֊որ հեռու տեղից, ծխի թանձր վարագույրի ետեւից։
 
— Այս ի՞նչ է,— համարյա հիացմունքով բացականչեց Միլդրեդը։ Մոնթագը ծանրորեն հենվեց նրա ձեռքին։— Այս ի՞նչ է։
 
— Նստի՛ր,— կոպտորեն բղավեց Մոնթագը։ Միլդրեդը ետ ցատկեց։ Նրա ձեռքերը դատարկ էին։— Ինչ է, չե՞ս տեսնում, որ զրուցում ենք։
 
Բիթին շարունակեց, կարծես ոչինչ չէր պատահել։
 
— Գնդախաղ սիրո՞ւմ եք։
 
— Այո։
 
— Իսկ գո՞լֆ։
 
— Գոլֆը սքանչելի խաղ է։
 
— Բասկետբո՞լ։
 
— Հիասքա՜նչ է։
 
— Բիլիա՞րդ, ֆուտբո՞լ։
 
— Լավ խաղեր են։ Բոլորն էլ լավ են։
 
— Հնարավորին չափ շատ սպորտ, խաղեր, զվարճալիքներ․ թող միշտ մարդը լինի ամբոխի մեջ, այդ ժամանակ նա կարիք չի զգա մտածելու։ Կազմակերպեցեք, ուրեմն, կազմակերպեցեք նորանոր մարզաձեւեր, աստվածացրեք սպորտը։ Ավելի շատ պատկերազարդ գրքեր։ Ավելի շատ կինոնկարներ։ Իսկ մտավոր սնունդ ավելի ու ավելի քիչ։ Արդյունքում՝ ինչ֊որ անհանգստություն։ ճանապարհները հեղեղված են մարդկանցով, որոնք ինչ֊որ տեղ են ձգտում, միեւնույն է, թե ուր։ Բենզինի աղետից խուճապահար փախչողներ։ Քաղաքները վեր են ածվել տուրիստական ճամբարների, մարդիկ՝ քոչվոր հորդաների, որոնք տարերայնորեն խռնվում են մերթ այստեղ, մերթ այնտեղ, ինչպես ծովը մակընթացության եւ տեղատվության ժամանակ, եւ ահա այսօր նա գիշերում է այն սենյակում, որտեղ դրանից առաջ գիշերել եք դուք, իսկ նախօրեին՝ ես։
 
Դուռը շրխկացնելով Միլդրեդը դուրս եկավ։ Հյուրասենյակում «մորաքույրերը» հռհռում էին «մորեղբայրների» վրա։
 
— Այժմ քննարկենք մեր քաղաքակրթության ներսում գտնվող տարբեր մանր խմբավորումների հարցը։ Որքան շատ է բնակչությունը, այնքան շատ են այդպիսի խմբավորումները։ Զգուշացեք վիրավորել նրանցից որեւէ մեկին՝ շների կամ կատուների սիրահարներին, բժիշկներին, փաստաբաններին, առեւտրականներին, պետերին, մորմոններին, բապտիստներին, ունիթորներին<ref>Աղանդավորական հոսանքներ։</ref>, չինացի, շվեդ, իտալացի, գերմանացի վտարանդիների հետնորդներին, տեխասցիներին, բրուկլինցիներին, իռլանդացիներին, Օրեգոն կամ Մեխիկո նահանգների բնակիչներին։ Գրքերի, պիեսների, հեռուստահաղորդումների հերոսները չպետք է հիշեցնեն իրական նկարիչների, քարտեզագիրների, մեխանիկների։ Հիշեցեք, Մոնթագ, որքան ընդարձակ է շուկան, այնքան ավելի պետք է խուսափել բախումներից, բոլոր այդ խմբավորումների ու խմբերի հետ հարկավոր է հաշվի նստել, աստված մի արասցե, որ որեւէ կերպ դիպչեք նրանց շահերին։ Չարամիտ գրողներ, փակեցեք ձեր գրամեքենաները։ Նրանք այդպես էլ արեցին։ Հանդեսները վերածվեցին քաղցր—մաղցր շողոքորթության։ Գրքերը՝ քաղցրացված կեղտաջրերի։ Այդպես էին պնդում քննադատները՝ այդ անիծյալ պճնամոլները։ Զարմանալի չէ, ասում էին նրանք, որ ոչ ոք գիրք չի գնում։ Բայց ընթերցողը հիանալի գիտեր՝ ինչ է հարկավոր իրեն եւ, պտտվելով զվարճությունների հողմի մեջ, նախընտրեց կոմիքսները։ Իհարկե, նաեւ սեքս հրատարակությունները։ Այսպիսի բաներ, Մոնթագ։ Եվ այս ամենը տեղի ունեցավ առանց կառավարության միջամտության։ Գրավոր կարգադրություններով չսկսվեց, ոչ էլ հրամաններով ու գրաքննչական սահմանափակումներով։ Ամենեւին։ Տեխնիկան, զանգվածային սպառումը եւ նույն այդ խմբերի գործադրած ճնշումն էր, որ, փա՜ռք տիրոջը, հանգեցրեց ներկա վիճակին։ Այժմ նրանց շնորհիվ դուք կարող եք միշտ երջանիկ լինել, ձեր քեֆին կարդացեք կոմիքսները, սիրային տարբեր խոստովանանքներ եւ առեւտրա—ռեկլամային հրատարակություններ։
 
— Բայց այդտեղ ի՞նչ գործ ունեն հրկիզողները,— հարցրեց Մոնթագը։
 
— Օ՜հ,— Բիթին հակվեց առաջ՝ թեթեւ ծխամշուշով պարուրված։— Դե, դա շատ հեշտ է բացատրել։ Երբ դպրոցներն սկսեցին հետազոտողների, քննադատների, գիտնականների եւ արվեստի մարդկանց փոխարեն պատրաստել ավելի ու ավելի շատ վազորդներ, ցատկորդներ, ձիարշավորդներ, փինաչիներ, գռփողներ, թալանչիներ, օդաչուներ եւ լողորդներ, «ինտելեկտուալ» բառը արդարացիորեն դարձավ հայհոյանք։ Մարդ միշտ սարսափում է արտասովորից։ Հապա հիշեցեք՝ ձեր դասարանում հավանաբար որեւէ բացառիկ ընդունակությունների տեր տղա կար։ Նա բոլորից լավ էր արտասանում եւ բոլորից շատ էր պատասխանում դասերին, մինչդեռ մյուսները նստում էին քարե արձանի պես եւ սրտի խորքում ատում նրան։ Դասերից հետո դուք ո՞ւմ եք ծեծել ու չարչարել, եթե ոչ այդ «բացառիկ» տղային։ Մենք բոլորս պետք է լինենք միանման։ Ոչ թե ազատ ու իրավահավասար ծննդյան օրվանից, ինչպես ասված է սահմանադրության մեջ, այլ պարզապես բոլորս պետք է դառնանք միանման։ Թող մարդիկ կիսած խնձորի պես նմանվեն միմյանց։ Այդ ժամանակ բոլորը երջանիկ կլինեին, քանզի հսկաներ չէին լինի, իսկ նրանց կողքին մյուսներն իրենց ոչնչությունը չէին զգա։ Այսպես։ Իսկ գիրքը լիցքավորված հրացան է՝ հարեւանի տանը։ Հարկավոր է այրել, լիցքաթափել հրազենը, սանձահարել մարդկային բանականությունը։ Ի՞նչ իմանաս՝ վաղն ո՞վ կդառնա շատ կարդացած մարդու հերթական թիրախը։ Գուցե ե՞ս։ Բայց ես այդ հասարակությանը տանել չեմ կարող։ Եվ ահա, երբ ողջ աշխարհում տներն սկսեցին կառուցել չհրկիզվող նյութերից, ու այլեւս անհրաժեշտություն չկար այն աշխատանքին, ինչ նախկինում կատարում էին հրշեջները (նրանք հանգցնում էին հրդեհները, երեկ դուք իրավացի էիք, Մոնթագ), այդ ժամանակ հրշեջների վրա դրվեցին նոր պարտականություններ՝ դարձրին մեր անդորրի պահապաններ։ Նրանց մեջ, ինչպես կիզակետում, կենտրոնացել է ուրիշներից ցածր երեւալու՝ միանգամայն հասկանալի եւ օրինական մեր սարսափը։ Նրանք դարձան մեր պաշտոնական գրաքննիչները, դատավորներն ու դատավճիռն ի կատար ածողները։ Նրանք, այսինքն՝ դու եւ ես, Մոնթագ։
 
Հյուրասենյակի դուռը բացվեց, եւ շեմքին հայտնվեց Միլդրեդը։ Նա նախ Բիթիին նայեց, ապա՝ Մոնթագին։ Նրա ետեւում, հյուրասենյակի պատերին, թմբուկների, տամտամների եւ ծնծղաների խուլ հարվածների նվագակցությամբ, թշշում եւ ճայթում էին կանաչ, դեղին ու նարնջագույն հրավառություններ։ Միլդրեդի ջուրթերը շարժվում էին, նա ինչ֊որ բան էր ասում, բայց աղմուկը խլացնում էր նրա ձայնը։
 
Բիթին ծխամորճը թափ տվեց վարդագույն ափի մեջ եւ սկսեց զննել մոխիրը, ասես դրանում ինչ֊որ գաղտնի իմաստ կար, որին պետք է խորամուխ լիներ։
 
— Դուք պետք է հասկանաք, թե ինչ հսկայական է մեր քաղաքակրթությանը։ Այնքան մեծ է, որ չենք կարող դրա կազմի մեջ մտնող խմբերի շրջանում թույլ տալ հուզումներ ու դժգոհություն։ Հարցրեք ինքներդ ձեզ՝ ամենից շատ ինչի՞ ենք ծարավի։ Երջանկության, այդպես չէ՞։ Ողջ կյանքում հենց միայն այդ չե՞ք լսել։ Մենք ուզում ենք երջանիկ լինել, ասում են մարդիկ։ Մի՞թե նրանք երջանիկ չեն։ Մի՞թե նրանց չենք պահում հավերժական շարժման մեջ, մի՞թե հնարավորություն չենք ընձեռում զվարճանալու։ Չէ՞ որ մարդն ապրում է հենց դրա՝ հաճույքների, սուր զգացողությունների համար։ Համաձայնեցեք, մեր մշակույթը լիուլի տալիս է նման հնարավորություն։
 
— Այո՛։
 
Դռների մեջ կանգնած Միլդրեդի շրթունքների շարժումից Մոնթագը գուշակեց, թե ինչի մասին է խոսում։ Սակայն ձգտում էր չնայել նրան՝ վախենալով, որ Բիթին կշրջվի նույնպես եւ ամեն ինչ կհասկանա։
 
— Գունամորթներին դուր չի գալիս «Փոքրիկ սեւամորթ Սամբո»<ref>Ամերիկյան հանրածանոթ հեքիաթ։</ref> գիրքը։ Հարկավոր է այրել։ Սպիտակամորթներին հաճո չէ «Քեռի Թոմասի խրճիթը», նույնպես այրել։ Ինչ—որ մեկը գիրք է գրել, որ ծխելը թոքերի քաղցկեղ է առաջացնում։ Ծխախոտի գործարանատերերը խուճապի մեջ են։ Այրել այդ գիրքը։ Անդորր է հարկավոր, Մոնթագ, անխռով կյանք։ Կորչի՛ այն ամենը, ինչ տագնապ է ծնում։ Հարկավոր է նետել վառարանի մեջ։ Հուղարկավորությանները վհատեցնում են, հեթանոսական ծե՞ս են։ Վերացնել հուղարկավորությունները։ Մահվանից հինգ րոպե հետո մարդ արդեն «մեծ ծխնելույզի» ճանապարհին է։ Ողջ երկրում դիակիզարանները սպասարկվում են ուղղաթիռներով։ Մահվանից տասը րոպե անց մարդուց մնում է մի պտղունց սեւ փոշի։ Չպետք է սգանք մեռյալներին։ Մոռանանք նրանց։ Այրել, մոխրացնել եղած—չեղածը։ Կրակը այրում է, կրակը մաքրում է։
 
Միլդրեդի թիկունքին հյուրասենյակի հրացոլքերը մարեցին։ Եվ ինչպիսի՜ երջանիկ զուգադիպություն, զուգընթաց դադարեցին շարժվել նրա շուրթերը։ Մոնթագը ծանրորեն շունչ քաշեց։
 
— Կողքի տանը մի աղջիկ էր ապրում,— անշտապ ասաց նա։— Նա այլեւս չկա։ Երեւի մեռել է։ Ես նույնիսկ լավ չեմ հիշում նրա դեմքը։ Բայց նա այդպիսին չէր։ Ինչպե՞ս… ինչպե՞ս կարող էր այդ պատահել։
 
Բիթին ժպտաց։
 
— Ժամանակ առ ժամանակ պատահում է մերթ այստեղ, մերթ այնտեղ։ Քլարիս Մըքլելընն է, չէ՞։ Նրանց ընտանիքի մասին մենք տեղյակ ենք։ Հսկողության տակ ենք առել։ Ժառանգականությունը եւ միջավայրը, ես կասեի, հետաքրքրաշարժ բաներ են։ Այնքան էլ դյուրին չէ ազատվել բոլոր տարօրինակ մարդկանցից, մի քանի տարում անհնար է։ Ընտանեկան միջավայրը կարող է ջնջել շատ բան նրանից, ինչ ջանում է պատվաստել դպրոցը։ Ահա թե ինչու մենք մշտապես նվազեցնում էինք մանկապարտեզ ընդունվելու տարիքը։ Հիմա երեխաներին կորզում ենք համարյա թե օրորոցից։ Մըքլելընների մասին մենք ահազանգեր էինք ստացել, երբ դեռ ապրում էին Չիկագոյում, բայց բոլորն էլ կեղծ էին դուրս գալիս։ Նրանց տանը գրքեր չէինք գտնում։ Քեռին բարի համբավ չունի, կասկածելիների թվում է, մարդախույս է։ Ինչ վերաբերում է աղջկան, նա դանդաղ գործողության ռումբ էր։ Ընտանիքը ազդել էր նրա ենթագիտակցության վրա․ ես համոզվեցի՝ ծանոթանալով նրա դպրոցական բնութագրին։ Նրան հետաքրքրում էր ոչ թե այն, թե ինչպես է արվում ինչ֊որ բան, այլ թե ինչու եւ ինչի համար։ Իսկ նման հետաքրքրասիրությունը վտանգավոր է։ Միայն թե սկսիր հարցնել՝ ինչու կամ ինչի համար, եւ եթե ժամանակին չկանխես, ապա վերջը կարող է շատ տխուր լինել։ Թերեւս ավելի լավ էր, որ խեղճ աղջիկը մեռավ։
 
— Այո՛, մեռավ։
 
— Բարեբախտաբար այդպիսիք հազվադեպ են հանդիպում։ Մենք կարողանում ենք սաղմի մեջ, ամենավաղ շրջանում խեղդել նման միտումները։ Առանց տախտակների ու մեխերի տուն չես կառուցի եւ եթե ուզում ես, որ տունը չկառուցվի, թաքցրու տախտակներն ու մեխերը։ Եթե չես ուզում, որ մարդը դառնանա, վշտանա, ընկճվի քաղաքականության պատճառով, նույն հարցը երկու կողմից տեսնելու հնարավորություն մի՛ ընձեռիր։ Թող տեսնի միայն մեկը, իսկ ավելի լավ է՝ ոչ մեկը։ Թող մոռանա, որ աշխարհում գոյություն ունի պատերազմ։ Եթե կառավարությունն անկարող է, ոչինչ չի հասկանում, հարկերով խեղդում է ժողովրդին, համենայն դեպս, ավելի լավ է, քան եթե ժողովուրդը ըմբոստանա։ Ամենաէականը անդորրն է, Մոնթագ։ Կազմակերպեցեք տարբեր մրցույթներ, օրինակ՝ ո՞վ է ավելի լավ հիշում հանրածանոթ երգերի բառերը, ո՞վ կարող է թվարկել Նահանգների բոլոր գլխավոր քաղաքները կամ ո՞վ գիտե, թե Այովա նահանգը որքան հացահատիկ է տվել անցյալ տարի։ Մարդկանց գլուխները լցրեք անպետք թվերով, խցկեցեք այնքան չնչին փաստեր, մինչեւ որ նրանց սիրտը խառնի, ոչինչ, հետո նրանց կթվա, թե շատ կրթված են։ Նույնիսկ կկարծեն, թե իրենք մտածում են, առաջ են շարժվում, թեպետ իրականում դոփում են տեղում։ Եվ մարդիկ երջանիկ կլինեն, քանի որ փաստերը, որոնցով նրանց գլուխները լցված են, անփոփոխ են։ Սակայն մի տվեք նրանց այնպիսի լպրծուն, անվստահելի, երկիմաստ, կասկածելի նյութ, ինչպիսին փիլիսոփայությունն է կամ սոցիոլոգիան։ Աստված ոչ արասցե, որ նրանք սկսեն եզրակացություններ եւ ընդհանրացումներ անել, կընկնեն մելամաղձության գիրկը։ Այն մարդը, որ ունակ է քանդելու եւ հավաքելու հեռուստատեսային պատը,— իսկ մեր օրերում մեծամասնությունը կարողանում է,— շատ ավելի երջանիկ է նրանից, ով ջանում է չափել եւ հաշվարկել տիեզերքը, քանի որ չի կարելի այն չափել ու հաշվարկել՝ առանց սեփական ոչնչությունն ու մենակությունը զգալու։ Ես գիտեմ, ես փորձել եմ։ Ո՛չ, գրո՜ղը տանի։ Տվեք նրանց զվարճալիքներ, երեկույթներ, մարմնամարզիկներ ու ձեռնածուներ, կրկեսային հանդուգն համարներ, հրթիռային ավտոմեքենաներ, ուղղաթիռ—մոտոցիկլետներ, պոռնոգրաֆիա եւ թմրադեղեր։ Ավելի շատ այն ամենից, ինչը հարուցում է պարզագույն ավտոմատ ռեֆլեքսներ։ Եթե դրաման անբովանդակ է, կինոնկարը՝ անիմաստ, իսկ կատակերգությունը սնամեջ, գրգռեք իմ նյարդերը խլացուցիչ երաժշտությամբ։ Եվ ինձ կթվա, թե պիեսը հուզում է ինձ, չնայած դա ընդամենը ռեակցիա է ձայնային ալիքների հանդեպ։ Բայց ինձ համար միեւնույն է։ Սիրում եմ, երբ ինձ ինչպես հարկն է թափ են տալիս։
 
Բիթին ոտքի ելավ։
 
— Իմ գնալու ժամանակն է։ Դասախոսությունն ավարտվեց։ Հուսով եմ, ամեն ինչ պարզաբանեցի։ Մոնթագ, հիշեցեք գլխավորը՝ մենք երջանկության մարտիկներ ենք՝ դուք, ես եւ մյուսները։ Մենք պահպանում ենք մարդկությանը այն խղճուկ խմբակցությունից, որն իր հակասական գաղափարներով եւ տեսություններով բոլորին ուզում է ապերջանիկ դարձնել։ Մենք ամբարտակի պահակներ ենք<ref>Ըստ հոլանդական ավանդության՝ մի տղա փակում է ջրամբարի անցքը՝ քաղաքի բնակիչներին փրկելով ջրասույզ լինելուց։</ref>։ Ամրացե՛ք, Մոնթագ։ Հետեւեցեք, որ մելամաղձի եւ մռայլ փիլիսոփայության հեղեղը չողողի մեր աշխարհը։ Մեր հույսը դուք եք։ Նույնիսկ չեք էլ պատկերացնում, թե որքան անհրաժեշտ եք, թե ես ու դուք որքան հարկավոր ենք այս երջանիկ աշխարհում։
 
Բիթին սեղմեց Սոնթագի անկենդան ձեռքը։ Նա անշարժ նստած էր անկողնում։ Թվում էր, եթե նրա գլխին փուլ գար առաստաղը, նա չէր շարժվի։ Միլդրեդն այլեւս դռների մեջ չէր։
 
— Վերջում մի բան էլ ասեմ,— ասաց Բիթին։— Ծառայության ընթացքում ամեն մի հրկիզողի գոնե մեկ անգամ համակում է բուռն հետաքրքրասիրությունը։ Հանկարծ ցանկանում է իմանալ՝ ի՞նչ է գրված այդ գրքերում։ Գիտե՞ք, այնպես է ցանկանում, որ չի կարողանում դիմադրել։ Հավատացե՛ք ինձ, Մոնթագ, Ժամանակին ինքս քիչ գրքեր չեմ կարդացել՝ կողմնորոշվելու համար։ Ես ձեզ ասում եմ՝ գրքերում ոչինչ չկա, չկա այնպիսի մի բան, որին կարելի է հավատալ կամ սովորեցնել ուրիշներին։ Եթե վիպագրություն է, ապա պատմվում է երբեւէ գոյություն չունեցած երեւակայական մարդկանց մասին, կեղծիք, հորինվածք։ Եթե գիտական գրականություն է, ավելի վատ․ մի գիտնականը մյուսին ապուշ է անվանում, մի փիլիսոփան ջանում է ձայնակոխ անել մյուսին։ Բոլորը պատեպատ են զարկվում, ձգտում են մարել աստղերը, խավարեցնել արեւը։ Կարդում ես՝ գլուխդ է պտտվում։
 
— Իսկ ի՞նչ կլինի, եթե հրկիզողը պատահաբար, առանց որեւէ չար մտադրության, գիրք վերցնի։
 
Մոնթագի դեմքով ջղաձիգ դող անցավ։ Բաց դուռը նայում էր նրան, ինչպես հսկա դատարկ աչք։
 
— Միանգամայն բնական արարք է։ Պարզ հետաքրքրասիրության է, ոչ ավելին,— պատասխանեց Բիթին։— Նման դեպքերում մենք ո՛չ անհանգստանում ենք, ոչ՝ զայրանում։ Թույլ ենք տալիս մի օր պահել գիրքը։ Եթե քսանչորս ժամ հետո ինքը չի այրում, մենք ենք այրում նրա փոխարեն։
 
— Հասկանալի է,— Մոնթագի բերանը չորացավ։
 
— Այսքանը, Մոնթագ։ Գուցե ուզում եք դուրս գալ ավելի ուշ, գիշերային հերթափոխի՞։ Այսօր հավանաբար կհանդիպե՞նք։
 
— Չգիտեմ,— պատասխանեց Մոնթագը։
 
— Ինչպե՞ս թե,— Բիթիի դեմքին թեթեւ զարմանք հայտնվեց։
 
Մոնթագը փակեց աչքերը։
 
— Գուցե կգամ, ավելի ուշ։
 
— Եթե չգաս, քո պակասը կզգանք,— մտախոհ ասաց Բիթին՝ ծխամորճը դնելով գրպանը։
 
«Ես այլեւս չեմ գա»,— մտածեց Մոնթագը։
 
— Դե, ապաքինվեք,— ասաց Բիթին։— Առողջացեք։
 
Նա շրջվեց ու դուրս ելավ բաց դռնից։
 
Մոնթագը պատուհանից տեսավ, թե ինչպես ածխասեւ անվադող ունեցող փայլուն դեղնակարմիր բզեզ ավտոմեքենայով Բիթին մեկնեց։
 
Պատուհանից երեւում էին փողոցներն ու հարթ ճակատներով տները։ Ի՞նչ ասաց մի անգամ Քլարիսը նրանց մասին։ Հիշեց․ «Այլեւս չկան առմուտքեր։ Իսկ քեռիս ասում է, որ նախկինում բոլոր տները ունեին։ Երեկոները մարդիկ նստում էին շեմին, զրուցում, եթե ցանկանում էին, իսկ եթե ոչ՝ լուռ ճոճվում էին ճոճաթոռների մեջ։ Պարզապես նստում էին եւ մտածում ինչ֊որ բանի մասին, կշռադատում։ Ճարտարապետները վերացրել են առմուտքերը, որովհետեւ դրանք իբր փչացնում էին շենքերի ճակատամասերը։ Բայց քեռիս ասում է, որ դա սոսկ պատրվակ է եղել, իրականում չէին ուզում թույլ տալ, որ մարդիկ այդպես նստեին շեմին, հանգստանային, ճոճվեին ճոճաթոռների մեջ, զրուցեին։ Դա վնասակար ժամանց է։ Մարդիկ չափազանց շատ էին զրուցում։ Եվ նրանք մտածելու ժամանակ ունեին։ Այդ պատճառով որոշեցին առմուտքերը ոչնչացնել։
 
Պարտեզները նույնպես։ Տների շուրջը այլեւս չկան պարտեզներ, որտեղ կարելի լինի նստել։ Հապա նայեցեք կահույքին։ Ճոճաթոռները վերացան, քանի որ չափազանց հարմարավետ էին։ Անհրաժեշտ է, որ մարդիկ ավելի շատ շարժվեն։ Քեռիս ասում է… քեռիս ասում է… քեռիս…»։ Քլարիսի ձայնը մարեց։
 
Մոնթագը հայացքը կտրեց պատուհանից եւ նայեց կնոջը, նա նստել էր հյուրասենյակում եւ խոսում էր հաղորդավարի հետ, որն իր հերթին դիմում էր նրան։
 
— Միսիս Մոնթագ,— ասում էր հաղորդավարը, եւ էլի ինչ֊որ բառեր։— Միսիս Մոնթագ, եւ էլի ինչ֊որ բան։ Հատուկ սարքը, որը ձեռք բերեցին հարյուր դոլարով, հարկ եղած պահին ավտոմատ կերպով արտաբերում էր կնոջ անունը։ Դիմելով իր լսարանին՝ հաղորդավարը դադար տվեց, եւ այդ պահին յուրաքանչյուր տան մեջ սարքը հնչեցնում էր տանտիրոջ անունը, իսկ մի այլ հատուկ սարքավորում, համապատասխանաբար, հեռուստաէկրանին փոփոխում էր հաղորդավարի շուրթերի ու դեմքի մկանների շարժումները։ Կասկած չկար, որ հաղորդավարը տան բարեկամն էր, սրտամոտ ծանոթը…
 
— Միսիս Մոնթագ, իսկ այժմ այստեղ նայեցեք։
 
Միլդրեդը թեքեց գլուխը, թեպետ ակնհայտ էր, որ չէր լսում։
 
Մոնթագն ասաց․
 
— Բավական է այսօր գործի չգնալ, եւ արդեն կարելի կլինի վաղն էլ չգնալ, ընդհանրապես չգնալ։
 
— Բայց դու հո այսօր կգնա՞ս,— բացականչեց Միլդրեդը։
 
— Դեռ չեմ որոշել։ Առայժմ մի սոսկալի ցանկություն ունեմ, ուզում եմ ամեն ինչ ջարդ ու փշուր անել։
 
— Մեքենայով գնա մի քիչ թարմացիր։
 
— Ո՛չ, շնորհակալություն։
 
— Բանալիները զարդասեղանի վրա են։ Երբ ես այդպիսի տրամադրության մեջ եմ լինում, միշտ նստում եմ մեքենա եւ մեկնում՝ ուր աչքս կտրի, միայն հնարավորին չափ արագ։ Ժամում իննսունհինգ մղոն սլանալը հիանալի օգնում է։ Երբեմն ողջ գիշեր պտտվում եմ, տուն եմ վերադառնում լուսաբացին, իսկ դու չես էլ իմանում։ Քաղաքից դուրս շատ հաճելի է։ Երբեմն անվի տակ սկյուռ է ընկնում, երբեմն՝ շուն։ Մի քիչ զբոսնիր։
 
— Ո՛չ, այսօր հարկավոր չէ։ Չեմ ուզում, որ այդ զգացումը ցրվի։ Գրողը տանի, ներսումս ինչ֊որ բան է եռում։ Չեմ հասկանում, թե ինչ է։ Ես այնպե՜ս դժբախտ եմ, այնպե՜ս չարացած, ինքս էլ չգիտեմ, թե ինչու։ Թվում է, փքվում եմ, ուռչում։ Ասես չափազանց շատ բան է հավաքվել մեջս… Թե ինչ, չգիտեմ։ Հնարավոր է, որ նույնիսկ սկսեմ գրքեր կարդալ։
 
— Բայց չէ՞ որ քեզ բանտ կնստեցնեն։— Կինը այնպես նայեց, կարծես նրանց միջեւ ապակե պատ կար։
 
Մոնթագը սկսեց հագնվել՝ անհանգիստ շրջելով ննջասենյակում։
 
— Թերեւս վատ միտք չէ, հարկավոր է բանտարկել ինձ, քանի դեռ որեւէ մեկին չեմ վնասել։ Դու լսեցի՞ր Բիթիին։ Լսեցի՞ր, թե ինչ էր ասում։ Նա ամեն ինչի համար պատասխան ունի։ Եվ իրավացի է, կարեւորը երջանկությունն է։ Զվարճությունն ամեն ինչ է։ Ես լսում էի նրան եւ կրկնում ինքս ինձ․ ո՛չ, ես դժբախտ եմ։
 
— Իսկ ես երջանիկ եմ,— Միլդրեդը շողարձակ ժպտաց։ — Եվ հպարտ եմ, որ երջանիկ եմ։
 
— Ես պետք է ինչ֊որ բան անեմ,— ասաց Մոնթագը։— Դեռեւս չգիտեմ՝ ինչ, բայց որեւէ կարեւոր բան։
 
— Ես ձանձրացել եմ այդ հիմարությունը լսելուց,— ասաց Միլդրեդը եւ կրկին շրջվեց հաղորդավարի կողմը։
 
Մոնթագը դիպավ ձայնի կարգավորիչին, եւ հաղորդավարը լռեց։
 
— Միլլի,— սկսեց Մոնթագը ու մի պահ լռեց։— Սա ախր ոչ միայն իմ, այլ նաեւ քո տունն է։ Եվ որպեսզի ազնիվ լինեմ, պետք է քեզ ասեմ։ Վաղուց պետք է ասեի, բայց նույնիսկ ինքս ինձ վախենում էի խոստովանել։ Ես քեզ ցույց կտամ այն, ինչ կլոր տարի թաքցրել եմ։ Տարվա ընթացքում հավաքել եմ, մեկ առ մեկ, գաղտագողի։ Ինքս էլ չգիտեմ՝ ինչու, բայց ահա, մի խոսքով, արել եմ, իսկ քեզ այդպես էլ չեմ ասել…
 
Նա վերցրեց թիկնաթոռը, անշտապ եւ հանգիստ տարավ նախասենյակ, դրեց մուտքի դռան մոտ, բարձրացավ աթոռին։ Մի րոպե անշարժացավ, ինչպես արձանը պատվանդանին, իսկ Միլդրեդը կողքին կանգնած սպասում էր։ Նա ետ տարավ պատի օդափոխիչ ցանցը, ձեռքը մտցրեց խողովակի մեջ, մի կողմ հրեց մետաղյա մի ցանց եւս ու մի գիրք հանեց։ Առանց նայելու նետեց հատակին։ Կրկին ձեռքը մտցրեց, հանեց եւս երկու գիրք ու նետեց հատակին։ Նա իրար ետեւից դովա էր հանում եւ նետում էր հատակին՝ փոքրածավալ, ստվար, դեղին, կարմիր, կանաչ կազմերով գրքեր։ Երբ վերջինը հանեց, Միլդրեդի ոտքերի առաջ ընկած էր մոտ քսան գիրք։
 
— Ներիր ինձ,— ասաց նա։— Ես արել եմ առանց մտածելու։ Իսկ հիմա պարզվում է, որ մենք երկուսով այս պատմության մեջ ենք խճճվել։
 
Միլդրեդը ընկրկեց, ասես իր առջեւ տեսել էր հատակի տակից դուրս ելած բազմաթիվ մկներ։ Մոնթագը լսում էր նրա ընդհատվող շնչառությունը, տեսնում նրա գունատ դեմքը, սառած, չռված աչքերը։ Միլդրեդը նորից ու նորից կրկնում էր Մոնթագի անունը, այնուհետեւ խղճալի հոգոց հանելով վազեց գրքերի կողմը, վերցրեց նրանցից մեկն ու նետվեց խոհանոց՝ աղբայրիչ վառարանի մոտ։
 
Մոնթագը բռնեց նրան։ Կինը ծղրտում էր եւ ճանկռտելով փորձում դուրս պրծնել։
 
— Ո՜չ, Մի՜լլի, ո՜չ։ Սպասի՛ր։ Վե՛րջ տուր, խնդրում եմ։ Դու ոչինչ չգիտես… Դե, վե՛րջ տուր…,— նա ապտակեց Միլդրեդին եւ ուսերից բռնելով՝ թափահարեց։
 
Կինը կրկին տվեց Մոնթագի անունը եւ արտասվեց։
 
— Մի՚լլի,— ասաց նա։— Լսիր ինձ։ Մի վայրկյան։ Աղաչում եմ։ Այժմ արդեն ոչինչ չենք կարող անել։ Այժմ չենք կարող այրել։ Ես ուզում եմ նախ նայել դրանք, հասկանո՞ւմ ես, գոնե մի անգամ նայել։ Եվ, եթե հրկիզապետն իրավացի է, միասին կայրենք։ Խոսք եմ տալիս, միասին կայրենք։ Դու պետք է օգնես ինձ։
 
Նա նայեց կնոջ դեմքին։ Բռնեց նրա կզակից։ Զննելով նրա դեմքը՝ Մոնթագը որոնում էր այնտեղ իրեն, որոնում էր հուզող հարցի պատասխանը՝ ինչպե՞ս վարվել։
 
— Ուզենք թե չուզենք, միեւնույն է, արդեն խճճվել ենք։ Ես քեզնից ոչինչ չեմ խնդրել այս բոլոր տարիներին, բայց այժմ խնդրում եմ, աղաչում եմ։ Մենք պետք է վերջապես ըմբռնենք՝ ինչպես առաջացավ այս թնջուկը՝ դու, այդ քնաբեր դեղահաբերը եւ գիշերային խելահեղ ուղեւորությունները մեքենայով, ես եւ իմ աշխատանքը։ Մենք սրընթաց անդունդն ենք գլորվում, Միլլի, բայց ես չեմ ուզում, գրողը տանի։ Մեզ համար հեշտ չի լինի։ Մենք նույնիսկ չգիտենք ինչից սկսել, բայց փորձենք ինչ֊որ կերպ գլուխ հանել, կշռադատել, օգնել միմյանց։ Նույնիսկ չեմ կարող ասել, թե հենց հիմա որքա՜ն է ինձ անհրաժեշտ քո օգնությունը։ Եթե դու դույզն իսկ սիրում ես ինձ, ապա կսպասես մեկ—երկու օր։ Ահա իմ խնդրանքը, եւ ամեն ինչ կավարտվի։ խոստանում եմ, երդվում եմ։ Եթե ինչ֊որ խելացի բան կա այս գրքերում, թեկուզ մտքի նշույլ համընդհանուր քաոսի մեջ, գուցե եւ կարողանանք փոխանցել ուրիշներին։
 
Միլդրեդն այլեւս չէր դիմադրում, եւ Մոնթագը բաց թողեց նրան։ Կինը ճոճվելով հեռացավ, ուժասպառ հենվեց պատին, ապա ծանրորեն սահեց հատակին։ Նա լուռ նստել էր հատակին՝ նայելով ցիրուցան գրքերին։ Ոտքը կպավ մի գրքի, եւ նա դանդաղ ետ քաշեց։
 
— Երեկ այն կինը… Դու այնտեղ չէիր, Միլլի, դու չես տեսել նրա դեմքը։ Քլարիսը նույնպես… Դու երբեք չես խոսել նրա հետ։ Իսկ ես խոսել եմ։ Բիթիի նման մարդիկ վախենում են նրանից։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են նրանք վախենում Քլարիսից եւ Քլարիսի նմաններից։ Բայց երեկ հերթապահության ժամանակ ես սկսեցի համեմատել Քլարիսին հրակայանի հրկիզողների հետ եւ հանկարծ հասկացա, որ ատում եմ նրանց, ատում եմ ինքս ինձ։ Ես մտածեցի՝ գուցե ավելի լավ կլիներ, եթե հրկիզողներն իրենք իրենց այրեին։
 
— Գա՜յ։
 
Շքամուտքի խոսափողը ցաձրաձայն կանչեց․ «Միսիս Մոնթագ, միսիս Մոնթագ, ձեզ են հարցնում, ձեզ են հարցնում»։
 
Լռություն։
 
Նրանք վախեցած նայում էին շքամուտքի դռանը, հատակին թափված գրքերի կույտին։
 
— Բիթին է,— արտասանեց Միլդրեդը։
 
— Չի կարող պատահել։ Նա չէ։
 
— Վերադարձել է,— շշնջաց կինը։
 
Եվ նորից խոսափողի խուլ ձայնը․ «Ձեզ են հարցնում»։
 
— Պետք չէ դուռը բացել։
 
Մոնթագը հենվեց պատին, ապա դանդաղ կքելով պպզեց եւ սկսեց շփոթահար ջոկջկել գրքերը՝ վերցնելով մերթ մեկը, մերթ մյուսը։ Նա ողջ մարմնով դողում էր եւ սաստիկ ցանկանում էր կրկին գրքերը թաքցնել օդափոխիչի մեջ։ Բայց գիտեր, որ ուժ չունի մի անգամ եւս հանդիպելու հրկիզապետ Բիթիին։ Նա պպզել էր, հետո պարզապես նստեց հատակին։ Ավելի համառորեն հնչեց խոսափողի ձայնը։ Մոնթագը հատակից վերցրեց հատորիկը։
 
— Ինչի՞ց սկսենք։— Նա գիրքը կեսից բացեց եւ ուշադիր նայեց։— Կարծում եմ, պետք է սկսել սկզբից…
 
— Նա ներս կմտնի,— ասաց Միլդրեդը,— եւ գրքերի հետ միասին մեզ էլ կայրի։
 
Խոսափողը վերջապես լռեց։ Լռություն։ Մոնթագը դռան ետեւում զգաց ինչ֊որ մեկի ներկայությունը, որ կանգնել, սպասում էր, թերեւս ականջ դնում։ Ապա քայլերի ձայներ լսվեցին։ Քայլերը հեռանում էին ճանապարհով։ Հետո անցան մարգագետնի միջով…
 
— Տեսնենք, թե ինչ է գրված,— ասաց Մոնթագը։ Այդ բառերը նա արտասանեց կմկմալով, ասես կաշկանդվում էր սաստիկ ամոթից։ Արագ թերթելով՝ Մոնթագը աչքի անցկացրեց տասնյակ էջեր, մինչեւ վերջապես կանգ առավ հետեւյալ տողերին․
 
«Հաշվված է, որ տասնմեկ հազար մարդ, զանազան ժամանակ, գերադասել են մահը, միայն թե չհնազանդվեն եւ չկոտրեն ձուն սուր ծայրից»<ref>[[Ջոնաթան Սվիֆտ]], [http://grapaharan.org/index.php/Գուլիվերի_ճանապարհորդությունները#.D4.B3.D5.AC.D5.B8.D6.82.D5.AD_.D5.B9.D5.B8.D6.80.D6.80.D5.B8.D6.80.D5.A4 Գուլիվերի Ճանապարհորդությունները, էջ 58]</ref>։
 
Միլդրեդը նստել էր նրա դիմաց։
 
— Դա ի՞նչ է նշանակում։ Ախր, ոչ մի իմաստ չկա։ Հրկիզապետը իրավացի էր։
 
— Սպասի՛ր,— պատասխանեց Մոնթագը։— Նորից սկսենք։ Հե՛նց սկզբից։
 
 
 
==Երկրորդ մաս — ՄԱՂԸ ԵՎ ԱՎԱԶԸ==
 
 
Ամբողջ օրը նրանք կարդում էին, իսկ երկնքից նոյեմբերյան սառն անձրեւը թափվում էր խաղաղված տան վրա։ Նրանք կարդում էին նախասենյակում։ Հյուրասենյակը ամայի ու գորշ էր թվում։ Նրա համրացած պատերին չէր խաղում գույների ծիածանը, չէին առկայծում հրավառության ցոլքերը, չկային ոսկեկար ցանցկեն զգեստներ հագած կանայք, եւ սեւ թավշյա կոստյումներով տղամարդիկ 100 ֆունտանոց ճագարներ չէին հանում արծաթավուն լայնեզր գլխարկներից։ Հյուրասենյակը մեռյալ էր։ Միլդրեդը սառած, անարտահայտիչ հայացքով շարունակ նայում էր լռին պատերին, իսկ Մոնթագը մերթ անհանգիստ չափչփում էր սենյակը, մերթ նորից պպզում եւ մի քանի անգամ բարձրաձայն կարդում որեւէ էջ։
 
«Դժվար է ասել, թե հատկապես որ պահին է ծնվում բարեկամությունը։ Ջուրը կաթիլ—կաթիլ լցնելիս, լինում է մի վերջին կաթիլ, որից հանկարծ բերնեբերան լցվում է անոթը եւ թափվում եզրից, ճիշտ նույնն է, երբ բարի արարքներից մեկը հանկարծ լիքը լցնում է սիրտդ»։
 
Մոնթագը նստեց՝ ականջ դնելով անձրեւի խշշոցին։
 
— Գուցե եւ հենց այդ էր, որ կար մեր հարեւան աղջկա մեջ։ Ես այնպես եմ ուզում հասկանալ նրան։
 
— Բայց նա մեռել է։ Ի սեր աստծո, խոսենք որեւէ ապրողի մասին։
 
Չնայելով կնոջը՝ Մոնթագը, ողջ մարմնով դողալով, կտրեց—անցավ նախասենյակը եւ մտավ խոհանոց։ Երկար կանգնեց պատուհանի մոտ՝ հայացքը ապակիները թմբկահարող անձրեւին։ Երբ անձրեւը դադարեց, նա վերադարձավ արդեն աղջամուղջով պատված նախասենյակ եւ վերցրեց նոր գիրք։
 
