Ավելացվել է 70 184 բայտ,
13:15, 22 Հունիսի 2014 {{Վերնագիր
|վերնագիր = Տափաստանի գայլը
|հեղինակ =[[Հերման Հեսսե]]
|թարգմանիչ = Արա Առաքելյան
|աղբյուր =
}}
{{անավարտ}}
[[Կատեգորիա:Արձակ]]
= Հրատարակչի առաջաբանը =
Այս գիրքը բովանդակում է մեզ մոտ մնացած գրառումները մի մարդու, որին մենք, օգտվելով արտահայտությունից, որ անձամբ գործածում էր նա, շատ անգամներ անվանում ենք «Տափաստանի գայլ»։ Նրա ձեռագիրն ունի՞, արդյոք, նախաբանի կարիք՝ դժվար է ասել, ամեն դեպքում ես անհրաժեշտություն եմ տեսնում Տափաստանի գայլի էջերին ավելացնելու մի քանիսը, որոնցում կփորձեմ ներկայացնել նրա մասին իմ հիշողությունները։ Ես քիչ բան գիտեմ նրա մասին, մանավանդ նրա ամբողջ անցյալը և ծագումը ինձ համար մնում են անհայտ։ Բայց նրա անհատականությունից մնացել է ուժեղ և ինչը հակառակ ամեն բանի՝ ստիպված եմ ասել հաճելի տպավորություն։
Տափաստանի գայլը հիսունին մոտ մարդ էր, որը մի քանի տարի առաջ երևաց մորաքրոջս տանը և հետաքրքրվում էր հարմար սենյակով։ Ձեղնահարկում վարձելով մի սենյակ և կողքի նեղլիկ ննջախուցը, մի քանի օր անց նա վերադարձավ երկու ճամպրուկով ու գրքերի ծանր արկղով և ապրեց մեզ մոտ ինը, թե տասը ամիս։ Ապրում էր շատ անաղմուկ, ինքն իր համար, և եթե չլիներ մեր ննջասենյակների հարևանությունը, որի հետևանքով պատահաբար հանդիպում էինք աստիճանների վրա կամ միջանցքում, առհասարակ անծանոթ կմնայինք միմյանց, քանի որ այդ մարդը շփվող չէր, անմարդամոտությունը անսովոր չափի էր։ Նման բան ես չեմ նկատել ոչ մեկի մոտ. նա, իրոք, ինչպես ինքն էր իրեն երբեմն անվանում, տափաստանի գայլ էր, օտար, վայրի, վեհերոտ, անգամ շատ վեհերոտ մի գոյություն այլ աշխարհի, որը տարբեր էր իմից։ Թե որքան խոր մենակության մեջ էր նա թաղել ինքն իրեն սեփական հակումների ու ճակատագրի հետևանքով և թե որքան գիտակցորեն էր նա ընկալում այդ մենակությունը՝ իբրև իր ճակատագիր, անշուշտ, իմացա միայն նրա թողած գրառումներից։ Բայց դրանից առաջ էլ, կարճատև հանդիպումների ու զրույցների շնորհիվ, արդեն որոշ չափով ճանաչել էի նրան և այն կերպարը, որ գրառումների միջոցով ստեղծեցի նրա մասին և գտնում եմ, որ հիմնականում համապատասխանում է, անշուշտ, առավել դժգույն և առավել թերի այն կերպարին, որ ինձ համար գծագրվեց մեր անձնական ծանոթության շնորհիվ։
Պատահաբար ես այնտեղ էի այն պահին, երբ Տափաստանի գայլն առաջին անգամ մտավ մեր տուն և սենյակ վարձեց մորաքրոջս մոտ։ Նա եկավ միջօրեի մի ժամի, ափսեները դեռ սեղանի վրա էին, և ես աշխատավայրս վերադառնալու համար դեռ կես ժամ ունեի։ Չեմ մոռացել այն երկակի ու զարմանալի տպավորությունը, որ նա թողեց ինձ վրա առաջին հանդիպմանը։ Նա ներս մտավ ապակեպատ դռնով՝ նախապես հնչեցնելով զանգը, և մորաքույրս կիսամութ սենյակում հարցրեց նրան, թե ինչ է կամենում։ Բայց նա՝ Տափաստանի գայլը, վեր տնկելով իր սուր, կարճամազ գլուխը, քթով նյարդայնորեն հոտոտում էր շուրջբոլորը և մինչ կպատասխաներ կամ կհայտներ իր անունը, ասաց.
― Օ՜, ինչ լավ հոտ է փչում այստեղ։
Այդ ասելով՝ նա ժպտաց, և իմ բարի մորաքույրը ժպտաց նրա հետ, բայց, իմ կարծիքով, ողջույնի նման խոսքերը շատ ծիծաղելի էին, և նրա նկատմամբ ես ինչ-որ հակակրանք զգացի։
― Ախ, հա,― ասաց նա,― եկել եմ վարձու սենյակի համար, որ Դուք ունեք։
Միայն այն ժամանակ, երբ երեքով բարձրացանք ձեղնահարկի աստիճանները, ևս կարողացա ավելի լավ տեսնել այդ մարդուն։ Շատ բարձրահասակ չէր, սակայն բարձրահասակ մարդու քայլվածք ու պահվածք ուներ, կրում էր ժամանակակից հարմարավետ ձմեռային վերարկու և, առհասարակ, հագնված էր վայելուչ, բայց ոչ խնամքով, մաքուր սափրված էր և գլխին ուներ կարճ մազեր, որոնք տեղ-տեղ փայլում էին ճերմակով։ Նրա քայլվածքը հենց սկզբից ինձ դուր չեկավ, նրա մեջ ինչ-որ լարվածություն ու անվճռականություն կար, որը չէր համապատասխանում նրա սուր, ուժեղ դիմագծերին, ինչպես նաև խոսքի հնչերանգին ու բնույթին։ Միայն հետո ես նկատեցի և հասկացա, որ նա հիվանդ է, և որ քայլելը նրան տառապանք է պատճառում։ Առանձնահատուկ մի ժպիտով, որ նույնպես այն ժամանակ ինձ համար անտանելի էր, նա զննում էր սանդուղքները, պատերը և լուսամուտները, սանդղահարթակի հին, բարձր պահարանները, թվում էր, որ այդ ամենը նրա համար դուրեկան էր, միաժամանակ նաև ինչ-որ ծիծաղելի։
Առհասարակ, այդ մարդն ամբողջապես այնպիսի տպավորություն էր թողնում, կարծես թե մեզ մոտ էր գալիս օտար մի աշխարհից, անդրծովյան ինչ-որ երկրներից, ու թեև այստեղ ամեն ինչ գտնում էր գեղեցիկ, սակայն փոքր-ինչ ծիծաղաշարժ։ Նրա վարվելակերպը, ևս այլ կերպ խոսք չեմ կարող գտնել, քաղաքավարի էր, անգամ բարեկամական, նա միանգամից և առանց առարկությունների հավանեց նաև տունը, սենյակը, համաձայնեց սենյակի ու նախաճաշի վարձաչափին, և, այդուհանդերձ, այդ մարդն ամբողջությամբ շրջապատված էր օտար և, ինչն այն ժամանակ թվում էր իմ սրտով, չար կամ թշնամական մթնոլորտով։ Նա վարձեց սենյակը, վարձեց նաև ննջախուցը, խոսք բացեց ջեռուցման, ջրի, սպասարկման և տան կարգ ու կանոնից, ուշադիր լսեց ամեն բան, համաձայնեց ամեն ինչին, անգամ վարձի կանխավճար առաջարկեց, սակայն, այդ ամենով հանդերձ, թվում էր ոչ համոզիչ, թվում էր, որ նրա համար իր արարքները ծիծաղելի են, և դրանք ինքը չի ընդունում լրջորեն, որ իր համար տարօրինակ ու նոր բան է սենյակ վարձելը և մարդկանց հետ գերմաներեն խոսելն այն դեպքում, երբ էությամբ, ներքնապես զբաղված էր միանգամայն այլ գործերով։ Մոտավորապես սա էր իմ տպավորությունը, և այն ավելի չէր բարեփոխվի, եթե նրա հետ չգտնվեինք հակասության մեջ և չփորձեինք ճշգրտել առանձին մանրամասներ։ Ամենից առաջ՝ նրա դեմքը, որն ինձ դուր եկավ հենց սկզբից, այն դուր եկավ՝ հակառակ նշածս օտարոտի տպավորության, դա, հավանաբար, ինչ-որ ինքնատիպ, նաև տխուր, զգոն, շատ խելացի, հստակորեն ձևավորված ու ոգեշունչ դեմք էր։ Նրա հանդեպ ինձ ավելի բարեհաճության տրամադրեց նաև այն, որ քաղաքավարության ու սիրալիրության նրա ձևի մեջ, թեև դա նրանից պահանջում էր որոշակի լարում, բոլորովին չկար մեծամտություն, ընդհակառակը, նրանում հուզականին մոտեցող մի բան կար, աղերսանքի նմանվող մի բան, որի համար միայն հետո բացատրություն գտա։
