=== IX. Ազատության գաղափարը (99)===
Ծառ հասկացությունը ճանաչողության համար պայմանավորված է ծառի ընկալմսւմբ։ Որոշակի ընկալման դիմաց ես ընդհանուր հասկացութային համակարգից կարող եմ առանձնացնել միայն միանգամայն որոշակի հասկացություն։ Հասկացության և ընկալման կապը մտածողության միջոցով միջնորդավորված կերպով և օբյեկտիվորեն որոշարկվում է ընկալման մեջ։ Իր հասկացության հետ ընկալման կապը ճանաչվում է ընկալման ակտից հետո, բայց դրանց փոխպատկանելիությունը սահմանված է բուն առարկայի մեջ։
Այլ կերպ է ներկայանում պրոցեսը, երբ դիտարկվում է ճանաչողությունը, սրանում հանդես եկող մարդու հարաբերությունը աշխարհի հետ։ Նախորդ դատողություններում փորձ արվեց ցույց տալու, որ այս հարաբերության լուսաբանումը հնարավոր է այդ իսկ հարաբերությանն ուղղված անաչառ դիտարկման ճանապարհով։ Այս դիտարկման ճիշտ ըմբռնումը հանգում է այն բանի գիտակցմանը, որ մտածողությունը որպես իրենով ավարտուն էություն կարող է ենթարկվել անմիջական հայեցման։ Ով անհրաժեշտ է համարում մտածողության, որպես այդպիսինի, բացատրության համար ներգրավել ինչ-որ այլ բան, օրինակ, ուղեղի ֆիզիկական պրոցեսները կամ դիտարկվող գիտակից մտածողության ետևում ընկած չգիտակցված ոգեղեն պրոցեսները, նա անգիտանում է, թե ինչ է իրեն տալիս մտածողության անաչառ դիտարկումը։ Մտածողությունը դիտարկողը դիտարկման ընթացքում անմիջականորեն ապրում է ոգեղեն, ինքնակիր էացության (Wesensweben) մեջ։ Ավելի՛ն, կարելի է ասել՝ ով ուզում է ըմբռնել ոգեղենի էությունն իր այն տեսքով, ինչով ''նախ '' ներկայանում է մարդուն, դա կարող է անել իր իսկ վրա հիմնվող մտածողության մեջ։
Բուն մտածողության դիտարկման մեջ միահյուսվում է այն, ինչ սովորաբար միշտ ''ստիպված ''է հանդես գալ տարանջատ՝ հասկացությունը և ընկալումը։ Ով հասու չէ սրան, նա ընկալումների հիման վրա յուրացված հասկացություններում կտեսնի միայն այդ ընկալումների աղոտ վերարտադրությունները, իսկ ընկալումները նրան կներկայացնեն ճշմարիտ իրականությունը։ Նա իր համար կկառուցի նաև մետաֆիզիկական մի աշխարհ՝ ընկալված աշխարհի օրինակով. այդ աշխարհը կանվանի ապրումների աշխարհ, կամքի աշխարհ, չգիտակցված ոգեաշխարհ և այլն՝ ելնելով իր պատկերացման կերպից։ Եվ չի նկատի, որ այդ ամենով ինքն իր համար վարկածայնորեն կառուցել է մետաֆիզիկական մի աշխարհ ''իր '' ընկալումային աշխարհի օրինակով։ Բայց ով հասու է, թե ի դեմս մտածողության ինչի հետ գործ ունի, նա կճանաչի, որ ընկալմամբ տրված է իրականության միայն մի մասը և որ իրականությունը ամբողջական իրականություն դարձնող մյուս մասը ''ապրվում է '' ընկալման մտածողական ներթափանցման մեջ։ Նա գիտակցության մեջ որպես մտածողություն հանդես եկող բանում կտեսնի ոչ թե ինչ-որ իրականության ստվերային նմանակ, այլ իր վրա հիմնվող ոգեղեն էութենականություն։ Եվ սրա մասին նա կարող է ասել, որ գիտակցության մեջ այն իրեն բացվում է ''ինտուիցիայի '' շնորհիվ։ ''Ինտուիցիան '' զուտ ոգեղեն բովանդակության զուտ ոգեղենում ընթացող գիտակցված ապրումն է։ Միայն ''ինտուիցիայով '' կարող է ըմբռնվել մտածողության էությունը։
Երբ մարդ հասնի մտածողության ինտուիտիվ էության մասին այս ճշմարտության՝ անաչառ դիտարկմամբ ձեռք բերված ընդունմանը, միայն այդ ժամանակ կհաջողվի ճանապարհ բացել մարդու մարմնեղեն-հոգեկան կազմակերպվածքի հայեցողության համար։ Կիմանանք, որ այդ կազմակերպվածքը ոչ մի ազդեցություն չի կարող թողնել մտածողության ''էության '' վրա։ Դրան, ''կարծես թե '', նախ հակասում է միանգամայն ակնհայտ փաստացիությունը։ Սովորա-կան փորձի համար մարդկային մտածողությունը հանդես է գալիս այդ կազմակերպվածքի մասնակցությամբ և միջոցով միայն։ Այդ հանդես գալն այնքան ուժեղ է դրսևորվում, որ իր ճշմարիտ նշանակությամբ հասանելի է դառնում միայն նրան, ով ճանաչել է, թե ինչպես մտածողության էականության մեջ այս կազմակերպվածքը ոչ մի մասնակցություն չունի։ Բայց նրանից չի կարող վրիպել և այն, թե որքան յուրահատուկ է մարդու կազմակերպվածքի հարաբերությունը մտածողության նկատմամբ։ Բանն այն է, որ այդ կազմակերպվածքը ոչ մի ազդեցություն չի թողնում մտածողության էականության վրա, այլ ընկրկում է մտածողության գործունեության հանդես գալուն պես. այն վերառում է իր սեփական գործունեությունը, տեղ է ազատում. իսկ ազատված տեղում հանդես է գալիս մտածողությունը։ Մտածողության մեջ գործող էականությունը երկու խնդիր ունի, նախ ետ է մղում մարդու կազմակերպվածքը իր սեփական գործունեության մեջ, և երկրորդ՝ ինքն է գրավում դրա տեղը։ Քանզի նաև առաջին խնդիրը՝ մարմնի կազմակերպվածքի ետմդումը, մտածողական գործունեության հետևանք է։ Ընդ որում, մտածողական գործունեության հենց այն մասի, որը նախապատրաստում է մտածողության ''ի հայտ գալը ''։ Սրանից երևում է, թե մտածողությունն ինչ իմաստով է մարմնի կազմակերպվածքի մեջ գտնում իր արտացոլանքը (Gegenbild)։ Իսկ այս բանը տեսնելուց հետո այլևս անհնար է անգիտանալ մտածողության համար այդ արտացոլանքի նշանակությունը։ Փափուկ հողի վրա քայլողի ոտնահետքերը թաղվում են հողի մեջ։ Ոչ մեկի մտքով չի անցնի ասել, թե ոտնահետքերի ձևերը դրոշմել են հողի ուժերը վարից վեր։ ''Այդ ''ուժերին չեն վերագրի ոչ մի մասնակցություն հետքերի ձևերի կազմավորման մեջ։ Մտածողության էությունն անաչառ դիտարկողը առավել ևս մարմնեղեն օրգանիզմում եղած հետքերին չի վերագրի որևէ մասնակցություն այդ էությանը, հետքեր, որոնք առաջանում են այն բանի շնորհիվ, որ մտածողությունն իր ի հայտ գալը նախապատրաստում է մարմնի միջոցով<ref> Թե վերոնշյալ հայեցակերպն ինչպես է արժևորվում հոգեբանության, ֆիզիոլոգիայի և այլնի մեջ, հեղինակը տարբեր կողմերից ներկայացրել է այս գրքին հաջորդած աշխատություններում։ Այստեղ պիտի նշվեր միայն այն, ինչ երևան է գալիս բուն մտածողության անաչառ դիտարկումից։</ref>։
