Changes

Սիդհարթա

Ավելացվել է 49 991 բայտ, 21:28, 22 Մայիսի 2014
/* ՔԱՄԱԼԱ */
=== ՔԱՄԱԼԱ ===
 
Սիդհարթան միշտ մի նոր բան էր սովորում իր ճանապարհի յուրաքանչյուր քայլափոխին, քանի որ աշխարհը փոխակերպվել էր, և իր սիրտն էլ կախարդված էր: Նա տեսնում էր արևի ծագումը անտառոտ լեռան թիկունքից և նրա մայրամուտը հեռավոր արմավենիների ծովափին նշմարվող հորիզոնի ետևում: Գիշերները նա տեսնում էր աստղերի ընթացքը երկնքում, լուսնեղջույրը, որ լողում էր կապույտի մեջ՝ որպես մի նավակ: Նա տեսնում էր ծառերը, աստղերը, կենդանիներին, ամպերը, ծիածանը, ժայռածերպերը, խոտասեզերը, ծաղիկները, աղբյուրն ու գետը, վաղորդայնի թփուտների մեջ փայլատակող ցողը, հեռվում երևակվող կապտաթույր ու սպիտակափառ լեռները, թռչունների երգեցողությունն ու մեղուների բզզոցը, արծաթագույն բրնձի դաշտերում թևածող քամու շշնջոցը: Այդ ամենը, հազարածալ ու բազմաբղետ, միշտ էլ գոյություն է ունեցել, նախկիններում էլ արեգակն ու լուսինը մշտապես փայլատակել են, գետերն աղմկել ու մեղուներն իրենց բզզոցն են արձակել, սակայն այն երբեմնի ժամանակներում այդ ամենը Սիդհարթայի համար այլ բան չի եղել, քան հպանցիկ մի երևույթ, պատրանքով բուրող տեսախաբություն, որ ժամանակ առ ժամանակ երևակվում էր իր աչքերի առաջ, որոնց կասկածելի գոյության հանդեպ հարկ էր լոկ աչք փակել և որը հենց միայն այն նպատակով գոյություն ուներ, որպեսզի խզվեր ու ոչնչացվեր մտածողության կողմից, քանի որ դա էություն չէր, քանի որ էությունները գտնվում էին հասանելիի, տեսանելիի սահմաններից անդին: Այժմ, սակայն, նրա ազատագրված հայացքը կանգ էր առնում այն ամենի վրա, ինչն ընկած էր այս կողմում, նա տեսնում ու ճանաչում էր տեսանելին, հայրենիք էր փնտրում այս աշխարհում, իրերի էությունները չէր փնտրում, չէր ձգտում դեպի այնկողմնայինը: Գեղեցիկ էր աշխարհը, երբ մարդս այն ընկալում է այնպես, ինչպիսին այն կա, այդպես՝ առանց որոնելու, այնպես պարզ ու մանկամտորեն: Գեղեցիկ էին լուսինն ու աստղերը, սքանչելի էին աղբյուրն ու ծովեզերքը, անտառն ու ժայռը, այծերն ու ոսկեթև բզեզները, ծաղիկներն ու թիթեռնիկները: Որքա՜ն հիասքանչ ու սիրելի էր քայլել այդ աշխարհով, մանկան պես, արթնացած, հոգին պարզած ամենայն մերձավորին, հաշտ ու խաղաղ, առանց տարակույսի դույզն-ինչ նշույլի: Արևն այլ կերպ էր գլուխդ այրում, մեկ ուրիշ կերպ էին զովություն պարգևում անտառի ստվերները, ուրիշ կերպ էին բուրում աղբյուրն ու գետնափոր ջրապահեստը, սեխն ու բանանները: Օրերն ավելի կարճ էին թվում, գիշերներն՝ ավելի շուտանցիկ, ժամերն իրար ետևից թռչում էին ու անհետանում, ինչպես ծովում լողացող առագաստը, և առագաստի ներքո նավն էր՝ գանձերով լի, հաճույքներով լեփլեցուն: Սիդհարթան տեսավ կապիկների մի թափառախումբ, որ թրև էր գալիս անտառի բարձրաբերձ կամարի ներքո, բարձրուղեշ ճյուղերի մեջ, լսում էր նրանց վայրի, վավաշոտ երգեցողությունը: Սիդհարթան տեսավ, թե ինչպես է խոյը հետապնդում մաքիին ու զուգավորվում նրա հետ: Նա տեսավ, թե ինչպես էր եղեգնուտին սահմանակցող լճակում երեկոյան քաղցը հագեցնելու համար որսի դուրս եկել շնաձուկը, ինչպես էին նրա առջևից փախչում երիտասարդ ձկնիկները, որ վախը սրտներում, ժամանակ առ ժամանակ, ամբողջ վտառներով ցատկոտում էին լճակի մակերևույթին՝ փայլեցնելով իրենց ոսկե թեփուկները: Ուժ ու խանդավառ կիրք էր ճառագում շուրջբոլորը՝ ձկնորսի կատաղի ու ինքնամոռաց ընթացքից գոյացած ջրակոհակներից:
Այդ ամենը մշտապես եղել է և ինքը առաջներում չի էլ նկատել դա, նա այդ ամենին ներկա կամ մասնակից չի եղել: Հիմա ինքն այդ ամենին մասնակից է ու ներկա, ինքը պատկանում է դրան: Իր հայացքի միջով սահում-անցնում էին լույսն ու ստվերը, իր սրտի միջով անց էին կենում աստղերն ու լուսինը:
Ճանապարհին Սիդհարթան մտաբերում էր նաև այն ամենը, ինչ ինքը վերապրել էր Յեթավանայի պարտեզներում, ուսմունքը, որն այնտեղ ինքը լսել էր, աստվածային Բուդդային, Գովինդայի հետ իր հրաժեշտը, Վեհագույնի հետ իր ունեցած զրույցը: Նա կրկին վերհիշեց Վեհագույնի հետ իր զրույցի մանրամասները, այն խոսքերը, որ ինքը ասել էր նրան, բառ առ բառ, և զարմանքով նկատեց, որ այն ժամանակ ասել ու խոսել էր բաների մասին, որոնց վերաբերյալ այնժամ ինքը հստակ պատկերացում անգամ չուներ, նույնիսկ չգիտեր էլ դրանց մասին: Այն, ինչ ինքն այն ժամանակ ասել էր Գոթամային, որ Բուդդայի գանձն ու գաղտնիքը ոչ թե նրա ուսմունքն էր, այլ այն անարտահայտելին ու ուսուցման չտրվողը, ինչը նա երբևէ զգացել ու վերապրել էր իր պայծառատեսության պահին, հենց դա էր, որ ինքն այժմ սկսել էր վերապրել: Նա հիմա ինքն իրեն պետք է վերապրեր: Իրականում նա շատ վաղուց գիտեր, որ իր եսը Աթմանն էր, որը ծագում էր այն նույն հավերժական էությունից, ինչ և բրահման: Բայց ինքը, իրականում, այն երբեք չէր գտել, որովհետև ինքը այն մտքի ցանցով էր ցանկացել որսալ: Եթե իսկապես մարմինը չէր այդ եսը և ոչ էլ զգացմունքների խաղը, ապա հաստատապես այդպիսիք չէին կարող լինել ո՛չ միտքը, ո՛չ բանականությունը, ո՛չ սովորովի իմաստնությունը, ո՛չ եզրահանգումներ անելու ձեռքբերովի արվեստը, ո՛չ էլ արդեն իսկ մտածված բաներից նորանոր մտքեր հղանալու կամ հյուսելու ունակությունը: Ո՛չ, մտածությունների այդ աշխարհն էլ դեռևս այսրկողմնային չէր, և բոլորովին անիմաստ էր սպանել զգացմունքի պատահականության ծնունդ հանդիսացող եսը, փոխարենը ուժերը ներածի չափով սնուցանելով մտքերի, սովորովի գիտելիքների պատահական եսը: Երկուսն էլ՝ ինչպես մտքերը, այնպես էլ՝ զգացմունքները, գեղեցիկ բաներ էին, որոնց թիկունքում թաքնված էր ողջի ու ամենի իրական իմաստը, երկուսին էլ, թե՛ մեկին թե՛ մյուսին հարկավոր էր ունկնդրել, խաղալ նրանց հետ, նրանց ոչ պետք էր անտեսել, ոչ էլ թերագնահատել, երկուսի մեջ էլ հարկավոր էր լսել նրանց խորքերում հնչող ծածուկ ձայները: Եվ նա վճռել էր ընթանալ դեպի այնտեղ, ուր իրեն առաջնորդում էր իր ներքին ձայնը և չմնալ այնտեղ, ինչից իրեն ետ էր պահում այդ նույն ներքին ձայն կոչվածը: Ինչու՞ էր Գոթաման այն ժամանակ, այն բարձրագույն պահին, նստել Բո ծառի տակ, երբ նրան պայծառատեսությունն այցելեց: Նա լսել էր ձայնը, իր սեփական սրտի ձայնը, որն իրեն կարգադրել էր հանգիստ առնել այդ ծառի ներքո, և նա հետ կանգնեց, հրաժարվեց իր մարմնի ինքնաձաղկումից, զոհեր մատուցելուց, լվացումներից ու աղոթքներից, որոշեց ուտել ու խմել, քնանալ ու երազներին տրվել, նա անսաց իր ներքին ձայնին: Այդպես հլու-հնազանդ անսալ, բայց ոչ արտաքին հրամանին, այլ միայն ներքին ձայնին, պատրաստ լինել դրան, դա հիանալի էր, անհրաժեշտություն էր դա, մինչդեռ ողջ մնացյալը բնավ անհրաժեշտություն չէր:
Գիշերը, երբ նա քուն էր մտած գետն անցկացնող լաստանավորդի ծղոտե հյուղակում, Սիդհարթան մի երազ տեսավ. Գովինդան կանգնած էր նրա առաջ՝ ճգնավորի դեղին սքեմ զգեցած: Գովինդան տխուր տեսք ուներ և նույն տխուր շեշտով էլ հարցրեց. «Ինչու՞ դու ինձ լքեցիր»: Այդժամ ինքը գրկեց, համբուրեց Գովինդային, ձեռքը նրա ուսովը գցեց, և մինչ նա բարեկամին սեղմել էր իր կրծքին ու համբուրում էր նրան, վերջինս այլևս Գովինդան չէր, այլ մի կին, և այդ կնոջ հանդերձանքի տակից դուրս էր ցցվել հասուն ու առլեցուն կուրծքը, որի կողքին պառկել էր Սիդհարթան, խմում էր ու խմում, քաղցր ու ուժգնահամ ուներ այդ կրծքի կաթը: Այն կնոջ ու տղամարդու համ ուներ, բուրում էր արևով ու անտառով, կենդանիներով ու ծաղիկներով, զանազան տեսակի մրգերով ու հաճույքներով: Այն հարբեցնում էր ու թմրեցնում գիտակցությունը: Երբ Սիդհարթան արթնացավ, հյուղակի դռնակից երևաց գետակի գունատ լուսափայլը, իսկ անտառում բարձր ու զիլ հնչում էր թուխ բվեճի արձակած կռինչը:
Օրը բացվելուն պես Սիդհարթան խնդրեց իր հյուրընկալին, լաստավարին, իրեն գետի հանդիպակաց ափը փոխադրել: Լաստանավորդը նրան նստեցրեց գետափին կապված բամբուկից հյուսկեն լաստամակույկին ու տեղափոխեց դիմացի ափը: Վաղորդայնի լույսերի մեջ թաթախված կարմրին տվող փայլեր էր արձակում ընդարձակ փռված ջրազանգվածը:
- Շա՜տ գեղեցիկ գետ է,- ասաց նա իր ուղեկցին:
- Այո՛,- վրա բերեց լաստավարը,- անչա՜փ գեղեցիկ է, ես այն ամեն ինչից շատ եմ սիրում: Ես հաճախ եմ ունկնդրել նրան, հաճախ եմ նայել նրա աչքերի մեջ և ամեն անգամ նորանոր բաներ եմ սովորել նրանից: Գետից կարելի է շատ բան սովորել:
- Ես շնորհակալ եմ քեզանից, իմ բարերար,- ասաց Սիդհարթան, երբ նա արդեն դիմացի ափին իջևանեց:- Ես նվեր չունեմ քեզ ընծայելու, սիրելիս, ոչ էլ կարող եմ ուրիշ կերպ վարձահատույց լինել քեզ: Ես մի անհայրենիք թափառաշրջիկ եմ, տնանկ մի բրահմանորդի ու սամանա:
- Ես ինքս էլ գլխի ընկա, թե ով ես դու,- ասաց լաստավարը,- ես քեզանից վարձ չեմ ակնկալում և ոչ էլ որևէ ընծա: Դու իմ նվերը մեկ ուրիշ անգամ կտաս:
- Դու այդպե՞ս ես կարծում,- զվարճախոսեց Սիդհարթան:
- Վստահաբա՛ր: Ես դա էլ եմ գետից սովորել. ամենքը վերադառնում են... Դու՛ էլ, սամանա, մի օր կվերադառնաս: Դե մնաս բարով... Քո բարեկամությունը թող ինձ ընծա լինի: Ամեն անգամ հիշիր ինձ՝ աստվածներին զոհեր մատուցելիս:
Ժպտադեմ՝ նրանք բաժանվեցին իրարից: Փայլատակող ժպիտն աչքերում՝ Սիդհարթան հրճվանք էր ապրում լաստավարի մերձակցության ու բարեկամական պահվածքի համար: «Նա կարծես Գովինդան լինի»,- ժպտադեմ մտածեց նա,- «բոլոր մարդիկ, ում ես հանդիպել եմ իմ ճանապարհին, ասես Գովինդան լինեն: Բոլորը երախտապարտ են ու շնորհակալ, թեև իրենց նկատմամբ է պատշաճում շնորհապարտ լինել: Բոլորը հարգանքով են լցված, բոլորը հաճույքով ցանկանում են բարեկամ լինել, հաճույքով են հնազադվում և խորհրդածում են հնարավորինս քիչ: Մարդիկ նման են երեխաների:
Կեսօրվա կողմ նա մի գյուղակում հայտնվեց: Փողոցներում, կավաշեն տնակների առաջ վազվզում էին երեխաները, խաղում սեխի կճեպներով ու խխունջներով, բղավում էին ու իրար հետ գզվռտվում, սակայն օտարական սամանային տեսնելուն պես՝ վախվորած մի կողմ քաշվեցին: Գյուղակի ծայրում մի ճանապարհ էր անցնում աղբյուրի կողքով, իսկ աղբյուրի եզրին մի կին էր ծունկի եկել ու լվացք էր անում: Երբ Սիդհարթան ողջունեց նրան, կինը գլուխը բարձրացրեց և ժպտադեմ նրա կողմը նայեց, այնպես որ Սիդհարթան նկատեց նրա աչքի մեջ փայլատակող սպիտակուցի պեծպեծանքը: Նա կնոջը ողջունեց ճամփորդող վանականներին հատուկ սովորական օրհնաբանությամբ ու հարցրեց, թե դեռ որքան երկար է ճանապարհը մինչև մեծ քաղաքը: Այդժամ կինը տեղից վեր կացավ, ոտքի կանգնեց, մոտեցավ նրան, այնպե՜ս գեղեցիկ էին փայլում կնոջ խոնավ շրթունքները նրա երիտասարդ դեմքի վրա: Դեռատի կինը սկսեց կատակաբանել նրա հետ և հարցրեց, թե արդյո՞ք ճամփորդը քաղցած չէ, ճի՞շտ է արդյոք, որ սամանաները միայն անտառներում են գիշերում և նրանց արգելված է կանանց հետ հարաբերվել: Ասելուն պես կինը նրա աջ ոտքն առավ իր ձախ ոտքի մեջ և այնպիսի մի շարժում արեց, որպիսին կանայք անում են, երբ հրավիրում են տղամարդուն փաղաքուշ սիրախաղի, ինչը դասագրքերն անվանում են «ծառամագլցման արվեստ»: Սիդհարթան զգաց, թե ինչպես է արյունը եռ գալիս իր մեջ, և քանի որ այդ պահին նա մտաբերեց իր տեսած երազը, նա փոքր-ինչ խոնարհվեց կնոջ վրա և շրթունքներով հպվեց նրա կրծքի սրածայր պտուկին: Իսկ երբ բարձրացրեց աչքերը ու նայեց կնոջ ժպտացող դեմքին, այնտեղ նկատեց կրքոտության կնիքը և նեղացած աչքերում՝ ցանկասեր կարոտախտը:
Սիդհարթան ևս համակվեց ըղձատենչ կարոտախտով ու սեռերի մոլուցքով: Բայց քանի որ ինքը դեռևս երբեք որևէ կնոջ մատով դիպած չկար, մի պահ միայն վարանեց, մինչդեռ նրա ձեռքերն արդեն իսկ պատրաստ էին գրկելու կնոջը: Եվ հենց այդ պահին նրա մարմնով սարսուռ անցավ ու նա ընկալեց իր ներքին ձայնը, որն ասում էր՝ «ոչ»: Եվ անմիջապես էլ դեռատի կնոջ ժպտուն դեմքը նրա համար կորցրեց իր ողջ գրավչությունը և նա տեսավ միայն սեռական մոլուցքով, կտղանքով բռնված կնոջ խոնավությամբ բուրող կենդանական դեմքը: Նա քնքշորեն շոյեց կնոջ այտը, հետո կտրուկ շրջվեց ու ճկուն սահքով անհետացավ՝ հուսախաբությանն անձնատուր կնոջից թաքնվելով բամբուկի մարգագետնում:
Նույն օրը՝ երեկոյան դեմ նա հասավ մեծ քաղաքի դարպասների մոտ և շատ ուրախացավ, քանի որ ձգտում էր մարդկանց հետ շփվել: Երկար ժամանակ էր նա ապրել անտառներում և լաստավարի ծղոտե հյուղակն այդ ամբողջ ընթացքում եղել էր այն միակ ծածկը, որի ներքո ինքը գիշերներ էր անցկացրել:
Քաղաքի մատույցներում, գեղեցիկ ցանկապատով շրջանակված այգեստանի մերձակայքում, ճամփորդի դեմ հանդիման հայտնվեց զամբյուղներով ծանրաբեռնված սպասուհիների ու սպասավորների փոքրիկ թափորը: Նրանց ճիշտ և ճիշտ մեջտեղում, չորս ծառաների ուսնած բազմանղետ ու նկարեն պատգարակի վրա, կարմիր բարձերին թիկնեթեկին տված, արևից պաշտպանող գունագեղ գահածածկույթի ստվերում բազմած էր մի տիկին, նրանց տիրուհին: Սիդհարթան կանգ առավ աչք շոյող այգեստանի մուտքի առաջ և ուշիուշով նայում էր թափորի երթին, տեսավ ծառաներին, սպասուհիներին, կողովները, տեսավ գահածածկույթը և նրա ներքո բազմած տիկնոջը: Սևաթույր վարսերի բարձրուղեշ սանրվածքի տակ նա տեսավ լուսաճառագ, նրբանուրբ ու խելացի մի դեմք, վառ կարմիր բերանը՝ ասես նորաբաց թուզ հիշեցնող, գեղամշակված ու սնգույրով գծաներկված բարձրաղեղ ունքերը, սևաթույր աչքերը՝ խելացի ու զգոն, լուսապայծառ երկար պարանոցը, որ վեր էր խոյանում կանաչ ու ոսկեգույն վերնազգեստից, հանդարտ կախ ընկած լուսավոր ձեռքերը՝ երկարուկ ու բարալիկ, հոդախաղերին ընդելուզված ոսկեձույլ ու լայն ապարանջաններով:
Սիդհարթան տեսավ նրա գեղեցկությունը և նրա սիրտը հրճվանքից ուռչեց: Նա խորը գլուխ տվեց, երբ գահավորակը իրեն մոտեցավ և վերստին ուղղվելով՝ հայացքը սևեռեց այդ լուսավոր ու նրբենի դեմքին, մի պահ նրա հայացքը գամվեց կնոջ խելամիտ, բարձր ու կամարաձև ունքերի տակ երևակվող աչքերին, ներշնչելով իրեն անծանոթ անուշահոտությունների զգլխիչ բույրը: Կինը ժպիտով պատասխանեց նրա երկրպագության ցույցերին և մի ակնթարթ անց նա այլևս անհետացավ պարտեզում, նրա հետևից էլ՝ իր սպասավորները:
- Ահա՛ ես մուտք եմ գործում այս քաղաքը,- մտածեց Սիդհարթան,- մի այսպիսի հմայիչ նախանշանի ներքո:
Նա ցանկություն ունեցավ անմիջապես ոտք դնել պարտեզի ցանկապատից ներս, բայց զսպեց իրեն, և միայն այժմ նա հասկացավ, թե ինչպես էին, մուտքի մոտ, իրեն նայում ծառաներն ու սպասուհիները, որքա՜ն արհամարհանք, անվստահություն ու նողկանք կար նրանց հայացքում:
- Չէ՞ որ ես դեռ սամանա եմ,- մտածեց նա,- ես դեռ ճգնավորի ու մուրացկանի տեսք ունեմ: Ինձ այլ¢ս չի կարելի այս տեսքով մնալ, այս կերպարանքով ես չեմ կարող պարտեզի մուտքից ներս մտնել:
Ու նա ծիծաղեց:
Ճանապարհին պատահած առաջին անցորդին հարցուփորձ արեց պարտեզի ու այն տիկնոջ վերաբերյալ և իմացավ, որ դա հանրահայտ կուրտիզանուհի, դշխո Քամալայի այգեստանի ապարանքն է և որ այգեստանից բացի՝ մի տուն էլ նա քաղաքում ունի:
Այնուհետև Սիդհարթան մուտք գործեց քաղաք: Հիմա նա հստակ նպատակ ուներ:
Իր այդ նպատակին հետամուտ՝ նա ներքաշվեց քաղաքային կյանքի մեջ, խառնվեց փողոցային ամբոխին, շրջում էր հրապարակներում, հանգիստ առնում գետափնյա քարե աստիճաններին: Երեկոյան կողմ նա բարեկամացավ վարսավիրի մի ենթավարպետի հետ, որին նա առաջին անգամ տեսավ նկուղի ստվերներում աշխատելիս, ապա հանդիպեց Վիշնուի տաճարում՝ աղոթելիս, որին ինքը պատմեց Վիշնուի ու Լակշմիի մասին զրույցը: Գիշերը նա անցկացրեց գետափնյա նավակների հարևանությամբ, իսկ առավոտ վաղ, նախքան վարսավիրի կրպակում կհայտնվեին առաջին հաճախորդները, ենթավարպետի մոտ նա սափրել տվեց իր մորուքը և կտրել տվեց վարսերը, հարդարեց ու օծեց նրբանուրբ յուղերով: Հետո գնաց ու լողացավ գետում:
Երբ ուշ երեկոյան գեղեցկուհի Քամալան, իր գահավորակին բազմած, մոտենում էր այգեստանին, Սիդհարթան կանգնել էր մուտքի դռան մոտ, գլուխ խոնարհեց նրա առաջ և դշխոն պատասխան նշան արեց նրան: Հետո էլ՝ թափորի վերջից ընթացող սպասավորին ակնարկեց մի պահ սպասել և վերջինիս խնդրեց հաղորդել իր տիրուհուն, որ նրա հետ զրուցել է ցանկանում երիտասարդ բրահմանը: Միառժամանակ անց սպասավորը վերադարձավ և առաջարկեց նրան հետևելու իրեն, լռելյայն ուղեկցեց նրան դեպի այն տաղավարը, ուր օթոցին ընկողմանած էր Քամալան ու Սիդհարթային մենակ թողեց նրա հետ:
- Այդ դու չէի՞ր, որ երեկ էլ կանգնած էիր դրսում ու ողջունեցիր ինձ,- հարցրեց Քամալան:
- Այո՛, ես երեկ էլ քեզ տեսա ու ողջունեցի:
- Բայց երեկ դու կարծես մորուք ունեիր ու երկար մազեր, որոնք փոշով էին պատված:
- Միանգամայն ճիշտ է, դու շատ ճիշտ ես ամեն ինչ նկատել: Դու տեսել ես Սիդհարթային, բրահմանորդուն, որ լքել էր իր հայրենիքը՝ սամանա դառնալու նպատակով և երեք տարի շարունակ այդպիսին է եղել: Այժմ, սակայն, ես թողել եմ այդ ճանապարհը ու եկել եմ այս քաղաքը, և առաջին մարդը, որն ինձ հանդիպեց մինչև քաղաք մտնելը, դու՛ էիր: Եվ ահա՛ թե ես ինչ եմ ցանկանում քեզ ասել, ո՜վ Քամալա: Դու առաջին կինն ես, որի հետ Սիդհարթան խոսում է այլ կերպ, քան խոնարհած հայացքով: Ես այլևս երբեք աչքերս ցած չեմ խոնարհի, եթե գեղեցկուհի կնոջ հանիպելու լինեմ:
Քամալան ժպտաց և սկսեց խաղալ սիրամարգի փետուրներից հյուսկեն իր հովհարով: Եվ հարցրեց.