Մինչև կավարտվեին երկու սենյակները դիտելը և մնացած բանակցությունները, սպառվեց նաև իմ ընդմիջման ժամանակը, և ես պետք է գնայի գրասենյակ։ Ես հեռացա և նրան թողեցի մորաքրոջս հետ։ Երբ երեկոյան վերադարձա, մորաքույրս պատմեց, որ օտարականը սենյակը վարձել է և մոտակա օրերին կտեղափոխվի, նա խնդրել է միայն, որ իր գալու մասին ոստիկանական գրանցում չարվի, քանի ոո հիվանդ մարդ է, այդ ձևականությունները ոստիկանական միջանցքներում գրանցումներով և նման բաներով քարշ գալն իր համար անչափ անտանելի են։ Դեռ հստակ հիշում եմ, թե այն ժամանակ դա ինչպես շփոթեցրեց ինձ և թե ինչպես էի զգուշացնում մորաքրոջս՝ չհամաձայնել այդ պայմանին։ Յուրահատուկ օտարության և անվստահության հետ միասին ոստիկանության հանդեպ այս երկյուղը ինձ թվաց արդեն կասկածելի։ Ես հայտարարեցի մորաքրոջս, որ գործ ունենալով միանգամայն անծանոթ անձնավորության հետ՝ ոչ մի կերպ չի կարելի համաձայնել այս տարօրինակ պահանջին, որի կատարումն առիթի դեպքում կարող է իր ետևից շատ տհաճ հետևանքներ ունենալ նրա համար։ Բայց պարզվեց, որ մորաքույրս արդեն խոստացել է կատարել նրա ցանկությունը, և որ նա առհասարակ հմայված է այդ օտարականով և հավատարիմ կլինի նրան տված խոսքին, քանի որ նա ոչ մի անգամ դեռ չի ընդունել կենվորների, որոնց նկատմամբ ինչ-որ մարդկային մտերիմ և ազգակցական, ավելի ճիշտ՝ մայրական կապերի մեջ չկարողանա մտնել մի բան, որից նախկին կենվորները լիառատրեն օգտվում էին։ Եվ առաջին շաբաթների ընթացքում ստացվեց այնպես, որ նոր կենվորի մեջ ես նորանոր թերություններ էի գտնում, մինչ մորաքույրս ամեն անգամ ջերմորեն պաշտպանում էր նրան։
Քանի որ ինձ դուր չէր գալիս ոստիկանությունից խուսափելու հանգամանքը, ցանկանում էի գոնե իմանալ, թե արդյոք ինչ տեղեկություն ունի մորաքույրս օտարականի, նրա ծագման ու մտադրությունների մասին։ Պարզվեց, որ նա այդ մասին գիտեր, թեև ընդմիջումից հետո աշխատանքի վերադառնալուցս հետո անծանոթն այստեղ մնացել էր շատ կարճ։ Նա մորաքրոջս ասել էր, որ մտածում է մի քանի ամիս մնալ մեր քաղաքում, օգտվել գրադարաններից և տեսնել քաղաքի հնությունները։ Ըստ էության, մորաքրոջս այնքան էլ հարմար չէր ընդունել կենվորի, որը ցանկանում է տեղավորվել այդքան կարճ ժամանակով, բայց նա արդեն շահել էր մորաքրոջս համակրանքը՝ չնայած իր տարօրինակ ձևով ներս մտնելուն։ Կարճ ասած՝ սենյակներն արդեն վարձված էին, իմ առարկությունները՝ այլևս ուշացած։
― Բայց ինչո՞ւ ասաց, թե այստեղ լավ հոտ է փչում,֊ ասացի ես։
Մորաքույրս, որ ժամանակ առ ժամանակ շատ ճշգրիտ ենթադրություններ էր կատարում, դրա վրա ասաց.
― Ես դա գիտեմ ստույգ։ Այստեղ՝ մեզ մոտ փչում է մաքրության ու կարգուկանոնի, հարմարավետ ու վայելուչ կյանքի հոտ, որը նրան դուր է գալիս։ Նա այնպիսի տեսք ունի, որ կարծես սովոր չէ նման կյանքի և ունի դրա կարիքը։
«Դե ինչ, մտածեցի, հնարավոր է»։
― Բայց,― ասացի,― եթե նա կանոնավոր ու վայելուչ կյանքի սովոր չէ, ապա ինչ է լինելու։ Ինչ ես անելու, եթե նա մաքրասեր չէ և շուրջբոլորն ամենուրեք թողնելու է իր փնթիության հետքերը, կամ եթե նա ամեն գիշեր տուն գա հարբած։
― Կտեսնենք,― ասաց նա և ծիծաղեց, և ես թողեցի այդ մասին խոսելը։
Եվ փաստորեն, իմ մտավախություններն անհիմն էին։ Տնվորը թեև կանոնավոր ու խոհեմ կյանք չէր վարում, մեզ ոչ անհանգստացնում էր, ոչ էլ վնաս պատճառում. մենք նրան մինչև այսօր էլ հիշում ենք սիրով։ Ներքուստ, սակայն, հոգու մեջ, այդ մարդը երկուսիս էլ՝ մորաքրոջս և ինձ, խանգարել է շատ ու շատ, անհանգստության մատնել, և, պարզ ասած, ես նրանից բոլորովին էլ չեմ ազատվել։ Գիշերները երբեմն նրան տեսնում եմ երազում և զգում եմ, որ նա, նրա նման մի արարածի գոյությունը, ըստ էության, խանգարում ու անհանգստացնում է ինձ, թեև դարձել է սիրելի։
Երկու օր անց կառապանը բերեց իրերը օտարականի, որին կոչում էին Հարրի Հալլեր։ Կաշվե շատ գեղեցիկ ճամպրուկն ինձ վրա լավ տպավորություն թողեց, իսկ մեծ, տափակ ճամփորդականը վկայում էր նախկին հեռավոր ճանապարհորդությունների մասին, ամեն դեպքում նրա վրա փակցված էին զանազան, նաև անդրծովյան երկրների հյուրանոցների ու տրանսպորտային գործակալությունների դեղնած ազդագրեր։
Ապա երևաց ինքն անձամբ, և սկսվեց այն շրջանը, որի ընթացքում աստիճանաբար ճանաչեցի այդ խորհրդավոր մարդուն։ Սկզբում այդ նպատակով ես իմ կողմից ոչինչ չէի ձեռնարկում։ Թեև առաջին րոպեներից սկսած, երբ տեսա Հալլերին, նա հետաքրքրեց ինձ, սակայն առաջին մի քանի շաբաթներին ոչինչ չէի անում, որպեսզի հանդիպեմ նրան կամ զրույցի բռնվեմ հետը։ Դրան հակառակ, խոստովանում եմ, ես, անշուշտ, հետևում էի նրան, նույնիսկ բացառության կարգով մտնում էի նրա սենյակը կամ, հետաքրքրությունից դրդված, առհասարակ, մի քիչ լրտեսում նրան։