Բայց այստեղ ծառանում է մեծ նշանակություն ունեցող մի հարց։ Եթե մարդու կազմակերպվածքը ոչ մի մասնակցություն չունի մտածողության ''էությանն '', այդ դեպքում ո՞րն է այդ կազմակերպվածքի նշանակությունը մարդու ընդհանուր էության մեջ։ Դե, ինչ այս կազմակերպվածքի մեջ կատարվում է մտածողության միջոցով, անշուշտ, ոչ մի կապ չունի մտածողության էության հետ, բայց այդ մտածողությունից Ես-ի գիտակցության առաջացման հետ, անշուշտ, ունի։ Մտածողության բուն էության ներսում ընկած է, անշուշտ, իրական «Ես»–ը, բայց ոչ՝ Ես-ի գիտակցությունը։ Այս բանը հասկանալի է նրան, ով մտածողությունը դիտարկում է անաչառորեն։ «Ես»–ը կարելի է գտնել մտածողության ներսում։ «Ես-ի գի-տակցությունը» հանդես է գալիս այն բանի շնորհիվ, որ ընդհանուր գիտակցության մեջ վերոնշյալ իմաստով դրոշմվում են մտածողական գործունեության հետքերը։ (Այսինքն՝ մարմնի կազմակերպվածքի շնորհիվ առաջանում է Ես-ի գիտակցությունը։ Բայց սա չպետք է շփոթել այն պնդման հետ, թե մեկ անգամ առաջացած Ես-ի գիտակցությունը կախվածության մեջ է մնում մարմնի կազմակերպվածքից։ Առաջանալուց հետո այն ընդգրկվում է մտածողության մեջ և այդ պահից կիսում վերջինիս ոգեղեն էությունը։)
«Ես-ի գիտակցությունը» հիմնված է մարդու կազմակերպվածքի վրա։ Վերջինիցս բխում են կամային գործողությունները։ Մտածողության, գիտակից Ես-ի և կամային գործողության միջև կապի մասին նախորդ դատողությունների իմաստով պատկերացում կարելի է կազմել միայն այն դեպքում, եթե նախ դիտարկվի, թե ինչպես է կամային գործողությունը առաջանում մարդու կազմակերպվածքից<ref>99 էջից մինչև վերոնշված տեղը հավելում է կամ վերամշակում 1918 թվականի նոր հրատարակության համար։</ref>։ Առանձին կամային ակտի համար խնդրո առարկա են մոտիվը և մղիչ ուժը։ Մոտիվը հասկացութային կամ պատկերացումային գործոն է, մղիչ ուժը կամեության՝ մարդու կազմակերպվածքով ան-միջականորեն պայմանավորված գործոն։ Հասկացութային գործոնը կամ մոտիվը կամեության ակնթարթային որոշարկման հիմքն է, մղիչ ուժը՝ անհատի որոշարկման մնայուն հիմքը։ Կամեության մոտիվ կարող է լինել զուտ հասկացությունը կամ ընկալողությանը որոշակի վերաբերություն ունեցող հասկացությունը, ինչը պատկերացում է։ Համընդհանուր և անհատական հասկացությունները (պատկերացումները) կամեության մոտիվներ են դառնում այն բանի շնորհիվ, որ գործում են մարդկային անհատի վրա և կոչում նրան որոշակի ուղղությամբ որևէ գործողություն կատարելու։ Բայց միևնույն հասկացությունը, ինչպես և միևնույն պատկերացումը տարբեր անհատների վրա տարբեր կերպ է գործում։ Դրանք տարբեր մարդկանց տարբեր գործողությունների են դրդում։ Այսպիսով, կամեությունն արդյունք է ոչ միայն հասկացության կամ պատկերացման, այլև մարդու անհատական որակի։ Այդ անհատական որակը մենք ուզում ենք,- այս առնչությամբ կարելի՛ է հետևել Էդուարդ ֆոն Հարթմանին,- անվանել բնութաբանական հակվածություն (charakterologische Anlage)։ Մարդու բնութաբանական հակվածության վրա հասկացության և պատկերացման գործած ազդեցության ձևը որոշակի բարոյական կամ էթիկական դրոշմ է թողնում մարդու կյանքի վրա։
Բնութաբանական հակվածությունը կազմավորվում է մեր սուբյեկտի քիչ թե շատ մնայուն կենսական բովանդակության, այն է՝ մեր պատկերացումային և զգացումային բովանդակության շնորհիվ։ Թե արդյոք այս պահին ինձանում հանդես եկող որևէ պատկերացում ինձ կդրդի կամենալու, կախված է այն բանից, թե այդ պատկերացումը ինչպիսի վերաբերմունք ունի իմ մնացյալ պատկերացումային բովանդակության, ինչպես նաև իմ զգացմունքային յուրահատկությունների նկատմամբ։ Բայց իմ պատկերացումային բովանդակությունն էլ պայմանավորված է այն հասկացությունների գումարով, որոնք իմ անհատական կյանքի ընթացքում շփման մեջ են մտել ընկալումների հետ, այսինքն՝ դարձել են պատկերացումներ։ Այդ գումարն էլ իր հերթին կախված է ինտուիցիայի իմ քիչ թե շատ ընդունակությունից և իմ դիտարկումների շրջանակից, այն է՝ փորձառությունների սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոնից, ներքին որոշակիությունից և կենսասպարեզից։ Իմ բնութաբանական հակվածությունը հատկապես որոշարկված է իմ զգացմունքային կյանքով։ Որոշակի պատկերացումից կամ հասկացությունից իմ ուրախություն կամ ցավ զգալուց է կախված՝ արդյոք ես ուզում եմ այն դարձնել իմ գործողության մոտիվ, թե՝ ոչ։- Սրանք են խնդրո առարկա տարրերը կամային ակտի պարագայում։ Անմիջականորեն առկա պատկերացումը կամ հասկացությունը, որ դառնում է մոտիվ, որոշարկում է իմ կամեության նպատակն ու իմաստը, իմ բնութաբանական հակվածությունը կոչում է ինձ իմ գործունեությունն ուղղելու այդ նպատակին։ Առաջիկա կես ժամվա ընթացքում զբոսանքի դուրս գալու պատկերացումը որոշարկում է իմ գործողության նպատակը։ Բայց այդ պատկերացումը միայն այն դեպքում է բարձրացվում կամային մոտիվի աստիճանի, երբ հանդիպում է հարմար բնութաբանական հակվածության, այն է՝ երբ իմ մինչայժմյան կյանքում ինձանում ձևավորվել են պատկերացումներ զբոսանքի նպատակահարմարության, առողջության արժեքի մասին, և ապա, եթե ինձ համար զբոսանքի պատկերացման հետ կապվում է հաճույքի զգացումը։
Այսպիսով, մենք պետք է զանազանենք՝ 1) հնարավոր սուբյեկտիվ հակվածությունները, որոնք ի զորու են մոտիվներ դարձնելու որոշակի պատկերացումներ և հասկացություններ, 2) հնարավոր պատկերացումներն ու հասկացությունները, որոնք ի վիճակի են այնպիսի ազդեցություն թողնելու իմ բնութաբանական հակվածության վրա, որ առաջանա կամեություն։ Առաջինները ներկայացնում են բարոյականության ''դրդապատճառները '', մյուսները՝ ''նպատակները ''։
Բարոյականության դրդապատճառները մենք կարող ենք գտնել, եթե հետամուտ լինենք, թե ինչ տարրերից է բաղադրվում անհատական կյանքը։
Անհատական կյանքի առաջին աստիճանը ''ընկալողությունն ''է, հենց զգայարանների ընկալողությունը։ Այստեղ մենք գտնվում ենք մեր անհատական կյանքի այն տիրույթում, որտեղ ընկալողությունն անմիջականորեն, առանց որևէ զգացմունքի կամ հասկացության միջամտության, փոխարկվում է կամեության։ Մարդու՝ այստեղ խնդրո առարկա հանդիսացող մղիչ ուժը բնորոշվում է պարզապես որպես ''մղում '': Մեր ցածրակարգ, զուտ կենդանական պահանջների (քաղց, սեռական հարաբերություն և այլն) բավարարումը իրագործվում է այս ճանապարհով։ Մղումային կյանքի հատկանշականը այն անմիջականությունն է, ինչով աոանձին ընկալումը առաջ է բերում կամեություն։ Կամեության որոշարկման այս ձևը, որ սկզբնապես հատուկ է միայն ցածրակարգ զգայական կյանքին, կարելի է տարածել նաև բարձրակարգ զգայությունների ընկալումների վրա։ Արտաքին աշխարհի որևէ իրադարձության ընկալմանը մենք առանց երկար-բարակ խորհելու կամ այդ ընկալման հետ ինչ-որ առանձնահատուկ զգացմունք կապելու, արձագանքում ենք որևէ գործողությամբ, ինչպես դա տեղի է ունենում մարդկանց հետ առօրյա շփման ժամանակ։ Այս գործողության մղիչ ուժն անվանում են ''տակտ '' կամ ''բարոյական ճաշակ ''։ Որքան ավելի հաճախ տեղի ունենա գործողության անմիջական առաջբերում ընկալմամբ, այնքան տվյալ մարդը ավելի հակված կլինի գործելու զուտ տակտի ազդեցության տակ, այն է՝ ''տակտը '' դաոնում է նրա բնութաբանական հակվածությունը։
