Մեր այս հետազոտության ընթացքում պարզվեց, որ կապիտալը ոչ թե մի հաստատուն մեծություն է, այլ հասարակական հարստության մի շատ առաձգական մասը, որը շարունակ փոփոխվում է, նայած թե հավելյալ արժեքն ինչպես է բաժանվում եկամտի և ավելադիր կապիտալի։ Մենք տեսանք այնուհետև, որ գործող կապիտալի նույնիսկ տվյալ մեծության դեպքում կապիտալի զավթած աշխատուժը, գիտությունն ու հողը (սրա տակ, տնտեսագիտական տեսակետից, պետք է հասկանալ աշխատանքի բոլոր առարկաները, որ բնությունը մատակարարում է առանց մարդու աջակցության) կազմում են կապիտալի առաձգական պոտենցիաները, որոնք կապիտալի ներգործության ասպարեզը որոշ սահմաններում ընդարձակում են, անկախ նրա սեփական մեծությունից։ Ընդսմին մենք բոլորովին մի կողմ էինք թողնում շրջանառության պրոցեսի այն բոլոր պայմանները, որոնց շնորհիվ կապիտալի միևնույն մասսան կարող է ներգործել շատ տարբեր աստիճաններով։ Որովհետև մենք ենթադրում էինք կապիտալիստական արտադրության շրջանակները, հետևապես, ենթադրում էինք արտադրության հասարակական պրոցեսի զուտ տարերայնորեն աճած այդ ձևը, ուստի, ելնելով արտադրության առկա միջոցներից ու աշխատուժերից, բոլորովին հաշվի չէինք առնում անմիջաբար ու պլանաչափորեն որևէ ավելի ռացիոնալ կոմբինացիա իրագործելու հնարավորությունը։ Կլասիկ քաղաքատնտեսությունը վաղուց բուռն ցանկություն ուներ հասարակական կապիտալը դիտելու որպես հաստատուն մեծություն, որին հատուկ է ներգործության հաստատուն աստիճան։ Բայց այդ նախապաշարմունքն ամրակայվելով՝ մի անառարկելի դոգմա դարձավ միայն շնորհիվ ֆիլիստերների նախահայր Երեմիա Բենթամի — XIX դարի բուրժուական գռեհիկ բանականության այդ զգաստորեն-պեդանտ, ձանձրալի-շաղակրատ պատգամախոսի<ref>Հմմտ., ի միջի այլոց, J. Bentham: «Théorie des Peines et des Récompenses». թարգ. Et. Dumont., 3-րդ հրատ., Paris 1826, հ. II, գիրք IV, գլ. 2։</ref>։ Բենթամը փիլիսոփաների շարքում նույնն է, ինչ որ Մարտին Տեպպերը բանաստեղծների շարքում։ Նրանք երկուսն էլ միայն Անգլիայում կարող էին արտադրվել<ref>Երեմիա Բենթամը զուտ անգլիական երևույթ է։ Ոչ մի դարաշրջանում և ոչ մի երկրում չի եղել դեռ մի փիլիսոփա — չբացառելով նույնիսկ մեր Խրիստիան Վոլֆին,— որն այնպիսի մեծամտությամբ ազդարարեր ամենասովորական տափակությունները։ Օգտակարության սկզբունքը Բենթամի հայտնագործությունը չէր։ Նա անշնորհք կերպով լոկ կրկնել է այն, ինչ որ շնորհալիորեն շարադրել էին Հելվեցիուսն ու XVIII գարի մյուս ֆրանսիացիները։ Եթե մենք ուզում ենք իմանալ, թե, օրինակ, շանն ինչն է օգտակար, ապա պետք է նախ հետազոտենք շան բնությունը։ Իսկ ինքը՝ այդ բնությունը չի կարելի հորինել, ելնելով «օգտակարության սկզբունքից»։ Եթե մենք ուզում ենք այդ սկզբունքը մարդու նկատմամբ կիրառել, ուզում ենք մարդկային ամեն մի գործողություն, շարժում, հարաբերություն և այլն գնահատել օգտակարության տեսակետից, ապա պետք է իմանանք, թե ինչ է մարդկային բնությունն ընդհանրապես, էլ թե նա ինչպես է ձևափոխվում յուրաքանչյուր պատմականորեն տվյալ դարաշրջանում։ Բայց Բենթամի համար այդ հարցերը գոյություն չունեն։ Ամենամիամիտ բթամտությամբ նա արդի ֆիլիստերին — այն էլ մասնավորապես անգլիական ֆիլիստերին — նույնացնում է ընդհանրապես նորմալ մարդու հետ։ Ամեն ինչ, որ օգտակար է նորմալ մարդու այդ տարատեսակության համար նրան շրջապատող աշխարհում, օգտակար է համարվում ինքնըստինքյան։ Այնուհետև այդ մասշտաբով նա չափում է անցյալը, ներկան ու ապագան։ Օրինակ, քրիստոնեական կրոնն «օգտակար է», որովհետև նա կրոնապես դատապարտում է նույն հանցագործությունները, որ քրեական օրենսգիրքը դատապարտում է իրավաբանորեն։ Գեղարվեստական քննադատությունը «վնասակար է» որովհետև նա խանգարում է, որ պատվարժան մարդիկ հաճույք ստանան Մարտին Տեպպերի և ուրիշների երկերից։ Այս ճարպիկ պարոնը, որի նշանաբանն է «nulla dies sine linea [«գեթ մի տող օրական»], այդպիսի խլամով լեռնաչափ գրքեր է լցրել։ Եթե ես օժտված լինեի իմ բարեկամ Հ. Հայնեի խիզախությամբ, պարոն Երեմիային բուրժուական տխմարության հանճար կանվանեի։</ref>։ Բենթամի դոգմայի տեսակետից բոլորովին անըմբռնելի են արտադրության պրոցեսի ամենասովորական երևույթները, օրինակ՝ արտադրության հանկարծակի ընդլայնումներն ու սեղմումները և նույնիսկ հենց կուտակման փաստը<ref>«Տնտեսագետները խիստ հակամետ են... կապիտալի մի որոշ քանակ և բանվորների մի որոշ թիվ դիտելու որպես արտադրության գործիքներ, որոնք օժտված են միանման տվյալ ուժով, գործում են որոշ միակերպ ինտենսիվությամբ... Նրանք,... ովքեր ասում են,... թե ապրանքներն արտադրության միակ գործոններն են,... հենց դրանով էլ պնդում են, որ արտադրությունն ընդհանրապես չի կարող ընդլայնվել, որովհետև այդպիսի ընդլայնման համար պետք է նախապես ավելացվի կենսամիջոցների, հում նյութերի ու գործիքների քանակը. փաստորեն այդ հավասարազոր է այն պնդումին, թե արտադրության ոչ մի աճում չի կարող տեղի ունենալ առանց նրա նախնական աճման, կամ, ուրիշ խոսքով, հնարավոր չէ նրա և ոչ մի աճում» (S. Bailey: «Money and its Vicissitudes», էջ 58 և 70)։ Բեյլին այդ դոգման քննադատում է գլխավորապես շրջանառության պրոցեսի տեսակետից։</ref>։ Այդ դոգման կիրառել են ինչպես ինքը՝ Բենթամը, այնպես էլ Մալթուսը, Ջեմս Միլլը, Մակ Կուլլոխը և ուրիշներ՝ ջատագովական նպատակներով, այն է՝ կապիտալի մի մասը, փոփոխուն կապիտալը, այսինքն՝ աշխատուժի փոխարկվող կապիտալը որպես հաստատուն մեծություն ներկայացնելու նպատակով։ Հորինվեց այն առասպելը, թե փոփոխուն կապիտալի առարկայական գոյությունը, այսինքն՝ կենսամիջոցների այն մասսան, որ փոփոխուն կապիտալը ներկայացնում է բանվորների համար, կամ, այսպես կոչված, աշխատաֆոնդը, հասարակական հարստության մի բոլորովին առանձնացված մասն է, որ սահմանվում է հենց բնության անհաղթահարելի ուժերով։ Որպեսզի շարժման մեջ դրվի հասարակական հարստության այն մասը, որը պետք է գործի որպես հաստատուն կապիտալ, կամ,— ըստ իր առարկայական բնույթի,— որպես արտադրության միջոց, անհրաժեշտ է, իհարկե, կենդանի աշխատանքի մի որոշ մասսա։ Վերջինը սահմանվում է արտադրության տեխնիկայով։ Բայց ո՛չ բանվորների այն թիվն է տրված, որը հարկավոր է աշխատանքի այդ մասսան հոսանուտ դարձնելու համար,— որովհետև այդ թիվը փոփոխվում է անհատական աշխատուժի շահագործման աստիճանի փոփոխվելով,— ո՛չ էլ աշխատուժի գինը, հայտնի է միայն նրա նվազագույն, և այն էլ շատ առաձգական, սահմանը։ Քննարկվող դոգմայի հիմքում ընկած փաստերը սրանք են. մի կողմից՝ բանվորը ձայն չունի ոչ-բանվորների սպառման միջոցների և արտադրության միջոցների ներկայացրած հասարակական հարստությունը բաժանելու մեջ։ Մյուս կողմից՝ բանվորը միայն բացառիկ նպաստավոր դեպքերում կարող է այսպես կոչված «աշխատաֆոնդին» ընդլայնել հարուստների «եկամտի» հաշվին<ref>Ջ. Ստ. Միլլը իր «Principles of Political Economy» [գիրք II, գլ. 1, § 3։ Հմմտ. Дж. Ст. Милль: «Основания политической экономии», թարգմ. Ն. Գ. Չերնիշևսկու, ՍՊԲ. 1909 թ., էջ 622] աշխատության մեջ ասում է, «Աշխատանքի արդյունքը ներկայումս բաժանվում է աշխատանքին հակառակ հարաբերությամբ. նրա ամենամեծ մասը ստանում են նրանք, ովքեր երբեք չեն աշխատում, հաջորդ ամենամեծ մասը՝ նրանք, որոնց աշխատանքը գրեթե ամբողջովին անվանական է, և այսպես, վարձատրությունը վայրընթաց շկալայով այնքան ավելի ու ավելի է պակասում, որքան աշխատանքը ավելի ծանր ու ավելի անհաճո է դառնում։ Ամենահոգնեցուցիչ և ուժասպառիչ ֆիզիկական աշխատանքով զբաղվող մարդը չի կարող վստահ հույս ունենալ, թե ամենաանհրաժեշտ կենսական միջոցներ կստանա»։ Թյուրիմացության տեղիք չտալու համար նկատեմ, որ այնպիսի մարդիկ, ինչպես Ջ. Ստ. Միլլն է և նրա նմանները, իհարկե, իրենց հնաձև տնտեսագիտական դոգմաների ու իրենց արդիական տենդենցների հակասությունների համար արժանի են ամեն տեսակ կշտամբանքի, բայց նրանց գռեհիկ տնտեսագետ-ջատագովների հետ մի կույտի մեջ խառնելը վերին աստիճանի անարդարացի կլիներ։</ref>։