Տափաստանի գայլի արտաքինի մասին մի քանի տեղեկություններ տվել եմ արդեն, նա անպայմանորեն և առաջին իսկ հայացքից թողնում էր նշանավոր, բացառիկորեն ընդունակ և անսովոր մարդու տպավորություն, նրա դեմքը լի էր խելացիությամբ, իսկ գծերի արտակարգ նուրբ ու շարժուն խաղերն արտացոլում էին ուշագրավ, չափազանց կենդանի, բացառիկ խոր ու զգայուն ներաշխարհը։ Երբ մարդ խոսում էր նրա հետ, և նա, ինչը պատահում էր ոչ հաճախ, դուրս էր գալիս սովորականի սահմաններից ու հաղթահարելով օտարությունը՝ արտահայտում էր սեփական, անձնական մտքեր, զրուցակիցը ստիպված էր լինում առանց այլևայլության ենթարկվել նրան, նա ավելի երկար էր մտածում, քան սովորական մարդիկ, և դրսևորում էր սառնությանը մոտ այն ճշգրտությանը, այն հուսալի խելամտությունն ու գիտելիքները, ինչով օժտված են միայն իրոք հոգևոր անհատները, որոնք զուրկ են երբևէ փայլելու կամ մյուսներին համոզելու, կամ իրավացի դուրս գալու որևէ փառասիրությունից։
Նրա՝ այստեղ լինելու վերջին ժամանակներից հիշում եմ նման մի արտահայտություն, որն արտահայտություն էլ չէր, այլ բաղկացած էր նրա սոսկ մի հայացքից։ Մի համբավավոր իմաստասեր և մշակույթի քննադապ, եվրոպական հեղինակություն ունեցող մի անձնավորություն համալսարանի դահլիճում պետք է դասախոսություն կարդար, և ինձ հաջողվեց Տափաստանի գայլին, որն սկզբում բոլորովին էլ չուրախացավ դրա համար, համոզել գնալու այդ դասախոսությանը։ Մենք գնացինք միասին և դահլիճում նստեցինք կողք կողքի։ Երբ զեկուցողը բեմ բարձրացավ և սկսեց իր խոսքը, հիասթափեցրեց շատ ունկնդիրների, որոնք նրա մեջ մի տեսակ մարգարեի էին ակնկալում տեսնել, սակայն նրա մուտքը ինչ-որ ծեքծեքուն, ինչ-որ ունայն բան ուներ իր մեջ։ Երբ նա սկսեց խոսել ե սկզբի համար ունկնդիրներին մի քանի շողոքորթ խոսքեր ասաց, շնորհակալություն հայտնեց լեփլեցուն դահլիճի համար, Տափաստանի գայլն այդ պահին մի կարճ հայացք գցեց ինձ վրա, քննադատական մի հայացք այս խոսքերի և զեկուցողի ողջ անձնավորության առնչությամբ, օհ, անմոռանափ և սարսափազդու մի հայացք, որի նշանակության մասին կարելի է գիրք գրել։ Հայացքը քննադատում էր ոչ միայն տվյալ զեկուցողին և հանրահայտ մարդուն՝ ոչնչացնելով նրան թեև նուրբ, բայց սպանիչ հեգնանքով, բայց դա դեռ ոչինչ։ Հայացքն ավելի շատ տխուր էր, քան հեգնող, այն նույնիսկ անհունորեն և անհուսալիորեն տխուր էր, անդորր, ինչ֊որ չափով՝ հուսալի, ինչ-որ չափով այլևս սովորույթ ու ձև դարձած հուսահատությունն էր այդ հայացքի բովանդակությունը։ Իր հուսահատ պարզությամբ նա լույս էր սփռում ոչ միայն սին իմաստասեր անձի վրա՝ ծաղրելով ու տեղը դնելով տվյալ պահի իրադրությունը, հասարակության սպասումներն ու տրամադրությունը, հայտարարված դասախոսության փոքր-ինչ հավակնոտ վերնագիրը, ոչ, Տափաստանի գայլի հայացքը ներթափանցում էր մեր ողջ ժամանակաշրջանը, ողջ գործարար իրարանցումը, ողջ հառաջավազքը, ողջ սնափառությունը, ծանծաղ հոգու երևութական ողջ խաղը։ Այդ հայացքը, ցավոք, ավելի խորանում էր՝ ուղղվելով շատ ավելի հեռուն, հասնում էր մեր ժամանակների արմատներին ու հուսահատությանը, մեր հոգևոր աշխարհին, մեր մշակույթին։ Այն ուղղված էր մարդկության սրտին, մեն մի ակնթարթում նա պարզորոշ կերպով արտացոլում էր մտածողի, գուցե իմաստունի ողջ թերահավատությունն արժանապատվության, մարդկային կյանքի իմաստի մասին առհասարակ։ Այդ հայացքն ասում էր. «Ահա, ինչպիսի կապիկներ ենք մենք։ Ահա, սա է մարդը», և ամենայն հեղինակություն, ամենայն խելացիություն, ոգու ամենայն ձեռքբերում, մարդկային ամենայն ձգտում դեպի վեհություն, մեծություն և հավերժականություն փլուզվում էին ու դառնում կապկային խաղ։
Ես շատ առաջ անցա և, ըստ էության, իմ կամքին ու ծրագրին հակառակ, հիմնականում արդեն ասացի էականը Հալլերի մասին, մինչդեռ սկգբնապես իմ մտադրությունն այն էր, որ նրա կերպարը գծեի միայն աստիճանաբար՝ նրա հետ իմ ծանոթության հետևողական պատմությանը զուգահեռ։
Քանի որ արդեն առաջ եմ անցել այլևս չարժե շարունակել խոսակցությունը Հալլերի հանելուկային «օտարոտության» մասին և առանձին-առանձին տեղեկացնել, թե ինչպես աստիճանաբար կռահեցի ու ճանաչեցի այգ օտարոտության, այդ անսովոր ու վեհերոտ մենակության հիմքերն ու իմաստը։ Այդպես ավելի լավ կլինի, քանի որ ցանկանում եմ իմ անձը հնարավոր չափով ստվերի տակ թողնել։ Ուզում եմ ոչ իմ խոստովանությունները ներկայացնել, ոչ նովելներ պատմել, ոչ էլ խորանալ հոգեբանության մեջ, այլ միայն, իբրև ականատես, ինչ-որ բան ավելացնել դիմանկարին այն մարդու, որը թողել է Տափաստանի գայլի սույն ձեռագրերը։
Դեռ առաջին հայացքից, երբ նա ներս մտավ մորաքրոջս ապակեպատ դռնով, թռչնի նման ետ գցելով գլուխը և շնչելով տան դուրեկան օդը, այդ մարդու մեջ նկատեցի ինչ-որ առանձնահատկություն, և իմ առաջին պարզամիտ վերաբերմունքը տհաճությունն էր։ Ես զգացի (և իմ մորաքույրը, որ, ի տարբերություն ինձ, բոլորովին մտավորական աշխարհի մարդ չէր, զգաց միևնույնը), որ այդ մարդը հիվանդ է հոգու, խառնվածքի կամ բնավորության ինչ-որ հիվանդությամբ, և առողջ մարդու բնազդով զգուշանում էի նրանից։ Ժամանակի ընթացքում այս զգաշավորությունը մարեց համակրանքը, որը հիմնված էր մեծ կարեկցանքի վրա հանդեպ նրա, ով այդպես խոր ու երկար տառապում էր, և որի մենակեցությունն ու ներաշխարհի մահացումն ընթանում էին իմ աչքի առաջ։ Այս շրջանում իմ գիտակցության համար ավելի պարզ դարձավ, որ տառապյալի հիվանդությունը չի կապվում նրա բնավորության ինչ-ինչ արատների հետ, այլ միանգամայն հակառակը՝ ներդաշնակության չհասած նրա ուժերի ու շնորհների արտակարգ առատության արդյունք է։ Ես հասկացա, որ Հալլերը տառապանքի հանճարն է, որ նա, Նիցշեի որոշ ասույթների հիման վրա, իր համար մշակել է տառապանքի մի հանճարեղ, չսահմանափակված, ահավոր սկզբունք։ Միաժամանակ հասկացա, որ ոչ թե աշխարհի, այլ սեփական անձի հանդեպ ատելությունն է նրա հոռետեսության հիմքը, քանի որ անողոք ու ոչնչացնող շեշտով խոսելով կարգերի ու մարդկանց մասին՝ նա երբեք իրեն դուրս չէր թողնում, մշտապես առաջինն ինքն էր, ում դեմ ուղղում էր իր նետերը, իր անձն առաջինն էր, ում նա ատում էր ու ժխտում..