- Եվ միայն դա ասելու համա՞ր է Սիդհարթան ինձ մոտ եկել:
- Այո՛, քեզ դա ասելու համար ու նաև շնորհակալություն հայտնելու համար, որ դու այդքան գեղեցիկ ես: Եվ եթե դու կընդունես, ապա ես քեզ կխնդրեի, Քամալա, լինել իմ ընկերուհին ու ուսուցիչը, քանզի ես դեռևս բնավ չեմ տիրապետում այն արվեստին, որի մեջ դու վարպետ ես:
Այստեղ Քամալան բարձրաձայն ծիծաղեց:
- Ինձ հետ դեռ երբեք նման բան չի պատահել, բարեկամս, որ անտառաբնակ սամանան այցելի ինձ և ուզենա սովորել ինձ մոտ: Ինձ հետ դեռ երբեք չի պատահել, որ երկար մազերով, մաշված ու պատառոտված ամոթույքի կապով սամանան իմ ոտքը գա... Շատ պատանիներ են ինձ մոտ գալիս, նրանց թվում նաև բրահմանորդիներ, բայց նրանք ներկայանում են գեղեցիկ հանդերձանքով, նրբաճաշակ ոտնամաններով, անուշահոտություններ արձակող վարսերով և լիքը դրամապանակներով: Ահա այսպիսի՛ պատանյակներ են ինձ այցելում, ո՜վ սամանա:
Խոսեց Սիդհարթան.
- Ահա՛ և քեզանից ես սովորեցի իմ առաջին դասը: Երեկ էլ ես մի դաս ստացա: Ես արդեն մորուքս սափրել տվեցի, մազերս հարդարեցի ու յուղերով օծեցի: Հիմա արդեն ինձ քիչ բան է պակասում, ո՜վ գեղեցկուհիդ, գեղեցիկ հանդերձանք, նրբանուրբ ոտնամաններ, քսակի մեջ փող: Իմացա՛ծ եղիր, որ Սիդհարթան շատ ավելի դժվար խնդիրներ է իր առաջ դրել և ոչ միայն նման դատարկ բաներ, ու հասել է իր նպատակներին: Դե ինչպե՞ս է հնարավոր, որ ես չհասնեմ այն նպատակին, որը դեռ երեկ եմ իմ առաջ դրել. դառնալ քո ընկերը ու քեզանից սովորել սիրո հաճույքները... Դու կտեսնես, Քամալա, թե ես ինչ ընդունակ աշակերտ եմ, ես շատ ավելի դժվար բաներ եմ սովորել, քան այն, որ դու ինձ պետք է սովորեցնես: Ուրեմն ասա ինձ. Սիդհարթա, այն, ինչ դու այս պահին ունես, դեռ բավարար չէ, մազերդ թեև յուղերով են օծված, սակայն դու դեռ հագուստ չունես, չունես ոտնամաններ, առանց փող...
Քամալան ծիծաղից թուլացած բացականչեց.
- Ո՛չ, թանկագինս, այդքանը դեռ բավարար չէ: Սիդհարթան պետք է զգեստներ ունենա, գեղեցիկ հանդերձներ ու ոտնամաններ, գեղեցկակար ոտնամաններ, և շատ փող դրամապանակում և ընծաներ Քամալայի համար: Հիմա դու ամեն ինչ գիտե՞ս, անտառաբնակ սամանա: Լա՛վ մտապահիր դա, և չմոռանաս:
- Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ,- բացականչեց Սիդհարթան,- ինչպե՞ս կարող եմ ես չհիշել մի բան, ինչն ասվում է քո շրթունքներից... Քո բերանն ասես մի նորաբաց ու թարմ թուզ լինի, Քամալա: Իմ բերանն էլ կարմիր է ու թարմ, այն շատ հարմար կգա քոնին, ա՛յ կտեսնես: Բայց ասա՛ ինձ, գեղեցկուհի Քամալա, մի՞թե դու բնավ չես վախենում անտառաբնակ սամանայից, որն եկել է սիրո դասեր առնելու:
- Ինչու՞ ես պետք է վախենամ մի սամանայից, անտառից եկած մի հիմար սամանայից, որն եկել է շնագայլերի մոտից և դեռ բոլորովին չգիտի, թե ինչ ասել է կին:
- Օ՜, նա շատ ուժեղ է, այդ սամանան, և ոչնչից վախ չունի: Նա կարող էր քեզ ուժով տիրանալ, գեղեցկուհի աղջիկ: Նա կարող էր առևանգել քեզ, քեզ խորը տառապանք պատճառել...