— Մեր նախասիրած թեման է․ «Իմ մասին»։
 
Նա խեթ֊խեթ նայեց պատին։
 
— Մեր նախասիրած թեման է․ «Իմ մասին»։
 
— Այ դա հասկանում եմ,— ասաց Միլդրեդը։
 
— Իսկ Քլարիսի համար բնավ էլ նախասիրած թեմա չէր։ Նա սիրում էր խոսել ուրիշների մասին, իմ մասին։ Նա առաջինն էր իմ կյանքում, որ ինձ իսկապես դուր եկավ։ Ծանոթներիս մեջ միակն էր, որ նայում էր ուղիղ աչքերիս, այնպես, ասես ինչ֊որ բան արժեմ։
 
Նա հատակից վերցրեց երկու գրքերը, որ քիչ առաջ կարդում էր։
 
— Այս մարդիկ մեռել են շատ տարիներ առաջ, բայց ես գիտեմ, որ նրանց բոլոր գրածներն այսպես թե այնպես կապված են Քլարիսի հետ։
 
Դրսից թույլ ճանկռտոց լսվեց։
 
Մոնթագը քարացավ։ Միլդրեդը, ծանր շնչելով, սեղմվեց պատին։
 
— Դռան ետեւում ինչ֊որ մեկը կա… Ինչո՞ւ է խոսափողը լռում։
 
— Անջատել եմ։
 
Դռան ետեւից լսվում էր թույլ ֆսֆսոց, էլեկտրաջեռուցման թեթեւ թշշոց։
 
Միլդրեդը ծիծաղեց։
 
— Ախր դա պարզապես շուն է… Վռնդե՞մ։
 
— Չհամարձակվես։ Տե՛ղդ նստիր։
 
Լռության։ Դրսում սառն անձրեւ էր մաղում։ Իսկ փակ դռան տակից փչում էր էլեկտրական կապույտ պարպումների նուրբ հոտը։
 
— Շարունակենք,— հանգիստ ասաց Մոնթագը։
 
Միլդրեդը ոտքով հարվածեց գրքին։
 
— Գրքերը մարդիկ չեն։ Դու կարդում ես, ես նայում եմ շուրջս, բայց ոչ ոք չկա։
 
Մոնթագը նայում էր հյուրասենյակի պատերին, մեռած ու գորշ, ինչպես օվկիանոս, որ պատրաստ է ալեկոծվելու, եռալու կյանքով, եթե միայն միացվի էլեկտրական արեւը։
 
— Իսկ «ազգականները» կենդանի մարդիկ են։ Նրանք ինչ֊որ բան են ասում ինձ, ես ծիծաղում եմ, նրանք ծիծաղում են։ Հապա գույնե՜րը…
 
— Այո՛, գիտեմ։
 
— Բացի այդ, եթե հրկիզապետ Բիթին իմանա այս գրքերի մասին…,— Միլդրեդը մտածմունքի մեջ ընկավ։ Դեմքի զարմանքը փոխվեց սարսափի։
 
— Նա կարող է գալ այստեղ, այրել տունը, «ազգականներին», ամեն ինչ։ Սոսկալի՜ է։ Նապա մտածի՛ր, թե որքան փող ենք ներդրել այս տան վրա։ Ինչո՞ւ ես պետք է կարդամ այս գրքերը, հանուն ինչի՞։
 
— Ինչո՞ւ, հանուն ինչի՞,— գոչեց Մոնթագը։— Անցած գիշեր ես օձ տեսա։ Աշխարհում ավելի արգահատելի բան չկա։ Նա կարծես սատկած էր, բայց միաժամանակ կենդանի։ Նա կարող էր տեսնել, բայց չէր տեսնում։ Ուզո՞ւմ ես տեսնել այդ օձին։ Նա անհետաձգելի օգնության հիվանդանոցում է, այնտեղ մանրամասն գրված է, թե ինչպիսի աղտեղություն դուրս քաշեց քեզնից։ Գուցե գնա՞ս այնտեղ, ընթերցե՞ս քարտարանում պահվող գրառումը։ Միայն թե չգիտեմ՝ ի՞նչ խորագրի տակ փնտրել՝ «Գայ Մոնթագ», թե՞ «Սարսափ» կամ «Պատերազմ»։ Իսկ գուցե գնաս տեսնես այն տունը, որ անցած գիշեր այրվե՞ց։ Մոխրի մեջ պեղես այն կնոջ ոսկորները, որը ողջակիզվեց իր տան հետ միասին։ Իսկ Քլարիս Մըքլե՞լընը։ Որտե՞ղ փնտրել հիմա նրան։ Դիարանո՞ւմ։ Ահա լսի՛ր։
 
Տան վերեւում իրար ետեւից սրընթաց անցան ռմբակոծիչները, անցան հռնդյունով, դղրդյունով, սուլոցով, ասես անտեսանելի վիթխարի օդափոխիչ էր պտտվում երկնքի դատարկ խոռոչում։
 
— Տե՜ր աստված, — բացականչեց Մոնթագը,— ամեն ժամ նրանք ոռնում են մեր գլխավերեւում։ Մեր կյանքի ամեն վայրկյանը հագեցված է այդ դժոխային ռմբակոծիչներով։ Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում այդ մասին։ 1960 թվականից հետո մենք սկսել ենք եւ հաղթել երկու ատոմային պատերազմում։ Մի՞թե պատճառն այն չէ, որ զվարճանալով տանը, լիովին մոռացել ենք մնացյալ աշխարհը։ Արդյոք այն պատճառով չե՞նք այսպես հարուստ, որ աշխարհն այնքան աղքատ է, իսկ մեր հոգն էլ չէ։ Ես լսել եմ, որ ամենուր մարդիկ կիսաքաղց են, իսկ մենք կուշտ ենք։ Արդյոք ճի՞շտ է, որ ողջ աշխարհը տաժանակիր աշխատում է, իսկ մենք զվարճանում ենք։ Դրա համար չէ՞, որ սաստիկ ատում են մեզ։ Ես վաղուց եմ լսել, որ բոլորն ատում են մեզ։ Իսկ գիտե՞ս, թե ինչու։ Ես չգիտեմ։ Գուցե այս գրքե՞րը բացեն մեր աչքերը։ Գուցե դրա՞նք նախազգուշացնեն մեզ՝ չկրկնել նույն անուղղելի սխալները։ Ես չեմ հիշում, թե քո հյուրասենյակի այդ ապուշները երբեւէ այդ մասին խոսած լինեն։ Աստվա՜ծ իմ, Միլլի, ախր, ինչպե՞ս չես հասկանում։ Եթե օրական մի քիչ կարդանք, ասենք, օրը մի ժամ, երկու ժամ, գուցե թե…
 
Հեռախոսը զնգաց։ Միլդրեդը ճանկեց լսափողը։
 
— Աանա։— Նա ուրախացած ծիծաղեց։֊— Այո՛, Սպիտակ ծաղրածուն է երեկոյան ծրագրով։
 
Մոնթագը գնաց դեպի խոհանոց եւ գիրքը նետեց սեղանին։
 
«Մոնթագ,— դիմեց ինքն իրեն,— դու իսկապես հիմար ես։ Սակայն ինչպե՞ս վարվել։ Գրքերի մասին հայտնել կայա՞ն։ Մոռացությա՞ն տալ»։— Նա կրկին բացեց գիրքը, ջանալով չլսել Միլդրեդի ծիծաղը։
 
«Խե՜ղճ Միլլի,— մտածեց նա։— Խե՜ղճ Մոնթագ։ Չէ՞ որ դու նույնպես գլուխ չես հանում։ Որտեղից օգնություն խնդրել, որտե՞ղ ուսուցիչ գտնել, երբ արդեն այդքան ժամանակ կորսված է»։
 
Չպետք է հանձնվել։ Նա փակեց աչքերը։ Դե, իհարկե, նա կրկին զգաց, որ մտածում է քաղաքային զբոսայգու մասին, ուր մի տարի առաջ անցողակի մտել էր։ Վերջերս հաճախ էր հիշում այդ մասին։ Եվ այժմ էլ հիշողության մեջ պարզորոշ գծագրվեց այն ամենը, ինչ կատարվեց այդ օրը՝ զբոսայգում․ սաղարթախիտ անկյունը, նստարանին նստած սեւ կոստյումով ծերուկը, որ, Մոնթագին տեսնելով, արագորեն ինչ֊որ բան խոթեց վերարկուի գրպանը։
 
… Ծերուկը տեղից վեր ցատկեց, ասես ուզում էր վազել։ Իսկ Մոնթագն ասաց․
 
— Սպասե՛ք։
 
— Ես ոչ մի մեղք չունեմ,— դողահար բացականչեց նա։
 
— Իսկ ո՞վ ասաց, թե դուք մեղավոր եք։
 
Որոշ ճամանակ նրանք լուռ նստել էին կանաչ սաղարթների աղոտ ցոլքերի մեջ։ Հետո Մոնթագը խոսք բացեց եղանակի մասին, եւ ծերուկը պատասխանեց ցածր, թույլ ձայնով։ Դա տարօրինակ, խաղաղ հանդիպում էր։ Ծերուկը խոստովանեց, որ ինքը անգլերեն լեզվի պաշտոնանկ պրոֆեսոր է, աշխատանքից զրկվել է քառասուն տարի առաջ, երբ ուսանողների եւ նյութական աջակցության բացակայության պատճառով փակվեց հումանիտար գիտությունների վերջին քոլեջը։ Անունը Ֆաբեր էր, եւ երբ նա այլեւս չէր վախենում Մոնթագից, դարձավ շատախոս։ Սկսեց խոսել ցածր, համաչափ ձայնով, նայելով երկնքին, ծառերին, զբոսայգու կանաչ բացատներին։ Նրանք զրուցեցին շուրջ մեկ ժամ։ Հանկարծ ծերուկը ինչ֊որ բան արտասանեց, եւ Մոնթագը հասկացավ, որ անհանգ բանաստեղծություն է։ Հետո, սիրտ առնելով, կրկին ինչ֊որ բան արտասանեց՝ նույնպես բանաստեղծություն։ Ձեռքը սեղմելով վերարկուի ձախ գրպանին՝ Ֆաբերը քնքշորեն արտաբերում էր բառերը։ Մոնթագն զգաց, որ եթե ձեռքը մեկնի, ծերուկի գրպանից բանաստեղծությունների հատորյակ կհանի։ Բայց նա չմեկնեց։ Նրա ձեռքերն անզգա ընկած էին ծնկներին։
 
— Չէ՞ որ ես խոսում եմ ոչ թե բուն իրերի մասին, սը՛ր,— ասաց Ֆաբերը։— Ես խոսում եմ իրերի էության մասին։ Նստած եմ այստեղ եւ գիտեմ, որ ապրում եմ։
 
Ահա այն ամենը, ինչ տեղի ունեցավ այն ժամանակ։ Մեկ ժամ տեւած մենախոսություն, բանաստեղծություններ ու մեկնաբանություններ, իսկ հետո ծերուկը դողացող մատներով թղթի կտորի վրա գրեց իր հասցեն։ Մինչ այդ պահը երկուսն էլ խուսափում էին հիշատակել, որ Մոնթագը հրկիզող է։
 
— Ձեր քարտարանի համար է,— ասաց ծերուկը,— եթե ձեր մտքով անցնի բարկանալ ինձ վրա։
 
— Ես չեմ բարկանում,— զարմացած ասաց Մոնթագը։
 
Նախասենյակից լսվեց Միլդրեդի անզուսպ քրքիջը։
 
Բացելով ննջարանի պատի պահարանը՝ Մոնթագը թերթեց «Ենթակա են հետաքննության» (?) մակագրությամբ արկղի քարտերը։ Դրանց մեջ էր Ֆաբերի քարտը։ Այն ժամանակ Մոնթագը չէր մատնել նրան, բայց եւ հասցեն չէր ոչնչացրել։
 
Նա հավաքեց հեռախոսի համարը։ Հեռախոսալարի մյուս ծայրին ազդանշանը մի քանի անգամ կրկնեց Ֆաբերի անունը, եւ, վերջապես, ընկալուչում լսվեց պրոֆեսորի թույլ ձայնը։ Մոնթագը ներկայացավ։ Տիրեց երկարատեւ լռություն։ Եվ ապա՝
 
— Այո՛, միստր Մոնթագ։
 
— Պրոֆեսոր Ֆաբեր, ես ուզում եմ ձեզ ոչ այնքան սովորական մի հարց տալ։ Մեր երկրում քանի «Աստվածաշունչ» է մնացել։
 
— Չեմ հասկանում՝ ինչի՞ մասին եք խոսում։
 
— Ես ուզում եմ իմանալ՝ գեթ մի օրինակ «Աստվածաշունչ» մնացե՞լ է։
 
— Ուզում եք ծուղա՞կը գցել ինձ։ Ես չեմ կարող պատահական մարդկանց հետ խոսել հեռախոսով։
 
— Քանի՞ օրինակ է մնացել Շեքսպիրի, Պլատոնի ստեղծագործություններից։
 
— Ոչ մի, դուք ինձնից լավ գիտեք։ Ո՛չ մի։
 
Ֆաբերը նետեց ընկալուչը։
 
Մոնթագը նույնպես ցած դրեց ընկալուչը։ Ո՛չ մի։ Հրակայանի ցուցակից Մոնթագն ինքն էլ գիտեր։ Սակայն, չգիտես ինչու, նա ցանկանում էր լսել հենց Ֆաբերից։
 
Նախասենյակում հանդիպեց Միլդրեդին, նրա դեմքը հուզմունքից շառագունել էր։
 
— Այսօր մեզ հյուր են գալու տիկինները։
 
Մոնթագը նրան ցույց տվեց մի գիրք։
 
— Սա Հին եւ Նոր կտակարանն է, եւ գիտե՞ս, Միլդրեդ…
 
— Խնդրում եմ, մի՛ սկսիր…
 
— Սա, հնարավոր է, միակ փրկված օրինակն է՝ մեր աշխարհամասում։
 
— Բայց դու պետք է այսօր եւեթ վերադարձնես։ Չէ՞ որ հրկիզապետ Բիթին գիտի այդ գրքի մասին։
 
— Հազիվ թե իմանա՝ հատկապես ի՞նչ գիրք եմ բերել։ Կարելի է մեկ ուրիշը հանձնել։ Բայց ո՞րը։ Ջե՞ֆերսոնը<ref>Թոմաս Ջեֆերսոն (1743 — 1826) — ամերիկյան լուսավորիչ, ԱՄՆ֊ի անկախության դեկլարացիայի նախագծի հեղինակը։</ref>։ Գուցե Թո՞րոն<ref>Հենրի Դեյվիդ Թորո (1817 — 1862) — ամերիկյան փիլիսոփա եւ հրապարակախոս։</ref>։ Ո՞րն է պակաս արժեքավոր։ Եվ հետո, եթե ես փոխեմ, եւ Բիթին իմանա, թե հատկապես ո՛ր գիրքն եմ գողացել, նա գլխի կընկնի, որ մեզ մոտ մի ամբողջ գրադարան կա։
 
Միլդրեդի շրթունքները ջղաձգվեցին։
 
— Հապա մտածիր, թե ինչ ես անում։ Դու մեզ կկործանես։ Քեզ համար ո՞վ է կարեւոր՝ ե՞ս, թե «Աստվածաշունչը»։
 
Նա արդեն նորից ջղային ճչում էր՝ սեփական տաքությունից հալվող մոմե տիկնիկի նման։
 
Բայց Մոնթագը չէր լսում նրան, նա լսում էր Բիթիի ձայնը։
 
«Նստեցեք, Մոնթագ։ Նայեցեք։ Վերցնում ենք առաջին էջը։ Զգուշությամբ, ինչպես ծաղկաթերթ, այրում ենք։ Հետո՝ երկրորդը։ Կրակը դրանք վեր է ածում սեւ թիթեռների։ Գեղեցիկ է, չէ՞։ Այժմ երկրորդ էջից կպցրեք երրորդը եւ այդպես շղթայաբար, էջ առ էջ, գլուխ առ գլուխ, բոլորը հիմարություններ են՝ ամփոփված բառերում, բոլորը՝ սուտ խոստումներ, հնամաշ մտքեր, իր դարն ապրած փիլիսոփայություն»։
 
Բիթին նստել էր քրտնաթոր ճակատով, իսկ նրա շուրջը հատակը ծածկված էր սեւ թիթեռների դիակներով, որոնք զոհվել էին բոցեղեն մրրիկի մեջ։
 
Միլդրեդը լռեց նույնքան անսպասելի, ինչպես սկսել էր ճչալ։ Մոնթագը նրա վրա ուշադրություն չէր դարձնում։
 
— Մի ելք է մնում,— ասաց նա։— Մինչեւ երեկո, երբ ես ստիպված կլինեմ գիրքը հանձնել Բիթիին, պետք է պատճենահանեմ։
 
— Դու տանը կլինե՞ս, երբ Սպիտակ ծաղրածուի ծրագիրն սկսվի եւ տիկինները հյուր գան,— բղավեց Միլդրեդը նրա ետեւից։
 
Չշրջվելով՝ Մոնթագը կանգ առավ դռների մեջ։
 
— Մի՛լլի։
 
Լռություն։
 
— Ի՞նչ։
 
— Միլլի, Սպիտակ ծաղրածուն սիրո՞ւմ է քեզ։
 
Ոչ մի պատասխան։
 
— Միլլի,— նա լիզեց չոր շրթունքները,— արդյոք քո «ազգականները» սիրո՞ւմ են քեզ։ Սիրում են ամբողջ սրտով ու հոգո՞վ։ Հա՞, Միլլի։
 
Մոնթագն զգաց, որ կինը աչքերը շփոթահար թարթելով նայում է իր ծոծրակին։
 
— Ինչո՞ւ ես այդպիսի հիմար հարցեր տալիս։
 
Մոնթագն ուզում էր լաց լինել, բայց շրթունքներն ամուր սեղմված էին, եւ աչքերում արցունք չկար։
 
— Եթե դռան ետեւում շուն տեսնես, իմ փոխարեն ոտքով կխփես,— ասաց Միլդրեդը։
 
Նա անվճռական կանգնել էր դռան առաջ, ականջ դնելով։ Ապա բացեց եւ դուրս ելավ։
 
Անձրեւը դադարել էր, անամպ երկնքում արեւը թեքվում էր դեպի մայրամուտ։ Տան շրջակայքում ոչ ոք չկար, փողոցն ու մարգագետինն ամայի էին։
 
Մոնթագը թեթեւ հոգոց հանեց, ապա ետեւից շրխկացրեց դուռը։
 
Մոնթագը մետրո գնաց։
 
«Ասես ամբողջովին քարացել եմ,— մտածեց նա։— Այդ երբվանի՞ց սկսվեց։ Ե՞րբ կարծրացան դեմքս, մարմինս, արդյո՞ք այն գիշեր, երբ խավարում ոտքով բախվեցի դեղահաբի սրվակին, որն ասես թաքցրած ական լիներ։
 
Կանցնի, մտածեց նա։ Գուցե ոչ միանգամից, թերեւս՝ մի առժամանակ հետո։ Բայց ես ամեն ինչ կանեմ, որ անցնի, եւ Ֆաբերն էլ կօգնի ինձ։ Ինչ—որ մեկը կվերադարձնի իմ նախկին դեմքը, իմ ձեռքերը, նրանք կրկին կդառնան այնպիսին, ինչպիսին եղել են։ Հիմա նույնիսկ ժպիտը՝ հրկիզողի սովորական ժպիտը, լքել է ինձ։ Առանց նրա ես կորած եմ»։
 
Լուսամուտներում առկայծում էին թունելի պատերը՝ բաց դեղնավուն հախճասալիկներ եւ թանձր խավար, թվեր եւ նորից խավար, ամեն ինչ սլանում էր կողքով, գումարվում ընդհանուրին։
 
Մի անգամ, երբ ինքը դեռ երեխա էր, ամառվա մի շոգ օր նստել էր ծովափի դեղին ավազաթմբին եւ փորձում էր ավազը լցնել մաղը, որովհետեւ իր չարասիրտ զարմիկն ասել էր․ «Եթե մաղն ավազով լցնես, տասը սենթ կտամ»։ Բայց որքան ավելի արագ էր նա լցնում մաղը, նույնքան արագ էր ավազը չոր խշշոցով թափվում։ Նրա ձեռքերը հոգնել էին, ավազն այրում էր կրակի նման, իսկ մաղը դատարկ էր։ Հուլիսյան այդ տոթ օրը նա լուռ նստել էր ծովափին, եւ արցունքները հոսում էին այտերով։
 
Այժմ, երբ օդամուղ գնացքը թռցնում էր նրան, ցնցելով ու ճոճելով ստորերկրյա դատարկ միջանցքներում, նա հիշեց մաղի անողոք տրամաբանությունը եւ հայացքը ցած հառելով, հանկարծ տեսավ, որ ձեռքին պահել է բաց «Աստվածաշունչը»։ Վագոնում մարդիկ կային, բայց նա, չթաքցնելով, գիրքը պահում էր ձեռքում, եւ հանկարծ գլխով անցավ անհեթեթ մի միտք, եթե արագ ու անընդհատ կարդա, ապա գուցե եւ մաղում մի քիչ ավազ մնա։ Նա սկսեց կարդալ, բայց բառերը շաղվում էին, իսկ չե՞ որ մի քանի ժամ հետո նա կտեսնի Բիթիին եւ նրան կհանձնի գիրքը, ուստի ոչ մի արտահայտություն չպետք է սպրդի, հարկավոր է հիշել յուրաքանչյուր տողը։ «Ես պետք է այդ անեմ, ես կստիպեմ ինձ այդ անել»։
 
Նա ջղաձգորեն սեղմեց գիրքը։
 
Վագոնում ոռնում էին բարձրախոսները․
 
— «Դենըմ» ատամի մածուկ։
 
— Լռիր,— մտածեց Մոնթագը։— «Նայեցեք վայրի շուշանին, ինչպե՜ս է աճում»<ref>Ավետարան ըստ Մաթեոսի (Ջ, 28)։ Արտահայտությունը հետեւյալն է․ «Նայեցեք վայրի շուշանին, ինչպե՜ս է աճում։ Ո՛չ ջանք է թափում եւ ոչ հյուսում է։</ref>։
 
— «Դենըմ» ատամի մածուկ։
 
«Ոչ ջանք է թափում…»։
 
— «Դենըմ»…
 
«Նայեցեք վայրի շուշանին…»։ Լռիր, վերջապես, լռիր…
 
— Ատամի մածո՜ւկ…
 
Նա նորից բացեց գիրքը, սկսեց տենդագին թերթել էջերը, որոնք նա շոշափում էր կույրի պես, անթարթ նայում ամեն մի տողի, ամեն մի տառի։
 
— «Դենըմ»։ Տառ առ տառ՝ դ—ե—ն…
 
«Ոչ ջանք է թափում ու ոչ հյուսում է»։
 
Մաղից թափվող չոր ավազի խշշոց։
 
— «Դենըմը» թարմացնում է…
 
«Նայեցեք վայրի շուշանին, շուշանին, շուշանին»։
 
— Ատամները մաքրող «Դենըմ»։
 
— Լռեցե՜ք, լռեցե՜ք, լռեցե՜ք…,— այս աղերսանքը, օգնության կանչը այնպիսի ուժով դուրս պոկվեց Մոնթագի կրծքից, որ ինքն էլ չնկատեց՝ ինչպես ոտքի թռավ։ Աղմկոտ վագոնի շփոթված ուղեւորները վախեցած մի կողմ թեքվեցին խելացնոր, աղաղակից կարմրատակած դեմքով, բորբոքված շրթունքներով մարդուց, որ ձեռքին սեղմել էր բաց գիրքը։ Բոլորը երկյուղով էին նայում նրան, բոլորը, ովքեր մի րոպե առաջ հանգիստ, ոտքերով չափ էին տալիս գովազդերին՝ «Դենըմ», «Դենըմ» ատամի մածուկ, «Դենըմ», «Դենըմ» ատամի մածուկ՝ մեկ—երկու, մեկ—երկու, մեկ—երկու—երեք, մեկ—երկու, մեկ—երկու, մեկ—երկու—երեք… Բոլորը, ովքեր մեքենաբար քթի տակ դնդնում էին․ «Մածուկ, մածուկ, ատամի մածուկ, մածուկ, մածուկ, ատամի մածուկ…»։
 
Եվ ասես ի հատուցումն, ռադիոն Մոնթագի վրա մի տոննա երաժշտություն թափեց՝ մետաղի շռինդի, թիթեղի, պղնձի, արծաթի, արույրի զնգոցների տարափ։ Մարդիկ ստիպված էին խաղաղվել, քանի որ փախչելու տեղ չունեին, հսկա օդամուղ գնացքը սլանում էր ստորգետնյա խոր թունելով։
 
— Վայրի շուշան…
 
— «Դենըմ»։
 
— Ասացի՝ շուշան…
 
Մարդիկ զարմանքով նայեցին նրան․
 
— Ուղեկցորդին կանչեք։
 
— Խելքը թռցրել է…
 
— Նոլ Վյու կայարան։
 
Գնացքը սուլոցով օդ բաց թողեց եւ կանգ առավ։
 
— Նոլ Վյու,— բարձր։
 
— «Դենըմ»,— շշուկով։
 
Մոնթագի շուրթերը հազիվ էին շարժվում։
 
— Շուշան…
 
Ֆշշալով վագոնի դուռը բացվեց, Մոնթագը դեռեւս կանգնած էր։ Հեւոց արձակելով՝ դուռն սկսեց փակվել։ Եվ միայն այդ ժամանակ Մոնթագը շարժվեց առաջ՝ հրմշտելով մյուս ուղեւորներին եւ շարունակելով անձայն գոռալ՝ փակվող դռան նեղ ճեղքից ժամանակին դուրս նետվեց կառամատույց։ Նա վազեց թունելի սպիտակ հախճասալիկների վրայով՝ ուշադրություն չդարձնելով շարժասանդուղքներին, որովհետեւ ցանկանում էր զգալ՝ ինչպես են շարժվում իր ոտքերը, ձեռքերը, ինչպես են պրկվում ու թուլանում թոքերը, ամեն մի ներշնչման եւ արտաշնչման ժամանակ՝ ինչպես է օդը քերծում կոկորդը։ Նրան հետապնդում էր նույն ձայնը՝ «Դենըմ», «Դենըմ», «Դենըմ»։
 
Օձի նման ֆշշալով՝ գնացքն անհետացավ մութ թունելում։
 
— Ո՞վ է։
 
— Ես եմ, Մոնթագը։
 
— Ի՞նչ եք ուզում։
 
— Ներս թողեք ինձ։
 
— Ես ոչինչ չեմ արել։
 
— Ես մենակ եմ։ Հասկանո՞ւմ եք, մենակ եմ։
 
— Երդվեցեք։
 
— Երդվում եմ։
 
Դուռը դանդաղ բացվեց, Ֆաբերը դուրս նայեց։ Ցերեկվա պայծառ լույսի տակ նա շատ ծեր էր թվում, թուլակազմ, վախեցած։ Ծերուկն այնպիսի տեսք ուներ, ասես երկար տարիներ տնից դուրս չէր եկել։ Նրա դեմքը եւ սենյակի սպիտակ սվաղած պատերը նույն գույնի էին։ Ճերմակ էին թվում նրա եւ՛ շուրթերը, եւ՛ այտերի մաշկը, եւ՛ մազերը, եւ՛ խամրած գորշակապույտ աչքերը։ Բայց հանկարծ նրա հայացքն ընկավ այն գրքին, որ Մոնթագը պահել էր թեւի տակ, եւ ծերուկը միանգամից փոխվեց, այժմ նա ոչ այդքան ծեր էր թվում, ոչ էլ թույլ։ Նրա վախը կամաց—կամաց անցնում էր։
 
— Ներեցեք, ստիպված ենք զգուշավոր լինել։
 
Ֆաբերի աչքերը գամված էին գրքին։
 
— Ուրեմն՝ ճի՞շտ է։
 
Մոնթագը ներս մտավ։ Դուոը փակեց։
 
— Նստեցեք,— Ֆաբերը ետ քաշվեց, աչքը չկտրելով գրքից, ասես վախենում էր, թե կանհետանա, եթե գեթ մի վայրկյան հայացքը թեքի։ Նրա ետեւում ննջարանի բաց դուռն էր, ներսում՝ սեղանը, որի վրա խառնիխուռն թափված էին ինչ֊որ մեխանիզմների մասեր եւ աշխատանքային գործիքներ։ Մոնթագն այդ ամենը նշմարեց սոսկ անցողակի, որովհետեւ Ֆաբերը՝ նկատելով, թե ինչ ուղղությամբ է նայում նա, արագ շրջվելով՝ ծածկեց դուռը։ Նա կանգնել էր, դողացող ձեռքով սեղմելով բռնակը։ Ապա անվճռական հայացքը հառեց Մոնթագին։
 
Այժմ Մոնթագը նստել էր՝ ծնկների վրա պահելով գիրքը։
 
— Այդ գիրքը… Որտե՞ղ եք դուք…
 
— Գողացել եմ։
 
Ֆաբերն առաջին անգամ նայեց ուղիղ Մոնթագի աչքերին։
 
— Դուք խիզախ մարդ եք։
 
— Ոչ,— ասաց Մոնթագը։— Բայց իմ կինը մեռնում է։ Աղջիկը, որ իմ բարեկամն էր, մեռել է արդեն։ Մի կին, որ կարոդ էր դառնալ իմ բարեկամը, ողջ—ողջ այրվեց մի օր առաջ։ Դուք միակն եք, որ կարող եք օգնել ինձ։ Ես ուզում եմ տեսնե՜լ։ Տեսնե՜լ…
 
Ֆաբերի ձեռքերը, որ դողում էին անհամբերությունից, պարզվեցին դեպի գիրքը։
 
— Կարելի՞ է։
 
— Այո՛, իհարկե։ Ներեցեք։— Մոնթագը նրան տվեց գիրքը։
 
— Որքա՜ն ժամանակ է անցել… Ես երբեք կրոնասեր չեմ եղել… Բայց որքան ժամանակ է անցել այն օրերից…,— Ֆաբերը թերթում էր գիրքը, որոշ հատվածներ կարդալով։— Ճիշտ նույնն է, այնպիսին, ինչպիսին ես հիշում եմ։ Աստվա՜ծ իմ, իսկ ինչպես են հիմա աղճատում մեր հեռուստատեսային հյուրասենյակներում․ Քրիստոսը դարձել է «ազգականներից» մեկը։ Ես հաճախ եմ մտածում՝ կճանաչե՞ր տեր աստվածը իր որդուն։ Մենք այնպես ենք նրան պճնազարդել։ Կամ, ավելի լավ է ասել, մերկացրել ենք։ Այժմ նա իսկական անանուխի ծամոն է դարձել, քաղցրավենիք, հյութ, սառնաշաքար, եթե իհարկե, չի զբաղվում որեւէ ապրանքի քողարկված ռեկլամով, առանց որի, իբր, չի կարող յոլա գնալ հավատացյալը։
 
— Գիտե՞ք, գրքերից մշկընկույզի կամ էլ անդրծովյան հեռավոր երկրներից բերված համեմունքի հոտ է գալիս։ Մանկուց ես սիրում էի հոտոտել գրքերը։ Աստվա՜ծ իմ, որքան հիանալի գրքեր կային, երբ դեռեւս մենք մեզ թույլ չէինք տալիս ոչնչացնել դրանք։
 
Նա թերթում էր էջերը։
 
— Միստր Մոնթագ, դուք ձեր առջեւ տեսնում եք վախկոտ մի մարդու։ Ես դեռ այն ժամանակ գիտեի, տեսնում էի, թե ուր ենք գլորվում, սակայն լռում էի։ Ես անմեղներից մեկն էի, նրանցից, ովքեր կարող էին ձայն բարձրացնել, երբ ոչ ոք արդեն չէր ուզում լսել «մեղապարտներին»։ Բայց ես լռեցի եւ, այդպիսով, հանցակից դարձա։ Եվ երբ, վերջապես, նրանք համակվեցին գրքերն այրելու գաղափարով, այդ գործում ներքաշելով հրկիզողներին, ես փոքրինչ փնթփնթացի ու հաշտվեցի, որովհետեւ ոչ ոք չսատարեց ինձ։ Իսկ հիմա չափազանց ուշ է։
 
Ֆաբերը փակեց «Աստվածաշունչը»։
 
— Այժմ ասացեք՝ ինչո՞ւ եք եկել ինձ մոտ։
 
— Ես զրուցելու կարիք ունեմ, բայց ոչ ոք չի լսում։ Ես չեմ կարող խոսել պատերի հետ, նրանք գոռում են ինձ վրա։ Չեմ կարող խոսել կնոջս հետ, նա լսում է միայն պատերին։ Ուզում եմ, որ մեկը լսի ինձ։ Եթե երկար խոսեմ, ապա հնարավոր է, ինչ֊որ խելամիտ բան ասեմ։ Եվ հետո ուզում եմ, որ դուք ինձ սովորեցնեք հասկանալ կարդացածս։
 
Ֆաբերը ակնապիշ նայեց Մոնթագի նիհար, սափրված, կապտաբծերով դեմքին։
 
— Ի՞նչն է ձեզ այդպես ցնցել։ Ի՞նչն է ձեր ձեռքից ցած գցել հրկիզողի ջահը։
 
— Չգիտեմ։ Մենք ամեն ինչ ունենք երջանիկ լինելու համար, բայց դժբախտ ենք։ Ինչ—որ բանում վրիպել ենք։ Ես ամենուրեք փնտրել եմ։ Իմացածս միակ բանը, որ նախկինում եղել է, իսկ այժմ չկա, գրքերն են, որոնք ես ինքս այրում եմ ահա արդեն տասը—տասներկու տարի։ Եվ ես մտածեցի՝ թերեւս գրքերն էլ օգնեն ինձ։
 
— Դուք անհուսալի երազող եք,— ասաց Ֆաբերը։— Այդ ամենը չափազանց ծիծաղելի կլիներ, եթե այդքան լուրջ չլիներ։ Ձեզ ոչ թե գրքեր են հարկավոր, այլ այն, ինչ երբեւէ եղել է դրանցում, ինչը կարող էր այժմ էլ լինել մեր հյուրասենյակների ծրագրերում։ Մանրամասների նկատմամբ նույնպիսի ուշադրություն եւ իրազեկություն կարող էր ցուցաբերվել եւ մեր ռադիո ու հեռուստատեսային հաղորդումներում։ Բայց, ավա՜ղ, նրանք այդ չեն անում։ Ո՛չ, ո՛չ, գրքերը միանգամից չեն տա ձեր փնտրածը։ Պետք է ինքներդ փնտրեք ամենուրեք, հին կինոնկարներում, վաղեմի ընկերների շրջանում։ Փնտրեք որտեղ հնարավոր է՝ հին գրամաֆոնային ձայնապնակներում, ձեր շրջակա բնության մեջ, հենց ձեր մեջ։ Գրքերը սոսկ մեկն են այն շտեմարաններից, որտեղ կուտակում ենք այն, ինչ վախենում ենք մոռանալ։ Նրանց մեջ չկա ոչ մի գաղտնիք, ոչ մի կախարդանք։ Կախարդանքը սոսկ այն է, ինչ ասում են գրքերը, այն, թե ինչպես են նրանք հավաքում, մի ամբողջական միասնության մեջ միացնում տիեզերքի տարբեր ծվենները։ Իհարկե, դուք չէիք կարող այդ իմանալ։ Դուք հավանաբար հիմա էլ լիովին չեք հասկանում, թե ինչի մասին եմ խոսում։ Դուք բնազդաբար ճիշտ եզրակացության եք հանգել, մեզ պակասում է երեք բան։ Առաջինը, գիտե՞ք, արդյոք, ինչո՞ւ են մեզ համար այդքան կարեւոր այսպիսի գրքերը։ Որովհետեւ որակ ունեն։ Իսկ ի՞նչ է նշանակում որակ։ Ինձ համար դա նախ գրքի հյուսվածքն է։ Այս գիրքը ծակոտիներ ունի, շնչում է։ Դիմագիծ ունի։ Կարելի է ուսումնասիրել մանրադիտակով։ Եվ դուք նրա մեջ կգտնեք կյանք, եռուն կյանք, որ հորդում է ձեր առջեւ իր անսպառ բազմազանությամբ։ Որքան շատ են ծակոտիները, որքան թղթի քառակուսի դյույմի վրա մեծ է կյանքի տարբեր կողմերի ճշմարտացի արտացոլումը, այնքան ավելի գեղարվեստական է երկը։ Ահա որակի իմ սահմանումը։ Պատկերել մանրամասները, նոր մանրամասներ։ Լավ գրողները սերտ շփման մեջ են կյանքի հետ։ Միջակները սոսկ հպանցիկ սահում են մակերեսով, իսկ վատերը բռնաբարում են այն եւ թողնում ճանճերին կեր։
 
— Այժմ հասկանո՞ւմ եք,— շարունակեց Ֆաբերը,— թե ինչու են գրքերն այդպիսի ատելություն հարուցում, ինչու ես դրանցից այդպես վախենում։ Նրանք մեզ ցույց են տալիս կյանքի դեմքի ծակոտիները։ Հարմարավետ կյանք փնտրողները կուզենային իրենց առջեւ տեսնել մեղրամոմե դալուկ դեմքեր՝ առանց ծակոտիների, մազաթափ ու անարտահայտիչ։ Մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակում, երբ ծաղիկները ծաղիկներով են ցանկանում սնվել, փոխանակ ներծծեն անձրեւի խոնավությունն ու արգավանդ հողի կենսահյութերը։ Բայց չէ՞ որ նույնիսկ հրավառությունը, նույնիսկ նրա գույների պերճությունն ու ճոխությունն ստեղծված է երկրի քիմիայով։ Իսկ մենք երեւակայում էինք՝ իբր կարող ենք ապրել ու աճել, սնվել ծաղիկներով եւ հրավառություններով, չավարտելով մեզ իրականությանը վերադարձնող բնական շրջափուլը։ Ծանո՞թ եք Անթեյի առասպելին։ Նա հսկա էր, անպարտելի ուժի տեր, քանի դեռ ամուր կանգնած էր հողին։ Բայց երբ Հերկուլեսը կտրեց նրան հողից եւ օդ հանեց, Անթեյը հեշտությամբ պարտվեց։ Ճիշտ նույնն է եւ մեզ՝ այժմ քաղաքում ապրողներիս համար, եթե ոչ, ապա ես արդեն կատարյալ խելագար եմ։ Այսպես, առաջինը, ինչ մեզ պակասում է, որակն է, մեր գիտելիքների հյուսվածքը։
 
— Իսկ ո՞րն է երկրորդը։
 
— Ազատ ժամանակը։
 
— Բայց մենք բավականաչափ ազատ ժամանակ ունենք…
 
— Ազատ ժամանակ՝ այո։ Իսկ մտածելու ժամանակ ունե՞նք արդյոք։ Ինչի՞ վրա եք վատնում ձեր ազատ ժամանակը։ Կա՛մ սլանում եք մեքենայով՝ ժամում հարյուր մղոն արագությամբ, այնպես, որ ուրիշ բանի մասին չի կարելի մտածել, բացի ձեզ սպառնացող վտանգից, կա՛մ ժամանակ եք սպանում՝ ինչ֊որ խաղ խաղալով, կա՛մ նստում եք չորսպատանի հեռուստացույց ունեցող սենյակում, իսկ նրանց հետ, արդեն, հո չեք կարող վիճել։ Ինչո՞ւ, որովհետեւ պատերի վրայի պատկերները «իրական» են։ Ահա նրանք ձեր առջեւ են, տեսանելի, ծավալ ունեն, եւ նրանք ձեզ ասում, ձեր գլուխն են մտցնում, թե ինչ պետք է մտածեք։ Դե, ձեզ էլ սկսում է թվալ, որ այն, ինչ նրանք ասում են, ճշմարիտ է։ Դուք սկսում եք հավատալ, որ ճշմարիտ է։ Այնպես հապճեպ են ձեզ պատրաստի եզրակացություններ հրամցնում, որ ձեր բանականությունը չի հասցնում առարկել․ «Ախր այդ ամենը համակ բարբաջանք է»։
 
— Միայն «ազգականներն» են կենդանի մարդիկ։
 
— Ներեցեք, ի՞նչ ասացիք։
 
— Կինս ասում է, որ հեռուստացույցն իրական է, իսկ գրքերը՝ ոչ։
 
— Եվ փա՜ռք աստծո, որ այդպես է։ Դուք կարող եք փակել գիրքը եւ նրան ասել՝ սպասիր։ Դուք նրա տիրակալն եք։ Իսկ ո՞վ կարող է կորզել ձեզ կառչուն մագիլներից, որոնք գերի են վերցնում, հենց որ միացնում եք հեռուստատեսային հյուրասենյակը։ Նրանք կավի պես կհունցեն ձեզ եւ իրենց ուզած ձեւը կտան։ Դա նույնպես «միջավայր» է, նույնքան իրական, որքան աշխարհը։ Այն դառնում է իսկություն, այն հենց ճշմարտությունն է։ Գրքերին կարելի է հաղթել բանականության ուժով։ Բայց իմ ողջ գիտելիքներով ու կասկածամտությամբ հանդերձ, ես երբեք իմ մեջ ուժ չեմ գտել՝ վեճի մեջ մտնելու հարյուր գործիքներից բաղկացած սիմֆոնիկ նվագախմբի հետ, որը ոռնում է ինձ վրա մեր հրեշավոր հյուրասենյակների գունավոր եւ տարածական էկրաններից։ Տեսնո՞ւմ եք, իմ հյուրասենյակը՝ չորս սովորական սվաղած պատեր են։ Իսկ սրանք,— Ֆաբերը ցույց տվեց երկու փոքրիկ ռետինե կոճակներ,— սրանք էլ նրա համար են, որ ականջներս խցանեմ մետրոյով երթեւեկելիս։
 
— «Դենըմ» ատամի մածուկ… «Ո՛չ ջանք է թափում եւ ոչ հյուսում է»,— շշնջաց Մոնթագը՝ աչքերը փակելով։— Այո։ Բայց ի՞նչ կպատահի հետո։ Գրքերը կօգնե՞ն մեզ։
 
— Միայն այն դեպքում, եթե ապահովվի երրորդ անհրաժեշտ պայմանը։ Առաջինը, ինչպես արդեն ասացի, մեր գիտելիքների որակն է։ Երկրորդը՝ ազատ ժամանակը, որպեսզի կարողանանք խորհրդածել, յուրացնել այդ գիտելիքները։ Իսկ երրորդն այն է, որ իրավունք ունենանք գործել այն ամենի հիման վրա, ինչ մենք քաղել ենք առաջին երկու պայմանների փոխազդեցությունից։ Բայց կասկածելի է, որ մի զառամյալ ծերուկ ու մի հիասթափված հրկիզող կարողանան ինչ֊որ բան փոխել այժմ, երբ գործն այսքան բարդացել է…
 
— Ես կարող եմ գրքեր ձեռք բերել։
 
— Դուք ձեզ վտանգի եք ենթարկում։
 
— Գիտե՞ք, մահապարտն էլ իր առավելություններն ունի։ Երբ այլեւս կորցնելու ոչինչ չկա, վտանգից չես վախենում։
 
— Հիմա դուք շատ հետաքրքիր միտք հայտնեցիք,— ծիծաղեց Ֆաբերը,— որը ոչ մի տեղ չեք կարդացել։
 
— Իսկ մի՞թե գրքերում գրում են այդ մասին։ Դա այնպես, հանկարծ, չգիտեմ ինչու, գլուխս եկավ։
 
— Ավելի լավ։ Ուրեմն՝ դուք դա չմոգոնեցիք ո՛չ ինձ համար, ո՛չ մեկ ուրիշի, առավել եւս՝ ոչ էլ ձեզ համար։
 
Մոնթագը թեքվեց Ֆաբերի կողմը։
 
— Այսօր ահա թե ինչ մտածեցի։ Եթե գրքերն իրոք այդպես արժեքավոր են, արդյոք չի՞ կարելի ճարել տպագրական հաստոց եւ տպել մի քանի օրինակ… Մենք կարող էինք…
 
— Մե՞նք։
 
— Այո, դուք եւ ես։
 
— Այդ արդեն չեղա՜վ,— Ֆաբերը կտրուկ շտկվեց։
 
— Գոնե թույլ տվեք՝ շարադրեմ իմ ծրագիրը…
 
— Եթե շարունակեք պնդել, ես կխնդրեմ, որ հեռանաք իմ տնից։
 
— Մի՞թե ձեզ չի հետաքրքրում։
 
— Ո՛չ, ինձ չեն հետաքրքրում այնպիսի խոսակցությունները, որոնց պատճառով կարող են այրել։ Այլ խնդիր է, եթե հնարավոր լիներ ոչնչացնել հրկիզողների բուն համակարգը։ Այ, եթե դուք առաջարկեիք տպել մի քանի գիրք եւ երկրով մեկ թաքցնել հրկիզողների տներում, այնպես որ կասկածի սերմեր ցանեիք իրենց՝ հրկիզողների շրջանում, ես կասեի՝ կեցցե՛ք։
 
— Գաղտնաբար ներս գցել գրքերը, ահազանգել եւ նայել, թե ինչպես են հրո ճարակ դառնում հրկիզողների տնե՞րը։ Ա՞յդ էիք ուզում ասել։
 
Ֆաբերը հոնքերը կիտեց եւ նայեց Մոնթագին, ասես առաջին անգամ էր տեսնում։
 
— Ես կատակում էի։
 
— Կարծում եք՝ խելացի՞ ծրագիր է։ Արժե՞ փորձել։ Սակայն ես պետք է հաստատ իմանամ, որ դա ինչ֊որ բան տեղից կշարժի։
 
— Ոչ ոք չի կարող երաշխավորել։ Չէ՞ որ մի ժամանակ գրքեր մեզ մոտ որքան ուզեք կային, իսկ մենք համառորեն զբաղված էինք մի բանով՝ փնտրում էինք ամենագահավեժ ժայռը, որպեսզի այնտեղից ցած թռչենք։ Ստույգ է միայն մի բան՝ այո՛, մեզ անհրաժեշտ է լիաթոք շնչել։ Այո՛, մեզ գիտելիքներ են պետք։ Եվ, թերեւս, շուրջ հազար տարի հետո, մենք կսովորենք թռիչքների համար ընտրել ավելի փոքր ժայռեր։ Չէ՞ որ գրքերը գոյություն ունեն, որպեսզի հիշեցնեն մեզ, թե ինչպիսի՜ բթամիտ ու համառ ավանակներ ենք մենք։ Դրանք նման են Կեսարի վարձու պահախմբին, որը նրա հաղթարշավի ժամանակ շշնջաց, «Հիշի՛ր, Կեսա՛ր, դու եւս մահկանացու ես»։ Մեզնից շատերը չեն կարող ամեն տեղ լինել, բոլորի հետ խոսել, այցելել աշխարհի բոլոր քաղաքները։ Մենք չունենք ո՛չ ժամանակ, ո՛չ դրամ, ո՛չ էլ այդքան շատ ընկերներ։ Այն ամենը, ինչ դուք փնտրում եք, Մոնթագ, գոյություն ունի աշխարհում, բայց հասարակ մարդը թերեւս սեփական աչքերով կարողանա տեսնել միայն մեկ հարյուրերորդը, իսկ մնացած իննսունինը տոկոսը նա ճանաչում է գրքերի միջոցով։ Երաշխիք մի՛ պահանջեք։ Եվ մի՛ սպասեք փրկություն ինչ֊որ մեկից՝ լինի մարդուց, մեքենայից թե գրադարանից։ Ինքներդ ստեղծեք այն, ինչը կարող է փրկել աշխարհը, եւ եթե խեղդվեք ճանապարհին, ապա գոնե կիմանաք, որ լողում էիք դեպի ափը։
 
Ֆաբերը ոտքի ելավ եւ սկսեց քայլել սենյակում։
 
— Ինչպե՞ս վարվենք,— հարցրեց Մոնթագը։
 
— Դուք լո՞ւրջ էիք ասում հրկիզողների մասին։
 
— Բացարձակապես։
 
— Նենգ ծրագիր է, խոսք չկա,— Ֆաբերը ջղային խեթեց դեպի ննջարանի դուռը։— Տեսնել, թե ողջ երկրում ինչպես են բոցավառվում հրկիզողների տները, կործանվում դավաճանության այդ օջախները։ Սալամանդրը լափում է սեփական պոչը։ Օ՜հ, հիանալի՜ է։
 
— Ես գիտեմ բոլոր հրկիզողների հասցեները։ Եթե մենք ունենայինք որեւէ ընդհատակյա…
 
— Մարդկանց չի կարելի վստահել, այդ է սարսափելին։ Դուք, մեկ էլ ես, ուրիշ էլ ո՞վ կնետվի կրակը։
 
— Մի՞թե չեն մնացել այնպիսի պրոֆեսորներ, ինչպիսին դուք եք։ Նախկին գրողներ, պատմաբաններ, լեզվաբաններ…
 
— Մեռել են կամ արդեն շատ ծեր են։
 
— Որքան ծեր, այնքան լավ։ Ավելի քիչ կասկած կհարուցեն։ Դուք հո ճանաչում եք այդպիսիներին եւ, հավանաբար, տասնյակներով։ Խոստովանեք։
 
— Այո, թերեւս։ Կան, օրինակ, բազմաթիվ դերասաններ, որոնք արդեն երկար տարիներ առիթ չեն ունեցել խաղալու Պիրանդելոյի, Շոուի կամ Շեքսպիրի գործերը, քանի որ նրանց պիեսները չափազանց հավաստի են արտացոլում կյանքը։ Մենք կարող ենք օգտագործել նրանց զայրույթը։ Եվ ազնիվ վրդովմունքը այն պատմաբանների, ովքեր վերջին քառասուն տարում ոչ մի տող չեն գրել։ Ճշմարիտ է, մենք կարող էինք դպրոց հիմնել եւ նորից սովորեցնել կարդալ ու մտածել։
 
— Այո՜։
 
— Բայց այդ ամենը կաթիլ է ծովի մեջ։ Մեր ողջ մշակույթը մեռած է։ Նրա բուն հենքը պետք է հալել եւ նոր կաղապար ձուլել։ Իսկ դա այնքան էլ դյուրին չէ։ Չէ՞ որ բանը սոսկ այն չէ, որ կրկին ձեռքդ վերցնես կես դար առաջ մի կողմ դրածդ գիրքը։ Հիշեցեք, որ հրկիզողների կարիքը հազվադեպ է զգացվում։ Մարդիկ ինքնակամ այլեւս գիրք չեն կարդում։ Այժմ դուք՝ հրկիզողներդ, մեզ համար կրկեսային ներկայացումներ եք կազմակերպում, տներ եք վառում, զվարճացնում ամբոխին։ Բայց դա այնպես՝ միջանկյալ համար է, եւ ոչ թե հիմնականը։ Մեր օրերում շատ քիչ են խռովության սիրահարները։ Իսկ այդ քչերի մեծ մասին հեշտ է ահաբեկել։ Ինչպես, օրինակ, ինձ։ Դուք կարո՞ղ եք ավելի արագ պարել, քան Սպիտակ ծաղրածուն, կամ գոռալ ավելի բարձր, քան ինքը՝ Գլխավոր հեռուստաաճպարարը եւ բոլոր «ազգականները»։ Եթե կարող եք, ապա, թերեւս, կհարթեք ձեր ճանապարհը։ Իսկ ընդհանրապես, Մոնթագ, իհարկե, դուք հիմար եք։ Չէ՞ որ մարդիկ իրոք զվարճանում են։
 
— Վերջացնելով կյանքը ինքնասպանությամբ։ Միմյանց սպանելո՞վ։
 
Մինչ նրանք խոսում էին, տան վրայով դեպի արեւելք էին սլանում ռմբակոծիչները։ Միայն հիմա նրանք նկատեցին այդ ու լռեցին՝ ականջ դնելով հրթիռային շարժիչների հզոր աղմուկին, զգալով, թե ինչպես է ամեն ինչ իրենց հոգում տակնուվրա լինում։
 
— Համբերեք, Մոնթագ։ Ա՛յ, պատերազմ կսկսվի, եւ մեր հյուրասենյակներն իրենք իրենց կլռեն։ Մեր քաղաքակրթությունը միտում է կործանման։ Մի կողմ քաշվեք, որպեսզի անիվը չճզմի ձեզ։
 
— Բայց չէ՞ որ մեկը պետք է պատրաստ լինի կառուցելու, երբ ամեն ինչ փլվի։
 
— Իսկ ո՞վ։ Նրա՞նք, ովքեր ընդունակ են բերանացի մեջբերել Միլթընին։ Ովքեր կարող են ասել․ «Իսկ ես դեռ հիշում եմ Սոֆոկլեսի՞ն»։ Եվ ի՞նչ պետք է անեն նրանք։ Հիշեցնեն փրկվածներին, որ մարդը ունի նաեւ լա՞վ կողմեր։ Այդ փրկվածները սոսկ այն մասին կմտածեն, թե ինչպես քարեր հավաքեն ու շպրտեն իրար վրա։ Գնացեք տուն, Մոնթագ։ Պառկեք քնելու։ Ինչո՞ւ վատնեք ձեր վերջին ժամերը, որպեսզի անպտուղ դոփեք տեղում եւ համոզեք ձեզ, թե իբր շարժվում եք։
 
— Ուրեմն, ձեզ համար այլեւս միեւնո՞ւյն է։
 
— Ո՛չ, միեւնույն չէ։ Այնքան միեւնույն չէ, որ կարելի է ասել՝ այդ մտքից հիվանդ եմ։
 
— Եվ դուք չե՞ք ուզում օգնել ինձ։
 
— Բարի գիշեր։ Բարի գիշեր։
 
Մոնթագի ձեռքերը պարզվեցին դեպի «Աստվածաշունչը»։ Նա ինքը զարմացավ, թե հանկարծ ինչ արեցին իր ձեռքերը։
 
— Կուզենայի՞ք ձեր սեփականը լիներ։
 
— Աջ ձեռքս կտայի դրա համար,— ասաց Ֆաբերը։
 
Մոնթագը կանգնել եւ սպասում էր, թե հետո ինչ են անելու իր ձեռքերը։ Եվ նրանք, անկախ իր կամքից ու ցանկությունից, ասես նույն ձգտումով համակված երկու կենդանի էակներ, սկսեցին պոկոտել էջերը։ Պոկեցին անվանաթերթը, առաջին էջը, երկրորդը։
 
— Խելագա՜ր։ Այդ ի՞նչ եք անում,— Ֆաբերը վեր ցատկեց, ասես մեկը հարվածեց նրան։ Նետվեց Մոնթագի վրա, բայց նա մի կողմ հրեց։ Մոնթագի ձեռքերը շարունակում էին պատռել գիրքը։ Վեց էջ եւս ընկան հատակին։ Մոնթագը վերցրեց դրանք եւ Ֆաբերի աչքի առաջ ճմռթեց ձեռքի մեջ։
 
— Պետք չէ, խնդրում եմ, պետք չէ,— բացականչեց ծերուկը։
 
— Իսկ ո՞վ է խանգարում ինձ։ Ես հրկիզող եմ։ Կարող եմ այրել ձեզ։
 
Ծերուկը նայեց նրան։
 
— Դուք այդ չեք անի։
 
— Կարող եմ, եթե կամենամ։
 
— Այդ գիրքը… մի՛ պատռեք։
 
Ֆաբերը փլվեց աթոռին։ Նրա դեմքը ճերմակել էր կտավի նման, շրթունքները դողում էին։
 
— Հոգնեցի։ Մի՛ տանջեք ինձ։ Ի՞նչ եք ուզում։
 
— Ուզում եմ, որ դուք սովորեցնեք ինձ։
 
— Շատ լավ։ Շատ լավ։
 
Մոնթագը ցած դրեց գիրքը։ Նա սկսեց հարթել ճմռթված էջերը։ Ծերուկը ուժասպառ հետեւում էր նրան։
 
Գլուխը թափ տալով, ասես իրենից վանելով թմրությունը, Ֆաբերը հարցրեց․
 
— Դուք փող ունե՞ք, Մոնթագ։
 
— Ունեմ։ Մի քիչ։ Չորս կամ հինգ հարյուր դոլար։ Ինչո՞ւ եք հարցնում։
 
— Կբերեք ինձ։ Ես ճանաչում եմ մի մարդու, որը կես դար առաջ տպագրում էր մեր քոլեջի թերթը։ Դա հենց այն տարին էր, երբ նոր կիսամյակի սկզբում մտա լսարան, եւ պարզվեց, որ դրամայի պատմության դասընթացի դասախոսություններին, որն ընդգրկում էր Էսքիլեսից մինչեւ Յուջին Օ’Նիլ, ցուցակագրվել էր ընդամենը մեկ ուսանող։ Հասկանո՞ւմ եք, կարծես թե սառցե գեղեցիկ արձանը հալվում էր արեւի ճառագայթների տակ։ Հիշում եմ՝ մեկը մյուսի ետեւից մեռնում էին լրագրերը, ինչպես կրակի մեջ ընկած թիթեռներ։ Ոչ ոք չէր փորձում հարություն տալ։ Ոչ ոք չէր ափսոսում։ Եվ այդ ժամանակ, հասկանալով, թե որքան ձեռնտու կլինի, եթե մարդիկ սկսեն կարդալ միայն կրքոտ համբույրների եւ դաժան, ծեծկռտուքի մասին, կառավարությունը ամփոփեց արդյունքները, կանչելով ձեզ՝ կրակ կուլ տվողներիդ։ Այնպես որ, Մոնթագ, մենք ունենք գործազուրկ տպագրիչ։ Կարող ենք տպագրել մի քանի գիրք եւ սպասել մինչեւ սկսվի կռիվը, որը կկործանի իրերի ներկա կարգը եւ մեզ անհրաժեշտ լիցք կտա։ Մի քանի ռումբ, եւ այդ բոլոր «ազգականները», որոնք բնակություն են հաստատել հյուրասենյակների պատերին, խեղկատակային այդ ոհմակը կլռի մշտապես։ Եվ հաստատված լռության մեջ գուցե լսելի լինի մեր շշունջը։
 
Երկուսն էլ կանգնած սեւեռուն նայում էին սեղանի վրայի գրքին։
 
— Ես փորձել եմ հիշել,— ասաց Մոնթագը։— Բայց, գրողը տանի, հերիք է՝ աչքս թեքեմ եւ ամեն ինչ իսկույն մոռանում եմ։ Աստվա՜ծ իմ, որքան եմ ցանկանում խոսել հրկիզապետ Բիթիի հետ։ Նա շատ է կարդացել, նա ամեն ինչին պատասխան ունի կամ էլ, ծայրահեղ դեպքում, այդպես է թվում։ Նրա խոսքը հալած յուղի տեղ ես ընդունում։ Վախենում եմ՝ նա ինձ համոզի, ու ես կրկին դառնամ առաջվանը։ Չէ՞ որ ընդամենը մեկ շաբաթ առաջ էր, որ փողրակը նավթով լցնելիս մտածում էի, թե ի՜նչ հիանալի աշխատանք է։
 
Ծերուկը գլխով արեց․
 
— Ով չի կառուցում, նա պետք է ավերի։ Սա հին է, ինչպես աշխարհը։ Անչափահաս հանցագործների հոգեբանություն։
 
— Ահա թե, ուրեմն, ով եմ ես։
 
— Մեզնից ամեն մեկի մեջ դա կա։
 
Մոնթագը մի քանի քայլ արեց դեպի ելքը։
 
— Դուք չե՞ք կարող որեւէ կերպ օգնել ինձ, երբ այսօր երեկոյան խոսելու լինեմ հրկիզապետ Բիթիի հետ։ Ինձ հովանոց է հարկավոր, որ չխեղդվեմ, եթե նա կրկին ինձ վրա թափի իր ճառերի հեղեղը։
 
Ծերուկը ոչինչ չասաց եւ նորից անհանգիստ հայացք նետեց ննջարանի դռանը։ Մոնթագը որսաց նրա հայացքը։
 
— Դե, ինչպե՞ս։
 
Ծերուկը խոր շունչ քաշեց։ Փակեց աչքերը եւ ամուր սեղմելով շրթունքները՝ մի անգամ էլ դժվարությամբ շունչ առավ։ Նրա շուրթերից պոկվեց Մոնթագի անունը։
 
Շրջվելով Մոնթագի կողմը՝ վերջապես ասաց․
 
— Գնանք։ Քիչ էր մնում թողնեի, որ հեռանաք։ Իրոք որ ես վախկոտ, ծեր հիմար եմ։
 
Ֆաբերը բացեց ննջարանի դուռը։ Նրա ետեւից Մոնթագը մտավ մի փոքրիկ սենյակ, ուր դրված էր սեղան, որի վրա խառնիխուռն թափված էին գործիքներ, մազի պես բարակ մետաղալարի կծիկներ, պստլիկ զսպանակներ, կոճեր, բյուրեղիկներ։
 
— Սա ի՞նչ է,— հարցրեց Մոնթագը։
 
— Իմ ահավոր վախկոտության վկայությունը։ Երկար տարիներ ես միայնակ եմ ապրել այս պատերի մեջ, մեն—մենակ՝ իմ մտքերի հետ։ էլեկտրական սարքերի եւ ռադիոընդունիչների վրա բզբզալը դարձել է իմ կիրքը։ Հենց իմ երկչոտությունը եւ միաժամանակ մեջս նիրհող խռովարար ոգին մղեցին ինձ՝ նախագծելու ահա այս սարքը։
 
Նա սեղանից վերցրեց 22 մմ տրամաչափի գնդակ հիշեցնող մի կանաչավուն մետաղե առարկա։
 
— Որտեղի՞ց եմ միջոցներ հայթայթել սրա համար։ Հասկանալի է՝ խաղում էի բորսայում։ Չէ՞ որ դա վտանգավոր մտածողության տեր գործազուրկ մտավորականների վերջիս ապաստանն է։ Խաղում էի բորսայում, աշխատում այս գյուտի վրա ու սպասում։ Կյանքիս կեսը սպանեցի վախից դողալով, միշտ սպասում էի, որ ինչ֊որ մեկը խոսքի կբռնվի ինձ հետ։ Ինքս չէի համարձակվում որեւէ մեկի հետ խոսակցություն սկսել։ Երբ մենք միասին նստել էինք զբոսայգում եւ զրուցում էինք,— հիշո՞ւմ եք,— արդեն գիտեի, որ մի օր դուք կգաք ինձ մոտ, բայց հրկիզողի ջահո՞վ արդյոք, թե՞ բարեկամական ձեռք մեկնելու համար՝ նախապես չէի կարող ասել։ Իսկ այս փոքրիկ գործիքը դրանից մի քանի ամիս առաջ արդեն պատրաստ էր։ Համենայնդեպս, քիչ էր մնում թողնեի ձեզ, որ գնաք։ Ահա թե ինչ վախկոտն եմ ես։
 
— Շատ նման է խեցի ռադիոընդունիչին։
 
— Բայց սա ավելին է, քան ընդունիչը։ Իմ սարքը լսում է։ Եթե դուք այս փոքրիկ գնդիկը դնեք ձեր ականջի մեջ, Մոնթագ, ես կարող եմ հանգիստ նստել տանը, տաքացնել իմ վախվորած ծեր ոսկորները, եւ միաժամանակ լսել ու վերլուծել հրկիզողների աշխարհը, երեւան հանել նրա թույլ կողմերը, դույզն իսկ չվտանգելով ինձ։ Ես կլինեմ իր փեթակում ապահով նստած մայր մեղվի պես։ Իսկ դուք կլինեք աշխատավոր մեղուն՝ իմ ճամփորդող ականջով։ Ես կարող եմ ականջներ ունենալ քաղաքի բոլոր ծայրերում, ամենատարբեր մարդկանց շրջանում։ Ես կարող եմ լսել ու եզրակացություններ անել։ Եթե մեղուները կործանվեն, դա ինձ չի վերաբերի, առաջվա պես ես կլինեմ իմ տանը, անվտանգ, կվերապրեմ իմ վախը առավելագույն հարմարավետությամբ եւ նվազագույն վտանգով։ Այժմ տեսնո՞ւմ եք, թե որքա՜ն զգուշավոր եմ այս խաղում եւ որքան արհամարհելի։
 
Մոնթագը կանաչ գնդիկը մտցրեց ականջը։ Ծերուկը եւս իր ականջը մտցրեց նույնպիսի փոքրիկ մետաղյա առարկա եւ շրթունքները շարժեց․
 
— Մո՞նթագ։
 
Ձայնը հնչեց Մոնթագի ուղեղի խորքում։
 
— Ես ձեզ լսում եմ։
 
Ծերուկը ծիծաղեց։
 
— Ես ել ձեզ եմ լավ լսում,— Ֆաբերը խոսում էր շշուկով, բայց նրա ձայնը հստակորեն հնչում էր Մոնթագի գլխում։
 
— Ժամանակին գնացեք հրակայան։ Ես ձեզ հետ կլինեմ։ Մենք միասին կլսենք ձեր հրկիզապետին։ Թերեւս նա մեզնից մեկն է, աստված գիտե։ Ես ձեզ կհուշեմ՝ ինչ ասեք։ Մենք նրան լավ դաս կտանք։ Ասացեք, դուք ատո՞ւմ եք ինձ այս էլեկտրոնային սարքի համար, չէ՞։ Ես վռնդում եմ ձեզ փողոց, խավարի մեջ, իսկ ինքս մնում եմ ճակատի գծից հեռու, իմ ականջները պետք է լսեն, իսկ գուցե դրա համար ձեր գլուխը թռցնեն։
 
— Ամեն մեկս անում է այն, ինչ կարող է,— պատասխանեց Մոնթագը։ Նա «Աստվածաշունչը» դրեց ծերուկի ձեռքերի մեջ։— Վերցրեք։ Կփորձեմ փոխարենը ուրիշ բան հանձնել։
 
— Վաղը եւեթ ես կհանդիպեմ գործազուրկ տպագրիչին։ Գոնե այդ կարող եմ անել։
 
— Բարի գիշեր, պրոֆեսոր։
 
— Ո՛չ, այս գիշերը բարի չի լինի։ Բայց ես ամբողջ ժամանակ ձեզ հետ կլինեմ։ Աներես մոծակի պես պետք է բզզամ ձեր ականջին, հենց որ իմ կարիքն զգաք։ Եվ համենայն դեպս, աստված տա, բարի լինի այս գիշերը ձեզ համար, Մոնթագ։ Հաջողություն եմ մաղթում։
 
Դուռը բացվեց եւ իսկույն էլ փակվեց։ Մոնթագը հայտնվեց խավար փողոցում, կրկին մեն—մենակ աշխարհի դեմ։
 
Այդ գիշեր նույնիսկ երկինքն էր պատրաստվում պատերազմի։ Նրա վրայով քուլա—քալա ամպեր էին շարժվում, որոնց արանքներից, ինչպես թշնամական դետքեր, միլիոնավոր աստղեր էին փայլում։ Երկինքն ասես պատրաստվում էր փլվել քաղաքի վրա եւ այն վերածել ճերմակ կավճափոշու։ Արնաներկ հրացոլքով ծագում էր լուսինը։ Ահա այդպիսի գիշեր էր։
 
Մոնթագը քայլեց մինչեւ մետրոյի կայարանը, գումարը գրպանում էր (նա արդեն եղել էր դրամատանը, որը բաց է ողջ գիշերը, սպասարկում են մեխանիկական ռոբոտները), նա քայլում էր, եւ երբ ոադիոխեցին դրեց ականջին, լսեց․
 
— Զորակոչվել է մեկ միլիոն մարդ։ Եթե պատերազմ սկսվի, արագ հաղթանակն ապահովված է…— Հանկարծակի խուժած երաժշտությունը խլացրեց հաղորդավարի ձայնը, եւ նա լսեց։
 
— Զորակոչվել է տասը միլիոն,— շշնջաց Ֆաբերի ձայնը նրա մյուս ականջին։— Բայց ասում են՝ մեկ միլիոն։ Այդպես ավելի հանգիստ է։
 
— Ֆաբեր։
 
— Այո՛։
 
— Ես չեմ մտածում, միայն կատարում եմ այն, ինչ հրամայված է։ Ինչպես վարվել եմ միշտ։ Դուք ասացիք՝ հարկավոր է փող ձեռք բերել, ես հայթայթել եմ։ Բայց իրականում այդ մասին ինքս չմտածեցի։ Ուրեմն ե՞րբ եմ սկսելու մտածել եւ գործել ինքնուրույն։
 
— Դուք արդեն սկսել էիք, երբ այդ ասացիք։ Բայց սկզբում ստիպված եք ապավինել ինձ։
 
— Ես նրանց էլ էի վստահում։
 
— Այո՛, ու տեսնում եք՝ ուր հասաք։ Մի առժամանակ դուք պետք է կույրի պես խարխափեք։ Ահա ձեզ իմ ձեռքը, հենվեցեք։
 
— Անցնել մյուս կողմը եւ կրկին գործել թելադրանքո՞վ։ Ո՛չ, ես այդպես չեմ ուզում։ Էլ ի՞նչ միտք ունի ձեզ ապավինելը։
 
— Ձեր աչքերն արդեն բացվում են, Մոնթագ։
 
Մոնթագն զգաց, թե ինչպես ոտքերը ծանոթ մայթով շարժվում են իր տան կողմը։
 
— Շարունակեք, պրոֆեսոր։
 
— Ուզո՞ւմ եք ձեզ համար կարդամ։ Կջանամ կարդալ այնպես, որ դուք բոլորը հիշեք։ Օրական քնում եմ ընդամենը հինգ ժամ։ Ազատ ժամանակ շատ ունեմ։ Եթե ուզում եք, ամեն երեկո կկարդամ, մինչեւ կքնեք։ Ասում են, թե քնած մարդու ուղեղը ամեն ինչ մտապահում է, եթե ցածրաձայն շշնջաս նրա ականջին։
 
— Այո՛։
 
— Դե, ուրեմն, լսեք։— Հեռվում, քաղաքի մյուս ծայրում, մեղմ շրշացին թերթվող էջերը։— Հոբի գիրքը։
 
Լուսինը դուրս եկավ։ Անձայն շարժելով շուրթերը՝ Մոնթագը քայլում էր մայթով։
 
Երեկոյան իննին, երբ նա վերջացնում էր իր թեթեւ ընթրիքը, շքամուտքի խոսափողը ազդարարեց հյուրերի գալուստը։ Միլդրեդը նետվեց նախասենյակ՝ այն մարդու աճապարանքով, որը փրկվել էր հրաբխի ժայթքումից։ Ներս մտան միսիս Ֆելփսը եւ միսիս Բաուլզը, եւ հյուրասենյակը կուլ տվեց նրանց, ինչպես կրակե խառնարան։ Տիկինների ձեռքերին մարտինիի շշեր կային։ Մոնթագն ընդհատեց ուտելը։ Այդ կանայք նման էին բյուրեղապակե հազարավոր զնգզնգացող կախազարդերով անճոռնի ջահերի։ Նույնիսկ պատի միջով նա տեսնում էր նրանց սառած անմիտ ժպիտները։ Նրանք ճիչ ու աղմուկով ողջունեցին իրար՝ ջանալով խլացնել հյուրասենյակի ժխորը։
 
Կուլ տալով պատառը՝ Մոնթագը կանգ առավ դռների մեջ։
 
— Դուք հիանալի տեսք ունեք։
 
— Հիանալի՜։
 
— Քո տեսքը շատ շքեղ է, Միլլի։
 
— Շքե՜ղ։
 
— Բոլորը հոյակապ տեսք ունեն։
 
— Հոյակա՜պ։
 
Մոնթագը լռելյայն հետեւում էր նրանց։
 
— Հանգիստ, Մոնթագ,— նրա ականջին շշնջաց Ֆաբերը։
 
— Անտեղի ուշացա,— գրեթե ինքն իրեն ասաց Մոնթագը։— Վաղուց արդեն պետք է գայի ձեզ մոտ, դրամը բերեի։
 
— Վաղն էլ ուշ չի լինի։ Զգույշ եղեք, Մոնթագ։
 
— Հրաշալի ներկայացում է, չէ՞,— բացականչեց Միլդրեդը։
 
— Հրաշալի՜ է։
 
Հեռուստատեսային երեք պատերից մեկի վրա ինչ֊որ կին նարնջի հյութ էր խմում եւ միաժամանակ շլացուցիչ ժպտում։
 
«Այդ ինչպե՞ս է նա համատեղում երկուսն էլ»,— մտածեց Մոնթագը՝ ատելություն զգալով ժպտացող տիկնոջ նկատմամբ։
 
Մյուս պատին ռենտգենյան ճառագայթների միջոցով ցուցադրվում էր, թե նարնջի հյութը ի՜նչ ճանապարհ է անցնում այդ տիկնոջ կերակրափողով՝ մինչեւ նրա հիացմունքից թրթռացող ստամոքսը։ Հանկարծ տեղից պոկվեց եւ ամպերի մեջ մխրճվեց հրթիռային ինքնաթիռը՝ թեւերին առած հյուրասենյակը, ապա ընկղմվեց գորշականաչավուն ծովի ջրերի մեջ, որտեղ կապույտ ձկները խժռում էին կարմիր եւ դեղին ձկներին։ Իսկ մեկ րոպե անց երեք ճերմակ մուլտիպլիկացիոն ծաղրածուներ արդեն կտրում էին մեկմեկու ձեռքերն ու ոտքերը՝ հավանության քրքիջի պոռթումներով։ Եվս երկու րոպե՝ եւ պատերը հանդիսատեսներին տեղափոխեցին քաղաքից դուրս, որտեղ կատաղի արագությամբ սլանում էին հրթիռային ավտոմեքենաները՝ բախվելով եւ գլորելով իրար։ Մոնթագը տեսավ, թե ինչպես օդ թռան մի քանի մարդկային մարմիններ։
 
— Միլլի, դու տեսա՞ր։
 
— Տեսա, տեսա՜։
 
Մոնթագը ձեռքը խոթեց պատի խոռոչը եւ պտտեց կենտրոնական անջատիչը։ Պատերի վրայի պատկերները մարեցին, ասես ինչ֊որ մեկը անակնկալ բաց թողեց ապակե վիթխարի ակվարիումի ջուրը, որտեղ դեսուդեն էին նետվում խենթացած ձկները։
 
Երեք կանայք էլ շրջվեցին եւ անսքող դժգոհությամբ ու անբարյացակամությամբ նայեցին Մոնթագին։
 
— Ի՞նչ եք կարծում, ե՞րբ կսկսվի պատերազմը,— հարցրեց նա։— Տեսնում եմ՝ այսօր եկել եք առանց ամուսինների։
 
— Օ՜, նրանք մեկ գալիս են, մեկ գնում,— սաաց միսիս Ֆելփսը,— իրենց տեղը չեն գտնում… Փիթին երեկ զորակոչեցին։ Կվերադառնա եկող շաբաթ։ Այդպես էին ասել։ Կարճատեւ պատերազմ։ Քառասունութ ժամից բոլորը տանը կլինեն։ Այդպես էին ասել բանակում։ Կարճատեւ պատերազմ։ Փիթքին երեկ զորակոչեցին եւ ասացին, որ մեկ շաբաթ հետո տանը կլինի։ Կարճատեւ…
 
Երեք կանայք անհանգիստ շարժվում էին աթոռների վրա՝ նյարդայնացած նայելով դատարկ, սեւագորշ պատերին։
 
— Ես չեմ անհանգստանում,— ասաց միսիս Ֆելփսը։— Թող Փիթն անհանգստանա,— քրքջաց նա։— Ես չեմ էլ մտածում։ Բոլորովին էլ չեմ հուզվում։
 
— Այո, այո՜,— ձայնակցեց Միլլին,— թող Փիթն ինքը անհանգստանա։
 
— Միշտ ուրիշների ամուսիններին են սպանում։ Այդպես են ասում։
 
— Այո՛, ես էլ եմ լսել։ Չգիտեմ որեւէ մեկին, որ կռվում զոհված լինի։ Զոհվում են ուրիշ կերպ։ Օրինակ՝ ցած են նետվում բարձրահարկ շենքերից։ Ինչպես՝ անցած շաբաթ Գլորիայի ամուսինը։ Այդպես պատահում է։ Բայց պատերազմում՝ երբեք։
 
— Այո՛, պատերազմում՝ երբեք,— համաձայնեց միսիս Ֆելփսը․— Ամեն դեպքում Փիթը եւ ես միշտ խոսում ենք առանց արցունքի ու այլ ավելորդ զգայնությունների։ Սա իմ երրորդ ամուսնությունն է, Փիթն էլ երրորդ անգամ է ամուսնացել, եւ մենք միանգամայն անկախ ենք։ Պետք է անկախ լինել, միշտ էլ այդպես ենք կարծել։ Փիթն ասաց, որ եթե իրեն սպանեն, ես լաց չլինեմ, կրկին շուտափույթ ամուսնանամ եւ չմտածեմ իր մասին։
 
— Ի դեպ, հիշեցի,— բացականչեց Միլդրեդը։— Երեկ ձեր պատերին դուք նայեցի՞ք Կլարա Դոուվի հինգրոպեանոց սիրավեպը։ Դա մի կնոջ մասին էր, որը…
 
Մոնթագը լուռ զննում էր կանանց դեմքերը, ինչպես մի անգամ երեխա ժամանակ զննել էր սրբապատկերները ինչ֊որ փոքրիկ այլադավան եկեղեցում, որտեղ պատահմամբ ընկել էր։ Այդ տարօրինակ էակների արծնափայլ դիմապատկերները մնացին նրան խորթ ու անըմբռնելի, թեպետեւ աղոթք ուղղեց նրանց, երբ երկար կանգնած եկեղեցում, ջանում էր համակվել օտար հավատով՝ շնչելով խնկի ու ինչ֊որ առանձնահատուկ, միայն այդ տեղին բնորոշ փոշու հոտը։ Նա մտածում էր, որ եթե այդ բույրերը լցվեն իր թոքերը, թափանցեն իր արյան մեջ, ապա, գուցե եւ, հասկանալի դառնան այդ սրտաշարժ, գունագեղ կերպարանքները՝ ճենապակյա աչքերով եւ վառ սուտակագույն շուրթերով։ Բայց ոչինչ չէր ստացվում, ոչինչ։ Դա նույնն էր, ինչպես եթե նա մտներ մի կրպակ, որտեղ շրջանառության մեջ այլ դրամ էր, ու ինքը ոչինչ չկարողանար գնել իր ունեցածով։ Նա անհաղորդ մնաց նույնիսկ սրբերին հպվելուց հետո, պարզապես փայտ էր, ծեփ, կավ։ Ճիշտ այդպես էր զգում իրեն եւ այժմ, իր սեփական հյուրասենյակում՝ նայելով աթոռների վրա անհանգիստ շարժվող երեք կանանց։ Նրանք ծխում էին, ծխի քուլաներ էին բաց թողնում, հարդարում իրենց վառ մազերը, զննում վառ կարմիր եղունգները, որոնք ասես բոցավառվել էին Մոնթագի սեւեռուն հայացքից։ Լռությունը ճնշում էր կանանց, նրանց դեմքերին ձանձրույթ կար։ Երբ Մոնթագը վերջապես կուլ տվեց վերջին պատառը, կանայք ակամայից մի փոքր առաջ թեքվեցին։ Նրանք սպասողաբար ականջ էին դնում նրա տենդագին շնչառությանը։ Հյուրասենյակի երեք դատարկ պատերն այժմ նման էին ծանր, աներազ քնի մեջ ընկղմված հսկաների գունատ ճակատների։ Մոնթագին թվաց, որ եթե ձեռք տա, մատներին կմնա աղահամ քրտինքը։ Հետզհետե ավելի պարզորոշ էր երեւում քրտինքը այդ մեռյալ ճակատներին, ավելի լարված էր դառնում լռությունը, ավելի շոշափելի՝ դողը օդում եւ անհամբերությունից այրվող կանանց մարմիններում։ Թվում էր՝ եւս մեկ րոպե, եւ նրանք բարձրաձայն թշշալով կպայթեն։
 
Մոնթագի շուրթերը շարժվեցին։
 
— Եկեք զրուցենք։
 
Կանայք ցնցվեցին եւ աչքերը հառեցին նրան։
 
— Ինչպե՞ս են ձեր երեխաները, միսիս Ֆելփս,— հարցրեց Մոնթագը։
 
— Դուք հիանալի գիտեք, որ ես երեխաներ չունեմ։ Հետո էլ մեր օրերում խելքը գլխին ո՞ր մարդը կուզենա երեխա ունենալ,— բացականչեց միսիս Ֆելփսը՝ չհասկանալով, թե ինչու է իրեն այդպես զայրացնում այդ մարդը։
 
— Ո՛չ, այդ հարցում ձեզ հետ համաձայն չեմ,— ասաց միսիս Բաուլզը։— Ես երկուսն ունեմ։ Երկու անգամ էլ ինձ կեսարյան հատում արեցին։ Հո չէի՞ տառապելու երկունքի ցավերից, ինչ է թե երեխա պիտի ծնվեր։ Բայց, դե, մարդիկ պետք է բազմանան։ Մենք պարտավոր ենք շարունակել մարդկային ցեղը։ Բացի դրանից, երեխաները երբեմն նման են լինում ծնողներին, իսկ դա շատ զվարճալի է։ Ինչ կա որ, երկու կեսարյան հատում, եւ խնդիրը լուծված է։ Այո՛, սըր։ Իմ բժիշկը ասում էր՝ կեսարյանը պարտադիր չէ, դուք նորմալ կազմվածք ունեք, կարող եք ծննդաբերել, բայց ես պնդեցի։
 
— Համենայն դեպս, երեխաները սարսափելի ծանր բեռ են։ Դուք պարզապես խելագար եք, որ մտածել եք երեխա ունենալ,— բացականչեց միսիս Ֆելփսը։
 
— Ո՛չ, ինչու, այնքան էլ վատ չէ։ Տասից ինն օրը նրանք անց են կացնում դպրոցում։ Ես նրանց հետ շփվում են ամիսը երեք օր, երբ տանն են լինում։ Բայց դա էլ ոչինչ։ Քշում եմ հյուրասենյակ, միացնում ես պատերը եւ վերջ։ Ինչպես սպիտակեղենը լվանալիս, դարսում ես մեքենայի մեջ եւ շրխկոցով փակում կափարիչը։— Միսիս Բաուլզը քմծիծաղ տվեց։— Իսկ քնքշություններ ոչ մի դեպքում չի կարելի։ Նրանց մտքովն իսկ չի անցնում ինձ համբուրել։ Շուտով երեւի ինձ աքացի էլ կտան, եւ, փա՜ռք աստծո, որ ես դեռ կարող եմ նույն ձեւով պատասխանել։
 
Կանայք փառ—փառ ծիծաղեցին։
 
Միլդրեդը մի րոպե լուռ նստեց, բայց, տեսնելով, որ Մոնթագը չի հեռանում շեմքից, ծափ տվեց ու բացականչեց․
 
