== Գլուխ XI. Ինտուիտիվ իմացության մասին==
Տարածված կարծիք կա, որ այն ամենը, ինչին մենք հավատում ենք, պետք է լինի ապացուցելի կամ առնվազն պետք է հնարավոր լինի ցույց տալ, որ այն խիստ հավանական է: Շատերը գտնում են, որ այն համոզմունքը, որի համար ոչ մի հիմնավորում չի կարելի բերել, անհիմն համոզմունք է: Այս տեսակետը հիմնականում արդարացի է: Մեր գրեթե բոլոր համոզմունքները կամ բխեցված են, կամ կարող են բխեցվել այլ համոզմունքներից, որոնք նրանց համար կարող են համարվել հիմնավորումներ: Որպես կանոն, հիմնավորումները կամ մոռացված են, կամ նույնիսկ երբեք մեր գիտակցություններում գիտակցված չեն եղել: Մեզանից քչերն են հարցնում, օրինակ, թե ինչ հիմք կա ենթադրելու, որ այն սնունդը, որ մենք պատրաստվում ենք ուտել, թունավոր չէ: Այնուամենայնիվ, երբ մարտահրավեր է նետվում, մենք զգում ենք, որ դրա համար կարելի է գտնել անթերի մի հիմնավորում, թեև տվյալ պահին մենք պատրաստի պատասխան չունենք: Եվ մեր այս համոզմունքը սովորաբար արդարացի է:
Բայց եկեք պատկերացնենք մի հաստատակամ Սոկրատես, որը, ինչ հիմնավորում Էլ նրան տալու լինենք, շարունակում է հիմնավորման հիմնավորում պահանջել: Մենք վաղ թե ուշ, և հավանաբար ոչ այնքան ուշ, կմղվենք դեպի մի կետ, որտեղ չենք կարողանա գտնել որևէ հետագա հիմնավորում, և որտեղ գրեթե հավաստի է դառնում, որ նույնիսկ տեսականորեն անհնար է որևէ հետագա հիմնավորում հայտնաբերել: Առօրյա կյանքի սովորական համոզմունքներից սկսելով՝ մենք կարող ենք մի կետից մյուսը ետ մղվել, մինչև հասնենք ինչ-որ ընդհանուր սկզբունքի կամ մի ընդհանուր սկզբունքի ինչ-որ դրսևորման, որը լուսատուի պես ակնհայտ Է և ինքնին ենթակա չէ ավելի ակնհայտ որևէ բանից բխեցվելու: Առօրյա կյանքի շատ հարցերում, ինչպիսին է այն, թե մեր սնունդը կլինի սնուցող թե թունավոր, ետ կմղվենք դեպի ինդուկտիվ սկզբունքը, որը մենք քննարկեցինք գլուխ Vl-ում: Բայց դրանից այն կողմ, թվում է, հետագա նահանջ չկա: Սկզբունքն ինքը մշտապես՝ երբեմն գիտակցաբար, երբեմն անգիտակցաբար, օգտագործվում է մեր մտածողության մեջ, բայց չկա ավելի պարզ ակնառու սկզբունքից սկսվող մտածողության ակտ, որը, որպես իր եզրակացություն, մեզ հանգեցներ ինդուկցիայի սկզբունքին: Եվ նույնը ճշմարիտ է մյուս րամաբանական սկզբունքների համար: Նրանց ճշմարտացիությունն ակնհայտ է մեզ համար, և մենք նրանց գործածում ենք ապացույցներ կառուցելիս, բայց այս սկզբունքներն իրենք, կամ առնվազն նրանցից ոմանք, ապացուցելի չեն:
Այնուամենայնիվ, ակնառությունը միայն անապացուցելի ընդհանուր սկզբունքներին չի հատուկ: Երբ որոշ թվով տրամաբանական սկզբունքներ ընդունվում են, մնացածը կարող են նրանցից բխեցվել: Բայց բխեցված պնդումները հաճախ նույնքան ակնառու են, որքան նրանք, որոնք ընդունվել են առանց ապացուցման, դեռ ավելին, ողջ թվաբանությունը կարելի է բխեցնել տրամաբանական ընդհանուր սկզբունքներից, բայց և այնպես թվաբանության պարզ պնդումները, ինչպիսին է «երկուսին գումարած երկուսը հավասար է չորսի» պնդումը, նույնքան ակնառու են, որքան տրամաբանության սկզբունքները:
Կարող է թվալ նաև, որ կան ինչ-որ ակնառու բարոյական սկզբունքներ, ինչպիսին է «Մենք պետք է ձգտենք բարուն» սկզբունքը: Բարոյական ակնառու սկզբունքների գոյությունը վիճելի է:
Հարկ է նկատել, որ ընդհանուր սկզբունքների բոլոր դրսևորումներում ծանոթ բաների հետ առնչվող մասնավոր դեպքերն ավելի ակնառու են, քան ընդհանուր սկզբունքը: Օրինակ` հակասության օրենքը նշում է, որ ոչինչ չի կարող համ ունենալ, համ չունենալ մի որոշակի հատկություն: Հենց որ սա հասկանում ենք, այն ակնառու է դառնում, բայց սա այնքան ակնառու չէ, որքան այն, որ մի կոնկրետ վարդ, որը մենք տեսնում ենք, չի կարող լինել համ կարմիր, համ ոչ կարմիր (Իհարկե հնարավոր է, որ վարդի որոշ հատվածներ լինեն կարմիր, իսկ որոշ հատվածներ` ոչ կարմիր, կամ որ վարդն ունենա մի երանգ, որ չիմանանք` կարմիր անվանել, թե ոչ: Բայց առաջին դեպքում պարզ է, որ վարդը` որպես ամբողջություն, կարմիր չէ, իսկ երկրորդում` հենց որ մենք ընտրենք «կարմիրի» մի ճշգրիտ սահմանում, պատասխանը տեսականորեն միանշանակ կլինի): Սովորաբար մասնավոր դեպքերի միջոցով է, որ մենք կարողանում ենք տեսնել ընդհանուր սկզբունքը: Միայն նրանք կարող են առանց օրինակների օգնության հեշտորեն ըմբռնել սկզբունքը, ովքեր սովոր են վերացարկումների հետ գործ ունենալուն:
Ի հավելումն ընդհանուր սկզբունքների` ակնառու ճշմարտությունների մյուս տեսակն անմիջապես զգայություններից բխեցված ճշմարտություններ են: Այսպիսի ճշմարտությունները մենք կանվանենք «ընկալման ճշմարտություններ», իսկ նրանց արտահայտող դատողությունները կանվանենք «ընկալման դատողություններ»: Բայց այստեղ որոշակի զգուշություն է պահանջվում ակնառու ճշմարտությունների ճշգրիտ բնույթին հասու լինելու համար: Իրական զգայական տվյալները ոչ ճշմարիտ են, ոչ սխալ: Օրինակ՝ գույնի կոնկրետ բիծը, որը ես տեսնում եմ, պարզապես գոյություն ունի. այն այնպիսի բաների թվում չէ, որոնք ճշմարիտ են կամ սխալ: Ճշմարիտ է, որ կա նման բիծ, ճշմարիտ է, որ այն ունի որոշակի ձև և պայծառության աստիճան, ճշմարիտ է, որ այն շրջապատված է որոշակի այլ գույներով: Սակայն բիծն ինքը, ինչպես զգայական աշխարհում ամեն մի այլ բան, բնույթով արմատապես տարբեր է այն բաներից, որոնք ճշմարիտ են կամ սխալ և, հետնաբար, ճիշտ չէ ասել, թե այն ''ճշմարիտ'' է: Այսպիսով մեր զգայություններից ինչ ակնառու ճշմարտություններ էլ ձեռք բերվեն, նրանք պետք է տարբեր լինեն այն զգայական տվյալներից, որոնցից ձեռք են բերվում: Կարոդ է թվալ, թե ընկալման ակնառու ճշմարտությունների երկու տեսակ կա, թեև խոր վերլուծության մեջ երկու տեսակները միգուցե սերտաճեն: Նախ, գոյություն ունի մի տեսակ, որն առանց որևէ կերպ վերլուծելու զգայական տվյալը, պարզապես հաստատում է նրա գոյությունը: Մենք տեսնում ենք մի կարմիր բիծ և դատում ենք. «Կա այս-այս տեսակ կարմիր բիծ» կամ, ավելի խիստ ասած. «Կա այս բանը»: Սա ինտուիտիվ դատողության մի տեսակ է: Մյուս տեսակը երևան է գալիս, երբ զգայական օբյեկտը բաղադրյալ է, և մենք այն ինչ-որ աստիճանի վերլուծության ենք ենթարկում: Օրինակ, եթե մենք տեսնում ենք կլոր կարմիր լաթ, մենք կարող ենք դատել. «Այդ կարմիր լաթը կլոր է»: Սա նույնպես ընկալման դատողություն է, բայց այն տարբերվում է մեր նախորդ տեսակից: Մեր ներկայիս տեսակում մենք ունենք մեկ զգայական տվյալ, որն ունի համ գույն, համ ձև. գույնը կարմիր է, իսկ ձևը` կլոր: Մեր դատողությունը տվյալը վերլուծում է գույնի և ձևի, իսկ հետո վերամիավորում է նրանց` նշելով, որ կարմիր գույնը կլոր ձև ունի: Այս տեսակի դատողության մեկ այլ օրինակ է «սա դրա աջ կողմում է»-ն, որտեղ «սա»—ն և «դա»-ն միաժամանակ են տեսնվում: Այս տեսակ դատողության մեջ զգայական տվյալը պարունակում է բաղադրիչներ, որոնք միմյանց հետ ինչ-որ հարաբերություններ ունեն, իսկ դատողությունը հաստատում է, որ այս բաղադրիչներն ունեն այս հարաբերությունը:
Ինտուիտիվ դատողությունների մեկ այլ դաս են ''հիշողության'' դատողությունները, որոնք նման են զգայական ինտուիտիվ դատողություններին և այդուհանդերձ նրանցից խիստ տարբեր են: Հիշողության բնույթի վերաբերյալ շփոթության վտանգ կա այն փաստի պատճառով, որ օբյեկտի մասին հիշողությունը սովորաբար ուղեկցվում է օբյեկտի պատկերով, բայց պատկերը չի կարող լինել այն, ինչ կազմում է հիշողությունը: Սա պարզ երևում է լոկ այն դիտարկումից, որ պատկերը ներկայում է, մինչդեռ հայտնի է այն, որ ինչ հիշվում է, անցյալում է: Ավելին, մենք հաստատ կարող ենք ինչ-որ չափով մեր պատկերը համեմատել հիշված օբյեկտի հետ, այնպես որ, մենք հաճախ փոքր-ինչ լայն սահմաններում գիտենք, թե որքանով է մեր պատկերը ճշգրիտ: Բայց սա անհնար կլիներ, եթե օբյեկտը, ի հակադրություն պատկերի, ինչ-որ ձևով գիտակցության առաջ չլիներ: Այսպիսով` հիշողության էությունը պատկերը չէ, այլ անմիջապես գիտակցության մի օբյեկտ բերելն է, որը յուրացվում է որպես անցյալ: Առանց այս իմաստով հիշողության փաստի գոյությանը, մենք չէինք իմանա, որ առհասարակ երբևէ անցյալ է եղել, մենք «անցյալ» բառը չէինք կարող հասկանալ ավելի լավ, քան կույր ծնված մարդը կարող է հասկանալ «լույս» բառը: Այսպիսով պետք է լինեն հիշողության ինտուիտիվ դատողություններ, և բացառապես նրանցից է կախված անցյալի մեր ողջ իմացությունը:
Այնուամենայնիվ, հիշողության հարցը մի դժվարություն է առաջ բերում, քանզի, ընդունված կարծիքի համաձայն, այն սխալական է: Այն այսպիսով կասկած է գցում բոլոր ինտուիտիվ դատողությունների արժանահավատության վրա: Սա թեթե դժվարություն չէ: Բայց նախ եկեք որքան հնարավոր է նեղացնենք նրա սահմանները: Ընդհանուր առմամբ հիշողությունն արժանահավատ է փորձի վառությանը և ժամանակի մեջ մոտիկությանը համեմատական ձսով: Եթե հարևան տունը կայծակնահար լիներ կես րոպե առաջ, իմ տեսածի և լսածի հիշողությունն այնքան հուսալի կլիներ, որ անհեթեթություն կլիներ կասկածել, թե արդյոք որեէ լուսարձակում է եղել: Եվ նույնը վերաբերում է պակաս վառ փորձառություններին, քանի դեռ նրանք նոր են: Ես բացարձակապես վստահ եմ, որ կես րոպե առաջ ես նստած էի նույն այն աթոռին, որին նստած եմ հիմա: Օրվա ընթացքով ետ գնալով` ես գտնում եմ բաներ, որոնցում լրիվ համոզված եմ, ուրիշ բաներ, որոնցում ես գրեթե համոզված եմ, որոշ բաներ, որոնցում կարող եմ համոզվել մտածելով և ուղեկցող հանգամանքներ զորակոչելով, և որոշ բաներ, որոնցում ես ոչ մի չափով համոզված չեմ: Ես լրիվ համոզված եմ, որ այս առավոտ ես կերել եմ իմ նախաճաշը, բայց եթե ես իմ նախաճաշի հանդեպ լինեի այնքան անտարբեր, որքան փիլիսոփան պետք է լիներ, ես պետք է կասկածեի: Ինչ վերաբերում է նախաճաշի ժամանակվա զրույցին, ես նրա մի մասը կարող եմ մտաբերել հեշտությամբ, մի մասը` դժվարությամբ, մի մասը` մեծ կասկածով, իսկ մի մասն ընդհանրապես չեմ կարող մտաբերել: Այսպիսով` կան իմ հիշածի ակնառության անխզում աստիճանա-կարգում և դրան համապատասխան իմ հիշողության արժանահավատության աստիճանակարգում: Այսպիսով` որպես սխալական հիշողության առաջ բերած դժվարության առաջին պատասխան պետք է ասել, որ հիշողությունն ունի ակնառության աստիճաններ, և որ սրանք համապատասխանում են նրա արժանահավատության աստիճաններին, որոնք նոր և վառ իրադարձությունների` մեր հիշողության մեջ հասնում են կատարյալ ակնառության և կատարյալ արժանահավատության սահմանին:
Այնուամենայնիվ, թվում է, որ կան ամբողջովին սխալ մի հիշողության հանդեպ շատ ամուր հավատքի դեպքեր: Հավանական է, որ այս դեպքերում այն, ինչ իսկապես հիշվում է անմիջապես մտքի առջև լինելու իմաստով, ինչ-որ այլ բան է, քան այն, ինչ սխալմամբ հավատում են, թե հիշվում է: Այս այլ բանն ընդհանրապես զուգորդվում է նրա հետ, ինչ մեզ թվում է հիշել ենք: Ասում են, թե Ջորջ IV-ն ի վերջո հավատացել է, որ ինքը եղել է Ուաթերլոուի ճակատամարտում, որովհետև նա շատ հաճախ ասում էր, որ նա եղել է: Այս օրինակում այն, ինչ անմիջականորեն հիշվել է, նրա կրկնվող պնդումն է եղել: Իր պնդման նկատմամբ հավատը (եթե այն գոյություն է ունեցել) կառաջանար հիշված պնդման զուգորդմամբ և, հետևաբար, չէր լինի հիշողության իսկական օրինակ: Թվում է, որ սխալական հիշողության բոլոր դեպքերի հետ հավանաբար կարելի է վարվել այս կերպ, այսինքն` կարելի է ցույց տալ, որ խիստ իմաստով նրանք առհասարակ հիշողության օրինակներ չեն:
Ակնառության վերաբերյալ մի կարևոր կետ պարզաբանվել է հիշողության կապակցությամբ: Դա հետևյալն է. ակնառությունն ունի աստիճաններ. այն մի որակ չէ, որը պարզապես առկա է կամ բացակայում է, այլ մի որակ է, որը կարող է առկա լինել շատ կամ քիչ` բացարձակ հավաստիությունից մինչև գրեթե անընկալելի թուլության իջնող աստիճաններով: Ընկալման ճշմարտությունն ու որոշ տրամաբանական սկզբունքներ ունեն ակնառության բարձրագույն աստիճանը, անմիջական հիշողության ճշմարտությունները գրեթե հավասար բարձրության ակնառություն ունեն: Ինդուկցիայի սկզբունքը պակաս ակնառու է, քան տրամաբանության որոշ այլ սկզբունքներ, ինչպիսին է «այն, ինչ հետևում է ճշմարիտ նախադրյալից, ճշմարիտ է» սկզբունքը: Հուշերի հեռանալու և թուլանալու հետ մեկտեղ նրանց ակնառությունը նվազում է: Տրամաբանության և մաթեմատիկայի ճշմարտությունների բարդացման հետ մեկտեղ (ընդհանուր առմամբ) նրանց ակնառությունը պակասում է: Բուն բարոյագիտական և գեղագիտական արժեք ունեցող դատողությունները կարող են ունենալ որոշ, բայց ոչ շատ ակնառություն:
Ակնառության աստիճանները կարևոր են իմացության տեսության համար, քանզի եթե պնդումները կարող են (որը հավանական է թվում) առանց ճշմարիտ լինելու ունենալ ակնառության ինչ-որ աստիճան, ակնառության և ճշմարտության միջև բոլոր կապերից հրաժարվելն անհրաժեշտ չի լինի, այլ անհրաժեշտ կլինի միայն ասել, որ որտեղ հակասություն կա, հարկ է պահել ավելի ակնառու պնդումը և մերժել պակաս ակնառուն:
Այնուամենայնիվ, շատ հավանական է թվում, որ ինչպես վերը բացատրվեց, «ակնառության» մեջ միակցված են երկու տարբեր գաղափարներ, որ նրանցից մեկը, որը համապատասխանում է ակնառության բարձրագույն աստիճանին, իսկապես ճշմարտության անսխալական երաշխիք է, մինչդեռ մյուսը, որը համապատասխանում է բոլոր մյուս աստիճաններին, չի տալիս անսխալական երաշխիք, այլ տալիս է միայն մեծ կամ փոքր հավանականություն: Այնուամենայնիվ, սա միայն ակնարկ է, որը մենք դեռևս չենք կարող զարգացնել: Ճշմարտության բնույթի հարցն ավարտելուց հետո մենք գիտելիքի և մոլորության տարբերակման առնչությամբ կվերադառնանք ակնառության հարցին:
== Գլուխ XII. Ճշմարտություն և մոլորություն==
== Գլուխ XIII. Գիտելիք, մոլորություն և հավանական կարծիք==