Ընդհանրապես ու ամբողջությամբ վերցրած՝ աշխատավարձի ընդհանուր փոփոխությունները բացառապես կարգավորվում են արդյունաբերական ռեզերվային բանակի ընդարձակումով ու կրճատումով, որոնք համապատասխանում են արդյունաբերական ցիկլի ժամանակաշրջանների հաջորդափոխությանը։ Հետևապես, նրանք որոշվում են ո՛չ թե բանվոր բնակչության բացարձակ թվի շարժումով, այլ այն փոփոխվող հարաբերությամբ, որով բանվոր դասակարգը տրոհվում է ակտիվ բանակի ու ռեզերվային բանակի, որոշվում է գերբնակչության հարաբերական չափերի ավելանալով ու պակասելով, այն աստիճանով, որով այդ գերբնակչությունը մերթ կլանվում, մերթ նորից ազատվում է։ Ժամանակակից արդյունաբերության համար բնորոշ են տասնամյա ցիկլը և նրան հատուկ պարբերական փուլերը, որոնք կուտակման ընթացքում դեռ ընդհատվում են միմյանց ավելի ու ավելի արագ հաջորդող անկանոն տատանումներով։ Եվ ահա այդպիսի արդյունաբերության համար որքա՜ն լավ կլիներ այն օրենքը, որն աշխատանքի պահանջարկն ու նրա առաջարկը կկանոնավորեր ո՛չ թե կապիտալն ընդարձակելու և սեղմելու միջոցով, — հետևապես, ո՛չ թե նրա ինքնաճման հերթական պահանջմունքների համաձայն, և ո՛չ այնպես, որ աշխատանքի շուկան երբեմն գերլցված լինի կապիտալի ընդարձակման հետևանքով, երբեմն էլ հարաբերաբար գերլցված կապիտալի սեղմվելու հետևանքով, — այլ, ընդհակառակը, կապիտալի շարժումը կախման մեջ կդներ բնակչության մասսայի բացարձակ շարժումից։ Սակայն այդ օրենքը քաղաքատնտեսության դոգման է։ Նրա համաձայն, կապիտալի կուտակման հետևանքով աշխատավարձը բարձրանում է։ Բարձրացած աշխատավարձը խթան է ծառայում բանվոր բնակչության ավելի արագ բազմանալու համար, և այդ շարունակվում է այնքան ժամանակ, մինչև որ աշխատանքի շուկան գերլցվի, այսինքն՝ մինչև որ կապիտալը հարաբերաբար անբավարար դառնա բանվորների կողմից եղած առաջարկի համեմատությամբ։ Աշխատավարձն ընկնում է, և այն ժամանակ արդեն տեսնում ենք մեդալի հակառակ երեսը։ Աշխատավարձն իջնելու հետևանքով բանվոր բնակչությունը կամաց-կամաց նոսրանում է, այնպես որ նրա նկատմամբ կապիտալը նորից ավելցուկ է ունենում, կամ, ինչպես ուրիշներն են այդ բացատրում, աշխատավարձի նվազումը և դրա հետևանքով բանվորների շահագործման համապատասխան բարձրացումը դարձյալ արագացնում են կուտակումը, մինչդեռ աշխատավարձի ցածր մակարդակը կասեցնում է բանվոր դասակարգի աճումը։ Այդպիսով, նորից ստեղծվում են այնպիսի պայմաններ, երբ աշխատանքի առաջարկը նրա պահանջարկից ցածր է, աշխատավարձը բարձրանում է և այլն։ Շարժման ի՜նչ հիանալի մեթոդ զարգացած կապիտալիստական արտադրության համար։ Նախքան աշխատավարձի բարձրանալու հետևանքով կարողանար տեղի ունենալ իրապես աշխատունակ բնակչության որևէ դրական ավելացում, այդ պայմաններում մի քանի անգամ անցած կլիներ այն ժամկետը, որի ընթացքում անհրաժեշտ է արդյունաբերական կամպանիան անցկացնել և վճռական մարտ մղել։