Մարդու կյանքի երկրորդ ոլորտը զգացողությունն է։ Արտաքին աշխարհի ընկալումներին կապվում են որոշակի զգացմունքներ։ Այս զգացմունքները կարող են դառնալ գործողության մղիչ ուժեր։ Սոված մարդ տեսնելիս իմ կարեկցանքը նրա նկատմամբ կարող է կազմել իմ գործողության մղիչ ուժը։ Նման զգացմունքներ են, օրինակ, ամոթի զգացումը, հպարտությունը, պատվախնդրությունը, խոնարհությունը, զղջումը, կարեկցանքը, վրեժի և երախտագիտության զգացումը, պատկառանքը, հավատարմությունը, սիրո և պարտքի զգացումը <ref>Բարոյականության սկզբունքների ամբողջական պատկերը կարելի է գտնել (մետաֆիզիկական ռեալիզմի տեսակետից) Էդուարդ ֆոն Հարթման «Բարոյական գիտակցության ֆենոմենոլոգիա» գրքում։</ref>
Վերջապես կյանքի երրորդ աստիճանը ''մտածողությունն ու պատկերացումն է ''։ Սոսկ խորհրդածությամբ պատկերացումը կամ հասկացությունը կարող է դառնալ գործողության մոտիվ։ Պատկերացումները մոտիվներ են դառնում այն բանի շնորհիվ, որ մենք կյանքի ընթացքում շարունակ կամեության ինչ-ինչ նպատակներ ենք կապում ընկալումների հետ, որոնք քիչ թե շատ մոդիֆիկացված ձևով շարունակ կրկնվում են։ Դա է պատճառը, որ այնքան էլ ոչ անփորձ մարդկանց պարագայում որոշակի ընկալումների հետ միշտ գիտակցություն են հասնում նաև այնպիսի գործողությունների պատկերացումներ, որ իրենք նման դեպքում կատարել կամ կատարելիս տեսել են։ Այս պատկերացումները որպես որոշակի նմուշներ պատկերանում են նրանց հետագա բոլոր վճիռներում, դրանք դառնում են բնութաբանական հակվածության բաղադրիչներ։ Մենք կարող ենք կամեության՝ դրանով բնորոշված մղիչ ուժը կոչել ''պրակտիկ փորձ ''։ Պրակտիկ փորձը հետզհետե փոխակերպվում է զուտ տակտով գործողության։ Սա այն դեպքն է, երբ գործողությունների որոշակի տիպական պատկերներ մեր գիտակցության մեջ կյանքի որոշ իրավիճակների մասին պատկերացումների հետ այնպես ամուր են կապվում, որ մենք անհրաժեշտության դեպքում շրջանցելով փորձի վրա հիմնված խորհրդածությունը ընկալումից անմիջապես անցնում ենք կամեությանը։
Անհատական կյանքի բարձրագույն աստիճանը հասկացութային մտածողությունն է՝ առանց հաշվի առնելու որեէ որոշակի ընկալումային բովանդակություն։ Որևէ հասկացության բովանդակությունը մենք որոշարկում ենք զուտ ինտուիցիայով՝ ելնելով գաղափարային ոլորտից։ Այնուհետև, նման հասկացությունը սկզբում չի պարունակում ոչ մի վերաբերություն առ որոշակի ընկալումներ։ Ընկալում մատնանշող որևէ հասկացության, այն է՝ որևէ պատկերացման ազդեցության տակ կամեություն մուտք գործելիս մեզ կողմնակի ճանապարհով հասկացութային մտածողությամբ որոշարկողը այդ ընկալումն է։ Եթե գործում ենք ինտուիցիաների ազդեցության տակ, ապա մեր գործողության մղիչ ուժը ''զուտ մտածողությունն '' է։ Քանի որ սովորություն է զուտ մտածողական կարողությունը փիլիսոփայության մեջ բանականություն անվանել, ապա, թերևս, արդարացված է նաև այս աստիճանում հատկորոշված բարոյական մղիչ ուժը կոչել ''պրակտիկ բանականություն '': Կամեության այս մղիչ ուժը ամենահստակ կերպով արծարծել է Քրայենբյուլը (Philosophische Monatshefte հ. XVIII, պրակ 3)։ Այդ մասին գրած նրա հոդվածը ես դասում եմ արդի փիլիսոփայության, առանձնապես էթիկայի, ամենանշանակալից գործերի շարքը։ Քրայենբյուլը խնդրո առարկա մղիչ ուժը բնորոշում է որպես ''պրակտիկ ապրիորի '', այսինքն՝ անմիջականորեն իմ ինտուիցիայից բխող գործողության խթան։
Պարզ է, որ նման խթանը բառիս բուն իմաստով այլևս չի կարող դասվել բնութաբանական հակվածությունների ոլորտը։ Քանզի այստեղ որպես մղիչ ուժ գործողը այլևս ոչ թե սոսկ անհատական ինչ-որ բան է իմ մեջ, այլ իմ ինտուիցիայի գաղափարային և, հետևաբար, ընդհանուր բովանդակությունը։ Այս բովանդակության իրավասությունը որպես գործողության հիմք և ելակետ դիտելիս ես մուտք եմ գործում կամեություն, միևնույն է, հասկացությունը ժամանակային առումով արդեն նախապես առկա է եղել ինձանում, թե միայն գործողությունից անմիջապես առաջ է մուտք գործում իմ գիտակցություն, այսինքն՝ միևնույն է, արդյոք ինձանում արդեն առկա է եղել որպես հակվածություն, թե՝ ոչ։
Բանը իրական կամային ակտի հասնում է միայն այն դեպքում, երբ գործողության ակնթարթային խթանը հասկացության կամ պատկերացման ձևով ներգործում է բնութաբանական հակվածության վրա։ Այդ դեպքում նման խթանը դառնում է կամեության մոտիվ։
Բարոյականության մոտիվները պատկերացումներ ու հասկացություններ են։ Կան բարոյագետներ, որոնք բարոյականության մոտիվ են տեսնում նաև զգացմունքի մեջ։ Նրանք, օրինակ, պնդում են, թե բարոյական գործողության նպատակը գործող անհատի մեջ կարելվույն չափ մեծ հաճույք առաջացնելն է։ Բայց մոտիվ կարող է դառնալ ոչ թե բուն հաճույքը, այլ միայն ''պատկերացված հաճույքը ''։ Իմ բնութաբանական հակվածության վրա ներգործել կարող է ապագա որևէ զգացմունքի ''պատկերացումը '' և ոչ թե բուն զգացմունքը։ Քանզի բուն զգացմունքը գործողության պահին դեռ չկա, այն ավելի շուտ պետք է առաջանա միայն գործողության շնորհիվ։
Բայց սեփական կամ ուրիշի բարօրության ''պատկերացումը '' իրավամբ դիտվում է որպես կամեության մոտիվ։ Իր գործողություններով սեփական հաճույքի առավելագույն չափ առաջ բերելու, այն է անհատական երանության հասնելու սկզբունքը կոչվում է ''եսասիրություն ''։ Այդ անհատական երանությանը փորձում են հասնել կա՛մ անխտիր կերպով միայն սեփական բարօրության մասին մտածելու ս դա նաև ուրիշ անհատականությունների երջանկության հաշվին ձեռք բերելու միջոցով (զուտ եսասիրություն), կա՛մ ուրիշների բարօրությանը հենց այն պատճառով նպաստելու ճանապարհով, որ այլ երջանիկ անհատականություններից անուղղակիորեն ակնկալվում է բարերար ազդեցություն սեփական անձի վրա, կա՛մ որ այլ անհատների վնասելով՝ սեփական շահի վտանգման երկյուղ կա (խելամիտ բարոյականություն)։ Էգոիստական բարոյականության սկզբունքների առանձնահատուկ բովանդակությունը կախված կլինի այն բանից, թե ինչ պատկերացում է կազմում մարդը իր սեփական կամ ուրիշի երանության մասին։ Մարդն իր եսասիրական ձգտման բովանդակությունը որոշարկում է այն բանով, թե ինչն է ինքը դիտում իբրև կյանքի բարիք (բարեկեցիկ կյանք, երանության հույս, ձերբազատում զանազան չարիքներից և այլն)։