Այստեղ ես պետք է հոգեբանական մի մեկնաբանության տամ։ Թեև ինքս Տափաստանի գայլի կյանքի մասին շատ քիչ բան գիտեի, սակայն բոլոր հիմքերն ունեի ենթադրելու, որ նա սիրառատ, բայց խստապահանջ ու բարեպաշտ ծնողների և ուսուցիչների կողմից դաստիարակվել է այն ոգով, ինչն ընկած է «Կամքի սանձահարում» դաստիարակչական սկզբունքի հիմքում։ Անհատականության ոչնչացումը և կամքի սանձահարումն այս դեպքում, սակայն, չէին ստացվել, այդ պատճառով էլ նա ծանր հիվանդ էր, դաժան, շատ հպարտ ու խելացի։ Սեփական անհատականությունը ոչնչացնելու փոխարեն նրան միայն հաջողվել էր ինքն իրեն ատելուն սովորեցնելը։ Եվ իր դեմ, այդ ազնվական ու անմեղ նյութի դեմ, քանի դեռ ապրում էր, նա ուղղեց իր երևակայության ողջ հանճարը, իր գիտակցության ամբողջ ուժը։ Քանի որ, ամեն ինչին հակառակ, հենց նրանով էր նա իսկական քրիստոնյա և իսկական մարտիրոս, որ ցանկացած կծու խոսք, ցանկացած քննադատություն, ցանկացած չարություն և ատելություն, որին նա ընդունակ էր, բոլորից և ամեն ինչից առաջ վերցնում էր անձամբ իր վրա։ Ինչ վերաբերում էր մյուսներին, շրջապատի մարդկանց, ապա նա շարունակ ամենահերոսական, ամենահամառ ջանքերն էր գործադրում՝ նրանց սիրելու, նրանց արդարացի վերաբերվելու, ցավ չպատճառելու համար, քանի որ «Սիրիր մերձավորիդ» պատվիրանն այնքան խորն էր նստած նրա մեջ, որքան իր անձի հանդեպ ատելությունը, և այսպիսով՝ նրա ողջ կյանքն օրինակ էր այն բանի, թե սեփական անձի հանդեպ առանց սիրո անհնար է նաև սերը դեպի մերձավորը, որ ինքն ատելությունը ճիշտ և ճիշտ նույն բանն է և ուղղակիորեն հանգեցնում է նույն սարսափելի մենակությանը և հուսահատությանը, ինչպես որ ուժեղ եսասիրությունը։
Բայց արդեն ժամանակն է, որ մի կողմ դնեմ իմ դատողությունները և խոսեմ իրական փաստերով։ Այսպիսով՝ առաջին բանը, որ իմացա Հարրի Հալլերի մասին, մասամբ իմ լրտեսության, մասամբ էլ մորաքրոջս դիտարկումների շնորհիվ, վերաբերում է նրա կենցաղին։ Որ նա մտքի ու գրքերի մարդ էր և ոչ մի գործնական մասնագիտություն ձեռք չէր բերել, պարզ դարձավ շուտով։ Նա անկողնում միշտ շատ երկար էր պառկած մնում, հաճախ վեր էր կենում կեսօրից քիչ առաջ միայն և խալաթով թեթևակի անցուդարձ էր անում ննջախցում և ընդհանուր սենյակում։ Ձեղնահարկի մեծ ու հաճելի սենյակը, որ երկու պատուհան ուներ, մի քանի օր էր արդեն, որ այն տեսքը չուներ, ինչ նախկին կենվորների ժամանակ էր։ Այն լցվել էր կյանքով և ժամանակի ընթացքում գնալով ավելի ու ավելի լցվեց։ Պատերից կախվեցին նկարներ, ամրացվեցին թերթերից կտրված-հանված պատկերներ, որոնք հաճախակի փոփոխվում էին։ Հարավային մի բնանկար, գերմանական գավառական մի քաղաքի, հավանաբար Հալլերի ծննդավայրի համապատկերը մեջընդմեջ կախված էին այնտեղ գունագեղ, լուսավոր ջրանկարների հետ միասին, հետո իմացանք, որ դրանք նկարված են իր ձեռքով։ Այնուհետև լուսանկարը գեղեցիկ, երիտասարդ մի կնոջ կամ ջահել աղջկա։ Որոշ ժամանակ պատից կախված մնաց սիամական մի Բուդդա, նրան հաջորդեց Սիքելանջելոյի «Գիշերվա» մի վերատպություն, ապա Մահաթմա Գանդիի դիմանկարը։ Գրքերը զբաղեցնում էին ոչ միայն մեծ պահարանը, այլև լցված էին ամենուրեք՝ սեղաններին, հին, գեղեցկատես գրասեղանին, բազմոցին, աթոռներին, հատակին, գրքեր՝ թերթերի մեջ դրված թղթե ներդիրներով, որոնք նույնպես շարունակ փոխվում էին։ Գրքերի թիվը գնալով ավելանում էր, քանի որ նա ոչ միայն գրադարաններից բերում էր ամբողջական կապոցներ, այլև հաճախակի փոստով ստանում էր ծանրոցներ։ Մարդը, որն ապրում էր այս սենյակում, գիտնական լինելու բոլոր նշաններն ուներ։ Դրան համապատասխանում էին նաև ծխախոտի ծուխը, որն այստեղ ծածկում ու պարուրում էր ամեն բան, և ամենուրեք թափված ծխախոտի մնացորդներն ու մոխրամանները։ Սակայն գրքերի մեծ մասը գիտական չէին, մեծաթիվ գրքեր ներկայացնում էին բոլոր ժամանակների ու ժողովուրդների բանաստեղծների երկերը։ Բազմոցի վրա, որտեղ հաճախ էր պառկած անցկացնում իր ամբողջ օրը, ժամանակ ընկած մնացին 18-րդ դարի վերջերի մի հաստափոր գրքի բոլոր վեց հատորները, վերնագիրն էր. «Սոֆիի ճանապարհորդությունը Սեմելից Սաքսոնիա»։ Գյոթեի և Ժան Պոլի լիակատար ժոդովածուները մաշված տեսք ունեին, ինչպես նաև Նովալիսը, բացառություն չէին կազմում Լեսինգը, Յակոբին և Լիխտենբերգը։ Դոստոևսկու հատորների մեջ խցկած էին գրոտած թղթեր։ Մեծ սեղանի վրա՝ բազմաթիվ թղթերի ու ձեռագրերի մեջ, հաճախ երևում էր մի ծաղկաման, այդտեղ էր նաև ջրաներկերի տուփը, որը, սակայն, մշտապես ծածկված էր փոշով, դրա կողքին՝ մոխրամաններ և, սա էլ չպետք է մոռանալ զանազան շշեր՝ խմիչքներով հանդերձ։ Ծղոտահյուսքով պատված շիշը մեծ մասամբ լցված էր լինում իտալական կարմիր գինով, որ նա բերում էր մոտակա փոքր խանութից, երբեմն հայտնվում էր բուրգունդական զինի։ Երբեմն՝ մալագա, իսկ բալի թրմօղիով հաստափոր շիշը, ինչպես նկատեցի, կարճ ժամանակում գրեթե դատարկվեց, իսկ ապա անհետացավ ինչ-որ անկյունում ու ծածկվեց փոշով՝ այլևս չարժանանալով ուշադրության։ Չեմ ցանկանում իմ լրտեսությունն արդարացնել և ազնվորեն ասում եմ, որ սկզբնական շրջանում այս բոլոր, թեկուզև մտավոր հետաքրքրություններով լցված, բայց իրականում թեթևամիտ ու անկանոն կյանքի նշաններն իմ մեջ ծնում էին հակակրանք ու անվստահություն։ Ես ոչ միայն չափավոր քաղքենու կյանքով ապրող մեկն եմ, որ սովոր է իր աշխատանքը և ժամանակը ճշգրտորեն կարգավորել, նաև չխմող ու չծխող եմ, և Հալլերի սենյակում այդ շշերն ինձ համար ավելի տհաճ էին, քան մնացած նկարչական անկարգությունները։