1849 և 1859 թվականների միջև, հացի գների իջեցման հետ միաժամանակ, անգլիական հողագործական օկրուգներում տեղի ունեցավ աշխատավարձի գործնականորեն զուտ անվանական բարձրացում, օրինակ, Ուիլտշիրում շաբաթավարձը 7-ից բարձրացավ 8 շիլլինգի, իսկ Դորսետշիրոլմ 7-ից կամ 8-ից՝ 9 շիլլինգի և այլն։ Այդ հետևանք էր հողագործական գերբնակչության անսովոր արտահոսի, որի պատճառն էին պատերազմի պահանջները, երկաթուղային շինարարության, գործարանների, հանքագործության վիթխարի ընդարձակումը և այլն։ Որքան ավելի ցածր է աշխատավարձը, այնքան ավելի բարձր են այն տոկոսային թվերը, որոնցով արտահայտվում է նրա ամեն մի նույնիսկ աննշան բարձրացում։ Եթե շաբաթավարձը, օրինակ, 20 շիլլինգ էր և բարձրացել է 22-ի, ապա բարձրացումը կազմում է 10%, իսկ, եթե նա, ընդհակառակը, ընդամենը 7 շիլլինգ էր և բարձրանում է 9-ի, ապա ույդ այդ կազմում է 28<math>^4/_7</math>, որ շատ ազդու է հնչում։ Համենայն դեպս ֆերմերները վայնասուն բարձրացրին, և նույնիսկ Լոնդոնի «Economist»-ը այդ կիսակուշտ աշխատավարձերի առթիվ սկսեց միանգամայն լրջորեն բարբաջել «a general and substantial advance»-ի [«աշխատավարձի ընդհանուր և էական բարձրացման»] մասին<ref>«Economist», January 21, 1860։</ref>։ Իսկ ի՞նչ արին ֆերմերները։ Արդյոք նրանք սկսեցին սպասել, մինչև որ այդ փայլուն վարձի հետևանքով գյուղական բանվորներն այնքան բազմանային, որ նրանց վարձը նորից ընկներ, ինչպես որ հարցը պատկերացնում է դոգմատիկ-տնտեսագիտական ուղեղը։ Նրանք ավելի շատ մեքենաներ մտցրին, և բանվորները շուտով նորից «ավելորդ» դարձան այնպիսի չափով, որը բավարարեց մինչև անգամ ֆերմերներին։ Հիմա հողագործության մեջ «ավելի շատ կապիտալ» ներդրվեց, քան առաջ, ու այն էլ ավելի արտադրողական ձևով։ Դրանով աշխատանքի պահանջարկն իջավ ո՛չ միայն հարաբերաբար, այլև բացարձակորեն։
Այդ տնտեսագիտական ֆիկցիան շփոթում է աշխատավարձի ընդհանուր շարժումը կամ բանվոր դասակարգի, այսինքն՝ հավաքական աշխատուժի և հասարակական հավաքական կապիտալի միջև եղած հարաբերությունը կարգավորող օրենքներն այն օրենքների հետ, որոնք կարգավորում են բանվոր բնակչության բաշխումը արտադրության առանձին ոլորտների միջև։ Եթե, օրինակ, բարենպաստ կոնյունկտուրայի հետևանքով կուտակումն առանձնապես աշխուժացած է արտադրության որոշ ոլորտում, շահույթը բարձր է միջին շահույթից, և այստեղ է նետվում ավելադիր կապիտալը, ապա, հասկանալի է, ավելանում է աշխատանքի պահանջարկը, ու բարձրանում է աշխատավարձը։ Բարձրացած աշխատավարձը ուժեղացնում է բանվոր բնակչության հոսանքը դեպի բարենպաստ վիճակում գտնվող այդ ոլորտը, մինչև որ սա հագենա աշխատուժով, այն ժամանակ աշխատավարձը, երկար ժամանակով կրկին իջնելով, հասնում է իր նախկին միջին մակարդակին կամ նույնիսկ նրանից ցած, եթե բանվորների հոսանքը չափազանց մեծ էր։ Այն ժամանակ ո՛չ միայն դադարում է բանվորների հոսանքը դեպի արտագրության տվյալ ճյուղը, այլև մինչև անգամ փոխարինվում է նրանց տեղատվությամբ։ Նման դեպքերում տնտեսագետը երևակայում է, որ աշխատավարձն ավելանալիս իրեն հաջողվում է նկատել, թե «որտեղ ու ինչպես» է բանվորների թվի բացարձակ ավելացում կատարվում, իսկ բանվորների թվի բացարձակ ավելացման հետ ինչպես է աշխատավարձի պակասում տեղի ունենում. բայց իրոք նա միայն արտադրության մի առանձին ճյուղի աշխատանքի շուկայի տեղական տատանումներն է նկատում, նա տեսնում է լոկ այն երևույթները, որոնք վերաբերում են բանվոր բնակչության բաշխմանը կապիտալի կիրառման տարբեր ոլորտների միջև՝ նայած կապիտալի փոփոխվող պահանջմունքներին։