Հետաքննության ընթացնք, ընդհանուր առմամբ, ոչ միայն հասարակությունից է թաքցվում, այլ նաև մեղադրյալից։ Իհարկե, եթե պայմանները թույլ են տալիս, իսկ դա միայն լայն մասշտաբներով է հնարավոր։ Ի դեպ, մեղադրյալին չի թույլատրվում դատական արձանագրությունների բովանդակությանը ծանոթանալ, իսկ հարցաքննությունների ընթացքից ելնելով՝ նրանց հիմքում ընկած գործի մասին եզրակացնելը դժվար է հատկապես մեղադրյալի համար, որովհետև նա վեհերոտ է, և հնարավոր բոլոր հոգսերը նրան չեն թողնում կենտրոնանալ։ Պաշտպանությունը հենց այստեղ է ձեռնամուխ լինում։ Սովորաբար դատապաշտպանին չի թույլատրվում հարցաքննության ժամանակ ներկա գտնվել։ Նրանք պետք է հարցաքննությունից հետո, թեկուզ հենց հետաքննության սենյակի դռան մոտ, մեղադրյալին հարցուփորձ անեն, և այդ՝ հաճախ արդեն խամրած տեղեկություններից պաշտպանության համար անհրաժեշտ մանրամասները կորզեն։ Սակայն ամենակարևորը սա չէ, ու թեև գործունյա մարդը միշտ էլ կկարողանա մյուսներից ավելի շատ բան իմանալ, միևնույն է, այս ձևով հնարավոր չէ շատ բան անել։ Առաջին պլան են մղվում դատապաշտպանի անձնական կապերը․ ծանոթության մեջ է պաշտպանության գլխավոր արժեքը։ Կ֊ն հավանաբար արդեն անձնական փորձից գիտե, որ դատարանի ամենաստորին աստիճանակարգն այնքան էլ կատարյալ չէ․ պարտազանց ու հեշտ կաշառվող պաշտոնյաներ ունի, և նրանց պատճառով է խիստ պարփակված, միաձույլ դատարան ունենալու ձգտումը թերի մնում։ Հենց այստեղ են խցկվում փաստաբանների մեծ մասը․ կաշառքներ են տալիս, տեղեկություններ հավաքում, նախկինում նույնիսկ փաստաթղթերի հափշտակման դեպքեր են եղել։ Չի կարելի ժխտել, թե այսպես հնարավոր է մեղադրյալի համար տվյալ պահին անսպասելի, շատ նպաստավոր արդյունքների հասնել։ Դրանից հետո խաժամուժ դատապաշտպանները փքված են շրջում և նոր այցելուներ են գրավում իրենց կողմը, սակայն, ամբողջությամբ վերցրած, գործի ընթացքի համար այդ հաջողությունները կամ ոչ մի, կամ էլ ոչ մի լավ արդյունքների չեն հասցնում։ Միայն անձնական, և այն էլ բարձրաստիճան պաշտոնյաների, այսինքն՝ ենթակա դասի բարձր պաշտոնայաների հետ ունեցած ամուր կապերն են, որ իսկական արժեք ունեն։ Սկզբում թեկուզև աննշան, բայց հենց այդպես կարելի է հետագայում դատավարության ընթացքի վրա ավելի պարզորոշ ազդել։ Սակավաթիվ դատապաշտպաններ միայն կարող են այսպես վարվել, և այդ հարցում Կ֊ի ընտրությունը շատ նպաստավոր է։ Դոկտոր Հուլդից բացի, թերևս մի թե երկու փաստաբան կարող են նման ծանոթություններով աչքի ընկնել։ Իրենք, ինչ խոսք, չեն մտահոգվում փաստաբանների սենյակում հավաքվողների մասին և նրանց հետ անելիք չունեն։ Բայց շատ ավելի նեղ է դատարանի պաշտոնայների հետ ունեցած կապը։ Միշտ չէ, որ դոկտոր Հուլդին անհրաժեշտ է եղել դատարան գնալ, նախասենյակում քննիչի պատահաբար հայտնվելուն սպասել և, կախված նրա տրամադրությունից, մեծ մասամբ թվացյալ հաջողության