Թե ինչ տափակ նույնաբանության. է հասցնում այն փորձը, որով ուզում են աշխատաֆոնդի կապիտալիստական սահմանները դարձնել հասարակության՝ որպես այդպիսիի բնական սահմաններ, ցույց է տալիս պրոֆեսոր Ֆաուսետտի օրինակը։ «Տվյալ երկրի շրջանառու կապիտալը<ref>Ընթերցողին ես այստեղ հիշեցնում եմ, որ փոփոխուն կապիտալ և հաստատուն կապիտալ կատեգորիաներն առաջին անգամ ես եմ գործածել։ Քաղաքատնտեսությունն Ա. Սմիթի ժամանակվանից շարունակ շփոթում է այս կատեգորիաների մեջ պարունակվող սահմանումները հիմնական և շրջանառու կապիտալների ձևերի այն տարբերության հետ, որը շրջանառության պրոցեսից է առաջ գալիս։ Այս մասին ավելի մանրամասն տե՛ս երկրորդ գրքի երկրորդ բաժնում։</ref>,— ասում է նա,— նրա աշխատաֆոնդն է։ Հետևապես, հաշվելու համար այն միջին փողային վարձը, որ ստանում է ամեն մի բանվոր, պետք է պարզապես այդ կապիտալը բաժանենք բանվոր բնակչության թվի վրա»<ref>H. Fawcett, քաղաքատնտեսության պրոֆեսոր Քեմբրիջում, «The Economic Position of the British Labourer». London 1865, էջ 120։</ref>։ Այսպես ուրեմն, մենք նախ հաշվում ենք իրապես վճարված անհատական աշխատավարձերի գումարը, հետո հայտարարում ենք, թե այդ գումարման արդյունքը աստծուց ու բնությունից սահմանված «աշխատաֆոնդի» արժեքն է։ Վերջապես, այդպիսով ստացած գումարը բաժանում ենք բանվորների թվի վրա, որպեսզի նորից հայտնագործենք, թե ամեն մի առանձին բանվորի միջին թվով որքան է ընկնում։ Մի չափազանց խորամանկամիտ գործողություն։ Այդ պ. Ֆաուսետտին չի խանգարում հայտարարելու մի շնչով. «Անգլիայում կուտակվող տարեկան ամբողջ հարստությունը բաժանվում է երկու մասի։ Մի մասը գործադրվում է հենց Անգլիայում՝ մեր սեփական արդյունաբերությունը պահպանելու համար։ Մյուս մասն արտահանվում է արտասահման... Մեր արդյունաբերության մեջ գործադրվող մասն այս երկրում կուտակված տարեկան հարստության աննշան բաժինն է կազմում»<ref>Նույն տեղում, էջ 122, 123։</ref>։ Այսպես ուրեմն, ամեն տարի ավելացող այն հավելյալ արդյունքի ավելի մեծ մասը, որ առանց համարժեքի խլում են անգլիական բանվորներից, կապիտալացվում է ո՛չ թե Անգլիայում, այլ ուրիշ երկրներում։ Բայց չէ՞ որ այդ ձևով արտասահման արտահանվող ավելադիր կապիտալի հետ արտահանվում է նաև աստծու ու Բենթամի հնարած «աշխատաֆոնդի» մի մասը<ref>Կարելի էր ասել, թե Անգլիայից ամեն տարի ոչ միայն կապիտալ, այլև բանվորներ են արտահանվում արտագաղթի ձևով։ Սակայն տեքստում խոսքն արտագաղթողների գույքի մասին չէ, որոնք իրենց խոշոր մասով բանվոր դասակարգին չեն պատկանում։ Արտագաղթողների մի խոշոր մասը կազմում են ֆերմերների զավակները։ Շահույթ քաղելու նպատակով ամեն տարի արտասահման ուղարկվող անգլիական ավելադիր կապիտալն անհամեմատ ավելի զգալի մեծություն է կազմում տարեկան կուտակման հետ, համեմատած, քան տարեկան արտագաղթը՝ բնակչության տարեկան աճի համեմատությամբ։</ref>։ ===ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ=== ====1. ԱՇԽԱՏՈՒԺԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ ԿՈՒՏԱԿՄԱՆԸ ԶՈՒԳԸՆԹԱՑ, ԿԱՊԻՏԱԼԻ ԱՆՓՈՓՈԽ ԿԱԶՄԻ ԴԵՊՔՈՒՄ։==== Այս գլխում մենք քննում ենք այն ազդեցությունը, որ կապիտալի աճումը գործում է բանվոր դասակարգի վիճակի վրա։ Այս հետազոտման կարևորագույն գործոններն են կապիտալի կազմը և այն փոփոխությունները, որ նա կրում է կուտակման պրոցեսի ընթացքում։ Կապիտալի կազմը կարելի է քննել երկու տեսակետից։ Արժեքի կողմից քննելիս այդ կազմը որոշվում է այն հարաբերությամբ, որով կապիտալ տրոհվում է հաստատուն կապիտալի, կամ արտադրության միջոցների արժեքի, և փոփոխուն կապիտալի, կամ աշխատուժի արժեքի՝ աշխատավարձի ընդհանուր գումարի։ Արտադրության պրոցեսում գործող նյութի կողմից քննելիս ամեն մի կապիտալ բաժանվում է արտադրության միջոցների և կենդանի աշխատուժի. այս իմաստով կապիտալի կազմը որոշվում է այն հարաբերությամբ, որ կա, մի կողմից, արտադրության կիրառված միջոցների մասսայի և, մյուս կողմից, այդ միջոցների կիրառման համար անհրաժեշտ աշխատանքի քանակի միջև։ Առաջինը ես անվանում եմ կապիտալի արժեքային կազմ, երկրորդը՝ կապիտալի տեխնիկական կազմ։ Առաջնի և երկրորդի միջև գոյություն ունի սերտ փոխադարձ կախվածություն։ Այդ փոխադարձ կախվածությունն արտահայտելու համար ես կապիտալի օրգանական կազմ եմ անվանում կապիտալի արժեքային կազմը, որչափով վերջինը որոշվում է նրա տեխնիկական կազմով և արտացոլում է տեխնիկական կազմի փոփոխությունները։ Այն դեպքերում, երբ խոսք է լինում պարզապես կապիտալի կազմի մասին, միշտ պետք է նրա օրգանական կազմը հասկանալ։ Արտադրության որոշ ճյուղի մեջ ներդրված բազմաթիվ անհատական կապիտալներն իրենց կազմով ավելի կամ պակաս չափով տարբերվում են միմյանցից։ Նրանց անհատական կազմերի միջինը մեզ տալիս է արտադրության տվյալ ճյուղի ամբողջ կապիտալի կազմը։ Վերջապես, արտադրության բոլոր ճյուղերի այդ միջին կազմերի ընդհանուր միջինը մեզ տալիս է տվյալ երկրի հասարակական կապիտալի կազմը, և հետագա շարադրանքի մեջ, վերջին հաշվով, խոսքը միայն դրա մասին կլինի։ Կապիտալի աճումն ընդգրկում է նրա փոփոխուն կամ աշխատուժի փոխարկվող բաղկացուցիչ մասի աճումը։ Հավելյալ արժեքի մի մասը, որ ավելադիր կապիտալի է վերածվում, շարունակ պետք է նորից փոխարկվի փոփոխուն կապիտալի կամ ավելադիր աշխատաֆոնդի։ Ենթադրենք, թե այլ անփոփոխ պայմանների թվում անփոփոխ է մնում նաև կապիտալի կազմը, այսինքն՝ առաջվա նման միշտ աշխատուժի նույն մասսան է պահանջվում՝ արտադրության միջոցների կամ հաստատուն կապիտալի մի որոշ մասսա շարժման մեջ դնելու համար. այդ դեպքում ակներև է, որ աշխատանքի պահանջարկն ու բանվորների ապրուստի ֆոնդի պահանջարկն աճում են կապիտալի աճման հետ համամասնորեն, և այնքան ավելի արագ են ավելանում, որքան ավելի արագ է աճում կապիտալը։ Որովհետև կապիտալն ամեն տարի արտադրում է հավելյալ արժեք, որի մի մասն ամեն տարի միացվում է սկզբնական կապիտալին, որովհետև հենց այդ աճն ամեն տարի ավելանում է արդեն գործող կապիտալի չափերի ավելանալուն համապատասխան, և, վերջապես, որովհետև հարստացման առանձնապես սաստիկ ձգտումից մղված, օրինակ՝ նոր շուկաների հայտնագործումը, հասարակական նոր զարգացած պահանջների հետևանքով կապիտալի կիրառման նոր ոլորտների հայտնագործումը և այլն, կուտակումը կարող է հանկարծակի ընդարձակել իր մասշտաբը լոկ այն բանի շնորհիվ, որ փոփոխվում է հավելյալ արժեքի կամ հավելյալ արդյունքի բաժանումը կապիտալի և եկամտի, — ուստի կապիտալի կուտակումից առաջացող պահանջները կարող են գերազանցել աշխատուժի կամ բանվորների թվի աճումը, բանվորների պահանջարկը կարող է գերազանցել նրանց առաջարկը, և, այդպիսով, կարող է տեղի ունենալ աշխատավարձի բարձրացում։ Վերջիվերջո այդ պետք է հենց տեղի էլ ունենա, երբ վերը մատնանշված պայմանները պահպանվում են անփոփոխ։ Որովհետև ամեն տարի ավելի շատ բանվորներ են գործի դրվում, քան նախընթաց տարում, ուստի վաղ թե ուշ պետք է հասնի այն մոմենտը, երբ կուտակման պահանջներն սկսում են աշխատանքի սովորական առաջարկը գերազանցել, երբ, հետևապես, սկսվում է աշխատավարձի բարձրացումը։ Ամբողջ XV դարի և XVIII դարի աոաջին կեսի ընթացքում այս մասին գանգատներ են հնչում Անգլիայում։ Սակայն այն քիչ թե շատ նպաստավոր պայմանները, որոնց մեջ ապրում և բազմանում են վարձու բանվորները, ամենևին չեն փոխում կապիտալիստական արտադրության հիմնական բնույթը։ Ինչպես որ պարզ վերարտադրությունը անընդհատ բուն կապիտալիստական հարաբերություն է վերարտադրում,— կապիտալիստներ մի կողմում, վարձու բանվորներ մյուս կողմում,— այնպես էլ ընդլայնված մասշտաբով վերարտադրությունը կամ կուտակումը ընդլայնված մասշտաբով կապիտալիստական հարաբերություն է վերարտադրում՝ ավելի շատ կապիտալիստներ կամ ավելի խոշոր կապիտալիստներ մի բևեռում, ավելի շատ վարձու բանվորներ մյուս բևեռում։ Ինչպես արդեն տեսանք առաջ, աշխատուժի վերարտադրությունը, որը պետք է շարունակ մտնի կապիտալի կազմի մեջ որպես նրա արժեքն ավելացնելու միջոց և չի կարող ազատվել կապիտալից, և որի ենթարկումը կապիտալին սքողվում, է լոկ անհատական կապիտալիստների հաջորդափոխումով, որոնց ծախվում է աշխատուժը,— այդ վերարտադրությունը իրապես բուն կապիտալի վերարտադրության մի մոմենտն է։ Այսպես ուրեմն, կապիտալի կուտակումը պրոլետարիատի ավելացումն է<ref>Karl Marx: «Lohnarbeit und Kapital». [Հմմտ. Կ. Մարքս. «Վարձու աշխատանք և կապիտալ»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., h. V.] — «Մասսաների հավասար ճնշման ժամանակ որքան շատ պրոլետարներ կան երկրում, այնքան ավելի հարուստ է նա (Colins: «L’Économie Politique, Source des Révolutions et des Utopies prétendues Socialistes». Paris 1857, հ. III, էջ 331)։ «Պրոլետար» ասելով, տնտեսագիտական իմաստով պետք է հասկանալ բացառապես վարձու բանվորին, որը «կապիտալ» է արտադրում, մեծացնում է նրա արժեքը և փողոց է շպրտվում, հենց որ ավելորդ է դառնում «պարոն կապիտալի» — այս հոգևորին այդպես է անվանում Պեկերը — ինքնաճման պահանջների համար։ «Նախնադարյան