Դեռեւս Լեոն Ղարաբաղի հայոց թեմական դպրոցի 75֊ամյակին նվիրված իր աշխատության մեջ գրում է․ «Անհավանական է, որ քաղաքը Շուշի անունը՝ «Շոշվա֊ղալա» ստացել է Շուշու հայաբնակ փոքր գյուղի անունից, այլ, ընդհակառակը, հավանականորեն գյուղը բերդից ստացած պիտի լինի իր անունը, իսկ բերդը, հավանականորեն, գոյություն է ունեցել հին ժամանակներում»<ref>ԼԵՈ․ Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի, 1838—1913 թթ․։ Հրատարակություն նույն դպրոցի հոգաբարձության, Թիֆլիս, 1912, էջ 60։</ref>։
Կ․ Ա․ Էզովի հրատարակած փաստաթղթերի ժողովածուում, որ քաղված են արտաքին գործերի մինիստրության Մոսկվայի, Պետերբուրգի եւ մի շարք այլ արխիվներից, գտնվում է մի փասթաթուղթ (կազմած 1725 թ․ դեկտեմբերի 17֊ին, № 281), որտեղ խոսվում է այն մասին, որ քյոխվա Չելեբին նախորդ տարին ուղարկված է եղել հանձնելու ռուսաց կառավարության պատասխանը հայ մելիքներին եւ յուզբաշիններին։ Չելեբին հաղորդում է, որ կատարել է այդ հանձնարարությունը, հանդիպելով Ավան յուզբաշու հետ Շոշ գյուղի մոտ, որը «շրջապատված է քարե լեռներով»<ref>Эзов. К. А., Сношения Петра Великого с армянским народом, 1898, Санкт-Петербург, с. 429.</ref>։ Իր մի այլ աշխատույան մեջ Լեոն նորից պնդում է իր՝ 1914 թ․ Ղարաբաղի թեմական դպրոցի պատմության մեջ ասածները․ «Անհավանական է թվում,— ասում է նա, որ (Շուշի) բերդի տեղն ամայի եւ անբնակ էր մինչեւ Փանահ խանի երեւան գալը։ Ինչպես գիտենք, այս կողմերում էր գտնվում հայոց Փոքր Սղնախը եւ հայ զինվորությունն, անշուշտ, չէր կարող անուշադիր թողնել այդ ամուր բարձրությունները»<ref>ԼԵՈ, Պատմություն հայոց, հատոր 3֊րդ, Երեւան, ՀՍՍՀ գիտ․ ակադ․ հրատ․, 1946, էջ 758։</ref>։
Հենվելով Էզովից մեր բերած փաստաթղթերի վրա, Լեոն ավելացնում է․ «Այս ցուցումը կասկած չի թողնում, որ Շուշին Ավան յուզբաշու ժամանակ գտնվում էր այն ժայռապատ բարձրության վրա, որ հետո դարձավ «Շոշվա ղալա», հետեւաբար այժմյան Շուշու գյուղն իր անունը բերդից է ստացել, քան թե անուն է տվել նրան»։
Լեոյից հետո այդ հարցին է անդրադառնում ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը, որը մի շարք նոր փաստաթղթերի հիման վրա հաստատում է, որ Շուշին անշուշտ գոյություն է ունեցել Փանահ֊խանից առաջ։ 1959 թվականին լույս տեսած իր երկհատորանոց աշխատության մեջ Ա․ Հովհաննիսյանը գրում է հետեւյալը<ref><i>Ա․ Հովհաննիսյան</i>, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, Երեւան, 1959, գիրք երկրորդ, էջ 609։</ref>․ «Հին մի ժամանակագիր հաղորդում է, թե Ավան յուզբաշին եկավ «Շոշվա քարն մտավ սահբ խուրուշ իլավ ՌՃԿԶ թ․ (1717 թ․)»։ Խոսքն այն մասին է, որ այդ տարում, ամրանալով Շոշվա ղալայում, որ սկզբնապես «Քարի գլուխ» էր կոչվում, Ավան յուզբաշին կարող էր Շիրվանից Ղարաբաղ անցած լինել այդ թվականից ավելի առաջ»<ref>Հմմտ․ <i>Խաչիկ Վարդապետ Դադյան</i>․ Ցուցակ հայերեն ձեռագրաց։</ref>։ Այստեղից հետեւում է, որ Շուշին («Քարի գլուխը») որպէս բնակավայր գոյություն ունի 1717 թվականից, եթե ոչ ավելի առաջ։