— Եկեք Գային բավականություն պատճսաենք եւ խոսենք քաղաքականությունից։
 
— Հիանալի՜ է,— ասաց միսիս Բաուլզը։— Անցած ընտրություններին ես քվեարկեցի բոլորի նման։ Իհարկե, Նոբլի օգտին։ Կարծում եմ՝ երբեւէ պրեզիդենտ ընտրված ամենահաճելի տղամարդկանցից մեկն է նա։
 
— Օ՜, այո՛։ Իսկ հիշո՞ւմ եք մյուսին, որին առաջադրել էին Նոբլի դեմ։
 
— Շատ լավն էր, խոսք չկա։ Փոքր—մոքր, անբարետես, անխնամ սափրված, սանրվածքն էլ բանի նման չէր։
 
— Եվ ոնց էլ օպոզիցիայի գլուխն էր մտել՝ նրա թեկնածությունն առաջադրել։ Մի՞թե կարելի է բարձրահասակ տղամարդու դեմ այդպիսի գաճաճին առաջադրել։ Դեռ հետն էլ ծամծմելով էր խոսում։ Ես գրեթե ոչինչ չլսեցի նրա ասածից։ Լսածիցս էլ բան չհասկացա։
 
— Բացի այդ, հաստլիկ էր եւ նույնիսկ ջանք չէր թափել հագուստով քողարկել իր գիրությունը։ Զարմանալու ի՞նչ կար։ Իհարկե, մեծամասնությունը քվեարկեց Վինսթոն Նոբլի օգտին։ Նույնիսկ նրանց անունները դեր խաղացին։ Համեմատեք Վինսթըն Նոբլ ու Հյութերտ Հոուգ, եւ պատասխանը միանգամից պարզ կդառնա։
 
— Գրո՜ղը տանի,— թացականչեց Մոնթագը։— Ախր դուք նրանց մասին ոչինչ չգիտեք՝ ոչ մեկի, ոչ էլ մյուսի։
 
— Ինչպե՞ս թե չգիտենք։ Մենք երկուսին էլ տեսել ենք այս նույն հյուրասենյակի պատերին։ Ընդամենը կես տարի առաջ։ Մեկն անընդհատ քիթն էր քչփորում։ Սոսկալի էր։ Նայելն իսկ՝ զզվելի։
 
— Եվ ձեր կարծիքով, միստր Մոնթագ, մենք պարտավո՞ր էինք քվեարկել այդպիսի մարդու օգտին,— բացականչեց միսիս Ֆելփսը։
 
Միլդրեդը երջանիկ ժպտում էր։
 
— Գայ, խնդրում եմ, մի՛ բարկացրու մեզ, հեռացիր դռնից։
 
Բայց Մոնթագն արդեն անհետացել էր․ մի րոպե անց նա վերադարձավ՝ ձեռքին մի գիրք բռնած։
 
— Գայ:
 
— Գրողի ծոցը ամեն ինչ, գրողի ծոցը։
 
— Սա ի՞նչ է։ Մի՞թե գիրք։ Իսկ ինձ թվում էր, թե մասնագիտական ուսուցումը այժմ տարվում է կինոնկարների միջոցով։— Միսիս Ֆելփսը զարմացած թարթեց աչքերը։— Դուք ուսումնասիրում եք հրկիզողների գործի տեսությո՞ւնը։
 
— Ի՞նչ գրողի տարած տեսություն,— պատասխանեց Մոնթագը։— Բանաստեղծություններ են։
 
— Մոնթագ,— նրա ականջում հնչեց Ֆաբերի նախազգուշացնող ձայնը։
 
— Ինձ հանգիստ թողեք։— Սոնթագը զգում էր, որ իրեն ասես ներքաշում են ինչ֊որ սրընթաց աղմկոտ ջրապտույտի մեջ։
 
— Մոնթագ, մի՛ կորցրեք ձեզ։ Չհամարձակվեք…
 
— Դուք նրանց լսեցի՞ք։ Լսեցի՞ք՝ ինչ էին բլբլացնում այս ճիվաղներն իրենց նման այլ ճիվաղների մասին։ Տե՜ր աստված։ Ինչե՜ր ասես, որ չեն խոսում մարդկանց, սեփական երեխաների մասին, իրենց մասին, ամուսինների, պատերազմի մասին… Թող անիծվե՜ն։ Ես լսում ու չէի հավատում ականջներիս։
 
— Ներեցեք։ Պատերազմի մասին ես ոչ մի բառ չեմ ասել,— բացականչեց միսիս Ֆելփսը։
 
— Տանել չեմ կարող բանաստեղծությունները,— ասաց միսիս Բաուլզը։
 
— Իսկ դուք երբեւէ կարդացե՞լ եք։
 
— Մոնթագ,֊ Ֆաբերի ձայնը քերեց Մոնթագի ականջը։— Դուք ամեն ինչ կկործանեք։ Խելագար։ Լռեցեք։
 
Կանայք վեր թռան տեղներից։
 
— Նստեցեք,— գոռաց Մոնթագը։
 
Նրանք հնազանդորեն նստեցին։
 
— Ես տուն եմ գնում,— դողացող ձայնով ասաց միսիս Բաուլզը։
 
— Մոնթագ, Մոնթագ, խնդրում եմ, աստծո սիրուն։ Ձեր մտքինն ի՞նչ է,— աղերսում էր Ֆաբերը։
 
— Իսկ ինչո՞ւ որեւէ ոտանավոր չեք կարդում մեզ համար ձեր գրքույկից,— միսիս Ֆելփսը գլխով արեց։—Կարծում եմ, շատ հետաքրքիր կլինի:
 
— Արգելված է,— ողբաձայն աղաղակեց միսիս Բաուլզը։ — Չի կարելի։
 
— Բայց նայեցեք միստր Մոնթագին։ Նա շատ է ցանկանում կարդալ, ես հո տեսնում եմ։ Եվ եթե մի րոպե հանգիստ նստենք ու լսենք, միստր Մոնթագը գոհ կլինի, եւ մենք կարող ենք զբաղվել ուրիշ բանով։— Միսիս Ֆելփսը ջղային խեթեց դատարկ պատերին։
 
— Մոնթագ, եթե կարդաք, ես ձեզ հետ կխզեմ իմ հարաբերությունները, կլքեմ ձեզ,— ականջում ծակող ու սուր, տզտզաց բզեզը։— Ի՞նչ կտա դա ձեզ։ Ինչի՞ կհասնեք։
 
— Մահու չափ կվախեցնեմ, ահա թե ինչ։ Այնպես վախեցնեմ, որ աչքները մթնեն։
 
Միլդրեդը շրջվեց․
 
— Այդ ո՞ւմ հետ ես խոսում, Գայ։
 
Արծաթե ասեղը շամփրեց նրա ուղեղը։
 
— Մոնթագ, լսեցեք, միայն մի ելք կա։ Կատակի տվհք, ծիծաղեք, ուրախ տեսք ընդունեք։ Իսկ հետո գիրքն այրեք վառարանում։
 
Բայց Միլդրեդը կանխեց նրան։ Դժբախտություն կանխազգալով՝ նա արդեն կերկերուն ձայնով բացատրում էր․
 
— Թանկագին տիկնայք, տարին մեկ անգամ յուրաքանչյուր հրկիզողի թույլատրվում է գիրք տանել տուն, որպեսզի ընտանիքին ցույց տա, թե նախկինում ինչպես էր ամեն բան հիմար ու անհեթեթ, ինչպես էին գրքերը խելքահան անում մարդկանց ու զրկում անդորրից։ Ահա այսօր Գայը որոշել է այդպիսի անակնկալ մատուցել։ Նա կկարդա մեզ համար, եւ մենք ինքներս կհամոզվենք, թե ինչ հիմարություն է այդ ամենը, եւ այլեւս երբեք մեր խեղճ գլուխները չենք կոտրի նման անհեթեթությունների վրա։ Այդպես է, չէ՞, թանկագինս։
 
Մոնթագը գիրքը ջղաձգորեն ճմլում էր ձեռքի մեջ։
 
— Ասացեք՝ այո, Մոնթագ,— հրամայեց Ֆաբերը։
 
Մոնթագի շուրթերը հնազանդորեն կատարեցին Ֆաբերի հրամանը։
 
— Այո։
 
Միլդրեդը ծիծաղելով խլեց գիրքը։
 
— Ահա, կարդա այս բանաստեղծությունը։ Ոչ, ավելի լավ է՝ այս մեկը, ծիծաղաշարժ է, դու արդեն այսօր ինձ համար բարձրաձայն կարդացել ես։ Սիրելիներս, դուք ոչինչ չեք հասկանա, ոչինչ։ Դա պարզապես անիմաստ բառակույտ է։ Գայ, թանկագինս, կարդա ահա այս էջը։
 
Նա հայացք գցեց բաց էջին։ Ականջում բզզաց բզեզը։
 
— Կարդացե՛ք, Մոնթագ։
 
— Ի՞նչ է կոչվում բանաստեղծությունը, սիրելիս։
 
— «Դուվրի ափը»<ref>Անգլիացի բանաստեղծ Մաթյու Առնոլդի (1822 — 1888) բանաստեղծությունը։</ref>։
 
Մոնթագի կոկորդը չորացավ։
 
— Բարձր կարդա եւ մի՛ շտապիր։
 
Սենյակում շնչելու օդ չկար։ Մոնթագը մերթ շոգում էր, մերթ պաղում։ Թվում էր, թե հյուրասենյակը մի անապատ է․ երեք աթոռ սենյակի կենտրոնում, եւ ինքը, ոտքերի վրա հազիվ կանգնած, սպասում է, թե միսիս Ֆելփսը երբ պիտի դադարի զգեստը ուղղել, կամ միսիս Բաուլզը երբ պիտի ձեռքը հեռացնի սանրվածքից։ Նա սկսեց կարդալ, սկզբում՝ ցածր, կակազելով, ապա ավելի ու ավելի վստահ եւ բարձր։ Նրա ձայնը տարածվում էր անապատի վրա, բախվում ճերմակ ամայությանը եւ զրնգում շիկացած օդում նստած կանանց գլխավերեւում․
 
<poem>
Լիքն է եղել մի օր
Օվկիանոսը վստահության եւ, գրկելով ափերը երկրի,
Որպես գոտի ծիածանի, հանգել է անդորրությամբ։
Բայց այժմ լսում եմ ես
Լոկ հառաչը նրա երկար, քրթմնջյունը ալեբախումների,
Որ քշվում է մառախուղի միջով
Պոռթկումով փոթորկավուն ու փշրվում ցցունքներին
Առօրյայի մերկ խութերի։
</poem>
 
 
Աթոռները ճռճռացին։ Մոնթագը շարունակեց կարդալ․
 
 
<poem>
Օ՜, սեր, արտոնիր մեզ
Արդար լինել իրար հանդեպ։ Չէ որ աշխարհը այսօր հառել է
Մեր դեմ, որպես երանելի անուրջների երկիր,
Այնքա՜ն բազմադեմ է, նոր ու հրաշագեղ,
Որ չգիտե, իրոք, ոչ խինդ, ոչ լույս, ոչ կիրք,
Ոչ ջերմություն, ոչ էլ տառապանք ու անդորր,
Եվ մենք ահա դեգերում ենք այնտեղ, ինչպես մարտադաշտում,
Ուր հետքերն են իրարանցման, փախուստների, մահի,
Ուր գումակները կույրերի իրենց պայքարն սկսեցին։
</poem>
 
Միսիս Ֆելփսը հեծկլտում էր։
 
Ընկերուհիները նայում էին արցունքից աղճատված նրա դեմքին։ Զգացմունքների այդպիսի բուռն պոռթկումից շվարած նրանք նստել էին՝ չհամարձակվելով կպչել նրան։ Միսիս Ֆելփսը անզուսպ հեկեկում էր։ Մոնթագը ինքն էլ շփոթահար էր եւ ցնցված։
 
— Կամա՛ց, կամա՛ց, Կլարա՛,— ասաց Միլդրեդը։— Հանգստացիր։ Դե վերջացրու, Կլարա, ի՞նչ պատահեց քեզ։
 
— Ես… ես…,— հեծկլտում էր Ֆելփսը։— Չգիտեմ, չգիտեմ։ Ոչինչ չգիտեմ։ Օ՜…
 
Միսիս Բաուլզը վեր կացավ եւ սպառնալի նայեց Սոնթագին։
 
— Հը՞, հիմա տեսնո՞ւմ եք։ Ես գիտեի, որ այսպես կլինի։ Ահա հենց այս էի ուզում ապացուցել։ Ես միշտ եմ ասել՝ պոեզիան արցունք է, պոեզիան ինքնասպանություն է, ջղագարություն եւ զզվելի ինքնազգացողություն, պոեզիան ախտ է։ Գարշանք է, ուրիշ ոչինչ։ Այժմ վերջնականապես համոզվեցի։ Դուք չար մարդ եք, միստր Սոնթագ, անտանելի, չարսիրտ մարդ։
 
— Դե, իսկ այժմ…,— ականջին շշնջաց Ֆաբերը։
 
Սոնթագը հլու հնազանդ շրջվեց, մոտեցավ բուխարիին եւ պղնձե ճաղերի արանքից գիրքը ներս խցկեց՝ ագահ բոցին ընդառաջ։
 
— Հիմար բառեր են, հիմար, հոգին խոցող սոսկալի բառեր,— շարունակեց միսիս Ֆելփսը։— Ինչո՞ւ են մարդիկ ձգտում միմյանց ցավ պատճառել։ Մի՞թե առանց այդ էլ քիչ է տառապանքն աշխարհում, որ դեռ մարդուն պետք է տանջել այդպիսի բարբաջանքներով։
 
— Հանգստացիր, Կլարա,— հեծկլտացող միսիս Ֆելփսի ձեռքը տրորելով՝ հորդորում էր Միլդրեդը։ — Խնդրում եմ, վերջ տուր։ Հիմա մենք կմիացնենք «ազգականներին», կնայենք եւ կուրախանանք։ Դե, բավական է լաց լինես։ Ուզում ես՝ խնջույք սարքենք։
 
— Ոչ,— ասաց միսիս Բաուլզը։— Ես տուն եմ շտապում։ Եթե կցանկանաք այցելել ինձ եւ իմ «ազգականներին», շնորհ արեք ուզած ժամանակ։ Բայց այս խելագար հրկիզողի տունը ես այլեւս ոտք չեմ դնի։
 
— Հեռացե՛ք,— ասաց Մոնթագը ցածրաձայն, աչքերը նրան սեւեռելով,— գնացեք տուն եւ մտածեք ձեր առաջին ամուսնու մասին, որից բաժանվել եք, ձեր երկրորդ ամուսնու մասին, որը զոհվել է հրթիռային մեքենայում, ձեր երրորդ ամուսնու մասին, որը նույնպես շուտով կջնջխի իր գլուխը։ Գնացեք տուն եւ մտածեք այն տասնյակ արհեստական վիժումների մասին, որին դիմել եք դուք, կեսարյան հատումների մասին նույնպես, ձեր երեխաների մասին, որոնք ողջ էությամբ ատում են ձեզ։ Գնացեք տուն եւ մտածեք, թե ինչպե՞ս կարող էր այդ ամենը տեղի ունենալ, վերջապես ի՞նչ եք արել այդ ամենը կանխելու համար։ Հեռացե՛ք,— արդեն գոռում էր նա։— Հեռացե՛ք, քանի դեռ չեմ խփել կամ դուրս շպրտել։
 
Դուռը շրխկաց, տունը դատարկվեց։
 
Մոնթագը մենակ կանգնել էր հյուրասենյակի ցուրտ ամայության մեջ, որտեղ պատերը աղտոտ ձյուն էին հիշեցնում։
 
Լողասենյակից հասնում էր ջրի ճողփյունը։ Նա լսեց՝ ինչպես է Միլդրեդը ապակե սրվակից ափի մեջ լցնում քնաբեր հաբերը։
 
— Դուք հիմար եք, Մոնթագ, հիմար եք, հիմար։ Աստվա՜ծ իմ, ի՜նչ ապուշն եք…
 
— Լռեցեք,— Մոնթագը ականջից քաշեց պոկեց կանաչ գնդիկը եւ խոթեց գրպանը, բայց այն շարունակում էր բզզալ…
 
— Հիմա՜ր, հիմա՜ր…
 
Մոնթագը պրպտեց ողջ տունը եւ վերջապես գրքերը գտավ սառնարանի ետեւում․ Միլդրեդն էր թաքցրել։ Մի քանիսը պակասում էին, եւ Մոնթագը հասկացավ, որ կինն արդեն ինքն է սկսել քիչ—քիչ պայթուցիկը հանել իր տնից։ Բայց նրա զայրույթն արդեն անցել էր։ Միայն հոգնություն էր զգում եւ տարակուսանք։ Ինչո՞ւ արեց այդ ամենը։
 
Նա գրքերը տեղափոխեց բակ եւ թաքցրեց ցանկապատի մոտ, թփերի մեջ։ Միայն մի գիշերով, մտածեց նա, որպեսզի Միլդրեդի մտքով չանցնի այրել դրանք։
 
Տուն վերադառնալով՝ մտավ դատարկ սենյակները։
 
— Միլդրեդ,— կանչեց նա մութ ննջարանի դռների մոտ։ Ոչ ոք չպատասխանեց։
 
Մետրո տանող ճանապարհին հատելով մարգագետինը, Մոնթագը ջանում էր չնկատել, թե որքան մռայլ ու ամայի էր այժմ Քլարիս Մըքլելընի տունը…
 
Այդ ժամին աշխատանքի գնալիս, նա հանկարծ այնպես սուր զգաց իր միայնությունն ու իր գործած սխալի ողջ ծանրությունը, որ չդիմացավ եւ կրկին սկսեց խոսել Ֆաբերի հետ։ Նա սաստիկ տենչում էր գիշերային անդորրի մեջ լսել զարմանալի ջերմ ու սրտահույզ այդ թույլ ձայնը։ Ֆաբերի հետ ծանոթացել էր մի քանի ժամ առաջ, բայց թվում էր, թե ճանաչել է ողջ կյանքի ընթացքում։ Նա այժմ զգում էր, որ իր մեջ երկու մարդ է նստած, առաջինը ինքն է՝ Մոնթագը, որը ոչինչ չի հասկանում, չի ըմբռնում նույնիսկ իր տգիտության ողջ խորությունը, սոսկ աղոտ կռահում է, եւ երկրորդը՝ այդ ծերուկը, որը խոսում էր իր հետ, խոսում այնքան ժամանակ, քանի դեռ օդամուղ գնացքը խելահեղ արագությամբ թռցնում էր նրան քնած քաղաքի մի ծայրից մյուսը։ Բոլոր այն օրերին, որ դեռեւս կլինեն իր կյանքում, ու բոլոր գիշերներին,— եւ խավարչտին, եւ լուսնկա,— ծեր պրոֆեսորը անվերջ պետք է խոսի նրա հետ՝ կաթիլ առ կաթիլ, փշուր առ փշուր, կայծ առ կայծ բառեր լցնելով նրա հոգին։ Երբեւէ, արդյո՞ք, նրա ուղեղը լիքը կլցվի, եւ նա այլեւս Մոնթագը չի լինի։ Այդպես ասաց, հավաստիացրեց, խոստացավ ծերուկը։ Նրանք կլինեն միասին՝ Մոնթագը եւ Ֆաբերը, կրակը եւ ջուրը, իսկ հետո, մի գեղեցիկ օր, երբ ամեն ինչ կխառնվի իրար, երբ ինքն իր մեջ կեռա ու կհանդարտվի, արդեն չեն լինի՝ ոչ կրակ, ոչ ջուր, այլ գինի կլինի։ Իրարից անչափ տարբեր երկու նյութերից կստեղծվի նորը՝ երրորդը։ Եվ կգա օրը, երբ նա, ետ նայելով, կհասկանա, թե ինչ հիմարն է եղել նախկինում։ Հիմա էլ նա կարող է զգալ, որ այդ երկար ճանապարհն սկսվել է, որ ինքը հրաժեշտ է տալիս իր նախկին եսին եւ հեռանում նրանից։
 
Ի՜նչ հաճելի էր լսել ականջի մեջ բզեզի բզզոցը, այդ քնկոտ մոծակային տզզյունը եւ ծերունական նրբահունչ ձայնը։ Սկզբում նա կշտամբեց Մոնթագին, ապա սփոփեց գիշերային ուշ ժամին, երբ Մոնթագը, դուրս գալով մետրոյի հեղձուցիչ թունելից, կրկին հայտնվեց հրկիզողների աշխարհում։
 
— Հանդուրժող եղեք, Մոնթագ, ներողամիտ։ Մի՛ ծաղրեք նրանց։ Մինչեւ վերջերս դուք էլ այդպիսին էիք։ Նրանք անվերապահ հավատում են, որ միշտ այդպես է լինելու։ Բայց միշտ այդպես չի լինելու։ Նրանք չգիտեն, որ իրենց կյանքը նման է տիեզերական տարածության մեջ բոցավառվող վիթխարի ասուպի։ Քանի դեռ թռչում է, գեղեցիկ է, բայց երբեւէ անխուսափելիորեն պետք է ցած ընկնի։ Մինչդեռ նրանք այդ շքեղ, ուրախ փայլից բացի, ուրիշ ոչինչ չեն տեսնում։ Մոնթագ, ծերուկը, որ թաքնվում է տանը, պահպանելով իր ծեր ոսկորները, քննադատելու իրավունք չունի։ Համենայն դեպս, ես կասեմ, քիչ էր մնացել ամեն ինչ կործանեիք սկզբում։ Զգույշ եղեք։ Հիշեցեք, որ միշտ ձեզ հետ եմ։ Ես հասկանում եմ, թե այդ ինչպես պատահեց։ Պետք է խոստովանեմ, որ ձեր կույր ցասումը ինձ արիություն ներշնչեց։ Աստվա՜ծ իմ, հանկարծ ինձ այնպե՜ս ջահել զգացի։ Բայց այժմ ուզում եմ, որ դուք ձեզ ծեր զգաք, ուզում եմ այսօր ձեր մեջ մի կաթիլ լինի իմ երկչոտությունից։ Հրկիզապետ Բիթիի հետ այդ մի քանի ժամվա ընթացքում զգույշ եղեք, ոտնաթաթերի վրա քայլեցեք նրա շուրջը, թույլ տվեք լսեմ նրան, հնարավորություն ընձեոեք գնահատելու իրավիճակը։ Ողջ մնալ, ահա մեր նշանաբանը։ Մոռացեք այդ թշվառ, հիմար կանանց…
 
— Ես նրանց այնքան վշտացրի, որքան հավանաբար ողջ կյանքում չէին վշտացել,— ասաց Մոնթագը։— Ինքս էլ ցնցվեցի՝ տեսնելով միսիս Ֆելփսի արցունքները։ Թերեւս նրանք իրավացի են։ Գուցե ավելի լավ է չտեսնել կյանքը ինչպես որ է, աչք փակել ամեն ինչի հանդեպ եւ զվարճանալ։ Չգիտեմ։ Ես ինձ մեղավոր եմ զգում…
 
— Ո՛չ, պետք չէ։ Եթե պատերազմ չսկսվեր, եթե խաղաղություն լիներ, ես ձեզ խորհուրդ կտայի՝ զվարճանալ։ Բայց, ո՛չ, Մոնթագ, դուք իրավունք չունեք լոկ հրկիզող մնալու։ Այս աշխարհում ամեն բան չէ, որ բարեհաջող է։
 
Մոնթագի ճակատը ծածկվեց քրտինքով։
 
— Մոնթագ, դուք լսո՞ւմ եք ինձ։
 
— Ոտքերս…— Փնթփնթաց Մոնթագը։— Ես չեմ կարողանում շարժվել։ Ի՞նչ հիմար զգացողություն է։ Ոտքերս չեն ուզում շարժվել։
 
— Լսեցե՛ք, Մոնթագ։ Հանգստացեք,— մեղմորեն հորդորում էր ծերուկը։— Ես հասկանում եմ, թե ինչ է կատարվում ձեզ հետ։ Դուք վախենում եք կրկին սխալներ թույլ տալ։ Բայց մի՛ վախեցեք։ Սխալները երբեմն օգտակար են։ Եթե միայն իմանայիք։ Երբ ես երիտասարդ էի, իմ տգիտությունը բոլորի աչքն էի խոթում։ Դրա համար ինձ ծեծում էին։ Քառասունի շեմին վերջապես իմ գիտելիքների զենքը ամուր էր։ Եվ եթե սկսեք թաքցնել ձեր տգիտությունը, ձեզ չեն ծեծի, եւ դուք երբեք չեք խելոքանա։ Դե՛, իսկ այժմ քայլեցեք։ Ավելի՛ համարձակ։ Միասին գնանք հրակայան։ Այժմ երկուսով ենք։ Դուք այլեւս մենակ չեք, մենք արդեն ամեն մեկս առանձին—առանձին նստած չենք խուլ պատերով մեկուսացված մեր հյուրասենյակում։ Եթե դուք օգնության կարիք զգաք, երբ Բիթին սկսի նեղել ձեզ, ես կլինեմ ձեր կողքին, ձեր թմբկաթաղանթներում, ես նույնպես կլսեմ ձեզ եւ ամեն ինչ կհսկեմ։
 
Մոնթագը զգաց, որ իր ոտքերը, սկզբում՝ աջը, հետո՝ ձախը, վերագտան շարժվելու կարողությունը։
 
— Ինձ մի՛ լքեք, իմ ծեր բարեկամ,— ասաց նա։
 
Մեխանիկական շունը բնում չէր։ Հրակայանի սպիտակ շենքը ընկղմված էր լռության մեջ։ Նարնջագույն Սալամանդրը նիրհում էր՝ լցնելով որովայնը նավթով, նրա կողքերին խաչաձեւ ամրացված հանգստանում էին հրցիրները։ Մոնթագն անցավ լռության միջով եւ, կառչելով բրոնզե ձողից, մագլցեց խավարի մեջ՝ աչքը չկտրելով մեխանիկական գազանի դատարկված որջից։ Նրա սիրտը մերթ նվաղում էր, մերթ կրկին կատաղի բաբախում։ Ֆաբերը, գիշերային գորշ թիթեռի նման, որոշ ժամանակ լռեց նրա ականջում։
 
Բիթին կանգնած էր վերեւի հարթակին։ Նա մեջքով շրջված էր դեպի անցքն այնպես, ասես ոչ մեկին չէր սպասում։
 
— Ահա,— ասաց նա, դիմելով թղթախաղով տարված հրկիզողներին,— ահա գալիս է մի հետաքրքրագույն նմուշ, որն աշխարհի բոլոր լեզուներով կոչվում է հիմար։
 
Նա չշրջվեց, բայց անխոս պարզեց ձեռքը ու պահանջեց տուրքը։ Մոնթագը գիրքը տվեց նրան։ Կազմի վրա ուշադրություն չդարձնելով՝ Բիթին գիրքը շպրտեց աղբարկղը եւ սիգարետ վառեց։
 
— «Մեծագույն հիմարը նա է, ով գեթ մի կաթիլ խելք ունի»<ref>Քաղված է անգլիացի բանաստեղծ Ջոն Դոնից (1572 — 1631)։</ref>։ Բարի գալուստ, Մոնթագ։ Հուսով եմ, որ այժմ կմնաք մեզ հետ հերթապահելու, քանի որ ձեր տենդն անցել է, եւ դուք կրկին առողջ եք։ Պոկեր չխաղա՞նք։
 
Նրանք նստեցին սեղանի մոտ։ Խաղաթղթերը բաժանեցին։ Բիթիի ներկայությունը Մոնթագին սաստիկ զգալ էր տալիս իր ձեռքերի մեղավորությունը։ Նրա մատները ոչ մի րոպե հանգիստ չմնալով, չարաճճի կզաքիսների նման անընդհատ շարժման մեջ էին․ մերթ նյարդայնորեն խաղում էին, մերթ տրորում ինչ֊որ բան, մերթ թաքնվում գրպաններում՝ Բիթիի՝ այրվող սպիրտի բոցի պես դժգույն հայացքի տակ։ Մոնթագին թվում էր, որ եթե հրկիզապետը փչի նրանց վրա՝ կչորանան, կկծկվեն, այլեւս երբեք չի հաջողվի կենդանացնել եւ մշտապես թաղված կմնան իր բաճկոնի թեւքերի խորքերում, քանի որ դրանք հանկարծ ցանկացել են ապրել ու գործել իրենց կամքով։ Մոնթագից անկախ՝ դրանց մեջ առաջին անգամ ի հայտ էր եկել իր գիտակցությունը, իրականացել էր իր գաղտնի ծարավը՝ գիրք հափշտակել եւ փախչել՝ իր հետ տանելով Հոբին, Հռութին կամ Շեքսպիրին։ Այստեղ, հրակայանում, դրանք հանցագործի՝ արյունով ներկված ձեռքեր էին հիշեցնում։
 
Կես ժամվա ընթացքում Մոնթագը երկու անգամ գնաց զուգարան՝ ձեռքերը լվանալու։ Վերադառնալով՝ նա ձեռքերը պահեց սեղանի տակ։
 
Բիթին ծիծաղեց․
 
— Ձեռքերդ մի՛ թաքցրեք, անշուշտ, մենք ձեզ վստահում ենք, բայց, ինչեւէ…
 
Բոլորը հռհռացին։
 
— Դե բավական է,— ասաց Բիթին։— ճգնաժամն անցել էք եւ նորից ամեն ինչ լավ է։ Մոլորված ոչխարը հոտ է վերադառնում։ Մենք բոլորս ժամանակին մոլորվել ենք։ «Ճշմարտությանը միշտ ճշմարտություն կլինի»<ref>Շեքսպիր, «Չափի տեղ չափ»։</ref>, գոռում էինք մենք։ Կգա հատուցման ժամը։ Միայնակ չեն նրանք, ովքեր իրենց մեջ կրում են վեհանձն մտքեր, հավատացնում էինք ինքներս մեզ։ «Օ՜ իմաստնություն՝ թաքնված կենդանի համահնչունություններում»,— ինչպես ասել է սըր Ֆիլիպ Սիդնեյը<ref>Ֆիլիպ Սիդնեյ (1554 — 1586) — անգլիացի բանաստեղծ եւ հասարակական գործիչ։</ref>։ Բայց մյուս կողմից՝ «Խոսքը նման է սաղարթի, եւ որտեղ խիտ է՝ հազիվ թե պտուղ թաքնված լինի սաղարթի ստվերի տակ»,— ասել է Ալեքսանդր Փոուփը<ref>Ալեքսանդր Փոուփ (1688 — 1744) — անգլիացի բանաստեղծ։</ref>։ Ի՞նչ եք մտածում այս մասին, Մոքնթագ։
 
— Չգիտեմ։
 
— Զգո՜ւյշ,— շշնջաց Ֆաբերը մի այլ, հեռավոր աշխարհից։
 
— Կամ ահա մեկը եւս․ «Վտանգավոր է քիչ իմանալ, միշտ հիշելով այս՝ փրփրուն գինով բաժակդ լցրու պռնկեպռունկ։ Մի կումից կհարբես իսկույն, բայց խմիր ցմրուր եւ նորից ձեռք կբերես պայծառ բանականությունը»։ Փոուփ, նույն «Ակնարկներում»<ref>Նկատի ունի Փոուփի «Ակնարկներ քննադատության մասին» տրակտատը։</ref>։ Դա թերեւս նաեւ ձեզ կարելի է վերագրել, չէ՞, Մոնթագ։ Ի՞նչ եք կարծում։
 
Մոնթագը շրթունքը կծեց։
 
— Հիմա կբացատրեմ,— ասաց Բիթին, ժպտալով եւ նայելով խաղաթղթերին։— Չէ՞ որ դուք հարբել եք հենց մի կումից։ Կարդացել եք մի քանի տող, եւ ձեր գլուխը պտտվել է։ Թրըխկ—շրխկ։ Դուք արդեն պատրաստ եք պայթեցնելու տիեզերքը, գլուխներ կտրելու, կոխկրտելու կանանց ու երեխաների, հեղինակություններ պսակազերծելու։ Ես գիտեմ, ինքս անցել եմ այդ ճանապարհը։
 
— Ո՛չ, ես այդպիսին չեմ,— պատասխանեց Մոնթագը խուճապահար։
 
— Մի՛ կարմրեք, Մոնթագ։ Իսկապես, ես չեմ ծիծաղում ձեզ վրա։ Գիտե՞ք, մի ժամ առաջ երազ տեսա։ Պառկեցի մի փոքր հանգստանալու եւ երազ տեսա, իբր մենք երկուսով, Մոնթագ, բուռն վիճաբանում ենք գրքերի մասին։ Շանթ ու կայծակ էիք արձակում դուք, մեջբերումներ տեղում, իսկ ես անվրդով ետ էի մղում ձեր ամեն մի հարձակումը։ «Իշխանություն»,— ասում էի ես։ Մինչդեռ մեջբերելով դոկտոր Ջոնսընին<ref>Սեմուել Ջոնսըն (1709 — 1784) — անգլիացի գրող։</ref>, դուք պատասխանում էիք․ «Գիտելիքները ուժեղ են իշխանությունից»։ Ի դեպ, նույն այդ Ջոնսընը, թանկագին տղաս, ասել է նաեւ․ «Խելագար է նա, ով ուզում է որոշակիությունը փոխել անորոշությամբ»։ Ջանացեք լինել հրկիզողների կողմը, Մոնթագ։ Մնացյալ ամեն ինչ մռայլ քաոս է։
 
— Մի՛ լսեք նրան,— շշնջաց Ֆաբերը։— Նա ուզում է ձեզ շփոթեցնել։ Օձաձկան նման լպրծուն է։ Զգո՛ւյշ եղեք։
 
Բիթին քրքջաց։
 
— Դուք էլ ինձ պատասխանեցիք քաղվածքով․ «Ճշմարտությունը միշտ դուրս կգա, մարդասպանությունը չի կարող երկար ծածուկ մնալ»<ref>Շեքսպիր, «Վենետիկի վաճառականը», արարված 1, տեսարան 2։</ref>։ Իսկ ես բարեհոգի բացականչեցի․ «Օ՜, տեր աստված, նա անընդհատ իր էշն է քշում»։ Ու նաեւ ասացի․ «Սատանան Սուրբ գիրքն իր օգուտի համար վկա է կանչում»<ref>Նույն տեղը, արարված 1, տեսարան 3։</ref>։ Ի պատասխան՝ դուք գոռացիք․ «Մեզ մոտ ավելի շատ մեծարում են կերպաս հագած տխմարին, քան աղքատի հագուստով իմաստունին»<ref>Քաղված է անգլիացի գրող Թոմաս Դեքըրից (1572 — 1632)։</ref>։ Այդ ժամանակ ես մեղմ շշնջացի․ «Ճշմարտությունը կարիք ունի՞ այդքան կատաղի պաշտպանության»<ref>Քաղված է անգլիացի գրող Բենջըմին Ջոնսընից (1572 — 1637)</ref>։ Դուք նորից գոռացիք․ «Մարդասպանն այստեղ է, եւ մեռյալների վերքերը բացվել են նորից, եւ արյան վտակներ են հորդում»<ref>Քաղված է անգլիացի գրող Ռոբերտ Բըրթընից (1577 — 1640)</ref>։ Պատասխանեցի՝ թփթփացնելով ձեր ձեռքը․ «Մի՞թե այդպիսի ագահություն եմ արթնացրել ես ձեր մեջ»։ Դուք նորից ճչացիք․ «Գիտելիքը ուժ է։ Եվ հսկայի ուսերին բարձրացած թզուկը նրանից հեռուն է տեսնում»։ Մեծագույն հանգստությամբ մեր վեճը ես ավարտեցի հետեւյալ խոսքերով․ «Բոլորիս բնորոշ մոլորությունն է մետաֆորը ապացույց համարել, պարապ բառերի հոսքը՝ ճշմարտության ակունք, իսկ մեզ՝ պատգամախոս», ինչպես մի առիթով ասել է միստր Պոլ Վալերին։
 
Մոնթագի գլուխը պտտվեց։ Նրան թվում էր, թե անխնա հարվածում են իր հոնքերին, աչքերին, կզակին, քթին, շրթունքներին, ուսերին, անօգնական պարզած ձեռքերին։ Նա ցանկանում էր ճչալ․ «Ո՜չ, լսեցե՜ք։ Դուք ձգտում եք խճճել ամեն ինչ։ Բավակա՛ն է»։
 
Բիթիի նրբագեղ, ջղային մատները բռնեցին Մոնթագի դաստակը։
 
— Աստվա՜ծ իմ, ինչպես է տրոփում զարկերակը։ Երեւում է՝ ես ձեզ կարգին թափ տվի, հա՞, Մոնթագ։ Ձեր զարկերակն այնպես է տրոփում, ասես պատերազմի հաջորդ օրն է։ Պակասում են միայն շեփորներն ու զանգերի ղողանջները։ Մի քիչ էլ խոսե՞նք։ Ինձ դուր է գալիս ձեր խռովահույզ տեսքը։ Ի՞նչ լեզվով ճառախոսեմ՝ սուահի՞լի, հինդի՞, գրական անգլերե՞ն․ բոլորով էլ խոսում եմ։ Բայց դա նման է համրի հետ զրուցելուն, այդպես չէ՞, միստր Վիլի Շեքսպիր։
 
— Զգուշացեք, Մոնթագ,— նրա ականջում խշխշաց գիշերաթիթեռը։— Նա ջուր է պղտորում։
 
— Օ՜, դուք մահու չափ վախեցաք,— շարունակեց Բիթին։— Իրոք որ, ես դաժան վարվեցի, ձեր դեմ հանեցի նույն այն գրքերը, որոնց դուք այնպես կառչել եք, գործադրեցի, որ հերքեմ ձեզ ամեն քայլափոխի։ Ա՜խ, գրքերը այնպիսի՜ դավաճաններ են։ Դուք կարծում եք՝ նրանք ձեզ կսատարեն, բայց շուռ են գալիս հենց ձեր դեմ։ Ո՛չ միայն դուք, մի ուրիշն էլ կարող է գործի դնել գիրքը, եւ, ահա,դուք արդեն խճճվել եք ճահճուտի մեջ, գոյականների, բայերի, ածականների հրեշավոր խառնաշփոթի մեջ։ Եվ ավարտվեց իմ երազը նրանով, որ ես Սալամանդրով մոտեցա ձեզ եւ հարցրի․ «Մենք ուղեկիցներ չե՞նք»։ Դուք նստեցիք մեքենան, եւ մենք ետ սլացանք հրակայան՝ պահպանելով երանելի լռություն, կրքերը հանդարտվեցին, եւ մեր միջեւ կրկին հաշտություն տիրեց։
 
Բիթին բաց թողեց Մոնթագի ձեռքը, որն անկենդան ընկավ սեղանին։
 
— Ամեն ինչ լավ է, երբ լավ է վերջանում։
 
Լռություն։ Մոնթագը նստել էր, ասես քարե ճերմակ արձան։
 
Իրեն հասցված վերջին հարվածների արձագանքները դանդաղ մարում էին ինչ֊որ տեղ, ուղեղի մթին անձավներում։ Ֆաբերն սպասում էր մինչեւ որ դրանք լիովին մարեն։ Եվ երբ, վերջապես, Մոնթագի գիտակցության մեջ բարձրացած փոշեմրրիկը հանդարտվեց, Ֆաբերն սկսեց ցածր ձայնով․
 
— Լավ, նա ասաց այն, ինչ ուզում էր։ Դուք մինչեւ վերջ լսեցիք։ Հիմա կխոսեմ ես։ Ստիպված կլինեք այդ էլ լսել։ Իսկ հետո փորձեք գլուխ հանել եւ վճռել՝ ով է արդարացի։ Բայց ուզում եմ, որ ինքներդ որոշեք, որ այդ որոշումը լինի ձեր սեփականը, ոչ թե իմը կամ հրկիզապետ Բիթիինը։ Չմոռանաք միայն մի բան՝ հրկիզապետը ճշմարտության եւ ազատության թշնամիներից մեծամասնության բթամիտ եւ անտարբեր հոտի երդվյալ անդամը։ Օ՜, մեծամասնության սարսափելի բռնակալությունը… Ես եւ Բիթին տարբեր երգեր ենք երգում։ Անձամբ ձեզնից է կախված, թե ում կլսեք։
 
Մոնթագը բերանը բացեց՝ պատասխանելու Ֆաբերին, բայց հրակայանի զանգի ղողանջը ժամանակին կանխեց նրան թույլ տալու այդ աններելի սխալը։ Տագնապի ազդանշանը շաչում էր առաստաղի տակ։ Սենյակի մյուս ծայրում տկտկաց հեռախոսային սարքը, որը հասցեն էր գրանցում։ Հրկիզապետ Բիթին, խաղաթղթերը վարդագույն ձեռքերի մեջ, միտումնավոր դանդաղ մոտեցավ գրանցող սարքին եւ պոկեց թղթե ժապավենը։ Անփույթ հայացք նետելով հասցեին՝ խոթեց գրպանը եւ, վերադառնալով սեղանի մոտ, կրկին նստեց։ Բոլորը նայեցին նրան։
 
— Կարելի է սպասել ուղիղ քառասուն վայրկյան, ճիշտ այնքան, որքան ինձ հարկավոր է, որպեսզի հաղթեմ,— ուրախ ասաց Բիթին։
 
Մոնթագը խաղաթղթերը դրեց սեղանին։
 
— Հոգնեցի՞ք, Մոնթագ։ Ուզում եք խաղից դո՞ւրս գալ։
 
— Այո՛։
 
— Մի՛ ընկճվեք։ Ասենք, կարելի է խաղը հետաձգել։ Խաղաթղթերը շրջված դրեք սեղանին, կվերադառնանք՝ կվերջացնենք։ Իսկ այժմ շարժվեք։ Արա՛գ։— Բիթին վեր կացավ։— Մոնթագ, ձեր տեսքն ինձ դուր չի գալիս։ Մտադիր եք նորի՞ց հիվանդանալ։
 