Ինչ վերաբերում է քնին ու աշխատանքին, ապա օտարականը ղրանց նույնպես նայում էր շատ անկանոն ու քմահաճ։ Օրեր էին պատահում, երբ նա առհասարակ դուրս չէր գալիս և, առավոտյան սրճից բացի, ուրիշ ոչնչով չէր սնվում, երբեմն, իբրև նրա ճաշի մնացորդ, մորաքույրս այլ բան չէր գտնում, քան ընդամենը մեկ բանանի կեղև, բայց այլ օրերին նա սնվում էր ռեստորաններում, հաճախ շատ լավ, ընտիր ռեստորաններում, երբեմն էլ որևէ փոքրիկ, արվարձանային պանդոկում։ Նրա առողջությունը, ինչպես երևում էր, ամուր չէր։ Ոտքերի արգելակումից բացի, որի պատճառով հաճախ բավական դժվարությամբ էր բարձրանում սանդուղքները, նրան հավանաբար տանջում էին նաև այլ հիվանդություններ, ինքն էլ մի անգամ, իմիջիայլոց, ասաց, որ արդեն երկար տարիներ է ոչ կարգին մարսում է, ոչ էլ կանոնավոր քնում։ Ես դա ամենից առաջ կապեցի նրա խմելու հետ։ Ավելի ուշ, երբ մի անգամ նրա հետ մտա այն պանդոկներից մեկը, որտեղ ճաշում էր, տեսա, թե ինչպես էր արագորեն և ինքնահաճորեն խմում զինի՝ գավաթ գավաթի ետևից, սակայն թունդ հարբած նրան ոչ ինքս, ոչ էլ մեկ ուրիշը չտեսավ։
Երբեք չեմ մոռանա մեր առաջին անձնական հանդիպումը։ Մենք միմյանց ճանաչում էինք այնքան, որքան ճանաչում են հարևան սենյակներում վարձով ապրողները։ Մի անգամ՝ երեկոյան, վերադառնալով գրասենյակից, ի զարմանս ինձ, տեսա պարոն Հալլերին երկրորդ և երրորդ հարկերի միջակա սանդղահարթակի մոտ նստած։ Նստել էր սանդուղքի ամենավերին աստիճանին և մի կոդմ թեքվեց, որ ինձ անցնելու հնարավորություն տա։ Հարցրեցի՝ արդյոք իրեն վատ չի՞ գգում և առաջարկեցի ուղեկցել աստիճաններով մինչև վերջ։ Հալլերն ուշադիր նայեց ինձ, և ես հասկացա, որ նրան դուրս էի բերել ինչ-որ երազային վիճակից։ Դանդաղորեն սկսեց ժպտալ իր գեդեցիկ ու խղճահարույց ժպիտով, որով հաճախ տանջել էր իմ սիրտը, ապա խնդրեց ինձ նստել իր կողքին։ Ես շնորհակալության հայտնեցի և ասացի, որ սովոր չեմ ուրիշների սենյակների առաջ նստել աստիճանների վրա։
― Ախ, այո,― ասաց նա և ժպտաց ավելի ուժեղ,― Դուք իրավացի եք։ Բայց մի պահ սպասեք, ես Ձեզ ցույց կտամ, թե ինչու այստեղ նստեցի-մնացի մի փոքր։
Ապա ցույց տվեց երկրորդ հարկի բնակարաններից մեկի առջևի հարթակը, որտեղ ապրում էր այրի մի կին։ Մանրահատակով ծածկված փոքրիկ հրապարակում, սանդուղքների, պատուհանի և ապակեպատ դռան միջև, պատի մոտ կանգնած էր կարմրափայտի պահարան՝ անագե հին զարդապատկերներով, իսկ պահարանի առջևում՝ հատակին, երկու ցածրիկ պատվանդաններով մեծ թաղարներում դրված էին երկու թուփ՝ լեռնավարդ և արաուկարիա։ Թփերը հրաշալի տեսք ունեին և միշտ պահպանվում էին շատ մաքուր ու անթերի, դա ինձ համար էլ հաճելի ու դուրեկան էր։
― Տեսնում եք,― շարունակեց խոսքր Հալլերը,― արաուկարիայով այս փոքրիկ հրապարակը, որ բուրում է կախարդիչ բուրմունքով, հաճախ չեմ կարողանում անցնել դրա կողքով՝ առանց մի փոքր կանգ առնելու։ Ձեր մորաքրոջ տանը նույնպես անուշահոտություն կա, իշխում են կարզուկանոնը և արտակարգ մաքրությունը, բայց այստեղ՝ արաուկարիայի այս փոքրիկ հրապարակում, որն այնպես է շողում մաքրությամբ, այնպես է մաքրված փոշուց ու լվացված, ձեռք չտալու չափ այնքան մաքուր է, որ պարզապես ճառագում է։ Այստեղ մշտապես ուզում եմ լիաթոք շնչել։ Դուք նույնպե՞ս զգում եք բուրմունքը։ Ինչպես է հատակամոմի և բևեկնախեժի թույլ հոտը, միախառնված կարմրափայտի, բույսերի լվացված տերևների և մնացյալ բոլորի անուշահոտությունների հետ, ստեղծում մի ախորժելի բուրմունք, ստեղծում բյուրգերական մաքրության, բարեխղճության և ճշգրտության ամենավերին արտահայտությունը, պարտքի և հավատարմության իրականացումը՝ փոքր չափերի մեջ։ Ես չգիտեմ, ով է այդտեղ ապրում, բայց այս ապակեպատ դռների ետևում պետք է որ լինի մաքրության և փոշուց զերծ բյուրգերականության դրախտը, դրախտը կարգուկանոնի և մանր սովորությունների ու պարտականությունների հանդեպ սրտառուչ-վեհերոտ նվիրվածության։
Քանի որ ես լսում էի, ուստի նա շարունակեց.
― Խնդրեմ, մի կարծեք, թե հեգնում եմ։ Սիրելի պարոն, ոչինչ ինձնից ավելի հեռու չէ, որքան այս քաղքենիությունն ու կարգուկանոնը։ Ճիշտ է, ես ինքս ապրում եմ այլ աշխարհում, ոչ այստեղ և, հավանաբար, մեկ օր էլ չէի դիմանա այն տան մեջ, որտեղ կան նման արաուկարիաներ։ Բայց թեև ծեր ու ողորմելի Տափաստանի գայլ եմ, այդուամենայնիվ, նույնպես իմ մոր գավակն եմ, և իմ մայրն էլ քաղքենի կին էր, ծաղիկներ էր աճեցնում, հետևում էր սենյակների ու սանդուղքների մաքրությանը, կահույքին ու վարագույրներին և ձգտում իր բնակարանին ու իր կյանքին հաղորդել որքան կարելի է շատ մաքրություն, խնամվածություն և օրինականություն։ Ինձ այդ բանը հիշեցնում է բևեկնախեժի բուրմունքը, հիշեցնում է արաուկարիան, և ահա, ժամանակ առ ժամանակ նստում եմ այստեղ, նայում եմ կարգուկանոնի այս փոքրիկ պարտեզին և ուրախանում, որ աշխարհում դեռ նման բան կա։
Նա ցանկացավ վեր բարձրանալ, բայց պարզվեց, որ դա դժվար է նրա համար, իսկ երբ առաջարկեցի օգնությունս՝ չմերժեց։ Ես լուռ էի մնում, բայց շարունակ, ինչպես դա նախկինում մորաքրոջս հետ էր պատահում, ենթարկվելով ինչ-որ կախարդանքի, որ այս տարօրինակ մարդն ունենում էր երբեմն։ Մենք դանդաղորեն բարձրացանք սանդուղքները, և իր տան առաջ, արդեն ձեռքին բռնած բանալիները, նա մի անդամ էլ ուղիղ և շատ բարեկամաբար նայեց ինձ ու ասաց.