Որպես մեկ ուրիշ մոտիվ այնուհետև պետք է դիտել գործողության զուտ հասկացութային բովանդակությունը։ Այս բովանդակությունը սեփական հաճույքի պատկերացման պես չի վերաբերում միայն առանձին գործողությանը, այլ՝ գործողության հիմնավորմանը բարոյական սկզբունքների համակարգից։ Բարոյականության այս սկզբունքները վերացական հասկացությունների ձևով կարող են կարգավորել բարոյական կյանքը՝ հասկացությունների ծագման մասին առանց որևէ մեկի մտահոգության։ Այդ դեպքում մեր գործողությունների վրա պատվիրանի ձևով թևածող բարոյական հասկացությանը ենթարկվելը մենք պարզապես ընկալում ենք իբրև բարոյական անհրաժեշտություն։ Այս անհրաժեշտության հիմնավորումը թողնում ենք նրան, ով պահանջում է բարոյական ենթարկում, այն է՝ մեր իսկ ընդունած բարոյական հեղինակությանը (ընտանիքի գլուխ, պետություն, հասարակական բարք, եկեղեցական հեղինակություն, աստվածային հայտնություն)։ Այս բարոյական սկզբունքների մի ուրույն տեսակ է այն, երբ պատվիրանը մեզ ներկայանում է ոչ թե արտաքին ինչ-որ հեղինակության, այլ մեր սեփական ներքինի միջոցով (բարոյական ինքնավարություն)։ Այս դեպքում մենք լսում ենք մեր իսկ ներսում հնչող ձայնը, որին պետք է ենթարկվենք։ Այս ձայնի արտահայտությունը ''խիղճն '' է։
Բարոյական առաջընթաց է, երբ մարդն իր գործողությունների մոտիվ է դարձնում ոչ թե պարզապես արտաքին կամ ներքին հեղինակության պատվիրանը, այլ երբ ձգտում է գիտակցել այն պատճառը, որի համաձայն գործողությունների ինչ-որ հիմնադրույթ իր մեջ պիտի գործի որպես մոտիվ։ Այս առաջընթացը անցում է հեղինակության բարոյականությունից դեպի բարոյական գիտակցությամբ պայմանավորված գործողություն։ Բարոյականության այս աստիճանում մարդը կհետամտի բարոյական կյանքի պահանջմունք-ների և դրանց ճանաչողությամբ կորոշի իր գործողությունները։ Այդպիսի պահանջմունքներ են 1) համայն մարդկության առավելագույն բարօրությունը զուտ հանուն այդ բարօրության, 2) մարդկության մշակութային առաջընթացը կամ բարոյական զարգացումը դեպի էլ ավելի կատարելություն, 3) զուտ ինտուիտիվ կերպով ըմբռնված անհատական բարոյական նպատակների իրագործումը։
''Համայն մարդկության հնարավոր առավելագույն բարօրությունը '' տարբեր մարդկանց կողմից, անշուշտ, կընկալվի տարբեր կերպ։ Վերոնշյալ հիմնադրույթը չի վերաբերում այս բարօրության մասին որոշակի պատկերացմանը, այլ՝ այն բանին, որ յուրաքանչյուր ոք, ով ընդունում է այս սկզբունքը, ձգտի անել այն, ինչ, ըստ իրեն, առավելագույնս կնպաստի համայն մարդկության բարօրությանը։
''Մշակութային առաջընթացը '' մշակույթի արժեքների հետ հաճույքի զգացում կապողին ներկայանում է որպես նախորդ բարոյական սկզբունքի առանձնահատուկ դեպք։ Միայն թե նա ստիպված կլինի համակերպվել մարդկության բարօրությանը նույնպես նպաստող որոշ բաների կործանման և ավերման հետ։ Բայց հնարավոր է նաև, որ որևէ մեկը մշակութային առաջընթացի մեջ, դրա հետ կապված հաճույքի զգացումից զատ, տեսնի ինչ-որ բարոյական անհրաժեշտություն։ Այս դեպքում նշված առաջընթացը նրա համար նախորդի հետ մեկտեղ առանձնահատուկ բարոյական մի սկզբունք է։
Թե՛ համընդհանուր բարօրության, թե՛ մշակութային առաջընթացի հիմնադրույթը հիմնվում է այն պատկերացման վրա, այսինքն՝ այն հարաբերության, որ շնորհվում է բարոյական գաղափարների բովանդակությանը որոշակի ապրումների (ընկալումների) վերաբերմամբ։ Բայց մտածելի գերագույն բարոյական սկզբունքն այն է, ինչ ի սկզբանե նման հարաբերություն չի պարունակում, այլ բխում է զուտ ինտուիցիայի ակունքից և միայն հետո է փնտրում ընկալման (կյանքի) հետ հարաբերություն։ Թե ինչ պիտի կամեցվի, այստեղ որոշարկվում է մեկ այլ ինտուիցիայում, քան նախորդ դեպքերում էր։ Ով տուրք է տալիս համընդհանուր բարօրության բարոյական սկզբունքին, նա իր բոլոր գործողություններում նախ կհարցնի, թե իր իդեալներն ի՞նչ նպաստ են բերում այդ համընդհանուր բարօրությանը։ Ով հարում է մշակութային առաջընթացի բարոյական սկզբունքին, նա ևս նույն կերպ կվարվի այստեղ։ Բայց կա առավել բարձր մի բան, որ առանձին դեպքում ոչ թե ելնում է որոշակի առանձին բարոյական նպատակից, այլ բոլոր բարոյական հիմնադրույթներին տալիս է որոշակի արժեք և համապատասխան դեպքում մի՛շտ հարցնում, թե այդտեղ ո՞ր բարոյական սկզբունքն է առավել կարևոր։ Հնարավոր է, ինչ-որ մեկը, ելնելով տվյալ պայմաններից, ճիշտ համարի մշակութային առաջընթացի, այլ պայմաններում՝ համընդհանուր բարօրության, երրորդ դեպքում՝ սեփական բարօրության խթանումը և այն դարձնի իր գործողությունների մոտիվ։ Բայց երբ որոշարկման բոլոր այլ պատճառները երկրորդ պլան են մղվում, այդ ժամանակ խնդրո առարկա է դառնում առաջին հերթին բուն հասկացութային ինտուիցիան։ Դրանով մյոա մոտիվները ետ են քաշվում ղեկավար դիրքից, և որպես գործողության մոտիվ ծառայում է միայն գործողության գաղափարային բովանդակությունը։ Բնութաբանական հակվածության աստիճաններից մենք որպես գերագույն նշեցինք այն աստիճանը, որը գործում է որպես ''զուտ մտածողություն '', որպես ''պրակտիկ բանականություն ''։ Որպես գերագույն մոտիվ մենք հիմա նշեցինք ''հասկացութային ինտուիցիան ''։ Ճշգրիտ խորհրդածության դեպքում իսկույն պարզվում է, որ բարոյականության այս աստիճանում մղիչ ուժն ու մոտիվը համընկնում են, այն է՝ մեր գործողությունների վրա չեն ազդում ո՛չ նախապես որոշարկված բնութաբանական հակվածությունը, ո՛չ էլ արտաքին, նորմատիվորեն ընդունված բարոյական սկզ բունքը։ Գործողությունն, այսպիսով, շաբլոնային չէ, որ իրականացվում է համաձայն ինչ-որ կանոնների, ե ոչ էլ այնպիսին, որ մարդը կատարում է մեխանիկորեն, արտաքին մղմամբ, այլ պարզապես որոշարկված է իր գաղափարային բովանդակությամբ։
Նման գործողության նախադրյալը բարոյական ինտուիցիաների ընդունակ լինելն է։ Ով զուրկ է յուրաքանչյուր մասնավոր դեպքում առանձնակի բարոյական հիմնադրույթի ապրում ունենալու ունակությունից, նրան երբեք չի հաջողվի հիրավի անհատական կամեություն։
Այս բարոյական սկզբունքին ուղղակիորեն հակադրվում է կանտյան սկզբունքը՝ գործիր այնպես, որ քո գործողության սկզբունքները ընդունելի լինեն բոլոր մարդկանց համար։ Այս դրույթը գործելու ամեն անհատական մղման մահն է։ Ինձ համար կարող է չափանիշ լինել ոչ թե այն, թե ինչպես կգործեն ''բոլոր '' մարդիկ, այլ այն, թե անհատական դեպքում իմ անելիքն ինչ է։