անտառի հիվանդոտ պրոլետարը» Ռոշերի երևակայության սիրուն պտուղն է։ Նախնադարյան անտառի բնակիչը այդ անտառի սեփականատերն է և ազատ-համարձակ է վարվում նախնադարյան անտառի հետ, իբրև իր սեփականության հետ, առանց քաշվելու, ինչպես օրանգուտանգը։ Հետևապես, նա պրոլետար չէ։ Նա միայն այն դեպքում պրոլետար կլիներ, եթե նախնադարյան անտառը շահագործեր նրան, և ոչ թե նա ինքը շահագործեր նախնադարյան անտառը։ Ինչ վերաբերում է նրա առողջությանը, ապա նա կարող էր այս տեսակետից հաջողությամբ համեմատվել ոչ միայն արդի պրոլետարի, այլև սիֆիլիսոտ ու գեղձախտավոր «պատվավոր մարդկանց» հետ։ Սակայն պարոն Վիլհելմ Ռոշերը նախնադարյան անտառ ասելով հավանորեն իր հարազատ Լյունեբուրգեր Հայդեն է հասկանում։</ref>։ Կլասիկ քաղաքատնտեսությունն այնքան լավ է ըմբռնում այս դրույթը, որ Ա. Սմիթը, Ռիկարդոն և ուրիշներ, ինչպես արդեն հիշատակվեց, կուտակումը սխալ կերպով մինչև անգամ նույնացնում էին հավելյալ արդյունքի ամբողջ կապիտալացվող մասի սպառման հետ՝ արտադրողական բանվորների կողմից, կամ լրացուցիչ վարձու բանվորների փոխարկվելու հետ։ Արդեն 1696 թվականին Ջոն Բելլերսն ասում է. «Եթե որևէ մեկն ունենար 100 000 ակր հող, նույնքան ֆունտ ստեռլինգ փող և նույնքան էլ անասուն, ի՞նչ կլիներ ինքը այդ հարուստ մարդն առանց բանվորների, եթե ոչ բանվոր։ Եվ քանի որ բանվորներն են հարստացնում մարդկանց, ուստի որքան շատ լինեն բանվորները, այնքան էլ շատ հարուստներ կլինեն... Աղքատի աշխատանքը հարուստի հանքարանն է»<ref>John Bellers: «Proposals for raising a College of Industry». London 1696, էջ 2։</ref>։ Նմանապես Բեռնար դը Մանդևիլը ասում է XVIII դարի սկզբում, «Այնտեղ, որտեղ սեփականությունը բավարար պաշտպանություն է վայելում, ավելի հեշտ կլիներ առանց փողի ապրել, քան առանց աղքատների, որովհետև ո՞վ կաշխատեր... Թեև պետք է բանվորներին պաշտպանել սովամահությունից, բայց այդ պետք է այնպես անել, որ նրանք չստանան ոչ մի այնպիսի բան, որը հավասարազոր լինի տնտեսման։ Եթե երբեմն ստորին դասակարգից որևէ մեկը արտասովոր աշխատասիրության կամ կիսափոր ապրելու շնորհիվ բարձրանում է այն դրությունից, որի մեջ աճել է նա, ապա ոչ ոք նրա դեմ չպետք է արգելք հարուցի այդ բանում. չէ՞ որ անվիճելի է, որ հասարակության մեջ ամեն մի մասնավոր անձի համար, ամեն մի մասնավոր ընտանիքի համար խնայողաբար ապրելը ամենախելացի բանն է. սակայն բոլոր հարուստ ազգերի շահը պահանջում է, որ աղքատների մեծ մասը երբեք անգործ չմնա, և որ նրանք շարունակ ամբողջովին ծախսեն այն բոլորը, ինչ ստանում են... Ովքեր իրենց գոյությունը պահպանում են իրենց օրական աշխատանքով, նրանց աշխատելու են դրդում բացառապես նրանց կարիքները, որոնց մեղմելը խոհեմություն է, բայց բուժելը հիմարություն կլիներ։ Միակ բանը, որ բանվոր մարդուն կարող է աշխատասեր դարձնել, չափավոր աշխատավարձն է։ Չափազանց ցածր աշխատավարձը, նայած բանվորի խառնվածքին, նրան հասցնում է փոքրոգության կամ հուսահատության, չափազանց բարձր աշխատավարձը նրան դարձնում է լկտի ու ծույլ... Մինչև այժմ ասածից հետևում է, որ ազատ ազգի համար, որի մոտ ստրկություն չի թույլատրվում, ամենաապահով հարստությունն աշխատասեր աղքատների մասսան է։ Չխոսելով արդեն այն մասին, որ նրանք նավատորմի ու բանակի համար համալրման մի անսպառ աղբյուր են, առանց աղքատների ոչ մի հաճույք չէր լինի, և երկրի արդյունքները չէր կարելի օգտագործել եկամուտներ ստանալու համար։ Հասարակությանը (որը, իհարկե, կազմված է ոչ-բանվորներից) բախտավոր դարձնելու, իսկ ժողովրդին նույնիսկ խղճալի կացությունով գոհ դարձնելու համար անհրաժեշտ է, որ հսկայական մեծամասնությունը տգետ ու աղքատ մնա։ Իմացությունն ընդլայնում և բազմապատկում է մեր ցանկությունները, իսկ մարդ որքան քիչ է ցանկանում, այնքան ավելի հեշտ կարող են բավարարվել նրա պահանջմունքները»<ref>B. de Mandeville («The Fable of the Bees», 5-րդ հրատ., London 1728, ծանոթագրություն, էջ 212, 213, 328)։ «Չափավոր կյանքն ու մշտական աշխատանքն այն ճանապարհն է, որ աղքատներին տանում է դեպի նյութական բարեբախտություն (որի տակ այստեղ հասկացվում է ըստ հնարավորին երկար աշխատանքային օր և ըստ հնարավորին քիչ քանակությամբ կենսամիջոցներ) և դեպի հարստացում պետության համար» (այսինքն՝ հողային սեփականատերերի, կապիտալիստների ու նրանց քաղաքական բարձր աստիճանավորների ու գործակալների համար) («An Essay on Trade and Commerce». London 1770, էջ 54)։</ref>։ Մանդևիլը, այս ազնիվ մարդը և պայծառ գլուխը, դեռ չի հասկանում, որ հենց կուտակման պրոցեսի բուն մեխանիզմը կապիտալի հետ մեծացնում է նաև «աշխատասեր աղքատների», այսինքն՝ վարձու բանվորների մասսան, որոնք ստիպված են իրենց աշխատուժն աճող ուժ դարձնելու աճող կապիտալի արժեքը մեծացնելու համար և հենց դրանով էլ հավերժացնելու իրենց կախումը իրենց սեփական, կապիտալիստի մեջ անձնավորված արդյունքից։ Կախման այդ հարաբերության մասին սըր Ֆ. Մ. Իդենը նկատում է իր «Անգլիայի աղքատների դրությունը կամ բանվոր դասակարգի պատմությունը» աշխատության մեջ. «Մեր աշխարհագրական գոտում պահանջմունքների բավարարման համար աշխատանք է պահանջվում, ուստի և գոնե հասարակության մի մասը պետք է անխոնջ աշխատի... Քչերը, որոնք չեն աշխատում, այնուամենայնիվ, իրենց տրամադրության տակ ունեն աշխատասիրության արդյունքները։ Սակայն այդ էլ սեփականատերերը պարտական են միայն քաղաքակրթությանն ու կարգին. նրանք ամբողջովին քաղաքացիական հիմնարկների ծնունդ են<ref>Իդենը պետք է հետևյալ հարցը դներ. իսկ ո՞ւմ ստեղծածն են «քաղաքացիական հիմնարկները»։ Իրավաբանական պատրանքների տեսակետի վրա կանգնած լինելով, նա ո՛չ թե օրենքն է համարում արտադրության նյութական հարաբերությունների արդյունք, այլ, ընդհակառակը, արտադրության հարաբերություններն է համարում օրենքի արդյունք. Լենգեն Մոնթեսքյոյի պատրանքային «Esprit des lois»-ն [«Օրենքների ոգին»] տապալեց մի հատիկ բառով, «L’Esprit des lois, c’est la propriété» [«Սեփականություն — ահա՛ օրենքների ոգին»]։</ref>։ Որովհետև նրանք ընդունում են, որ աշխատանքի պտուղները, բացի աշխատանքով յուրացնելուց, կարելի է նաև այլ կերպ յուրացնել։ Նյութական անկախ վիճակի տեր մարդիկ իրենց վի֊ճակի համար գրեթե ամբողջովին պարտական են ուրիշների աշխատանքին և ոչ թե իրենց սեփական ընդունակություններին, որոնք բնավ ավելի բարձր չեն, քան ուրիշներինը. ո՛չ թե հողատեր ու փողատեր Լինելը, այլ աշխատանքի վրա հրամանատարություն անելը («the command of labour») ահա թե ինչն է հարուստներին տարբերում հասարակության աշխատող մասից... Աղքատներին սազում է ո՛չ թե թշվառության կամ ստրկության վիճակը, այլ հարմար ու չափավոր կախման վիճակը (a state of easy and liberal dependence), իսկ սեփականություն ունեցող մարդկանց վայել է պատշաճ ազդեցություն ու հեղինակություն նրանց մեջ, ովքեր նրանց համար են աշխատում... կախման այսպիսի հարաբերությունը, ինչպես մարդկային բնությանն իրազեկ ամեն մարդ գիտե, անհրաժեշտ է հենց բանավորների բարօրության համար»<ref>Eden: «The State of the Poor, or an History of the Labouring Classes in England», հ. I, գիրք I, գլ. 1, 2 և առաջաբան, էջ XX։</ref>։ Ի դեպ նկատենք՝ սըր Ֆ. Մ. Իդենը Ադամ Սմիթի աշակերտներից միակն է, որը XVIII դարում ինչ-որ նշանակալի գործ է կատարել<ref>Եթե ընթերցողը կմտաբերի Մալթուսին։ որի «Essay on Population» աշխատությունը լույս տեսավ 1798 թվականին, ապա եu կհիշեցնեմ, որ այդ աշխատությունն իր առաջին ձևով ոչ այլ ինչ է, բայց եթե աշակերտական մակերեսային և տերտերական ճոռոմ բանագողություն Դեֆոյից, սըր Ջեմս Ստյուարտից, Տաունսենդից, Ֆրանկլինից, Ուոլլեսից և այլև, և ինքնուրույնաբար հորինած մի հատիկ դրույթ չի պարունակում։ Այն մեծ աղմուկը, որ հարուցեց այդ պամֆլետը, բացառապես պարտիական շահերով է բացատրվում։ Ֆրանսիական ռևոլյուցիան թունդ պաշտպաններ էր գտել Բրիտանական թագավորության մեջ. «բնակչության սկզբունքը», որ դանդաղորեն մշակվում էր XVIII դարում, հետո սոցիալական մեծ ճգնաժամի մթնոլորտում թմբուկներով ու շեփորներով ազդարարվում էր որպես Կոնդորսեի ու մյուսների ուսմունքների դեմ ուղղված մի անզուգական հակաթույն, ցնծությամբ ընդունվեց անգլիական օլիգարխիայի կողմից, որն այդ սկզբունքի մեջ տեսավ մարդկային հետագա զարգացման բոլոր ձգտումներն արմատախիլ անող մեծ միջոցը։ Մալթուսը, իր հաջողության վրա չափից դուրս զարմացած, այն ժամանակ ձեռք զարկեց հին սխեման կոմպիլացված մակերեսային նյութով լցնելու և