Ավան յուզբաշին ամրացնում է այդ բնակավայրը՝ հարձակումներից պաշտպանվելու համար։ Եվ հիրավի, 1726 թվականին, «Քարի գլխի» (հետագայի Շուշու) վրա հարձակում են գործում տաճիկները եւ, ներխուժելով այդ բերդը, դուրս են քշում այնտեղից Ավան յուզբաշու ջոկատները, իսկ Ավան յուզբաշին քաշվում է իր եղբոր՝ Թարխան յուզբաշու սղնախը։
Այսպիսով, Ա․ Հովհաննիսյանի վկայակոչած փաստաթղթերը հաստատում են Լեոյի այն ենթադրությունը, որ Շուշին որպես բնակավայր ու բերդ չէր կարող գոյություն չունենալ մինչեւ Փանահ֊խանի այդ քաղաքում հաստատվելը, այլ եղել է Փանահ֊խանի հանդես գալուց առնվազն մի քանի տասնյակ տարի առաջ։ Անհավանական չի լինի ենթադրել, որ Շուշին գոյություն է ունեցել նույնիսկ 1717 թվականից ավելի առաջ։
Խիստ ուշագրավ է նաեւ մի ցուցում, որ կապված է Շուշու հիմնադրման ժամանակը որոշելու հարցի հետ։
«Ադրբեջանի ճարտարապետական հուշարձաններ»<ref>«Памятники архитектуры Азербайджана», том II, Баку, 1950. <i>Али-Заде А. М. и Саркисов А. В.</i>, О некоторых архитектурных памятниках Шуши (по материалам экспедиций, проведенных Управлением по делам архитектуры при Совете Министров Аз. ССР и АН Азерб. ССР, стр. 120—129․) </ref> գրքի երկրորդ հատորում, որ կազմված է հատուկ արշավախմբի նյութերի հիման վրա, ճարտարապետներ Ալիզադեի եւ Սարգսյանի զեկուցման մեջ կա մի էջ, որտեղ ասված է, որ Շուշին պաշտպանող պարիսպներից ներս, «քաղաքի հարավ արեւելյան մասում, գտնվում են երկու կառուցվածք որոնք իրենց պլանով որոշ նմանություն ունեն․ դա Իբրահիմ խանի ամրոցն է եւ նրա աղջկա՝ Կարա Բոյուք խանումի ամրոցը։ Իբրահիմ խանի ամրոցը չորս կողմից փակված է բերդի պատերով ու աշտարակներով։ Բոյուք խանումի ամրոցի պատերում եղել են հրակնատներ։ Գլխավոր մուտքի միացման կամարի վրա տրված է ամրոցի կառուցման թվականը՝ հիջրիի 1121 թ․, այսինքն՝ մեր թվականության 1709—1710 թթ․»։ «Կարա Բոյուք խանումի եւ Իբրահիմ խանի ամրոցները կառուցված են եղել քաղաքի բերդից առաջ»։
Թե ինչպես կարող է այդ պատահել, շատ տարօրինակ է ու մեզ անհասկանալի։ Չէ որ Շուշի բերդի հիմնադիրը համարվող Ղարաբաղի Փանահ֊խանը մտել է Շուշի առաջին անգամ XVIII դարի 50֊ական թվականներին, իսկ Իբրահիմ խանը նրա որդին է, որի խանությունը սկսվել է միայն 1759 թ․ եւ շարունակվել մինչեւ 1806 թվականը։
Իբրահիմ Խալիլ խանի եւ նրա դուստր Կարա Բոյուք խանումի ամրոցների հիմնադրմանը վերաբերող տարօրինակ թվականության արձանագրության մասին գրված է նաեւ «Ադրբեջան (պատմական եւ տեսարժան վայրեր)» գրքույկում, որտեղ նույնպես ասված է, որ Իբրահիմ Խալիլ խանի եւ նրա դուստր Կարա Բոյուք խանումի ամրոցները «կառուցված են XVIII դարի սկզբներին, այսինքն 1709/10 թվականին», ինչպես երեւում է մուտքի միացման կամարի վրա մնացած արձանագրությունից<ref>«Aзербайджан» (исторические и достопримечательные места)․ Под редакцией М. А. Казнева, Баку 1960.