== Գլուխ X. Ունիվերսալիաների՝ մեր իմացության մասին==
Տրված պահին մեկ մարդու իմացության համար ունիվերսալները, մասնավորների նման, կարող են բաժանվել ծանոթության իմացվածի, միայն նկարագրությամբ իմացվածի և ոչ ծանոթությամբ, ոչ նկարագրությամբ չիմացվածի:
Եկեք սկզբից քննարկենք ունիվերսալիաների իմացությունը ծանոթության միջոցով: Նախ ակնհայտ է, որ մենք ծանոթանում ենք այնպիսի ունիվերսալիաների հետ, ինչպիսիք են սպիտակը, կարմիրը, սևը, քաղցրը, թթուն, բարձրաձայնը, կոշտը և այլն, այսինքն՝ ծանոթանում ենք զգայական տվյալներով հանդես եկող հատկությունների հետ. երբ մենք առաջին անգամ տեսնում ենք սպիտակ լաթ, մենք ծանոթանում ենք կոնկրետ լաթի հետ: Բայց բազմաթիվ սպիտակ լաթեր տեսնելով՝ մենք հեշտությամբ սովորում ենք վերացարկել այն սպիտակությունը, որն ընդհանուր է նրանց համար, իսկ այս անելով՝ մենք սովորում ենք սպիտակության հետ ծանոթ լինել: Նմանատիպ մի գործընթաց էլ մեզ կծանոթացնի նույն տեսակի որև էայլ ունիվերսալիայի: Այսպիսի ունիվերսալիաները կարելի է անվանել «զգայելի որակներ»: Նրանց կարելի է ըմբռնել վերացարկելու ավելի փոքր ջանքով, քան որևէ այլ ունիվերսալիա, և թվում է, նրանք մասնավորներից ավելի քիչ են հեռացված, քան մյուս ունիվերսալիաները:
Այնուհետև մենք գալիս ենք հարաբերություններին: Ամենահեշտ ըմբռնելի հարաբերությունները նրանք են, որոնք մեկ բաղադրյալ զգայական տվյալի տարբեր մասերի միջև են: Օրինակ՝ ես, մի հայացք նետելով, տեսնում եմ ողջ այն էջը, որի վրա գրում եմ: Այսպիսով՝ ողջ էջը ներառնված մեկ զգայական տվյալի մեջ: Բայց ես հասկանում եմ, որ էջի որոշ մասեր մյուս մասերի ձախ կողմում են, իսկ որոշ մասեր մյուսների վերևում են: Այս դեպքում վերացարկման գործընթացը, թվում է, ընթանում է մոտավորապես հետևյալ կերպ. ես հաջորդաբար տեսնում եմ մի շարք զգայական տվյալներ, որոնցում մի մասը մյուսի ձախ կողմում է, ես, ինչպես սպիտակ լաթերի դեպքում, հասկանում եմ, որ այս բոլոր զգայական տվյալներն ինչ-nր ընդհանրություն ունեն, և վերացարկման միջոցով պարզում եմ, որ այն, ինչ ընդհանուր է նրանց համար, նրանց մասերի միջև որոշակի հարաբերությունն է, այսինքն՝ այն հարաբերությունը, որը ես անվանում եմ «ձախ կողմում լինել»: Այս ձևով ես ծանոթանում եմ ընդհանուր հարաբերության հետ: Նման ձևով ես տեղեկանում եմ ժամանակի մեջ առաջի և հետոյի հարաբերությանը: Ենթադրենք՝ ես լսում եմ զանգերի ղողանջ: Երբ ղողանջի վերջին զանգը հնչի, ես կարող եմ մտքումս պահել ողջ ղողանջը և կարող եմ հասկանալ, որ ավելի շուտ հնչած զանգերն ավելի ուշ հնչածներից առաջ են եղել: Ես հասկանում եմ նաև, որ այն, ինչ ես հիշում եմ, եղել է ներկա պահից առաջ: Այս աղբյուրներից երկուսից էլ ես կարող եմ վերացարկել առաջի և հետոյի ընդհանուր հարաբերությունը, ճիշտ այնպես, ինչպես ես վերացարկեցի «ձախ կողմում լինելու» ընդհանուր հարաբերությունը: Այսպիսով՝ ժամանակային հարաբերությունները, տարածական հարաբերությունների նման, այն հարաբերությունների թվում են, որոնց հետ մենք ծանոթանում ենք:
Մեկ այլ հարաբերություն, որի հետ մենք ծանոթանում ենք հիմնականում նույն ձևով, դա նմանությունն է: Երբ ես միևնույն ժամանակ տեսնում եմ կանաչի երկու երանգ, ես նկատում եմ, որ նրանք նման են իրար: Երբ ես նույն պահին տեսնում եմ նաև կարմիրի մի երանգ, ես նկատում եմ, որ երկու կանաչներն իրար ավելի նման են, քան նրանցից ամեն մեկը՝ կարմիրին: Այսպես ես ծանոթանում եմ ''նմանության'' ունիվերսալիայի հետ:
Ունիվերսալիաների, ինչպես մասնավորների միջև, կան հարաբերություններ, որոնցից մենք կարող ենք անմիջականորեն իրազեկվել: Մենք հենց նոր տեսանք, որ կարող ենք նկատել, որ կանաչի երկու երանգների նմանությունն ավելի մեծ է, քան կարմիրի մի երանգի և կանաչի մի երանգի միջև նմանությունը: Այստեղ մենք գործ ունենք մի հարաբերության հետ՝ «ավելի մեծ», որը երկու հարաբերությունների միջև է: Այսպիսի հարաբերությունների մեր իմացությունը, թեև այն պահանջում է վերացարկման ավելի մեծ ուժ, քան թվում է, նույնքան անմիջական է և (առնվազն որոշ դեպքերում) նույնքան անառարկելի: Այսպիսով՝ ինչպես զգայական տվյալների, այնպես էլ ունիվերսալիաների վերաբերյալ կա անմիջական իմացություն:
Այժմ, վերադառնալով ''a priori'' գիտելիքի պրոբլեմին, որը մենք թողեցինք չլուծված, երբ սկսեցինք ունիվերսալիաների քննարկումը, մենք հայտնվում ենք մի դիրքում, որից պրոբլեմի հետ կարելի է գործ ունենալ շաւո ավելի գոհացուցիչ ձևով, քան հնարավոր էր առաջ: Եկեք վերադառնանք «երկուսին գումարած երկուսը հավասար է չորսի» պնդմանը: Ասվածի լույսի տակ բավականին ակնհայտ է, որ այս պնդումը հարաբերություն է սահմանում «երկու» և «չորս» ունիվերսալիաների միջև: Սա ակնարկում է մի պնդում, որը մենք հիմա ջանալու ենք ապացուցել: Այդ պնդումն՝ ''ողջ a priori գիտելիքը գործ ունի բացառապես ունիվերսալիաների հարաբերությունների'' հետ: Այս պնդումը շատ կարևոր է և շատ հեռու է գնում ''a priori'' գիտելիքի վերաբերյալ մեր նախկին դժվարությունները լուծելու գործում:
Միակ դեպքը, որում առաջին հայացքից կարող էր թվալ, թե մեր պնդումը սխալ է, այն դեպքն է, երբ ''a priori'' պնդումն ասում է, որ մի դասի բոլոր մասնավորները պատկանում են ինչ-որ այլ դասի, կամ, որ նույն բանն է, ինչ-որ մեկ հատկություն ունեցող բոլոր մասնավորներն ունեն նաև ինչ-որ այլ հատկություն: Այս դեպքում կարող էր թվալ, թե մենք գործ ունենք հատկությունն ունեցող մասնավորների և ոչ թե հատկությունների հետ: «Երկուսին գումարած երկուսը հավասար է չորսի» պնդումն իսկապես շատ կարևոր դեպք է, քանզի այն կարելի է ձևակերպել «որևէ երկու և որևէ այլ երկու իրը միասին չորս իր են» կամ «երկու երկուսներից կազմված ամեն մի հավաքածու չորսի հավաքածու է» ձևով: Եթե մենք կարողանանք ցույց տալ, որ սրա նման դատողություններն իսկապես գործ ունեն միայն ունիվերսալիաների հետ, մեր պնդումը կարող է համարվել ապացուցված:
Ինչպե՞ս կարելի է պարզել, թե ինչի հետ գործ ունի պնդումը: Կարելի է մեզ հարցնել, թե մենք ինչ բառեր պետք է հասկանանք, այլ կերպ ասած, ինչ օբյեկտների հետ պետք է մենք ծանոթ լինենք, որպեսզի հասկանանք, թե ինչ է պնդումը նշանակում: Եթե մենք հասկանում ենք, թե ինչ է պնդումը նշանակում, նույնիսկ եթե մենք դեռևս չգիտենք՝ այն ճշմարիտ է, թե ոչ, ակնհայտ է, որ մենք պետք է ծանոթ լինենք նրա հետ, ինչի հետ պնդումն իսկապես գործ ունի: Ստուգման այս եղանակը կիրառելուց պարզվում է, որ շատ պնդումներ, որոնք կարող էին թվալ, թե պարունակում են մասնավորներ, իրականում պարունակում են միայն ունիվերսալիաներ: «Երկուսին գումարած երկուսը հավասար է չորսի» պնդման կոնկրետ օրինակում, պարզ է, որ մենք կարող ենք ''հասկանալ'' պնդումը, նույնիսկ եթե մենք այն մեկնաբանենք որպես «երկու երկուսից կազմված ամեն մի հավաքածու չորսի հավաքածու է»: Այսինքն՝ հենց որ մենք իմանում ենք, թե ինչ է նկատի առնված «հավաքածու», «երկու» և «չորս» բառերով, մենք կարող ենք հասկանալ, թե այն ինչ է հաստատում: Բոլորովին անհրաժեշտ չէ իմանալ աշխարհի բոլոր զույգերը. եթե դա անհրաժեշտ լիներ, մենք ակնհայտորեն չէինք կարող հասկանալ պնդումը, որովհետև զույգերն անսահման շատ են և, հետևաբար, մենք չէինք կարող իմանալ բոլորը: Այսպիսով՝ թեև մեր ընդհանուր պնդումն ''ակնարկում է'' մասնավոր զույգերի մասին դատողություններ, ''հենց որ մենք իմանում ենք, որ կան նման մասնավոր զույգեր'', այն ինքը չի հաստատում կամ ակնարկում, որ կան նման մասնավոր զույգեր և այսպիսով չի բավարարում իրական մասնավոր զույգերի մասին որևէ հայտարարություն անելու համար: Կատարված հայտարարությունը «զույգ» ունիվերսալիայի մասին է, ոչ թե այս կամ այն զույգի:
Այսպիսով՝ «երկուսին գումարած երկուսը հավասար է չորսի» պնդումն գործ ունի բացառապես ունիվերսալիաների հետ և, հետևաբար, այն կարող է հասկանալ ամեն ոք, ով ծանոթ է նրանում ներառնված ունիվերսալիաներին և կարող է ընկալել նրանց միջև պնդման կողմից հաստատվող հարադրությունները: Մեր իմացության վերաբերյալ խորհելիս բացահայտված փաստ է պետք համարել այն, որ մենք երբեմն ի զորու ենք ընկալել ունիմերսալիաների միջև առկա այնպիսի հարաբերություններ և, հետևաբար, երբեմն իմանալ այնպիսի ընդհանուր ''a priori'' պնդումներ, ինչպիսիք են թվաբանության և տրամաբանության պնդումները: Այն, ինչ խորհրդավոր թվաց, երբ մենք նախկինում քննարկում էինք այսպիսի գիտելիքը, այն էր, որ թվում էր՝ այս գիտելիքը կանխատեսում և վերահսկում է փորձը: Այնուամենայնիվ, մենք այժմ կարող ենք տեսնել, որ սա սխալ է:
Փորձով ճանաչելի որևէ բանի վերաբերյալ ոչ մի փաստ չի կարող իմացվել փորձից անկախ: Մենք ''a priori'' գիտենք, որ երկու իրը և երկու այլ իրը միասին կազմում են չորս իր, բայց մենք ''a priori'' չգիտենք, որ եթե Բրաունն ու Տոնսը երկուսն են, և Ռոբինսոնն ու Սմիթը երկուսն են, ապա Բրաունը, Տոնսը, Ռոբինսոնը և Սմիթը չորսն են: Պատճառն այն է, որ այս պնդումն ընդհանրապես չի կարելի հասկանալ, քանի դեռ մենք չգիտենք, որ կան այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Բրաունը, Տոնսը, Ռոբինսոնը և Սմիթը, իսկ սա մենք կարող ենք իմանալ միայն փորձով: Ուստի թեև մեր ընդհանուր պնդումն ''a priori'' է, իրական մասնավորների նկատմամբ նրա բոլոր կիրառությունները ներառում են փորձ և, հետևաբար, պարունակում են էմպիրիկ տարր: Այսպիսով, ցույց տրվեց, որ այն, ինչ մեր ''a priori'' գիտելիքում խորհրդավոր էր թվում, հիմնված է սխալի վրա:
Եթե մենք մեր իսկական ''a priori'' դատողությունը հակադրենք էմպիրիկ ընդհանրացմանը, ինչպիսին է «Բոլոր մարդիկ մահկանացու են»-ը, այս հանգամանքն ավելի կարևոր կդառնա: Ինչպես առաջ, այստեղ ևս մենք կարող ենք ''հասկանալ'', թե ինչ է պնդումը նշանակում, հենց որ մենք հասկանանք ներառնված ունիվերսալիաները՝ ''մարդ'' և ''մահկանացու'': Ակնհայտ է, որ հասկանալու համար, թե ինչ է պնդումը նշանակում, անհրաժեշտ չէ անհատական ծանոթություն ունենալ ողջ մարդկության հետ: Այսպիսով՝ ''a priori'' ընդհանուր պնդման և էմպիրիկ ընդհանրացման միջև տարբերությունը պնդման ''իմաստի'' մեջ չէ. այն նրա ''ակնհայտության'' բնույթի մեջ է: Էմպիրիկ պնդման դեպքում ակնհայտությունը հենվում է մասնավոր դեպքերի վրա: Մենք հավատում ենք, որ բոլոր մարդիկ մահկանացու են, քանզի մենք գիտենք, որ կան մարդկանց մեռնելու անհամար դեպքեր, և որոշակի տարիքից ավել կրելու ոչ մի դեպք չկա: Մենք դրան հավատում ենք ոչ այն պատճառով, մենք կապ ենք տեսնում ''մարդ'' և ''մահկանացու'' ունիվերսալիաների միջև: Ճշմարիտ է, որ եթե ֆիզիոլոգիան, կենդանի մարմինների վրա տիրող ընդհանուր օրենքները ճշմարիտ համարելով, կարողանար ապացուցել, որ ոչ մի կենդանի օրգանիզմ չի կարող ընդմիշտ ապրել, դա ''մարդու'' և ''մահկանացության'' միջև կհաստատեր կապ, որը մեզ հնարավորություն կտար մեր պնդումը հաստատել առանց կոնկրետ ''մարդկանց'' մեռնելու փաստին դիմելու։ Բայց դա միայն նշանակում է, որ մեր ընդհանրացումը ստորադրված է ավելի լայն մի ընդհանրացման տակ: Այս ընդհանրացման համար բերվող ապացույցը նույն տիպի է, թեև ավելի ծավալուն: Գիտության զարգացումը մշտապես նման ստորադրություններ է ստեղծում և, հետևաբար, գիտության ընդհանրացումների համար մշտապես տրամադրում ավելի լայն հիմքեր: Բայց թեև սա տալիս է հավաստիության ավելի մեծ ''աստիճան'', չի տալիս նոր ''որակ''. վերջնական հիմքը մնում է ինդուկտիվ, այսինքն՝ առանձին դեպքերից բխեցված և ոչ թե ունիվերսալիաների ''a priori'' կապ, ինչպիսիք մենք ունենք տրամաբանության և թվաբանության մեջ:
''a priori'' ընդհանուր պնդման վերաբերյալ պետք է նշել երկու հակադիր կետեր: Առաջինն այն է, որ եթե շատ մասնավոր դեպքեր են հայտնի, մեր ընդհանուր պնդմանը կարելի է հանգել առաջին հերթին ինդուկցիայով, իսկ ունիվերսալիաների կապը կարող է ընկալվել միայն հետագայում: Օրինակ՝ հայտնի է, որ եթե եռանկյան կողմերին դիմացի գագաթներից ուղղահայացներ ենք տանում, բոլոր երեք ուղղահայացները հատվում են մեկ կետում: Լրիվ հնարավոր կլիներ այս պնդմանն առաջին անգամ հանգել բազում դեպքերում իսկապես ուղղահայացներ տանելով և տեսնելով, որ նրանք միշտ մի կետում են հատվում: Սա կարող էր մեզ առաջնորդել ընդհանուր ապացույցը փնտրելու և գտնելու ուղղությամբ: Նման դեպքերը սովորական են ամեն մի մաթեմատիկոսի փորձում:
Մյուս կետն ավելի հետաքրքիր է և փիլիսոփայական ավելի մեծ կարևորություն ունի: Դա այն է, որ երբեմն մենք կարող ենք ընդհանուր պնդում իմանալ այնպիսի դեպքերում, երբ մենք նրա ոչ մի առանձին դեպք չգիտենք: Վերցնենք այնպիսի մի դեպք, ինչպիսին հետևյալն է: Մենք գիտենք, որ ցանկացած երկու թվեր կարելի է բազմապատկել իրարով, և արդյունքում կստացվի մի երրորդ թիվ, որը կոչվում է նրանց ''արտադրյալ'': Մենք գիտենք, որ բնական թվերի բոլոր զույգերը, որոնց արտադրյալը փոքր է 100-ից, իրականում բազմապատկվել են իրարով, և արտադրյալի մեծությունը գրառված է բազմապատկման աղյուսակում: Բայց մենք գիտենք նաև, որ բնական թվերի թիվն անվերջ է, և որ բնական թվերի միայն սահմանափակ թվով զույգեր են երբևէ մտածվել և երբևէ մտածվելու մարդկանց կողմից: Այստեղից հետևում է, որ կան բնական թվերի զույգեր, որոնք երբեք չեն մտածվել և երբեք չեն մտածվի մարդկանց կողմից, և որ նրանք ''բոլորը'' գործ ունեն այնպիսի բնական թվերի հետ, որոնց արտադրյալը մեծ է 100-ից: Այստեղից մենք հանգում ենք հետևյալ պնդմանը. «Բոլոր այն արտադրյալները, որոնք ստացվում են այնպիսի երկու բնական թվերից, որոնք երբեք չեն մտածվել և երբեք չեն մտածվելու մարդկանց կողմից, մեծ են 100-ից»: Ահա մի ընդհանուր պնդում, որի ճշմարտությունն անժխտելի է, բայց և այնպես, դեպքի բնույթն այնպիսին է, որ մենք երբեք օրինակ չենք կարող բերել, որովհետև ցանկացած երկու թիվ, որոնց մասին մենք մտածենք, դուրս կմնան պնդման պայմաններից:
Հաճախ մերժվում է այնպիսի ընդհանուր սկզբունքների իմացության հնարավորությունը, որոնցից ոչ մի օրինակ չի կարելի բերել: Սրա պատճառն այն է, որ այսպիսի պնդումների իմացությունը պահանջում է միայն ունիվերսալիաների հարաբերության իմացություն և չի պահանջում ունիվերսալիաների առանձին օրինակների իմացություն: Բայց և այնպես այսպիսի ընդհանուր պնդումների իմացությունը խիստ կարևոր է ընդհանուր առմամբ հայտնի համարվողի մեծ մասի համար: Օրինակ՝ մեր նախորդ գլուխներում մենք տեսանք, որ ֆիզիկական օբյեկտների իմացությունը, ի հակադրություն զգայական տվյալների, ձեռք է բերվում բխեցմամբ, և որ նրանք այնպիսի բաներ չեն, որոնց հետ մենք ծանոթ ենք: Ուստի մենք երբեք չենք կարող իմանալ «սա ֆիզիկական օբյեկտ է» տեսքի որևէ պնդում, որտեղ «սա»-ն անմիջականորեն իմացված ինչ-որ բան է: Այստեղից հետևում է, որ ֆիզիկական օբյեկտների վերաբերյալ մեր ողջ իմացությունն այնպիսին է, որ ոչ մի իրական օրինակ չի կարող բերվել: Մենք կարող ենք բերել զուգորդված զգայական տվյալների օրինակներ, բայց չենք կարող բերել իրական ֆիզիկական օբյեկտների օրինակներ: Ուստի ֆիզիկական օբյեկտների մեր իմացությունը կախված է այն ընդհանուր գիտելիքի հնարավորությունից, որի ոչ մի օրինակ չի կարող տրվել: Եվ նույնը վերաբերում է այլ մարդկանց գիտակցությունների կամ ծանոթության միջոցով ոչ մի առանձին դեպքի իմացություն չտրամադրող բաների որևէ այլ դասի՝ մեր իմացությանը: Այժմ մենք կարող ենք մանրամասն զննել մեր իմացության աղբյուրները, քանզի նրանք ի հայտ են եկել մեր վերլուծության ընթացքում: Նախ՝ մենք պետք է տարբերակենք առարկաների իմացությունը ճշմարտությունների իմացությունից: Յուրաքանչյուրից երկու տեսակ կա՝ մեկը՝ անմիջական, մյուսը՝ բխեցվող: Առարկաների մեր անմիջական իմացությունը, որը մենք անվանեցինք ''ծանոթություն'', ունի երկու տեսակ, որոնք բաժանվում են ըստ նրա, թե ճանաչված առարկան մասնավոր է թե ունիվերսալ: Մասնավորների թվում մենք ծանոթ ենք զգայական տվյալների և (հավանաբար) մեր անձի հետ: Ունիվերսալիստների թվում, թվում է, չկա մի սկզբունք, որով մենք կարողանանք որոշել, թե ինչը կարող է ճանաչվել ծանոթության միջոցով, բայց պարզ է, որ զգայելի որակները, տարածության և ժամանակի հարաբերությունները, նույնությունը և որոշակի աբստրակտ տրամաբանական ունիվերսալիաներ այն առարկաների թվում են, որոնք կարող են այս ձևով ճանաչվել: Առարկաների մեր բխեցված իմացությունը, որը մենք անվանում ենք իմացություն ''նկարագրության'' միջոցով, միշտ ներառում է և ինչ-որ բանի հետ ծանոթություն, և ճշմարտությունների իմացություն: ''Ճշմարտությունների'' մեր անմիջական իմացությունը կարելի է անվանել ''ինտուիտիվ'' իմացություն, իսկ այս ձևով իմացված ճշմարտությունները կարելի է անվանել ''ակնառու'' ճշմարտություններ: Այսպիսի ճշմարտությունների թվում են այն ճշմարտությունները, որոնք միայն նշում են այն, ինչ տրված է զգայության մեջ, որոշակի աբստրակտ տրամաբանական և թվաբանական սկզբունքներ և (թեև պակաս հավաստիությամբ) որոշ բարոյագիտական պնդումներ: Ճշմարտությունների մեր ''բխեցվող'' իմացությունը կազմված է այն ամենից, ինչ մենք կարող ենք բխեցման ակնառու սկզբունքներով բխեցնել ակնառու ճշմարտություններից:
Եթե վերոհիշյալ մեկնաբանությունը ճիշտ է, ճշմարտությունների մեր ողջ իմացությունը կախված է մեր ինտուիտիվ իմացությունից: Հետևաբար կարևոր է դառնում ինտուիտիվ իմացության բնույթն ու սահմանները քննարկելը: Սա պետք է անել այնպես, ինչպես ավելի վաղ մի փուլում մենք քննարկեցինք ծանոթության միջոցով իմացության բնույթն ու սահմանները: Բայց ճշմարտությունների իմացությունը բարձրացնում է լրացուցիչ մի պրոբլեմ, որը չի ծագում առարկաների իմացության վերաբերյալ: Դա ''մոլորության'' պրոբլեմն է: Պարզվում է, որ մեր որոշ համոզմունքներ սխալական են, և, հետևաբար, անհրաժեշտ է դառնում քննարկել, թե ինչպես կարող ենք մենք, եթե առհասարակ կարող ենք, գիտելիքը տարբերակել մոլորությունից: Այս պրոբլեմը չի ծագում ծանոթությամբ իմացության վերաբերյալ, քանզի ինչ էլ որ լինի ծանոթության օբյեկտը, նույնիսկ երազներում և հալյուցինացիաներում, նրա մեջ մոլորություն չկա, քանի դեռ մենք անմիջական օբյեկտից այն կողմ չենք անցնում: Մոլորությունը կարող է ծագել միայն այն ժամանակ, երբ մենք անմիջական օբյեկտը, այսինքն՝ զգայական տվյալը համարենք ինչ-որ ֆիզիկական օբյեկտի նշան: Այսպիսով՝ ճշմարտությունների իմացության հետ կապված պրոբլեմներն ավելի բարդ են, քան առարկաների իմացության հետ կապվածներ: Որպես ճշմարտությունների իմացության հետ կապված առաջին պրոբլեմ՝ եկեք քննենք ինտուիտիվ դատողությունների բնույթն ու սահմանները:
== Գլուխ XI. Ինտուիտիվ իմացության մասին==
== Գլուխ XII. Ճշմարտություն և մոլորություն==