նրան նոր նյութ ավելացնելու, որ սակայն Մալթուսը ո՛չ թե հայտնագործել էր, այլ միայն սեփականել էր։— Ի դեպ ասենք, որ թեև Մալթուսն անգլիկան բարձր եկեղեցու տերտեր էր, այնուամենայնիվ ուխտ էր արել վանական կուսակրոն մնալու։ Այդ՝ Քեմբրիջի բողոքական համալսարանի fellowship-ի [անդամ լինելու] պայմաններից մեկն էր։ «Մենք չենք թույլատրում, որ ամուսնացածները մեր կոլեգիայի անդամ դառնան։ Ընդհակառակը, եթե որևէ մեկը ամուսնանա, նա պետք է անմիջապես դուրս գա անդամների թվից» («Reports of Cambridge Universtiy Commission», էջ 172)։ Այս պարագան նպաստավոր կերպով Մալթուսին տարբերում է ուրիշ բողոքական տերտերներից, որոնք իրենց վրայից թոթափելով քահանաների կուսակրոնության կաթոլիկական պատվիրանը, «աճեցեք ու բազմացեք» պատվիրանն այնպես են յուրացրել իբրև իրենց սպեցիֆիկ բիբլիական միսիան, որ իրենք ամենուրեք իսկապես անպատշաճ չափով նպաստում են բնակչության բազմանալուն և միաժամանակ «բնակչության սկզբունքն» են քարոզում բանվորներին։ Բնորոշ է, որ մեղսագործության այդ տնտեսագիտական պարոդիան, Ադամի խնձորը, «Urgent appetite»-ը [«անհաղթահարելի ցանկությունը»], «the checks which tend to blunt the shafts of Cupid» [«արգելքները, որոնք ձգտում են բթացնելսւ Կուպիդոնի նետերը»], ինչպես խնդագին ասում է Տաունսենդ տերտերը, այս փափուկ կետը մենաշնորհ դարձրին և այժմ էլ դարձնում են բողոքական աստվածաբանության կամ, ավելի ճիշտ, եկեղեցու պարոնայք ներկայացուցիչները։ Բացի վենետիկյան վանական Օրտեսից, որ մի ինքնուրույն ու սրամիտ հեղինակ է, «բնակչության սկզբունքի» քարոզիչների մեծամասնությունը բողոքական տերտերներ են։ Դրանք են՝ Bruckner: «Théorie du Système animal», Leyde 1767, որի մեջ սպառված է բնակչության արդի ամբողջ թեորիան, և որի համար գաղափարներ տվեց նույն թեմայի վերաբերյալ թռուցիկ վեճը Քենեի ու իր աշակերտ Միրաբո-ավագի միջև. հետո տերտեր Ուոլլեսը, տերտեր Տաունսենդը, տերտեր Մալթուսն ու իր աշակերտ ավագ տերտեր Թ. Չալմերսը, դեռ չենք խոսում մանր տերտեր-գրչակների մասին in this line [նույն ուղղությամբ]։ Սկզբնապես քաղաքատնտեսությամբ զբաղվում էին փիլիսոփաները, ինչպես Հոբսը, Լոկկը, Յումը, առևտրական ու պետական մարդիկ, ինչպես Թոմաս Մորը, Տեմպլը, Սյուլլին, դե Վիտտը, Նոբսը, Լոն, Վանդերլինտը, Կանտիլյոնը, Ֆրակլինը, և մանավանդ նրա թեորիայով, ու այն էլ մեծագույն հաջողությամբ, զբաղվում էին բժիշկները, ինչպես Պետտին, Բարբոնը, Մանդևիլը, Քենեն։ Դեռ XVIII դարի կեսերին նորին բարեկրոնություն պ. Տեկկերը, իր ժամանակի համար նշանավոր տնտեսագետը, խնդրում է ներողամիտ լինել, որ ինքն զբաղվել է մամոնայով։ Հետագայում, և այն էլ «բնակչության սկզբունքի» երևան գալուց հետո, հնչեց բողոքական տերտերների ժամը։ Կարծես նախազգալով այդ վհուկների երևան գալը, Պետտին, որ բնակչությունը հարստության հիմքն էր համարում և Ադամ Սմիթի նման տերտերների ոխերիմ թշնամին էր, ասում է. «Կրոնն ամենից ավելի այնտեղ է ծաղկում, որտեղ քահանաներն ամենից ավելի են մեռցնում իրենց մարմինը, ինչպես որ իրավունքն ամենից ավելի այնտեղ է ծաղկում, որտեղ փաստաբանները սովամահ են լինում»։ Այդ պատճառով բողոքական տերտերներին, քանի որ նրանք չեն ուզում հետևել Պողոս առաքյալին և կուսակրոնությամբ «մեռցնել իրենց մարմինը», նա խորհուրդ է տալիս «գոնե ավելի շատ տերտերներ չարտադրել («not to breed more Churchmen»), քան կարող են կլանել առկա ծխերը (benefices), այսինքն` եթե Անգլիայում և Ուելսում ընդամենը 12 000 ծուխ կա, ապա խելացի բան չէ 24 000 տերտեր արտադrեlը («it will not be safe to breed 24 000 ministers»), որովհետև 12 000 չտեղավորվածները միշt պետք է ձգտեն գոյության միջոցներ ճարելու. և ինչպե՞ս կարող էին նրանք այդ բանն ավելի հեշտ անել, քան գնալով ժողովրդի մեջ ու նրան բացատրելով, թե այդ 12 000 ծխատերերը կործանում են հոգիները, այդ հոգիները սովի դուռն են հասցնում և նրանց ցույց են տալիս սայթաքուն ճանապարհ, որով նրանք չեն հասնի երկինք» (Petty: «A Treatise օո Taxes and Contributions». London 1667, էջ 57)։ Ադամ Սմիթի վերաբերմունքը դեպի իր ժամանակի բողոքական տերտերները բնորոշվում է հետևյալով։ «A Letter to A. Smith, LL. D. On the Life, Death and Philosophy of his Friend David Hume. By One of the People called Christians» գրքում, 4-րդ հրատ., Oxford 1784, Նորվիչի անգլիական եպիսկոպոս դոկտոր Հորնը հարձակվում է Ա. Սմիթի վրա այն բանի համար, որ նա Ստրեենին ուղղած մի բաց նամակում «զմռսում է իր բարեկամ Դավթին» (այսինքն՝ Յումին), որ նա հասարակությանը պատմում է, թե «ինչպես Յումը իր մահվան մահճի մեջ զվարճանում էր Լուկիանով ու վիստով», և որ նա մինչև անգամ հանդգնություն է ունեցել գրելու, «Ես Յումին ինչպես նրա կենդանության ժամանակ, այնպես էլ նրա մահվանից հետո միշտ համարել եմ իմաստուն ու առաքինի մարդու կատարյալ իդեալին այնքան մոտ, որքան այդ թույլ է տալիս մարդկային բնության թուլությունը»։ Եպիսկոպոսը զայրույթով բացականչում է. «Արդյոք լա՞վ բան է այդ ձեր կողմից, ողորմած տեր, որ Դուք իբրև կատարելապես իմաստուն ու առաքինի եք պատկերում ա՛յն մարդու բնավորությունն ու կենսաձևը, որը մի անհաշտելի հակակրություն էր տածում դեպի այն ամենը, որ կրոն է կոչվում, և բոլոր ներվերը լարում էր, որպեսզի, որքան այդ նրանից էր կախված, մարդկանց հիշողությունից ջնջի նույնիսկ կրոնի անունը» (նույն տեղում, էջ 8)։ «Բայց մի՛ վհատվեք, ճշմարտության բարեկամնե՛ր, աթեիզմը կարճ կյանք ունի» (նույն տեղում, էջ 17)։ Ադամ Սմիթը մի այնպիսի «զզվելի պիղծն է («the atrocious wickedness»), որ աթեիզմ է քարոզում երկրում (այն է՝ իր «Theory of moral sentiments»-ով)... Մենք գիտենք ձեր մեքենայությունները, պարո՛ն դոկտոր։ Դուք լավ եք մտածել, բայց այս անգամ սխալվեի եք ձեր հաշիվների մեջ։ Դուք ուզում եք Դավիթ Յումի օրինակով ցույց տալ, որ աթեիզմը միակ քաջալերանքն է («cordial») ընկճված հոգու համար ու միակ հակաթույնը մահվան երկյուղի դեմ... Դե՜հ, ծիծաղեցե՜ք Բաբելոնի ավերակների վրա և ողջունեցեք խստասիրտ չարագործ փարավոնին» (նույն տեղում, էջ 21, 22)։ Ադամ Սմիթի ուղղափառ ունկնդիրներից մեկը նրա մահից հետո գրում է. «Սմիթի բարեկամությունը Յումի հետ... նրան խանգարեց քրիստոնյա լինելու... Նա ամեն բանում հավատում էր Յումի ասածին։ Եթե Յումը նրան ասեր, թե լուսինը կանաչ պանիր է, նա կհավատար նրան։ Ուստի նա Յումին հավատում էր նաև այն բանում, թե աստված չկա, հրաշք չկա... Իր քաղաքական սկզբունքներով նա մոտենում էր ռեսպուբլիկանիզմին» («The Bee». By James Anderson. 18 հատոր. Edinburgh 1791—1793, հ. III, էջ 166, 165)։ Թ. Չալմերս տերտերը Ա. Սմիթի նկատմամբ կասկածում էր, թե նա պարզապես չարությունից դրդված էր հնարել «անարտադրողական բանվորների» կատեգորիան, հատկապես նկատի ունենալով բողոքական տերտերներին, չնայած նրանք օրհնյալ աշխատանքին աստծո պարտեզում։</ref>։ Կուտակման այն պայմաններում, որոնք մինչև այժմ ենթադրվում էին և որոնք բանվորների համար ամենից ավելի նպաստավոր են, բանվորների կապիտալից կախման մեջ լինելու հարաբերությունը տանելի կամ, ինչպես Իդենն է ասում, «հարմար ու չափավոր» ձևեր է ընդունում։ Կապիտալի աճմանը զուգընթաց ավելի ինտենսիվ դառնալու փոխարեն, այդ կախումը դառնում է լոկ ավելի էքստենսիվ, այսինքն՝ կապիտալի շահագործման ու տիրապետության ոլորտն ընդարձակվում է միայն նրա սեփական մեծության ու նրա հպատակների թվի աճման հետ միասին։ Բանվորների սեփական հավելյալ արդյունքի ավելի ու ավելի մեծ մասը, որը շարունակ աճում է և աճած չափերով ավելադիր կապիտալ է դառնում, վճարման միջոցների ձևով ետ է դառնում նրանց մոտ, դրա շնորհիվ նրանք կարող են իրենց սպառման շրջանակներն ընդլայնել, հագուստեղենի, կահույքի և այլ իրերի իրենց սպառման ֆոնդն ավելի լավ տնօրինել և նույնիսկ փողի փոքրիկ պահեստաֆոնդեր կազմել։ Բայց, ինչպես որ ավելի լավ զգեստը, սնունդը, վերաբերմունքը և քիչ թե շատ զգալի peculium-ը [ստրուկների օգտագործման տակ դրվող գույքը] չեն ոչնչացնում ստրուկի կախման հարաբերությունն ու շահագործումը, ճիշտ այնպես էլ այդ չի վերացնում նաև վարձու բանվորի կախման հարաբերությունն ու նրա շահագործումը։ Կապիտալի կուտակման հետևանքով տեղի ունեցող աշխատանքի գնի բարձրացումը միայն այն է նշանակում փաստորեն, թե այն ոսկի շղթայի չափերն ու ծանրությունը, որ ինքը՝ վարձու բանվորն արդեն կռել է իրեն համար, թույլ են տալիս այդ շղթայի լարումը մի քիչ թուլացնել։ Այս առարկայի վերաբերյալ վեճերի ժամանակ սովորաբար աչքաթող է արվել ամենագլխավորը, այն է՝ կապիտալիստական արտադրության differenti specifica-ն[տարբերիչ հատկանիշը]։ Աշխատուժն այստեղ այն նպատակով չի գնվում, որ նրա գործողությամբ կամ նրա արդյունքներով գնորդը կարողանա իր անձնական պահանջմունքները բավարարել։ Գնորդի նպատակը իր կապիտալի արժեքի աճեցումն է, այնպիսի ապրանքների արտադրությունը, որոնք ավելի աշխատանք են պարունակում, քան նա վճարել է, հետևապես, պարունակում են արժեքի մի այնպիսի մաս, որը կապիտալիստի վրա ոչինչ չի նստել և որը, այնուամենայնիվ, իրացվում է ապրանքը վաճառելիս։ Հավելյալ արժեքի արտադրություն կամ շահույթ կորզել — ահա արտադրության կապիտալիստական եղանակի բացարձակ օրենքը։ Աշխատուժը կարող է վաճառքի առարկա լինել այն չափով միայն, որչափով նա արտադրության միջոցները պահպանում է որպես կապիտալ, իր սեփական արժեքը վերարտադրում է որպես կապիտալ և չվճարված աշխատանքի միջոցով ավելադիր կապիտալի աղբյուր է ընձեռում<ref>'''2-րդ հրատ. ծանոթագրություն.'''