Changes

Շուշի քաղաքը

Ավելացվել է 12 398 բայտ, 15:42, 5 Ապրիլի 2014
Այն, որ մենք ասացինք Ղարաբաղի խանության ժամանակ Շուշում հաստատված առաջին հայ բնակչության մասին, նույնը մասամբ արդարացի է նաեւ Շուշու մահմեդական բնակչության նկատմամբ։ Անշուշտ, արհեստներն ու առեւտուրը XVIII դար երկրորդ կեսին պետք է սկսեին զարգանալ նաեւ քաղաքի մահմեդական բնակչության մեջ, թեեւ XVIII դարի վերջերին նրանք մահմեդականների մոտ չէին հասել այնպիսի չափերի, ինչպես հայերի։
 
Այսպես թե այնպես Շուշին խանության տիրապետության շրջանում ներկայացնում էր տիպիկ միջնադարյան քաղաք, որտեղ բնակչությունը բաժանվում էր համապատասխան դասերի, որտեղ իշխող էր խաների, բեկերի, աղալարների տիրապետող դասը, այնուհետեւ հետեւում էր հոգեւորականների դասը եւ վերջապես արհեստավորների եւ վաճառականների այսպես կոչված երրորդ դասը, որը աստիճանաբար կազմակերպվում էր եւ զորեղանում<ref>Այստեղ չենք խոսում գյուղացիական աշխատանքներով (հողագործությամբ, անասնապահությամբ եւ այլն) զբաղվողների սակավաթիվ բնակիչների մասին, որոնց հիշատակել ենք վերը եւ որոնք Շուշում քաղաքային պայմաններում բազմամարդ լինել չէին կարող։</ref>։
 
XIX դարի ընթացքում, արդեն ռուսական տիրապետության ներքո, առանձնապես ուժեղանում էին առեւտրականները, որոնք իրենց ձեռքն են հավաքում գերիշխանության սանձը, որքան դա հնարավոր էր ցարական ինքնակալության պայմաններում։
 
Այսպիսով, XIX դարի սկզբում Շուշին իրենից ներկայացնում էր միջնադարյան քաղաքի յուրահատուկ արեւելյան առանձնատեսակը, որտեղ պահպանվում էին հին դասերի իրավունքներն ու արտոնությունները, բայց միաժամանակ ծնվում եւ ուժեղանում էին նոր հասարակական խավեր, իսկ քաղաքն աստիճանաբար դառնում էր արհեստի եւ առեւտրի կենտրոն, որը սկսում էր կարեւոր դեր խաղալ նույնիսկ Ղարաբաղի խանության սահմաններից դուրս։
 
<i>գ) Հասարակական կյանքը եւ տնտեսությունը XIX դարի առաջին կեսում</i>
 
Երբ XIX դարի սկզբում Արեւելյան Անդրկովկասը եւ դրա հետ նաեւ Շուշի քաղաքը, անցան ռուսական կառավարության կազմի մեջ, այդ հանգամանքը նշանակալից եղավ այն տեսակետից, որ Անդրկովկասում շուտով դադարեցին անվերջ պատերազմական գործողությունները։ Ռուսական հզոր իշխանության ներքո Ղարաբաղում եւս հաստատվեց խաղաղ կյանք, որը բարենպաստ էր երկրի տնտեսական զարգացման համար<ref>Ճիշտ է, 1826—28 թվականներին նորից վերսկվեցին ռուս֊պարսկական եւ ռուս֊տաճկական պատերազմները, բայց նրանք ավելի ամրապնդեցին ռուսական զենքի հզորությունը։</ref>։
 