― Դուք հիմա գալիս էք Ձեր գրասենյակի՞ց։ Դե, հա, ես այդ գործից ոչինչ չեմ հասկանում, ապրում եմ մի քիչ կողքի քաշված, գիտեք, մի քիչ ճանապարհից դուրս։ Բայց, հավանաբար, Դուք նույնպես հետաքրքրվում եք գրքերով ու նման բաներով, Ձեր մորաքույրն ինձ մի անգամ ասաց, որ ավարտել եք գիմնազիան և լավ գիտեք հունարենը։ Այսօր առավոտյան Նովալիսի մոտ ես մի արտահայտություն գտա, կարելի՞ է այն ցույց տալ Ձեզ։ Դուք էլ դրանից բավականություն կզգաք։
Նա ինձ տարավ իր սենյակը, որտեղ ծխախոտի ուժեղ հոտ էր նստած, գրքերի կույտից վերցրեց մի գիրք ու սկսեց թերթելով փնտրել...
― Այս մեկն էլ լավն է, շատ լավը,― ասաց նա,― լսեք. «Պետք է հպարտանալ ցավով, յուրաքանչյուր ցավ հիշեցնում է մեզ մեր բարձր կոչման մասին»։ Հրաշալի է։ Նիցշեից ութսուն տարի առաջ։ Բայց սա այն արտահայտությունը չէ, որը ես ի նկատի ունեի, սպասեք, գտա։ Ահա այն. «Մարդկանց մեծ մասը չի ցանկանում լողալ, մինչև չի սովորում»։ Սրամիտ չէ՞։ Իհարկե, նրանք չեն ցանկանում լողալ։ Չէ՞ որ նրանք ծնվելեն ցամաքի համար, ոչ թե ջրի։ Եվ, բնականաբար, նրանք չեն ցանկանում մտածել, չէ՞ որ նրանք ծնվել են ապրելու համար, ոչ մտածելու։ Այո, իսկ ով մտածում է, ով դրա մեջ տեսնում է իր գլխավոր գործը, թեև կարող է շատ բանի հասնել, սակայն հենց իրար հետ խառնեց ցամաքն ու ջուրը, օրերից մի օր կխեղդվի։
Այսպես նա պահեց և հետաքրքրեց ինձ, և ես կարճ ժամանակով մնացի նրա տանը։ Այդ օրվանից հաճախակի էինք հանդիպում սանդուղքների վրա կամ զրույցի բռնվում փողոցում։ Եվ սկզբնական շրջանում, ինչպես այն անգամ արաուկարիայի մոտ, ես ունենում էի այն զգացումը, որ նա հեգնում է։ Բայց դա այդպես չէր։ Ինչպես արաուկարիայի, այնպես էլ իմ հանդեպ նա ուներ անկեղծ հարգանք, այնքան խորն էր համակված իր մենակության, ջրում լողալու իր դատապարտվածության, արմատներից իր կտրվածության գիտակցությամբ, որ երբեմն իրապես և առանց որևէ հեգնանքի կարող էր ոգևորվել օրինակ, առօրյա, կենցաղային որևէ արարքով, գրասենյակ գնալ-գալու իմ ճշտապահությամբ, որևէ սպասավորի կամ տրամվայի հսկիչի մի խոսքից։ Սկզբում դա ինձ թվում էր բավականին ծիծաղաշարժ չափազանցություն, մի տեսակ հեգնանք և կեղծ սենտիմենտալություն, որ յուրահատուկ է ազնվական և անբան մարդկանց։ Բայց ստիպված էի համոզվել, որ նա, փաստորեն, նայում է մեր փոքրիկ, քաղքենի աշխարհին իր անօդ տարածությունից, իր օտարացումից ու Տափաստանի գայլի բնությունից՝ ուղղակի զարմացած այդ փոքրիկ աշխարհով և սիրելով այն՝ իբրև ամուր ու հաստատուն, իբրև իր համար հեռու և անհասանելի մի բան, իբրև հայրենիք ու խաղաղություն, դեպի ուր նա չէր կառուցել ոչ մի ճանապարհ։ Մեր դռնապանուհու առաջ, որ շատ կարգին կին էր, նա միշտ հանում էր գլխարկը առանց կեղծ հարգանքի, իսկ երբ մորաքույրս նրա հետ զրուցում էր կամ հիշեցնում, որ նրա սպիտակեղենը կարկատելու կարիք ունի, կամ թուլացել է վերարկուի կոճակը, նա մորաքրոջս լսում էր շատ ուշադիր ու լուրջ, կարծես անասելի և հուսահատ ջանք թափելով, որպեսզի կարողանա ինչ-որ բացվածք գտնել և թափանցել այդ փոքրիկ, այդ մտերմիկ աշխարհը՝ այնտեղ իրեն, ինչպես տանը, գոնե մեկ ժամով զգալու համար։
Այն առաջին խոսակցության ժամանակ դեռ, արաուկարիայի մոտ, նա իրեն անվանեց Տափաստանի գայլ, և դա նույնպես մի փոքր վանեց և ալեկոծեց ինձ։ Դա ի՞նչ արտահայտության ձև էր։ Բայց սովորեցի ընդունել, ընտելացա ոչ միայն սովորույթով ասված այդ արտահայտությանը, այլև ինքս էլ, շուտով, մտքիս մեջ այլ կերպ չէի անվանում նրան, քան Տափաստանի գայլ, և հիմա էլ նրա համար չկարողացա գտնել ավելի դիպուկ բառ։ Դեպի մեզ, դեպի մեր քաղաքներն ու հոտային կյանթը խենթորեն մղվող Տափաստանի գայլ՝ ուրիշ ոչ մի պատկեր ավելի ճշգրտորեն չի ներկայացնում այդ մարդուն, նրա վեհերոտ մենակությունը, նրա վայրենությունը, անհանգստությունը, բաղձանքն առ հայրենիք և հայրենազրկությունը։
Մի անգամ ես կարողացա նրան ուսումնասիրել ամբողջ երեկոյի ընթացքում, սիմֆոնիկ երաժշտության համերգի ժամանակ, որտեղ, ի զարմանս ինձ, նրան տեսա ինձնից ոչ հեռու նստած, իսկ ինձ նա չէր նկատում։ Սկզբում կատարվում էր Հենդել, ազնիվ ու գեղեցիկ մի երաժշտություն, բայց Տափաստանի գայլը նստած էր՝ խորասուզված ինքն իր մեջ, անհաղորդ ոչ միայն երաժշտությանը, այլև իր շրջապատին։ Նա նստած էր մեկուսի, մենակ և օտար՝ սառը, սակայն մտախոհ աչքերով դեմքը ցած կախած։ Ապա սկսվեց մեկ այլ պիես, Ֆրիդեման Բախի փոքր սիմֆոնիան, և ես մեծ զարմանքով տեսա, թե ինչպես առաջին մի քանի գործողությունից հետո իմ օտարականը սկսեց ժպտալ և համակվել երաժշտությամբ, նա ամբողջությամբ թաղվել էր ինքն իր մեջ ու, երևի, մի տասը րոպե շարունակ երջանկորեն այնքան ինքնամոռաց ու բարի երազների մեջ կորածի տեսք ուներ, որ ավելի նրան, քան երաժշտությանն էի ուշադրություն դարձնում։ Երբ պիեսն ավարտվեց, նա արթնացավ, նստեց ավելի ուղիղ, թվաց, որ ուզում է վեր կենալ և դուրս գալ, բայց հետո մնաց նստած և լսեց նաև վերջին պիեսը։ Կատարվում էին Ռեգերի վարիացիաները, երաժշտություն, որը շատերի համար ընդունվում է իբրև երկարավիզ ու հոգնեցուցիչ։ Տափաստանի գայլը նույնպես, որ սկզբում լսում էր շատ ուշադիր ու բարյացակամ, դարձավ անտարբեր, գրպանը խոթեց ձեռքերը և վերստին խորասուզվեց ինքն իր մեջ, այս անգամ, սակայն, ոչ երջանիկ ու երազկոտ, այլ տխուր և, ի վերջո, չարացած, նրա դեմքը կրկին դարձավ բացակա, գորշ ու հանգած, նրա տեսքը ծեր էր, հիվանդ ու անբավական։
Համերգից հետո, փողոցում, նրան նորից տեսա և գնացի հետևից։ Փաթաթված վերարկուի մեջ, անուրախ ու հոգնած՝ նա քայլում էր մեր թաղամասի ուղղությամբ, բայց փոքր, հնաոճ մի պանդոկի առաջ կանգ առավ, անվճռական նայեց ժամացույցին ու ներս մտավ։ Ակնթարթորեն ծագած ցանկությամբ ես հետևեցի նրան և նույնպես ներս մտա։ Նա նստեց այն սեղաններից մեկի մոտ, որ նախատեսված էին մանր քաղքենիների համար։ Տիրուհին և սպասավորները ողջունեցին նրան՝ իբրև ծանոթի, ես նույնպես բարևեցի ու նստեցի նրա մոտ։ Այստեղ նստեցինք մեկ ժամ, ու մինչ ես կխմեի երկու բաժակ հանքային ջուր, նա խնդրեց բերել նախ՝ կես, ապա՝ քառորդ լիտր գինի։ Ասացի, որ գալիս եմ համերգից, բայց նա ուշադրություն չդարձրեց դրան։ Կարդալով իմ հանքային ջրի պիտակը՝ նա հարցրեց, թե չեմ ուզում գինի խմել, ինքը պատրաստ է հյուրասիրել։ Երբ լսեց, որ գինի բնավ չեմ խմում, դեմքին կրկին հայտնվեց անօգնականության արտահայտություն, և նա ասաց.