— «Սակայն, ինչպես արդյունաբերական, այնպես և հողագործական բանվորների զբաղմունքների սահմանը միևնույնն է, այն է՝ նրանց աշխատանքի արդյունքից շահույթ կորզելու հնարավորությունը ձեռնարկատիրոջ համար... Եթե աշխատավարձի մակարդակն այնքան է բարձրանում, որ գործատիրոջ շահույթն ընկնում է միջին շահույթից ցած, ապա գործատերը դադարում է նրանց աշխատանք տալուց, կամ տալիս է լոկ այն պայմանով, որ նրանք համաձայնեն աշխատավարձն իջեցնելուն» (John Wade: «History of the Middle and Working Classes», 3-րդ հրատ., London 1835, էջ 240)։</ref>։ Հետևապես, աշխատուժի վաճառքի պայմանները — ավելի թե պակաս նպաստավոր կլինեն դրանք բանվորների համար՝ այդ միևնույն է — ենթադրում են աշխատուժի վաճառքի մշտական կրկնության անհրաժեշտություն և հարստության՝ որպես կապիտալի մշտապես ընդլայնվող վերարտադրություն։ Աշխատավարձը, ինչպես տեսանք, իր էությամբ շարունակ ենթադրում է, որ բանվորը որոշ քանակությամբ չվարձատրվող աշխատանք է մատակարարում։ Եթե նույնիսկ մի կողմ թողնենք աշխատավարձի բարձրացումը աշխատանքի գինն ընկնելիս և այլն, նրա բարձրացումը նույնիսկ լավագույն դեպքում լոկ այն է նշանակում, որ քանակապես նվազում է այն չվարձատրվող աշխատանքը, որ պետք է կատարի բանվորը։ Այդ նվազումը երբեք չի կարող հասնել մի այնպիսի կետի, որն սպառնար կապիտալիստական սիստեմի իսկ գոյությանը։ Մի կողմ թողնելով աշխատավարձի մակարդակի պատճառով ծագող կոնֆլիկտները, որոնք լուծվում են ուժի միջոցով,— իսկ Ադամ Սմիթն արդեն ցույց է տվել, որ այդպիսի կոնֆլիկտների ժամանակ գործատերը միշտ գործատեր է մնում,— աշխատանքի գնի այն բարձրացումը, որ բխում է կապի տալի կուտակումից, հետևյալ երկընտրանքն է ենթադրում։ Կա՛մ աշխատանքի գինը շարունակում է բարձրանալ, որովհետև նրա բարձրացումը չի խանգարում կուտակման պրոցեսին, այստեղ զարմանալի ոչինչ չկա, որովհետև, ինչպես ասում է Ա. Սմիթը, «նույնիսկ շահույթն իջնելիս կապիտալները ո՛չ միայն շարունակում են աճել, այլև նրանք մինչև անդամ ավելի արագ են աճում... Մեծ կապիտալը նույնիսկ փոքր շահույթի դեպքում ընդհանրապես ավելի արագ է աճում, քան փոքր կապիտալը մեծ շահույթի դեպքում» («Wealth of Nations», I [ֆրանս. թարգմ. Գարնյեի], էջ 189։ [Հմմտ. «Богатство народов», Соцэкгиз, 1935 թ., էջ 54])։ Այս դեպքում ակներև է, որ անվճար աշխատանքի նվազումն ամենևին չի խանգարում կապիտալի տիրապետության տարածմանը։ Կա՛մ,— և սա երկընտրանքի մյուս կողմն է,— աշխատանքի գնի բարձրացման հետևանքով կուտակումը թուլանում է, որովհետև դրանով շահույթի խթանող ազդեցությունը բթանում է։ Կուտակումը նվազում է։ Բայց նրա նվազելու հետ չքանում է նրա նվազման պատճառը, այն է՝ կապիտալի ու շահագործվող աշխատուժի միջև եղած դիսպրոպորցիան։ Հետևապես, ինքը՝ արտադրության կապիտալիստական պրոցեսի մեխանիզմը վերացնում է այն անցողակի արգելքները, որ ինքն է ստեղծում։ Աշխատանքի գինը նորից ընկնում է մինչ& կապիտալի արժեքի աճեցման պահանջներին համապատասխանող մակարդակը, անկախ այն հանգամանքից, թե այդ մակարդակը ավելի ցածր է, ավելի բարձր է թե հավասար է այն մակարդակին, որը նորմալ էր համարվում աշխատավարձի բարձրացումն սկսվելուց առաջ։ Այսպես ուրեմն, աոաջին դեպքում ո՛չ թե աշխատուժի կամ բանվոր բնակչության բացարձակ կամ հարաբերական աճման դանդաղումն է հավելութային դարձնում կապիտալը, այլ, ընդհակառակը, կապիտալի ավելացումն է անբավարար դարձնում շահագործման համար մատչելի աշխատուժը։ Երկրորդ դեպքում ո՛չ թե աշխատուժի կամ բանվոր բնակչության բացարձակ կամ հարաբերական ավելացումն է անբավարար դարձնում կապիտալը, այլ, ընդհակառակը, կապիտալի նվազումը հավելութային է դարձնում շահագործման համար մատչելի աշխատուժը կամ, ավելի շուտ, չափից դուրս բարձրացնում է նրա գինը։ Կապիտալի կուտակման հենց այդ բացարձակ շարժումներն էլ արտացոլվում են որպես շահագործման համար մատչելի աշխատուժի մասսայի հարաբերական շարժումներ, այդ պատճառով էլ թվում է, թե դրանք աշխատուժի սեփական շարժման հետևանք են։ Մաթեմատիկական արտահայտություն կիրառելով՝ կուտակման մեծությունն անկախ փոփոխուն մեծություն է, աշխատավարձի մեծությունը կախյալ փոփոխուն մեծություն է և ոչ թե ընդհակառակը։ Նույն ձևով էլ, երբ արդյունաբերությունն իր ցիկլում անցնում է ճգնաժամի փուլը, ապրանքային գների ընդհանուր անկումն արտահայտվում է որպես փողի հարաբերական արժեքի բարձրացում, իսկ երբ նա անցնում է֊ ծաղկման փուլը, ապրանքային գների ընդհանուր բարձրացումն այնպիսի արտահայտություն է ստանում, որ կարծես տեղի է ունենում փողի արժեքի հարաբերական անկում։ Այսպես կոչված Currency School-ը [Քանակական դպրոցը] դրանից եզրակացնում է, թե բարձր գների ժամանակ շրջանառության մեջ չափազանց քիչ, իսկ ցածր գների ժամանակ չափազանց շատ փող է գտնվում։ Այդ դպրոցի տգիտությունն ու փաստերի իսպառ մոռացումը<ref>Հմմտ. Karl Marx: «Zur Kritik der Politischen Oekonotnie», էջ 165 և հաջ. [Կ. Մարքս. «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., Հ. XII, մ. I, էջ 165 և հաջ.]։<br>77a «Իսկ եթե մենք վերադառնանք մեր առաջին հետազոտությանը, որտեղ ցույց տրվեց,... որ ինքը՝ կապիտալը մարդկային աշխատանքի արգասիք է միայն,... ապա միանգամայն անհասկանալի կթվա, թե ինչպես մարդը կարող էր ընկնել իր սեփական արդյունքի — կապիտալի — տիրապետության տակ և նրան ենթարկվել. իսկ որովհետև իրականում բանն անժխտելիորեն հենց այդպես է, ապա ակամա հարց է ծագում, թե ինչպե՞ս բանվորը կարող էր կապիտալի տերը լինելուց — որպես կապիտալ ստեղծող — կապիտալի ստրուկը դառնալ» (Von Thünen: «Der isolierte Staat». II մաս, II բաժ.։ Rostok 1863, էջ 5, 6)։ Թյունենի ծառայությունն այն է, որ նա դրել է հարցը։ Իսկ նրա պատասխանը բոլորովին երեխայական է։<br>77b {'''4-րդ հրատ. առթիվ.'''— Նորագույն անգլիական ու ամերիկյան «տրեստներն» արդեն ձգտում են այդ նպատակին, աշխատելով արդյունաբերության այս կամ այն ճյուղի գոնե բոլոր խոշոր արտադրությունները միացնել՝ դարձնել փաստական մոնոպոլիա վայելող մի խոշոր ակցիոներական ընկերություն։— Ֆ. Է.} <br>71c {'''3-րդ հրատ. ծանոթագոււթյուն.'''— Մարքսի սեփական օրինակի մեջ այստեղ լուսանցքում այսպիսի նշում է արված. «Հետագայի օգտագործման համար այստեղ պետք նշել հետևյալը. եթե ընդլայնումը բացառապես քանակական է, ապա արտադրության միևնույն ճյուղի ավելի խոշոր ու ավելի մանր կապիտալների համար շահույթները հարաբերում են որպես ավանսավորած կապիտալների մեծությունները։ Եթե քանակական ընդլայնումը որակական փոփոխություն է առաջ բերում, ապա միաժամանակ բարձրանում է նաև ավելի խոշոր կապիտալի շահույթի նորման»։— Ֆ. Է.