Շուշում ռուսական գերիշխանության հաստատումից հետո (1805 թ․) միայն մի քանի տարի էր անցել, եւ մենք տեսնում էինք, որ առեւտրական կապիտալը Շուշում այնպիսի խոշոր ուժ էր ներկայացնում, որ հայ հասարակական գործիչ եւ պատմագիր Մեսրովբ Թաղիդյանը նրա մասին հիացմունքով է խոսում։ Թաղիդյանը, 1821 թվականին Եփրեմ կաթողիկոսի հետ գտնվելով Շուշի քաղաքում, պատմում է, որ Շուշում այն ժամանակ բնակվում էին երկու վաճառաշահ տներ, որոնք խոշոր կապիտալների տեր էին եւ ահագին գործարքներ էին կատարում։ Այդ առեւտրական տներից մեկը Հախումյանների տունն էր, որը ռուսական կայսրության գանձարանում մոտ մեկ միլիոն ռուբլի փող ուներ եւ առեւտուր էր անում Իրանի, Սիբիրի եւ Եվրոպայի քաղաքների հետ, ուներ մեծ քանակությամբ գործակատարներ։ Երկրորդ վաճառաշահ տունը եղբայրք Զոհրապ եւ Մեսրովբ Թառումյանների տունն էր, որը արտոնություններ ուներ Կասպից ծովի ձկնորսության եւ նավագնացության մեջ եւ ոչ պակաս առեւտրական գործեր էր վարում, քան Հախումյանների տունը։ Եղբայրք Թառումյանները իրենց հաշվին Շուշում կառուցել են Ագուլյաց եկեղեցին, թեեւ իրենք Ղազանչեցվոց ծխին էին պատկանում<ref><i>Մ․ Թաղիդյան</i>, Ճանապարհորդություն ի Հայս, Կալկաթա, 1847։ Մեսրովբ Թաղիդյանը նկարագրում է Մարկոս Թառումյանի մահը։ Սա մահվան մահճի վրա կարգադրում է բերել զանազան մարդկանց պարտամուրհակները, դրանց թվում նաեւ էջմիածնի պարտամուրհակը, որը 4000 ռուբլու մուրհակ էր ոսկով, բերել է տալիս նաեւ երկու քսակ ոսկի, դնում է այդ իր ուռած ոտի վրա եւ ասում․ «Ով դու մոլորության չաստված, եթե ույժ ունիս, բժշկիր», եւ այնուհետեւ պարտամուրհակները վերադարձնում է պարտապաններին, իսկ ոսկին հրամայում է բաժանել աղքատներին։</ref>։
 
Թառումյանի մահվանից հետո նրան թաղում են «մեծ պատվով, ինչպես Արտաշես Արշակունի թագավորին», գրում է Թաղիդյանը, «հայոց կաթողիկոսի, եպիսկոպոսների եւ ժողովրդի ահագին բազմության ներկայությամբ»։
 
Այս ամենը վկայում է, որ վաճառական խավը արդեն իսկ 1821 թվականին Շուշում այնքան էր ուժեղացել, որ միլիոնավոր կարողությունների տեր էր համարվում, վայելում մեծ պատիվ ու հարգանք եւ իր գաղափարախոսությունը պատվաստում բնակչության որոշ խավերին։ Բնակչության վաճառական խավը, գոնե հայերի մեջ, այնքան էր աճել, որ նրա համար արդեն նեղ են դարձել ոչ միայն սեփական քաղաքի, այլ նույնիսկ Անդրկովկասի սահմանները, եւ Շուշու դրամատերերը իրենց առեւտրական գործարքներով արդեն անցել են Սիբիրի, Իրանի եւ Եվրոպայի շուկաները<ref><i>Լեո</i>, Պատմություն Ղարաբաղի հայոց հոգեւոր թեմական դպրոցի, էջ 66 եւ հետեւյալները։</ref>։ Շուշու վաճառականների առեւտրական կապիտալը ներդրումներ է կատարում նորանոր ձեռնարկությունների մեջ՝ ձկնորսական, նավագնացության գործում, եւ ալյն։
 