― Այո, իրավացի եք։ Ես նույնպես տարիներով ապրել եմ ժուժկալ ու գինուց հեռու, բայց հիմա նորից Ջրհոսի նշանի տակ եմ, մութ ու խոնավ նշանի։
Եվ երբ կատակով ուշադրություն դարձրեցի այդ արտահայտությանը և հասկացրի, որ անհավանական է թվում, թե նա հավատում է աստղագիտությանը, նա վերստին դիմեց չափազանց քաղաքավարի այն հնչերանգին, որն ինձ հաճախ թվում էր վիրավորական ու ասաց.
― Միանգամայն ճիշտ եք, այս գիտությունը նույնպես, ցավոք սրտի, իմ մեջ հավատ չի ներշնչում։
Ես ցտեսություն ասացի և դուրս եկա, իսկ նա տուն եկավ շատ ուշ, միայն գիշերը, բայց նրա քայլերը սովորականից չէին տարբերվում, և, ինչպես միշտ, անմիջապես չմտավ անկողին (իբրև սենյակի հարևան, ես դա զգում է անսխալ), այլ մի ժամի չափ, լույսը վառած, մնաց հյուրասենյակում։
Մեկ այլ երեկո նույնպես իմ մտքից դուրս չի գափս։ Տանը ես մենակ էի, մորաքույրս բացակայում էր, տան դարպասի զանգը տվեցին, և երբ բացեցի այն, իմ առջև կանգնած տեսա ջահել, գեղեցիկ մի տիկին։
Երբ նա հարցրեց պարոն Հալլերի մասին, ճանաչեցի՝ դա նրա սենյակում փակցրած լուսանկարի աղջիկն էր։ Նրան ցույց տվեցի Հալլերի դուռը և հեռացա, նա որոշ ժամանակ մնաց վերևում, բայց շուտով լսեցի, թե ինչպես երկուսով իջան սանդուղքներով ու դուրս եկան՝ աշխուժորեն և մեծ բավականությամբ զրուցելով ու կատակներ անելով։ Շատ զարմացա, որ մեր կենվորը սիրած աղջիկ ունի, ընդ որում՝ այդքան ջահել, այդքան գեղանի, այդքան շքեղ, և նրա ու նրա կյանքի մասին իմ բոլոր ենթադրությունները նորից ինձ թվացին անհավանական։ Բայց մեկ ժամ էլ չանցավ, նա տուն վերադարձավ, մենակ, ծանր, տխուր քայլերով, դժվարությամբ բարձրացավ սանդուղքները և ապա ժամերով ետ ու առաջ էր քայլում սենյակում ամբողջ գիշեր, իրոք, ինչպես գայլ՝ վանդակում։ Նրա լույսը վառվում էր մինչև առավոտ։
Ես այդ հարաբերություններից բնավ ոչինչ չգիտեմ և կարող եմ միայն ավելացնել, մեկ անգամ էլ նրան տեսա այդ կնոջ հետ միասին, քաղաքի փողոցներից մեկում։ Նրանք քայլում էին թևանցուկ, Հարրիի տեսքը երջանիկ էր, ես նորից ցարմանքով նկատեցի, թե որքան գրավչություն, անգամ մանկականություն կարող է ունենալ նրա մտախոհ, օտարացած դեմթք, և հասկացա այղ կնոջը, հասկացա նաև մորաքրոջս կարեկցանքը, որ դրսևորվում էր այդ մարդու հանդեպ։ Բայց այդ օրը նույնպես նա վերադարձավ տխուր ու դժբախտ։ Ես նրան հանդիպեցի տան դարպասի մոտ։ Վերարկուի տակ, ինչպես շատ անգամներ էի տեսել նա պահել էր իտալական գինու շիշ և վերևում, ամբողջ գիշեր, նստեց դրա հետ իր դժոխքում։ Ես ցավում էի նրա համար․ այդ ինչ անհույս կորած ու անպաշտպան կյանքով էր ապրում նա։
Դե, բավական խոսեցինք։ Այլևս պետք չեն ոչ պատմություններ և ոչ էլ նկարագրություններ՝ ցույց տալու համար, որ Տափաստանի գայլը վարում էր ինքնասպանի կյանք։ Բայց, այդուամենայնիվ, ևս չեմ կարծում, որ նա ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ մի օր, առանց հրաժեշտ տալու, բայց բոլոր պարտքերը փակելուց հետո հանկարծ թողեց մեր քաղաքը և անհետացավ։ Դրանից հետո մենք նրա մասին այլևս չլսեցինք և շարունակում էինք պահպանել նրա անունով հետո եկած մի քանի նամակներ։ Նրանից մնաց միայն ձեռագիրը, որ նա գրել էր այստեղ մնալու օրերին և որը թողեց ինձ մի քանի նկատառումների հետ միասին, որոնցից երևում էր, որ կարող եմ դրանց հետ վարվել՝ ինչպես կամենամ։
Ես հնարավորություն չունեի ստուգել, թե որքանով էին իրադարձությունները, որ ներկայացնում էր Հալլերի ձեռագիրը, համապատասխանում իրականությանը։ Չէի կասկածում, որ դրանք մեծամասամբ հորինված, բայց ոչ կամայական մտահղացումներ են, այլ ինչ-որ բան արտահայտելու փորձ, որ խորապես ապրված հոգևոր անցքերը ներկայացնում էին տեսանելի իրադարձությունների շղարշով։ Հալլերի պատմության մեջ մասնակիորեն ֆանտաստիկ դեպքերը, հավանաբար, առնչվում են այստեղ ապրելու վերջին ժամանակահատվածի հետ, և ես կասկած չունեմ, որ դրանց հիմքում ընկած են ինչ-որ չափով իրական, արտաքին տպավորություններ։ Այդ օրերին մեր հյուրի վարքը և տեսքը, իրոք, փոխված էին, երկար էր բացակայում տնից, երբեմն նույնիսկ ամբողջ գիշերներով, և նրա գրքերը մնում էին ձեռք չտված։ Այն քիչ անգամներին, երբ հանդիպում էի նրան, աչքի ընկնելու չափ աշխույժ ու ջահելացած էր թվում, երբեմն նույնիսկ՝ ուրախ։ Դրան, իհարկե, հետևում էր նոր, ծանր ճգնաժամ, նա ամբողջ օրերով մնում էր անկողնում պառկած, առանց ուտելիքի մասին մտածելու, հենց այդ ժամանակներում պատահեց մինչ այդ չտեսնված բուռն ու անգամ կոպիտ վեճը իր՝ վերստին հայտնված սիրեցյալի հետ, վեճ, որ տակնուվրա արեց ողջ տունը, և որի համար Հալլերը ներողություն խնդրեց մորաքրոջիցս։