</ref>։ Նույն բանը կրկնվում է նաեւ Սովետական մեծ հանրագիտարանի երկրորդ հրատարակության 48֊րդ հատորում (1957 թ․), որտեղ գրված է, որ Շուշի քաղաքի հարավարեւելյան մասում գտնվում են երկու որոշ չափով իրար նմանվող ամրոցներ, որոնք կառուցված են XVIII դարի սկզբներին<ref>Большая Советская Энциклопедия, 1957. том 48, статья о Шуше.</ref>։
Մեր բերած վկայություններից երկու վերջինները, ըստ երեւույթին, բխում են առաջին վկայությունից («Ադրբեջանի ճարտարապետական հուշարձանները» գրքից), հետեւապես կարիք կա ստուգել Շուշու հարավարեւելյան մասում գտնվող երկու ամրոցների կառուցմանը վերաբերվող արձանագրության տարեթիվը, եթե միայն նա պահպանվել է։
Շուշին Ղարաբաղի խանության կենտրոն դարձնելը, ինչպես եւ Շուշում խանական ամրոցներ կառուցելը չէին կարող XVIII դարի 50֊ական թվականներից առաջ կատարված լինել, քանի որ դա հակասում է պատմական բազմաթիվ աղբյուրների տվյալներին, սակայն Շուշու անցյալի պատմությունը լուսաբանելու դեռեւս շատ խնդիրներ կան, որոնցով պետք է զբաղվեն մեր պատմաբանները։ Մի բան պարզ է, որ Շուշին գոյություն է ունեցել Փանահ֊խանից առաջ՝ սկզբում որպես գյուղական բնակավայր, իսկ Ավան յուզբաշու ժամանակ որպես բերդ կամ բերդաքաղաք։ Իր գոյության այս առաջին շրջանում նա եղել է համեստ բնակավայր եւ ունեցել է աննշան քանակությամբ բնակչություն<ref>Եթե Շուշին մեծ բնակավայր լիներ եւ շատ բնակչություն ունենար, նրա գոյության մասին մենք ավելի շատ տեղեկություն կունենայինք։</ref>, ունեցել է իր զինվորությունը։ Հավանական է, որ այդ ժամանակ Շուշու բնակիչները զբաղվել են նաեւ երկրագործությամբ եւ խաշնարածությամբ։ Շուշու բերդը Փանահ֊խանի ձեռքն անցնելուց հետո (XVIII դարի հիսունական թվականներից) սկսվում է նրա պատմական զարգացման երկրորդ շրջանը։ Պարիսպներով եւ բուրգերով ամրացված Փանահ֊խանի նոր ամրոցը արագորեն բնակեցվում է Շահբուլաղից եւ այլ խանական նախկին բերդերից Շուշի տեղափոխված ռայաթներով եւ բեկերի, զինվորականների, ծառայողների, մելիքների, տանուտերերի ընտանիքներով։ Շուշին միանգամից դառնում է Ղարաբաղի խաների՝ Փանահ֊խանի (մինչեւ 1758—59 թվականը), Իբրահիմ խանի (մինչեւ 1806 թ․) եւ Մեհթի֊Կուլի խանի (մինչեւ 1823 թ․) աթոռանիստ քաղաքը։
Շուշին զարգանում է նաեւ որպես Ղարաբաղի վարչական, առեւտրական եւ արհեստավորական կենտրոն։ XVIII դ․ երկրորդ կեսին ընդլայնվում է Ղարաբաղի խանությունը, աճում նրա հզորությունը եւ վերածվում միջնադարյան ֆեոդալական մի միավորի։ Այդ շարունակվում է մինչեւ 1806թ․ (այսինքն մինչեւ Իբրահիմ խանի սպանվելը, որից հետո փաստորեն հաստատվում է ռուսական տիրապետությունը)<ref>Մեհթի֊Կուլի խանի իշխանությունը ձեւական բնույթ էր կրում 1806 թվականից հետո մինչեւ 1823 թվականը, երբ նա վերջնականապես ընկնում է։</ref>։