- Օ՜ ո՛չ, սամանա, ես դրանից չեմ վախենում: Արդյո՞ք որևէ սամանա կամ բրահման վախենում է այն բանից, որ կարող է գալ մեկը, որ կբռնի նրան ու կառևանգի նրանից նրա գիտելիքները, ազնվաբարոյությունը, նրա խորագիտությունը: Բնավ ո՛չ, քանի որ այդ ամենը նրա անօտարելի սեփականությունն է հանդիսանում, որից նա բաժին է հանում միայն այնքանը ու այն չափով, որքան ինքն է ցանկանում և ում որ ինքն է կամենում: Նույնը վերաբերում է նաև Քամալային ու սիրո հաճույքներին: Գեղեցիկ է ու կարմիր Քամալայի բերանը, բայց փորձի՛ր միայն համբուրել այն Քամալայի կամքին հակառակ, մի կաթիլ քաղցրություն իսկ դու չես զգա այդ համբույրի մեջ, որն ուրիշ հանգամանքներում այնքա՜ն շատ կարող է պարգևել այդ բարիքից... Դու խելացի ես ու ընդունակ, Սիդհարթա, ուրեմն իմացի՛ր և սա. սերը կարելի է մուրալ, գնել, որպես ընծա ստանալ, գտնել ճանապարհին ընկած, սակայն առևանգել կամ ուժով տիրանալ նրան հնարավոր չէ: Այդպես դու սխալ ուղու վրա կընկնես: Օ ո՛չ, ափսոս կլիներ, որ քեզ պես գեղեցիկ պատանին, խնդրին բոլորովին սխալ կողմից մոտենար...
Սիդհարթան ժպիտը դեմքին խոնարհվեց ու ասաց.
- Իսկապես ափսոս կլիներ, Քամալա, դու միանգամայն իրավացի ես: Ափսոսանքի արժանի բան կլիներ... Ո՛չ, ես չեմ ուզում զրկվել քո շուրթերից ծորացող քաղցրության ոչ մի կաթիլից, բայց դու՛ էլ պետք է ճաշակես իմ շուրթերի քաղցրությունը: Ուրեմն այսպե՛ս. Սիդհարթան կվերադառնա, երբ նա կունենա այն ամենը, ինչն այս պահին պակասում է նրան՝ հանդերձանք, ոտնամաններ, փող: Սակայն, ասա՛ ինձ, գեղեցկուհի Քամալա, դու չե՞ս կարող ինձ մի հարցում մի փոքրիկ խորհուրդ էլ տալ:
- Խորհու՞րդ: Ինչի՞ կապակցությամբ: Իսկ ինչու՞ խորհուրդ չտալ թշվառական, տգետ սամանային, որ գալիս է անտառաբնակ շնագայլերի մոտից:
- Դե մի խորհուրդ տուր ինձ, սիրելիդ իմ Քամալա. ու՞ր գնամ, որպեսզի ամենաշտապ ձևով կարողանամ ձեռք բերել թվարկածդ այդ երեք բաները:
- Բարեկա՛մ, դա շատ-շատերը կուզենային իմանալ: Դու պետք է անես այն, ինչ սովորել ես և դրա դիմաց որպես վարձ փող պահանջես, հանդերձանք ու ոտնամաններ: Աղքատ մարդու համար փող վաստակելու այլ ճանապարհ չկա: Իսկ դու ի՞նչ կարող ես անել:
- Ես կարող եմ առմտածել: Կարող եմ սպասել: Կարող եմ ծոմ պահել:
- Միայն այդքա՞նը, ուրիշ ոչի՞նչ:
- Ոչինչ: Ի դեպ, ես կարող եմ նաև բանաստեղծություններ հորինել: Դու համաձա՞յն ես, որ ես մի բանաստեղծություն արտասանեմ և փոխարենը դու ինձ մի համբույր տաս:
- Համաձա՛յն եմ, եթե քո բանաստեղծությունը դուր գա ինձ: Դե արտասանի՛ր այն:
Եվ Սիդհարթան, փոքր-ինչ մտածելուց հետո, արտասանեց այս բանաստեղծությունը.