— Չէ՛, ես միանգամայն առողջ եմ։
 
— Այո՛, դուք պետք է հիանալի զգաք։ Սա առանձնահատուկ դեպք է։ Դե, առա՜ջ…
 
Նրանք ցատկեցին դեպի փողանցքը եւ ամուր կառչեցին բրոնզե ձողից, ասես նրանում էր միակ փրկությունը ներքեւից վեր հորդացող ալիքների հորձանքից։ Բայց ձողը նրանց անդունդը նետեց, որտեղ արդեն արթնանալով փնչացնում, գռմռում ու հազում էր վիշապը։
 
— էհե՜յ։
 
Նրանք դղրդյունով ու աղմուկով թեքվեցին անկյունից, արգելակները ճռնչացին, անվադողերը շչացին, նավթը ճողփաց Սալամանդրի պղնձե փայլուն բաքում, ինչպես սնունդը հսկայի որովայնում։ Մոնթագի մատները դողդողում էին փայլփլուն բռնակների վրա, անվերջ պլստում ցուրտ դատարկության մեջ, քամին քաշքշում էր մազերը, սուլում ատամների արանքից, իսկ Մոնթագը մտածում, անընդհատ մտածում էր հյուրասենյակի դատարկամիտ այն կանանց մասին, որոնց գլխից նեոնային քամին վաղուց արդեն քշել տարել էր բանականության վերջին նշույլը։ Հիշում էր նաեւ իր անհեթեթ, հիմար մտահղացումը՝ գիրք կարդալ նրանց համար։ Դա հավասարազոր էր հրդեհը ջրի ատրճանակով հանգցնելուն։ Զառանցանք, խելացնորություն։ Պարզապես կատաղության մոլուցք։ Եվ զայրույթի բռնկում, որ ինքը պարտավոր էր զսպել։
 
Ե՞րբ է հաղթահարելու այդ խելացնորությունը եւ դառնալու հանգիստ, իսկապես հանգիստ։
 
— Շուտով կհասնենք։
 
Մոնթագը հայացքը կտրեց բռնակներից։ Սովորաբար Բիթին երթեք չէր նստում ղեկի առաջ, բայց այսօր մեքենան վարում էր նա, կտրուկ թեքելով շրջադարձերում, առաջ հակվելով վարորդական գահի բարձունքից։ Նրա ծանր, սեւ անջրանցիկ վերարկուի թեւքերը կախվում ու ծածանվում էին, ինչպես մեքենայի վերեւով թռչող վիթխարի չղջիկ՝ կուրծքը քամուն դեմ արած։
 
— Սուրա, սուրա, որպեսզի ժամ առաջ աշխարհը երջանկացնենք։ Այդպե՞ս է, Մոնթագ։
 
Բիթիի վարդագույն, ասես ֆոսֆորափայլ այտերն առկայծում էին խավարում, նա ժպտում էր ինչ֊որ մոլեգնությամբ։
 
— Ահա եւ հասանք։
 
Սալամանդրը կտրուկ կանգ առավ։ Մարդիկ խառնիճաղանջ դուրս թափվեցին։ Մոնթագը կանգնել էր՝ աչքերը սեւեռած պաղ, փայլուն բռնակներին, որոնցից ջղաձգորեն կառչել էին իր մատները։
 
«Ես չեմ կարող այդ անել,— մտածեց նա։— Ինչպե՞ս կարող եմ կատարել առաջադրանքը, ինչպե՞ս կարող եմ նորից այրել։ Ես չեմ կարող մտնել այս տունը»։
 
Կողքին հայտնվեց Բիթին, նրանցից դեռ քամու հոտ էր փչում, որի միջով նրանք քիչ առաջ սլանում էին։
 
— Դե՛, Մոնթագ։
 
Հրկիզողները, որոնք իրենց տգեղ երկարաճիտ կոշիկներով հիշեցնում էին հաշմանդամների, սարդերի պես անաղմուկ սկսեցին վազվզել։
 
Վերջապես, աչքը կտրելով բռնակներից, Մոնթագը շրջվեց։
 
Բիթին հետեւում էր նրա դեմքին։
 
— Ի՞նչ պատահեց ձեզ, Մոնթագ։
 
— Այս ի՞նչ է,— դանդաղ արտասանեց Մոնթագը,— իմ տան մո՞տ ենք կանգ առել։
 
 
==Երրորդ մաս — ԱՅՐՈՂ ԿՐԱԿ==
 
Փողոցի բոլոր տներում վառվեցին լույսերը, լայն բացվեցին դռները։ Մարդիկ դուրս վազեցին՝ դիտելու կրակի տոնը։ Բիթին եւ Մոնթագը՝ մեկը զուսպ բավականությամբ, մյուսը չհավատալով աչքերին, նայում էին այն տանը, որին վիճակված էր դառնալ ներկայացման գլխավոր ասպարեզը, այստեղ պետք է ջահերով ձեռնածություն անեն եւ բոց կուլ տան։
 
— Դե ահա,— ասաց Բիթին,— կեցցե՛ք, հասաք ձեր ուզածին։ Ծերուկ Մոնթագը ցանկացավ թռչել դեպի արեւը, բայց այժմ, երբ թեւերն այրվեցին, զարմանում է, թե ինչպե՞ս պատահեց։ Մի՞թե բավականաչափ հասկանալի չնախազգուշացրի ձեզ, երբ մեխանիկական շանը գաղտնի ուղարկեցի ձեր դռների մոտ։
 
Մոնթագի սառած դեմքը ոչինչ չէր արտահայտում, նա զգաց, թե ինչպես քարի պես ծանր իր գլուխը դանդաղ շրջվեց հարեւան տան կողմը, որը մռայլ կանգնած էր շրջակա գունագեղ ծաղկաթմբերի մեջ։
 
Բիթին արհամարհանքով փնչացրեց․
 
— Է՜, բավակա՛ն է։ Մի՞թե այդ փոքրիկ ցնդածը իր տափակ խաղացանկով հիմարացրել է ձեզ։ Ծաղիկներ, թիթեռնիկներ, տերեւներ, մայրամուտ։ Գիտե՜նք, գիտե՜նք։ Ամեն ինչ գրանցված է նրա քարտում։ Երեւում է՝ ես խփել եմ նշանակետին։ Բավական է նայել ձեր տառապած դեմքին։ Մի քանի ցողուն եւ լուսնեղջյուրը։ Ի՜նչ հիմարություն։ Եվ ի՞նչ լավ բան կա այդ ամենի մեջ։
 
Մոնթագը նստեց Սալամանդրի սառը կողին։ Նա մի քանի անգամ շարժեց իր ընդարմացած գլուխը՝ աջ—ձախ, աջ—ձախ…
 
— Նա ամեն ինչ տեսնում էր։ Ոչ մեկին ոչինչ չէր արել։ Ոչ մեկին չէր անհանգստացնում…
 
— Չէ՜ր անհանգստացնում։ Ինչպե՜ս չէ։ Ձեր շուրջը չէ՞ր պտտվում։ Ա՜խ, ինչպես են ինձ ձանձրացրել բարեգործության այս սիրահարները՝ իրենց դեմքի բարեպաշտ արտահայտությամբ, կեղծավոր լռությամբ եւ եզակի տաղանդով՝ հարկադրել մարդուն, որ մեղավոր զգա իրեն։ Գրողը տանի նրանց բոլորին։ Նրանք ծագում են, ինչպես արեւը՝ կեսգիշերին, որպեսզի անկողնում էլ հանգիստ չունենաս։
 
Տան դուռը բացվեց, աստիճաններով ցած վազեց Միլդրեդը՝ ճամպրուկը փայտացած ձեռքում սեղմած։ Մայթեզրին սուլոցով արգելակեց տաքսին։
 
— Միլդրեդ։
 
Կինը վազեց անցավ կողքով, անբնականորեն ձգված, դեմքը դիմափոշուց ճերմակած, բերանը չի երեւում․ մոռացել է շրթունքները ներկել։
 
— Միլդրեդ, մի՞թե դու ես ահազանգել։
 
Նա ճամպրուկը խցկեց մեքենայի մեջ եւ ինքն էլ նստեց՝ քթի տակ մրմնջալով․
 
— Իմ խե՜ղճ «ազգականներ», խեղճե՜ր, խեղճե՜ր։ Ամեն ինչ կործանվեց, ամեն ինչ կործանվեց…
 
Բիթին բռնեց Մոնթագի ուսից։ Մեքենան թափով շարժվեց եւ, ժամում յոթանասուն մղոն արագություն զարգացնելով, անհետացավ փողոցի ծայրին։
 
Զնգոց լսվեց, ասես թե ջարդուփշուր եղավ հղկված ապակուց, հայելուց եւ բյուրեղապակուց ստեղծված երազանքը։ Մոնթագը մեքենաբար շրջվեց, կարծես քշված լիներ՝ չգիտես որտեղից անակնկալ վրա հասած պտտահողմից։ Նա տեսավ, որ Ստոնմընն ու Բլաքը, կացինները ճոճելով, ջարդում են պատուհանների շրջանակները, որպեսզի անարգել փչի միջանցիկ քամին։ Սառը, սեւ պատնեշին խփվող գիշերաթիթեռի թեւերի շրշյուն։
 
— Մոնթագ, ես եմ՝ Ֆաբերը։ Լսո՞ւմ եք ինձ։ Ի՞նչ է պատահել։
 
— Այժմ դա ինձ է պատահել,— պատասխանեց Մոնթագը։
 
— Ա՜խ, ի՞նչ զարհուրելի անակնկալ,— բացականչեց Բիթին։— Մեր օրերում ամեն ոք կարծում է, չգիտես ինչու ամեն ոք հաստատ համոզված է, որ իրեն ոչինչ չի կարող պատահել։ Ուրիշները մեռնում են, բայց ես ապրում եմ։ Ինձ համար, գիտե՞ք, չկան հետեւանքներ, չկա պատասխանատվություն։
 
Բայց նրանք գոյություն ունեն, այ թե որն է դժբախտությունը։ Սակայն ինչ խոսենք այդ մասին։ Երբ բանը հասել է հետեւանքներին, ապա ուշ է խոսելը, ճիշտ չէ՞, Մոնթագ։
 
— Մոնթագ, դուք կարո՞ղ եք փրկվել, փախչել,— հարցրեց Ֆաբերը։
 
Մոնթագը դանդաղ քայլում էր դեպի տուն, բայց չէր զգում՝ ինչպես են ոտքերը կպչում շավղի ցեմենտին ու գիշերային թաց խոտերին։ Բիթին չխկացրեց վառիչը, եւ Մոնթագը հմայվածի պես հայացքը հառեց նարնջագույն բոցին։
 
— Ինչո՞ւ կրակը մեզ համար այդպիսի անբացատրելի հմայք ունի։ Ի՞նչն է նրա մեջ ձգում ահելին ու ջահելին։— Բիթին հանգցրեց բոցը ու կրկին վառեց։— Կրակը հավերժական շարժում է, այն, ինչ մարդը մշտապես ձգտել է գտնել, բայց այդպես էլ չի գտել։ Կամ՝ գրեթե հավերժական շարժում, եթե չխանգարեն, այն թերեւս վառվի մեր ողջ կյանքի ընթացքում։ Այնուամենայնիվ, ի՞նչ բան է կրակը։ Գաղտնիք։ Առեղծված։ Գիտնականներն ինչ֊որ բան են շաղակրատում շփման եւ մոլեկուլների մասին, բայց նրանք ըստ էության ոչինչ չգիտեն։ Իսկ կրակի հիմնական հմայքն այն է, որ ոչնչացնում է պատասխանատվությունը եւ հետեւանքները։ Եթե պրոբլեմը չափազանց մեծ հոգս է պատճառում, պետք է վառարան նետել։ Այ, դուք էլ, Մոնթագ, այժմ նույնպիսի ծանր բեռ եք։ Կրակը կհեռացնի ձեզ իմ ուսերից՝ արագ, մաքուր եւ հաստատապես։ Նույնիսկ նեխելու բան չի լինի։ Հարմար է, հիգիենիկ, ակնահաճո։
 
Մոնթագը նայում էր իր տանը, որ այժմ այնպես օտարոտի ու տարօրինակ էր թվում, գիշերվա ուշ ժամ, հարեւանների քչփչոց, ջարդված ապակու կտորտանք, հատակին կազմերը պոկոտված գրքեր ու կարապի փետուրների պես ցաքուցրիվ էջեր, անհասկանալի, անհեթեթ տեսքով գրքեր, իսկապես, արժե՞ դրանց պատճառով այդքան հուզվել…
 
Իհարկե, այդ ամենը Միլդրեդի ձեռքի գործն է։ Նա երեւի տեսել է, թե ինչպես է ինքը գրքերը թաքցնում այգում եւ նորից տուն է բերել։ Ախ, Միլդրեդ, Միլդրեդ։
 
— Ես ուզում եմ, որ դուք մենակ կատարեք ողջ աշխատանքը, Մոնթագ։ Բայց ոչ թե նավթով եւ լուցկիով, այլ մասմաս, հրցիրով։ Դուք ինքներդ պետք է մաքրեք ձեր տունը։
 
— Մոնթագ, մի՞թե դուք չեք կարող թաքնվել, փախչել։
 
— Ո՜չ,— բացականչեց Մոնթագը հուսահատված։— Մեխանիկական շունը։ Նա չի թողնի, անկարելի է։
 
Ֆաբերը լսեց, բայց լսեց եւ հրկիզապետ Բիթին՝ մտածելով, որ այդ բառերը իրեն են ուղղված։
 
— Այո՛, շունը մոտերքում է,— պատասխանեց նա,— այնպես որ, ձեր մտքով չանցնի՝ որեւէ հնարք գործադրել։ Պատրա՞ստ եք։
 
— Այո՛։— Մոնթագը չխկացրեց հրցիրի պահպանակը։
 
— Կրա՜կ։
 
Բոցի հսկա լեզուն դուրս ժայթքեց հրցիրից, հարվածեց գրքերին, շպրտեց դեպի պատը։ Մոնթագը մտավ ննջարան եւ երկու անգամ կրակեց լայնշի անկողինների վրա։ Դրանք բռնկվեցին սուլոցով, ճարճատունով եւ այնպես կատաղի բոցավառվեցին, որ Մոնթագը նույնիսկ զարմացավ, ո՞վ կմտածեր, որ դրանցում այդքան ջերմություն եւ կիրք կար ամփոփված։ Նա վառեց ննջասենյակի պատերը եւ կնոջ զարդասեղանը, որովհետեւ ծարավի էր այդ ամենը փոխելու։ Նա վառեց աթոռները, սեղանները, իսկ ճաշասենյակում՝ դանակները, պատառաքաղները եւ պլաստմասայե սպասքը, այն ամենը, ինչ հիշեցնում էր, թե ինչպես է ինքն ապրել այդտեղ, այդ դատարկ տանը, տարօրինակ կնոջ հետ, որը հեռացել ու արդեն մոռացել է իրեն եւ հիմա մենակ սլանում է քաղաքում՝ ունկնդիր ռադիոխեցու շշնջյունին։
 
Եվ ինչպես նախկինում՝ հաճելի էր այրելը, հաճելի էր ազատություն տալ ցասմանը, հրո ճարակ դարձնել, պատառոտել, ջարդել, բզիկ—բզիկ անել, վերացնել անիմաստ պրոբլեմը։ Լուծում չկա՞։ Ահա, ուրեմն, այժմ պրոբլեմն էլ չի լինի։ Կրակը ամեն ինչ լուծում է։
 
— Մոնթագ, գրքերը։
 
Գրքերը ոստոստում էին ու պատեպատ խփվում՝ ինչպես խանձված թռչուններ, որոնց թեւերը հուրհրատին էին տալիս կարմիր ու դեղին փետուրներով։
 
Ապա նա մտավ հյուրասենյակ, որի պատերին քնի մեջ խորասուզվել էին վիթխարի խելազուրկ ճիվաղները՝ իրենց սպիտակ ու սին խոհերով եւ սառը ձյունեղեն երազներով։ Նա կրակեց երեք լերկ պատերից յուրաքանչյուրի վրա առանձին—առանձին։ Վակուումային փորձանոթները պայթեցին սուր թշշոցով, ամայությունը Մոնթագին արձագանքեց կատաղի սուլոցով, անիմաստ ճիչով։ Նա ձգտում էր պատկերացնել դատարկությունը, որ ծնում է նույնպիսի դատարկ եւ անիմաստ կերպարներ, եւ չէր կարողանում։ Նա միայն շունչը պահեց, որպեսզի այն չթափանցի թոքերի մեջ։ Ասես դանակով նա կտրատեց այդ սոսկալի դատարկությունը եւ նահանջելով՝ սենյակին նվիրեց բոցի մի հսկա վառ—դեղին ծաղիկ եւս։ Պատերը ծածկող հրակայուն շերտը ճաքեց, եւ տունը ցնցվեց բոցերի մեջ։
 
— Երբ այրեք վերջացնեք,— թիկունքից լսվեց Բիթիի ձայնը,— նկատի առեք, որ ձերբակալված եք։
 
Տունը փլվելով վերածվում էր կարմիր ածխի ու սեւ մոխրի շեղջերի։ Նա փռվել էր գետնին, որ ծածկված էր գորշավարդագույն մոխրով լեցուն քնաբեր փետրաներքնակով։ Ծխի բարձր սյունը, մեղմորեն տարուբերվելով երկնքում, ծածանվում էր փլատակների վրա։ Առավոտյան երեքն անց կես էր։ Մարդիկ ցրվեցին տները, մոխրի եւ խճի կույտ էր մնացել կրկեսային զավեշտախաղից։ Ներկայացումն ավարտված էր։
 
Մոնթագը կանգնել էր՝ ուժասպառ ձեռքերում պահած հրցիրը, քրտինքի մուգ բծերը տարածվում էին թեւատակերին, դեմքը մրաթաթախ էր։ Նրա ետեւում, մթության մեջ լուռ կանգնել էին մյուս հրկիզողները։ Նրանց դեմքերը լուսավորում էր մարմրող կրակի թույլ ցոլքը։
 
Մոնթագը երկու անգամ փորձեց խոսել։ Մտքերը ժողովելով, վերջապես հարցրեց․
 
— Կի՞նս էր ահազանգել։
 
Բիթին գլխով արեց։
 
— Իսկ ավելի վաղ՝ նրա բարեկամուհիները, միայն թե ես չէի ուզում շտապել։ Այսպես թե այնպես, միեւնույն է կբռնվեիք, Մոնթագ։ Մեծ հիմարություն էր աջ ու ձախ բանաստեղծություններ արտասանելը։ Միանգամայն անհեթեթ ամբարտավանություն։ Թույլատրեք մարդուն մի քանի հանգավոր տող կարդա, եւ նա իրեն տիեզերքի տիրակալ կկարծի։ Դուք մտածում էիք, թե կարող եք հրաշքներ գործել ձեր գրքերով։ Բայց պարզվեց, որ աշխարհը հիանալի յոլա է գնում առանց դրանց։ Տեսեք, թե ուր հասցրին ձեզ գրքերը, մինչեւ կոկորդը խրվել եք տիղմի մեջ, եւ բավական է ճկույթս շարժեմ՝ ձեզ կուլ կտա։
 
Մոնթագը չէր կարողանում շարժվել։ Երկրաշարժը եւ կրակե հողմը քիչ առաջ նրա տունը գետնին հավասարեցրին։ Բեկորների տակ թաղված էր Միլդրեդը, նաեւ իր ողջ կյանքը, եւ ինքն ուժ չուներ տեղից շարժվելու։ Ներսում, հանդարտվելով, դեռեւս զգալ էին տալիս անցած փոթորկի արձագանքները։ Մոնթագի ծնկները ծալվում էին հոգնության, շփոթմունքի, անարգանքի սարսափելի բեռից։ Նա անտրտունջ թույլ էր տալիս, որ Բիթին հարված հարվածի ետեւից հասցնի։
 
— Մոնթագ, դուք ապուշ եք։ Անուղղելի հիմար։ Ձեր ինչի՞ն էր պետք այս ամենը։
 
Մոնթագը չէր լսում։ Մտովի նա հեռվում էր եւ փախչում էր՝ թողնելով այդ զառանցող մոլագարին իր անշնչացած, մրոտված մարմինը։
 
— Փախե՛ք, Մոնթագ,— համառում էր Ֆաբերը։
 
Մոնթագը ականջ դրեց։
 
Գլխին իջած ուժեղ հարվածը ետ շպրտեց նրան։ Կանաչ գնդիկը, որի մեջ փսփսում կամ բղավում էր Ֆաբերը, ընկավ շավղի վրա։ Գոհունակ ժպիտը դեմքին՝ Բիթին ճանկեց եւ մոտեցրեց ականջին։
 
Մոնթագը լսեց հեռվից եկող ձայնը․
 
— Ի՞նչ պատահեց ձեզ, Մոնթագ։ Դուք ո՞ղջ եք։
 
Բիթին գնդիկը ականջից հեռացրեց եւ գրպանը խոթեց։
 
— Ահա, ուրեմն, այստեղ ավելի շատ բան կա թաքնված, քան կարծում էի։ Ես տեսնում էի՝ ինչպես էիք ձեր գլուխը հակում եւ ականջ դնում ինչ֊որ բանի։ Սկզբում մտածեցի, թե ձեր ականջում խեցի է, բայց հետո, երբ հանկարծ այդպես խելոքացաք, ես զարմացա։ Մենք կգտնենք պոչերը, ձեր ընկերը չի ազատվի։
 
— Ո՜չ,— ճչաց Մոնթագը։
 
Նա ձգեց հրցիրի պահպանակը։ Բիթին հայացքն ակամա հառեց Մոնթագի մատներին, աչքերը չռվեցին։ Մոնթագը նրանց մեջ զարմանք կարդաց։ Ինքն էլ ակամա նայեց իր ձեռքերին՝ տեսնելու, թե էլի ի՞նչ են մոգոնել։ Հետագայում, հիշելով կատարվածը, նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչը, ի վերջո, մղեց սպանության․ Ձեռքերն իրենք իրե՞նց, թե՞ Բիթիի վերաբերմունքը իր ձեռքերի շարժմանը։ Ամպրոպի վերջին որոտը մարեց՝ հպվելով Մոնթագի սոսկ լսողությանը, բայց ոչ գիտակցությանը։
 
Հեգնախառն ժպիտը ծամածռեց Բիթիի դեմքը։
 
— Այո՛, դա բավական լավ միջոց է՝ քեզ լսել տալու համար։ Պահեք հրացանի փողը զրուցակցի վրա, եւ կամա—ակամա նա կլսի ձեզ։ Կարող եք խոսել, որքան ուզենաք։ Ի՞նչ կասեք այս անգամ։ Ինչո՞ւ ինձ Շեքսպիր չեք հրամցնում, թշվառ պճնամոլ։ «Սպառնալիքդ ամենեւին էլ սարսափելի չէ, Կասիո, ես պարկեշտությամբ այնքան ամուր եմ զրահապատված, որ դրանք բոլորը կողքովս են թռչում թեթեւ քամու պես»<ref>Շեքսփիր, «Հուլիոս Կեսար», արարված 4, տեսարան 3։</ref>։ Այդպես է, չէ՞։ էհ, դուք, գրչակ։ Հապա գործեք, գրողի տարած։ Սեղմե՛ք ձգանը։
 
Եվ Բիթին մի քայլ առաջ շարժվեց։
 
— Մենք միշտ այրում էինք ոչ այն, ինչ հարկավոր էր…,— կարողացավ միայն ասել Մոնթագը։
 
— Հրցիրը մի կողմ պահեք, Գայ,— ասաց Բիթին սառած ժպիտով։
 
Բայց հաջորդ ակնթարթին նա արդեն կրակի շեղջ էր, թռչկոտող, սլացող տիկնիկ, որի մեջ մարդկային ոչինչ չէր մնացել, գետնին թավալվող հրե գունդ։ Մոնթագը հրցիրից նրա վրա բաց էր թողել հեղուկ բոցի երկար շիթը։ Լսվեց ֆշշոց, ասես բանձր թուք ընկավ շիկացած սալօջախին, ինչ֊որ բան քլթքլթաց, խլթխլթաց, եւ նա տարհոսեց՝ եռալով դեղին փրփուրով։ Մոնթագը կկոցեց աչքերը, ճչաց, նա փորձում էր ձեռքերով փակել ականջները, որպեսզի չլսի այդ սարսափելի ձայները։ Եվս մի քանի ջղաձիգ շարժում, եւ Բիթին ճմլվեց, ինչպես մոմե տիկնիկը կրակի վրա, ու սսկվեց։
 
Մյուս երկու հրկիզողները արձանի պես ցցված էին։ Մի կերպ զսպելով սրտխառնուքը՝ Մոնթագը նրանց վրա ուղղեց հրցիրը։
 
— Շրջվեք,— հրամայեց նա։
 
Նրանք հնազանդորեն շրջվեցին։ Քրտինքը գլուլ—գլուլ թափվում էր նրանց դժգույն երեսներից։ Մոնթագը ուժգին հարվածեց գլխներին, սաղավարտները ցած նետեց, գցեց նրանց իրար վրա։ Նրանք ընկան եւ անշարժացան։
 
Թեթեւ խշրտյուն, ասես ճյուղից աշնանային չոր տերեւ պոկվեց։
 
Մոնթագը շուռ եկավ ու տեսավ մեխանիկական շանը։
 
Հայտնվելով ինչ֊որ տեղից, նա արդեն կտրել անցել էր մարգագետինը, այնպես թեթեւ ու անաղմուկ էր գալիս, ասես քամուց քշված գորշասեւավուն ծխի բանձր ամպիկ լիներ։
 
Շունը ցատկեց օդ, վեր խոյացավ Մոնթագի գլխից մի երեք ոտնաչափ, չռեց սարդանման թաթերն ու փայլեցրեց միակ ատամը՝ ծայրին պրոկաինե անզգայացնող ասեղ։ Մոնթագը նրան դիմավորեց բոցի շիթով՝ կրակե հրաշալի մի ծաղիկ։ Գազանի մետաղյա մարմնի շուրջը պտտվեցին դեղին, կապույտ ու նարնջագույն բյուրավոր ծաղկաթերթեր՝ պատելով նրան նոր երփներանգ թաղանթով։ Շունը շրխկոցով փլվեց Մոնթագի վրա եւ մի կողմ շպրտվեց հրցիրի հետ միասին։ Մոնթագն ընկավ տասը ոտնաչափ հեռու, ծառի բնի մոտ։ Մի պահ զգաց, որ շունը ճանկեց իր ոտքն ու խրեց ասեղը, բայց նույն ակնթարթին էլ բոցը օդ շպրտեց գազանին, հոդերից պլոկեց մետաղյա ոսկորները, ճեղքեց որովայնը՝ պայթող հրթիռի պես կարմիր կրակ արձակելով չորս կողմը, դուրս թափվեց նրա փորոտիքը։ Մոնթագը պառկած դիտում էր, թե ինչպես օդում պտույտ գործեց, գետին տապալվեց ու խաղաղվեց այդ մեռած եւ միաժամանակ կենդանի մարմինը։ Թվում էր՝ շունը դեռ պատրաստ էր նետվելու նրա վրա, ավարտելու մահացու ներարկումը, որի ներգործությունը Մոնթագն արդեն զգում էր ոտքի մկաններում։ Նրան համակեց թեթեւության եւ սարսափի զգացումը, նման այն մարդուն, որը հասցնում է մի կողմ ցատկել կատաղի արագությամբ սլացող եւ միայն կողով ծնկին խփած մեքենայից։ Նա վախենում էր ոտքի կանգնել, վախենում էր, որ չի կարողանա հենվել պրոկաինից ընդարմացած ոտքին։
 
Ողջ մարմինն սկսել էր անզգայանալ։
 
Ի՞նչ անել…
 
Փողոցն ամայի է, տունը այրված՝ թատերական հին դեկորի նման, շրջակա շենքերն ընկղմված են խավարի մեջ, կողքին մեխանիկական գազանի մնացորդներն են, քիչ այն կողմ՝ Բիթին, ավելի հեռվում՝ երկու հրկիզողները ու Սալամանդրը… Նա նայեց հսկա մեքենային։ Պետք է ոչնչացնել…
 
«Դե՛,— մտածեց նա,— տեսնենք շա՞տ ես վնասվել։ Փորձիր կանգնել։ Զգո՜ւյշ, զգո՜ւյշ… ա՛յ, այդպե՜ս»։
 
Նա ոտքի ելավ, բայց ուներ միայն մեկ ոտք։ Մյուսը թեեւ մեռած էր, ածխացած կոճղ, բայց ստիպված էր քարշ տալ, իբրեւ գործած հանցանքի հատուցում։ Հենվելիս հազարավոր արծաթյա ասեղներ շամփրեցին ոտքը՝ ազդրից մինչեւ ծունկը։ Նա լաց եղավ։ «Ոչ, գնա՛, շարժվիր։ Դու չես կարող մնալ այստեղ»,— քաջալերեց ինքն իրեն։
 
Մի քանի տներում կրկին լույսեր վառվեցին։ Մարդիկ չէի՞ն կարողանում քնել կատարվածից հետո, թե՞ նրանց անհանգստացնում էր անսովոր լռությունը, Մոնթագը չգիտեր։ Կաղալով, ցատկոտելով նա դժվարությամբ անցնում էր ավերակների միջով՝ ձեռքերով բռնած քարշ եկող հիվանդ ոտքը։ Նա զրուցում էր նրա հետ, տնքտնքում, աղաղակում էր, հայհոյում, աղերսում․ «Գնա՛, գնա, դե շարժվիր, չէ՞ որ հիմա քեզանից է կախված իմ կյանքը»։ Մթության մեջ նա լսեց գոռոցներ եւ ճիչեր։ Վերջապես հասավ ետնաբակ, որը դուրս էր գալիս մի խուլ նրբանցք։
 
«Բիթի՛,— մտածեց նա,— այժմ այլեւս դուք պրոբլեմ չեք, դուք միշտ ասում էիք․ «Հարկ չկա լուծել պրոբլեմը, ավելի լավ է այրել այն»։ Ահա այդպես էլ ես վարվեցի։ Մնաք բարով, հրկիզապետ»։
 
Գայթելով ու կաղեկաղ նա գնում էր խավար նրբանցքով։
 
Ամեն անգամ, երբ հենվում էր՝ սուր ցավը շամփրում էր ոտքը, եւ Մոնթագը մտածում էր․ «Հիմար, անիծյալ հիմար, հիմարի գլուխ, ապուշ, տխմար, անիծյալ հիմար… Տես, թե ինչ արեցիր, եւ այժմ ինչպե՞ս ես լուծելու այս խառնաշփոթը»։ Հպարտությունը թող նզովվի, ցասումը նույնպես, չկարողացավ զսպել իրեն եւ ամեն ինչ փչացրեց, ամեն ինչ կործանեց հենց սկզբում։ Ճիշտ է, իրար ետեւից շատ բան բարդվեց՝ Բիթին, հյուրասենյակի կանայք, Միլդրեդը, Քլարիսը, բայց դու արդարացում չունես, ոչ մի արդարացում։ Դու հիմար ես, անիծյալ հիմար։ Այդպես անխոհեմ կերպով անձնատուր լինել…»։
 
Բայց մենք դեռ կփրկենք այն, ինչ մնացել է, կանենք ինչ հնարավոր է։ Իսկ թե հարկ լինի այրվել, մի քանիսին էլ կտանենք մեզ հետ։
 
Այո՛։ Նա հիշեց գրքերի մասին եւ ետ դարձավ։ Համենայն դեպս, պետք է վերցնել։
 
Գրքերը պարտեզի ցանկապատի մոտ էին։ Միլդրեդը երեւի բոլորը չէր նկատել։ Չորս գիրք դեռեւս ընկած էր այնտեղ, որտեղ թաքցրել էր։ Մթան մեջ լսվում էին ձայներ, լույսեր էին վառվում։ Հեռվում արդեն ոռնում էին ուրիշ Սալամանդրներ, նրանց ազդանշանների դղրդյունը խառնվում էր գիշերային փողոցներով սլացող ոստիկանական մեքենաների աղմուկին։
 
Մոնթագը վերցրեց մնացած չորս գիրքը եւ կրկին ցատկտելով ու կաղեկաղ քայլեց նրբանցքով։ Հանկարծ նա ընկավ, կարծես մի հարվածով գլուխը կտրեցին՝ թողնելով սոսկ գլխատված մարմինը։ Գլխում անակնկալ առկայծած միտքը հարկադրեց կանգ առնել, շպրտեց գետին։ Ոտքերը կծկած, նա պառկել էր մանրախճի մեջ եւ հեկեկում էր։
 
<strong>Բիթին ուզում էր մեռնել։</strong>
 
Այժմ Մոնթագը չէր կասկածում, որ Բիթին ուզում էր մեռնել։ Չէ՞ որ նա կանգնել էր իր դիմաց ու չէր փորձում պաշտպանվել, ավելին՝ ծաղրում էր, գրգռում։ Այդ մտքից Մոնթագի շունչը կտրվեց։ Ի՞նչ տարօրինակ է, ի՞նչ տարօրինակ է մահ տենչալ այնքան, որ թույլ տաս մարդասպանը զենքը ձեռքին քայլի քո շուրջը, ու լռելու եւ գոնե այդ կերպ կյանքդ պահպանելու փոխարեն, գոռաս, ծաղրես, բարկացնես, մինչե որ հակառակորդդ դուրս գա հավասարակշռությունից եւ…
 
Հեռվից վազքի դոփյուն էր լսվում։
 
Մոնթագը նստեց։ Պետք է հեռանալ։ Վեր կաց, չի կարելի հապաղել։ Բայց հեծկլտոցը դեռեւս ցնցում էր նրա մարմինը։ Հարկավոր էր հանգստանալ։ Ինքը ոչ մեկին չէր ուզում սպանել, նույնիսկ Բիթիին։ Նրա մարմինը ջղաձգորեն կծկվում էր, ասես թթվուտով վառված լիներ։ Ձեռքով փակեց բերանը։ Աչքերի առաջ Բիթին էր՝ անշարժ, ինչպես խոտերին նետված բոցավառ ջահ։ Մոնթագը մատները կծեց, որ չգոռա․ «Ես չէի ցանկանում։ Աստվա՜ծ իմ, ես չէի ցանկանում, չէի ցանկանում, չէի ցանկանում»։
 
Նա փորձեց ամեն ինչ մտաբերել, վերականգնել դեպքերի կապը, հիշողության մեջ վեր հառնել իր նախկին կյանքը, ինչպիսին որ էր մի քանի օր առաջ, մինչեւ այն պահը, երբ այնտեղ ներխուժեցին մաղը եւ ավազը, «Դենըմ» ատամի մածուկը, գիշերաթիթեռի շրշյունը՝ ականջին, հրդեհի կրակե լուսատտիկները, տագնապի ազդանշանները եւ այս վերջին գիշերային ուղեւորությունը․ չափազանց շատ բան երկու—երեք կարճ օրվա ընթացքում, բավական շատ՝ նույնիսկ ողջ կյանքի ընթացքում։
 
Դոփյունը լսվում էր արդեն նրբանցքի ծայրից։
 
— Վե՛ր կաց,— ասաց ինքն իրեն։— Վե՛ր կաց, գրողի՜ տարած,— հրամայեց հիվանդ ոտքին ու կանգնեց։ Ցավը սուր փշերով մեխվեց ծնկոսկրի մեջ, ծակեց հազարավոր ասեղներով, հետո դարձավ բութ քորոցի ծակծկոց եւ, վերջապես, երբ նա ձեռքերը ճանկռելով ու երերալով՝ ոտքը քարշ տվեց փայտյա ցանկապատի երկայնքով, դաղոց զգաց, ասես սրունքին եռման ջուր լցրին։ Բայց ոտքն արդեն հնազանդվում էր։ Համենայն դեպս նա վախենում էր վազել, որ խախտված ոտքը հանկարծ դուրս չընկնի։ Բերանը լայն բացած, ագահորեն ներծծելով գիշերային օդը, նա զգում էր, թե ինչպես է մթությունը ծանրորեն կուտակվում իր մեջ, եւ անհավասար քայլքով, կաղալով, բայց վճռականորեն շարժվում էր առաջ։ Գրքերը պահում էր ձեռքերի մեջ։
 
Նա մտածում էր Ֆաբերի մասին։
 
Ֆաբերը մնաց այնտեղ, կուպրի չսառած թանձրուկի մեջ, որն այժմ ոչ անուն ունի, ոչ անվանում։ Չէ՞ որ ինքը այրել էր եւ Ֆաբերին։ Այդ միտքը այնպես շանթահարեց Մոնթագին, որ նրան թվաց, թե իբր Ֆաբերը իրականում մեռել է, տապակվել, եփվել, ինչպես ձկնիկ՝ պստլիկ կանաչ պատիճի մեջ, թաքցված եւ ընդմիշտ կորած մի մարդու գրպանում, որից այժմ լոկ խանձված ջլերով կապկպված ոսկորների կույտ է մնացել։
 
Հիշի՛ր՝ պետք է այրել նրանց, թե չէ նրանք կայրեն քեզ, մտածեց նա։ Այժմ հենց այդպես է։
 
Նա պրպտեց գրպանները, փողը տեղում էր։ Մյուս գրպանում դիպավ սովորական ռադիոխեցու, որի միջոցով այդ ցուրտ, մռայլ առավոտ քաղաքը զրուցում էր ինքն իր հետ։
 
Ուշադրություն։ Ուշադրություն։ Ոստիկանությունը փնտրում է փախստականի։ Սպանություն է գործել եւ կատարել մի շարք հանցագործություններ պետության դեմ։ Անուն—ազգանունը՝ Գայ Մոնթագ։ Մասնագիտությունը՝ հրկիզող։ Վերջին անգամ նրան տեսել են…
 
Վեց թաղամաս վազեց առանց դադարի։ Հետո նրբանցքը նրան դուրս բերեց սովորական փողոցից մի տասն անգամ լայն ամայի ավտոմայրուղի։ Լապտերների վառ լույսով ողողված, այն հիշեցնում էր սառած անապատային գետ։ Մոնթագը հասկանում էր, թե որքան վտանգավոր է այժմ կտրել—անցնել մայրուղին․ չափազանց լայն էր, չափազանց ամայի, նման էր մերկ, առանց դեկորների բեմի, եւ հրապուրում, ձգում էր այդ դատարկ տարածությունը, որտեղ լապտերների վառ լույսի ներքո այնպես հեշտ էր նկատել փախստականին, այնպես հեշտ էր բռնել, այնպես հեշտ էր նշան բռնել ու սպանել։
 
Խեցին բզզում էր նրա ականջում․
 
— … Հետեւեք փախչող մարդուն… Հետեւեք փախչող մարդուն… նա մենակ է, հետիոտն… հետեւեք…
 
Մոնթագը ետ—ետ գնաց դեպի ստվերը։ Ճիշտ նրա առաջ լցակայանն էր՝ ճենապակու պես փայլփլող, սպիտակ ու վիթխարի։ Երկու արծաթավուն բզեզ—ավտոմեքենա կանգնած էր այնտեղ, վառելիք էին լցնում…
 
«Ո՛չ, եթե դու ուզում ես առանց քեզ վտանգելու կտրել—անցնել այս լայն բուլվարը, ուրեմն՝ չպետք է վազես, հարկավոր է գնալ հանգիստ, անշտապ, իբր զբոսնում ես։ Բայց դրա համար պետք է կոկիկ ու վայելուչ տեսք ունենալ։ Փրկության ավելի շատ երաշխիքներ կլինեն, եթե ճանապարհդ շարունակելուց առաջ լվացվես եւ մազերդ սանրես։ Բայց ո՞ւր է տանում ճանապարհը։
 
Այո՛, մտածեց նա, ո՞ւր եմ ես վազում»։
 
Ոչ մի տեղ։ Նա վազելու տեղ չուներ։ Ֆաբերից բացի ընկերներ չուներ, որոնց կարողանար դիմել։ Եվ այդ ժամանակ հասկացավ, որ այդ ամբողջ ընթացքում բնազդաբար վազել է Ֆաբերի տան ուղղությամբ։ Բայց չէ՛ որ Ֆաբերը չի կարող թաքցնել իրեն, նման փորձն իսկ համազոր է ինքնասպանության։ Միեւնույն է, ինքը պետք է տեսնի Ֆաբերին՝ թեկուզ մի քանի րոպեով։ Նա կամրապնդի ողջ մնալու, փրկվելու հնարավորության արագորեն սպառվող իր հավատը։ Միայն թե տեսնի, համոզվի, որ Ֆաբերը ողջ է, չի այրվել այնտեղ, մյուս ածխացած մարմնի հետ։ Բացի այդ, պետք է նրան թողնել փողի մի մասը, որպեսզի նա կարողանա օգտագործել հետագայում, երբ Մոնթագը կշարունակի իր ճանապարհը։ Գուցե հաջողվի՞ դուրս պրծնել քաղաքից, կթաքնվի արվարձաններում, կապրի գետափին, մեծ ճանապարհներին մոտիկ, դաշտերի եւ բլուրների միջեւ…
 
Օդում լսվող տագնապալի աղմուկն ստիպեց նրան՝ երկնքին նայել։
 
Մեկը մյուսի ետեւից վեր խոյացան ոստիկանական ուղղաթիռները։ Նրանք այնքան շատ էին, որ թվում էր, թե ինչ֊որ մեկը փչել է խատուտիկի չոր գլխին։ Մոտ երկու տասնյակ ուղղաթիռներ խառնաշփոթ սավառնում էին օդում, Մոնթագից երեք մղոնի վրա, անորոշ երերալով, աշնան ցրտից թորշոմած թիթեռների նման։ Հետո սկսեցին իջնել մեկն այստեղ, մեկն այնտեղ, նրանք իջնում էին փողոցում եւ, դառնալով բզեզ—ավտոմոբիլներ, դղրդյունով սուրում բուլվարով՝ նույնքան անակնկալ կրկին օդ բարձրանալու եւ որոնումները շարունակելու համար։
 
Նրա առջեւ լցակայանն էր։ Ծառայողները զբաղված էին հաճախորդներով։ Շրջանցելով շենքը՝ Մոնթագը մտավ տղամարդկանց զուգարան։ Ալյումինե միջնորմի միջով նրան էր հասնում հաղորդավարի ձայնը․ «Պատերազմը հայտարարված է»։ Դրսում վառելանյութի բաքերից պոմպով բենզին էին լցնում։ Բացօթյա ավտոմեքենաներում նստածները խոսքեր էին փոխանակում լցակայանի աշխատողների հետ՝ շարժիչների եւ բենզինի մասին, հարցնում էին, թե որքան պետք է վճարեն։ Մոնթագը կանգնել էր՝ փորձելով ընկալել ռադիոյով հենց նոր լսած համառոտ հաղորդագրության իմաստը, բայց չէր կարողանում։ Լավ, թող պատերազմն սպասի իր հերթին։ Նրա համար այն կսկսվի ավելի ուշ, մեկ կամ երկու ժամ հետո։
 
Նա լվացվեց, սրբվեց, անաղմուկ դուրս եկավ՝ խնամքով փակելով զուգարանի դուռն ու քայլեց խավարի միջով։ Մի րոպե անց նա արդեն ամայի մայրուղու եզրին էր։
 
Ահա այն խաղը, որ պետք է շահի։ Գնդախաղի ընդարձակ հրապարակում փչում էր վաղորդյան զովասուն քամին։ Ճեմուղին մաքուր էր, ինչպես գլադիատորական հրապարակը՝ անհայտ զոհերի եւ անանուն մարդասպանների ասպարեզ ելնելուց առաջ։ Ասֆալտե ընդարձակ գետի վրա օդը դողում եւ թրթռում էր Մոնթագի մարմնից արձակվող ջերմությունից։ Անհավատալի էր, որ իր մարմնի ջերմությունը շրջակա աշխարհին կարող էր ստիպել՝ տարուբերվելու։ Ինքը՝ Մոնթագը, լուսատու թիրախ էր, նա գիտեր, նա զգում էր այդ։ Իսկ այժմ դեռ պետք է անցներ այդ կարճ ճանապարհը։
 
Մի քանի թաղամաս այն կողմ փայլատակեցին ավտոմեքենայի լուսարձակները։
 
Մոնթագը խոր շունչ քաշեց։ Ասես տաք խոզանակով քերծեցին թոքերը։ Կոկորդը չորացել էր վազելուց, բերանի մեջ մետաղի տհաճ համ էր զգում, ոտքերը կապարի պես ծանրացել էին։
 
Ավտոմեքենայի լույսերը… Եթե այժմ սկսի անցնել փողոցը, ապա պետք է հաշվել, թե մեքենան երբ կհասնի այստեղ։ Որքա՞ն է հեռու հանդիպակաց մայթը։ Հավանաբար մոտ հարյուր յարդ։ Ո՛չ, ավելի քիչ, բայց միեւնույն է, թող լինի հարյուր։ Եթե դանդաղ քայլի՝ տարածությունը կտրելու համար անհրաժեշտ կլինի երեսուն—քառասուն վայրկյան։ Իսկ սուրացող ավտոմեքենան։ Արագություն հավաքելով՝ այդ երեք թաղամասը նա կթռչի տասնհինգ վայրկյանում։ Իսկ եթե ճանապարհի կենտրոնից սկսի վազե՞լ…
 
Նա քայլ արեց աջ ոտքով, ապա ձախով, հետո՝ նորից աջով։ Նա անցնում էր ամայի փողոցը։
 
Երբ նույնիսկ փողոցը լիովին ամայի է, երբեք չի կարելի համոզված լինել, թե բարեհաջող կանցնես։ Մեքենան կարող է հանկարծակի հայտնվել զառիվերում, այստեղից մի չորս թաղամաս հեռու եւ աչքդ չթարթած՝ կխփի ու կշարունակի սլանալ…
 
Նա որոշեց քայլերը չհաշվել։ Շուրջը չէր նայում՝ ո՛չ աջ, ո՛չ ձախ։ Լապտերների դավադիր լույսերը նույնքան պայծառ էին շողում, որքան արեւի ճառագայթները կեսօրին։
 
Նա ականջ դրեց սուրացող մեքենայի աղմուկին, որ լսվում էր աջից, երկու թաղամաս հեռվից։ Լուսարձակների շարժուն լույսերը մերթ պայծառանում էին, մերթ խամրում, ի վերջո լուսավորեցին Մոնթագին։
 
Գնա, գնա, մի՛ կանգնիր։
 
Մոնթագը մի ակնթարթ հապաղեց, ձեռքերի մեջ ամուր սեղմեց գրքերը եւ մեծ ճիգով առաջ շարժվեց։ Նրա ոտքերը բնազդաբար շտապում էին, վազում, բայց նա բարձրաձայն նախատեց իրեն եւ կրկին անցավ հանգիստ քայլքին։ Նա արդեն փողոցի մեջտեղում էր, շարժիչի աղմուկը հետզհետե ավելի էր մեծանում, մեքենան արագացնում էր ընթացքը։
 
Իհարկե, ոստիկանությունն է։ Ինձ նկատել են։ Բայց՝ ոչինչ, հանգի՜ստ, հանգիստ, մի՛ շրջվիր, շուրջդ մի՛ նայիր, մի՛ զգացրու, թե դու անհանգստանում ես։ Քայլիր, միայն քայլեր, եւ վերջ։
 
Մեքենան սլանում էր, մեքենան դղրդում էր, մեքենան մեծացնում էր արագությունը։ Ոռնում եւ վնգում էր, թռչում էր՝ հազիվ հպվելով գետնին, սուրում էր հրացանից արձակած անտեսանելի գնդակի պես։ Ժամում հարյուր քսան մղոն, ժամում հարյուր երեսուն մղոն։ Մոնթագը սեղմեց ատամները։ Թվաց՝ լուսարձակների լույսն այրեց նրա դեմքը, կոպերը ցնցվեցին, մարմինը պատվեց լպրծուն քրտինքով։
 
Մոնթագի ոտքերը անճոռնի կերպով քարշ էին գալիս, նա սկսեց ինքն իրեն խոսել, ապա հանկարծ չդիմացավ ու վազեց։ Նա ձգտում էր հնարավորին չափ հեռու գցել ոտքերը, առաջ, առաջ, ահա այդպե՜ս, այդպես։ Տե՜ր աստված։ Տե՜ր աստված։ Ձեռքից մի գիրք ընկավ, կանգ առավ, քիչ մնաց՝ ետ դառնար, սակայն միտքը փոխեց եւ կրկին նետվեց առաջ՝ գոռալով քարե ամայության մեջ, իսկ բզեզ—ավտոմեքենան սլանում էր իր որսի ետեւից, նրանց բաժանում էր երկու հարյուր ոտնաչափ, ապա՝ հարյուր, իննսուն, ութսուն, յոբանասուն… Մոնթագը շնչահեղձ էր լինում, անշնորհք կերպով ճոճում էր ձեռքերը, ոտքերը վեր ու վար նետում։ Մեքենան ավելի ու ավելի էր մոտենում, շչում էր, ազդանշան տալիս։ Մոնթագը հանկարծ շրջեց գլուխը, լուսարձակների սպիտակ լույսն այրեց նրա աչքերը, մեքենան չկար, միայն լույսի կուրացուցիչ խուրձ, բոցկլտուն ջահ, որ սոսկալի թափով նետվում էր Մոնթագի վրա, դղրդյուն, բոց — հիմա, հիմա կբախվի…
 
Մոնթագը սայթաքեց եւ ընկավ։
 
«Ես կործանվեցի։ Ամեն ինչ վերջացած է»։
 
Բայց ընկնելը փրկեց նրան։ Մոնթագին բախվելուց ակնթարթ առաջ արագընթաց մեքենան հանկարծ կտրուկ թեքվեց, շրշանցեց նրան եւ անհետացավ։ Մոնթագը պառկած էր բերանքսիվայր, երեսը դեպի սալարկուղին։ Արտանետված գազերի կապույտ ծխի հետ նրան հասան ծիծաղի պատառիկներ։ Նա բարձրացրեց աջ ձեռքը, որ շատ առաջ էր ձգված։ Միջնամատի ծայրին սեւին էր տալիս մի նեղ շերտ՝ սլացող մեքենայի անվահետքը։ Չհավատալով աչքերին, նա նայեց սեւ շերտին եւ դանդաղ ոտքի ելավ։
 
«Մի՞թե ոստիկանությանը չէր», մտածեց նա։
 
Մոնթագը նայեց մայրուղու երկարությամբ։ Ամայի էր։ Ոչ, ոստիկանությունը չէր, պարզապես պատանիներով լցված մեքենա էր։ Քանի՞ տարեկան կլինեին։ Տասներկու, տասնվեց… Աղմկոտ, ճղճղան խումբը զբոսանքի է դուրս եկել, տեսել են քայլող մարդու,— հազվադեպ տեսարան, զարմանք բան մեր օրերում,— եւ որոշել են․ «Հապա խփենք գցենք»՝ նույնիսկ չկասկածելով, որ նա հենց միստր Մոնթագն է, փախստական, որին քաղաքով մեկ փնտրում է ոստիկանությունը։ Այո՛, ընդամենը պատանիների աղմկոտ ընկերախումբ, որ զբոսնում է լուսնկա գիշերով, սլանալով հինգ—վեց հարյուր մղոն արագությամբ, որի դեպքում դեմքը ընդարմանում է քամուց։ Լուսաբացին նրանք կամ կվերադառնան տուն, կամ չեն վերադառնա, կամ ողջ կլինեն, կամ ոչ․ չէ՞ որ հենց դա էր այդպիսի արկածների այրող հաճույքը։
 
«Նրանք ցանկանում էին սպանել ինձ»,— մտածեց Մոնթագը։ Նա երերում էր։ Տարտղնված օդում կամաց—կամաց նստում էր փոշին։ Նա շոշափեց այտի կապտուկը։ «Այո՛, նրանք ցանկանում էին սպանել ինձ, հենց այնպես, առանց որեւէ պատճառի, չմտածելով անգամ, թե ինչ են անում»։
 
Մոնթագը ուղղվեց դեպի դեռեւս հեռու մայթը՝ հորդորելով ոտքերին՝ շարժվել։ Մի կերպ հավաքել էր ցրված գրքերը, բայց չէր հասկանում, թե ինչպես էր կռացել ու վերցրել դրանք։ Այժմ նա գրքերը ձեռքից ձեռք էր տեղափոխում, ինչպես խաղամոլը բարդ քայլ անելուց առաջ։
 
Գուցե նրա՞նք սպանեցին Քլարիսին։
 
Նա կանգ առավ ու մտովի կրկնեց մի անգամ եւս․
 
— Գուցե նրա՞նք սպանեցին Քլարիսին։
 
Եվ նա ցանկացավ ճչալով վազել նրանց ետեւից։
 
Նրա աչքերը արցունքոտվեցին։
 
Այո, նրան փրկեց սայթաքելը։ Վարորդը, տեսնելով ընկած Մոնթագին, բնազդաբար հասկացավ, որ լրիվ ընթացքով սլացող մեքենան, դիպչելով պառկած մարմնին, անխուսափելիորեն կշրջվի եւ բոլորին դուրս կշպրտի։ Իսկ եթե ինքը վայր չընկնե՞ր…
 
Մոնթագը հանկարծ շունչը պահեց։
 
Չորս թաղամաս հեռու բզեզ—մեքենան դանդաղեցրեց ընթացքը։ Կտրուկ շրջադարձ կատարեց, հենվելով ետեւի անիվներին, իսկ այժմ ետ էր սլանում փողոցի նույն կողմով՝ խախտելով երթեւեկության բոլոր կանոնները։
 
Բայց Մոնթագն արդեն վտանգից դուրս էր․ նա թաքնվել էր խավար նրբանցքում՝ իր ճանապարհորդության նպատակակետում։ Այստեղ էր նա ձգտում մեկ ժամ, գուցե եւ ընդամենը մեկ րոպե առաջ։ Սարսռելով գիշերային ցրտից՝ նա ետ նայեց։ Բզեզը սլացավ կողքով, դուրս եկավ մայրուղու կենտրոն եւ անհետացավ, ծիծաղի պոռթկումը կրկին խաթարեց գիշերային լռությունը։
 
Քայլելով խավար նրբանցքով՝ Մոնթագը տեսնում էր, ինչպես երկնքից իջնում էին ուղղաթիռները՝ նման ապագա երկարատեւ ձմռան ձյան առաջին փաթիլների…
 
Տունն ընկղմված էր լռության մեջ։
 
Մոնթագը մոտեցավ այգու կողմից, շնչելով նարգիզների, վարդերի եւ ցողաշաղախ խոտերի գիշերային արբեցնող բուրմունքը։ Նա հրեց ետնամուտքի ապակեպատ դուռը, ականջ դրեց եւ անաղմուկ մտավ նախասենյակ։
 
«Միսիս Բլաք, դուք քնա՞ծ եք»,— մտածեց նա։— Ես գիտեմ, լավ բան չէ իմ արածը, բայց ձեր ամուսինը նույն կերպ է վարվում ուրիշների հետ եւ երբեք իրեն հարց չի տալիս՝ լա՞վ է դա, թե՞ վատ, երբեք չի մտահոգվում եւ չի տանջվում։ Այժմ էլ, քանի որ դուք հրկիզողի կին եք, եկել է ձեր հերթը, այժմ կրակը կոչնչացնի ձեր տունը բոլոր այն տների փոխարեն, որ այրել է ձեր ամուսինը, այն բոլոր դժբախտությունների դիմաց, որ առանց իրեն հաշիվ տալու, նա պատճառել է մարդկանց»։
 
Տունը լուռ էր։
 
Մոնթագը գրքերը թաքցրեց խոհանոցում եւ վերադարձավ նրբանցք։ Նա շրջվեց, խավարի ու լռության մեջ թաղված տունը քնած էր։
 
Նա նորից քայլում էր գիշերային փողոցներով։ Քամուց քշված թղթի կտորների նման ուղղաթիռները պտտվում էին քաղաքի վրա։ Ճանապարհին նա մտավ փակ խանութի մոտ տեղադրված մենավոր հեռախոսախցիկը եւ զանգահարեց։ Նա երկար կանգնեց՝ ցրտից սրսփալով սպասեց այնքան, մինչեւ որ հեռվում սկսեցին ոռնալ հրակայանի ազդականչերը․ Սալամանդրները դղրդյունով սլացան՝ այրելու միստր Բլաքի տունը։ Միստր Բլաքն աշխատանքի մեջ է, բայց նրա կինը, դողդողալով առավոտյան ցրտից, կկանգնի եւ կնայի՝ ինչպես է վառվում ու փլվում իր տան տանիքը։ Իսկ այժմ նա դեռ խոր քնած է։
 
Բարի գիշեր, միսիս Բլաք։
 
— Ֆաբեր։
 
Դռան թակոց։ Մի անգամ եւս։ Շշուկով ասված անուն։ Սպասում։ Վերջապես, մի րոպե անց, Ֆաբերի տնակում աղոտ լույս նշմարվեց։ Սպասումի մեկ րոպե եւս, եւ ետնադուռը բացվեց։
 
Նրանք՝ Մոնթագը եւ Ֆաբերը, լուռ նայում էին իրար կիսախավարում, ասես չհավատալով իրենց աչքերին։ Հետո Ֆաբերը, սթափվելով, ճանկեց նրա ձեոքը, ներս քաշեց, նստեցրեց եւ կրկին վերադարձավ դռների մոտ, ականջ դրեց։ Լուսադեմի լռության մեջ ոռնում էին ազդականչերը։ Ֆաբերը ներս մտավ եւ ծածկեց դուոը։
 
— Ես ինձ կատարյալ ապուշի պես պահեցի, սկզբից մինչեւ վերջ հիմարություններ արեցի։ Չեմ կարող երկար մնալ այստեղ։ Ես գնում եմ, աստված գիտե, թե ուր,— ասաց Մոնթագը։
 
— Համենայն դեպս, դուք հիմարություններ արեցիք արժանավոր գործի համար,— պատասխանեց Ֆաբերը։— Ես կարծում էի՝ դուք այլեւս ողջ չեք։ Սարքը, որ տվեցի ձեզ…
 
— Այրվեց։
 
— Ես լսեցի, թե հրկիզապետն ինչպես էր խոսում ձեզ հետ, իսկ հետո հանկարծ ամեն ինչ լռեց։ Մտադիր էի դուրս գալ ձեզ որոնելու։
 
— Հրկիզապետը մեռավ։ Նա հայտնաբերեց պարկուճը եւ լսեց ձեր ձայնը․ ուզում էր հետամտել, գտնել ձեզ։ Ես հրցիրով այրեցի նրան։
 
Ֆաբերը նստեց աթոռին։ Նրանք երկար ժամանակ լուռ էին։
 
— Աստվա՜ծ իմ, ինչպե՞ս պատահեց,— կրկին խոսեց Մոնթագը։— Դեռ երեկ ամեն ինչ կարգին էր, իսկ այսօր զգում եմ, որ շնչահեղձ եմ լինում։ Մարդը քանի՞ անգամ կարող է կործանվել եւ, այնուամենայնիվ, ողջ մնալ։ Ես դժվարությամբ եմ շնչում։ Բիթին մեռած է, բայց մի ժամանակ նա իմ ընկերն էր։ Միլլին հեռացավ, ես կարծում էի, նա իմ կինն է, իսկ հիմա՞… այլեւս ոչ տուն ունեմ, ոչ աշխատանք եւ ստիպված պիտի թաքնվեմ։ Այստեղ գալու ճանապարհին ես ծածուկ գիրք դրի մի հրկիզողի տանը։ Աստվա՜ծ իմ, որքան բան արեցի մեկ շաբաթվա ընթացքում։
 
— Դուք արել եք լոկ այն, ինչ չէիք կարող չանել։ Այդպես էլ պետք է լիներ։
 
— Հավատում եմ։ Գոնե դրան հավատում եմ։ Գիտեի, որ այդպես կլինի։ Վաղուց էի զգում, որ մեջս ինչ֊որ բան է կուտակվում։ Ես մի բան էի անում, բայց բոլորովին այլ բան էի մտածում։ Զարմանում եմ՝ ինչպես արտաքուստ չէր երեւում։ Եվ ահա այժմ եկել եմ ձեզ մոտ, որպեսզի ձեր կյանքն էլ խորտակեմ։ Չէ՞ որ նրանք կարող են այստեղ գալ։
 
— Երկար տարիների ընթացքում առաջին անգամ ես կարգին ապրում եմ,— պատասխանեց Ֆաբերը։— Ես զգում եմ, որ անում եմ այն, ինչ վաղուց պետք է անեի։ Առայժմ չեմ վախենում։ Հավանաբար պատճառն այն է, որ վերջապես անում եմ այն, ինչ անհրաժեշտ է։ Կամ՝ թերեւս այն, որ մի անգամ համարձակ արարք գործելով, արդեն չեմ ուզում ձեր առջեւ վախկոտ երեւալ։ Հնարավոր է, որ հետագայում եւս գործեմ ավելի խիզախ արարքներ, ավելի մեծ վտանգի ենթարկեմ ինձ, որ դեպի ետ այլեւս ճանապարհ չունենամ, որ չվախենամ, թույլ չտամ, որ սարսափը կրկին կաշկանդի ինձ։ Ի՞նչ եք այժմ մտադիր անել։
 
— Փախչել։ Թաքնվել։
 
— Դուք գիտե՞ք, որ պատերազմ է հայտարարված։
 
— Այո, լսեցի։
 
— Աստվա՜ծ իմ, ի՜նչ տարօրինակ է,— բացականչեց ծերուկը։— Պատերազմը թվում է հեռավոր մի բան, որովհետեւ մենք մեր հոգսերն ունենք։
 
— Ես այդ մասին մտածելու ժամանակ չունեի։— Մոնթագը գրպանից հանեց հարյուր դոլարանոց թղթադրամը։— Վերցրեք։ Թող ձեզ մոտ լինի։ Երբ ես գնամ, տնօրինեք, ինչպես հարմար կգտնեք։
 
— Սակայն…
 
— Գուցե կեսօրին այլեւս ողջ չլինեմ։ Ծախսեք գործի համար։
 
Ֆաբերը գլխով արեց։
 
— Փորձեք դուրս գալ գետի մոտ, ապա գնացեք ափի երկայնքով, այնտեղ հին երկաթգիծ կա, որ քաղաքից ձգվում է դեպի երկրի խորքը։ Գտեք ու շարժվեք նրա ուղղությամբ։ Հաղորդակցությունը այժմ տարվում է օդով, երկաթգծերի մեծ մասը վաղուց ի վեր լքված է, բայց այդ մեկը դեռ պահպանվում է։ Ես լսել եմ, որ երկրի որոշ անկյուններում թափառաշրջիկների ճամբարներ են մնացել։ Նրանց քայլող թափառախումբ են կոչում։ Հարկավոր է միայն շատ հեռանալ քաղաքից, մեկ էլ սրատես աչք ունենալ։ Ասում են, որ Լոս—Անջելեսի երկաթգծի շրջանում կարելի է հանդիպել Հարվարդի համալսարանի նախկին դասախոսներից շատերին։ Նրանք ոստիկանությունից թաքնվող փախստականներ են, որոնց համենայն դեպս հաջողվել է փրկվել։ Նրանք շատ չեն, եւ, ինչպես երեւում է, կառավարությունն այնքան վտանգավոր չի համարում, որ շարունակի որոնումները։ Որոշ ժամանակ կարող եք թաքնվել նրանց մոտ, իսկ հետո ջանացեք փնտրել—գտնել ինձ Սեն—Լուիսում։ Ես այնտեղ կմեկնեմ այսօր առավոտյան, ժամը հինգի ավտոբուսով, ուզում եմ հանդիպել ծեր տպագրիչին։ Տեսնո՞ւմ եք, ես էլ վերջապես գործի եմ անցնում։ Ձեր փողերը բարի գործի կծառայեն։ Շնորհակալ եմ, Մոնթագ, եւ աստված ձեզ պահապան։ Գուցե կուզենայի՞ք մի քանի րոպե պառկել։
 
— Ո՛չ,— ավելի լավ է շտապեմ։
 
— Հիմա տեսնենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները։
 
Ֆաբերը Մոնթագին տարավ ննջարան եւ մի կողմ քաշեց պատից կախված նկարը։ Նրա տակ փոստային բացիկի մեծության հեռուստաէկրան կար։
 
— Ես միշտ ցանկանում էի փոքրիկ մի էկրան ունենալ, որ հարկ եղած դեպքում հնարավոր լիներ ձեռքի ափով ծածկել, թե չէ ո՞ւմ են պետք գոռում—գոչյունով ականջ խլացնող վիթխարի պատերը։ Ահա՛, նայե՛ք։
 
Նա միացրեց էկրանը։
 
— Մոնթագ,— արտասանեց հեռուստացույցը, եւ էկրանը լուսավորվեց։— Մ—Ո—Ն—Թ—Ա—Գ․ տառ առ տառ կարդաց հաղորդավարը։— Գայ Մոնթագ։ Դեռեւս փնտրվում է։ Որոնումները կատարում են ոստիկանական ուղղաթիռները։ Հարեւան շրջանից բերվել է նոր մեխանիկական շուն։
 
Մոնթագը եւ Ֆաբերը անխոս իրար նայեցին։
 
— Մեխանիկական շունը երբեք չի վրիպում։ Դա հրաշալի գյուտ է եւ օգտագործվելու առաջին իսկ օրից մինչեւ հիմա ոչ մի անգամ չի սխալվել։ Մեր հեռուստատեսային ընկերությանը հպարտ է, որ իրեն է հնարավորություն ընձեռված՝ ուղղաթիռի վրա տեղակայված հեռուստախցիկով ամենուրեք հետեւելու մեխանիկական շանը՝ հանցագործի հետքերով գնալիս։
 
Ֆաբերը վիսկի լցրեց բաժակները։
 
— Մեզ չէր խանգարի։
 
Նրանք խմեցին։
 
— … Մեխանիկական շան հոտառությունն այնքան կատարյալ է, որ կարող է տասը հազար անհատական հոտ տարբերել եւ, առանց նորից լարվելու, գտնել այդ տասը հազար մարդուց ցանկացածի հետքը։
 
Ֆաբերի մարմնով թեթեւ դող անցավ։ Նա հայացք գցեց սենյակին, պատերին, դռանը, բռնակին, աթոռին, որի վրա նստած էր Մոնթագը։ Մոնթագը նկատեց այդ հայացքը։ Այժմ նրանք երկուսով արագ զննեցին սենյակը։ Մոնթագը հանկարծ զգաց, թե ինչպես դողդողացին իր ռունգերը, ասես ինքը մեկնել է իր հետքով, ասես իր հոտառությունն այնքան է սրվել, որ ի վիճակի է օդի մեջ տարածված հոտով գտնելու հետքը, ասես հանկարծ տեսանելի դարձան քրտինքի շատ մանր կաթիլները դռան բռնակի վրա, այնտեղ, որտեղից նա ձեռքով բռնել էր, դրանք բազմաթիվ էին եւ փայլփլում էին, ինչպես պստլիկ ջահի բյուրեղապակյա կախազարդեր։ Ամեն ինչի վրա մնացել էին նրա էության մասնիկները։ Ինքը՝ Մոնթագը, ամենուր էր՝ եւ՛ տանը, եւ՛ դրսում, նա լուսատու ամպ էր, օդի մեջ տարրալուծված ուրվական։ Եվ դրանից դժվարանում էր շնչելը։ Նա տեսավ, թե ինչպես էր Ֆաբերը շունչը պահել, ասես վախենում էր օդի հետ ներշնչել փախստականի ստվերը։
 
— Այժմ մեխանիկական շունը ուղղաթիռից կիջեցվի հրդեհի վայրը։
 
Փոքրիկ էկրանին հայտնվեց այրված տունը, ամբոխը, սավանով ծածկված ինչ֊որ բան եւ երկնքից իջնող ուղղաթիռը, որը նման էր անճոռնի ծաղկի։
 
«Այսպես, ուրեմն, նրանք որոշել են խաղը մինչեւ վերջ հասցնել»,— մտածեց Մոնթագը։ Ներկայացումը կկայանա, չնայած որ ընդամենը մեկ ժամ հետո կարող է պատերազմ սկսվել…
 
Կախարդվածի նման, վախենալով շարժվել, Մոնթագը հետեւում էր անցուդարձին։ Այդ ամենը թվում էր այնքան հեռավոր, իր հետ որեւէ կապ չունեցող, կարծես թե ինքը նստած է թատրոնում եւ դրամա է դիտում, ինչ֊որ ուրիշ մեկի դրաման, նայում է ոչ առանց հետաքրքրության, նույնիսկ ինչ֊որ առանձնահատուկ հաճույքով։ «Բայց չէ՞ որ այս ամենը ի՛մ մասին է»։
 
Եթե նա ցանկանար, կարող էր մնալ այստեղ, հարմարավետ սենյակում եւ մինչեւ վերջ հետեւել ողջ հետապնդմանը՝ քայլ առ քայլ, նրբանցքներով ու փողոցներով, ընդարձակ, ամայի բուլվարով, մարգագետիններով եւ խաղահրապարակներով, հաղորդավարի հետ մերթ այստեղ, մերթ այնտեղ՝ անհրաժեշտ բացատրությունների համար դադար տալով, հետո կրկին անցնել նրբանցքներով, հասնել միստր ու միսիս Բլաքների այրվող տանը եւ վերջապես դուրս գալ այստեղ, այս տնակի մոտ, որտեղ նրանք Ֆաբերի հետ նստել ու վիսկի են խմում, իսկ էլեկտրական հրեշը, ինչպես մահն ինքը, այդ ընթացքում արդեն հոտոտում է իր թարմ հետքը։ Ահա, նա արդեն պատուհանի տակ է։ Այժմ, եթե Մոնթագը ցանկանա, կարող է ոտքի կանգնել եւ աչքը չկտրելով հեռուստացույցից, մոտենալ լուսամատին, բացել ու դուրս կախվել մեխանիկական գազանին ընդառաջ։ Եվ այդ ժամանակ վառ լուսավորված փոքրիկ էկրանին նա կարող է զննել իրեն, ինչպես դրամայի գլխավոր հերոսի, հռչակավոր մարդու, որի մասին բոլորը խոսում են, որին գամված են բոլոր հայացքները, ուրիշ հյուրասենյակներում այդ րոպեին բոլորը կտեսնեն իրեն բնական մեծությամբ, գունավոր։ Եվ եթե նա ուշադիր եղավ այդ վերջին պահին, նա դեռ կարող է անէություն մեկնելուց մի վայրկյան առաջ տեսնել, թե ինչպես է իրեն խոցում պրոկաինե ասեղը՝ ի խաղաղումն անհամար մարդկանց, որոնք մի քանի րոպե առաջ ազդանշանների աղեկտուր վայնասունից արթնացել են քնից եւ շտապել հյուրասենյակները, որպեսզի հուզմունքով հետեւեն այդ հազվագյուտ տեսարանին՝ գազանորսին, հանցագործի հետապնդմանը, մի գործող անձով դրամային։
 
Կհասցնի՞ արդյոք ասել իր վերջին խոսքը։ Եթե միլիոնավոր հեռուստադիտողների առաջ շունը բռնի իրեն, չպե՞տք է արդյոք ինքը՝ Մոնթագը, մեն մի արտահայտությամբ կամ գոնե մի խոսքով ամփոփի այս վերջին շաբաթվա իր կյանքի հանրագումարը, այնպես, որ իր ասածը դեռ երկար գոյատեւի իրենից հետո, երբ շունը, բացուխուփ անելով իր մետաղյա ծնոտները, ետ կցատկի ու կվազի հեռուն, դեպի խավարը։ Հեռուստախցիկները, տեղում քարացած, կհետեւեն հեռացող եւ հետզհետե փոքրացող գազանին, տպավորիչ ավարտ։ Որտե՞ղ նա գտնի այնպիսի խոսք, այնպիսի մի բառ, որով այրի մարդկանց դեմքերը, արթնացնի քնից։
 
— Նայեցեք,— շշնջաց Ֆաբերը։
 
Ուղղաթիռից սահուն կերպով ինչ֊որ բան իջավ, որը նման չէր ոչ մեքենայի, ոչ գազանի, ոչ մեռած էր, ոչ կենդանի, աղոտ կանաչ լույս էր արձակում։ Մի ակնթարթ հետո այդ հրեշն արդեն կանգնած էր Մոնթագի տան ծխացող փլատակների մոտ։ Ոստիկանները վերցրին նրա շպրտած հրցիրը եւ մոտեցրին մեխանիկական շան դնչին։ Լսվեց դզզոց, չխկչխկոց, գվվոց։
 
Սթափվելով՝ Մոնթագը գլուխն օրորեց եւ վեր կացավ։ Խմեց վիսկիի մնացորդը։
 
— Ժամանակն է։ Շատ եմ ցավում, որ այսպես եղավ։
 
— Ցավո՞ւմ։ Ինչի՞։ Որ վտա՞նգ է սպառնում ինձ, իմ տանը։ Ես պատրաստ եմ դիմագրավել։ Գնացե՛ք, ի սեր աստծո, գնացեք։ Թերեւս ինձ հաջողվի նրանց ուշացնել…
 
— Սպասեք։ Ի՞նչ օգուտ, եթե դուք եւս բռնվեք։ Երբ ես գնամ, այրեք անկողնու ծածկոցը, ես կպել եմ նրան։ Վառարան նետեք հյուրասենյակի աթոռը, որին նստած էի։ Սպիրտով մաքրեք կահույքը, բոլոր դռների բռնակները։ Այրեք ուղեգորգը, բոլոր սենյակներում ողջ հզորությամբ միացրեք օդափոխիչները, ամենուր նավթալին ցանեք, եթե ունեք։ Ապա մինչեւ վերջ բացեք ձեր այգու ոռոգման ցանցը, լվացեք մայթերը։ Գուցե ձեզ հաջողվի կորցնել հետքը…
 
Ֆաբերը սեղմեց նրա ձեռքը։
 
— Ես կհոգամ այդ մասին։ Բարի ճանապարհ։ Եթե երկուսս էլ ողջ մնանք, հաջորդ շաբաթ կամ մի քանի շաբաթ հետո ձեր մասին լուր հաղորդեք։ Գրեք ինձ Սենթ—Լուիս, գլխավոր փոստատուն, ցպահանջ։ Ափսոս, չեմ կարող ամբողջ ժամանակ ձեզ հետ կապ պահպանել, դա շատ լավ կլիներ եւ՛ ձեզ, եւ՛ ինձ համար, բայց ես չունեմ երկրորդ լսող սարքը։ Հասկանո՞ւմ եք, երբեք չեմ մտածել, որ պետք կգա։ Ա՜խ, ի՜նչ ծեր հիմարն եմ եղել։ Չեմ կանխատեսել, չեմ մտածել… Հիմար եմ, ապուշի մեկը։ Եվ ահա, այժմ, երբ սարքն անհրաժեշտ է, չունեմ, որ դնեք ձեր ականջին։ Ի՞նչ արած։ Գնացե՜ք։
 
— Եվս մի խնդրանք։ Շտապ ինձ մի ճամպրուկ տվեք, նրա մեջ դրեք ձեր հնամաշ հագուստներից՝ հին կոստյում, որքան մաշված, այնքան լավ, վերնաշապիկ, հին չստեր ու գուլպաներ…
 
Ֆաբերը դուրս եկավ եւ անմիջապես վերադարձավ։ Նրանք ստվարաթղթե ճամպրուկը սոսնձեցին կպչուն ժապավենով։
 
— Որպեսզի չցնդի միստեր Ֆաբերի հին հոտը,— ասաց քրտինքի մեջ կորած Ֆաբերը։
 
Մոնթագը վիսկի շաղ տվեց ճամպրուկի վրա։
 
— Ամենեւին պետք չէ, որ շունը միանգամից երկու հոտն էլ առնի։ Կարելի՞ է՝ հետս վերցնեմ վիսկիի մնացորդը։ Ինձ դեռ պետք կգա։ Օ՜, տեր աստված, հույս ունեմ, որ մեր ջանքերն ապարդյուն չեն…
 
Նրանք կրկին միմյանց ձեռք սեղմեցին եւ, արդեն դեպի դուռն ուղղվելով, մի անգամ էլ նայեցին հեռուստացույցին։ Շունը հետքով շարժվում էր դանդաղ, անաղմուկ, հոտոտելով գիշերային քամին։ Հեռուստախցիկներով ուղղաթիռները պտտվում էին նրա վերեւում։ Շունը մտավ առաջին նրբանցքը։
 
— Մնաք բարով։
 
Մոնթագը դուրս սահեց տնից ու վազեց՝ ձեռքի մեջ սեղմած կիսադատարկ ճամպրուկը։ Նա լսեց, թե ինչպես իր ետեւից սկսեցին բանել ջրող սարքերը, լուսաբացի օդը լցնելով թափվող անձրեւի աղմուկով, սկզբում մեղմ, ապա ավելի ուժգին ու համաչափ։ Ջուրը լվանում էր մարգագետնի շավիղները եւ առվակներով ցած հոսում փողոց։ Մի քանի կաթիլ ընկավ Մոնթագի դեմքին։ Ծերուկը հրաժեշտի խոսքեր գոռաց կամ գուցե նրան թվա՞ց միայն։
 
Նա արագ հեռանում էր տնից՝ շարժվելով դեպի գետը։
 
Մոնթագը վազում էր։
 
Նա զգում էր, թե ինչպես է մոտենում մեխանիկական շունը, աշնան շնչառության պես պաղ, թեթեւ ու չոր, թույլ քամու պես, որից նույնիսկ խոտը չի շարժվում, չեն շրխկում պատուհանների փեղկերը, մայթի սպիտակ սալաքարերի վրա չի օրորվում ճյուղերի ստվերը։ Իր վազքով շանը չէր խաթարել շրջակա աշխարհի անշարժությունը։ Իր հետ նա բերել էր լռություն, եւ Մոնթագը, անընդհատ զգալով այդ լռության ճնշումը, որը դառնում էր անտանելի, վազում էր։
 
Նա վազում էր դեպի գետը։ Շունչ առնելու համար մերթ ընդ մերթ կանգնելով՝ նայում էր արթնացող տների թույլ լուսավորված պատուհաններին, տեսնում էր մարդկանց ուրվապատկերները, որոնք իրենց հյուրասենյակներում նայում էին հեոուստապատերին, որոնց վրա նեոնային գոլորշու ամպիկի պես իր փափուկ սարդանման թաթերի վրա ճոճվելով, մերթ երեւում, մերթ անհետանում էր մեխանիկական շունը։ Ահա նա Էլմտերասում է, Լինկոլնի փողոցում, Կաղնիների զբոսայգու ծառուղիներում, Ֆաբերի տուն տանող նրբանցքում։
 
«Փախիր,— ինքն իրեն հորդորում էր Մոնթագը,— մի՛ կանգնիր, մի՛ հապաղիր»։
 
Էկրանն արդեն ցույց էր տալիս Ֆաբերի տունը, ջրող սարքերը ողջ թափով բանում էին՝ անձրեւի շիթեր մաղելով գիշերային օդի մեջ։
 
Շունը կանգ առավ, ցնցվեց։
 
Ո՜չ։ Մոնթագը ջղաձգորեն կառչեց լուսամուտագոգից։ Միայն թե ոչ այնտեղ։
 
Պրոկաինե ասեղը դուրս եկավ եւ ետ քաշվեց, կրկին դուրս եկավ ու ետ քաշվեց։ Նրա ծայրից պոկվեց—ընկավ թմրադեղի թափանցիկ կաթիլը, այն քուն է բերում, որից արթնացում չկա։ Ասեղն անհետացավ շան մռութի մեջ։
 
Մոնթագի կուրծքը սեղմվեց, ասես նրա մեջ բռունցք խոթեցին։
 
Մեխանիկական շունը շրջվեց ու նետվեց դեպի նրբանցքը՝ հեռանալով Ֆաբերի տնից։
 
Մոնթագը հայացքը կտրեց էկրանից եւ նայեց երկնքին, ուղղաթիռները մոտերքում էին, թռչում եւ վերադառնում էին նույն կետը, ինչպես լույսի շուրջը պտտվող մժեղներ։
 
Մոնթագը ճիգով ստիպեց իրեն հիշել, որ դա ինչ֊որ մտացածին տեսարան չէ, որը դիպվածաբար գրավել է իր ուշադրությունը գետ տանող ճանապարհին, այլ այդ ինքն է հետեւում, թե ինչպես քայլ առ քայլ խաղարկվում է սեփական շախմատային պարտիան։
 
Նա բղավեց, որպեսզի դուրս գա թմբիրից, որպեսզի կտրվի այդ փողոցի վերջին տան պատուհանից եւ այն ամենից, ինչ ինքը տեսնում էր այնտեղ։ Գրողի ծո՜ցը։ Գրողի ծո՜ցը։ Կարծես թե օգնեց։ Նա նորից վազեց։ Նրբանցք, փողոց, նրբանցք, փողոց եւ գետից փչող յուրահատուկ հոտը։ Աջ, ձախ, աջ, ձախ։ Նա վազում էր։ Եթե հեռուստախցիկներն իրենց օբյեկտիվների մեջ առնեն նրան, ապա մեկ րոպե անց հեռուստադիտողներն էկրաններին կտեսնեն քսան միլիոն վազող մոնթագների, ինչպես հազար անգամ իր տեսած հին անհամ կինոկատակերգությունում՝ ոստիկանների ու հանցագործների, հետապնդվողների ու հետապնդողների, որսորդների ու որսի մասին։ Այժմ նրա ետեւից են ընկել քսան միլիոն ստվերի պես համր շներ, որոնք հյուրասենյակներում անդրադարձ թռիչքով պատեպատ են զարկվում, որպեսզի անհետանան եւ ապա հայտնվեն աջ պատին, անցնեն միջնապատին, ապա ձախ պատին, եւ այդպես անվերջ։
 
Մոնթագը խեցին մտցրեց ականջը։
 
— Ոստիկանությունն առաջարկում է Էլմտերասի բնակիչներից յուրաքանչյուրին բացել իր տան դուռը կամ դուրս նայել պատուհանից։ Դա պետք է բոլորը կատարեն միաժամանակ։ Փախստականին չի հաջողվի թաքնվել, եթե բոլորը միասին դուրս նայեն իրենց տներից։ Եվ այսպես, պատրաստվե՜ք։
 
Իհարկե։ Ինչո՞ւ այդ բանը նրանք շուտ չեն հասկացել, Ինչո՞ւ մինչեւ այժմ երբեք այդպես չեն վարվել։ Թող բոլորը պատրաստվեն, բոլորը միանգամից դուրս նայեն։ Փախստականը 142 չի կարող թաքնվել։ Նա միակ մարդն է, որ այդ պահին վազում է փողոցով, միակը, որ համարձակվել է հանկարծ ստուգել իր ոտքերի շարժվելու, վազելու կարողությունը։
 