Մակերեսային դատողությունը, թերևս, կառարկեր այս շարադրանքին՝ գործողությունը ինչպե՞ս կարող է միաժամանակ անհատական բնույթ ունենալ առանձին դեպքի և առանձին իրավիճակի համար և, այնուհանդերձ, զուտ գաղափարայնորեն որոշարկվել ինտուիցիայից։ Այս առարկությունը հիմնված է գործողության բարոյական մոտիվը գործողության ընկալելի բովանդակության հետ շփոթելու վրա։ Վերջինս ''կարող '' է մոտիվ լինել և է, օրինակ, մշակութային առաջընթացի, եսասիրությունից գործելու դեպքում, և այլն. իսկ զուտ բարոյական ինտուիցիայի հիման վրա գործելիս այդպիսին չէ։ Իմ Ես-ն իր հայացքն ուղղում է, իհարկե, այդ ընկալումային բովանդակությանը, բայց վերջինիս կողմից իրեն որոշարկել չի տալիս։ Այդ բովանդակությունն օգտագործվում է միայն ''ճանաչողական հասկացություն '' կազմելու համար, սրան վերաբերող ''բարոյական հասկացությունը '' Ես-ը չի վերցնում օբյեկտից։ Որոշակի իրավիճակից վերցված ճանաչողական հասկացությունը միայն այն դեպքում է միաժամանակ նաև բարոյական հասկացություն, եթե ես կանգնած եմ որոշակի բարոյական սկզբունքի տեսակետին։ Եթե ես ցանկանայի կանգնել միայն համընդհանուր մշակութային զարգացման բարոյական հողի վրա, ապա աշխարհում կշրջեի նախանշված ուղերթով։ Իմ ընկալած և ինձ զբաղեցնող ամեն իրադարձությունից միաժամանակ բխում է ինչ-որ բարոյական պարտականություն, այն է՝ իմ լուման ներմուծել, որպեսզի տվյալ իրադար-ձությունը ծառայի մշակութային զարգացմանը։ Ինձ որևէ իրադարձության կամ իրի բնական կապը բացահայտող հասկացությունից բացի, այդ իրադարձությունը կամ իրը կրում են նաև բարոյական պիտակ, որն ինձ՝ բարոյական էակիս համար պարունակում է էթիկական ցուցում, թե ինչպես պիտի վարվեմ։ Այդ բարոյական պիտակն իր ոլորտում արդարացված է, բայց առավել բարձր դիրքում համընկնում է գաղափարի հետ, որ բացվում է ինձ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում։
Ըստ ինտուիցիայի կարողության՝ մարդիկ տարբեր են լինում։ Մեկին գաղափարները տրվում են հորդալով, մյուսը դրանք ձեռք է բերում դժվարությամբ։ Պակաս չափով տարբեր չեն նաև իրավիճակները, որոնցում մարդիկ ապրում են և որոնք հանդիսանում են նրանց գործողությունների ասպարեզը։ Մարդու գործելակերպն, ուրեմն, կախված կլինի այն ձևից, թե նրա ինտուիցիայի կարողությունն ինչպես կգործի որոշակի իրավիճակի բախվելիս։ Մեզանում գործող գաղափարների գումարը՝ մեր ինտուիցիաների իրական բովանդակությունը, կազմում է այն, ինչը, գաղափարների աշխարհի ամենայն ընդհանրությամբ հանդերձ, յուրաքանչյուր մարդու մեջ անհատական տեսակի է։ Եթե այդ ինտուիտիվ բովանդակությունն ուղղված է գործողությանը, ապա դառնում է անհատի բարոյականության բովանդակությունը։ Այդ բովանդակությանը դրսևորվել տալը գերագույն բարոյական մղիչ ուժն ու միաժամանակ գերագույն մոտիվն է նրա, ով գիտակցում է, որ մնացած բոլոր բարոյական սկզբունքներն ի վերջո միավորվում են այս բովանդակության մեջ։ Այս տեսակետը կարելի է անվանել ''էթիկական ինդիվիդուալիզմ '': Ինտուիտիվ կերպով որոշարկված գործողության չափանիշը ամեն կոնկրետ դեպքում համապատասխան, լիովին անհատական ինտուիցիա երևան հանելն է։ Բարոյականության այս աստիճանում միայն այնքանով կարելի է խոսել ընդհանուր բարոյական հասկացությունների մասին (նորմեր, օրենքներ), որքանով սրանք բխում են անհատական մղումների ընդհանրացումից։ Համընդհանուր նորմերը միշտ կանխադրում են կոնկրետ փաստեր, որոնցից իրենք կկարողանային բխեցվել։ Բայց փաստերն ''ստեղծվում են '' միայն մարդու գործունեությամբ։
Եթե վեր հանենք օրինաչափը (հասկացութայինը) անհատների, ժողովուրդների և դարաշրջանների գործողությունների մեջ, ապա կստանանք էթիկա, բայց ոչ որպես գիտություն բարոյական նորմերի մասին, այլ որպես բարոյականության բնոամունք (Naturlehre)։ Միայն այս կերպ ձեռք բերված օրենքներն են հարաբերվում մարդկային գործողություններին այնպես, ինչպես բնության օրենքները՝ առանձնահատուկ ինչ-որ երևույթի։ Բայց դրանք ամենևին էլ նույնական չեն այն մղումների հետ, որ մենք դնում ենք մեր գործողությունների հիմքում։ Ըմբռնելու համար, թե ինչի շնորհիվ է մարդու գործողությունը բխում նրա ''բարոյական '' կամեությունից, նախ պետք է տեսնել այդ կամեության ունեցած հարաբերությունը գործողությանը։ Նախ աչքի տակ պետք է ունենալ այնպիսի գործողություններ, որոնց դեպքում որոշարկողը այս հարաբերությունն է։ Եթե ես կամ մեկ ուրիշը հետագայում խորհենք նման մի գործողության մասին, ապա կարելի է պարզել, թե որ բարոյական հիմնադրույթներն են այդ գործողության դեպքում խնդրո առարկա դառնում։ Գործողություն կատարելիս ինձ դրդում է բարոյականության հիմնադրույթը, որքանով սա կարող է ինտուիտիվ կերպով ապրել իմ մեջ. այդ հիմնադրույթը կապված է այն օբյեկտի հանդեպ տածվող ''սիրո '' հետ, որ ես ուզում եմ իմ գործողությամբ իրականացնել։ Ես չեմ հարցնում ո՛չ մարդու, ո՛չ կանոնի՝ կատարե՞մ այս գործողությունը, այլ կատարում եմ այն դրա գաղափարն ըմբռնելուն պես։ Միայն դրա շնորհիվ է այն ''իմ '' գործողությունը։ Ով գործո-ղություն է կատարում, միայն որովհետև ընդունում է որոշակի բարոյական նորմեր, նրա գործողությունը սեփական բարոյական կոդեքսում առկա սկզբունքների արդյունքն է։ Նա սոսկ կատարածուն է։ Նա բարձրակարգ ավտոմատ է։ Նրա գիտակցության մեջ ներմուծեք գործելու որևէ առիթ, և անմիջապես շարժման մեջ կդրվի նրա բարոյական սկզբունքների մեխանիզմը և կընթանա օրինաչափ կերպով՝ քրիստոնեական, հումանիստական, իր համար անշահախնդիր համարում ունեցող կամ կուլտուր-պատմական առաջընթացի որևէ գործողություն կատարելու։ Միայն օբյեկտի նկատմամբ իմ տածած սիրուն հետևելու դեպքում եմ գործողություն կատարողը ես ինքս։ Բարոյականության այս աստիճանում գործում եմ ոչ այն պատճառով, որ ինձնից վեր ընդունում եմ որևէ տիրոջ կամ արտաքին հեղինակություն, կամ, այսպես կոչված, ինչ-որ ներքին ձայն։ Ես չեմ ընդունում իմ գործողությունների և ոչ մի ար-տաքին սկզբունք, որովհետև ինքս իմ մեջ եմ գտել գործելու պատճառը՝ սերն առ գործողություն։ Ես դատողականորեն չեմ ստուգում, թե արդյոք իմ գործողությունը բարի է կամ չար։ Ես կատարում եմ այն, որովհետև ''սիրում եմ ''։ Այն «բարի» է դառնում, եթե սիրո մեջ թաթախված իմ ինտուիցիան ինտուիտիվ կերպով ապրելի համաշխարհային կապի մեջ ճիշտ տեղում է. «չար»՝ հակառակ դեպքում։ Ես ինձ չեմ հարցնում նաև, թե մեկ ուրիշը իմ պարագայում ինչպե՞ս կգործեր, այլ գործում եմ, ինչպես իմ առանձին անհատականությունն է մղված զգում դա կամենալու։ Ինձ անմիջական ձևով ղեկավարում է ոչ թե ընդհանուր ընդունվածը, ընդհանուր բարքը, ինչ-որ համամարդկային հիմնադրույթ, ինչ-որ բարոյական նորմ, այլ՝ իմ սերն առ արարք։ Ես չեմ զգում ոչ մի հարկադրանք՝ ո՛չ մղումներիս պարագայում ինձ ղեկավարող բնության հարկադրանքը, ո՛չ էլ բարոյական պատվիրանների հարկադրանքը, այլ պարզապես ուզում եմ իրագործել այն, ինչ իմ ներսում է։