Իր ստվերաշատ այգին մտավ գեղեցկուհի Քամալան:
Այգու մուտքի առաջ կանգնած էր թուխ պատանին՝ սամանան:
Եվ լոտոսի գեղեցկագույն ծաղիկն հանկարծ տեսնելով՝
Նա խոնարհվեց ու Քամալան ժպտաց նրան ի ողջույն:
Եվ պատանին մտածեց. Աստվածներին աղոթելուց հազար անգամ
Ավելի հաճելի է երկրպագել գեղեցկուհի Քամալային:
Ափերն ուժգին իրար խփելով ծափ զարկեց Քամալան, այնպես որ ոսկեկուռ ապարանջանները զրնգացին:
- Քո բանաստեղծությունը շա՜տ գեղեցիկ է, թու՛խ սամանա, և ես իսկապես ոչինչ չեմ կորցնի, եթե դրա դիմաց քեզ մի համբույր տամ:
Նա հայացքով պատանուն իր կողմը գրավեց, վերջինս էլ իր դեմքը խոնարհելով նրա դեմքին, շրթունքները սեղմեց նրա շրթունքներին, որ նորաբաց թուզ լինեին կարծես: Քամալայի համբույրը շատ երկար էր, և խորադրոշմ զարմանքով Սիդհարթան զգաց, թե ի՜նչ իմաստուն ձևով էր նա իրեն ուսուցանում, ի՜նչ խելացի էր Քամալան, ինչպե՜ս էր նա կառավարում իրեն՝ մեկ ետ պահելով ու մեկ էլ իր կողմը գրավելով, զգաց, որ այդ առաջին համբույրին դեռ հետևելու է հմտորեն մշակված ու փորձված համբույրների մի ամբողջ շարք, մեկը մյուսից բոլորովին տարբեր, որոնք դեռ սպասում էին իրեն, որոնք ինքը դեռ ճաշակելու էր: Խորը շունչ քաշելով՝ նա մնաց տեղում կանգնած, երեխայի պես սքանչանալով՝ սովորելու արժանի գիտելիքի այն քանակի առթիվ, որ հենց նոր միայն բացվում էր իր աչքերի առջև:
- Քո բանաստեղծության տողերը շա՜տ գեղեցիկ են,- բացականչեց Քամալան,- եթե ես շատ հարուստ լինեի, դրանց դիմաց ես քեզ ոսկե մետաղադրամներ կտայի: Բայց քեզ համար անչափ դժվար կլինի քո այդ բանաստեղծություններով այնքան շատ փող վաստակել, որքան քեզ անհրաժեշտ է: Իսկ փող քեզ շատ է պետք լինելու, եթե դու ցանկանում ես դառնալ Քամալայի ընկերը:
- Ի՜նչ լավ ես դու կարողանում համբուրել, Քամալա,- մրմնջաց Սիդհարթան:
- Այո՜, դա ես կարողանում եմ անել: Դրա համար էլ ես պակասություն չեմ զգում ո՛չ հանդերձանքի, ո՛չ ոտնամանների, ապարանջանների և բազմաթիվ ուրիշ-ուրիշ գեղեցիկ իրերի հարցում: Բայց դու՞ ինչ կարող ես անել: Մի՞թե դու բացի մտածելուց, ծոմ պահելուց ու բանաստեղծություններ հորինելուց ուրիշ ոչինչ չգիտես:
- Ես գիտեմ նաև զոհ մատուցելու ժամանակ ասվող երգեր,- ասաց Սիդհարթան,- բայց ես այլևս չեմ ուզում երգել դրանք: Ես գիտեմ նաև կախարդական խոսքեր, բայց ես այլևս չեմ ուզում դրանք արտաբերել: Ես սուրբ գրքերի ընթերցանությամբ եմ պարապել...
- Կա՛նգ առ, բավակա՛ն է,- ընդհատեց նրան Քամալան:- Դու կարդա՞լ գիտես: Իսկ գրե՞լ...
- Իհա՛րկե ես դա գիտեմ: Շատերը գիտեն դա:
- Մեծամասնությունը դա չգիտի: Ես էլ չգիտեմ: Դա շատ լավ է, որ դու գրել և կարդալ գիտես, շա՜տ լավ է: Կախարդական խոսքերն էլ քեզ կարող են դեռ պետք գալ:
Այդ պահին մոտ վազեց սպասուհիներից մեկը և ինչ-որ բան շշնջաց տիրուհու ականջին:
- Հիմա ինձ մոտ մարդ է գալու,- բացականչեց Քամալան:- Շուտ հեռացի՛ր այստեղից, Սիդհարթա, ոչ ոք քեզ չպետք է տեսնի այստեղ, սա լա՛վ հիշիր: Վաղը մենք նորից կտեսնվենք:
Իսկ սպասուհուն կարգադրեց պատվարժան բրահմանին մի ճերմակ թիկնոց տալ: Չիմանալով նույնիսկ, թե ինչպես դա տեղի ունեցավ, Սիդհարթան ենթարկվեց սպասուհուն, որը նրան սրահից դուրս ուղեկցեց, զարտուղի ճանապարհներով նրան բերեց այգու մեջ գտնվող փոքրիկ տնակը, նրան մի ձեռք վերնազգեստ տվեց, առաջնորդեց դեպի թփուտը, թախանձագինս խնդրելով, առանց որևէ այլևայլության, անմիջապես լքել այգեստանի ցանկապատված տարածքը:
Նա հաճույքով ենթարկվեց հրահանգին: Անտառին վարժված լինելով՝ Սիդհարթան անաղմուկ կտրեց-անցավ այգեստանը և ցանկապատի վրայով մյուս կողմն անցավ: Գոհ ու բավարարված տեսքով նա վերադարձավ քաղաք, թևքի տակ սեղմած ծալված զգեստը: Մի օթևանում, ուր եկվորներն են գիշերում, նա կանգնեց դռան առջև, լուռ խնդրելով կերակրել իրեն ու լռությամբ էլ ընդունեց իրեն մեկնված բրնձե թխվածքը: Գուցե հենց վաղվանից սկսած, մտածում էր նա, ես այլևս ոչ մեկից ուտելիք չեմ մուրա:
Հանկարծ նրա մեջ հպարտությունը ճառագեց: Նա այլևս սամանա չէր և իրեն վայել չէր ողորմություն խնդրել: Բրնձե թխվածքը, դեռ չճաշակած, նա տվեց մի շան ու մնաց առանց կերակուր:
- Ի՜նչ պարզ ու հասարակ է կյանքը, որ վարում են այս աշխարհում մարդիկ,- մտածեց Սիդհարթան:- Նրանում ոչ մի դժվարություն չկա: Ամեն ինչ շատ ավելի ծանր էր, դժվար և վերջիվերջո անհույս, երբ ես դեռ սամանա էի: Իսկ հիմա ամեն ինչ հեշտ է, նույնքան հեշտ, որքան համբույրի դասը, որ ինձ Քամալան տվեց: Ես պետք է ձեռք բերեմ հանդերձանք ու փող, ուրիշ ոչինչ, դրանք փոքրիկ ու մոտակա նպատակներ են և չեն կարող իմ քունը խանգարել:
Նա ավելի վաղ էլ հարցուփորձ էր արել Քամալայի քաղաքային տան մասին և հենց հաջորդ օրն էլ ներկայացավ այնտեղ:
- Ամեն ինչ լավ է,- այս բացականչությամբ դիմավորեց նրան Քամալան:- Քեզ սպասում են Կամասվամիի մոտ, նա մեր քաղաքի ամենահարուստ վաճառականն է: Եթե դու նրա դուրը գաս, նա քեզ իր մոտ ծառայության կվերցնի: Խելացի՛ եղիր, թխամաշկ սամանա: Ես այնպես կազմակերպեցի, որ քո մասին նրան ուրիշները պատմեին: Սիրալիր եղիր նրա հետ, նա շատ հզոր է և ազդեցիկ: Բայց շատ էլ համեստություն չխաղաս... Ես չեմ ուզում, որ դու նրա ծառան դառնաս, դու պետք է նրա հետ հավասարը հավասարի պես լինես, այլապես ես գոհ չեմ լինի քեզանից: Կամասվամին սկսում է ծերանալ և նրան հանգիստ է անհրաժեշտ: Եթե դու նրա դուրը գաս, նա քեզ շատ բան կվստահի:
Սիդհարթան շնորհակալություն հայտնեց նրան ու ժպտաց, Քամալան իմանալով, որ նա երկու օր է ինչ ոչինչ չի կերել, կարգադրեց նրա համար հաց ու մրգեղեն մատուցել և հյուրասիրեց նրան:
- Քո բախտը բանում է,- ասաց Քամալան հրաժեշտ տալիս,- քո առաջ իրար ետևից բացվում են դռները: Ինչպե՞ս դա կարելի է բացատրել: Գուցե դու ինչ-ինչ կախարդական հնարքների՞ ես տիրապետում:
Ինչին Սիդհարթան պատասխանեց.