— Դուրս նայել տասը հաշվին։ Սկսում ենք։ Մե՜կ։ Երկո՜ւ։
 
Նա զգաց, թե ինչպես ամբողջ քաղաքը ոտքի ելավ։
 
— Երե՜ք։
 
Արագ։ Ձախ, աջ։
 
Ամբողջ քաղաքը շրջվեց հազարավոր դռների կողմը։
 
— Չո՜րս։
 
Բոլորը լուսնոտների նման շարժվեցին դեպի ելքը։
 
— Հինգ։
 
Նրանց ձեռքերը կպան դռների բռնակներին։ Գետի կողմից զով էր փչում, ինչպես տեղատարափից հետո։ Մոնթագի կոկորդը չորացել էր։ Աչքերը բորբոքվել էին վազքից, հանկարծ նա բղավեց, ասես այդ բղավոցը կարող էր նրան առաջ հրել, օգնել հաղթահարելու վերջին հարյուր յարդը։
 
— Վեց, յոթ, ո՜ւթ։
 
Հազարավոր դռների վրա պտտվեցին դռան բռնակները։
 
— Ի՜նը։
 
Նա վազեց անցավ տների վերջին շարքի մոտով, ապա լանջն ի վար, դեպի ջրի շարժվող մուգ զանգվածը։
 
— Տա՜սը։
 
Դռները լայնորեն բացվեցին։
 
Նա պատկերացրեց հազարավոր դեմքեր, որոնք ակնդետ նայում էին փողոցների, բակերի, գիշերային երկնքի խավարի մեջ․ գունատ, ահաբեկված դեմքեր, որոնք թաքնվում էին վարագույրների ետեւում, ինչպես գորշ գազանիկներ։ Նրանք դուրս են նայում իրենց էլեկտրական բներից գորշ, անգույն աչքերով, գորշ շրթունքներով ու դեմքերով, գորշ մտքերով։
 
Բայց Մոնթագն արդեն գետափին էր։
 
Նա ձեռքը մտցրեց ջրի մեջ՝ համոզվելու համար, որ պատրանք չէ։ Մտավ գետը, խավարում մերկացավ, ջուր ցայեց մարմնին, ձեռքերը եւ գլուխը մտցրեց գինու պես արբեցնող զովության մեջ, խմեց այն, շնչեց նրա բույրը։
 
Հագնելով Ֆաբերի հին զգեստներն ու չստերը՝ նա գետը նետեց իր հագուստը եւ նայեց, թե ջուրն ինչպես է տանում։
 
Իսկ հետո, ձեռքում պահած ճամպրուկը, գետի միջով ոտքերը քարշ տալով, հեռացավ ափից, մինչեւ որ ոտքերը կտրվեցին հատակից, եւ հոսանքը խլեց, քշեց նրան խավարի մեջ։
 
Նա արդեն հասցրել էր հոսանքի ուղղությամբ լողալով անցնել երեք հարյուր յարդ, երբ շունը հասավ գետին։ Գլխավերեւում գվվում էին սավառնող ուղղաթիռների պրոպելլերները։ Լույսի խրձերը թափվեցին գետի վրա, եւ Մոնթադը սուզվեց, փրկվելով այդ հրավառությունից, որը նման էր ամպերը ճեղքող արեւին։ Նա զգաց, թե ինչպես է գետը մեղմորեն քաշում—տանում իրեն խավարի մեջ։ Հանկարծ լուսարձակների ճառագայթներն ուղղվեցին դեպի ափը, ուղղաթիռները կրկին շրջվեցին դեպի քաղաք, ասես նոր հետքի վրա ընկան։ Մի ակնթարթ եւս, ու նրանք անհետացան։ Անհետացավ եւ շունը։ Մնացին սոսկ սառը գետը եւ Մոնթագը, որ լողում էր անսպասելի իջած լռության մեջ, ավելի ու ավելի հեռանալով քաղաքից, հետապնդումից, ամեն ինչից։
 
Նրան թվաց, թե ինքը հենց նոր է իջել թատրոնի բեմահարթակից, որտեղ աղմկում էր դերասանների խումբը կամ թե դուրս է եկել ոգեկոչության վիթխարի սեանսից, որին մասնակցում էր շաղակրատող ուրվականների մի հոծ բազմություն։ Անիրական, սարսափելի աշխարհից Մոնթագը հայտնվել էր իրական աշխարհում, բայց չէր կարողանում դեռեւս լիովին զգալ նրա որոշակիությունը, քանի որ այն չափազանց նոր էր նրա համար։
 
Մթին ափերը սահեցին կողքով, գետը այժմ նրան տանում էր բլուրների միջով։ Բազում տարիների ընթացքում առաջին անդամ իր գլխավերեւում նա աստղեր տեսավ, իրենց կանխագծված պտույտը կատարող լուսատուների երթը։ Աստղային վիթխարի կառքը սահում էր երկնքով՝ սպառնալով ցած գլորվել ու ճզմել նրան։
 
Երբ ճամպրուկը լցվեց ջրով եւ ընկղմվեց, Մոնթագը շրջվեց մեջքի վրա։ Գետի ալիքները մեղմ ու հանդարտ ծփում էին՝ ավելի ու ավելի հեռանալով մարդկանցից, որոնք նախաճաշին ստվեր են ուտում, ճաշին՝ ծուխ, ընթրիքին՝ մառախուղ։ Իրոք որ, գետն իրական էր․ նա իր գրկում հոգատարությամբ պահում էր Մոնթագին, չէր շտապեցնում, ժամանակ էր տալիս հանդարտ մտորելու այդ ամսվա, այդ տարվա, ողջ կյանքի ընթացքում իր հետ կատարվածի մասին։ Նա ականջ դրեց իր սրտի զարկերին, այն բաբախում էր հանգիստ ու համաչափ։ Եվ մտքերն էլ արդեն չէին եռում կատաղի շրջապտույտի մեջ, նրանք նույնքան հանգիստ էին, որքան արյան հոսքը իր երակներում։
 
Լուսինը կախված էր երկնքում։ Լուսին եւ Լուսնի լույս։ Որտեղի՞ց է այն։ Հասկանալի է՝ արեւից։ Իսկ արեւը որտեղի՞ց է վերցնում իր լույսը։ Օր—օրի, անընդմեջ այրվում է նա սեփական կրակով։ Արեգակ եւ ժամանակ։ Արեգակ, ժամանակ եւ կրակ։ Այրող կրակ։ Գետը մեղմ օրորում էր Մոնթագին իր ալիքների վրա։ Այրող կրակ։ Երկնքում արեւն է, երկրի վրա՝ ժամանակ չափող ժամացույցները։ Հանկարծ այդ ամենը միաձուլվեց Մոնթագի գիտակցության մեջ եւ դարձավ միասնական։ Եվ երկրի վրա ապրած շատ տարիներից ու այդ գետի վրա անցկացրած մի քանի րոպեներից հետո նա վերջապես հասկացավ, թե ինչու ինքն այլեւս երբեք չպետք է այրի։
 
Արեւն այրում է ամեն օր։ Նա այրում է ժամանակը։ Տիեզերքը շարժվում է շրջագծով եւ պտտվում է իր աոանցքի շուրջը։ Ժամանակն այրում է տարիները եւ մարդկանց, այրում է ինքը, առանց Մոնթագի օգնության։ Իսկ եթե ինքը՝ Մոնթագը, մյուս հրկիզողների հետ այրի մարդկանց ստեղծածը, իսկ արեւն այրի ժամանակը, ապա ոչինչ չի մնա։ Ամեն ինչ կայրվի։
 
Նրանցից մեկը պետք է թողնի այրելը։ Անշուշտ, ոչ արեւը։ Նշանակում է՝ պարտավոր է թողնել ինքը՝ Մոնթագը, եւ նրանք, ում հետ կողք—կողքի աշխատում էր ընդամենը մի քանի ժամ առաջ։ Ինչ—որ տեղ վերստին պետք է սկսվի արժեքների պահպանման ընթացքը, ինչ֊որ մեկը պետք է կրկին հավաքի ու պահպանի այն, ինչ ստեղծել է մարդը, պահպանի գրքերում, գրամաֆոնային ձայնապնակներում, մարդկանց գլուխների մեջ, ամեն գնով փրկի ցեցից, բորբոսից, ժանգից, նեխումից եւ լուցկի ունեցող մարդկանցից։ Աշխարհը լի է մեծ ու փոքր հրդեհներով։ Շուտով նոր արհեստ կծնվի՝ կբացվեն հրակայուն զգեստների արհեստանոցներ։
 
Նա զգաց, որ կրունկները դիպան պինդ գետնին, կոշիկների ներբաններն սկսեցին ճռճռալ գետաքարերի եւ ավազի վրա։ Գետը նրան քշել հանել էր ափ։
 
Նա նայեց շուրջը։ Նրա առջեւ, ինչպես վիթխարի անաչք, անդեմ ու տձեւ էակ, հազարավոր մղոններով փռված էր մթին հարթավայրը՝ սոսկ որպես տարածություն, ավելի հեռվում անսահման կանաչ բլուրներ ու անտառներ էին, որոնք Մոնթագին կանչում էին իրենց գիրկը։
 
Նա չէր ցանկանում հեռանալ գետի խաղաղ ջրերից։ Նա վախենում էր, որ այնտեղ կրկին կհանդիպի մեխանիկական շանը, որ ծառերի սաղարթները հանկարծ կխշշան ուղղաթիռների հանած քամուց։
 
Բայց հարթավայրով սահում էր սոսկ աշնանային սովորական քամին, նույնքան խաղաղ ու հանգիստ, ինչպես կողքով հոսող գետը։ Ինչո՞ւ շունն այլեւս չի հետապնդում իրեն։ Ինչո՞ւ հետապնդումը տեղափոխվեց ետ, քաղաք։ Մոնթագը ականջ դրեց։ Լռություն։ Ոչ ոք։ Ոչինչ։
 
«Միլլի»— մտածեց նա։— Հապա շուրջդ նայիր։ Ականջ դիր։ Ոչ մի ձայն։ Լռություն։ Որքա՜ն խաղաղ է, Միլլի։ Չգիտեմ, դրան ինչպես կվերաբերվեիր։ Թերեւս ճչայիր․ «Լռի՛ր։ Լռի՛ր»։ Մի՛լլի, Մի՜լլի»։ Նա տխրեց։
 
Միլլին չկար, չկար եւ մեխանիկական շունը։ Հեռավոր դաշտերից փչող չոր խոտի բուրմունքը հանկարծ Մոնթագի հիշողության մեջ վերակենդանացրեց վաղուց մոռացված մի պատկեր։ Մի անգամ, երբ դեռ փոքր երեխա էր, նրան ագարակ տարան։ Հազվագյուտ օր էր իր կյանքում, երջանիկ օր, երբ վիճակվեց սեփական աչքերով տեսնել, որ անիրականության յոթ շղարշի ետեւում, հյուրասենյակների հեռուստապատերից եւ քաղաքի թիթեղյա պարսպից այն կողմ, կա ուրիշ աշխարհ եւս, որտեղ կովերն արածում են կանաչ մարգագետնում, խոզերը կեսօրին չփչփում են լճակի տաք տիղմի մեջ, իսկ բլուրների վրա շները հաչոցով վազվզում են ճերմակ ոչխարների ետեւից։
 
Այժմ չոր խոտի բուրմունքն ու ջրի ճողփյունը հիշեցրին նրան, թե ինչ հաճույքով էր քնել թարմ խոտի վրա մենավոր ագարակի դատարկ մարագում, հեռու աղմկոտ ճանապարհներից, հինավուրց հողմաղացի ստվերում, որի թեւերը մեղմորեն ճռռում էին գլխավերեւում, ասես հաշվելով անցնող տարիները։ Եթե հնար լիներ, ինչպես այն ժամանակ, ողջ գիշերը պառկել հարդանոցում՝ ականջ դնելով գազանիկների ու միջատների խշտխշտոցին, տերեւների շրշյունին, գիշերային անորսալի շշուկներին…
 
Ուշ երեկոյան, մտածեց նա, ինքը գուցե եւ քայլերի ձայն լսելով՝ ելնի տեղից եւ նստի։ Երբ քայլերը կհեռանան, կրկին կպառկի ու դուրս կնայի մարագի լուսամուտից։ Եվ կտեսնի, թե ինչպես են մեկը մյուսի ետեւից մարում ֆերմերի տնակի լույսերը, ինչպես է դեռատի ու գեղեցիկ կինը նստում մութ պատուհանի մոտ եւ սանրում մազերը։ Նա պարզորոշ չի տեսնի, բայց այդ դեմքը կհիշեցնի իրեն այն աղջկան, որին ճանաչում էր երբեւէ, հեռավոր եւ անդառնալի անցյալում, որն ունակ էր ուրախանալ անձրեւից ու չխոցվել կրակե լուսատտիկներից։ Աղջիկ, որ գիտեր, թե ինչ է պատմում խատուտիկը, երբ դրանով շփում են կզակը։ Կինը կհեռանա պատուհանից, հետո կրկին կհայտնվի վերեւում, լուսնի լույսով ողողված իր սենյակում։ Եվ ունկնդրելով մահվան ձայնին՝ երկինքը մինչեւ բուն հորիզոնը երկու սեւ մասի ճեղքող հրթիռային ինքնաթիռների դղրդյունի տակ, ինքը՝ Մոնթագը, կսպասի մարագի իր հուսալի թաքստոցում ու կնայի, թե ինչպես զարմանալի, իրեն անծանոթ աստղերը հուշիկ սահում են դեպի երկնակամարի եզրը՝ նահանջելով այգաբացի մեղմ լույսի առաջ։
 
Առավոտյան նա հոգնություն չի զգա, թեեւ աչք չի փակել, եւ ամբողջ գիշեր շուրթերին ժպիտ է խաղացել, խոտի տաք բույրը եւ գիշերային անդորրի մեջ տեսածն ու լսածը նրա համար եղել են լավագույն հանգիստը։
 
Իսկ ներքեւում, սանդուղքի մոտ, նրան կսպասի արտակարգ մի ուրախություն եւս։ Նա զգուշորեն կիջնի ցայգալույսով ողողված մարագից, երկրային կյանքի գեղեցկության զգացումով տոգորված եւ հանկարծ կքարանա տեղում՝ տեսնելով այդ փոքրիկ հրաշքը։ Ապա կխոնարհվի եւ, վերջապես, ձեռքը կհպի նրան։
 
Նա կտեսնի մի բաժակ թարմ, սառը կաթ, մի քանի խնձոր եւ տանձ։
 
Դա այն ամենն է, ինչ հարկավոր է իրեն, երաշխիքը այն բանի, որ անծայրածիր աշխարհը պատրաստ է ընդունել իրեն եւ ժամանակ տալ խորհելու։
 
Մի բաժակ կաթ, խնձոր, տանձ։
 
Նա դուրս եկավ գետից։
 
Ափը գրոհեց նրա վրա, ինչպես Ալեբախության վիթխարի ալիք։ Խավարը եւ անծանոթ տեղանքը ու միլիոնավոր անծանոթ բույրեր, որ բերում էր թաց մարմինը սառեցնող զովասուն քամին, միանգամից թափվեցին Մոնթագի վրա։ Նա ետ ցատկեց խավարից, հոտերից, ձայներից։ Ականջները դժժում էին, գլուխը՝ պտտվում։ Աստղերը կրակե ասուպների պես թռչում էին նրան ընդառաջ։ Նա ցանկացավ կրկին նետվել գետը, թող ալիքները հանգիստ ու ապահով տանեն նրան, միեւնույն է, թե ուր։ Ափի մթին զանգվածը հիշեցրեց մանկական տարիների այն դեպքը, երբ լողանալիս հսկա ալիքը (ամենամեծը, որ երբեւէ տեսել էր) տապալեց, շշմեցրեց ու նետեց նրան դատարկ կանաչավուն մթության մեջ, բերանը, քիթը, ներսը լցրեց այրող աղի ջրով, չափազանց շատ ջրով։
 
Իսկ այստեղ չափազանց շատ հող կար։
 
Սեւ պատի պես նրա առջեւ հառած խավարում խշշոց լսվեց։ Ինչ—որ մեկի ստվերը, զույգ աչք։ Ասես գիշերն ինքը հանկարծ նայեց նրան։ Ասես անտառը նայեց նրան։
 
Մեխանիկական շունն է։
 
Այդքան վազել, շտապել, տառապել, այդքան հեռանալ, այդքան համբերել, եւ երբ քեզ համարում ես անվտանգության մեջ ու թեթեւացած շունչ քաշելով վերջապես ափ ես ելնում, հանկարծ քո առջեւ…
 
Մեխանիկական շունը։
 
Մոնթագի կոկորդից տանջալի աղաղակ թռավ։ Ո՜չ, այդ արդեն շատ—շատ է։ Չափազանց շատ՝ մի մարդու համար։
 
Ստվերը մի կողմ նետվեց։ Աչքերն անհետացան։ Չոր անձրեւի պես ցած թափվեցին աշնանային տերեւները։
 
Մոնթագը մեն—մենակ էր ամայության մեջ։
 
Եղջերու էր։ Մոնթագը զգաց մուշկի սուր բույր՝ խառնված արյան հոտին եւ գազանի շնչառությանը, հիլի, մամուռի եւ խաչխոտի բուրմունք։ Խոր գիշերվա մեջ ծառերը կարծես ընդառաջ էին լողում նրան ու կրկին ետ քաշվում, լողում ու ետ քաշվում՝ քունքի զարկերակի ռիթմով։
 
Գետինը ծածկված էր տերեւների շեղջերով։ Մոնթագի ոտքերը թաղվում էին դրանց մեջ, ասես նա անցնում էր չոր խշխշացող գետահունով, որը բուրում էր մեխակ եւ տաք փոշի։ Որքա՜ն տարբեր բուրմունքներ կան։ Ահա կարծես հում կարտոֆիլի հոտն է․ այդպես է բուրում, երբ կտրատում ես սպիտակ, ամբողջ գիշերը բաց օդում, լուսնի լույսի տակ մնացած մեծ կարտոֆիլը։ Ահա եւ թթու դրած վարունգի հոտը, ահա խոհանոցի սեղանին դրված մաղադանոսի բույրը, կիսաբաց տուփից փչող դեղին մանանեխի թույլ հոտը, հարեւան այգուց եկող բազմաթերթ մեխակների բուրմունքը։ Մոնթագը ձեռքն իջեցրեց, եւ խոտի բարալիկ ցողունիկը դիպավ նրա ափին, ասես թե մի երեխա մեղմորեն բռնեց նրա ձեռքը։ Մոնթագը մատները մոտեցրեց դեմքին․ նրանցից մատուտակի հոտ էր գալիս։
 
Նա կանգ առավ՝ շնչելով երկրի բույրերը։ Եվ որքան ավելի խորն էր շնչում, այնքան նրա համար շոշափելի էր դառնում շրջապատող աշխարհը՝ իր ողջ բազմազանությամբ։ Մոնթագն այլեւս չուներ ամայության նախկին զգացումը՝ ամայությունը լցնելու շատ բան կար։ Եվ այդուհետեւ միշտ այդպես էր լինելու։
 
Նա սայթաքելով քայլում էր խշխշացող խաշամի վրայով։ Եվ հանկարծ այդ նոր արտասովոր աշխարհում՝ ինչ֊որ ծանոթ բան։
 
Նրա ոտքը դիպավ խուլ զնգոց արձակող առարկայի։
 
Նա շոշափեց խոտերը։
 
Երկաթգծեր են։
 
Քաղաքից դուրս տանող գծեր, որոնք անցնում էին պուրակների ու անտառների միջով, լքված երկաթուղային ճանապարհ…
 
Ճանապարհ, որով ինքը պետք է գնա։ Իր միակ ծանոթը անհայտության մեջ, կախարդական այն թալիսմանը, որին պետք է ապավինի սկզբնական շրջանում, որին կարող է հպվել, զգալ ոտքերի տակ, քանի դեռ կգնա գետնամոշի թփուտների միջով, բույրերի եւ զգայությունների ծովի միջով, անտառի շրշյունի եւ սոսափի միջով։
 
Նա առաջ շարժվեց փայտակոճերի վրայով։
 
Եվ ի զարմանս իրեն, հանկարծ զգաց, որ հաստատ գիտի մի բան, որը, սակայն, չէր կարող ապացուցել․ երբեւէ Քլարիսն էլ է անցել այստեղով։
 
Կես ժամ անց, մրսած, երկաթգծերի վրայով զգուշորեն քայլելիս, երբ սրությամբ զգում էր՝ ինչպես է մթությունը ներծծվում իր մարմնի մեջ, սողոսկում աչքերը, բերանը, իսկ ականջներում անտառային հնչյունների աղմուկն էր, եւ ոտքերը ծակռտված էին մացառներից ու դաղված եղինջից, հանկարծ առջեւում կրակ տեսավ։
 
Կրակը փայլատակեց մի ակնթարթ, անհետացավ, կրկին հայտնվեց, ասես թարթող աչք լիներ։ Մոնթագը քարացավ տեղում, թվում էր՝ հենց որ փչես, կհանգչի։ Բայց կրակը վառվում էր, եւ Մոնթագը գաղտագողի առաջ շարժվեց։ Անցավ ամբողջ տասնհինգ րոպե, մինչեւ նրան հաջողվեց մոտենալ, նա կանգ առավ եւ, թաքնվելով ծառի ետեւում, նայեց կրակին։ Մեղմ թրթռացող, սպիտակ եւ վառ կարմիր բոց։ Տարօրինակ թվաց Մոնթագին այդ կրակը, քանի որ այժմ նրա համար այլեւս նախկին իմաստը չուներ։
 
Այդ կրակը չէր այրում, տաքացնում էր։
 
Մոնթագը տեսավ նրան պարզված ձեռքեր, միայն ձեռքեր, խարույկի շուրջը նստածների մարմինները խավարի մեջ էին։ Ձեռքերից վերեւ անշարժ դեմքեր էին՝ բոցի ցոլքերից կենդանացած։ Նա չէր էլ իմացել, որ կրակը կարող է այդպիսին լինել։ Նա չէր էլ կասկածում, որ կրակը կարող է ոչ միայն խլել, այլեւ տալ։ Նույնիսկ այդ կրակի հոտն էր բոլորովին այլ։
 
Աստված գիտե, թե նա այդպես կանգնած ինչքան մնաց՝ անձնատուր լինելով անհեթեթ, բայց հաճելի երեւակայությանը, ասես ինքը գազան էր, որին խարույկի լույսը դուրս էր կանչել անտառի թավուտից։ Նա ուներ խիտ թարթիչներով խոնավ աչքեր, բուրդ, քիթ, կճղակներ, եղջյուրներ, եւ եթե նրա արյունը թափվեր գետնին, աշնան հոտ կգար։ Նա երկար կանգնել էր՝ ունկնդրելով կրակի տաք ճարճատյունին։
 
Խարույկի շուրջը լռություն էր, եւ լռություն կար մարդկանց դեմքերին, եւ բավական ժամանակ կար՝ նստելու ծառերի տակ, լքված երկաթգծերի մոտ ու կողքից նայելու աշխարհին, ընդգրկելու հայացքով, ասես այն կենտրոնացել է այստեղ, այս խարույկի մոտ, ասես աշխարհը կրակի մեջ ընկած պողպատի կտոր է, որն այս մարդիկ պետք է վերստին կռեին։ Եվ ոչ միայն կրակն էր թվում այդքան տարբեր։ Լռությունը նույնպես այլ էր։ Մոնթագը շարժվեց դեպի այդ առանձնահատուկ լռությունը, որից ասես կախված էր աշխարհի բախտը։
 
Այնուհետեւ նա լսեց ձայները, մարդիկ զրուցում էին, բայց նա դեռեւս չէր կարող ըմբռնել՝ ինչի մասին։ Նրանք խոսում էին հանդարտ, մերթ բարձր, մերթ ցածր, նրանց առջեւ բովանդակ աշխարհն էր, եւ նրանք անշտապ դիտում էին այն։ Նրանք գիտեին հողը, գիտեին անտառը, գիտեին քաղաքը, որ փռված էր գետից այն կողմ, լքված երկաթուղու ծայրին։ Նրանք խոսում էին ամեն ինչի մասին, եւ չկար մի բան, որի մասին նրանք չկարողանային խոսել։ Մոնթագն այդ զգում էր նրանց ձայներից, հետաքրքրասիրություն ու զարմանք արտահայտող հնչերանգներից։
 
Իսկ հետո խոսողներից մեկը վեր նայեց ու տեսավ Մոնթագին, տեսավ առաջին, գուցե եւ յոթերորդ անգամ ու ձայն տվեց․
 
— Է՜յ, այժմ կարող եք դուրս գալ։
 
Մոնթագը ետ քաշվեց դեպի խավարը։
 
— Դե լավ, արդեն մի՛ վախեցեք,— կրկին հնչեց նայն ձայնը։— Համեցեք մեզ մոտ, բարով եք եկել։
 
Մոնթագը դանդաղ մոտեցավ։ Խարույկի շուրջը նստած էին հինգ ծերունիներ, որոնք հագել էին կոշտ քաբանե կտորից մուգ կապույտ շալվարներ ու բաճկոններ եւ նույնպիսի մուգ կապույտ վերնաշապիկներ։ Նա չգիտեր՝ ինչ պատասխաներ։
 
— Նստեք,— ասաց մարդը, որն ըստ երեւույթին այդ փոքր խմբի գլխավորն էր,— սուրճ ուզո՞ւմ եք։
 
Մոնթագը լուռ հետեւում էր, թե ինչպես է մուգ, գոլորշի արձակող հեղուկը լցվում ծալովի թիթեղյա գավաթի մեջ, հետո ինչ֊որ մեկը նրան մեկնեց այդ գավաթը։ Զգուշությամբ կում արեց՝ իր վրա զգալով հետաքրքրասեր հայացքներ։ Տաք սուրճն այրեց շուրթերը, բայց հաճելի էր։ Նրա շուրջը մորուքավոր մարդիկ էին՝ մորուքները կոկիկ ու խնամքով խուզված։ Նրանց ձեռքերը նույնպես մաքուր էին ու խնամված։ Երբ մոտեցավ խարույկին, բոլորը վեր կացան, ողջունելով հյուրին, իսկ հիմա նորից նստել էին։ Մոնթագը կում—կում վայելում էր սուրճը։
 
— Շնորհակալություն,— ասաց նա։— Շատ շնորհակալ եմ ձեզնից։
 
— Բարի գալուստ, Մոնթագ։ Իմ անունը Գրենջըր է։— Եվ նրան մեկնեց անգույն հեղուկով լցված փոքրիկ սրվակը։ Սա եւս խմեք, կփոխի ձեր քրտինքի քիմիական բաղադրությունը։ Մի կես ժամից ձեզնից ոչ թե ձեր մարմնի հոտը կգա, այլ երկու բոլորովին ուրիշ մարդկանց։ Քանի որ ձեզ հետապնդում է մեխանիկական շունը, ապա չէր խանգարի՝ այս սրվակը մինչեւ վերջ դատարկեիք։
 
Մոնթագը խմեց դառնավուն հեղուկը։
 
— Ձեզնից այծի հոտ կփչի, բայց դա կարեւոր չէ,— ասաց Գրենջըրը։
 
— Դուք գիտե՞ք իմ անունը,— զարմացած հարցրեց Մոնթագը։
 
Գրենջըրը գլխի շարժումով ցույց տվեց խարույկի մոտ դրված շարժական հեռուստացույցը։
 
— Մենք հետեւում էինք հետապնդմանը։ Մենք այդպես էլ ենթադրեցինք, որ դուք գետի ընթացքով հարավ կիջնեք, եւ երբ հետո լսեցինք՝ ինչպես եք խրտնած որմզդեղնի պես մխրճվում անտառի թավուտը, չթաքնվեցինք, ինչպես սովորաբար անում ենք։ Երբ հանկարծ ուղղաթիռները շրջվեցին դեպի քաղաք, հասկացանք, որ դուք սուզվել եք գետը։ Իսկ քաղաքում ինչ֊որ տարօրինակ բան է կատարվում։ Հետապնդումը շարունակվում է, բայց այլ ուղղությամբ։
 
— Ա՞յլ ուղղությամբ։
 
— Եկեք ստուգենք։
 
Գրենջըրը միացրեց դյուրակիր հեռուստացույցը։ Փոքրիկ էկրանին առկայծեցին գույները, դզզոցով ցատկոտեցին ստվերները, ասես այդ փոքրիկ արկղիկում փակված էր ինչ֊որ մղձավանջային երազ, եւ տարօրինակ էր, որ այստեղ, անտառում կարելի էր այն ձեռքն առնել, փոխանցել ուրիշի։ Հաղորդավարը բղավում էր․
 
— Հետապնդումը շարունակվում է քաղաքի հյուսիսային մասում։ Ոստիկանական ուղղաթիռները կենտրոնացվում են ութսունյոթերորդ փողոցի եւ Էլմ Գրոուվ զբոսայգու շրջանում։
 
Գրենջըրը գլխով արեց․
 
— Դե, ահա, այժմ պարզապես հետապնդում են ներկայացնում։ Ձեզ հաջողվեց նրանց մոլորեցնել դեռեւս գետի մոտ, սակայն չեն ուզում հաշտվել։ Նրանք գիտեն, որ չի կարելի չափազանց երկար լարված պահել հեռուստադիտողին։ Հարկավոր է շտապ հանգուցալուծել։ Եթե սկսեն խուզարկել գետը, թեկուզ մինչեւ առավոտ, էլի չեն ավարտի։ Ահա թե ինչու նրանք զոհ են փնտրում, որ ցուցադրական շուքով վերջացնեն այս կատակերգությունը։ Հինգ րոպե էլ չի անցնի, եւ նրանք կբռնեն «Մոնթագին»։
 
— Բայց ինչպե՞ս…
 
— Հիմա կտեսնենք։
 
Ուղղաթիռի որովայնում թաքնված հեռուստախցիկն այժմ ուղղված էր ամայի փողոցին։
 
— Տեսնո՞ւմ եք,— շշնջաց Գրենջըրը։— Այժմ կհայտնվեք «դուք», ա՛յ այնտեղ, փողոցի ծայրում։ Բայց դա կլինի կանխորոշված զոհը։ Տեսեք, թե ինչպես է խցիկը վարում նկարահանումը։ Տպավորիչ տեսարան է։ Տագնապալի սպասում։ Հեռանկարում փողոցն է։ Այժմ մի խեղճ մարդ դուրս կգա զբոսայգի։ Որեւէ տարօրինակ, հազվագյուտ մարդ։ Չկարծեք, թե ոստիկանությունը չգիտի այդպիսիների սովորությունները, որոնք սիրում են զբոսնել լուսաբացին, հենց այնպես, առանց պատճառի կամ էլ՝ տառապում են անքնությամբ։ Ոստիկանությունը ամիսներ, տարիներ շարունակ հետեւում է նրանց։ Երբեք չես իմանա՝ երբ եւ ինչպես կարող են պետք գալ։ Իսկ այսօր, պարզվում է, շատ տեղին է։ Այսօր պարզապես փրկում է վիճակը։ Օ՜, տեր աստված։ Նայեցեք։
 
Խարույկի մոտ նստած մարդիկ քիչ առաջ թեքվեցին։
 
Էկրանին հայտնվեց փողոցի անկյունից շրջվող մի մարդ։ Հանկարծ օբյեկտիվի մեջ ներխուժեց մեխանիկական շունը։ Ուղղաթիռներից փողոցը լուսավորեցին տասնյակ լուսարձակներով ու մարդուն առան լույսի պայծառ սյուներից կազմված վանդակի մեջ։
 
Հադորդավարն ազդարարեց․
 
— Ահա դուք տեսնում եք Մոնթագին։ Հետապնդումն ավարտված է։
 
Անմեղ անցորդը կանգնել էր շվարած, ձեռքում՝ ծխացող սիգարետ։ Նա նայեց շանը՝ չհասկանալով, թե ինչ է։ Հավանաբար մինչեւ վերջ էլ չհասկացավ։ Նա նայեց երկնքին՝ ականջ դնելով շչակների ոռնոցին։ Այժմ հեռուստախցիկները նկարահանում էին ներքեւից։ Շունը ոստնեց, նրա շարժումների ռիթմն ու ճշգրտությունն իրոք հոյակապ էին։ Ասեղը փայլատակեց։
 
Մի ակնթարթ ամեն ինչ քարացավ էկրանին, որպեսզի դիտողները կարողանան ավելի լավ տեսնել ողջ տեսարանը՝ զոհի շվար տեսքը, ամայի փողոցը, պողպատե հրեշը՝ թիրախի վրա թռչելու պահին, վիթխարի փամփուշտը։
 
— Մոնթագ, չշարժվեք,— հնչեց երկնքից։
 
Նույն պահին շունը եւ հեռուստախցիկի օբյեկտիվը փլվեցին մարդու վրա։ Ե՛վ խցիկը, եւ՛ շունը միաժամանակ ճանկեցին նրան։ Զոհը ճչաց։ Նա ճչում էր, ծղրտում, աղաղակում…
 
Մթնեցված պատկեր։
 
Լռության։
 
Խավար։
 
Մոնթագը ճչաց ու շրջվեց։
 
Լոություն։
 
Խարույկի շուրջը մարդիկ նստած էին լուռ, սառած դեմքերով, մինչեւ որ մութ էկրանից հնչեց հաղորդավարի ձայնը․
 
— Որոնումները ավարտվեցին։ Մոնթագը մեռած է։ Հասարակության դեմ գործած հանցանքը պատժված է։
 
Խավար։
 
— Այժմ ձեզ փոխադրում ենք «Լյուքս» հյուրանոցի Երկնամերձ սրահը՝ դիտելու «Լուսաբացից առաջ» կեսժամանոց հաղորդումը։ Մեր ծրագրում…
 
Գրենջըրն անջատեց հեռուստացույցը։
 
— Իսկ նկատեցի՞ք, որ զոհի դեմքը մնաց ֆոկուսից դուրս։ Նույնիսկ ձեր մտերիմ ընկերները չէին կարող վստահությամբ ասել՝ դո՞ւք էիք, թե ոչ։ Սոսկ ակնարկ, մնացյալը կլրացնի հանդիսատեսի երեւակայությունը։ Գրո՜ղը տանի,— շշնջաց նա։
 
Մոնթագը լուռ էր, շրջվելով հեռուստացույցի կողմը՝ ողջ մարմնով դողալով, հայացքը չէր կտրում դատարկ էկրանից։
 
Գրենջըրը թեթեւակի կպավ նրա ասին։
 
— Ողջունում ենք մեռյալներից հարություն առածին։
 
Մոնթագը գլխով արեց։
 
— Այժմ վատ չէր լինի ծանոթանալ մեզ հետ,— շարունակեց Գրենջըրը։ Սա Ֆրեդ Քլեմենտն է, որը մի ժամանակ ղեկավարում էր Քեմբրիջի համալսարանի Թոմաս Հարդիի անվան ամբիոնը, դրանք այն տարիներն էին, երթ Քեմբրիջը դեռեւս չէր վերանվանվել ատոմաինժեներային ուսումնարան։ Իսկ սա դոկտոր Սիմընզն է՝ Կալիֆոոնիայի համալսարանից, Օրտեգա֊ի֊Գասետի<ref>Խոսե Օրտեգա֊ի֊Գասետ (1883 — 1955) — իսլանդացի փիլիսոփա եւ հրապարակախոս։</ref> ստեղծագործության գիտակ։ Ահա պրոֆեսոր Ուեսթը՝ Կոլումբիայի համալսարանից, որը նշանակալի ավանդ է ներդրել այժմ արդեն մոռացության տրված էթիկայի տեսության բնագավառում։ Սուրբ հայր Փադովըրը, որը երեսուն տարի առաջ մի քանի քարոզ կարդաց եւ աշխարհայացքի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում կորցրեց հոտը։ Վաղուց նա թափառում է մեզ մոտ։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես գիրք եմ գրել՝ «Մատները ձեռնոցի մեջ։ Անհատի եւ հասարակության միջեւ ճիշտ հարաբերությունները» վերնագրով։ Եվ ահա այստեղ եմ։ Բարի գալուստ, Մոնթագ։
 
— Ո՛չ, ես տեղ չունեմ ձեր մեջ,— վերջապես դժվարությամբ խոսեց Մոնթագը։— Ողջ կյանքում ես միայն հիմարություններ եմ արել։
 
— Մեզ համար նորություն չէ դա։ Մենք բոլորս էլ սխալներ ենք գործել, այլապես այստեղ չէինք լինի։ Քանի դեռ գործում էինք անջատ—անջատ, մեր միակ զենքը ցասումն էր։ Ես խփեցի հրկիզողին, երբ տարիներ առաջ նա եկավ իմ գրադարանն այրելու։ Այդ օրվանից ստիպված եմ թաքնվել։ Ուզո՞ւմ եք միանալ մեզ, Մոնթագ։
 
— Այո՛։
 
— Ի՞նչ կարող եք առաջարկել մեզ։
 
— Ոչինչ։ Կարծում էի, թե ինձ մոտ է Գիրք Ժողովողիի մի մասը եւ մեկ էլ մի հատված Հովհաննես Առաքյալի Հայտնությունից, բայց այժմ նույնիսկ այդ չունեմ։
 
— Գիրք Ժողովողին հիանալի կլիներ։ Որտե՞ղ եք թաքցրել։
 
— Այստեղ,— Մոնթագը ձեռքով ցույց տվեց ճակատը։
 
— Ա՜,— ժպտաց Գրենջըրը եւ գլխով արեց։
 
— Ի՞նչ է, մի՞թե վատ է,— գոչեց Մոնթագը։
 
— Ո՛չ, շատ լավ է։ Հրաշալի՜ է։— Գրենջըրը շրջվեց քահանայի կողմը։— Մենք Գիրք Ժողովողի ունեինք։
 
— Այո՛։ Հարրիս անունով մարդը, որ ապրում է Յանգսթաունում։
 
— Մոնթագ,— Գրենջըրը ամուր բռնեց նրա ուսից։— Զգույշ եղեք։ Պահպանեցեք ձեզ։ Եթե Հարրիսի հետ որեւէ բան պատահի, դո՛ւք կլինեք Ժողովողի Գիրքը։ Տեսնո՞ւմ եք, վերջին պահին ինչպիսի կարեւոր մարդ հասցրիք դառնալ։
 
— Բայց ես լրիվ մոռացել եմ։
 
— Ոչինչ անհետ չի կորչում։ Մենք ձեր հիշողությանը թափ տալու միջոց ունենք։
 
— Բայց ես արդեն փորձել եմ հիշել։
 
— Մի՛ փորձեք։ Դա ինքնաբերաբար կլինի, երթ կարիքն զգաք։ Մարդկային հիշողությունը նման է լուսանկարչական զգայուն ժապավենի, եւ ողջ կյանքում մեր արածը լոկ այն է, որ ջանում ենք ջնջել նրա վրայի դրոշմը։ Սիմընզը մշակել է մի մեթոդ, որը հնարավորություն է ընձեռում հիշողության մեջ վերակենդանացնելու երբեւէ կարդացած ամեն ինչ։ Դրա համար նա տքնել է քսան աարի։ Մոնթագ, կուզենայի՞ք կարդալ Պլատոնի «Հանրապետությունը»։
 
— Այո՛, իհարկե՜։
 
— Դե, ահա ես Պլատոնի «Հանրապետությունն» եմ։ Իսկ Մարկ Ավրելիուս ուզո՞ւմ եք կարդալ։ Միստր Աիմընզը Մարկ Ավրելիուսն է։
 
— Ողջո՜ւյն,— ասաց միստր Աիմընզը։
 
— Ողջո՜ւյն,— պատասխանեց Մոնթագը։
 
— Թույլ տվեք ինձ ծանոթացնել Ջոնաբան Սվիֆտի՝ «Գուլիվերի ճանապարհորդությունները» քաղաքական սուր սատիրայի հեղինակի հետ։ Ահա եւ Չարլզ Դարվինը, ահա Շոպենհաուերը, Էյնշտեյնը, իսկ իմ կողքինը միստր Ալբերտ Շվեյցերն է՝ բարի փիլիսոփան։ Ահա մենք բոլորս քո առջեւ ենք, Մոնթագ, Արիստոֆանը եւ Մահաթմա Գանդին, Գաութամա Բուդդան եւ Կոնֆուցիոսը, Թոմաս Լավ Փիքոքը<ref>Թոմաս Լավ Փիքոք (1785 — 1866) — անգլիացի գրող։</ref>, Թոմաս Ջեֆերսոնը եւ Լինկոլնը՝ ձեր խոնարհ ծառան։ Մենք նաեւ Մատթեոսն ենք, Մարկոսը, Ղուկասը եւ Հովհաննեսը։
 
Նրանք ցածրաձայն ծիծաղեցին։
 
— Չի՜ կարող պատահել,— գոչեց Մոնթագը։
 
— Ո՛չ, այդպես է,— ժպտալով պատասխանեց Գրենջըրը։— Մենք եւս գրքեր ենք հրկիզում։ Գիրքը կարդում ենք, հետո այրում, որ մեզ մոտ չգտնեն։ Միկրոֆիլմերն իրենց չարդարացրին։ Մենք մշտապես թափառում ենք, տեղափոխվում, հարկադրված կլինենք ինչ֊որ տեղ թաղել ժապավենը, հետո վերադառնալ դրա ետեւից, իսկ դա վտանգավոր է։ Ավելի լավ է ամեն ինչ պահել գլխի մեջ, որտեղ ոչ ոք ոչինչ չի տեսնի, ոչինչ չի կասկածի։ Մենք բոլորս պատմության, գրականության, միջազգային իրավունքի հատվածներ եւ պատառիկներ ենք։ Բայրոն, Թոմաս Փեյն<ref>Թոմաս Փեյն (1737 — 1809) — ամերիկյան անկախության ջատագովներից։</ref>, Մաքիավելի, Քրիստոս, բոլորն այստեղ են՝ մեր գլխում։ Բայց արդեն ուշ է։ Եվ պատերազմ է հայտարարված։ Մենք այստեղ ենք, իսկ քաղաքն այնտեղ է, հեռվում, իր գունագեղ հանդերձանքի մեջ։ Ի՞նչ եք մտածում, Մոնթագ։
 
