: Միստր Պիկրոֆտ, թող ձեզ չշփոթեցնի մեր համեստ սենյակը, ― ինձ ոգևորեց նոր պետս, նկատելով ձգված դեմքս, ― Հռոմը միանգամից չի կառուցվել։ Մեր գործակալությունը բավականին հարուստ է, մենք մեր դրամները քամուն չենք տալիս։ Խնդրում եմ նստեք և տվեք ձեր նամակը։
: Մեկնեցի նամակը, որը նա ուշադրությամբ կարդաց։
: ― Օ՛Օ՜, դուք ուժեղ տպավորություն եք թողել եղբորս՝ Արթուրի վրա, ― նկատեց նա։ ― Իսկ եղբայրս խորաթափանց մարդ է։ Նա մարդկանց չափում է լոնդոնյան չափանիշներով՝ իսկ ես բիրմինգեմյան։ Բայց այս անգամ կհետևեմ նրա խորհրդին։ Այսօրվանից ձեզ համարեք մեր գրասենյակում ծառայության ընդունված։
: ― Որո՞նք են լինելու իմ պարտականությունները, ― հարցրեցի ես։
: ― Դուք շուտով պիտի ղեկավարեք մեր ընկերության Փարիզի մեծ մասնաճյուղը, որը Ֆրանսիայում ունի երեսունչորս բաժանմունք և անգլիական կերամիկան պետք է տարածի երկրով մեկ։ Առևտրական պատվերների ձևակերպումը ավարտվում է մոտ օրերս։ Իսկ մինչ այդ կմնաք Բիրմինգեմում և ձեր գործը պետք է այստեղ անեք։