- Երեկ ես քեզ ասացի, որ ես գիտեմ առմտածել, սպասել ու ծոմ պահել, իսկ դու ասացիր, որ դրանք ոչ մի բանի համար պիտանի չեն: Մինչդեռ դրանք նույնիսկ շատ պետքական կարող են լինել, Քամալա, դու դեռ կտեսնես: Դու կտեսնես ու կհամոզվես, որ անտառաբնակ, հիմար սամանաները շատուշատ բաներ գիտեն և կարող են շատ գեղեցիկ բաներ անել, որպիսիք դուք չեք կարող: Դեռևս երկու օր առաջ ես մի ցնցոտիավոր, չքավոր մեկն էի, բայց արդեն երեկ ես համբուրեցի Քամալային, իսկ շուտով ես վաճառական կդառնամ, փող կունենամ և բոլոր այն բաները, ինչին դու այդքան մեծ կարևորություն ես տալիս:
- Այդպես է, որ կա, բայց ի՞նչ էր լինելու քեզ հետ առանց ինձ: Ի՞նչ էիր դու անելու, եթե Քամալան չօգներ քեզ:
- Սիրելի Քամալա,- ասաց Սիդհարթան՝ ողջ մարմնով մեկ ձգվելով,- երբ ես քեզ մոտ, քո այգեստանը եկա, ես առաջին քայլը կատարեցի: Այն ժամանակ ես իմ առաջ համառ նպատակ դրեցի՝ սովորել սիրո գիտությունը ամենագեղեցիկ կնոջ մոտ: Եվ հենց այն նույն վայրկյանից, երբ իմ մեջ ծնվեց այդ նպատակը, ես արդեն գիտեի, որ կարողանալու եմ այն իրագործել: Ես գիտեի, որ դու ինձ կօգնես, ես դա գիտեի քո առաջին իսկ հայացքից, այն, որ դու ուղղեցիր ինձ այգեստանի մուտքի մոտ:
- Իսկ եթե ես դա չցանկանայի՞:
- Բայց դու այդ բանը ցանկացար: Նայի՛ր, Քամալա. երբ դու ջրի մեջ քար ես նետում, ապա այն շատ արագ, ամենակարճ ճանապարհով ջրի հատակն է ընկղմվում: Նույն կերպ է վարվում նաև Սիդհարթան, երբ նա իր առջև որևէ նպատակ է դնում: Սիդհարթան ոչինչ չի անում, նա միայն սպասում է, մտածում, ծոմ պահում, բայց նա անցնում է աշխարհի իրերի ու գոյացությունների միջով, ինչպես որ քարն է անցնում ջրի միջով, դրա համար ոչինչ չանելով, անգամ չնչին մի շարժում: Նա տրվում է իրեն ձգող ուժին, թողնում, որ ինքը ցած ընկնի: Նրա նպատակն արդեն ինքնին ձգում-տանում է իրեն, քանի որ նա չի թողնում իր սրտի մեջ ներթափանցել որևիցե մի բան, ինչը կարող էր հակառակվել հետապնդվող նպատակին: Ահա սա՛ է, որ Սիդհարթան սովորել է սամանաների մոտ: Սա այն է, ինչը տխմարները կախարդանք են անվանում և երևակայում են, թե այդ մոգական ուժը ձեռք է բերվում դևերի օգնությամբ, սակայն դևերը, որպես այդպիսիք, այստեղ դեր չունեն, դրանք իրականում գոյություն էլ չունեն: Յուրաքանչյուր ոք կարող է հմայել, յուրաքանչյուր ոք կարող է հասնել իր նպատակին, եթե միայն նա ընդունակ է մտածելու, սպասելու ու ծոմ պահելու:
Քամալան ուշադիր լսում էր նրան: Նրան դուր էր գալիս Սիդհարթայի ձայնը, նա սիրում էր նրա աչքերի մեջ արտահայտված հայացքը:
- Գուցե այդ ամենը հենց այդպես է,- կամացուկ ասաց նա,- ինչպես դու ես ասում, բարեկամս: Բայց գուցե դա նաև նրանից է գալիս, որ Սիդհարթան պարզապես գեղեցիկ տղամարդ է, որ նրա հայացքը դուր է գալիս կանանց և այդ պատճառով էլ երջանկությունը ընդառաջում է նրան:
Սիդհարթան համբուրեց նրան ու հրաժեշտ տվեց:
- Թող այդպես լինի, իմ ուսուցչուհի: Ես կուզենայի, որպեսզի իմ հայացքը մշտապես դուր գար քեզ, որպեսզի դու ինձ մշտապես երջանկություն պարգևեիր...
 
=== ԵՐԵԽԱ-ՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏ ===
Վստահելի
129
edits