Համընդհանուր բարոյական նորմերի պաշտպանները այս դատողությունների վերաբերյալ թերևս ասեն՝ եթե յուրաքանչյուր մարդ ձգտի միայն դրսևորվելու և գործելու, ինչպես իրեն է հաճո, ապա ոչ մի տարբերություն չի լինի բարի արարքի և հանցագործության միջև, իմ մեջ եղած ամեն մի սրիկայություն դրսևորվելու նույն իրավունքն ունի, ինչ համընդհանուր բարօրությանը ծառայելու մտադրությունը։ Ինձ՝ բարոյական մարդուս համար վճռորոշ կարող է լինել ոչ թե այն հանգամանքը, որ գործողությունը նկատի եմ առնում՝ ելնելով գաղափարից, այլ դրա բարի կամ ''չար '' լինելու ստուգումը։ Միայն առաջին դեպքում ես կկատարեմ այն։
Հասկանալի և միաժամանակ միայն ասածիս թյուրհասկացումից բխող այս առարկությանը կպատասխանեմ՝ ով ուզում է ճանաչել մարդու կամեության էությունը, նա պետք է տարբերի ճանապարհը, որ այդ կամեությունը տանում է մինչ զարգացման որոշակի աստիճան, այն յուրահատկությունից, որ ստանում է կամեությունը այդ նպատակին մոտենալիս։ Դեպի այդ նպատակը տանող ճանապարհին նորմերը խաղում են իրենց արդարացի դերը։ Նպատակը զուտ ինտուիտիվ կերպով ըմբռնված բարոյական նպատակների իրականացումն է։ Մարդը նման նպատակների հասնում է այն չափով, որչափով ընդհանրապես ունի մինչև աշխարհի գաղափարների ինտուիտիվ բովանդակությունը բարձրանալու ունակություն։ Առանձին կամեության մեջ այդպիսի նպատակներին մեծ մասամբ միախառնվում է այլ բան, քան մղիչ ուժն է կամ մոտիվը։ Բայց մարդու կամեության մեջ ինտուիտիվը կարող է որոշարկող դեր խաղալ կամ մասնակցել որոշարկմանը։ Ինչ ''պիտո է անել '', արվում է. մարդ ձևավորում է այն ասպարեզը, որտեղ պիտոյությունը դառնում է արարք. սեփական գործողությունն այն է, ինչ մարդ բխեցնում է իրենից որպես այդպիսին։ Խթանն այստեղ կարող է լինել միայն լիովին անհատական։ Իսկ իրականում անհատական կարող է լինել լոկ ինտուիցիայից բխող կամային գործողությունը։ Հանցագործի արարքը, չարը նույն իմաստով կարելի է անվանել անհատականության դրսևորում, ինչ զուտ ինտուիցիայի մարմնավորումը, միայն եթե կույր մղումները վերագրենք մարդու անհատականությանը։ Բայց հանցագործության տանող կույր մղումը չի գալիս ինտուիցիայից և պատկանում է ոչ թե մարդու անհատականին, այլ նրանում եղած ամենաընդհանուրին, այն բանին, ինչ բնորոշ է բոլոր անհատներին և ինչից մարդն ազատվում է իր անհատականի շնորհիվ։ Իմ մեջ անհատականը իմ օրգանիզմը չէ՝ իր մղումներով ու զգացմունքներով, այլ գաղափարների այն միասնական աշխարհը, որ ցոլարձակում է այդ օրգանիզմում։ Իմ մղումները, բնազդները, կրքերն իմ մեջ այլ բան չեն հիմնավորում, քան այն, որ Ես պատկանում եմ ''մարդ '' ընդհանուր տեսակին, իսկ այն հանգամանքը, որ այդ մղումներում, կրքերում ու զգացմունքներում առանձնահատուկ ձևով դրսևորվում է ինչ-որ գաղափարային բան, հիմնավորում է իմ անհատականությունը։ Ես մարդ եմ իմ բնազդների, մղումների շնորհիվ, ինչը առանձնակի մի բան չէ. գաղափարի առանձնահատուկ ձևի շնորհիվ, որով այդ ոչ առանձնակի բանի մեջ ես ինձ Ես եմ անվանում, ես անհատ եմ։ Ելնելով իմ կենդանական բնության տարբերությունից՝ միայն օտար էակը կարող է զանազանել ինձ մյոաներից. իմ մտածողության, այսինքն այն բանի գործուն ըմբռնման շնորհիվ, ինչ իմ օրգանիզմում դրսևորվում է որպես գաղափարային մի բան, ես ինքս տարբերում եմ ինձ մյոաներից։ Այսպիսով, հանցագործի արարքի մասին ամենևին չի կարելի ասել, թե այն բխում է գաղափարից։ Ավելին, հանցագործ արարքների բնութագրականը հենց այն է, որ դրանք բխում են մարդու արտագաղափարային տարրերից։
Գործողությունն ընկալվում է որպես ազատ, եթե դրա պատճառը բխում է իմ անհատական էության գաղափարային մասից։ Գործողության յուրաքանչյուր այլ մաս, միևնույն է, ինչ պատճառով է կատարվում՝ բնության հարկադրանքից, թե բարոյական նորմի ճնշման տակ, ընկալվում է որպես ''անազատ ''։
Մարդն ազատ է միայն, եթե իր կյանքի ամեն մի ակնթարթին ի վիճակի է հետևելու ինքն իրեն։ Բարոյական արարքը այն դեպքում է միայն ''իմ '' արարքը, եթե այս ըմբռնմամբ կարող է անվանվել ազատ։ Այստեղ նախ խոսքն այն մասին է, թե ինչ նախադրյալների դեպքում է կամեցված գործողությունն ընկալվում որպես ազատ։ Թե ինչպես է զուտ էթիկապես ըմբռնված ազատության գաղափարը իրականանում մարդու էության մեջ, ցույց կտրվի ստո-րև։
Ազատությունից կատարված գործողությունը ոչ թե բացառում է բարոյական օրենքները, այլ ներառում դրանք։ Միայն թե այդ գործողությունն ավելի բարձր է կանգնած սոսկ օրենքների կողմից թելադրված գործողությունից։ Ինչո՞ւ պետք է սիրուց կատարված իմ գործողությունն ավելի քիչ ծառայի համընդհանուր բարօրությանը, քան գործողությունը, որ կատարել եմ միայն այն պատճառով, որովհետև համընդհանուր բարօրությանը ծառայելը ես ընկալում եմ որպես պարտք։ Սոսկ պարտքի հասկացությունը բացառում է ''ազատությունը '', որովհետև չի կամենում ընդունել անհատականը, այլ պահանջում է վերջինիս ենթարկումը համընդհանուր որևէ նորմի։ Գործողությունների ազատությունը մտածելի է միայն էթիկական ինդիվիդուալիզմի դիրքից։
Բայց ինչպե՞ս է հնարավոր մարդկանց համակեցությունը, եթե յուրաքանչյուրը ձգտում է արժևորել միայն իր անհատականությունը։ Սրանով հատկորոշվում է սխալ հասկացված մորալիզմի առարկություններից մեկը։ Սա կարծում է, թե մարդկային համակեցություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ բոլոր մարդիկ միավորված են համատեղորեն հաստատված բարոյական որևէ կարգով։ Բանն այն է, որ այս մորալիզմը չի հասկանում գադափարների աշխարհի միասնականությունը։ Այն չի ըմբռնում, որ իմ մեջ գործող գաղափարային աշխարհն ուրիշ չէ, քան իմ դիմացինի մեջ գործող աշխարհը։ Այս միասնությունը, անշուշտ, լոկ համաշխարհային փորձի արդյունք է։ Միայն թե այն պետք է այդպիսին լինի։ Քանզի եթե այդ միասնությունը ճանաչվեր ոչ թե դիտարկման, այլ մի այլ բանի միջոցով, ապա դրա ոլորտում կգործեր ոչ թե անհատական ապրումը, այլ համընդհանուր նորմը։ Անհատականությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ամեն մի անհատ էակ մյուսի մասին գիտի միայն անհատական դիտարկումից։ Իմ և դիմացինիս միջև եղած տարբերությունը ամենևին էլ այն չէ, որ մենք ապրում ենք երկու միանգամայն տարբեր հոգևոր աշխարհներում, այլ այն, որ նա մեզ համար միասնական գաղափարային աշխարհից ստանում է այլ ինտուիցիաներ, քան ես։ Նա կամենում է դրսևորել ''իր '' ինտուիցիաները, ես՝ ''իմ '': Եթե մենք երկուսս էլ, իրոք, քաղում ենք գաղափարից և չենք հետևում արտաքին (ֆիզիկական կամ հոգևոր) մղումներին, ապա կարող ենք հանդիպել իրար միայն նույն ձգտման, նույն մտադրությունների մեջ։ Բարոյապես ագատ մարդկանց համար բարոյական թյուրըմբռնումը, բախումը բացառված է։ Սիայն բարոյապես անազատը, որ հետևում է բնական մղման կամ ընդունված պարտադիր պատվիրանի, միայն նա է վանում իրենից դիմացինին, եթե սա չի հետևում նույն բնազդին և նույն պատվիրանին։ Գործելու հանդեպ սիրո մեջ ''ապրել '' և օտար կամեության նկատմամբ դրսևորվող ըմբռնողությամբ թողնել, որ ''ու-րիշն '' էլ ''ապրի ''՝ սա է ''ազատ մարդկանց '' հիմնական մոտեցումը։ Նրանք չգիտեն այլ ''պիտոյություն '' բացի այն, ինչի հետ ինտուիտիվ ներդաշնակության մեջ է մտնում իրենց կամեությունը։ Թե յուրաքանչյուր առանձին դեպքում նրանք ինչպես ''կկամեն '', նրանց կհուշի սեփական գաղափարային կարողությունը։
Եթե մարդու էության մեջ ընկած չլիներ հաշտակեցության նախահիմքը, ապա այն ոչ մի արտաքին օրենքով չէր ներարկվի այնտեղ։ Մարդկային անհատները կարող են դրսեորվել կողք-կողքի, որովհետև նույն ''ոգուց '' են։ Ազատ մարդն ապրում է այն բանի վստահությամբ, որ մյոա ազատ մարդն իր հետ միասին պատկանում է մի ոգեղեն աշխարհի և որ իրենց մտադրությունները կհամընկնեն։ Ազատ մարդը իր դիմացիններից համապատասխանություն չի պահանջում, բայց ակնկալում է այն, որովհետև դա կա մարդու բնության մեջ։ Սրանով մատնանշվում են ոչ թե այս կամ այն արտաքին կառույցների համար գոյություն ունեցող անհրաժեշտությունները, այլ ''տրամադրվածությունը, հոգեվիճակը '', ինչի շնորհիվ մարդն իր գնահատած դիմացինների մեջ սեփական ինքնաապրմամբ առավելագույնս համապատասխանում է մարդկային արժանապատվությանը։
Շատերը կլինեն, որ կասեն՝ ''ազատ '' մարդու քո այդ ուրվագծած հասկացությունը ցնորք է, ոչ մի տեղ չի իրագործված, իսկ մենք գործ ունենք իրական մարդկանց հետ, և նրանցից բարոյականություն կարելի է հուսալ միայն այն դեպքում, եթե նրանք ենթարկվում են բարոյական պատվիրանի, եթե իրենց բարոյական առաքելությունն ընկալում են որպես պարտականություն և ոչ թե ազատորեն հետևում իրենց հակումներին ու սիրուն։- Ես դրան բնավ չեմ կասկածում։ Միայն կույրը կկասկածեր։ Բայց եթե այդպիսին է ''վերջին '' եզրակացությունը, ուրեմն վերջ բարոյականության ամենայն կեղծավորությանը։ Դե, պարզապես ասացե՛ք՝ մարդկային բնությունը պետք է ''հարկադրվի '' իր գործողություններին, քանի դեռ ''ազատ '' չէ։ Որոշ տեսակետի համար բոլորովին միևնույն է, այդ անազատությունը կհաղթահարես ֆիզիկակա՞ն միջոցներով, թե՞ բարոյական օրենքներով, և արդյո՞ք մարդ անազատ է, որովհետև հետևում է իր չափ ու սահման չճանաչող սեռական մղմանը կամ որովհետև կապված է հանուր բարոյականության կապանքներով։ Միայն թե չպնդեք, որ նման մարդն իրավամբ է գործողությունն իրենը կոչում, քանի որ այլ ուժ է նրան մղում այդ բանին։ Բայց այդ բռնակարգից հառնում են մարդիկ՝ ոգով ազատները, որոնք իրենք են իրենց գտնում բարքի, օրենքի հարկադրանքի, կրոնական վարժմունքի և այլնի քաոսի մեջ։ Նրանք ''ազատ '' են, եթե հետևում են միայն իրենց, ''անազատ ''՝ եթե ենթարկվում են։ Մեզանից ո՞վ կարող է ասել, թե ինքն իր բոլոր գործողություններում հիրավի ազատ է։ Բայց մեզանից յուրաքանչյուրի մեջ ապրում է խորին մի էություն, որի մեջ իր դրսևորումն է գտնում ազատ մարդը։
Մեր կյանքը կազմված է ազատության և անազատության գործողություններից։ Բայց մենք չենք կարող մինչև վերջ մտածել մարդու հասկացությունը, եթե չգանք ''ազատ ոգու '', որպես մարդու բնության, մաքրագույն դրսևորմանը։ Մենք հիրավի մարդիկ ենք միայն ազատ լինելով։
Դա իդեալ է, կասեն շատերը։ Անկասկած, բայց այնպիսին, որն իբրև իրական տարր մեր էության մեջ ձգտում է դեպի մակերես։ Դա հորինված կամ երազված իդեալ չէ, այլ այնպիսին, որ ունի կյանք և իր գոյության ամենաանկատար ձևում իսկ հստակորեն ազդարարում է իր մասին։ Եթե մարդը սոսկ բնութենական էակ լիներ, ապա. անմտություն կլիներ փնտրել իդեալներ, այն է՝ գաղափարներ, որոնք տվյալ պահին գործուն չեն, բայց որոնց իրականացումը պահանջվում է։ Արտաքին աշխարհի իրի դեպքում գաղափարի որոշարկումը կատարվում է ընկալմամբ. մենք մեր անելիքն արած կլինենք, եթե ճանաչենք գաղափարի և ընկալման կապը։ Մարդու պարագայում դա այդպես չէ։ Նրա կեցության հանրագումարը չի որոշարկվում առանց նրա։ Նրա իսկական հասկացությունը որպես ''բարոյական ''մարդ (ազատ ոգի) նախապես օբյեկտիվորեն միավորված չի «մարդ» ընկալումային պատկերի հետ, որպեսզի այնուհետև պարզապես բացահայտվի ճանաչողությամբ։ Մարդը պետք է ինքնագործ կերպով միավորի իր հասկացությունը մարդ ընկալման հետ։ Այստեղ հասկացությունն ու ընկալումը համընկնում են միայն այն դեպքում, երբ մարդն ինքն է համընկեցնում։ Բայց դա կարող է անել միայն այն ժամանակ, երբ գտել է ազատ ոգու հասկացությունը, այն է՝ իր սեփական հասկացությունը։ Օբյեկտիվ աշխարհում մեզ համար մեր կազմակերպվածքով սահմանագիծ է քաշված ընկալման և հասկացության միջև. ճանաչողությունը հաղթահարում է այդ սահմանը։ Սուբյեկտիվ բնության մեջ այդ սահմանը առկա է ոչ պակաս չափով. մարդն այն հաղթահարում է իր զարգացման ընթացքում՝ ընդսմին իր երևույթի մեջ ձևավորելով իր հասկացությունը։ Այդպես, մարդու թե՛ ինտելեկտուալ, թե՛ բարոյական կյանքը մեզ բերում է նրա երկակի բնույթին՝ ընկալմանը (անմիջական ապրում) և մտածողությանը։ Ինտելեկտուալ կյանքը հաղթահարում է երկակի բնույթը ճանաչողությամբ, բարոյականը՝ ազատ ոգու փաստացի իրականացմամբ։ Ամեն մի էակ ունի իր բնատուր հասկացությունը (իր կեցության և գործունեության օրենքը). բայց այդ հասկացությունը արտաքին իրերի մեջ անքակտելիորեն կապված է ընկալման հետ և վերջինիցս առաձնացված է միմիայն մեր ոգեղեն օրգանիզմի ներսում։ Մարդու մեջ հասկացությունը և ընկալումը նախ ''փաստացի '' բաժանված են. որպեսզի նրա կողմից նույնպես ''փաստացի '' միավորվեն։ Կարելի է առարկել՝ մարդու մեր ընկալմանը նրա կյանքի յուրաքանչյուր պահին համապատասխանում է որոշակի հասկացություն, ինչպես և յուրաքանչյուր այլ առարկայի։ Ես ինձ համար կարող եմ կազմել շաբլոն մարդու հասկացությունը, և այն կարող է ինձ տրված լինել նաև որպես ընկալում, եթե սրան ավելացնեմ նաև ազատ ոգու հասկացությունը, ապա միևնույն օբյեկտի համար կունենամ երկու հասկացություն։