}</ref> իր արժանի զուգահեռն է գտնում ի դեմս այն տնտեսագետների, որոնք կուտակման հենց նոր մատնանշված երևույթներն այն իմաստով են մեկնաբանում, թե իբր մի դեպքում չափազանց քիչ, իսկ մյուս դեպքում չափազանց շատ վարձու բանվորներ են լինում։ Կապիտալիստական արտադրության այն օրենքը, որ կարծեցյալ «բնակչության բնական օրենքի» հիմքն է կազմում, պարզապես հանգում է հետևյալին. կապիտալի, կուտակման և աշխատավարձի մակարդակի միջև եղած հարաբերությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հարաբերություն կապիտալի փոխարկված անվճար աշխատանքի և այն լրացուցիչ աշխատանքի միջև, որն անհրաժեշտ է լրացուցիչ կապիտալը շարժման մեջ դնելու համար։ Հետևաբար, այդ ամենևին էլ հարաբերություն չէ երկու միմյանցից անկախ մեծությունների միջև, մի կողմից՝ կապիտալի մեծության և մյուս կողմից՝ բանվոր բնակչության քանակի միջև, ընդհակառակը, վերջին հաշվով այդ լոկ հարաբերություն է միևնույն բանվոր բնակչության վարձատրված ու չվարձատրված աշխատանքի միջև։ Եթե բանվոր դասակարգի կողմից մատակարարվող և կապիտալիստների դասակարգի կողմից կուտակվող չվարձատրվող աշխատանքի քանակն այնքան արագ է աճում, որ կարող է կապիտալի փոխարկվել միայն վարձատրվող լրացուցիչ աշխատանքի արտակարգ ավելացման դեպքում, ապա աշխատավարձը բարձրանում է, և, մյուս հավասար պայմաններում, չվարձատրվող աշխատանքը հարաբերաբար նվազում է։ Բայց հենց որ այս նվազումը հասնում է այն կետին, երբ կապիտալին սնող հավելյալ աշխատանքը դադարում է առաջարկվել նորմալ քանակով, սկսվում է ռեակցիա, եկամտի այն մասը, որ կապիտալացման է ենթարկվում, փոքրանում է, կուտակումը թուլանում է, և աշխատավարձի վերընթացք շարժումը հակադարձ շարժման է փոխվում։ Այսպիսով, աշխատանքի գնի բարձրացումը չի դուրս գալիս այն սահմաններից, որոնք կապիտալիստական սիստեմի հիմքերը ո՛չ միայն անձեռնմխելի են թողնում, այլև ապահովում են նրա վերարտադրությունն ընդլայնված մասշտաբով։ Հետևապես, կապիտալիստական կուտակման օրենքը, որը բնության օրենքի միստիկական ձև է ընդունում, իրոք միայն այն հանգամանքի արտահայտությունն է, որ կուտակման բնությունը բացառում է աշխատանքի շահագործման աստիճանի աճեն մի այնպիսի նվազում կամ աշխատանքի գնի ամեն մի այնպիսի բարձրացում, որը կարող էր լրջորեն սպառնալ կապիտալիստական հարաբերության մշտական վերարտադրությանը և այն էլ նրա շարունակ ընդլայնվող մասշտաբով վերարտադրությանը։ Այլ կերպ չի էլ կարող լինել արտադրության մի այնպիսի եղանակի ժամանակ, երբ բանվորը գոյություն ունի արդեն եղած արժեքների ավելացման պահանջմունքների համար, փոխանակ այն բանի, որ, ընդհակառակը, նյութական հարստությունը գոյություն ունենա բանվորի զարգացման պահանջմունքների համար։ Ինչպես որ կրոնի մեջ մարդու վրա իր սեփական գլխի արդյունքն է իշխում, այնպես էլ կապիտալիստական արտադրության պայմաններում մարդու վրա իր սեփական ձեռքի արդյունքն, է իշխում [''Տես 77a ծանոթ.'']։ ====2. ԿԱՊԻՏԱԼԻ ՓՈՓՈԽՈՒՆ ՄԱՍԻ ՀԱՐԱBԵՐԱԿԱՆ ՆՎԱԶՈՒՄԸ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԵՎ ՆՐԱՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ==== Հենց իրենց` տնտեսագետների կարծիքով ո՛չ թե արդեն գոյություն ունեցող հասարակական հարստության չափերը և ո՛չ էլ արդեն ձեռք բերված կապիտալի մեծությունն է հասցնում աշխատավարձի բարձրացման, այլ բացառապես կուտակման անընդհատ աճումն ու այդ աճման արագության աստիճանը (А. Смит [«Богатство народов»], I գիրք, 8-րդ գլուխ)։ Մինչև այժմ մենք քննում էինք այդ պրոցեսի մի հատուկ փուլը միայն, այն փուլը, որի շրջանակներում կապիտալի աճումը տեղի է ունենում կապիտալի անփոփոխ տեխնիկական կազմի պայմաններում։ Բայց պրոցեսն այդ փուլից էլ հեռու է գնում։ Երբ տրված են կապիտալիստական սիստեմի ընդհանուր հիմքերը, կուտակման ընթացքում միշտ հասնում է մի այնպիսի մոմենտ, երբ հասարակական աշխատանքի արտադրողականության զարգացումը դառնում է կուտակման ամենահզոր լծակը։ «Նույն այն պատճառը,— ասում է Ա. Սմիթը,— որ հասցնում է աշխատավարձի բարձրացման, այսինքն՝ կապիտալի ավելացումը, մղում է աշխատանքի արտադրողական ունակությունների բարձրացման և աշխատանքի ավելի փոքր քանակին հնարավորություն է տայիս ավելի մեծ քանակությամբ արդյունքներ արտադրելու»։ [Հմմտ. А. Смит [«Богатство народов»], 1935 թ., հատ. I, էջ 79։] Մի կողմ թողնելով բնական պայմանները, ինչպես հողի պտղաբերությունը և այլն, և անկախ, մեկուսացած աշխատող արտադրողների ճարպկությունը, որն ընդսմին ավելի որակապես է արտահայտվում՝ արդյունքների լավորակությամբ, քան քանակապես՝ նրանց մասսայով,— աշխատանքի արտադրողականութլան հասարակական աստիճանն արտահայտություն է գտնում արտադրության այն միջոցների հարաբերական մեծության մեջ, որ բանվորը արդյունք է դարձնում տվյալ ժամանակի ընթացքում աշխատուժի անփոփոխ լարմամբ։ Արտադրության միջոցների մասսան, որոնցով գործում է նա, է նրա աշխատանքի արտադրողականության հետ։ Արտադրության այդ միջոցները երկակի դեր են խաղում այստեղ։ Նրանց մի մասի աճումը աշխատանքի արտադրողականության աճման հետևանք է, մյուսների աճումը՝ նրա պայմանը։ Օրինակ, աշխատանքի մանուֆակտուրային բաժանման ու մեքենաների կիրառման դեպքում միևնույն ժամանակում ավելի շատ հում նյութ է վերամշակվում, հետևապես, և հումքի ու օժանդակ նյութերի ավելի մեծ մասսա է մտնում աշխատանքի պրոցեսի մեջ։ Դա աշխատանքի արտադրողականության բարձրացման հետևանքի է։ Մյուս կողմից, կիրառվող մեքենաների, բանող անասունների, հանքային պարարտանյութերի, ցամաքեցնող խողովակների և նման այլ իրերի մասսան աշխատանքի արտադրողականության բարձրացման պայման է։ Նույնը պետք է ասել արտադրության այն միջոցների մասսայի նկատմամբ, որոնք համակենտրոնացված են որպես շենքերն, դոմնաներ, փոխադրամիջոցներ և այլն։ Բայց արտադրության միջոցների չափերի աճումը, այդ միջոցներին միացվող աշխատուժի համեմատությամբ պայման կլինի թե հետևանք,— այդ աճումը թե՛ մեկ և թե՝ մյուս դեպքում աշխատանքի արտադրողականության բարձրացման արտահայտություն է։ Հետևաբար, աշխատանքի արտադրողականության ավելացումը երևան է գալիս աշխատանքի մասսայի նվազումով արտադրության միջոցների ա՛յն մասսայի համեմատությամբ, որ շարժման մեջ է դնում այդ աշխատանքը, կամ աշխատանքի պրոցեսի սուբյեկտիվ գործոնի մեծության նվազումով՝ նրա օբյեկտիվ գործոնների համեմատությամբ։ Կապիտալի տեխնիկական կազմի այս փոփոխությունը, արտադրության միջոցների մասսայի այդ աճումը, նրանց կենդանացնող աշխատուժի մասսայի համեմատությամբ, իր հերթին, արտացոլվում է նաև կապիտալի արժեքային կազմի մեջ, արտացոլվում է նրանով, որ կապիտալային արժեքի հաստատուն բաղկացուցիչ մասն ավելանում է ի հաշիվ նրա փոփոխուն բաղկացուցիչ մասի։ Ասենք, օրինակ, որևէ կապիտալի 50%-ը սկզբում ծախսվում էր արտադրության միջոցների վրա և 50%-ը՝ աշխատուժի վրա. հետո, աշխատանքի արտադրողականության աստիճանի բարձրանալով, 80%-ը ծախսվում է արտադրության միջոցների և 20%-ը՝ աշխատուժի վրա և այլն։ Կապիտալի փոփոխուն մասի համեմատությամբ նրա հաստատուն մասի հարաճուն ավելացման այդ օրենքն ամեն քայլափոխում հաստատվում է (ինչպես արդեն վերևում ցույց տրվեց) ապրանքային գների համեմատական վերլուծությամբ, անկախ այն բանից՝ արդյոք մենք իրար հետ կհամեմատենք միևնույն ազգի տնտեսական տարբե՞ր դարաշրջանները թե՞ միևնույն դարաշրջանի տարբեր ազգերին։ Գնի այն տարրի հարաբերական մեծությունը, որը միայն արտադրության սպառված միջոցների արժեքը կամ կապիտալի հաստատուն մասն է փոխարինում, ուղիղ հարաբերական է, իսկ գնի այն մյուս տարրի հարաբերական մեծությունը, որն աշխատանքն է հատուցում կամ կապիտալի փոփոխուն մասն է ներկայացնում, ընդհանրապես հակադարձ հարաբերական կլինի կուտակման պրոգրեսին։ Սակայն կապիտալի հաստատուն մասի համեմատությամբ նրա փոփոխուն մասի նվազումը, կամ կապիտալի արժեքային կազմի փոփոխումը, նրա իրային բաղկացուցիչ մասերի կազմի լոկ մոտավոր փոփոխության ցուցանիշն է։ Եթե, օրինակ, ներկայումս մանագործության մեջ ներդրված կապիտալային արժեքը ⅞-ով հաստատուն և ⅛-ով փոփոխուն կապիտալից է կազմված, իսկ XVIII դարի սկզբին նրա ½-ը հաստատուն և ½-ը փոփոխուն կապիտալից էր կազմված, ապա, ընդհակառակը, հումքի, աշխատանքի միջոցների և այլ տարրերի այն մասսան, որ ներկայումս արտադրողաբար սպառում է որոշ քանակությամբ մանագործական աշխատանքը, մի քանի հարյուր անգամ ավելի է, քան XVIII դարի սկզբում եղած համապատասխան մասսան։ Պատճառը պարզապես այն է, որ աշխատանքի արտադրողականությունը բարձրանալու հետ nչ միայն աշխատանքի գործադրած արտադրության միջոցների ծավալն է աճում, այլև նրանց արժեքն է ընկնում նրանց ծավալի համեմատությամբ։ Այսպիսով, արտադրության միջոցների արժեքը բարձրանում է բացարձակորեն, բայց նրանց ծավալի հետ ոչ համամասնորեն։ Ուստի հաստատուն ու փոփոխուն կապիտալների տարբերությունը շատ ավելի դանդաղ է աճում, քան այն տարբերությունը, որ կա արտադրության միջոցների այն մասսայի միջև, որին փոխարկվում է հաստատուն կապիտալը, և աշխատուժի այն մասսայի միջև, որին փոխարկվում է փոփոխուն կապիտալը։ Աոաջին տարբերությունն աճում է վերջին տարբերության հետ, բայց ավելի պակաս չափով, քան վերջինը։ Ասենք, եթե կուտակման զարգացումը նվազեցնում է կապիտալի փոփոխուն մասի հարաբերական մեծությունը, ապա նա դրանով ամենևին չի բացառում այդ մասի բացարձակ մեծության ավելացումը։ Ենթադրենք, թե կապիտալային արժեքը սկզբում տրոհվում էր 50% հաստատուն և 50% փոփոխուն կապիտալի, հետո՝ 80% հաստատուն և 20% փոփոխուն կապիտալի։ Եթե այս ժամանակամիջոցում սկզբնական կապիտալը, որ, ասենք, 6 000 ֆունտ ստեռլինգ էր կազմում, բարձրացել է 18 000 ֆունտ ստեռլինգի, ապա նրա փոփոխուն բաղկացուցիչ մասն էլ ավելացել է <math>^1/_5</math>-ով։ Առաջ այդ մասը կազմում էր 3 000 ֆունտ ստեռլինգ, հիմա անում է 3 600 ֆունտ ստեռլինգ։ Բայց եթե առաջ կապիտալի 20% ավելացումը բավական էր աշխատանքի պահանջարկը 20%-ով բարձրացնելու համար, ապա հիմա դրա համար պահանջվում է սկզբնական կապիտալի եռապատկում։ Չորրորդ բաժնում ցույց տրվեց, որ աշխատանքի հասարակական արտադրողական ուժի զարգացումը խոշոր մասշտաբով կոոպերացիա է ենթադրում, որ միայն այդ նախադրյալի առկայությամբ կարող են կազմակերպվել աշխատանքի բաժանումն ու նրա կոմբինացիան, տնտեսվել արտադրության միջոցները մասսայական համակենտրոնացման միջոցով, կյանքի կոչվել աշխատանքի այնպիսի միջոցներ, որոնք հենց միայն իրենց նյութական բնույթով միատեղ կիրառում են թույլատրում,— օրին.