հասնել կամ ձեռնունայն մնալ։ Ոչ։ Կ֊ն թերևս ինքն է տեսել, որ պաշտոնյաները (նրանց մեջ նաև բավական ազդեցիկները) իրենք են գալիս, պատրաստակամորեն պարզ կամ գոնե կռահելու հնարավորություն ընձեռնող տեղեկություններ են տալիս, դատավարությունների հեռագա ընթացն են քննարկում և, ինչո՞ւ ոչ, առանձին դեպքերում թույլ են տալիս համոզել իրենց ու հաճույքով են ընդունում դիմացինի տեսակետը։ Վերջին հարցում նրանց, համենայնդեպս, շատ վստահել չարժե, որովհետև ինչքան էլ պաշտպանության համար նպաստավոր, նոր ծրագիր կազմելիս լինեն, այնուամենայնիվ, գրասենյակ վերադառնալուց հետո հաջորդ օրվա համար այնպիսի մի որոշում են ընդունում, որ լրիվ հակասում է իրենց խոսքերին, և որքան էլ նախօրեին հայտարարած լինեին, թե լրիվ հրաժարվել են առաջվա մտադրությունից, միևնույն է, վճիռը մեղադրյալի համար ավելի խիստ է հնչում։
Այդպտեղ արդեն, իհարկե, ոչինչ հնարավոր չէ, որոհվետև այն, ինչ նրանք առանձին զրուցելու ժամանակ են ասել, առանձին ասված խոսք է մնում, և որքան էլ որ պաշտպանությունը հակված չլինի պարոնների բարեհաճությունը վայելելու, միևնույն է, վճիռը ոչ մի հասարակական քննարկման ենթակա չէ։ Մյուս կողմից, շատ ճիշտ է համենայնդեպս, որ մարդասիրական կամ բարեկամական զգացմունքների պատճառով չէ, որ պարոնները պաշտպանության (իհարկե, միայն բանիմաց դատապաշտպանների) հետ կապ են պաշտպանում․ ինչ֊որ տեղ նրանք այլ ելք չունեն։ Հենց այստեղ է զգացվում գաղտնի դատավարությունն իր գործունեության հիմքում հաստատած դատարանի թերությունը։ Բնակչության հետ ունեցած կապն է պակասում պաշտոնյաներին։ Սովորական կամ միջին դժվարության գործերի համար նրանք լավ են պատրաստված, նման դատավարությունները համարյա միշտ հանգիստ, իրենց հունով են ընթանում, միայն ժամանակ առ ժամանակ են որևէ խթանի կարիք զգում, իսկ ինչ վերաբերում է հասարակ ու առանձնապես դժվար դեպքերին՝ պարոնները մեծ մասամբ անօգնական են, որոհվետև օր ու գիշեր օրենքների մեջ խցկված՝ ոչ մի ճիշտ պատկերացում չունեն մարդկային հարաբերությունների մասին և հենց այդտեղ են զգում դրա պակասությունը։ Հետո նրանք պորհրդակցելու համար փաստաբանի մոտ են գալիս, իսկ ծառաներից մեկը բերում է շարունակ գաղտնի պահված արձանագրությունները։ Այս պատուհանի մոտ այնպիսի պաշտոնյաներ են կանգնել, որ հնարավոր չէ պատկերացնել։ Ու մինչ նրանք անմխիթար տեսքով դուրս են նայել, ինքը՝ մի լավ խորհուրդ տալու համար, նարքն արձանագրություններն է ուսումնասիրել։ Ի դեպ, միայն նման դեպքերում կարելի է տեսնել, թե պարոններն ինչպիսի լրջությամբ են վերաբերվում իրենց գործին և ինչպես են հուսահատության գիրկն ընկնում այն արգելքների պատճառով, որ սեփական բնավորությունը թույլ չի տալիս հաղթահարել։ Ընդհանրապես նրանց վիճակը հեշտ չէ, և կարիք չկա անարդարացի լինել՝ հակառակ կարծիք կազմելով։ Աստիճանակարգումը և աստիճանների բարձրացումը դատարանում վերջ չունեն, նույնիսկ դատարանի հետ առնչվողները դրա վերջը չեն տեսնում։ Դատական ատյաններում հետաքննությունն ընդհանրապես ենթակա պաշտոնյաներից էլ է գաղտնի պահվում։ Նրանք չեն կարողանում հետագա ընթացքի մեջ հետամուտ լինել իրենց իսկ վարած գործերին։ Այսպիսով, դատական գործը նրանց տեսադաշտում հայտնվում է որոշակի վիճակում, և նարքն հաճախ չեն իմանում, թե որտեղի՞ց է սկսվում այն և ինչպե՞ս է զարգանում։ Հեևաբար, դատավարության առանձին շրջանների, վերջնական որոշումների և պատճառների ուսումնասիրությունից որոշ բաներ սովորելու հնարավորությունը այս պաշտոնայներին տրված չէ։ Նրանք կարող են միայն դատավարության՝ օրենքով նախատեսված հատվածով զբաղվել և իերնց սեփական աշխատանքի արդյուքների մասին մեծ մասամբ ավելի քիչ են տեղյակ լինում, քան որպես կանոն մինչև վերջ մեղադրվող կողմի հետ կապի մեջ մնացող պաշտպանության ներկայացուցիչները։ Այստեղ էլ որոշ արժեքավոր բաներ նրանք կարող են իմանալ միայն պաշտպանությունից։ Այս ամենին տեղյակ լինելով հանդերձ, Կ֊ն դեռ զարմանում է պաշտոնյաների՝ երբեմն մեղադրվող կողմի հետ վիրավորական տոնով խոսելիս դրսևորվող (դա բոլորն են զգում) գրգռվածության վրա։ Բոլոր պաշտոնյաներն էլ, եթե անգամ արտաքին հանգստությունը պահպանում են, նյարդային են։ Փոքր փաստաբանները դրանից, իհարկե, ավելի շատ են տուժում։ Օրինակ, նման մի բան են պատմում, որ շատ ճշմարտանման է։ Մի ծեր պաշտոնյա՝ բարի ու լռակյաց մի պարոն, օր ու գիշեր անընդհատ ուսումնասիրում է փաստաբանի ներկայացրած խնդրագրերի պատճառով էլ ավելի խճճված մի ծանր գործ։ Դատարանի պաշտոնյաներն իրականում ջանասեր են, ինչպես ուրիշ ոչ ոք։ Առավոտյան կաղմ արդեն՝ հավանաբար ոչ շատ արդյունավետ, քսանչորսժամյա աշխատանքից հետո, նա դարան է մտնում մուտքի դռան մոտ և ներս մտնել ցանկացող բոլոր փաստաբաններին աստիճաններից ներքև է շպրտում։ Փաստաբանները հավաքվում են ներքևի սանդղահարթակին և մտածում, թե ինչ անեն․ մի կողմից նրանք չեն կարող առարկել, որ իրենց ներս չեն թողնում (օրենքով դժվար կարողանային այդ ծերունու դեմ որևէ բան ձեռնարկել և, ինչպես ասվեց, պետք է զգուշանային մնացած պաշտոնայաներին էլ իրենց դեմ լարելուց), մյուս կողմից, սակայն, դատարանում չանցկացրած ամեն մի օրը նրանց համար կորած էր, այնպես էր նորս մտնելն անհրաժեշտ էր։ Ի վերջո, նրանք միաբան որոշում են ծերունուն չարչարել։ Փաստաբանները հերթով, մեկ֊մեկ վերև են վազում և, ոչ այնքան եռանդուն դիմադրությունից հետո, թույլ են տալիս, որ ծերունին իրենց ներքև նետի, ուր գործընկներները բռնում են ընկնողին։ Խաղը մոտ մի ժամ է տևում, հետո առանց այն էլ գիշերվա անքուն աշխատանքից հոգնած պաշտոնյան ուժասպառվում է և գնում իր գրասենյակը։ Ներքևում կանգնածները նախ չեն հավատում, մեկին ուղարկում են, որ ստուգի՝ արդյոք այնտեղ մարդ չկա՞, և հետո նոր ներս են մտնում՝ չհամարձակվելով նույնիսկ ձայն հանել։