Ոչ, ես համոզված չեմ, որ նա ինքնասպան է եղել։ Նա դեռ ապրում է, քայլում է, ինչ-որ տեղ՝ իր հոգնած ոտքերով բարձրանալով ու իջնելով օտար տների սանդուղքներով, ինչ-որ տեղ ուշադիր դիտում է փայլուն մանրահատակն ու մաքուր մշակված արաուկարիաները, օրեր շարունակ նստում է գրադարաններում և գիշերներ անցկացնում պանդոկներում կամ պառկում է վարձու բազմոցին, պատուհանից այն կողմ ականջ դնում աշխարհի ձայներին ու մարդկանց կյանքին, հասկանում, որ ինքը կտրված է նրանցից, բայց ինքնասպան չի լինում, քանզի հավատի վերջին փշրանքն ասում է նրան, որ նա պետք է մինչև վերջ դատարկի ահավոր ցավի այդ բաժակը, և որ դա այն ցավն է, որից պետք է մեռնի նա։ Ես հաճախ մտածում եմ նրա մասին, նա իմ կյանքը չի թեթևացրել, նա չուներ այն շնորհը, որպեսզի իմ մեջ զարգացներ, հենարան դարձներ Ուժն ու Զվարթությունը, օհ, ոչ, ընդհակառակը։ Բայց ես Հարրին չեմ և չեմ ապրում նրա պես, այլ իմ՝ փոքր, քաղքենու, սակայն անվտանգ և պատասխանատվություններով լի կյանքով։ Եվ մենք նրա մասին հիշում ենք խաղաղ և բարեկամական զգացումով, ես և իմ մորաքույրը, որը նրա մասին կարող էր գիտենալ ավելի շատ, քան ինքս, բայց դա թաքուն կմնա նրա բարի սրտում։
Ինչ վերաբերում է Հալլերի գրառումներին, այդ զարմանալի, մասամբ հիվանդագին, գեղեցիկ ու խորիմաստ ֆանտազիաներին, ապա պետք է ասեմ, որ այդ թղթերը, եթե ձեռքս ընկնեին պատահաբար, և նրանց հեղինակն ինձ ծանոթ չլիներ, անշուշտ, վրդովված մի կողմ կնետեի։ Բայց Հալլերի հետ ունեցած ծանոթությանս շնորհիվ ես կարողացա դրանք մասամբ հասկանալ, անգամ հավանություն տալ դրանց։ Ես ձեռնպահ կմնայի դրանց մասին ուրիշներին պատմելուց, եթե ղրանց մեջ տեսնեի սոսկ միայնակ մեկի, մի խեղճ խելագարի հիվանդագին ֆանտազիաները։ Բայց դրանք ինձ համար շատ ավելին են՝ ժամանակաշրջանի փաստաթուղթ, քանզի Հալլերի հիվանդությունը (դա ինձ համար այսօր պարզ է) ոչ թե մեկ անհատի քմահաճույքն է, այլ հենց ժամանակաշրջանի հիվանդությունը, նյարդախտն այն սերնդի, որին պատկանում է Հալլերը, և գուցե նյարդախտով տառապում են ոչ միայն քայլերն ու ոչ լիարժեք անհատները, այլև մանավանդ ուժեղները, ամենախելացիները, ամենատաղանդավորները։
Այս գրառումները, միևնույն է, թե որքանով են հիմնված իրական դեպքերի վրա, փորձ են ոչ թե շրջանցիկ ուղիներով, ոչ թե գեղազարդելով խուսափել դարի մեծ հիվանդությունից, այլ դա ուղղակի դարձնել պատկերման նյութ։ Այդ գրառումները, բառի ուղղակի իմաստով, իրենցից ներկայացնում են անցում դժոխքով, մեկ՝ երկյուղալի, մեկ՝ հանդուգն անցում մթագնած հոգու խառնաշփոթի միջով, որ որոշել է հաստատապես կտրել-անցնել դժոխքը, չափվել քաոսի ուժերի հետ, մինչև վերջ տառապել-սպառել չարիքը։ Հալլերի մի խոսքը բանալի եղավ այս ամենն հասկանալու համար։ Մի անգամ, այն բանից հետո, երբ մենք խոսում էինք, այսպես կոչված, միջնադարյան դաժանությունների մասին, նա ինձ ասաց.
― Իրականում դրանք բնավ էլ դաժանություն չեն ներկայացնում։ Միջնադարի մարդուն մեր այսօրվա կենսակերպը կարող էր թվալ ավելի քան դաժան, սարսափելի ու վայրենի։ Յուրաքանչյուր ժամանակաշրջան, յուրաքանչյուր մշակույթ, յուրաքանչյուր սովորություն ու սովորույթ ունի իր ոճը, իրեն համապատասխան քնքշությունն ու դաժանությունը, գեղեցկությունն ու կոպտությունը, ինչ-ինչ տառապանքներ նրանց համար թվում են բնական, չարության ինչ-որ տեսակ թվում է տանելի։ Մարդկային կյանքն իսկական տառապանք, դժոխք է դառնում այնտեղ, որտեղ հանդիպում են երկու ժամանակաշրջաններ, երկու մշակույթ, երկու կրոն։ Եթե անտիկ դարաշրջանի մարդը ստիպված լիներ ապրել միջնադարում, ապա նա ողորմելիորեն շնչահեղձ կփներ, նմանապես որևէ վայրենի շնչահեղձ կլիներ մեր քաղաքակրթության պայմաններում։ Բայց կան ժամանակներ, երբ ամբողջական սերունդներ հայտնվում են երկու դարաշրջանների, երկու կենսակերպերի միջակայքում այնպես, որ ոչնչանում է ցանկացած բնականություն, ցանկացած ավանդույթ, ցանկացած պաշտպանվածություն ու անմեղություն։ Բնականաբար, դրա ազդեցությունը ոչ բոլորն են զգում։ Այնպիսի մարդը, ինչպիսին էր Նիցշեն, այսօրվա ցավը զգաց և տառապեց շատ և մի ամբողջ սերունդ ավելի վաղ, ինչ նա ապրեց մենակության և չհասկացված լինելու պայմաններում, այսօր հազարավորների ճակատագիրն է։
Գրառումները կարդալիս՝ այս խոսքերի վրա հաճախ եմ մտածում։ Հալլերը պատկանում է նրանց թվին, ովքեր հայտնվել են երկու դարաշրջանների միջակայքում, ովքեր ոչնչով պաշտպանված չեն, չունեն անմեղ մնալու ապահովություն, որոնց ճակատագիրն է մարդկային կյանքի ողջ տարակուսելիությունը, իբրև սեփական տառապանք և դժոխք զգալու ծանր ոգևորությունը։
Դրա մեջ է, իմ կարծիքով, այն իմաստը, որ նրա գրառումներն ունեն մեզ համար, և հենց դրա համար վճռեցի դրանք հրապարակել։ Իսկ, ընդհանուր առմամբ, ես ցանկություն չունեմ դրանք ոչ պաշտպանության տակ առնել ոչ էլ դատողություններ անել դրանց մասին, թող յուրաքանչյուր ընթերցող ինքը դա անի՝ համաձայն իր խղճի։