՝ մեքենաների սիստեմը և այլն,— կարող են արտադրությանը ծառայեցվել բնության վիթխարի ուժերը, և արտադրության պրոցեսը կարող է դառնալ գիտության տեխնոլոգիական կիրառում։ Ապրանքային արտադրության հիմքի վրա, երբ արտադրության միջոցները մասնավոր անձերի սեփականություն են, երբ ձեռնաշխատ բանվորը այդ պատճառով կա՛մ մեկուսացած ու ինքնուրույն կերպով է ապրանքներ արտադրում, կա՛մ իր աշխատուժը վաճառում է որպես ապրանք, որովհետև միջոցներ չունի ինքնուրույն արտադրության համար,— մատնանշված նախադրյալն իրացվում է միայն անհատական կապիտալների աճման միջոցով կամ այն չափով, որչափով հասարակական արտադրության միջոցներն ու կենսամիջոցները կապիտալիստների մասնավոր սեփականություն են դառնում։ Ապրանքային արտադրության հողի վրա խոշոր մասշտաբով արտադրությունը կարող է զարգանալ միայն կապիտալիստական ձևով։ Ուստի, անհատական ապրանքարտադրողների ձեռքում կապիտալի որոշ կուտակումը արտադրության սպեցիֆիկ կապիտալիստական եղանակի նախադրյալ է ծառայում։ Այսպիսով, մենք պետք է այդպիսի կուտակման առկայություն ենթադրենք արհեստից կապիտալիստական արտադրության անցնելիս։ Նա կարող է նախասկզբնական կուտակում կոչվել, որովհետև նա ո՛չ թե առանձնահատուկ կապիտալիստական արտադրության պատմական հետևանք է, այլ նրա պատմական հիմքը։ Դեռ անհրաժեշտ չէ, որ մենք այստեղ հետազոտենք, թե այդ կուտակումն ինքը ինչպես է ծագում։ Բավական է, որ նա ելակետ է կազմում։ Բայց աշխատանքի հասարակական արտադրողական ուժի բարձրացման այն բոլոր մեթոդները, որոնք այս հիմքի վրա են զարգանում, միաժամանակ հավելյալ արժեքի կամ հավելյալ արդյունքի արտադրության ավելացման մեթոդներն են, հավելյալ արդյունքի, որն իր հերթին կուտակման կազմավորող տարր է ծառայում։ Այսպիսով, նրանք միաժամանակ կապիտալով կապիտալ արտադրելու մեթոդներ կամ կապիտալի արագացրած կուտակման մեթոդներ են։ Հավելյալ արժեքի անընդհատ հակադարձ փոխարկումը կապիտալի արտահայտվում է արտադրության պրոցեսի մեջ մտնող կապիտալի մեծության աճումով։ Այդ, իր հերթին, դառնում է ար֊ տա դրության մասշտաբի ընդլայնման, աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման և հավելյալ արժեքի արագացած արտադրության այն մեթոդների հիմք, որոնք ուղեկցում են այդ ընդլայնմանը։ Հետևապես, եթե կապիտալի կուտակման որոշ աստիճանը արտադրության առանձնահատուկ կապիտալիստական եղանակի պայման է, ապա այդ եղանակը հակադարձ ներգործությամբ պայմանավորում է կապիտալի արագացած կուտակումը։ Ուստի, կուտակման հետ զարգանում է արտադրության առանձնահատուկ կապիտալիստական եղանակը, իսկ արտադրության առանձնահատուկ կապիտալիստական եղանակի հետ՝ կապիտալի կուտակումը։ Այս երկու տնտեսական գործոնները այն բարդ փոխհարաբերության հետևանքով, որի շնորհիվ մղումը նրանցից մեկից հաղորդվում է մյուսին, առաջ են բերում կապիտալի տեխնիկական կազմի այն փոփոխությունը, որի շնորհիվ փոփոխուն բաղկացուցիչ մասը շարունակ ավելի ու ավելի է փոքրանում հաստատուն մասի համեմատությամբ։ Ամեն մի անհատական կապիտալ արտադրության միջոցների և բանվորների ավելի մեծ կամ ավելի փոքր բանակի նկատմամբ համապատասխան հրամանատարության ավելի մեծ կամ ավելի փոքր համակենտրոնացումն է։ Յուրաքանչյուր կուտակում դառնում է նոր կուտակման միջոց։ Որպես կապիտալ գործող հարստության մասսայի ավելացման հետ կուտակումն ընդլայնում է նրա համակենտրոնացումն անհատական կապիտալիստների ձեռքում և, այդպիսով, ընդլայնում է խոշոր մասշտաբով արտադրության և արտադրության առանձնահատուկ կապիտալիստական մեթոդների հիմքը։ Հասարակական կապիտալի աճումը կատարվում է բազմաթիվ անհատական կապիտալների աճման միջոցով։ Մյուս հավասար պայմաններում անհատական կապիտալները, նրանց հետ նաև արտադրության միջոցների համակենտրոնացումն աճում են մի պրոպորցիայով, որը համապատասխանում է ամբողջ հասարակական կապիտալի մեջ նրանցից յուրաքանչյուրի կազմած մասին։ Միևնույն ժամանակ սկզբնական կապիտալներից անջատվում են շիվերը և սկսում են գործել որպես նոր ինքնուրույն կապիտալներ։ Այս դեպքում, ի միջի այլոց, խոշոր դեր է խաղում կարողության բաժանումը կապիտալիստների ընտանիքներում։ Ուստի կապիտալի կուտակման հետ ավելի կամ պակաս չափով աճում է նաև կապիտալիստների թիվը։ Երկու հանգամանք են բնորոշում այդ տեսակ համակենտրոնացումը, որն անմիջաբար խարսխված է կուտակման վրա կամ նույնիսկ նույնանում է նրա հետ։ Առաջին. արտադրության հասարակական միջոցների համակենտրոնացման աճումը անհատական կապիտալիստների ձեռքում, մյուս հավասար պայմաններում, սահմանափակված է հասարակական հարստության աճման աստիճանով։ Երկրորդ. արտադրության ամեն մի առանձին ոլորտում ներդրված հասարակական կապիտալի մասը բաժանվում է շատ կապիտալիստների միջև, որոնք միմյանց հանդեսի կանգնած են որպես անկախ ու իրար հետ մրցող ապրանքարտադրողներ։ Հետևապես, կուտակումն ու նրան ուղեկցող համակենտրոնացումը ո՛չ միայն մանրատվում են բազմաթիվ կետերում, այլև գործող կապիտալների աճումը խաչաձևում է նոր կապիտալների գոյացումով և հների տրոհումով։ Ուստի եթե կուտակումը, մի կողմից, հանդես է դալիս որպես արտադրության միջոցների և աշխատանքի նկատմամբ հրամանատարության աճող համակենտրոնացում, ապա, մյուս կողմից, նա բազմաթիվ անհատական կապիտալների փոխադարձ վանումն է։ Հասարակական ամբողջ կապիտալի այդ մանրատմանը բազմաթիվ անհատական կապիտալների կամ նրա մասերի միմյանցից վանվելուն հակազդում է նրանց ներձգումը։ Այս արդեն արտադրության միջոցների ու աշխատանքի նկատմամբ եղած հրամանատարության հասարակ, կուտակման հետ նույնացող համակենտրոնացում չէ։ Այս արդեն գոյացած կապիտալների համակենտրոնացումն է, նրանց անհատական ինքնուրույնության ոչնչացումը, կապիտալիստի սեփականազրկումը կապիտալիստի ձեռքով, բազմաթիվ ավելի փոքր կապիտալների վերածումը փոքրաթիվ խոշոր կապիտալների։ Առաջինից այդ պրոցեսը տարբերվում է նրանով, որ սա ենթադրում է արդեն գոյություն ունեցող և գործող կապիտալների բաշխման լոկ փոփոխում, հետևապես նրա ներգործության ասպարեզը սահմանափակված չէ հասարակական հարստության բացարձակ աճումով կամ կուտակման բացարձակ սահմաններով։ Այստեղ կապիտալը հավաքվում է ոմանց ձեռքում հսկայական մասսաներով, որովհետև մի այլ տեղ նա չքանում է բազմաթիվ ուրիշ ձեռքերից։ Այդ բուն կենտրոնացումն է, ի տարբերություն կուտակման և համակենտրոնացման։ Կապիտալների այս կենտրոնացման կամ մի կապիտալի կողմից մի կապիտալի ձգողության օրենքներն այստեղ չեն կարող զարգացվել։ Փաստական կարճառոտ մատնանշումներն էլ բավական կլինեն։ Մրցապայքարը մղվում է ապրանքների էժանացման միջոցով։ Ապրանքների էժանացումը, cateris paribus (մյուս հավասար պայմաններում), կախված է աշխատանքի արտադրողականությունից, իսկ վերջինը՝ արտադրության մասշտաբից։ Ուստի ավելի խոշոր կապիտալները տապալում են փոքրերին։ Հիշենք այնուհետև, որ արտադրության կապիտալիստական եղանակի զարգացման հետ աճում է անհատական կապիտալի այն նվազագույն չափը, որ պահանջվում է նորմալ պայմաններում գործը վարելու համար։ Ուստի համեմատաբար մանր կապիտալները ձգտում են դեպի արտադրության այն ոլորտները, որոնց խոշոր արդյունաբերությունը միայն սպորադիկ կերպով կամ ոչ լրիվ չափով է տիրապետում։ Կոնկուրենցիան այստեղ մոլեգնում է