Բառերի ծագումը ինչպես էլ լինի, հավանորեն հին հայերը այլ ազգերի նման պետք է նախ արեգակը պաշտած ու պատվի արժանացրած լինեին երկնքում իր առերևույթ շրջանի մեջ, մանավանդ հորիզոնում ծագել֊ծածկելու ժամանակ և հետո ներկայացնեին բոլորակի ձևով, ապա և՝ մարդակերպ։ Հուսկ հետագայում, թվում է, օտարների նման կամ նրանց հետևելով անձնավոր էլ են համարել և իրենց պաշտած տեղերում այդպիսի ձև են տվել։
Ի՞նչ կերպարանք իէն էին ընծայել։ Եթե չեմ սխալվում, մեր հին վիպասանները դա ներկայացնում են «Երկնէր Երկին, երկնէր Երկիր» երգով, որոնց գործակից է դառնում նաև ծովը, որ երկնում է մի կարմիր եղեգնիկ, որից բոց ու կրակ է ելնում, և դրանց միջից դուրս է վազում բոցեղեն, մանրիկ աչքերով, կարմրիկ ու խարտյաշ, արևակերպ մի պատանեկիկ։ Կարծում եմ այսպես էին հավատում ու կերպարավորում կամ գոնե այսպես էին հնարում հայոց պաշտամունքավարներն ու բանաստեղծները։ Վերջիններից ավելի նորագույնները այն խարտյաշ պատանեկիկին անձնավորեցին կամ ուզեցին ճանաչել որպես Վահագն, որ Կյուրոսի ժամանակակից՝ Տիգրանի՝ իրենց ամենասիրելի թագավորի և դյուցազնի թոռն էր կամ թոռնորդին։ Գուցե իրենց և հայոց հավատքները այսպես հարմարեցրին Հնդկաստանից Տարոն եկած քուրմերը, որոնք ոպես աստծու էին պատիվ մատուցում Ագնիին՝ գերագույն կրակին՝ որպես տարրերի և եղանակների կենսատուի, ինչով և նույնացնում էին արևի հետ։ Դյուրին էր նաև Ագնիին Վահագնի հետ նույնացնելը, որի անունը գրվում է նաև <i>Վահակն</i>։ Եվ շատ որոշակի է ասում մեր հին վարդապետներից մեկը արարչության բացատրության մեջ․ «Ոմանք զԱրեգակն պաշտեցին և Վահակն կոչեցին»<ref>Իբրև դյուցազնական անձի Վահագնին կհիշենք հետագա շարադրանքում։</ref>։ Մի՞թե հնդկական Ագնի անվանումը համանիշ եչն լատիներեն Ignis («հուր») և հունական 'угнпт անունները։ Մեզ մերձավոր վրացիների պատմիչները ավանդում են, թե իրենց մեջ արեգակի և ընդհանրապես լուսատուների պաշտամունքը շատ կանուխ է մտեծ Մծխիթոսի մահվանից քիչ անց, որը, նորից ըստ ավանդույթի Հայկի եղբորորդին է։
Հայաստանում արևապատության երկորդ կամ ավելի ստույգ տեսակին ենք հանդիպում Արշակունիների տերության սկզբնավորումնով, որոնց նահապետ Վաղարշակը Փրկչի թվականից մեկ և կես դար առաջ կրոնական պաշտամունքների յալևայլ կարգադրությունների հետ «մեհեանս շինեալ յԱրմաւիր՝ անդիրս հաստատէ Արեգական և Լուսնի» (Խորենացի, Բ․Ը)։ Պարզ է, ուրեմն, որ այս արձանները դիցական էին կամ մարդակերպ, բայցինչպես թվում է, կիսով չափ, այսինքն՝ մարդակերպ էին մինչև կեսը կամ մեջքը։ Թե ուրիշ ինչ ձև կամ կերպարանք ունեին, հայտնի չէ։ Հավանորեն Միհրի դեմք ունեին, որի մասին դեռ խոսելու ենք։ Թեև ենթադրում ենք, որ վերջինիս պաշտամունքը պարթևներից է եկել, բայց հավատքը հայերի մեջ արդեն կար։ կային նաև արեգակնապաշտ կամ արեգապաշտ հայեր, ինչպես ասվում է մեր գրաբար լեզվով։ Վաղարշակի թոռնորդու ժամանակ Բարզափրան զորապետը դաշինքի հաստատության համար նախ երդվում է արեգակով, հտո՝ երկնավոր ու երկրավոր ամենայն պաշտելիներով։