Հետագայում Շուշու ձեռներեց վաճառականության համար պահանջվում են գործունեության ավելի լայն ասպարեզներ, եւ նրանցից շատերը իրենց ձեռնարկները տեղափոխում են Անդրկովկասի, Ռուսաստանի եւ արտասահմանի նորանոր վայրեր, այդ նոր վայրերն են տեղափոխվում եւ իրենք ու միայն ժամանակ առ ժամանակ, մեծ մասամբ ծերության հասակում, վերադառնում են իրենց հայրենի քաղաքը «ապրելու իրենց վերջին օրերը որպես քաղաքի հայրեր ու իշխաններ»։
 
Ժամանակի ընթացքում խոշոր առեւտրականները իրենց ընտանիքներով վերջնականապես հեռանում են Շուշուց, բնակություն հաստատում այդ քաղաքից դուրս։ Նրանց տեղը բռնում են նոր եկվորները, որոնք գալիս են գյուղերից, արհեստներ սովորում ու գործ սկսում եւ գնում նույն ճանապարհով, ինչպես եւ առաջինները։ Շուշին յուրահատուկ իջեվան էր, որտեղ պատրաստվում էին այն տարրերը, որոնք այնուհետեւ ցրվում էին Ռուսաստանի եւ այլ երկրների տարբեր կողմերը։ «Առեւտրական դասակարգը Ղարաբաղի ազգաբնակչությանը հաղորդակից էր անում շահի եւ հարստանալու գաղափարին», իսկ առեւտրական եւ արդյունաբերական կենտրոնները դառնում էին հարստանալու ասպարեզ։ «Շարժումը տարերային դարձավ» եւ «միմյանց հետեւից սկսեցին գնալ եւ արհեստավորը, եւ երկրագործը, եւ մտավորականը»։ «Որտեղ հա», այնտեղ կա»», այս վաճառականական սկզբունքը ամենից մեծ չափով կատարվեց Ղարաբաղում»<ref>Նույն տեղում։</ref>։ Այս բառերով է նկարագրում պատմաբան Լեոն վաճառական դասակարգի զարգացման եւ տարաբաշխման պրոցեսը եւ դրա հետ միասին Շուշու բնակչության այլ հասարակական խմբերի նոր տեղաշարժերը<ref>Նույն տեղում։</ref>։
 
Չծանրանալով Ղարաբաղի հայ բնակչության զանազան երկրներում տարաբաշխման բարդ խնդիրների վրա, մատնանշենք, որ այստեղ միանգամայն ճիշտ է նկատվում առեւտրական դասակարգի արագ զարգացումը Շուշու հայ բնակչության մեջ եւ բուրժուական գաղափարախոսության ուժեղ ազդեցությունը բնակչության լայն խավերի վրա։
 
XIX դարում անշուշտ կատարվում է Շուշու բնակչության եւ նրա տնտեսության արագ աճը։ XIX դարի կեսերին Շուշին դառնում է Անդրկովկասի խոշոր քաղաքներից մեկը։
 
Շուշի քաղաքը, որը դեռեւս 1846 թվականին կոչվում էր Կասպիական մարզի Ղարաբաղի գավառի քաղաք («уездный город Карабахского уезда Каспийской области») արդեն 1852 թվականին Կովկասի օրացույցում<ref>Кавказский календарь на 1853 г. стр. 430—435․ (Կոնտորովիչի հոդվածը)։</ref> կոչվում էր Շամախի նահանգի գավառական քաղաք։ Իր բնակչության քանակով Շուշին 1852 թվականին Անդրկովկասի քաղաքների շարքում 4֊րդ տեղն էր գրավում, զիջելով միայն Թիֆլիսին, Շամախուն եւ Նուխուն։ Շուշին ուներ 12774 բնակիչ, որոնցից 6356 հոգին տղամարդ էին, իսկ 6418 հոգին կանայք։ Քաղաքում կային 1846 քարաշեն տներ, 576 խանութ, 11 սալուղիներով իրար հետ կապված փողոցներ, 6 հրապարակ, 4 քարե եւ 2 փայտե կամուրջներ։
 
Բնակիչներն իրենց կազմով ներկայացնում էին՝
 
<references />