մրցակցող կապիտալների թվին ուղղակի հարաբերությամբ և հակառակ հարաբերությամբ նրանց մեծությանը։ Կոնկուրենցիան միշտ վերջանում է բազմաթիվ մանր կապիտալիստների կործանումով, որոնց կապիտալները մասամբ հաղթողի ձեռքն են ընկնում, մասամբ էլ ոչնչանում են։ Բացի դրանից, կապիտալիստական արտադրության հետ զարգանում է մի բոլորովին նոր ուժ — վարկը, սկզբում նա գաղտնի սողոսկում է որպես կուտակման համեստ գործակից, հասարակության մակերեսի վրա ավելի մեծ կամ ավելի փոքր մասսաներով ցրված փողային միջոցներն անտեսանելի թելերով հավաքում է անհատական կամ ասոցիացված կապիտալիստների ձեռքը. բայց շուտով նա դառնում է մի նոր սարսափելի զենք մրցապայքարում և, վերջիվերջո, փոխարկվում է կապիտալների կենտրոնացման մի վիթխարի սոցիալական մեխանիզմի։ Որչափով զարգանում են կապիտալիստական արտադրությունն ու կուտակումը, նույն լափով էլ զարգանում են կոնկուրենցիան ու վարկը, կենտրոնացման այդ երկու ամենահզոր լծակները։ Դրա հետ միաժամանակ կուտակման զարգացումը մեծացնում է կենտրոնացման համար պահանջվող նյութը, այսինքն՝ անհատական կապիտալները, մինչդեռ կապիտալիստական արտադրության ընդարձակումն ստեղծում է, մի կողմից, հասարակական պահանջ, իսկ մյուս կողմից՝ տեխնիկական միջոցներ այն վիթխարի արդյունաբերական ձեռնարկությունների համար, որոնց իրագործումը կապված է կապիտալի նախընթաց կենտրոնացման հետ։ Դրա շնորհիվ ներկայումս առանձին կապիտալների փոխադարձ ձգողությունն ու կենտրոնացման ձգտումն ավելի ուժեղ են, քան երբևիցե առաջ։ Բայց թեև կենտրոնացման շարժման հարաբերական ծավալն ու թափը որոշ չափով որոշվում են կապիտալիստական հարստության արդեն ձեռք բերված մեծությամբ և տնտեսական մեխանիզմի գերազանցությամբ, սակայն և այնպես կենտրոնացման առաջխաղացումն ամենևին կախված չէ հասարակական կապիտալի դրական ավելացումից։ Եվ այդ առանձնապես տարբերում է կենտրոնացումը համակենտրոնացումից, որը լոկ ընդլայնված մասշտաբով վերարտադրության մի ուրիշ արտահայտությունն է։ Կենտրոնացումը կարող է կատարվել արդեն գոյություն ունեցող կապիտալների բաշխման պարզ փոփոխման միջոցով, հասարակական կապիտալի բաղկացուցիչ մասերի քանակական խմբավորման պարզ փոփոխման միջոցով։ Կապիտալն այստեղ կարող է մի ձեռքում աճել հասնել վիթխարի չափերիչ որովհետև այնտեղ, մի այլ վայրում, նա դուրս է եկել բազմաթիվ առանձին ձեռքերից։ Ձեռնարկությունների յուրաքանչյուր տվյալ ճյուղում կենտրոնացումը իր վերջին սահմանին կհասներ այն ժամանակ միայն, եթե նրա մեջ ներդրված բոլոր կապիտալները միաձուլվելով՝ կազմեին մի միասնական կապիտալ [''Տես 77b ծանոթ.'']։ Յուրաքանչյուր տվյալ հասարակության մեջ այդ սահմանին հասած կլինեին միայն այն պահին, երբ ամբողջ հասարակական կապիտալը միացվեր մի միակ կապիտալիստի կամ կապիտալիստների մի միակ ընկերության ձեռքում։ Կենտրոնացումն ավարտում է կուտակման գործը, արդյունաբերական կապիտալիստներին հնարավորություն տալով ընդարձակելու իրենց գործառնությունների մասշտաբը։ Արդյոք այս վերջին հետևանքը կուտակման թե կենտրոնացման արգասիք կլինի, արդյոք այդ կենտրոնացումը կկատարվի կցման բռնի եղանակով, երբ որոշ կապիտալներ դառնում են մյուսների համար այնքան անհաղթահարելի ձգողության կենտրոններ, որ քայքայում են նրանց անհատական շղթայակցությունը և հետո դեպի իրենց են ձգում նրանց բաժան-բաժան կտորները, թե արդեն կազմավորված կամ կազմավորման պրոցեսում գտնվող կապիտալների մասսայի միաձուլումն ավելի հարթ ձևով, ակցիոներական ընկերություններ կազմելու միջոցով է ընթանում,— այս բոլոր դեպքերում տնտեսական ներգործությունը մնում է նույնը։ Արդյունաբերական ձեռնարկությունների չափերի աճումն ամենուրեք ելակետ է ծառայում շատերի համատեղ աշխատանքի ավելի լայն կազմակերպման համար, նրա նյութական շարժիչ ուժերի ավելի լայն զարգացման համար, այսինքն՝ այն բանի համար, որ արտադրության բաժան-բաժան ու հնավանդ պրոցեսները ավելի ու ավելի ուժեղ թափով փոխարկվեն արտադրության հասարակականորեն կոմբինացված ու գիտականորեն ղեկավարվող պրոցեսների։ Բայց ակներև է, որ կուտակումը, կապիտալի աստիճանական մեծացումը վերարտադրության միջոցով՝ շրջագծից պարուրագծի անցնող վերարտադրության միջոցով, մի չափազանց դանդաղ պրոցես է կենտրոնացման համեմատությամբ, որը լոկ հասարակական կապիտալի առանձին, փոխադարձաբար միմյանց լրացնող բաղկացուցիչ մասերի քանակական խմբավորում է պահանջում։ Աշխարհը մինչև հիմա առանց երկաթուղիների մնացած կլիներ, եթե հարկադրված լիներ այնքան սպասելու, մինչև կուտակումը մի քանի առանձին կապիտալները հասցներ այն չափերին, որ նրանք կարողանային հաղթահարել երկաթուղու կառուցման հետ կապված դժվարությունները։ Ընդհակառակը, կենտրոնացումը ակցիոներական ընկերությունների միջոցով դրան հասավ կարծես ձեռքի մի շարժումով։ Եվ կենտրոնացումը, այդպես մեծացնելով ու արագացնելով կուտակման ներգործությունը, միաժամանակ ընդլայնում արագացնում է կապիտալի տեխնիկական կազմի այն հեղաշրջումները, որոնք նրա հաստատուն մասը մեծացնում են ի հաշիվ նրա փոփոխուն մասի և, հետևապես, հարաբերաբար պակասեցնում են աշխատանքի պահանջարկը։ Կենտրոնացման պրոցեսով արագ միավորվող կապիտալի մասսաները վերարտադրվում և մեծանում են այնպես, ինչպես մյուս կապիտալները, միայն ավելի արագ, և այդպիսով, իրենց հերթին, դառնում են հասարակական կուտակման հզոր լծակներ։ Հետևապես, երբ խոսում են հասարակական կուտակման պրոգրեսի մասին, ապա նրա տակ — ներկայումս — լռելյայն հասկանում են նաև կենտրոնացման ներգործությունը։ Նորմալ կուտակման ընթացքում գոյացած ավելադիր կապիտալները (տե՛ս գլ. XXII, 1) ծառայում են առավելապես իբրև օժանդակ միջոցներ՝ նոր գյուտերն ու հայտնագործությունները և, ընդհանրապես, արդյունաբերական կատարելագործումները շահագործելու համար։ Բայց հին կապիտալը ևս ժամանակի ընթացքում հասնում է այն մոմենտին, որ նորոգվում է ոտից գլուխ, երբ նա փոխում է իր կաշին և նույնպես վերածնվում է տեխնիկական այնպիսի կատարելագործված ձևով, որի շնորհիվ աշխատանքի մի փոքր մասսան էլ բավական է մեքենաների ու հումքի ավելի մեծ մասսա շարժման մեջ դնելու համար։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ աշխատանքի պահանջարկի բացարձակ կրճատումը, որ անխուսափելիորեն բխում է վերոհիշյալից, այնքան ավելի մեծ է լինում, որքան կենտրոնացնող շարժման հետևանքով ավելի են կուտակված նորոգման այդ պրոցեսն անցնող կապիտալները։ Այսպես ուրեմն, մի կողմից՝ կուտակման ընթացքում գոյացած ավելադիր կապիտալն իր մեծության համեմատությամբ ավելի ու ավելի քիչ բանվորներ է ներգրավում։ Մյուս կողմից՝ նոր կազմով պարբերաբար վերարտադրվող հին կապիտալն ավելի ու ավելի շատ է վանում այն բանվորներին, որոնք առաջ զբաղեցված էին նրա կողմից։ ====3. ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԳԵՐԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ԱՃՈՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ==== Կապիտալի կուտակումը, որն սկզբում ներկայանում էր լոկ որպես նրա քանակական ընդլայնում, ինչպես տեսանք, իրագործվում է այնպես, որ նրա կազմը անընդհատ որակական փոփոխության է ենթարկվում, նրա հաստատուն բաղկացուցիչ մասը շարունակ ավելանում է փոփոխուն մասի հաշվին [''Տես 77c ծանոթ.'']։ Արտադրության առանձնահատուկ կապիտալիստական եղանակը, աշխատանքի արտադրողական ուժի՝ այդ եղանակին համապատասխանող զարգացումը, կապիտալի օրգանական կազմի փոփոխությունը, որպես այդ զարգացման հետևանք,— այս բոլոր երևույթները ո՛չ միայն կուտակման պրոգրեսի կամ հասարակական հարստության աճման հետ համաքայլ են ընթանում. նրանք անհամեմատ ավելի արագ են ընթանում, որովհետև հավաքական կապիտալի պարզ կուտակմանը կամ բացարձակ մեծացմանն ուղեկցում է նրա անհատական տարրերի կենտրոնացումը, իսկ ավելադիր կապիտալի տեխնիկական հեղաշրջմանն ուղեկցում է սկզբնական կապիտալի տեխնիկական հեղաշրջումը։ Կուտակման պրոգրեսի հետ միասին կապիտալի հաստատուն մասի հարաբերությունը փոփոխուն մասի նկատմամբ այնպես է փոխվում, որ եթե սկզբում կազմում էր 1:1, ապա հետո դառնում է 2:1, 3:1, 4:1, 5:1, 7:1 և այլն, այնպես որ կապիտալի աճման հետ նրա ընդհանուր արժեքի ոչ թե ½-ը, այլ միայն <math>^1/_3</math>, ¼, <math>^1/_5</math>, <math>^1/_6</math>, ⅛ մասը և այլն հաջորդաբար վերածվում է աշխատուժի, իսկ <math>^2/_3</math>, ¾, <math>^4/_5</math>, <math>^5/_6</math>, ⅞ և այլն մասը՝ արտադրության միջոցների։ Որովհետև աշխատանքի պահանջարկը որոշվում
<references>