Սա միակողմանի է մտածված։ Որպես ընկալման օբյեկտ ես ենթարկվում եմ շարունակական փոփոխության։ Երեխա ժամանակ ես ուրիշ էի, ուրիշ էի պատանի հասակում և ուրիշ՝ որպես տղամարդ։ Այո՛, յուրաքանչյուր պահ իմ ընկալումային պատկերն այլ է, քան նախորդած պահերին։ Այս փոփոխությունները կարող են կատարվել այն իմաստով, որ դրանցում միշտ նույն բանը (շաբլոն մարդը) արտահայտվի, կամ որ դրանք ներկայացնեն ազատ ոգու արտահայտությունը։ Այսպիսի փոփոխությունների է ենթարկված իմ գործողությունների ընկալումային օբյեկտը։
«Մարդ» ընկալումային օբյեկտում տրված է վերակազմավորվելու հնարավորությունը, ինչպես բույսի սաղմում ընկած է ամբողջական բույս դառնալու հնարավորությունը։ Բույսը կվերակազմավորվի օբյեկտիվ, իր մեջ եղած օրինաչափության պատճառով, մարդը կմնա իր անավարտ վիճակում, եթե իր իսկ մեջ չանդրադառնա վերակազմավորման նյութին և չվերակազմավորվի սեփական ուժով։ Բնությունը մարդուց սարքում է սոսկ բնութենական արարած, հասարակությունը՝ օրինականորեն գործող, ''ազատ '' էակ նա կարող է իրենից միայն ինքը սարքել։ Բնությունը մարդուն արձակում է իր կապանքներից, նրա զարգացման որոշակի մի փուլում հասարակությունն այդ զարգացումը հասցնում է հետագա մի այլ կետի. վերջնական հղկվածքը իրեն կարող է տալ միայն մարդն ինքը։
Այսպիսով, ազատ բարոյականության տեսակետը չի պնդում, թե ազատ ոգին այն միակ կերպարն է, որով մարդը կարող է գոյություն ունենալ։ Այն տեսնում է ազատ ոգեղենության մեջ մարդու զարգացման միայն վերջին փուլը։ Սրանով չի ժխտվում, որ նորմերին համաձայն գործելը որպես զարգացման աստիճան իր արդարացումն ունի։ Միայն թե նման գործողությունը չի կարող ընդունվել որպես բացարձակ բարոյական տեսակետ։ Իսկ ազատ ոգին նորմերը հաղթահարում է այն իմաստով, որ ոչ միայն պատվիրաններն է ընկալում որպես մոտիվներ, այլև իր գործողություններն է կազմակերպում իր իմպուլսներին (ինտուիցիաներին) համապատասխան։
Եթե Կանտը պարտականության մասին ասում է. «Պարտականությո՜ւն, դու վսեմ, բարձր անուն, որ չես ներառում քո մեջ և ոչ մի սիրված բան, ինչը քծնանք է հետը բերում, այլ պահանջում Ես ենթարկում», որ «օրենք ես հաստատում..., որի առջև պապանձվում են բոլոր հակումները, թեև դրան թաքուն հակազդում են», ապա ազատ ոգու գիտակցությունից մարդն առարկում է. «Ազատությո՜ւն, դու սիրելի, մարդկային անուն, որ ներառում ես քո մեջ բարոյապես փայփայված ամեն բան, ինչն իմ մարդ լինելուն ամենաշատն է արժանին մատուցում, ու ինձ չես դարձնում ոչ-ոքի ծառա, որ ոչ թե լոկ օրենք ես հաստատում, այլ սպասում ես, թե ինչը իմ բարոյական սերն ինքը կճանաչի որպես օրենք, որովհետև ամեն սոսկ պարտադրված օրենքից նա իրեն անազատ է զգում»։
Սոսկ սա է օրինական և ազատ բարոյականության հակադրությունը։
Արտաքոատ ամրագրվածի մեջ մարմնացյալ բարոյականությունը տեսնող քաղքենին ազատ ոգու մեջ միգուցե տեսնի նույնիսկ վտանգավոր մարդու։ Բայց նա այդպես կվարվի լոկ այն պատճառով, որովհետև նրա հայացքը սահմանափակված է որոշակի մի ժամանակաշրջանով։ Եթե նա կարողանար նայել դրանից դուրս, ապա անմիջապես կտեսներ, որ ազատ ոգին նույնքան քիչ կարիք ունի իր պետության օրենքների սահմաններից դուրս գալու, որքան քաղքենին, և դրանց հետ երբեք իսկական հակասության մեջ չի մտնում։ Քանզի բոլոր պետական օրենքները բխել են ազատ ոգու ինտուիցիաներից, ինչպես մնացած բոլոր օբյեկտիվ բարոյական օրենքները։ Ոչ մի օրենք չէր կիրարկվի ընտանիքի հեղինակության կողմից, եթե այն ինտուիտիվ կերպով ըմբռնված և հաստատված չլիներ որևէ նախահոր կողմից. բարոյականության հանուր օրենքները նույնպես նախ հաստատվում են որոշակի մարդկանց կողմից, իսկ պետական օրենքները միշտ ծագում են պետական այրի գլխում։ Ազատ ոգու տեր մարդիկ են օրենքներ սահմանել մյոա մարդկանց վրա, և անազատ է լինում միայն նա, ով մոռանում է դրանց ծագումը և օրենքները դարձնում է կամ արտամարդկային պատվիրաններ, օբյեկտիվ, մարդկանցից անկախ բարոյական պարտքի հասկացություններ, կամ սեփական, կեղծ միստիկորեն հարկադրական դիտված ներքին հրամայող ձայն։ Բայց ով նկատում է ակունքը և այն փնտրում մարդու մեջ, նա հաշվի կնստի դրա հետ որպես այն նույն գաղափարային աշխարհի մի օղակի, որից նաև ինքն է վերցնում իր բարոյական ինտուիցիաները։ Եթե նա կարծում է, թե ունի ավելի լավ ինտուիցիաներ, ապա փորձում է դրանցով փոխարինել գոյություն ունեցողները, դրանք արդարացի համարելիս նա կգործի դրանց համաձայն, ասես իր սեփականները լինեն։
Չպետք է ստեղծվի այն բանաձևը, թե մարդու գոյության նպատակը իրենից անջատ բարոյական աշխարհակարգի իրականացումն է։ Սա պնդողը մարդկության մասին գիտության առումով կանգնած կլինի դեռ այն նույն տեսակետին, որտեղ կանգնած էր այն բնագիտությունը, որ կարծում էր, թե ցուլի պոզերը պոզահարելու համար են։ Նման նպատակային հասկացությունը բնագետները հաջողությամբ թաղեցին։ Էթիկան դրանից դժվարությամբ է ազատվում։ Բայց ինչպես պոզերը պոզահարման ''պատճառով '' չէ, որ գոյություն ունեն, այլ պոզահարումը՝ պոզերի ''շնորհիվ '', այդպես էլ մարդը գոյություն ունի ոչ թե բարոյականության պատճառով, այլ բարոյականությունը՝ մարդու շնորհիվ։ Ազատ մարդը գործում է բարոյապես, որովհետև բարոյական գաղափար ունի, բայց նա չի գործում բարոյականություն առաջ բերելու նպատակով։ Մարդկային անհատները իրենց էությանը պատկանող սեփական բարոյական գաղափարներով բարոյական աշխարհակարգի նախադրյալն են։
Մարդկային անհատը ամենայն բարոյականության ակունքն է և երկրային կյանքի կենտրոնը։ Պետությունը, հասարակությունը գոյություն ունեն միայն այն պատճառով, որովհետև հանդիսանում են անհատական կյանքի անհրաժեշտ հետևանք։ Որ այնուհետև պետությունն ու հասարակությունը իրենց հերթին հետադարձ ազդում են անհատական կյանքի վրա, նույնքան հասկանալի է, որքան այն հանգամանքը, որ պոզերով պայմանավորված պոզահարումը հետադարձ ազդում է ցուլի պոզերի հետագա զարգացման վրա, որոնք տևական չօգտագործումից մնում են թերաճ։ Նմանապես, անհատը կմնար թերաճ, եթե առանձնացված գոյություն վարեր մարդկային հանրույթից դուրս։ Չէ՞ որ հենց դրա համար էլ ձևավորվում է հասարակական կարգը, որպեսզի իր հերթին նպաստավոր հետադարձ ազդեցություն ունենա անհատի վրա։
=== X. Ազատության փիլիսոփայություն և մոնիզմ (119) ===
=== XI. Աշխարհի նպատակը և կյանքի նպատակը (Մարդու կոչումը) (127) ===