— Ես մտածում եմ, թե ի՜նչ հիմարն էի, երբ փորձում էի պայքարել սեփական ուժերով։ Հրկիզողների տները ծածուկ գրքեր էի նետում եւ ահազանգում։
 
— Դուք արել եք այն, ինչ կարողացել եք։ Ողջ երկրի մասշտաբով դա հիանալի արդյունք կտար։ Բայց մեր պայքարի ուղին ավելի հասարակ է եւ, ինչպես մեզ է թվում, գերադասելի։ Մեր խնդիրն է՝ պահպանել գիտելիքները, որոնք դեռ մեզ պետք են գալու, պահպանել անխաթար վիճակում։ Առայժմ մենք չենք ցանկանում որեւէ մեկին գրգռել կամ զայրացնել։ Չէ՞ որ եթե մեզ ոչնչացնեն, կկործանվեն եւ մեր պահպանած գիտելիքները, կկործանվեն գուցե եւ ընդմիշտ։ Որոշ իմաստով մենք ամենախաղաղ քաղաքացիներն ենք․ թափառում ենք լքված երկաթգծերով, գիշերում ենք լեռներում։ Եվ քաղաքի բնակիչները մեզ հանգիստ են թողել։ Երբեմն մեզ կանգնեցնում են ու խուզարկում, բայց երբեք որեւէ բան չեն գտնում, որ առիթ տա ձերբակալելու։ Մենք ունենք շատ ճկուն, անորսալի, երկրի բոլոր անկյուններում ցրված կազմակերպություն։ Մեզնից ոմանք ենթարկվել են պլաստիկ վիրահատության, փոխել են իրենց արտաքինը եւ մատնահետքերը։ Այժմ մեր վիճակը սոսկալի դժվար է․ սպասում ենք, որ հնարավորին չափ շուտ սկսվի եւ ավարտվի պատերազմը։ Սարսափելի է, բայց ոչինչ չենք կարող անել։ Մե՛նք չէ, որ ղեկավարում ենք երկիրը, մենք սոսկ չնչին փոքրամասնություն ենք, ձայն բարբառո հանապատի։ Երբ պատերազմն ավարտվի, այդ ժամանակ, թերեւս, մեր կարիքն զգացվի։
 
— Կարծում եք՝ ձեզ կլսե՞ն։
 
— Եթե ոչ, ստիպված կլինենք էլի սպասել։ Մեր գրքերը կփոխանցենք մեր երեխաներին, նրանք էլ իրենց հերթին՝ ուրիշներին։ Շատ բան, իհարկե, կկորչի, բայց չի կարելի մարդկանց բռնությամբ ստիպել, որ լսեն։ Նրանք պետք է իրենք հասկանան եւ իրենք մտորեն, թե ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ պայթեց աշխարհը իրենց ոտքերի տակ։ Այսպես չի կարող հավերժ շարունակվել։
 
— Եվ շա՞տ եք դուք։
 
— Ճանապարհներին, լքված երկաթգծերի մատույցներում մենք հազարներ ենք։ Արտաքուստ թափառաշրջիկ ենք, ներքուստ՝ գրապահոց։ Սկզբում ամեն ինչ տարերային էր։ Ամեն մեկն ուներ որեւէ գիրք, որն ուզում էր մտապահել, բայց մենք հանդիպեցինք միմյանց, ու այս քսան կամ ավելի տարիների ընթացքում ստեղծեցինք կազմակերպության նման մի բան, ուրվագծեցինք գործողության ծրագիր։ Ամենագլխավորը, որ պետք է ըմբռնեինք, այն էր, որ ինքներս մեն—մենակ ոչինչ ենք, որ չպետք է լինենք մանրախնդիր եւ զգանք մեր գերազանցությունը մյուս մարդկանց հանդեպ։ Մենք ընդամենը սոսկ գրքերի շապիկներ ենք, որ թերթերը պահպանում են վնասվելուց ու փոշուց, ո՛չ ավելին։ Մեզնից ոմանք ապրում են փոքր քաղաքներում։ Թորոյի «Ուոլդեն» գրքի առաջին գլուխն ապրում է Գրին Ռիվերում, երկրորդը՝ Մեն նահանգի Ուիլլոու ագարակում։ Մերիլենդ նահանգում փոքրիկ մի քաղաք կա՝ ընդամենը քսանյոթ հազար բնակչությամբ, այնպես որ, հազիվ թե այնտեղ ռումբեր նետեն, այդ քաղաքում է պահպանվում Բերտրան Ռասելի Երկերի լիակատար ժողովածուն։ Այդ քաղաքը գրքի պես կարելի է ձեռքն առնել, թերթել էջերը, ամեն բնակչի գլխում որոշակի էջեր կան։ Երբ պատերազմն ավարտվի, մի գեղեցիկ օր, մի գեղեցիկ տարի գրքերը կրկին կարելի կլինի գրել, կհրավիրենք բոլոր այդ մարդկանց, նրանք անգիր կասեն ինչ գիտեն, իսկ մենք կտպենք թղթի վրա։ Հետո, հավանաբար կբացվի խավարի նոր դարաշրջան, եւ ստիպված կլինենք ամեն ինչ սկսել սկզբից։ Բայց մարդն ունի մի հրաշալի հատկություն․ եթե հարկ է լինում ամեն ինչ սկզբից սկսել, նա չի հուսալքվում եւ չի կորցնում արիությունը, քանզի գիտի, որ դա կարեւոր է, որ դրա համար ջանք չպիտի խնայել։
 
— Իսկ հիմա մենք ի՞նչ պետք է անենք,— հարցրեց Մոնթագը։
 
— Սպասենք,— պատասխանեց Գրենջըրը։— Եվ, համենայն դեպս, գետի հոսանքով ցած իջնենք։
 
Նա սկսեց խարույկի վրա հող լցնել։
 
Մյուսներն օգնում էին նրան, օգնում էր եւ Մոնթագը։ Կուսական անտառում մարդիկ լուռ հանգցնում էին կրակը։
 
Աստղալույսի տակ նրանք կանգնել էին գետափին։
 
Մոնթագը նայեց իր ժամացույցի լուսավորվող թվացույցին։ Առավոտյան ժամը հինգն էր։ Ընդամենը մեկ ժամ էր անցել, բայց տարուց երկար էր թվում։ Հանդիպակաց հեռավոր ափի կողմից բացվում էր այգը։
 
— Ինչո՞ւ եք վստահում ինձ,— հարցրեց նա։
 
Մարդը շարժվեց մթության մեջ։
 
— Բավական է հայացք ձգել ձեզ վրա։ Վաղուց ի վեր դուք ձեզ չեք նայել հայելու մեջ, Մոնթագ։ Բացի այդ, քաղաքը երբեք մեզ չի արժանացրել նման պատվի եւ մեր ետեւից չի կազմակերպել այդպիսի խնամքով մշակված հետապնդում։ Գլուխները պոեզիայով լի մի տասնյակ տարօրինակ մարդիկ նրանց համար վտանգավոր չեն։ Նրանք այդ գիտեն, գիտենք եւ մենք, բոլորը գիտեն։ Քանի դեռ ժողովրդական լայն զանգվածները չեն վկայակոչում Ազատությունների խարտիան եւ սահմանադրությունը<ref>Նկատի ունի Ազատությունների մեծ խարտիան (1215 թ․) եւ ԱՄՆ֊ի՝ 1787 թ․ սահմանադրությունը։</ref>, անհանգստանալու հիմք չկա։ Բավական է, որ հրկիզողները ժամանակ առ ժամանակ հետեւեն կարգ ու կանոնին։ Ո՛չ, քաղաքաբնակները մեզ չեն նեղում։ Իսկ ձեզ, Մոնթագ, լավ դաս տվին։
 
Նրանք գնում էին գետի երկայնքով՝ դեպի հարավ։ Մոնթագը փորձում էր զննել իր ուղեկիցների դեմքերը։ Ծեր, կնճռապատ, հոգնատանջ դեմքեր, որոնք նա տեսել էր խարույկի լույսի տակ։ Նա փնտրում էր նրանց վրա ուրախության, վճռականության, ապագայի հանդեպ հաղթանակի արտահայտություն։ Հավանաբար նա սպասում էր, որ գիտելիքները նրանց դեմքերը պետք է լուսավորեին, ինչպես լապտերն է վառվում գիշերային խավարում։ Բայց ոչ մի նման բան նա չտեսավ։ Այնտեղ, խարույկի մոտ, նրանց լուսավորում էին խարույկի ցոլքերը, իսկ հիմա ոչնչով չէին տարբերվում ուրիշ այդպիսի մարդկանցից, որոնք թափառում են ճանապարհներին, իրենց կյանքն անցկացնում որոնումների մեջ, որոնք տեսել են, թե ինչպես է կործանվում գեղեցիկը, եւ ահա, վերջապես, արդեն ծերացած, հավաքվել են մեկտեղ, որպեսզի նայեն, թե ինչպես է իջնում վարագույրը եւ մարում լույսերը։ Նրանք ամենեւին համոզված չէին, որ այն ամենը, ինչ պահպանվում է իրենց հիշողության մեջ, կստիպի գալիքի այգաբացին շառագունելու ավելի անբիծ, նրանք ոչնչում համոզված չէին, բացի մի բանից։ Նրանք տեսել էին գրադարակներում շարված՝ դեռեւս չթղթատված էջերով գրքեր, ընթերցողներին սպասող գրքեր։ Մի օր կգան ու կվերցնեն գրքերը, որը՝ մաքուր, որը՝ կեղտոտ ձեռքերով։
 
Մոնթագը գաղտագողի զննում էր իր ուղեկիցների դեմքերը։
 
— Գրքերի մասին մի՛ դատեք կազմերով,— ասաց նրանցից մեկը։ Բոլորը կամացուկ ծիծաղեցին՝ շարունակելով խորանալ գետի հոսանքն ի վար։
 
Լսվեց խլացուցիչ հռնդյուն, եւ քաղաքից հրթիռային ինքնաթիռները սլացան երկինք։ Նրանք անհետացան ավելի շուտ, քան ճամփորդները կհասցնեին վեր նայել։ Մոնթագը շրջվեց ու նայեց գետի հանդիպակաց ափին փռված քաղաքին, որտեղ երեւում էր միայն արշալույսի աղոտ հրացոլքը։
 
— Այնտեղ մնացել է իմ կինը։
 
— Ցավում եմ։ Առաջիկա մի քանի օրում քաղաքներին ոչ մի լավ բան չի սպասվում,— ասաց Գրենջըրը։
 
— Տարօրինակ է, որ չեմ կարոտում նրան։ Տարօրինակ է, բայց կարծես որեւէ բան զգալու անընդունակ եմ,— ասաց Մոնթագը։— Քիչ առաջ նույնիսկ մտածեցի, որ եթե նա մեռնի, ես չեմ վշտանա։ Վատ է։ Ինչ—որ արտառոց բան է կատարվում ինձ հետ։
 
— Լսեք, թե ինչ կասեմ,— պատասխանեց Գրենջըրը, բռնելով նրա թեւից, այժմ նա քայլում էր նրա կողքով, օգնելով, որ Մոնթագն անցնի թփուտների միջով։— Փոքր տղա էի, երբ պապս մահացավ, նա քանդակագործ էր։ Նա չափազանց բարի էր, շատ էր սիրում մարդկանց։ Նրա օգնությամբ են մեր քաղաքը մաքրել ետնախորշերից։ Խաղալիքներ էր պատրաստում մեզ՝ երեխաներիս համար, իր ողջ կյանքի ընթացքում հավանաբար միլիոնավոր իրեր է պատրաստել։ Նրա ձեռքերը միշտ ինչ֊որ բանով զբաղված էին։ Եվ ահա, երբ նա մահացավ, հանկարծ հասկացա, որ լաց եմ լինում ոչ թե պապիս, այլ այն իրերի համար, որ նա դեռ պետք է ստեղծեր։ Ես արտասվում էի, որովհետեւ գիտեի, որ նա այլեւս իրեր չէր պատրաստելու, այլեւս երբեք չէր կարողանա փայտից քանդակներ անել, եւ կամ էլ մեզ հետ ետնաբակում աղավնիներ չէր թռցնի, ջութակ չէր նվագի, զվարճալի պատմություններ չէր անի, իսկ պապիս նման ոչ ոք չէր կարող պատմել։ Նա մեր մի մասնիկն էր, եւ երբ մահացավ, շատ բան վերացավ մեր կյանքից։ Չկար մեկը, որ փոխարիներ նրան։ Պապս անհատականություն էր, պիտանի մարդ։ Ես այդպես էլ չհաշտվեցի նրա մահվան հետ։ Այժմ էլ հաճախ եմ մտածում, թե ինչ հիանալի զարդաքանդակներ լույս աշխարհ կգային, եթե չմեռներ։ Որքա՜ն զվարճալի պատմություններ չիմացանք եւ որքա՜ն աղավնիներ տուն վերադառնալով՝ այլեւս չզգացին նրա ձեռքերի քնքուշ հպումը։ Նա վերափոխում էր աշխարհը, նորություն էր պարգեւում աշխարհին։ Նրա մահվան գիշերը աշխարհն աղքատացավ տասը միլիոն հիասքանչ գործերով։
 
Մոնթագը լուռ քայլում էր։
 
— Միլլի, Միլլի,— շշնջաց նա,—֊ Միլլի։
 
— Ի՞նչ ասացիք։
 
— Կինս, Միլլին… Խե՜ղճ, խե՜ղճ Միլլի։ Ես ոչինչ չեմ կարողանում հիշել։ Ես մտածում եմ նրա ձեռքերի մասին, բայց չեմ տեսնում, որ դրանք ինչ֊որ բան անեն։ Նրա ձեռքերը պարզապես կախված են կողքերից կամ էլ ընկած են ծնկներին եւ կամ էլ ծխախոտ են բռնել։ Ահա այն ամենը, ինչ կարող էին անել։
 
Մոնթագը շրջվեց եւ ետ նայեց։
 
Իսկ դու ի՞նչ ես տվել քաղաքին, Մոնթագ։
 
Մոխիր։
 
Իսկ ուրիշներն ի՞նչ են տվել միմյանց։
 
Ոչինչ։
 
Գրենջըրը կանգնել էր Մոնթագի կողքին եւ նայում էր քաղաքի կողմը։
 
— Պապս ասում էր, որ ամեն ոք իրենից հետո պետք է ինչ֊որ բան թողնի։ Զավակ կամ գիրք, նկար կամ տուն, կամ թեկուզ աղյուսաշեն մի պատ, իր կարած մի զույգ կոշիկ, իր ձեռքով տնկած այգի։ Ինչ—որ բան, որին երբեւէ դիպել է ձեռքդ եւ որտեղ հոգիդ ապաստան կգտնի քո մահից հետո։ Երբ մարդիկ կնայեն քո աճեցրած ծառին կամ ծաղկին, այդ պահին դու ողջ կլինես նրանց մեջ։ Պապս ասում էր՝ կարեւոր չէ ինչ ես անում, կարեւոր է, որ այն ամենը, ինչին ձեռք ես զարնում՝ ձեւափոխվի, նախկինից տարբեր ձեւ ստանա, որ նրա մեջ քեզանից մի մասնիկ մնա։ Գործի հանդեպ վերաբերմունքն է տարբերում սիզամարգեր հարդարողին իսկական պարտիզպանից։ Առաջինը կանցնի, կարծես չի էլ եղել, բայց պարտիզպանը կապրի սերնդեսերունդ։
 
Գրենջըրը սեղմեց Մոնթագի թեւը։
 
— Մի անգամ, հիսուն տարի առաջ էր, պապս ինձ կինոնկարներ ցույց տվեց հրթիռային արկերի մասին։ Դուք երբեւէ առիթ ունեցե՞լ եք երկու հարյուր մղոն հեռավորությունից տեսնել ատոմային ռումբի պայթյունից առաջացած սնկաձեւ ամպը։ Դա ոչինչ է, դատարկ բան։ Նրան ջրջապատող վայրի անապատի համար դա նույնն է, ինչ գնդասեղի ծակոցը։ Պապս այդ ժապավենը ցույց տվեց տասնյակ անգամներ եւ ասաց, որ ինքը հույս ունի, թե կգա մի օր, երբ մեր քաղաքները կընդարձակվեն եւ իրենց մեջ կառնեն անտառները, դաշտերը եւ վայրի բնությունը։ Մարդիկ չպետք է մոռանան, ասաց նա, որ հողագնդի վրա նրանց տրված է շատ փոքր տարածություն, որ նրանք ապրում են բնության գրկում, որը կարող է իր պարգեւածը հեշտությամբ ետ վերցնել։ Նրա համար իր շնչառությամբ մեզ երկրի երեսից ջնջելը կամ օվկիանոսի ջրերում խեղդելը խաղուպար է, կանի թեկուզեւ, որ մի անգամ էլ հիշենք ու չմոռանանք՝ այնքան զորեղ չենք, որքան կարծում ենք։ Պապս ասում էր նաեւ, որ եթե մենք մշտապես նրան գիշերվա պահին մեր կողքին չզգանք՝ կմոռանանք, թե որքան ահեղ ու հզոր կարող է լինել։ Եվ այդ ժամանակ մի գեղեցիկ օր նա կգա եւ կուլ կտա մեզ։ Հասկանո՞ւմ եք։
 
Գրենջըրը շրջվեց Մոնթագի կողմը։
 
— Պապս մահացել է շատ տարիներ առաջ։ Բայց եթե բացեք գանգս եւ նայեք ուղեղիս ծալքերին, այնտեղ կգտնեք նրա մատների հետքերը։ Նա հպվել է ինձ։ Ինչպես արդեն ասացի, նա քանդակագործ էր։— «Ատում եմ Ստատուս Քվո անունով հռոմեացուն,— մի անգամ նա ինձ ասաց,— աչքերդ լայն բաց արա, ապրիր այնպես անհագորեն, ասես տասը վայրկյանից պետք է մահանաս։ Ձգտիր ընկալել աշխարհը։ Այն հրաշալի է ուզածդ երազանքից, որը ստեղծվում է գործարանում եւ հատուցվում դրամով։ Երբեք երաշխիք մի՛ խնդրիր, անդորր մի՛ փնտրիր, այն գոյություն չունի։ Իսկ եթե կա, ուրեմն նման է օրնիբուն ծառից գլխիվայր կախված եւ իր ողջ կյանքը քնած անցկացնող ծույլ կապիկի։ Գրողի ծոցը,— ասում էր նա,— ուժեղ թափահարիր ծառը, թող այդ ծույլ անասունը հետույքի վրա գետնին շրխկա»։
 
— Նայեցեք,— հանկարծ գոռաց Մոնթագը։
 
Այդ ակնթարթում սկսվեց եւ ավարտվեց պատերազմը։
 
Հետագայում Մոնթագի կողքին կանգնած մարդկանցից ոչ մեկը չէր կարող ասել, թե ինքն ինչ է տեսել եւ արդյո՞ք որեւէ բան տեսել է։ Լույսի վայրկենական բռնկում սեւ երկնքում, հազիվ նկատելի շարժում։ Այդ կարճատեւ ակնթարթում այնտեղ վերեւում՝ տասը, հինգ, երեք մղոն բարձրության վրա, սուրացին—անցան հավանաբար հրթիռային ինքնաթիռներ, ինչպես սերմնացանի վիթխարի ձեռքով նետված մի բուռ ցորեն, եւ անմիջապես էլ ահավոր արագությամբ ու միաժամանակ այնքան դանդաղ ռումբերն սկսեցին թափվել քնից արթնացող քաղաքի վրա։ Ըստ էության ռմբակոծությունն ավարտվեց՝ հենց որ ժամում հինգ հագար մղոն թռչող ինքնաթիռները մոտեցան նպատակակետին, եւ սարքերը նախազգուշացրին այդ մասին։ Նույնքան արագ, ինչպես զարկում է գերանդին՝ պատերազմն ավարտվեց։ Ճիշտ այն պահին, երբ օդաչուները սեղմեցին ռմբանետիչների կոճակները։ Իսկ հաջորդ երեք վայրկյանին, քանի դեռ ռումբերը չէին հասել նպատակին, թշնամու ինքնաթիռները անցան ողջ տեսանելի տարածքը եւ անհետացան հորիզոնի ետեւում, ինչպես շաչող գնդակ։ Հրազենին անծանոթ վայրենին չի հավատա դրան, որովհետեւ չի տեսնում, բայց սիրտը խոցված, մարմինը թուլացած կընկնի հողին, արյունը կհորդի երակներից, ուղեղը համառությամբ կձգտի պահել հարազատ հիշողությունների վերջին պատառիկները եւ չհասկանալով ինչ է կատարվել՝ կմեռնի։
 
Այո՛, դժվար էր հավատալ։ Դա ձեռքի մեն—միակ ակնթարթային շարժում էր։ Բայց Մոնթագը տեսավ մետաղե բռունցքի այդ թեթեւ շարժումը, որն իջավ հեռվում երեւացող քաղաքի վրա։ Նա գիտեր, որ այժմ կհաջորդի ինքնաթիռների հռնդյունը, որը, երբ արդեն ամեն ինչ ավարտվել է, կգուժի՝ ավերիր, քարը քարին մի թող, կործանվիր, մեռիր։
 
Մի ակնթարթ Մոնթագը ռումբերը մտովի պահեց օդում, պահեց իր բանականության բողոքով, ձեռքերն անօգնական վեր պարզած։
 
«Փախե՛ք»,— ճչաց նա Ֆաբերին։
 
«Փախե՛ք»,— գոռաց նա Քլարիսին։
 
«Փախի՛ր, փախի՛ր»,— աղերսեց Միլդրեդին։
 
Եվ անմիջապես հիշեց, որ Քլարիսը մեռած է։ Իսկ Ֆաբերը հեռացել է քաղաքից, ինչ֊որ տեղ հովտում, սարերի միջով, մի ամայի վայրից մյուսն է սլանում ժամը հինգի ավտոբուսը։ Չնայած ավերածությունը դեռ չի սկսվել, բայց կախված է օդում եւ անխուսափելի է։ Մինչեւ ավտոբուսը հիսուն յարդ ճանապարհ կտրի՝ վերջնակետն այլեւս չի լինի։ Եվ մեկնակետը՝ հսկա մայրաքաղաքը, կդառնա վիթխարի աղբակույտ։
 
Իսկ Միլդրեդը…
 
Փախի՛ր, փախի՛ր։
 
Ակնթարթի ընթացքում, քանի դեռ ռումբերը օդում էին, հյուրանոցի տանիքից մի յարդ, ոտնաչափ, մատնաչափ տարածության վրա, սենյակներից մեկում տեսավ Միլդրեդին։ Կինը փոքր—ինչ առաջ հակված՝ ուշադիր զննում էր առկայծող պատերը, որտեղից դադար չտալով խոսում էին «ազգականները»։ Նրանք բլբլացնում էին, շատախոսում, նրա անունն էին տալիս, ժպտում էին, բայց ոչինչ չէին ասում ռումբի մասին, որ կախված էր նրա գլխավերեւում, ընդամենը մի ոտնաչափ հեռու… կես ոտնաչափ հեռու… ահա արդեն քառորդ ոտնաչափ է բաժանում մահաբեր արկը հյուրանոցի տանիքից։ Միլդրեդը հայացքը սեւեռել էր պատերին, ասես այնտեղ էր իր անքուն տագնապալի գիշերների առեղծվածի լուծումը։
 
Նա ողջ էությամբ ձգտում էր նրանց մոտ, ասես ուզում էր նետվել գույների ու շարժումների այդ ջրապտույտը, սուզվել, մխրճվել նրա խաբուսիկ զվարճության մեջ։
 
Պայթեց առաջին ռումբը։
 
«Միլդրեդ»։
 
Գուցե թե,— բայց արդյո՞ք որեւէ մեկը կիմանա այդ մասին,— գուցե թե վիթխարի ռադիո—հեռուստատեսային կայաններն իրենց գույների, լույսերի ու շաղակրատանքի հեղեղով առաջինն անհետացան երկրի երեսից։
 
Բերանքսիվայր ընկնելով, Մոնթագը տեսավ, զգաց կամ նրան թվաց, թե տեսնում կամ զգում է՝ ինչպես Միլդրեդի սենյակում հանկարծ մարեցին պատերը, ինչպես նրանք կախարդական ոսպնյակից վերածվեցին հասարակ հայելիների։ Նա լսեց Միլդրեդի ճիչը, բայց վայրկյանի միլիոներորդ մասում, որ մնացել էր ապրելու, կինը պատերին տեսավ իր դեմքը։ Դեմք, որ սարսռեցնող էր իր դատարկությամբ եւ որը մենակ մնալով դատարկ սենյակում՝ աչքերով լափում—ուտում էր ինքն իրեն։ Միլդրեդը վերջապես հասկացավ, որ դա իր սեփական դեմքն է, որ դա ինքն է եւ արագ հայացք նետեց առաստաղին։ Նույն ակնթարթում հյուրանոցի ամբողջ շենքը փլվեց նրա վրա ու հարյուրավոր տոննա աղյուսի, մետաղի, ծեփի, փայտի հետ նրան ճզմեց ուրիշ մարդկանց գլխներին եւ հետո ավելի ու ավելի ցած՝ հարկերով մինչեւ նկուղ, որտեղ անիմաստ ու անհեթեթ հզոր պայթյունը կնքեց նրանց մահկանացուն։
 
— Հիշեցի,— Մոնթագը կառչեց հողին։— Հիշեցի։ Չիկագոյում էր, շատ տարիներ առաջ։ Միլլին եւ ես։ Ահա թե որտեղ ենք հանդիպել։ Ես այժմ հիշում եմ։ Չիկագոյում։ Շատ տարիներ առաջ։
 
Ուժեղ պայթյունը ցնցեց օդը։ Նրա ալիքը դոմինոյի քարերի պես վայր գցեց մարդկանց, թաթառի նման անցավ գետով, փոշու սեւ սյուն նետեց ու հեծեծելով՝ ծառերի միջով սուրաց դեպի հարավ։ Մոնթագն ամուր սեղմվեց հողին, ասես ուզում էր աչքերը պինդ փակած՝ մտնել նրա մեջ։ Միայն մի պահ աչքերը կիսաբաց արեց ու իսկույն էլ տեսավ, որ քաղաքը օդ էր բարձրացել։ Թվում էր՝ ռումբերն ու քաղաքը փոխել էին իրենց տեղերը։ Եվս մի անհավանական ակնթարթ՝ անճանաչելի նոր, խելացնոր բարձր շենքերով, որպիսիք չէր երազել ոչ մի ճարտարապետ, խառնիճաղանջ, փշրված ցեմենտի եւ բզկտված մետաղի բեկորներով, դուռ ու պատուհան, տանիք ու հիմնապատ տեղաշարժված, ներքեւ գլորվելու փոխարեն վեր նետված փայլփլուն ձնահյուսի երանգներով, ինչպես ֆանտաստիկ որմնանկար՝ քաղաքը քարացել էր օդում։ Հետո թափվեց ու անհետացավ։
 
Մի քանի վայրկյան հետո հեռավոր պայթյունի դղրդոցը Մոնթագին հասցրեց քաղաքի կործանման լուրը։
 
Մոնթագը պառկած էր գետնին, մանր ավազափոշին լցվել էր աչքերը, սեղմած շրթունքների միջով՝ նաեւ բերանը։ Նա շնչասպառ էր լինում, արտասվում… Հանկարծ հիշեց… այո, հիշեց ինչ֊որ բան։ Բայց ի՞նչ։ Այո, մի գլուխ «Ժողովողից» եւ «Հայտնությունից»։ Արագ,արագ, քանի դեռ չի մոռացել, քանի դեռ չի անցել ցնցումը, քանի դեռ չի հանդարտվել քամին։ «Ժողովողը»․ ահավասիկ։ Ծեփված դեռեւս պայթյունից դողացող գետնին, նա մտովի բառերը կրկնում էր, կրկնում էր նորից ու նորից, դրանք հիանալի էին եւ կատարյալ։ Եվ այժմ «Դենըմ» ատամի մածուկը չէր խանգարում։ Ինքը՝ Քարոզիչը, կանգնած էր նրա աոջեւ ու նայում էր նրան։
 
— Վերջացավ,— ասաց ինչ֊որ մեկը։
 
Մարդիկ պառկել եւ ափ նետված ձկների նման ջղածգորեն կուլ էին տալիս օդը։ Նրանք կառչել էին հողից, ինչպես երեխան է բնազդաբար կառչում ծանոթ իրերից։ Հոգ չէ, թե որքան սառը եւ մեռած էր այն, հոգ չէ, թե ինչ էր պատահել կամ ինչ էր լինելու հետո։ Մատները մխրճած հողի մեջ, լայն բացված բերաններով՝ մարդիկ գոռում էին, որպեսզի պայթյունների դղրդյունից պաշտպանեն թմբկաթաղանթները, որպեսզի չթողնեն մթագնվի բանականությունը։ Մոնթագը նույնպես գոռում էր նրանց հետ, ողջ ուժով դիմադրում դեմքին խփող քամուն, որ ծվատում էր նրանց շրթունքները եւ արյուն հանում քթերից։
 
Մոնթագը պառկած տեսնում էր, թե ինչպես կամաց—կամաց նստում էր փոշու թանձր ամպը, միաժամանակ մեծ լռություն էր իջնում երկրին։ Եվ նրան թվում էր, թե ինքը տեսնում է փոշու ամեն մի հատիկը, խոտի ամեն մի ցողունը, լսում է ամեն մի շրշյունը, ճիչ ու շշունջ, որը ծնվում էին այդ նոր աշխարհում։ Փոշու հետ լռություն էր իջնում հողին, նաեւ հանդարտություն՝ այնքան հարկավոր նրանց, որպեսզի իրենց շուրջը նայեին, ուշադիր լսեին, խորհեին, մտքով ու զգացմունքով ըմբռնեին նոր օրվա իրականությունը։ Մոնթագը նայեց գետին։ Գուցե մենք շարժվենք ափի՞ երկայնքով։ Նայեց հին երկաթգծին։ Կամ այս ճանապարհով։ Իսկ եթե գնանք մայրուղիներով, թերեւս ժամանակ ունենանք զննելու մեր շրջապատն ու մտապահելու, հիշելու։ Եվ երբեւէ, ավելի ուշ, երբ մեր տեսածը կմնա մեր մեջ, այն նորից կերեւա մեր խոսքերում եւ գործերում։ Շատ բան խեղաթյուրված կլինի, բայց զգալի մասը կլինի այնպիսին, ինչպես իրականում։ Իսկ հիմա մենք սկսում ենք մեր ճանապարհը։ Կքայլենք եւ կդիտենք աշխարհը։ Կտեսնենք՝ ինչպես է ապրում, խոսում, գործում, ինչ տեսք ունի։ Եվ թեպետ ինչ որ տեսնում եմ, չի լինի իմը, բայց երբեւէ կձուլվի ինձ եւ կդառնա իմ եսը։ Նայիր շուրջդ, նայիր աշխարհին, որ փռված է քո առջեւ։ Միայն այն ժամանակ կարող ես դիպչել նրան, երբ նա կթափանցի քո ներսը, կմտնի արյանդ մեջ եւ օրվա ընթացքում հազար անգամ շրջանառություն կկատարի քո երակներում։ Ես այնքան ամուր կբռնեմ նրան, որ այլեւս չի փախչի ինձանից։ Երբեւէ ամբողջովին կլինի իմ ձեռքերում։ Առայժմ մի կերպ հպվել եմ նրան մատով։ Եվ դա լոկ սկիզբն է։
 
Քամին հանդարտվեց։
 
Որոշ ժամանակ Մոնթագը եւ մյուսները պառկել էին անզգայացած՝ դեռեւս ուժ չունենալով ընդառաջ գնալ օրվան՝ լի հազար ու մի հոգսերով ու պարտականություններով, խարույկ վառել, սնունդ հայթայթել, շարժվել, քայլել, ապրել։ Նրանք թարթում էին աչքերը եւ արտեւանունքներից թափ տալիս փոշին։ Լսվում էր նրանց շնչառությունը, որ սկզբում անկանոն էր, բայց հետզհետե դառնում էր համաչափ ու հանգիստ։
 
Մոնթագը տեղից վեր կացավ ու նստեց։
 
Սակայն ոտքի կանգնելու փորձ չարեց։ Նրա ուղեկիցները նույնպես տեղաշարժվեցին։ Մութ հորիզոնի վրա կարմրին էր աալիս այգաբացի աղոտ շերտը։ Սառը քամի էր փչում, որ նշան էր մոտալուտ անձրեւի։
 
Քթի տակ անեծք մռթմռթալով, Գրենջըրը վեր կացավ, շոշափեց իր ձեռքերն ու ոտքերը, արցունքները հոսում էին այտերով։ Դժվարությամբ քարշ տալով ոտքերը, հասավ գետափ եւ նայեց հոսանքն ի վեր։
 
— Քաղաքը չի երեւում,— ասաց նա երկար լռությունից հետո։— Ոչինչ չի երեւում։ Ընդամենը մի բուռ մոխիր։ Քաղաքը չքացել է։— Նա նորից լռեց եւ ապա ավելացրեց,— հետաքրքիր է, շատե՞րն էին հասկանում, որ այսպես է լինելու։ Արդյո՞ք, շատերն անակնկալի եկան։
 
Մոնթագը մտածում էր․ որքա՞ն քաղաքներ են կործանվել աշխարհի տարբեր մասերում։ Իսկ այստեղ, մեր երկրում քանի՞սն են կործանվել։ Հարյո՞ւրը, հազա՞րը։
 
Ինչ—որ մեկը գրպանից թղթի կտոր հանեց, վառեց լուցկին, կրակի վրա դրեցին մի փունջ խոտ եւ մի բուռ չոր տերեւ։ Ապա սկսեցին ճյուղեր ավելացնել։ Խոնավ ճյուղերը թշշում էին ու ճրթճրթում։ Վերջապես կրակը բռնկվեց, ապա կամաց—կամաց թեժացավ։ Արեւը ծագեց։ Մարդիկ լուռ ու դանդաղ հեռացան գետից, մոտեցան խարույկին եւ խոնարհվեցին կրակին։ Արեւի ճառագայթները դիպան նրանց ծոծրակներին։
 
Գրենջըրը բացեց յուղաթերթը եւ մի կտոր խոզապուխտ հանեց․
 
— Այժմ կնախաճաշենք, ապա ետ կդառնանք եւ կշարժվենք գետի հոսանքն ի վեր։ Մենք այնտեղ հարկավոր կլինենք։
 
Ինչ֊որ մեկը փոքրիկ թավա տվեց, դրեցին կրակին։ Մի րոպե հետո թավայի մեջ տժտժում էին մսի կտորները՝ առավոտյան օդի մեջ ախորժալի բուրմունք տարածելով։ Մարդիկ լուռ նստած հետեւում էին այդ արարողությանը։
 
Գրենջըրը նայում էր կրակին։
 
— Փյունիկ, — հանկարծ ասաց նա։
 
— Ի՞նչ։
 
— Հնում, ինչ֊որ ժամանակ ապրում էր փյունիկ կոչվող հիմար թռչունը։ Ամեն հինգ հարյուր տարին մեկ նա իրեն այրում էր խարույկի վրա։ Գուցե նա մարդու ամենամոտ ցեղակի՞ցն էր։ Սակայն ամեն անգամ այրվելով, նորից հառնում էր մոխրից: Մենք՝ մարդիկս, նման ենք այդ թռչունին, բայց մի առավելություն ունենք նրա նկատմամբ։ Մենք գիտենք, թե ինչ հիմարության ենք արել, մենք գիտենք հազարավոր տարիների ընթացքում կատարած մեր բոլոր հիմարությունները։ Ու քանի որ գիտենք այդ ամենը, քանի որ գրառված են այդ բոլորը, ուստի կարող ենք ետ նայել, տեսնել մեր անցած ճանապարհը եւ հուսալ, որ երբեւէ վերջ կտանք թաղման հիմար խարույկներին ու ինքնակիզվելուն։ Ամեն մի սերնդի հետ ծնվում են անհատներ, ովքեր հիշում եւ հիշեցնում են մարդկության սխալների մասին։
 
Նա վերցրեց թավան, թողեց, որ մի քիչ պաղի, հետո նրանք լուռ, ամեն մեկն իր մտքերով տարված, սկսեցին ուտել։
 
— Այժմ կգնանք հոսանք ի վեր,— ասաց Գրենջըրը։— Հիշեցեք մի բան․ մենք մեզնից ոչինչ չենք ներկայացնում, ոչ թե մենք ենք կարեւոր, այլ այն ամենը, ինչ կրում ենք մեր մեջ։ Երբեւէ դրանք անպայման պետք կգան մարդկանց։ Հիշեցեք, նույնիսկ այն հեռավոր ժամանակներում, երբ, ազատորեն կարդում էինք գրքերը, չէինք օգտվում նրանց տվածից։ Մենք շարունակում էինք անարգել մեռածների հիշատակը, թքում էինք այն անձանց գերեզմանների վրա, ովքեր ապրել էին մեզնից առաջ։ Գալիք շաբաթվա, ամսվա, տարվա ընթացքում ամենուր հանդիպելու ենք բազմաթիվ միայնակ մարդկանց։ Եվ երբ նրանք հարցնեն՝ ինչո՞վ ենք զբաղված, կպատասխանենք՝ մենք հիշում ենք։ Այո, մենք մարդկության հիշողությունն ենք եւ այդ պատճառով էլ ի վերջո անպայման կհաղթենք։ Երեւի այնքան բան կհիշենք, որ կկառուցենք պատմության մեջ ամենամեծ հողաթափ մեքենան, կփորենք երբեւէ եղած ամենախոր գերեզմանը եւ այնտեղ մեկընդմիշտ կթաղենք պատերազմը։ Իսկ այժմ գնանք։ Ամենից առաջ հայելու գործարան պետք է կառուցենք եւ առաջիկայում հայելիներ արտադրենք, միմիայն հայելիներ, որ նրանց մեջ մարդկությունը կարողանա մի լավ զննել իրեն։
 
Վերջացնելով նախաճաշը՝ նրանք հանգցրին կրակը։ Օրը հետզհետե պայծառանում էր։ Ասես ինչ֊որ մեկը բարձրացնում էր վիթխարի, վարդագույն լուսամփոփի խոշոր պատրույգը։ Չվելու պատրաստվող թռչունները նորից վերադարձել եւ ծլվլում էին ծառերի ճյուղերին։
 
Մոնթագը ճանապարհ ընկավ։ Նա գնում էր դեպի հյուսիս։ Ետ շրջվելով տեսավ, որ բոլորը հետեւում են իրեն։ Զարմացած մի կողմ քաշվեց, որ Գրենջըրը առաջ անցնի։ Բայց սա նայեց նրան եւ լուռ գլխով արեց։ Մոնթագը շարունակեց ուղին։ Նա նայեց գետին, երկնքին, ամայի երկաթգծին, որ իջնում էր դեպի ագարակներն ու խոտով լի մարագները, ուր գիշերը հանգրվանում էին քաղաքը լքած մարդիկ։ Հետո երբեւէ, մեկ ամիս կամ տարի անց, բայց մեկ տարուց ոչ ուշ, արդեն մենակ նա նորից կանցնի այս վայրերով եւ կգնա այնքան ժամանակ, մինչեւ կհասնի նրանց, ովքեր անցել են իրենից առաջ։
 
Իսկ այժմ նրանք երկար ճանապարհ են կտրելու։ Նրանք քայլելու են առավոտից մինչեւ կեսօր եւ եթե առայժմ լուռ էին, ապա լոկ այն պատճառով, որ յուրաքանչյուրն իր մտքերի հետ էր։ Երբ արեւը կծագի ու կջերմացնի, նրանք կսկսեն զրուցել կամ գուցե թե ամեն մեկը պարզապես կպատմի իր հիշածը, որպեսզի համոզվի, որպեսզի իսկապես վստահ լինի, որ այդ ամենը մնացել է իր հիշողության մեջ։ Մոնթագը զգում էր, որ իր մեջ եւս արթնանում եւ հետզհետե կենդանանում են բառերը։ Ի՞նչ է ասելու ինքը, երբ իր հերթը գա։ Ի՞նչ կարող է ասել այդպիսի մի օր, որպեսզի ինչ֊որ չափով թեթեւացնի, կարճի նրանց ծանր ու երկար ճանապարհը։ Ամեն բան իր ժամանակն ունի՝ ավերելու ժամանակը եւ կառուցելու ժամանակը։ Լռելու ժամանակը եւ խոսելու ժամանակը<ref>«Գիրք ժողովողի», 3֊րդ գլուխ, 1 — 8։</ref>։ Այո, այդպես է, բայց ուրիշ էլ ի՞նչ։ Կա ինչ֊որ բան, ինչ֊որ բան, որ պետք է ասել…
 
«Գետի եզերքին, մեկ եւ մյուս կողմում, կար կենաց ծառ, որ տալիս էր տասներկու
տեսակ պտուղ, ամեն ամիս՝ իր պտուղը, եւ ծառի տերեւը հեթանոսների բուժման համար
էր»<ref>Հովհաննես Առաքյալի Հայտնությունը, ԻԲ, 2։</ref>։
 
Այո, մտածեց Մոնթագը, ահա ինչ կասեմ նրանց կեսօրին։ Կեսօրին… երբ կմոտենանք քաղաքին։
 
<references />
3
edits