Շուշու պատմության երկրորդ շրջանում դանդաղորեն զարգանում էին տնայնագործությունը, արհեստները, առեւտուրը, թեեւ Ղարաբաղի խանության գլխավոր հոգսերը պատերազմական գործողություններն էին, խանության ամրապնդումը։
1806 թվականից հետո Շուշին մտնում է իր զարգացման երրորդ շրջանի մեջ, երբ Ղարաբաղում եւ Արեւելյան Անդրկովկասում հաստատվում է ռուսական իշխանությունը եւ շուտով խաղաղ զարգացման կյանք է ստեղծվում Անդրկովկասում։ Քաղաքում զարգացում են ստանում առեւտրական հարաբերությունները՝ թե երկրի ներսում եւ թե օտար պետությունների հետ, զարգանում են արհեստները, տնայնագործական արտադրությունը։ Դրան նպաստում է Շուշի քաղաքի հաղորդակցության ուղիների եւ կենտրոնների նկատմամբ հարմար տեղադրությունը, քաղաքն աստիճանաբար զգալի առեւտրական հարաբերություններ է սկսում անդրկովկասյան, ռուսական եւ արտասահմանյան շուկաների հետ։ Շուշին որպես քաղաք աստիճանաբար բարեփոխվում է, տարածվում եւ աճում, գրավելով բավականին պատկառելի դիրք Անդրկովկասի այլ քաղաքների շարքում։
Այս շրջանում Շուշին հիմնականում ոչ թե բերդ է կամ խանության նստոց, նրա հիմնական ֆունկցիան ոչ թե պատերազմներ մղելն է, թեեւ պատերազմական գործողություններ դեռեւս տեղի են ունենում, այլ Շուշին առեւտրական եւ արհեստների կենտրոն է, լայն կապերով կապված է այլ քաղաքների հետ, նա դեռեւս չի ավարտել իր միջնադարը, բայց տնտեսական զարգացման լայն ուղի է դուրս եկել։ Զգալի չափերի է հասել եւ նրա բնակչության քանակը, փոխվել է ազգային կազմը, ավելացել է քաղաքի բնակչության մեջ հայերի տոկոսը, թեեւ դեռ գերակշռում են մահմեդականները։
XIX դարի երկրորդ կեսը ներկայացնում է Շուշի քաղաքի զարգացման չորրորդ շրջանը, որը նախախորհրդային Շուշու տնտեսական եւ կուլտուրական աճի բարձրագույն աստիճանն է, երբ քաղաքի բնակչության քանակը հասնում է իր բարձրակետին։ Քաղաքի տնտեսությունը նույնպես խիստ աճում է, բայց այդ աճը արտահայտվում է հիմնականում առեւտրի եւ տնայնագործության, բայց ոչ արդյունաբերական արտադրության մեջ։
Անդրկովկասում սկսում են զարգանալ ուրիշ հզոր տնտեսական, մասնավոր արդյունաբերական կենտրոններ, ինչպես օրինակ, Բաքուն (մանավանդ 70֊ական թվականներից), Թիֆլիսը եւ ուրիշները, որով Շուշի քաղաքի տեսակարար կշիռը Անդրկովկասի քաղաքների մեջ սկսում է ընկնել։ Միաժամանակ սկսում են նշմարվել այլ առեւտրական ուղիներ, նոր հաղորդակցության միջոցներ, որոնք Շուշուց հեռու են մղում նախկին բեռնաշրջանառությունը թե դեպի հեռավոր եւ թե դեպի մոտավոր կենտրոնները։
XX դարի առաջին երկու տասնամյակներին Շուշի քաղաքը, զգալի չափով կորցնելով իր տեսակարար կշիռը Անդրկովկասում եւ Ղարաբաղում, հասնում է լիակատար անկման։ 1905—1906 թվականներին հայ֊ադրբեջանական ազգամիջյան ընդհարումներին ու 1918—1920 թվականների արյունոտ դեպքերը հասցնում են Շուշի քաղաքի հայկական մասի լիակատար ավերմանը, Շուշին դատարկվում, քայքայվում եւ անճանաչելի է դառնում։
===Շուշու հասարակական կյանքը եւ տնտեսական զարգացումը===
<references />